Հերբերթ Ջորջ Ուելս

ԽՆՁՈՐԸ

     - Պետք է ազատվեմ դրանից, - ասաց վագոնի անկյունում նստած մարդը՝ հանկարծ խզելով լռությունը:
     Հինչքլիֆն աչքերը բարձրացրեց: Նա գրեթե չէր լսում: Ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր իր ճամպրուկի բռնակներից կախված քոլեջյան գլխարկին: Այն նշան էր նոր ձեռք բերված ուսուցչի պաշտոնի: Նա ամբողջովին տարված էր գլխարկը դիտելով, հաճելի ակնկալություններով ու մի տեսակ երախտիքի զգացումով, որ վերջինս ծնել էր նրա մեջ: Հինչքլիֆը հենց նոր էր ընդունվել Լոնդոնի համալսարան և պատրաստվում էր Հոլմհուդի միջնակարգ դպրոցում ուսուցչի կրտսեր օգնական դառնալ, որն, անկասկած, շատ նախանձելի պաշտոն էր: Նա հայացքը սևեռեց իր ուղեկցին:
     - Ինչո՞ւ այն չտալ որևէ մեկին, - ասաց վերջինս: - Տալ որևէ - մեկին: Իսկ ինչո՞ւ ոչ:
     Մարդը բարձրահասակ էր, թուխ, արևախանձ ու գունատ: Նա ձեռքերը պինդ խաչել էր կրծքին, ոտքերը դրել դիմացի նստարանին ու խաղում էր իր ուղիղ, սև բեղերի հետ: Մարդը հանկարծ հայացքը սևեռեց իր ոտքերին:
     - Իսկ ինչո՞ւ ոչ:
     Հինչքլիֆը հազաց:
     Անծանոթը բարձրացրեց աչքերը, նա շատ տարօրինակ մուգ մոխրագույն աչքեր ուներ և գրեթե մի ամբողջ րոպե անտարբերությամբ նայեց Հինչքլիֆին: Հետո նրա աչքերն արտահայտություն ստացան:
     - Այո, - ասաց նա դանդաղորեն, - իսկ ինչո՞ւ ոչ, տալ ու հաշիվները փակել:
     - Չեմ հասկանում ձեզ, ինչո՞ւմն է բանը, - հարցրեց Հինչքլիֆը կրկին հազալով:
     - Չե՞ք հասկանում, - ասաց անծանոթը մեքենայաբար իր տարօրինակ աչքերը Հինչքլիֆից սահեցնելով պայուսակից ցուցադրաբար կախված գլխարկին և հետո` կրկին Հինչքլիֆի աղվամազով ծածկված դեմքին:
     - Դուք այնքան անսպասելի սկսեցիք, - արդարացավ Հինչքլիֆը։ Իսկ ինչո՞ւ չպետք է սկսեի որ, - պատասխանեց անծանոթը մտքերի մեջ ընկած:
     - Ուսանո՞ղ եք, - դիմեց նա Հինչքլիֆին:
     - Այո, հեռակայում եմ Լոնդոնի Համալսարանում, - պատասխանեց վերջինս անզուսպ հպարտությամբ, ջղային քաշելով փողկապը:
     - Գիտությամբ եք տարված, - ասաց անծանոթն ու հանկարծ ոտքերն իջեցրեց նստարանից, բռունցքը դրեց ծնկին և հայացքն այնպես սևեռեց Հինչքլիֆին, որ կարծես թե մինչ այդ ուսանող չէր տեսել։
     - Այո, - ասաց նա՝ տնկելով ցուցամատը։ Հետո վեր կացավ, վերևից իջեցրեց մի պայուսակ ու լռությամբ այնտեղից դուրս հանեց արծաթյա թղթի մեջ փաթաթված ինչ-որ կլոր բան, զգուշությամբ բացեց այն և պարզեց Հինչքլիֆին մի փոքրիկ, շատ ողորկ, ոսկեդեղնավուն պտուղ։ Հինչքլիֆի բերանը բաց մնաց զարմանքից: Անծանոթը չառաջարկեց վերցնել այն, եթե անգամ ինքը ցանկանար:
     - Սա, - ասաց տարօրինակ մարդը, - իմացության ծառի խնձորն է: Ապա նայեցեք սրան. փոքրիկ, փայլուն ու հրաշալի: Իմացություն: Ուզում եմ այն ձեզ նվիրել:
