ՀԱՅՐ ԱՐՍԵՆ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

ՈՒՂԻ

     Գրքի այս երկրորդ մասում հավաքված են Հայր Արսենի մասին հիշողությունները, հավաքված, ինչպես նաև այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպ առնչություններ են ունեցել նրա հետ:
     Այստեղ դուք կկարդաք մարդկանց մասին, որոնց արդեն հանդիպել եք առաջին մասում: Այնուհետև կհանդիպեք նոր մարդկանց կամ հայր Արսենի հոգեզավակներին, կամ էլ նրանց, ովքեր մեկ անգամ ճանաչելով հայր Արսենին, հավետ իրենց հետ տարան հավատն առ Աստված, հասկանալով, թե ինչ է նշանակում իսկական հավատացյալ մարդ, ով ուրիշներին է փոխանցում բարություն, ուրախություն և բժշկություն, կյանքի դժվարությունների ժամանակ մաքառելիս։
     Հայր Արսենը կարողանում էր իր վրա վերցնել ուրիշ մարդկանց դժվարություններն ու նրանց մեղքերի ծանրությունը, այնպես, որ նրանք գտնեն ճանապարհն առ Աստված: Նա մարդկանց մեջ հավատ էր դաստիարակում, տալով նրանց իրենց կատարած բարության իսկական և մնայուն ուրախության հասկացողությունը:
     Մեզ հայտնի չէ թե քանի մարդու է նա օգնել, թեթևացնելով նրանց կյանքի դժվարությունները, և քանի մարդու է Աստծուն բերել, հետո օգնել հաստատակամորեն քայլելու հավատքի ճանապարհով, բայց մենք գիտենք, որ այդպիսիները բազում են, իսկ թե ինչքան, միայն Երկնքում կիմանանք:
     Կարդալով ի մի հավաքված այս հիշողությունները, դուք նաև կծանոթանանք հայր Արսենի նոր կյանքի դժվարին ուղուն:

ՀԻՇՈՒՄ ԵՄ

     Գնացքը կանգ առավ, հայր Արսենը դուրս եկավ վագոնից: 1958 թ. գարունն էր սկսվել, խելահեղ, ուրախ երջանիկ: Պայծառ արևոտ առավոտ էր։ Անցնելով կառամատույցով նա տեսավ քաղաքի կայարանամերձ հրապարակը: Հեռվում պսպղում էին եկեղեցու գմբեթների խաչերը:
     Հայր Արսենը ուսապարկով, բամբակյա բաճկոնով, ականջակալ գլխարկով նմանվում էր կոլտնտեսականի, որ եկել էր քաղաք` գնումների, բայց քայլվածքը, շփվելու և խոսելու տոնը իսկույն մատնում էր, որ նա նոր է վերադարձել բանտարկությունից:
     Քաղաքը նույնն էր, ինչպես որ քսան տարի առաջ, բայց ավելի էր խարխլվել, ավելի մռայլ էր ու կեղտոտ:
     Հայր Արսենը ձեռքը տարավ գրպանը, հանեց հասցեով գրությունը և գնաց փնտրելու Նադեժդա Պետրովնայի տունը:
     Ամեն ինչ նոր էր, անսովոր, մարդկանց խոսվածքն էր անգամ փոխվել, փողոցների անուններն էլ էին փոխվել։ Նա երկար քայլեց, հարց ու փորձ արեց և վերջապես գտավ իր փնտրած փողոցը, որը բլուրի նման տեղ էր, գտավ նաև բնակարանը: Մոտեցավ փայտե դարպասին, զանգը տվեց: Մի քանի անգամ զանգի կոճակը սեղմեց, բայց ավա՜ղ, կարծես թե տանը մարդ չկար: Հայր Արսենն անօգնական վիճակում էր, չգիտեր ինչ աներ: Այդ քաղաքում նա ուրիշ ծանոթ չուներ, ու՞ր գնար, կանգներ սպասե՞ր դարպասի մոտ: Որևէ ծանոթի օգնությունն էր հարկավոր, որպեսզի սենյակ վարձեր. հանգստանալ էր պետք։ Անհրաժեշտ էր մենության մեջ մնալ, հարմարվել նոր կյանքին, որից նա հետ էր վարժվել, հետո նոր կարելի էր նամակագրական կապ հաստատել հոգեզավակների հետ: Ի՞նչ անել, միգուցե Նադեժդա Պետրովնան այլևս այստեղ չի ապրում: Դարպասի մոտ նստարան կար, ձեռնոցներով սրբեց վրայի փոշին ու հուսահատ նստեց:
     - Ես մտածում էի, - հետո պատմում էր հայր Արսենը, - որ ակամայից ընկել եմ հպարտության մեղքի մեջ, որ միայնակ կարող եմ հաստատվել ազատության մեջ, առանց ընկերների և հոգեզավակների, ու Աստված ցույց տվեց իմ անկարողությունը: Շուրջ բոլորը անծանոթ էր, օտար և վախեցնող, հույսս միայն Աստված էր։
     Հատ ու կենտ մարդիկ էին անցնում փողոցով, իսկ ծերունին բամբակյա բաճկոնով, ուսապարկը ուսին նստած էր նստարանին, կարծես ննջում էր։ Քաղաքը, փողոցը, փակ բնակարանը հեռացան, մնաց միայն աղոթքը, երբ խնդրում էր, որպեսզի ներվի իր հպարտության մեղքը։
     Երեք ժամ անց հարևան տնից դուրս եկավ մի կին և հարցրեց.
     - Քաղաքացի դուք ո՞ւմ եք ուզում:
     Հայր Արսենը գրպանից հանեց հասցեն և ասաց.
     - Նադեժդա Պետրովնային։
     Սակայն հարցերը շարունակվեցին.
     - Ո՞վ եք, որտեղի՞ց և ինչո՞ւ եք եկել, վաղուց ե՞ք քաղաքում։
     Հայր Արսենը պատասխանեց միանշանակ.
     - Ծանոթներ ենք, հյուր եմ եկել, վաղուց չենք տեսնվել։
     Թվում էր` անհնարին էր դադարեցնել այդ կնոջ հետաքրքրասիրությունը, բայց այդ ժամանակ դարպասին մոտեցավ մի կին և հայր Արսենը հասկացավ, որ դա Նադեժդա Պետրովնան է: Այդպես տեղի ունեցավ հայր Արսենի հանդիպումը Նադեժդա Պետրովնայի հետ, որի տանը նա ապրեց իր կյանքի վերջին տասնհինգ տարին, ում կյանքը շատ անսովոր էր եղել։ Ուսուցչի դուստր էր, տասնվեց տարեկանից անցել կուսակցության շարքերը, մասնակցել էր քաղաքացիական պատերազմին, ղեկավարել էր նահանգի կանանց բաժինը, աշխատել էր կուսակցական օրգաններում, ընդունվել է կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ, ավարտելուց հետո աշխատանքի էր անցել այսպես ասած. «գաղափարական ճակատում»: Նրա հեղինակած գրքերը, բրոշյուրները, հոդվածները լայն ճանաչում են ունեցել ողջ երկրում: Աշխատել է բազում հեղինակավոր մարդկանց հետ, ընտրվել է մի քանի համագումարների պատգամավոր, բայց 1937 թ. ձերբակալվել է և միայն 1955 թ. ազատվել է հիսունհինգ տարեկան հասակում: Երեք երեխաներից ողջ է մնացել միայն առաջնեկը` Մարիան, որը ամուսնացած է զինվորական բժիշկի հետ: Որդին՝ Յուրին, ընկել էր որբանոց, այնտեղից զորակոչել էին ռազմաճակատ, որտեղ էլ զոհվել էր տասնինը տարեկանում, իսկ փոքր որդին վախճանվել է որբանոցում: Նադեժդա Պետրովնան չի ցանկացել ապրել Մոսկվայում, այլ տեղափոխվել այս փոքրիկ քաղաքը, որտեղ թաղված է իր որդին։
     Ճամբարային կյանքը, դաժան հարցաքննությունները, ստորացումները նրա միջից սրբել էին սերը, համոզմունքները, կյանքի հանդեպ հետաքրքրությունը, մնացել էր միայն խորը վիշտն ու հոգու ցավը: Աղջիկը և փեսան նրա համար տուն էին գնել այս քաղաքում, փոքրիկ, բայց շատ հարմարավետ այգով։ Նրա ամուսնու` Պավելի հետ հայր Արսենը հանդիպել էր ճամբարում 1952 թվին։
     Ծանր հիվանդ էր, բայց մինչև կյանքի վերջը շարունակեց աշխատել ամենադժվար տեղերում։ Պավելը մտերմացավ հայր Արսենի հետ և խնդրեց, որ եթե հաջողվի ազատվել, ապա անպայման փնտրի իր կնոջը և պատմի իր կյանքի վերջին տարիների մասին ու եթե հնարավոր լինի, նաև օգնի։
     1956 թ. ճամբարից նամակագրական կապի միջոցով ընկերներին խնդրեց, որպեսզի գտնեն Նադեժդա Պետրովնային: Նրանք շատ դժվարությամբ գտան նրան, որն արդեն ապրում էր այս փոքրիկ տանը` Ռոստով քաղաքում: Հայր Արսենը գրեց Նադեժդա Պետրովնային և հանգամանորեն պատմեց նրա ամուսնու մասին, սա էլ հրավիրեց ազատվելուց հետո գալ իր մոտ ապրելու։
     Հայր Արսենին նա լավ ընդունեց, որից հետո էլ պատմեց նրա ամուսնու կյանքի վերջին տարիների մասին:
     Երկար պատմեց նրա հաստատակամության մասին, մտածումների, մահվանից առաջ արտահայտած մտքերի մասին: Այդ ընթացքում Նադեժդա Պետրովնան մեկ լալիս էր, մեկ ատելությամբ էր լցվում և անընդհատ միևնույն խոսքն էր կրկնում լացակումած.
     - Ինչպիսի՜ մարդ էր Պավելը, ինչպիսի՜ մարդ, կանխամտածված կործանեցին. ստորնե՛ր, սրիկանե՛ր...։
     Հայր Արսենը մի քանի օր ապրեց Նադեժդա Պետրովնայի տանը և հասկացավ, որ այստեղ ամեն ինչ օտար է ու շատ դժվար։ Չէր կարողանում ազատ աղոթել, գտնվում էր մշտապես հյուրի կարգավիճակում, թեև ապրում էր առանձին սենյակում: Բայց հենց այդ ընթացքում բաճկոնի գրպանից գտավ ծանոթներից երկրորդի մոռացված հասցեն։
     Շնորհակալություն հայտնեց Նադեժդա Պետրովնային հյուրասիրության համար և գնաց ապրելու Մարիա Սերգեևնայի` իր մտերիմ հոգեզավակի տանը։
     - Մի քանի օրից գնացի հայր Արսենին այցելության, այն ժամանակ նրան անվանում էի Պյոտր Անդրեևիչ, - պատմում էր Նադեժդա Պետրովնան, - տեսնեմ մի հին խարխլված տնակ, որտեղ նա գիշերում էր ինչ որ խորդանոցում, ծալովի կոտրած մահճակալի վրա, չթե հին ծածկոցով, իսկ Մարիա Սերգեևնան այնքան ծեր էր, որ հազիվ էր տեղից շարժվում: Նա ոչ միայն չէր կարող օգնել հայր Արսենին, այլ ինքը օգնության կարիք ուներ: Մի խոսքով նորից հետ կանչեցի: Հայր Արսենը արտասովոր կերպով նայեց ինձ և ասաց. «Միթե՞ դա հնարավոր է, ես հոգևորական եմ, երկար աղոթում եմ, Աստվածպաշտության կարգ եմ կատարում տանը, մեր աշխարհայացքները տարբեր են, դուք հավատացյալ չեք, աթեիստ եք, բացի դրանից ինձ շատ շատերը պիտի այցելեն, ինչը կարող է ձեզ հաճելի չլինի»: Տեսնում եմ, որ Մարիա Սերգեևնան էլ չի ցանկանում, որ հայր Արսենը տեղափոխվի ինձ մոտ, բայց չգիտեմ ինչու խղճացի ու հաջորդ օրը եկա և նրան տարա ինձ մոտ: Հայր Արսենին տեղավորեցի մեծ սենյակում, որտեղից մուտք կար դեպի այգի, այնտեղ խաղաղ կլիներ նրա համար: Սկսեցի խնամել նրան, ես մենակ էի ապրում և ազատ ժամանակ շատ ունեի: Աղջիկս ամուսնու հետ ամիսը մեկ կամ երկու անգամ այցելում էին ինձ, իսկ թոռնուհիս միայն ամառային արձակուրդներին էր կարողանում գալ:
     Հետզհետե նկատում էի, որ հայր Արսենը հետաքրքիր, առանձնահատուկ մարդ է, բայց սկզբում չէի հասկանում թե ինչումն է նրա առանձնահատկությունը: Շարունակ աղոթում էր, առավոտյան, կեսօրին, երեկոյան, անգամ գիշերը: Մարիա Սերգեևնայից սրբապատկեր ուզեց, կախեց անկյունում, որի առջև մշտավառ կանթեղ հարմարեցրեց: Այդ ամենը ինձ համար շատ տարօրինակ էր ու անհասկանալի: Մտածում եմ անկիրթ ֆանատիկոս է, կամ էլ ճամբարն է խիստ ազդել վրան, բայց խոսակցության մեջ տեսնում էի, որ ինտելիգենտ է: Երեկոները հաճախ զրուցում էինք և ես հասկացա, որ իմ առջև ահռելի գիտության տեր, անսահման բարի մարդ է կանգնած: Դա հասկացա երկու ամսվա ընթացքում:
     Նա դեռ չէր վարժվել ազատությանը, ամեն դեպքում ճամբարն իր խորը, դառը հետքն էր թողել նրա վրա: Չնայած ինձ ասաց, որ իրեն շատերը պիտի այցելեն, բայց ոչ ոք նրան չայցելեց, նամակներ էլ ոչ մեկին չգրեց, հետո իմացա, որ Մարիա Սերգեևնային արգելել էր իր գտնվելու վայրի մասին որևէ մեկին հայտնել:
     Առաջին երեք շաբաթը փողոց դուրս չեկավ, հետո երբեմն դուրս էր գալիս ու նստում դրսի նստարանին: Նրա վիճակը ես շատ լավ էի հասկանում, նախկին ճամբարականների հետ նմանատիպ բան կատարվում է, ոմանք դառնում են ինքնամփոփ, ոմանք էլ նյարդային դեպրեսիաների մեջ են ընկնում:
     Սկսեցի հաճախակի զրուցել հայր Արսենի հետ, հարցեր էի տալիս, պատմում էի իմ կյանքից, թույլատվություն խնդրեցի մտնել իր մոտ այն ժամանակ երբ նա աղոթում էր, կամ ծառայություն էր կատարում: Այդ ակնթարթներին նա վերափոխվում էր, դառնում էր ուրիշ մարդ, ապշեցուցիչ էր:
     Հիշում եմ, մի օր երեկոյան անցյալի դառը հուշերը պարուրեցին ինձ, աչքերիս առջև անդադար գալիս էին որդիներս, Յուրին ու Սերգեյը, անընդմեջ հիշում էի ամուսնուս, ցանկություն էր առաջանում ընկնել ու գլուխս խփել գետնին, ճչալ, հեկեկալ իմ կորցրած հարազատների համար: Կյանքը դարձել էր անիմաստ, հանուն ինչի՞ ապրել: Տեղս չէի գտնում, սենյակը տակն ու վրա էի անում, ատամներով կրծոտում էի բարձս, անձայն լաց էի լինում, արցունքները ողողում էին երեսս, ո՞վ կարող է ինձ օգնել, ո՞վ ինձ կասի թե ինչո՞ւ այս ամենը հենց ինձ հետ կատարվեց, ո՞վ...:
     Չէի ուզում ապրել, աչքերիս առաջ նորից ու նորից գալիս էր անցյալս, զավակներիս տանջանքները որբանոցում, վախից չռված նրանց աչքերը, ձերբակալության ժամանակ տարած սարսափները, ամուսնուս մահը ճամբարում, հարցաքննությունները, ցանկություն էր առաջանում վազել ինչ որ տեղ և պատասխան պահանջել, թե ինչո՞ւ այս ամենը կատարվեց:
     Տանը ես մենակ էի, իսկ Պյոտր Անդրեևիչը տանջված, այս կյանքից զատված մի մարդ, չէր կարող ինձ օգնել: Բայց քանի որ ուրիշ ոչ ոք չկար, ես գնացի նրա մոտ: Առանց դուռը ծեծելու ներս խուժեցի իր սենյակը, նա սրբապատկերի առջև կանգնած աղոթում էր բարձր ձայնով: Ես ներս մտա աղմուկով բացելով դուռը, իսկ նա անգամ ետ չշրջվեց։ Կանգնեցի և հմայվածի պես լսում էի.
     - Տիրամա՛յր, Երկնքի թագուհի, դու իմ հույսն ես, պահապանը նեղվածների, սգավորների, դու տեսնում ես իմ թշվառ վիճակը, իմ վիշտը, օգնի՜ր և պահպանի՜ր: Բարեխոս եղի՜ր քո որդու՝ Հիսուս Քրիստոսի առջև ինձ՝ մեղավորիս համար, հեռացրու ինձնից այս հոգեմաշ տառապանքը…
     Երկար աղոթեց հայր Արսենը, ավարտեց, խաչակնքվեց, ծունկի եկավ, խոնարհվեց մի քանի անգամ, կարդաց ևս մի աղոթք և ոտքի կանգնեց: Իսկ ես հազիվ բռնվելով դռնից բարձրաձայն հեկեկում էի, բայց Տիրամոր աղոթքը դեռ հստակ լսվում էր ականջներիս մեջ, որն ի դեպ ես այն չմոռացա իմ ամբողջ կյանքում, քանո որ այն իմ սրտին շատ հոգեհարազատ դարձավ: Մի կերպ զսպելով ինձ հազիվ կարողացա ասել.
     - Օգնեցե՛ք ինձ, ես այլևս այսպես չեմ կարող ապրել:
     Պյոտր Անդրեևիչը ոչինչ չհարցնելով, ինձ պոկեց դռնից ու նստեցրեց աթոռին: Մի կերպ զսպելով արցունքներս ես նրան ամեն ինչ պատմեցի, խոսեցի շատ երկար: Նա համակ ուշադրությամբ լսում էր և ոչ մի անգամ չընդհատեց, երբ ավարտեցի, զարմացա ինքս ինձ վրա, թե ինչպե՞ս կարողացա կյանքս մանրամասնորեն պատմել ինչ որ օտար մարդու:
     Հայր Արսենը վեր կացավ մոտեցավ սրբապատկերին, ուղղեց կանթեղը, խաչակնքվեց մի քանի անգամ ու սկսեց խոսել: Հավանաբար նա խոսեց ոչ շատ երկար, բայց իր խոսքով նա ինձ ստիպեց և ես իմ տառապանքներին սկսեցի նայել ոչ առաջվա նման: Ես հասկացա, որ նախկինում կատարած գործերիս հատուցումն եմ ստանում, չէ՞ որ իմ պատճառով շատ շատերն են տանջվել, ու ինչո՞վ էի ես նրանցից առավել: Իսկ ես այդ մասին երբեք չէի մտածել:
     - Լավ է, որ դուք պատմեցիք ձեր ողջ կյանքը,- ասաց հայր Արսենը, - քանի որ անկեղծությունը սրբում է մարդու խիղճը, դուք նորից կվերագտնեք ձեր հոգու խաղաղությունը Նադեժդա Պետրովնա,- և օրհնեց ինձ:
     Ես միանգամից հավատացյալ չդարձա, բայց հասկացա, որ իմ կյանքում բաց եմ թողել ամենակարևորը, ու կարող եմ այն վերագտնել Աստծո և հայր Արսենի օգնությամբ: Երբ նրան հասկացա, ընտելացա և նրա մեջ տեսա մեծագույն հավատք կրող մի մարդու: Երբեք չէի կարող պատկերացնել, որ ճամբարից եկած, հյուծված, տառապած, ճամբարային հնամաշ բաճկոնով մի ծերունի կարող էր ազդել իմ աշխարհայացքի վրա, որ ես դառնայի հավատացյալ, այն դեպքում, որ ողջ կյանքում մերժել ու բարկացրել եմ Աստծուն:
     Այդ խոսակցությունը ինձ մտերմացրեց հայր Արսենի հետ և նա սկսեց ավելի քիչ ամաչել և մի քանի նամակ գրեց իր հոգեորդիներին: Չորս օրից մեզ այցելեցին միանգամից մի քանի մարդ: Ինչ մեղքս թաքցնեմ, առաջին հայացքից նրանք ինձ շատ տարօրինակ թվացին, բայց հետո հասկացա նրանց, հետագայում ես էլ նմանվեցի նրանց, շատ շատերի հետ մտերմացա, իսկ շատերին սիրեցի:
     Հինգ ամսից հետո ես դարձա հայր Արսենի հոգեորդին, բայց հենց այդ ժամանակ մի դիպված ինձ վրա շատ ազդեց: Մեզ մոտ հյուր էր մեր ընտանիքի լավագույն բարեկամ և ընկեր Նիկոլայը: Նա ձերբակալվել էր Պավելի հետ միաժամանակ և միևնույն գործով: 1955 թ. նրան արդարացրել էին և վերականգնել էին բոլոր իրավունքները: Աշխատելով Խարկովում ոչ մեծ տնտեսական պաշտոնի, գործուղվել էր Մոսկվա, որտեղից էլ որոշել էր այցելել ինձ: Ճամբարից հետո չէինք տեսնվել, այլ միայն նամակագրական կապ էինք պաշտպանե միմյանց հետլ:
     Եկավ, սկսեցի հարցնել ճամբարից, իմ մասին պատմեցի, ինչու եմ հայտնվել այս քաղաքում:
     Իսկ Նիկոլայը պատմեց իր ձերբակալության մասին, թե ով էր իրենց մատնել, հիշեցինք անցյալը, ամուսնուս՝ Պավելին։ Ես բավական լաց եղա: Հանկարծ Նիկոլայը ժպտալով հարցրեց.
     - Նադեժդա դու ամուսնացե՞լ ես, միջանցքում տղամարդու գլխարկ ու վերարկու տեսա, ո՞ւմն են դրանք:
     Ես նրան, պատասխանեցի, որ նա Պավելի լավ ծանոթն է, ճամբարում միասին են նստել: Նիկոլայը միանգամից վրա տվեց.
     - Իսկ ո՞վ է նա, ինչպիսի՞ մարդ է:
     - Հոգևորական է, Ստրելցով Պյոտր Անդրեևիչ է անունը, դու նրան չես ճանաչի, վերջին չորս տարիներին դուք Պավելի հետ տարբեր ճամբարներում եք նստել:
     - Հայր Արսենն այստե՞ղ է, - վեր թռավ Նիկոլայը, - որտե՞ղ է նա, - գրեթե ճչաց ու առանց թակելու ներխուժեց հայր Արսենի սենյակ:
     - Հա՛յր Արսեն, հայ՛ր Արսեն, սիրելիս, - գրկեց նրան Նիկոլայը լաց լինելով, - Աստված իմ, ինչ ուրախություն է, որ ձեզ հանդիպեցի, գիտե՞ք ինչքան եմ փնտրել ձեզ, հարցում արել ծանոթներին, օրհնեցե՛ք ինձ, հանուն Աստծո օրհնեցե՛ք, - և ծնկի եկավ:
     Նստեցին ու սկսեցին զրուցել, ինձ լրիվ մոռացան, գնացի խոհանոց թեյ պատրաստելու, մտածում էի ու զարմանում, թե ինչ է պատահել ամուսնուս և Նիկոլային, որ նրանց վրա այսպիսի ազդեցություն է թողել Հայր Արսենը: Թեյը մատուցեցի, բայց նրանք այդպես էլ չխմեցին: Մտածում էի, ճիշտ է հայր Արսենը լավն է, բարի է, բայց չէի հասկանում թե ինչ մոգական ուժ ունի, որ կոմունիստ Նիկոլայը ծունկի կգա և նրանից օրհնություն կխնդրի:
     Թե ինչ էին նրանք խոսում մի քանի ժամ, ես չգիտեի, բայց երեք տարի անց Նիկոլայը ասաց, որ խոստովանվում էր: Վերջապես ավարտեցին խոսակցությունը, Նիկոլայը եկավ պայծառ դեմքով, և շատ ուրախ, սկզբում լուռ էր, հետո սկսեց պատմել հայր Արսենի մասին: Դա ինձ վեջնականապես չարացրեց, լավ հասկացանք հայր Արսենը լավ մարդ է, բայց չի կարելի ինձ հետ այդպես վարվել: Իմ մոտ ընկերը եկել է ինձ մոտ, որի հետ չենք տեսնվել ամբողջ հավերժություն, մի քանի րոպե ինձ հետ զրուցելուց հետո ամբողջ օրը նվիրեց հայր Արսենին, հիմա էլ եկել նորից նրա մասին է խոսում։ Նրա այդ արարքն իմ կարծիքով սխալ էր ու անտակտ:
     Հայր Արսենի հետ կարող էր հետո էլ խոսել, չդիմացա և պոռթկացի.
     - Լսիր Նիկոլա՛յ ես շատ լավ տեսնում եմ, որ Պյոտր Անդրեևիչը լավ մարդ է, բայց զարմանում եմ, թե ինչու նետվեցիր, ծնկի եկար և օրհնություն խնդրեցիր նրանից, իսկ ինձ անտեսեցիր, չէ՞ որ մենք երկար տարիներ չէինք տեսնվել:
     Նիկոլայը զարմացած նայեց ինձ ու սկսեց պատմել, շատ երկար պատմեց և ես այդ պատմությունից հասկացա, թե ով է իրականում Պյոտր Աիդրեևիչը՝ հայր Արսեն հոգևորականը:
     Հիշում եմ նրա պատմածը. «Նադյա՛ ճամբարում ես շատ նոր բաներ հայտնաբերեցի ինքս ինձ համար, աշխարհայցքները, գաղափարները, մարդկանց, իրադարձությունները, իմ անցյալը և ներկան ուրիշ տեսանկյունից սկսեցի նայել: Դու նույնպես տեսել ես ճամբարային կյանքը, լավ գիտես: Ազատության մեջ մարդը բարի է, հավատարիմ, կարեկից, անգին է, բայց այդ նույն մարդը երբ ընկնում է ճամբար վերափոխվում դառնում է մորթապաշտ, դավաճան, մատնիչ, նենգ, ստոր արարած: Հորն ու մորը անգամ կծախի: Մենք այդպիսի մարդկանց շատ ենք տեսել, նրանց պատճառով նստել ենք երկար տարիներ, մեր սիրելիներին ենք կորցրել: Իսկ այս մարդը հազարավոր մարդկանց է փրկել իրական մահվանից ու տառապանքներից: Քեզ հետաքրքի՞ր է թե ինչով է փրկել: Բարի խոսքով, հոգատարությամբ, որոշ դեպքերում իր կյանքի հաշվին: Դու գիտես, թե ի՞նչ է ճամբարում բարոյական օգնությունը, դա կերակուրից առավել է:
     Մենք ճամբարում մտերմանում էինք միայն յուրայինների հետ, կուսակցականը կուսակցականի, ինտելիգենտը ինտելիգենտի, գյուղացին գյուղացու, գողը գողի հետ: Եթե օգնում էինք, ապա միայն յուրայիններին, իսկ եթե ճիշտն ասեմ օգնում էինք հազվադեպ, ավելի շատ դավաճանում էինք, իսկ հայր Արսենը օգնում էր բոլորին: Նրա համար բոլորը յուրայիններ էին, նրա համար կար միայն մա՛րդը, որին պետք է օգնել: Այդպես նա գտավ ինձ ու Պավելին: Այդ ժամանակ մենք խիստ հուսահատության մեջ էինք, ցանկանում էինք փախչել, որը հավասարազոր էր մահվան: Ոչ ոք չգիտեր մեր մտադրության մասին, բայց փախուստից մի օր առաջ մեզ մոտեցավ նա՝ էտապից նոր եկած մեկը և սկսեց խոսել:
     Մենք մնացել էինք ապշած, որտեղի՞ց նա գիտի մեր մտադրության մասին, սարսափը պատել էր մեզ, բայց նա խոսում էր համոզված, շատ սիրալիր, դա մեզ հանգստացրեց: Հետո իմացա, որ նա քահանա է, որից ես շատ հիասթափվեցի, տեսքն էլ շատ անհրապույր էր: Մեկ տարի մենք նրա հետ ապրեցինք և նա մեզ համար հանդիսացավ, որպես լուսատու ուղղորդող աստղ: Նայի՛ր նրան Նադյա, նայի՛ր և հասկացի՛ր, դու էլ ծնկի կգաս ու օրհնություն կխնդրես իրենից»:
     Մեծ տպավորություն թողեց ինձ վրա Նիկոլայի պատմությունը, դե ես էլ արդեն կապվել էի հայր Արսենի հետ, բայց Նիկոլայի գալուստը առավել հաստատեց ինձ»:
     Տատյանան պատմում է հայր Արսենի մասին:
     Սենյակը, որը հայր Արսենին տրամադրել էր Նադեժդա Պետրովնան մեծ էր, լուսամուտները նայում էին այգուն, որտեղ տնկված էին խնձորենիներ, բալենիներ, տանձենիներ: Վաղ առավոտյան, աքլորականչին հայր Արսենը վեր էր կենում ու սկսում էր աղոթել, հետո պառկում էր և նորից վեր էր կենում ժամը յոթին և մինչև իննը ծառայություն կատարում: Ծառայությանը մասնակցում էին նաև նրա հյուրերը՝ իր հոգեորդիները, երբեմն էլ Նադեժդա Պետրովնան: Ծառայությունից հետո նա զրուցում էր հյուրերի հետ, կամ էլ աշխատում էր: Նամակներ էր գրում, երբեմն էլ թելադրում էր, երբ իրեն վատ էր զգում: Շատ էր կարդում արվեստի մասին և շատ էլ գրում էր:
     Նրա այցելուները շատ շատ էին: Հաճախ էր գալիս Վերա Դանիլովնան, բարձրահասակ, արդեն ալեհեր, արտաքինից խստաբարո, անմարդամոտ, բայց իրականում բարի և ազնիվ հոգու տեր մի անձնավորություն:
     Հայր Արսենի առաջին խոստովանաորդիներից մեկն էր, շատ մտերիմ, հարազատ մարդ: Նա բժշկուհի էր և գրեթե բոլորը նրա մոտ էին բժշկվում: Գալիս էին ևս երկու բժշկուհիներ՝ Լյուդմիլան և Յուլյան, համարյա հասակակիցներ: Ամուսնու և երեխաների հետ գալիս էր Իրինան, մի գեղեցկուհի 45-50 տարեկան: Նա Վերա Դանիլովնայի հետ բուժում էր հայր Արսենին, երբեմն էլ նրան տանում էին Մոսկվա, պառկեցնում հիվանդանոց: Հայր Արսենը միշտ ընդդիմանում էր, բայց այդ ժամանակ բժշկուհիներին էր միանում Նադեժդա Պետրովնան և սկսում էր հավաքել նրա իրերը: Հայր Արսենը տեղի էր տալիս ամեն անգամ կրկնելով. «Ես միանգամայն առողջ եմ, դա ձեր հորինվածքն է»:
     Իրինան յուրահատուկ էր, նուրբ, կանացի, անսահման բարի և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ նա հանրահայտ վիրաբույժ է, բժշկագիտության դոկտոր պրոֆեսոր և իր ամբիոնն ուներ: Հայր Արսենը առանձնակի հարգանքով էր վերաբերվում նրան:
     Հիշում եմ ինժեներ Սազիկովի այցելությունները, գեղեցկատես տղամարդ, միշտ նրբագեղ հագնված, բառիս բուն իմաստով պաշտում էր հայր Արսենին: Նրանք քայլում էին այգում և երկար զրուցում: Սազիկովը հնարամիտ էր, շատ սրամիտ, բայց նրա աչքերում մշտապես թախիծ կար: Նա հաճախ էր այցելում և այցելություններից մեկի ժամանակ ասաց, որ հայր Արսենի հետ միասին են նստել ճամբարում և որ ինքը նախկին կրկնահանցագործ գող է:
     Ես խիստ զարմացա և ասացի, որ հավանաբար նա կատակում է, բայց Սազիկովը պատասխանեց. «Մի զարմացեք, ես հին հանցագործ եմ, որին այդ աշխարհից դուրս է քաշել հայր Արսենը»: Սազիկովը աշխատասեր և մեծ հավատքի տեր մարդու տպավորություն էր թողնում: Ինչ մարդ էր նա՝ ես չգիտեի, որովհետև հայր Արսենը սովորեցրել էր երբեք ոչ ոքի չհարցաքննել, այդպես ընդունված էր, բայց մեր առաջին հանդիպումից չորս տարի հետո մենք Մոսկվայում հանդիպեցինք Սազիկովին և նա դարձավ մեր ընտանիքի մշտական ցանկալի հյուրը: Այդ ժամանակ էլ նա ինձ և ամուսնուս պատմեց իր ողջ կյանքը:
     Հիշում եմ գալիս էր ամբողջովին սպիտակահեր, արտաքինից ուժեղ կամային հատկանիշներով մի զինվորական: Լուռ բարևում էր բոլորիս և առանձնանում էր հայր Արսենի հետ, ով իր բոլոր այցելուներին ընդունում էր ուրախությամբ ու հարգանքով, բայց այդ մարդուն ընդունում էր հոգեհարազատ ջերմությամբ: Ո՞վ էր նա, մենք չգիտեինք, հետաքրքրվելն էլ ընդունված չէր, բայց մի անգամ հայր Արսենը կանչեց և ասաց. «Ծանոթացե՛ք Իվան Ալեքսանդրովիչ Ամբրոսիմով, երբ ես չեմ լինի նրան մենակ չթողնեք»: Ես ցանկացա ինչ որ բան ասել, բայց Արսենը պահանջեց. «Չթողնե՛ք, չթողնե՛ք, իսկ դուք Իվան Ալեքսանդրովիչ ծանոթություն հաստատե՛ք Տանյայի հետ, բարի ծանոթություն, իսկ երբ ես չեմ լինի, նրա համար ուրիշ քահանա կգտնե՛ք»: Այդպես ծանոթացանք Իվան Ալեքսանդրովիչի հետ:
     Մշտական հյուր էր Ալյոշան, ճամբարային ուսանող Ալեքսեյը: Նրա մասին պատմել անհրաժեշտություն չկա, քանի որ յուրաքանչյուրս գիտեինք նրան, որպես հայր Ալեքսեյ, որն իր ուսերի վրա էր վերցրել հայր Արսենի հոտի հովվությունը: Բայց այնուամենայնիվ չեմ կարող զսպել ինձ և կպատմեմ մեր շատ սիրելի հայր Ալեքսեյի մասին:
     Միշտ սիրալիր, լուսավոր, կապուտաչյա Ալյոշան հայր Արսենի կյանքի վերջին տարիներին դարձավ նրա հենարանը և հույսը: Չափազանց նրբանկատ ու բարի, դիմացինի ցավը հասկացող և ցավակցող, անդադար աղոթող: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Ալեքսեյը կդառնար շատերիս հոգևոր հայրը:
     Հիշում եմ Սազիկովի և Ամբրոսիմովի հանդիպումը հայր Ալեքսեյի հետ: Դա հանդիպում էր մարդկանց, որոնք սարսափելի ծանր կյանք էին ապրել միասին: Նրանց շատ բան էր կապում միմյանց, ընկերությունից մեծ բան: Անգամ հարազատ եղբայրները դժվար թե այդպիսի հանդիպում ունենային: Հայր Ալեքսեյի որդուն՝ Պետյային նրանք ողողեցին բազմաթիվ խաղալիքներով և Աստված գիտի, թե ինչ նվերներով:
     Երբեմն այցելում էին կոլտնտեսական կամ գյուղատնտես, հայտնվում էր գրող բանաստեղծ, կամ էլ բանվոր խառատ, ինտելիգենտ տեսքով ինչ որ ծեր կանայք կամ էլ մի ծեր գիտնական իր կնոջ հետ Լենինգրադից: Երբեմն այցելում էր ծեր սրբազան Իոնան, որը մոտերքում էր ապրում:
     Նա գտնվում էր հանգստության մեջ, ու արդեն շատ ծեր էր, բայց պատանու հիշողություն ուներ, թարմ ուղեղով, ռուսական պատմության և եկեղեցու մեծ գիտակ:
     Շատերն էին գալիս, բայց բոլորի մասին գրել հնարավոր չէ, բայց մեծ ցանկություն կա հիշատակելու Նատալյա Պետրովնային, որը շատերիս բառիս բուն իմաստով փրկեց ու պահպանեց, այն տարիներին, երբ հայր Արսենը դեռ ճամբարներում էր:
     Խանդավառ, պոռթկուն, կրակոտ Նատալյա Պետրովնան միշտ շարժման մեջ էր, իրադարձությունների կենտրոնում: Մի անգամ ես պատահաբար ականատես եղա նրա և մեր քույրերից մեկի խոսակցությանը: Հիմա դժվարանում եմ հիշել, թե ինչի մասին էին խոսում, բայց այն ժամանակ ես ուշադրություն դարձրեցի նրա ձեռքերին: Նրա դալուկ ձեռքը մեկ բռունցքվում էր, մեկ վրդովված կտկտացնում էր բազկաթոռի բռնակին, մեկ ինչ որ բան էր գծում սեղանին: Միանգամից երևում էր, որ նրա նյարդերը տեղի էին տալիս և նա կարծես ձեռքերի միջոցով էր ցանկանում իր մտքերը հաղորդել դիմացինին: Երբ խոսակցությունը թեժանում էր, այնժամ ձեռքերը արտահայտում էին հուզառատ հոգու խռովված մտքերը: Ես գրեթե չլսելով նրանց, նայելով նրա ձեռքերին հասկանում էի վիճաբանության իմաստը: Երբեմն ձեռքը հուսահատությունից թափահարում էր, դա նշանակում էր, որ դիմացինը նրան չի հասկանում: Հետո հետզհետե ձեռքի շարժումները դանդաղում էին և հանգիստ իջնում էր բազկաթոռի բռնակի վրա, դա նշանակում էր, որ վիճաբանությունն ավարտված է և Նատալյա Պետրովնան ինչ որ բան ապացուցեց:
     Մարդիկ գալիս էին ու գնում, գրում էին և պատասխան էին ստանում և տանում էին իրենց հետ հանգստություն, հավատ, հույս և հայր Արսենի հոգուց մի մասնիկ: Ես նկատում էի, որ հայր Արսենն իր հոգեորդիների հետ խոսելիս ստանում էր նրանցից կարևոր նոր բան և անհամբերությամբ էր սպասում շատերի գալուստին:
     - Յուրաքանչյուր մարդու հետ շփումը քեզ լցնում է, հարստացնում, մի կտոր լույս և ուրախություն է բերում, անգամ եթե նա քո առջև է դնում իր վիշտը և դու գտնում ես, որ ամեն ինչ Աստծո կամքն է ու տեսնում ես, երբ մարդը քեզ հետ միասին հաղթահարում է վիշտը, այդ ժամ ուրախանում ես նրա հետ ու նրա համար:
     Բայց իմ հոգեորդիների մեջ կան այնպիսիները, որոնց հետ հանդիպելիս կարծես վերակենդանանում եմ: Նրանք ինձ համար լույս են ու բերկրանք. - ասում էր հայր Արսենը:
     Հաճախ է ինձ բախտ վիճակվել աղոթել հայր Արսենի հետ: Պատահում էր, որ կանգնած էինք կիսամութ սենյակում, միայն սրբապատկերների կանթեղներն էին վառվում, իսկ հայր Արսենը ծառայություն էր մատուցում: Կարդում էր հստակ, հասկանալի, զգում ես, որ նա խորասուզվել է աղոթքի մեջ: Այնպես էր աղոթում, որ դու նոր ժամանածդ, քաղաքի թոհուբոհից նոր կտրվածդ, անկախ քեզանից գնում ես նրա հետևից, մոռանում ես ամեն ինչ և քո առջև հառնում է միայն Տիրամոր սրբապատկերը, ներսուզվում ես աղոթքի մեջ և քո ներսում բոցավառվում է Աստծո հետ հաղորդակցության ջերմ բերկրանքը: Նրա հետ աղոթելը երջանկություն էր յուրաքանչյուրիս համար:
     Դեռ շատ կարելի պատմել նրա մասին, կարծում եմ, որ ամենակարևորները պատմեցի: Տպագրելով գրածս, հասկացա, որ չեմ կարողացել այնպես պատմել հայր Արսենի մասին, ինչպես պետք էր, բառապաշարս չէր հերիքում: Տե՛ր ներիր ինձ, մեղավոր Տատյանայիս: Հիշողություններս չեն կարող ամբողջական լինել, որովհետև ես նրա մոտ եկա միայն 1959 թ.:
     Հայր Արսենի մոտ ինձ առաջնորդեց Յուլյան, ում մոտ բուժվում էի երկար տարիներ, որի հետ ծանոթացա 1951 թ. և մինչև այժմ լավ բարեկամներ ենք: Բարձրահասակ, գեղեցկուհի Յուլյա Սերգեևնան հենց առաջին հանդիպումից ինձ գերեց իր հոգատարությամբ ու գթասրտությամբ: Հիվանդությունը ձեռք էի բերել պատերազմի տարիներին, նա ինձ բուժեց, օգնեց շատ հարցերում, առաջնորդեց դեպի եկեղեցի, հետո էլ հայր Արսենի մոտ: Որպես հայր Արսենի հոգեորդի նա արժանի է առանձին, հատուկ պատմության, բայց ցավոք սրտի, մի շարք հանգամանքներից ելնելով այդ անել չեմ կարող:
     1964 թ. ես կարդացի հիշողությունները նրա աքսորի մասին Կորսուն-Երշիում: Այդ հիշողություններում բավականին բնութագրված է Յուլյան, որպես հայր Արսենի կողմից դաստիարակված մարդ: Այդ հիշողություններում հստակ երևում է հայր Արսենի ահռելի ազդեցությունն իր հարազատ հոգեզավակների վրա:

(Հիշողությունները հավաքված են հայր Արսենի հոգեզավակների գրառումների հիման վրա)

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

     Պյոտր Ստրելցովը, ով հետագայում դարձավ հայր Արսեն, ինձնից մեծ էր մեկ տարով, սովորում էինք միևնույն գիմնազիայում, բայց տարբեր դասարաններում: Ճանաչում էինք իրար, բայց ընկերություն սկսեցինք անել միայն ավարտական դասարաններում: Հետագայում մեր ճանապարհները զատվեցին, նա ընդունվեց Մոսկվայի համալսարանի արվեստաբանական բաժինը, իսկ ես բարձրագույն տեխնիկականը:
     Պյոտրը միշտ խոհուն էր, ծանրակշիռ, գիրք շատ էր կարդում, սիրում էր արվեստը, թատրոնը, գեղանկարչությունը, երաժշտությունը, սակայն երբևէ չեմ նկատել, որևէ հակվածություն դեպի կրոնը և հավատը: Մի քանի տարի նա կորավ իմ տեսադաշտից ու միայն համալսարանը ավարտելուց հետո իմացա, որ Պյոտրը ժամկետից շուտ ավարտել է համալսարանը, հասցրել է գիրք գրել իր հետազոտությունների մասին: Մի քանի տարի անց էլ իմացա, որ նա վանական է դարձել՝ հոգևորական, ինչն ինձ խիստ զարմացրեց:
     Բուռն սիրուց մղված ես ամուսնացա, բայց մի տարի անց կինս հանկարծ թողեց ինձ և գնաց ընկերոջս մոտ: Դա ինձ համար այնպիսի անսպասելի հարված էր, որ ես վշտից խելքս կորցրեցի: Տեղս չէի գտնում, ժամանակ առ ժամանակ ինձ պարուրում էր ինքնասպանության մասին մտքերը, ինձ գցում էի տարբեր մարդկանց մոտ, օգնության ակնկալիքով, նույնիսկ սկսեցի որոշ ժամանակ խմել մոռացության աստիճանի:
     Հուսահատությանս պահին հիշեցի եկեղեցու մասին, հանդիպեցի մի հոգևորականի, զրուցեցինք, բայց հեռացա չբավարարված: Հանկարծ հիշեցի ընկերոջս՝ Պյոտրի մասին, որոշեցի գտնել նրան: Իմացա, որ եկեղեցում է ծառայում։ Գնացի և գտա, փոքրիկ եկեղեցի էր, ու բավականին հին: Մտա տաճար և քաշվեցի մի կողմ, Պյոտրը ժամերգություն էր կատարում, աղոթողները շատ էին և մեծ մասը ինտելիգենտներ:
     Ժամերգությունն ավարտվեց, բոլորը վերկացան ու մոտեցան օրհնություն ընդունելու, տեսա թե ինչպես էին մարդիկ խոնարհվում ու համբուրում Պյոտրի ձեռքը, իսկ նա յուրաքանչյուրին օրհնում էր մի բարի խոսք ասելով: Ինձ համար դա շատ անսովոր էր ու խորթ:
     Օրհնելով բոլորին Պյոտրը մտավ խորան, մի քանի րոպեից դուրս եկավ կապայով և միանգամից մոտեցավ ինձ, այնպիսի տպավորություն էր, որ կարծես նա վաղուց գիտեր, որ ես այստեղ եմ:
     Եկեղեցում դեռ բավականին մարդ կար, առավոտյան ես մի քիչ խմել էի և ինձնից գինու հոտ էր փչում, դրա համար էլ աղոթողները հեռու էին քաշվում, բայց դա ինձ համար միևնույն էր թե ինչ կմտածեն մարդիկ:
     - Ի՞նչ է պատահել.- հարցրեց Պյոտրը։
     Հարցն ինձ չարացրեց, որովհետև նա գիտեր, որ եթե ես եկեղեցի եմ եկել, ուրեմն ինձ դժբախտություն է պատահել, դրա համար էլ եկել եմ:
     - Ոչինչ չի պատահել, ես պատահաբար եմ այստեղ հայտնվել.- պատասխանս շատ հիմար ստացվեց:
     Չհեռանալով ինձնից Պյոտրը կանգնեցրեց ծառայողներից մեկին և խնդրեց, որ կանչի մյուս հոգևորականին և երբ նա մոտեցավ, ասաց.
     - Հայր Իոհան, խնդրում եմ երեկոյան ժամերգությունը կատարեք իմ փոխարեն, ես այսօր չեմ կարող.- և դիմելով ինձ ասաց.- գնա՛նք ինձ մոտ:
     Նա ապրում էր եկեղեցուց ոչ հեռու: Լուռ քայլում էինք: Երբ հասանք իր տուն ես սկսեցի կիսվել։ Նա ոչինչ չէր հարցնում և մեծ վշտից իմ մեջ ինչ որ բան պայթեց ու ես սկսեցի լացելով ամեն ինչ պատմել. միգուցե նաև գինու ազդեցությունն էր, չգիտեմ։
     Հայր Արսենը (ես արդեն գիտեի, որ նա այլևս Պյոտրը չէ) առանց ընդհատելու և հանգստացնելու լսում էր ինձ: Այդ ժամանակ ինչ որ մեկը եկավ նրա մոտ և ցանկանում էր ինչ որ բան հաղորդել, բայց նա ասաց, որ զբաղված է հիմա:
     Երբ վերջացրի իմ երկար ու հակասական պատմությունը, հայր Արսենը հասարակ ու շատ պարզ ասաց.
     - Ամեն ինչում դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես կնոջդ հեռացրել քեզանից, մոռանալով նրա հոգու, ձգտումների և ներքին զգացմունքների մասին:
     Հայր Արսենը խոսեց ոչ շատ երկար, բայց հանկարծ այդ ընթացքում ինձ հետ ինչ որ բան կատարվեց, կարծես աչքերիս առջևից վարագույր ընկավ և ես շատ բան հասկացա, ինչը որ նախկինում չէի նկատում, կամ էլ չէի ուզում նկատել ու ես ամբողջովին թեթևացա: Երեք օր ապրեցի նրա տանը և հեռացա կյանքի և Աստծո հետ հաշտված, ընդունեցի հավատքը և եկա եկեղեցի: Իմ նախկին ընկերը դարձավ իմ հոգևոր հայրը և առաջնորդողը դեպի Աստված:
     Անցան տարիներ, կյանքս փոխվեց, երկրորդ անգամ ամուսնացա, նորանոր կոչումներ ստացա, բարձունքների հասա, կյանքի հաջողությունները երբեմն գերազանցում էին իմ ընդունակություններին, բայց գալով հայր Արսենի մոտ ինձ զգում էի որպես առաջին կուրսի ուսանող դոկտոր պրոֆեսորի առջև կանգնած, իսկ այդ մարդը միևնույն ժամանակ իմ ընկերն էր ու բարեկամը:
     Ճամբարը և աքսորները մեզ բաժանեցին մեզանից, բայց մեր հոգիները չբաժանվեցին:
     «Հատուկ»-ից հետո, երբ նա հաստատվեց Ռոստով քաղաքում, ես միշտ այցելում էի նրան, հենց այդ հանդիպումների մասին եմ ցանկանում պատմել:
     Այսօր ես գնում եմ հայր Արսենի մոտ, ինչպես միշտ հուզվում եմ, այդ հանդիպումից սպասում եմ ինչ որ մեծ ուրախություն:
     Գնացքը մոտեցավ կայարանին և ես առաջինը վեր կացա և գնացի դեպի ելքը: Փոքրիկ կայարանը աղմկոտ էր, վագոններից դուրս էին գալիս մարդիկ քարշ տալով ծանր ճամպրուկները, Մոսկվայից գնված սննդամթերքով պարկերն ու զամբյուղները: Երևի միայն ես էի քայլում պայուսակով, որի մեջ մի քանի գրքեր էին և մի քիչ կոնֆետ թեյի համար։
     Ահա և սիրելի փողոցը, միհարկանի տնակը, որտեղ ապրում է հայր Արսենը: Դուռը բացում է Նադեժդա Պետրովնան, ուրախությամբ ինձ ներս է հրավիրում: Ներս եմ մտնում, հանվում, բայց խիստ հուզված եմ: Հուզվում եմ ու մտածում, որ հիմա կտեսնեմ իմ ամենահարազատ մարդուն, կպատմեմ նրան իմ մտքերը, մեղքերը և արձակում կստանամ բեռից:
     Մոտենում եմ նրան, օրհնություն ստանում, հետո ողջագուրվում ենք և մի քանի անգամ համբուրվում: Նա հարցնում է Մոսկվայից, ծանոթներից, նոր գրքերից, այլ նորություններից: Բոլոր նորությունները պատմելուց հետո լռում եմ, նա ևս լուռ է, մտածկոտ, հանդիմանական հայացքով ինձ է նայում, հանկարծ միտքս է գալիս վերջերս իմ կողմից կատարված մի վատ արարք: Հենց այդ պահին հայր Արսենը խստորեն ասում է.
     - Ինչո՞ւ, ինչո՞ւ անարգեցիք այդ մարդուն, չէ՞ որ մենք քրիստոնյա ենք և իրավունք չունենք այդպես վարվելու:
     Կարծես գետինը մտա և հասկացա, որ ես չեմ արել , ինչ նա մեզ սովորեցրել է երկար տարիներ։ Սկսեցի արդարանալ, փորձում էի գտնել մեղմացուցիչ հանգամանքներ, բայց երբ լսեցի ինքս ինձ, հասկացա, որ սխալ եմ:
     Խոստովանության մեկ ժամը անցավ, բայց ես կարծես չէի կարողանում սիրտս բացել Աստծո առաջ: Հայր Արսենը ցասումով էր լցվել, աչքերը մթագնել էին, ես պատրաստ էի գետինը մտնել սեփական մեղքերիս զգացողությունից: Հետո միասին երկար աղոթեցինք: Նա շատ հանգիստ էր աղոթում, նրա հետ աղոթելը մաքրում, ոգևորում և բարձրացնում էր ինձ: Մեղավորիս նա հավատքի ճանապարհի վրա էր բերել, սովորեցրել ու հովվել, միևնույն ժամանակ իմ ամենամոտ ընկերն էր, որի հետ մենք իսկական ընկերություն էինք արել: Նա երկար պատմեց իր կյանքի մասին, այն մարդկանց մասին, որոնց հանդիպել էր, սովորել նրանցից սիրել, աղոթել և մոտենալ Աստծուն:
     Հայր Արսենը իսկապես սիրում էր մարդկանց, նրանց մեջ տեսնելով Աստծուն:
     Պատահում էր, որ խոստովանությունից հետո նստում էինք և երկար զրուցում: Այդ զրույցներից ես հոգևոր գիտելիքներ էի ձեռք բերում, հոգիս զորանում էր:
     Հեռանում էի նրանից նորոգված, բարեփոխված, կարծես վերակենդանացած և մինչ հաջորդ հանդիպումը ապրում էի այն ամենով, ինչ, որ ստացել էի նրանից: Ինձ թվում էր, թե նա միայն ինձ հետ է այդպես հոգատար, սքանչելի, զարմանահրաշ մարդ, բայց նրան այցելում էին իր հազարավոր հոգեորդիները և բոլորի հետ նա նույն հոգևոր հայրն էր: Շատ էին պատմում, որ նրա հետ բազում հրաշքներ է կատարվել: Մի անգամ հարցրեցի նրան այդ մասին, նա միանգամից մռայլվեց և մտածկոտ ասաց.
     - Հիասքանչ հրա՞շք, չկա այդպիսի բան, իմ հետ չի կատարվել այնպիսի բան, որ հնարավոր է հրաշք անվանել: Յուրաքանչյուր քահանայի կյանքում, որը մարդկանց խոստովանեցնում է, հաղորդություն է տալիս, իր հոգեզավակներին տանում է դեպի Աստված, անշուշտ կատարվում են հոգևոր տեսանկյունից զարմանահրաշ դեպքեր, միևնույն ժամանակ յուրաքանչյուր հավատացյալի կյանքում նույնպես շատ անսովոր դիպվածներ են կատարվում: Բայց շատ հաճախ մենք չենք կարողանում հասկանալ այդ կատարվածի մեջ Աստծո կամքը, Նրա ձեռքը, առաջնորդությունը: Ինչ կատարվել է ինձ հետ և ինչ որ տեսել եմ շուրջս, հաճախ ապշեցրել է ինձ, սարսռել եմ, հետո նոր հստակ հասկացել եմ Աստծո կամքը: Ես առանց մտածելու ինքս ինձ հարցեր չեմ տվել հրա՞շք էր սա, թե՞ կյանքի բնականոն ընթացք: Խորապես և հաստատակամորեն հավատացել եմ և հավատում եմ, որ Աստված մեզ առաջնորդում է Կատարյալին, իսկ թե ինչ ճանապարհներով ենք մենք ընթացել, դա միայն և միայն Նրա օրհնյալ կամքն է: Կյանքում ամեն ինչ հրաշք է, բայց ամենամեծ հրաշքն այն է, որ Աստծո կամքով մարդը ապրում է երկրի վրա ու պատրաստվում հավիտենական շարունակությանը:
     Մի զրույցի ժամանակ հարցրեցի.
     - Հայր Արսե՛ն, մենք հաճախ խոսում ենք սուրբ հայրերի պայծառատեսության մասին և համոզված ենք, որ դուք նույնպես օժտված եք այդ շնորհով:
     Հայր Արսենը կտրուկ ընդհատեց ինձ ասելով.
     - Մի՛ շարունակեք, դուք լավ չգիտեք, թե ի՞նչ է պայծառատեսությունը: Քահանան տարիներ շարունակ շփվելով մարդկանց հետ, լսելով նրանց մեղքերի պատմությունները, կյանքի դժվարությունները, ուրախությունները, ակամայից սկսում է ճանաչել մարդկային հոգին, իսկ երբ նա անկեղծորեն սիրում է իր հոգեզավակներին, հոգատար է նրանց նկատմամբ, մշտապես աղոթում է նրանց համար, այնժամ առանց իր կամքի նա սկսում է տեսնել, ճանաչել հավատացյալի հոգու յուրաքանչյուր շարժը:
     Պատկերացրեք փոքրիկ երեխայի մորը, չէ՞ որ նա իր բալիկի շարժ ու ձևից պարտավոր է հասկանալ և հոգալ նրա կարիքները: Այնպես էլ խոստովանահայր քահանան պետք է տեսնի, զգա, թե ինչ է կատարվում իր հոգեորդու ներաշխարհում, որպեսզի կարողանա նրան առաջնորդել կատարելության: Բայց դա դեռ պայծառատեսություն չէ, այլ հոգևոր դիտողականություն: Պայծառատեսությունը Աստծո պարգևն է, որը տրվել է մեծագույն սուրբ հայրերին: Եկեք վերջ տանք այս խոսակցությանը:
     Ինչպես միշտ ես հեռանում էի նրանից հանգստացած, հոգով լցված, օրհնված:

ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ

     Իմ դատավճիռը հրապարակեցին բանտի նկուղային խցերից մեկում: Դատավճռի խոսքերը սուր-սուր քարերի նման մխրճվում էին մարմնիս մեջ: Դիվերսիա՛, թշնամական ագիտացիա՛, մի շարք օտար երկրների օգտին լրտեսությո՛ւն. «Վճիռը տրվեց, ճանաչե՛լ մեղավոր…»: Եվ հանկարծ պայթյուն. «Գնդակահարե՛լ»:
     Դատավճիռը հրապարակված է, իսկ ես կանգնած եմ: Ո՞վ է դատապարտվել գնդակահարության: Ե՞ս, Սերգեյ Նիկոլայի Դենիսովը: Հեռվից մեկը գոչեց.
     - Ստորագրե՛ք. - և իմ առջև հայտնվեց մի թուղթ. ես մի կողմ հրեցի այն և բացականչեցի.
     - Դա սո՛ւտ է, ամեն ինչ սո՛ւտ է, ահավոր սխալմո՛ւնք է:
     Ներս մտածները լուռ նայում էին ինձ, այդպիսի բղավոցները սովորական էին նրանց համար: Նրանցից մեկը բարձրաձայն ասաց.
     - Կարելի և չստորագրել, միևնույն է դատավճիռը հրապարակված է օրինական կարգով, ի կատար կածվի տասն օրվա ընթացքում, մինչ այդ կբարելավվի սնունդը:
     Հուսահատ նստեցի մահճակալին, իսկ նրանք հեռացան:
     Ես քսանհինգ տարեկան եմ, 1913 թվին ծնված, հիմա 1938 թվականն է: Կոմերիտական եմ, կոմերիտմիության քարտուղար, սիրում եմ իմ հայրենիքը, կուսակցությունը, իմ աշխատանքը: Միշտ արել եմ այն ինչ պարտադրել է կուսակցությունը, Ստալինը: Ես գիտեի, որ ժողովրդի թշնամիները շատացել էին հատկապես 1934 -1935 թվականներին, երբ սպանեցին Կիրովին: Ես ինքս մշտապես ելույթ եմ ունեցել և պահանջել նրանց մահը:
     Բայց ես ի՞նչ կապ ունեմ, միշտ քայլել եմ կուսակցության հետ: Ինչո՞ւ էին ինձ ծեծում և պարտադրում, որ ընդունեմ իմ չարած մեղքը, երբ ես ապացուցեցի քննիչին, որ նա սխալվում է: Հետո հասկացա, որ հենց քննիչն է թշնամի և սողոսկել է մեր շարքերը: Դատախազ պահանջեցի, գրեցի կենտկոմ, Ստալինին, բայց քննիչը ծիծաղում էր, ցույց էր տալիս իմ ուղարկած նամակները և ավելի շատ էր սկսում ծեծել:
     Առերեսման ժամանակ իմ լավագույն ընկերը՝ Յաշկա Ֆայնբերգը, որը կոմերիտմիության երկրորդ քարտուղարն էր՝ իմ տեղակալը, ցուցմունք տվեց, որ ես ցանկացել եմ սպանել ընկեր Ստալինին և իրեն էլ ներգրավել եմ իմ խմբի մեջ: Նայելով նրա ապուշացած դեմքին գոռում եմ. «Ստո՛ւմ ես սրիկա՛»: Իսկ նա վախվորած դեմքով ինձ նայելով ասում է. «Ներգրավե՛լ ես, ներգրավե՛լ ես»: Մյուս վկաները նույնը հաստատեցին, որ ես թշնամի եմ:
     Անցավ մի քանի օր, ինձ առաջվա նման վատ էին կերակրում. այդ հարցում էլ խաբեցին։ Ամեն անգամ, երբ բացվում էր դուռը և ներս էր մտնում հսկիչը, ես մտածում էի, որ ինձ հիմա կտանեն գնդակահարելու:
     Տասներկուերորդ օրը հսկիչը ներս մտավ և ասաց.
     - Իրերով, հանդերձ, դու՛րս:
     - Ի՞նչ իրեր, ես ոչ մի իր էլ չունեմ. - մտածում եմ ես: Գնում եմ մեռնելու, բայց ինձ համար արդեն միևնույն է:
     «Սև ագռավի»` բանտարկյալներին տեղափոխող մեքենայի մեջ լիքը մարդ կար, ինձ էլ խցկեցին այնտեղ: Մեքենան շարժվեց, շնչելու օդ չկա, իրար վրա ենք ելել, բայց բոլորս լուռ էինք: Գնացքի շչակի ձայն է լսվում: Մեքենան կանգ առավ:
     - Դուրս արի՛. - հրամայեցին դրսից:
     Ինչ որ մեկը լաց է լինում: Հսկիչները երկու շարքով կանգնած միջանցք են կազմել, բոլորիս վազքով քշում են դեպի ապրանքատար վագոնները.
     - Դուրս արի՛, արա՛գ, ես քո՛ մերը:
     Մեջքիս խզակոթի հարված եմ ստանում և հայտնվում մարդկանցով լի վագոնում: Կանգնելու տեղ չմնաց վագոնում, դռները փակվեց և գնացքը շարժվեց: Գնում ենք երկու, երեք օր, չեն կերակրում: Գորկի քաղաքում զգացինք, որ մեր վագոնը անջատվեց գնացքից, շրջապատեցին վագոնը, մեզ դուրս քշեցին, ջուր տվեցին և ինչ որ կիսանեխած թերմացք:
     Ճամբարում իմացանք, որ պատերազմ է սկսվել, դրա համար էր, որ մահապատիժը փոխարինել էին ճամբարային տաժանակիր աշխատանքով:
     Պատերազմն ավարտվեց։ Հիսունական թվականներն էին, ես շատ բան արդեն հասկացել էի, բայց միևնույն է գրում էի դատախազություն, կենտկոմ, բայց ոչ մի պատասխան չէի ստանում. քար լռություն «վերևներից»։
     Վերջնականապես հասկացա, այս ճամբարներից պրծում չկա:
     Առողջականս շատ վատ էր, ոտքերս այտուցվել էին, սրտիս աշխատանքը չափազանց վատ էր, ես երեսունութ տարեկան էի, բայց կարծես զառամյալ ծերունի լինեի: Ինչո՞ւ էի ապրում և ինչքա՞ն դեռ պիտի ապրեի, չէի հասկանում, բայց վերջը պիտի գար շուտով:
     Այս տողերը ես գրում եմ ճամբարից դուրս գալուց տասը տարի հետո: Հիմա 1967 թվականն է, ես հիսունչորս տարեկան եմ, բայց տեսքից կարծես յոթանասունն անց ծերունի լինեմ: Անգամ մետրոյում ինձ տեղ են զիջում, ինչը շատ հազվադեպ բան է մեր օրերում: Աշխատում եմ, բայց կյանքիս լավագույն օրերը անցավ ճամբարներում, տաժանավայրերում: Բայց խոստովանում եմ, ճամբարային դաժան տարիները իզուր չանցան ինձ համար:
     Վերջին երեք տարիները ես նույն ճամբարում էի հայր Արսենի հետ: Հետևում էի նրան, նրա կյանքին, ապրելակերպին, վարքին, տեսա նրա մեծ հավատը, մարդկանց օգնելու պատրաստակամությունը: Անհնարին է պատմել, թե ինչքան է նա օգնել, սատարել ինձ շատ դժվար պահերին ու հեռացրել ինձնից վտանգը, սովորեցրել հաղթահարել անհարմարությունները և աղոթքի միջոցով, մխիթարություն գտնել Աստծո մեջ, :
     Անհասկանալի էր, թե որտեղի՞ց էր նա ուժ ստանում մարդկանց օգնելու համար և դեռ գիշերն էլ աղոթում էր: Բոլորի նման նա նույնպես, սոված էր, հյուծված ու տանջված: Բայց իմ կարծիքով հատկապես մարդկանց օգնելու և աղոթքի մեջ էր նա ուժ ստանում Աստծուց:
     Ես հայր Արսենից շուտ դուրս եկա ճամբարից, հետո փնտրեցի և գտա նրան 1959 թվականին: Եվ ահա ապրում նրա հետ հանդիպումից հանդիպում: Ինձ թվում է, հայր Արսենի մասին ավելին ասել չես կարող, մեծ աղոթող, տառապյալներին մշտապես օգնող, սատարող, մխիթարող: Նրա աղոթքներով եմ ես ապրել և պիտի ապրեմ:

ՎԵՐԱԴԱՐՁ ԱՆՑՅԱԼԻՑ

Միխայիլի մասին

     Առողջությունը դանդաղ էր վերականգնվում: Ազատվելուց երեք տարի անց հայր Արսենը քիչ էր փոխվել: Միջահասակից քիչ բարձր, բարեկազմ տեսք ուներ, նրան նայելով երբեք չէիր մտածի, որ նա ծանր հիվանդ է: Երբեմն միայն աչքերն էին տխուր տեսք ստանում, դա նրանից էր, որ նրա աչքերի առջև հառնում էին մարդկային վշտերն ու տառապանքները, որ տեսել էր ճամբարային տարիներին: Մենք գիտեինք, որ իրեն հանդիպած մարդկանց երբեք չէր մոռանում: Այնտեղ՝ ճամբարում նա հիվանդություններին ուշադրություն չէր դարձնում, բայց ազատության մեջ դրանք սրացել էին և ժամանակ առ ժամանակ նրան գամում էին անկողնուն:
     Հիվանդությունները նա փորձում էր թաքցնել շրջապատողներից, բայց բժշկուհի Իրինայի աչքից այն չվրիպեց և նա պարտադրեց հայր Արսենին պառկել անկողին: Բայց դա էլ չփոխեց նրա ապրելակերպը: Անկողնում պառկած նա զրուցում էր իր այցելուների հետ, գրում կամ թելադրում էր նամակներ: Գրեթե ամեն օր նրա մոտ այցելուներ էին լինում և ոչ մեկ հոգի, այլ պատահում էր, որ միանգամից տասը հոգի: Յուրաքանչյուրի հետ նա պետք է առանձին խոսեր, խորհուրդներ տար, մխիթարեր: Առանց աղոթքի նա չէր կարողանում ապրել, դրա համար էլ ժամանակ չէր մնում, ստիպված գիշերն էր աղոթում:
     Ընկերներն ու մենք՝ հոգեզավակնես հայր Արսենին շատ էինք սիրում, հաճախ էինք այցելում և մի քանի էջանոց նամակներ էինք գրում: Յուրաքանչյուրը մտածում էր, որ ինքը միակն է հայր Արսենի համար, արդյունքում մենք ակամայից նրան դնում էինք ծանր ռեժիմի տակ, դրանով իսկ ակամա խարխլում մեր խոստովանահոր առողջությունը:
     1960 թ. վերջերին հայր Արսենը որոշեց գնալ Լենինգրադ, փնտրելու երկու հոգու, որոնց հասցեները նրան էր տվել ճամբարում մահացած Միխայիլ քահանան: Ես էի նրան ուղեկցում: Հայր Արսենը չցանկացավ իջևանել իր ծանոթների մոտ, այլ միանգամից գնացինք հայր Միխայիլի տված հասցեով: Ես առաջարկեցի սկզբում ես գնամ և իմանամ, թե տվյալ մարդիկ դեռ ապրո՞ւմ են այնտեղ, թե արդեն հեռացել են, բայց նա առարկեց ասելով.
     - Հարկավո՛ր չէ, նրանք չեն հեռացել:
     Դուրս եկանք կայարանամերձ հրապարակ, որտեղ ինչպես միշտ աղմկոտ էր: Հայր Արսենը չցանկացավ տաքսիով գնալ ու տրոլեյբուս նստեցինք: Գնում էինք Նևայի պողոտայով. երկուսս էլ լուռ էինք։ Հայր Արսենը համակ ուշադրությամբ լուսամուտից նայում էր շենքերին, մարդկանց: Մեր փնտրած բնակարանը գտնվում էր վեց հարկանի մի լուսավոր շենքում: Վերելակով բարձրացանք, գտանք բնակարանը, սեղմեցինք զանգի կոճակը: Դուռը շուտ բացեցին, մոտ քառասուն տարեկան մի կին դուրս եկավ միջանցք և հարցրեց.
     - Դուք ո՞ւմ եք ուզում:
     Հայր Արսենն ասաց հասցեատիրոջ անունը, ազգանունը և հայրանունը. կինը սիրալիր ներս հրավիրեց: Մենք ներս մտանք.
     - Սպասե՛ք, նա հիմա դուրս կգա. - և բացելով սենյակներից մեկի դուռը ասաց. - Սերգեյ Սերգեյի՛չ ձեզ մոտ են եկել:
     Միջանցք դուրս եկավ սև մորուքով, ընդգծված աչք ու ունքով գեղեցկադեմ մի տղամարդ: Քննող հայացքով նայեց մեզ և կտրուկ ասաց.
     - Ինչո՞վ կարող եմ ծառայել:
     - Մենք ձեր մոտ եկել ենք մի հին հանձնարարությամբ. - պատասխանեց հայր Արսենը:
     - Շատ ուրախ եմ, ներս համեցե՛ք, հանվե՛ք:
     Մենք հանեցինք մեր վերարկուները, կախեցինք կախիչից և մտանք մեծ սենյակ:
     - Ինչո՞վ կարող եմ ձեզ ծառայել - հարցրեց Սերգեյ Սերգեևիչը, - հրավիրելով մեզ նստել:
     Դուռը բացող կինն էլ մտավ ներս և կանգնեց գրասեղանի մոտ:
     - 1952 թ. Աստծո կամոք ես հանդիպեցի մի մարդու՝ Միխայիլ Տրեպուգովին: Հանդիպեցի նրան «Հատուկ» ճամբարում, որտեղից ես դուրս եկա 1958 - ին: Խոստովանության ժամանակ նա տվեց ձեր հասցեն և անունը, խնդրեց, որ անպայման հանդիպեմ ձեզ, քանի որ դա ձեր երկուսի համար շատ կարևոր է: Խնդրեց, որ չմոռանաք իրեն ձեր աղոթքներում, նաև տեղեկանաք իր կյանքի վերջին րոպեների մասին:
     Սերգեյ Սերգեևիչը քիչ բարձրացավ բազկաթոռից և առաջ եկավ։ Նրա հայացքը խստացավ, աչքերը մթագնեցին, հետո կտրուկ վեր կացավ տեղից ու ասաց.
     - Ներեցե՛ք, բայց հավանաբար դուք սխալվել եք հասցեով:
     Կինը արցունքոտ աչքերով առաջ նետվեց և բղավեց.
     - Սերյոժա՜:
     - Թո՛ղ ինձ Լիզա, այո՛, այո՛ սխալվել են: Դու՛ք սխալ հասցեով եք եկել: Ներեցե՛ք, բայց դուք պիտի հեռանաք:
     Մենք լուռ վեր կացանք, անցանք միջանցք և սկսեցինք հագնվել: Կինը վազելով մոտեցավ հայր Արսենին բռնեց ձեռքը և ասաց.
     - Ասացե՛ք ո՞վ եք դուք:
     - Պյոտր Անդրեևիչ Ստրելցով, այժմ հայր Արսեն՝ հոգևորական, եկել ենք Ռոստով քաղաքից հատուկ ձեզ մոտ:
     - Սպասե՛ք, մի՛ գնացեք, նստե՛ք, և խնդրում եմ սպասեք քսան րոպե, Սերյոժա մի՛ բարկացիր, - և նետվեց մյուս սենյակ հեռախոսով զանգելու:
     Մենք շվարած կանգնել էինք միջանցքում, սենյակից լսվում էր հեռախոսազրույցը:
     - Խնդրում եմ անմիջապես ե՛կ այստեղ, հասկանում ես դա շատ կարևոր է, թո՛ղ ամեն ինչ և արի՛:
     Սերգեյ Սերգեևիչը մռայլ կանգնած էր մեր կողքին, կինը ավարտեց հեռախոսազրույցը, մոտեցավ մեզ և ասաց.
     - Շատ եմ խնդրում հանվեք և ներս անցեք, քսան րոպե սպասեք, ամեն ինչ կպարզվի. Սերյոժա մի՛ բարկացիր:
     Մենք նորից ներս մտանք, նստեցինք սեղանի մոտ, իսկ Սերգեյ Սերգեևիչը հուսահատված գնաց նստեց գրասեղանի մոտ: Կինը վազեց խոհանոց և մի քանի րոպեից սեղանին հայտնվեցին թեյամանը, բաժակներ և թխվածքաբլիթներ: Որոշ ժամանակ բոլորս լուռ էինք և լռությունը անհարմար էր դառնում: Որպեսզի ցրեմ ծանր մթնոլորտը, ես սկսեցի խոսել պատից կախված նկարներից: Սերգեյ Սերգեևիչը խոսեց մի երկու կտավի մասին, իսկ հայր Արսենը մոտեցավ սրբապատկերներից մեկին, ուշադիր ուսումնասիրելուց հետո ասաց.
     - Հրաշալի գործ է, սրբապատկերագրության մեջ հազվադեպ է պատահում, որ Տիրամոր թե՛ մարդկային և թե՛ աստվածային կերպարները այսպես ցայտուն արտացոլվեն մի պատկերի մեջ:
     - Սերյոժան էլ է շատ հավանում այս սրբապատկերը, բայց ցավոք չի կարողանում կողմնորոշվել, թե ե՞րբ և որտե՞ղ է ստեղծվել այն: Դուք հասկանու՞մ եք սրբապատկերներից:
     - Պարտավոր եմ հասկանալ, - պատասխանեց հայր Արսենը և սկսեց ավելի ուշադիր զննել պատկերը:
     - Դուք թույլ կտա՞ք պատից վերցնել նկարը, - դիմեց նա Սերգեյ Սերգեևիչին: Վերջինս դժկամորեն մոտեցավ, հանեց պատից սրբապատկերը և մոտիկից ցուցադրեց հայր Արսենին:
     Հայր Արսենը պարզեց ձեռքը, որպեսզի վերցնի սրբապատկերը, բայց Սերգեյը հետ քաշվեց կարծես չէր ուզում, որ նկարին օտար մարդու ձեռք դիպչի, իսկ երբ նայեց հայր Արսենի սիրով լի հայացքին, այնժամ պատկերը հոժարակամ հանձնեց նրա ձեռքերի մեջ:
     Մենք զարմանքով նայում էինք հայր Արսենին, նրա պարզած ձեռքերին, նրա խոնարհված դիրքը այնպես աղոթական էր, որ կարծես ոչ թե սրբապատկեր էր նրա ձեռքերում, այլ Տիրոջ մարմնով և արյունով լեցուն կենդանարար Սկիհը:
     - Մ՞իթե կարևոր է, թե ո՞րտեղ և ե՞րբ է ստեղծվել այս գանձը, կամ թե ո՞վ է այն նկարել, դրա մասին թող մտածեն արվեստաբանները: Ուշադրություն դարձրեք Տիրամոր և իր Մանկան հայացքներին, եթե դուք հավատացյալ եք, ապա կհասկանաք, որ որևէ մեկն առանց Աստծո օգնության չէր կարող այսպիսի սրբապատկեր ստեղծել: Իսկ սրբապատկերը ստեղծվել է 17-րդ դարի սկզբներին Մեծ Ուստյուգում, բայց վարպետի մասին միայն Աստծուն է հայտնի:
     Լսվեց դռան զանգը, Ելիզավետա Անդրեևնան գնաց բացելու, միջանցքից շշուկներ էր լսվում: Սերգեյ Սերգեևիչը անհանգիստ հայացքով դեպի դուռն էր նայում: Ներս մտավ մի կին, տեսնելով հայր Արսենին հուզված բացականչեց.
     - Հայր Արսե՛ն, հայր Արսե՛ն, դուք ի՞նչու չզգուշացրիք ձեր գալու մասին: Աստվա՛ծ իմ, ինչ լավ է, որ դուք եկել եք, Լիզան ասաց, որ Սերգեյ Սերգեևիչը ձեզ գործակալի տեղ է դրել: Իսկ ես Լիզային պատմել եմ ձեր մասին, ինքն է գլխի ընկել և զանգել ինձ: Վաղուց էի ցանկանում նրանց ձեզ մոտ բերել, բայց դուք ինքներդ եկաք: Աստված իմ, ի՜նչ հրաշալի է, օրհնեցե՛ք, խնդրում եմ, օրհնեցե՛ք մեզ բոլորիս:
     Միանգամից ամեն ինչ իր տեղն ընկավ: Չորս օր հայր Արսենը ապրեց Սերգեյ Սերգեևիչի տանը: Միխայիլի երկրորդ ծանոթին հրավիրեցին այնտեղ, հայր Արսենի մոտ:
     Վերադարձի ճանապարհին հայր Արսենն ասաց.
     - Անքննելի են Աստծո ճանապարհները: Ինչպիսի՜ հոգևոր բավականություն տվեցին ինձ այս երկու հանդիպումները:

ՀԻՇՈՒՄ ԵՄ

     Հիշում եմ և երբե՛ք չեմ կարող մոռանալ հատուկ ռեժիմի ճամբարը: Անգամ տարիների հեռվից հաճախ է աչքերիս առաջ հառնում ճամբարային սարսափելի մթնոլորտը: Հիշում եմ մանրակրկիտ ակնթարթներով, իսկ գիշերն այն վերածվում է սարսափելի մղձավանջի:
     Ձերբակալություն, անվերջանալի հարցաքննություններ՝ ֆիզիկական բիրտ ուժի գործադրմամբ, էտապի երկա՜ր, շա՛տ երկա՜ր ու սարսափազդու ճանապարհներ, չորս բոլորս ավտոմատավոր հսկիչների գոռոցները: Երկու քայլ աջ, կամ ձախ կրակում են առանց զգուշացման: Սարսափելի էր, բայց ապրում էինք հետագայի ինչ որ լավ բանի հույսով:
     Եվ վերջապես հատուկ ռեժիմի ճամբար հասանք: Այստեղ ես հասկացա, որ մինչ այդ ինչ որ կատարվել էր ինձ հետ, դեռ ամենասարսափելին չէր: Ճամբարային ութ ամիսները ամենադաժան տառապանքներն էին իմ կյանքում:
     Գիշեր էր, բարաքը փակ էր, էլեկտրական թույլ լամպերը հազիվ էին լուսավորում միջանցքը: Դրսում 30 աստիճան սառնամանիք էր: Բարաքը լեփ լեցուն էր կալանավորներով, բայց դու մենակ ե՛ս, դու օտար ե՛ս բոլորի համար և բոլորը քե՛զ համար: Անվերջանալի գիշերը պարուրում է քեզ, ձայները կամաց կամաց մարում են և դու սկսում ես լսել թե ինչպես է լռությունը շրջապատում է քեզ, դուրս է գալիս մթության միջից ու կանգնում քո առջև, այդ ժամանակ սարսափը կարծես գրկում է քո էությունը, անօգնականության զգացողությունը ողջ գիշեր կրծում, մաշում է քո սիրտը: Բարաքը լուռ էր: Անցած օրը ծանր էր, մղձավանջային, մահը ամեն վայրկյան կողքիդ էր, ծեծ ու ջարդով, սովով, մարդկային հոգու ստորացումներով:
     - Քեզ կարցեր կգցեմ, տակա՛նք, ապա գնդակահարությա՛ն, - ամեն րոպե ճչում էին հսկիչները: «Կմորթե՛մ, կաշիդ կքերթե՛մ», ամեն վայրկյան ոռնում էին քրեականները։ Ու դրանք փուչ խոսքեր չէին, այլ լուրջ սպառնալիքներ, որ ամեն օր կատարվում էր աչքիդ առաջ: Իսկ գիշերը չէր վերականգնվում ուժերդ, այլ ավելի էր ընկճում քեզ, քան անցած գնացած օրը:
     Հատուկ ռեժիմի կալանավորը բանտարկության ժամկետ չունի: Ժամկետդ լրացավ, նորն են ավելացում և այսպես շարունակ մինչև մեռնես: Հույսի նշույլ անգամ չկա:
     Ինձ տեղափոխեցին նոր բարաք: Չորրորդ օրը նկատեցի, որ մի ծերունի անընդհատ իր նառի կողքին կանգնած ինչ որ բան է անում, անգամ գիշերով. իսկ ե՞րբ է քնում: Հետո պատահաբար իմացա, որ հոգևորական է, և աղոթք է անում: Քրեականներն էլ նրա կողքից անցնելուց երբեմն արհամարհական ասում էին. «Շամանություն ե՞ս անում, պո՞պ»:
     Վաղ թե ուշ, միևնույնն է, մենք այստեղ բոլորս էլ մեռնելու ենք, այդ դեպքում ինչո՞ւ աղոթել, ինչի՞ համար: Ազատության մեջ լսել էի, որ կան հավատացյալներ և նրանց աքսորում են, իշխանությունների դեմ պայքարելու համար: Մեր ընտանիքում հավատքը և սնահավատությունը համեմատվում էր հետամնացության հետ: Եվ ընդհանրապես, ի՞նչ կարող էր տալ հավատքը և ում, կամ ինչի՞ կարելի է հավատալ՝ այստեղ, հատուկ նշանակության ճամբարում, որտեղ հնարավոր է միայն մեռնել: Հուսահատությունը պարուրել էր ինձ, ապրելու և մաքառելու ուժ չէր մնացել այլևս: Որոշեցի որ այսպես ապրել այլևս անհնար է: Հարազատներիս համար ես միգուցե արդեն վաղուց մահացած էի համարվում, և հավանաբար այնտեղ՝ Մոսկվայում նրանց հարցմանը պատասխանել են. «Հաշվառման մեջ չկա՛»: Այնպես, որ իմ որոշումն ընդունված է, անհապաղ պետք է մեռնե՛լ: Սակայն ես չէի ցանկանում մահանալ այն ժամանակ, երբ դա կկամենար պահակախումբը, կամ էլ հանցագործ աշխարհը, կամ էլ սառնամանիքն ու սովը: Ես ուզում եմ մեռնել իմ կամքով ու հենց հիմա՛: Միգուցե՞ դա վախկոտություն է: Ո՛չ, սա անհրաժեշտություն է և կյանքի համար կարելի է պայքարել միայն այն դեպքում, երբ հույս կա: Ցավոք այստեղ հույսի ոչ մի նշույլ չէր նկատվում: Երեկոյան անցնում եմ զուգարանակոնքերի մոտով, այնտեղ մի դուրս ցցված գերան կա. այն փորձարկվել է շատերի կողմից: Աշխատանքի վայրից պարան էի գողացել։ Հարկավոր էր ամեն ինչ շուտ ավարտել, հետո երբ ես չեմ լինի, ամեն ինչ լավ կլինի: Քայլում եմ միջանցքով, բոլորը քնած են, իսկ ծերուկը ինչպես միշտ կանգնած աղոթում է և ինչպես միշտ ոչինչ չի նկատում, կարծես վերացել է աշխարհից: Ուզում եմ կողքով անցնել և շուտ վերջացնել մտադրությունս: Հանկարծ ծերունին շրջվեց քայլ արեց իմ հետևից ու բռնելով թևիցս, ասաց.
     - Կանգ առե՛ք, միայն դուք չեք այստեղ, շատերս ենք ձեր վիճակին, բայց Աստված մեզ հետ է:
     Նստեցի իր նառին, իսկ նա խոսում է հանգիստ, բարեհամբույր: Լսում եմ նրան և սկսում եմ շշուկով պատասխանել, որ հիմա ես ատում եմ նրան, քանի որ նա ինձ խանգարում է, ու նրա ի՞նչ գործն է, թե ես ինչպես կտնօրինեմ իմ կյանքը: Հանկարծ ի զարմանս ինձ, նա սկսում է մանրամասնորեն պատմել իմ իսկ կյանքը։ Դա ինձ սարսափեցնում է, որտեղի՞ց կարող է նա այդ ամենն իմանալ:
     Նա հանգիստ է խոսում և շատ լավ հասկանում է, որ ինձ համար վիճակը դժվար է ու անտանելի, բայց հարկավոր է հաղթահարել, եթե ես կամենամ՝ կկարողանամ:
     Ես զայրացած հակառակվում եմ նրան, վիրավորում, փորձում եմ դուրս պրծնել, բայց նա սեղմում է ձեռքս ու հանգիստ շարունակում է, բացատրում , որ մարդն իրավունք չունի իր սեփական կյանքը ընդհատելու: Եվ, եկավ այն պահը, որ ես լսում եմ ծերունուն և սկսում ակնհայտ հասկանալ, որ նա անհասկանալի ճանապարհներով կարողացավ ինձ օգնության ձեռք մեկնել: Դրանից մահվան այս ճամբարում ոչինչ չփոխվեց ինձ համար, բայց ես հասկացա, որ արդեն մենակ չեմ, այլ մի զորավոր նեցուկ ունեմ:
     Նա իմ վզին չէր փաթաթում իր Աստծուն, այլ լոկ հիշեցնում էր Նրա մասին: Նա ինձ օգնում էր, բայց ես տեսնում և հասկանում էի, որ նրա մեջ մի հզոր ներքին ուժ կա, որն իմ մեջ բացակայում էր: Սկսեցի հասկանալ, որ նա իր վրա է վերցնում իմ անդառնալի վիշտը, ճամբարային կյանքի անպատմելի դժվարությունները, պատրաստ դրանք կրել և կիսել ինձ հետ միասին, իսկ ես ինքնաբերաբար չեմ գնում դեպի մահվան բերանը, և ցանկանում եմ մնալ իր հետ հավիտյան:
     Հետագայում ես իմացա, որ նա ամենևին էլ ծերունի չի, այլ ճամբարային կյանքն էր ծերացրել նրան։ Ոմանք նրան անվանում էին Պյոտր Անդրեևիչ, ոմանք էլ՝ հայր Արսեն:
     Նրա միջոցով սկսվեց առ Աստված իմ նոր կյանքը, դրա համար էլ ցանկացա պատմել ամենակարևորի մասին: Անվերջ կարելի է խոսել իր մասին, բայց նրա ամբողջ կյանքի գործունեությունը կարելի է անվանել. ԱՍՏՎԱԾ և ՍԵՐ:

ԻՐԻՆԱ

     Ավարտվում էր 1956 թիվը, ճամբարը հետզհետե դատարկվում էր, նամակագրությունն արդեն թույլատրվում էր: Հայր Արսենը մեծ քանակությամբ նամակներ էր ստանում և մի նամակ էլ Իրինան էր գրել. «Պյոտր Անդրեևի՛չ, Լյուբա տատիկից տեղեկացա, որ Աստված պահպանել է ձեզ և դուք ողջ եք: Ես հավատում էի, զգում էի, որ Տերը պիտի պահպանի ձեզ, այս դժնդակ ժամանակներում: Դուք շատ եք պետք մարդկանց, նամանավա՛նդ ինձ: Անցյալը հիշելը սարսափելի է, բայց ժամանակի հետ մոռացվում է, հավատում եմ պայծառ ապագային: Երեխաներս մեծացել են, Տանյան արդեն օրիորդ է, իսկ Ալեքսեյը հինգերորդ դասարանում է, դուք նրան դեռ չեք տեսել: Տասնհինգ տարի ոչ մի տեղեկություն չունեի ձեր մասին, այդ ընթացքում իմ կյանքում շատ բան է փոխվել, ձեր խորհրդով բժիշկ եմ դարձել: Ամուսնուս հետ ինչպես միշտ լավ բարեկամներ ենք: Նրա մեջ հավատքի կայծեր կան, որոնք ես ուզում եմ որ փոխակերպվի բոցի: Նա միշտ հիշում է ձեզ և ինձ միշտ ասում է, որ վարվեմ մարդկանց հետ այնպես, ինչպես դուք էիք վարվում: Շուտ վերադարձե՛ք, չնայած դա ձեզնից չի կախված: Կդիմավորեմ և կստիպեմ, որ մեր մոտ ապրեք: Տիրամայրը միշտ մեզ հետ է, նա է ինձ բերել հավատքի, Տանյային նա է փրկել և չի դադարում սատարել մեր ընտանիքին: Ինչքան շատ ու լավ բան է տվել ինձ ձեր Լյուբա տատիկը: Մայրս մահացավ, Լյուբան փոխարինեց նրան: Աստված իմ ի՜նչ երջանիկ եմ, որ հանդիպել եմ ձեզ իմ կյանքում»:
     Այս փոքրիկ նամակը ջերմ հիշողություններով լցրեց հայր Արսենի սիրտը: Իսկ այս ամենին նախորդած դեպքերը հետևյալն էր. 1939 թիվն էր: Մի քանի տարի էր ինչ ավարտվել էր հայր Արսենի առաջին ճամբարային ժամկետը և սկսվել էր աքսորը: Կոստրոմայում՝ Վոլոգոդայի նահանգում էր ստիպված ապրել հայր Արսենը, երկաթուղային կայարանի հարևանությամբ, փոքրիկ գյուղակում մի տնակում որտեղի տանտիրուհին բարի և հավատացյալ մի կին էր, ով հետագայում դարձավ նրա հոգեզավակը:
     Տիրոջ կենդանարար Խաչի հայտնության օրը հայր Արսենը գաղտնի վերադարձավ Մոսկվա՝ յուրայինների մոտ, հանգրվանեց իր հոգեզավակներից մեկի՝ Նատալյա Պետրովնա Աստախովայի տանը:
     Նրա գալստյան մասին գիտեին միայն յոթ նվիրյալ հոգեզավակներ: Աստախովայի բնակարանը գտնվում էր մեծ քարե շենքի երրորդ հարկում: Հայր Արսենը տանից դուրս չէր գալիս, տանտերերը ամեն առավոտ գնում էին աշխատանքի, իսկ ինքը մենակ մնալով տանը ոչ մեկի առաջ դուռը չպիտի բացեր: Եթե յոթնայակից որևէ մեկը արտակարգ պարագայում ցանկանար այցելել, ապա դուռը պիտի ծեծեր պայմանավորված նշանով: Հայր Արսենի գալուստը գաղտնիք էր մնացած բոլորի համար: Նրա գալու նպատակն էր, որպեսզի հանդիպեր երկու սրբազանների հետ, ռուս եկեղեցու հետագան քննարկելու առիթով։ Այդ դժվարին ժամանակներում հանդիպումը նշանակված էր օգոստոսի 25 -ին, Աբրամցևո գյուղում ինչ որ նկարչի տանը: Օգոստոսի 19-նն էր Տիրոջ Պայծառակերպության օրը: Աստախովայի տանը ապրած ժամանակ նա զբաղված էր իր հոգեզավակներին ու ընկերներին նամակներ գրելով:
     Վեց օր նա հանգիստ ապրեց Աստախովայի տանը: Երեկոյան նա նախատոնական ժամերգություն կատարեց, խոստովանություններ ընդունեց, առավոտյան ժամերգությունից հետո հաղորդություն տվեց Նատալյա Պետրովնային և մնացած վեցին նույնպես:
     Առավոտյան բոլորը գնացին աշխատանքի, հայր Արսենը մնաց տանը մենակ: Տոնական ծառայությունից հետո հոգում հանգստություն և բերկրություն էր զգում: Մտահոգվելու էլ կարիք կարծես թե չկար:
     Ծունկի եկավ ու սկսեց փառաբանել ու շնորհակալություն հայտնել Աստծուն Իր մեծ ողորմության համար: Սենյակում հանգստություն էր տիրում, հայր Արսենը նստեց ու սկսեց փոքրիկ նամակներ գրել իր հոգեզավակներին: Ժամանակ առ ժամանակ վեր էր կենում ու սկսում էր քայլել, երբեմն մոտենում էր լուսամուտին և վարագույրի ետևից զգույշ նայում էր դուրս: Եվ հանկարծ նկատեց, որ փողոցի դիմացի կողմում, խանութի առջև կանգնած է միևնույն կինը, որը արդեն քանի օր է հայտնվում է այդ նույն տեղում, նույն ժամանակին և նայում է իրենց լուսամուտին:
     «Հետևո՞ւմ են, թե՞ ինձ է թվում» - մտածեց նա: Տանից դուրս չէր եկել, այստեղ գալիս «պոչ» չէր նկատել, իր գալստյան մասին գիտեն միայն ամենահավատարիմները:
     «Մտագարություն է», - հանգստացնելով, պատասխանեց ինքն իրեն, ապա խաչակնքվեց ու շարունակեց գրել: Կեսօր էր արդեն, վեր կացավ ուղղեց կանթեղը և սկսեց աղոթել:
     Աղոթքը ընդհատվեց դռան պայմանական զանգով: Ո՞վ կարող է լինել, ըստ պայմանավորվածության այսօր ոչ ոք չպետք է գար, բայց զանգերը տագնապահար շարունակվում էին: Ուրեմն ինչ որ բան է պատահել ու միայն յուրայիններ կարող են լինել: Խաչակնքեց, իրեն հանձնեց Տիրոջը և Տիրամորը, գնաց դուռը բացեց: Դուռը ոտքով հրելով բնակարան ներխուժեց մոտ քսան քսաներկու տարեկան մի կին: Արագ փակեց դուռը, մտավ սենյակ ու հևալով ասաց.
     - Ես Չեկայից եմ, ահա իմ վկայականը: Դուք Պյոտր Անդրեևիչ Ստրելցովն եք, այսպես ասած հայր Արսենը և արդեն վեց օր է ապրում եք այստեղ: Ես հետևում եմ ձեզ ցերեկը, իսկ երեկոյան և գիշերն ինձ փոխարինում են:
     Հայր Արսենը տագնապեց։ Սեղանի վրա նամակներ էին հասցեագրված տարբեր մարդկանց, ստացվում էր, որ ինքը բազում մարդկանց վտանգի տակ դրեց իր այստեղ գալով:
     «Տեր Հիսո՛ւս, Տիրամա՛յր օգնեք մեղավորիս», - մտովի արտաբերեց նա, հասկանալով, որ ամեն ինչ վատ կվերջանա և շատերին կձերբակալեն, եթե Տերը չմիջամտի:
     Կինը երիտասարդ էր, գեղեցիկ, ինտելիգենտ արտաքինով, բայց հագնված էր հասարակ, ըստ երևույթին, որպեսզի ուշադրություն չգրավեր:
     - Հասկանում եք ես աշխատում եմ օրգաններում, ինձ հանձնարարված է հետևել ձեզ, բայց ինձ հետ դժբախտություն է պատահել: Դուստրս հիվանդացել է, զանգեցի տուն, ջերմաստիճանը քառասուն է հասել, կոկորդը այտուցվել է ու կապտել, հիմա շնչահեղձ է լինում: Առավոտյան, երբ աշխատանքի էի գալիս, լավ էր, բայց ամեն ինչ միանգամից է սկսվել, իսկ հիմա մայրս հեռախոսով անընդհատ ճչում է «Տանյան մահանում է»: Զանգեցի վարչություն, խնդրեցի փոխարինել, մերժեցին, որովհետև չկա այնպիսի փոխարինող, որ ձեզ բոլորիդ դեմքով ճանաչի: Հրամայեցին շարունակել հսկումը, իսկ աղջիկս մահանում է, հիմա ի՞նչ անեմ, չգիտեմ: Անհապաղ օգնություն է հարկավոր, իսկ մայրս իրեն կորցրել է, զավակս մահանում է, ես պիտի շտապ հասնեմ տուն, իսկ փոխարինողս միայն երեկոյան ժամը 7-ին կգա: Ես ձեզ շատ եմ խնդրում, այստեղից ոչ մի տեղ չգնաք, խոսք տվեք, որ չեք հեռանա: Խնդրում եմ, եթե հեռանաք ինձ կկործանեք: Եվս մեկ խնդրանք իմ բացակայության ժամանակ, եթե որևէ մեկը գա ձեր մոտ ինձ կհայտնեք, քանի որ մինչև բնակարան մտնելը նրանք հսկողության տակ են, իսկ ես «այնտեղ» պիտի հաղորդեմ: Ձեր յուրայինները, որոնցից մի քանիսը մեզ մոտ են աշխատում, պատմում են, որ դուք բարի եք, և օգնում եք մարդկանց: Այժմ չհեռանա՛ք այստեղից, շա՜տ եմ խնդրում ձեզ:
     Հայր Արսենն ամեն ինչ հասկացավ, այդ կնոջ աչքերի մեջ նա կարդաց ավելին, քան ինքը պատմեց իր մասին:
     - Հանգիստ գնացե՛ք ձեր երեխայի մոտ, ես ոչ մի տեղ չեմ գնա, իսկ եթե որևէ մեկը գա, հետո ձեզ կհայտնեմ: Գնացե՛ք խաղաղությամբ:
     - Շնորհակալություն քաղաքացի Ստրելցով, շատ շնորհակալ եմ, ես մինչև ժամը երեքը նորից իմ տեղում կլինեմ - և վերջում չգիտես ինչո՞ւ ասաց, որ իր անունը Աննա է:
     Դուռը փակվեց և հայր Արսենը մնաց մենակ: Կանթեղը վառվում էր, սեղանին բաց աղոթագիրքն էր և մի կապոց հասցեագրված նամակներ:
     Ամեն ինչ բացահայտված է, Չեկան գիտի, որ ինքն այստեղ է, հսկողություն են սահմանել, որպեսզի բացահայտեն այն մարդկանց, որոնք շփվում են իր հետ, որ հետո բոլորին միանգամից հավաքեն: Դուրս է գալիս, որ յուրայինների մեջ մատնիչներ կան։ Ու վախ ընկավ սիրտը, ոչ թե իր համար, այլ այն բոլոր մարդկանց, որոնց կարող էին ձերբակալել: Ծնկեց, սկսեց աղոթել, սկզբում աղոթքը չէր ստացվում, մտքերը խառնվում էին, բայց հետո կարողացավ վերանալ մարմնավոր մտքերից և ամբողջովին սուզվել աղոթքի մեջ: Չորս ժամ աղոթեց, փառաբանեց Տիրոջը Իր մեծ ողորմության համար, և վախն ու անհանգստությունները վերացան:
     Ժամը երեքին հնչեց դռան պայմանական զանգը: Բացեց դուռը և Աննան ներս մտավ:
     - Փա՜ռք Աստծո, դուք այստեղ եք.
     - Այստեղ եմ, ոչ մի տեղ չեմ գնացել և ոչ ոք չի եկել իմ մոտ, հանգիստ անցեք ձեր աշխատանքին, Իրինա՛:
     Կինն ընկճված էր, բայց երբ հայր Արսենը նրան անվանեց Իրինա, ձգվեց տեղում և զարմացած ու անհանգստացած հարցրեց.
     - Ինչո՞ւ դուք ինձ անվանեցիք Իրինա:
     - Գնացե՛ք Իրինա, գնացե՛ք:
     Նրա աչքերում արցունքներ հայտնվեցին և հազիվ լսելի ձայնով ասաց.
     - Շնորհակալությո՜ւն ձեզ, շնորհակալություն:
     Հայր Արսենը նրա ետևից փակեց դուռը. «Տեր Աստվա՛ծ այդ դու պատվիրեցիր, որ նրան Իրինա անվանեմ, դու ամեն ինչ տեսնում ես և ամեն բան գիտես, ով ամենակարող Տեր»: Փողոցի մյուս կողմում քայլում էր Իրինան, իսկ երեկոյան նրան փոխարինեց մի տղամարդ:
     Նատալյա Պետրովնային ու մյուսներին նա ոչինչ չպատմեց, որովհետև դա ոչինչ չէր կարող փոխել, միայն կանհանգստացներ ու կվախեցներ բոլորին: Ներքին ձայնը հուշում էր, որ պետք է սպասել վաղվա օրվան և ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Հայր Արսենը պատրաստվում էր վատթարագույնին, բոլոր նամակներն այրեց, Նատալյա Պետրովնային էլ խնդրեց, որպեսզի վերացնի բոլոր կասկածելի իրերը:
     Օգոստոսի քսանին առավոտյան ժամերգություն կատարեց և ամուսինների գնալուց հետո աղոթքի կանգնեց, բայց աղոթքը չէր ստացվում: Տագնապ էր պատել սիրտը: Ժամը տասնմեկին լսվեց դռան զանգը, Իրինան էր:
     - Մեծ դժվարությամբ հաջողվեց Տանյաին պառկեցնել հիվանդանոց, շատ եմ անհանգստանում թե ի՞նչ պիտի լինի: Երեկվա համար շատ շնորհակալություն, զանգեցի վարչություն հաղորդեցի:
     - Նստեցե՛ք Իրինա, ես շատ զարմացած եմ, ինչպե՞ս կարողացաք գալ ինձ մոտ, մի մարդու, որին դուք հսկում եք: Հիրավի դուք ինձ թշնամի եք համարում:
     - Մի վախեցեք ինձանից, ես ինքս եկա և երեխայիս հիվանդությունն էլ հորինվածք չէր: Պատմեցեք ովքե՞ր եք դուք, ինչո՞ւ են ձեր դեմ այդպես պայքարում: Ձերոնք, ովքեր տեղեկություններ են հայտնում ձեր մասին, շատ են պատմում ինչ որ բարի գործերի, միմյանց օգնելու մասին: Ձեր մասին առանձնակի պատկառանքով են պատմում, բայց մեզ բացատրել են, որ դուք ֆանատիկոս եք, դասակարգային թշնամի, որ եկեղեցականներից թշնամական խմբեր եք ստեղծել: Ես երեք ժամ ազատ ժամանակ ունեմ, ոչ ոք չի գա ստուգման, պատմե՛ք ձեր մասին: Իսկ ես լուսամուտից կնայեմ, եթե պետք լինի իսկույն կհեռանամ:
     Նայելով Իրինայի աչքերին հայր Արսենը սկսեց պատմել հավատի և հավատացյալների մասին և թե ինչո՞ւ են պայքարում իրենց դեմ և որ իրենք դեմ չեն իշխանություններին: Պատմելուց հայր Արսենը ոչնչից չէր վախենում, դե էլ ինչ վախենար, երբ Իրինան գիտեր խմբի մասին: Պատմելուց այնպես տարվեց, որ ժամանակի մասին մոռացավ, որ իր առջև ոչ թե հատուկ հանձնարարությամբ մի կին է նստած, այլ մարդ, որին պետք էր վկայել ճշմարիտ հավատի մասին:
     Իրինան համակ ուշադրությամբ, բայց կարծես նաև թերահավատորեն լսում էր նրա ամեն մի խոսքը: Խմբի մասին նա գիտեր յուրովի, մի խոսքով որպես թշնամի, բայց այստեղ հայր Արսենը ճշմարտություն է ասում մի այլ տեսանկյունից: Դուրս է գալիս երկու ճիշտ կա, և ո՞վ է ճիշտ. հարց է ծագում: «Այնտեղ» շատ բան գիտեն, բայց սպասում են, որպեսզի ավելի շատ մարդ հավաքեն: Պետք է վերցնել ոչ թե Աստծուն հավատալու համար, այլ իշխանությունների դեմ պայքարելու համար, բայց այստեղ պայքար չկա, այլ կա միայն հավատք առ Աստված, որի շուրջ էլ միավորվել են մարդիկ:
     - Այնտեղ՝ վարչությունում մեզ պարբերաբար բացատրում են, որ դուք պետության թշնամիներ եք, իսկ այստեղ դուք այլ կերպ եք մեկնաբանում, ես էլ հետևելով ձեզ, նկատում եմ, որ դուք հետամնաց մարդիկ եք: Պարապմունքների ժամանակ մեզ մանրամասնորեն պատմել են ձեր և ձեր կազմակերպության մասին։ Ծանոթացել ենք ձեր նամակներին, որտեղից հասկանում ենք, որ ինչ որ մեկը պետք է օգնի ոմանց, և որ կա հանձնարարություններ Աստծո վերաբերյալ. միգուցե՞ դա ծածկագիր է: Ձերոնցից մի քանիսը աշխատում են մեզ մոտ, հիմնական լրատվությունը նրանցից է գալիս, հիմա ես կասեմ նրանց ազգանունները:
     - Պետք չէ՛, մի ասե՛ք, չե՛մ ուզում - բացականչեց հայր Արսենը։
     - Իսկ ես կասե՛մ, կասե՛մ։ Չեմ սիրում դավաճաններին, այդպիսի մարդիկ հեշտությամբ մեզ էլ կդավաճանեն: Մի անգամ մասնակցել եմ մեկի հարցաքննությանը, նայելն անգամ զզվելի էր, աչքերը խաղացնում էր մկան պես, վախենում էր, բայց և գրում էր զեկուցագիրը: Ես կողքից նայում էի ու զգում էի, որ ասածների կեսը սուտ է: Ահա նրանց ազգանունները, ում, որ ես գիտեմ՝ Կրավցովա, սարկավագ Կամուշկին, Գուսկովա, Պոլյուշկինա:
     Հայր Արսենը ցնցված բացականչեց.
     - Դուք սուտ եք ասում, նրանք չեն կարող դավաճանել, - բայց երբ նայեց Իրինայի աչքերին, հասկացավ, որ ճիշտ է ասում ու սկսեց լաց լինել: Լաց եղավ մեծ ու դառը լացով ու ամբողջ ձայնով մեկ:
     - Ի՞նչ եք ասում քաղաքացի Ստրելցով, ես ճշմարտությունն եմ ասում, օգոստոսի 16-ին, անձամբ ինքս եմ Կրավցովային ուղեկցել վարչություն: Ճի՛շտ է դա, ճի՛շտ, հանգստացե՛ք, անարժան մարդիկ են նրանք: Ես չպետք է պատմեի, բայց խղճացի ձեզ, այդքան մի՛ անհանգստացեք, ես հիմա գնամ ու վաղը կգամ, ձեզ դեռ շուտ չեն վերցնի, ցանկանում են հայտնաբերել բոլոր կապերը: Զանգահարեմ հիվանդանոց մորս, տեսնեմ ի՞նչ եղավ դուստրս: Վշտացրեցի ձեզ:
     Հայր Արսենը հոգեպես ցնցված ու ընկճված մնաց մենակ: Արցունքները ողողել էին դեմքը, մեկը մյուսից մռայլ մտքերը մաշում էին հոգին: Կատյա՛ն, Կատյա Կրավցովան իր ամենահարազատ հոգեզավակներից մեկը, բարեհոգի, մեծ աղոթասեր, եկեղեցական ծեսերի գիտակ: Նա ամեն ինչ գիտի համայնքի մասին, ի՞նչն է դրդել նրան դիմելու այդ ստոր, դավաճանական քայլին: Կատյան, ում համայնքը շատ էր սիրում փաղաքշական անվանելով ճերմակաձյունիկ: Ի՞նչն է դրդել, վա՞խը, հուսահատությունը՞, սպառնալիքները՞, միգուցե՞ ժամանակավոր փոքրոգությունը:
     Իսկ Սարգավագ Կամուշկինն՝ իր հոգեորդին, միշտ իր հետ ծառայել է եկեղեցում, Լիդիա Գուսկովան ու Զինա Պոլյուշկինան նույնպես իր հավատարիմ հոգեզավակներն էին:
     Ի՞նչն է ստիպել, որ նրանք այդպես ընկնեն, միայն վախը՞: Միթե՞ ես չեմ նրանց հոգևոր հովիվը, որ չեմ պաշտպանել ինձ վստահված հոտը անկումից: Միթե՞ ես չեմ մեղավորը. «Տեր ողորմի՛ր բազմամեղիս, սովորեցրո՛ւ, կանգնեցրո՛ւ։ Փրկի՜ր նրանց, պահպանի՜ր մնացածներին»:
     Վերհիշելով նրանց խոստովանությունները, իրենց զրույցները, նամակները, հայր Արսենը փորձեց հասկանալ իր հոգեզավակների անկման պատճառները: Այո՛, ինքը դեռ ժամանակին պետք է նկատած լիներ իր հոգեզավակների վայրիվերումները, սխալները և ժամանակին կանխեր:
     Ընկավ ծնկների վրա աղիողորմ լացով աղոթեց, ողորմություն խնդրեց Տիրոջից ու Երկնային Թագուհուց:
     - Տե՛ր, ողորմած Տե՛ր ինձ մի՛ լքիր, Քո կենարար զորությամբ փրկիր իմ հոգեզավակներին կործանումից:
     Օգոստոսի 21- ին նորից եկավ Իրինան: Դստեր վիճակը շատ վատ էր, բժիշկները հույս չէին տալիս: Ներս մտնելով սենյակ, սկսեց լաց լինել:
     - Հանգստացե՛ք Իրինա, հանգստացե՛ք, Տերը ողորմած է, Տանյան կլավանա - ասաց հայր Արսենը նայելով հուսահատված, ընկճված, կարծես ժամանակից շուտ ծերացած երիտասարդ այդ կնոջը:
     - Հույս չկա Տանյաս մահանում է: Միանգամից երկու ցավ է, ինձ էլ ազատական չեն տալիս, որ ցերեկները լինեմ մեռնող երեխայիս կողքին. - հեկեկալով ասաց նա և ընկավ սեղանին:
     Հայր Արսենը մոտեցավ պահարանին, որտեղ սրբապատկերներն էին, բացեց, վառեց երկրորդ կանթեղն ու ասաց:
     - Ես կաղոթեմ Տանյայի համար և հիմա կխնդրեմ Տիրոջը:
     - Ես նույնպես կխնդրեմ ձեր Աստծուն, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, միայն թե Տանյան փրկվի, բայց ես աղոթել չգիտեմ և Աստծուն էլ չեմ ճանաչում:
     - Իրինա՛ հիմա պիտի խնդրենք մեր մեծ բարեխոս Մայր Աստվածածնին Տանյայի առողջության համար:
     Աղոթելիս հայր Արսենը Իրինային չէր նայում ու կարծես մոռացել էր նրա մասին ու հիշում էր միայն մարդկային վշտերի ու տառապանքների մասին: Աղոթելով Տիրամորը փոքրիկ Տատյանայի համար, նա իր հոգու ողջ զորությունը ներդրեց այդ աղոթքի մեջ: Հետագայում, երբ պատմում էր այդ աղոթքի մասին ասաց. «Դուք գիտեք ես հազվադեպ եմ լաց լինում, իսկ այստեղ լաց եղա, խնդրելով Տիրոջը և Տիրամորը, ես ուղղակի պահանջեցի, պահանջեցի, որովհետև շատ մեծ էր Իրինայի վիշտը, հետագայում ճիշտ է ես խոստովանեցի Սրբազան Իոնային և զղջացի իմ այդ հանդգնության համար»:
     Անցավ երկու ժամ, ավարտելով աղոթքը հայր Արսենը շրջվեց ու նայեց Իրինային: Նա ծունկի էր իջել, երեսը ողողված արցունքներով, կարծես վերացած աշխարհից, ինչ որ բան էր շշնջում: Հայր Արսենը անսահման խղճահարությամբ լցվեց նրա հանդեպ, մոտեցավ աջը դրեց նրա խոնարհված գլխին և հայրաբար ասաց.
     - Գնացե՛ք Իրինա, Տերը կօգնի աղջկադ: Միասին կխնդրենք, Տիրամայրը՝ մեր պաշտպանը մեզ չի լքի մեզ: Նա կողորմի:
     Իրինան ոտքի կանգնեց, մոտեցավ հայր Արսենին, պինդ բռնեց ձեռքը և լաց լինելով ասաց.
     - Պյոտր Անդրեևիչ, ես հավատացի ձեզ ու նրան՝ Տիրամորը: Չէ՞ որ նա էլ է մայր, եթե այդպես է ինչպես դուք ասացիք, ուրեմն անպայման կօգնի: Մայր Աստծո օգնի՛ր և փրկի՛ր Տանյայիս, ես ամեն ինչ կանեմ, միայն փրկի՜ր:
     Մինչ Նատալյա Պետրովնայի գալը հայր Արսենը աղոթում էր: Երեկոյան ամուսինները և յոթնյակից երկու հոգի տանն էին: Մոտ ժամը տասնմեկին լսվեց հեռախոսի զանգը: Հայր Արսենը արագ վեր կացավ վերցրեց հեռախոսափողը և ասաց.
     - Լսում եմ ձեզ Աննա:
     - Շնորհակալություն, շնորհակալություն, ամեն ինչ լավ է Նա օգնեց, այժմ ամբողջ կյանքում պիտի հավատամ ձեզ և Նրան: Շնորհակալություն: Հեռախոսախցիկից եմ զանգում:
     Բոլոր ներկա գտնվողները միաժամանակ ասացին:
     - Ինչո՞ւ հենց դուք վերցրիք լսափողը, չէ՞ որ հեռախոսը գաղտնալսվում է:
     Նա մոտեցավ սրբապատկերին խաչակնքվեց ու ասաց.
     - Այդպես էր պետք: Մեծ ողորմություն ցուցաբերեցին Տերը և Տիրամայրը և ոչ միայն ինձ, այլ նաև վերստին ծնվող մարդուն: Թե ում հետ ես խոսեցի, ոչ ոք չի կարող իմանալ, Աննա անունով կանայք երկրում շատ կան:
     Հարկ է նշել, որ հետագայում հարցաքննությունների ժամանակ նրան շատ էին հարցնում, թե ո՞վ է Աննան:
     Իրինայի հանկարծակի հայտնվելը ամեն ինչ փոխեց, շատ մտածեց հայր Արսենը, շատ աղոթեց և որոշեց չհանդիպել սրբազանների հետ: Որոշեց հեռանալ օգոստոսի 25-ին, բայց մինչ այդ բնակարանից չպետք է դուրս գար: Հարկավոր էր պահպանել համայնքը մատնիչներից:
     Մինչև հայր Արսենի մեկնելը Իրինան ամեն օր գալիս էր նրա մոտ ժամը 11-ին, հեռանում 2-ին: Հարցեր էր տալիս, ինքն էր պատմում, բայց հիմնականում լսում էր և կյանքում առաջին անգամ խոստովանվեց և Սուրբ Հաղորդություն ստացավ ու դարձավ հայր Արսենի հերթական հոգեզավակը:
     Պայմանավորվեցին, որ Իրինան նամակները պիտի գրի Աննա անունով, իսկ հայր Արսենը պիտի պատասխանի նրա քրոջ հասցեին: Եվ որպեսզի Իրինան հաստատվեր հավատքի մեջ, տվեց նրան Լյուբա տատիկի համարը, խորը հավատացյալ մի կնոջ, որը կապված չէր իր համայնքի հետ: Երկտողում այսպես գրեց. «Օգնե՛ք, որպեսզի հաստատվի, երբե՛ք չթողեք, աղոթեցեք միասին»։ Մինչև «Հատուկ» ճամբար ընկնելը նրան հաջողվեց մի երեք նամակ ևս ուղարկել Իրինային:
     Հայր Արսենին հանդիպելուց հետո Իրինան մեծ դժվարությամբ դուրս եկավ օրգաններից և ընդունվեց բժշկական ինստիտուտ, հետո աշխատեց Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այդ բոլորը հայր Արսենն իմացավ ճամբարից դուրս գալուց հետո 1957 թվականին: Իսկ այժմ 1956 թ. մտաբերելով 39 -ի օգոստոսյան այդ օրերը, հայր Արսենին պատեց մռայլ հիշողությունները, սարկավագ Կամուշկինի, Զինաիդայի, Լիդիայի մասին մտաբերելով: Նրանց խոստովանություններում զղջում չկար, ու չկարողացավ կանգնեցնել նրանց անկումը:
     Հիշեց նաև, երբ օգոստոսի 23-ին ընդունեց Կատյայի խոստովանությունը: Երբ այն ավարտվեց, հայր Արսենը սպասում էր ու չէր շտապում թողություն տալ, իսկ Կատյան լուռ էր: Հայր Արսենն աղոթում էր, որպեսզի Տերը բացի նրա սիրտը: Կատյան սպասում էր թողության աղոթքին, չհասկանալով թե ինչու է դանդաղում հայր Արսենը. «Բատյուշկա ես վերջացրի»: Հայր Արսենը թողություն տվեց, խոստովանությունն ավարտվեց, բայց խոսակցությունը ո՛չ:
     - Կատյա դու ինչո՞ւ մատնեցիր մեզ, ինչո՞ւ: Քանի քանիսին կործանեցիր, չէ որ դու մեր ամենահարազատ մարդկանցից մեկն էիր:
     Կատյան սառեց, դեմքը սփրթնեց, երեսը ողողվեց արցունքներով, աչքերը չռվեցին, սկսեց կծոտել շրթունքները:
     - Դուք որտեղի՞ց գիտեք, ո՞վ է ձեզ ասել, նրա՞նք… նրանք առանց ինձ էլ ամեն ինչ գիտեն, ամե՛ն ինչ, ես անգամ ճշմարտության կեսը չեմ ասել նրանց, ե՛ս…- հանկարծ նրա դեմքին հաստատակամություն հայտնվեց ու հավաքեց իրեն, - ես ցանկանում էի փրկել համայնքը, ես խաբել եմ նրանց, բայց նրանք շատ բան գիտեն, ու ես մոլորվել եմ:
     Խոսակցությունը երկար տևեց և ավարտվեց նրանով, որ Կատյան պետք է հեռանա համայնքից: Այդպես էլ եղավ, մի տարի հետո նա ամուսնացավ, խզեց բոլոր կապերը համայնքի հետ և միայն 1958-ին հանդիպեց հայր Արսենին:
     Երբեմնի սարկավագ Կամուշկինը վաթսունական թվականներին պատրիարքությունում արդեն մեծ պաշտոն էր զբաղեցնում:
     Հարկավոր էր հեռանալ: Հայր Արսենը Նատալյա Պետրովնային ու Վերա Դանիլովային պատմեց ողջ ճշմարտությունը, իհարկե չհիշատակելով Իրինայի մասին, ու պատվիրեց, որ զգուշանան սարկավագ Կամուշկինից, Լիդիայից և Զինաիդայից: Իսկ Կատյայի մասին ոչինչ չպատմեց:
     Հայր Արսենը գիտեր, որ իր ձերբակալությունն անխուսափելի էր, բայց հարկավոր էր, որ այն կատարվեր ոչ թե այստեղ՝ քաղաքում, այլ աքսորավայրում: Թող հետո հարցաքննեն, ծեծեն, գցեն պատժախուց, ցույց տան վկաների ցուցմունքները, ինքն ամեն գնով լուռ կմնա:
     Իրինան գնացքի տոմս վերցրեց օգոստոսի 25-ի համար: Օգոստոսի 24-ին նա նամակներ գրեց, գրեց նաև Կատյա Կրավցովային: 1966 թվին Կատյան այդ նամակը ցույց տվեց Վերա Դանիլովային և ասաց թե ինչպես է նա դարձել Չեկայի աշխատակից և ինչու:
     Ահա մի հատված այդ նամակից:
     «Տիրոջը խնդրում եմ ձեզ համար, զորացե՛ք աղոթքով, օգնություն խնդրեք Տիրամորից: Դուք ընկել եք, ձեր մեջ ուժ գտեք բարձրանալու: Ես ձեզ հասկանում եմ և չեմ դատապարտում: Ձեր հերոսությունը սխալ էր, հետո այն փոխակերպվեց չարի, հեռացեք համայնքի գործերից, չարին հակառակ մնացե՛ք, թեև դա այդքան էլ հեշտ չէ: Ձեր ուժն ու եռանդը սպառեք աղոթքի մեջ, Տիրամայրը ձեր օգնականն ու պաշտպանն է: Տերը օրհնի ձեզ»։
     Օգոստոսի 25-ին Իրինայի հերթապահության ժամանակ Հայր Արսենը մեկնեց կայարան, այնտեղ նրան ճանապարհեց Իրինայի մայրը՝ Վարվառա Սեմյոնովնան, ով ճանապարհի համար մթերքներ էր բերել հետը:
     Տխուր էր հայր Արսենը, նա անդառնալիորեն կորցրել էր երեք հոգեզավակների, բայց Կատյային նա հավատում էր: Ուրախ էր Իրինայի համար, որի հետ շատ ջերմ ու հուզիչ հրաժեշտի պահ ունեցավ առավոտյան:
     Հետագայում երբ նրան հարցնում էինք. «Ինչպե՞ս կարողացաք միանգամից հավատալ Իրինային», պատասխանեց. «Որովհետև Տիրոջ գործերն անքննելի են և ողորմությունն անսահման»: (Գրառվել է 1968-1975 թ.թ.)

ԼՐԱԳՐՈՂԸ

     Նա ամեն ինչ գրի էր առնում: Որտեղից ինչ թուղթ գտնում էր, կլիներ դա գորշ մոխրագույն ստվարաթուղթ, կամ էլ մի այլ թուղթ, կարում էր ալբոմի կազմի մեջ, կողքերը կտրում ու դարձնում էր տետր: Աշխատանքից հետո արագ կուլ էր տալիս իր աղքատիկ օրապահիկը, նստում էր նառին, վերցնում էր քիմիական մատիտի կտորը ու սկսում էր գրել:
     Կարելի էր կարծել, թե նա ինչ որ թերթի թղթակից է ու եկել է այստեղ ուսումնասիրելու և հասկանալու բանտարկյալների հոգեբանական վիճակը, ծանոթանալու իր համար մի նոր աշխարհի հետ, որից հետո դրան կհետևեն բազում հոդվածներ «Հատուկ նշանակության ճամբարը» վերնագրով:
     Առաջին հայացքից նա սովորական բանտարկյալ էր Կ-391 համարով, դատապարտված 58-րդ հոդվածով, քսան տարի ժամկետով: Մի տարի էլ չէր անցել, բայց նա հասցրել էր մի քանի տետր գրել, որտեղ ճշմարտացիորեն ու անկեղծությամբ նկարագրված էր բանտարկյալների կյանքն ու առօրյան: Գրելու և գրածը մարդկանց թողնելու ծարավ կար նրա մեջ: Տեսնելով մի նոր բանտարկյալի անմիջապես մոտենում էր «Ո՞վ եք դուք, որտեղի՞ց եք, ինչի՞ համար, ո՞վ և ինչպե՞ս է ձեզ հարցաքննել» թվում էր թե կհաջորդի հետևյալ հարցը «Ձեր տպավորություննե՞րը ճամբարի մասին», բայց այդ հարցը չէր տալիս: Իսկ գրածները թաքցնելու համար ստիպված էր իր օրապահիկի մի մասը տալ քրեականներին, որոնք գիտեին թե ինչպես ապահովաբար թաքցնեն դրանք:
     Ստուգումների ժամանակ հաճախակի նրա մոտ հայտնաբերում էին փոքրիկ թղթակցություններ ու նետում էին պատժախուց, բայց դա էլ չէր խանգարում նրան գրել: Նա այս աշխարհին լրագրողի աչքերով էր նայում: Մինչև մահվան վերջին շունչը նա պատրաստ էր գրելու իր տպավորությունները: Բարաքում գրեթե բոլորից հարցազրույց էր վերցրել, մնացել էին մի քանի հոգի, այդ թվում հայր Արսենը:
     Նրա անունը միանգամից կնքեցին Լրագրող և նա հպարտանում էր դրանով: Իրավամբ նա լրագրող էր և թղթակցել էր երկրի մի շարք գլխավոր թերթերին:
     Լրագրողի շտապողականությունը, նյարդայնությունը, ցանկությունը ժամ առաջ հարցաքննելու դիմացինին, սկզբում կասկածանք էր առաջացնում բանտարկյալների մոտ, բայց հետո նկատելով նրա անկեղծությունն ու անմիջականությունը, նրան մի կերպ հանդուրժեցին: Միայն պոլիցայներն ու վլասովականներն էին նրան թշնամաբար ընդունում:
     Տարի ու կես ապրելով ճամբարում ապրելով, նա շատ բան սովորեց ու հասկացավ: Սկսեց ավելի հազվադեպ հարցազրույցներ վերցնել: Երբ նա հայր Արսենին հանդիպեց բարաքում, շրջապատից իմացել էր, որ քահանա է, արվեստաբան՝ բարձրագույն կրթությամբ, որ բանտարկյալների շրջանում սեր ու հարգանք է վայելում: Բայց քանի որ հայր Արսենը կրոնի ծառայող էր ու կոմունիստական կարգերի թշնամի, լրագրողը նրան արգահատանքով և մի փոքր էլ խղճահարությամբ էր վերաբերվում:
     Հայր Արսենի հայտնվելը ճամբարում լրագրողի համար բացարձակ օրինաչափություն էր, որովհետև նրա կարծիքով հավատացյալները, նամանավանդ կուլտի ծառայողները խորհրդային իշխանությունների թշնամիներն էին: Լրագրողը պոլիցայներին, հայրենիքի դավաճաններին ու հավատացյալներին համեմատության միևնույն նժարի վրա էր դնում և նրանցից հարցազրույց չէր վերցնում: Նա ճամբարում էր հայտնվել մատնության պատճառով և նրա համար մեծ անարգանք ու սահմռկեցուցիչ էր միևնույն հարկի տակ գտնվել հայրենիքի դավաճանների և հավատացյալների հետ: Ողջ կյանքը պայքարել էր ճշմարտության համար և անկեղծորեն հավատացել բոլշևիկյան գաղափարներին, այժմ իր պատիժը պիտի կրեր իր դասակարգային հակառակորդների հետ:
     Այնուամենայնիվ հարցազրույցը կայացավ: Լրագրողը հիվանդացավ ու նրան թողեցին բարաքում որպես հայր Արսենին օգնական: Լուռ աշխատում էին, լրագրողը չէր խոսում: Նա երիտասարդ էր, արագ էր աշխատում, վառելափայտը բերեց լցրեց վառարանների կողքը, կպչանը տեղադրեց ու փորձեց վառել: Մի տուփ լուցկի փչացրեց, բայց ոչինչ չստացվեց, անցավ երկրորդին, նորից նույնը, ոչինչ չի ստացվում: Նա սկսեց նյարդայնանալ, ժամանակը գնում էր, իսկ բարաքը պետք էր տաքացնել մինչև բանտարկյալների գալը, որոնք միշտ մրսած ու դաժան են լինում:
     Հայր Արսենն այդ ժամանակ դեռ վառելափայտ էր տեղափոխում, իսկ երբ տեսավ նրա ջղագրգիռ վիճակը, մոտեցավ.
     - Թույլ տվեք օգնեմ - իսկ սա չարությամբ պատասխանեց.
     - Խնդրում եմ չխանգարել, ես օգնության կարիք չունեմ:
     Հայր Արսենը լուռ մի կողմ քաշվեց ու սկսեց ուշադիր հետևել: Լրագրողն այլևս չգիտեր ինչ անի, քանի որ ոչինչ չէր ստացվում: Նա հասկանում է, որ երեկոյան ինքը մի լավ ծեծ կուտի, իհարկե հայր Արսենին էլ բաժին կհասնի: Անցավ քսան րոպե, հայր Արսենն աղոթեց, ապա մոտեցավ, հանգիստ նրան մի կողմ տարավ, փայտերը հանեց, կպչանը դրեց դրեց ինչպես հարկն է, լուցկու մի հատիկով վառեց և սկսեց փայտերը հերթականությամբ տեղադրել վառարանի մեջ: Հետո անցավ երկրորդ վառարանին, լրագրողը ուշադիր հետևում էր նրան: Երրորդ վառարանն արդեն ինքը վառեց.
     - Շնորհակալություն սովորեցրիք, մտածում էի հեշտ է, բայց դու մի ասա ամբողջ գիտություն է:
     - Ես. - պատասխանեց հայր Արսենը.- մի քանի հարյուր վառարան եմ վառել, որ հասել եմ այդ գիտությանը:
     Կամաց կամաց սկսեցին զրուցել: Լրագրողը սովորության համաձայն սկսեց հարցազրույց վերցնել, բայց ստացվեց, որ տաս րոպե հետո ինքը սկսեց իր մասին պատմել: Տարվեց խոսակցությամբ և չնկատեց, թե ոնց մոտեցավ բանտարկյալների գալու ժամը: Հետո հասկացավ, որ այդ ամբողջ ընթացքում, ոչ թե հարցազրույց վերցրեց, այլ ինքը մանրամասնորեն պատմեց իր կյանքը: Պատմեց անծանոթ մի մարդու, բայց չգիտես ինչու հոգում հանգստություն զգաց:
     Ժողովուրդը եկավ աշխատանքից, բարաքը լցվեց աղմուկով, առաջին ստուգումը եղավ, հետո երկրորդը և փակվեցին դռները: Լրագրողը պառկած մտածում էր և ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչպես ստացվեց, որ նա իր ողջ կյանքը պատմեց մի ինչ որ անծանոթ, այն էլ կուլտի ծառայողի, բայց արդեն հարազատ դարձած մի ծերունու:
     Մի խոսակցությանը հաջորդեց մյուսը և լրագրողը աննկատ իր հոգին խոստովանությամբ դրեց հայր Արսենի ձեռքերի մեջ: Սկզբում նա հայր Արսենի մասին մտածում էր, որպես ուժեղ մարդու, իսկ մի ամիս անց ասում էր. «Հայր Արսենը մաքուր ու բարի հոգու տեր մարդ է: Ես տեսա իսկական քրիստոնյայի՝ Աստծո հավատարիմ ծառայի»: Նրանք բարեկամացան ամբողջ կյանքում: Ստալինի մահից հետո նա ազատվեց և անհայտ ճանապարհներով կարողացավ դուրս բերել իր տետրերը: Այժմ շատ հաճախ նրա ազգանունը հայտնվում է հաստ ամսագրերի և գլխավոր թերթերի էջերում:

ԵՐԱԺԻՇՏԸ

     Բարձրահասակ, նիհար, քրջոտ հագուստներով, ինչպես բոլորը, տանջված մի մարդ հայտնվեց բարաքում: Աշխատանքային նորմերը չէր կարողանում կատարել, դրա համար էլ կես օրապահիկ էր ստանում և օր օրի վրա թուլանում:
     Ընթրիքից հետո գալիս նստում էր ու նայում բարաքի աղտոտ լուսամուտից այն կողմ, ու ոչ ոքի հետ չէր խոսում: Ժամանակ առ ժամանակ դեմքը կենդանանում էր ու երկար մատները ծնկի վրա սկսում էր շարժել, թվում էր թե դաշնամուրի վրա էր նվագում: Իր մասին շատ քիչ էր պատմում, կարելի կլինի ասել ոչինչ չէր պատմում, բայց մի դիպվածով ամեն ինչ պարզվեց: Նրա գալուց կես տարի էր անցել, շրջապատողները սովորել էին նրա լռակյացությանը:
     Երեկոյան մի նառի մոտ հավաքվեցին մի քանի բանտարկյալներ, որտեղ և հայր Արսենն էր: Զրուցում էին ճամբարային գործերի մասին, հետո աննկատ անցան անցյալին, թատրոնի, երաժշտության մասին: Այդ րոպեին նրանց մոտեցավ լռակյաց բանտարկյալը: Խոսակցությունը բուռն թափով շարունակվեց երաժշտության մասին:
     Հայր Արսենը սովորության համաձայն վեճերին չէր մասնակցում, բայց այս անգամ անսպասելի խոսեց: Նա ասաց, որ լուրջ երաժշտությունը, նամանավանդ հոգևորը բարվոք է ազդում մարդու հոգու ներաշխարհի վրա:
     Այստեղ միշտ լռակյաց բանտարկյալը կարծես վերակենդանացավ, աչքերը փայլեցին և սկսեց, հստակ առոգանությամբ, շատ հանգիստ, պրոֆեսիոնալ տերմիններով խոսել: Նա շարունակեց հայր Արսենի միտքը, թե ինչպես կարող է երաժշտությունը դրականորեն ազդել մարդու ներաշխարհի վրա:
     Հանկարծ բանտարկյալներից մեկն ասաց.
     - Թույլ տվե՛ք, թույլ տվե՛ք, իսկ ես ձեզ ճանաչում եմ, դուք դաշնակահար եք. - և ասաց ականավոր երաժշտի ազգանունը:
     Երաժիշտը ցնցվեց, մթագնած ասաց.
     - Եթե միայն դուք իմանայիք, թե ինչ դժվար է ինձ համար առանց երաժշտության: Երաժշտությամբ մեկտեղ ես նույնիսկ կհոժարեի ապրել:
     Ինչ որ մեկը անկապ հարցրեց.
     - Իսկ դուք ինչո՞ւ եք այստեղ:
     Երաժիշտը անսովոր լրջությամբ պատասխանեց.
     - Ընկերոջս մատնության պատճառով, ինչպես և ձեզանից շատերը. - ու միանգամից հեռացավ զրուցակիցներից:
     Այդ խոսակցությունից հետո նա ավելի ինքնամփոփ դարձավ, կարծես անէացել էր աշխարհից: Նա ամբողջովին կորցրել էր կապը շրջապատի հետ, իսկ դա ճամբարային պայմաններում հավասարազոր էր ստույգ մահվան:
     Մի ամիս հետո նա ավելի թուլացավ, դժվարությամբ էր գնում աշխատանքի, օր օրի վրա ավելի քիչ էր կատարում պլանը, որի պատճառով էլ պակասում էր օրապահիկը:
     Հայր Արսենը մի քանի անգամ փորձեց խոսել նրա հետ, որևէ բանով օգնել, բայց անօգուտ էր: Ստիպված դիմեց շրջապատող մարդկանց.
     - Մարդը կործանվում է առանց երաժշտության, եթե միայն կարողանայինք, որևէ նվագելու գործիք ճարել:
     Քրեականներից մեկը, ով հարգում էր հայր Արսենին, ասաց.
     - Կարմիր անկյունում մի ջարդված կիթառ կա, կփորձեմ տղաների միջոցով թռցնել:
     «Հատուկ» ճամբարում կարմիր անկյուն կար, թեպետ այնտեղ երբե՛ք ոչ մի միջոցառում չէր կազմակերպվում: Մի քանի տասնյակ գիրք կար այնտեղ, որը երբե՛ք չէր տրամադրվում բանտարկյալներին և մի ջարդված կիթառ: Կարմիր անկյունը միշտ փակ էր: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ ճանապարհներով քրեականները այնտեղից գողացան կիթառը և բերեցին բարաք: Բոլորը հասկանում էին, որ այն երկար չի մնա բարաքում, որովհետև հենց առաջին ստուգման ժամանակ կառգրավեն, բայց կիթառի հայտնվելը ժամանակավոր իրադարձություն ու ժամանց էր: Բանտարկյալներից մեկը սոսնձեց այն և ինչքան հնարավոր էր տեսքի բերեց: Երկու օր քրեականները թաքցրին այն, իսկ երրորդ օրը երեկոյան ստուգումից հետո դրեցին երաժշտի նառի վրա:
     Երաժիշտը երբ եկավ, նստեց նառին ձեռքը կպավ կիթառի լարերին: Նա վախեցած շրջվեց, ապա գորովանքով ամուր գրկեց կիթառը, շշմած նայեց շրջապատողներին ու սկսեց լարել այն: Եվ երաժիշտը նվագե՜ց...
     Մի քանի տեղ քրեականները թուղթ էին խաղում, մի ուրիշ տեղ փայտյա դոմինո էին շրխկացնում, ժխոր էր բարաքում, հայհոյանքներ, բղավոցներ: Հանկարծ բարաքը լցվեց երաժշտության մեղմ ձայնով: Միանգամից լռություն տիրեց, երաժշտությունը պարուրեց բանտարկյալների վշտահար սրտերը: Հնչյունների ներքո նրանց աչքերի առաջ եկավ անցյալի երջանիկ օրերը, հարազատ վայրերն ու մարդիկ: Ջերմություն էր լցվել նրանց սրտերում, կարծես վերացել էր դաժանությունն ու կոպտությունը: Ի՞նչ էր նվագում երաժիշտը, անհասկանալի էր, բայց լավ էր նվագում, միգուցե իր հնարած երաժշտությո՞ւնն էր: Կիթառը մեղմ երգում էր և նրանց պատմում իրենց անցյալի մասին: Այդ մի քանի երանելի րոպեների ընթացքում ամբողջ բարաքը վերացել էր իրեն շրջապատող աշխարհի գորշ իրականությունից:
     Հանկարծ միջանցքի մյուս ծայրից մի սևամազ մարդ հրելով հավաքվածներին մոտեցավ երաժշտին: Դա մի հայտնի, շատ դաժան քրեական հանցագործ էր.
     - Վերջ տո՛ւր, հոգիս մաշեցիր, վերջ տո՛ւր, կսպանեմ:
     Նա ձեռքը բարձրացրած քայլեց դեպի երաժիշտը, բայց այդ րոպեին մի հանցագործ գրկեց սևամազին ու շպրտեց միջանցք: Քիչ անց միջանցքի այդ ծայրից լսվեց նրա հեկեկոցը:
     Երաժշտության հնչյունները որոշ մարդկանց հիշեցրել էր վշտերի, տանջանքների, էտապների մասին: Կանգնածներից մեկը խնդրանքով դիմեց երաժշտին.
     - Երգեցե՛ք մեզ համար:
     Ու երաժիշտը երգեց մեղմ, խռպոտ, բայց հստակ ձայնով: Հին ռուսական երգ էր: Բանտարկյալները աշխուժացան ու ժպտացին: Նրա ձայնը երգչի ձայն չէր, բայց այնքան ջերմություն կար, որ գերեց շրջապատողների սրտերը: Հետո նա վալս նվագեց: Բանտարկյալները լուռ ուրախանում էին:
     Ավարտելով երաժիշտը հանգիստ նստեց նառին, խնամքով գրկեց կիթառը և շնորհակալական հայացքով նայեց շրջապատողներին: Հետագայում հայր Արսենը նրա մասին ասաց.
     - Նա հավատքով մարդ էր, բավական խորը հավատացյալ, և նա իր երաժշտությամբ պատմեց այդ մասին:
     Կիթառը բարաքում մնաց երկու օր, բայց այդ օրերին նա վերակենդանացավ, դեմքին ժպիտ կար արդեն, և ազատ շփվում էր մարդկանց հետ: Քրեականները նրա անունը կնքեցին Արտիստ և վերցրին «օրենքի տակ», այսինքն ճամբարային տերմիններով դա նշանակում էր «պաշտպանված»:
     Առավոտյան ստուգման ժամանակ առգրավեցին կիթառը, ինչ որ մեկը մատնել էր, Արտիստին երեք օրով պատժախուց գցեցին: Մի որոշ ժամանակ Արտիստը աշխույժ էր, ուրախ, բայց հետո ընկավ, կարծես մարեց ներքին կրակը:
     Երեք շաբաթ հետո գիշերը հայր Արսենը զգաց, որ մեկն իր թևից է քաշում։
     - Ներեցե՛ք ինձ, ներեցե՛ք: Գիշեր է այժմ, բայց ինձ անհրաժեշտ է ձեր հետ խոսել: Գիտեմ, որ հոգևորական եք, վաղուց էի ուզում ձեզ մոտենալ, բայց վախենում էի, իսկ հիմա զգում եմ, որ ժամանակս եկել է: Շնորհակալություն կիթառի համար, հետո իմացա, որ ձեր նախաձեռնությունն էր: Լսե՛ք ինձ, ես որքան հնարավոր է հակիրճ կասեմ:
     Խոնարհեց գլուխը դեպի հայր Արսենը և շշուկով սկսեց պատմել իր մասին: «Տեր, Տեր Աստված, ողորմի՜ր մեղավորիս» ժամանակ առ ժամանակ կրկնում էր նա: Արցունքները թափվում էին հայր Արսենի ձեռքերին. «Տեր Աստված ես շատ մեղավոր եմ, բայց ինչու նրանք վերցրին ինձնից իմ երաժշտությունը, առանց դրա ես կյանք չունեմ»:
     Հայր Արսենը երկար աղոթեց երաժշտի հետ ու նրա համար:
     Երկու շաբաթ անց աշխատավայրում փշրվեց երաժշտի ձախ թևը: Որոշ ժամանակ հետո հայր Արսենը հիվանդանոցից երկտող ստացավ նրանից. «Չմոռանա՛ք հիշել ինձ Աստծու առաջ, մահը կողքս կանգնած է: Աղոթե՛ք ինձ համար»:
     Ու վերջ, մարեց Արտիստը ու գնաց այնտեղ, որտեղ հրեշտակներն են անդադար երգում ի փառս Աստծո։

ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԱՅՆ ԿՈՂՄ

     Մի տարուց ավել է, ինչ ճանաչում էի հայր Արսենին, բայց քիչ էինք հանդիպում, սակայն շատ բան էի լսել նրա մասին: Մտերմացանք հիսուներեք թվականին, երբ ամռանը մեզ էտապով քշեցին մի անմարդաբնակ վայր, նոր բարաքներ ու հանքահորեր կառուցելու:
     Շատ հեռու չէր, մի քառասուն կիլոմետր: Գիշերելով երեք օրվա ճանապարհ էր: Արևը անտանելի այրում էր, մի կողմից էլ անհամար մոծակները: Հագնված էինք քայլում, անտանելի տոթ էր: Հաճախ ամռան տապը ավելի դժվար էր տանել, քան թե ձմեռվա սառնամանիքը: Քրտինքի մեջ կորել էինք: Բոլորի ցանկությունը մեկն էր, պառկել հողին և այլևս վեր չկենալ, իսկ թե ինչ կլինի դրանից հետո՝ միևնույն է: Բայց մի անհաղթահարելի ուժ հարկադրում էր քայլել ու քայլել:
     Հոգնել էինք բոլորս, մենք, հսկիչները, պահապան շները, իսկ ճանապարհն անվերջանալի էր: Հերթական քայլն անելուց հետո, ուժերն ավելի էր սպառվում: Ոտքերս մի կերպ էի քարշ տալիս: Իմ կողքին քայլում էր հայր Արսենը: Մի երկու անգամ սայթաքեցի, բայց նա հոգատարությամբ ձեռքիցս բարձրացրեց: Մի քանի անգամ հայացք գցեցի նրա վրա ու մտածում եմ. «Ինչպե՞ս է նա դեռ կարողանում քայլում», իսկ նա քայլում էր, ուղիղ և հավասարակշռված, կարծես ոչինչ չնկատելով: Նրա շուրթերը շարժվում էին, ես արդեն գիտեի, նա աղոթում էր ու իր իսկ աղոթքով ուժ առնում:
     Մեր առջևից քայլում էր մի թաթար, երկարահասակ, նիհար, ճգնավորի դեմքով: Դատարկ ուսապարկը ուսին, քրջոտ շորերով ու ահավոր կեղտոտ: Բարաքում նա քնում էր ինձնից մի քանի նառ այն կողմ: Գիտեինք, որ Կազանից է: Նրա վիճակը շատ վատ էր, ու արդեն հասել էր կործանման եզրին: Փորձեցինք օգնել, բայց անօգուտ էր: Հիմա էլ նա հոգնածությունից արդեն օրորվելով ու սայթաքելով էր քայլում:
     Ե՞րբ են հանգիստ հայտարարելու: Հաճախակի մարդիկ ընկնում էին ու նրանց վրայով անցնում էին քայլողները, իսկ հետևից եկող հսկիչները ծեծելով բարձրացնում: Վե՛րջ, էլ ուժ չկա քայլելու, հիմա կընկնեմ: Հանկարծ լսվեց մեկի բղավոցը.
     - Ես փախչո՜ւմ եմ, փախչո՜ւմ եմ:
     Շարասյունը խուլ գվվոցով կանգ առավ, տեսնեմ երկարահասակ թաթարը այս ու այն կողմ հրելով կալանավորներին փախավ դեպի թփուտները: Վազում էր դանդաղ, ուժասպառ եղածի պես: Շարասյունը արթնացավ հոգնածությունից, հսկիչները զենքերը ուղղեցին մեր վրա, իսկ լեյտենանտը և մի քանի զինվոր շուռ եկան ու կրակեցին փախչողի հետևից: Թաթարը դանդաղ վայր ընկավ: Այսպիսի փախուստը կոչվում էր՝ փախուստ մահվան ընդառաջ, ինչը հաճախ էր պատահում: Հասնում էր մարդը վերջնակետին ու այլևս չդիմանալով ցուցադրական փախուստ էր սարքում, որպեսզի տեղում սպանվեր: Երբեմն էլ կանխվում էին նման փախուստների մահվան ելքը: Ամեն ինչ կախված էր շարասյան հրամանատարից: Եթե նա ցանկանա, կհետապնդեն, կբռնեն, կխոշտանգեն, պատժաժամկետը կավելացվի, բայց մարդը ողջ կմնա: Բայց այս անգամ վերջ, սպանեցին։
     Թաթարը ընկած էր արյան մեջ շաղախված, բայց զինվորներից մեկը դեռ կրակում էր: Շարասյունը լարված հարձակվեց հսկիչների վրա: Այնժամ հրամանատարը կրակահերթ արձակեց մարդկանց գլխներից վեր ու հրամայեց պառկել: Մարդիկ ընկան գետնին, տեղաց երկրորդ հայհոյախառն կրակահերթը: Լռություն տիրեց:
     - Ընկեր լեյտենանտ, - ասաց մի զինվոր թաթարական առոգանությամբ,- էդ ե՛ս սատկացրի այդ սրիկային:
     Ինչ որ մեկը պառկած տեղից խլաձայն գռմռաց.
     - Շուն, շան որդի, հայրենակցիդ սպանեցի՞ր, դու մեռա՛ր:
     Զինվորը շրջվեց դեպի շարասյունը, ինքնաձիգը դեմ տվեց կալանավորների վրա:
     - Թողնե՛լ Իբրահիմով,- լսվեց հրամանատարի հրամանը:
     Կծկվել էինք գետնին, հանկարծ լսեցի ինչ որ մեկի լացի ձայնը: Հայր Արսենը ծնկի եկած արցունքն աչքերին, կիսաձայն ու լացով աղոթում էր: Դիպա ուսին և շշուկով ասացի.
     - Պառկի՛ր, կսպանե՛ն:
     Իսկ նա ուշադրություն չդարձնելով շարունակեց խաչակնքվել և աղոթել սպանվածի համար:
     Երկրորդ անգամ զգուշացրեցի, բայց ապարդյուն: Միևնույն ժամանակ մտածում եմ, թող կանգնի, միայն թե ինձ չսպանեն:
     Տասնհինգ րոպե անց հրաման եղավ վեր կենալ շարվել: Սպանվածի մարմինը վերցրել էին, միայն արյունն էր մնացել տերևների վրա: Լուռ քայլում ենք։ Հսկիչները գազազած են, զգում ենք, որ եթե ինչ որ բան այնպես չլինի, կլսվի հաջորդ կրակահերթը: Նայեցի հայր Արսենին, աչքերը արցունքոտ էին, լուրջ դեմքով, տխո՜ւր, շատ տխո՜ւր աչքերով դարձյալ աղոթում էր: Չգիտեմ ինչո՞ւ նրա տեսքն ինձ բարկացրեց, ժամանակ է գտել լացելու և աղոթելու:
     - Ստրելցով դուք այսպիսի բան չէի՞ք տեսել. - հարցրեցի ես:
     - Բազում անգամ եմ տեսել, բայց սարսափելի է երբ սպանում են անմեղ մարդու, դու տեսնում ես, բայց ոչնչով չես կարող օգնել:
     - Իսկ դուք ձեր Աստծուն կանչեիք օգնության, - հեգնանքով ասացի ես - կամ էլ անիծեիք սպանողին, չնայած անօգուտ է, բայց ինչ որ տեղ վրեժ է:
     - Ի՞նչ եք ասում, ի՞նչ եք ասում, միթե՞ կարելի է որևէ մեկին անիծել: Աստված շատերիս այստեղ փրկեց: Ես այդ տեսա: Իսկ սպանող զինվորի հատուցումը մոտ է, մահվան հրեշտակը արդեն կանգնել է նրա գլխավերևում: Ա՜խ, Տեր, ողորմի՛ր մեղավորիս: - վերջացրեց հայր Արսենը:
     Մի օրից վերջապես տեղ հասանք: Այստեղ պիտի աշխատեինք մի ամիս: Աշխատում էինք օրը տասնհինգից տասնութ ժամ: Կերակրում էին ահավոր վատ, ամեն օր մարդիկ էին մահանում: Իսկ հայր Արսենն ամեն օր շշմեցնում էր ինձ, աշխատում էր ինչպես բոլորը, չնայած երկար տարիներ ճամբարներում է, ծեր է ու հյուծված, բայց ապրում էր, ինչո՞ւ էր ապրում, կամ ինչպե՞ս: Աղոթում էր, ինչ որ բանի էր հավատում և ապրում էր: Զարմացնում էր այն փաստը, որ նա էլ էր հոգնում ինչպես մյուսները, բայց ջանում էր բոլորին օգնել և օգնում էր, երբ անհրաժեշտ էր: Բոլորի հանդեպ ուշադիր էր ու սիրալիր, անգամ հսկիչներին էին նրան հարգում:
     Աշխատեցինք մի ամիս։ Եկել էինք վեց հարյուր հոգով, վերադարձանք երկու հարյուրով: Չորս օր տևեց վերադարձի ճամփան: Հսկիչները չէին շտապեցնում, տեսնում էին, որ մեզանից մնացել է միայն հոգին, իսկ մարմինը հազիվ է ոտքի վրա մնում: Ճամբարում մեզ մի օր հանգիստ տվեցին, երեք օր էլ լավ կերակրեցին, այնտեղ էլ բարի մարդիկ կային:
     Իսկ թաթար զինվոր Իբրահիմովին սպանեցին հենց հաջորդ օրը: Գազանաբար էին սպանել, կտրել էին կոկորդը, հանել էին աչքերը: Իր հայրենակից թաթար զինվորներն էին արել: Մենք այդ իմացանք ճամբար վերադառնալուց հետո: Երբ պատմեցի հայր Արսենին, նա շատ տխրեց, իսկ ես մտքիս մեջ ասացի շանը շան մահ:
     Հայր Արսենից երեք տարի շուտ ազատվեցի ճամբարից, բայց ամբողջ կյանքս կապվեցի նրա հետ: Գոհանում եմ Աստծուց, որ ճանաչել եմ նման զարմանալի և մեծատառով մարդու:

ՍԱՌՉՈՒՄ ԵՄ

    Հայր Արսենին լավ եմ հիշում ու երբե՛ք չեմ մոռանա:
     Կարելի է ասել ճանապարհին ծանոթացանք: Առավոտյան դուրս եկանք ճամբարից, սարսափելի սառնամանիք էր, իսկ մենք միայն բաճկոններով էինք: Ճանապարհը երկար չէր, ընդհամենը 30 կիլոմետր, մի հինգ վեց ժամվա ընթացք:
     Գնալով ցուրտը սաստկանում էր և մի ժամ անց ես լրիվ ցրտահարվեցի: Նայեցի շուրջս, տղաներն էլ էին սառել, հսկիչները՝ որ մուշտակներ էին հագած, նույնպես սառել էին: Շարասյանը ուղեկցող շների վրա նույնիսկ սպիտակ շաղ էր կապել: Քայլում էինք իրար հպված, որպեսզի տաքանանք, սակայն ձեռքերս ու ոտքերս ցրտից անզգայացել էին: Շարասյան ընթացքը դանդաղել էր, մարդիկ սաստիկ ցրտի պատճառով չէին կարողանում առաջ շարժվել:
     Կողքովս մի ծերունի էր քայլում, իսկ ես արդեն օրորվում էի, ուժ չկար այլեւս: Ընկնելու վրա էի, բայց ծերունին բռնեց ձեռքիցս և ասաց քաջալերելով.
     - Մի ընկճվե՛ք, բռնվեցե՛ք, շարժվե՛ք, դա տաքացնում է, քիչ մնաց, կհասնենք Աստծու օգնությամբ:
     Կես կիլոմետր էլ անցանք, քայլում էի կարծես ցնորքի մեջ, սայթաքեցի և ընկա: Փորձեցի վեր կենալ, բայց ձեռքերս ու ոտքերս չէին ենթարկվում: Ընկնելուց հետո միտքս պայծառացավ ու հասկացա, որ սա վերջն է: Ցրտահարված ընկել եմ ու տեսնում եմ ոնց են մարդիկ կողքովս անցնում: Ճամբարային դրվածքը գիտեի, վերջին շարքը անցնելուց հետո մոտենալու էին հսկիչները, եթե վեր չկենայի, գնդակահարելու էին ու անցնեին: Այնտեղ էլ կզեկուցեին, որ սպանվել է փախչելու փորձ կատարելու ժամանակ:
     Չգիտեմ ինչու ծերունին նույնպես կանգնել է կողքիս ու չի շարժվում: Ավագ լեյտենանտը մոտեցավ ու ասաց.
     - Վեր կա՛ց իսկույն:
     Ես ամեն ինչ պարզ հասկանում էի, բայց չէի կարողանում ո՛չ շարժվել, ո՛չ էլ պատասխանել: Լսում եմ թե ոնց է ծերունին թախանձելով խնդրում լեյտենանտին.
     - Քաղաքացի պետ, խնդրում եմ օգնե՛ք, ցրտահարվել է մարդը:
     Այդ ժամանակ մոտեցավ ավագը, ինքնաձիգը ձեռքին:
     - Ընկեր լեյտենանտ, միգուցե՞ մի քիչ սպիրտ տանք դրան, իմ մոտ կա. - ասաց նա:
     Լեյտենանտը հրամայեց, որ շարասյունը ընթանա առաջ, ինքը և ավագը մնացին: Ծերունին նորից խնդրեց ինձ համար, բայց ինչպե՞ս, երբ արդեն ամբողջովին սառել էի: Մի հոգի ավել, մի հոգի պակաս, դրանից ի՞նչ օգուտ: Իսկ ծերունին խնդրում է ու խնդրում և չի վախենում: Ես ընկել էի ու ընկած մնացել, իսկ նա կարգն էր խախտել, դուրս գալով շարքից: Մտածում էի անպայման կգնդակահարեն իրե՛ն էլ, ի՛նձ էլ: Լեյտենանտը բարձրացրեց ինքնաձիգը, վե՛րջ, հիմա կկրակի, բայց նա այն տվեց ավագին, մոտեցավ մեզ ու ասաց.
     - Դե ինչ ծերուկ, բարձրացնենք սրան:
     Բարձրացրի՛ն, ավագը սպիրտը լցրեց բերանս, ներսս վառեց, սկսեցին ինձ շարժել, աստիճանաբար սկսեցի տաքանալ: Ստիպեցին մի քանի անգամ նստել վեր կենալ, տասը րոպեից արդեն զգում էի ձեռքերս ու ոտքերս:
     - Շնորհակալ եմ.- ասացի հսկիչներին:
     - Այս ծերունուց շնորհակալ եղիր, քո կողքին մնալով ապշեցրեց մեզ:
     - Դու ինչպե՞ս չվախեցար, չէ որ գիտեիր, երկու քայլ այս, կամ այն կողմ կկրակեինք. - հարցրին նրանք ծերունուն:
     Ծերունին խոնարհվեց ու ասաց.
     - Դե ինչ վախենայի, բոլորի մեջ էլ մարդկային հոգի կա, հետո տեսա, որ չէիք կրակի, կօգնեք: Աստված ողորմած է:
     Հասանք շարասյանը: Տղաները զարմացած էին մնացել, թե ո՞նց մեզ չսպանեցին: Ես ոչինչ չպատմեցի: Այդ ծերունին հայր Արսենն էր, այդպես էլ ծանոթացա նրա հետ: Դրանից հետո իմ կյանքը վերափոխվեց, նրա միջոցով ես ճանաչեցի Աստծուն: Ճիշտ էր ասում հայր Արսենը, որ շատ մարդկանց հոգու մեջ կա թաքնված բարություն, մարկայնություն, միայն թե պետք է այն արթնացնել, ինչպես պատահեց լեյտենանտի և շարասյան ավագի պարագայում:
     1963 թ. Կալուգայում ես հանդիպեցի ավագ լեյտենանտին: Աշխատում էր ինչ որ գործարանում, մոտեցա և ասացի
     - Բարև Ձեզ ընկեր ավագ լեյտենանտ.- չճանաչեց, հիշեցրեցի, շատ ուրախացավ:
     - Սարսափելի ժամանակներ էին, հիշելն անգամ զարհուրելի է. - ասաց նա:
     - Ինչպե՞ս եղավ, որ ինձ այն ժամանակ չսպանեցիք - հարցրեցի նրան:
     - Իսկ ինչ է մենք մարդ չե՞նք, հետո, ծերունին մեզ ապշեցրեց: Քեզ օգնելու համար մահու առաջ կանգնեց, չվախեցա՛վ: Ճիշտն ասած մենք՝ հսկիչներս յուրահատուկ ակնածանքով էինք վերաբերվում նրան, բարի ծերուկ էր: Ի դեպ որտե՞ղ է նա հիմա:
     Պատմեցի, որ հայր Արսենն էլ է ողջ: Երկար զրուցեցիք լեյտենանտի հետ, մտանք սրճարան, փոքր ինչ խմեցինք, հիշեցինք ճամբարային դաժան կյանքը
     Սա էլ այսպե՛ս, երկար տարիներ նամակագրական կապ պաշտպանեցի հայր Արսենի հետ, մինչև իր կյանքի վերջը: Ասեմ ձեզ Ձեզ նա իսկական, Մեծ Մարդ էր:

ՃՏՔԱԿՈՇԻԿՆԵՐԸ

    Ամեն ինչ հիշում, հիշում եմ բոլոր հարցաքննությունները, դատավճիռները, ճամբարները, սովը, ծեծը, վախը, ստորացումները, քրեական հանցագործներին, ամեն վայրկյան կողքիդ կանգնած մահվան սպառնալիքները և անջնջելի հուշերը մտերիմների մասին:
     Իսկ ընդհանրապես ինչո՞ւ դրա մասին հիշել: Միայն ես չէ որ այդ ամենը տարել եմ, այլ իմ նման հազարավորներ և դրա մեջ ոչ մի հերոսություն չկա: Ա՛յ ուրիշ բան է, եթե մարդը կարողանա ճամբարում գտնի իր տեղը և մարդ մնա մինչև վերջ: Ա՛յ դա հերոսություն է: Հայր Արսենն այն մարդն էր, որ գտավ իր տեղը ճամբարներում և հարյուրավոր սխրանքներ կատարեց շատ մարդկանց զարմացնելով:
     Ովքեր չեն եղել ճամբարներում, դժվար թե պատկերացնեն ինչ է նշանակում ճամբարային սխրանք, և ընդհանրապես կարելի՞ է այն համեմատել պատերազմական սխրանքի հետ: Ասեմ ձեզ, որ կարելի է: Պատերազմում երբ մարդկանց հարձակման ես առաջնորդում, կամ ինքդ ընկնում ես ու մարդկանց կյանքեր փրկում, կամ էլ ողջ ես մնում և առաջ գնում: Իսկ ճամբարում միշտ մահվան սպառնալիքի տակ ես քայլում ու որևէ մեկին օգնելը կրկնակի դժվար է:
     Իմ ծանոթությունը հայր Արսենի հետ կայացավ ձմռանը թաղիքե ճտքակոշիկների դիպվածով: Ձմռանը շատ կարևոր է, որ ոտնամաններդ չոր լինեն: Գալիս էի աշխատանքից, ոտքերս ամբողջովին թաց վիճակում: Չորացնելն անհնարին էր, որովհետև քրեականները վառարանների մոտ չեն թողնի, իրենք են չորացնում, իսկ գիշերը չէր կարելի թողնել, կգողանային: Եւ այդպես օրեր, շաբաթներ, ոտքերս խոնավությունից ու ցրտից ցրտահարվել էր: Վերջին անգամ ոտքերս ուռած, ցրտահարված եկա ընկա նառի վրա, ընթրիքի էլ չկարողացա գնալ: Ճտքակոշիկներս անգամ չկարողացա հանել, մտածում եմ այլևս վե՛րջ, մի օր էլ չեմ ձգի, վաղը հաստատ շունչս կփչեմ: Անզգայության մեջ պառկած եմ, զգում եմ, որ ինչ որ մեկը ճտքակոշիկներս է հանում: Երևի մտածում են, որ շուտով վերջս գալու է, դրա համար առիթից օգտվում են, բայց ինձ համար արդեն միևնույն էր: Ճտքակոշիկներս հանելուց հետո, այդ ինչ որ մեկը սկսեց ոտքերս շփել, որից հետո վրաս ծածկեց, վերցրեց ոտնամաններս ու հեռացավ: Մտածում եմ, ճտքակոշիկներս գողացավ, բայց ինչո՞ւ ոտքերս շփեց: Դեռ ցավեր կար, բայց հետո թեթևություն զգացի և հանգիստ քնեցի:
     Առավոտյան բրիգադիրը մոտեցավ, խփեց ականջիս:
     - Ինչո՞ւ վեր չես կենում:
     Իսկ ես խորը քնով էի ընկել: Իսկույն վեր թռա, բայց ոտաբոբիկ էի: Այդ ժամանակ ճտքակոշիկներս ու ոտքի փաթաթանները ձեռքին մոտեցավ մի ծերունի: Ես ոչինչ չհասկացա, խլեցի նրա ձեռքից, հագնվեցի ու վազեցի աշխատանքի: Երեկոյան նույնպես եկավ ծերունին, նորից վերցրեց ճտքակոշիկներս ու փաթաթանները, տարավ չորացրեց, առավոտյան վերադարձրեց և այդպես մի քանի անգամ: Այդպիսով նա իմ կյանքը փրկեց: Իսկ գիտե՞ք, թե ինչպես էր նա այդ անում: Ամբողջ գիշեր նստում էր վառարանի կողքը, իր քնի հաշվին, չորացնում էր իմ ճտքակոշիկները: Իսկ դա ճամբարային պայմաններում սխրանք էր:
     Ես շատ էի մտահոգվում և ոչ միայն ես, որ ինձ համար այս ճամբարից փրկություն չկա, որ մահկանացուս այստեղ եմ կնքելու: Բայց միայն այդ ծերունին՝ հայր Արսենն էր միշտ համոզված ասում ինձ.
     - Ամեն ինչ լավ է լինելու, շուտով դուք դուրս կգաք ճամբարից ու դեռ ձեր հարազատներին կտեսնեք:
     Այդպես էլ եղավ: Մի տարի անց ինձ ազատեցին: Ձերբակալեցին ինձ 1952 թվին, տալով երկու տարի, բայց 1953-ին վերանայեցին գործս ու պատժաժամկետը ավելացրին, փոխադրելով Հատուկ ճամբար: 1955 թ. անսպասելի ազատեցին, վերականգնելով կուսակցական և պաշտոնեական դիրքերը։ Հարազատներս էլ բոլորը ողջ էին մնացել:
     Հիմա տարին երկու անգամ այցելում եմ հայր Արսենին: Հոգեպես ընկճված, ներքնապես հոգնած, բայց երբ հանդիպում եմ նրան, խոստովանում եմ մեղքերս, իսկ նա լսում է, խորհուրդներ տալիս: Այնժամ միտքս զուլալվում է, հոգուս խռովքը ցրվում և այդ պահից արդեն մտածում եմ գալիք հանդիպման մասին:
     Այդպիսին էր իմ հանդիպումը հայր Արսենի հետ: Երկիրը նման մարդկանց շնորհիվ է կանգուն: Ճամբարում նա շատերին էր օգնում և մենք էլ նրան հետևելով փոխվում էինք: Ցանկանում եմ նորից անդրադառնալ նրա սխրանքի մի թեմային ևս:
     Հայրենականի ժամանակ բազմաթիվ ճակատամարտերի մասնակցեցի, ուր կամավոր էի գնացել։ Սկսեցի զինվորից ու վերջում մայորի աստիճանով ավարտեցի: Պարգևատրվել եմ բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, բոլորը չեմ կարող թվարկել: Պարտիզանական ջոկատ եմ ղեկավարել, հանձնարարությամբ հակառակորդի մոտ եմ աշխատել, չորս անգամ վիրավորվել եմ, բայց գիտեի թե ինչի համար: Եթե զոհվեի, գիտեի, որ հայրենիքի համար է: Իսկ երբ հայտնվեցի հատուկ ռեժիմի ճամբարում և հասկացա, տեսա, մարդ էակի անագորույն դեմքը: Հասկացա, որ մահը չէ ամենասարսափելին՝ ինչ որ գաղափարի համար, այլ ճամբարը, որտեղ դու միայնակ ես ինքդ քեզ հետ: Որտեղ մահն է քեզ հետ ամեն վայրկյան, դանդաղ, տանջալի մահը, իսկ շուրջդ միայն կենդանի դիակներ, և տանջանքներին վերջ չկա և հանուն ինչի՝ անհասկանալի է: Եթե փախչես, բայց ո՞ւր: Ընկերներ չունես, դու մենակ ես: Ամենամեծ սխրանքն այն է, որ մարդն այս անմարդկային պայմաններում մնա մարդ ու կարողանա օգնել դիմացինին: Ես մարդկանց հարձակման եմ առաջնորդել, շատերի կյանքն եմ փրկել մարտի դաշտում, ինձ են փրկել, բայց գիտեինք հանուն ինչի, իսկ ճամբարում հանուն ինչի մարդուն օգնես, անըմբռնելի է: Իսկ հայր Արսենը իրեն չխնայելով շատերիս կյանքը փրկեց և դա արեց հանուն Աստծու և հանուն մարդկանց: Դա սխրանք է հանուն մարդկային սիրո, առանց որևէ ակնկալիքի: Տեր Աստված եթե բոլոր մարդիկ այդպիսին լինեին: (Գրառված է 1966 թվին)