ՄԱՍ ԵՐՐՐՈՐԴ
ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐՏԻ ՀԱՂԹՈՂ ՏԻՐՈՒՀԻ...
Հյուրընկալվել էի ընկերուհուս մոտ: Երբ խոսքով ընկանք, նայեցի ժամացույցին, արդեն ուշ էր: Արագ հրաժեշտ տվեցի ու վազեցի դեպի կայարան: Ճանապարհը երկար չէր, սկզբից պիտի անցնեի ամառանոցների մոտով, այնուհետև անտառի միջով դուրս կգայի կայարան: Տանը ցանկանում էին ուղեկցել ինձ, բայց ես հրաժարվեցի: Դե բոլոր երիտասարդներս էլ համարձակ ենք լինում: Քայլում էի ու մտածում, որ մայրս կբարկանա ուշ գալու համար, իսկ առավոտյան շուտ պիտի վեր կենայի, որ վաղորդյան ժամերգությանը մասնակցեի: Մտա անտառ։ Մութ էր ու մռայլ, և իհարկե մի քիչ էլ վախենում էի։ Կածանը լայն էր ու ոչ մեկ անգամ քայլած նախկինում։ Շուրջը լուռ էր, իսկ ճանապարհին ոչ ոք չկար: Հանկարծ հետևից ինչ-որ մեկը պինդ բռնեց ձեռքերիցս և գլխիս ինչ-որ բան հագցրին: Սկսեցի դիմադրել ինչքան կարող էի, ուզում էի ճչալ, բայց մի փալասով բերանս փակեցին։ Պայքարում էի, փորձում էի ոտքերով հարվածել, բայց ուժեղ հարված ստացա գլխիս, ու մի պահ ամեն բան լռեց: Ճանապարհից դուրս քաշեցին ծառերի տակ: Գլխիս վրա գցածը հանեցին, հետո հասկացա, որ դրանցից մեկի կոստյումն էր։ Երբ բերանիս փալասը մի կողմ տարան, այդ տղամարդկանցից մեկն սպառնալով ասաց.
- Ծպտուն հանես կմորթե՛մ, - երկար դանակի փայլող շեղբը խաղացնելով աչքերիս առաջ, - պառկի՛ր հիմար աղջիկ, եթե խելոք պահես քեզ, ողջ կմնաս ու չենք սպանի:
Նրանցից մեկը բարձրահասակ էր, մյուսը ցածրահասակ: Երկուսից էլ ուժեղ գինու հոտ էր փչում:
- Դե պառկի՛ր անխելք:
Դանակը դեմքիս պահելով, ինձ փորձում էին պառկեցնել գետնին: Իսկ ես մի կերպ դիմադրելով, հազիվ ասում եմ:
- Խղճացե՜ք, բաց թողե՜ք, - ու փորձում եմ դուրս պրծնել։ Բարձրահասակը դանակը դնելով կրծքիս, ծակում էր ցավոտ:
Հասկացա, որ էլ փրկություն չկա:
Այդ ժամանակ բարձրահասակը մյուսին ասաց.
- Ճանապարհով անցի՛ր մի երեսուն քայլ հեռու, սրա հարցերը լուծեմ, հետո ձայն կտամ քեզ, կգաս:
Ցածրահասակը հեռացավ:
Հստակ հասկանում եմ, որ հիմա ոչ ոք չի կարող ինձ օգնել: Ի՞նչ անել, ինչպե՞ս պաշտպանվել: «Տեր Աստված ողորմի՜ր, օգնի՜ր»: Այդ պահին մոռացել էի բոլոր աղոթքները և հանկարծ միտք եկավ, որ միայն Տիրամայրը կարող է օգնել. «Հոգևոր մարտի հաղթող Տիրուհի, պաշտպանի՜ր չար ուժերից, փրկի՜ր և ազատի՜ր ինձ, ով շնորհընկալ Կույս։ Անհարսնացյալ Հարս...», - հիշեցի կանոնական աղոթքներից հենց այս մեկը։
Այդ պահին բարձրահասակը սկսեց արդեն պատառոտելով հանել վերնազգեստս: Հետո կռացավ ինձ վրա, իսկ ես համառորեն աղոթում եմ ու դիմադրում, անընդհատ կրկնելով նույն աղոթքը և ըստ երևույթին բարձրաձայն:
- Էդ ի՞նչ ես մրթմրթում, - հարցրեց նա:
Իսկ ես աղոթում էի, և զգացի, որ ավելի բարձր ձայնով եմ աղոթում: Նորից նա հարցրեց.
- Ի՞նչ ես..., - և հանկարծ ուղղվեց, զգաստացավ ու վեր կացավ, ուշադիր հայացքով նայելով ինձանից դեպի վեր։ Հետո չարությամբ շուռ եկավ դեպի ինձ, քացով հարվածեց կողիս, ու բարձրացնելով ինձ, ասաց.
- Գնա՛նք այստեղից, - և ինձ զոռով տարավ մի ուրիշ կողմ: Երբ տեղ հասանք, նորից ինձ գցեց գետնին, իսկ ես աղոթում եմ ու աղոթում:
Կանգնել է կողքիս, բայց նորից ուշադիր նայում է վեր։ Իսկ ես անդադար կանչում եմ Տիրամորը և այդ պահին զգում եմ, որ չգիտեմ ինչո՞ւ, չեմ վախենում: Իսկ նա կանգնել է ու նայում է, ինչ-որ կետի, ու հանկարծ հարցրեց ինքն իրեն.
- Ի՞նչ է անում այդ կինը այս ժամին անտառում, ի՞նչ է նրան հարկավոր:
Հետո բարձրացրեց ինձ, մի կողմ շպրտեց դանակը և թևիցս ամուր բռնած տարավ արդեն ծանոթ կածանով: Նա լուռ էր, իսկ ես կիսաձայն աղոթում էի և չէի զարմանում, որ արդեն ոչնչից չէի վախենում, զգում էի, որ Տիրամայրս ինձ հետ է:
Քայլեցինք մի քիչ էլ ու արդեն երևացին կայարանի լույսերը: Անտառից դեռ դուրս չեկած, տղան ետ տվեց շորերս:
- Ա՛ռ, հագնվի՛ր, ես կշրջվեմ, - ու շրջվեց. ես հագնվեցի:
Գնացի՛նք։ Նա տոմսարկղից մինչև Մոսկվա տոմս գնեց երկուսիս համար։ Հետո տարավ ջրով լի տակառի մոտ, թաշկինակը թրջեց, դեմքիս ու գլխիս արյունը մաքրեց:
Գնացք նստեցինք, վագոնները դատարկ էին. ուշ ժամ էր: Ես շարունակում էի աղոթել Տիրամոր օգնությունը հայցելով: Հասանք Մոսկվա, իջանք գնացքից, հարցրեց,
- Որտե՞ղ ես ապրում, - ինքնաբերաբար ասացի հասցես:
Տրամվայով եկանք իմ բնակավայրը: Հասանք մեր շենք, աստիճաններով բարձրացանք մինչև մեր բնակարանը: Ես հանեցի տան բանալին, և այդտեղ նորից վախը պատեց ինձ: Իսկ ինչո՞ւ է նա հիմա դեռ այստեղ: Կանգնեցի, սպասեցի, չբացեցի դուռը: Տեսնեմ նա աստիճաններով իջնում է ներքև: Բացեցի դուռը ու նետվեցի սենյակ։ Իսկույն ծնկի եկա Տիրամոր սրբապատկերի առջև և սկսեցի շնորհակալություն հայտնել, հետն էլ լաց լինել: Քույրս արթնացավ ու հարցրեց,
- Քեզ ի՞նչ է պատահել:
Ոչինչ չեմ պատասխանում, աղոթում եմ ու լաց լինում:
Երկու ժամից հետո գնացի լվացվեցի, ինձ կարգի բերեցի, հետո եկա շարունակեցի աղոթքս մինչև լուսաբաց:
Առավոտյան վազեցի եկեղեցի՝ վաղորդյան ժամերգության, և ամեն ինչ պատմեցի հայր Ալեքսանդրին: Ուշադիր լսելուց հետո նա ասաց.
- Մեծ ողորմություն են արել քեզ Տերը և Տիրամայրը: Շնորհակալ պիտի լինես, իսկ չարագործին Տերը թող այցելի:
Անցավ մեկ տարի: Տանը նստած պարապում եմ: Լուսամուտները բաց են, շո՛գ է, նույնիսկ տոթ: Լսվեց դռան զանգը, մայրս բացեց, ու ես լսում եմ,
- Համեցե՛ք ներս, նա տանն է, - միջանցքից ձայն է տալիս ինձ, - Մարիա, քեզ են հարցնում:
Դուռը բացվեց ու ես քարացա: Նա՛ էր. անտառի տղան: Եթե մի քանի րոպե առաջ ինձ հարցնեին, որ նկարագրեի նրան, չէի կարողանա, քանի որ մթնով էի տեսել, բայց միանգամից ճանաչեցի մինչև տուն ուղեկցած այդ տղային:
Փայտացած կանգնել եմ. իսկ նա ներս մտավ, չգիտես ինչո՞ւ նախ ուսումնասիրեց սենյակը, ապա իմ վրա ուշադրություն չդարձնելով, մղվեց դեպի սենյակի այն անկյունը, որտեղ դրված էր Վլադիմիրյան Տիրամոր սրբապատկերը: Մոտեցավ, ուշադիր նայե՜ց, նայե՜ց ու ասաց.
- Նա՛ էր, հենց այս Կինը, այնտե՛ղ, անտառում կանգնած:
Մի որոշ ժամանակ լուռ սրբապատկերին նայելուց հետո, մոտեցավ ինձ ու ցածրաձայն ասաց.
- Մի՛ վախեցեք ինձանից, ես եկել եմ ներողություն խնդրելու: Ներեցե՜ք ինձ, ես ձեր հանդեպ ահավոր վատ բան եմ արել, բայց շատ եմ խնդրում ներեցե՜ք ինձ:
Իսկ ես շփոթված ու դեռ քարացած կանգնել եմ:
Նա նորից, բայց ավելի ցածրաձայն, շշնջալով կրկնեց.
- Ներեցե՜ք ինձ խնդրում եմ, - ապա շրջվեց ու դուրս եկավ:
Այդ հանդիպումը անհանգստացնող տպավորություն թողեց: Ինչո՞ւ էր եկել: Ի՞նչ էր ուզում այդ հանցագործը: Միտք ծագեց դիմել միլիցիա, որպեսզի նրան ձերբակալեն երբ նորից գա, բայց դրա փոխարեն ծնկեցի Տիրամոր սրբապատկերի առաջ ու սկսեցի աղոթել:
Մտքիցս չէր հեռանում այն պատկերը, երբ նա մոտեցավ Տիրամոր սրբապատկերին և ասաց. «Նա՛ էր...»:
Մտածում էի, ինչո՞ւ է այդպիսի հանցագործը ներեղություն խնդրում, դա նրա ինչի՞ն էր պետք:
Շուտով սկսվեց համաշխարհային պատերազմը։ Արդեն քառասուներեք թվականն էր: Ահավոր սով էր: Աշխատում էի հոսպիտալում, որպես բուժքույր, միաժամանակ սովորելով բժշկական ինստիտուտում: Քույրս սովորում էր յոթերորդ դասարանում, իսկ մայրս տկարությունից հազիվ էր քայլում:
Կյանքը շատ դժվար էր, բայց ես այնուամենայնիվ հասցնում էի երբեմն գնալ եկեղեցի: Մոսկվայի, Կովկասի և Ստալինգրադի ճակատամարտերն արդեն անցյալում էին: Ընթանում էր քառասուներեքի գարունը։ Այդ օրերին ես հերթապահում էի ամեն օր: Մի օր էլ, երբ հոգնած եկա տուն, ոչինչ չկար ուտելու, քույրս պառկած էր, մայրս նույնպես: Սովից տկարացել էին երկուսն էլ:
Ես հանվեցի, վառարանը վառեցի, ձեռքերս ցավից տնքում էին: Փորձեցի աղոթել ու մտովի կարդացի Տիրամոր աղոթքը: Այդ պահին դուռը թակեցին, բացեցի, մի լեյտենանտ էր կանգնած ձեռնափայտը ձեռքին, ուսապարկը ուսին:
- Ես ձեզ մոտ եմ եկել:
- Իսկ դուք ո՞վ եք, - հարցրեցի ես:
Իսկ նա առանց պատասխանելու ներս մտավ, ապա ասաց:
- Ես Անդրե՛յն եմ, այն տղան:
Ու նոր միայն ճանաչեցի, քանի որ կարծես ծերացած լիներ։ Առանց թույլտվության նստեց աթոռին, ուսապարկը բացեց ու ինչ-որ բաներ հանեց այնտեղից: Սեղանին հայտնվեցին մսի պահածոներ, խտացրած կաթ, խոզի ճարպ, շաքար, հաց: Հետո ուսապարկը փակեց ու ասաց.
- Ծանր վիրավորվեցի։ Երեք ամսից ավելի պառկեցի հոսպիտալում, մտածում էի չեմ ապրի, դեռ ոտքս լրիվ չի բուժվել: Վիրավորվելուց հետո ձեզ հիշեցի և Տիրամորը աղոթեցի, ինչպես դուք այն ժամանակ: Բժիշկները հույս չէին տալիս, բայց փրկվեցի Իր օգնությամբ: Այս մթերքը եղբայրս է բերել, նա Մոսկվայի մերձակա գյուղերից մեկի կոլտնտեսության նախագահն է:
Ապա վեր կացավ, նորից մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, խաչակնքվեց մի քանի անգամ խոնարհվելով։ Ապա շրջվելով դեպի ինձ, ինչպես նախորդ անգամ, ասաց.
- Ներեցե՜ք ինձ Աստծու սիրույն, խնդրում եմ ձեզ, անցյալի այդ հիշողությունները կրծում են հոգիս, անտանելի է:
Ես նայեցի նրան, նրա բերած մթերքին, հանկարծ հիստերիկ տոնով բղավեցի.
- Վերցրե՛ք այս ամենը և դուրս եկե՛ք մեր տանից, - ու անկախ ինձանից լաց եղա բարձրաձայն:
Կանգնած ողբում էի։ Մայրս ու քույրս զարմացած նայում էին և չէին հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Անդրեյը նայեց ինձ ու ասաց.
- Իհարկե ետ չեմ վերցնի, - ապա չգիտես ինչու մոտեցավ վառարանին, խառնեց կրակը, մի քանի փայտ ավելացրեց, կանգնեց մի հինգ րոպե և խոնարհվելով բոլորիս, դուրս եկավ:
- Մաշա, ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ է կատարվում, - հարցրեց մայրս:
Ես վերջապես ամեն ինչ պատմեցի նրան. նա լսեց ու ասաց.
- Չգիտեմ ինչպես այդ ժամանակ դու փրկվեցիր, բայց նա լավ մարդ է երևում, աղոթի՛ր նրա համար:
Այդ տարի Աստված Անդրեյի օգնությամբ փրկեց մեր ընտանիքը: Երկու շաբաթ նա չեկավ, հետո իմ բացակայության ժամանակ հինգ անգամ եկել էր, և ամեն անգամ մթերքով լի պարկով, ու ժամերով զրուցել մորս հետ: Վեցերորդ անգամ եկավ երեկոյան, երբ ես տանն էի: Եկավ, բարևեց, մոտեցավ ինձ, նորից ասաց,
- Ներեցե՜ք ինձ, խնդրում եմ:
Ես այդ անգամ մտերմորեն խոսեցի հետը։ Նա էլ պատմեց իր մասին, թե ինչպես անտառում տեսավ ինձ և ինչու հարձակվեցին վրաս, ամեն ինչ պատմեց: Անտառում, երբ ցանկացել էր ինձ բռնաբարել, այդ ժամանակ իմ գլխավերևում տեսել էր մի Կնոջ, ով տիրաբար մատի շարժումով իրեն հրամայել է բաց թողնել ինձ: Երկրորդ անգամ, երբ ինձ գետին էր գցել, նույնը կրկնվել էր: Վախեցել էր, և որոշել էր ինձ բաց թողնել, բայց տեսել էր, որ խելքս գլուխս չի, որոշել էր մինչև տուն ճանապարհել ապահովության համար:
- Դրանից հետո անընդհատ հոգեկան խռովքի մեջ էի. խիղճս տանջում էր: Մտածում էի, ո՞վ էր այդ Կինը, և ինչո՞ւ ինձ սաստեց: Որոշեցի գալ ձեզ մոտ, ներողություն խնդրել և հարցնել Նրա մասին: Այլևս չէի դիմանում: Շատ դժվար էր, ամոթալի ու դժվար, բայց եկա: Երբ մտա ձեր սենյակ ու տեսա պատից կախված Տիրամոր սրբապատկերը, միանգամից հասկացա թե ով էր այդ Կինը: Հեռանալով ձեր տանից, սկսեցի հետաքրքրվել Իր մասին: Շատ բան իմացա, սկսեցի հավատալ Աստծուն, հասկացա, որ մեծ մեղք եմ գործել ձեր հանդեպ, որ անհնարին է քավել, մինչև չներեք:
Երկար խոսեց Անդրեյը:
Մայրս, ով խորը հավատքով ու անկեղծ հոգու տեր կին էր, մի օր ասաց,
- Մարիա՜, այն ժամանակ Տերն Իր մեծ ողորմությունը ոչ թե քեզ է արել, այլ նրան՝ Անդրեյին: Այո՛, քեզ համար շատ ծանր է եղել, դու հավատում ես, որ քո աղոթքով Տիրամայրը քեզ փրկել է և դա այդպես է: Բայց ավելի մեծ ողորմություն է եղել Անդրեյի համար: Տերը գիտի մարդկանց սրտերը, այդպիսի հայտնություն քչերին է տրվում: Տիրամայրը երբեք չի թողնի նրան, իսկ դու էլ պետք է ներես Անդրեյին: Այդքան այցելություններից հետո Անդրեյը մտերմացել էր մերոնց հետ, բայց ես մինչ մեր վերջին խոսակցությունը արգահատանքով էի վերաբերվում նրան, իսկ նրա բերած մթերքից աշխատում էի չուտել: Բայց վերջին խոսակցությունից հետո, ես շատ բան հասկացա, որ ամեն ինչում Աստծու կամքը կա: Մի օր էլ, երբ նա այցելեց մեզ, ասացի.
- Անդրե՛յ, դուք փոխվել եք, ուրիշ մարդ եք դարձել: Ներեցե՛ք ինձ, որ երկար ժամանակ ատելությամբ էի լցված ձեր հանդեպ, - ու հաշտության համար ձեռքս մեկնեցի նրան:
Եկավ հրաժեշտի օրը։ Անդրեյը լրիվ վերականգնվել էր ու արդեն ռազմաճակատ պիտի մեկներ: Մայրս իր վզից հանեց Տիրամոր նկարով մի մեդալյոն՝ վրան գրված. «Փրկի՜ր և պահպանի՛ր» ու կախեց Անդրեյի վզին: Ռուսական ավանդույթի համաձայն խաչակնքեց և երեք անգամ ողջագուրվեց հետը: Կատյան էլ թռավ ու փաթաթվեց Անդրեյին: Հետո նա մոտեցավ ինձ, խոնարհվեց և ինչպես միշտ ասաց,
- Ներեցե՛ք ինձ հանուն Աստծու, և հանուն սուրբ Տիրամոր. աղոթե՛ք ինձ համար. մեկնում եմ ռազմաճակատ:
Այնուհետև մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, մի քանի անգամ խոնարհվեց խաչակնքվելով, ապա շրջվեց ու գնաց: Նրա հետևից մայրս ու Կատյան լաց եղան, իսկ ես նայեցի լուսամուտից, տեսա թե ինչպես նա դուրս եկավ մուտքից, շրջվեց, էլի մի քանի անգամ խաչակնքվեց ու հեռացավ:
Այլևս երբեք նրան չտեսա: Միայն 1952 թվին, երբ արդեն ամուսնացած էի, մայրս ինձ ուղղված մի նամակ տվեց: Կարճ նամակ էր, առանց հետադարձ հասցեի:
«Շնորհակալ եմ բոլորիցդ: Գիտեմ, որ ձեր համար սարսափելի էի, բայց դուք ինձ չվանեցիք: Կյանքիս դժվարին օրերին օգնական եղաք ինձ, ներելով մեղավորիս: Տիրամայրն Իր մայրական ջերմությամբ ողորմություն արեց ինձ և ձեզ: Նա ինձ հավատք տվեց ու պահպանեց ամբողջ պատերազմի ընթացքում: Թող Տերը և Տիրամայրը ձեզ հետ լինեն: Հիմա վերջապես ապրում եմ, որպես քրիստոնյա. Անդրեյ»:
Հետագայում նրա մասին պատմեցի հայր Արսենին.
- Մեծ ողորմություն է եղել այդ մարդուն, և նա այդ արդարացրել է: Տերը պահպանել է նրան մեծ ու բարի գործերի համար: Աստված թող իրեն օգնական լինի։
ՀԱՅՐ ՄԱԹՎԵՅԸ
Հայր Արսենի վիճակը փոքր ինչ վատացել էր և ստիպված անկողին էր ընկել: Այդ ժամանակ միանգամայն անսպասելի մեզ այցելեց մոտ հիսունհինգ տարեկան մի մարդ: Տեսնելով նրան, հայր Արսենը անտեսելով մեր հորդորները, ուրախացած ու աշխուժացած ոտքի ելավ և դիմավորեց հյուրին: Նադեժդա Պետրովնան գնաց խոհանոց, զբաղվելով ընթրիք պատրաստությամբ, իսկ հայր Արսենը հյուրի հետ փակվեցին կողքի սենյակում մինչև առավոտ, այնպես որ անկողին պատրաստելու կարիք էլ չեղավ:
Առավոտյան հայր Արսենն ու հայր Մաթվեյը, - այդպես էր հյուրի անունը, - ժամերգության կարգը կատարեցին, հետո նորից անցան սենյակ, նորից շարունակելով իրենց զրույցը: Այնպես էին տարվել, որ շատ դժվարությամբ համոզեցինք նրանց, որ գոնե մի փոքր բան ուտեն:
Երեկոյան ընթրիքին հայր Արսենն իրեն լավ էր զգում։ Սիրագորով հայացքով նայում էր հայր Մաթվեյին, իսկ նա հանգիստ նստել էր սեղանի շուրջը, ուշադրությամբ լսում էր բոլորին, իսկ երբ իրեն հարց էին տալիս, սիրահոժար պատասխանում էր: Հայր Մաթվեյը մեզ մոտ մնաց վեց օր: Ու միայն չորրորդ օրը պատմեց իր մասին: Նրա պատմությունը ցնցեց ինձ, և ես թույլտվություն վերցրի, որպեսզի գրի առնեմ. և ահա այն:
«1941 թ. ապրիլին ինձ անսպասելի տարան բանակ: Ես քսանութ տարեկան էի, իսկ Լյուդմիլան քսանհինգ: Մեր ամուսնությունը մեծ ու բուռն սիրո հետևանք էր: Մեր կյանքն առանց մեկս մյուսի չէինք պատկերացնում: Սկզբնական շրջանում բանակային կյանքին չէի հարմարվում, տեղս չէի գտնում: Մշտական նամակագրական կապի մեջ էինք կնոջս հետ: Լյուդմիլան ինձ համար ամեն ինչ էր, գուցե չհավատաք, բայց ես նրան ավելի շատ էի սիրում քան թե մեր որդիներին: Նա միշտ շատ բարի, ճշմարտասեր, հասնող, հզոր կամքի տեր անձնավորություն էր: Նա էլ ինձ էր սիրում, իսկ մեր սերը ոչ թե ֆիզիկական կրքի վրա էր հիմնված, այլ ավելի շատ հոգևոր կապվածություն և մտերմություն էր:
Մասնագիտությաբ ես ֆիզիկոս եմ, իսկ նա ավարտել էր մանկավարժական տեխնիկումը և աշխատում էր դպրոցում, որպես ցածր դասարանների ուսուցչուհի:
Պատերազմը, ինչպես և բոլոր աղետները, անսպասելի է գալիս: Առաջին իսկ օրերից ես մասնակցեցի ծանր մարտերի, նահանջեցինք, շրջապատման մեջ ընկա, դուրս եկա, կռվեցի: Հաճախ էի նամակ գրում, բայց հետո իմացա, որ ոչ մի նամակ էլ տեղ չի հասել, ու բնականաբար ես էլ չէի ստանում: Մի քանի անգամ վիրավորվեցի, տարբեր հոսպիտալներում բուժվեցի՝ Ուրալում, Սիբիրում: Նամակ ստացա Լյուդայից, հետո, երբ մեկնեցի ռազմաճակատ, կապը նորից խզվեց: 1945 թ. ծանր վիրավորվեցի, վերականգնվելուց հետո մայիսի յոթին հայտնվեցի Պրագայում, այնտեղ էլ ավարտեցի պատերազմը:
Հաղթանակից վեց օր հետո ինձ ձերբակալեցին իբր թշնամական ագիտացիայի համար։ Դատապարտեցին մահապատժի, հետո փոխարինեցին տասներկու տարվա բանտարկության: Մատնել էր մեր ավագը: Չկարողացա ապացուցել իմ անմեղությունը, այսինքն ոչ ոք ինձ չէր էլ լսում, ավելի շատ ավագին էին հավատում: Հետո իմացա, որ նա շատերին էր մատնել. այդպիսի չարահոգի մարդ էր անխիղճը:
Դեգերեցի մի քանի ճամբարներում մինչև 1957 թվականը:
Ճամբարներից մեկում հանդիպեցի հայր Արսենին, կապվեցի, մտերմացանք, շատ սիրեցի, նրա միջոցով ճանաչեցի Աստծուն: Հետագայում շատ բան սովորեցի նրանից:
Ձերբակալությանս մասին ես Լյուդային հայտնել չկարողացա, մտածեցի, որ ընկերներից, կամ օրգաններից կարող էր իմանալ: Վերջին տարիներին Սիբիրյան ճամբարներից մեկում էի, որտեղից էլ «մաքուրով» ազատվեցի 1957 թվին:
Ստիպված երեք ամիս աշխատեցի Նորիլսկում, այնտեղից նամակ գրեցի Մոսկվա, ընտանիքիս էի փնտրում, բայց ապարդյուն, ոչ մի տեղեկություն չունեի:
Հետո ծանոթների միջոցով իմացա, որ Լյուդմիլան տարհանվել է Կոստրոմա ու այնտեղ էլ հաստատվել: Շտապեցի, որքան կարելի է շուտ հասնել այնտեղ: Մեկնեցի գնացքով, երեկո էր, երբ հասա Կոստրոմա, մի կերպ գտա փողոցը, հետո տունը, բախեցի դուռը. մի տղամարդ բաց արեց: Նայեց ինձ մի տեսակ վախվորած, հետ-հետ գնաց, ապա ասաց.
- Անցե՛ք ներս, - ներս մտա, - Լյուդա՜ մենք հյուր ունենք, - կանչեց նա:
Լյուդան եկավ, ինձ որ տեսավ, ճչաց ու թռավ գիրկս, վզովս էր ընկել, համբուրո՜ւմ էր ու համբուրո՜ւմ:
- Սաշա՜, Սաշա՜, որտե՞ղ էիր դու այսքան ժամանակ, - ու լաց էր լինում անընդհատ:
Ես էլ ինքնամոռացման մեջ ընկնելով, գրկել եմ նրան, այտերն եմ համբուրում, արցունքներս հորդում են, զգում եմ, թե ոնց է բաբախում նրա սիրտը: Չգիտեմ, ինչքա՞ն ժամանակ շարունակվեց այս ամենը, բայց երբ մի քիչ հանդարտվեցինք, հանկարծ աչքս ընկավ դուռը բացող տղամարդուն, նրա դեմքին տեսա աննկարագրելի վիշտ ու տառապանք:
- Լյուդա՛, ո՞վ է այս տղամարդը:
Լյուդան դուրս պրծավ գրկիցս, նայեց երկուսիս ու կերկերուն ձայնով ասաց. «Ամուսի՜նս է»:
Այստեղ ես վերջնականապես հասկացա, որ իմ գնացքը գնացել է: Հուսահատությունն ու անօգնականությունը պարուրեց ինձ: Գլուխս բռնած հարցրեցի. «Իսկ ես ո՞վ եմ»։
Երկուսն էլ լուռ էին: Գլուխս ձեռքերիս մեջ առած հեկեկում եմ ու մարմնովս մեկ դողում: Երկար տարիների տառապանքներից հետո այսպիսի անակնկա՞լ. չէ՛, ես սրան չե՛մ դիմանա: Կարծես ինքնամոռացման մեջ եմ։ Զգում եմ, որ ինչ-որ մեկը բռնեց ուսերիցս և հարցնում է.
- Հանգստացե՜ք, հանգստացե՜ք խնդրում եմ, պատմե՜ք, թե ի՞նչ էր պատահել ձեզ այսքան տարիների ընթացքում:
Գլուխս բարձրացրի, իմ Լյուդմիլայի ամուսինն էր: Նստեց դիմացս, Լյուդան կանգնած էր: Նայում եմ նրան և շատ դժվարությամբ մտաբերում գլխովս անցածը: Միտքս մշուշոտ է, աչքիս առաջ է գալիս անցյալի ողջ դաժանությունը, չարությունը, բայց ես միա՜յն և միա՜յն Լյուդային եմ տեսնում, առաջվա պես գեղեցիկ, անսահման հարազատ իմ կնոջը, իսկ այժմ նա արդեն ուրիշի կինն է: Ում մասին միշտ մտածել եմ տառապանքի այս երկար ու ձիգ տարիներին, ում համար կյանքս իմաստավորվել է, որից ուժ եմ ստացել, որ կարողանամ ապրել, հիմա գտա նրան, բայց և իսկույն կորցրեցի:
Բորիսը՝ նրա նոր ամուսինը նույնպես շփոթված վիճակում էր գտնվում։
- Պատմե՛ք, պատմե՛ք, խնդրում եմ ձեր մասին:
Սկսեցի պատմել, ամեն ինչի մասին պատմեցի, շատ երկար խոսեցի, բայց երբ վերջացրի, ակնթարթորեն հիշեցի Աստծուն և հոգուս խորքից գոչեցի. «Տեր ողորմի՜ր, Դու ես բոլորի դատավորը և սրտերը քննողը»։
Լսելով իմ պատմությունը, Լյուդան ասաց.
- Ների՜ր ինձ Սաշա, ես քո առջև մեղավոր եմ, քեզանից նամակներ չէի ստանում։ Դիմեցի զինկոմիսարիատ, շատ սպասեցի, բայց միայն մի պատասխան ստացա. «Անհայտ կորած է»: Երեք տարի սպասեցի, ամեն օր նորությունների էի սպասում, ու արդեն մտածեցի որ սպանված ես: Վերջին նամակդ Պրագայից էր։ Միայն քո մասին էի մտածում, բայց ոնց որ հիմա տեսնում ես, հանդիպեցի Բորիսին, կամաց-կամաց ընտելացա նրան, սիրեցի, հետո ամուսնացանք: Մեր երկու տղաներին ավելացավ մի աղջիկ, ում Բորիսի հետ համատեղ ունեցանք՝ Նինան, նա հիմա արդեն յոթը տարեկան է: Ների՛ր ինձ, միայն ես եմ մեղավոր, Բորիսին մի՛ մեղադրիր, - ասում էր Լյուդան, փորձելով արդարանալ, ու լաց էր լինում։
Ի՞նչ անել, ի՞նչ անել, չգիտեմ, ելք չեմ տեսնում, նրանք էլ չգիտեին: Աչքս ընկավ պատին կախված իմ մինչ պատերազմյան նկարները։ Երբ այդ տեսա, ամբողջ կատարվածը լրիվ ուրիշ տեսանկյունից լուսավորվեց: Սիրտս բերկրությամբ լցվեց. չէ՜, նա ինձ չի մոռացել, իսկապես ոչ ոք մեղավոր չէ, այլ միայն անիծյալ պատերազմը, բայց ի՞նչ անել այս ամենից հետո: Ճնշող լռություն տիրեց, դաժան, սրտամաշ լռություն:
- Երեխաները որտե՞ղ են. - հարցրեցի ես:
- Երեքն էլ գնացել են տատիկի տուն, այնտեղ էլ գիշերելու են այսօր:
Նայում եմ կնոջս ու մտածում, եթե ես առաջարկեմ նրան, համոզված եմ, որ նա կթողնի Բորիսին և երեք երեխաների հետ կվերադառնա ինձ մոտ, իսկ ես կմոռանամ նրա երկրորդ ամուսնությունը և կսիրեմ նրան առաջվա պես: Բայց երեխաների հետ ի՞նչ անեմ, չէ՞ որ նրանք այս ութ տարիների ընթացքում արդեն ընտելացել ու սիրել են նոր հայրիկին, աղջիկն էլ իր հարազատն է: Ինձ ինչպե՞ս կվերաբերվեն նրանք, կսիրե՞ն ինձ, արդյո՞ք կմոռանան Բորիսին: Այս պարագայում ես արդեն կայացած, միմյանց սիրող ընտանիք կքանդեմ, և ինչի՞ համար ես պիտի ներեմ Լյուդային, ինչո՞վ է նա մեղավոր իմ առջև: Նա ապացուցել է իր կանացի հավատարմությունը: Ոչ ոք մեղավոր չէ՛, մեղավորը միա՛յն և միա՛յն դաժան, ճակատագրեր խեղող ու մահաբեր պատերազմն է: Չգիտեմ ինչո՞ւ վեր կացա և մտա մյուս սենյակ:
Երեխաների սենյակն էր, երեք մահճակալ էր դրված, փոքրիկ մահճակալի գլխավերևում սրբապատկեր էր կախված: Շատ զարմացա, որ նախկինում անհավատ Լյուդմիլայի տանը սրբապատկեր է հայտնվել, բայց միևնույն ժամանակ հոգիս ջերմացավ ու շատ ուրախացա:
Այն անձնավորությունը՝ հայր Արսենը, ում միջոցով ես ճամբարում ճանաչեցի Աստծուն, միշտ կրկնում էր, որ Տիրոջը մոտենալու ճանապարհներն են՝ աշխարհն ու սեփական անձը ուրանալը, բարեգործությունը, մերձավորին սիրելը և օգնելը: Միակ ճիշտ ելքը հիմա այն կլինի, որ հեռանամ Լյուդմիլայի և Բորիսի երեխաների կյանքից. ընդմիշտ հեռանամ:
Լյուդան ու Բորիսը սարսափելի ընկճված, շփոթված, անելիքը չիմացող վիճակում նստած էին: Ես մոտեցա նրանց ու կարծես լուծում գտած, հանդարտված հոգով ասացի.
- Ես հեռանում եմ, դա անհրաժեշտ է և արդարացի կլինի բոլորիս համար: Դուք ընտանիք եք, իսկ ես կորսված անցյալ: Դուք սիրում եք միմյանց, երեխաներ ունեք, իսկ ես ոչինչ, այստեղ զոհաբերվող չկա, ամեն ինչ Տիրոջ կամքով է:
Վեր կացա, սկսեցի հագնել վերարկուս։ Բորիսը տագնապով ինձ էր նայում, Լյուդան նորից թռավ գիրկս, ջերմ գրկեց, համբուրելով ասաց. «Մի՜ գնա», բայց ձայնն անվստահ էր: Բորիսը մոտեցավ բռնեց ձեռքս ու ասաց. «Դժվար է նրա համար, մտահոգվում է մեր երկուսիս և երեխաների համար»:
Վերջապես դուրս եկա: Լյուդայի և երեխաների հետ հանդիպումը չստացվեց: Մնաց միայն անցյալը: Ես նորից մենակ էի, կորցրեցի իմ սիրելիներին, այն էլ անդառնալիորեն:
Մտամոլոր քայլում էի Կոստրոմայի փողոցներով, աչքիս առաջ Լյուդան էր, բայց ըստ իս միակ ճիշտ որոշումը սա՛ էր: Մոտ վեց ամիս հիվանդ պառկեցի, աշխարհում μարի մարդիկ շատ կան, օգնեցին, μայց հատկապես այդ ժամանակ սկսեցի ավելի շատ հաճախել եկեղեցի և դա ինձ օգնեց, որպեսզի զերծ մնամ շատ սխալ որոշումներից ու արարքներից:
Ֆիզիկոսի մասնագիտությամբ ընդունվեցի մի ինստիտուտ և Աստծու կամքով բավականին լավ արդյունքների հասա: Մի քանի հայտնագործություններ արեցի։ Տպագրվեցի ամսագրերում, հետո ուրիշ աշխատություններ, կյանքի բարելավում, ապահովվածություն, բայց չէի կարողանում մոռանալ Լյուդային ու երեխաներին:
Քաղաքում, որտեղ ապրում էի մի փոքրիկ եկեղեցի կար, որը հրաշքով պահպանվել էր, որովհետև բազում եկեղեցիներ կամ փակվել էին, կամ էլ քանդվել: Այն դարձավ իմ հոգևոր ապաստարանը, հոգուս հանգստի և սփոփման վայրը: Եկեղեցում ես մտերմացա խորը հավատքի տեր մի բժշկի հետ, ով մեծ ազդեցություն ունեցավ իմ հետագա կյանքի վրա: Նրա տունը այն քիչ տներից էր, որտեղ կարող էի հոգևոր հանգստություն գտնել և Աստծու գիտությունը սովորել: Լյուդմիլայի ընտանիքին չէի հետևում, դա ո՛չ իրեն էր պետք, ո՛չ ինձ: Բայց մի անգամ գրեցի Բորիսին և խնդրեցի ընդունել ինձնից օգնություն և ուղարկեցի վերջին տարիներին հավաքած իմ ամբողջ խնայողությունը: Բայց դժվար էր, ոչ մի կերպ չէի կարողանում մոռանալ Լյուդային ու մեր երեխաներին:
Չորս տարի անց անսպասելի իմացա, որ հայր Արսենը ողջ է: Սկսեցի նամակներ գրել, հետո հանդիպեցինք, ու նա դարձավ իմ խոստովանահայրը: Հետո ընդունեցի կուսակրոն քահանայություն, ու կարգվեցի որպես աբեղա: Վաղուց էի ուզում, պատրաստվում էի, բայց հայր Արսենը երկար ժամանակ չէր թույլատրում, միայն տարի ու կես առաջ օրհնեց ծառայության անցնելու համար:
Ի զարմանս կոլեգաներիս, ես թողեցի ֆիզիկան և գնացի ծառայելու եկեղեցում: Այժմ ապրում եմ արդյունաբերական մի քաղաքում, եկեղեցին շատ մեծ չէ, բայց հավատացյալները բավականին շատ են;
Կյանքը հանդարտվել էր, կարծես հաշտվել էի անցյալի կորուստներիս հետ, բայց կես տարի առաջ մի ցնցող և անհանգստացնող դիպված պատահեց:
Ժամերգությունից հետո եկա տուն: Տանտիրուհին ասաց որ մի տարեց տղամարդ էր եկել, չէր ներկայացել, բայց ասել էր, մի քանի ժամից նորից կգա: Առանձնապես ուշադրություն չդարձրեցի: Որոշ ժամանակ անց դուռը թակեցին: Ներս մտավ տեսքից մոտ հիսունն անց մի մարդ, դեղնավուն դեմքով, հյուծված տեսքով, բայց աչքերից զարմանալիորեն հստակություն ու բարություն էր ճառագում: Բարևեց, ներկայացավ անուն հայրանունով: Նայում եմ նրան, զգում եմ, որ հաստատ ճանաչում եմ այս մարդուն, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ո՞վ է:
- Չճանաչեցի՞ք. - հարցրեց նա:
Այդ խոսքերից հետո հանկարծ հիշեցի, Լյուդայի ամուսնուն ՝ Բորիսին:
Առանց որևէ նախաբանի նա սկսեց պատմել.
- Եկել եմ ձեզ պատմեմ երեխաների մասին, այսպես ասած հաշվետվություն տալ ձեզ: Ես քաղցկեղով հիվանդ եմ, երկու վիրահատություն եմ տարել, այժմ քիմիաթերապիա եմ անցնում ու ամբողջովին դեղնել եմ: Լավագույն դեպքում ինձ մնացել է երկու ամիս: Սա որպես սկիզբ ընդունեք: Շատ շնորհակալություն օգնությունների համար, Լյուդային չեմ ասել, բայց նա ամեն ինչ հասկանում էր, ձեզ լավ է ճանաչում:
Ձեր որդիներն արդեն իրենք զավակներ ունեն, երկուսն էլ ինստիտուտ են ավարտել, ինժեներներ են, մեր դուստրը երկրորդ կուրսում է սովորում: Աստված ողորմած է, հավատքով ու աստվածավախ երեխաներ ենք դաստիարակել: Լյուդմիլան առաջ չէր հավատում Աստծուն, բայց ձեր հեռանալուց հետո շատ բան փոխվեց նրա մեջ:
Անկեղծ ասած միշտ հետաքրքրվել եմ ձեզանով, որովհետև դա իմ պարտքն էի համարում, որովհետև մեր ճակատագրերը կամա թե ակամա խաչաձևել են: Հասկանում եմ, որ ձեր համար շատ դժվար է եղել Լյուդայի հետ բաժանումը, բայց մեր հետագա կյանքի վրա էլ այն խորը հետք է թողել: Լյուդան միշտ սիրել ու հիմա էլ սիրում է ձեզ, թեև առայժմ չգիտի ձեր գտնվելու վայրը: Ձեր հեռանալն ավելի մոտեցրեց նրան ձեզ: Ձեր ինքնազոհաբերմամբ դուք ընդգծեցիք ձեր մեծ սերն Աստծո և իր հանդեպ:
Իսկ նրա սերը ձեր հանդեպ մտահոգում էր ինձ, բայց սխալ կլինեմ, եթե ասեմ, որ նա ինձ չէր սիրում: Երբե՛ք սառը վերաբերմունք ցույց չի տվել, միշտ եղել է հոգատար, ընտանիքին նվիրված մայր, թեև ես զգում էի, որ մտքով միշտ ձեր հետ է. - և սկսեց մանրամասն պատմել երեխաների մասին, - իսկ վերջում ավելացրեց. - իմ ժամանակը լրացել է, հաշված օրեր են ինձ մնացել, ձեր եկեղեցում հավանաբար երկրորդ հոգևորական կա, խնդրեցեք նրան, որ ինձանից խոստովանություն ընդունի, օգնե՜ք ինձ այդ հարցում, խնդրո՜ւմ եմ:
Աստված իմ, ի՞նչ դժվար է եղել այս մարդու կյանքը իմ հայտնվելուց հետո, բայց այնուամենայնիվ նա կարողացել է դաստիարակել և հավատքով մարդիկ մեծացնել երեխաներին: Նա իմ մոտ մնաց երեք օր:
Հայր Անդրեյը ընդունեց նրա խոստովանությունը, հետո սուրբ Հաղորդություն տվեց: Դրանից հետո որոշ ժամանակ անց նա ինձ ասաց.
- Լավ մարդու հանդիպեցրիր ինձ, ընտիր մարդ էր ձեր ծանոթը, հազվագյուտ հոգի:
Հայր Մաթվեյն իր պատմությունը պատմելիս ներկա էր նաև հայր Արսենը, նա ուշադրությամբ լսեց, թեպետ ես գիտեի, որ հայր Մաթվեյը վաղուց էր դա պատմել նրան: Մի քանի օր մնալուց հետո նա գնաց և մենք այլևս չհանդիպեցինք: Չորս ամիս անց հայր Արսենն ասաց.
- Հիշո՞ւմ եք հայր Մաթվեյին, նրանից նամակ եմ ստացել: Նրա կյանքը շատ բարդ ու դժվար է ընթացել, բայց Աստծո օգնությամբ նա կարողացել է գտնել ճշմարիտ ճանապարհը:
Հայր Մաթվեյի պատմությունն իմ վրա շատ խորը տպավորություն թողեց, և չեմ մոռանա իմ ողջ կյանքում: Նման մարդիկ կարծես մի-մի լուսատու հոգիներ լինեն այս աշխարհի խամրած իրականության մեջ։
ՀԱՅՐ ՊԼԱՏՈՆ ՍԿՈՐԻՆՈ
Սուրբ հայրերի գրվածքներից մեկում կարդացել եմ, որ Աստված յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս հետադարձ հայացք գցել իր անցած կյանքին, գնահատելու, մտորելու և ճշտելու իր հարաբերությունները Աստծո հետ: Եվ կյանքում մշտապես լինում են դիպվածներ, որոնք հնարավորություն են տալիս մարդուն մերձենալ և ճանաչել իր Աստծուն: Իմ կյանքում պատահել են նմանատիպ դեպքեր, երբ կանգնել եմ երկընտրանքի առաջ թե ո՞ւր գնալ և ի՞նչ անել: Ինձ թվում է, որ ես իմ կյանքում երկու անգամ մերժեցի Ճշմարտության կողմից ինձ պարզված ձեռքը, բայց Տերն ինձ ողորմեց և առաջնորդեց դեպի փրկություն: Դրա շնորհիվ էլ ես քրիստոնյա դարձա, իսկ հետագայում՝ հոգևորական: Այդ ճանապարհին ես հանդիպեցի և ծանոթացա հրաշալի մարդկանց, Աստծու ճշմարիտ օգնականների հետ, շատ բան սովորեցի նրանցից, հետևելով իրենց քրիստոնեավայել կյանքի ընթացքին ու վարքին:
Այսպես սկսեց իր պատմությունը հայր Պլատոնը, ժամանակ առ ժամանակ լռելով ու մտորելով, հետո շարունակեց:
Ծնվել եմ Լենինգրադում, մեծացել մանկատանը, յոթնամյակը ավարտելուց հետո գնացի աշխատելու զինվորական գործարանում, որպես փականագործ, դրա համար էլ ինձ բանակ չզորակոչեցին: Չհասցրեցի անցնել կուսակցության շարքերը, բայց միշտ ակտիվ էի, դպրոցում, պիոներական ու կոմերիտմիության շարքերում: Ինչ մեղքս թաքցնեմ, աղջիկների հետևից էլ եմ շատ թրև եկել: Այն ժամանակ մոդայիկ էր զբաղվել հակակրոնական ագիտացիայով, իսկ ես դրանից էլ զերծ չեմ մնացել ու ծաղրել եմ հոգևորականներին:
Քառասունմեկ թվականին քսաներեք տարեկան էի, երբ սկսվեց պատերազմը, ու ես միանգամից կամավոր մեկնեցի ճակատ: Որպես ուժեղ, առողջ տղամարդ ինձ ուղարկեցին հետախուզություն: Մի տարի կռվեցի բարեհաջող, առանց վիրավորումներ ստանալու, այն ժամանակ մտածում էի, որ ես հաջողակ եմ: Սպանվեց մեր հրամանատարը, նշանակեցին մեկ ուրիշին: Ինտելիգենտ մարդ էր, կիրթ, խոսքի մեջ ոչ մի հայհոյանք, առաջադրանքը հանձնարարում էր հստակ, ըմբռնելի բայց և խստությամբ էր պահանջում: Բայց մեզ՝ վառոդի հոտ քաշած զինվորներիս վրա նա առանձնապես մեծ տպավորություն չգործեց, մտածում էինք թե ինչպես իրեն կդրսևորի հետախուզության մեջ: Բայց նա բոլորիս ապշեցրեց հենց առաջին հանձնարարության ժամանակ: Լավ զինվորի համար ասում են ոչ թե կռվեց, այլ աշխատեց: Մեր լեյտենանտը աշխատեց այն էլ ինչպես. արտիստի նման: Քաջ էր, համարձակ, շատ զգույշ, քայլում էր կատվի պես, սողում էր ինչպես օձ: Խնայում էր զինվորներին, նրանց հետևում չէր պատսպարվում: Որոշ ժամանակ անց առաջադրանքով ուղևորվեցինք թշնամու թիկունք: Շատ դժվար ուղևորություն էր:
Սովորաբար հետախուզության գնում էին վեցից - տաս հոգով ու կապի միջոցով տեղեկություններ էինք հաղորդում թիկունք, բայց հիմնականում բոլորը զոհվում էին ու չէին վերադառնում: Դուրս եկանք մենք լեյտենանտի հետ ութ հոգով, առաջնագիծն անցանք ու այդտեղ երկու հոգու կորցրինք: Մտանք թշնամու թիկունք, բախումների ժամանակ ևս երեք հոգու կորցրինք. մնացինք երեքով՝ ես, լեյտենանտ Անդրեյ Կամենևը և սերժանտ Սերյոգինը: Վերադառնալու հրաման եկավ: Հասանք առաջնագծին, մտորում էինք, թե որտեղից անցնենք ճակատային գիծը: Մտանք չեզոք գոտի, այստեղ սերժանտ Սերյոգինին հաջողվեց անցնել առաջնագիծը. ես ու լեյտենանտը մնացինք: Ես կոնտուզիա ստացա և սկսեցի հաճախակի ուշաթափվել: Լեյտենանտը վերցրեց բրեզենտե ամուր անձրևանոցը, ինձ տեղավորեց նրա մեջ ու սկսեց քարշ տալ: Ասում եմ. «Թողե՜ք ինձ, երկուսս էլ կկորչենք», իսկ նա շարունակելով քաշել, ասում էր. «Հանգիստ եղիր, Աստված կօգնի»: Նորից ուշաթափվեցի, իսկ ուշքի եկա արդեն մեր բլինդաժում։ Հետագայում ինձ տղաները պատմեցին, որ մեր փոքրամարմին լեյտենանտը, ինձ նման խոշոր ու ծանր մարդուն բավական երկար ճանապարհ էր քաշել, փրկելով կյանքս: Դիվիզիայում դեռ երկար ժամանակ պատմում էին նրա հերոսության մասին: Երբ շնորհակալությունս հայտնեցի, նա ժպտալով ասաց. «Տեսա՜ր Պլատոն, չէ՞ որ Աստված օգնեց մեզ»: Ես կարծեցի թե կատակում է: Որոշ ժամանակ անց մենք նորից գնացինք հետախուզության։ Այս անգամ չորս հոգով էինք։ Երբ անտառը վերջացավ տեսանք մի եկեղեցի, ես և Կամենևը մոտեցանք եկեղեցուն, իսկ մյուս երկուսը գնացին տեղանքը զննելու: Շուրջ բոլորը լռություն էր ու խաղաղություն, կարծես պատերազմ գոյություն չուներ։ Հանկարծ նկատեցի, որ Կամենևը գլուխը վեր պարզած խաչակնքվում է և կիսաշշուկ ինչ-որ բան է մրմնջում: Շատ զարմացա, խիզախ, կրթված հրամանատար և այսպիսի խավարամտությո՞ւն: Ժամանակին ես լավ ուսումնասիրել էի Եմելյան Յարոսլավսկու և Սկվորցով-Ստեպանովի գործերը, որտեղ ասվում է, որ Աստված չկա, իսկ ով որ հավատում է, դրանով իսկ նա հարում է բուրժուական աշխարհայացքին. ուրեմն թշնամի է: Երբ վերադարձանք այդ մտքերն ինձ հանգիստ չէին տալիս։ Ինչ է դուրս գալիս, մեր լեյտենանտը քողարկված թշնամի՞ է, այսինքն գառան մորթով գա՞յլ: Եվ որոշեցի այդ բոլորի մտորումներիս մասին զեկուցել պատկան մարմիններին: Գնացի Հատուկ բաժին, այնտեղ մի լեյտենանտ լսեց ինձ, անմիջապես աշխուժացավ ու տարավ շտաբի պետի մոտ: Պետը լատիշ էր, արտաքուստ մռայլ դեմքով մի մայոր: Լեյտենանտը սկսեց համոզել նրան, որ Կամենևը թշնամի է և պետք է անհապաղ վնասազերծվի: Մայորը մի քանի հարց տվեց ինձ, ինչպե՞ս է Կամենևը իրեն դրսևորել հետախուզության ժամանակ, զինվորների հետ ինչպե՞ս է վարվում, ո՞ւմ հետ է շփվում: Հետո հեռախոսը վերցրեց ինչ-որ մեկի հետ խոսեց ու ասաց լեյտենանտին. «Ընկեր լեյտենա՛նտ, դուք այսօր հետախույզների խմբի հետ կգնաք թշնամու թիկունք, այնտեղ էլ կստուգեք Կամենևին. կարող եք գնալ, իսկ դուք Սկորինո, մնացե՛ք»: Լեյտենանտը սփրթնեց, գունափոխվեց, ուզում էր ինչ-որ բան ասել, բայց մայորը ձեռքը թափահարելով հասկացրեց, որ հեռանա: Սպասեց մինչև դուռը փակվի ու ասաց. «Լսի՛ր Սկորինո, ես հետախուզության մասին շատ բան գիտեմ, քո ուսերի վրա գլո՞ւխ է, թե դատարկ աման, - և մատով կտտացրեց ճակատիս, - դու հիմար ես, և ի՞նչ, որ հավատացյալ է ու խաչակնքվել է, և դրանով ի՞նչ, դու նրա գործերը տեսե՞լ ես, դու նրա հետ աշխատե՞լ ես: Չէ, որ նա քո կյանքն է փրկել և անգին տեղեկություններ է հայթայթել մեր բանակի համար, իսկ դու նրան համարում ես թշնամի: Պատերազմի սկզբից ես ճակատում եմ և բազում մարդկանց եմ տեսել ու ճանաչել, երանի թե բոլորը կռվեին Կամենևի նման: Իսկ դու գիտե՞ս, որ պատերազմի սկզբից նա սայլերով բազում վիրավորների է շրջափակումից դուրս բերել, նույնիսկ ռազմի դաշտից մի վիրավոր գեներալի է դուրս բերել: Դո՛ւրս շպրտիր գլխիցդ այդ հիմար մտքերը և աշխատիր լավ ճանաչել մարդկանց: Այսօր կգնաք հետախուզության և այնտեղ կհետևես, թե ինչպես է աշխատում Կամենևը և թե մեր լեյտենանտը:
Գիշերը մեկնեցինք թշնամու թիկունք «լեզու» առևանգելու։ Հատուկ բաժնի լեյտենանտը, վախկոտ ստահակի մեկը դուրս եկավ: Պատսպարվում էր մեր թիկունքներում, գետնից պոկ չէր գալիս, երբ «լեզվին» բերեցինք, լեյտենանտը աքլորացավ, վեր կացավ սկսեց քայլել մեր առջևից, բայց այդ ժամանակ գնդակոծություն սկսվեց, նա վախից իրեն գցեց խրամատի մեջ, խրամատը խորը չէր, հետո շփոթված ողջ հասակով մեկ կանգնեց ու սկսեց փախչել. այդտեղ էլ խփվեց:
Մի շաբաթ անց մենք նորից գնացինք հետախուզության: Այնպես ստացվեց, որ պիտի բաժանվեինք խմբերի, ես և Կամենևը մնացինք առանձին: Оրեր շարունակ մտածում եմ, որ ստոր քայլ եմ կատարել նրա հանդեպ ու հարմար պահ էի փնտրում, որ խոստովանեմ մեղքս ու ներեղություն խնդրեմ: Անտառում կրակի շուրջ պառկած էինք, պատրաստվում էինք քնելու, ամեն ինչ պատմեցի և ներեղություն խնդրեցի: Իսկ նա պառկած տեղից չշարժվելով, ասաց. «Իսկ դու գիտե՞ս ինչ բան է հավատը», - և չսպասելով պատասխանի սկսեց պատմել Հիսուս Քրիստոսի մասին, որն ի դեպ ինձ մոտ բարի հեքիաթի տպավորություն թողեց։ Հետո պատմեց չարի և բարու, մարդկային առաքինությունների մասին, ապա հավիտենական կյանքի մասին. այդ վերջինն ինձ ցնցեց: Մենք զրուցեցինք մինչև լուսաբաց, այդ օրվա զրույցից հետո իմ կյանքը կտրուկ փոխվեց, դրանից էլ իմ հավատքի կյանքի սկիզբը դրվեց: Շատ մտերմացա Կամենևի հետ, բայց մեկ ամիս անց նրան պաշտոնի բարձրացմամբ տեղափոխեցին ուրիշ զորամաս: Մեր զորքերը սկսեցին լայնամասշտաբ հարձակում, և առաջին իսկ մարտի ժամանակ ծանր վիրավորվեցի և ընկա հոսպիտալ:
Հինգ ամիս պառկեցի, վերքս նեխում էր արդեն, երկու ամիս է առողջարանում էի, բայց ոչ մի բարելավում։ Բժիշկների դեմքի արտահայտությունից և առանձին սենյակ տեղափոխելուց հետո հասկացա, որ վիճակս անհույս է: Մահից չէի վախենում, ուղղակի հոգնել էի անվերջ ցավերից:
Հոսպիտալում Մարինա անունով մի բուժքույր կար: Փոքրամարմին, նիհարիկ, բայց շատ բարի, բոլորի հանդեպ հոգատար մի աղջնակ: Բոլորս էլ սիրում էինք նրան: Գրեթե բոլոր առողջացողները սեր էին խոստովանում նրան, իսկ նա բոլորին սիրալիր մերժում էր: Ես հաճախակի գիտակցությունս կորցնում էի, երբ ուշքի էի գալիս Մարինան կամ ներարկում էր անում ինձ, կամ ճակատիս քրտինքն էր սրբում, կամ էլ սպիտակեղենս էր փոխում: Բժիշկների հերթական այցի ժամանակ գլխավորին զեկուցեցին, որ իմ վիճակը անհույս է և սկսվել է ընդհանուր նեխավարակ: Գլխավոր բժիշկն ինձ զննելուց հետո հաստատեց, որ իրոք վիճակս անհույս է:
Անգիտակից վիճակում պառկած էի, ու չգիտեի գիշեր է, թե ցերեկ։ Մի քիչ ուշքի եկա, տեսնեմ Մարինան մահճակալիս մոտ կանգնած կիսաձայն ինչ-որ բան է կարդում, հետո մերթ ընդ մերթ ջրով շփում ճակատս: Ուշադրությունս լարեցի, հասկացա, որ աղոթում էր իմ առողջացման համար: Բացեցի աչքերս, իսկ նա ինձ ասում է. «Ոչի՛նչ Պլատոն, ոչի՛նչ, ամեն ինչ լավ կլինի», - ու ջուր տվեց ինձ խմելու: Հետո իմացա, որ ջուրն օրհնված էր: Այսպես անցավ ևս երկու շաբաթ։ Փոքրիկ սրվակով ինձ համար օրհնված ջուր էր բերում, հետն էլ անընդհատ աղոթում էր: Իր հերթապահությունից դուրս օրերին էլ էր գալիս: Երբ սկսեցի առողջանալ, ինձ շատ բան պատմեց Աստծու և հավատքի մասին, հետն էլ աղոթքներ սովորեցրեց: Հիվանդանոցից ես դուրս գրվեցի որպես հավատացյալ մարդ: Մարինան ու Կամենևը լիովին վերափոխեցին իմ կյանքը: Հետո իմացա, որ նրանք հայր Արսենի հոգեզավակներն են եղել։
Շատ սիրեցի ես Մարինային, ինչպես մորս կսիրեի, թեև նա գրեթե իմ տարիքին էր: Գլխավոր բժիշկն ինձ առողջարանի ուղեգիր տվեց և ասաց. «Մենք քեզ այն աշխարհից ետ բերեցինք, բայց առանց Մարինայի ջանքերի անհնար կլիներ, նա քեզ ետ կյանքի բերեց, մինչև գետին խոնարհվելով շնորհակալություն հայտնիր նրան»:
Բայց ես արդեն գիտեի, թե ով է ինձ փրկողը և հաստատ որոշել էի, որ պատերազմից հետո հոգևորական պիտի դառնամ: Ու այդ մտադրության մասին հայտնեցի Մարինային, ինչը նրան չափազանց մեծ ուրախություն պատճառեց:
Պատերազմն ավարտվեց: Բեռլինի մատույցներում զորացրվեցի ու վերադարձա հարազատ քաղաք՝ Լենինգրադ: Առանց ժամանակ վատնելու դիմեցի հոգևոր սեմինարիա: Փաստաթղթերս ընդունեցին, բայց անմիջապես վերադարձրին, չհասկացա ինչո՞ւ:
Հետո կանչեցին զինկոմիսարիատ և ուրիշ այլ հաստատություններ, ամոթանք էին տալիս, սպառնում, ծաղրում էին, համոզում. «Լսի՛ր Սկորինո, դու խելքդ թռցրե՞լ ես, փառքի ամողջական շքանշանների ասպետ, ավագ լեյտենանտ և տերտե՞ր. խայտառակում ես մեր սովետական բանակը»: Այնուամենայնիվ ընդունվեցի հոգևոր սեմինարիա, բայց շատ դժվար էր սովորելը: Յոթնամյա կրթություն ունեի, այն էլ շատ վաղուց: Ինչևիցե, մի կերպ սեմինարիան ավարտեցի և ցանկանում էի կուսակրոն հոգևորական դառնալ, բայց ինձ խորհուրդ չտվեցին, որովհետև անփորձ եմ, և ասացին, որ ավելի լավ կլինի ամուսնանամ և քահանա օծվեմ:
Հարկավոր էր ամուսնանալ, իսկ ես ոչ մի ծանոթ աղջիկ չունեի, որտե՞ղ հարսնացու փնտրեմ: Մտա եկեղեցի և սկսեցի աղոթել. երկար աղոթեցի: Դուրս եկա փողոց, հաշմանդամ մի մարդ էր անցնում, ուշադիր նայեցի, մեր գնդի հրամանատարներից էր: Գրկախառնվեցինք, շատ ուրախացանք ու նա ինձ հրավիրեց իր տուն: Նստեցինք, հիշեցինք անցած օրերը: Հետո նրան ասացի, որ հոգևոր սեմինարիան շուտով կավարտեմ և պետք է ամուսնանամ, հիմա հարսնացու եմ փնտրում: Կարծես իմ ամբողջ պատմածից նա միայն ամուսնանալը լսեց, իսկ մնացածը երևի որպես կատակ ընդունեց: «Հարսնացու կա՛, իմ մոտ ազգականուհին՝ Նինան»: Ծանոթացա Նինայի հետ, հավանեցի և որոշեցի ամուսնանալ: Մի քանի օրից առաջարկություն արեցի, հետո պատմեցի իմ մասին: Հոգևորական լինելս նա նույնպես անլուրջ ընդունեց, բայց մտածելուց հետո համաձայնություն տվեց, միայն թե ասաց. «Պլատո՛ն, իսկ ես Աստծուն չեմ հավատում»: Չէր հավատում, ինչպես որ դու անցյալում: Երկու շաբաթից ամուսնացանք, և ինձ նշանակեցին Իրկուտսկի մոտերքը: Պետք է գնայինք, բայց Նինան ասաց. «Պլատո՛ն դու գնա, իսկ ես կմիանամ քեզ երկու տարի հետո, երբ ավարտեմ ինստիտուտը»: Անկեղծ ասած, դժվար էր մենակ մեկնելը, սիրեցի ես Նինային, բայց հավատում էի, երբ որ ուսումը ավարտի, անպայման կգա՛:
Գնացի Իրկուտսկ։ Գյուղը մեծ էր, քահանայի մահանալու պատճառով եկեղեցին փակ էր ու կիսավեր վիճակում: Երկու տատիկի օգնությամբ մի կերպ կարգի բերեցինք, և սկսեցի ծառայություն մատուցել: Ամեն օր ծառայության էի գնում, բայց ժողովուրդը չէր հաճախում եկեղեցի. միայն երեք հոգի: Մի շաբաթ, մի ամիս, երեք ամիս, բայց ժողովուրդ չկար ու չկար: Հուսահատության մեջ ընկա։ Գնացի սրբազանի մոտ, զեկուցեցի, որ երեք ամիս է ծառայում եմ, բայց եկեղեցին դատարկ է: Սրբազանը լսեց, աղոթեց, օրհնեց ու ասաց. «Աստված ողորմած է, ամեն ինչ իր ժամանակին կլինի»:
Հետդարձի ճանապարհին, մտա մի եկեղեցի. տարեց քահանա էր ծառայություն անում: Ժամերգությունից հետո մոտեցա նրան, պատմեցի ինձ հուզող ցավերի մասին, նա ինձ իր տուն հրավիրեց, հուսադրեց. «Տերը քեզ քահանայության է կանչել, ուրեմն ինքն էլ կառաջնորդի և կտնօրինի։ Ամեն ինչ լավ կլինի և այցելողները կշատանան և կինդ կվերադառնա, շատ աղոթե՛ք»: Բարեկամացանք մենք հայր Պյոտրի հետ, որից ես շատ բան սովորեցի. իսկական հոգևորական էր:
Անցավ վեց ամիս, այցելողները արդեն ութ հոգի էին, իսկ ես ծառայում էի: Ֆինանսական դրությունս վատացավ, ապրելու հնար չկար: Ես էլ սկսեցի զանազան աշխատանքներ կատարել, պատահում էր, որ տանիք էի վերանորոգում և տնային տարբեր աշխատանքներ: Աշխատանքի ժամանակ զրուցում էի տանտերերի հետ, պատմում իմ դարձի պատմությունը, քանի որ ժողովրդին հետաքրքիր էր խոսքի բռնվել քահանայի հետ: Հետագայում նրանցից շատերը հաճախում էին եկեղեցի, սկզբում հետաքրքրության համար։ Տարեվերջին եկեղեցում արդեն մոտ հարյուր այցելու կար։ Հիմնականում տարեցներն էին, հետո սկսեցին երիտասարդները հաճախել:
Սկզբնական շրջանում նրանք ինձ հետ վատ էին վարվում, ծաղրական խոսքեր շպրտում իմ հետևից, անգամ վիրավորում էին, իսկ ծառայության ժամանակ մտնում էին եկեղեցի ու լկտիաբար խանգարում: Իսկ ես շատ սիրալիր խնդրում էի, որ հեռանան. հայհոյելով հեռանում էին, մտածելով, որ խեղճ եմ, պատասխան տալ չեմ կարող: Մի տարվա ընթացքում մի քանի անգամ երիտասարդները ինձ ծեծեցին, իսկ ես խնդրում էի, որ պետք չէ այդպես վարվել Աստծո ծառայի հետ:
Շատ դժվար էր այդտեղ, մանավանդ առանց Նինայի: Վերջապես նա եկավ, որպես ինժեներ աշխատանքի ընդունվեց մեր գյուղի կաթի ֆերմայում:
Մի անգամ երեկոյան Նինայի հետ վերադառնում էինք տուն: Նորից չորս հոգի հարձակվեցին մեր վրա: Երեքն ինձ են խփում, իսկ չորրորդը հարձակվել է Նինայի վրա ու գցել գետնին: Խնդրում եմ, որ գոնե նրան բաց թողնեն: Իսկ Նինան գոռում է. «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք...»:
Մտածեցի ինքս ինձ, Պլատո՛ն, չէ՞ որ նախկին հետախույզ ես եղել և մարտարվեստի զանազան հնարքների ես տիրապետում, կնոջդ էլ արդեն գետին են գցել: Համբերությունս հատավ, և մի քանի րոպեից երեքն էլ շատ դաժան ձևով գետնին փռվեցին։ Մոտեցա չորրորդին, որ հարձակվել էր Նինայի վրա, անխնա ծեծեցի և շպրտեցի թփուտների մեջ: Հիմա ամաչում եմ հիշել, բայց շատ էի չարացել, չորսին էլ շարեցի կողք-կողքի ու ստիպեցի որ հինգ հարյուր մետր սողալով գնան: Իսկ իմ Նինան շշմել էր. «Պլատո՛ն, ես չգիտեի, որ դու այսպիսին ես»:
Դրանից հետո սկսեցին ինձ հարգանքով վերաբերվել: Տղաներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց. «Ընկեր Պլատոն մենք չգիտեինք, որ դուք սպորտսմեն եք, այլ կարծում էինք, որ ընդամենը անմակարդակ տերտեր եք»: Նրանցից մեկին ես հետագայում մկրտեցի, իհարկե երբ հասկացավ որ Աստված կա:
Հասկանո՛ւմ եմ, միգուցե դուք դատապարտեք ինձ այդ ծեծկռտուքի համար, բայց հնար չկար: Եթե ես մենակ լինեի կդիմանայի, բայց ինձ կորցրել էի, երբ Նինայի վրա հարձակվեցին ու գետին տապալեցին: Երբ այդ մասին պատմեցի սրբազանին, ծիծաղեց ու ասաց. «Այդ պարագայում կարծում եմ, որ ճիշտ ես վարվել, բայց ասում եմ, որ այսուհետ ուժ չգործադրես. Աստված թող ների քեզ»:
Երբ 1955 թ. նշում էինք մեծ հայրենականի հաղթանակի տասնամյակը, կոլտնտեսության ղեկավարությունը, որոնք նախկին զինվորականներ էին, հրահանգել էին որ պատերազմի մասնակիցներն իրենց շքանշաններով ներկա լինեն ակումբում կայանալիք այդ միջոցառմանը:
Նինան համարյա պարտադրեց, որ ես անպայման ներկա լինեմ այդ միջոցառմանը: Հագա վաղուց մոռացված քաղաքացիական հագուստս, կախեցի մեդալներս ու շքանշաններս, իսկ ես դրանցից շատ ունեի, երեք հատ փառքի բոլոր աստիճանների, Լենինի, կարմիր դրոշի, երեք հատ սխրագործության, արիության և այլ շատ մեդալներ:
Մտա ակումբ, կոլտնտեսության նախագահը դժվարությամբ ճանաչեց ինձ։ Նայեց ու զարմացած հարցրեց. «Այս բոլոր մեդալները ձեզ որտեղի՞ց», պատասխանեցի «Ինչպե՞ս թե որտեղից, պարգևատրվել եմ պատերազմի ժամանակ»: Հիմա շվարել են, թե որտեղ պիտի ինձ նստեցնեն, շքանշանակիրները պիտի նստեին նախագահությունում, իսկ իմ մեդալներն ու շքանշանները բոլորից շատ էին, բայց ես տերտեր էի: Ստիպված նստեցրին նախագահության երկրորդ շարքում:
Այդ դիպվածից հետո կոլտնտեսության նախագահի հետ շատ մտերմացանք, այսպես ասած որպես պատերազմի մասնակիցներ:
Տասներկու տարի ապրեցինք այդ գյուղում, Տերը ողորմություն արեց, վերջին տարիներին եկեղեցին նորոգվեց ու միշտ լեփ լեցուն էր: Նինան՝ կինս, ոչ միանգամից, բայց ի վերջո դարձի եկավ առ Աստված: Հիմա արդեն անկեղծ հավատք ունի, և իմ ծառայության ժրաջան օգնականն է:
ՕԳՆԻ՜Ր ՏԻՐԱՄԱՅՐ
Պատերազմի սկսվելու հաջորդ օրը՝ հունիսի 23-ին ամուսնուս զորակոչեցին բանակ, ես Կատյայի հետ մնացի մենակ: Ամեն օր քաղաքը ռմբակոծվում էր: Ամուսնուցս նամակներ հազվադեպ էի ստանում, զորամասը, որտեղ նա ծառայում էր հաճախակի տեղափոխում էին, հավանաբար դրա համար նամակները տեղ չէին հասնում: Մանկապարտեզների բազմաթիվ երեխաների տարհանեցին Մոսկվայից, բայց իմ Կատյան հիվանդության պատճառով մանկապարտեզ չէր հաճախում, դրա համար էլ մնաց իմ մոտ: Գերմանացիները ճեղքեցին ճակատը և մոտեցան Մոսկվային: Խուճապ էր սկսվել քաղաքում, մարդիկ ամեն հնար փնտրում էին հեռանալու քաղաքից, գնացքներով, մեքենաներով, ոմանք էլ ոտքով. քաղաքը դատարկվել էր: Հոկտեմբերի սկզբին իմ Կատյան առողջացավ, բայց այլևս քաղաքից դուրս գալու հնարավորություն չկար: Հաղթահարելով բազում փորձություններ, մի կերպ դուրս եկանք քաղաքից: Շատ դժվար ճանապարհորդություն էր. էլ խանգարողներ, էլ վիրավորանքներ, էլ վագոնից դուրս շպրտել: Գնացքը երեք անգամ ռմբակոծվեց, մեր ողջ իրերը, փոքրիկ խնայողությունը և սննդի կտրոննեը գիշերով գողացան: Ցուրտը, ընկճվածությունը, միմյանց հանդեպ անվստահությունն ու չարությունն էր տիրում վագոնում: Առակը, որ մարդը մարդու համար գայլ է, այստեղ հաստատվեց: Ճանապարհին Կատյան մրսեց, շարունակ լաց էր լինում ու գանգատվում ուժեղ գլխացավից:
Ուրալն անցանք, սկսվեց սիբիրը. սառնամանիքն անտանելի էր ու մեզ համար խիստ անսովոր: Վերջապես հասանք մի հին սիբիրյան ցուրտ ու անծանոթ օտար քաղաք:
Ո՞ւր գնալ, որտե՞ղ տեղավորվել, ի՞նչ միջոցներով ապրել, շվարել եմ: Ես նոր հասկացա իմ ուղևորության անհեթեթությունը, թողնել Մոսկվան, որտեղ կար աշխատանք, ծանոթներ, նպաստ: Գնացի քաղաքային զինկոմիսարիատ, ահավոր հերթ էր, դժվարությամբ մոտեցա մի մայորի, ցույց տվեցի փաստաթղթերս և ասացի, որ ամուսինս ռազմաճակատում սպա է, պատմեցի ինչ վիճակում ենք հայտնվել, իսկ նա ասաց, որ տարհանվածները շատ շատ են, օգնել չի կարող, բայց հոժարությամբ ճաշի երկու կտրոն տվեց:
Ինչ արած, արագ ճաշեցինք, հետո գնացինք շուկա, ցանկանում էի վաճառել բրդյա հագուստս, առաջարկում էի, բայց ոչ ոք մոտ չէր գալիս: Իմ նման վաճառողները շատ էին, բայց գնորդ չկար: Մի քանի ժամ անիմաստ կանգնեցինք։ Ցուրտ էր, Կատյան չէր դիմանում, անընդհատ լաց էր լինում: Որոշեցի գնալ կայարան, իսկ այնտեղ ինչ լինում է, թող լինի: Նստեցինք տրամվայ: Ահավոր չարացած էի: Որոշ ժամանակ ընթանալուց հետո, տրամվայը կանգնեց, վերջին կանգառն էր, ուղևորները դուրս եկան, ձեռքով սրբեցի լուսամուտի ապակին, տեսա, որ մարդիկ մոտիկ եկեղեցին են մտնում: Ինչ որ բան այդ պահին ինձ ստիպեց վեր կենալ. մոտեցանք եկեղեցուն, ներս մտա ինձ համար արդեն խորթ միջավայր:
Ներսում արարողություն էր կատարվում: Առաջացա, կանգնեցի մի մեծ սրբապատկերի առջև: Եկեղեցում գոնե տաք էր: Ուղեղիս մեջ մի միտք էր միայն, ի՞նչ անել, մենք հայտնվել էինք անհույս իրավիճակում, անտուն, անփող, սոված: Կարծում էի, որ եթե ես մենակ լինեի, մի կերպ կդիմանայի, բայց իմ հետ չորս տարեկան երեխա կար, որը հիվանդ էր: Ուզում էի պոռթկալ, բղավել, հեկեկալ, բայց ո՞ւմ դիմել, ումի՞ց պահանջել: Չգիտեմ ինչքան էինք կանգնել, երբ Կատյան ձեռքիցս քաշեց ու ասաց.
- Մամա՜, ես այլևս չեմ կարողանում կանգնել:
Շուրջ բոլորը սկսեցին քրթմնջալ: Իսկ սրբապատկերի մոտ կանգնած տարեց ու չար հայացքով մի կին մռլտաց.
- Երեխան ի՞նչ գործ ունի եկեղեցում այս ժամին, իսկ դու էլ տեղ ես գտել կանգնելու, - և ինձ սրբապատկերից հեռու, մի կողմ հրեց:
Եկեղեցին արդեն լեփ լեցուն էր, իսկ ես շարժվելու տեղ չունեի: Մտածում էի, որ անգամ այստեղից են դուրս շպրտում ու դեռ հետն էլ բարությո՜ւն են քարոզում: Աչքերս բարձրացրի ու նայեցի սրբապատկերին: Այնտեղից ինձ էր նայում Տիրամոր աչքերը, դեպի Որդուն խոնարհված հայացքով: Նա իր նուրբ ձեռքերով գրկել էր Զավակին ու մեղմորեն սեղմել կրծքին: Այդ երկուստեք ջերմ գրկախառնության մեջ զգացվում էր Որդուն պաշտպանելու անսահման սեր ու մեծ ցանկություն, ինչը միայն Տիրամորն էր տրված: Նրա մեջ այնքան ջերմություն ու բարություն կար, որ նրան նայելիս հանգստություն և սփոփանք էի զգում: Հավատքս առ Աստված դեռ շատ թույլ էր, չնայած մանկության տարիներին մայրս ինձ սովորեցնում էր աղոթել ծնողների համար, ստիպելով անգիր իմանալ «Հայր մեր» -ը և Տիրամոր աղոթքը: Հետագայում ես ամեն ինչ մոռացա, ու դա ինձ համար արդեն հեռավոր ու կարոտալի անցյալ էր, երբ դեռ մայր կար, բայց մի քիչ էլ տխուր, որովհետև շրջապատողներս ծաղրում էին եկեղեցուն ու քահանաներին, նույնը և ես էի անում, բայց հոգուս մի անկյունում կար մի զգացմունք, որ հնարավոր է, որ Աստված կա, բայց միայն հնարավոր է. ու ընդամենն այդքան:
Սրբապատկերից ճառագող Տիրամոր հայացքը տակն ու վրա արեց հոգիս և ես հասկացա, որ միայն Նա կարող է ինձ օգնել: Եվ սկսեցի աղոթել: Աղոթում էի, բայց աղոթքի բառեր չգիտեի, միայն խնդրում էի, որ մեզ օգնի և հավատում էի, որ կօգնի: Ինչպես կարող էր անհավատ մեկը այդպես հավատալ, բայց Տիրամոր հայացքն ինձ ստիպում էր, հուսադրում էր, որ նա անպայման կօգնի: Կատյան նստել էր գետնին, կողքի պառավը ինչ-որ բան է ինքն իրեն մռմռում: Իսկ ես աղոթում էի. տասնյակ անգամ կրկնելով միևնույն խոսքերը. «Օգնի՜ր Տիրամայր», և արցունքներս հորդում էին աչքերիցս:
Ժամերգությունն ավարտվեց։ Մարդիկ սկսեցին ցրվել, իսկ ես դեռ աղոթում էի, Կատյան արդեն քնել էր հատակին: Դուրս եկավ հոգևորականը. մոտեցա, խնդրեցի, որ օգնեն մեզ, բայց նա տխուր ձեռքերը թափ տվեց, մուշտակը հագավ ու արագ հեռացավ: Չար պառավը, մոտեցավ, բռնեց Կատյայի օձիքից, բարձրացրեց ու գռմռաց. «Սա Աստծո տաճար է, ոչ թե հյուրանոց, դո՛ւրս եկեք այ դուրսպրծուկներ»: Երեխան արթնանալով սկսեց լաց լինել, իսկ ես մոտեցա Տիրամոր սրբապատկերին, դեմքով փարվեցի և ևս մեկ անգամ խնդրելով, որ օգնի, և հաստատակամ էի, որ նա անպայման կօգնի մեզ: Եկեղեցու մի անկյունից դուրս եկավ մի կին, բռնեց ձեռքս ու ասաց. «Գնացի՛նք»: Դուրս եկանք, կրկին վախը պատեց սիրտս, սա՞ էլ է մեզ վռնդում եկեղեցուց: Տիկինը բռնել էր ձեռքս ու ինչ-որ տեղ էր տանում, իսկ ես շարունակում էի աղոթել Տիրամորը: Բավականին տեղ քայլեցինք, կանգնեցինք բարձր ցանկապատով միհարկանի տան առաջ: Տիկինը դժվարությամբ բացեց դուռը, ներս մտանք: Տանը տաք էր։ Այդ կինը պատվիրեց մեզ հանվել ու նստել նստարանին, մինչև որ մեզ կանչի: Հարևան սենյակից լսվեց, կարծես թե տագնապալից ձայն. «Նինա՛, դու ո՞ւմ հետ ես եկել», որին ի պատասխան Նինան պատասխանեց. «Աստված ում, որ ուղարկել է, նրա հետ էլ եկել եմ»: Սենյակից լսվում էր դույլերի զրնգոցներ, հասկացա, որ ջուր են տաքացնում: Նինան եկավ ու ասաց. «Հոգյակս, ինչո՞ւ եք այստեղ նստել, եկեք ինձ օգնե՛ք»: Մտա խոհանոց, այնտեղ կրակի վրա ջուր էր տաքանում, սկսեցի օգնել: Նինա Սերգեևնան, սկզբից լողացրեց Կատյային, հետո ինձ պատվիրեց, որ հանվեմ, ասելով. «Հոգյա՛կս, առանց ամաչելու, ես բժիշկ եմ, իսկ դուք դողում եք, հավանաբար արդեն հիվանդ եք»: Երբ մտա տաք ջրի մեջ, հանկարծ ամեն ինչ սենյակում սկսեց պտտվել աչքերիս առաջ ու էլ ոչինչ չեմ հիշում:
Ինչպես հետո ինձ պատմեցին ուշքի եկա չորս օր հետո: Միայն հիշում եմ, որ անզգայության այդ օրերին մշտապես աչքիս առաջ էր Տիրամոր հայացքը, և ես անդադար աղոթում և օգնություն էի խնդրում նրանից, Կատյայի ու մեզ օգնող Նինա Սերգեևնայի համար: Ուշքի եկա և անմիջապես սկսեցի կանչել Կատյային ու Նինային: Մոտեցավ բարի դեմքով, ակնոցավոր մի կին. «Կատյան այստեղ է, իսկ Նինան հիվանդանոցում է և ուշ կգա։ Հրաշալի է որ դուք ուշքի եկաք, տա Աստված և ամեն ինչ լավ կլինի: Տիրամայրը ձեզ փրկեց, դուք անդադար նրան էիք կանչում, - ասաց նա, ճակատս մեղմորեն շոյելով, - դուք թոքաբորբ ունեք, ուժեղ հարբուխ և ներվային խանգարում, մենք Նինայի հետ ընկերուհիներ ենք, ես Ալեքսանդրա Ֆեոդորովնան եմ, իսկ մասնագիտությամբ ատամնաբույժ, երկուսս էլ Մոսկվայից ենք, դեռ 1935 թ. տեղափոխվել ենք այստեղ ապրելու: Ձեր Կատյայի հետ մենք արդեն ընկերացել ենք, և Նինայի հետ որոշել ենք, որ դուք մեզ մոտ պիտի ապրեք»:
Միայն հինգ օր հետո Նինան ինձ թույլ տվեց վեր կենալ:
Անծանոթ և օտար մարդիկ մեզ ընդունեցին իրենց տանիքի տակ, խնամեցին, կերակրեցին: Այս աշխարհում, ոչինչ պատահական չի լինում, ու ես հասկացա, որ Տերը բազմապիսի փորձություններ թույլ տալով ցանկանում էր փրկել իմ մեղավոր հոգին: Հանդիպելով Տիրոջ աղախիններ Նինայի և Ալեքսանդրայի հետ իմ կյանքը կտրուկ փոխվեց: Երեք տարի մենք ապրեցինք նրանց տանը, աշխատում էի գործարանում։ Իսկ Մոսկվա վերադարձա միայն այն պատճառով, որպեսզի չկորցնեմ բնակարանս: Իսկ Կատյան մնաց նրանց մոտ, այնտեղ էլ ավարտեց դպրոցը: 1960 թ. Կատյան իր տատիկների՝ Նինայի և Ալեքսանդրայի հետ վերադարձավ Մոսկվա, ընդունվեց ինստիտուտ: Պատմել թե ի՞նչ մարդիկ են Նինա Սերգեևնան ու Ալեքսանդրա Ֆեոդորովնան, կարծում եմ էլ կարիք չկա, միայն իմ դիպվածով ամեն ինչ պարզ է: Նրանք հայր Արսենի խոստովանաորդիներն էին։ Դժնդակ երեսունականներին տեղափոխվել էին սիբիրյան այդ քաղաք, որպեսզի խուսափեին ձերբակալություններից: 1959 թ. նրանք մեզ ծանոթացրին հայր Արսենի հետ և ես էլ՝ Կատյայի հետ դարձանք նրա հոգևոր զավակները: 1960 թ. մեր տատիկները նույնպես վերադարձան ու փոքրիկ տուն գնեցին Մոսկվայի մերձակայքում, բայց իրականում նրանք Կատյայից անբաժան են և բնակվում են նրա հետ:
Տե՜ր շնորհակալ եմ քո բազում ողորմությունների համար, Տիրամայր սուրբ Աստվածածին շնորհակալ եմ, այն մեծ հրաշքի համար, որի շնորհիվ իմ կյանքը իմաստավորվեց:
Փառք Քեզ Տեր Աստված ողորմություններիդ համար:
ՏԱՆԻՔՈՒՄ
Ցանկանում եմ պատմել այն մասին, թե ինչպիսի զորություն ունի հոգևոր հոր աղոթքը: Սով էր Մոսկվայում: Միայն շատ քիչ քանակությամբ հաց էր տրվում՝ որպես օրապահիկ, իսկ ուրիշ սննդամթերք չկար: Փողն արժեք չուներ, գյուղացիները մթերքը փոխանակում էին միայն ապրանքի հետ, բայց այդ գործողության ընթացքում քաղաքացին միշտ կողոպտվում էր: Գյուղացիները թշնամաբար էին վերաբերվում քաղաքացիներին, բառիս բուն իմաստով պիտի խնդրեիր, որ մթերքը փոխանակեին որևէ մուշտակի, կամ ոսկեղենի հետ: Ապրում էինք ցրտի, սովի, վախի պայմաններում:
Ես, Սաշան ու Կատյան որոշեցինք գնալ գյուղեր, հացի փնտրտուքի: Գնացինք մեր հոգևոր հոր՝ հայր Միխայիլից օրհնություն խնդրելու: Շատերն էին այդպես վարվում, ինչո՞ւ մենք էլ չփորձենք: Հայր Միխայիլը լսեց մեզ, մռայլվեց, ապա մոտեցավ Տիրամոր սրբապատկերին և շատ երկար աղոթեց, հետո մոտեցավ մեզ ու ասաց. «Հանձնում եմ ձեզ սրբուհի Աստվածածնի հովանավորությանը. դուք էլ ճանապարհին կաղոթե՛ք, շատ դժվար ճանապարհորդություն է ձեզ սպասվում. զգույշ եղեք, քանզի կլինեն տարբեր փորձություններ»:
Մեկնեցինք շոգեքարշով։ Յուրաքանչյուրս երկուական փութ ալյուր և ցորեն փոխանակեցինք, շատ էինք ուրախացել, բայց ամենուր հեղափոխականները խլում էին հացը, ահասարսուռ կերպով մոլեգնում էր տիֆը, սովը, կողոպուտները: Գնացքներ չկային, երեք օր նստեցինք կայարանում, սնվում էինք ցորենով. առ այսօր բերանիս մեջ է այդ համը: Գիշերով մի զինվորական գնացք եկավ, սակայն վտանգավոր էր այն նստել, կարմիր բանակայիններից ամեն վատ սպասելի էր: Չէինք համարձակվում մոտենալ գնացքին, բայց մի խումբ կանայք որոշեցին այնուամենայնիվ փորձել, մենք էլ նրանց հետևից բարձրացանք, նստեցինք վագոնների տանիքներին, հանձնելով մեզ Աստծու և Տիրամոր խնամակալությանը: Գնացքը շարժվեց, շոգ էր, բոլոր վագոնների դռները բաց էին, զինվորները, զվարճանում էին, ծիծաղում: Պառկել էինք վագոնի տանիքին ու անդադար աղոթում էինք: Որոշ ժամանակ ընթանալուց հետո գնացքը մի կայարանում կանգնեց: Զինվորների մի մասը դուրս թռան վագոններից, որը ջրի, որը գյուղացիների հետ մթերք փոխանակելու: Մյուսներն էլ նստել էին վագոնների դռների մոտ: Հանկարծ նրանցից մեկը կանչեց. «Տղե՜րք, նայեք տանիքներին ինչքան կին կա, գնացի՛նք կնանիքի մոտ»: Վայրկյանի ընթացքում իրադրությունը փոխվեց, միանգամից վագոնները դատարկվեցին: Զինվորները վավաշոտ մոլուցքով սկսեցին մագլցել վագոնների տանիքները: Աննկարագրելի էր կատարվածը, կանայք գոռում էին, ճչում, լաց, կոծ, մի կին գոչում է. «Այս ի՞նչ ես անում, ա՛յ անբարո, ես քո մոր տարիքին եմ», մյուսը. «Գոնե հացը մի՛ վնասեք, երեխեքս տանը սոված ինձ են սպասում, անխիղճներ»:
Մեր վագոնի տանիքին դեռ չէին հասել, բայց ահա մի քանի զինվոր բարձրացան վեր: Մենք վախից իրար կպանք և սկսեցինք աղոթել, խնդրում էինք Տիրամորը, մեր հոգևոր հայր Միխայիլին: Շրջանցելով մյուս կանանց մեզ մոտեցավ շիկահեր, պեպենոտ մի զինվոր, բռնեց ձեռքիցս ու ասաց. «Եթե հանգիստ պառկես, գառնուկս, չեմ նեղացնի»: Ես հրեցի նրան, սկսեցի խաչակնքվել, իսկ նա անվրդով ձեռքերին ազատություն էր տալիս, ես մի կերպ կարողանում էի դիմադրել: Տանիքների վրա պայքար էր ընթանում, ոմանք դեռ դիմադրում էին, ոմանք էլ անզորությունից հանձնվում: Պայքարելն անհնարին էր, որովհետև զինվորները շատ էին: Նրանց համար դա հաճելի զվարճանք էր: Դաժան մարտերից, հետո նրանց ուղարկել էին հանգստանալու և համալրվելու: Պատերազմը նրանց կոպտացրել էր և նրանք կարծում էին, որ դա իրենց օրինական իրավունքն է տիրանալ օտար կանանց:
Պեպենոտը կպչում էր ինձ, իսկ ես նահանջում էի: Հանկարծ Կատյան բռնեց ձեռքիցս ու գոռաց. «Տանիքը վերջանում է», շրջվեցի տեսա, որ նահանջի տեղ չկա այլևս, իսկ ներքևից վագոն էր բարձրանում մի նավաստի, ամուր կազմվածքով, մոլեգին, չարացած հայացքով: Նրա չար հայացքն ու ատլետիկ շարժուձևը ինձ ավելի վախեցրեց: Ի՞նչ անեմ Տեր Աստված, առջևից պեպենոտն էր, հետևից նավաստին: Պեպենոտը կանգ առավ։ Կատյան տանիքի աջ եզրին էր կանգնած, իսկ Սաշան նստել էր աչքերը փակ, ոչինչ չէր տեսնում խորացել էր աղոթքի մեջ: Նրան ոչ ոք չէր էլ մոտենում: Նավաստին բարձրացավ, ինձ մի կողմ տարավ, հետո ազդու, բայց դողդոջուն ձայնով ասաց. «Հանգի՛ստ, հիմա ամեն ինչ կպարզենք», ապա քայլեց դեպի պեպենոտը և հուժկու հարվածով տապալեց նրան. «Հլա մի փասափուսեդ հավաքի, տակա՛նք»: Պեպենոտը վախից թռավ տանիքից: Նավաստին սկսեց շարժվել առաջ, մոտեցավ, բարձրացրեց կնոջ վրա պառկած մի զինվորի և ուղղակի շպրտեց ցած. «Էս ի՞նչ եք անում այ հակահեղափոխականնե՛ր, դուք խայտառակում եք բանվորա-գյուղացիական բանակն ու իշխանությունը»: Մի քանիսը փորձեցին դիմադրել նավաստուն, բայց նա հանեց նագանը ու հենց տեղում գլխից կրակեց նրանցից մեկին: Ապա դիմեց բոլորին. «Ընկերնե՜ր, մենք հեղափոխության զինվորներ ենք, ու կառուցում ենք խորհրդային կարգեր, մենք ժողովուրդն ենք և ժողովրդի միջից ենք դուրս եկել, բայց էս ի՞նչ եք անում դուք։ Ամո՛թ ու խայտառակությո՛ւն, կարմիր բանակը պաշտպանում է աշխատավորությանը, իսկ մենք այստեղ խայտառակում ենք մեզ: Գնդակահարել է պետք յուրաքանչյուր բռնարարի: Եվ վերջապես ամոթ է ընկերներ, չէ՞ որ մի այլ տեղ մեր կանայք և քույրերը կարող են հայտնվել սրանց նման իրավիճակում»: Ապա բարձրաձայն հրամայեց. «Կոմունիստնե՛ր, ինձ մոտ»:
Կոմունիստները հավաքվեցին, միտինգ արեցին, խոսեցին, այնուհետև մի քանի հոգի գնդակահարված հանդուգն զինվորներին թաղեցին, ու գնացքը վերջապես շարժվեց:
Նավաստին մեզ հրավիրեց իրենց վագոն: Այնտեղ մեզ լավ էին վերաբերվում. կերակրեցին, թեյ տվեցին: Նավաստուն բոլորը կոչում էին ընկեր Տուլիկով, նա գնդի հրամանատարի տեղակալն էր՝ քաղաքական գծով: Ամբողջ ճանապարհին մենք նրա հետ զրուցում էինք, հարցնում էր ովքե՞ր ենք, որտեղի՞ց: Մենք պատմեցինք մեր մասին, հետաքրքիր էր որ խոսում էր հիմնականում մեր լռակյաց Սաշան: Նա Գեորգի Տուլիկովին պատմեց նաև Աստծո մասին: Պատմեց, որ մենք հավատում ենք որ Աստված մեզ փրկեց Տիրամոր և հայր Միխայիլի բարեխոսությամբ: Գեորգին մտածկոտ լսեց, բայց ոչ դատապարտեց, ոչ էլ ծաղրեց: Վագոնում մեզ առանձին տեղ հատկացրին քնելու համար: Երկու օր գնացինք։ Պոդոլսկում նրանք մեզ նստեցրին Մոսկվա ուղևորվող մի գնացք, և մենք բարեհաջող հասանք տեղ: Հրաժեշտի ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Գեորգիից և վագոնի մյուս զինվորականներից, իսկ Գեորգին ասաց. «Ո՞վ գիտե, միգուցե մի օր կհանդիպե՛նք»: Սաշան, մեր մշտապես քչախոս, հանդարտ ու համեստ Սաշան մոտեցավ, ձեռքը դրեց Գեորգիի ուսին ու ասաց. «Թո՛ղ Տերը ձեզ պահպանի բարի գործերի համար»:
Աննկարագրելի էր, թե ինչքան ուրախացան մեր հարազատները, երբ մեզ ողջ և առողջ տեսան, այն էլ պարկերով ցորենը հետներս: Անմիջապես գնացինք հայր Միխայիլի մոտ. ճանապարհին հանդիպեցինք հայր Պավելին. «Հայր Միխայիլը ձեզ է սպասում։ Ուղարկեց ինձ որ դիմավորեմ ձեզ, այս օրերին անդադար ձեր համար աղոթք էր անում»:
Մեր գլխով անցածը պատմեցինք հայր Միխայիլին։ Այդ ընթացքում նա անընդհատ նայում էր Տիրամոր սրբապատկերին: Երբ ավարտեցինք, նախ աղոթեց. «Շնորհակալ եմ Տեր, քո մեծ ողորմության համար»,- ապա մեզ դառնալով, ասաց. «Իսկ նավաստի Գեորգիին չմոռանա՛ք, Տիրոջ անմար ճրագը կա նրա սրտում, որը երբե՛ք չի մարի, աղոթեցե՛ք նրա համար, ձեզանից մեկը կհանդիպի նրա հետ և կօգնե՛ք նրան»:
Անցավ քսան տարի. 1943 թվականն էր: Հայր Միխայիլը մահացել էր 1934 -ին, աքսորում. նրա հետ էլ զոհվեց մեր աղոթասեր Սաշան, քանի որ երբ 1928 թ. հայր Միխայիլին աքսորեցին, Սաշան անմիջապես գնաց նրա մոտ: Առանց հոգևոր հոր շատ դժվար էր, բայց հայր Միխայիլիը ծանոթացրել էր մեզ իր խոստովանաորդի հայր Արսենի հետ, որը Մոսկվայում էր, որից հետո նրան էլ ձերբակալեցին: Սաշան մահացել էր, իսկ Կատյան ամուսնացել էր արդեն:
1943 թ. աշխատում էի զինվորական հոսպիտալում՝ որպես վիրաբույժ: Աշխատում էինք օրական տասնութից քսան ժամ։Շաբաթներով տուն չէի գնում, եկեղեցի ընդհանրապես չէի կարողանում հաճախել, միայն կարողանում էի օրվա մեջ ընդամենը րոպեներ տրամադրել աղոթքի: Ծանր վիրավորված մի գնդապետի բերեցին վիրահատարան: Չորս ժամից ավել տևեց. շատ μարդ վիրահատություն էր:
Հետագայում էլ վիճակը ծանր էր, ամեն օր այցելում էի նրան: Քսաներորդ օրը, այցելության ժամանակ նա ասաց. «Է՜հ Մաշենկա, միշտ այցելում եք, բայց չեք ճանաչում, իսկ ես ձե՛զ, Սաշային ու Կատյային մինչև հիմա հիշում եմ»: Միանգամից հիշեցի անցյալը. «Գեորգի՛ դո՞ւ ես, չկարողացա ինձ զսպել, փաթաթվեցի սկսեցի համբուրել գլուխը, ճակատը, ուրախությունից արցունքներս հորդում էին:
Երկու ամիս այցելեցի Գեորգիին։ Շատ բաների մասին խոսեցինք, բայց առաջին հարցը, որ նա տվեց այն էր թե արդյո՞ք առաջվա պես հավատում եմ Աստծուն: Ես նրան պատմեցի մահացած Սաշայի մասին, Կատյայի, հայր Միխայիլի մասին, թե ինչպես էր նա մարգարեացել, որ մենք հետագայում կտեսնվենք: Գեորգին էլ պատմեց, որ ինքն էլ 1939 թ. մատնության պատճառով հայտնվել է ճամբարներում, այնտեղ հանդիպել է մի երիտասարդի, ով հավատում էր Աստծուն: Նա օգնում էր բոլորին և բոլորը նրան սիրում էին, անգամ քրեական հանցագործները: Եվ այդ երիտասարդը Գեորգիին բառիս բուն իմաստով ծանոթացրել է Աստծու հետ: 1941 թ. այդ երիտասարդը մահացել է, իսկ Գեորգիին ազատել են և ուղարկել ռազմաճակատ:
Գեորգիի հետ բաժանվեցինք, որպես լավ բարեկամներ: 1948 թ. նա իր ընտանիքի հետ հաստատվեց Մոսկվայում: Հետագայում էլ մենք մնացինք, որպես լավ մտերիմներ, հաճախ էինք հանդիպում ընտանիքներով և անպայման եկեղեցական արարողությունների ժամանակ: Անքննելի են Տիրոջ ճանապարհները, Աստծուն սիրողների համար բոլոր չարիքները բարու գործակից է դառնում, և հայր Միխայիլի բարեխոսությամբ Գեորգին էլ մեզ փրկեց այդ դիպվածով։
ԿՈՐՍՈՒՆ ԵՐՇԻ
Ինձ, Յուլյային ու Սոնյային ձերբակալեցին 1932 թվին: Այդ տարիներին հիմնականում բանտարկում էին կուլտի ծառայողներին՝ եկեղեցականներին: Մենք հաճախում էինք այն եկեղեցին, որտեղ ծառայում էր հայր Արսենը: Մենք միշտ միասին էինք, թե եկեղեցում, թե հյուր գնալիս, թե ուխտերի ժամանակ: Դեռ 23-24 տարեկան աղջիկներ էինք։ Ես սովորում էի բժշկական ինստիտուտի չորրորդ կուրսում, Յուլյան կարի ֆաբրիկայում էր աշխատում, իսկ Սոնյան ինչ - որ կոնստրուկտորական բյուրոյում՝ գծագրող: Բոլորիս ձերբակալեցին եկեղեցի հաճախելու համար, իսկ դատավճիռը՝ չորս տարով աքսոր Մոսկվայից հեռու:
Մեր ընտանիքներում լաց ու կոծ սկսվեց, մեր ծնողները դռնեդուռ ընկան, բայց ապարդյուն: Տաս օրից հետո առանց արկածախնդրության հասանք Արխանգելսկ, ներկայացանք օրգաններին, այնտեղ ուղեգիր տվեցին մի շրջկենտրոն, որի անվանումը առաջին անգամ էինք լսում: Սեվերո-Դվինով, բարձրացանք 200 կմ դեպի հյուսիս, հասանք այդ շրջկենտրոն: Ճանապարհին ամենուրեք սով էր, խանութները դատարկ, հաց ընդհանրապես չէր վաճառվում, միայն գյուղատնտեսական մի քանի իրեր՝ մուրճ, մանգաղ և այլն:
Շատ խնդրելուց հետո, թույլ տվեցին այդ օրը գիշերել կուլտուրայի տան միջանցքում: Առավոտյան ներկայացանք վարչություն: Աքսորվածների հերթ էր ու բղավոցներ, հայհոյանքներ, միայն չէին ծեծում: Ոմանց ուղարկում էին անտառահատման աշխատանքների, ոմանց ճանապարհաշինության. խտրականություն չկար, կին լիներ, թե տղամարդ, երիտասարդ, թե ծերունի: Սարսափելի էր։ Մենք անձայն աղոթում էինք: Եվ Տերը ողորմություն արեց մեզ, վերը նշված աշխատանքներից ոչ մեկին մեզ չուղարկեցին: Փոխարենը ուղարկեցին մեզ շրջկենտրոնից մոտ 15 կիլոմետր հեռու գտնվող մի խուլ բնակավայր՝ Կորսուն: Շատ թանկ գնով մի սայլ վարձեցինք, որը ուշ երեկոյան մեզ հասցրեց այնտեղ: Դժվարությամբ հասանք, բայց ի՞նչ պիտի անեինք, չգիտեինք, ու որտե՞ղ պիտի գիշերեինք:
Որ դուռը թակում էինք, չէին բացում, սայլապանը զգուշացրել էր, որ այս գյուղում օտարներին չեն սիրում: Մթնել էր արդեն, հոգնել էինք, անգամ աղոթել չէինք կարողանում, քիչ էր մնում լաց լինեինք: Յուլյան ասաց. «Աղջիկնե՜ր, դուք այստեղ սպասե՛ք, Նիկողայոս Սքանչելագործին աղոթե՛ք, ես գնամ, տեսնեմ, միգուցե, որևէ մեկը մեզ տուն թողնի»: Կես ժամ հետո Յուլյան վերադարձավ, ասաց, որ մի տատիկ վերջապես համաձայնվեց է մեզ իր մոտ ընդունել:
Տատիկը չարությամբ ընդունեց մեզ, բավական մեծ վարձավճարով. երևում էր, որ չէր սիրում «ժողովրդի թշնամիներին», այսինքն մեզ: Փայտյա հյուղակ էր տատիկի տունը, մեծ ռուսական վառարանով: Առավոտյան հայտնաբերեցինք, որ մեր որոշ իրեր անհետացել են: Ներկայացանք գյուղխորհուրդ, մեզ ասացին, որ թույլ չեն տա այստեղ մնալ, ուղարկեցին տասը կիլոմետր հեռվում գտնվող մի գյուղակ՝ Երշի անունով: Մենք պարտավոր էինք ամեն շաբաթը երկու անգամ ներկայանալ Կորսուն, միլիցիոներ Միխայլովի մոտ: Մի խոսքով միշտ հսկողության տակ պիտի լինեինք:
Ցուրտ էր, անձրև էր տեղում, դժվարությամբ հաղթահարելով ցեխոտ ճանապարհը մի կերպ, ոտքով հասանք Երշի: Այստեղ վարձեցինք մի բարի աչքերով տատիկի տուն, որին բոլորը Լյաքսանդրա էին անվանում: Միայնակ տատիկ էր, զավակները հեռացել էին քաղաք ու այլևս չէին վերադարձել, ո՛չ նամակ էին գրում, ո՛չ էլ որևէ գումար ուղարկում: Ապրում էր տատիկը այն ամենով, ինչ որ աճում էր իր տնամերձում: Նա մեզ լավ ընդունեց, անգամ ուրախ էր, որ մենակ չի մնալու: Գյուղում աքսորվածներ չկային, նախկինում եղածներն էլ անցած ձմռանը սովից մահացել էին: Գյուղացիները իրենք էլ կիսասոված էին, քանզի աշխատանք չկար: Գյուղխորհրդի նախագահը չար մարդ էր, երբ հարցրեցինք, թե որտեղից կարելի է սնունդ գնել, ատելությամբ նետեց. «Խորհրդային իշխանությունը պարտավոր չէ ժողովրդի թշնամիներին կերակրել»:
Տատիկի հյուղակում տաք էր, քնում էինք վառարանի վրա, շուրջ բոլորը խավարասերներ ու բազմապիսի միջատներ էին վխտում, իսկ հատակին քնում էր տատիկի միակ ոչխարը: Սկզբնական շրջանում սնվում էինք մեր հետ բերածով, սակայն այն էլ շուտով վերջացավ: Գրեցինք տուն, բայց մեզ նամակներ ու ծանրոցներ արգելված էր ստանալ, պետք էր գնալ շրջկենտրոն, այնտեղից զանգահարել, կամ նամակ գրել, բայց նախագահը թույլ չտվեց: Խնդրեցինք մեզ ընդունել կոլտնտեսություն, մերժվեցինք: Անտառից սունկ և ազնվամորի հավաքեցինք, տարանք հանձնեցինք վերամշակման ընդունման կետ, վերցրեցին, բայց գումարը չտվեցին, այլ ծաղրեցին ու ուղարկեցին գրողի ծոցը: Հասկացանք, որ մեզ ուղարկել էին այստեղ սովամահ լինելու:
Եվ սովը վրա հասավ։ Սկսեցինք սննդի հետ փոխանակել մեր անձնական իրերը: Լյաքսանդրա տատը նույնպես սոված էր: Աղոթում էինք Տիրամորը, Նիկողայոս սքանչելագործին։ Մի պահ եկավ, որ սկսեցի երկմտել, բայց Յուլյան անվրդով էր ու հաստատուն իր հավատքի մեջ. «Տերը մեզ չի թողնի այս վիճակում, Տիրամայրը անպայման կօգնի՛, հայր Արսենը մեզ Նրա հովանավորությանն է հանձնել»,- կրկնում էր նա:
Յուլյան, մեր սիրելի, գեղեցկուհի Յուլյան, նա՛ էր մեզ հուսադրողը: Անտառում սունկ շատ կար, տատը մեզ սովորեցրեց ինչպես այն չորացնել վառարանի վրա: Ամռանը մենք երեսուն կիլոգրամից ավել սունկ չորացրինք ձմեռվա համար: Եկավ ցուրտ, անձրևոտ աշունը և աննկատելիորեն հաստատվեց դաժան ձմեռը: Լյաքսանդրա տատը տան ինչ-որ անկյունից հանեց երկու զույգ թաղիքե ճտքակոշիկներ, ինչը մեզ համար իսկական փրկություն էր:
Կարգի համաձայն շաբաթը երկու անգամ ներկայանում էինք Կորսուն՝ հաշվառման: Անհայտ պատճառով գյուղխորհուրդը մինչև օրվա կեսը փակ էր լինում, մինչև ստորագրում էինք, մթնում էր, իսկ գիշերով հետ դարձը ահավոր էր: Քանիցս Տերը իր գթառատ ողորմությամբ մեզ փրկել է բազմապիսի փորձանքներից: Ժամանակ առ ժամանակ ձիով գալիս էր միլիցիոներ Միխայլովը, որի երեսը կարծես փայտատաշ հեթանոսական կուռքի դեմք լիներ: Ամեն ծակ ու ծուկ մանրակրկիտ ստուգում էր, մեզ վրա նայում էր կարծես անկենդան իրերի, հետո հանում տետրը, քիմիական մատիտով ինչ-որ բան գրում, և միշտ նույն խոսքերը կրկնում. «Այսպիսի բանե՜ր, ուրեմն տեղում եք, աղջիկնե՜ր»: Նրա այցերի ժամանակ տատը տանից դուրս էր գալիս, Միխալյովին մենք էլ չէինք սիրում, ու նույնիսկ վախենում էինք: Վառելափայտ շատ կար, ջերմությունը միակ սփոփանք էր, բայց սովը շատ էր նեղում: Սո՜ւնկ, սո՜ւնկ ու դարձյալ սո՛ւնկ, երբ կարողանում էինք մի քանի կարտոֆիլ ճարել, սունկի հետ այն արքայական կերակուր էր դառնում մեզ համար:
Յուլյան հիվանդացավ: Սկզբից ստամոքսն էր ցավում, հետո աստիճանաբար թուլացան ձեռքերն ու ոտքերը և վերջնականապես անկողին ընկավ: Հերթական հաշվառմանը ներկայացանք միայն ես ու Սոնյան: Նախագահը չհավատաց, որ Յուլյան հիվանդ է, գոռաց մեր վրա, հայհոյեց: Հաջորդ օրը Միխայլովը եկավ ու համոզվեց, որ Յուլյան հիվանդ է և չի փախել, թույլատրեց չներկայանալ:
Մի անգամ շրջկենտրոնից եկան խուզարկության, տակն ու վրա արեցին մեր իրերը, առգրավեցին Ավետարաններն ու աղոթագրքերը։ Դրանից հետո աղոթում էինք հիշողությամբ:
Սոնյան չորս թե հինգ անգամ մենակ գնաց Կորսուն, չհասկացանք թե ինչու, անգամ մի օր էլ այնտեղ գիշերեց: Նկատեցինք, որ նա տարբերվում էր մեզնից, կարծես սովը չէր ազդել նրա վրա։ Լռակյաց էր դարձել, մտամփոփ, փորձեցի խոսեցնել, բայց համառորեն լռում էր: Մի օր էլ գնաց Կորսուն, իսկ հաջորդ օրը նրանից գրություն եկավ. «Ես չեմ պատրաստվում սովից մեռնել, ապրել է պետք, իսկ միայն աղոթքով չես ապրի: Մնաք բարյավ»: Մենք շատ տխրեցինք ու լաց եղանք: Երեկոյան Լյաքսանդրա տատը ասաց, որ Սոնյան ամուսնացել է Կորսունի նախագահի հետ, որի կինը դեռ գարնանն է մահացել: Հիմա նա թագուհու պես կապրի:
Դա հանելուկ էր մեզ համար, չէ որ Սոնյան օրինակ էր բոլորիս համար, նա հայր Արսենի լավագույն հոգեզավակներից էր: Մի անգամ փորձեցի գտնել նրան, բայց չկարողացա: Մենք Յուլյայի հետ ավելի շատ սկսեցինք աղոթել: Տատը սովից չմեռնելու համար մեկնեց քրոջ մոտ՝ Շենկուրսկ: Մնացինք երկուսով: Մի ամիս էլ ապրեցինք սնկով: Յուլյան ամբողջովին թուլացել էր: Երկուշաբթի ներկայացա Կորսուն, մեղմ ձյուն էր գալիս, գյուղխորհուրդը փակ էր: Որոշեցի քայլել, չսառչելու համար: Հանկարծ միտք առաջացավ, ողորմություն խնդրել: Ընդամենը մի քանի քայլ էի արել, երբ մի դուռ բացվեց ու մի պստիկ աղջնակ ասաց. «Մորաքո՜ւյր, մորաքո՜ւյր, այստեղ եկե՜ք»: Մտա տուն, տանտիրուհին նստեցրեց ինձ ու սկսեց կերակրել: «Սիրելի՛ս, ես վաղուց եմ հետևում ձեզ, ոնց եք դուք միշտ ժամերով սպասում գյուղխորհրդի դռների առաջ, սրանից հետո երբ կգաս հաշվառման, անպայման արի իմ մոտ, կտաքանա՛ս, կկերակրե՛մ: Իսկ ձեր Սոնկայի համար դարդ մի արե՛ք, կեղտը միշտ ջրի երեսն է կանգնում, Աստված իր հետ, այս հացն ու կարտոֆիլն էլ կտանես ընկերուհուդ»: Երեք օր հերիքեց այդ բարի կնոջ տված կերակուրը, բայց նորից սկսվեց սովը: Այլևս Կորսուն չկարողացա գնալ, արդեն ուժ չկար:
Մի շաբաթ կլիներ որ բոլորովին բան չէինք կերել: Եկավ այն պահը, որ անգամ վառարան վառելու ուժ չկար: Յուլյան պառկած էր վառարանի վրա, իսկ ես իջել էի, որպեսզի այն վառեմ, բայց չկարողացա և այլևս ուժ չկար, որ բարձրանայի Յուլյայի մոտ: Ժամանակ առ ժամանակ միմյանց ձայն էինք տալիս, որպեսզի հայտնենք, որ դեռ կենդանի ենք: Միթե՞ Աստված մոռացել է մեզ. «Տե՜ր ես գիտեմ որ Դու ամենուր ես, բայց ինչո՞ւ ես հիմա թողել մեզ»:
Հաջորդ օրը աչքերս բացեցի, Յուլյան ինձ ջուր էր տալիս, տունը ահավոր ցուրտ էր, մի քանի օր չէր տաքացվել: Յուլյան պառկեց իմ կողքը, բռնեց ձեռքս, սկսեցինք աղոթք անել: Որոշ ժամանակ անց Յուլյան ասաց. «Լյուդա դու ո՞ղջ ես, ես շուտով կմեռնեմ»:
Մահը դանդաղ մտել էր մեր տուն և կամաց կամաց մտնում էր մեր մարմինների մեջ:
Հանկարծ լսվեց դռան աղմուկը և մտավ միլիցիոներ Միխայլովը: Տեսնելով, որ պառկած ենք, մոտեցավ, նայեց ու ասաց. «Այսպիսի բանե՜ր...», ու արագ դուրս գնաց:
Մեզ համար արդեն միևնույն էր, թե ով կգար: Վախ չկար: Միայն խնդրում էինք Տիրոջից, որպեսզի ընդունի մեր մեղավոր հոգիները և Իր մոտ տանի:
Անզգայության մեջ էի, արթնացա դռան ձայնից, երեկո էր արդեն։ Երկու հոգի ներս մտան: Խոսակցությունից հասկացա, որ մեկը կին է, մյուսը տղամարդ: Լամպը վառվեց, Միխայլովն էր մի կնոջ հետ: «Այսպիսի բաներ, աղջիկնե՛ր, կնոջս հետ եմ եկել»: Կինը մոտեցավ մեզ, ուշադիր նայեց ու ասաց. «Այս ի՞նչ օրն են ընկել, կաշիներն ու ոսկորներն է մնացել, հարկավոր է սրանց վառարանի վրա շոգեհարել»: Միխայլովը երկու պարկ քարշ տվեց ներս, վառարանը վառեց ու ասաց կնոջը. «Ես գնացի, կնկատե՛ն, իսկ դու առավոտ շուտ կգաս»:
Վերան՝ այդպես էր Միխայլովի կնոջ անունը, մեզ վառարանի վրա լողացրեց խոտաբույսերով: Միանգամից թեթևություն զգացինք։ Ստիպեց, որ երկար մնանք տաք ջրի մեջ, հետո կերակրեց ու խոտաբույսերով թեյ տվեց:
Առավոտյան Միխայլովի կինն ինձ արթնացրեց. «Լսի՛ր աղջիկ, ես պետք է մթով հեռանամ, որպեսզի մարդ չտեսնի, երեկոյան էլի կգամ: Դուռը փակի՛ր, շառից հեռու, ընկերուհուդ շուտ-շուտ կկերակրե՛ս, բայց քի՛չ-քի՛չ»:
Գրեթե ամեն օր գալիս էր, ճաշ էր պատրաստում ու կերակրում մեզ: Միխայլովը երկու պարկ էլ բերեց, մեկը կարտոֆիլ, մյուսը կաղամբ: Հինգ օրից ես ոտքի կանգնեցի, բայց Յուլյան դանդաղ էր կազդուրվում:
Վերջապես Յուլյան էլ ոտքի կանգեց: Մենք փառք էին տալիս Աստծուն, որ մեզ ողորմություն արեց, Տիրամոր և հայր Արսենի աղոթքներով: Միևնույն ժամանակ միտք էր գալիս, եթե մթերքը վերջանա և քեռի Անդրեյն ու Վերան այլևս չգան, ի՞նչ է լինելու. նորի՞ց սով: Հենց այդ օրն էլ Վերան ասաց ինձ. «Անդրեյի եղբայրը հիվանդանոցում բուժակ է աշխատում, խոստացել է քեզ ընդունել որպես մաքրուհի: Աշխատավարձը քիչ է, բայց ապրել հնարավոր է, կտրոններով մթերք կստանաս, ժողովրդի հետ կծանոթանաս, դրանից հետո էլ Աստված ողորմած է: Հետագայում Յուլյայի համար էլ մի բան կմտածենք: Հոգ չանե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի»։
Միխայլովի եղբայրը հիվանդանոցի առանձին բաժնի և միևնույն ժամանակ դեղատան վարիչն էր: Շատ դժվարությամբ, բայց կարողացա ընդունվել աշխատանքի. գյուղխորհրդի նախագահը շատ էր խանգարում: Արթնանում էի առավոտյան ժամը հինգին, ցրտին, բքին, փոթորիկին, անձրևին ոտքով հասնում Կորսուն։ Շատ դժվար էր, բայց ամբողջ ճանապարհին աղոթում էի և աննկատ տեղ էի հասնում: Աստծո ողորմությամբ այդ ձմեռ էլ ողջ մնացինք: Քեռի Անդրեյն ու Վերան շարունակում էին օգնել մեզ, մի քանի անգամ կարտոֆիլ, նույնիսկ խոզի ճարպ ու միս բերեցին:
Ապրիլ ամսին Յուլյան վերջնականապես ոտքի կանգնեց: Մայիսին հիվանդանոցում ևս մեկ բաժին էլ ավելացավ, եկավ երիտասարդ բժշկուհի Զոյա Անդրեևնան, ինձ տեղափոխեցին նրա մոտ, որպես բուժքույր, իսկ Յուլյային որպես մաքրուհի: Արդեն բավականին լավ էինք ապրում, բայց նամակները և ծանրոցները արգելված էին: Քեռի Անդրեյը ցանքսի համար մի պարկ ու կես կարտոֆիլ բերեց: Հինգ օր չարչարվեցինք, ցանեցինք: Լյաքսանդրա տատը վերադարձավ ու մեզ ողջ տեսնելով բացականչեց. «Աղջիկնե՜ր, դուք ո՞ղջ եք, իրո՛ք, ձեզ Աստված է պահել, իսկ ինձ քրոջս հացը, որից մինչև կոկորդս կուշտ եմ»: Տեսնելով, որ տանը ամեն ինչ կարգին է, շատ ուրախացավ, ինչ-որ տեղից կաղամբի, ստեպղինի ու ճակնդեղի սածիլներ ճարեց. «Այ հիմա կարգին կապրենք, աղջիկնե՜ր»:
Հիվանդանոցում էլ էր ամեն ինչ կարգին: Միխայլովի եղբայր Իվան Սերգեևիչը հիանալի մասնագետ էր, մենք նրանից շատ բան սովորեցինք, անգամ բժշկուհի Զոյան էր առանց քաշվելու խորհուրդներ հարցնում նրանից:
Աքսորի երկրորդ ձմեռը մենք բավականին բարեհաջող անցկացրինք: Մեզ մոտ եկավ սկզբից Յուլյայի եղբայրը, այնուհետև իմ մայրը: Աննկարագրելի էր մեր ուրախությունը: Սակայն նրանց վերադառնալուց հետո մեզ կանչեցին Հատուկ բաժին: Շատ դժվար, ճնշող ու ստորացնող խոսակցություն տեղի ունեցավ: Սպառնում էին ուղարկել անտառահատման աշխատանքների, բայց նորից Տերը մեզ ողորմություն արեց: Երբ վերադարձանք քեռի Անդրեյն ասաց. «Հարազատներիդ հաղորդեք, որ այլևս չայցելեն ձեզ, դե՛ ձեզ էլ արդեն շատ քիչ է մնացել»:
Լյաքսանդրա տատը երկրորդ ձմռանը մնաց մեզ մոտ, բայց շատ էր տկարացել: Մենք հարազատացել էինք, այլևս մեզ դիմում էր որպես իր զավակների: Թույլ չէինք տալիս նրան ծանր աշխատանք կատարել: Խեղճ կինը ողջ կյանքը տանջվել, երեխա էր մեծացրել, սակայն ծերության դեմ մենակ էր մնացել: Մեր մեջ նա կարծես վերագտել էր իր զավակներին: Երբ աղոթում էինք, նա կամաց կամաց ընտելանում էր, հետագայում միացավ մեզ. «Զավակնե՛րս, հոգիս խաղաղվում է, Տերը ձեզ որպես սփոփանք է ուղարկել ինձ ծերության ժամանակ»: Մահվանից երեք ամիս առաջ ասաց. «Զավակնե՛րս ուզում եմ ձեզ ժառանգություն թողնել»: Հետո ստիպեց դուռն ու լուսամուտները փակել, այնուհետև ցույց տվեց թաքստոցի տեղը, որտեղից հանեցինք նիկոլաևյան տասանոց ոսկիներով ու ոսկյա զարդերով լի կճուճ: Ասացինք «Տատիկ մեզ պետք չէ, ի՞նչ պիտի անենք»: «Ինչ Աստված կասի, այն էլ կանե՛ք», - ասաց նա կարճ: Կճուճը դրեցինք իր տեղը և մոռացանք այդ մասին:
Լյաքսանդրա տատը մահացավ, թաղմանը եկան հարևան մի երկու տատիկ, իսկ երեխաներին լուր չտվեցինք, որովհետև ոչ ոք չգիտեր նրանց հասցեն:
Չորս տարին լրացավ: Մեր աքսորն էլ վերջացավ, սակայն քեռի Անդրեյը խորհուրդ տվեց, որ տուն վերադառնալու համար չդիմենք, այլ այստեղ մնալու թույլտվություն ստանանք: Եթե տուն վերադառնալու համար դիմեինք, ապա հավանականությունը շատ մեծ էր, որ մեր ժամկետը երկարացնեին: Այդպես էլ արեցինք, ներկայացանք ու ասացինք, որ ցանկանում ենք մնալ այստեղ, աշխատել, ինչը պատկան մարմինների հավանությանն արժանացավ, քանի որ այստեղ աշխատողներ էին պետք: Անձնագիր ստանալու համար տեղեկանքները վերցրինք ու վերադարձանք Կորսուն, քեռի Անդրեյի մոտ: «Ուրեմն, այդպիսի բաներ աղջիկնե՜ր, շատ լավ եք արել, բայց լավ կլինի, որ դուք մաքուր անձնագրեր ստանաք, շրջանային միլիցիայում ես ծանոթ ունեմ, մի մատանու դիմաց նա մաքուր անձնագիր կտա, առանց օրգանների տեղեկանքի, բայց ոսկի որտեղից ճարենք»: Այստեղ մենք հիշեցինք Լյաքսանդրա տատի ժառանգության մասին: Երբ կճուճը բերեցինք, քեռի Անդրեյը զարմացավ այդ ամենը տեսնելով։ Երկու ծանր մատանի ընտրեց ու ասաց. «Վտանգավոր ոսկի է, ոչ ոքի ցույց չտա՛ք, մի տասանոցի համար անգամ բանտ է սպասվում։ Վերցրեք մատանիները ու գնացեք անձնագրեր ստանալու, իսկ մնացածը պահե՛ք»:
Անձնագրերը ստացանք: Կորսունում ապրեցինք ևս կես տարի: Մեր անձնագրերը մաքուր էին, այնպես որ կարող էինք վերադառնալ տուն: Ես վերադարձա Իվանովո՝ բժշկական ինստիտուտը ավարտելու, իսկ Յուլյան Ալեքսանդրովո՝ ավարտելու միջնակարգ դպրոցը, այնուհետև նույնպես պիտի դիմեր բժշկական ինստիտուտ:
Մեկնելուց առաջ քեռի Անդրեյը մեզ ասաց. «Այդպիսի բաներ, աղջիկնե՜ր, Լյաքսանդրա տատի ժառանգությունը թող մնա ինձ մոտ: Վտանգավոր ժամանակներ են, ճանապարհին կկողոպտեն ձեզ, իսկ հարմար պահի ես այն կուղարկեմ ձեզ»:
Հավատացե՛ք, մեզ պետք չէր այդ ժառանգությունը: Բայց մի մեղք պիտի խոստովանեմ, որ մինչև հիմա տանջում է ինձ: Ոսկիները քեռի Անդրեյին տալով ես մտածեցի, որ նա կվերցնի և չի վերադարձնի: Բայց այն ժամանակ դա չէր կարևորը:
Երկու տարի անց ես քեռի Անդրեյից ծանրոց ստացա. որտեղ հայտնաբերեցի Լյաքսանդրա տատի ամբողջ ժառանգությունը, արդեն չորացած տնական թխած բլիթների մեջ թաքցրած: Եթե միայն կարողանայի պատմել, թե ի՜նչ ամոթ ապրեցի իմ այն ժամանակվա ճղճիմ կասկածամտության համար։ Չգիտեմ նա և իր կինը հավատո՞ւմ էին Աստծուն թե ոչ, մենք այնտեղ չհամարձակվեցինք հարցնել այդ մասին, բայց մի՞թե բանը դրանում է։ Նրանք սեփական գործով ապացուցին իրենց սրտում թաքնված Աստվածային լույսի կենդանի սերը մեր նկատմամբ, ինչպես Հովհաննես առաքյալն է գրել. «Որդյակնե՛ր, ոչ թե խոսքով ու լեզվով սիրենք, ապա գործով ու ճշմարտությամբ»։ Ամեն ու միշտ։
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Մարդիկ մի-մի հյուլե են տիեզերքի անսահմանության մեջ, իսկ մեր ապրած կյանքը ոչ լրիվ ակնթարթ հավիտենականության շեմին: Բայց զարմանալին էլ այդ է, որ նման արարածը կարողանում է իր հետևից երբեմն կյանքի այնպիսի հետագիծ թողնել, որ դարերի ամենակուլ փոշին անզոր է լինում այն ծածկել ու եկող սերունդները հիանում, ընդօրինակում և սովորում են նրանից, ու կարծես թե այդ մեկը անմահության հետ մի անտեսանելի կապ է ունեցել, ինչը նրան անդադար բարձրացրել է ժամանակների պղտոր ջրերի կատարին։ Եվ այդ երանելիները կոչվում են Աստծո սրբեր, որոնք աշխարհում բազմաթիվ են ինչպես երկնքի աստղերը, որոնք մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ Անունը դավանելու համար մինչև իսկ մահը հանձն առան, կոչվելով կենդանի վկաներ, սրբեր,
Մարտիրոսներ, կամ նահատակներ։
Եվ ինչպես դուք համոզվեցիք այս գրքի վկայությունները կարդալիս, Քրիստոս Տիրոջ ճշմարիտ Լույսի մի այդպիսի հետագիծ է թողել ավագերեց հայր Արսենն իր շրջապատի մարդկանց մեջ, այն էլ անաստվածության համատարած խավարի ու ճամբարային դաժան իրականության ժամանակ, ինչի շնորհիվ բազմաթիվ հոգիներ մահվան ստվերների անդունդից կյանքի ճանապարհին վերադարձան, ու դրանով իսկ Տիրոջ սուրբ Անունը փառավորվեց, Ով Իրեններին որպես բարի Հովիվ նույնիսկ երկրային դժոխքի խորխորատներում է գտնում ու փրկում հավիտենական տանջանքներից։
Մենք էլ խնդրենք Տիրոջից, որ այս բարի պատերազմում զորացնի ամենքիս, որ Իր շնորհով գոնե մի վառվող մոմի նման լուսավորենք մեր շուրջը, մարդկանց հիշեցնելու Ճշմարիտ Լույսի՝ Հիսուս Քրիստոսի փրկության Ավետարանի մասին։
Այս փոքրիկ ջանքը կատարեցինք մի քանի հոգով ու մեր տկար ուժերով, որպեսզի հայ ընթերցողը նույնպես կարդա Տիրոջ ընտիր ծառաների՝ հավատքի հերոսների հաղթական կյանքի ու վկայությունների մասին, և որպես օրինակ ունենա իր կյանքում, թե ինչպես է հնարավոր դաժան ու չար իրականության պայմաններում ապրել ու կատարել Աստծո պատվիրանները ու դրանով իսկ աղ ու լույս լինել հավատքից սառած ու հեռացած մարդկանց Քրիստոս Հիսուսի փրկարար ճանապարհին ուղղորդել։
Եվ վերջում, ընթերցողներից խնդրում ենք որ հիշեք ձեր աղոթքներում մեր ննջեցյալ հարազատների հոգիների խաղաղության ու փրկության համար։։