     Հինչքլիֆը մի պահ տենդագին մտածեց, որին հաջորդեց բացատրությունը. «խենթ է», - կայծակի նման անցավ նրա մտքով, և ամեն ինչ հասկանալի դարձավ: «Հումորով խենթ»: Հինչքլիֆը գլուխը մի փոքր թեքեց:
     - Իմացության ծառի խնձորը, ահա թե ինչ։ - ասաց նա՝ զննելով այն կեղծ հետաքրքրությամբ։ Հետո նայեց զրուցակցին:
     - Բայց ինչո՞ւ ինքներդ չեք ուտում այն: Համ էլ ինչպե՞ս է ձեր ձեռքն ընկել։
     - Ոչ մի կերպ գույնը չի գցում։ Արդեն երեք ամիս է, ինչ մոտս է, բայց միշտ փայլուն է, ողորկ, հասած ու ցանկալի, ինչպես տեսնում եք:
     Անծանոթը ձեռքը դրեց ծնկին ու սկսեց զննել պտուղը՝ ընկնելով մտքերի մեջ: Հետո թղթով փաթաթեց, կարծես հրաժարվելով ուրիշին տալու մտադրությունից:
     - Բայց ինչպե՞ս է այն ձեր ձեռքն ընկել, - Հինչքլիֆը սիրում էր վիճել, - հետո որտեղի՞ց գիտեք, որ այն իմացության ծառի պտուղն է:
     - Ես գնել եմ այն մի հայից, երեք ամիս առաջ, մի բաժակ ջրով ու մի կտոր հացով: Հայաստան: Այդ հրաշք երկիրը միակն է, որտեղ մինչև օրս պահպանվում է Նոյյան տապանը՝ Արարատ լեռան սառցադաշտերի մեջ թաղված:
     Հայը, հետապնդվելով քրդերից, մյուս գաղթականների հետ բարձրացավ լեռները, հասավ մարդկանց մինչ այդ անհայտ վայրեր: Փախչելով մոտալուտ հետապնդումից, նրանք հասան լեռնագագաթների մեջ ընկած մի զառիթափի՝ ամբողջովին ծածկված կանաչ խոտով: Խոտը նման էր դանակի շեղբի և ներս մտնողին անգթորեն կտրատում էր: Քրդերը մոտենում էին, նրանք ստիպված էին նետվել խոտի մեջ, սակայն ամենասարսափելին այն էր, որ գաղթականները այդ գնով ճամփա էին հարթում քրդերի համար: Բոլորը սպանվեցին, կենդանի մնացին միայն երկուսը: Հայը լսում էր իր ընկերների աղաղակները, մյուս կողմից գալիս էր խոտի խշշոցի ձայնը. խոտը մարդաբոյից բարձր էր: Հետո լսվեցին բղավոց ու պատասխան գոռոցներ և, երբ նա կանգ առավ, շուրջն ամեն ինչ լռեց: Նա նորից սկսեց ճանապարհ բացել իր համար՝ առանց ըմբռնելու եղածը, կտրտված ու արյունաքամ: Շուտով դուրս եկավ ժայռերով շրջապատված մի գահավիժող զառիթափ: Հետո տեսավ, որ ամբողջ խոտը կրակի մեջ է, որից ելնող ծուխը վարագույրի պես կանգնել է իր և թշնամիների միջև:
     Անծանոթը կանգ առավ:
     - Հետո՞, ասաց Հինչքլիֆը, - իսկ հետո՞:
     - Կանգնած էր նա խոտերի շեղբերից պատառոտված ու արյունաքամ, իսկ ժայռերը փայլում էին կեսօրվա արևի տակ, երկնքի հալեցրած արույրը և կրակից ելնող ծուխը գալիս էին դեպի նա։ Հայը չհամարձակվեց մնալ այնտեղ: Մահից չէ, որ վախենում էր, այլ՝ տանջանքներից: Կրակից շատ հեռու ճիչ ու աղաղակ լսեց, լսեց թե ինչպես էին կանայք ճչում: Դժվարությամբ մագլցեց ժայռերից մեկի գագաթը, ամենուր մացառուտներ էին չորացած ճյուղերով, որոնք փշերի նման ցցվել էին տերևների միջից: Հետո մագլցեց մի ուրիշ բլուր: Այստեղ նա գտավ իր ուղեկցին, որը հովիվ էր, փախստական: Արհամարհելով ցուրտը, քաղցը, ծարավը նրանք ձյան սառույցի միջով շարունակեցին իրենց ճանապարհը դեպի բարձունքները: Երեք օր շարունակ թափառեցին: Եվ ահա երրորդ օրը հայտնվեց տեսիլքը: Հիրավի, քաղցած մարդկանց հաճախ են տեսիլքներ երևում: Եվ դրանից հետո հայտնվեց այս պտուղը:
     Անծանոթը բարձրացրեց թղթով փաթաթված պտուղը: Ես ուրիշ լեռնաբնակներից էլ եմ լսել այդ լեգենդի մասին, - ասաց նա ու շարունակեց։ - Արդեն երեկո էր: Երկինքը աստղաշատ էր դառնում: Նրանք լերկ զառիկողի վրայով իջան մի մութ դաշտավայր: Վերջինս ամբողջովին ծածկված էր տարօրինակ, ծուռտիկ ծառերով: Դրանցից կախված էին լուսատիտիկների նման փոքրիկ գնդեր, արտասովոր կլորավուն դեղին լույսեր: Հանկարծ դաշտավայրը լուսավորվեց հեռու հեռվում փայլուն ոսկեգույն բոցով, որն առաջ էր շարժվում: Գաճաճ ծառերը կորել էին մթության մեջ, իսկ շրջակայքի զառիթափերը դարձել էին բոսորագույն: Երբ տեսիլքը հայտնվեց, նրանք, որ քաջատեղյակ էին լեռնային լեգենդներին, անմիջապես գլխի ընկան, որ իրենց տեսածը դրախտն է: Երկուսն էլ անշնչացած փռվեցին գետնին: Երբ նորից սիրտ արեցին նայել, դաշտավայրը միառժամանակ մթության մեջ էր, հետո կամաց-կամաց լուսավորվեց ու դարձավ դեղնադարչնագույն: Այդ տեսնելով հովիվը ոտքի կանգնեց ճչալով վազեց դեպի լույսը, մյուսը վախեցավ հետևել նրան: Նա կանգնել էր զարմանքից քար կտրած, ահաբեկված ու դիտում էր դեպի կրակը վազող իր ուղեկցին: Հազիվ էր հովիվը տեղից շարժվել, երբ լսվեց պայթյունի ձայն ու դեպի դաշտավայրը շտապող աներևույթ թևերի թափահարում: Սոսկալի ահն ու սարսափը տարածվեց օդում: Տեսնելով այս ամենը, իմ հերոսը շրջվեց՝ հույս ունենալով փախչել: Նա նորից վազեց զառիթափն ի վեր: Լսելով ետևից եկող թևերի թափահարումը, սայթաքեց, ընկավ գաճաճ թփերից մեկի մոտ: Այստեղ մի հասած պտուղ ընկավ նրա ձեռքը: Հենց այս խնձորը: Ձայներն անմիջապես շրջապատեցին նրան: Նա ընկավ ուշակորույս: Երբ ուշքի եկավ, պառկած էր իր ավերված գյուղում:
     Մենք այցելեցինք վիրավորվածին: Տեսի՞լք: Բայց պտուղը դեռ նրա ձեռքին էր: Կային մարդիկ, որոնք լսել էին այդ լեգենդը, գիտեին թե ինչ պտուղ է:
     Նա կանգ առավ:
     - Ահա հենց այս պտուղն է, - ասաց նա: Դա ամենևին էլ Սասեքս մեկնող գնացքի երրորդ կարգի վագոնում պատմելու բան չէր: Այստեղ իրականը կարծես սոսկ վարագույր էր անիրականի համար, և ահա անիրականը երևան էր գալիս:
     - Այդ պտո՞ւղն է, - հազիվ արտաբերեց Հինչքլիֆը:
     - Լեգենդը պատմում է, - ասաց անծանոթը, - որ պարտեզի շրջակայքում եղած գաճաճ ծառերի մացառուտներն աճել են Ադամի ձեռքի խնձորից: Տեսնելով կծած խնձորը, Ադամը հասկացել էր իր արածի ամբողջ լրջությունը և բարկացած մի կողմ նետել այն: Ահա հենց այդ տեղում էլ աճել են դրանք, այդ ամայի դաշտավայրում՝ շրջապատված հավերժական ձյունով: Իսկ հրեղեն սրերը Ահեղ Դատաստանի պահապաններն են:
     - Բայց ես կարծում էի, թե այդ ամենը հեքիաթ է եղել, ավելի ճիշտ՝ զրույց: Ուզում եք ասել, որ Հայաստանում ...
     Անծանոթն անավարտ հարցին պատասխանելու փոխարեն կրկին պարզեց խնձորը:
     - Բայց դուք հաստատ չեք կարող ասել, թե դա իմացության ծառի պտուղն է: Հնարավոր է, որ այդ մարդը երևակայական տեսիլք է տեսել, ենթադրենք...
     - Հապա, նայեցեք սրան, - ասաց անծանոթը: Այն մի տարօրինակ գունդ էր, ոչ թե իսկական խնձոր: Հինչքլիֆի աչքին զարնեց անսովոր կերպով փայլփլող ոսկեգույնը: Փայլն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե լույսը գնդի մեջ է մտել: Երբ նա նայեց խնձորին, ավելի հստակ պատկերացրեց լեռների մեջ գտնվող ամայի դաշտավայրը, պահապան հրեղեն սրերը, հասկացավ ամբողջ զրույցի իմաստը, այդ պատմության այն տարօրինակ կողմերը, որոնք հնուց են գալիս: Նա ձեռքով տրորեց աչքերը:
     - Բայց, - ասաց նա...
     - Երեք ամիս է, նույնիսկ մի փոքր ավելի, ինչ այս պտուղն ինձ մոտ է, բայց այն դարձյալ ողորկ է ու լիքը: Ոչ չորանում է, ոչ թառամում, ոչ էլ փչանում:
     - Եվ դուք ինքներդ հավատում եք, որ այն իսկապես...
     - Արգելված պտուղն է, - շարունակեց անծանոթը:
     Ոչ մի կերպ հնարավոր չէր կասկածել նրա անկեղծությանն ու ողջախոհությանը:
     - Իմացության պտուղը, - շարունակեց նա:
     - Ենթադրենք, թե դա իրոք իմացության պտուղն է, - ասաց Հինչքլիֆը մի փոքր լռելուց հետո. նա շարունակում էր նայել խնձորին: - Բայց վերջիվերջո սա այն իմացությունը չէ, որին ես եմ ձգտում: Ուզում եմ ասել, որ Ադամն ու Եվան արդեն այն կերել են:
     - Մենք ժառանգել ենք նրանց մեղքերը, ոչ թե իմաստնությունը, - ասաց անծանոթը։ - Այս խնձորը կրկին ամեն ինչ հստակ պարզ կդարձնի: Մենք պետք է փորձենք հասկանալ ամեն ինչի էությունը, պետք է փորձենք ըմբռնել ամեն ինչի ամենախոր իմաստը:
     - Այդ դեպքում ինչո՞ւ ինքներդ չեք ուտում այն, - ասաց Հինչքլիֆը ոգևորված:
     - Ես վերցրի այն ուտելու համար: Բայց ես իմ կյանքն արդեն ապրել եմ, պարզապես, այն ուտելը հազիվ թե...
     - Իմաստնությունն ուժ է, - ասաց Հինչքլիֆը:
     - Բայց մի՞թե այն երջանկություն է, ես ձեզնից մեծ եմ, ձեր երկու տարիքն ունեմ, գուցե մի բան էլ ավելի: Քանի անգամ ձեռքս առա այն, բայց ամեն ինչ իմանալու մտքից քաջությունս կորցրեցի: Այդ սարսափելի պարզությունը... Եվ հանկարծ ամբողջ աշխարհը դառնում է անգթորեն պարզ ու հասկանալի:
     - Կարծում եմ, որ այդ ընդհանուր առմամբ մեծ առավելություն կլիներ:
     - Ենթադրենք, դուք իմացաք, թե ի՞նչ են զգում ու մտածում ուրիշները ձեր մասին, թափանցեցիք այն մարդկանց սրտի խորքերը, որոնց դուք սիրում եք, գնահատում նրանց սերը:
     - Այդ դեպքում անմիջապես կճանաչեք ստախոս ու անազնիվ մարդկանց, - ասաց Հինչքլիֆը՝ խորապես ցնցված այդ մտքից:
     - Իսկ ինքդ քեզ ճանաչելն ավելի վատ է, ինքդ քեզ՝ առանց ամենաներքին պատրանքների: Ինքդ քեզ ուրիշի աչքով ընկալելը: Այն բոլոր ցանկություններն ու տենչանքները, որոնք առաջնորդում են քո արարքներին: Այս ամենն, ըստ իս, այնքան էլ լավ հեռանկար չէ:
     - Ինքդ քեզ ճանաչելը հիանալի բան է:
     - Դուք երիտասարդ եք, - ասաց անծանոթը:
     - Եթե չեք ուզում խնձորն ուտել, և այն ձեզ անհանգստություն է պատճառում, ինչո՞ւ մի կողմ չեք նետում:
     - Տեսնո՞ւմ եք, դարձյալ ինձ չհասկացաք: Ինչպե՞ս կարելի է նման սքանչելիքը դեն նետել: Ձեռք բերելուց հետո դժվար է դրանից բաժանվելը: Մյուս կողմից, անհրաժեշտ է այն նվիրել այնպիսի մեկին, որը գիտության ծարավի է և չի սարսափում պայծառատես լինելուց:
     - Իսկ գուցե այդ պտուղը թունավոր է, - ասաց Հինչքլիֆը:
     Հետո վագոնի պատուհանից դուրս նայելիս նրա հայացքն ընկավ մի անշարժ բանի. ճերմակ տախտակի վրա սև տառերով գրված էր «...Մ Հ ՈՒ Դ»: Նա նյարդայնացած վեր թռավ տեղից:
     - Օ, արդեն հասանք Հոլմհուդ:
     Եվ ներկան ջնջեց բոլոր այն խորհրդավոր մտքերը, որոնք պաշարել էին նրան: Հաջորդ րոպեին Հինչքլիֆն արդեն ճամպրուկը ձեռքին բացում էր վագոնի դուռը: Հսկիչը թափահարում էր կանաչ դրոշակը:
     - Խնդրեմ, լսեց նա իր ետևում ու տեսավ անծանոթ մուգ, փայլուն աչքերն ու վագոնի բաց դռնից իրեն պարզված ոսկյա պտուղը։
     - Ոչ, ոչ, - բղավեց անծանոթն ու ձեռքը պարզեց կրկին այն ետ վերցնելու համար:
     - Մի կողմ քաշվեք, - գոռաց գյուղական ուղեկցորդն ու առաջ նետվեց դուռը փակելու:
     Անծանոթն ինչ-որ բան գոռաց, գլուխն ու թևերը դուրս հանեց պատուհանից:
     Բայց հետո կամուրջը Հինչքլիֆի տեսադաշտը փակեց:
     Նա կանգնել էր ապշած, հրաշք պտուղը ձեռքի մեջ ու նայում էր, թե ինչպես էր վերջին վագոնը ծածկվում ոլորանի ետևում: Մի ակնթարթ կանգնել էր շփոթված, հետո զգաց, որ կառամատույցին կանգնածներից ոմանք հետաքրքրությամբ իրեն են նայում. արդյոք իրենց դպրոցի նոր ուսուցի՞չը չէ: Իր առաջին ելույթն է, ինչ է: Նրանք հիմա իր ձեռքինը նարինջ կկարծեն: Նա կարմրեց այդ մտքից և խնձորը գրպանը դրեց: Հիմա էլ գրպանն ուռավ: Ուրիշ ելք չկար, ու նա շարժվեց նրանց կողմը՝ անհաջող փորձ անելով թաքցնել իր անճարակությունը: Նրան պետք էր իմանալ դպրոց տանող ճամփան և մեկ էլ՝ թե ինչպես կարելի է տանել իր ճամպրուկներն սնդուկները, ու որոնք տախտակամածի վրա էին: Ինչ հեքիաթներ ասես, որ նրան չպատմեցին. ուղեբեռը կարելի է տանել բեռնակառքով, արժեքը՝ վեց պենս, ինքը կարող է ետևից ոտքով գնալ: Նրանց ձայների մեջ կար ծես թե հեգնանք կար: Եվ նա դառնորեն հասկացավ գործի էությունը: Գնացքում հանդիպած անծանոթի տարօրինակ անկեղծությունն պատմածի արտաքին փայլը միաժամանակ շեղեցին Հինչքլիֆի մտքերի հոսքը: Նրա առաջիկա ծրագրերը մի տեսակ աղոտ տեսք ստացան: Ինչ կրքեր ասես, որ չբորբոքվեցին ու մարեցին: Սակայն մտահոգությունը նոր պաշտոնի համար և այն տպավորությունը, որ նա պետք է թողներ Հոլմհուդի և իր աշխատակիցների վրա, ավելի քան խառնեցին նրա մտքերը:
     Խնձորը տհաճորեն ուռեցրել էր նրա սև պիջակի գրպանը, որի կարերն անգամ չէին երևում: Նա անցավ սևազգեստ մի տարեց կնոջ կողքով ու զգաց, որ վերջինս նայում է իր ուռած գրպանին: Հինչքլիֆը միայն մի ձեռնոց էր դրել, իսկ երկրորդը ձեռնափայտի հետ պահել էր մյուս ձեռքում, այնպես որ խնձորը ձեռքին բռնելը բացառվում էր: Մի տեղ, երբ ճանապարհը բավականին մեկուսացած էր քաղաքից, նա հանեց խնձորն ու փորձեց տեղավորել գլխարկի մեջ: Խնձորը շատ մեծ էր, և գլխարկը ծիծաղելիորեն տարուբերվում էր: Եվ երբ նա փորձեց այն դուրս հանել գլխարկից, հանկարծ անկյունում հայտնվեց մսագործի աշակերտը:
     - Գրողը տանի, - ասաց Հինչքլիֆը:
     Նա ցանկանում էր ուտել խնձորն ու անմիջապես իմաստնանալ, բայց փողոցում այդ անելն անխոհեմություն կլիներ: Եթե աշակերտներից որևէ մեկը տեսնի իրեն այդ պահին, անկասկած խիստ նկատողություն կստանա նման վարքի համար: Խնձորը շատ հյութալի էր երևում: Նրա հյութը կարող էր թափվել դեմքի, շապիկի, թևքերի վրա: Կամ էլ, թերևս կիտրոնահյութի պես թթու էր, որից հագուստները կարող էին գունաթափվել: Հանկարծ արահետի ոլորանին հայտնվեցին արևով ողողված երկու աղջկական կերպարանք: Նրանք զրուցելով դանդաղ քայլում էին դեպի քաղաք և ամեն վայրկյան կարող էին իրենց շուրջը նայել ու տեսնել մի կարմրատակած երիտասարդի, որի ձեռքին ֆոսֆորափայլ, դեղնավուն լոլիկ կար:
     - Գնա գրողի ծոցը, - ասաց նա ու մի թեթև շարժումով քարե պատի վրայով խնձորը շպրտեց ճանապարհին կից մի պարտեզ: Երբ արդեն այն չկար, Հինչքլիֆը մի պահ միայն կորստի թեթև ցավ զգաց: Նա ձեռքին հարմարեցրեց ձեռնափայտն ու ձեռնոցը և, դեռ չհասած աղջիկներին, շարունակեց քայլել ուղիղ, ամոթխած ու այլայլված:
     Սակայն գիշերը Հինչքլիֆը երազում տեսավ դաշտավայրը, հրեղեն սրերը, գաճաճ ծառերն ու հասկացավ, որ սխալ է վարվել, քանի որ խնձորն իրոք իմացության ծառի պտուղն էր: Նա արթնացավ ծանր զգացողությամբ: Առավոտյան նրա ափսոսանքն անցավ, բայց հետո նորից վերապրեց այդ զգացումը, այս անգամ այն սկսեց տանջել նրան:
     Վերջապես, մի լուսնկա գիշեր, ժամը տասնմեկին մոտ, երբ ամբողջ Հոլմհուդն արդեն քնած էր, Հինչքլիֆի ափսոսանքի զգացումն այս անգամ նրան մղեց արկածախնդրության:
     Նա աննկատ դուրս եկավ տնից, խաղահրապարակի պատի վրայով, քաղաքի միջով գնաց Լեյն կայարանը և մագլցեց այն պարտեզը, որտեղ նետել էր խնձորը: Բայց, ավաղ, ոչինչ չգտավ ցողոտ կանաչի կաթնուկների հազիվ նշմարելի գլխիկների մեջ: