HTML PUBLIC "-//W3C//DTD HTML 4.0 Transitional//EN">

ՀԻՇԱՏԱԿ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՎԱՏՔԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՔՐԻՍՏՈՍԻ ԲԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԵՑԻՆ, ՀԱՎԱՏՔԸ ՊԱՀԵՑԻՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԱՍՏԾՈ ԽՈՍՏԱՑԱԾ ՓԱՌԱՑ ՊՍԱԿԻՆ:

     Այս գիրքը թարգմանվել է ռուսերեն համանուն գրքից, երբ այն արդեն չորս հրատարակություն էր ունեցել, ամեն անգամ լրացվելով նոր վկայություններով հայր Արսենի հոգեզավակների կողմից:
     Նկարագրվող դեպքերն հաճախ այնպիսի աներևակայելի ընթացք են ունեցել, որ շատ ընթերցողներ համարել են, որ գիրքը մարդկային մտքի վառ երևակայության արդյունք է ընդամենը: Այդ պատճառով գրքի հեղինակները հակառակն ապացուցելու համար, ամեն անգամ լրացրել է նոր ու իրական մարդկանց անուններ ու վկայություններ որոնք տարիների ընթացքում առնչվել են բարի պատերազմի հավատքի իսկական մարտիկ, հոգևորական, ավագերեց հայր Արսենի հետ: Ինչում դուք ինքներդ կհամոզվեք, երբ կարդաք գրքում նկարագրվող իսկապես զարմանալի ու հոգեշահ դեպքերը:

«ՃՐԱԳ»


ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱԲԱՆԸ

     Քսաներորդ դարը կարելի է անվանել անաստվածության սև հարյուրամյակ, երբ մեկը մյուսի հետևից փլուզվում էին դարերով կանգուն մնացած քրիստոնեական միջնաբերդերը։ Դրա առաջին ամենացավոտ վկան էր հենց մեր՝ աշխարհում առաջին քրիստոնյա Հայոց պետության տարագիր զավակները, երբ 1915 թվականի եղեռնին նահատակվեց ազգի մեկ երրորդը։ Դրան հաջորդեց 1917թ. ռուսական հեղափոխությունը, երբ աստիճանաբար փլուզվեցին «Սուրբ Ռուսաստան» կոչվող պետության քրիստոնեական հիմքերը, սկսելով եկեղեցիներ քանդելով, վերջացնելով Աստծո ծառաների՝ հոգևորականների, ապա աշխարհական պարզ հավատացյալների աքսորներով ու մեթոդաբար ոչնչացումներով, որպես նոր՝ կոմունիստական անաստված հասարակարգի թշնամիներ: Իհարկե դրանից անմասն չմնաց նաև մեր Հայ Առաքելական եկեղեցին, երբ Սիբիրի «ԳՈՒԼԱԳ» կոչվող մահաբեր ճամբարներ աքսորվելով, նահատակվեցին բազում Հայ հոգևորականներ ու քրիստոնյաներ, այդ պատճառով էլ այս գրքի ծանոթագրությունը սկսեցինք նրանց հիշատակությամբ նույնպես, որպես հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի հավատարիմ ու կենդանի նահատակների։


Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց
վարժարանի կրոնի նախկին ուսուցիչ՝
Մեհրուժան Բաբաջանյան


ՃԱՄԲԱՐ

    Գիշերային խավարն ու դաժան բուքը ասես միաձուլվել էին իրար։ Քամու բերած ձնակույտերը պտտվելով օդում, փոխակերպվում էին մանրագույն ձնափշերի Սառը քամին գրոհելով տեղ-տեղ դիզված ձնաթմբերի վրա ու պոկելով դրանցից մի կույտ, բարձրացնում էր վեր ու սառցափշերի տեսքով` թափում ցած: Երբեմն լռություն էլ տիրում, այնժամ գիշերային մթության մեջ գետնի վրայի ձյան սառցաշերտի վրա դրոշմվում էին խավարը ճեղքող լուսարձակների կնիքը: Իսկ այդ լույսերի արանքում փռված էր հատուկ ռեժիմի ճամբարը, տարածվելով ցածրավայրում: Շուրջ բոլորը բարաքնե՛ր, բարաքնե՛ր, բարաքնե՛ր, որոնք զբաղեցնում էին ողջ տարածքը։ Ավտոմատավոր զինվորները պահակային դիտանոցից աչալուրջ հսկում էին փշալարերով արգելափակված ճամբարի սահմանները:
     Հատուկ նշանակության ճամբարը քնած էր։ Դեռ չլուսացած հնչեց ռելսի առաջին զրնգոցը, նախ մեկ անգամ, այնուհետև ճամբարի տարբեր կողմերից սկսեցին զրնգալ մնացած բոլոր բարաքներում կախված պողպատյա ռելսերը, որոնց մետաղի ձողով հարվածելով ականջ ծակող սուր ձայն էին հանում: Ճամբարի դարպասները բացվեցին ու մեկը մյուսի հետևից ներս են մտնում բրեզենտով ծածկված բեռնատարները։ Հսկիչները, վարչական ու քաղաքացիական աշխատողները իջան մեքենաներից: Յուրաքանչյուր բարաքի մոտեցան չորսական մարդ, որոնք նախ պտտվեցին բարաքի շուրջ բոլորը, ստուգեցին լուսամուտների վանդակաճաղերը, դռների փականները: Պատերին անցքերի բացակայությունը ապացուցում էր, որ փախուստ տեղի չի ունեցել։ Համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նոր հսկիչները բացեցին բարաքների դռները: Այդ ժամանակ լուսարձակները ավելի ջղաձգորեն պտտվեցին, իսկ պահակներն ավելի զգոնացան: Հատուկ նշանակության ճամբարը սկսեց իր աշխատանքային օրը։
     Գիշերային խավարը տեղի էր տալիս։ Բացվեց հյուսիսային մոխրագույն ձմեռային առավոտը, իսկ քամին շարունակում էր սուրալ, պոկելով ձյան փաթիլները օդի մեջ պտտեցնելով շպրտում էր մարդկանց երեսներին: Ճամբարի տարածքից դուրս, տեղ-տեղ խարույկներ էին վառվում, մեկ բոցկլտալով, մեկ մարելով քամուց: Դրանք վառվում էին զոր ու գիշեր, որպեսզի տաքանար հողը, որ հատկացված էր եղբայրական գերեզմանների համար, որտեղ թաղում էին մահացած բանտարկյալներին: Ճամբարն ամեն օր մարդկության վերջին հանգրվան էր ուղարկում տասնյակ, երբեմն էլ իր հարյուրավոր տառապյալ բնակիչներին:


ԲԱՐԱՔ

    Հատուկ նշանակության ճամբարն արթնացավ։ Բացվեցին բարաքի դռները, բանտարկյալները վազքով շտապեցին դուրս ու շարվեցին ստուգման: Բղավոցներ, հայհոյանքներ. շարքում ինչ-որ մեկին ծեծեցին: Ցուրտը, սահմռկեցուցիչ քամին ու խավարը միանգամից պարուրեցին բանտարկյալներին: Շարվեցին բրիգադներով, ստացան իրենց ողորմելի օրապահիկները և ուղևորվեցին աշխատանքի։ Բարաքը դատարկվեց, բայց քրտինքի և նեխած հագուստի, «բույրը» դուրս չէր գալիս այնտեղից։ Թվում էր թե հսկիչների սպառնալիքները, մարդկային տառապանքները, հանցագործների սարսափները դեռ մնում էին դատարկ բարաքում: Դրանից զզվելի էր դառնում շրջապատող ամեն ինչ` դատարկ նստարանները, նառերը, հատակը, առաստաղը, պատերը: Ջերմությունը լքված բարաքում մեղմացնում էր դրանց դատարկությունը։
     Քսանութ աստիճան ցուրտը, դաժան քամին սարսափեցնում էին ոչ միայն հեռացողներին, այլև նրանց ուղեկցող տաք հագնված հսկիչներին։ Մի քանի րոպե առաջ բարաքը լքած մարդկանց սպասում էր շատ ծանր աշխատանքը, անիմաստ դաժանությունները, անտանելի դժվարությունները, որոնք հատուկ ստեղծվել էին ճամբարային ղեկավարության կողմից։
     Բանտարկյալների կատարած աշխատանքը շատ հանրօգուտ էր, բայց արվում էր ամեն ինչ, որպեսզի այն անտանելի դառնար: Ամեն ինչ արվում էր, որպեսզի դժվար լիներ, տաժանակիր ու սահմռկեցուցիչ, հատուկ ռեժիմի համար: Ամեն ինչ արվում էր մարդկանց դանդաղ մահվան հասցնելու համար: Ճամբար էին ուղարկում, ժողովրդի «թշնամիներին» ու հանցագործներին: Հանցագործությունը, որ միայն պատժվում էր մահվամբ, գնդակահարությամբ, փոխարինում էին, հատուկ ռեժիմով, որտեղից ազատվելը գրեթե անհնարին էր:
     Հայր Արսենը՝ նախկինում Ստրելցով Պյոտր Անդրեևիչ, այժմ, ԶԵԿ - բանտարկյալ N 18376, Հայտնվեց այդ ճամբարում կես տարի առաջ և այդ ժամանակահատվածում հասկացավ, որ այստեղից ոչ մեկը դուրս գալ չի կարող։ Նրա մեջքի, գլխարկի և թևերի վրա գրված էր ճամբարային համարը, որն իրեն և մյուս բանտարկյալներին կարծես նմանեցնում էր մի խղճուկ գովազդակիր քայլող «մարդու»:
     Գիշերը փոխակերպվեց կիսամութ լուսաբացի, լուսարձակները դեռ լուսավորում էին ճամբարը: Հայր Արսենը բարաքի մշտական օրապահն էր: Նախ փայտերը կոտրեց, տաշեղները հավաքեց ու սկսեց կրել վառարանների մոտ: «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, ողորմիր ինձ մեղավորիս», անդադար կրկնում էր նա շարունակելով իր գործը: Վառելափայտը թաց էր ու սառած, շատ դժվար էր կոտրվում: Կալանավայրում կացին կամ այլ կտրող գործիք չէին տալիս, ստիպված փայտը կոտրում էին սեպերով ու ծանր մուրճով: Աշխատանքը շատ դանդաղ էր ընթանում, ծանր ու սառած ծղոնը դուրս էր պրծնում հայր Արսենի նվազած ձեռքերից։ Նա ոչ մի կերպ չէր կարողանում ճիշտ նշան բռնել ու հարվածել փայտե սեպին։ Անասելի հոգնածությունը, ճամբարային անտանելի ռեժիմը հնարավորություն չէին տալիս նորմալ աշխատել, ամեն ինչ ծանր էր ու դժվար: Կալանավորների գալուց առաջ ահռելի բարաքը պետք է տաք լիներ, հավաքված ու մաքրված։ Չհասցնես՝ վերակացուն կուղարկի պատժախուց, իսկ կալանավորները կծեծեն դաժանաբար: Այստեղ ծեծը պարտադիր պայման էր դարձել։ Ծեծում էին հատկապես` քաղկալանավորներին։ Ղեկավարությունն իբրև թե դաստիարակելու, իսկ հանցագործները ծեծում էին հոգին մի կողմ դրած, հավաքված ատելությունն ու մաղձը դուրս թափելով։ Ամեն օր մի քանիսի ծեծում էին, ոմանք հմտացել էին այդ գործում և կատարում էին այն ուրախությամբ և հաճույքով։ Նրանց համար ծեծելը դարձել էր կատարյալ զվարճություն:
     «Տէր Հիսուս Քրիստոս ողորմի՛ր ինձ մեղավորիս, օգնի՛ր ինձ, իմ հույսը դու ես Տեր: Սուրբ Տիրամայր ո՛ւժ տուր ինձ ու մի՛ լքիր անարժանիս», - աղոթում էր Հայր Արսենը Հոգնածությունից և ուժասպառությունից հազիվ շարժվելով: Պետք էր վառել վառարանները, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէր, փայտերը թաց էին, իսկ չոր կպչանը շատ քիչ։ Երեկոյան բավականին տաշեղ էր հավաքել ու դրել վառարանների մոտ, սակայն հանցագործ տարրը չարամտությամբ թրջել էր այն:
     Հայր Արսենը դուրս եկավ կպչան փնտրելու, միաժամանակ աղոթում է. «Տէր ողորմի՛ր ինձ մեղավորիս, բայց թող Քո կամքը լինի ամեն ինչում»։
     Մինչ հայր Արսենը փորձում էր չոր փայտեր գտնել, դուրս եկավ հարևան բարաքի օրապահը: Դա մի ծերունի էր, որը դատապարտված էր ծանրագույն հոդվածներով: Ասում էին թե դեռ հին ժամանակներից նրա անունը թնդում էր ողջ Ռուսաստանով մեկ, իսկ իր հանցագործությունների թիվը նա գրեթե մոռացել էր։ Կատարած գործերի մասին չէր պատմում, ու դատապարտել էին մահվան, բայց փոխարինել էին, հատուկ ռեժիմի ճամբարով, իսկ այնտեղ նրան սպասվում էր դանդաղ ու տանջալից մահ: Իսկ եթե հանկարծ բախտի բերմամբ մեկը ազատվում էր այնտեղից, ապա ամբողջ կյանքում մնում էր որպես անդամալույծ:
     Դրա համար մարդիկ գազանանում էին և իրենց ամբողջ մաղձը թափում էին մյուս բանտարկյալների վրա։ Պատահում էր, որ այդ դաժանությունը ավարտվում էր մահվան ելքով:
     Այդ ծերունին իր բռի մեջ էր պահում ամբողջ բարաքը։ Նույնիսկ ղեկավարությունն էր նրանից զգուշում: Այդ բանտարկյալի մականունն էր Սեռի (Գորշ), մոտ վաթսուն տարեկան, արտաքինից բարեհամբույր, սովորաբար նա մարդկանց մոտենում էր սիրալիր կատակներով, բայց ավարտում էր հայհոյանքով, ծեծով ու ստորացնելով։
     Տեսնելով, որ Հայր Արսենը կպչան է հավաքում, մոտեցավ ու ասաց.
     - Պոպ (տերտեր) էդ ի՞նչ ես փնտրում:
     - Կպչան էի հավաքել երեկոյան, իսկ տղաները երևի կատակի համար թրջել են դրանք, միզելով վրան, հիմա չոր փայտ եմ փնտրում, ամբողջը թաց է, հիմա չգիտեմ ինչ անեմ:
     - Հա՛, պոպ, առանց չոր կպչանի բանդ բուրդ կլինի, - պատասխանեց Սեռին:
     - Մարդիկ աշխատանքից կգան, կսառչեն, այ դա՛ է վատ, հետո ինձ էլ կծեծեն դրա համար, - ասաց Հայր Արսենը։
     - Գնա՛նք պոպ, ինչքան պետք է ես քեզ չոր ցախ կտամ, ու տարավ իր պահոցը, որտեղ մեծ քանակությամբ չոր փայտ ուներ: Իմանալով նրա բնավորությունը հայր Արսենը կարկամեց, միգուցե՞ կատակ է անում, քանզի ում-ումից, բայց նրանից օգնություն երբեք չէր սպասում:
     - Վերցրո՛ւ Հայր Արսեն, ինչքան պետք է վերցրո՛ւ:
     Ու սկսեց հավաքել փայտերը, մտածելով, միգուցե Սեռին ուրիշներին հայտարարի, որ պոպը գող է, այն ժամանակ իր վերջն ավելի վատ կլինի: Ու նաև խիստ զարմացավ, որ Սեռին իրեն անվանեց հայր Արսեն, դրա համար մտովի խաչակնքվեց և աղոթելով շարունակեց հավաքել չոր ցախը։
     - Շա՛տ վերցրու հայր Արսեն, ինչքան պետք է վերցրու, - ասաց Սեռին ու սկսեց օգնել նրան։
     Հետո կպչանը միասին տարան շարեցին վառարանների շուրջը: Հայր Արսենը գլուխը խոնարհելով, ասաց.
     - Աստվա՛ծ թող փրկի քեզ։
     Սեռին ոչինչ չասաց ու դուրս եկավ բարաքից: Հայր Արսենը չոր տաշեղները լցրեց վառարանների մեջ, կրակ տվեց ու շարունակեց իր մյուս գործերը։ Ավլեց բարաքը, սեղանները սրբեց, նորից ու նորից փայտ կրեց ու շարեց վառարանների կողքը: Արդեն ժամը երեքը կլիներ, բարաքը կամաց-կամաց տաքանում էր, հաճելի ջերմություն տարածելով։ Մի քանի անգամ բարաք մտավ հսկիչը իր մշտական հայհոյանքներով ու սպառնալիքներով: Մի անգամ էլ մտավ ու գետնին փայտի տաշեղներ տեսնելով, մոտեցավ ու խփեց հայր Արսենի գլխին։
     Իսկ ծանր աշխատանքն արդեն ուժասպառ էր արել հայր Արսենին, շունչը չէր հերիքում, ոտքերը թուլացել էին, ու հյուծվածությունից հազիվ էր շարժվում. «Տեր Աստված ողորմի՛ր ինձ», մրմնջում էր նա, շարունակելով իր գործը:

ՀԻՎԱՆԴՆԵՐԸ

    Հայր Արսենը բարաքում մենակ չէր, իր հետ մնացել էին նաև երեք բանտարկյալներ, երկուսը ծանր հիվանդ էին, իսկ երրորդը դիտմամբ ձեռքն էր վնասել կացինով։ Պառկել էր նառին ու ժամանակ առ ժամանակ բղավում էր.
     - Տաքացրո՛ւ բիձուկ, ցո՛ւրտ է, թե չէ հիմա կիջնեմ գլուխդ կջարդեմ, - ու նորից քնում էր։
     Մյուս երկուսի վիճակը շատ ծանր էր, հիվանդանոց չէին տարել, որովհետև տեղ չկար։ Ժամը տասներկուսին բարաք մտավ բուժաշխատողը, առանց մոտենալու Հիվանդներին դիմեց Հայր Արսենին, և առանց ամաչելու, ցինիկաբար ասաց.
     - Ահավոր ցո՛ւրտ է, սրանք շուտով շունչները կփչեն, - չմտածելով, որ հիվանդները կարող են լսել։ Իսկ ինչու պիտի ամաչեր, միևնույնն է նրանք վաղ թե ուշ պիտի մեռնեին այդ մահվան ճամբարում:
     Մոտենալով երրորդին, որն ինքն իրեն էր վնասել, և այդ րոպեին ցուցադրաբար տնքում էր, ասաց.
     - Քեզ հիմարի տեղ մի՛ դիր, վաղվանից աշխատանքի՛, թե չէ վնասարարության համար պատժախցում կհանգստանաս: Աշխատանքի ընդմիջումների ժամանակ հայր Արսենը մոտենում էր հիվանդներին և ինչով կարողանում օգնում էր: «Տէր Աստված, Հիսուս Քրիստոս, օգնի՛ր նրանց, բժշկի՛ր, ողորմի՛ր, թույլ տուր, որ ապրեն մինչև իրենց ազատությունը», - անընդհատ աղոթում էր նա, և հարդարում էր կոշտ ներքնակը, կամ ծածկում հիվանդներին, ջուր էր տալիս, նաև դեղահաբեր, որն անհոգաբար նրանց վրա էր շպրտել բուժաշխատողը։
     Հատուկ ճամբարում միակ դեղամիջոցը համարվում էր ասպիրինը, որի միջոցով բուժում էին գրեթե բոլոր հիվանդությունները: Համեմատաբար ծանր հիվանդին հայր Արսենը տվեց իր բաժնից մի կտոր սև հաց, որը կազմում էր օրաբաժնի չորրորդ մասը: Թրջելով հացը, նա սկսեց կերակրել նրան, հիվանդը բացելով աչքերը զարմացած նայեց, ապա մի կողմ հրեց հացը, սակայն հայր Արսենը հանդարտաբար ասաց.
     - Ճաշակե՛ք ի սեր Աստծո, ճաշակե՛ք։ Հիվանդը կուլ տալով հացը, չարությամբ ասաց.
     - Հեռո՛ւ գնա քո Աստծով, ի՞նչ ես խառնվում այնտեղ ուր որ պետք չէ, կարծում ես կմեռնե՞մ ու կխլե՞ս ինձնից մնացածը, փախի՛ր այստեղից, ես ոչինչ չունեմ:
     Հայր Արսենը չպատասխանեց, այլ խնամքով ծածկեց նրան ու մոտեցավ մյուս հիվանդին, օգնեց նրան շրջվելու կողքի, ապա գնաց իր գործերով։ Սեռիի տված չոր փայտը նա չթաքցրեց, այլ ցուցադրաբար դրեց վառարանի մոտ: «Ինչու թաքցնեմ, երեկ թաքցրեցի վատ ստացվեց, իսկ այսօր Աստված օգնեց», - մտածեց նա:
     Վառարանները կարմրել էին, ողջ բարաքը տաքացել էր, նա ուրախանում էր, որ մարդիկ կգան, կտաքանան, կհանգստանան: Այդ մտածումների մեջ էր, երբ ներս մտավ հսկիչը, առաջին հայացքից նա կլիներ մոտ երեսուն տարեկան, նա միշտ ուրախ էր, ժպտերես ու երջանիկ, ինչի համար էլ բանտարկյալները նրան տվել էին Ուրախ մականունը:
     - Պոպ ի՞նչ ես բարաքը բաղնիք դարձրել, պատժախո՞ւց ես ուզում, ժողովրդական վառելիքը ժողովրդի թշնամիների վրա՞ ես վատնում. կաշիդ կքերթեմ, - ասաց ու կոպտորեն խփելով հայր Արսենի դեմքին ու ծիծաղելով հեռացավ:
     Սրբելով դեմքի արյունը խեղճ ծերունին աղոթում է. «Տեր ողորմի՛ր ինձ, մի՛ լքիր մեղավորիս»։
     Տեսնելով արյունը, Ֆեդյան տեղից ասաց.
     - Ի՜նչ էլ խփեց տականքը, իսկ թե ինչի համար, բորենին ինքն էլ չգիտի։
     Մի ժամից Ուրախը նորից հայտնվեց ու գոռաց.
     - Ոտքի՛, ստուգո՛ւմ է։
     Ֆեդյան թռավ մահճակալից, իսկ հայր Արսենն ավելը ձեռքին վազեց բարաքի հեռու կողմից։
     - Ուրիշ ո՞վ կա բարաքում, - հարցրեց հսկիչը, թեև դեռ առավոտյան էր ստուգել ու գիտեր, թե ովքեր են մնացել բարաքում:
     - Երկու անկողնային հիվանդ և մի քայլող, - զեկուցեց հայր Արսենը:
     Ուրախը քայլեց միջանցքով, նայեց հիվանդներին, կարծես թե վերջապես հասկացավ, որ նրանք չեն կարող ոտքի կանգնել, ցուցադրաբար բղավեց, բայց վախեցավ մոտենալ նրանց. միգուցե՞ ինչ-որ վտանգավոր վարակ լինի վրաները:
     - Տե՛ս հա պոպ, որ ամեն ինչ կարգին լինի: Շուտով քեզ կկանչեն ուր որ պետք է և կասեն ինչ որ պետք է, -ասաց ու հայհոյելով դուրս գնաց:
    Աստիճանաբար մթնում էր, շուտով կալանավորները կգան աշխատանքից։ Ու նրանք եկան ցրտահարված, հոգնած ու չարացած, մտնելով բարաք, միանգամից փռվեցին նառերի վրա: Եվ բարաքը լցվեց ցրտով, չար հայհոյանքներով, գոռում-գոչումով ու սպառնալիքներով։ Կես ժամ հետո պիտի ճաշեին: Բանտարկյալներից շատերի համար դա իսկական տառապանք էր: Քրեականները ուղղակի խլում էին նրանց օրապահիկը, այն էլ դաժանորեն ծեծելով, իսկ ովքեր թույլ էին ու չէին կարողանում պաշտպանել իրենց, զրկվում էին կերակուրից:
    Քաղկալանավորները համեմատաբար ավելի շատ էին քան քրեականները, հակառակ դրան քրեականները դաժանորեն իշխում էին ճամբարում: Ամեն օր քաղաքականների մի մասը զրկվում էին կերակուրից, ինչն ահավոր տառապանք էր նրանց համար: Միշտ սոված, հոգնած կալանավորները կերակուր էին երազում, և դա միակ մխիթարությունն էր այդ ծանր պայմաններում, իսկ ճաշ ասվածը խղճուկ մի բան էր, մթերքը կիսահոտած, ու չգիտես ինչու միշտ նավթի հոտ էր գալիս, և այդ թերմացքը ոչ մի կերպ չէր կարող կշտացնել, վերականգնել մարդու ուժերը: Հայր Արսենը ընկնելով այս հատուկ ճամբարը, հաճախ էր զրկվում կերակուրից, բայց ոչ մի անգամ չէր տրտնջում, այլ լուռ գալիս էր բարաք, պառկում էր նառին և լուռ աղոթում:
    Սկզբում գլուխը պտտվում էր սովից, ցրտից մտքերը խառնվում էին, բայց կարդալով երեկոյան, առավոտյան աղոթքները` իհարկե հիշողությամբ, նաև Տիրամորը, սուրբ Նիկողայոս Սքանչելագործին, իր հովանավոր Արսենին Մեծին դիմելով ու խնդրելով, կարծես միանգամից ուժերը վերականգնվում էին։ Այդպես նաև գիշերն էր աղոթում իր հոգեզավակների, ննջեցյալների, բոլոր բանտարկյալների համար:
    Հայր Արսենը շատ խոստովանորդիներ ուներ, թե՛ ազատության մեջ, թե՛ ճամբարներում, ու խիստ մտահոգվում էր նրանց համար: Երբ հասարակ ճամբարներում էր, նրանցից երբեմն նամակներ էր ստանում, իսկ երբ փոխադրվեց հատուկ ճամբար, ամեն ինչ ավարտվեց: Հոգեզավակները կարծում էին թե նա մահացել է, դիմել էին վարչակազմին, այնտեղից պատասխանը մեկն էր. «Մեր հաշվառումներում հայր չկա»:
    Մութ էր արդեն: Բանտարկյալների շարասյունները ճաշարանից վերադառնալով ցրվեցին բարաքներով: Հայր Արսենի բարաքում այսօր տաք է, տղաները եկան հոգնած, չարացած, բայց, մտնելով տաք բարաք, ուրախացան, ու միայն հայհոյեցին, այն էլ ընդունված կարգի համաձայն: Բայց Հայր Արսենին այս անգամ չծեծեցին և կերակուրն էլ ձեռքից չխլեցին, ինչպես նախորդ անգամներում արեցին:
    Երկու անկողնային հիվանդներին ճաշից բաժին հասավ ընդամենը կես բաժին սև հաց: Հայր Արսենն էլ իր բաժին ձկան կտորը թևի տակ պահելով բերեց, որ կերակրի նրանց։ Ջուր տաքացրեց սոճու տերևով, ավելացրեց ասպիրին ու խմեցրեց նրանց: Հացն ու ձուկը բաժանեց երկու մասի և տվեց յուրաքանչյուրին մի-մի կտոր:
    Հինգ օր անց հիվանդների վիճակը մի քիչ թեթևացավ։ Արդեն երևում էր որ կապրեն, բայց դեռ անկողնային էին և չէին կարողանում վեր կենալ: Այդ ընթացքում հայր Արսենը գիշեր ու զօր կերակրում և խնամում էր նրանց` կիսելով իր կերակուրը: Ովքե՞ր էին այդ մարդիկ, նա չգիտեր: Նրանց էտապից բարաք էին բերել մահամերձ վիճակում, այդ պատճառով էլ նրանց ոչ ոք չէր ճանաչում։ Հայր Արսենի հոգատարությունը նրանք սառնությամբ ընդունեցին, բայց շրջանցել նրան չէին կարող` եթե նա չլիներ իրենք վաղուց պառկած կլինեին սառը հողի տակ։ Իրենց մասին չպատմեցին, հայր Արսենն էլ չհարցրեց. ճամբարային սովորությունով ընդունված չէր: Որքան այդպիսի մարդկանց էր տեսել ճամբարում, հաշիվ չկար: Բոլորին չես էլ կարող հիշել։
    Ինչ որ մի հիվանդից հայր Արսենն իմացավ նրանցից մեկի անուն ազգանունը` Իվան Ալեքսանդրովիչ Սազիկով է: Նրան կերակրելու ժամանակ հայր Արսենն իր սովորության համաձայն լուռ աղոթում էր` շրթունքները շարժվում էին անձայն, մրմնջալով իր աղոթքը։ Նկատելով դա` Իվան Ալեքսանդրովիչը խոսեց.
    - Աղոթո՞ւմ ես պապաշա, մեղքե՞րդ ես քավում, դրա համա՞ր ես մեզ օգնում. ինչ է, վախենո՞ւմ ես Աստծուց, իսկ դու նրան տեսե՞լ ես։
    - Նայեց հայր Արսենը Սազիկովին ու զարմանքով նրան նայելով արտաբերեց.
    - Ինչպե՞ս չեմ տեսել, նա այստեղ է, մեր կողքին, հիմա նա մեզ միացնում է միմյանց։
    - Դու էլ հո չասիր այ պո՛պ, Աստված այստե՞ղ է, այս բարաքո՞ւմ:
    Հայր Արսենը նայեց Սազիկովին և ասաց.
    - Այո՛, տեսնում եմ նրա ներկայությունը, տեսնում եմ նաև ձեր հոգին, թեև մեղքից սևացել է ու քոսով պատվել բազում չարագործություններիդ պատճառով, սակայն նրա մեջ լույսի համար դեռ տեղ է մնացել: Սերաֆի՛մ, կգա քեզ համար լույսը` Սերաֆիմ Սարովսկին քեզ երբե՛ք չի թողնի:
    Սազիկովի դեմքը միանգամից սփրթնեց, ամբողջ մարմնով դողաց, ապա ատելությամբ ասաց.
    - Կխփե՛մ պոպ, մեկ է կսպանե՛մ քեզ, շատ բան գիտես, ու չեմ հասկանում որտեղի՞ց։
    Հայր Արսենը շրջվեց և գնաց անխոս աղոթելով. «Տէր, ողորմի՛ր ինձ մեղավորիս»։
    Ժամանակն անցնում էր, պետք էր աշխատել։ Ավարտելով աշխատանքը՝ հայր Արսենը հիշողությամբ` կարդաց բոլոր աղոթքները. առավոտյան և երեկոյան ժամերգությունները:
    Մյուս հիվանդը, որը քաղաքական բանտարկյալ էր, նույնպես աստիճանաբար կազդուրվում էր, իսկ նրա պատմությունը սովորական էր, ինչպես բոլորինը: Այդպիսի պատմություններ ճամբարում հազարներով կային, և մեկը մյուսին նման: Հոկտեմբերյան հեղափոխություն էր «արել», տասնյոթ թվականից կուսակցության անդամ, Լենինին ճանաչում էր, բանակ էր ղեկավարել, 1920 թ. բարձր պաշտոն էր զբաղեցրել ՉԵԿԱ-ՈՒՄ, եռյակի կայացրած դատավճիռներն էր հաստատել, վերջին ժամանակներում աշխատել էր ՆԳԺԿ-Ի կոլեգիայի անդամ, իսկ հիմա էլ նրան ուղարկել են մեռնելու այս հատուկ նշանակության ճամբարում. երևի շատ բան գիտի:
    Բռնադատվածները տարբեր էին ճամբարում, ոմանք մի դատարկ խոսքի համար էին մեռնում այստեղ, բայց մեծամասնությունը հայտնվել էր այստեղ սուտ մատնության հետևանքով, իսկ որոշներն էլ նվիրյալ կոմունիստներ էին, որոնց պետք էր անպայման վերացնել, որովհետև նրանք կանգնած էին ոմանց ճանապարհին:
    Այստեղ հայտնվածները բոլորը պետք է մեռնեին անխտի՛ր, վաղ թե ուշ՝ բոլո՛րը։ Նվիրյալ կոմունիստ էր նաև Ալեքսանդր Պավլովիչ Ավսեյենկովը` մեր վերոնշյալ երկրորդ հիվանդը: Հայր Արսենը, երբ լսեց այդ ազգանունը, անմիջապես հիշեց այդ մարդուն: Նրա ազգանունը հաճախ էր հիշատակվում թերթերում, իսկ իր դատավճիռն էլ հենց ինքը` Ալեքսանդր Պավլովիչն էր հաստատել։ Հակահեղափոխական գործունեության համար «Եռյակը» հայր Արսենին սկզբում դատապարտեց գնդակահարության, այնուհետև փոխարինեց տասնհինգ տարվա տաժանակիր աշխատանքի հատուկ նշանակության ճամբարում: Այն ժամանակ նրա ուղեղում լավ տպավորվեց Ավսեյենկով ազգանունը: Գեներալն արդեն առաջացած տարիքում էր, թեև առաջին հայացքից քառասունից հիսուն տարեկանի էր նման, սակայն ճամբարային կյանքն իր դաժան դրոշմն էր թողել նրա դեմքին: Ճամբարում նրա համար առավել ևս դժվար էր, սովը, տաժանակիր աշխատանքը, հալածանքները` նրան մշտապես մերձեցնում էին մահվանը: Դեռ երեկ նա հավատով էր լցված, որ իր կողմից այստեղ ուղարկված մարդիկ` «Եռյակի» կողմից իրավացի են դատապարտված, և իր իսկ կողմից հաստատված մահվան դատապարտվածները իրոք «ժողովրդի թշնամիներ» են: Բայց երբ հայտնվեց այստեղ, շփվեց մարդկանց հետ, հասկացավ, որ ինքը շատ ահավոր գործ է կատարել` ուղարկելով մահվան տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց: Իր պաշտոնի բարձրությունից նա կուրացել էր և ոչինչ չէր տեսնում: Հավատում էր` քննիչների կազմած սուտ ու կեղծ արձանագրություններին, ենթակաների խաբեպատիր խոսքերին: Նա կորցրել էր ճշմարտությունը` կապը իր նման կենդանի մարդկանց հետ: Տանջվում էր, չափազանց շատ էր տանջվում նա, բայց ոչինչ չէր կարողանում որոշել ինքն իր համար: Լռակյաց էր, բարի, իր ունեցածը սիրով կիսում էր մարդկանց հետ, ղեկավարությունից ու հանցագործներից չէր վախենում: Բարկացած ժամանակ ահավոր էր, բայց գլուխը չէր կորցնում, միշտ աշխատում էր պաշտպանել թույլերին: Ավսեյենկովը մտերմացավ հայր Արսենի հետ, շատ սիրելով բարության ու գթասրտության համար. հաճախ կրկնելով.
    - Հոգի մարդ եք դուք հայր Արսեն (քանի որ բարաքում շատերն էին նրան այդպես դիմում. հայր Արսեն), - ես տեսնում եմ այդ, թեև կոմունիստ եմ, իսկ դուք կրոնի կուլտի ծառայող՝ հոգևորական: Գաղափարական տեսանկյունից ես պետք է պայքարեի ձեր դեմ, բայց այստե՛ղ..., - ու լռեց:
    Հայր Արսենը ժպտալով ասաց.
    - Է՜հ, սիրելիս, էլ ի՞նչ կուզեիք. պայքարե՜լ։ Պայքարեցի՛ք, պայքարեցի՛ք և ի՞նչ ստացվեց, ճամբարը այժմ ձեզ կուլ է տալիս, ձեր գաղափարականով հանդերձ, իսկ իմ հավատը թե՛ այստեղ և թե՛ այնտեղ՝ ազատության մեջ` ինձ հետ է, ու ինձ չի լքի: Աստված ամենուրեք նույնն է և օգնում է մարդկանց, ովքեր դիմում են իրեն, ու հավատացած եղեք, ձեզ էլ կօգնի:
    Մի անգամ էլ խոսակցության ժամանակ ասաց.
    - Ալեքսանդր Պավլովիչ, մենք հին ծանոթներ ենք, Աստված է պատրաստել մեր հանդիպումը այս ճամբարում:
    - Հայր Արսեն, դուք ինչ-որ բան շփոթում եք, որտե՞ղից կարող եմ ես ձեզ ճանաչել։
    - Ճանաչո՛ւմ եք Ալեքսանդր Պավլովիչ։ 1933 թ-ին, երբ եկեղեցական գործերն էր որոշվում, հարյուր հազարավոր հավատացյալների աքսորեցին, եկեղեցիներ փակվեցին, այն ժամանակ ես ձեր գերատեսչությունով անցա։ Իմ առաջին դատավճիռը հաստատեցին 1939 թվին, նույնպես ձեր հովանավորությամբ: Միայն մեկ աշխատանք տպագրության հանձնեցի, ձերբակալեցին ինձ երկրորդ անգամ ու միանգամից դատապարտեցին մահվան: Շնորհակալ եմ ձեզանից, որ գնդակահարությունը փոխարինվեց հատուկ ճամբարով: Այսպես էլ ապրում եմ աքսորավայրերում ու ճամբարներում անընդհատ ձեզ սպասելով, ու վերջապես հանդիպեցինք: Ի սեր Աստծո մի՛ մտածեք թե ես ձեզ ինչ որ բանով մեղադրում եմ, քավ լիցի, ամեն ինչ Աստծո նախախնամությունով է կատարվում, իսկ իմ կյանքն այս կյանքի օվկիանոսում մի կաթիլ ջուր է: Հազարավոր դատավճիռների մեջ դուք կարող էիք ինձ չհիշել, իսկ ամեն ինչ միայն Աստծուն է հայտնի:

ՊՈՊԻԿ

    Կյանքը և աշխատանքը` ճամբարներում սարսափելի անմարդկային էին։ Յուրաքանչյուր օրը մարդուն մոտեցնում էր մահվան, ճամբարային մեկ օրը հավասարազոր էր ազատության մեկ տարվան։ Բանտարկյալները ձգտում էին գոնե հոգեպես չմեռնեն, և ամեն գնով պայքարում էին դրա համար, սակայն ոչ միշտ էր հաջողվում:
    Զրուցում էին, վիճաբանում կյանքի, հավատքի, գիտության, երբեմն էլ դասախոսություն էին կարդում արվեստի, գիտական բացահայտումների մասին, նույնիսկ փոքրիկ գրական երեկոներ էին կազմակերպում, բանաստեղծություններ կարդում:
    Դաժանության, հալածանքների, մոտալուտ մահվան սպառնալիքի, հանցագործների մշտական առկայության պայմաններում այդ բոլորը ուղղակի ապշեցուցիչ էր: Հատուկ ճամբարը ապրում էր վախի, սովի ստորացուցիչ մթնոլորտում, բայց բանտարկյալների մի մասը ձգտում էին միմյանց սատարել, ինչն էլ և օգնում էր նրանց ապրել։
    Ավսեյենկովը հետևելով ճամբարային ապրելակերպին, հասկացավ որ այստեղ երկու տարուց ավել հազարից մեկը կարող է ապրել ու մտածում էր, իսկ ինչքա՞ն է մնացել իրեն:
    Ձերբակալությունների ալիքի ենթակայության ներքո այստեղ էին հայտնվել ինժեներներ, հոգևորականներ, գիտնականներ, արտիստներ, կոլտնտեսական կուլակներ, գրողներ, գյուղատնտեսներ, բժիշկներ: Նույնիսկ ճամբարում ըստ մասնագիտությունների խմբակներ էին ստեղծվել։
    Բոլորը մոռացված էին, այնուամենայնիվ տեսանելի էր, որ այդ մարդիկ չէին ցանկանում մոռանալ իրենց անցյալը և մասնագիտությունը: Շատ վիճաբանություններ էր տեղի ունենում, գրեթե յուրաքանչյուր թեմայի շուրջ։ Մարդիկ նյարդայնանում էին, ցանկանալով ապացուցել միայն իրենց «ամենաճիշտ» տեսակետը:
    Հայր Արսենն այդ խոսակցություններին չէր մասնակցում, երբ վեճ էր սկսվում, նա քաշվում էր մի կողմ և աղոթում էր: Մտավորականները նրան Հանդուրժում էին, համարելով բարի, բայցև անկիրթ մի հոգևորական:
    Մի անգամ բարաքում մեկտեղ հավաքվեցին տասից տասներկու մարդ՝ նկարիչներ, արվեստագետներ, արտիստներ ու սկսեցին խոսել թատրոնից, գրականությունից, բժշկությունից, արվեստից: Հանկարծ խոսք գնաց ռուսական գեղանկարչությունից ու ճարտարապետությունից: Բանտարկյալներից մի բարձրահասակ մարդ, մեծ ոգևորությամբ սկսեց քննարկել այդ թեմաների շուրջը: Հավաքվածները Համակ ուշադրությամբ լսում էին նրան: Բարձրահասակը խոսում էր համոզիչ ու գիտականորեն: Այդ զրույցի ժամանակ հայր Արսենն անցնում էր հավաքվածների մոտով, բարձրահասակը, որ հետո պիտի պարզվեր` արվեստաբան էր ու պրոֆեսոր, անսպասելի դիմեց նրան.
    - Բատյուշկա՛ (Հայր), դուք հավատացյալ եք ու հոգևոր գիտելիքներ ունեք, ասացեք խնդրեմ ինչպե՞ս եք գնահատում կապը ուղղափառության ու հին ռուսական գեղանկարչության և ճարտարապետության միջև։ Կապ կա՞ արդյոք, թե ոչ, - ասաց ու քմծիծաղ տվեց։
    Բոլոր շրջապատողներն էլ ծիծաղեցին։ Ավսեյենկովը, որ նույնպես այդտեղ էր, ակամայից ժպտաց: Բոլորը հաստատ համոզված էին որ այս պարզունակ ծեր պոպիկը չի կարող պատասխանել այդ հարցին, Հասկանալի էր, որ հարցը տրվեց նրան ծաղրելու համար: Հայր Արսենը լսեց հարցը, նրանց ծաղրը նույնպես, և հանդարտաբար պատասխանեց.
    - Հիմա՛, հիմա՛, գործս ավարտեմ ու գամ:
    - Պոպիկը հիմար չի, ամոթից փախավ։
    - Այո՛, ռուս հոգևորականությունը միշտ էլ անգրագետ է եղել, - ասաց նրանցից մեկը։
    Տասը րոպեից հավաքվածներին մոտեցավ հայր Արսենը.
    - Գործս ավարտեցի՛, խնդրում եմ կրկնեք հարցը:
    Պրոֆեսորը քամահրանքով նայեց նրան, ինչպես կնայեր իր տգետ ուսանողին, ասաց.
    - Հարցն այսպիսին է բատյուշկա, ու շատ հասարակ, դուք որպես ռուսական հոգևորականության ներկայացուցիչ ինչպե՞ս կգնահատեիք ուղղափառության ազդեցությունը հին ռուսական կերպարվեստի և ճարտարապետության վրա: Կցանկանայինք լսել` օրինակ Սուզդալի գանձերի, Ռոստով Մեծի, Պերեյասլավ Զելենսկու, Ֆերոպոնտով վանքի, միգուցե՞ լսել եք, Վլադիմիրյան Տիրամոր, կամ Անդրեյ Ռուբլյովի «Սուրբ Երրորդություն» շատերին հայտնի իկոնաների (սրբապատկերների) մասին: Հավանաբար գիտե՞ք, եթե այո՛, ապա ասացեք, կապ կա՞ն արդյոք դրանց միջև:
    Հարցը պրոֆեսորական էր: Չարժեր այս պարզ ու բարի պոպիկին այսպես նեղը գցել, - մտածեցին հավաքվածները:
    Հայր Արսենը ուղղվեց, նույնիսկ ներքուստ փոխվեց, նայեց պրոֆեսորին և ասաց.
    - Ուղղափառության ազդեցությունը հին ռուսական կերպարվեստի և ճարտարապետության վրա ահռելի է: Բազմաթիվ գիտական աշխատություններ կան այդ թեմաներով: Դուք նույնպես պրոֆեսոր հաճախակի անդրադարձել եք դրանց, բայց ձեր տեսակետների որոշ մասը խորապես սխալ են, հակասական, և անկեղծ ասած` կոնյունկտուրային: Իսկ այն, ինչ որ դուք այժմ ասացիք, ավելի մոտ է ճշմարտությանը, քան այն, ինչ որ տարիներ շարունակ շարադրել եք ձեր հոդվածներում ու գրքերում: Դուք կարծում եք թե ռուսական կերպարվեստը զարգացել է միայն ժողովրդական հենքի վրա, ժխտելով ուղղափառության խորը հետքը: Հիմնականում այն մտայնությանն եք, որ միայն տնտեսական ու սոցիալական շարժիչ ուժի դեպքում կարող է այն առաջադիմել, մինչդեռ հստակ երևում է, որ ռուս ազգի հոգևոր ծնունդը և քրիստոնեությունը խորագույն հետք են թողել գեղանկարչության ու ճարտարապետության վրա։
    Ես այն կարծիքին եմ պրոֆեսոր, որ ուղղափառությունն էր այն շարժիչ ուժը, որի միջոցով զարգացան դրանք սկսած դեռ 9-10-րդ դարերից: Ընդունելով Բյուզանդական արվեստը 10 - րդ դարում, ռուս հոգևորականությունն աստիճանաբար ստեղծեց իր գրքերը, գեղանկարներ ու սրբապատկերները։ Նաև չեմ ժխտում հույների կառուցած առաջին եկեղեցիները մեծ հետք թողեցին ռուսական ճարտարապետության և արվեստի վրա: Դուք նաև հիշեցիք Վլադիմիրյան Տիրամոր իկոնայի մասին, այդ կերպարը և ուրիշ շատ ստեղծագործություններ, որոնք մենք ժառանգեցինք հույներից, միթե՞ դրանց ազդեցությունը չէր, որ բարգավաճեցին ռուս գեղանկարչությունն, ճարտարապետությունը։ Ռուսական սրբապատկերային յուրաքանչյուր ստեղծագործություն արարվել է քրիստոնյա նկարչի կողմից: Ռուս մարդը սրբապատկերը չի ընդունել որպես կուռք, այլ որպես քրիստոնեական խորհրդանիշ: Այդ առարկայացած, նյութականացված խորհրդանիշի մեջ տեսել է այն կերպարը, ում ձգտում է իր հոգին՝ երջանիկ կամ վշտալի աղոթքների ժամանակ։ Հավատավոր նկարիչը այն ստեղծել է պահքով և աղոթքով։ Տիրոջը, Տիրամորը կամ այլ սրբերին պատկերելիս նրանց առաջնորդել է Աստծո հրեշտակը: Սրբապատկեր նկարողը հաճախ չի մակագրել այն, համարելով, որ ոչ թե ինքն, այլ Սուրբ Հոգին է արարել այն: Իսկ դուք ամեն ինչում տեսնում եք տնտեսական ու սոցիալական գործոնների ազդեցության ներքո:
    Հիշե՛ք ռուսական Տիրամոր սրբապատկերը և համեմատեք արևմտյան Մադոննայի հետ, միանգամից կնկատեք ահռելի տարբերությունը: Մեր սրբապատկերներում կա հավատքի ուժ, քրիստոնեության հետք, իսկ արևմտյան «Տիկինը» աշխարհիկ գեղեցկությամբ ոգեշնչված մի կերպար է, որտեղ բացակայում է Աստծո շնորհն ու զորությունը. Նա լոկ կին է։
    Նայե՛ք Վլադիմիրի Տիրամոր աչքերին և դուք կտեսնեք Սուրբ Հոգու մեծագույն զորությունը. Աստծո անսահման ողորմությունը մարդկանց հանդեպ, իհարկե նաև փրկության հույսը, ինչի կարոտը մենք բոլորս ունենք, մանավանդ այստեղ։
    Հայր Արսենը խոսում էր ոգևորված, բայց շատ հստակ, հասկանալի և պատկերավոր: Թվարկելով սրբապատկերները բերում էր համոզիչ բացատրություններ, բացահայտելով ռուս գեղանկարչության ոգին: Այնուհետև անցավ ճարտարապետությանը` բերելով օրինակներ Ռոստով Մեծի, Սուզդալի Վլադիմիրի, Ուգլիչի, Մոսկվայի և այլ գլուխգործոցներից, ցույց տվեց նրանց անմիջական կապը քրիստոնեության հետ:
    Նա ավարտեց իր կարելի է ասել դասախոսությունը, այս խոսքերով.
    - Եկեղեցիներ կառուցելով ռուս մարդը աղյուսին խոսեցրեց, ստիպեց նրան պատմելու քրիստոնեության մասին, որով և օրհնելու Աստծո Սուրբ անունը:
    Հայր Արսենը խոսեց ժամից ավել։ Լսողները քարացել էին, պրոֆեսորի դեմքից կորել էր հեգնական և ինքնավստահ հայացքը, նա կարծես ուշքի գալով, ասաց.
    - Ներեցե՛ք, որտեղի՞ց են ձեզ հայտնի իմ աշխատությունները և հին ռուսական կերպարվեստն ու ճարտարապետությունը, որտե՞ղ եք ուսումնասիրել, չէ՞ որ դուք ընդամենը մի պարզ հոգևորական եք։
    - Հայրենիքը պետք է սիրել ու ճանաչել, - ասաց հայր Արսենը. - և ինչպես ընդունված է հոգևորականության մեջ, քահանան լինելով մարդկային հոգիների հովիվ, պետք է հասկանա ռուսական արվեստի ոգին, և կարողանա ճշմարտությունն անբիծ վիճակում հաղորդել մարդկանց։ Պրոֆեսորը այլայլվեց ու հարցրեց.
    - Ով եք դու՞ք, ինչպե՞ս է ձեր ազգանունը:
    - Իմ աշխարհական ազգանունն է Ստրելցով Պյոտր Անդրեյեվիչ, իսկ այժմ հայր Արսեն՝ հատուկ ճամբարի բանտարկյալ, ինչպես և դուք։
    - Պյոտր Անդրեյեվի՜չ, ներեցե՛ք ինձ, ներեցե՛ք, ես չէի կարող պատկերացնել, որ նշանավոր արվեստաբան, հին ռուսական կերպարվեստի և ճարտարապետության մասին մի շարք աշխատությունների, բազում այլ հետազոտությունների հեղինակ, շատ գիտնականների ուսուցչին կարող էի հանդիպել այստեղ, այն էլ հոգևորականի տեսքով, ու նրան տայի ինչ-որ հիմար հարց: Երկար ժամանակ լուր չկա ձեր մասին։ Ձեզ անձամբ չեմ ճանաչել, բայց ձեր աշխատություններին լավ ծանոթ եմ: Լինելով նշանավոր գիտնական ինչպե՞ս կարողացաք դառնալ հոգևորական։
    - Նրա համար, որ ամեն ինչի մեջ տեսնում եմ Աստծո ներկայությունը, առավել ևս հասկացա, որ քահանան պետք է շատ բան իմանա: Իսկ եթե խոսենք ռուս հոգևորականության մասին, ապա դա այն ուժն է, որ կայացրեց ռուսական պետականությունը XIV - XV դարերում, օգնելով Ռուսաստանին ազատվելու թաթարական ծանր լծից. - ասաց նա որպես վերջակետ իր խոսքի, ու գնաց իր կիսատ գործին:
    Բոլորը, այդ թվում Ավսեյենկովը, ապշած էին: Նա նկատեց, որ բարաքի մտավորականների վերաբերմունքը կտրուկ փոխվեց հայր Արսենի նկատմամբ: Ինքը լինելով գաղափարական կոմունիստ` հավատում էր մարքսիզմին, և գաղութի առաջին տարիներին նա մտերմացավ մի քանի կոմունիստների հետ: Շփվելով նրանց հետ, նա հասկացավ, որ այդ մարդկանց միակ նպատակն էր վերադառնալ նախկին հարմարավետ կյանքին և բնավ չէին էլ մտածում հասնելու արդարության, պայքարելու Ստալինի վայրագությունների դեմ: Հիասթափված հեռացավ նրանցից ու հասկացավ թե ինչպիսի խաբկանքի և ստի մեջ է եղել ամբողջ կյանքում: Նա արդեն հստակորեն տեսնում էր իր շրջապատի իրական կյանքի լույսն ու ստվերը: Հայր Արսենի բարությունը, գթասրտությունը, վարվելակերպը մարդկանց մարդկանց հանդեպ, մշտապես դիմացինին օգնելու պատրաստակամությունը հիացրել էր նրան:
    Անսահման սերը Աստծո հանդեպ, մշտական աղոթքները սկզբում վանում էին Սազիկովին՝ հայր Արսենից, բայց միևնույն ժամանակ անբացատրելի մի ինչ որ ուժ նրան ձգում էր դեպի հայր Արսենը: Նրա հետ շփվելիս իրեն լավ էր զգում, ու դժվարությունները, վիշտը, ճամբարային հալածանքները կարծես մեղմանում էին։ Իսկ թե ինչու՞, ինքն էլ չգիտեր:
    Պարզվեց, որ Սազիկովը մի նշանավոր հանցագործ էր, այն էլ խիստ դաժան: Հանցագործ «ախպերությունը» նրան գիտեր, մի խոսքով միութենական մասշտաբի «օրենքով գող»:
    Շատ շուտով նա ամբողջ բարաքը հնազանդեցրեց իրեն, կապեր հաստատեց ամբողջ ճամբարի քրեական տարրերի հետ: Նրանից վախենում էին բոլորը, սակայն բարաքի գործերին նա չէր խառնվում: Բուժվելուց հետո, մի քանի ամիս նա հայր Արսենին կարծես թե չէր նկատում, շատ սառն էր նրա նկատմամբ: Մի անգամ աշխատավայրում նա վնասեց ոտքը և հինգ օր պառկեց բարաքում: Ոտքը սկսեց փտել. անդամահատության վտանգ կար: Երկրորդ անգամ հայր Արսենը հասավ նրան օգնության իր աղոթքներով ու հոգատարությամբ: Սազիկովը ի նշան շնորհակալության, չնայած կոպտությամբ, բայց այնուամենայնիվ փորձեց իր բաժին կերակուրը տալ նրան, իսկ հայր Արսենը ժպտալով ասաց.
    - Դրա համար չեմ անում, այլ ձեր համար, ձեր միջի մարդո՛ւ համար:
    Այդ խոսքերից մեղմացավ Սազիկովը և ասաց. Չե՛մ հավատում մարդկանց, իսկ պոպերին ընդհանրապես պետք չէ հավատալ, իսկ ձեզ Պյոտր Անդրեյեվիչ հավատում եմ, դուք ձեր Աստծո հետ եք ապրում, բարություն եք անում մարդկանց, - ու հոգոց անելով, շարունակեց, – իմ խեղճ ու տանջված մա՛յրն էլ էր այդպիսին։

Սազիկով Իվան Ալեքսանդրովիչի, Ավսեյենկով Ալեքսանդր Պավլովիչի ու մի շարք նախկին բանտարկյալների հուշերից:

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ

    Դաժան ցուրտ էր: Շատերն էին մահանում ցրտահարությունից: Դժվար էր բոլորի համար, նամանավանդ քաղաքականների: Քրեականները ինչպես միշտ խլում էին նրանց կերակուրը, որը նրանց միակ մխիթարությունն էր այստեղ։ Ստացվեց այնպես, որ քրեական տարրը երկու օր շարունակ խլեց քաղաքականների ողջ օրապահիկը:
    Երկրորդ օրը երեկոյան, բարաքի փակվելուց հետո կռիվ սկսվեց: Կռվում էին քրեականներն ու քաղաքականները մինչև մահ՝ Հացի համար: Քաղաքականներին ղեկավարում էր Ավսեենկովը մի քանի զինվորականների հետ միասին, իսկ քրեականներին՝ Իվան Կարին անունով, մի անուղղելի Հանցագործ, մարդասպան, խուլիգան: Ճամբարում նա քիչ մարդ չէր սպանել, սիրում էր թղթախաղը մարդկային կյանքի դիմաց։
    Քաղաքականները արդարություն էին պահանջում, իսկ քրեականները հոխորտալով պատասխանում էին. «Վերցրել ենք ու էլի պիտի վերցնենք»: Նրանք շատ լավ գիտեին, որ ճամբարի ղեկավարությունը երբեք չի պաշտպանի քաղաքականներին, քանի որ լռակյաց խրախուսում էին այդ գողություններն ու անօրենությունները։
    Սկզբում ձեռնամարտ էր գնում, հետո մի քանի հանցագործներ հանեցին դանակները: Ճամբարում` դրանք արգելված էին, մշտական ստուգումներն ու փնտրտուքները ոչ մի արդյունք չէին տալիս, միևնույն է հանցագործների մոտ պետք եղած ժամանակ դանակը միշտ հայտնվում էր: Մի զինվորականի սպանեցին, մի քանիսին գլխից ծանր վիրավորեցին: Քրեականները գործում էին կազմակերպված, իսկ քաղաքականները միայն գոռում էին` վախենալով պաշտպանել յուրայիններին:
    Քրեականները դանակահարում էին դաժանորեն, նրանք հաղթում էին քաղաքականներին, անխնա արյուն էր թափվում: Հայր Արսենը վազեց Սազիկովի մոտ ու խնդրեց.
    - Օգնեցե՜ք, օգնեցե՛ք, Իվան Ալեքսանդրովիչ, սպանում են մարդկանց, շուրջ բոլորը արյուն է: Ի սեր Աստծո, խնդրում եմ, ձեզ կլսեն, դուք կարող եք դադարեցնել այս սպանդը: Սազիկովը ծիծաղեց և ասաց.
    - Ինձ կլսեն, բայց դու քո Աստծով օգնիր: Նայի՛ր, հիմա Իվան Կարին քո Ավսեյենկովին կդանակահարի, երկու հոգու արդեն փրթել է, իսկ քո Աստվածը շա՜տ հեռու է։
    Նայեց հայր Արսենը` արյունոտ մարդկանց ամբոխին. բացականչություննե՛ր, հայհոյանքնե՛ր, տնքոցներ, այդ բոլորը նրա հոգուն խոր ցավ պատճառեցին: Եվ անսպասելի բարձրացնելով ձեռքերը, գնաց կանգնեց կռվողների մեջտեղն ու գոչեց.
    - Հիսուս Քրիստոսի Անունով հրամայո՛ւմ եմ ձեզ` վե՛րջ տվեք, - ապա խաչակնքեց բոլորին և ցածրաձայն ասաց, - վիրավորներին օգնե՛ք արյունաքամ չլինեն, - ու գնաց դեպի իր մահճակալը: Կանգնեց ու սկսեց աղոթել, ասես թե ոչինչ չէր լսում: Քար լռություն տիրեց բարաքում, միայն լսվում էր վիրավորների տնքոցները: Բոլորը ապշած էին տեղի ունեցածից: Իսկ Սազիկովը մոտենալով նրան, ասաց.
    - Ներեցե՛ք հայր Արսեն, ես կասկածեցի ու թերահավատություն արեցի, հիմա տեսնում եմ, որ Աստված կա: Անգամ ես եմ վախենում: Աստծուն հավատացողն իսկապես ուժեղ մարդ է։ Ու ներեցե՛ք, որ ծաղրեցի ձեզ։
    Երկու օր հետո Ավսեենկովը մոտեցավ հայր Արսենին.
    - Շնորհակալ եմ հայր Արսեն, հարգելիս, դուք փրկեցիք իմ կյանքը: Տեսնելով ձեր անսահման հավատքն առ Աստված ես էլ եմ սկսում հավատալ, որ իսկապես Աստված կա՛:
    Կյանքը բարաքում ընթանում էր առաջվա նման, մարդիկ ապրում էին և որոշ ժամանակ հետո գնում էին պառկելու սառը հողի տակ, նրանց փոխարինելու էին գալիս ուրիշները:
    Իսկ հացի գողությանը վերջ տրվեց, ու եթե պատահաբար այդպիսի բան էր տեղի ունենում, քրեականները հենց իրենք էին պատժում յուրայիններին: Հայր Արսենն աշխատում էր բարաքում, սարսափելի հոգնում էր, քայքայվում էր ինչպես բոլոր բանտարկյալները, բայց աղոթքի միջոցով կանգուն էր մնում: Նա իր բարությամբ, քաղցր ու սիրալիր խոսքով մխիթարում էր շատ-շատերին: Ով ուզում էր լիներ՝ հավատացյալ, կոմունիստ թե հանցագործ կամ ինչ-որ բանտարկյալ, յուրաքանչյուրի համար նա ուներ առանձին մի բարի խոսք, որն անհրաժեշտ էր տվյալ մարդուն:
    Այնպես ստացվեց, որ աննկատելիորեն մտերմացան Սազիկովն ու Ավսեենկովը։ Պարզ երևում էր, որ հանցագործի և կոլեգիայի նախկին անդամի միջև ոչ մի ընդհանուր բան չկար, բայց նրանց մտերմացնողը առ Աստված հավատքն էր՝ հայր Արսենի միջոցով ծիլ տված նրանց սրտերում:

ՄԱՅՈՐԻ ԿԱՆՉԸ

    Հայր Արսենը զբաղված էր ամենօրյա աշխատանքով` Հավաքում էր` բարաքը, վառարաններն էր տաքացնում: Հսկիչ Ուրախը Հաճախակի էր գալիս ստուգման: Այդ օրը նա երեք անգամ եկավ, անվերջ հայհոյեց, խփեց հայր Արսենի դեմքին, սպառնաց ու ծիծաղելով դուրս եկավ։ Իսկ երեկոյան հայր Արսենին կանչեցին հատուկ բաժին:
    Երեկոյան կանչը վատ կանխանշան էր: Ասում էին հատուկ բաժնի պետ էր նշանակվել մի նոր մայոր: Բանտարկյալները սարսափում էին հատուկ բաժնից: Հոգի մաշող հարցաքննությունները ստիպում էին մարդկանց դառնալ գաղտնի գործակալ, մերժման դեպքում ահավոր ծեծում էին: Փորձում էին նոր, չբացահայտված գործեր սարքել մարդկանց վրա:
    Հատուկ բաժնում աշխատում էին քսանհինգ աշխատակիցներ, բոլորն էլ տուգանային զորամասերից ուղարկված այստեղ «ուղղվելու»։ Նրանց մեծ մասը լավ խմողներ էին ու դաժանաբար հարցաքննել գիտեին, կարողանում էին մարդկանց տեղը տեղին ծեծել, մինչև մի բան կորզեին:
    Հայր Արսենին ընդունեց քսանյոթ տարեկան մի լեյտենանտ: Սկսվեց ինչպես միշտ սովորականի պես, անուն ազգանուն, ի՞նչ հոդվածով ես դատապարտվել, սպառնալիքներ, որ մենք ամեն ինչ գիտենք, պատմի՛ր ամեն ինչ, ցուցմունք տու՛ր ի՞նչ է կատարվում ճամբարում:
    Հայր Արսենը պատասխանեց ստանդարտ Հարցերին ու սկսեց մտքում աղոթել: Լեյտենանտը թունդ հայհոյելով ձեռքը խփեց սեղանին ու սպառնալից ասաց
    - Հիմա կգնաս մայորի մոտ, այնտե՛ղ կխոսես, - ու վեր կացավ տեղից ու դուրս գնաց։ Տասը րոպեից վերադարձավ ու նրան տարավ մայորի մոտ: Քաջ գիտենալով ճամբարային օրենքները, հայր Արսենը հասկանում էր, որ իր գործերը վատ են։
    - Մեզ մենակ թողե՛ք, - հրամայեց մայորը, ապա վերցրեց արձանագրությունը և մոտեցավ ամուր փակեց դուռը:
    Հայր Արսենը կանգնած աղոթում է. «Տեր ողորմի՜ր ինձ, մեղավորիս»:
    Մայորն ավարտեց գործի ընթերցումը և անսպասելի ու շատ հասարակ, բարեհամբույր ձայնով ասաց.
    - Ներեցե՛ք ինձ Պյոտր Անդրեյևիչ, այդ ես եմ ձեզ կանչել տվել, նստեցեք խնդրեմ:
    Հայր Արսենը կրկնելով. «Տեր ողորմի՜ր մեղավորիս, իմ հույսը դու ես»։ Հիմա կսկսվի, - մտածեց նա:
    Մայորը լուռ թերթում էր գործը: Նայեց այնտեղի լուսանկարին, հետո գլուխը բարձրացնելով դիմացի նստածին, կարծես համոզվելու համար որ նույն մարդիկ են, արձակեց կիտելի կոճակը ու ծոցագրպանից մի թուղթ հանեց և ասաց.
    - Վերցրե՛ք սա, Վերա Դանիլովնայի նամակն է, նա ողջ առողջ է, շու՛տ կարդացեք։
    «Թանկագին հայր Արսեն. Աստծո ողորմությունն անսպառ է, Նա պահպանել է մեզանից շատերին։ Աղոթե՛ք մեզ համար: Վերա»: Դա անշուշտ Վերա Դանիլովնայի ձեռագիրն էր, քույր Վերայի, իր ամենահարազատ հոգեզավակներից մեկի։ Կասկած չկար, որ հենց ինքն էր գրել։
    Մայորը վերցրեց գրությունը և այրեց։ Երկուսն էլ լռեցին:
    «Տեր շնորհակալ եմ, որ լուր ստացա իմ զավակներից, շնորհակալ եմ Քո մեծ ողորմության համար», աղոթում էր հայր Արսենը մտքում։
    Մայորը հասկանում էր նրա զարմացած և այլայլված վիճակը: Նայելով հայր Արսենին նա տեսնում էր տանջված, հալածված մի ծերունու, կարճ մորուքով, հնամաշ բամբակյա բաճկոնով և անդրավարտիքով: Իր սեղանին դրված գործից նա իմացավ, որ ծերունին մեծ անցյալ է ունեցել: Նշանավոր գիտնականի ընտանիքից է սերվել, ավարտել է Մոսկվայի Համալսարանը, հայտնի է որպես փայլուն արվեստաբան՝ Սովետ միությունում և ամբողջ աշխարհում, Հին ռուսական գեղանկարչության ու ճարտարապետության մասին խորը հետազոտությունների հեղինակ, միաժամանակ հոգևորական՝ մեծ ու հզոր համայնքի հովիվ, որն ինչպես «օրգաններն» են կարծում` չկազմաքանդված, անգամ նրա ձերբակալությունից ու երկար տարիներից հետո։
    Ծերունին ապրելով ազատության մեջ կարողացել է համատեղել խորը հավատքը գիտության հետ և իր գրքերում միշտ փառաբանել էիր հայրենիքի գեղեցկությունը և հորդորել է հավատարմորեն սիրել այն:
    Այժմ նա տեսնում էր, որ ծերունու մեջ ամեն ինչ ոչնչացել է, և իր առջև նստած մարդը ոտնահարված ու կոտրված է, իսկ մահը շուտով վրա կհասնի և չի ուշանա:
    Կնոջ խնդրանքով էր, որին անսահման սիրում էր, և Վերա Դանիլովնայի, որը մի քանի անգամ օգնել էր իր կնոջն ու դստերը, որ հանձն առավ գնալ այդ ռիսկային քայլին: Վերան բժշկուհի էր: Նա փրկել էր մայորի ամենահարազատ մարդկանց կյանքը: Իսկ համատարած մատնությունների պայմաններում նրա համար շատ դժվար էր ճամբարում օգնել որևէ մեկին, բայց նա գնաց այդ քայլին հանուն նրանց:
    Հայր Արսենն ինքն իր մեջ պարփակված աղոթում էր, կարծես թե չէր տեսնում մայորին, չէր զգում թե որտեղ է գտնվում: Հետո գլուխը բարձրացրեց, նայեց մայորին և ասաց.
    - Շնորհակա՛լ եմ ձեզանից, այս բարի լուրի համար, Աստծո անունից շնորհակալ եմ:
    Մայորը նայեց նրա աչքերին ու հասկացավ, որ իր առջև հալածված ծերունի չէր, ինչպես որ քիչ առաջ էր մտածում, այլ ինչ որ «հատուկ», ու ոչ սովորական մի մարդ, որին ճամբարային տարիները չէին կարողացել ընկճել, այլ ընդհակառակը նա հոգևորապես ավելի էր զորացել, իսկ աչքերում փայլում էր անհասկանալի մի լույս։ Մայորը մինչ այդ երբեք նման հոգևորապես Հզոր ու բարի մարդ չէր տեսել:
    Մայորը հասկացավ, որ հայր Արսենը կարողանում էր տեսնել մարդու մեջ ամենաթանկագինը` հոգին, և կարողանում էր կարդալ մարդկային մտքերը:
    Հայր Արսենը հայացքը սևեռել էր ինչ-որ կետի, ապա կանգնեց, ու կարծես կերպարանափոխվելով, խաչակնքվեց մի քանի անգամ, խոնարհվեց ինչ-որ մեկի առաջ։ Մայորին թվաց թե իր առջև կանգնած է ոչ թե պատառոտված հագուստով մի ծերունի, այլ եկեղեցական հագուստներով զգեստավորված քահանա, ով խորհրդավոր կարգ է կատարում Աստծո առաջ: Մարմնով դող անցավ այդ անհասկանալի խորհրդավորությունից, հիշեց իր մանկությունը, երբ մայրն իրեն տանում էր գյուղական եկեղեցի, կիրակի ու մեծ տոներին պատարագների էին մասնակցում, սուրբ հաղորդություն առնում, և այդ հիշողություններից նրա հոգին մոռացված ու քաղցր բարությամբ պարուրվեց։
    Հայր Արսենը նստեց: Մայորի առջև նորից նույն հալածված, հնամաշ հագուստներով ծերունին էր, բայց աչքերը առաջվա նման դեռ փայլում էին:
    Պյոտր Անդրեյեվիչ, ինձ ուղարկեցին այստեղ աշխատելու, և իմացա, որ այստեղ եք։ Երբ եղա Մոսկվայում ասացի Վերա Դանիլովնային, նա էլ այդ նամակը տվեց: Մի խնդրանք ունեմ, օգնե՛ք այստեղ գտնվող մի կալանավորի, որն ապրում է ձեր բարաքում, խոսքը Ալեքսանդր Պավլովիչի մասին է:
    - Հասկացա, կօգնեմ, ամեն ինչ կփոխանցեմ: Հասկանում եմ, դժվար է ձեզ համար այստեղ Սերգեյ Պետրովիչ, դեռ չեք հարմարվել նոր աշխատանքին, բայց խնդրում եմ հնարավորությունների ներածին չափով եղեք բարի, դա կլինի մեծ օգնություն բանտարկյալներին, ու նաև ձեր հոգուն:
    - Այո՛ դժվար է, հիմա ամեն տեղ դժվար է, – ասաց մայորը, - դրա համար էլ այստեղ հայտնվեցի: Սրտիցս արյուն է կաթում, երբ տեսնում եմ թե ինչ է կատարվում շուրջս։ Քննություններ, անվերջ մատնություններ, գաղտնի հրահանգներ մեկը մյուսից սպառնալի, շատ քիչ եմ կարողանում անել, ի համոթ ինձ եմ ասում, բայց վախենում եմ: Հսկիչ Պուպկովը մատնություն է անում ձեր դեմ, բացահայտ չի սիրում ձեզ, բայց կհեռացնենք նրան, կնշանակենք` ավելի բարեկիրթ մեկին։ Գիտեմ, որ դժվար է Պյոտր Անդրեյեվիչ, շատ քիչ բանով կարող եմ օգնել: Ձեզ կկանչեմ լեյտենանտ Մարկովի միջոցով, ով ձեզ քիչ առաջ հարցաքննեց, նա դժվար մարդ է, կասկածելի, դրանով էլ նրան կբռնացնեմ: Կհրահանգեմ, որ ձեր վրա հատուկ հսկողություն սահմանի, իսկ հարցաքննելուց հետո ուղարկի ինձ մոտ: Մի՛ մտահոգվեք, հատուկ հսկողությունը ձեզ չի վնասի, անձնական գործի մեջ էլ չի արձանագրվի, Ալեքսանդր Պավլովիչին ասեք, որ գեներալ Ամբրոսիմովը պաշտոնազրկվել է մայորի աստիճանի և այստեղ է։ Վերևներում շատերն են հիշում նրան, բայց օգնել չեն կարողանում: Մի քանի անգամ դիմել են գլխավորին (Ստալինին), պատասխանել է. «Թո՛ղ նստի», իսկ տեղակալը ձգտում է իսպառ ոչնչացնել նրան: Շատ բան գիտի Ալեքսանդր Պավլովիչը, գաղափարական է, շիտակ, իսկ այդպիսիններին չեն սիրում: Հրաման տվեցին վերացնել, բայց Գլխավորը հավանություն չտվեց։ Ձգտում են զարտուղի ճանապարհներով` հանցագործների միջոցով վնասել, հիմա էլ բանդիտ Իվան Կարիին են փորձում օգտագործել այդ գործում: Փոխանցեք` Ալեքսանդր Պավլովիչին այս գրությունը, որ իր կնոջից է, դա նրան կօգնի դիմանալ։ Սատարե՛ք նրան: Թող զգուշանա ձեր բարաքում ապրող Սավուչկինից նախկին մարզկոմի քարտուղարից, մատնություններ է գրում նրա դեմ: Դուք պետք է արձանագրությունը ստորագրեք, իսկ ես հետո այն կլրացնեմ:
    Հայր Արսենը մեղմորեն ժպտաց, վերցրեց մաքուր թուղթը և ստորագրեց.
    - Գրե՛ք ինչ որ պետք է:
    Մայորը կանգնեց, մոտեցավ հայր Արսենին, բռնեց նրա ուսերից և անսպասելի ասաց.
    - Հիշե՛ք և ինձ ձեր աղոթքներում:
    Ու Հայր Արսենը հաճելի զգացմունքներով, անընդհատ Աստծուն փառաբանելով վերադարձավ բարաք: «Տեր օրհնյալ լինի Քո անունը, շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր մեծ ողորմությունդ, ու Տեր ողորմի՛ր ինձ մեղավորիս նույնպես»:
    Ճամբարում չգրված օրենք կար, կանչել են բանտարկյալին Հատուկ բաժին ու վերադարձավ, մի՛ մոտեցիր ու մի՛ հարցաքննիր մարդուն, եթե պետք լինի ինքը կպատմի: Հայր Արսենը ամբողջ գիշեր աչք չփակեց, աղոթք էր անում ու մտածում Աստծո անքննելի և անզննելի գործերի մասին, իսկ առավոտյան վեր կացավ ու հանգիստ սրտով սկսեց զբաղվել իր գործերով:
    Հսկիչ Պուպկովը` Ուրախը, երկու անգամ մտավ բարաք նայեց հպանցիկ հայացքով ու ասաց.
    - Պո՛պ, լավ տնտղեցի՞ն քեզ հատուկ բաժնում, ոչի՜նչ կգա ժամանակ քոնը կստանաս, - և ծիծաղելով դուրս գնաց:
    Երեկոյան ընթրիքից հետո հարմար պահին, հայր Արսենը դիմեց Ավսեյենկովին.
    - Ալեքսանդր Պավլովիչ օգնեք ինձ վառելիքը կոտրենք, այլապես չեմ հասցնի մինչ ստուգումը:
    Հայր Արսենի հավաքած չոր կպչանը այլևս չէին գողանում, որոնք բարաքի հետնամասում էր: Ստուգմանը մնացել էր մեկ ժամ, իսկ լուսարձակները լուսավորում էին ճամբարը, այնպես որ կարելի էր գիշերով էլ փայտ կոտրել։ Աշխատելու ժամանակ հայր Արսենն շշուկով ասաց.
    - Ես հիմա ցախը կտամ, իսկ դուք գրությունը վերցրեք, կարդացե՛ք ու կուլ տվեք. մնացածը կպատմեմ հետո:
    – Ի՞նչ գրություն, - ապշեց Ավսեյենկովը վերցնելով փայտը, հետն էլ գրությունը, ապա կանգնեց լուսարձակի տակ, իբրև թե ցախն է ուսումնասիրում ու սկսեց կարդալ գրությունը։ Կարդաց մեկ անգամ, երկրորդ, ու անսպասելիությունից աչքերից արցունքներ հոսեցին:
    Հայր Արսենը շշնջաց.
    – Կո՛ւլ տվեք գրությունը, - և ավելացրեց, - հավաքե՛ք ձեզ: Մինչ ցախը կոտրեցին ու հավաքեցին, նա պատմեց, թե ինչ է իրեն ասել Ամբրոսիմովը, պատմեց նաև, որ իրենց վտանգ է սպառնում։
    - Պյոտր Անդրեյևիչ, հա՛յր Արսեն, ես Աստծուն չէի հավատում, բայց այստեղ սկսեցի հավատալ, և պե՛տք է հավատալ։ Նամակը կնոջիցս է՝ Կատերինայից, նաև գրություն կար իմ ընկերոջից` մեծ հեղինակավոր մարդ է, ցանկանում է օգնել: Հին հետախույզ է, անվախ, մարդկային խիղճը դեռ չի մահացել, դեռ կան այնտեղ մարդիկ, ոչ բոլորն են ապականվել: Կատերինան գրում է, որ Աստծուն աղոթում է ինձ համար, և իրոք աղոթում է, իսկ դուք այստեղ, այս դժոխքում օգնում եք սիրտս ջերմացնում, մենակ չեք թողնում ինձ իմ մտքերի հետ և ոչ միայն ինձ, այլ շատ շատերին եք սատարում: Ինչպե՞ս փոխվեց Սազիկովը, այդ դաժան, սարսափելի մարդը մեղմացել է, հավատում է ձեզ և Աստծուն: Դուք չեք տեսնում, բայց ես տեսնում եմ, չէ՛, դուք չեք, այլ ձեր Աստվածն է այդ բոլորը կատարում ձեր միջոցով: Չգիտեմ ես կդառնամ խորը հավատացյալ թե ոչ, բայց լավ գիտեմ ու տեսնում եմ, որ նա կա՛, - իսկապես Աստված կա՛:
    Վառելիքը տարան բարաք, իջավ մահճակալից, Սազիկովը մոտեցավ և օգնեց նրանց: Հայր Արսենը պատմեց նրան, թե ինչ էր խոսել հատուկ բաժնի պետի հետ, նաև այն, որ Ավսեյենկովին ուզում են վնասել հանցագործների միջոցով և խնդրեց, որ զգույշ լինեք.
    - Օգնե՛ք Սերաֆիմ Ալեքսանդրովիչ, - երբ առանձին էին նա Սազիկովին կոչում էր Սերաֆիմ, իսկ բոլորի մոտ` Իվան։ Նա վստահում էր Սազիկովին, քանի որ խիստ փոխվել էր:
    - Հազվագյուտ դեպք է, - ասաց Սազիկովը, – կօգնե՛նք, կպահպանե՛նք Ալեքսանդր Պավլովիչին։ Նա լավ մարդ է, կօգնենք մի մտահոգվե՛ք, մենք էլ մեր ձևերն ունենք, տղերքին կասեմ կպահպանե՛ն:

(Ավսեյենկովի, Ամբրոսիմովի, Սազիկովի, հայր Արսենի հուշերից)

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    Վերջապես ձմեռն իր տեղը զիջեց գարնանը: Հիվանդություններն ու մահերը ավելի շատացան, լնդախտն իր տարբեր ձևերով ընդգրկել էր ողջ ճամբարը: Հիվանդանոցում այլևս տեղ չկար, մարդիկ պառկում էին նաև բարաքում:
    Հայր Արսենը շատ թույլ էր, բայց իր պարտականությունները կատարում էր։ Օրերը տաքացան, խոնավություն ու ցեխ էր ամենուրեք: Բարաքը տաքացվում էր ամեն օր, որպեսզի պատերը չբորբոսնեին խոնավությունից: Հայր Արսենը չնայած որ հազիվ էր շարժվում, բայց առաջվա պես օգնում էր ում կարողանում էր, դա ջերմացնում էր մարդկանց սրտերը, նա օգնում էր առանց ակնկալիքների` կմոտենար, կօգներ ու լուռ կհեռանար:
    Հսկիչ Ուրախին՝ Պուպկովին, տեղափոխեցին ուրիշ աշխատանքի: Եկավ նոր Հսկիչ՝ լռակյաց, պահանջկոտ, բայց շատ արդարացի: Բանտարկյալները միանգամից նկատեցին այդ ու նրա անունը կնքեցին Արդար: Նա խստորեն պահանջում էր, որ պահպանվեն ճամբարային օրենքները, նամանավանդ հետևում էր մաքրությանը։ Չէ՛ր ծեծում ու գրեթե չէր հայհոյում:
    Եկավ ամառը, շատ կարճ, բայց սարսափելի շոգ, մոծակների հոգի մաշող ու նյարդայնացնող խայթոցներով: Բարաքը չէին տաքացնում: Հայր Արսենին` տարիքի և թույլ առողջության պատճառով ծանր աշխատանքների չէին ուղարկում, ու նա զբաղվում էր բարաքի ներքին մաքրությամբ։ Հատուկ բաժին կանչեցին երկու անգամ: Մի անգամ նրան հարցաքննեց միայն լեյտենանտը, իսկ երկրորդ անգամ հարցաքննելուց հետո տարավ մայորի մոտ: Մայորը նյարդայնացած տեղեկացրեց.
    - Շատ խառնակ ժամանակներ են, խստությունները սաստկացել են, մատնությունները շատացել, ճամբարում ես մեծ դեմք եմ, բոլորը վախենում են ինձանից, անգամ ճամբարի պետը, բայց ոչ մեկին օգնել չեմ կարող։ Հավատարիմ մարդիկ չկան, կապող օղակ չկա: Չգիտեմ թե երբ ձեզ կկանչեմ, կարճ ասած վախենում եմ, բայց ձեզ և Ալեքսանդր Պավլովիչին մի վայրկյան անգամ չեմ մոռանում: Գրություն կա, փոխանցե՛ք մեր ծանոթին: Մոսկվայում նա մոռացված չէ, արձանագրությունը ստորագրե՛ք, ես նախապես լրացրել եմ: Շատ վատ բաներ են կատարվում. ես էլ ստիպված դրանց մասնակիցն եմ:
    Հայր Արսենը նամակը փոխանցեց Ավսեյենկովին, սա էլ դրանից շատ ոգևորվեց և ապրելու հույսն ավելացավ։

ՇՏԱՊԵ՛Ք ԲԱՐԻՔ ԳՈՐԾԵԼ

    Վերջին ժամանակները հայր Արսենը շատ շուտ էր հոգնում, բանտարկյալները չէին կարողանում օգնել նրան, չնայած շատերն էին ուզում:
    Աղոթքի շնորհիվ էր կանգուն մնում: Նրան ճանաչողներին թվում էր, թե նա ճամբարում չի ապրում, այլ ինչ որ մի հեռու վայրում, միայն իրեն հայտնի ինչ-որ լուսավոր աշխարհում: Աշխատելիս նա անձայն աղոթում էր ու հանկարծ լուսավոր ժպիտ էր հայտնվում դեմքին, առույգանում էր, իսկ ուժերը վերականգնվում էին, բայց ոչ մի անգամ իր ներքին խորը իրավիճակը չէր խանգարում, որ տեսնի շրջապատողների դժվարությունները և հնարավորինս հասնի օգնության, թեկուզ մի բարի հուսադրող խոսքով։ Հավատացյալ մարդիկ հայտնապես տեսնում էին նրա լուսավոր հոգին՝ մշտապես գտնվող Աստծո տաճարում, աղոթական վիճակում, մշտապես ձգտող բարին արարելու: Օգնելով մարդուն նա չէր մտածում, թե ով է դիմացինը և ի՞նչ կմտածի իր մասին, ամեն ինչ արվում էր անշահախնդրորեն, դրա համար էլ բարաքի վերաբերմունքը փոխվել էր նրա նկատմամբ: Շատերն արդեն ուրիշ աչքերով սկսեցին նայել Աստծուն ու հավատքին, հասկացան, որ նրանք բնավ էլ «խավարամոլներ» չեն։ Իսկ հավատքով մարդիկ նրա մեջ տեսնում էին Տիրոջ քահանայի, հոգևոր առաջնորդի, որը կատարելության է հասել և արիաբար կրում է այդ դժվարին սխրանքը։
    Հանցագործները հարգում էին նրան ու պաշտպանում էին, իրենց իմացած ձևով։ Ու հաճախ էին հանցագործները հոգևոր հարցերով Հայր Արսենին օգնությանը դիմում: Նրանք շատ լավ տեսնում էին, որ հայր Արսենն իրեն հեռու չի պահում բոլորից, այդ թվում և դաժան «գողականներից»։
    Իսկ ամենակարևորը, նա ոչ մեկից չէր վախենում:

«ԵԹԵ ԵՐԿՈՒ ՀՈԳԻ ԻՄ ԱՆՈՒՆՈՎ ՀԱՎԱՔՎԵՆ…»

    Մի անգամ ձմռանը, նոր եկած էտապից բարաքում հայտնվեց քսաներեք տարեկան մի երիտասարդ։ Ուսանող 58-րդ հոդվածով` քսան տարվա դատապարտված: Ճամբարային կյանքի գիտությանը դեռ հասու չէր: Դատավճռից հետո` Բուտիրկա, այնտեղից էլ ուղիղ այս հատուկ ճամբար։
    Երիտասարդ էր, ինչպես ասում են «կանաչ» էր դեռ դժվար էր հասկանում, թե ինչ էր իր հետ կատարվել, երբ ընկավ հատուկ ճամբար ու միանգամից բախվեց հանցագործների հետ: Նա լավ էր հագնված, երևում էր, որ էտապի ճամփեքին չէին հասցրել նրան կողոպտել։
    Իվան Կարին իր հանցագործների հետ երբ տեսան նրան, որոշեցին «ուղղել» այդ սխալը։ Եվ թղթախաղ սկսեցին՝ կոնի վրա դնելով տղայի հագուստները։ Բոլորը հասկանում էին, որ կխլեն խեղճի շորերը և ոչ ոք, ոչինչ ասել չի կարող, անգամ Սազիկովը չէր կարող խախտել ճամբարային այդ սովորույթը: Օրենք էր, լռի՛ր ու մի խառնվի՛ր, խառնվես կսպանեն: Այն բանտարկյալները, որոնք երկար էին դեգերել ճամբարներով, գիտեին, եթե խաղում են իրենց հագուստների վրա, ապա դիմադրությունն անիմաստ է` ստույգ մա՛հ է սպառնում, ավելի լավ է ինքդ հանես տաս:
    Իվան Կարին տղայի բոլոր հագուստները «կրեց», ապա մոտեցավ նրան և ասաց.
    - Դե՛ ջահել, հանի՛ր քրջերդ։
    Ու սկսվե՛ց: Նրա անունը Ալեքսեյ էր: Սկզբում ոչինչ չհասկացավ, մտածեց կատակ են անում, հետո հասկացավ և որոշեց, որ չի՛ տա. երբե՛ք։
    Իվան Կարին որոշեց «կատակերգություն» ցուցադրել բարաքը համար, ու սկսեց սիրալիր ժպիտով համոզել, հետո անցավ գործի: Ալեքսեյը դիմադրեց, բայց բարաքը գիտեր, որ տղան կծեծվի, անգամ մահվան աստիճան, և մեծ «համերգ» կլինի: Բոլորը լուռ նայում էին, թե ինչպես է Կարին դաժանորեն ծեծում նրան: Ալեքսեյը փորձում էր դիմադրել, բայց` ապարդյուն, արյունն արդեն շիթերով էր հոսում դեմքից։ Հանցագործները կատակի համար բաժանվեցին երկու մասի, և մի մասը «սատարում» էր Ալեքսեյին:
    Հայր Արսենն այդ «համերգի» ժամանակ գտնվում էր բարաքի մյուս ծայրում, ու սկիզբը չէր տեսել։ Նա փայտերը ձեռքին մոտեցավ վառարանին, տեսավ, թե ինչպես է Իվան Կարին մահվան աստիճան ծեծում ուսանողին, իսկ սա ընդամենը փորձում է ձեռքերով փակել դեմքը։ Տղան արյան մեջ թաթախված էր։ Խեղճի վերջը կգա, - մտածեց նա։
    Ծերունին լռությամբ փայտերը չարեց վառարանի մոտ ու հանգիստ մոտեցավ կռվողներին և բարաքի ապշած հայացքի ներքո օդում բռնեց Իվան Կարիի ձեռքը։ Սա սկզբից զարմացավ, ապա նույնիսկ ուրախացած բացականչեց.
    - Պոպը խախտե՛ց օրենքը, կռվի մեջ մտավ, դրա համար հասնում է նրան սպանել։
    Ատում էր նա Հայր Արսենին, բայց բարաքից վախենալով չէր կարողանում դիպչել նրան, իսկ հիմա նա ինքն իր ոտքով ընկավ իր ձեռքը։ Օրենքը թույլատրում էր, և ոչ ոք չէր կարող պաշտպանել նրան: Կարին թողեց Ալեքսեյին և ասաց.
    - Դե՛ պոպ, երկուսիդ վերջն էլ եկել է, սկզբից ուսանողին, հետո էլ քեզ կսպանեմ:
    Բանտարկյալների մեջ իրարանցում ընկավ: Եթե պաշտպանեն, ապա բոլոր քրեականները մի մարդու նման կկանգնեն: Կարին թաքցրած տեղից հանեց դանակը և իսկույն հարձակվեց Ալյոշայի վրա։
    Այդ րոպեին ինչ կատարվեց, ոչ ոք չհասկացավ։ Հանկարծ միշտ հանգիստ, բարեհամբույր ու տկար հայր Արսենը երկու քայլ արեց դեպի Իվան Կարին և խփեց նրա բարձրացրած ձեռքին, ու այնպես ուժեղ, որ դանակը թռավ նրա ձեռքից, հետո հրեց նրան Ալեքսեյից հեռու։ Կարին սայթաքեց, ընկավ ծառի վրա և ջարդեց դեմքը: Բոլորը հռհռացին, իսկ Հայր Արսենը մոտեցավ ուսանողին և ասաց.
    - Գնա լվացվի՛ր Ալյոշա, քեզ այլևս ոչ ոք ձեռք չի տա, և կարծես ոչինչ չէր պատահել, - գնաց ցախերը դասավորելու:
    Բոլորն ապշած էին: Կարին ոտքի կանգնեց, հանցագործները լուռ էին: Նրանք հասկանում էին, որ Իվան Կարին իր «դեմքը կորցրեց» ամբողջ բարաքի առաջ։ Բոլորն անհանգիստ էին, լավ բան չէր սպասվում Ալյոշային ու հայր Արսենին, անպայման կսպանե՛ն նրանց քրեականները:
    Բայց կատարվեց լրիվ հակառակը, նրանք պոպի արարքը գնահատեցին իրենց տեսանկյունից. նրա մեջ տեսնելով համարձակ և ոչ սովորական մարդու: Դանակով զինված Կարիից նա չվախեցավ, որից վախենում էր ամբողջ բարաքը։ Անվախությունը հարգվում էր, այդպիսիններին սիրում էր յուրովի, իսկ նրա բարությունն ու անձնվիրությունը վաղուց գիտեին։ Կարին գնաց պառկեց իր նառին, փորձեց խոսել յուրայինների հետ ու հասկացավ, որ իրեն ոչ ոք չի պաշտպանի, որովհետև հենց սկզբից էլ չպաշտպանեցին։
    Գիշերն անցավ, առավոտյան գնացին աշխատանքի։ Հայր Արսենն ամբողջ օրը զբաղվեց իր գործերով։ Երեկոյան ճաշից հետո հանկարծակի բարաք լցվեցին մի քանի հսկիչներ ռեժիմի պետի հետ միասին:
    - Ոտքի՛, շարվե՛լ, - գոռացին միանգամից:
    Բոլորը թռան տեղներից: Պետը քայլեց շարքի առջևից, հասավ հայր Արսենին ու սկսեց խփել, իսկ Ալեքսեյին քննիչներն իրենք հանեցին շարքից։
    - Ճամբարային կանոնները խախտելու, ծեծկռտուքի համար N.18376 պոպին ու N.Ռ281-ին սառը պատժախուց N'1, երկու օր առանց հացի և ջրի, – գրեթե ոռնաց ռեժիմի պետը։
    Մատնել ու գործ էր տվել Իվան Կարին, իսկ այդպիսի արարքը համարվում է ամենավերջին ստորությունը, ամոթալի բան, ինչն առանց պատժի հաստատ չի մնա։
    Պատժախուց N'1-ը երկաթյա փոքրիկ տնակ էր ճամբարի դարպասների մոտ: Տնակում մի քանի խցեր կային, յուրաքանչյուրը երկու հոգու համար, մեկ, «քնելատեղով», որի լայնությունը քառասուն սանտիմետր էր, հատակը, պատերը, առաստաղը ամբողջովին երկաթաշերտ էր, խցիկի լայնությունը երեք մետր էր, իսկ երկարությունը երկու:
    Դրսում երեսուն աստիճան ցուրտ էր, շնչելն անգամ դժվար էր: Բանտարկյալները հասկացան, որ դա ստույգ մահ է, երկու ժամ հետո կսառչեն ու կմահանան: Հինգից վեց աստիճան ցրտի դեպքում պատժախուց էին ուղարկում միայն մեկ օրով, կենդանի էին մնում նրանք, ովքեր ամբողջ քսանչորս ժամը անընդհատ թռչկոտում էին տեղում, իսկ եթե դադարեին մի քանի ժամից կմեռնեին:
    Բայց այժմ երեսուն աստիճան է, նրանք էլ հյուծված են, Ալյոշան էլ սարսափելի ծեծված։ Հսկիչները քարշ տվեցին նրանց: Ավսեյենկովը և Սազիկովը դուրս եկան շարքից ու խնդրանքով դիմեցին պետին.
    - Քաղաքացի պետ, այս եղանակին կսառցահարվեն, չի կարելի նրանց այդ պատժախուցը, կմահանա՛ն իսկույն:
    Բայց հսկիչները այնպես հարձակվեցին, որ նրանք ստիպված փախան բարաքի մյուս ծայրը։
    Իվան Կարին զգում էր, որ այստեղ իրեն կենդանի չեն թողնի ու մատնության համար կսպանեն։
    Հայր Արսենին և Ալյոշային բերեցին պատժախուց, թափով հրեցին ներս, երկուսն էլ ընկան ու վնասվեցին։ Դուռը փակվեց, ձայները դադարեցին, սառնամանիքը միանգամից պարուրեց նրանց: Պատժախցի վանդակավոր փոքրիկ լուսամուտից լուսավորում էր սառը լուսինը:
    Հայր Արսենը նառից բռնված ոտքի կանգնեց և ասաց.
    - Այսպե՛ս, Տերը բերեց մեզ այստեղ, չորս կողմը երկաթ է:
    - Կսառչե՛նք հայր Արսեն, - տնքաց Ալեքսեյը, - իմ պատճառով կցրտահարվենք, մեզ մահ է սպասում, շարժվել է պետք երկու օր, բայց ուժ չկա, ջարդված ենք երկուսով էլ, ցուրտը շուտով մեզ կպատի, չեմ կարողանում շարժվել։ Դրանք մարդ չեն, մարդը չէր կարող այդպիսի բան անել, ավելի լավ էր գնդակահարեին. կմեռնե՛նք այստեղ:
    Հայր Արսենը լուռ էր: Ալյոշան փորձեց թռչկոտել կանգնած տեղում, բայց դա չէր տաքացնում: Նման ցրտին դիմակայելը անիմաստ էր, մահը վրա կհասնի երկու երեք ժամից:
    - Ի՞նչ եք լռում բատյուշկա, ինչու՞ չեք խոսում, - գրեթե գոռաց Ալյոշան:
    - Աղոթո՛ւմ եմ Ալեքսեյ։
    - Ի՞նչ եք աղոթում, երբ մենք այստեղ մեռնում ենք ասաց նա և լռեց:
    - Երկուսով ենք մենք այստեղ Ալյոշա, երկու օր ոչ ոք չի գա, պետք է աղոթենք: Վերջապես Տերը թույլ տվեց բարձրաձայն աղոթել, պե՛տք է աղոթել, իսկ մնացածը Աստծո կամքն է։
    Ցուրտը պարուրել էր Ալյոշային, նա հստակ տեսնում էր, որ հայր Արսենը խելքը թռցնում է, իսկ իր ոտքերն ու ձեռքերը այլևս չէր զգում, ուժ չկար շարժվելու, սառչում էր:
    Հայր Արսենը աղոթում է: Ալեքսեյը հանկարծ հասկացավ, որ նրա արտաբերածը իսկական եկեղեցական աղոթք է, որտեղ նա եղել էր մեկ անգամ` այն էլ հետաքրքրության համար, իսկ տատը ինչ-որ ժամանակ մկրտել էր նրան. չնայած ընտանիքը անհավատ էր, ավելի շուտ անտարբեր էին հավատքի հարցում:
    Նա կոմերիտական էր` ուսանող, իսկ այդ պարագայում Աստծո մասին գիտությունը անհնարին էր: Մոտալուտ մահվան սպառնալիքը, ծեծից պատճառված ցավը, ցուրտը` մթագնել էին նրա ուղեղը, սակայն մի քանի վայրկյան անց նա հստակ լսեց ու հասկացավ աղոթքի խոսքերը.
    - Տեր Աստված ողորմի՛ր մեզ մեղավորներիս, ամենողորմ Տեր Աստված մեր՝ Հիսուս Քրիստոս, Դու մարդկության փրկության համար թողեցիր Քո Աստվածային փառքը, իջար երկնքից մարմնացար մարդացար, Քո մեծ ողորմությամբ փրկիր մեզ հավիտենական մահվանից, որովհետև հավատում ենք, որ դու մեր Աստվածն ես և Արարիչը..., - այսպես հոսում էին աղոթքի խոսքերը, նրա արտասանած յուրաքանչյուր բառից երևում էր անսահման սերը, վստահությունը, հույսը և մեծ հավատքը Աստծո հանդեպ:
    Ալյոշան կանգնած լսում էր նրա աղոթքը։ Սկզբից անհասկանալի էր, իսկ երբ ցուրտը ավելի ուժգին կլանեց նրան, նա չգիտես ինչպես սկսեց պարզ հասկանալ հայր Արսենի ասածները: Աղոթքը հանգստացրեց նրա հոգին, իսկ սառցակալող սրտից հեռացրեց վախը և միավորեց կողքի ծերունու հետ... «Տեր Աստված մեր՝ Հիսուս Քրիստոս, Դու ասացիր քո սուրբ շուրթերով. «Եթե երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար՝ կկատարվի նրանց համար իմ հոր կողմից, որը երկնքում է»:
    Ալեքսեյը կրկնեց. «... կկատարվի նրանց համար իմ հոր կողմից, որ երկնքում է»:
    Ցուրտը լրիվ պարուրեց նրան, մարմինը ամբողջովին սառցակալել էր, պառկա՞ծ էր, թե՞ նստած, թե՞ կանգնած, նա չէր հասկանում: Հանկարծ եկավ մի պահ, որ պատժախուցը, ցուրտը, վախը, մարմնի թմրությունը, ցավը` ամենը վերացան: Հայր Արսենի ձայնը լցվեց պատժախցով մեկ, իսկ պատժախուց էր դա արդյո՞ք։ Ո՞վ կարող է լինել այստեղ, ո՞վ։ Ալյոշան շրջվեց դեպի հայր Արսենը, և ո՜վ զարմանք՝ շուրջ բոլորն ամեն ինչ փոխակերպվել էր, ու տանջող մի միտք եկավ. «Ցնորվում եմ, վե՛րջ, ցրտահարվում եմ»։
    Պատժախուցը վերացավ, լուսնի լույսը կորավ, շուրջ բոլորը պայծառ լույս էր, իսկ հայր Արսենը ճերմակ ու աչք շլացնող հագուստներով կանգնած աղոթում էր բարձր ձայնով։ Նա հագնված էր ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ եկեղեցում իր տեսած քահանան: Նրա աղոթքը հիմա ավելի հասկանալի էր, հստակ, հոգուն հարազատ, ասես խրվում էր սրտի մեջ։ Տագնապները, վախը, տառապանքը վերացան, ցանկություն առաջացավ միաձուլվել այդ խոսքերին, սովորել այն ու հիշել ողջ կյանքում:
    Պատժախուց էլ չկար: Նրանք եկեղեցում էին, բայց ինչպե՞ս այստեղ հայտնվեցին և ինչու՞, նա չէր հասկանում, ինչ-որ էակներ կային այստեղ՝ նրանց կողքին: Ալեքսեյը զարմանքով նկատեց, որ երկու հոգի կանգնած էին հայր Արսենի երկու կողմում և օգնում էին նրան Աստվածպաշտության ծառայության մեջ։ Նրանց հագուստներն էլ էին ճերմակ և անհասկանալի լույս էին սփռում։ Ալեքսեյը նրանց դեմքը չէր տեսնում, բայց զգում էր, որ նրանք շատ գեղեցիկ են:
    Աղոթքը լցվել էր նրա էության մեջ, ինքն էլ սկսեց աղոթել նրանց հետ: Տա՛ք էր, արդեն կարողանում էր հանգիստ շնչել, երջանկության զգացումը պարուրել էր նրա հոգին: Ինչ ասում էին նրանք, Ալեքսեյը կրկնում էր և ոչ միայն, նա աղոթում էր նրանց հետ միասին։ Թվում էր, թե հայր Արսենը միաձուլվել է աղոթքի հետ, բայց Ալեքսեյը հասկանում էր, որ նա իրեն չի մոռացել, այլ այդ ամբողջ ժամանակ իր հետ է և օգնում է իրեն աղոթելու։ Նրա մեջ հստակ տպավորություն առաջացավ, որ Աստված կա, որ նա իրենց հետ է, որովհետև հայրաբար սիրում է և իրենց երբեք չի թողնելու։ Նա այդ տեսավ հոգով, իսկ այն երկուսը սպասավորներ են՝ ուղարկված նրա կողմից, հայր Արսենին օգնելու համար։
    Երբեմն նրան թվում էր, թե իրենք արդեն մահացել են, կամ մահանում են, իսկ հիմա զառանցում են, բայց հայր Արսենի ներկայությունը, վերադարձնում էր նրան իրականությանը: Ինչքա՞ն ժամանակ էր անցել, Ալեքսեյը չգիտեր։
    Հայր Արսենը շրջվեց և ասաց.
    - Գնա՛ Ալյոշա, պառկի՛ր, դու հոգնած ես, ես կաղոթեմ, իսկ դու կլսես։
    Ալեքսեյը պառկեց երկաթապատ նառին ու շարունակեց մտովի աղոթել։ Հանգստություն էր տիրում, զարմանալի տաք էր, հանկարծ ինչ-որ տեղից հայտնվեց մայրը և ծածկեց նրան հաստ բրդե շորով, ապա գլուխը սեղմեց կրծքին։ Ալեքսեյը ցանկացավ ասել. «Մայրի՛կ դու լսում ե՞ս, թե ինչպես է աղոթում հայր Արսենը, ես իմացա, Աստված կա ու ես նրան հավատում եմ արդեն ամբողջ սրտով»։
    Ամեն ինչ լավ էր, սարսափելին անցավ, մայրը և հայր Արսենն իր կողքին էին, աղոթքի խոսքերը ջերմացնում էին նրա հոգին, առաջնորդում դեպի մոռացված գեղեցիկը։
    Հայր Արսենն արդեն ոչինչ չէր խնդրում Աստծուց, այլ միայն՝ փառաբանում էր Նրա Սուրբ Անունը։ Ինչքա՞ն ժամանակ շարունակվեց նրա աղոթքը չգիտեր։ Ալեքսեյը պառկած էր կիսազգայուն վիճակում։ Ոչինչ չէր գիտակցում հիշողության մեջ միայն կենսատու աղոթքն էր:
    Հանկարծ խփեցին պատժախցի դռանը, լսվեց սառած կողպեքի ձայնը, դրսում ինչ-որ մարդիկ էին խոսում: Ալյոշան բացեց աչքերը, իսկ հայր Արսենը դեռ աղոթում էր:
    Քահանային սպասարկող ճերմակ հագուստներով եկվորները հանգիստ դուրս եկան, կուրացնող լույսը հետզհետե չքացավ, պատժախուցը դարձավ նորից առաջվա պես մութ ու ցուրտ:
    - Վե՛ր կաց Ալյոշա, եկա՛ն, - ասաց հայր Արսենը:
    Ալեքսեյը բարձրացավ տեղից: Ներս մտան ճամբարի պետը, գլխավոր բժիշկը, ռեժիմի պետը և հատուկ բաժնի պետը` Ամբրոսիմովը: Դռնից այն կողմ ինչ–որ մեկն ասաց.
    - Անկարելի բան է, հիմա ինչպե՞ս զեկուցեմ Մոսկվային, ո՞վ գիտի ինչպե՞ս կնայեն դրան` սառցակալվա՛ծ դիակներ հե՛չ ժամանակակից չէ այս ամենը։
    Պատժախցի աղոտ լույսի տակ կանգնած էին մի ծերունի, բամբակյա բաճկոնով, մի պատանի, պատառոտված հագուստով, դեմքն արյունոտ կապտուկներով պատված: Բայց նրանց դեմքի արտահայտությունը զարմանալիորեն հանգիստ էր, իսկ հագուստները պատված էին եղյամի շերտով:
    - Դուք կենդանի՞ եք, - ապշած հարցրեց ճամբարի պետը, - ինչպե՞ս եք ողջ մնացել երկու օր այս ցրտին:
    - Կենդա՛նի ենք քաղաքացի ճամբարի պետ, պատասխանեց հայր Արսենը, - կենդանի՛ ենք:
    Կանգնածները` զարմանքից քարացել էին և ակնապիշ նայում էին նրանց:
    - Խուզարկե՛լ, - հրամայեց ճամբարի պետը:
    - Դու՛րս եկեք, - բացականչեց հսկիչներից մեկը։
    Նրանք դուրս եկան պատժախցից, խուզարկելուց հետո բժիշկը մոտեցավ, ձեռքը մտցրեց նրանց հագուստի տակ, ստուգեց ջերմությունը և մտածկոտ ասաց.
    - Անհավատա՜լի է, բայց տաք են, ինչպե՞ս են կարողացել ողջ մնալ, - ապա դիմեց նրանց - վերջապես կարո՞ղ եք ինձ բացատրել, ինչպե՞ս եք տաքացել։
    Հայր Արսենը պատասխանեց.
    - Հավատքով առ Աստվա՛ծ և աղոթքո՛վ։
    - Ֆանատիկոսնե՛ր, շո՛ւտ տանել բարաք, - ջղաձգորեն հրամայեց ճամբարի պետը։
    Հեռանալիս Ալեքսեյը լսեց նրանց վիճաբանությունը։
    - Անհավատա՜լի է, անսովոր երևույթ, այս ցրտի ժամանակ նրանք պետք է ապրեին չորս ժամից ոչ ավելի, ձեր բախտը բերել է ընկեր ռեժիմի պետ, թե չէ կարող էր մեծ անախորժություն լիներ:
    Բարաքը նրանց ընդունեց ինչպես մեռելներից հարություն առածների և միայն հարցնում էին.
    - Ինչպե՞ս փրկվեցիք։
    Ինչին երկուսն էլ պատասխանում էին.
    - Աստվա՛ծ փրկեց...։
    Իվան Կարիին մեկ շաբաթից տեղափոխեցին ուրիշ բարաք: Մի քանի օրից նրան ճզմեց փլվածքը, ու լուրեր էին պտտվում, որ ախպերությունը «օգնեց» նրան ճզմվելու, նա մահացավ շատ տանջալի մահով։
    Ալեքսեյը պատժախցից հետո կարծես նորից ծնվեց, կապվելով Արսենի հետ և արդեն հետաքրքրվում է Աստծով:

ՀՍԿԻՉ ԱՐԴԱՐԸ

    Հսկիչ Ուրախին տեղափոխեցին ուրիշ, ավելի բարձր պաշտոնի: Նրա փոխարեն արդեն ասացինք, որ եկավ նոր հսկիչ, չնայած խստապահանջությանը, նա արդարամիտ էր ու դրա համար էլ բանտարկյալները նրա անունը կնքեցին Արդար: Հայր Արսենի հանդեպ նա անտարբեր էր, եթե որևէ անճշտություններ էր տեսնում, ժպտալով ասում էր.
    - Բատյուչկա՛, ծառայությունը պետք է ճիշտ կատարել, - ասում էր և դուրս գնում, ու մի ժամից գալիս էր ստուգելու:
    Ամռանը Արդարի հետ անսովոր դեպք պատահեց: Եկել էր ստուգելու բարաքը, շրջեց, շուրջ բոլորը ստուգեց, իսկ Հայր Արսենը զբաղված էր իր առօրյա գործերով: Արդարը Հանեց դրամապանակը, ինչ-որ բան Հանեց ու նորից տեղը դրեց։
    Հայր Արսենն ավլում էր անցուղիները, Հասավ այնտեղ, ուր քիչ առաջ կանգնած էր Արդարը և տեսավ գետնին ընկած կարմիր տոմս, վերցրեց այն, պարզվեց դա Հսկիչի կուսակցական տոմսն էր: Իսկ այդ տարիներին կուստոմսը կորցնելը հավասարազոր էր մահվան, մանավանդ ճամբարում:
    Նա տոմսը դրեց գրպանը և շարունակեց իր գործը:
    Երկու ժամ հետո Արդարը խիստ այլայլված ներս մտավ, նա վազեց անցուղիներով, նայեց շուրջ բոլորը. Հուզմունքից դեմքը քրտնել էր: Նա լավ հասկանում էր, թե ի՞նչ է նշանակում կորցնել կուստոմսը, այն էլ ճամբարում: Նայում էր ոտքերի տակ, իսկ մարդիկ արդեն բարաք էին մտնում:
    Հայր Արսենը մոտեցավ նրան և ասաց.
    – Թույլ կտա՞ք դիմել քաղաքացի հսկիչ։
    Արդարը դեմքը ծամածռվեց չարությունից ու թնդաց.
    - Ռա՛դ եղի պոպ, - ձեռքը բարձրացրեց, որ խփի, իսկ հայր Արսենը տվեց նրան տոմսը, շուռ եկավ ու գնաց։
    Արդարը խլեց տոմսը և բղավեց.
    - Կանգնի՛ր, - ապա մոտենալով ասաց, - որևէ մեկը տեսա՞վ։
    - Ոչ ոք չի տեսել քաղաքացի հսկիչ, անցուղու վրա գտա երկու ժամ առաջ։
    Արդարը շրջվեց ու գնաց. կարծես, թե ոչինչ չէր եղել։
    Դրանից հետո հսկիչը ավելի խիստ էր վերաբերվում հայր Արսենին, թվում էր թե, ցանկանում էր վերացնել նրան, որպես անցանկալի վկայի: Ճամբարում այդպիսի գործերը հեշտ էին կատարվում` հսկիչը սպանում է բանտարկյալին, իսկ ղեկավարությանը զեկուցում է. «Հարձակվեց վրաս», և շնորհակալություն է ստանում զգոնության համար: Բանտարկյալին սպանելու հազար ու մի ձև կար և բոլորը մնում էին անպատիժ։ Ու ժամանակն անցնում էր...

ՏԻՐԱՄԱՅՐ, ՄԵԶ ՄԻ՛ ԼՔԻՐ

    Այստեղ շարադրված պատմությունները հայր Արսենի մասին, գրառված են նրա ամենահարազատ հոգեզավակների հիշողություններից: Հետճամբարային հանդիպումները Ավսեյենկովի, Սազիկովի, ուսանող Ալեքսեյի հետ, դրդապատճառ եղան այս պատմության վերականգմանը, որովհետև այդ մարդիկ ականատեսներն էին հայր Արսենի ֆիզիկական մահվանը, ինչպես նաև հարություն առնելուն։ Երբ գրվեց այս պատմությունը, ցույց տրվեց հայր Արսենին, նա կարդաց և երկար ժամանակ լռեց, հետո ասաց.
    - Տերը և Տիրամայրը մեծ ողորմություն արեցին ինձ, ցույց տալով ամենամեծ ու թանկագին բանը` մարդկային հոգին լցված հավատքով, սիրով ու բարությամբ: Ցույց տվեցին, ու հավատքը երբեք չի մարի, քանի, որ շատ մարդիկ այն կրում են իրենց մեջ, ոմանք բոցավառ, մյուսները դողդոջուն, իսկ ոմանք էլ փոքրիկ կայծն են կրում, և անհրաժեշտ է միայն Բարի Հովվի այցելությունը, որպեսզի բոցավառվի հավատքի անշիջելի կրակը: Աստված ցույց տվեց, ու հավատավոր մարդիկ` նամանավանդ հոգիների հովիվները, պետք է պայքարեն յուրաքանչյուր հոգու փրկության համար, լարելով իրենց վերջին ուժերը, տածելով սեր, բարություն և օգնություն դիմացինի հանդեպ։
    Մարդուն բնորոշում են իր ունեցած հավատքով առ Աստված, քանզի գրված է Սուրբ Գրքում. «Քո գործերով կարդարացվես ու քո գործերով կդատապարտվես», նաև «Միմյանց նեղությունները կրեք, ու այդպես կատարե՛ք Քրիստոսի օրենքը»։
    Ինչ որ կատարվեց իմ հետ՝ դա մեծ դաս էր և ուղեցույց, որպեսզի ես հասկանայի իմ ով լինելը: Երկար տարիներ լինելով ճամբարներում, պահպանվելով ամենուրեք Աստծո ողորմությամբ, ես մտածում էի, որ հավատքով ուժեղ եմ, բայց երբ մահացա` Աստված ու Տիրամայրը ցույց տվեցին, որ ես անարժան եմ անգամ դիպչելու շատ շատերի հագուստին, որոնք գտնվում էին բանտարկության մեջ, և պետք է սովորեի ու սովորեի նրանցից։
    Խոնարհեցրեց ինձ Տերը, ցույց տալով իմ տեղը, որին ես արժանի էի, ցույց տվեց իմ անկատարությունը և ողորմեց, տալով ինձ ժամանակ շտկվելու իմ սխալներից ու մոլորություններից: Բայց ուղղվեցի ես արդյո՞ք` չգիտեմ. «Տե՛ր ողորմիր ինձ՝ մեծ մեղավորիս»։
    Հայր Արսենը վերցրեց գրառությունները ու մի քանի օրից վերադարձրեց, որոշ բաներ շտկելուց հետո ասաց.
    - Քանի դեռ ես կենդանի եմ ոչ մեկին ցույց չտաք, երբ մահանամ այնժամ կարելի է կարդալ:
    Իսկ այդ գրված վկայությունն այս էր.
    «Հոգնատանջ, տաք` ու հավերժ այրող ամռանը փոխարինելու եկավ անձրևային ու ցուրտ աշունը: Բարաքում ցուրտ էր, խոնավ, բանտարկյալների հագուստները շաբաթներով չէր չորանում, նրանց մաշված, թաց ոտքերը միշտ ցավում էին: Ճամբարում սկսվել էր գրիպի դաժան էպիդեմիա, ամեն օր բարաքում երեքից չորս մարդ էր մահանում: Հերթը հասավ հայր Արսենին, նա ևս պառկեց։ Հազ, ջերմաստիճանը մինչև քառասուն աստիճան, սարսուռ, դող, սիրտն արդեն հրաժարվում էր գործելուց։
    Գրիպի դեպքում հատուկ ճամբարում հիվանդանոց չէին տանում, իսկ եթե ձեռքը, ոտքը կամ գլուխը կոտրվել է, այդ դեպքում կարելի է, բայց գրիպի դեպքում. «Պառկի՛ր բարաքում ու բուժվի՛ր»։ Ճամբարային օրենք էր՝, ոտքի վրա ես աշխատի՛ր, հիվանդ ես՝ ապացուցի՛ր, ապացուցեցի՛ր, կբուժեն, եթե ղեկավարությունը հավանություն տա:
    Ճամբարում աշխատանքային պլան էր դրված յուրաքանչյուր բանտարկյալի վրա, որի գերակատարման դեպքում ղեկավարությունը ֆինանսական պարգև էր ստանում: Բանտարկյալին դա չէր վերաբերվում, նա այդ չէր տեսնում: Ղեկավարությունը պետք է պահպաներ կանոնները, այնպես, որ «Հորթային քնքշանքներ» բանեցնելու ժամանակ չուներ:
    Հիվանդացա՞վ «զեկը», բարձր ջերմաստիճան ու՞նի, պետք է դիմի հսկիչ «դաստիարակին», որպեսզի գնա բուժկետ, այնտեղ կստուգեն ջերմաստիճանը, եթե 39-ից ցածր լինի «մա'րշ աշխատանքի», եթե բողոքի պատժախուց կուղարկեն ու դեռ մի լավ ծեծ կուտի։ Իսկ եթե 39-ից բարձր է պետք է պառկի բարաքում, բայց ամեն օր պարտավոր է այցելել բուժկետ, իսկ եթե պառկած է առանց գիտակցության, ապա ավագի կանչով նրան կայցելի բուժաշխատողը, ջերմաստիճանը կստուգի, կշպրտի ասպիրինը, այնժամ փորձիր դուրս պրծնել այդ վիճակից։ Եթե բախտի բերմամբ ջերմաստիճանը իջներ 38-ից, ապա չարաշահելն անիմաստ էր, դա կարող էր շատ դաժան վերջանալ բանտարկյալի համար: Մի խոսքով օրենք էր` կարողանում ես քայլել, ավելի լավ է գնա' աշխատանքի և ճամբարային բժիշկների հետ մի առնչվի'ր:
    Ճամբարում բուժաշխատողները ազատ քաղաքացիներ էին, եթե մի բան այնպես չէր, հարձակվում էին. «սիմուլյանտ մա՛րշ աշխատանքի, թե չէ պատժախուց կուղարկեմ»: Բանտարկյալների մեջ նույնպես կային բժիշկներ, բայց նրանց չէր թույլատրվում աշխատել իրենց մասնագիտությամբ:
    Երբ հիվանդացավ հայր Արսենը, երրորդ օրը նրան զննեց բանտարկյալ բժիշկներից մեկը, խորհրդի համար կանչեց մի թոքաբան պրոֆեսորի, նա ևս զննեց, հետո խորհրդակցեցին իրար հետ և ասացին Ավսեյենկովին.
    - Հիվանդի մոտ ընդհանուր թոքերի բորբոքում է խիստ հյուծվածություն, վիտամինների պակասություն ու սրտի մաշվածություն: Վիճակը շատ ծանր է, հազիվ թե ապրի երկու երեք օր, դեղորայք է պետք, թթվածին, այդպիսի հյուծվածության դեպքում ոչինչ նրան չի կարող օգնել։
    Հայր Արսենը համարյա ծերունի էր, չնայած ընդամենը քառասունինը տարեկան էր, հատուկ ճամբարում նորեկ չէր, շատ տարիների ընթացքում բարաքն արդեն մի քանի անգամ «թարմացվել» էր, իսկ հներից մնացել էին ինքը և մի տաս - տասներկու հոգի: Բոլորը զարմանում էին, թե ինչպես են այդ «պատրիարքները» պատրիարք դեռ ապրում:
    Հսկիչի միջոցով կանչեցին բուժաշխատողին, նա հեռվից նայեց հիվանդին, շպրտեց ասպիրինը, Ավսեյենկովին տվեց ջերմաչափը, սա ստուգեց՝ քառասունից բարձր էր, ասաց. «գրի՛պ է», ու գնաց:
    Ընկերները տեսնում էին, որ եկել է ծերունու վերջը, փորձում էին օգնել: Ողջ հանցագործ աշխարհը ոտքի կանգնեց, զարտուղի ճանապարհներով հիվանդանոց ուղարկեցին իրենց «ոտավորին»: Սա հավատարիմ մարդկանց միջոցով ներթափանցեց այնտեղ, խնդրելով դեղորայք և օգնություն, մանրամասն պատմելով հիվանդի վիճակը։ Բժիշկը լսեց նրան ու հարցրեց.
    - Քանի՞ տարեկան է այդ զեկը և քանի՞ տարի է այստեղ:
    «Ոտավորն» ասաց, որ քառասունինը տարեկան է և հատուկ - ում արդեն երեք տարի է։
    - Դուք ի՞նչ եք կարծում, այս ճամբարը առողջարա՞ն է և զեկը այստեղ հարյուր տարի պե՞տք է ապրի: Ձեր հիվանդը ռեկորդակիր է, երեք տարի այստեղ ապրել է, ու արդեն ժամանակն է «այնտեղ» գնալու, - և ավելացրեց, - դեղորայք չկա՛, ռազմաճակատին է հարկավոր։
    Ջերմաստիճանը բարձրանում էր: Հայր Արսենը ժամանակ առ ժամանակ գիտակցությունը կորցնում էր: Ինչ-որ տեղից չոր մանանեխ և արքայամորու անուշ հայթայթեցին. ով ինչ կարողանում, բերում էր:
    Ավսեյենկովը արքայամորով և ասպիրինով թեյ էր խմեցնում, իսկ Սազիկովը չորը մանանեխով թրջոց էր դնում էր նրա կրծքին և մեջքին: Բանտարկյալ բժիշկները նույնպես հասնում էին օգնության, սակայն ոչինչ չէր օգնում. հայր Արսենը մահանում էր:
    Մահը ճամբարում սովորական բան էր, սակայն այս պարագայում բոլորը մի մարդու պես ցավում էին նրա համար: Բարաքի մի ծայրից մյուսը լսվում է. «Մահանում է հայր Արսենը. Պյոտր Անդրեյևիչը գնո՛ւմ է», որովհետև նրանցից յուրաքանչյուրի համար նա միշտ ինչ-որ բարի բան էր արել:
    Հեռանում է իսկական մարդը: Ցավում էին թե՛ քրեականները և թե քաղաքականները:
    Աղոթում էր ու աղոթում հայր Արսենը, զգում էր ընկերների օգնությունը, բայց հետզհետե դադարեց:
    - Հեռանո՛ւմ է, - նկատեց ինչ որ մեկը։
    Լռեց հայր Արսենը, զգաց, որ իսկապես մահանում է: Բարաքը, Սազիկովը, Ավսեյենկովը, բժիշկ Բորիս Պետրովիչը` բոլորը չքացան տեսադաշտից: Քիչ հետո անսովոր հանգստություն զգաց, նրան պարուրեց քար լռությունը։ Քրտնահարությունը, շնչարգելությունը, կոկորդի խզզոցը ջերմությունը, այրվող մարմնի թուլությունը և անպաշտպանությունը` բոլորը միանգամից վերացան:
    Նա իրեն լրիվ առողջ և առույգ էր զգում:
    Կանգնած էր նա իր նառի կողքին։ Իր առջև պառկած էր նիհար, հյուծված, շրթունքները իրար սեղմած, աչքերը կիսաբաց, համարյա ալեհեր մի ծերունի: Նրա շուրջը կանգնած էին Սազիկովը, Ավսեյենկովը, Ալեքսեյը և իրեն շատ սիրելի մի քանի բանտարկյալներ: Հայր Արսենը զարմանքով նկատեց, որ իր առջև պառկած մարդը հենց ինքն է՝ քահանա Արսենը։
    Ընկերները, ահռելի բարաքը իր մեծաքանակ բնակիչներով, նաև ողջ ճամբարը անսովոր կերպով էր երևում իրեն: Նա հանկարծ հասկացավ, որ տեսնում է, ոչ միայն նրանց ֆիզիկական տեսքը, այլև խորությամբ ընկալում և ակնկալում է նրանց հոգիները: Խորհրդավոր լռության մեջ նա տեսնում էր մարդկանց ներքին շարժումները, չգիտես ինչու, նա հստակ հասկանում էր, թե ինչ են խոսում ու մտածում նրանք: Ահավոր սարսուռ զգաց, երբ հասկացավ, որ տեսնում է յուրաքանչյուր մարդու հոգու ներաշխարհը: Բայց նա արդեն նրանց հետ չէր այդ աշխարհում, որտեղ քիչ առաջ էր։ Անտեսանելի մի արգելք էր բաժանում իրեն այդ աշխարհից, և ինքն ի զորու չէր հաղթահարելու այդ պատնեշը։
    Ահա՛ Սազիկովը բաժակով ջուրը մոտեցրեց «իր» շուրթերին, փորձեց խմեցնել, բայց չկարողացավ՝ ջուրը լցվեց երեսին, հետո ինչ–որ բան իրար հետ խոսեցին նառի մոտ կանգնած Ավսեյենկովն ու Ալյոշան:
    Հայր Արսենն էլ կանգնած իր մարմնի առաջ, նայում էր իրեն ու շրջապատող մարդկանց, որպես կողմնակի անձ: Վերջապես նա հասկացավ, որ իր հոգին դուրս է եկել մարմնից, և որ ինքը՝ քահանա Արսենը ֆիզիկապես մահացել է։
    Բարաքը պատվեց խավարի մեջ։ Նա տեսավ շատ հեռվում կուրացնող մի լույս, զգաստացավ ու սկսեց աղոթել և միանգամից հանգստություն զգաց ու շարժվեց դեպի լույսը։ Մի քանի քայլ արեց, բայց հետո վերադարձավ բարաք, մոտեցավ իր սիրելի ընկերներին, որոնց հետ տառապանքի ուղի էր անցել, հասկանալով, որ չի կարող հենց այնպես թողնել ու հեռանալ նրանցից։ Ու ծնկելով սկսեց աղոթել նրանց համար.
    - Տե՛ր, ողորմած Տե՛ր, մի՛ լքիր նրանց, օգնի՛ր ու փրկի՛ր, - դիմեց հայր Արսենը, հատկապես Տիրամորը, խնդրելով, որ իր մայրական գթությամբ օգնի բոլոր բանտարկյալներին:
    Այժմ նա տեսնում էր յուրաքանչյուր մարդու ներաշխարհը: Ոմանց հոգին բոցավառված էր հավատքի կրակով, իսկ Սազիկովի և Ավսեյենկովի հոգիները ոչ այնքան էին բոցկլտուն: Շատերի հոգիները առկայծում էին, որպես պլպլացող պատրույգ, ու միայն հովվական այցելություն էր անհրաժեշտ, որպեսզի բոցավառվեին: Սակայն կային մարդիկ որոնց հոգիները սև էին, մռայլ ու ճշմարիտ լույսին անհաղորդ: Հայր Արսենը խիստ անհանգստություն ապրեց այդ բոլորը տեսնելով:
    - Ողորմած Տե՛ր, ես ապրել եմ այս մարդկանց կողքին և չեմ նկատել ու ճանաչել նրանց։ Ինչքա՜ն գեղեցկություն են կրում շատերն իրենց հոգիներում, այստեղ հավատքի ճշմարիտ ճգնավորներ են ապրում, որոնք խոնարհությամբ տանում են շրջապատողների արհամարհանքն ու ատելությունը և ապրում են ոչ միայն իրենց համար, այլև սեր ու բարություն են տարածում իրենց շուրջ բոլորը:
    - Տեր, որտե՞ղ եմ ես հայտնվել, հպարտությունից կուրացած չնչինն եմ արել, համարելով, որ ես ինչ-որ կարևոր մեկն եմ:
    Նա տեսավ, որ հավատքի բոցավառ լույսը կրում են ոչ միայն բանտարկյալները, այլև անվտանգության և ադմինիստրացիայի շատ աշխատողներ, ովքեր իրենց ուժերի ներածին չափով ձգտում էին անել բարին, ինչն արդեն մեծագույն սխրագործություն էր:
    Նա կանգնած ուշադիր զննում էր իրեն շրջապատող մարդկանց հոգևոր աշխարհը, մարդկանց, որոնց հետ նա ապրել էր վերջին տարիներին: Մարդիկ, որոնք իր կարծիքով հոգևոր ընկած վիճակում են, այժմ ամբողջովին այլ կերպով ներկայացան նրան: Նրանք իրենց մեջ կրում էին այնքան մեծ հավատ, անսահման սեր շրջապատողների հանդեպ, բարություն էին անում և անտրտունջ կրում էին իրենց խաչը, իսկ ինքը հայր Արսենը` հոգևորականը միայն իրեն էր տեսնում, չէր նկատում նրանց և շփման եզրեր չէր գտնում նրանց հետ։
    - Տե՛ր որտե՞ղ եմ ես գտնվել, ների՛ր և ողորմիր մեղավորիս, և ի՞նչ եմ գտել իմ մեջ. միայն ինձ եմ տեսել, զմայլվել ինձանով, իսկ մարդկանց քիչ եմ հավատացել:
    Հայր Արսենը ծնկի գալով երկար աղոթեց: Վեր կենալով նա տեսավ, որ դեռ գտնվում է ճամբարի տարածքում, բայց հանկարծ ամեն ինչ վերացավ նրա տեսողությունից՝ բարաքը, նառերը, ճամբարը: Նա արդեն ճամբարից դուրս էր գտնվում, լուսարձակների սվինանման ճառագայթները վազվզում էին ողջ տարածքի խավարը շամփրելով. ժամապահներն էին հսկում ճամբարը: Գիշեր էր, ճամբարը լուռ քնած էր:
    Շրջվեց ու օրհնեց ամբողջ ճամբարը և աղոթեց նրանց համար, ովքեր մնացել էին այնտեղ.
    - Տեր ես նրանց թողնում եմ Քո ողորմությանը, ինչպե՞ս կլինեմ ես առանց նրանց, ողորմիր այստեղ գտնվողներին Քո մեծ ողորմությամբ, փրկի՜ր ու պահպանիր:
    Ցուրտ էր: Քամին ձյուն էր շփում, բայց հայր Արսենը չէր զգում: Գիշերային խավարի մեջ հեռվում շատ հեռվում պայծառ, կանչող լույս էր վառվում, նա ընթացավ դեպի այդ լույսը։ Քայլում էր թեթև շատ հանգիստ: Նախ շրջանցեց անտառը, գյուղաքաղաքը և հանկարծ հասավ իր քաղաքին, որտեղ գտնվում էր իր հարազատ եկեղեցին: Այն եկեղեցին, որտեղ նա սկսել էր իր ծառայությունը, տաճարը, որի վրա մեծ ջանքեր էին ներդրել` ինքը և իր հոգեզավակները:
    - Այս ի՞նչ է Տեր, ինչու՞ եմ ես այստեղ, - մտածեց նա և մտավ եկեղեցի:
    Առաջինը, որ տեսավ դա Տիրամոր սրբապատկերն էր, հինավուրց ու հրաշագործ մի իկոնա` Տիրամոր տխուր դեմքով, կարծես ապաշխարության էր կանչում իր զավակներին: Եկեղեցում ամեն ինչ նույնն էր, ինչպես, որ տեսել էր վերջին անգամ, բայց հիմա այնտեղ շատ մարդ կար, ընդ որում հավաքվածները` շատ երջանիկ էին և ուրախ նայում էին Տիրամոր պատկերին:
    Հայր Արսենը` մոտեցավ խորանին, աղոթողները մի կողմ քաշվեցին ու ճանապարհ տվեցին նրան, հուզմունքով և երկյուղածությամբ` նայելով` սրբապատկերներին. նա թեթևորեն ընթացավ առաջ։ Մտնելով խորան նա սկսեց պատրաստվել ծառայության, ցանկացավ հանել բամբակյա բաճկոնը, որպեսզի զգեստավորվի, բայց կանգնածներից մեկը հրամայաբար ասաց.
    - Մի՛ հանեք, դա նույնպես ծառայության զգեստավորում է։ Նայեց հայր Արսենն իր բաճկոնին ու զարմացավ, որ այն այժմ փայլփլող ու ճերմակ գույն էր ստացել: Հագնելով քահանայական փորուրարը, նա սկսեց ծառայությունը ու հանկարծ նկատեց, խորանը լցված է պայծառ լույսերով, ամբողջ եկեղեցին նույնպես լուսավորված էր կուրացնող լույսերով, սրբապատկերները ոչ սովորական ձևով էին նայում աղոթողներին, կարծես կենդանացել էին, իսկ աղոթողները շատ էին և բոլորն էլ ուրախ էին ու երջանիկ:
    Հայր Արսենը նկատեց, որ իր հետ ծառայություն են մատուցում ծայրագույն վարդապետ Գերմանը, վարդապետ Ամբրոսին, սարկավագ Պյոտրը և ուրիշ շատ վանականներ: Նա բոլորին էլ ճանաչում էր: Խորանից մի քիչ այն կողմ խոնարհաբար կանգնած էին սրբազաններ Իոնան, Անտոնին, Բորիսը, իր հոգևոր Հայրը և մեծ ընկերը՝ Ֆեոֆիլը: Նրանք երջանիկ դեմքերով նայում էին հայր Արսենին:
    - Տե՛ր, - մտածեց նա, - չէ՞ որ նրանք վաղուց են մահացել, իսկ հիմա այստեղ են, և ի՜նչ հրաշալի է, որ մենք միասին ենք։
    Հայր Արսրսենը ծառայություն էր մատուցում և հոգին լցվում էր ուրախությամբ. աղոթքը պարուրել էր բոլորին: Օրհնելով աղոթողներին նա նկատեց, որ նրանց նույնպես ճանաչում է: Ահա իր հոգեզավակները, այս եկեղեցու այցելուները, իսկ սրանց հետ նա հանդիպել ու շփվել է աքսորներում ու ճամբարներում, իսկ այդ բոլոր մարդիկ ինչ-որ մեկի համար են խնդրում: Հստակ հասկացավ, որ բոլորը, թե սրբազանները, թե վանականները, թե իր հետ ծառայողները մահացել են, ոմանք վաղուց, ոմանք էլ վերջերս:
    - Տիրամա՛յր, ի՞նչ է սա, - մտածում էր նա, բայց չպատասխանելով իր իսկ հարցին, խորասուզվեց աղոթքի մեջ, ծնկի եկավ Վլադիմիրյան Տիրամոր սրբապատկերի առաջ, իր մեղքերի թողության համար խնդրեց. այրվում էր երջանկությունից և հոգու ներքին ջերմությունից: Հետո Սուրբ Հաղորդություն ճաշակեց և ավարտեց ծառայությունը,
    - Տիրամա՛յր, ինձ իր ահեղ դատաստանին կանչեց երկնավոր հայրը, ես մահացել եմ, մի՛ լքիր ինձ մեղավորիս, բարեխոս ու հովանավոր եղիր Երկնավոր Թագավորի առջև։ Իմ հույսը Դու ես, մի՛ թող ինձ, քանզի ես մեղավոր եմ և անարժան:
    Խնդրեց նաև բոլոր կենդանի մարդկանց համար, իր հոգեզավակների, ճամբարում մնացածների, հատկապես Ավսեյենկովի, Սազիկովի և Ալեքսեյի համար: Խորասուզվել էր աղոթքի մեջ ու մոռացել էր ժամանակի մասին, հանկարծ զգաց, որ եկեղեցում գտնվողները լսեցին իր աղոթքը և միացան իրեն լուռ երկյուղածությամբ.
    - Տիրամա՛յր մի՛ լքիր այդ տառապյալներին. - արցունքախառը խնդրում էին նրանք:
    Կծկվում էր հայր Արսենի սիրտը. «Ինչպե՞ս պետք է ապրեն իր ընկերները ճամբարում», խնդրում ու խնդրում էր Տիրամորը: Հանկարծ լսվեց մի մեղմ, հստակ, սիրագորով, միևնույն ժամանակ հրամայական ձայն.
    - Արսե՛ն, քո մահվան ժամը դեռ չի եկել, դու դեռ պետք է ծառայես մարդկանց: Տերը ուղարկում է քեզ ետ, որպեսզի օգնես իմ զավակներին, գնա՛ և ծառայիր, իմ օգնությունը միշտ քեզ հետ կլինի:
    Հայր Արսենը բարձրացրեց գլուխը, նկատեց, որ Տիրամայրը կարծես դուրս է եկել սրբապատկերի միջից և կանգնած է իր առջև։ Գորովալից իսկույն ծնկի եկավ ու միայն խնդրում էր անդադար.
    - Տիրամա՛յր մի՛ լքիր նրանց, ողորմի՛ր մեղավորիս, - և նորից լսեց նրա ձայնը.
    - Բարձրացրու գլուխդ ու նայիր ինձ և ասա՛, ինչ որ մտածում էիր, ու ցանկանում էիր ասել։
    Հայր Արսենը նայեց Տիրամորը, ապշահար նրա բարությունից և ոչ երկրային գեղեցկությունից, երկյուղած խոնարհվեց նրա առաջ ու ասաց.
    - Տիրամա՛յր, Երկնային Տիրուհի՛, թող լինի Տիրոջ կամքը, բայց ես ծեր եմ ու մաշված, կկարողանա՞մ արդյոք ծառայել մարդկանց այնպես, ինչպես դու ես ուզում:
    - Միայն դու չես Արսեն, շատ մարդկանց հետ պիտի ծառայես ինձ, կօգնեն քեզ և դու էլ շատերին կօգնես: Տերը քեզ ցույց տվեց, որ օգնականներ շատ ունի, ցույց տվեց մարդկային հոգիները, ովքեր ապրում են ճամբարում, մի կարծիր, թե միայն դու ես բարություն անում, շատ մարդկանց մեջ ապրում է հավատն առ Աստված ու երկնային սերը: Գնա' և ծառայիր, ես քեզ կօգնեմ:
    Հայր Արսենը զգաց, թե ինչպես Տիրամոր ձեռքը դիպավ իր ալեհեր գլխին:
    Վեր կացավ, հանեց փորուրարը, նորից ու նորից աղոթելով, խոնարհություն արեց հավաքվածներին, խնդրելով նրանց աղոթական օգնությունը, մոտեցավ սուրբ խորանի թագավորական դարպասներին, ծնկի եկավ, համբուրեց, ապա վեր կացավ գնաց դեպի եկեղեցու դուռը։ Դուրս եկավ տաճարից, հոգին լցվել էր երջանկությամբ, քայլում էր շատ թեթև, գնաց դեպի ճամբարը, անտառը, քաղաքը, տները վայրկյանական անցնում էին իր կողքով: Հանգիստ անցավ անվտանգության աշխատողների կողքով մտավ բարաք, մոտեցավ իր անկողնուն, տեսավ իր մարմինը, շուրջը հավաքված մարդկանց: Ներս մտավ և պառկեց իր անկողնում ու Հանկարծ այդ պահին լսեց.
    - Այժմ արդեն վե՛րջ, սառեց մարմինը, մեր հայր Արսենը մահացավ: Հինգ ժամ անցել է, շուտով առավոտյան վեր կացը կհնչի. ժամանակն է հայտնել ավագին:
    Հավաքվածներից մեկը շարունակեց.
    - Որբացավ բարաքը, շատերին էր օգնում, ինձ ևս, ամբողջ կյանքս պայքարել եմ Աստծո դեմ, բայց նրա միջոցով դարձի եկա առ Աստված, ու հիմա գիտեմ որ նա կա։
    Անսպասելիորեն հայր Արսենը խորը շունչ քաշեց, սարսափեցնելով ու ապշեցնելով շրջապատողներին, ու խոսեց.
    - Եկեղեցի էի գնացել, իսկ Տիրամայրը նորից ինձ ձեզ մոտ ուղարկեց ծառայելու:
    Այս խոսքերը ոչ մեկին զարմանալի և անսովոր չթվացին, այնպես անսպասելի և ապշեցուցիչ էր նրա ետ` կյանքի վերադառնալը:
    Երկու շաբաթից` հայր Արսենը ոտքի կանգնեց, բայց բարաքում ամեն ինչ զարմանալիորեն դեպի լավն էր փոխվել: Բոլորն էլ ինչով կարողանում օգնում էին իրեն, իրենց կերակուրից էին բաժին հանում, հսկիչ Արդարը երբեմն սերուցքային կարագ էր բերում ու Սազիկովի միջոցով փոխանցում էր Հայր Արսենին: Ու շնորհիվ նրանց Հոգատարության շուտով վեր կացավ, առողջացած ծանր հիվանդությունից:
    Տերը և Տիրամայրը ուղարկեցին նրան ծառայելու մարդկանց, ուղարկեցին աշխարհ անմահ Հոգիներ փրկելու...

ՄԻԽԱՅԻԼ

    Ստուգումն ավարտվեց, բանտարկյալներին հաշվելով քշեցին բարաք ու դուռը փակեցին: Քնելուց առաջ կարելի էր մի քիչ զրուցել, փոխանակվել մտքերով, ինքնաշեն քարերով դոմինո խաղալ, կամ էլ պառկել նառին ու զմայլվել անցյալի քաղցր հուշերով: Բարաքը փակվելուց երկու ժամ հետո էլ, դեռ խոսակցություններ էին լսվում, բայց աստիճանաբար սկսվեց հաճելի լռություն տիրել։
    Դռները փակվելուց հետո հայր Արսենը, դեռ երկար ժամանակ կանգնած իր նառի մոտ լուռ աղոթում էր, հետո պառկեց ու շարունակեց աղոթքը, այնուհետև քնեց: Ինչպես միշտ քնում էր շատ անհանգիստ: Մոտավորապես կես գիշերին զգաց, որ ինչ որ մեկը հրում է կողը։ Վե՛ր թռավ, ու տեսավ մի անծանոթ մարդու, որը շշուկով ասաց.
    - Շու'տ եկեք, հարևանս մահանում է, ձեզ է կանչում:
    Մահացողը գտնվում էր բարաքի մյուս ծայրում, պառկած էր մեջքի վրա, դժվար էր շնչում, ընդհատումներով, աչքերը լայն բացված էին:
    - Ներեցեք ինձ, դուք ինձ պետք եք: Հեռանում եմ, - ասաց նա, ապա Համարյա հրամայաբար արտաբերեց, - նստե՛ք։
    Հայր Արսենը նստեց նառի ծայրին: Միջանցքից առկայծող լույսը թույլ լուսավորում էր նրա քրտնակալած դեմքը: Նա խիստ հյուծված էր, շուրթերը հիվանդագին սեղմված էին իրար, մահամերձ հիվանդ էր, բայց լայն բացված աչքերը բոցկլտացող լապտերի նման նայում էին հայր Արսենին: Ողջ ապրած կյանքը կարծես արտացոլված էր նրա աչքերի մեջ։ Նա մահանում էր, հեռանում էր կյանքից, հոգնած էր, տառապած, բայց այդ վերջին պահին ցանկանում էր Աստծո առաջ իր ապրած կյանքի հաշիվը տալ։
    - Խոստովանեցրե՛ք ինձ, մեղքերիս արձակում տվե՛ք։ Ես գաղտնի ձեռնադրված վանական եմ:
    Հարևան նառերի պառկածները ստիպված հեռացան: Բոլորը հասկանում էին, որ երբ մահն է մոտենում, պետք է գթասիրտ ու համբերատար լինել մահացողի հանդեպ, անգամ այս ահավոր ճամբարում:
    Հայր Արսենը կռացավ դեպի աբեղան, ձեռքը դրեց գլխին, ողղեց պատռված ծածկոցը, շշուկով սկսեց աղոթել, ներքուստ պատրաստվելով խոստովանությունը ընդունելու:
    - «Սիրտս լքեց», - սկսեց խոսել մահացողը, իր վանական ասաց. Միխայիլ, ու սկսեց խոստովանությունը: անունը աս
    Խոնարհվելով նրա դեմքին հայր Արսենը հազիվ լսում էր նրա շշնջոցը և ուշադիր նայում էր մեռնողի աչքերին: Երբեմն շշուկը ընդհատվում էր ու կրծքից խռխռոցներ էին լսվում, այդ ժամանակ Միխայիլը անհագորեն էր օդը կլանում: Ժամանակ առ ժամանակ լռում էր, թվում էր, թե մահացավ, բայց այդ ակնթարթին նրա աչքերը շարունակում էին ապրել, որոնց նայելով հայր Արսենը կարդում էր այն ամենը, ինչ ցանկանում էր պատմել խոստովանողը։
    Մահվան շեմին գտնվողներից շատերին էր խոստովանեցրել նա: Ինչպես միշտ այդ խոստովանությունները մինչև հոգու խորքը ցնցել էին իրեն, իսկ այժմ լսելով Միխայիլին, նա հասկացավ, որ իր առջև պառկած էր հոգևոր կյանքով լեցուն մի անսովոր մարդ: Մահանում էր մեծ աղոթողը, որն իր ողջ կյանքը նվիրաբերել էր Աստծուն ու մարդկանց:
    Մահանում էր արդարը: Հայր Արսենը հասկացավ որ քահանա Արսենը արժանի չէր համբուրելու վանական Միխայիլի հագուստի ծայրը, քանզի շատ փոքր ոչնչություն է նրա առջև:
    Շշունջը հաճախակի էր ընդհատվում, բայց աչքերը վառվում էին ու կարծես լույս էին տալիս, և նրանցում հայր Արսենը առաջվա պես կարդում էր այն ամենն, ինչ ցանկանում էր ասել մահացողը։
    Խոստովանվելով Միխայիլը դատապարտում էր ինքն իրեն, դաժանորեն և անխնա, ժամանակ առ ժամանակ թվում էր, թե նա բաժանվել է ինքն իրենից և զննում է ուրիշ մարդու, որը մահանում էր։ Եվ այդ մահացողին էր նա դատապարտում:
    Հայր Արսենը տեսավ, որ նրա ապրած կյանքն ինչպես մի նավ էր իր ամբողջ ծանրությունով` վշտերով, անհանգստություններով արդեն հեռացել էր Միխայիլից դեպի մոռացության աշխարհ և մնացել այն ինչ քննարկման ենթակա չէր, դեն շպրտելով ձեռքբերովիները և ավելորդները նա հայր Արսենին տալիս էր գլխավորը, որպեսզի նա իր քահանայական իշխանությամբ արձակում տար իր մեղքերին:
    Կյանքի վերջին հաշված րոպեների ընթացքում վանական Միխայիլը պետք է բացահայտ ներկայացներ իր մեղքերը, մաքրվեր իր իսկ խղճի դատաստանի առաջ և կանգներ Տիրով ահեղ ու անաչառ դատաստանին:
    Հայր Արսենի ձեռքերի մեջ մահանում էր մարդ, ինչպես շատ շատերը ճամբարում, բայց այս մահը ցնցեց նրան հասկացավ, որ Տերը մեծ ողորմություն արեց իրեն, թույլ տալով խոստովանեցնելու նման արդարին:
    Տերը ցույց տվեց իր թանկագին գանձը, որին երկար տարիներ սիրով աճեցրել էր, ցույց տալով թե ինչպիսի հոգևոր կատարելության կարող է հասնել մարդը, անսահման սիրելով իր Աստծուն, ինչպես առաքյալներն էին ասում, վերցնելով քրիստոնեության բեռը և կրել այն մինչև կյանքի վերջը։ Այդ պահին տեսավ ու հասկացավ հայր Արսենը:
    Մահացող Միխայիլի խոստովանությունը հնարավորություն տվեց տեսնելու, թե ինչպես ժամանակակից կյանքի անասելի դժվարին պայմաններում, հեղափոխական խառնակությունների, անձի պաշտամունքի, հավատքի հալածանքների, պետականորեն խրախուսվող աթեիզմի, մշտական մատնությունների, բարոյականության անկման, հոգևոր իշխանության բացակայության պայմաններում մարդը կարող է մնալ հավատքի նման բարձր աստիճանի վրա, հաղթահարել բոլոր խոչընդոտող հանգամանքները, սիրելով Աստծուն:
    Ճգնավորի խցում, կամ վանքում չէր գնում Միխայիլն առ Աստված, այլ խառնակ կյանքի կեղտի մեջ, շրջապատող չար ուժերի դեմ մահու կենաց կռվի մեջ, աթեիզմի և Աստվածամարտերի դեմ մարտնչելով: Հոգևոր ղեկավարություն գրեթե չկար, պատահական հանդիպումներ էին լինում երեք-չորս քահանաների հետ, մեծ երջանկություն էր լինում տարին մեկ անգամ հանդիպումները` իրեն ձեռնադրող Ֆեոդոր սրբազանի հետ, այնուհետև մի քանի կարճ նամակներ և մնում էր իր ձգտումը և անմարելի ցանկությունը, գնալ ու գնալ առ Աստված, մինչև հաղթական ավարտ:
    - Ընթացա՞ ես հավատքի ճանապարհով, ընթացա այնպես, ինչպես պետք էր, թե՞ գնացի խոտոր ճանապարհով, չգիտեմ, - ասում էր Միխայիլը։
    Բայց հայր Արսենը տեսավ, որ նա ոչ միայն գնացել էր այն գծագրված ճանապարհով, որով իրեն ուղարկել էր Ֆեոդոր սրբազանը, այլև հասել և անցել էր հեռու շատ հեռու, գերազանցելով անգամ իր ուսուցիչներին:
    Նրա կյանքը նման էր ճակատամարտի, հոգևորի համար, բարոյական կատարելության համար, այս դարի առօրեական կյանքի կողքին: Հայր Արսենը հասկացավ, որ Միխայիլը հաղթել է այդ ճակատամարտը, ճակատամարտ, որտեղ նա դեմ առ դեմ է ելել չարի, ու նրան շրջապատող ուժերի դեմ:
    Ապրելով մարդկանց մեջ նա բարություն էր անում հանուն Աստծո, ողջ կյանքը իր հոգու մեջ կրում էր առաքյալի այս խոսքերը. «Մեկդ մյուսի նեղությունները կրե՛ք, այդպիսով կկատարե՛ք Քրիստոսի օրենքը:»
    Հայր Արսենը տեսավ նրա կատարելությունը, մեծությունը և ընդունեց իր ոչնչությունը: Ջերմագին խնդրեց Տիրոջը, որպեսզի ուժ տա, մեղմացնելու մահացողի վերջին րոպեները: Եղավ մի պահ, որ նրան տիրեց անօգնականությունը, բայց իսկույն ևեթ խանդավառվեց այն մտքից, որ Միխայիլը իր կողքին է, որի խոստովանությունը բացեց իր առջև Աստծո խորհրդավոր ճանապարհները, սովորեցնելով ու հաստատելով ճշմարիտ ու խորը հավատքի վրա:
    Միխայիլը հայր Արսենի միջոցով Տիրոջը տվեց այն ամենը, ինչ որ կար իր հոգում: Հայր Արսենը վերցնելով նրա մեղքերի բեռը իր քահանայական հոգու վրա, դողդողաց, հեկեկաց ու լաց եղավ, հասկացավ իր ոչնչությունը, այնուհետև թողության աղոթքն արեց:
    Միխայիլը հայացքը ուղղեց հայր Արսենին և ասաց.
    - Շնորհակալություն: Հանգստացե՜ք: Եկավ ժամը, թող օրհնյալ լինի Տիրոջ Սուրբ կամքը, խնդրում եմ աղոթեցեք ինձ համար, քանի ապրում եք երկրի վրա: Ձեր երկրային ճանապարհը դեռ շատ երկար է: Վերցրե՜ք գլխարկս, այնտեղ գրություններ կան երկու մարդու համար, նրանք մեծ հոգու և հավատքի տեր են, շա՜տ մեծ: Հասցեները գրված են, ազատության մեջ կլինեք փոխանցե'ք, դուք նրանց պետք եք, նրանք էլ ձեզ: Աղոթեցե'ք վանական Միխայիլի համար:
    Խոստովանության ողջ ընթացքում նրանք միայնակ էին բարաքում, կարծես ամեն ինչ և ամենքը առանձնացել էին նրանցից: Աղոթական վիճակը, Աստծո ներկայությունը միավորել էր նրանց ու կանգնեցրել էր Տիրոջ առաջ: Տանջանքը, մղձավանջը, մարդկայինը, ամեն ինչ հեռացել էր, մնացել էր միայն Աստված, ում մոտ մեկը պատրաստվում էր գնալ, իսկ մյուսին թույլ էր տրված հայել մեծն ու խորհրդավորը` մահը, կյանքից հեռանալը:
    Մահացողը սեղմեց հայր Արսենի ձեռքը, աղոթեց այնպես ջերմորեն, որ կարծես առանձնացավ շրջապատող ամեն ինչից: Հայր Արսենը հոգով միացավ նրան ու վերացավ աշխարհից:
    Մոտեցավ մահվան ժամը: Մահացողի աչքերը փայլեցին և նա հազիվ լսելի ձայնով ասաց.
    - Տե՜ր Հիսուս, ընդունիր իմ հոգին:
    Հանկարծ նա բարձրացավ նառից, ձեռքերը առաջ պարզեց, գրեթե քայլ արեց ու բարձր ձայնով գոչեց.
    - Աստված իմ, Աստված իմ:
    Ձգվեց առաջ ու ընկավ հատակին, դեմքի արտահայտությունը խաղաղվեց, բայց աչքերը դեռ փայլում էին: Հայր Արսենին թվաց, թե աներկբա տեսավ, թե ինչպես Միխայիլի հոգին լքեց մարմինը:
    Տեսածից ցնցված նա ծունկի եկավ և սկսեց աղոթել, ոչ միայն մահացողի հոգու փրկության համար, այլ այն մեծ ողորմության, որ Տերն արեց իր համար: Նա ցույց տվեց իրեն տեսնելու անտեսանելին, անճանաչելին, ամենախորհրդավորը խորհրդավորների մեջ՝ արդարի մահը:
    Վեր կացավ, խոնարհվեց Միխայիլի մարմնի առջև, որի աչքերը դեռ բաց էին ու պայծառ լուսավորված: Բայց լույսը հետզհետե մարեց, կոպերը դանդաղ փակվեցին, դեմքի վրայով ստվեր անցավ, դրանից էլ դեմքը դարձավ վեհաշուք, հանգիստ ու երջանիկ:
    Հայր Արսենը խնամքով հարդարեց մահացողի հագուստը, խոնարհվեց ու հանկարծ հասկացավ, որ գտնվում է բարաքում և միտքը կայծակի պես շանթահարեց նրան, որ Աստված՝ ինքը Տերը այստեղ էր և ընդունեց Միխայիլի հոգին:
    Շուտով վեր կացը կլինի: հայր Արսենը վերցրեց Միխայիլի գլխարկը, ջնջեց վրայի համարը և գնաց բարաքի ավագին հայտնելու նրա մահվան մասին: Ավագը հին բանտարկյալներից էր, հարցրեց մահացողի համարը, ցավակցեց: Բարաքը բացվեց, բանտարկյալները դուրս եկան շարվեցին ստուգման: Մուտքի մոտ կանգնած էին հսկիչները, բարաքի ավագը մոտեցավ նրանց.
    - Մեր մոտ մահացողը N° 382-ն է:
    Հսկիչներից մեկը մտավ բարաք, նայեց մահացողին, ոտքով հրեց մարմինը և դուրս եկավ: Երկու ժամից բուժկետից եկան մարմնի ետևից: Դիակ տեղափոխող քարշակի վրա մի քանի դիակ կար: Միխայիլի մարմինը դրեցին մյուս դիակների վրա: Տեսարանը ահավոր էր: Քարշակները շարժվեցին, հայր Արսենը խոնարհվեց ու խաչակնքեց մահացողներին:

Գրի է առնված 1960 թվականին հայր Արսենի պատմածից:

ԴՈՒ Ո՞ՒՄ ԿՈՂՄԻՑ ԵՍ, ՊՈՊ

    Բանտարկության սկզբում օրերն ես հաշվում, հետո շաբաթները, բայց արդեն երկրորդ տարում միայն մահվան ես սպասում: Հոգեմաշ աշխատանքը, կիսասոված գոյությունը, անվերջ ծեծ ու ջարդը, ցուրտը, հարազատ օջախից հեռու լինելը պարտադրում էին մտածելու մոտալուտ մահվան մասին, դրա համար բանտարկյալներից շատերը բարոյապես անկում էին ապրում ու ներքուստ քայքայվում:
    Բանտարկյալներից շատերը մտածում էին միայն ուտելու մասին, երազում էին ուտել պայթելու աստիճան, ճարել ինչ որ տեղից կես լիտր սպիրտ, խմել, հետո նորից խժռել, հետո քնել երկու երեք օր, բայց դրանք անիրականալի երազանքներ էին այս պայմաններում:
    Քաղբանտարկյալներից շատ քչերն էին ձգտում պահպանել իրենց մեջ մարդուն, սատարել մեկը մյուսին, չիջնել քրեական հանցագործների մակարդակին, պատվով կանգնել, ինչքան որ թույլ էին տալիս ճամբարային դաժան պայմանները:
    Նրանք խմբով հավաքվում էին բարաքի մի անկյունում, լեկցիաներ էին կարդում, ոտանավորներ, հիշողություններ, երբեմն էլ դրանք գրի էին առնում կոշտ թղթի կտորների վրա: Հաճախ վիճում էին տարբեր թեմաների շուրջ, բայց առավել բուռն էին լինում քաղաքականության թեմաներով վեճերը, որոնց խառնվում էին նաև քրեականները, անգամ անդեմ «իջեցված» (նվաստացված) քաղաքականները: Վիճում էին չարությամբ, մեկը մյուսի հանդեպ լցված ատելությամբ: Հայր Արսենը այդ վեճերին չէր մասնակցում, բայց մի անգամ նրան ակամայից ներքաշեցին վեճի մեջ:
    Սովորաբար բանտարկյալները վախենում էին արտահայտվել, բայց վեճը այնպես բորբոքեց նրանց կրքերը, որ մոռացան «Հատուկ բաժնի» հետևանքների մասին, անգամ ինչ որ մեկն ասաց.
    - Ինչ լինում է, թող լինի, միևնույն է, գոնե մահիցս առաջ կարտահայտվեմ:
    Բարաքի փակվելուց հետո բանտարկյալները խմբով հավաքվեցին ու սկսեցին քննարկումները: Քրեականները թղթախաղով էին զբաղված, ոմանք էլ փողով կամ օրապահիկով դոմինո էին խաղում: Հայր Արսենի նառից քիչ հեռու հավաքվեցին մի քանի հոգի և սկսեցին շատ բուռն բանավեճ «բանտարկյալների վերաբերմունքը իշխանությունների հանդեպ» թեմայով:
    Տասնհինգ րոպեից այնտեղ արդեն քսան հոգի կար ու վեճը թեժացավ: Ընդհատում էին միմյանց, երբեմն էլ սպառնում: Հավաքվեցին նախկին կուսակցականները, տարբեր մասնագիտությունների ինտելիգենտներ, մի քանի նախկին վլասովականներ և ուրիշներ:
    - Ինչի՞ համար ենք նստած, ոչ մի բանի, ու՞ր է արդարությունը, դրանց պետք է գնդակահարել:
    Վիճաբանողները հուզված էին, ջղաձիգ, միայն երեք թե չորս նախկին կուսակցականներ էին հակաճառում: Նրանք պնդում էին, թե այն ամենն ինչ որ կատարվում է, ահավոր սխալմունք է, որը վաղ թե ուշ կշտկվի, թշնամու գործ է, որին Ստալինը անտեղյակ է, կամ էլ ապատեղեկացված:
    - Ապատեղեկացնում են, բայց Ռուսաստանի կեսը ճամբարներում են, սա կադրերին ոչնչացնելու մտածված ծրագիր է, - լսվեց ինչ որ ձայն:
    - Ստալինն ամեն ինչ գիտի, սա նրա հրամանն է, - վրա բերեց մեկ ուրիշը:
    Բանտարկյալներից մեկը, որը դատապարտված էր Ստալինի դեմ մահափորձի կասկածանքով, առավել ևս չարացած էր: Դեմքը ծռվել էր, ձայնը դողում էր: Մի քանի վլասովականներ անողոքաբար հայհոյում էին ամենին և ամենքին.
    - Ոչնչացնել է պետք դրանց, կախե՜լ, գնդակահարե՜լ բոլոր կուսակցականներին:
    Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) շրջկոմներից մեկի քարտուղարը՝ 17 թվականից բոլշևիկ, բառացիորեն բռունցքվել էր նացիստներին ծառայող ինչ որ մեկի հետ.
    - Դավաճա՛ն, - գոչում էր քարտուղարը, - քեզ պետք է գնդակահարել, բայց դու դեռ ապրում ես: Քո նման տասնյակներին ես շրխկացրել ու կախել եմ, ափսոսում եմ, որ դու տականք, ձեռքս չես ընկել: Ես գործի համար եմ նստել, բայց դու քո տերերի հետույքն ես լիզել, ինձ հետ այստեղ կսատկես, որպես դավաճան:
    - Ե՞ս եմ դավաճան, ե՞ս եմ դավաճան, ես սովետական իշխանությունն եմ հաստատել:
    - Ե՜ս, ե՜ս, բայց նստած ես որպես դավաճան և դրանով ամեն ինչ ասված է:
    Բոլորը ծիծաղեցին, բայց դրանից վեճը չհանդարտվեց: Հավաքվածներից մեկն ասաց.
    - Եկեղեցիները քանդեցին, հավատը ոտնահարեցին:
    Ինչ որ մեկը տեսնելով հայր Արսենին, դիմեց.
    - Պյոտր Անդրեևիչ ասացեք ձեր խոսքը իշխանությունների մասին: Եկեղեցին ինչպե՞ս է վերաբերվում այս իշխանություններին:
    Հայր Արսենը լռում էր, բայց նրան ներքաշեցին վեճի մեջ: Շրջկոմի քարտուղարը, որը մտերիմ էր հայր Արսենի հետ, միանգամից հակվեց: Բոլորին հասկանալի էր, թե ինչ պիտի պատասխաներ նա, չէ որ շատ էր տառապել ճամբարներում:
    Վլասովական Ժիտլովսկին, որը վլասովական բանակի հրամանատար էր եղել, իսկ անցյալում լրագրող, այնուհետև կարմիր բանակի հրամանատար: Շատ դաժան մարդ էր և իշխանություն էր բանեցնում ողջ վլասովական սպաների վրա: Նա հանդուրժողականությամբ նայում էր հայր Արսենին:
    Վլասովականները ճամբարում անկախ էին և ոչնչից չէին վախենում, իրենց վերջը գիտեին, նստած էին կոնկրետ գործի համար:
    Հայր Արսենը ձգեց մի քանի վայրկյան և ասաց.
    - Ձեր վեճը շատ դաժան է ու չար: Դժվար է, անտանելի է ճամբարում, մենք մեր վերջը գիտենք, դրա համար էլ չարացել ենք: Կարելի է ձեզ հասկանալ, բայց ոչնչացնել ոչ մեկին պետք չէ: Քիչ առաջ դուք հայհոյում էիք իշխանություններին և ինձ էլ ներքաշեցիք վեճի մեջ, որպեսզի մի կողմը հաստատի իր ճշմարտացիությունը մյուսի հանդեպ: Ասացիք, որ կոմունիստները հավատացյալներին նստեցրին, եկեղեցիները քանդեցին, հավատքը ոտնահարեցին: Արտաքին հայացքից այդպես է, բայց եկեք խորը նայենք և ավելի հեռուն գնանք: Ժողովրդի մեջ հավատը կորել էր, մոռացել էին անցյալը, դեն էին շպրտել ամենաթանկն ու հարազատը: Ո՞վ էր մեղավոր, իշխանություննե՞րը: Մենք ինքներս էինք մեղավոր, ինչ որ ցանել ենք, այն էլ հնձում ենք:
    Հիշենք թե ինչպիսի չար օրինակ էին ժողովրդի համար ինտելիգենցիան, ազնվականները, առևտրականները, աստիճանավորները, իսկ մենք հոգևորականներս ամենից վատն էինք:
    Հոգևորականների զավակները դառնում էին աթեիստ զինվորականներ, անԱստվածներ, հեղափոխականներ, որովհետև իրենց ընտանիքներում տեսել էին անհավատություն, սուտ ու խաբկանք: Հեղափոխությունից դեռ շատ առաջ հոգևորականությունը կորցրել էր հոգևոր առաջնորդության իրավունքը ժողովրդի վրա: Հոգևորականությունը վերածվել էր արհեստավորների կաստայի, աթեիզմը, անհավատությունը և հարբեցողությունը բույն էին դրել նրանց սրտում:
    Ահռելի քանակությամբ վանքերից, ընդհամենը հինգ թե վեց վանք էին պահպանել ճշմարիտ հավատը: Դրանք են Վլադիմիրի վանքը, Օպտինի անապատը իր մեծանուն հայրերով, Դիվեևոյի մենաստանը և Սարովի վանքը, իսկ մնացածները դարձել էին հանրակացարաններ, հատկապես կանանց մենաստանները ապշեցնում էին հավատացյալներին իրենց չար վարք ու բարքով:
    Ի՞նչ կարող էր սովորել ժողովուրդը այդպիսի հովիվներից: Վատ ենք դաստիարակել մեր ժողովրդին, հավատքի ամուր հենքի վրա չենք դրել, դրա համար էլ նա շուտ մոռացավ մեզ, մոռացավ հավատը և մասնակցություն ունեցավ եկեղեցիների քանդմանն ու փակմանը:
    Հասկանալով այդ ամենը ես չեմ կարողանում մեղադրել իշխանություններին, որովհետև անհավատության սերմեր ենք ցանել պարարտ հողի մեջ, դրանից էլ հետևում է մնացածը՝ մեր այս ճամբարը, տառապանքները, անմեղ մարդկանց իզուր մահերը: Բայց և այնպես ինչ էլ կատարվի իմ հայրենիքում, ես նրա քաղաքացին եմ, որպես քահանա միշտ ասել եմ իմ հոգեզավակներին, պե՛տք է պաշտպանել և փայփայել այն, իսկ ինչ որ կատարվում է այժմ մի օր կանցնի, դա ահավոր սխալմունք է, վաղ թե ուշ ամեն ինչ կշտկվի:
    - Մեր պոպիկը կարմիր է, - հեգնեց Ժիտլովսկին, - խեղդել է պետք քեզ այսպիսի նողկալի քարոզի համար: Կանգուն ես ձևանում, բայց կոմունիստական ագիտացիա ես անում, «Հատուկ բաժնի» համար ես աշխատում, - ուժեղ հրելով հայր Արսենին վիճողների խմբից դուրս:
    Այդ վեճից հետո մի քանի բանտարկյալներ սկսեցին հետևել հայր Արսենին, հատկապես Ժիտլովսկու խմբից: Երկու անգամ ծեծեցին գիշերով, մեզով թրջեցին նրա նառը, օրապահիկը խլեցին: Ընկերները որոշեցին պաշտպանել նրան Ժիտլովսկու հարձակումներից:
    Մի անգամ երեկոյան Ժիտլովսկու մոտ ընկերը՝ կիևցի Ժորա Գրիգորենկոն եկավ ու հայր Արսենին կանչեց իր շեֆի մոտ: Ժիտլովսկին փռվել էր նառին, նայեց շուրջը և ասաց.
    - Դե ի՞նչ պոպ դու մեր կողմից ես, թե՞ բոլշևիկների, ծախված հոգի: «Հատուկ բաժնի» համար ե՞ս աշխատում, խոստովանեցնում ես եղբորդ, հետո մատնում: Շուտով քո վերջը կտանք, դե Ժորա թույլ տուր պոպը արտահայտվի:
    Ժորա Գրիգորենկոն բոլորի կողմից ատելի էր: Լայնաթիկունք էր, ջլապինդ, դեմքին սպի կար, որից դեմքը միշտ ժպտուն էր, ինչն էլ վանող տպավորություն էր թողնում: Լուրեր էին պտտվում, թե նա գերմանացիների մոտ դատավճիռների ի կատար ածող էր եղել, չնայած որ դատապարտվել էր, որպես վլասովական բանակի շարքային զինվոր:
    Հայր Արսենը հանգիստ նայեց Ժիտլովսկուն և ասաց.
    - Մարդկային կյանքերը, դուք չեք տնօրինում, այլ Աստված: Ես ձեր հետ չեմ գա, - ապա նստեց նառին Ժիտլովսկու դիմաց, շարունակեց, - մի վախեցրեք ինձ, այդ բոլորը անցյալում էր՝ ծեծ ու ջարդը, մահվան սպառնալիքները, որը կատարվում էր Տիրոջ թույլատվությամբ, որին ես անվերապահորեն հավատում եմ: Յուրաքանչյուր մարդ ունի, իր կյանքի ճանապարհը, տառապանքի իր չափը, եթե իմ ճանապարհը պիտի հատվի այստեղ, թող լինի Աստծո կամքը, ոչ ես, ոչ էլ դուք չենք կարող ոչինչ փոխել: Վաղ թե ուշ բոլորս էլ պիտի կանգնենք Աստծո դատաստանի առաջ ու պատասխան տանք մեր արած և չարած գործերի համար:
    Ես հավատում եմ Աստծուն, հավատում եմ մարդկանց ու մինչև կյանքիս վերջին շունչը պիտի հավատամ: Իսկ դո՞ւք, ո՞ւր է ձեր Աստվածը, ո՞ւր է ձեր հավատը: Դուք շարունակ ասում եք, որ ցանկանում եք պաշտպանել ընկածներին ու նեղվածներին, բայց մինչ այժմ դուք սպանել և ոչնչացրել եք ձեզ շրջապատող մարդկանց: Նայեցեք ձեր ձեռքերին, չէ՞, որ դրանք արյունով են թաթախված:
    Ժիտլովսկին բարձրացրեց ձեռքերը, տարօրինակ հայացքով նայեց դրանց, ապա հայացքը սևեռեց հայր Արսենին, կարծես ինքն իր միջից պայթեց.
    - Մի՛ խոսիր, լռի՛ր, - հայացքը չարությամբ սևեռելով վրան:
    Վերևի նառից լսվեց Գրիգորենկոյի ձայնը.
    - Պոպիկը շատ խոսեց, միգուցե հանգստացնե՞նք:
    - Ձենդ կտրի՛ Գրիգորենկո, թույլ տանք մինչև հոգին ավանդելը արտահայտվի, պոպերը սովետական արհմիությունների աշխատողների պես շատախոս են:
    Հայր Արսենը շարունակեց.
    - Ինձ ասել են, որ դուք հավատացյալ եք, բայց ինչի՞ն եք հավատում: Սպանել եք, տանջել մարդկանց, հանուն ինչի՞: Հիշում եմ ձեր մտորումները Դոստոևսկու մասին, ում դուք համարում եք սիրելի գրող, ռուս ժողովրդի հոգի: Հիշեցնեմ ձեզ հայր Զոսիմոսի խոսքերը «Կարամազով եղբայրներ» - ում ասված, որը նա ասաց եղբայրներին մահից առաջ.
    «Մի՛ ատեք աթեիստներին, չար վարժապետներին, նյութապաշտներին, անգամ նրանցից վատերին, որովհետև նրանցից շատերը բարի են, հատկապես մեր ժամանակներում: Սիրեցեք Աստծո ժողովրդին, հավատի դրոշը բարձր պահեք, մարդկանց բարություն արեք, նրանց նեղությունները կրեք»։
    - Իսկ ձեր կյանքը անցնում է ատելության ու չարության մեջ: Յուրաքանչյուր մարդու ժամանակ է տրված ետ դառնալու և շտկվելու, ձեզ նույնպես, - ասաց ու գնաց բարաքի մյուս կողմը:
    Գրիգորենկոն զազրելի հայացքով վեր թռավ տեղից ու խոյացավ դեպի հայր Արսենը, որպեսզի խեղդի նրան: Այդ ժամանակ Ժիտլովսկու խմբված ընկերներին դես ու դեն հրելով հայտնվեց մի բարձրահասակ, ամրակազմ բանտարկյալ, որին կոչում էին «Նավաստի»: Իրականում նա նավաստի էր, Օդեսայից՝ դատապարտված տասնհինգ տարով, քաղաքականության համար: Անշահախնդիր, միշտ ուրախ, լավ ընկեր էր, որը երկար ժամանակ ճամբարում էր, բայց չէր կորցնում իր առողջ տեսքը, չնայած, որ ապրում էր ինչպես բոլորը:
    Նա հրելով խմբվածներին, ճանկեց Գրիգորենկոյին, բարձրացրեց ու շպրտեց խմբվածների վրա ինչպես մի պարկ:
    -Էյ դու, լակոտ, մոռացե՞լ ես, որ սա քո համար գերմանացիների ոստիկանական բաժանմունքը չի, այլ մեր ճամբարը, - շրջվելով բռնեց Ժիտլովսկու ձեռքերից, շրջեց դեմքով դեպի իրեն և ասաց Օդեսայի ժարգոնով.
    - Սիրելի՛ս, սսկացրու քո թուլեքին, թե չէ բոլորիդ կմորթե՛նք, բոլորի՛դ, հասկացա՞ր։
    Ժիտլովսկու մարդիկ խառնվեցին իրար, նրանց շուրջը հավաքվեցին թվով շատ բանտարկյալներ, որոնք պատրաստ էին պաշտպանել հայր Արսենին և Նավաստուն:
    Մոտենալով բարձրացող Գրիգորենկոյին Նավաստին ասաց.
    - Դո՛ւ, գերմանական դուրսպրծուկ, Պյոտր Անդրեյեվիչին ձեռք չտա՛ս, Աստված չանի մի բան պատահի նրան, ես քեզ ու Ժիտլովսկուդ անձամբ կմորթեմ, իսկ դրանից առաջ լանգետ կսարքեմ ձեզնից շատերին: Գնանք Պյոտր Անդրեյևիչ, թե չէ մենք նրանց նյարդերի վրա ազդում ենք: Հարգանքներիս հավաստիքը, մինչ նոր, ավելի լավ հանդիպումներ:
    Մի շաբաթից Ժորա Գրիգորենկոյին տեղափոխեցին ուրիշ բարաք: Այդ պատահարից հետո Ժիտլովսկին խաղաղվեց ու մարդկանց վերաբերվում էր հարգանքով: Բայց բանավեճերը բարաքում առաջվա պես շարունակվում էին: Հայր Արսենը դրանց չէր մասնակցում, բայց նրա արտահայտած միտքը իշխանությունների մասին, երկար ժամանակ հիշվում էր բարաքում:

ՍԱԶԻԿՈՎ

    Ժամանակն անցնում էր: Սազիկովն ավելի ու ավելի էր կապվում հայր Արսենին, հոգ էր տանում նրա մասին, երբեմն էլ պատմում էր իր մասին: Ծնվել էր նա Ռոստովում, ինտելիգենտների ընտանիքում: Ավարտել էր արդյունաբերական ինստիտուտը, դարձել էր ինժեներ: Պատահմամբ ընկել էր «ընկերների» շրջապատ և ամեն ինչ գլխի վայր շուռ էր եկել: Դրանից հետո ահա տասներկու տարի է նա քայլում է քրեական ճանապարհով: Քայլե'ց, քայլե'ց, երբեմն հետ նայեց մտածելով, բայց հետ դարձն իր բռնած ճանապարհից այդպես էլ տեղի չունեցավ: Նա իր կյանքը ներկայացրեց ճշմարտացիորեն, ոչինչ չթաքցնելով: Մկրտվել էր ընդունելով Սերաֆիմ անունը, Սերաֆիմ Սարովցու պատվին, մայրը մինչև տասնչորս տարեկանը նրան եկեղեցի էր տարել և հաստատել հավատքի մեջ: Մայրը մահացավ, երբ Սերաֆիմը արդեն քսաներկու տարեկան էր: Հայրը վաղուց էր լքել իրենց ընտանիքը: Ու Սերաֆիմին շրջապատել էր ոչ բարվոք ընկերությունը: Սկսվեց փոքրից, հետո թալան, խրախճանք, նաև սպանություններ պատահեցին: Կանգառ այլևս չկար։ Հետ դառնալը դժվար էր, մի քայլ ուրիշ կողմ և «ընկերությունը» միանգամից նրան ետ էր քաշում:
    Ինչ որ մայրը սովորեցրել էր, մոռացել էր, իսկ կյանքը հակառակն էր սովորեցրել: Աստծո մասին չէր էլ մտածել, քրեական աշխարհում նրա մասին խոհերը ավելնորդ էին: Պատահել էր, որ Սեռիի հետ էր աշխատել: Նա ահավոր մարդ էր, բայց հանկարծ կարող էր իր հոգին ցույց տալ, շատ բարդ էր նրա հետ:
    Սազիկովը մեծ գործեր էր անում, մեծ փողեր էր «վաստակում»: Նա հարձակվում էր խոշոր հաստատությունների, մեծ խանութների վրա, այսինքն այնտեղ, որտեղ մեծ փողեր կային: Աշխատելով այնտեղ, նա յուրացրել էր հաստատությունների նիստ ու կացը։ Հաճախ էլ կանայք էին օգնում, ինքն էլ բարձրահասակ էր, գեղեցիկ, խոսվածքը գրագետ ու հագնվում էր մոդայիկ: Լավ էր աշխատում, գնահատում էին, փաստաթղթերը միշտ մաքուր էին, լավ գիտելիքներ ուներ, չէ՞ որ մասնագիտությամբ ինժեներ էր: Տնտեսագիտություն էլ գիտեր, դրա համար էլ մեծ համավաճառ խանութներում նրան պահում էին, որպես հմուտ մասնագետի: Այսպես յուրացնելով գործի նրբությունները, հարմար առիթով այնտեղից թալանում էր մեծ գումարներ:
    Շատ գործեր հարթ ընթացան, բայց երբեմն էլ բանտերում էր հայտնվում: Դրանք փոքր գործերի համար էին, իսկ մեծերը այդպես էլ չբացահայտվեցին: Մատնվեց մի չնչին բանից, ընկերը չդիմանալով կտտանքներին քննության ժամանակ խոստովանեց միասին կատարած մեծ գործ։ Դատապարտեցին գնդակահարության, հետո վճիռը փոխելով ուղարկեցին այստեղ՝ «Հատուկ» - ում մեռնելու:
    - Հայր Արսեն ձեզ հանդիպելով ես ապշեցի, ամեն ինչ ուրիշների համար եք անում: Սկզբից մտածում էի, ինչ որ խորամանկ շահադիտական բան կա, բայց հետևելով ձեզ իմ երջանկահիշատակ մորս հիշեցի: Հիշեցի նրա սովորեցրածները, երբ ես դեռ մանուկ էի: Ցնցվեցի, երբ ինձ անվանեցիք Սերաֆիմ, մտածեցի թե ցնորքի մեջ էիք, բայց հետո հասկացա, որ դա միայն իմ պարագայում չէ, որ պատահել է:
    Հետևեցի ձեզ ու հասկացա, որ ձեր համար չեք ապրում, այլ մարդկանց և այդ ամենը հանուն ձեր Աստծո: Իմ կյանքին ետ նայելով, հասկացա, որ ես ապրել եմ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով, մտածում եմ ինչի՞ համար եմ ես ապրել։ Ընկերներ չունեմ, իսկ ովքեր որ կան բանի պետք չեն, եթե մի բան էլ անում են, ապա դա միայն վախից է դրդված: Դուք իմ սրտից եք բռնել, ձեր օրինակով ցնցել եք ինձ, հաստատ որոշել եմ վերջ տալ իմ անցյալին, բայց դժվար է, եթե վերջացնեմ յուրայինները կարող են սպանել ինձ: Ի միջի այլոց Սեռին էլ է նույնպես ձեզ հետևում։ Ճամբարներում բանտարկյալները անուղղելի են, հատկապես «Հատուկ» - ում: Վախենալու ոչինչ չունեն, միևնույն է վերջը մահ է: Սեռիի հետ ամեն ինչ կարգավորել ենք, բայց դժվար է ժողովրդի հետ: Գիտեմ որ կյանքս այստեղ էլ պիտի ավարտվի, բայց ցանկանում եմ ձեր ճանապարհով գնալ, հավատա'լ եմ ուզում:

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

    Մի անգամ Սազիկովը եկավ հայր Արսենի մոտ։ Սկզբում խոսեց դեսից-դենից, հետո անսպասելի ասաց.
    - Հայր Արսե՛ն ցանկանում եմ խոստովանել, եթե թույլ տաք: Երևում է վերջս մոտ է, դուրս չեմ գա էս «Հատուկ» - ից, իսկ մեղքերս շա՜տ են, շատ:
    Հսկողությունը ուժեղ էր, առանձնանալը դժվար, եթե երկուսին միասին բռնեին պատժախուցը հինգ օրով պատրաստ էր: Բայց նրանց հաջողվեց առանձնանալ:
    Սազիկովը ծունկի եկավ. անկախ իրենից հուզվում էր: Հայր Արսենը ձեռքը դրեց նրա գլխին ու սկսեց աղոթել: Մի քանի րոպե անցավ: Ու խոսեց Սերաֆիմը. սկզբից կցկտուր ու կերկերուն ձայնով, ներքին մեծ ճնշվածությունից:
    Հայր Արսենը լուռ լսում էր, ուղղություն չէր տալիս ու չէր հուշում, համարելով, որ մարդն ինքը պետք է գտնի իրեն և արտահայտվի: Ճամբարային պայմաններում բազում խոստովանություններ էր ընդունել, բայց հեղինակավոր հանցագործներ շատ քիչ էին պատահել:
    Հիմնականում դրանք մարդիկ էին, ովքեր այս աշխարհում կորցրել էին ամեն ինչ, ոչինչ չունեին իրենց հոգում, խիղճը, սերը, ճշմարտությունը, մարդկային դեմքը, հավատը խառնել էին դաժանության և արյան հետ: Անցյալը նրանց չէր ուրախացնում, անգամ վախեցնում էր: Ապրելակերպը փոխել նրանց չէր հաջողվում, դրա համար էլ մինչև կյանքի վերջը ապրում էին չարացած ու գազանացած, ոչինչի հույս չունենալով, առջևում մահն էր, կամ էլ հաջող փախուստը:
    Խոստովանությունները, որպես կանոն միանման էին: Կյանքի սկզբնական ճանապարհները տարբեր էին, բայց հետո բոլորի մոտ ամեն ինչ կրկնվում էր՝ գողություններ, թալան, սպանություններ, ցոփ ու շվայտ կյանք, անառակություն: Բարոյական նորմերի անկման պատճառները տարբեր էին, ոմանք հասկանում էին, թե ինչ են անում, բայց կանգ առնել չէին կարողանում և ավելի ու ավելի էին վայր գլորվում, իսկ մյուսները բռնությամբ էին վարում իրենց կյանքը, հաճույքով մսխում էին թալանը, բավականություն էին ստանում շրջապատողներին ցավ ու վիշտ պատճառելուց, համարելով իրենց կյանքը ճիշտ ու հերոսական:
    Սերաֆիմը հստակ պատկերացնում էր իր անկման չափը, ձգտում էր կանգ առնել, բայց չէր գտնում հանցագործ աշխարհից դուրս գալու ճանապարհը: Երբ ծերությունը մոտենում էր, որոշ հանցագործներ մտածում էին իրենց վիճակի մասին, բայց որոշել, թե ի՞նչ և ինչպես պետք է անեն, չէին կարողանում: Հայր Արսենը դա գիտեր:
    Սազիկովը խոսում էր, բայց խոստովանություն չէր դա: Գալով խոստովանության նա երկար մտածել էր, թե ինչ պետք է պատմի, բայց այստեղ ամեն ինչ խառնվել էր: Անկեղծություն էր հարկավոր, բայց նա ի սրտե չէր խոսում, ինչ որոշել էր պատմել, մտքից փախել էր: Նրա խոստովանության ու հոգու միջև կապը կորել էր, մնացել էր լոկ մտքի անհոգի շարադրությունը:
    Հայր Արսենը տեսնում ու հասկանում էր այդ, բայց ցանկանում էր, որ Սերաֆիմը ինքը հաղթահարի իր մեջ ընթացող կռիվը, իր սեփական կամքի ուժով հաղթի իր անցյալին ու դրանով ճանապարհ բացի դեպի Ճշմարտություն:
    Սազիկովը հուզվում էր, խառնաշփոթության մեջ ընկնում, երբեմն էլ բացահայտ հեկեկում էր, բայց խոստովանությունն ի սրտե չէր: Հայր Արսենը հասկանում էր, որ նրա մեջ կռիվ են տալիս անցյալն ու ներկան, հինն ու նորը, դրա համար նրան պետք է օգնել, նրան այս պահին այն «փրփուրն» էր պետք, որից կառչում էր խեղդվողը:
    - Հիշի՛ր, ինչպե՞ս էր քեզ աղաչում այն կինն անտառում, որպեսզի խնայես, - ասաց հայր Արսենը, - բայց դու չխնայեցիր նրան։ Հետո չամաչեցի՞ր ու զզվեցիր ինքդ քեզնից:
    Մի ակնթարթ Սերաֆիմը հասկացավ, որ հայր Արսենն ամեն ինչ տեսնում է և անեն ինչ գիտի: Պետք չէ խոսքերը ընտրել, որպեսզի ցույց տաս քեզ, պետք չէ ոչնչից վախենալ, այլ պետք է ամբողջ սիրտը բանալ, ամբողջ կուտակված մրուրը դուրս տալ, քանի որ նա ամեն ինչ տեսնում է, կհասկանա՛, կկշռադատի՛ և կորոշի, թողնել իր մեղքերը, թե ոչ:
    Ու ավարտեց Սերաֆիմը խոստովանությունը, սիրտը ամբողջությամբ բացելով հայր Արսենի առաջ։ Ծնկի եկած, արցունքները հեղեղի պես հոսում էին: Կյանքում առաջին անգամ սիրտը բացեց ինքն իր համար, ցույց տվեց իր ամբողջ կյանքը, հիմա էլ սպասում էր դատավճռին կամ պատժին:
    Հայր Արսենը խոնարհված աղոթում էր և ոչ մի կերպ չէր կարողանում գտնել այս պահի համար հասարակ ու անհրաժեշտ խոսքեր, որոնք կմաքրեին, կնորոգեին և մարդուն նոր կյանքի ճանապարհը ցույց կտային:
    Խոստովանության անկեղծությունը, գործած մեղքերի խորապես գիտակցությունը, միևնույն ժամանակ սարսափելի հանցանքները, մարդկությանը հասցրած տառապանքները, նեղություններն ու վշտերը, մի տեսակ խառնվել էին իրար, պետք էր խորը կշռադատել, անջատել մեկը մյուսից, հետո նոր վճիռ կայացնել, փրկարա՛ր վճիռ:
    Աստծո անունից մարդկանց մեղքերը միշտ ներող ու արձակող քահանա Արսենն այժմ պայքարում էր մարդ Արսենի դեմ, որի ուղեղում չէր տեղավորվում, թե ինչպես կարող էր թողություն տար Սերաֆիմի կատարած մեղքերին:
    - Տե՛ր Աստված հասկացրու ինձ Քո կամքը, որպեսզի ցույց տամ Սերաֆիմին իր ճանապարհը, օգնիր նրան, որ գտնի Քեզ: Տիրամա՛յր օգնի՜ր ինձ, նրան ու բոլոր մեղավորներին: Տե՛ր ողորմիր քո արարածներին:
    Աղոթելով հասկացավ, որ ոչինչ պետք չէ ասել, որոշել ու կշռադատել պետք չէ, որովհետև Սերաֆիմի խոստովանությունն այնքան անկեղծ էր, որ հստակ երևում էր մարդը գտել է Աստծուն և այսուհետ պիտի քայլի Նրա ճանապարհով: Իր գործերի համար ինքը պիտի պատասխան տա Աստծո արդար դատաստանի ու նաև իր խղճի առաջ:
    Վեր կացավ տեղից հայր Արսենը, հետո հայրական գորովանքով Սերաֆիմի գլուխը սեղմեց կրծքին, որտեղ սովորաբար քահանայական փուրուարն է լինում հագած, աղոթեց.
    - Եվ ես քահանայական իշխանությամբ և Աստծո հրամանով թողնում եմ քո մեղքերը Սերաֆի՛մ: Այսուհետ կատարի՛ր բարին և Աստված կների քո մեղքերից շատերը: Գնա՛ և ապրի՛ր խաղաղությամբ և Աստված քեզ կառաջնորդի, որ հատուցում գտնես բոլոր արարքներիդ դիմաց:
    Այդ խոստովանությունից հետո անտեսանելի կապը հայր Արսենին ու Սերաֆիմին հավերժ միավորեց իրար:
    Եվ ավարտելով խոստովանությունը, հայր Արսենը Սերաֆիմին նորից սեղմեց կրծքին, ու կարծես տեսնելով գալիք ապագան, արտաբերեց.
    - Քո ողջ կյանքում ես քեզ չե՛մ թողնի Սերաֆի՛մ, և մեր տեր Աստվածը օգնական կլինի մեզ այստեղից դուրս գալու:

«ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԼՔԻ»

    Մի խոսակցության ժամանակ Սազիկովն ասաց.
    - Հա՛յր Արսեն, տեսնում եմ, որ դուք հիշողությամբ եք աղոթում, չէ՞ որ եկեղեցական գրքեր չունեք, մենք իմացել ենք, որ ինչ-որ բան կարելի է ճարել: Սեռին տղաների հետ խոսել է, նրանք էլ ասել են, որ կա:
    - Աստծո սիրուն, խնդրո՜ւմ եմ, պետք չէ ոչ մեկից խլել, իմ հոգու վրա մեղք մի ավելացրեք:
    -Ի՞նչ եք ասում, հայր Արսե՛ն, ամեն ինչ լավ կլինի, ոչ մեկին չենք նեղացնի: Ճամբարում պահեստ կա, էտապից եկած բանտարկյալներից իրերը խլում են ու այնտեղ պահեստավորում: Հավատարիմ մարդկանց միջոցով իմացել ենք, որ այնտեղ վաղուց գրքեր կան: Տղերքը որոշել են այդ պահեստը թալանել, ես էլ ասացի, որ եկեղեցական գրքերն էլ վերցնեն հետները:
    Անհանգստացավ հայր Արսենը՝ այդ ինչպե՞ս: Ամբողջ գիշեր աղոթեց, լուսադեմին աչքը կպավ ու տեսավ, թե ինչպես իրեն մոտեցավ մի ծեր վանական և օրհնելով ասաց.
    - Մի՛ վախեցիր, Արսեն, վերցրո՛ւ ինչ որ պետք է և աղոթի՛ր մետրոպոլիտ Ալեքսեյ Մոսկվացուն: Աստված չի լքի քեզ, - հետո նորից օրհնեց ու հանգի՜ստ, վեհորե՜ն գնաց:
    Երկու օրից խստացված ստուգումներ սկսվեցին բարաքում, անվերջ կանչեր «Հատուկ» բաժին: Պարզվեց հանցագործները թալանել էին պահ տված իրերի պահեստը:
    Անցավ տասը օր, Սազիկովը հայր Արսենին հանձնեց երկու փոքրիկ գիրք՝ նոր Կտակարան և մի ժամագիրք: Հայր Արսենը երկյուղածությամբ վերցրեց սուրբ գրքերը, քաշվեց դեպի իր նառը և սարսռեց այն մտքից, թե ինչ անսահման է Աստծո ողորմությունը: Ավետարանի կազմի ներսի կողմում փակցված էր չորս սանտիմետր քառակուսի չափսով մետաքսի մի կտոր, շատ հին, դեղնած, իսկ ներքևում գրված էր. «Սուրբ մետրոպոլիտ Ալեքսեյ Մոսկվացու մասունքները.1883 թ.», իսկ կողքը փակցված էր արծաթե շրջանաձև սրբապատկեր՝ քսան կոպեկանոցի չափով:
    Անձկությամբ ընկավ այդ սրբության առաջ ու շնորհակալություն հայտնեց Աստծուն.
    - Տե՛ր Աստված, Քո ողորմությամբ եմ ես ապրում, Քո գործերը հիրավի անքննելի են, - և ուրախությունից լաց եղավ:
    - Հայր Արսեն, երբ ծառայությունը կատարեք, վերջացնեք, գրքերը փոխանցեք ինձ կամ Սեռիին, մեզ մոտ չեն գտնի, իսկ ձեր մոտից անմիջապես կհայտնաբերեն: Անհոգ եղեք, ոչինչ չենք ապականի, մեզ մոտ շատ ապահով կլինի:
    Սկսվեցին հայր Արսենի երջանիկ օրերը, աշխատանքը կատարելուց հետո երեկոյան թույլ լույսի տակ Ավետարանն էր կարդում, ծառայություն էր կատարում, իսկ առավոտյան վերկացից առաջ պահ էր տալիս Սազիկովին:
    Անցավ երկու ամիս, ստուգումները խաղաղվեցին, երբեմն գրքերը օրվա մեջ պահում էր իր մոտ, թաքցնում էր պատի վրայի թաքստոցում՝ տախտակի տակ, որ Սազիկովն էր պատրաստել: Հերթական ստուգումները կատարվում էին, բայց թաքստոցում ապահով էր:
    Մի անգամ, երբ բոլորը աշխատանքի էին, հայր Արսենը ավարտեց գործը, վերցրեց Ավետարանը և սկսեց կարդալ: Նոր էր նստել, հանկարծ հսկիչները ներխուժեցին բարաք՝ ստուգման համար, մի լեյտենանտ, երեք զինվոր և հսկիչ Արդարը: Հայր Արսենը տագնապած խառնվեց իրար, Ավետարանը դրեց բաճկոնի ներսի գրպանը, կանգնեց ու սկսեց աղոթել:
    Զինվորներն ամբողջ բարաքը տակն ու վրա արեցին, հասան հայր Արսենին: «Հատուկ» բաժնի լեյտենանտը հրամայեց Արդարին, որպեսզի նա անձամբ խուզարկի պոպին ու գնաց զինվորների մոտ:
    Արդարը շոշափեց նրան և միանգամից հայտնաբերեց Ավետարանը, ապա արագ հանեց այն ու դրեց իր գրպանը և շարունակեց նորից խուզարկել, ավարտեց ու զեկուցեց.
    - Ընկե՛ր լեյտենանտ, ոչինչ չի հայտնաբերվել:
    - Ցավալի է, ինչ-որ շո՛ւտ խուզարկեցիք։ Ապա հանվի՛ր, պոպ։ Իսկ հիմա մեր ձևով կխուզարկենք քեզ:
    Հայր Արսենը հանվեց։ վերցրին հագուստը հատ-հատ ստուգեցին, իհարկե ոչինչ չգտան: Լեյտենանտը չարացավ, հայհոյեց ծերունուն ու դուրս գնաց:
    Հայր Արսենը աղոթելով սկսեց հագնվել, ուրախությունից լաց լինել, շնորհակալություն հայտնելով Աստծուն բարի մարդկանց՝ իր հավատարիմների համար:
    Երկու ժամից Արդարը մտավ բարաք.
    - Մարդ կա՞ բարաքում:
    - Բոլորն աշխատանքի են, - պատասխանեց հայր Արսենը:
    Արդարն անցավ բարաքով մեկ, նայեց նառերի տակ ու հանկարծ հարցրեց.
    - Ավետարանը պահեստի՞ց է:
    Հայր Արսենը լուռ էր:
    - Ասացե՛ք, ասացե՛ք, որտեղի՞ց է:
    - Այո՛, պահեստից է, - պատասխանեց հայր Արսենը:
    - Լսե՛ք, աղավնյակս, դուք երկու գլուխ ունեք, ինչ է՞, կարո՞ղ էիք մտածել…։ Վերցրեք Ավետարանը, եթե լեյտենանտը գտներ, մահվան աստիճան կծեծեր, - հետո հանգիստ ասաց, - ներեցե՛ք ինձ, բատյուշկա՛, դժվար է այստեղ՝ ճամբարում, ոչ միայն բանտարկյալների, այլև մեզ համար, գոնե մի կաթիլ խիղճ մնացել է: Հա՛յր Արսեն, ես ամեն ինչ հասկանում եմ, ինչքան դժվար է ձեզ համար, մենք էլ մարդկային թուլությունից ու վախից դրդված ենք աշխատում այս դժոխքի կաթսայում:
    Կօգնեմ ձեզ, ինչով կկարողանամ, կուղարկե՛մ՝ որտեղ հանգիստ է, բայց դրա համար ժամանակ է պետք: Բայց պիտի խոստովանեմ, որ մարդկանց առաջ ես չար պիտի ձևանամ, ներեցե՛ք ինձ, - ասաց և շրջվեց, դուրս եկավ բարաքից:
    Հայր Արսենը նայեց Արդարի հետևից և ամաչեց իր թերահավատության համար, գոհություն հայտնեց Տիրոջը Նրա անքննելի ու անզննելի ճանապարհների համար, նորից տեսավ, որ յուրաքանչյուր մարդու հոգում իսկապես Աստծո կայծը կա, որը եթե բռնկվեց, մարդը կդառնա Աստծուն:
    - Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, ըստ Քո մեծ ողորմության, ըստ բազում գթության Քո՝ քավիր իմ անօրենությունները… Տե՛ր, փառավոր են Քո գործերը, ահա և Քո օգնականները, որոնց մասին ասաց Տիրամայրը: Ես կարո՞ղ էի մտածել, թե հսկիչը կարող է լինել Քո օգնականը, - ապա հիշեց Արդարի, իսկական անունը՝ Անդրեյ, ու սկսեց աղոթել նրա համար:

ԷՏԱՊ

    Հայր Արսենի պայծառատեսությունն ապշեցնում էր, միևնույն ժամանակ վախեցնում մարդկանց, բայց նա դա չէր զգում ու հասկանում, որ Աստված իրեն այդպիսի շնորհ է տվել: Նրա հետ անընդհատ շփվելիս տեսնում ես՝ նա անկեղծ հավատում է, որ մարդկային հոգիները տեսնելը սովորական գործ է քահանայի համար: Նրան թվում էր, որ ոչ թե ինքն է կարդում մարդկային մտքերը, այլ մարդիկ իրենք են պատմում իրենց մասին: Դա ահավոր ու ապշեցուցիչ տպավորություն էր թողնում մարդկանց վրա:
    Ավսեյենկովը հիշում էր երկու դեպքի մասին, ինչը նրան ապշեցրել էր, երբ նա նոր էր սկսում հավատալ Աստծուն:
    Երեկոյան ստուգումից առաջ բանտարկյալների նոր խմբի քշեցին ճամբար: Ղեկավարությունը նրանց տեղաբաշխեց մի քանի բարաքների վրա:
    - Քսանհինգ հոգու բերեցին մեր բարաք, - պատմում էր Ավսեյենկովը, - երևում էր, որ էտապը շատ դաժան էր եղել: Ներս մտան մարդիկ, հյուծված ու տանջված, հազիվ էին ոտքի վրա կանգնում: Դրանք մարդիկ չէին, այլ մարդկային ստվերներ: Դրսում սառնամանիք էր, քամի, երկու օր նրանց չէին կերակրել, երեք օր էլ չէին քնել: Ինչպե՞ս էին ողջ մնացել անհասկանալի էր: Հավաքական ժողովուրդ էր, մեծ մասը ինտելիգենտներ՝ «ժողովրդի թշնամիներ» էին, իսկ մնացածները քրեականներ:
    Նրանց բերեցին ստուգումից առաջ, երբ բոլոր աշխատանքներն ավարտվել էին, ընթրիքն էլ արդեն եղել էր, իսկ ղեկավարությունն էլ պատրաստվում էր հեռանալ: Սկզբում մտածեցին կերակրել նրանց, բայց հետո որոշեցին, որ ավելորդ գլխացավանք է: Կաթսաները պիտի տաքացնեին, հացը կտրատեին, հետո թղթաբանություն պիտի անեին: Գլխացավանք է, որոշեցին, որ առավոտյան կկերակրեն՝ ոչինչ կդիմանան:
    - Սրճարանում չեն այդ ժողովրդի թշնամիները, որ նրանց սպասարկենք, կդիմանան, - չնայած հասկանում էին, որ առավոտյան ճամբարում մեծ մահացություններ կլինեն:
    Էտապի ղեկավարությունը իրենց բերած մարդկանց հանձնեց ճամբարի ղեկավարությանը: Կմահանա՞ն՝ թող ճամբարը պատասխան տա, իրենց ինչ:
    Մարդիկ նորեկներին միշտ և ամենուր վատ են ընդունում, թե դպրոցում երեխա ժամանակ, թե աշխատավայրում, իսկ կալանավայրում առավել ևս: Ներս մտան, կարծես մարդկային «մնացորդներ» լինեին, կանգնել չէին կարողանում, պատերից էին բռնվում, որպեսզի չընկնեին:
    Բարաքի ավագը նայելով նրանց ասաց.
    - Ազատ նառերին տեղավորվե՛ք:
    Իսկ ազատ նառերը վառարաններից հեռու էին ու ցուրտ, գիշերը հաստատ կսառչեին: Հնաբնակները այդ ժամանակ պատրաստվում էին քնելու, ոմանք արդեն քնել էին, մյուսները թուղթ էին խաղում: Հանցագործ աշխարհը տեսավ, որ նորեկների վրա ոչինչ չի մնացել խլելու, անցան իրենց գործին:
    Հայր Արսենը պառկած աղոթում էր, երբ նորեկները մտան բարաք: Տեսավ նրանց թշվառ վիճակը, վեր կացավ մոտեցավ բարաքի «նայողներին», այդպես էին անվանում «լուրջ» հանցագործներին: Նրանց ասածը բոլորի համար օրենք էր: Նրանցից վախենում էին, եթե չհնազանդվես, քեզ ամեն ինչ կարող է պատահել:
    Մոտեցավ հայր Արսենը նրանց ու ասաց.
    - Նորեկներին պե՛տք է օգնել, քաղցած են, սառած ու հյուծված, եթե չօգնենք, ժողովրդի մի մասը կմահանա մինչև առավոտ:
    «Լուրջերը» հարգում էին հայր Արսենին, առաջին տարին, չէր, որ նրա հետ էին ապրում, գիտեին, թե ինչ մարդ է, և իրենց ձևով սիրում էին, բայց այստեղ նրանցից մեկն արհամարհանքով թքեց գետնին, հայհոյեց ու ասաց.
    - Թո՛ղ սատկեն, մենք էլ շուտով նրանց օրին կհասնենք, իմ բաժնից չե՛մ տա, որ խժռեն, հասկացա՞ր պապաշա:
    Մյուսները լռում էին, ո՞վ կցանկանար իր բաժինը տալ, հետո ճամբարային օրենքն ասում էր. «Օգնի՛ր միայն ընկերներիդ»: Բոլորը քար կտրած սպասում էին, թե ինչպես կավարտվի այս ամենը։ Նորեկներն էլ մուտքի մոտ խմբված լսում էին նրանց:
    Հայր Արսենը ներքին աղոթքով հայացքը ուղղեց «նայողներին», խաչակնքվեց և հանգիստ, բայց վճռական ասաց.
    - Նորեկներին կպառկեցնենք վառարաններին մոտ նառերին, իսկ մենք կտեղափոխվենք հեռվում մնացածների վրա, իսկ հիմա ինչ կերակուր ունեք դրե՛ք սեղանին։ Ջուր էլ կտաքացնենք, դե շո՛ւտ, անցանք գործի:
    «Լուրջերը» ի զարմանս մնացածների, լուռ վերկացան, ինչքան կերակուր ունեին դրեցին սեղանին ու քաշվեցին դեպի վառարաններից հեռու նառերը: Մյուսները նույնպես հետևեցին նրանց օրինակին: Հանցագործ թափթփուկներից մի քանիսը փորձեցին թաքցնել հացը, բայց նրանց անմիջապես պատժեցին:
    Բավականին կերակուր հավաքվեց, կարելի էր քսանհինգ հոգու կերակրել: Ջուրը տաքացրին վառարանների վրա, հայր Արսենը կերակուրը բաժանեց մասերի, տղաներն էլ տվեցին նորեկներին: Նրանցից ոչ ոք չմահացավ, ի տարբերություն մյուս բարաքների: Երեք օրից նրանք բավականին կազդուրվեցին, իսկ չորրորդ օրը դուրս եկան աշխատանքի:
    Ինձ ապշեցնում էր հայր Արսենի հանգստությունը, երբ աղոթքից հետո կամաց ասաց. «Դե շու՛տ, անցանք գործի», ասաց այն մարդկանց, որ թվում էր ոչինչ չունեն իրենց հոգում: Ասաց և գնացին կատարելու, որպես հրաման:
    - Ես հաճախ մտածում էի, - պատմում էր Ավսեյենկովը, - որտեղի՞ց է նրա ուժը: Կարո՞ղ էր նա մարդկանց խղճերը արթնացնել, թե՞ Աստծո անունով էր պահանջում իրենց պարտքի կատարումը:
    Ավսեյենկովը հասկացավ, որ հայր Արսենը պահանջում էր Աստծո ամենազոր անունով:

«ԿԱ՛ՆԳ ԱՌԵՔ»

    Երկրորդ դեպքը ավելի շշմեցուցիչ էր: Մինչ բարաքի փակվելը բանտարկյալներին քշեցին դուրս շարք կանգնեցրին՝ անվանականչի: Մոտ քառասուն աստիճան ցուրտ էր: Հիվանդները, որոնք ազատականներ ունեին, մնացին բարաքում:
    Դրսում մարդկանց հաշվում էին, արդեն երկրորդ անգամ, բայց մի հոգի դեռ պակասում էր, սկսեցին երրորդ անգամ: Հանկարծ բարաքից դուրս թռավ մի երիտասարդ՝, վազեց ու կանգնեց շարքում: Հսկիչները կատաղած հարձակվեցին վրան, գցեցին գետին ու սկսեցին ոտքերով խփել։ Տղան փորձեց վեր կենալ, բայց թույլ չտվեցին, սկսեցին ավելի դաժանաբար ծեծել: Շարքը լուռ նայում էր, առանց շարժվելու: Բոլորը չարացած նայում էին, բայց ոչինչ չէին կարող անել:
    Հայր Արսենը շարքից մի քայլ դուրս արեց, խաչակնքվեց, ապա խաչակնքելով հսկիչներին, ծեծվող տղային ու ազդեցիկ ձայնով ասաց.
    - Աստծո անունով ասում եմ ձեզ, կա՛նգ առեք, դադարե՛ք, - հետո նորից խաչակնքեց նրանց ու հանգիստ վերադարձավ շարք, իր տեղը կանգնեց:
    Հսկիչները թողեցին տղային ու շարունակեցին ստուգումը, երիտասարդը օրորվելով կանգնեց շարք:
    Շարքում կանգնած հարևանս հարցրեց.
    - Տեսա՞ք թե ի՞նչ արեց հայր Արսենը, երբ տղային ծեծում էին:
    - Ի՞նչ արեց։ Ես քարացած կանգնել էի, ապշած այն ուժից, որը հավանաբար Աստված է նրան շնորհել: Միգուցե՞ հիպնոս է, մտածեցի ես և ինքս ինձ պատասխանեցի, ո՛չ միանշանակ ո՛չ: Ինքն իր համար չի անում այդ ամենը, այլ ուրիշներին բարություն անելու և փրկելու նպատակով:
    Նրա արարքը մեզ համար խելքից, մտքից վեր մի բան էր, աներևակայելի, բայց նրա համար սովորական ու հասարակ:
    Ճամբար էին ընկնում ամենատարբեր մարդիկ՝ աղանդավորներ, անմիտ ու անհեթեթ ֆանատիկոսներ, որոնք աննշան շեղումից կարող էին գնալ մահվան: Իրենց համոզմունքներում անկեղծ էին ու վստահ, դրա համար բոլորին վերաբերվում էին, որպես մոլորյալ ոչխարների: Այդ աղանդավորները հաճախ էին օգնում մարդկանց, բայց այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ոչ թե մարդկանց համար են դա անում, այլ իրենք իրենց:
    Հայր Արսենին լավ էին վերաբերվում, փորձում էին ապացուցել նրա հավատքի ոչ ճշմարտացիությունը, որին նա միշտ պատասխանում էր.
    - Միթե՞ ես ձեզ ապացուցում եմ, թե ձեր հավատը վատն է: Հավատացեք ինչպես կհրամայի ձեր հոգին ու այդպես կմոտենաք ճշմարտությանը: Հիշո՞ւմ եք Պողոս առաքյալի խոսքերը. «Միմյանց նեղությունները կրեք, այդպիսով կկատարեք Քրիստոսի օրենքը»։ Բարիով հաղթեք չարին:
    Հաճախ ինձ թվում էր, այն որ նա միշտ կրում էր ուրիշների բեռը, դրա համար էր կարողանում հաղթահարել շատ դժվարություններ: Դա էր նրան տալիս անբացատրելի հոգու ուժ, ինչն էլ ակամայից հնազանդեցնում էր մարդկանց հանուն Աստծո և այս երկու դեպքերը դրա վառ ապացույցներն էին:

ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ

    Ճամբարը ապրում էր իր սովորական կյանքով: Մարդիկ մահանում էին, նրանց փոխարինելու էին գալիս ուրիշները: «Հատուկ» ճամբարից դուրս գալը գրեթե անհնար էր, բայց այնուամենայնիվ հատ ու կենտ դեպքեր պատահում էին: Վերջին երեք տարում ճամբարից ազատվել էին ընդհամենը տասը մարդ, որոնցից մեկն ազատման լուրը ստանալու պահին հուզմունքից մահացել էր: Հիմնականում ազատվում էին նախկին կուսաշխատողներ, կամ էլ շատ ականավոր գիտնականներ:
    1952 թ. հայր Արսենին կանչեցին «Հատուկ բաժին»: Մայոր Ամբրոսիմովը շատ ուրախ էր երևում.
    - Բա՛րև ձեզ հայր Արսեն, բա՛րև ձեզ Պյոտր Անդրեյեվիչ, այսօր ես շատ լավ լուր ունեմ, Ալեքսանդր Պավլովիչ Ավսեյենկովին ազատում են: Ընկերները շատ դժվարությամբ, բայց հասան իրենց ուզածին: Վաղը նրան պիտի կանչեմ, վախենում եմ չդիմանա այդ ուրախությանը, խնդրում եմ այսօր զգուշությամբ նրան հայտնեք ազատման մասին: Վաղը ճամբարի պետի ներկայությամբ պիտի հայտարարեմ, ասացեք, որ չհուզվի: Ոչ միայն ազատում են, այլ նաև կուսակցության մեջ են վերականգնում, գլխավորն է թույլատրել:
    Իսկ ձեր գործերը վատ են, դուք հոգևորական եք, ձեր գործի վրա կնիք է դրված. «պահել ճամբարներում անժամկետ՝ ցմա՛հ», ձեզ ոչնչով չեմ կարող օգնել: Մեր ճամբարից ձեր նմաններին ազատում են միայն Բերիայի հրամանով, կամ էլ նրա տեղակալի: Ձեր գործին մոտենալ հնարավոր չէ, հիմքեր չկան, եթե առանց թույլատրության ազատեմ, միանշանակ կմատնեն և ինքս կհայտնվեմ ճամբարում: Եթե ինչ որ բան փոխվի, ամեն ինչ կանեմ ձեր ազատության համար, այն ժամանակ Ավսեյենկովն էլ կարող է օգնել:
    Ինձ նույնպես «ներել» են ու տեղափոխում են Մոսկվա, վերականգնել են գեներալի կոչումը և ուղարկում են հետախուզություն: Ամբողջ կյանքս իմ աշխատանքով սիրել ու պահպանել եմ իմ հայրենիքը, Մեծ Հայրենականում մի քանի տասնյակ դիվիզիաներ եմ փրկել, բայց հետո ինչ որ մեկին խանգարում էի, մատնեցին. «համագործակցություն գերմանացիների հետ», մի կերպ ազատվեցի գնդակահարությունից: Գլխավորը հրամայեց ինձ ուղարկել ճամբար աշխատելու:
    Ընկա այստեղ ու զարհուրեցի, ամեն քայլիս հետևում էին, ոչ մեկին ոչնչով չէի կարողանում օգնել: Իմ ներկայությամբ մարդկանց ծեծում էին, բայց արգելելու իրավունք չունեի: Մի անգամ արգելեցի, հայտնեցին. «խոչընդոտում է հետաքննությանը»: Սարսափելի է, ինչի՞ համար է այս ամենը կատարվում, հասկանալն անհնարին է: Պյոտր Անդրեևի՛չ հեռանալուց առաջ ցանկանում եմ օգնել ում, որ պետք է, ասացե՛ք, կանե՛մ, ափսոս, որ ձեզ չեմ կարող օգնել:
    Հայր Արսենը մտածկոտ հայացքը սևեռեց մայորին և հանգիստ ասաց.
    - Շնորհակալ եմ ձեզանից, ինձ օգնել պետք չէ, երբ պետք լինի Աստված կօգնի, բայց խնդրում եմ օգնեք այստեղից դուրս գալու Սազիկովին, նախկին ուսանող Ալեքսեյ Նիկոնովին, բժիշկ Դենիսովին ու նախկին հանցագործ Տրիֆոնովին: Գոնե տեղափոխեք հասարակ ճամբար, այնտեղից դյուրին կլինի ազատվելը:
    Հանցագործ Սեռիի անունը նա չտվեց: Ապա ուշադրությամբ նայեց մայորին ու շարունակեց.
    - Սերգեյ Պետրովի՛չ, երբ կլինեք Մոսկվայում, ամեն ինչ արեք, որպեսզի ազատվեք ձեր աշխատանքից, պետք չէ՛ օրգաններում աշխատել: Տեղափոխվե՛ք ուրիշ աշխատանքի, թե չէ կայրվեք: Այստեղ տեսածը ձեզ ուրիշ մարդ է դարձրել: Փրկեցե՛ք ձեր հոգին:
    Ամբրոսիմովը նայում էր իր առջև նստած ծերունուն ու մտածում, որ ինքը բնավ չի պատկերացնում իր ապագան, բայց հայր Արսենը հավանաբար, ավելի շատ գիտի իր անցյալի, անգամ ապագայի մասին: Խոր վիշտ, միաժամանակ անսահման ուրախություն պարուրեց Ամբրոսիմովին, նա վեր կացավ, մոտեցավ հայր Արսենին և հուզված ձայնով ասաց.
    - Չգիտեմ կհանդիպե՞մ ձեզ, թե՞ ոչ, բայց դուք ահռելի տպավորություն եք թողել ինձ վրա: Աշխարհայացքս փոխվել է կյանքի նկատմամբ, հավատում եմ ձեզ, հասկանում եմ, թե ինչու եք հավատում, հասկանում եմ նաև Վերա Դանիլովնային ու կնոջս: Գիտեմ, որ միշտ աղոթում եք, հիշե՛ք նաև ինձ ձեր աղոթքներում Պյոտր Անդրեյեվի՛չ, հա՛յր Արսեն:
    Հայր Արսենը աթոռից վեր կացավ, մոտեցավ Ամբրոսիմովին, հայրաբար ուսերից գրկեց և ասաց.
    - Աստված թո՛ղ պահապան լինի ձեզ Սերգեյ Պետրովիչ, որտեղ էլ լինեք չմոռանաք օգնել մարդկանց, միշտ գործեցե՛ք բարին: Տա՛ Աստված և մենք անպայման կհանդիպենք, - ապա խոնարհվելով դուրս գնաց։ Մայորին մի պահ թվաց, որ ոչ թե ինքն է նրան կանչել հարցաքննության, այլ հայր Արսենն էր իրեն հրավիրել իր մոտ:
    Հայր Արսենի հետ հանդիպումները Ամբրոսիմովը երբեք չմոռացավ; Երբ նա նայում էր պատռված բաճկոնով, տանջված, հյուծված ծերունուն, թվում էր, թե նա կոտրվել է, բայց երբ նայում էր նրա աչքերին, տեսնում էր կյանքով լեցուն, մարդկանց հանդեպ անսահման սիրով լցված, դիմացինին օգնելու պատրաստակամ մի մարդու, որը երբեք չէր կարող կոտրվել:
    Շատ դժվար էր եղել Ամբրոսիմովի կյանքի ճանապարհը, սարսափելի վտանգավոր աշխատանք էր նա կատարել, ինչի հետևանքով Աստծո հետ կապը կորել էր: Հայր Արսենի հետ հանդիպումները ալեկոծել էին նրա հոգին, պարտադրել էին մտածել շատ բաների մասին, սկսել էր գնահատել իր անցյալը: Նրա ճանապարհն առ Աստված դեռ շատ երկար պիտի լիներ, բայց հավատքի ճանապարհի առաջին քայլն արդեն արված էր հայր Արսենի օգնությամբ:
    Շատ տարիներ անց Ամբրոսիմովը պատմում էր.
    - Մոսկվա վերադառնալուց հետո ինձ համար շատ դժվար էր։ Նորից ամեն ինչ տրված էր ինձ, և կոչում և պաշտոն, բայց ինչ որ բան էր կանգնած իմ անցյալի ու ներկայի միջև: Երկար մտածեցի ու որոշեցի հեռանալ այդ աշխատանքից: Պետք է անկեղծ լինեմ, շատ սարսափելի բաներ եմ արել անցյալում, բայց անմտորեն հավատացած էի, որ ճիշտ եմ անում:
    Ինձ շատ օգնեց Ալեքսանդր Պավլովիչ Ավսեյենկովը։ Հասկանալով շատ բաներ, ես մտածեցի, որ ինձ ներում չի կարող լինել, բայց Ալեքսանդր Պավլովիչը մի անգամ ինձ տվեց հայր Արսենի նամակը, երբ նա արդեն ազատվել էր ճամբարից. «Հիշե՛ք ու մի կասկածե՛ք, Աստված պիտի դատի մեզ մեր մեղքերի համար, բայց Տիրոջ ողորմությունը անապատի ավազներից էլ շատ է և չկա այնպիսի ծանր մեղք, որ Աստված չների, միայն թե կարողանանք քավել դրանք աղոթքով ու բարի գործերով»։
    Հետագայում ինձ շատ օգնեց հայր Արսենը՝ Աստվածճանաչողության ճանապարհին կանգնելու, իհարկե ես չդարձա խորը հավատացյալ, ինչպես իր հոգեզավակները, բայց ձգտեցի առ Աստված ինչքան, որ կարող էի:
    Երբ հայր Արսենին պատմում էի իմ կասկածների մասին, կապված հավատի թեմաներին, նա միշտ ասում էր. «Ձեր անցած կյանքի ճանապարհի, երկար տարիների անիմաստ թափառումների, ներքին կորուստների պարագայում կասկածները և երկմտանքն անխուսափելի են, բայց միթե՞ դա է կարևորը: Դուք հասկացել և զգում եք, որ Աստված կա, գիտեք դեպի Նրան տանող ճանապարհը, իսկ մնացած օտարամուտ երևույթները կանցնեն:» Զարմանահրաշ մարդ էր Աստծո քահանան և իսկապես օրինակելի քրիստոնյա:
    Հայր Արսենը վերադարձավ բարաք: Նա ուրախ էր, որ Ալեքսանդր Պավլովիչը, Սազիկովը, Ալեքսեյը, Դենիսովն ու Տրիֆոնովը կլքեն ճամբարը և վերջ ի վերջո կհայտնվեն ազատության մեջ, բայց միևնույն ժամանակ տխրեց, որ ընկերները կհեռանան իրենից: Օգնականները քիչ կլինեն, բայց հավատում էր, որ Աստված իրեն մենակ չի թողնի, կգտնվեն նոր մարդիկ և կփոխարինեն հեռացածներին:
    Երեկոյան Ավսեյենկովին զգուշությամբ հայտնեց նրա ազատման մասին, հետո ամբողջ գիշեր զրուցեցին: Ժամանակը և գործերը նրանց հավիտյան կապել էր միմյանց: Ճամբարը և հայր Արսենը փոխել էին նրա մտածելակերպն ու աշխարհայացքը որովհետև ընկնելով ճամբար, հուսահատությունից ցանկանում էր վերջ տալ կյանքին։ Դարձել էր անօգնական ու կամազուրկ, բայց այժմ հեռանում էր ուժեղ հոգով, Աստծո հանդեպ ամուր և հաստատուն հավատով, լավ հասկանալով իր նման մարդկանց տառապանքները:
    Գիշերը միասին երկար աղոթեցին, իսկ վերջում գրկելով հայր Արսենին Ավսեյենկովը անդադար կրկնում էր.
    - Մի մոռացե՛ք ինձ, աղոթեցե՛ք մերոնց համար:
    Ավսեյենկովը առավոտյան հրաժեշտ տվեց Սազիկովին, Ալեքսեյին, իմանալով, որ ազատման հայտարարությունից հետո նրան թույլ չեն տա վերադառնալ բարաք:
    Մեկ ամիս չանցած իրար հետևից «Հատուկ բաժին» կանչեցին Սազիկովին, Ալեքսեյին, Դենիսովին, Տրոֆիմովին ու նրանք այլևս բարաք չվերադարձան: Բանտարկյալները փորձում էին գուշակել, թե ի՞նչ պատահեց նրանց հետ:

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

    Կյանքը ճամբարում ընթանում էր իր հունով: Գերեզման փոխադրված բանտարկյալների փոխարեն գալիս էին նորերը: Գրեթե ամեն օր մահը «հանգրվանում» էր ճամբարում:
    Վաղվա օրն անհայտ էր, եթե լիներ, ապա պիտի լիներ սով։ Տանջանքներով լի, երկարաժամյա դաժան աշխատանքով ուղեկցվող, ստորացուցիչ և այդ ամենից բթացած շատ բանտարկյալներ երազում էին մոտալուտ մահվան մասին:
    Հայր Արսենը շարունակում էր ապրել ճամբարում իր ճգնավորական կյանքով: Առաջվա նման օգնում էր շրջապատողներին, տալով նրանց բարություն ու հոգևոր հանգստություն, իսկ դրա կարիքը զգում էին շատ շատերը: Ստացվում էր, որ նա աննկատելի մտնում էր մարդկանց կյանքի մեջ, օգնելով նրանց, թեթևացնելով նրանց տառապանքները, և իր օրինակով ապացուցում էր, որ կարելի է դիմագրավել բոլոր դժվարություններին, որ ճամբարում կյանքը այնքան էլ սարսափելի չէ, եթե քո հույսն Աստվածն է:
    Հանցագործ Սեռին ծանր հիվանդացավ: Հիվանդությունը որովայնի շրջանում էր։ Սկզբից դիմեց ճամբարի բժիշկներին, ինչ որ դեղեր տվեցին, բայց ոչինչ չօգնեց: Բուժում էին, ինչով, որ պատահում էր, գրեթե չհետազոտելով, հետո որոշեցին, որ թոքերի քաղցկեղ է:
    Նա մահանում էր ահավոր տանջվելով։ Հիվանդանոց չվերցրին որպես անհույսի։ Սարսափելի ցավեր ուներ, բայց ստիպված էր շարժվել բարաքում ու կանգնել ստուգման: Հայր Արսենը համբերատար կերպով խնամում էր նրան, գնում էր բժիշկների մոտ, խնդրում դեղորայք, ցավազրկողներ, բայց ոչինչ չստացավ:
    Սեռին չարացած էր ամենքի և ամեն ինչի վրա, բայց հայր Արսենին ընդունում էր խոնարհությամբ, սպասում էր նրա գալստյանը ու խնդրում էր նստել իր կողքին: Հայր Արսենը նստում էր, սա էլ սկսում էր պատմել իր կյանքից, կարծես, թե մոռանալով ցավերը: Ու մահից երկու օր առաջ պատմեց.
    - Մեռնո՛ւմ եմ ու տանջվում եմ արարքներիս համար: Շատերին եմ դժբախտություն պատճառել, շատերին կործանել: Կյանքս ճիշտ կետից չեմ սկսել, բայց չե՛մ զղջում։ Այնքան դաժան գործեր եմ արել, որ հաշիվը կորցրել եմ, բայց գիտեմ ինձ ներել չի կարելի և ինչի՞ համար: Հավատալ Աստծուն, ես համարյա չեմ հավատում, բայց գիտեմ ու հստակ պատկերացնում եմ, որ Աստված կա՛, որովհետև դուք Նրանով եք այստեղ ապրում:
    Քահանայական տոհմից եմ ես, հայրս սարկավագ էր, բայց Աստծուն չէր հավատում, շահի համար էր ծառայում, որպես պրոֆեսիոնալ: Երբ մեծացա շուրջ բոլորս տեսա սուտ ու կեղծիք, հարբեցողություն, շնություն. ծաղրում էին Աստծուն և հենց այդ Աստծով էլ քողարկվում էին:
    Հայրս եկեղեցու ծառայությունից հետո գալիս էր տուն և սկսում էր օրվա շահույթը հաշվել, հետո ուղարկում էր խմիչքի, ծաղրում էր հավատացյալներին, երբեմն էլ հայհոյում էր: Պատմում էր, թե ինչպես է ափսեի միջից փողերը գողացել, ինչպես էր մի ծեր, գյուղացի տատիկի խաբելով կողոպտել:՞
    Ես չեմ հավատացել Աստծուն, կարծել եմ թե դա մարդկային ցնդաբանություն է: Հորս կամքով մտա սեմինարիա, ավարտելուց հետո սկսել եմ գողանալ ու երկար տարիներ անցել եմ մի քանի բանտերով: Հետո հեղափոխությունը եղավ, անկարգություններ, կողոպուտներ, գինարբուքներ: Կողոպտի՛ր, սպանի՛ր, միևնույն է Աստված չկա, ինքդ ես քո տերը: Հարմար «ըկերակցություն» հանդիպեց և սկսվե՜ց։ Սկզբից փոքր գործեր էինք անում, հետո մեծ, հասանք նրան, որ սկսեցինք սպանել և այսպես էլ շարունակվեց, մինչև որ այստեղ ընկա:
    Շատ արյուն եմ թափել, բանտերից բազմիցս եմ փախել, ժամանակ չկար մտածելու Աստված կա, թե՞ ոչ: Եթե անկեղծ լինեմ, չէի էլ ուզում մտածել: Երբ ձեզ հանդիպեցի, մտածում էի, կամ խենթի դեր եք տանում, կամ էլ ինչ որ շահ ունեք: Բայց երբ տեսա, թե ինչպես ընկերոջս՝ Սերաֆիմ Սազիկովի ու չեկիստ Ավսեյենկովի հոգիները վերափոխեցիք, հասկացա, որ անկեղծ եք հավատում Աստծուն, ու ես էլ հասկացա, որ Աստված, իհարկե կա՛: Իզուր չէ, որ մարդիկ հոծ խմբերով լցվում էին եկեղեցի, որտեղ հայրս էր ծառայում: Ես նույնպես երեխա ժամանակ ծառայել եմ եկեղեցում և այդ բոլորը աչքովս տեսել եմ: Հիմա գիտեմ, որ Աստված կա՛, բայց Նրան տանող ճանապարհներն ինձ համար փակ են: Անցյալում կատարած իմ մեղքերը ոչ մի աղոթքով չի քավվի:
    Մեռնում եմ, սակայն մահից չեմ վախենում, բայց ինչ որ սարսափելի բան եմ զգում, ի՞նչ, չեմ հասկանում: Եղավ մի պահ, որ ցանկացա խոստովանել ձեզ մոտ, բայց ճանաչելով ձեզ, մտածեցի, որ չեք ների, մեղքերս շա՜տ շատ են ու չեմ էլ ուզում հիշել. ինչ-որ եղավ, եղա՛վ:
    Բայց երկու դեպք հաճախ աչքիս առաջ է գալիս, թե քնած, թե անքուն ժամանակ: Երեսուն թվին այնպես ստացվեց, որ 17 տարեկան մի պատանու պիտի սպանեինք: Ոտքերս էր ընկել, խնդրում էր, աղաչում, լաց էր լինում, իսկ ես վերցրի օղին ու գլուխս քաշեցի, ընկերներիս մոտ ցանկացա լոպպազանալ, իմ քաջությունն ու դաժանությունն էի ուզում ցույց տալ, և ստորացրի նրան: Աչքերս փակում եմ, անընդհատ նրան եմ տեսնում արցունքով լի աչքերը վրաս հառած: Եվ մի կին, որ ուղղակի չարչարում է ինձ: Առաջ գալիս էր շաբաթը մեկ անգամ, իսկ հիմա ամեն օր: Քսանական թվականներին մի բնակարան թալանեցինք, ուր ցուցումով էինք գնացել։ Մտածում էինք, որ բոլորն աշխատանքի են: Մտանք բնակարան։ Հանկարծ տեսանք, որ տանտիրուհու քույրն այնտեղ է, երիտասարդ, գեղեցիկ, բարեկազմ, ինչպես ասում են կաթ ու մեղր մարմին: Մեզ տեսնելով վազեց դեպի պատուհանը. փակեցինք նրան մյուս սենյակում: Բնակարանում թանկարժեք իրեր շատ կային, ոսկեղեն նույնպես, հավաքեցինք բոլորը, հեռանալ էր պետք, բայց այդ կինը տեսել էր մեզ, նրան պետք էր վերացնել: Տղաները կարկամեցին. թաց գործ էր, իսկ նրանք սովոր չէին: Իսկ ես գնացի: Ինձ տեսնելով հասկացավ, որ իր վերջը եկել է: Աչքերը մե՜ծ, վախվորած: Ես բռնեցի նրան, բայց երբ նայեցի աչքերին, հասկացա, որ կարող եմ նրան օգտագործել: Տղաներին գոռացի, որ ուրիշ սենյակ գնան ու նրան դեպի բազմոց քարշ տվի: Նա հասկացավ, խփեց դեմքիս ու լի ատելությամբ ասաց.
    - Մարդ չեք դուք, այլ գազան, շու՛տ վերջս տվե՛ք, - ասաց դա աչքերին մահասարսուռ գարշանքով, որից նա ավելի էր գեղեցկանում աչքիս:
    Բռնաբարեցի, հետո հանեցի դանակը: Նա կպել էր պատին ու սպասում էր հարվածին, հետո շրջվեց դեպի ետևից կախված սրբապատկերը, մի քանի անգամ խաչակնքվեց աղոթեց ապա շրջվելով իմ կողմն ասաց.
    - Սպանե՛ք, Աստված ինձ հե՛տ է, ֊ - ապա ավելացրեց. Տիրամայ՜ր, հոգիս մի՜ թողնիր առանց Քո խնամքի:
    Խղճացի՛ նրան, բայց խփեցի կրծքին երկու անգամ, նա դանդաղ սահեց, վերջին խաչակնքվելով շշնջաց. «Տե՛ր ողորմի՜ր», - հենց այսպես էլ ամեն օր աչքերիս առաջ է գալիս:
    Հայր Արսենը նրան լսելու ամբողջ ընթացքում աղոթում էր, բայց սարսռեց նրա պատմության սարսափելի մանրամասնություններից: Սեռին մահացավ դաժանորեն տանջվելով, դեմքը աղճատվել էր, տառապանքների՞ց, թե՞ մարդկանց հանդեպ չարությունից: Մահից հետո էլ դեմքն այդպես մնաց:

Բանտարկյալ Սեռիի պատմությունը գրի առնված 1965 թ.

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

    Ամբրոսիմովի գնալուց հետո, «Հատուկ բաժնի» երկու պետեր փոխվեցին, հետո նշանակեցին տարիքն առած, մռայլ դեմքով մի փոխգնդապետի: Բաժին էին եկել մեծ քանակով նոր աշխատողներ, խստությունները ճամբարում սաստկացել էին, բանտարկյալների կյանքը դարձել էր անտանելի:
    Շատերին էին կանչում հարցաքննության, սպառնալիքները, ծեծը, պատժախուցը մասսայական բնույթ էին կրում: Առաջին հայացքից թվում էր, թե մահվան դատապարտված այս մարդկանցից, որևէ ակնկալիք պիտի չլիներ, անիմաստ էր, բայց քննիչները նոր գործեր էին «սարքում»:
    «Հատուկ բաժինը» վերջին ժամանակները աշխատում էր խիստ ծանրաբեռնվածությամբ, ստեղծվում էին գործեր, բացահայտում էին «դավադրություններ,» նշանակում էին լրացուցիչ հետաքննություններ, հաստատում էին նոր դատավճիռներ, ոմանց գնդակահարում էին:
    Մարտ ամսին հայր Արսենին կանչեցին հարցաքննության: Հարցաքննում էր մայոր Օդինցովը, միջահասակ, ճաղատ, անգույն աչքերով մի մարդ: Հարցաքննությունների ժամանակ նա սարսափելի էր, բայց չգիտես ինչու ստացել էր «բարեհամբույր» մականունը, երևի նրա համար, որ հարցաքննությունները սկսում էր. «սկսենք, խնդրեմ» արտահայտությամբ:
    Հայր Արսենը ներս մտավ ու կանգնեց մուտքի մոտ: Քննիչը գործարար կերպով թղթերն էր ուսումնասիրում, ուշադրություն չդարձնելով հայր Արսենին, հետո տեղում շարժվեց ու ասաց.
    - Ուրախ եմ ծանոթանալու համար Պյոտր Անդրեևիչ, իմ մասին հավանաբար լսե՞լ եք:
    - Լսել եմ, քաղաքացի քննիչ:
    - Շատ լավ է բատյուշկա, սկսե՛նք խնդրեմ: Հիասքանչ խոսքեր է ասել Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը մեր պարագայում. «Իմ մոտ պետք է խոսել ու հանձն առնել, թե չէ արյունով կմաքրվես»: Իմ մոտ սովորույթը հայտնի է, սկսենք խնդրեմ, պատմե՛ք:
    - Ինչի՞ մասին պատմեմ:
    - Պատմիր պոպ, այն կազմակերպության մասին, որ ճամբարում է գործում, որի գլխավոր նպատակն է՝ մահափորձ ընկեր Ստալինի դեմ: Մենք ամեն ինչ գիտենք, ձեզ մատնել են, մի՛ ձգիր պոպ, եթե իմ մասին լսել ես:
    Հայր Արսենը ի մի բերելով բոլոր ուժերը սկսեց մտքի մեջ աղոթել, օգնության կանչեց Տիրամորը, խնդրելով նրանից և Տիրոջից՝ ողորմություն, որպեսզի դիմանա հարցաքննությանը. «Տեր Աստվա՛ծ մեր, ողորմի՛ր մեղավորիս, ինձ մենակ մի թողնիր, Երկնքի Տիրուհի՛ զորացրու իմ տկար հոգին»:
    - Ես ոչ մի կազմակերպության մասին ոչինչ չգիտեմ և հանձն առնելու ոչինչ չունեմ:
    - Ահա թե ինչ պոպ, ես քո հետ խաղ անելու ժամանակ չունեմ, դու արդեն կիսամեռ ես, վաղ թե ուշ շունչդ կփչես, իսկ ինձ օդի պես գործ է պետք: Նստի՛ր և գրիր, ինչ որ կթելադրեմ:
    - Քաղաքացի քննիչ, թույլ կտա՞ք ձեզ հարց տալ:
    - Ինձ մոտ հարց չեն տալիս, այլ պատասխանում են:
    - Քաղաքացի քննիչ, խնդրում եմ, զննեք իմ գործը և կտեսնեք, թե ովքե՞ր են ինձ հարցաքննել նախկինում, բայց ես ոչ մի անգամ ոչինչ չեմ գրել, իսկ ինձ շատ դաժան են ծեծել:
    Օդինցովը ծանրորեն բարձրացավ, հրեց թուղթն ու գրիչը հայր Արսենի առաջ և ասաց.
    - Ով է հարցաքննել, ինձ չի հետաքրքրում, բայց ինձ մոտ դու կխոսես:
    - Ո՛չ, ոչինչ չե՛մ գրի, ճամբարում ոչ մի կազմակերպություն չկա: Դուք ուզում եք նոր գործ սարքեք, որպեսզի գնդակահարեք անմեղ, տանջված, հալածված մարդկանց, նրանք առանց այն էլ մահվան են դատապարտված:
    Քննիչը մոտեցավ, շրթունքները դողում էին, նրա անգույն դեմքը կարծես կենդանացավ ու գրեթե կակազելով արտաբերեց.
    - Սիրելի՛ս դու չգիտես, թե հիմա ինչ կլինի քեզ հետ:
    - Աստված ի՛մ, օգնի՛ր,- միայն կարողացավ ասել, երբ ուժեղ հարվածը նրան տապալեց գետին: Գիտակցությունը կորցրեց, իսկ Օդինցովը խփում էր ու խփում:
    Ինչ որ ակնթարթներ գիտակցությունը տեղն էր գալիս, զգում էր երկարաճիտ կոշիկների և ծանր գոտու հարվածների ահավոր ցավը: Այդ վայրկյաններին նա աղոթում էր, չէր հասցնում մի քանի բառ ասել, նորից ընկնում էր անգիտակցության թմբիրի մեջ:
    Ուշքի եկավ փողոցում, երբ նրան քարշ էին տալիս բարաք: Երկրորդ անգամ բարաքում ուշքի եկավ, ինչ որ մեկը թաց շորով սրբում էր դեմքը:
    - Այլանդակել են խեղճ ծերուկին, - ապա ատելությամբ հայհոյեց քննիչ Օդինցովին:
    Երրորդ անգամ աչքերը բացեց, թվաց, թե բարաքում է: Ցավը պարուրեց ամբողջ մարմինը, փորձեց ինչ որ բան հիշել, իրեն հարցաքննում էին, ցանկացավ կանչել Աստծուն, բայց ամեն ինչ կորավ: Անգիտակցության մեջ սպասում էր նոր հարվածների, սպասում էր մահվան: Ամեն անգամ, երբ ուշքի էր գալիս, փորձում էր աղոթել, բայց չէր ստացվում:
    Տասներորդ անգամ, երբ ուշքի եկավ, նրան թվաց, թե մահացել է, սարսափեց այդ մտքից, որ դա կատարվել է առանց աղոթքի, առանց զղջման: Ինչ որ մեկը գլուխը շարժեց, ինչ որ բան ծակում էր, այրում էր նրան ու հանկարծ լսեց.
    - Շու՛տ երկու ասեղ կամֆորա, զգու՛յշ յոդից, աչքերին կթափվի: Կարերը դրե՛ք: Ինչպե՞ս կարող էր այդ տականքը, այսպես ձաղկել մարդուն, գլուխը զգույշ պահե՛ք:
    Հայր Արսենը զգում էր, որ ինչ որ մեկի ձեռքերը նրբորեն շուռ է տալիս իր գլուխը, իսկ ինքը առանց հագուստի պառկած է ինչ որ բանի վրա: Գիտակցությունը նորից կորցրեց երկար ժամանակով, հետո իրեն պատմեցին, որ երեք օր անգիտակից է եղել:
    Վերջնականապես ուշքի գալով փորձեց հասկանալ, թե որտե՞ղ է, քննիչի մոտ, բարաքո՞ւմ, թե՞ հիվանդանոցում: Դժվարությամբ հասկացավ, որ հիվանդանոցում է: Սկսեց աղոթել, սկզբից չէր ստացվում, հետո ամեն օր փորձում էր ավելի շատ աղոթքի խոսքեր որսալ և վերջապես աղոթական վիճակը հաղթեց: Աչքերը կապված էին, բայց զգում էր ինչ որ մեկի ձեռքերի հոգատար շփումը, ինչ որ մեկը սիրալիր խոսում էր ու կերակրում իրեն:
    Ձայնը հրեական շեշտադրությամբ էր.
    - Ոչինչ, ոչինչ կարևորը կենդանի մնացիք: Մտածում էի, որ դուրս չեք գա այդ վիճակից: Վաղը վիրակապերը կհանեմ: Ինքս հարցաքննությունների շատ եմ եղել, գիտեմ այդ «թեթև» խոսակցությունները, բայց մենք ձեզ կարել ենք ոնց որ պետք է, գրեթե նոր մարդ եք դարձել:
    Շուտով վիրակապերը հանեցին, բժիշկին անվանում էին Լև Միխայիլովիչ: Շատ հոգատար էր հայր Արսենի նկատմամբ, խորհուրդներ էր տալիս, հանգստացնում.
    - Հանգիստ, հանգիստ, հիմա կտեսնենք, ձեր դեմքին գրեթե սպի չի մնացել, շատ լավ է, ուրախ եմ ձեզ համար:
    Հայր Արսենի առջև կանգնած էր, մեծ աչքերով, ակնոցով, բարեհամբույր մի մարդ:
    - Ինչքան կարողանամ, կպահեմ ձեզ այստեղ, - ասաց Լև Միխայիլովիչը, - կպահեմ, որպեսզի երկրորդ անգամ չընկնեք այդ գազանի ձեռքը: Աղոթեցեք Աստծուն, թե չէ կսպանի:
    Հայր Արսենը հիվանդանոցում մնաց քառասուն օր: Հրաժեշտ տվեց Լև Միխայիլովիչին, զարմանահրաշ բարի մարդուն, հիանալի բժիշկին: Երկուսն էլ լաց եղան: Գրկելով հայր Արսենին Լև Միխայիլովիչը վստահաբար ասաց.
    - Այսպես չի՛ կարող շարունակվել, չի՛ կարող, մենք ձեր հետ միասին դուրս կգանք այս դժոխքից և անպայմա՛ն կհանդիպենք:
    1963 թ. նրանք հանդիպեցին:
    Հիվանդանոցից վերադառնալով իր բարաքը, տեսավ հին ապրողներից շատ քչերն էին մնացել, շատերին քշել էին հանքահորեր, իսկ քննիչ Օդինցովին տեղափոխել էին ուրիշ տեղ:
    Երեք ամսից նորից կանչեցին «Հատուկ բաժին», պետի մոտ: Մռայլ, անդյուրաշարժ, կապարային հայացքով պետը ուշադիր նայեց հայր Արսենին ու ասաց.
    - Դիմացկուն ես, Օդինցովին դիմացար, ուրեմն չես մեռնի, դա լավ է: Մոսկվայից ակնարկել են, որ քեզ ձեռք չտամ, ո՞վ է հասկանում, միգուցե՞ ստուգում են: Դե, դե ապրի՛ր, հրահանգ կտամ, որ ծանր աշխատանքների չուղարկեն:
    Այդ խոսակցությունից հետո մինչև Գլխավորի մահը, նրան «Հատուկ բաժին» չկանչեցին, իսկ սպիները մնացին, որպես հիշողություն հարցաքննությունից:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Բանտարկյալները Ստալինի մահվան մասին իմացան երեք օր ուշացած, ճամբարի ղեկավարությունը հայտնի պատճառներով այդ գաղտնի էր պահում, բայց պատահաբար իմացան, անվտանգության աշխատակցի միջոցով:
    Մարտ ամիսն էր, սարսափելի ցրտեր էին: Ճամբար թափանցեց, ինչ որ անհանգստություն, խռովք, անհայտություն. «տեսնես ի՞նչ է լինելու»: Ամեն ինչ առաջվա պես կմնա, թե՞ ավելի վատ կլինի ու բոլոր բանտարկյալներին կվերացնեն: Յուրաքանչյուր ոք լուռ մտածում էր, թե ինչ է կատարվելու:
    Առաջիկա երկու ամիսը ճամբարը ապրեց իր նախկին կյանքով, բայց հետո ճամբար ներխուժեց ինչ որ անտեսանելի ու դրական բան: Բանտարկյալները աշխատում էին, ինչպես նախկինում, բայց նոր բանտարկյալներ չէին բերում: Ղեկավարության գործողություններում ինչ որ անվստահություն էր երևում, անգամ ներողամտորեն էին վարվում բանտարկյալների հետ:
    Գլխավորի մահից միայն մեկ տարի հետո լուրջ փոփոխություններ կատարվեցին: Բարելավվեց սնունդը, ծեծը և հայհոյանքը վերացավ, հսկիչները և քննիչները «Հատուկ բաժնում» բանտարկյալներին դուքով էին դիմում: Կենտկոմից, դատախազությունից հանձնաժողովներ եկան, հագուստների վրայի համարները վերացրին ու բանտարկյալներին դիմում էին, ոչ թե համարով, այլ իր ազգանունով:
    Սկսեցին հին գործերը վերանայել, որոշ բանտարկյալների գործերը ոչնչացրին և նոր քննություն նշանակեցին, բանտարկյալներին ուղարկեցին այն քաղաքները որտեղից ձերբակալվել էին: Վկաներին կանչեցին, ոմանց հարցաքննեցին: Նամակագրական կապը թույլատրեցին, նույնիսկ ծանրոցները, իսկ աշխատանքի համար արդեն վճարում էին:
    Առաջին հանձնաժողովը վերանայելով հարյուրավոր գործեր՝ գնաց: Երկու ամսից եկավ երկրորդ հանձնաժողովը և սկսեց բոլոր բռնադատվածների գործերի անխտիր վերանայումը: Սկզբից ազատեցին նախկին զինվորականներին, հին կուսակցականներին, գիտնականներին, նախկին ականավոր տնտեսական ղեկավարներին:
    Անցավ որոշ ժամանակ, համատարած համաներում հայտարարեցին: «Հատուկ» ճամբարը դարձավ սովորական, բայց խիստ ռեժիմով: Այնտեղ մնացին միայն նախկին ֆաշիստական ոստիկանները, վլասովականները, դաժան հանցագործներն ու քաղաքականները, որոնց ազատվելը ձեռնտու չէր:
    Երկու տարվա ընթացքում ճամբարը դատարկվեց տասն անգամ, վարչական կազմը կրճատվեց: Ղեկավարությունը որոշեց փոքրացնել ճամբարի տարածքը, նոր փշալարեր քաշեցին, շատ բարաքներ էլ որ մնացին տարածքից դուրս, այրեցին:
    Վերջին ժամանակները հայր Արսենին տեղափոխում էին բարաքից բարաք: Ընկերներից ոչ ոք չէր մնացել, բայց ինչպես միշտ օգնում էր շրջապատողներին, անդադար աղոթում էր, նամակներ էր գրում և անհամբեր սպասում հոգեորդիների պատասխաններին:
    Ճամբարում մնացած բանտարկյալները ծայր աստիճան գազանացած էին, այժմ շատ դժվար էր որևէ մեկի հետ ընկերական հարաբերություն հաստատել: Երկու թե երեք քահանաներ և մի քանի հավատացյալներ այնպիսի հալածված, ընկճված վիճակում էին, որ ազատվելու հույս չունեին, բայց ամենուր բողոքներ էին գրում, դրա համար էլ իրենց պահում էին մեկուսացած, օտարացած ու շատերից առանձնացված:
    Ճիշտն ասած այդ ժամանակ հայր Արսենի համար էլ էր շատ դժվար, շուրջը դատարկություն էր ձևավորվել, այսպես ասած մարդկային անմարդկայնություն, մնացել էր միայն աղոթքը, որով նա ապրում էր: Դժվար էր, որովհետև այրվում էր մարդկանց օգնելու ցանկությունից, բայց առիթ չէր գտնում:
    1956 թ. կեսերին հայր Արսենին թույլ էին տալիս երբեմն դուրս գալ ճամբարի տարածքից դուրս՝ բնակելի ավան։ Ծանր աշխատանքներից ազատեցին, տեղափոխեցին հաշմանդամների խումբ: 1957 թ. մարտին արդեն երբեմնի մարդաշատ ճամբարը գրեթե դատարկվեց:
    Նամակներ շատ էր ստանում, դա նրա համար միակ երջանկություն էր այստեղ: Գրում էին Վերա Դանիլովնան, Ալեքսեյը, Իրինան, Սերաֆիմ Սազիկովը, Ալեքսանդր Ավսեյենկովը, գրություն ստացավ արդեն գեներալ լեյտենանտ Ամբրոսիմովից՝ ով գրում է. «Հիշում եմ, ոչինչ չեմ մոռացել, ամեն ինչ անում ենք, բայց խանգարում են, հիշում եմ ձեզ, հավատում, որ շուտով կհանդիպենք ուրիշ պայմաններում»:
    Հայր Արսենը աղոթքով պատասխանում էր նամակներին, մտածելով մարդկանց կյանքի և ճակատագրերի մասին, հաճախ մարդու նամակը, որին երկար տարիներ չէր տեսել, այնքան բան էր ասում, որ թվում էր, թե նա այստեղ ներկա է:
    Արդեն երեք տարի է, որ հսկիչ Արդարը հեռացել է ճամբարից, առանց նրա դժվար էր, կարոտում էր այդ մաքուր հոգով մարդուն:
    Մի քանի համաներված հանցագործներ նորից վերադարձան ճամբար, նոր հանցագործություն կատարելու պատճառով:
    Կյանքը շարունակվում էր, հայր Արսենը սպասում էր իր ժամին, բայց միայն կամոքն Աստծո, դա նրա վերջին բարաքն էր: Հին ծանոթներից ոչ ոք չկար, ոմանց ազատել էին, ոմանք մահացել էին, մյուսներին էլ տեղափոխել էին ուրիշ ճամբար:

ՀՐԱԺԵՇՏ

(Հայր Արսենի հիշողություններից)

    Սկսվեց 1957 թվականը, ինձ հսկումից ազատեցին և թույլատրեցին երբեմն դուրս գալ ճամբարի տարածքից: Ավարտելով գործը դուրս էի գալիս, դանդաղ քայլում էի դեպի մոտակա անտառը, կամ էլ ճահճոտ գետը, ծնկում էի չոր խոտին ու աղոթում: Ձայնս տարածվում էր անտառով մեկ: Այստեղ աղոթելը հանգիստ էր, ճամբարային բռնությունը չկար, հնարավորություն կար աղոթքով միանալ Տեր Աստծո հետ: Այդ ժամանակ կարծես թե շուրջս հավաքվում էին իմ հոգեզավակները, թե ազատության մեջ գտնվողները, թե մահացածները:
    Ոչ միշտ էին թույլատրում դուրս գալ ճամբարից: Մի կիրակի դուրս եկա տարածքից, գնացի դեպի նոսր անտառը, որտեղ մի ժամանակ ճամբարային կյանքը եռում էր: Այնտեղ բանտարկյալների համատարած գերեզմաններն էին: Ամբողջ տարածքը վերածվել էր չմշակված, խոտածածկ դաշտի, միայն երևում էին մահացածների ցաք ու ցրիվ եղած մետաղյա ցուցանակները: Կանգնեցի, նայեցի չորս բոլորը, խաչակնքեցի, օրհնելով այս մահվան դաշտում թաղված բոլորին և սկսեցի աղոթել նրանց հոգու համար:
    Հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ էին թաղված այստեղ, ռեժիմի կողմից սպանված: Պատանիներ և ծերեր, հազարավոր հավատացյալներ, հայրենիքի պաշտպաններ, հասարակ մարդիկ, ովքեր այստեղ էին հայտնվել մատնության հետևանքով:
    Այստեղ էին նաև հայրենիքի բազում դավաճաններ, ֆաշիստական ոստիկաններ ու մարդասպաններ:
    Հեռվում լսվում էր տրակտորի ձայնը, որը հռնդալով հավասարեցնում ու լցնում էր դիակների փոսերը, որպեսզի ոչ ոք երբևէ չհիշի այստեղ թաղվածների մասին, քանի որ այստեղ թաղում էին հապճեպ, փոսերը փորում էին ոչ շատ խորը, որովհետև հողը այստեղ միշտ սառած է, ու պետք էր այն տաքացնել շաբաթներով, որպեսզի մի քանի տասնյակ մարդ թաղեին։ Ձմռանը դիակները նետում էին ու մի կերպ ծածկում ձնակույտով, իսկ ամռանը հողով ծածկում էին դիակների դուրս ցցված ոտքերն ու կմախքացած ձեռքերը։
    Աղոթեցի նրանց բոլորի համար: Շատերից մնացել է միայն ցաք ու ցրիվ եղած ժանգոտ ցուցանակները, որոնց վրայից ջնջվել էին նրանց անուն ազգանունները. դժբախտ անհայտներ։
    Տե՜ր իմ, Աստվա՛ծ իմ, ինչու՞ ես դու այս ամենը թույլ տալիս և ինքս էլ պատասխանեցի իմ հարցին, անքննելի և անզննելի են Աստծո ճանապարհները, մարդուն տրված չէ քննել անքննելին, մինչև կգա Դատաստանի օրը:
    Եվ ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մենք շատից քիչը գիտենք և շատից քիչն ենք մարգարեանում, բայց երբ Տերը գա այդ քիչն էլ ոչինչ պիտի լինի»: Այնպես, որ մեր միակ պարտքն է հնազանդվել ու գործել բարին Տիրոջ անունով:
    Շրջվեցի և օրհնեցի այդ մահվան դաշտի չորս կողմերը, աղոթեցի մահացածների հոգու փրկության համար, ապա խոնարհվեցի և հրաժեշտ տվեցի, խոստանալով, որ մինչև կյանքիս վերջը չեմ մոռանա նրանց հիշատակը:
    1957 թվականն էր: Ճամբարը դատարկվել էր: Նրա շուրջ բոլորը սնկի պես բնակելի տներ էին աճել: Քաղաքացիական ավան էր ձևավորվում, հայտնվեցին փողոցներ: Նորանոր մարդկանց խմբեր էին ժամանում, ովքեր ոչինչ չգիտեին «Հատուկ» ճամբարի մասին, կիսաճահճոտ գերեզմանադաշտի մասին, որտեղ հարյուր հազարավոր բանտարկյալներ էին սպասում Ահեղ ու Արդար Դատաստանի օրվան:
    Անցյալը շուտ էր ջնջվում մարդկանց հիշողությունից:

ՎԵՐԱԴԱՐՁ

    1957 թ. վերջն էր, հայր Արսենին մի քանի անգամ կանչեցին ճամբարի վարչություն: Մինչև պատժաժամկետի ավարտը դեռ մնացել էր վեց տարի, քանի որ 1952 թ. ավելացրել էին տասը տարի: Կանչեցին հարցաքննեցին, արձանագրություն կազմեցին, հարցաթերթ լրացրին, ինչ որ տեղ հարցում արին և վերջապես 1958 թ. գարնանը հայտարարեցին համաներմամբ ազատման մասին, թեև ընդհանուր համաներումը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ:
    Հագուստ տվեցին, գնացքի տոմս, վերջին տարիների իր չնչին աշխատավարձը, տեղեկանք՝ անձնագիր ստանալու համար: Հանձնաժողովը տեղեկանքը լրացնելիս հարցրեց, թե որ է գնալու, նա էլ տվեց Յարոսլավլի տակ գտնվող մի հին փոքրիկ քաղաքի անուն, որտեղ անցյալում հաճախ էր գնում հնություններ ուսումնասիրելու: Նա ազատությունից հետ էր վարժվել, ճամբարից դուրս իրեն չէր պատկերացնում, դրա համար էլ հիմա միևնույն էր, թե որտեղ կապրի:
    Հոգնածությունը, անսահման հոգնածությունը ճնշում ու մաշում էր նրան. «Ամեն ինչ Աստծո ձեռքերում է,- որոշեց նա,- Տերը կտնօրինի»:
    Հարկավոր էր հանգստանալ, ուժերը հավաքել, աղոթքի միջոցով խաղաղվել, հետո նոր կարելի է հանդիպել հոգեզավակների հետ, իսկ հիմա ուժ չկա, միայն աղոթքն էր նրան կանգուն պահում:
    Գարունը իր իրավունքների մեջ էր մտնում: Հայր Արսենը ուսապարկը ուսին, քաղաքացիական կոշիկներով, սև անդրավարտիքով, նոր բամբակյա բաճկոնով, ձմեռային ականջակալ գլխարկը գլխին ճամբարից դուրս եկավ: Մի քանի քայլ արեց, ապա շրջվեց դեպի ճամբարը, խոնարհվեց մինչև գետին ու խաչակնքելով հրաժեշտ տվեց: Անվտանգության աշխատողները զարմացած նրան էին նայում մտածելով. «Այստեղ երկար տարիներ տառապած ծերուկը գնա՛ց»:
    Այո՛, երկար, շատ երկար տարիներ նա տառապեց այստեղ, բայց ոչ մի անգամ Աստված նրան չլքեց, այդ վշտի ծովում նրան շատ բան սովորեցրեց, հիասքանչ գործեր կատարեց: Տիրոջ մեծ ողորմությամբ նա գտավ մարդկանց և վերցրեց նրանցից այն, ինչին որ միշտ ձգտում է յուրաքանչյուր քրիստոնյա: Համատարած մարդկային վշտի մեջ նա աղոթել սովորեց, բազում արդարներ և անգամ հասարակ մարդիկ ցույց տվեցին, որ պետք է կրել մարդկանց նեղությունները, դրանով իսկ կատարել Քրիստոսի օրենքը: Հայր Արսենը գոհություն հայտնեց Տիրոջը, Տիրամորը և այստեղ մնացած բոլորին, ովքեր իրեն օգնեցին ու սովորեցրին այդ ամենը:
    Պատահական բեռնատար մեքենայով ուղևորվեց մոտակա քաղաքացիական ավանը, որտեղ այժմ ապրում և աշխատում էր ճամբարի նախկին հսկիչ Արդարը: Նրա տունը գտնելը դժվար չեղավ: Ազատության մեջ անսովոր էր, հանցագործների գոռում գոչումները, հայհոյանքները, անվերջ ստուգումներն ու ներքին լարվածությունն այլևս չկային:
    Հսկիչ Արդարը կնոջ հետ ուրախությամբ դիմավորեցին նրան ու միասին էլ հայր Արսենին ճանապարհեցին կայարան: Երկու օր ապրելով Արդարի՝ Անդրեյ Իվանովիչի տանը, զգաց ազատության համը: Անդրեյ Իվանովիչը գումար ավելացրեց նստեցնելով խցիկով վագոն: Տեղավորվելով ներքևի մահճակալին, նա ուսապարկը դրեց գլխի տակ և աչքերը փակեց:
    Նոր կյանքը չէր պատկերացնում, առջևում անհայտություն էր, բայց կար Աստված ու Նրա օգնությամբ կսկսի նոր կյանք: Մտքերը հեռացան, սկսեց աղոթել ու հանկարծ լսեց.
    - Զգուշացե՛ք, այստեղ ճամբարից մարդ կա, կարող է թալանել:
    Երկրորդ ձայնը շշուկով ասաց.
    - Ինչպե՞ս են այդպիսիններին բաց թողնում, գնդակահարել է պե՛տք:
    Աչքերը բացեց, տեսավ դիմացի մահճակալին տեղավորվել էին երիտասարդ զույգ: Գնացքը ընթանում էր առաջ, հետևում թողնելով կայարաններ, գետեր, անտառներ, քաղաքներ, կառամատույցներում ազատ քայլում էին մարդիկ, կյանքը շարունակվում էր:
    Հայր Արսենը աղոթեց նոր կյանքի համար, նաև ճամբարում հավիտյան մնացածների համար: Գնացքը մոտենում էր այն քաղաքին, որտեղ պիտի ապրեր, ծառայեր Աստծուն ու մարդկանց: