Ա Լ Ե Լ ՈՒ Յ Ա
Ինչպե՞ս երգեմ, երկի՛ր,
Հազարամյա փառքդ,
Ի՞նչ գույներով ներկեմ
Արշալույսդ թավշյա,
Որ պոետիս հոգին
Չմեղանչի
Ու չկանչի իզուր՝
Ալելույա…
Ինչպե՞ս ներեմ, երկի՛ր,
Քեզ բռան մեջ առած
Արքաներիդ երթը
Դեպի կառափնարան,
Որ նվաստիս հոգին
Ցավից պրկված
Չաղաղակի անզոր՝
Ալելույա…
Ինչպե՞ս դիմեմ, երկի՛ր,
Ի՞նչ աղոթքով
Աստվածներիդ՝
Լքված ու կորուսյալ,
Որ արթնանան նիրհից
Մի նոր ոգով,
Ու ես գոռամ անսանձ՝
Ալելույա…
Ինչպե՞ս փրկեմ, երկի՛ր,
Քեզ դավադիր ձեռքից,
Որ հավատաս կրկին
Բացվող օրվան,
Կյանքս զեղչով տամ քեզ,
Մանրադրամը՝ ինձ,
Որ գեթ վերջին պահիս
Գոչեմ՝
Ա լ ե լ ու յ ա…