ԴԱՈ ԴԷ ՑԶԻՆ

1

     ԴԱՈՆ, որ կարող է բառերով արտահայտվել, մշտական ԴԱՈ չէ: Անունը, որ կարող է անվանվել, մշտական անուն չէ։ Անունը սկիզբն է երկնքի և երկրի, անուն կրողը մայրն է բոլոր իրերի։ Կր֊քերից ազատը տանում է Հրաշալի գաղտնիքը (ԴԱՈՆ), իսկ ով կրքեր ունի, տեսնում է նրան վերջին ձևի մեջ։ Նրանք երկուսն էլ նույն ծագումն ունեն, բայց տարբեր անուններով: Նրանք միասին կոչվում են խորագույն։ Անցումը մի խորագույնից դեպի մյուսը - դարբասն է բոլոր հրաշալիքների։

2

     Երբ աշխարհում բոլորն իմանում են, որ գեղեցիկը գեղեցիկ է, հայտնվում է տգեղը։ Երբ բոլորն իմ անում են, որ բարին բարի է, չարն է առաջանում։ Այդ պատճառով գոյն ու չգոյը ծնում են միմյանց, դժվարն ու դյուրինը իրար են ստեղծում, միմյանց հետ կապված են կարճն ու երկարը, բարձրն ու ցածրը որոշվում են միմյանցով, ձայները ձուլվելով դառնում են ներդաշնակ, նախորդն ու հաջորդը հետևում են միմյանց։ Իմաստունը գործում է անգործությամբ, նա սովորեցնում է ուսմունքը լռությամբ, կոչելով իրերի փոփոխությունը՝ ինքը չի կատարում դա, ստեղծելով չի տիրում իր ստեղծածին, առաջացնում է շարժում՝ անշարժությամբ, ինչ որ բան ավարտելով՝ չի հպարտանում։ Քանի որ չի հպարտանում՝ նրա արժանիքները չեն նետվում մի կողմ։

3

     Եթե չհարգեն իմաստուններին, ժողովրդի մեջ վեճեր չեն լինի։ Եթե չգնահատեն հազվագյուտ իրերը, մարդկանց մեջ գողեր չեն լինի։ Եթե ցույց չտրվեն նախանձը շարժող բաներ, մարդկանց սրտերը չեն հուզվի։ Կատարյալ իմաստունը երկիրը կառավարելով հպատակների սրտերը դատարկում է, ստամոքսները՝ լցնում։ Նա թուլացնում է մարդկանց կամքը, իսկ ոսկորն՝ ամրացնում։ Նա ձգտում է այն բանին, որ մարդկանց մեջ չլինեն գիտելիքներ ու կրքեր, իսկ գիտելիք ունեցողը չէր հանդգնի գործել։
     Անգործության իրագործումը միշտ բերում է հանգիստ։

4

     ԴԱՈՆ դատարկ է, բայց կիրառման մեջ՝ անսպառ։ Օ, ամենախոր։ Նա թվում է նախահայրը բոլոր իրերի։
     Եթե բթացնեն նրա ներթափանցությունը, ազատեն նրան անկարգությունից, չափավորեն նրա փայլը, նմանեցնեն նրան փոշեհատիկի, նա կթվա պարզորոշ գոյություն ունեցող։ Ես չգիտեմ՝ ում ծնունդն է նա, (ես միայն գիտեմ, որ) նա նախորդում է երկնային տիրակալին։

5

     Երկինքն ու երկիրը մարդասիրությամբ չեն լցված և թույլ են տալիս բոլոր էակներին սեփական կյանքով ապրելու։ Կատարյալ իմաստունը մարդասիրությամբ չի լցված և թույլ է տալիս ողջ ժողովրդին սեփական կյանքով ապրելու։
     Մի՞թե տարածությունը երկնքի և երկրի միջև նման չէ դարբնի փուքսին։ Ինչքան շատ է նրա մեջ դատարկությունը, այնքան ավելի երկար է նա գործում։ Ինչքան շատ է նրա մեջ դատարկությունը, քամին նրա միջից այնքան շատ է ելնում։
     Նա, ով շատ է խոսում, միշտ ենթարկվում է անհաջողության, դրա համար ավելի լավ է չափը պահպանել։

6

     Անսահման են կերպարանափոխությունները (ԴԱՈՅԻ)։ (ԴԱՈՆ) ամենախոր դարբասն է ծնունդի։ Ամենախոր դարբասը ծնունդի - արմատն է երկնքի և երկրի։ (Նա) գոյություն ունի ինչպես անվերջանալի թել, և անսպառ է նրա գործողությունը։

6

     Երկինքն ու երկիրը հավերժական են։ Երկինքն ու երկիրը հավերժական են, քանի որ գոյություն ունեն ոչ իրենց համար։ Ահա թե ինչու են նրանք հավերժական։
     Կատարյալ իմաստունը իր ետևում է թողնում մյուսներին, որի շնորհիվ նա միշտ առջևում է։ Նա իր կյանքն անտեսում և դրանով էլ պահպանվում է նրա կյանքը։ Արդյոք դա նրանից չէ՞, որ նա անտեսում է սեփական (շահերը)։ Ընդհակառակը, նա գործում է համաձայն սեփական (շահերի)։

8

     Բարձր առաքինությունը նման է ջրի։ Ջուրը բոլոր էակներին օգուտ է բերում և չի պայքարում նրանց հետ։ Նա գտնվում է այնտեղ, ուր մարդիկ չէին ցանկանա լինել։ Այդ պատճառով նա նման է ԴԱՈՅԻ։ (Բարձր բարությամբ օժտված մարդը, ինչպես ջուր) պետք է մոտ գտնվի հողին։ Նրա սիրտը պետք է հետևի ներքին մղմանը է մարդկանց հետ պետք է լինի բարեկամական, խոսքերի մեջ անկեղծ, (երկրի) կառավարման մեջ հետևողական, գործերի մեջ պետք է ելնի հնարավորությունից, գործողության մեջ պետք է հաշվի առնի ժամանակը։ Քանի որ (նա), ինչպես ջուրը, չի պայքարում իրերի դեմ, ապա (նա) սխալներ չի գործում։

9

     Ավելի լավ է ոչինչ չանել, քան ձգտել ինչ-որ բան լցնել։ Եթե (ինչ-որ) սուր բանից երկար օգտվենք, ապա նրա սրությունը եր­կար չի պահպանվի։ Եթե դահլիճը լցված է ոսկով և հասպիսով, ապա ոչ ոք չի կարող նրանց հսկել։ Եթե ազնվականները և հարուստները ի հայտ են բերում ամբարտավանություն, ապա նրանք դժբախտություն են իրենց վրա բերում։
     Երբ գործն արված է, մարդը քաշվում է մի կողմ։ Դրանում է օրենքը երկնային ԴԱՈՅԻ։

10

     Եթե հոգին ու մարմինը միասնական լինեն, կարելի՞ է պահպանել այն։ Եթե ոգին փափուկ դարձնենք, կարելի՞ է անկիրք լինել ինչպես նորածինը։ Եթե հայեցողությունը մաքուր լինի, հնա­րավո՞ր կլինեն մոլորությունները։ Կարելի՞ է սիրել ժողովրդին և կառավարել երկիրը՝ չդիմելով իմացության։ Հնարավո՞ր է իրագործումն անգործության՝ եթե ըմբռնվեն փոխհարաբերությունները բնության մեջ։ Ստեղծել և դաստիարակել (գոյություն ունեցողը), ստեղծել՝ չտիրելով ստեղծածին, շարժման մեջ դնել՝ չդիմելով որևէ ջանքի, ղեկավարել՝ ինքն իրեն չհաշվելով ղեկավար - ահա ինչն է կոչվում խորագույն Դէ։

11

     Երեսուն անվաձողեր միանում են իրար մեկ անվաթոփի մեջ (ստեղծելով անիվ), բայց անիվի գործածությունը կախված է անվաձողերի միջև եղած դատարկությունից, Կավից են պատրաստվում անոթները, բայց անոթների գործածությունը կախված է նրանց դատարկությունից։ Դռներ ու պատուհաններ են արվում տուն սարքելու համար, բայց տան գործածությունը կախված է նրա դատարկությունից։ Ահա ինչու (ինչ-որ բանի) օգտակարությունը կախված է նրա դատարկությունից։

12

     Հինգ գույները բթացնում են տեսողությունը։ Հինգ հնչյունները բթացնում են լսողությունը։ Համի հինգ զգացողությունները բթացնում են ճաշակելիքը։ Արագ ընթացքը և որսորդությունը ալեկոծում են սիրտը։ Թանկարժեք իրերը ստիպում են մարդուն հանցանք գործելու։ Դրա համար կատարյալ իմաստունը ձգտում է կյանքը հագեցած դարձնել և ոչ թե ունենալ գեղեցիկ իրեր։ Նա հրաժարվում է վերջինից և սահմանափակվում առաջինով։

13

     Փառքն ու խայտառակությունը նման են վախին։ Անվանիությունը նման է կյանքում մեծ դժբախտության։ Ի՞նչ է նշանակում՝ փառքն ու խայտառակությունը նման են վախին։ Դա նշանակում ստորոտի մարդիկ փառքը վախով են ձեռք բերում և նույնպես վախով են կորցնում այն։ Դա էլ հենց սա է՝ փառքն ու խայտառակությունը նման են վախին։
     Ի՞նչ է նշանակում՝ անվանիությունը նման է կյանքում մեծ դժբախտության։ Դա նշանակում է՝ ես մեծ դժբախտություն ունեմ, որովհետև դողում եմ ինձ վրա։ Եթե չդողամ ինձ վրա, ինձ հետ չի պատահի դժբախտություն։ Դրա համար էլ ազնվականը ինքնազոհ կերպով ծառայելով մարդկանց, կարող է ապրել նրանց մեջ։ Մարդասերը, ինքնազոհ կերպով ծառայելով մարդկանց, կարող է գտնվել նրանց մեջ։

14

     Նայում եմ նրան և չեմ տեսնում, դրա համար էլ նրան անտեսանելի եմ անվանում։ Լսում եմ նրան և չեմ լսում, դրա համար էլ նրան անլսելի եմ անվանում։ Փորձում եմ բռնել նրան և նրան չեմ հասնում, դրա համար էլ նրան փոքրագույն եմ անվանում։ Պետք է ձգտել նրա ակունքն իմանալ, քանի որ նա եզակի է։ նրա վերևը լուսավորված չէ, նրա ներքևը մթնած չէ։ Այն անվերջ է և չի կարող անվանվել։ Այն նորից վերադառնում է չգոյության։ Դրա համար նրան անվանում են աղոտ ու մշուշոտ։ Հանդիպում եմ նրան և դեմքը չեմ տեսնում, գնում եմ նրա ետևից և չեմ տեսնում թիկունքը նրա։
     Հետևելով հին ԴԱՈՅԻՆ, գոյություն ունեցողին տիրանալու համար, կարելի է ճանաչել հին սկիզբը։ Դա կոչվում է ԴԱՈՅԻ սկզբունք։

15

     Անցյալում նրանք, ովքեր ընդունակ էին գիտության, ճանաչում էին փոքրագույն և նրբագույն իրերը։ Բայց մյուսներին նրանց խորքն անհայտ է։ Քանի որ նա անհայտ է, ես ազատ եմ (նրա) նկա­րագիրը տալու. նրանք երկչոտ էին, կարծես ձմռանը հոսանքն էին կտրում, նրանք անվճռական էին, կարծես վախենում էին հարևաններից, նրանք կարևոր էին, ինչպես հյուրեր, նրանք զգույշ էին, կարծես անցնում էին հալչող սառույցի վրայով, նրանք հասարակ էին, ինչպես անմշակ փայտ, նրանք անընդգրկելի էին, ինչպես դաշտը, նրանք անթափանց էին, ինչպես պղտոր ջուր։ Այդ նրանք էին, ովքեր պահպանելով հանգստություն, կեղտոտը դարձնում էին մաքուր։ Այդ նրանք էին, ովքեր մշտական շարժումը հանգիստ դարձնելու իրենց ունակությամբ նպաստում էին կյանքին։ Նրանք՝ պահպանում էին ԴԱՈՆ և չէին ցանկանում ավելին։ Ավելին չցանկանալով նրանք սահմանափակվում էին եղածով և չէին ստեղծում նորը։

16

     Պետք է սիրտը մինչև վերջ դարձնել անշահախնդիր, խստորեն պահպանել հանգիստը և բոլոր իրերն այդ ժամանակ իրենք իրենց կփոխվեն, իսկ մեզ մնում է դիտել նրանց վերադարձը։ (Աշխարհում) մեծ է իրերի բազմազանությունը, բայց նրանք բոլորն էլ վերադառնում են դեպի իրենց սկիզբը։ Վերադարձ դեպի սկիզբը - կոչվում է հանգիստ, իսկ հանգիստը կոչվում է վերադարձ դեպի էություն։ Վերադարձ դեպի էություն - կոչվում է մշտականություն։ Մշտականության իմացությունը կոչվում է պարզության նվաճում, իսկ մշտականության անիմացությունը տանում է դեպի անկարգություն և (արդյունքում) դեպի չարիքը։ Մշտականության իմացողը դառնում է կատարյալ, ով հասնում է կատարելության՝ դառնում է արդար, ով ձեռք է բերում արդարություն՝ դառնում է միապետ։ Ով միապետ է դառնում հետևում է երկնքին։ Ով հետևում է երկնքին՝ հետևում է ԴԱՈՅԻՆ։ Նա, ով հետևում է ԴԱՈՅԻՆ, հավերժական է, և մինչև կյանքի վերջը (այդպիսի միապետը) վտանգի չի ենթարկվի։

17

     Լավ կառավարողը նա է, որի մասին ժողովուրդը գիտի միայն այն, որ նա գոյություն ունի։ Որոշ չափով վատ են այն կառավարողները, որոնք ժողովրդից պահանջում են սիրել իրեն և բարձրացնել։ Էլ ավելի վատ են այն կառավարողները, որոնցից ժողովուրդը վախենում է, և բոլորից վատ են այն կառավարողները, որոնք արհամարհում են ժողովրդին։ Ով չի արժանանում վստահության՝ նա չի օգտվում մարդկանց վստահությունից։ Ով խոհամիտ է և խոսքերի մեջ զուսպ, նա հաջողությամբ գործերն է կատարում և ժողովուրդն ասում է, որ նա հետևում է բնականությանը։

18

     Երբ հեռացրեցին մեծ ԴԱՈՆ, հայտնվեցին «մարդասիրությունը» և «արդարությունը»։ Երբ հայտնվեց իմաստասիրելը, ծնվեց նաև մեծ երկերեսանիությունը։ Երբ վեց հարազատները կռվում են, այդ ժամանակ հայտնվում են «որդիական հարգարժանությունը» և «հայրական սերը»։ Երբ պետության մեջ անկարգությունն է իշխում, իսկույն հայտնվում են «հավատարիմ ծառաները»։

19

     Երբ հեռացվեն իմաստասիրությունն ու գիտնականությունը, ժողովուրդը կերջանկանա հարյուրապատիկ, երբ հեռացվեն մարդասիրությունը և «արդարությունը», ժողովուրդը կվերադառնա դեպի որդիական հարգարժանությունը և հայրական սերը, երբ կոչնչացվեն խորամանկությունն ու շահամոլությունը, կանհետանան գողերն ու ավազակները։ Այդ երեքը ծնվում են իմացության անբավարարությունից։ Պետք է մարդկանց սովորեցնել պարզության և համեստության, պակասեցնել (անձնական ցանկությունները) և ազատվել կրքերից։

20

     Երբ ոչնչացվի գիտնականությունը՝ չի լինի նաև տխրություն։ Ինչ փոքր է տարբերությունը խոստումի և քծնանքի միջև, և ինչ մեծ է տարբերությունը չարի և բարու միջև։ Պետք է խուսափել նրանից, ինչից մարդիկ վախենում են։
     Օ, ինչ քաոսային է (աշխարհը), ուր դեռևս կարգ չի հաստատվել։ Բոլորը ցնծում են, կարծես ներկա են հանդիսավոր հյուրասիրության կամ տոնում են գարնան մուտքը։ Միայն ես եմ հանգիստ և ինձ չեմ ցուցադրում աշխարհին։ Ես նման եմ դեռ աշխարհ չե­կած երեխայի։ Օ, ես սլանում եմ։ Կարծես թե կանգ առնելու վայր չկա։ Բոլորը լի են ցանկություններով, միայն ես եմ նման ամեն ինչից հրաժարվածին։ Ես սիրտն եմ հիմար մարդու։ Օ, ինչ դատարկ է այն։ Բոլորը լի են լույսով։ Միայն ես եմ նման խավարում սուզվածին։ Բոլորը հարցասեր են, միայն ես եմ անտարբեր։ Ես նման եմ նրան, ով սլանում է տարածություններով աշխարհի և չգիտի թե որտեղ կանգ առնի։ Բոլոր մարդիկ ի հայտ են բերում իրենց ունակությունը, և միայն ես եմ նման հիմարի և ստորի։ Մյուսներից միայն ես եմ տարբերվում նրանով, որ հիմքը տեսնում եմ ուտելիքի մեջ։

21

     Մեծ ԴԷԻ իմաստը ենթարկվում է միայն ԴԱՈՅԻՆ։ ԴԱՈՆ անմարմին է։ ԴԱՈՆ մշուշոտ է և անորոշ։ Բայց նրա մշուշի և անորոշության մեջ պատկերներ կան։ Նա մշուշոտ է և անորոշ։ Բայց նրա մշուշի և անորոշության մեջ թաքնված են իրերը։ Նա խորն է և մութ։ Բայց նրա խորության և մթության մեջ թաքնված են նրբագույն մասնիկները։ Այդ նրբագույն մասնիկները ունեն բարձր իրականություն և հավաստիություն։ Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը նրա անունը չի անհետանում։ Միայն նրան հետևելով կարելի է ճանաչել սկիզբը բոլոր իրերի։ Ինչպե՞ս ենք ճանաչում սկիզբը բոլոր իրերի։ Միայն շնորհիվ նրա։

22

     Անցյալում ասում էին. - «Պակասը կդառնա լրիվ, թևքը ուղիղ, դատարկը - լցված, հինը փոխվում է նորով, ձգտելով փոքրին՝ կհասնես մեծին, շատ ստանալու ձգտումը տանում է դեպի մոլորություն։ Կատարյալ իմաստունը այդ պատճառով լսում է այն ուսմունքը, որին պետք է հետևել աշխարհում։ Կատարյալ իմաստունը չի ելնում միայն իր տեսածից, դրա համար նա տեսնում է պարզորեն, նա չի համարում ճշմարիտ միայն իրեն, դրա համար նա տիրում է ճշմարտությանը, նա չի փառաբանում իրեն, դրա համար նա ունի վաստակած փառք, նա չի բարձրացնում իրեն, դրա համար նա բարձրն է բոլորի մեջ։ Նա ոչնչի չի հակառակվում, դրա համար նա անհաղթ է Աշխարհում։
     Հների խոսքը - «Պակասը կդառնա լրիվ», մի՞թե դատարկ խոսքեր էին։ Դրանք իրականում մարդուն ցույց են տալիս (իսկական) կատարելության ուղին։

23

     Պետք է քիչ խոսել, հետևել բնականության։ Ուժեղ քամին չի փչում ամբողջ առավոտ, ուժեղ անձրևը չի տևում ողջ օրը։ Ո՞վ է այդ ամենն անում։ Երկինքն ու երկիրը։ Անգամ երկինքն ու երկիրը չեն կարող հավերժական ինչ-որ բան անել, առավել ևս մարդը։ Դրա համար նա ծառայում է ԴԱՈՅԻՆ։ Ով ծառայում է ԴԱՈՅԻՆ՝ նա նույնացվում է ԴԱՈՅԻՆ։ Ով ծառայում է ԴԷԻՆ՝ նա նույնացվում է ԴԷԻՆ։ Ով կորցնում է՝ նա նույնացվում է կորցրածին։ Ով նույնացվում է ԴԱՈՅԻՆ՝ ձեռք է բերում ԴԱՈՆ։ Ով նույնացվում է ԴԷԻՆ՝ ձեռք է բերում ԴԷՆ։ Ով նույնացվում է կորցրածին՝ ձեռք է բերում կորցրածը։ Միայն կասկածներն են ծնում անհավատություն։

24

     Ով ձգվում է ոտքերի ծայրերի վրա՝ չէ կարող (երկար) կանգնել։ Ով մեծ քայլեր է անում՝ չի կարող (երկար) քայլել։ Ով ինքն իրեն ցուցադրում է աշխարհին` նա չի փայլում։ Ով ինքն իրեն է գովում՝ փառքի չի հասնում։ Ով հարձակվում է՝ հաջողության չի՝ հասնի։ Ով բարձրացնում է ինքն իրեն` նա մյուսների մեջ բարձր՝ չի դառնա։ Եթե ելնենք ԴԱՈՅԻՑ՝ դա կոչվում է ավելորդ ձգտում և անօգուտ վարմունք։ Այդպիսինին ատում են բոլորը։ ԴԱՈ ունեցողը չի անում այդ բանը։

25

     Ահա նա, քաոսում առաջացած, ավելի շուտ, քան երկինքն ու երկիրը։ Օ, անձայն։ Օ, ձև չունեցող։ Միայնակ կանգնած է նա և չի փոփոխվում։ Ամենուր գործում է նա և չունի սահման։ Նրան կարելի է կոչել Աշխարհի մայր։ Ես չգիտեմ նրա անունը։ Նշում եմ հիերոգլիֆով և անվանում ԴԱՈ, քմահաճորեն նրան անուն տալով կոչում եմ նրան ՄԵԾ։ ՄԵԾ՝ նա գտնվում է անվերջ շարժման մեջ։ Չհասնելով սահմանին՝ նա վերադառնում է (դեպի իր ակունքը): Ահա ինչու է մեծ ԴԱՈՆ, մեծ՝ երկինքը, մեծ՝ երկիրը, մեծ՝ նաև միապետը։ Տիեզերքում չորս մեծություններ կան, և նրանց մեջ՝ միապետը։
     Մարդը հետևում է երկրի (օրենքներին)։ Երկիրը հետևում է երկնքի (օրենքներին)։ Երկինքը հետևում է ԴԱՈՅԻ (օրենքներին), իսկ ԴԱՈՆ հետևում է ինքն իրեն։

26

     Ծանրը հանդիսանում է թեթևի հիմքը։ Հանգիստը գլխավորն է շարժման մեջ։ Կատարյալ իմաստունը ողջ օրը քայլելով չի հեռանում ծանրաբեռնված սայլից։ Թեև նա ապրում է գեղեցիկ կյանքով, բայց նա դրա մեջ չի խորասուզվում։ Ինչո՞ւ համար տասնյակ հազարավոր կառքերի տերը, ինքն իրենով զբաղված, այդքան արհամարհանքով է նայում աշխարհին։ Արհամարհանքը կործանում է նրա հիմքը, իսկ շտապողականությունը տանում է դեպի իշխանության կորուստ։

27

     Քայլել իմացողը հետքեր չի թողնում։ Խոսել իմացողը սխալներ չի անում։ Ով կարող է հաշվել՝ չի օգտվում հաշվիչ գործիքներից։ Ով կարող է դռները փակել չի օգտվում կողպեքից և փակում է դռները այնքան պինդ, որ բացել չի լինի։ Ով կարող է հանգույցներ կապել՝ պարան չի գործածում, բայց նրա կապածը քանդել չի լինի։ Կատարյալ իմաստունը հաջողությամբ փրկում է մարդկանց և նրանց չի լքում։ Նա միշտ կարող է փրկել էակներին և այդ պատճառով չի լքում նրանց։ Դա կոչվում է խոր իմաստություն։ Այսպիսով, բարին հանդիսանում է ուսուցիչն անբարիների, իսկ անբարիները՝ նրա հենարանը։ Եթե (անբարիները) չեն գնահատում իրենց ուսուցչին, իսկ բարին չի սիրում իր հենարանը, ապա նրանք (իրենք իրենց) խելոք համարող, թաղվում են կուրության մեջ։ Ահա ինչն է ամենից խորն ու կարևորը։

28

     Ով ճանաչում է իր քաջությունը և պահպանում է համեստություն, նա ինչպես լեռնային վտակ, գլխավորն է դառնում։ Ով գլխավորն է դառնում երկրում, նա չի հեռանում մշտակայուն ԴԷԻՑ և վերադառնում է դեպի մանկական վիճակը։ Ով ճանաչում է տոնականը և իր համար պահպանում սովորականը, նա բոլորի համար դառնում է օրինակ։ Ով օրինակ է դառնում բոլորի համար՝ նա հեռանում է մշտակայուն ԴԷԻՑ և վերադառնում սկզբնականին։ Ով ճանաչում է իր փառքը և պահպանում է իր համար անհայտությունը, նա գլխավորն է դառնում երկրում։ Ով գլխավորն է դառնում երկրում, նա հասնում է կատարելության մշտական ԴԷԻ մեջ և վերադառնում է բնականության։ Երբ քանդվում է բնականությունը՝ դառնում է միջոց, որի օգնությամբ կատարյալ իմաստունը դառնում է առաջնորդ և մեծ կարգը չի կործանվում։

29

     Երբ մեկը փորձում է ուժով տիրանալ երկրին, ապա, ինչպես տեսնում եմ, նա չի հասնի իր նպատակին։ Երկիրը նման է խորհրդավոր անոթի, որին չի կարելի ձեռք տալ։ Թե մեկը ձեռք տա նրան՝ անհաջողության կմատնվի։ Թե մեկը հափշտակի նրան՝ նրան կկորցնի։
     Այդ պատճառով, ոմանք գնում են, մյուսները հետևում են նրանց, ոմանք ծաղկում են, մյուսները՝ չորանում, ոմանք ամրապնդվում են, մյուսները՝ թուլանում, ոմանք ստեղծվում են, մյուսները՝ կործանվում։ Կատարյալ իմաստունը հրաժարվում է ավելորդություններից, հեռացնում ճոխությունն ու շռայլությունը։

30

     Ով ժողովրդին ծառայում է ԴԱՈՅԻ միջոցով, նա չի նվաճում մյուս երկրները իր զորքի օգնությամբ, քանի որ դա կարող է ուղղվել ընդդեմ նրա։ Ուր զորքեր են անցել, այնտեղ աճում են տատասկներ ու փշեր։ Մեծ պատերազմներից հետո վրա են գալիս սովի տարիները։ Հմուտ զորավարը հաղթում է և դրանով էլ կանգ առնում, նա չի համարձակվում ճնշում գործադրել։ Նա հաղթում է և իրեն չի փառաբանում։ Նա հաղթում է և չի հարձակվում։ Նա հաղթում է, բայց նա ռազմասեր չէ։ Երբ ուժերով լի մարդը ծերանում է՝ դա կոչվում է ԴԱՈՅԻ (բացակայություն)։ Ով չպահպանի ԴԱՈՆ՝ կկործանվի ժամանակից շուտ։

31

     Լավ զորքը դժբախտություն ծնող միջոց է, բոլոր էակները ատում են նրան։ ԴԱՈՅԻՆ հետևողը նրանից չի օգտվում։
     Բարեշնորհ (կառավարողը) խաղաղ տարիներին գերադասում է հարևան երկրների հետ զիջող լինել և միայն պատերազմի ժամանակ է ճնշում գործադրում։ Զորքը միջոց է դժբախտության, այդ պատճառով բարեշնորհ (կառավարողը) չի ձգտում օգտվել դրանից, նա դիմում է նրան, երբ իրեն ստիպում են։ Գլխավորն այն է, որ նա պահպանի հանգստություն և հաղթանակ տանելիս՝ չփառաբանի իրեն։ Փառաբանել ինքն իրեն հաղթանակի համար՝ նշանակում է ուրախանալ մարդկանց սպանությամբ։ Ով ուրախանում է մարդկանց սպանությամբ, նա երկրում չի կարող գտնել կարեկցանք։ Բարեկեցությունը հարգանքով է ստեղծվում, իսկ դժբախտությունը առաջանում է ճնշումից։
     Ձախից շարված են զորասյուների հրամանատարները, աջում կանգնած է զորավարը։ Ասում են, որ նրանց պետք է դիմավորել թաղման թափորներով։ Երբ շատ մարդկանց են սպանում՝ պետք է դառնորեն արտասվել։ Հաղթանակը պետք է նշվի թաղման թափորներով։

32

     ԴԱՈՆ հավերժ է և անանուն։ Թեև նա չնչին է, բայց ոչ-ոք չի կարող նրան ենթարկել իրեն։ Եթե ազնվականներն ու միապետները պահպանեն նրան, ապա մարդիկ հանգիստ կլինեն։ Երկինքն ու երկիրը այդ ժամանակ ձուլվում են ներդաշնակության մեջ, լինում է երջանկություն և բարեկեցություն, իսկ ժողովուրդը հանգստանում է առանց հրամանի։ Կարգ սահմանելիս հայտնվեցին անունները։ Քանի որ անուններն առաջացել են, պետք է իմանալ (նրանց գործածման) սահմանները։ Սահմանների իմացությունը թույլ է տալիս ազատվել վտանգներից։
     Երբ ԴԱՈՆ աշխարհում է (բոլոր էությունները լցվում են նրա մեջ), ինչպես լեռնային վտակներն են հոսում դեպի գետերն ու ծովերը։

33

     Մարդկանց իմացողը բարեմիտ է։ Լուսավորված է ինքն իրեն իմացողը։ Մարդկանց հաղթողը ուժեղ է։ Հզոր է ինքն իրեն հաղթողը։ Չափն իմացողը հարուստ է։ Ով գործում է համառությամբ՝ նա կամքի տեր է։ Ով չի կորցնում իր բնությունը՝ հավերժական է։ Անմահ է նա, ով մահանում է, բայց չի մոռացվում։

34

     Մեծ ԴԱՈՆ հոսում է ամենուր։ Նա կարող է գտնվել և աջում և ձախում։ Նրա շնորհիվ էակները ծնվում են և աճում անարգել։ Նա սխրանքներ է գործում, բայց չի ձգտում փառքի։ Սիրով դաստիարակում է բոլոր էակներին, բայց իրեն չի համարում նրանք տիրակալ։ Նա երբեք չունի սեփական ցանկություններ, դրա համար կարելի է նրան չնչին անվանել։ Բոլոր էությունները վերադառնում են նրան, բայց նա իրեն չի համարում նրանց տիրակալ։ Նրան կարելի է անվանել մեծ։ Նա մեծ է դառնում, որովհետև ինքն իրեն երբեք չի համարում այդպիսին ։

35

     Նրա մոտ, ով իրենով ներկայացնում է մեծ պատկերը (ԴԱՈՅԻ), ողջ ժողովուրդն է գալիս։ Մարդիկ գալիս են, նա վնաս չի պատճառում նրանց։ Նա բերում է նրանց խաղաղություն, հանգստություն, երաժշտություն և ուտելիք։ Անգամ ճանապարհորդն է նրա մոտ կանգ առնում։
     Երբ ԴԱՈՆ դուրս է ելնում բերանից, անալի է, անհամ։ Նա աննկատ է, նրան չեն լսում։ Գործողության մեջ նա անսպառ է։

36

     Որպեսզի ինչ-որ բան նեղացվի, պետք է նախապես լայնացվի այն։ Որպեսզի ինչ-որ բան թուլացվի, պետք ի նախապես ամրացվի այն։ Որպեսզի ինչ-որ բան ոչնչացվի, պետք է նախապես զարգացվի այն։ Որպեսզի ինչ-որ բան վերցվի ինչ-որ մեկից, պետք է նախապես տալ այն։ Դա անվանվում է խոր ճշմարտություն։ Փափուկն ու թույլը հաղթում են կոշտին և ուժեղին։ Ինչպես ձուկը չի կարող լքել խորությունը, այնպես էլ պետությունը չպետք է մարդկանց ցուցադրի կատարյալ մեթոդները իր (կառավարման)։

37

     ԴԱՈՆ մշտապես իրագործում է անգործությունը, բայց չկա մի բան, որ նա չանի։ Եթե ազնվականներն ու միապետները պահպանեն նրան՝ բոլոր էակներն էլ կփոխվեն իրենք իրենց։ Եթե նրանք, ովքեր փոփոխվում են, գործել կցանկանան, ես նրանց կճնշեմ անուն չունեցող հասարակ կեցության օգնությամբ։ Անուն չունեցողը՝ հասարակ կեցությունը, իր համար ոչինչ չի ցանկանում։ Ցանկությունների բացակայությունը բերում է հանգիստ, և կարգն այդ ժամանակ երկրում հաստատվում է ինքն իրեն։

38

     Բարձր ԴԷ ունեցողը չի ձգտում բարի գործերի, դրա համար էլ նա բարեգործ է, ցածր ԴԷ ունեցողը ձգտում է բարի գործերի, դրա համար էլ նա բարեգործ չէ, բարձր ԴԷ ունեցողը անգործունյա է, նա իրագործում է անգործությունը, ցածր ԴԷ ունեցողը գործունյա է, նրա գործերը դիտավորյալ են, բարձր մարդասիրություն ունեցողը իրագործում է անգործությունը, բարձր արդարություն ունեցող մարդը գործունյա է, նրա գործերը դիտավորյալ են, ծեսերը լրիվ պահպանող մարդը գործում է՝ (հուսալով փոխադարձը)։ Երբ նա չի ստանում փոխադարձը, դիմում է պատիժների։ Ահա թե ինչու ԴԷՆ հայտնվում է միայն կորստից հետո, մարդասիրությունը՝ ԴԷԻ կորստից հետո, արդարությունը մարդասիրության կորստից հետո, ծեսը՝ արդարության կորստից հետո։ Ծեսը նշանն է վստահության և նվիրվածության բացակայության։ (Ծեսի) մեջ - սկիզբն է պղտորության։
     Արտաքին տեսքը ԴԱՈՅԻ ծաղիկն է, տգիտության սկիզբը։ Այդ պատճառով (մեծ մարդը) վերցնում է էականը և թողնում չնչինը։ Նա վերցնում է պտուղը և նետում ծաղիկը։ Նա գերադասում է առաջինը և հրաժարվում երկրորդից։

39

     Ահա հին ժամանակներից միասնության մեջ գտնվողները։ Միասնության շնորհիվ երկինքը պարզ է դարձել, երկիրը՝ անսասան, ոգին՝ զգայուն, հովիտը՝ ծաղկած, և ծնվել են բոլոր կենդանի էակները։ Միասնության շնորհիվ ազնվականությունը և միապետները օրինակելի են դարձել աշխարհում։ Ահա ինչ է ստեղծում միասնությունը։
     Երբ երկինքը մաքուր չէ՝ կործանվում է, երբ երկիրը երերուն է՝ ճեղքվում է, երբ ոգին զգայուն չէ՝ անհետանում է, երբ հովիտը չի ծաղկում՝ դառնում է անապատ, երբ իրերը չեն ծնվում՝ անհետա­նում են, երբ ազնվականներն ու միապետները բարեշնորհության օրինակ չեն դառնում` տապալվում են։
     Ոչ ազնվական մարդիկ հանդիսանում են հիմքը ազնվականների, իսկ ցածրը` հիմքը բարձրի։ Այդ պատճառով ազնվականներն ու միապետները իրենց անվանում են «միայնակ», «որբ», «դժբախտ»։ Դա նրանից է, որ նրանք ոչ ազնվական մարդկանց չեն դիտում իբրև իրենց հիմքը։ Դա կեղծ ուղի է։ Եթե քանդեն կառքը՝ նրանից ոչինչ չի մնա։ Չի կարելի ինքն իրեն անվանել «թանկարժեք», ինչպես հասպիս, այլ պետք է լինել հասարակ, ինչպես քար։

40

     Կերպարանափոխությունը հակադրության՝ ԴԱՈՅԻ գործողությունն է, թուլությունը հատկանիշն է ԴԱՈՅԻ։ Աշխարհում բոլոր իրերը ծնվում են գոյի մեջ, իսկ գոյը ծնվում է չգոյության մեջ։

41

     Մեծ միտք ունեցողը ԴԱՈՅԻ մասին լսելով՝ ձգտում է նրա իրագործմանը։ Միջին միտք ունեցողը ԴԱՈՅԻ մասին լսելով՝ մերթ պահպանում է այն, մերթ խախտում։ Ցածր միտք ունեցողը ԴԱՈՅԻ մասին լսելով՝ ծաղրում է այն։ Եթե նա ծաղրի չենթարկվեր՝ ուրեմն նա ԴԱՈ չէր լինի։ Գոյություն ունի մի ասույթ. ով ճանաչում է ԴԱՈՆ՝ նման է խավարին, ով թափանցում է ԴԱՈՅԻ մեջ՝ նման է նահանջողին, ով ԴԱՈՅԻ բարձունքին է՝ նման է մոլորվածին, բարձր բարության մարդը նման է հասարակին, մեծ լուսավորվածը՝ արհամարհվածին, անսահման բարությունը նման է նրա պակասությանը, բարության տարածումը նման է նրա հափշտակությանը, իսկական ճշմարտությունը նման է նրա բացակայությանը։
     Մեծ քառակուսին չունի անկյուններ, մեծ անոթը երկար է պատրաստվում, բարձր հնչյունը անհնար է լսել, մեծ պատկերը ձև չունի։ ԴԱՈՆ թաքնված է (մեզանից) և չունի անուն։, Բայց միայն նա է ի վիճակի՝ օգնել (բոլոր էակներին) և տանել նրանց կատարելության։

42

     ԴԱՈՆ ծնում է մեկին, մեկը ծնում է երկուսին, երկուսը ծնում են երեքին, իսկ երեքը ծնում են բոլոր էակներին։ Բոլոր կենդանի էակները կրում են իրենց մեջ ԻՆ և ՅԱՆ, լցված են ՑԻ-ով և կազմում են մի ներդաշնակություն։
     Մարդիկ չեն սիրում «միայնակ», «որբ», «դժբախտ» անունները։ Բայց և այնպես գուները և վաները իրենց անվանում են այդ անուններով։ Այդ պատճառով իրերը բարձրանում են, երբ նրանց ցածրացնում են, և ցածրանում են՝ երբ նրանց բարձրացնում են։
     Ինչին սովորեցնում են մարդիկ՝ դրան սովորեցնում եմ և ես. ուժեղները և դաժանները չեն մեռնում իրենց մահով։ Ես դրանով առաջնորդվում եմ իմ ուսմունքի մեջ։

43

     Աշխարհում ամենաթույլերը հաղթում են ամենաուժեղներին։ Անգոյը թափանցում է ամեն տեղ և ամենուր։ Ահա ինչու ես գիտեմ օգուտը անգործության։ Աշխարհում չկա մի բան, որ համեմատվի լռության ուսմունքի և անգործության օգուտի հետ։

44

     Ի՞նչն է ավելի մոտ, փա՞ռքը, թե՞ կյանքը։ Ի՞նչն է ավելի թանկ, կյա՞նքը, թե՞ հարստությունը։ Ի՞նչն է ավելի ծանր վերապրելը՝ ստանա՞լը, թե՞ կորցնելը։ Ով շատ է խնայում՝ նա շատ է կորցնում։ Շատ կուտակողը ենթարկվում է շատ կորուստների։ Ով գիտի չափը, նա չի մատնվի անհաջողության։ Ով գիտի սահմանը, նա վտանգի չի ենթարկվի։ Նա կդառնա հավերժական։

45

     Մեծ կատարելությունը նման է մեծ անկատարության, նրա գործողությունը խախտվել (չի կարող), մեծ լիությունը նման է դատարկության, բայց անսպառ է նրա գործողությունը։ Մեծ ուղիղը նման է թեքին, մեծ սրամտությունը նման է հիմարության, մեծ հռետորը նման է կակազին։
     Քայլելը հաղթում է ցրտին, անդորրը հաղթում է շոգին։ Հանգստությունը կարգ է հաստատում աշխարհում։

46

     Երբ ԴԱՈՆ գոյություն ունի երկրում, ձիերը պարարտացնում են հողը, երբ ԴԱՈՆ բացակայում է երկրում՝ ձիերը արածում են ծայրամասերում։ Չկա ավելի մեծ դժբախտություն, քան կրքերի սահմանը չիմանալը, և չկա ավելի մեծ վտանգ, քան ձգտումը (հարստության)։ Ով կարող է բավարարվել՝ նա միշտ գոհ է կյանքից։

47

     Բակից դուրս չգալով՝ կարելի է աշխարհը ճանաչել։ Պատուհանից դուրս չնայելով՝ կարելի է տեսնել բնական ԴԱՈՆ։ Ինչքան շատ ես գնում, այնքան քիչ ես ճանաչում։ Կատարյալ իմաստունը չի գնում, բայց գիտի (ամեն ինչ)։ Իրերը չտեսնելով՝ նա թափանցում է նրանց (էության մեջ)։ Չգործելով` նա հասնում է հաջողութան։

48

     Ով սովորում է՝ օրեցօր մեծացնում է (իր գիտելիքները)։ Ով ծառայում է ԴԱՈՅԻՆ՝ օրեցօր փոքրացնում է (իր ցանկությունները)։ Անվերջ փոքրացնելով՝ մարդը հասնում է անգործության։ Չկա մի բան, որ չկատարի անգործությունը։ Այդ պատճառով Աշխարհին տիրանալը միշտ իրագործվում է անգործության միջոցով։ Ով գործում է՝ ի վիճակի չէ տիրանալ Աշխարհին։

49

     Կատարյալ իմաստունը մշտական սիրտ չունի։ Նրա սիրտը կազմված է ժողովրդի սրտերից։ Ես բարուն բարություն եմ անում, անբարիին նույնպես բարություն եմ անում։ Այդ ձևով դաստիարակվում է բարությունը։ Անկեղծներին ես հավատարիմ եմ և ոչ անկեղծներին նույնպես հավատարիմ եմ։ Այդ ձևով դաստիարակվում է անկեղծությունը։ Կատարյալ իմաստունը հանգիստ է ապրում աշխարհում և իր սրտում հավաքում է ժողովրդի կարծիքը։ Նա ժողովրդին նայում է իբրև իր զավակների։

50

     Կենդանի էակները ծնվում են ու մեռնում։ Տասը մարդուց երեքը (գնում են) դեպի կյանք, երեքը դեպի մահ։ Ամեն տասից ևս երեքը մեռնում են իրենց գործողություններից։ Ինչո՞ւ է դա այդպես։ Դա նրանից է, որ նրանց մեջ չափազանց ուժեղ է կյանքի ձգտումը։ Ես լսել եմ, որ ով կարողանում է տիրանալ կյանքին, գնում է երկրի վրայով, չի վախենում ռնգեղջյուրից ու վագրից, կռվի է բռնվում նրանց հետ, չի վախենում զինված զինվորներից։ Ռնգեղջյուրը նրա մեջ խոցելու տեղ չի գտնում, վագրը չգիտի՝ ուր խրի իր ճիրանները, իսկ զինվորները չգիտեն՝ ի՞նչը թրատեն։ Ի՞նչն է պատճառը։ Այն, որ նրա համար մահ գոյություն չունի։

51

     ԴԱՈՆ ծնում է (իրերին), ԴԷՆ սնում է (նրանց)։ Իրերը ձևավորվում են, ձևերն՝ ավարտվում։ Չկա մի առարկա, որ չմեծարի ԴԱՈՅԻՆ և չգնահատի ԴԷԻՆ։ ԴԱՈՆ մեծարված է, ԴԷՆ՝ գնահատ­ված, որովհետև նրանք հրամաններ չեն տալիս, այլ հետևում են բնականությանը։
     ԴԱՈՆ ծնում է (իրերին), ԴԷՆ սնում է (նրանց), աճեցնում, դաստիարակում, զարգացնում, հասունացնում, խնամում, պահպանում է նրանց։ Ստեղծել և չյուրացնել, արարել և չգովաբանել ինքն իրեն, մեծ լինելով՝ չկարգադրել - ահա ինչն է կոչվում խորագույն ԴԷ։

52

     Աշխարհում կա սկիզբ, և դա մայրն է Աշխարհի։ Երբ ընկալ­վի մայրը կարելի է ճանաչել նաև զավակներին։ Երբ արդեն հայտնի են նրա զավակները, նորից պետք է հիշել նրանց մորը։ Այդ դեպքում մարդու համար մինչև կյանքի վերջը վտանգ չի լինի։ Երբ մարդը թողնում է իր ցանկությունները և ազատվում կրքերից, ապա նա մինչև իր կյանքի վերջը հոգնություն չի ունենում։ Իսկ երբ նա բաց է թողնում իր կրքերը և ամբողջովին կլանվում գործերով՝ նա (փորձանքներից փրկություն) չի ունենա։
     Փոքրագույնի տեսնելը կոչվում է սրատեսություն։ Թուլության պահպանությունը կոչվում է հզորություն։ Հետևել ԴԱՈՅԻ փայլին, ընկալել նրա խորագույն իմաստը, մարդկանց դժբախտություն չբերել - դա պահպանումն է մշտականության։

53

     Եթե ես տիրանայի գիտելիքների՝ կգնայի մեծ ճանապարհով։ Միակ բանը, որից ես վախենում եմ՝ նեղ արահետն է։ Մեծ ճանապարհը կատարելապես հարթ է, բայց ժողովուրդը նեղ արահետն է սիրում։
     Երբ պալատը շքեղ է, դաշտերը պատված են մոլախոտերով և շտեմարանները լրիվ դատարկ են։ Ազնվականները հագնում են ճոխ զգեստներ, կրում սուր թրեր, չեն բավարարվում (սովորական) ուտելիքով և կուտակում են ավելորդ հարստություն։ Դա կոչվում է ավազակություն և ամբարտավանություն։ Դա խախտումն է ԴԱՈՅԻ։

54

     Ով կարող է ամուր կանգնել, նրան չի կարելի ցած նետել։ Ով կարող է հենվել, նրան անհնար է տապալել։ Որդիներն ու թոռները հավերժ կպահեն նրա հիշատակը։ Ով կատարելագործում է իր մեջ (ԴԱՈՆ), նրա մեջ բարությունը դառնում է անկեղծ։ Ով կատարելագործում է (ԴԱՈՆ) ընտանիքում, նրա բարությունը սաստկանում է։ Ով կատարելագործում է (ԴԱՈՆ) գյուղում, նրա բարությունը ընդարձակվում է։ Ով կատարելագործում է (ԴԱՈՆ) թագավորության մեջ, նրա բարությունը հարստանում է։ Ով կատարելագործում է (ԴԱՈՆ) Աշխարհում, նրա բարությունը դառնում է համընդհանուր։ Մարդն ինքն իրենով կարող է ճանաչել մյուսներին, մեկ ընտանիքով կարելի է ճանաչել մյուսներին, մեկ գյուղով կարելի է ճանաչել մյուսներին, մեկ թագավորությամբ կարելի է ճանաչել մյուսներին, մեկ երկրով կարելի է ճանաչել ամբողջ Աշխարհը։ Ինչպե՞ս եմ ես իմանում, որ այդպիսին է Աշխարհը։ Վարվելով այդպես։

55

     Ով իր մեջ կրում է կատարյալ ԴԷՆ, նման է նորածնին։ Թու­նավոր միջատներն ու օձերը չեն խայթում նրան, կատաղի գազանները նրան չեն հոշոտում, գիշատիչ թռչունները նրան չեն կտցում։ Նրա ոսկորները փափուկ են, մկանները՝ թույլ, բայց նա ամուր է պահում ԴԱՈՆ։ Երկու սեռերի միությունը չիմանալով նա ունի կենսական ուժեր։ Նա շատ զգայուն է։ Նա ճչում է ողջ օրը և նրա ձայնը չի փոխվում։ Նա կատարյալ ներդաշնակ է։
     Ներդաշնակության իմացությունը կոչվում է մշտականություն։ Մշտականության իմացությունը կոչվում է իմաստություն։ Կյանքի հարստացումը կոչվում է երջանկություն։ Զգացմունքները կառավարելու ձգտումը կոչվում է համառություն։ Ուժերով լի էակը ծերանում է, դա կոչվում է ԴԱՈՅԻ խախտում։ Ով չի պահպանում ԴԱՈՆ, կործանվում է ժամանակից շուտ։

56

     Ով գիտի՝ չի խոսում։ Ով խոսում է՝ չգիտի։ Ով թողնում է իր ցանկությունները, հրաժարվում կրքերից, բթացնում իր խորաթափանցությունը, ազատում իրեն քաոսից, չափավորում իր փայլը, նմանեցնում իրեն փոշեհատիկի, դարձնում է իրեն ամենախորագույն։ Նրան չի կարելի մոտեցնել մտերմանալու համար, նրան չի կարելի մոտեցնել արհամարհելու համար, նրան չի կարելի մոտեցնել օգտվելու համար, նրան չի կարելի մոտեցնել բարձրացնելու համար, նրան չի կարելի մոտեցնել ցածրացնելու համար։ Ահա ինչու է նա հարգված Աշխարհում։

57

     Երկիրը կառավարվում է արդարությամբ, պատերազմը մղվում է խորամանկությամբ։ Աշխարհը ստանում են անգործությամբ։ Ես որտեղի՞ց գիտեմ այդ ամենը։ Ահա որտեղից. երբ երկրում արգելակիչ օրենքներ շատ կան, ժողովուրդը թշվառանում է։ Երբ ժողովուրդը զենքեր շատ ունի, երկրում մեծանում են պղտորությունները։ Երբ հմուտ վարպետներ շատ կան, շատանում են հազվագյուտ իրերը։ Երբ շատանում են օրենքներն ու հրամանները, մեծանում է թիվը գողերի և ավազակների։
     Կատարյալ իմաստունը ասում է - «Եթե ես չգործեմ՝ ժողովուրդը կգտնվի ինքնափոփոխության մեջ, եթե ես հանգիստ լինեմ՝ ժողովուրդն ինքն իրեն կուղղվի։ Եթե ես պասսիվ եմ՝ ժողովուրդն ինքը կհարստանա, եթե ես չունենամ կրքեր՝ ժողովուրդը պարզասիրտ կդառնա»։

58

     Երբ կառավարությունը հանգիստ է, պարզասիրտ է դառնում ժողովուրդը։ Երբ կառավարությունը գործունյա է, ժողովուրդը դժբախտանում է։ Օ, դժբախտություն։ Նա բախտավորության հիմքն է հանդիսանում։ Օ, բախտավորություն։ Նրա մեջ է ներփակված դժբախտությունը։ Ո՞վ գիտի նրանց սահմանները։ Նրանք չունեն մշտականություն։ Արդարությունը նորից վերափոխվում է խորամանկության, բարին՝ չարի։ Մարդն արդեն վաղուց մոլորության մեջ է։ Կատարյալ իմաստունը արդար է և ոչինչ չի խլում մյուսներից։ Նա անշահախնդիր է և չի վնասում մյուսներին։ Նա ճշմարիտ է և ոչ մի վատ բան լի անում։ Նա լուսավոր է, բայց չի ցանկանում փայլել։

59

     Կառավարելով մարդկանց և ծառայելով երկնքին՝ ամենալավը զսպվածություն պահելն է։ Զսպվածությունը պետք է գլխավոր հոգսը լինի։ Դա կոչվում է ԴԷԻ կատարելագործում։ ԴԷԻ կատարելագործումը ամենահաղթ է։ Ամենահաղթը անսպառ ուժերի է տիրում։ Անսպառ ուժը հնարավորություն է տալիս տիրանալ երկրին։
     Սկիզբը, որի օգնությամբ երկիրն է կառավարվում, հավիտե­նական է և կոչվում է խոր ու ամուր, հավերժ գոյություն ունեցող ԴԱՈ։

60

     Մեծ թագավորություն կառավարելը նման է մանր ձկներից ճաշ պատրաստելուն։ Եթե Աշխարհը կառավարվի, հետևելով ԴԱՈՅԻՆ, ապա (հանգուցյալների) չար ոգիները չեն կարող գործել։ Բայց չար ոգիները ոչ միայն չեն կարող գործել, այլ նաև չեն կարող վնասել մարդկանց։ Ոչ միայն նրանք չեն կարող վնասել մարդկանց, այլ նաև կատարյալ իմաստունները չեն կարող վնասել մարդկանց։ Քանի որ և սրանք, և նրանք չեն կարող վնասել մարդկանց, ապա նրանց ԴԷ-երը իրար են միանում։

61

     Մեծ թագավորությունը ստորին ավազանն է գետի, հանգույցը Աշխարհի, էգը Աշխարհի։ Էգը իր անխռովությամբ միշտ հաղթահարում է արուին, իսկ իր անխռովությամբ (նա) ցածր է կանգնած (արուից)։ Այդ պատճառով մեծ թագավորությունը իրեն է տրամադրում փոքրին նրանով, որ իրեն ավելի ցածր է դնում քան վերջինը, իսկ փոքր թագավորությունը մեծ թագավորության համակրանքն է շահում նրանով, որ իրեն ավելի ցածր է դնում, քան վերջինը։ Դեպի իրեն տրամադրում են կամ նրանով, որ իրեն ցածր են դասում, կամ նրանով, որ իրենք ինքնըստինքյան ցածր են։ Թող մեծ թագավորությունը ցանկանա ոչ ավելի, որ բոլորն էլ հավասարապես կերակրված լինեն, իսկ փոքրը թող ցանկանա ոչ ավելին, քան մարդկանց ծառայել։ Այդ ժամանակ երկուսն էլ կստանան այն, ինչ ցանկանում են։ Մեծին սահմանված է լինել ներքևում։

62

     ԴԱՈՆ խոր (հիմքն է) բոլոր իրերի։ նա գանձն է բարիների և պաշտպանը անբարիների։ Գեղեցիկ խոսքերը կարելի է ասել հրապարակայնորեն, բարի վարմունքը կարելի է տարածել մարդկանց վրա։ Բայց ինչո՞ւ լքել անբարի մարդկանց։ Այդ դեպքում՝ ինչի՞ համար են առաջ քաշում միապետին և նրան նշանակում երեք խորհրդատուներ։
     Միապետը և խորհրդատուները թեև կրում են թանկարժեք քարեր և կարող են երթևեկել կառքերով, բայց լավ կլինի, որ նրանք հանգիստ հետևեն ԴԱՈՅԻՆ։
     Ինչո՞ւ են անցյալում գնահատել ԴԱՈՆ։ Այն ժամանակներում մարդիկ չեն ձգտել հարստության կուտակման և հանցանքները ներվում էին։ Այդ պատճառով ԴԱՈՆ թանկ էր գնահատվում Աշխարհում ։

63

     Պետք է իրագործել անգործությունը, պահպանել հանգստություն և ճաշակել անհամը։ Մեծը կազմված է փոքրից, իսկ շատը՝ քչից։ Ատելությանը պետք է պատասխանել բարությամբ։
     Դժվարի հաղթահարումը սկսվում է դյուրինից, մեծի իրագործումը փոքրից է սկսվում, որովհետև աշխարհում դժվարը կազմվում է դյուրինից, իսկ մեծը՝ փոքրից։ Կատարյալ իմաստունը չի սկսում մեծից, դրանով էլ նա իրագործում է մեծը։ Ով շատ է խոստանում՝ արժանի չէ վստահության։ Ուր շատ են դյուրին գործերը, այնտեղ շատ են նաև դժվարները։ Կատարյալ իմաստունը գործին վերաբերվում է իբրև դժվարի, այդ պատճառով նա դժվարություն չի կրում։

64

     Այն, ինչը հանգիստ է, հեշտ է պահպանել։ Այն, ինչը դեռ նշաններ ցույց չի տվել, հեշտ է ուղղություն տալ։ Այն, ինչը թույլ է, հեշտ է բաժանել։ Այն, ինչը փոքր է, հեշտ է ցրել։ Գործողությունը պետք է սկսել նրանից, ինչը դեռ չկա։ Կարգի հաստատումը պետք է սկսել այն ժամանակ, երբ դեռ չկա խառնակություն։ Որովհետև մեծ ծառը աճում է փոքրից, իննհարկանի աշտարակը սկսում է կառուցվել մի բուռ հողից, հազարավոր Լի ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից։
     Ով գործում է՝ անհաջողության է մատնվում։ Ով տիրում է ինչ-որ բանի՝ կորցնում է այն։ Կատարյալ իմաստունը անգործունյա է, և նա չի մատնվում անհաջողության։ Նա ոչինչ չունի, դրա համար էլ ոչինչ չի կորցնում։ Նրանք, ովքեր գործ անելով, շտապում են հաջողության հասնել, մատնվում են անհաջողության։ Ով զգուշորեն ավարտում է գործը, այնպես, ինչպես սկսել էր, նա կունենա հաջողություն։ Կատարյալ իմաստունը չունի կրքեր, չի գնահատում դժվարամատչելի առարկաները, սովորում է նրանցից, ովքեր գիտելիքներ չունեն, և գնում է այն ուղիով, որով մյուսներն են գնացել։ Նա հետևում է իրերի բնականությանը և չի համարձակվում (ինքնակամ) գործել։

65

     Անցյալում նրանք, ովքեր հետևում էին ԴԱՈՅԻՆ, չէին լուսավորում ժողովրդին, այլ պահում էին նրան տգիտության մեջ։ Դժվար է կառավարել ժողովրդին, երբ նա շատ գիտելիքներ ունի։ Գիտելիքների օգնությամբ երկրի կառավարումը երկրին դժբախտություն է բերում, իսկ առանց դրանց օգնության՝ բերում է երջանկություն։ Ով գիտի այդ երկու բաները, նա մյուսների համար դառնում է օրինակ։ Դրա իմացումը՝ իմացումն է ամենախոր ԴԷԻ։ Ամենախոր ԴԷՆ, որը և խորն է, և հեռու։ Նա հակադիր է բոլոր կենդանի էակներին, բայց նրանց համապատասխանեցնում է (իր հետ )։

66

     Գետերն ու ծովերը այն պատճառով են իշխում հարթությունների վրա, որ նրանք ընդունակ են հոսելու ներքև։ Դրա համար Նրանք իշխում են հարթությունների վրա։
     Երբ (կատարյալ իմաստունը) ցանկանում է բարձրանալ ժողովրդից վեր, նա պետք է իրեն մյուսներից ավելի ցածր դասի։ Երբ նա ցանկանում է մարդկանց առջևում լինել, պետք է իրեն պահի մյուսների ետևում։ Այդ պատճառով, թեև նա բարձրանում է ժողովրդից վեր, բայց նա ժողովրդի համար բեռ չի լինում, թեև նա գտնվում է առջևում, բայց ժողովուրդը նրան չի վնասում։ Դրա համար մարդիկ ուրախությամբ նրան առաջ են քաշում և նրանից երեսները չեն թեքում։ Նա չի պայքարում, դրա շնորհիվ նա անհաղթ է։

67

     Բոլորն այն մասին են ասում, որ իմ ԴԱՈՆ մեծ է և չի փոքրանում։ Եթե նա փոքրանար, ապա երկար ժամանակից նա պետք է փոքր դառնար։ Նա չի փոքրանում, որովհետև մեծ է։
     Ես երեք հարստություն ունեմ, որոնց թանկ եմ գնահատում - առաջինը՝ մարդասիրությունը, երկրորդը՝ խնայողությունը, իսկ երրորդը այն է, որ ես չեմ հանդգնում մյուսների առջևում լինել։ Ես մարդասեր եմ, այդ պատճառով կարող եմ խիզախ լինել։ Ես խնայող եմ, այդ պատճառով կարող եմ շռայլ լինել։ Ես չեմ հանդգնում լինել առջևում, այդ պատճառով կարող եմ խելոք առաջնորդ լինել։
     Ով խիզախ է առանց մարդասիրության, շռայլ է առանց խնայողության, գտնվում է առջևում, բայց ետ է հրում ետևում կանգնածներին՝ նա կործանվում է։ Ով մարդասիրությամբ է պատերազմ մղում՝ հաղթանակում է, և նրա կառուցած պաշտպանությունը անմատչելի է։ Երկինքը փրկում է նրան, մարդասիրությունը՝ պահպանում։

68

     Խելոք զորավարը ռազմատենչ չի լինում։ Խելոք զինվորը կատաղի չի լինում։ Թշնամուն հաղթել կարողացողը չի հարձակվում։ Մարդկանց կառավարել կարողացողը ստոր վիճակներում չի դնում իրեն։ Դա ես անվանում եմ պայքարից խուսափող ԴԷ։ Դա ուժ է մարդկանց կառավարման մեջ։ Դա նշանակում է հետևել բնությանը և (ԴԱՈՅԻ) հնագույն սկզբին։

69

     Ռազմական արվեստն ասում է.՝ - Ես չեմ հանդգնում առաջինը հարձակվել, ես պետք է սպասեմ։ Ես չեմ հանդգնում թեկուզ մի վերստ առաջ հարձակվել, ես նահանջում եմ մի մետր ետ։ Դա կոչվում է գործողություն՝ անգործության միջոցով, հարված՝ առանց Ճիգի։ Այդ դեպքում հակառակորդ չի լինի և ես կարող եմ գործն անել առանց զինվորի։ Չկա փորձանք ավելի, քան հակառակորդին թերագնահատելը։ Հակառակորդին թերագնահատելը վնասում է իմ ամենաթանկ միջոցին (ԴԱՈՅԻՆ)։ Ճակատամարտի արդյունքում նրանք, ովքեր վշտանում են, հաղթանակ են տանում։

70

     Իմ խոսքերը հեշտ է հասկանալ և հեշտ է իրագործել։ Բայց մարդիկ չեն կարողանում հասկանալ և չեն կարողանում իրագործել։ Սկիզբը բառերի մեջ է, հիմնականը գործերի մեջ է։ Քանի որ մարդիկ նրանց չգիտեն, ապա չգիտեն նաև ինձ։ Երբ ինձ քիչ գիտեն՝ ես թանկ եմ։ Կատարյալ իմաստունը նման է նրան, ով հագնվում է կոպիտ հագուստներով, բայց իր մոտ հասպիս է պահում։

71

     Ով գիտելիք ունենալով ցույց է տալիս՝ թե չգիտի, նա բարձր է բոլորից։ Ով գիտելիք չունենալով ցույց է տալիս՝ թե գիտի, նա հիվանդ է։ Ով հիվանդ լինելով ցույց է տալիս իրեն հիվանդ, նա հիվանդ չէ։ Կատարյալ իմաստունը հիվանդ չէ։ Հիվանդ լինելով՝ նա իրեն հիվանդ է համարում, դրա համար նա հիվանդ չէ։

72

     Երբ ժողովուրդը չի վախենում հզորներից, այդ ժամանակ հայտնվում է հզորությունը։ Մի նեղացրեք նրա բնակատեղին, մի արհամարհեք նրա կյանքը։ Ով չի արհամարհում ժողովրդին, նա չի արհամարհվի (ժողովրդից)։ Կատարյալ իմաստունը ինքն իրեն ճանաչելով՝ իրեն չի ցուցադրում։ Նա սիրում է իրեն և իրեն չի բարձրացնում։ Նա հրաժարվում է ինքնասիրությունից և գերադասում է չբարձրացվել։

73

     Ով խիզախ է և ռազմատենչ՝ կործանվում է, ով խիզախ է և ոչ ռազմատենչ՝ ապրում է։ Դրանք նշանակում են. մեկը՝ օգուտ, մյուսը՝ վնաս։ Ո՞վ գիտի պատճառն այն բանի, որ երկինքը ատում է (ռազմատենչներին)։ Դրա բացատրությունը դժվար է նաև կատարյալ իմաստունի համար։ Երկնային ԴԱՈՆ չի պայքարում, բայց կարողանում է հաղթել։ Նա չի խոսում, բայց կարողանում է պատասխանել։ Նա ինքն է գալիս։ Նա հանգիստ է և կարողանում է կառավարել (իրերը)։ Բնության ցանցը նոսր է, բայց ոչինչ բաց չի թողնում։

74

     Եթե ժողովուրդը չի վախենում մահից՝ ուրեմն էլ ինչո՞ւ սպառնալ նրան մահով։ Ով մարդկանց ստիպում է վախենալ մահից և այդ զբաղմունքը համարում է հետաքրքիր, դրան ես կբռնեմ և կոչնչացնեմ։ Ո՞վ է համարձակվում այդպես գործել։
     Միշտ գոյություն ունի մահը կրող, որը սպանում է։ Իսկ եթե որևէ մեկը փոխարինի նրան, դա նշանակում է, որ նա փոխարինում է մեծ վարպետին։ Ով փոխարինելով մեծ վարպետին՝ կկտրի կացնով, նա կկտրի իր ձեռքը։

75

     Ժողովուրդը քաղցում է այն պատճառով, որ իշխանությունները չափազանց շատ հարկ են վերցնում։ Ահա ինչու է (ժողովուրդը) քաղցում։ Ժողովրդին դժվար է կառավարել այն պատճառով, որ իշխանությունները չափազանց գործարար են։ Ահա ինչու է կառավարելը դժվար։ Ժողովուրդն ատում է մահը այն պատճառով, որ չափազանց շատ է ձգտում կյանքին։ Ահա ինչու են մահը ատում։ Ով արհամարհում է իր կյանքը, նա դրանով գնահատում է իր կյանքը։

76

     Մարդը ծնվելիս նուրբ է և թույլ, իսկ մահանալիս՝ կոշտ է և ամուր։ Բոլոր էակները և բույսերը ծնվելիս նուրբ են և թույլ, իսկ մահանալիս՝ չոր են և փտած։ Կոշտն ու ամուրը այն է, ինչը կործանվում է, նուրբը և թույլը՝ ապրել սկսողը։ Այդ պատճառով հզորագույն զորքը հաղթանակ չի տանում և ամուր ծառը կործանվում է։ Ուժեղն ու հզորը չունեն այն առավելությունը, որ ունեն նուրբը և թույլը։

77

     Երկնային ԴԱՈՆ ձգված աղեղ է հիշեցնում։ Երբ ցածրանում է նրա վերևի մասը՝ բարձրանում է ներքևինը։ Նա վերցնում է ավելորդը և տալիս վերցրածը նրան, ում դա պակասում է։ Երկնային ԴԱՈՆ հարուստներից վերցնում և աղքատներին է տալիս այն, ինչը վերցված էր նրանցից։ Իսկ մարդկային ԴԱՈՆ՝ ընդհակառակը։ Նա վերցնում է աղքատներից և տալիս հարուստներին այն, ինչը վերցված էր։ Ո՞վ կարող է մյուսներին տալ բոլոր ավելորդները։ Դա կարող են անել միայն նրանք, ովքեր հետևում են ԴԱՈՅԻՆ։ Կատարյալ իմաստունը անում է և չի օգտվում արածից սխրանքներ է գործում և չի փառաբանում իրեն։ Նա բարեշնորհ է նրանով, որ կրքեր չունի։

78

     Ջուրը ամենափափուկն ու ամենաթույլն է աշխարհում, բայց կոշտի և ամուրի հաղթահարման մեջ նա անհաղթելի է և աշխարհում չունի իրեն հավասար։ Թույլերը հաղթում են ուժեղներին, փափուկը հաղթում է կոշտին։ Դա գիտեն բոլորը, բայց մարդիկ չեն կարողանում դա իրագործել։ Կատարյալ իմաստունը ասում է. - «Ով իր վրա է վերցնում երկրի ստորացումը՝ դառնում է երկրի ղեկավար, և ով իր վրա է վերցնում երկրի դժբախտությունը՝ դառնում է տիրակալ»։
     ճշմարիտ խոսքերը նման են իրենց հակադրությանը։

79

     Մեծ զայրույթից հետո անպատճառ մնում են նրա հետևանքները։ Ինչպե՞ս կարելի է դա բարի կոչել։ Կատարյալ իմաստունը երդում է տալիս՝ ոչ ոքի չվիրավորել։ Բարիները ձգտում են համաձայնության, իսկ անբարիները՝ շահամոլության։ Երկնային ԴԱՈՆ բոլորի նկատմամբ նույն կերպ է վերաբերվում, նա միշտ բարիների կողմն է։

80

     Թող պետությունը փոքր լինի, բնակչությունը՝ նոսր։ Եթե (պետության մեջ) տարբեր գործիքներ կան, պետք չէ օգտվել նրանցից։ Թող մարդիկ մինչև կյանքի վերջը չհեռանան իրենց վայրերից։ Եթե (պետության մեջ) նավակներ և կառքեր կան, պետք չէ օգտվել նրանցից։ Անգամ եթե զինվորներ կան, պետք չէ նրանց ցուցադրել։ Թող ժողովուրդը գրերի փոխարեն նորից սկսի զամբյուղներ հյուսել։ Թող նրա սնունդը համեղ լինի, հագուստը՝ գեղեցիկ, բնակարանը՝ հարմար, իսկ կյանքը՝ ուրախ։ Թող հարևան պետությունները նայեն իրար, լսեն մեկը մյուսից երգեցողությունը աքլորների և հաչոցը շների, իսկ մարդիկ մինչև ծերություն և մահ չայցելեն մեկը մյուսին։

81

     Ճշմարիտ խոսքերը գեղեցիկ չեն։ Գեղեցիկ խոսքերը վստահության չեն արժանանում։ Բարին պերճախոս չէ։ Պերճախոսը չի կարող բարի լինել։ Իմացողը չի ապացուցում, ապացուցողը չի իմանում։
     Կատարյալ իմաստունը ոչինչ չի կուտակում։ Նա ամեն ինչ անում է մարդկանց համար և ամեն ինչ տալիս է մյուսներին։ Երկնային ԴԱՈՆ բոլոր էակներին օգուտ է բերում և չի վնասում ոչ մեկին։ Կատարյալ իմաստունի ԴԱՈՆ - գործողությունն է առանց պայքարի։