Կապույտ մեղեդի ջութակի համար

     Աշուն: Օրացույցին` 19, 21, 25…
     Սեպտեմբերյան օրեր են` դառն ու աղի:

     Մի’ ընկիր, ոգիս,
     իմ թռչուն` տրված ի վերուստ.
     մենք շրջելու ենք դեռ ջրերի վրա խաղաղ,
     ինչպես Աստծու ոգին է շրջել,
     և զատելու ենք ջուր ու ցամաք`
     լո’ւյս, լո’ւյս որպես և սե’ր:
     Մենք արարելու օրեր ունենք`
     մեկից մինչև յոթ,
     և դրախտում ապրելու կյանքեր.
     դեռ շուտ է, ոգիս,
     թե հանգիստ առնենք:

     Ահա, ես էլ եկա
     և տեսնում եմ այն,
     որ կարդացել էի ծանր գրքերում,
     թերթել պատմության փոշոտ էջերին
     և խոտորվել խութուխորշում ժամանակների:
     Արդ, թույլ չեմ տա ինձ,
     որ նորից ձեռքս գրի`
     ցեղասպանություն.
     իմ աչքերը գունաթափվել են
     բառն այդ կարդալուց:

     Թող հնչի հոգիս
     թեկուզ անհարմար,
     սակայն
     կապույտ մեղեդի
     ջութակի համար:

     Խեթի’ր կողս, հրեշտակ իմ փափուկ քնի,
     մղձավա՞նջ է գուցե սա.
     արթնանամ և տեսնեմ նորից,
     որ չքնաղ է աշունն այս ու անարատ:

     Երկար քայլում են, դանդաղ, խռնված,
     աչքերը դատարկ, հոգու մեջ ոչինչ.
     նրանք ելել են տնից,
     թիկունքում` սպանդ,
     կրծքին` հրազեն,
     ու մի ճանապարհ`
     կոկորդին կապած պարանի նման:
     Կին ու երեխա, տարեց ու ջահել,
     մարդիկ, պարզապես մարդիկ…
     Բնիկների արտագաղթն է սա,
     տեղահանություն,
     որ վարք ունեն շերտ-շերտ
     և հիշողություն,
     լեռների վրա և այս հողի տակ`
     հազար ու հազար
     և էլի հազար տարիների մեջ:

     Հիմա շներն են ոռնում այնտեղ`
     լքված տաճարներից ներս`
     պաղ գիշերվա մեջ,
     դունչը պարզած Աստծուն`
     լուսնի փոխարեն:

     Կանգ մի’ առ, սիրտ իմ,
     խփիր թեկուզ թույլ,
     ևս մեկ անգամ ու էլի’, էլի’,
     գուցե խաղաղվե՞ն մարմին ու հոգի
     և գտնեն հաշտվելու
     մի աղոտ եզր,
     գոնե չժխտող մեկմեկու` ինձ և ինձ:

     Շուրջս խանութներ,
     դուրս եկող կանայք` լիքը ձեռքերով.
     գոհ են, հայացքը խաղաղ,
     և` մանուկներ գույնզգույն:
     Գարեջուր, չիփսեր ու թղթախաղ
     տաղավարներում,
     զբոսանք, ժամանց.
     զառն է գլորվում նարդու տախտակին`
     գրազ ու փողով,
     թե ով է վառելու կրակը խորովածի:
     Այդպես իջնում են օրերը`
     զվարթ, տոնական,
     մեր թափված արյան,
     անթաղ զոհերի
     և կորցրած երկրի քանդուավերին`
     դեռ տաք տնքացող ու թարմ:

     Եվ չգիտեմ,
     ինձ այդպես` մի սփոփ խոսքով,
     փրկո՞ւմ եմ, որ չխելագարվեմ,
     թե՞ փրկությունը
     խելագարվելն է մինչև վերջ:

     Մի’ ընկիր, հոգիս,
     երկինք ունենք մենք,
     և թևե’ր,
     որ ծվատ չեն
     ու չեն փետրաթափ.
     մեր թռիչքը մեր մեջ և մեզնից է վեր:
     Մի’ ծալվեք դեռ, իմ հոգնած ծնկներ,
     գնանք քայլ առ քայլ,
     անտարակո’ւյս,
     այս դանդաղ գիշերն էլ անցնենք.
     պահված առավոտ կա մեզ
     և ծագող արև: