ՀԵՐՈՍՆԵՐ

ՀԻՆԳ ԴԱՐ (1)

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Լուսապայծառ Օլիմպոսում ապրող անմահ աստվածները մարդկային առաջին ցեղը երջանիկ ստեղծեցին, դա ոսկեդարն էր։ Այն ժամանակ Քրոնոս աստվածն էր տիրում երկնքում: Մարդիկ այն ժամանակ ապրում էին իբրև երանելի աստվածներ՝ չիմանալով, թե ի՛նչ է հոգսը, ի՛նչ է աշխատանքն ու վիշտը: Չգիտեին նաև, թե ի՛նչ բան է ուժահատ ծերությունը. մշտապես ուժեղ էին ու ամուր նրանց ձեռքերն ու ոտքերը: Նրանց անվիշտ ու երջանիկ կյանքը մի հավերժական խրախճանք էր։ Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի: Ամեն ինչ լիառատ էր նրանց կյանքում: Հողն ինքը նրանց հարուստ բերք էր տալիս, և նրանց չէր վիճակված աշխատանք թափել դաշտերի այգիների մշակման համար: Բազում հոտեր ու նախիրներ ունեին, որոնք անխռով արածում էին արգավանդ արոտավայրերում: Անդորր կյանք էին վարում ոսկեդարի մարդիկ: Աստվածներն անգամ նրանց հետ խորհրդի էին նստում: Բայց ոսկեդարը հասավ իր վախճանին, և այդ սերնդի մարդկանցից ոչ ոք չմնաց: Մահվանից հետո ոսկեդարի մարդիկ դարձան ոգիներ, գալիք նորանոր սերունդների հովանավորներ: Մշուշով պարուրված՝ նրանք սուրում են երկրով մեկ՝ սատար կանգնելով արդարությանը և պատժելով չարը: Նրանց, մահվանից հետո, այդ պարգևը շնորհել էր Զևսը:
     Մարդկային երկրորդ ցեղը և երկրորդ դարն արդեն այնքան երջանիկ չէին, որքան առաջինը: Դա արծաթի դարն էր: Արծաթի դարի մարդիկ հավասար չէին ոսկեդարի մարդկանց ո՛չ ուժով, ո՛չ էլ բանականությամբ: Հարյուր տարի ապրում էին նրանք իրենց մայրերի տանն իբրև անխելամիտներ և առնանալուն պես լքում էին մայրական տունը: Կարճ էր տևում նրանց կյանքը հասուն տարիքում և, քանի որ անխելամիտ էին, ապա իրենց կյանքում բազում ձախորդություններ ու վիշտ էին տեսնում: Անհնազանդ էին արծաթի դարի մարդիկ. չէին ենթարկվում անմահ աստված- ներին և չէին ուզում նրանց զոհեր մատուցել զոհասեղանների վրա: Քրոնոսի մեծ որդին՝ Զևսը, բնաջինջ արեց նրանց ցեղը երկրի երեսից: Ահեղորեն զայրացել էր Զևսը, որ նրանք չէին ուզում հնազանդվել Լուսակերտ Օլիմպոսի աստվածներին: Զևսը նրանց բնակեցրեց ստորերկրյա խավարչտին թագավորության մեջ: Այնտեղ էլ ապրում են նրանք՝ անհաղորդ և ուրախությանը, և՛ վշտին. մարդիկ նրանց էլ են պատիվներ մատուցում:
     Հայր Զևսն ստեղծեց երրորդ ցեղը և երրորդ՝ պղնձի դարը: Սա նման չէր արծաթի դարին: Նիզակի կոթունից Զևսն ստեղծեց ահռելի ու զորեղ մարդիկ: Պղնձի դարի մարդիկ սիրեցին գոռոզությունը, սիրեցին հեծեծանքներով լեցուն պատերազմները: Հողագործություն չգիտեին ու չէին էլ ուտում երկրի պտուղները, որոնք այգին ու հողն էր տալիս: Զևսը նրանց վիթխարի հասակ ու անընկճելի ուժ տվեց: Անզուսպ էր ու առնական նրանց սիրտը, և անպարտելի էին նրանց բազուկները: Նրանց զենքը պղնձից էր կոփված. պղնձակոփ էին և նրանց տները, և աշխատանքի գործիքները: Այն ժամանակներում չգիտեին, թե ինչ բան է սև երկաթը: Սեփական ձեռքերով էին միմյանց ոչնչացնում պղնձի դարի մարդիկ: Նրանք շատ շուտով անցան սոսկումնալի Հադեսի մթին թագավորությունը: Ինչքան էլ որ ուժեղ լինեին նրանք, միևնույն է, սև մահը հափշտակեց նրանց. և հրաժեշտ տվին նրանք արևի պայծառ լույսին:
     Այդ ցեղը ստվերների աշխարհն անցնելուց հետո է միայն, որ մեծն Զևսը, ամենքին սնուցող երկրի վրա, իսկույն ստեղծեց չորրորդ դարը և մարդկային նոր ցեղը՝ առավել ազնիվ ու արդարամիտ, աստվածներին հավասար կիսաստված հերոսների ցեղը: Եվ նրանք բոլորն էլ կորստյան մատնվեցին չարամիտ կռիվներում ու արյունահեղ ահավոր ճակատամարտերում: Ոմանք զոհ գնացին յոթնադուռն Թեբեի մոտ, Կադմոսի երկրում, Էդիպի ժառանգության համար մարտնչելիս: Մյուսներն ընկան Տրոյայի տակ, ուր գնացել էին, լայնատարած ծովը կտրելով, գեղագանգուր Հեղինեի համար: Երբ մահը նրանց բոլորին հափշտակեց, ամպրոպային Զևսը նրանց բնակեցրեց երկրի ծայրին՝ կենդանի մարդկանցից հեռու: Օվկիանոսի մրրկածուփ ջրերի մոտ, երանելի կղզիներում ապրում են կիսաստված հերոսները երջանիկ ու անտրտում կյանքով: Այնտեղ արգավանդ հողը տարեկան երեք անգամ նրանց պտուղ է տալիս, քաղցրահամ, ինչպես մեղրը:
     Վերջին՝ հինգերորդ դարն ու մարդկային ցեղը երկաթի դարն է, որ հիմա էլ շարունակվում է երկրի վրա: Գիշեր-ցերեկ, անդադրում, մարդկանց կորստյան են մատնում վիշտն ու հյուծող աշխատանքը: Աստվածները մարդկանց ծանրածանր հոգսեր են տալիս: Իրավ է, նրանք չարիքին բարիք էլ են խառնում, բայց և այնպես չարիքն առավել է, նա՛ է իշխում ամենուրեք: Զավակները պատիվ չեն տալիս ծնողներին, ընկերը հավատարիմ չէ ընկերոջը, հյուրը հյուրընկալություն չի գտնում, սեր չկա եղբայրների միջև: Մարդիկ դրժում են իրենց երդումը, չեն գնահատում ճշմարիտն ու բարին: Մարդիկ ավերում են միմյանց քաղաքները: Ամենուրեք բռնություն է տիրում: Հենց միայն գոռոզությունն է գնահատվում ու մեկ էլ բռնի ուժը: Խիղճ ու Արդարադատություն աստվածուհիները լքել են մարդկանց: Ճերմակազգեստ այդ աստվածուհիները ճախրեցին բարձրագահ Օլիմպոս՝ անմահ աստվածների մոտ, իսկ մարդկանց բաժին ընկան միայն հոգեմաշ դժբախտությունները, և նրանք պաշտպանություն չունեն ընդդեմ չարիքի:

ԴԵՎԿԱԼԻՈՆ ԵՎ ՊԻՐՐԱ (ՋՐՀԵՂԵՂ) (2):


     Բազում չարագործություններ կատարեցին պղնձի դարի մարդիկ: Նենգամիտ ու անազնիվ՝ նրանք չէին հնազանդվում օլիմպացի աստվածներին: Ամպրոպային Զևսը մեծապես զայրացավ նրանց վրա: Զևսին առավել զայրացրեց Արկադիայի (3) Լիքոսուրա քաղաքի Լիքաոն արքան: Որպեսզի բնակիչներն իմանան իր աստված լինելը Զևսը նրանց կանխանշան տվեց, և բոլոր բնակիչները գետնատարած փռվեցին նրա առաջ և փառաբանեցին իբրև աստծո։ Միայն Լիքաոնն էր, որ չէր կամենում Զևսին աստվածային պատիվներ մատուցել և ծաղրում էր բոլոր նրանց, ովքեր մեծարում էին Զևսին: Լիքաոնը վճռել էր փորձել, թե արդյո՞ք աստված է Զևսը: Նա սպանեց իր պալատում եղած պատանդին, մարմնի մի մասը եփեց, մյուսը տապակեց և իբրև ուտեստ մատուցեց մեծն շանթարձակին: Ահեղորեն զայրացավ Զևսը: Շանթի մի հարվածով քարուքանդ արեց Լիքաոնի պալատը, իսկ արքային արյունռուշտ գայլ դարձրեց:
     Գնալով ավելի պիղծ էին դառնում մարդիկ, և մեծն ամպահալած ու էգիսակիր (4) Զևսը վճռեց բնաջինջ անել մարդկային ողջ ցեղը։ Նա վճռեց այնպիսի ուժգին ու հորդառատ անձրև տեղալ, որ հեղեղվի ամենայն ինչ երկրի վրա. Զևսն արգելեց փչել բոլոր քամիներին, և միայն հարավային խոնավ Նոտոսն էր երկնքով քշում անձրևաբեր մթին ամպերը: Տեղատարափ անձրևը հորդաց երկրի վրա: Ծովերի ու գետերի ջրերն ավելի ու ավելի էին բարձրանում՝ չորսբոլորը ողողելով ամեն ինչ: Ջրի տակ ընկղմվեցին քաղաքներն իրենց պարիսպներով, տներով ու տաճարներով, չէին նշմարվում անգամ քաղաքային պարիսպների վրա խոյացած աշտարակները: Աստիճանաբար ջուրը ծածկեց ամեն ինչ. և՛ անտառապատ բլուրները, և՛ բարձրաբերձ լեռները: Բովանդակ Հունաստանը ընկղմվեց ծովի մրրկածուփ ալիքների տակ: Երկկատար Պառնասի գագաթն է, որ մեն-մենակ խոյացել է ալիքների միջից: Այնտեղ, ուր առաջ գյուղացին իր արտն էր մշակում և ուր կանաչին էին տալիս հասուն ողկույզներով հարուստ այգիները, հիմա ձկներն էին լող տալիս, իսկ շրջապատ անտառներում դելփինների վտառն էր խայտում:
     Եվ այսպես, կործանվեց պղնձի դարի մարդկային ցեղը: Միայն երկուսը փրկվեցին այդ համընդհանուր կործանումից՝ Դևկալիոնը՝ Պրոմեթևսի որդին և նրա կինը՝ Պիրրան: Հոր՝ Պրոմեթևսի խորհրդով, Դևկալիոնը մի վիթխարի արկղ պատրաստեց, ուտեստեղենի պաշար դրեց այնտեղ ու իր կնոջ հետ մեջը մտավ: Ինը օր ու գիշեր Դևկալիոնի արկղը տարուբերվում էր բովանդակ ցամաքը պատած ծովի ալիքների վրա: Ի վերջո, ալիքները արկղը քշեցին դեպի Պառնասի երկկատար գագաթը: Զևսի պատուհասը՝ հեղեղը, դադար առավ։ Դևկալիոնն ու Պիրրան դուրս եկան արկղի միջից և երախտագիտության զոհ մատուցեցին Զևսին, որ պահպանել էր նրանց մրրկածուփ ալիքների մեջ: Ջուրը ետ քաշվեց, և ալիքների տակից կրկին երևաց երկիրը՝ անապատի պես ամայի:
     Եվ այդ ժամանակ վահանակիր Զևսը Դևկալիոնի մոտ առաքեց աստվածների բանբեր Հերմեսին: Սրաթռիչ սուրաց աստվածների բանբերը ամայացած երկրի վրայով, հայտնվեց Դևկալիոնի առաջ ու այսպես ասաց.
     - Աստվածների ու մարդկանց տիրակալ Զևսը, գիտենալով քո բարեպաշտությունը, հրաման արձակեց, որ դու պարգև ընտրես քեզ համար. ասա՛ ցանկությունդ, և ի կատար կածի Քրոնոսի որդին:
     Դևկալիոնն այսպես պատասխան տվեց Հերմեսին.
     - Օ՜, մեծն Հերմես, լոկ մի բան եմ աղերսում Զևսին. թող երկիրը կրկին բնակեցնի մարդկանցով:
     Արագոտն Հերմեսը նորից սուրաց լուսակերտ Օլիմպոս և հաղորդեց Զևսին Դևկալիոնի աղերսանքը: Մեծն Զևսը հրաման արձակեց, որ Դևկալիոնն ու Պիրրան քարեր հավաքեն և, առանց շուռ գալու, գլուխների վրայով դեպի ետ նետեն: Դևկալիոնը կատարեց հզորազոր շանթարձակի կամքը, և նրա նետած քարերից տղամարդիկ ստեղծվեցին, իսկ Պիրրայի նետած քարերից՝ կանայք:
     Եվ այդպես, ջրհեղեղից հետո երկիրը նոր բնակիչներ ունեցավ: Այնտեղ բնակություն հաստատեց մարդկանց նոր՝ քարից առաջ եկած ցեղը:

ՊՐՈՄԵԹԵՎՍ (5)

Զևսի կամքով ժայռին գամված Պրոմեթևսի առասպելը շարադրված է ըստ Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգության։


     Մի ամայի ու վայրի տեղ կա երկրի հեռավոր ծայրում, սկյութների երկրում: Դժնատեսիլ ժայռերը իրենց սուր գագաթներով մխրճվում են ամպերի մեջ։ Շուրջը՝ ոչ մի բուսականություն, մի հատիկ խոտ էլ չկա, ամեն ինչ լերկ է ու մթամած: Ամենուրեք կուտակ-կուտակ են եղել ժայռերից պոկված քարերի գորշ ու վիթխարի զանգվածները: Իր փրփրաբաշ ալիքներով ժայռերի ստորոտներին բախվելով՝ ծովն աղմկում է, որոտում և վեր նետում իր դառնաղի ցայտերը: Առափնյա ժայռաբեկորները ծովի փրփուրով են պատած: Հեռու հեռվում սպիտակին են տալիս թեթև մշուշով պարուրված Կովկասյան լեռների ձյունապատ գագաթները: Ամպերը երկնքով ավելի ու ավելի վեր են բարձրանում ու ծածկում արևը: Շուրջբոլորը գնալով ավելի մռայլ է դառնում: Անուրախ ու դաժան մի վայր է այդ: Դեռ երբեք մարդկային ոտքը հետք չի թողել այնտեղ:
     Հենց այստեղ, երկրի այս հեռավոր ծայրամասը բերեցին Զևսի սպասավորները շղթայակապ տիտան Պրոմեթևսին, որպեսզի անխորտակելի շղթաներով գամեն ժայռի կատարին: Ամպրոպային Զևսի անպարտելի սպասավորները՝ Ուժն ու իշխանությունը, բերում են Պրոմեթևսին։ Նրանց վիթխարի մարմինները ասես գրանիտից են կերտված: Նրանց սիրտը գթություն չգիտե, նրանց աչքերին երբեք կարեկցության նշույլ չի փայլել, նրանք դժնադեմ են, ինչպես չորս կողմը խոյացած ժայռերը: Տխրադեմ, գլուխը խոնարհած, գալիս է նրանց հետևից Հեփեստոս աստվածը իր ծանր մուրճը ձեռքին: Նրան վիճակված է սոսկալի մի գործ, իր ձեռքով պիտի ժայռին գամի ընկերոջը՝ Պրոմեթևսին: Ընկերոջ ճակատագրի հանդեպ ունեցած խորունկ վիշտը տանջում է Հեփեստոսին, բայց նա չի հանդգնում ըմբոստանալ իր հոր՝ ամպրոպային Զևսի դեմ: Նա գիտե, թե Զևսը որքան անողորմ է անհնազանդներին պատժելիս:
     Ուժն ու Իշխանությունը Պրոմեթևսին բարձրացրին ժայռի գագաթը և հիմա շտապեցնում են Հեփեստոսին, որ գործի անցնի: Նրանց դաժան խոսքերը Հեփեստոսին ստիպում են ավելի դառնորեն տառապել ընկերոջ համար: Դժկամությամբ է ձեռքն առնում իր վիթխարի մուրճը, միայն անհրաժեշտությունն է ստիպում նրան Հնազանդ մնալ: Բայց Ուժը շտապեցնում է.
     - Շո՛ւտ, շո՛ւտ ձեռքդ առ կապանքները: Մուրճի հզոր հարվածներով ժայռին գամի՛ր Պրոմեթևսին: Զուր ես վշտանում նրա համար, չէ՞ որ նա Զևսի թշնամին է:
     Ուժը Հեփեստոսին սպառնում է Զևսի զայրույթով, եթե նա Պրոմեթևսին այնպես չգամի, որ ոչ ոք չկարողանա նրան ազատ արձակել: Հեփեստոսը անխորտակելի շղթաներով ժայռին է գամում Պրոմեթևսի ձեռքերն ու ոտքերը: Այդ պահին նա որքա՜ն էր ատում իր արվեստը, որի միջոցով ընկերոջը ժայռին էր գամում՝ երկարատև տառապանքների դատապարտելով: Զևսի անողորմ սպասավորները շարունակ հետևում են նրա աշխատանքին.
     - Առավել ուժգի՛ն հարվածիր մուրճով: Առավել ամուր պրկիր կապանքները: Չհանդգնե՛ս թուլացնել: Խորամանկ է Պրոմեթևսը, հնարագիտությամբ նա կարող է ելք գտնել և անելանելի դրությունից, - խոսում է Ուժը, - առավել ամուր գամիր նրան, թող իմանա, թե ի՛նչ ասել է խաբել Զևսին:
     - Օ՜, որքան հարմար են գալիս քո անողորմ խոսքերը դաժան կերպարանքիդ, - գոչում է Հեփեստոսը գործի անցնելով:
     Ժայռը ցնցվում է մուրճի ուժգին հարվածներից, և երկրով մեկ՝ մի ծայրից մյուսը, տարածվում է հզորազոր հարվածների թնդյունը: Վերջապես, Պրոմեթևսը շղթայված է: Բայց այդ դեռ բոլորը չէ, դեռ պիտի նրան ժայռին - գամել՝ կրծքին մխրճելով ամրակուռ պողպատասեպը: Դանդաղում է Հեփեստոսը:
     - Օ՜, Պրոմեթևս, - գոչում է նա, - որքա՜ն եմ տանջվում քո տառապանքները տեսնելով:
     - Դարձյա՛լ դանդաղում ես, - զայրույթով ասում է Ուժը Հեփեստոսին, - դեռ էլի՛ վշտանում ես Զևսի թշնամու համար: Տե՛ս, որ քեզ չվիճակվի վշտանալ հենց քեզ համար:
     Վերջապես ամեն ինչ ավարտվեց: Ամեն բան արված է այնպես, ինչպես հրամայել էր Զևսը: Գամված է տիտանը, իսկ պողպատասեպը մխրճված է նրա կրծքին: Ծաղրելով Պրոմեթևսին, այսպես է ասում Ուժը.
     - Դե՛, ահա՛, այստեղ դու կարող ես ուզածիդ չափ նենգամիտ լինել: Առաջվա պես գոռո՛զ եղիր: Հիմա՛ մահկանացուներին տուր աստվածների շնորհները, որ հափշտակել ես: Տեսնենք, կարո՞ղ կլինեն արդյոք քեզ օգնել քո մահկանացուները: Ստիպված կլինես ինքդ մտահոգվել, թե ի՛նչպես պիտի ազատվես այդ կապանքներից:
     Բայց Պրոմեթևսը հպարտ լռություն էր պահպանում: Ամբողջ ժամանակ, երբ Հեփեստոսը Պրոմեթևսին գամում էր ժայռին՝ նա ոչ մի բառ չարտասանեց, մինչև իսկ կամացուկ մի հառաչ չարձակեց. ոչնչով չմատնեց իր տառապանքները:
     Հեռացան Զևսի սպասավորները՝ Ուժն ու Իշխանությունը: Իսկ նրանց հետևից գնաց նաև վշտահար Հեփեստոսը: Պրոմեթևսը մնաց մենակ. հիմա նրան կարող էին ականջ դնել ծովը և մեկ էլ մթին ամպերը: Հիմա է միայն, որ դառնակսկիծ մի հառաչանք է դուրս թռչում տիտանի խոցված կրծքից, հիմա է միայն, որ նա սկսում է գանգատվել իր չար ճակատագրից: Բարձրաձայն գոչեց Պրոմեթևսը. անասելի տառապանքով ու վշտով էին համակված նրա գանգատները.
     - Օ՜, աստվածային եթեր, և դուք, արագասլաց քամիներ, օ՜, գետերի ակունքներ ու ծովային ալիքների անլռին թնդյուններ, օ՜, երկիր՝ ամենքի նախամայր, օ՜, ամենատես արև, որ պտույտ ես տալիս երկրի շուրջը, բոլորի՛դ, բոլորիդ ես վկայության եմ կանչում: Տեսե՛ք, թե ի՜նչ եմ կրում ես: Տեսնում եք, թե ի՜նչ անարգանք պիտի կրեմ անհամար տարիներ: Օ՜, վա՜յ ինձ, վա՜յ ինձ: Հեծեծամ պիտի տառապանքներից և այժմ, և՛ բազում, բազում դարեր: Ինչպե՞ս պիտի վերջ տամ իմ տառապանքներին: Բայց ի՜նչ եմ ասում: Չէ՞ որ ես գիտեի այն ամենը, ինչ պետք է լիներ: Այս տառապանքներն անսպասելի չէ, որ վրա հասան ինձ: Գիտեի ես, որ անխուսափելի է ահեղ ճակատագրի կամքը: Ես պիտի կրե՛մ այս տառապանքները: Բայց հանուն ինչի՞: Հանուն այն մեղքի, որ ես մեծագույն շնորհներ տվեցի մահկանացուներին, հանուն դրան ես պիտի տառապեմ այսպես անտանելի, և անկարող եք խույս տալ այս տառապանքներից: Օ՜, վա՜յ ինձ, վա՜յ:
     Բայց ահա կամացուկ մի աղմուկ լսվեց, որ ասես թևերի թափահարումից էր առաջ եկել։ Կարծես թեթև մարմինների թռիչքը տատանեց օդը: Ճերմակահեր Օվկիանոսի հեռո՜ւ-հեռավոր ափերից, զովաշունչ անձավից, զեփյուռի թեթև շնչով, իրենց երկանվով ժայռի մոտ սուրացին Օվկիանուհիները: Նրանք լսել էին Հեփեստոսի մուրճի հարվածները, նրանց էին հասել նաև Պրոմեթևսի հառաչանքները: Հզորազոր տիտանին ժայռին գամված տեսնելուն պես Օվկիանուհիների գեղեցիկ աչքերը ողողվեցին արցունքով: Նա Օվկիանուհիների հարազատ բարեկամն էր: Նրա հայրը՝ Յապետոսը, նրանց հոր՝ Օվկիանոսի, եղբայրն էր, իսկ Պրոմեթևսի կինը՝ Հեսիոնեն, Օվկիանուհիների քույրն էր: Օվկիանուհիները շրջապատեցին ժայռը: Խորունկ վիշտ են ապրում նրանք Պրոմեթևսի համար։ Բայց Պրոմեթևսի խոսքերը, նրա նզովքները՝ Զևսի ու օլիմպացի բոլոր աստվածների հանդեպ՝ երկյուղ են ներշնչում Օվկիանուհիներին: Նրանք վախենում են, որ Զևսն առավել տանջալի կդարձնի տիտանի տառապանքները: Թե ինչու է տիտանին այդպիսի պատիժ վիճակվել՝ չգիտեն Օվկիանուհիները: Կարեկցանքով լեցուն՝ նրանք աղերսում են Պրոմեթևսին հայտնել, թե Զևսը նրան ինչո՞ւ է պատժել, թե տիտանն ինչո՞վ է շարժել նրա զայրույթը:
     Պրոմեթևսը պատմում է, թե ինչպե՛ս է օգնել Զևսին՝ տիտանների դեմ կռվելիս, ինչպե՛ս է համոզել մորը՝ Թեմիսին և երկրի մեծ աստվածուհի Գեային, որ նրանք Զևսի կողմն անցնեն: Պրոմեթևսի խորհրդով է, որ Զևսը պարտության է մատնել տիտաններին ու նրանց սոսկումնալի Տարտարոսի ընդերքը գլորել: Տիրեց Զևսը աշխարհի իշխանությանը և բաժանեց այն օլիմպացի նոր աստվածների միջև, իսկ այն տիտաններին, ովքեր օգնել էին իրեն, շանթարձակն իշխանություն չտվեց աշխարհի վրա: Ատում է Զևսը տիտաններին, երկյուղ է կրում նրանց ահեղ ուժից: Չվստահեց Զևսը նաև Պրոմեթևսին ու ատեց նրան: Առավել ուժգին բորբոքվեց Զևսի ատելությունը, երբ Պրոմեթևսն սկսեց պաշտպան կանգնել տարաբախտ մահկանացուներին, որոնք ապրում էին դեռևս այն ժամանակ, երբ աշխարհին տիրում էր Քրոնոսը, և որոնց Զևսն ուզում էր կորստյան մատնել:
     Բայց Պրոմեթևսը գթաց դեռևս անխելամիտ մարդկանց. նա չէր ուզում, որ նրանք այդպես տարաբախտ էլ իջնեն Հադեսի խավարամած թագավորությունը: Եվ մարդկանց ներշնչեց հույսը, որից մինչ այդ անտեղյակ էին, և նրանց համար փախցրեց աստվածային կրակը, թեև քաջ գիտեր, թե ի՛նչ պատիժ պիտի կրի դրա համար: Սոսկումնալի պատժի երկյուղը հպարտ ու հզոր տիտանին ետ չպահեց մարդկանց օգնելու ցանկությունից: Չկասեցրին նաև իր գուշակուհի մոր՝ մեծն Թեմիսի, կանխազգուշացումները:
     Սարսուռով էին ունկնդրում Օվկիանուհիները Պրոմեթևսի պատմությանը: Բայց ահա արագաթև երկանվով դեպի ժայռը սուրաց պատգամախոս ծերունի Օվկիանոսը: Օվկիանոսը ջանում է համոզել Պրոմեթևսին հնազանդ մնալ Զևսի իշխանությանը. չէ՞ որ նա պիտի իմանա, որ զուր է ահռելի տիփոնին հաղթողի հետ պայքարելը: Օվկիանոսը կարեկցում է Պրոմեթևսին, տանջվում է, ականատես լինելով նրա կրած տառապանքներին: Պատգամախոս ծերունին պատրաստ է Լուսակերտ Օլիմպոս գնալ տիտանի համար ներումն աղերսելու, թեև այդ աղերսանքով իսկ կարող է շանթարձակի զայրույթն իր վրա հրավիրել: Նա հավատում է, որ պաշտպանության իմաստուն խոսքը հաճախ մեղմում է զայրույթը: Բայց զուր են Օվկիանոսի աղերսանքները. հպարտ պատասխան է տալիս Պրոմեթևսը.
     - Ո՛չ, ինքդ քեզ փրկելու ջանա: Վախենում եմ, որ կարեկցանքդ քեզ վնաս բերի: Ես մինչև մրուրը կսպառեմ իմ ճակատագրի բոլոր չարիքները: Իսկ դու, Օվկիանոս, երկյուղ կրիր, որ չշարժես Զևսի զայրույթը իմ օգտին աղերսելուդ համար:
     - Օ՜, տեսնում եմ ես, - տրտմաթախիծ պատասխան է տալիս Օվկիանոսը, - որ քո այդ խոսքերով դու ինձ ստիպում ես ետ դառնալ՝ ոչինչի չհասած: Հավատա ինձ, օ՜, Պրոմեթևս, որ ինձ այստեղ բերողը քո ճակատագրի հոգսն է եղել և սերս քո հանդեպ:
     - Ո՛չ, հեռացի՛ր, շուտ, շո՛ւտ հեռացիր այստեղից: Թող ինձ, - բացականչում է Պրոմեթևսը:
     Խորունկ ցավը սրտում լքեց Օվկիանոսը Պրոմեթևսին: Նա սլացավ իր թևավոր երկանվով, իսկ Պրոմեթևսը շարունակեց Օվկիանուհիներին պատմել, թե ինչե՜ր է արել մարդկանց համար, ինչպե՛ս է, խախտելով Զևսի կամքը, բարիքներ մատուցել նրանց։ Լեմնոսում՝ Մոսքոս լեռան խորքում, իր ընկերոջ՝ Հեփեստոսի հնոցից հափշտակեց Պրոմեթևսը կրակը՝ մարդկանց տալու համար։ Նա մարդկանց արվեստներ սովորեցրեց, գիտելիքներ տվեց, համրել սովորեցրեց, գրել ու կարդալ: Ծանոթացրեց մետաղներին, սովորեցրեց, թե ինչպե՛ս պիտի երկրի ընդերքից հանել դրանք ու մշակել: Մահկանացուների համար զսպեց վայրենի ցուլը և լուծ դրեց վրան, որպեսզի մարդիկ կարողանան օգտագործել ցուլերի ուժը, մշակեն իրենց դաշտերը: Պրոմեթևսը ձի լծեց երկանվին մարդկանց հնազանդ դարձրեց: Իմաստուն տիտանը կառուցեց առաջին նավը, սարքավորեց, վրան քաթանե առագաստ կապեց, որպեսզի նավը մարդուն սրընթաց տանի անծայրածիր ծովի վրայով:
     Առաջներում մարդիկ չգիտեին, թե ի՛նչ է դեղը, անկարող էին դարմանել հիվանդությունները, նրանց առաջ անպաշտպան էին մարդիկ, բայց Պրոմեթևսը նրանց ցույց տվեց բուժանյութերի զորությունը և դրանցով նրանք հաղթեցին հիվանդությունները: Տիտանը մարդկանց սովորեցրեց այն ամենը, ինչ թեթևացնում է կյանքի դառնությունները, կյանքն առավել երջանիկ ու հրճվալից է դարձնում: Հենց դրանով էլ նա շարժեց Զևսի զայրույթը, դրա համար էլ շանթարձակը պատժեց տիտանին:
     Բայց տիտանը հավերժ չպիտի տառապի: Նա գիտե, որ չար ճակատագիրը վրա կհասնի նաև հզորազոր շանթարձակին։ Եվ չի խուսափի նա իր ճակատագրից: Գիտե Պրոմեթևսը, որ Զևսի իշխանությունը հավերժական չէ. կտապալվի նա բարձրագահ արքայական Օլիմպոսից: Պատգամախոս տիտանը գիտե նաև այն մեծ գաղտնիքը, թե Զևսն ինչպես կարող է խուսափել այդ չար ճակատագրից, բայց գաղտնիքը չի հայտնում Զևսին: Ոչ մի ուժ, ոչ մի սպառնալիք, ոչ մի տառապանք չի կարող այդ գաղտնիքը կորզել հպարտ Պրոմեթևսի շուրթերից:
     Ավարտեց Պրոմեթևսն իր պատմությունը, որ զարմանքով լսեցին Օվկիանուհիները։ Ապշել էին նրանք հզորազոր տիտանի իմաստության ու ոգու անխորտակելի կորովի վրա, որ հանդգնել էր ըմբոստանալ ամպրոպային Զևսի դեմ: Կրկին սոսկումը տիրեց նրանց, երբ լսեցին, թե ի՛նչ ճակատագրով է տիտանն սպառնում Զևսին։ Գիտեին նրանք, որ եթե այդ սպառնալիքները հասնեն Օլիմպոս, ապա Զևսը ոչնչի առաջ կանգ չի առնի այդ ճակատագրական գաղտնիքն իմանալու համար: Արտասվաթոր աչերով Պրոմեթևսին էին նայում Օվկիանուհիները՝ ցնցված անողորմ ճակատագրի սահմանածի անխուսափելիության մտքից: Խորունկ լռություն տիրեց, որ ընդմիջում էր միայն ծովի անլռելի աղմուկը:
     Հանկարծ հեռվում աղեկեզ վշտի հազիվ լսելի, կամացուկ հեծկլտանքներ հնչեցին: Ահա դարձյալ հեծեծանքը հասավ ժայռին: Գնալով ավելի մոտիկից ու ավելի բարձր է հնչում հեծեծանքը: Հերայի ուղարկած վիթխարի բոռից հալածվելով, արնաթաթավ ու փրփրաշաղախ, մոլեգին ու խելացնոր վազքով սլանում է կով դարձած տարաբախտ Իոն՝ գետերի աստված Ինաքոսի, Արգոլիսի առաջին արքայի դուստրը: Թափառումներից հոգնատանջ և ուժահատ, խոշտանգված բոռի խայթոցներից, կանգնեց Իոն շղթայակապ Պրոմեթևսի առաջ։ Բարձրաձայն հեծկլտալով, պատմեց, թե իրեն ինչ պատիժ է վիճակվել կրելու: Եվ նա աղերսեց պատգամախոս տիտանին.
     - Օ՜, Պրոմեթևս, այստեղ, իմ թափառումների այս սահմանի վրա, ասա ինձ, աղերսում եմ, ե՞րբ պիտի իմ տառապանքներին վերջ լինի, ե՞րբ պիտի, ի վերջո, ես հանգիստ գտնեմ:
     - Օ՜, հավատա ինձ, Իո, - պատասխան տվեց Պրոմեթևսը - լավ է անգետ մնաս դրան, քան իմանաս: Դեռ բազում երկրներ կկտրես-կանցնես դու, բազում սոսկումներ կհանդիպեն քո ճանապարհին: Քո տառապալից ուղին անցնում է սկյութների երկրի միջով, բարձրաբերձ ձյունապատ Կովկասով, ամազոնուհիների երկրով դեպի Բոսփորի նեղուցը, որ այդ անունով կկոչվի քո պատվին, երբ դու կկտրես այն: Այնուհետև, դեռ երկար կթափառես Ասիայում: Դու կանցնես այն երկրի կողքով, ուր ապրում են մահաբեր գորգոնները: Նրանց գլխներին վարսերի փոխարեն շաչող օձեր են գալարվում: Զգուշացիր նրանցից: Զգուշացիր նաև գրիփներից (6) և միակնանի արիմասպներից (7). նրանց դու կհանդիպես քո ճանապարհին: Ի վերջո, դու կհասնես Բիբլինյան լեռներին, որոնց վրայից գահավիժում են Նեղոսի արգասաբեր ջրերը: Այնտեղ, Նեղոս գետի ոռոգած այդ երկրում է, որ դու գետաբերանի մոտ, ի վերջո, հանգիստ կառնես: Այնտեղ Զևսը քեզ կտա քո նախկին գեղանի կերպարանքը և դու մի զավակ կունենաս՝ Էպափոս անունով։ Նա կտիրի բովանդակ Եգիպտոսին և հերոսների մի փառավոր սերնդի նախահայրը կդառնա: Այդ սերնդից կսերի և այն մահկանացուն, որ նաև ինձ կազատագրի կապանքներից: Ահա թե ինչ է, Իո, հաղորդել քո Ճակատագրի մասին իմ մայրը՝ գուշակուհի Թեմիսը:
     Բարձրաձայն ողբաց Իոն.
     - Օ՜, վա՜յ ինձ, վա՜յ։ Օ՜, դեռ որքա՜ն տառապանքներ է գուժում ինձ չար ճակատագիրը: Սոսկումից սիրտս տրոփում է կրծքիս տակ: Կրկին տիրում է ինձ ցնորքը, կրկին խոցեց հրակարմիր խայթը իմ խոշտանգված մարմինը, կրկին ես կորցնում և խոսելու ձիրքս: Օ՜, վա՜յ ինձ, վա՜յ։
     Աչքերը մոլագար ոլորելով, կատաղի վազքով հեռացավ ժայռից Իոն։ Ասես հողմահալած՝ նա հեռուները սլացավ: Խլացուցիչ բզզոցով նրա հետևից սուրաց բոռը և, ասես կրակով, կիզում էր նրա խայթը տարաբախտ Իոյին: Անհետացավ Իոն փոշու ամպի մեջ Պրոմեթևսի ու Օվկիանուհիների հայացքից: Գնալով ավելի ու ավելի ցածր էր հնչում Իոյի ողբահառաչ ձայնը և, ի վերջո, մարեց այն հեռու-հեռվում, վշտի կամացուկ հեծեծանքի նման:
     Լուռ էին Պրոմեթևսն ու Օվկիանուհիները՝ տրտմելով տարաբախտ Իոյի համար, բայց ահա ցասումնալից գոչեց Պրոմեթևսը.
     - Որքան էլ տանջահար անես ինձ, ամպրոպային Զևս, իմացա՛ծ եղիր, որ կգա այն օրը, երբ քեզ էլ առ ոչինչ կդարձնեն: Կզրկվես քո տիրապետությունից ու գահավեժ կլինես խավարի մեջ: Եվ այդժամ ի կատար կածվի քո հոր՝ Քրոնոսի նզովքը: Աստվածներից և ոչ մեկը չգիտե, թե ի՛նչպես կարող ես խուսափել այդ չար ճակատագրից: Ես եմ միայն, որ դիտեմ այդ: Ահա բազմել ես դու, մեծազոր, Լուսակերտ Օլիմպոսում և շանթ ու որոտ ես արձակում, բայց դրանք էլ սատար չեն լինի քեզ, դրանք անուժ են անխուսափելի ճակատագրի հանդեպ: Օ՜, երբ փոշի կդառնաս, նոր միայն կիմանաս, թե ո՛րն է տիրակալության ու ստրկության տարբերությունը:
     Սոսկումից մթնեցին Օվկիանուհիների աչքերը, և դժգույն սարսափը սրբեց նրանց սիրունիկ այտերի բոսորը: Ի վերջո, դեպի Պրոմեթևսը կարկառելով ծովափրփուրի պես ճերմակ իրենց ձեռքերը, բացականչեցին նրանք.
     - Օ՜, խելակորույս, ինչպե՞ս դու չես սարսափում և այդպես սպառնում ես աստվածների ու մարդկանց արքային։ Օ՜, Պրոմեթևս, նա առավել ծանրագին տառապանքներ կտա քեզ։ Մտածի՛ր քո ճակատագրի մասին, գթա՛ քեզ:
     - Ամեն ինչի պատրաստ եմ ես:
     - Բայց չէ՞ որ իմաստունը հնազանդ է լինում անդրդվելի ճակատագրին:
     - Օ՜, աղերսեցե՜ք, գթություն աղերսեցեք դուք: Ծնկաչոք սողացեք ահեղ տիրակալի առաջ: Իսկ ե՞ս. ինձ ի՞նչ ամպրոպային Զևսը: Ես նրանից վախենալու ի՞նչ ունեմ: Ինձ մահ չկա։ Թող Զևսն անի, ի՛նչ կամենում է: Երկար չի՛ տևի նրա իշխանությունն աստվածների վրա: Պրոմեթևսը հազիվ էր այս խոսքերն արտաբերել, երբ օդի միջով, վայր ընկնող աստղի նման արագ սուրաց աստվածների բանբեր Հերմեսը և, ահեղատես, հայտնվեց Պրոմեթևսի առաջ: Նրան Զևսն է առաքել՝ պահանջելու, որ տիտանը բաց անի այն գաղտնիքը, թե ո՞վ պիտի գահընկեց անի Զևսին և ինչպե՞ս կարելի է խուսափել այդ ճակատագրից: Հերմեսը սոսկումնալի պատժով սպառնաց Պրոմեթևսին անհնազանդության համար: Բայց անսասան է զորավոր տիտանը և հեգնանքով պատասխան է տալիս Հերմեսին.
     - Մանուկ կլինեիր դու և մանկամիտ, եթե ինձնից թեկուզ և մի որևէ բան իմանալու հույս ունենայիր: Լա՛վ իմացիր, ես իմ տանջանքները չէի փոխի ստրկության հետ. ես գերադասում եմ ժայռին գամված մնալ, քան լինել Զևսի հավատարիմ ծառան: Չի՛ք աշխարհում այնպիսի պատիժ ու տառապանք, որոնցով Զևսը կարող լիներ ահաբեկել ինձ ու իմ շուրթերից կորզել թեկուզ և մի հատիկ բառ: Ո՛չ, նա չի՛ իմանա, թե ինչպես կարող է փրկություն գտնել իր ճակատագրից, երբևէ չի՛ իմանա բռնակալ Զևսը, թե ո՛վ պիտի իրենից խլի իշխանությունը:
     - Ուրեմն, լսի՛ր, Պրոմեթև՛ս, թե ի՛նչ կպատահի քեզ, եթե դու հրաժարվես Զևսի կամքը կատարելուց, - տիտանին այսպես պատասխանեց Հերմեսը: - Իր շանթի հարվածով նա այս ժայռը քեզ հետ միասին գահավեժ կանի խավարամած անդունդն անհատակ: Այնտեղ, քարակոփ զնդանում՝ զուրկ արևի լույսից, շատ ու շատ դարեր կխոշտանգվես անթափանց խավարում: Դարեր կանցնեն, և Զևսը կրկին քեզ դուրս կբերի անդունդից, բայց ոչ քեզ ազատելու համար: Ամեն օր քեզ մոտ կճախրի Զևսի առաքած արծիվը, և սուր-սուր ճանկերով ու կտուցով կծվատի քո լյարդը: Կրկին ու կրկին կաճի այն, և գնալով առավել սոսկումնալի կլինեն քո տառապանքները: Այդպես դու կախված կմնաս ժայռից այնքան ժամանակ, քանի դեռ մեկ ուրիշը կամովին հանձն չի առնի քո փոխարեն իջնել Հադեսի մթին թագավորությունը: Մտածիր, Պրոմեթև՛ս, արդյոք ավելի լավ չէ՞ հնազանդվել Զևսին: Չէ՞ որ դու գիտես, որ Զևսի սպառնալիքները երբեք զուր չեն անցնում:
     Անդրդվելի մնաց հպարտ տիտանը: Կարո՞ղ էր արդյոք որևէ սպառնալիք երկյուղ պատճառել նրա սրտին: Հանկարծ երկիրը ցնցվեց, ամեն ինչ դողաց չորսբոլորը, լսվեցին որոտի խլացուցիչ դղրդյուններ, և անտանելի մի փայլով շողաց կայծակը։ Կատաղի ու մոլեգին մի սև հողմ բարձրացավ: Ծովի մեջ ասես լեռնակուտակ եղան փրփրաբաշ ալիքները: Ցնցվեց ժայռը։ Փոթորկի ոռնոցի, որոտի ու երկրաշարժի դղրդյունի միջից լսվեց Պրոմեթևսի ահռելի աղաղակը.
     - Օ՜, ի՜նչ հարված է ուղղել իմ դեմ Զևսը, որպեսզի սոսկում պատճառի իմ սրտին: Օ՜, մայր իմ մեծարգո Թեմիս, օ՜, եթեր, որ բոլորին լույս ես տալիս: Տեսե՜ք, թե ի՜նչ անարդար է պատժում ինձ Զևսը:
     Ահեղադղորդ փուլ եկավ ժայռը և, վրան գամված Պրոմեթևսի հետ, գահավիժեց անհատակ անդունդը, հավերժական խավարի մեջ (8):
     Դարեր անցան, և Զևսը Պրոմեթևսին խավարի միջից կրկին լույս աշխարհ հանեց: Բայց դրանով Պրոմեթևսի տառապանքները չհասան իրենց վախճանին, այլ առավել սոսկումնալի դարձան: Կրկին նա թևատարած փռվել է ժայռի վրա՝ կապանքներով կաշկանդված ու ժայռին գամված: Նրա մարմինն այրում են արևի կիզիչ ճառագայթները, փոթորիկներ են սուրում վրայով, ուժահատ մարմինը մտրակահարում են անձրևներն ու կարկուտը, իսկ ձմեռը ձյան փաթիլներն են թափվում Պրոմեթևսի վրա, և սարսռացնող ցուրտը կաշկանդում է նրա մարմնի անդամները:
     Եվ այդ ամենը դեռ բավական չէ: Ամեն օր վիթխարի արծիվը, իր հզոր թևերով աղմուկով ճեղքելով օդը, սավառնում իջնում է ժայռի վրա: Կանգնում է Պրոմեթևսի կրծքին և ծվատում պողպատի պես սուրսայր իր մագիլներով: Արծիվն իր կտուցով պատառոտում է տիտանի լյարդը Հեղեղի պես հորդում է արյունը և բոսոր ներկում ապառաժը: Արյունը սևանում ու լյարդանում է ժայռի ստորոտին: Հետո քայքայվում է արևի տակ ու անտանելի մի գարշահոտությամբ վարակում օդը: Ամեն առավոտ ճախրում գալիս է արծիվը և սկսում իր արյունալի խրախճանքը: Գիշերվա մեջ ապաքինվում են վերքերը, և կրկին լցվում է լյարդը՝ ցերեկը գիշատչին նոր կեր դառնալու համար: Տարիներ, դարեր են տևում այդ տառապանքները: Ուժասպառ է եղել մեծազոր տիտանը, բայց տանջանքները չեն բեկել նրա հպարտ ոգին:
     Տիտանները վաղուց են հաշտվել Զևսի հետ և հնազանդվել նրա իշխանությանը: Նրանք ընդունում են Զևսի տիրակալությունը և ամպրոպայինն ազատ է արձակել նրանց խավարչտին Տարտարոսից: Իսկ հիմա՝ վիթխարի ու հզոր, եկել են երկրի ծայրը, ժայռի մոտ, որի վրա թևատարած պառկած է շղթայակապ Պրոմեթևսը: Նրանք շրջապատել են ժայռը և Պրոմեթևսին համոզում են հնազանդ լինել Զևսին: Եկավ նաև Պրոմեթևսի մայրը՝ Թեմիսը, և որդուն աղերսեց նկել իր հպարտ ոգին և չհակառակվել Զևսին: Խնդրում է որդուն, որ գթա իրեն. չէ՞ որ ինքն անլուր տանջանքներ է կրում որդու տառապանքները տեսնելով: Մինչև իսկ Զևսն է մոռացել իր երբեմնի ցասումը: Հիմա առավել է նրա տիրակալությունը, ոչինչ չի կարող սասանել նրան, սարսափելի ոչինչ չկա նրա համար: Եվ հետո, հիմա նա իբրև բռնակալ չի տիրում. տերությունն է պաշտպանում, օրենքներ է պահպանում: Նա հովանավորում է մարդկանց ու արդարություն պահպանում նրանց մեջ: Միայն մի բան է անհանգստացնում ամպրոպային Զևսին, դա այն գաղտնիքն է, որ միմիայն Պրոմեթևսը գիտե: Զևսը պատրաստ է ներում շնորհել մեծազոր տիտանին, եթե նա բաց անի ճակատագրական այդ գաղտնիքը: Բայց արդեն մոտ է Պրոմեթևսի տառապանքների ավարտման ժամը: Արդեն ծնվել ու առնացել է այն մեծ հերոսը, որին ճակատագրի կողմից վիճակված է կապանքներից ազատ արձակել տիտանին: Անդրդվելի Պրոմեթևսը առաջվա նման պահում է գաղտնիքը՝ ուժահատ լինելով տառապանքներից. բայց ուժերն արդեն սկսում են լքել նրան:
     Վերջապես, այն հերոսը, որին վիճակված է ազատագրել Պրոմեթևսին, իր թափառումների ընթացքում հասնում է այստեղ՝ երկրի ծայրը: Այդ հերոսը Հերակլեսն է՝ ուժեղագույնը մարդկանցից, մեծազոր՝ որպես աստված: Նա սոսկումով է նայում Պրոմեթևսի տառապանքներին, և կարեկցանքը համակում է նրան:
     Պրոմեթևսը պատմում է նրան իր ժանտ ճակատագրի մասին և գուշակում, թե նրան դեռ ի՛նչ մեծագործություններ են վիճակված անելու: Խորին ուշադրությամբ ունկնդրում է Հերակլեսը տիտանին: Բայց հերոսը Պրոմեթևսի տառապանքների ամբողջ սարսափին ականատես չի եղել: Հեռվից լսվում է հզոր թևերի բախյունը. դա արծիվն է, որ գալիս է իր արյունալի խրախճանքն անելու: Նա պտույտներ է գործում բարձր երկնքում, Պրոմեթևսի գլխավերևը, և ուզում է իջնել նրա կրծքին: Հերակլեսը չթողեց, որ նա խոշտանգի Պրոմեթևսին: Ձեռքն առավ իր աղեղը, կապարճից մահաբեր մի նետ հանեց, նետաձիգ Ապոլոնին կոչեց, որ անվրեպ սուրա իր նետը, և արձակեց արծվի կրծքին: Բարձր զրնգաց պրկված աղեղը, երկինք սուրաց նետը, և նետախողխող արծիվը ընկավ փոթորկուն ծովը՝ գրեթե ժայռի ստորոտի մոտ: Վրա հասավ ազատագրման պահը: Բարձրագահ Օլիմպոսից այդտեղ սուրաց արագոտն Հերմեսը: Փաղաքուշ խոսքով դիմեց մեծազոր Պրոմեթևսին, և անհապաղ ազատություն խոստացավ, եթե բաց անի այն գաղտնիքը, թե Զևսն ինչպես պիտի խուսափի չար ճակատագրից: Համաձայնեց, վերջապես, մեծազոր Պրոմեթևսը գաղտնիքը բաց անել և այսպես խոսեց.
     - Թող շանթարձակը կնության չառնի ծովային աստվածուհի Թետիսին, քանի որ ճակատագրի աստվածուհիները՝ իմաստուն մոյրաները, այսպիսի վիճակ են հանել Թետիսի համար, ով էլ որ լինի նրա ամուսինը, միևնույն է, Թետիսը նրանից մի զավակ կունենա, որ հորից էլ զորեղ կլինի։ Թող աստվածները Թետիսին կնության տան հերոս Պելևսին: Թետիսն ու Պելևսը մի որդի կունենան, որ Հունաստանի մահկանացու հերոսներից վսեմագույնը կլինի:
     Պրոմեթևսը բաց արեց մեծ գաղտնիքը: Հերակլեսն իր ծանրագին գուրզով փշրեց տիտանի կապանքները և կրծքից դուրս հանեց այն անճկելի պողպատասեպը, որով նա գամված էր ժայռին, Ոտքի ելավ տիտանը, այժմ արդեն նա ազատ էր արձակված: Եկավ նրա տառապանքների վախճանը: Այդպես ի կատար ածվեց նրա գուշակությունը, որ մահկանացո՛ւն պիտի ազատի իրեն: Բարձրագոչ, ցնծագին աղաղակներով ողջունեցին տիտանները Պրոմեթևսի ազատագրությունը:
     Այդ ժամանակից ի վեր Պրոմեթևսը ձեռքին երկաթի մատանի է կրում, որի մեջ մի քար է դրված այն ժայռից, որին գամված նա այնքան դարեր անասելի տառապանքներ էր կրել։
     Իսկ Պրոմեթևսի փոխարեն մեռյալների հոգիների ստորերկրյա թագավորությունը իջնել համաձայնեց իմաստուն կենտավրոս Քիրոնը: Դրանով նա ազատվեց այն տառապանքից, որ նրան պատճառում էր Հերակլեսի ակամա հասցրած անբուժելի վերքը։

ՊԱՆԴՈՐԱ


     Երբ Պրոմեթևսը մահկանացուների համար փախցրեց աստվածային կրակը, նրանց արվեստներ ու արհեստներ սովորեցրեց և գիտելիքներ տվեց, կյանքը երկրի վրա ավելի երջանիկ դարձավ: Զևսը, ահեղորեն զայրացած Պրոմեթևսի արարքից, դաժանաբար պատժեց նրան, իսկ մարդկանց՝ չարիք առաքեց: Պանծալի դարբին աստծուն՝ Հեփեստոսին, հրամայեց հողն ու ջուրը խառնել իրար և այդ խառնուրդից մի այնպիսի գեղանի աղջիկ պատրաստել, որ օժտված լինի մարդկանց ուժով, քնքուշ ձայնով, իսկ հայացքը՝ անմահ աստվածուհիների հայացքի հմայքն ունենա:
     Զևսի դուստր Աթենաս - Պալլասը պետք է նրա համար շքեղազարդ հագուստ գործեր, սիրո աստվածուհի ոսկեշող Ափրոդիտեն՝ անդիմադրելի հմայքով օժտեր, Հերմեսը՝ խորունկ միտք ու հնարագիտություն շնորհեր:
     Աստվածներն իսկույն ի կատար ածեցին Զևսի կամքը: Հեփեստոսը հողից մի արտասովոր գեղեցիկ աղջիկ պատրաստեց: Աստվածները նրան կենդանություն տվին: Աթենաս - Պալլասն ու քարիսներն աղջկան արևի պես շողշողուն զգեստներ հագցրին և զարդարեցին ոսկեհուռ ապարանջաններով: Օրեադները նրա փարթամ գանգուրներին գարնանային բուրումնավետ ծաղիկների պսակ դրին: Հերմեսը նրա շուրթերին կեղծ ու պատիր և հաճոյալից խոսքեր դրեց: Աստվածները նրան Պանդորա կոչեցին, քանի որ բոլորից էլ շնորհներ էր ստացել (9): Պանդորան պիտի դժբախտություն տաներ մարդկանց:
     Երբ մարդկանց համար այդ չարիքը պատրաստ էր արդեն, Զևսը Հերմեսին ուղարկեց, որ Պանդորային տանի երկիր, Պրոմեթևսի եղբոր՝ Էպիմեթևսի մոտ: Իմաստուն Պրոմեթևսը բազմիցս նախազգուշացրել էր իր կարճամիտ եղբորը և խորհուրդ տվել, որ նվերներ չընդունի ամպրոպային Զևսից: Նա երկյուղ էր կրում, որ այդ նվերները մարդկանց վիշտ կբերեն: Բայց Էպիմեթևսը չլսեց իմաստուն եղբոր խորհուրդը: Գերեց նրան Պանդորան իր գեղեցկությամբ, և նա կնության առավ գեղանի աղջկան: Շատ չանցած Էպիմեթևսն իմացավ, թե որքան չարիքներ է բերել Պանդորան մարդկանց համար:
     Էպիմեթևսի տանը մի խոշոր կարաս կար՝ ամուր փակված ծանր կափարիչով: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կա այնտեղ, և ոչ ոք չէր հանդգնում այն բաց անել, քանի որ բոլորը գիտեին, թե ի՛նչ աղետներ կարող են գալ դրանից: Հետաքրքրասեր Պանդորան գողունի վեր առավ կափարիչը, և աշխարհով մեկ ճախրեցին այն աղետները, որոնք ինչ-որ ժամանակ այնտեղ էին ամփոփված: Միմիայն Հույսն էր, որ մնաց վիթխարի ամանի հատակին: Կափարիչը կրկին փակվեց, և Հույսը դուրս չթռավ Էպիմեթևսի տանից: Այդ չէր կամենում ամպրոպային Զևսը:
     Առաջներում մարդիկ երջանիկ կյանք էին վարում՝ չիմանալով, թե ի՛նչ է չարիքը, տանջալից աշխատանքը և կործանարար հիվանդությունները: Հիմա արդեն բյուրավոր աղետները տարածվեցին մարդկանց մեջ: Հիմա արդեն չարիքներով լցվեցին և՛ երկիրը, և՛ ծովը: Ցերեկով թե՛ գիշերով մարդկանց մոտ են գալիս անկոչ չարիքներն ու հիվանդությունները, իրենց հետ տառապանքներ բերում մարդկանց: Համրաքայլ ու անխոս են մոտենում, քանի որ Զևսը նրանց զրկել է խոսելու ձիրքից: Չարիքն ու հիվանդությունները շանթարձակը մարդկանց համար է ստեղծելը:

ԷԱԿՈՍ (10)

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։


     Ամպրոպային Զևսը առևանգելով գետերի աստված Ասոպոսի գեղանի դստերը՝ նրան տարավ Օյնոպիա կղզին, որ այդ ժամանակից ի վեր Ասոպոսի դստեր՝ Էգինայի անունով է կոչվում։ Այդ կղզում ծնվեց Զևսի ու Էգինայի որդին՝ Էակոսը։ Երբ Էակոսը հասակ առավ, առնացավ ու Էգինա կղզու արքան դարձավ՝ բովանդակ Հունաստանում ոչ ոք չէր կարող նրա հետ համեմատվել ո՛չ ճշմարտության հանդեպ տածած սիրով, ո՛չ էլ արդարամտությամբ: Մինչև իսկ մեծ օլիմպոսցիներն էին հարգում Էակոսին ու հաճախ նրան դատավոր կարգում իրենց վեճերին: Իսկ մահից հետո Էակոսը, ինչպես Մինոսն ու Ռադամանթոսը, աստվածների կամքով դատավոր դարձավ ստորերկրյա թագավորության մեջ:
     Միմիայն մեծ աստվածուհի Հերան էր, որ ատում էր Էակոսին: Հերան մեծ աղետ բերեց Էակոսի թագավորությանը: Թանձրախիտ մշուշով պատեց Էգինա կղզին, չորս ամիս պահեց այդ մշուշը: Ի վերջո, հարավային քամին ցրեց այն: Բայց քամին իր շնչով ոչ թե ազատություն բերեց, այլ կործանում: Ապականող մշուշի պատճառով անհամար թունավոր օձեր լցվեցին Էգինայի լճակները, աղբյուրներն ու առվակները, և թունավորում էին բոլորին: Էգինայում մի ահավոր համաճարակ ծայր առավ: Ամենայն կենդանություն մեռավ կղզում: Անվնաս մնացին Էակոսն ու մեկ էլ նրա զավակները: Հուսահատության մեջ՝ Էակոսը ձեռքերը երկինք կարկառեց ու բացականչեց.
     - Օ՜, մեծդ վահանակիր Զևս. եթե իրավ է, որ դու Էգինայի ամուսինն ես եղել, եթե իրավ է, որ դու իմ հայրն ես ու չես ամաչում թողածդ սերնդի համար, ապա ե՛տ տուր իմ ժողովուրդը կամ ի՛նձ էլ թաղիր գերեզմանի խավարում:
     Զևսն Էակոսին նախանշան տվեց, որ լսել է նրա աղերսանքը. շողաց կայծակը, և որոտի դղրդյունը գլորվեց վճիտ երկնքով մեկ: Կռահեց Էակոսը, որ իր աղոթքը տեղ է հասել: Այն տեղում, ուր Էակոսն աղերսել էր իր հորը՝ Զևսին, մի հզոր կաղնի էր կանգնած՝ շանթարձակին նվիրված, իսկ նրա արմատների մոտ մրջնաբույն կար: Պատահմամբ: Էակոսի հայացքն ընկավ հազարավոր ժրաջան մրջյուններով լեցուն այդ մրջնանոցի վրա: Էակոսը երկար նայեց, թե ինչպես էին ջանում մրջյունները կառուցելու իրենց մրջնային քաղաքը, և այսպես ասաց.
     - Օ՜, գթառատ հայր Զևս, այնքան աշխատասեր քաղաքացիներ տուր ինձ, որքան մրջյուններ կան այս մրջնանոցում։
     Էակոսը հազիվ էր արտաբերել այս խոսքը, երբ կաղնին, թեև մեղմ զեփյուռ անգամ չէր փչում, խշխշացրեց իր հզոր ճյուղերը. Զևսը և´ս մի կանխանշան տվեց Էակոսին
     Վրա հասավ գիշերը: Զարմանահրաշ մի երազ տեսավ Էակոսը: Նա տեսավ Զևսի սրբազան կաղնին, որի ճյուղերը պատած էին բյուրավոր մրջյուններով: Տատանվում էին կաղնու ճյուղերը, և մրջյուններն անձրևի նման ցած էին թափվում: Գետին ընկնելով, մրջյուններն ավելի ու ավելի խոշոր էին դառնում. ահա՛ նրանք ոտքի ելան, շտկվեցին, անհետացավ նրանց գորշ գույնը, մարմինները լցվեցին. աստիճանաբար մարդկային կերպարանք առան: Արթնացավ Էակոսը. չի հավատում իր երազի գուշակությանը, նա մինչև իսկ տրտնջում է աստվածների գուշակության դեմ, որ իրեն օգնություն չեն առաքում: Մեկ էլ հանկարծ ուժգին աղմուկ բարձրացավ: Էակոսի ականջին ոտնաձայներ են հասնում ու մարդկային խոսքեր, որ նա վաղուց է արդեն ինչ չի լսել: «Երազ չէ՞ արդյոք», մտածում է նա: Հանկարծ նրա մոտ է վազում որդին՝ Տելամոնը, նետվում դեպի հայրն ու ցնծագին խոսում.
     - Շուտ դո´ւրս արի, հա´յր։ Եվ դու ականատես կլինես մի մեծ հրաշքի, որին չէիր էլ սպասում:
     Դուրս ելավ Էակոսը պալատից և այն մարդկանց, որոնց երազումն էր տեսել, այժմ տեսավ կենդանություն առած: Մրջյուններից առաջ եկած մարդիկ Էակոսին արքա հռչակեցին, իսկ սա նրանց միրմիդոններ (11) կոչեց: Այսպես եղավ, որ Էգինա կղզին կրկին մարդաբնակ դարձավ:

ԴԱՆԱՅՈՒՀԻՆԵՐ

Հիմնականում շարադրված է ըստ Էսքիլեսի «Պաշտպանություն աղերսողներ» ողբերգության:


     Զևսի և Իոյի որդին՝ Էպափոսը, Բելոս անունով մի զավակ ուներ, իսկ սա երկու տղա ուներ՝ Եգիպտոսը և Դանայոսը: Այն ամբողջ երկրում, որ արգասաբեր Նեղոսն է ոռոգում, տիրում էր Եգիպտոսը. նրա անունով է, որ երկիրն ստացել է իր անունը: Իսկ Դանայոսը իշխում էր Լիբիայում։ Աստվածները Եգիպտոսին հիսուն որդի տվեցին, իսկ Դանայոսին՝ հիսուն գեղանի դուստր։ Գերվեցին Եգիպտոսի տղաները Դանայուհիների հմայքով, կամեցան պսակվել գեղանի աղջիկների հետ, բայց Դանայոսն ու Դանայուհիները մերժեցին նրանց: Մեծ զորաբանակ հավաքեցին Եգիպտոսի զավակները և կռիվ գնացին Դանայոսի վրա: Դանայոսը պարտություն կրեց եղբոր որդիների կողմից, նրան վիճակվեց զրկվել իր թագավորությունից ու փախուստի դիմել։ Աթենաս-Պալլաս աստվածուհու օգնությամբ Դանայոսը կառուցեց առաջին հիսուն թիականոց նավը և, իր դուստրերի հետ միասին, անծայրածիր ու հավերժածուփ ծով դուրս եկավ:
     Երկար ժամանակ ծովի ալիքների վրայով լողում էր Դանայոսի նավը և, ի վերջո, հասավ Հռոդոս կղզուն: Այստեղ Դանայոսը հանգրվան գտավ. իր դուստրերի հետ ափ դուրս եկավ, մի սրբավայր հիմնեց իր հովանավոր Աթենաս աստվածուհուն և նրան առատ զոհեր մատուցեց։ Դանայոսը չմնաց Հռոդոսում: Երկյուղ կրելով Եգիպտոսի որդիների հետապնդումից, նա դուստրերի հետ նավեց ավելի հեռու՝ դեպի Հունաստանի ափերը, դեպի Արգոլիս (12), իր նախամոր՝ Իոյի մոտ: Ինքը Զևսն էր պահպանում նավը անեզր ծովում, վտանգներով լեցուն նավարկության ընթացքում: Երկար ճանապարհ կտրելուց հետո նավը հասավ Արգոլիսի արգասաբեր ափերին: Դանայոսն ու Դանայուհիները հուսով էին, որ այստեղ պաշտպանություն ու ապաստան կգտնեն Եգիպտոսի տղաների հետ անտանելի ամուսնությունից:
     Իբրև պաշտպանություն աղերսողներ, ձիթենու ճյուղերը - ձեռքներին, Դանայուհիներն ափ ելան: Ոչ ոք չէր երևում ծովափին։ Վերջապես հեռվում փոշու ամպ երևաց, որ արագորեն մոտենում էր: Ահա՛, փոշու ամպի մեջ արդեն փայլատակում են վահանները, սաղավարտներն ու նիզակները: Լսվում է մարտակառքերի անիվների աղմուկը: Դա Արգոլիսի արքա Պելասգոսի՝ Պալեքթոնի որդու զորաբանակն է, որ մոտենում է: Լուր առնելով, որ նավ է մոտենում կղզու ափին, Պելասգոսը ծովափ է գալիս իր զորքն առած: Բայց հանդիպեց ոչ թե ոսոխի, այլ ծերունի Դանայոսին իր հիսուն գեղանի դուստրերի հետ: Ձիթենու ճյուղերը ձեռքներին, ընդառաջ եկան նրանք՝ պաշտպանություն աղերսելով: Ձեռքներն արքային կարկառած, արտասվաթոր աչքերով, Դանայոսի գեղանի աղջիկները պաշտպանություն են աղերսում ընդդեմ Եգիպտոսի գոռոզ որդիների: Զևսի՝ աղերսողների հզորազոր պաշտպանի անունով, Դանայուհիները պաղատում են Պելասգոսին, որ ոսոխի ձեռքը չմատնի իրենց: Չէ՞ որ նրանք օտարներ չեն Արգոլիսում, սա նրանց նախամոր՝ Իոյի հայրենիքն է:
     Պելասգոսը դեռ էլի տատանվում է. չէ՞ որ նրան սպառնում է պատերազմ Եգիպտոսի հզոր տիրակալների հետ: Ի՞նչ անի: Բայց նրան առավել մեծ երկյուղ է պատճառում Զևսի ցասումը, եթե նա, խախտելով շանթարձակի օրենքները, վանի Զևսի անունով պաշտպանություն աղերսողներին: Ի վերջո, Պելասգոսը խորհուրդ է տալիս Դանայոսին, որ գնա Արգոս և այնտեղ աստվածների զոհասեղանին ձիթենու ճյուղեր դնի՝ ի նշան պաշտպանության աղերսանքի: Իսկ ինքը վճռում է հավաքել ժողովրդին և խորհուրդ հարցնել նրանից։ Պելասգոսը Դանայուհիներին խոստում է տալիս ամեն ջանք գործ դնել, որպեսզի Արգոսի քաղաքացիներին համոզի նրանց սատար կանգնելու համար:
     Հեռանում է Պելասգոսը: Դանայուհիները սրտատրոփ սպասում են ժողովրդական հավաքի վճռին: Նրանք գիտեն, թե որքան անզուսպ են Եգիպտոսի որդիները, որքան ամեհի են կռվի մեջ: Գիտեն նաև, թե ի՛նչ է սպառնում իրենց, եթե եգիպտացիների նավերը հասնեն Արգոլիսի ափերին: Ի՞նչ պիտի անեն իրենք` անպաշտպան աղջիկները, եթե զրկվեն ապաստանից ու Արգոսի բնակիչների օգնությունից: Մոտ է արդեն տարաբախտ ժամը: Արդեն եկել է Եգիպտոսի որդիների բանբերը: Նա սպառնում է Դանայուհիներին ուժով տանել նավ: Ահա բռնել է Դանայոսի դուստրերից մեկի ձեռքից իր ստրուկներին հրամայում է մյուսներին էլ բռնել: Բայց հենց այդ պահին կրկին հայտնվեց Պելասգոսը։ Նա իր պաշտպանության տակ է առնում Դանայուհիներին, նրան չի վախեցնում և այն, որ Եգիպտոսի որդիների բանբերը սպառնում է պատերազմով:
     Պելասգոսին ու Արգոլիսի բնակիչներին կորստյան մատնեց Դանայոսին ու նրա աղջիկներին պաշտպան կանգնելու վճիռը: Արյունահեղ կռվում պարտություն կրելով, Պելասգոսն ստիպված եղավ փախչել իր լայնատարած տերության ծայրագույն հյուսիսը: Իրավ է, Դանայոսին ընտրեցին Արգոսի թագավոր, բայց Եգիպտոսի տղաների հետ խաղաղություն կնքելու համար նա, այնուամենայնիվ, իր գեղանի աղջիկներին կնության պիտի տար նրանց:
     Եգիպտոսի որդիները ճոխ հարսանիք արեցին: Նրանք վերահասու չէին, թե ի՛նչ է բերելու իրենց այդ ամուսնությունը: Ավարտվեց հարսանեկան աղմկալի խրախճանքը, դադար հարսանեկան հիմները, մարեցին հարսանեկան ջահերը. գիշերվա խավարը պարուրեց Արգոսը: Խորունկ լռություն էր տիրում քնի մեջ ընկղմված քաղաքում: Հանկարծ լռության մեջ մահամերձի ի ծանր տնքոց լսվեց, դրան հետևեց երկրորդը, հետո՝ էլի ու էլի: Ահասարսուռ չարագործություն էին կատարում Դանայուհիները գիշերվա քողի տակ: Իրենց հոր՝ Դանայոսի տված դաշույններով նրանք դաշունահար էին անում իրենց ամուսիններին՝ հենց որ քունը փակեց սրանց աչքերը:
     Եվ այսպես, սոսկալի մահով կործանվեցին Եգիպտոսի որդիները: Նրանցից մեկը միայն փրկություն գտավ՝ գեղեցիկ Լինքեոսը: Դանայոսի դեռատի դուստրը՝ Հիպերմնեստրան, գթաց նրան: Նա իր մեջ ուժ չէր գտել ամուսնու կուրծքը դաշույն մխրճելու համար: Արթնացրել էր նրան ու գաղտնի դուրս բերել Լինքեոսի եղբայրների արյամբ ողողված պալատից:
     Մոլեգին ցասումով էր լցվել Դանայոսը, իմանալով, որ Հիպերմնեստրան խախտել է իր կամքը: Դանայոսը դստերը շղթայակապ արեց և զնդան նետեց: Հավաքվեց Արգոսի ծերունիների դատարանը, որպեսզի դատի Հիպերմնեստրային՝ հոր կամքը խախտելու համար: Դանայոսն ուզում էր մահվան մատնել դստերը: Բայց դատարան եկավ ինքը՝ սիրո աստվածուհի ոսկեշող Ափրոդիտեն: Նա պաշտպան կանգնեց Հիպերմնեստրային ու փրկեց նրան անողորմ պատժից: Դանայոսի գթառատ, սիրասուն դուստրը դարձավ Լինքեոսի կինը: Աստվածները այդ ամուսնությանը բազմաթիվ մեծ հերոսների սերունդ մաղթեցին: Մինչև իսկ Հերակլեսը, Հունաստանի այդ անմահ հերոսը, պատկանում է Լինքեոսի տոհմին:
     Զևսը չէր կամենում կորստյան մատնել նաև մյուս Դանայուհիներին: Նրա կամքով Աթենասն ու Հերմեսը` Դանայուհիներին մաքրագործեցին հեղած արյան պղծությունից: Դանայոս արքան օլիմպացի աստվածների պատվին մեծ խաղեր կազմակերպեց, Այդ մրցախաղում հաղթողները իբրև շնորհ կնության էին առնում Դանայոսի դուստրերին:
     Բայց և այնպես Դանայուհիները չխուսափեցին պատժից իրենց կատարած չարագործության համար: Կրում են այդ պատիժը իրենց մահից հետո՝ Հադեսի խավարամած թագավորության մեջ: Դանայուհիները պետք է ջրով լցնեն հատակ չունեցող մի վիթխարի կարաս: Հավերժորեն նրանք ջուր են կրում ստորերկրյա գետից և լցնում կարասի մեջ: Ահա, թվում է թե կարասն արդեն լիքն է, բայց ջուրը կրկին ու կրկին դուրս է հոսում և կարասը դարձյալ դատարկ է: Կրկին ու կրկին գործի են անցնում Դանայուհիները, վերստին ջուր են կրում ու լցնում անհատակ կարասը: Եվ այսպես, շարունակվում է անվախճան նրանց աշխատանքը:

ՊԵՐՍԵՎՍ (13)

Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի:

ՊԵՐՍԵՎՍԻ ԾՆՈՒՆԴԸ


     Արգոսի արքա Ակրիսիոսը՝ Լինքեոսի թոռը, Դանայա անունով մի դուստր ուներ, որ հռչակված էր իր երկնային գեղեցկությամբ: Պատգամախոսը գուշակել էր, որ Ակրիսիոսը զոհ պիտի գնա Դանայայի որդու ձեռքով: Այդ ճակատագրից խուսափելու համար Ակրիսիոսը խորը Գետնի տակ բրոնզից ու քարից ընդարձակ սենյակներ կառուցեց և իր դուստր Դանայային փակեց այնտեղ, որպեսզի ոչ ոք չտեսնի նրան և ոչ մի հերոս չգայթակղվի նրա գեղեցկությամբ ու չառևանգի նրան։
     Բայց մեծն Զևսը սիրեց նրան և, ոսկե անձրևի տեսք առած, թափանցեց Դանայայի ստորերկրյա սենյակը։ Եվ Ակրիսիոսի դուստրը դարձավ Զևսի կինը։ Այդ ամուսնությունից Դանայան մի չքնաղ մանուկ ունեցավ։ Մայրը նրան Պերսևս կոչեց։
     Երկար չապրեց փոքրիկ Պերսևսը մոր հետ ստորերկրյա սենյակներում։ Մի անգամ Ակրիսիոսի ականջին հասավ փոքրիկ Պերսևսի ձայնը ու խնդագին ծիծաղը։ Նա իջավ դստեր մոտ իմանալու, թե նրա սենյակից այդ ինչ մանկան ծիծաղ է լսվում։ Ապշահար եղավ Ակրիսիոսը չքնաղ մանուկին տեսնելով։ Եվ ի՜նչ սոսկում պատեց նրան, երբ իմացավ, որ նա Դանայայի ու Զևսի զավակն է։ Իսկույն մտաբերեց պատգամախոսի գուշակությունը։ Դարձյալ պիտի միտք աներ, թե ինչպես խուսափի այդ ճակատագրից։ Վերջապես Ակրիսիոսը հրամայեց փայտից մի մեծ արկղ շինել։ Դանայային ու Պերսևսին ամփոփեց նրա մեջ, փակեց ու հրամայեց ծովը նետել։
     Երկար մամ տնակ տարուբերվում էր արկղը դառնաղի ծովի մրրկածուփ ալիքների վրա։ Կործանում էր սպառնում Դանայային ու նրա զավակին։ Ալիքները դեսուդեն էին նետում արկղը. մեկ հասցնում էին իրենց կատարը, մեկ էլ վայր բերում ծովի հորձանուտի մեջ։ Վերջապես հավերժածուփ ալիքները արկղը քշեցին Սերիփոս (14) կղզին։ Այդ ժամին ծովափին ձուկ էր որսում ձկնորս Դիկտիսը։ Նա հենց նոր էր ցանցը ծովը նետել։ Արկղը խճճվեց ցանցի մեջ, և Դիկտիսը արկղը ցանցի հետ ափ քաշեց։ Բաց արեց արկղը և զարմանքով տեսավ հրաշք գեղեցկության տեր կնոջն ու չքնաղ մանկանը։ Դիկտիսը նրանց իր եղբոր՝ Սերիփոսի արքա Պոլիդեկտեսի մոտ տարավ։
     Զորացավ Պերսևսը Պոլիդեկտես արքայի պալատում և դարձավ ուժեղ ու բարեկազմ պատանի։ Աստղի պես շողում էր նա Սերիփոս կղզու պատանիների մեջ իր աստվածային գեղեցկությամբ. չկար նրան հավասարը ո'չ գեղեցկությամբ, ո'չ ուժով, ո'չ ճարպկությամբ, ո'չ քաջությամբ։

ՊԵՐՍԵՎՍՆ ՍՊԱՆՈՒՄ Է ԳՈՐԳՈՆ ՄԵԴՈՒԶԱՅԻՆ

     Պոլիդեկտեսը մտադիր էր բռնի ուժով կնության առնել գեղանի Դանայային, բայց Դանայան ատում էր Պոլիդեկտես դժնի թագավորին: Պերսևսը պաշտպան կանգնեց մորը: Զայրացավ Պոլիդեկտեսը և այդ պահից ի վեր մտորում էր միայն Պերսևսին կորստյան մատնելու մասին: Ի վերջո, անողորմ Պոլիդեկտեսը վճռեց Պերսևսին ուղարկել Գորգոն Մեդուզայի գլուխը բերելու: Իր մոտ կանչեց Պերսևսին ու այսպես ասաց.
     - Եթե իրավ է, որ դու ամպրոպային Զևսի որդին ես, ապա չես հրաժարվի մի մեծ սխրություն ի կատար ածելուց: Քո սիրտը չի դողա և ոչ մի վտանգի առաջ: Ապացույց տուր, որ Զևսն է քո հայրը և ինձ բեր Գորգոն Մեդուզայի գլուխը: Օ՜, լիահույս եմ ես. որ Զևսը զորավիգ կլինի իր զավակին:
     Հպարտ մի հայացք նետեց Պերսևսը թագավորի վրա և հանգստությամբ պատասխանեց.
     - Լա՛վ, ես կբերեմ Մեդուզայի գլուխը:
     Եվ Պերսևսը բռնեց իր հեռավոր ճամփան: Նա պիտի հասներ երկրի արևմտյան ծայրամասը, այն երկիրը, ուր իշխում էին աստվածուհի Գիշերը և մահվան աստված Թանատոսը: Այդ երկրում էին ապրում նաև սոսկումնալի Գորգոնները: Նրանց մարմինները պատած էին փայլփլուն ու պողպատի պես ամրապինդ թեփուկով: Ոչ մի սուր չէր կարող կտրել այդ թեփուկները, բացի Հերմեսի կեռ սրից: Պղնձակոփ վիթխարի ձեռքեր ունեին Գորգոնները և պողպատե սուրսայր եղունգներ: Նրանց գլուխների վրա վարսերի փոխարեն շաչող թունավոր օձեր էին գալարվում: Գորգոնների դեմքերը՝ դաշույնի պես սուր ժանիքներով, շառագույն շուրթերով կատաղությամբ փայլող աչքերով, այնպիսի մաղձով էին համակված, այնքան ահարկու էին, որ Գորգոնների վրա նայող ամեն ոք քար էր կտրում սոսկումից: Ոսկեփայլ փետուրներ ունեցող իրենց թևերով Գորգոնները սրաթռիչ ճախրում էին երկնքով: Վա՜յ այն մարդուն, ում կվիճակվեր հանդիպել նրանց: Գորգոններն իրենց զոհին պատառ-պատառ էին անում պղնձակոփ ձեռքերով և խմում նրա տաք արյունը:
     Մի անհնար, գերմարդկային մեծագործություն էր վիճակված Պերսևսին՝ Զևսի որդուն: Նրան օգնության հասան մտքի պես արագասլաց Հերմեսը՝ աստվածների բանբերը, և Զևսի սիրասուն դուստրը՝ ռազմաշունչ Աթենասը: Աթենասը Պերսևսին մի պղնձակուռ վահան տվեց, այնպես շողշողուն, որ նրա մեջ, ինչպես հայելու, ամեն ինչ արտացոլվում էր, իսկ Հերմեսը տվեց իր կտրուկ սուրը, որ փափուկ մեղրամոմի պես կտրում էր մինչև իսկ ամենակարծր պողպատը: Աստվածների բանբերը պատանի հերոսին ասաց նաև, թե ինչպես պիտի գտնել Գորգոններին:
     Երկար ճանապարհ պիտի կտրեր Պերսևսը: Եվ բազում երկրներ անցավ նա, բազում ժողովուրդներ տեսավ: Վերջապես հասավ այն խավարամած երկիրը, ուր պառավ Գրայաներն էին ապրում: Սրանք երեքով միայն մի աչք ու մի ատամ ունեին: Հերթով էին գործածում այդ մի աչքն ու ատամը: Քանի դեռ աչքը նրանցից մեկն էր կրում, մյուս երկուսը կույր էին մնում և միակնանի Գրայան առաջնորդում էր նրանց՝ իր անօգնական քույրերին: Իսկ այն պահին, երբ աչքը հանելով, ըստ հերթի՝ պիտի տար հաջորդին, երեք քույրերն էլ կույր էին մնում: Հենց սրանք էին, որ պահպանում էին Գորգոնների մոտ տանող ճանապարհը, միայն սրանք գիտեին այդ ճանապարհը: Կամացուկ ու գաղտագողի, ինչպես խորհուրդ էր տվել Հերմեսը, Պերսևսը մթության մեջ մոտեցավ նրանց և մեկի ձեռքից խլեց զարմանահրաշ աչքը հենց այն պահին, երբ սա քրոջը պիտի տար այն: Սարսափահար ճչացին Գրայաները: Հիմա երեքն էլ կույր էին մնացել: Ի՞նչ պիտի անեն այդպես կույր ու անօգնական: Նրանք դիմեցին Պերսևսին՝ աղերսելով հանուն բոլոր աստվածների, որ ետ տա իրենց աչքը: Նրանք պատրաստ էին ամեն ինչ անել հերոսի համար, եթե նա վերադարձներ իրենց գանձը:
     Եվ Պերսևսը պահանջեց, որ դրա փոխարեն Գրայաներն իրեն ցույց տան Գորգոնների մոտ տանող ճանապարհը: Երկար ժամանակ տատանվում էին Գրայաները, բայց ստիպված էին, տեսողությունը ետ ստանալու համար, ցույց տալ ճանապարհը: Այսպես իմացավ Պերսևսը, թե ինչպես պիտի ընկնել Գորգոնների կղզին, և արագորեն առաջ գնաց:
     Հետագա ճանապարհորդության ժամանակ Պերսևսը եկավ հավերժահարսների մոտ: Նրանցից երեք պարգև ստացավ. ստորերկրյա թագավորության տիրակալ Հադեսի սաղավարտը, որ անտեսանելի էր դարձնում կրողին, թևավոր սանդալներ, որոնց օգնությամբ կարելի էր սրաթռիչ ճախրել երկնքով և մի կախարդական պայուսակ. այդ պայուսակը մեկ լայնանում էր, մեկ սեղմվում՝ նայած թե ի՛նչ մեծության իր էր դրված նրա մեջ: Հագավ Պերսևսն այդ թևավոր սանդալները, դրեց Հադեսի սաղավարտը, ուսը գցեց զարմանահրաշ պայուսակը և երկնքով սուրաց դեպի Գորգոնների կղզին:
     Բարձր երկնքով սավառնում էր Պերսևսը: Ներքևում տարածվում էր երկիրն իր կանաչապատ հովիտներով, որոնց միջով արծաթաշող ժապավենների պես ձգվում էին գետերը: Ներքևում երևում էին քաղաքներ, որոնց մեջ պայծառությամբ շողում էին աստվածների տաճարները՝ ճերմակափայլ մարմարից կառուցված: Հեռվում խոյացել էին անտառի կանաչով պատած լեռները և արևի ճառագայթներով ողողված նրանց ձյունապատ կատարները հուրհրատում էին ադամանդների պես: Պերսևսը հողմի նման սուրում է առաջ ու առաջ: Նա այնքան բարձր է ճախրում երկնքով, որքան բարձր արծիվներն անգամ չէին սավառնում իրենց հզոր թևերով: Ահա և հեռվում հրահեղուկ ոսկու պես շողում է ծովը։ Հիմա արդեն ծովի վրայով է ճախրում Պերսևսը, և ծովային ալիքների ծփանքը հազիվ լսելի խշշոցով հասնում է նրա ականջին: Ահա արդեն երկիրը չի երևում: Չորսբոլորը, որքան ընդգրկում է Պերսևսի հայացքը, տարածվել է ջրի համատարած հարթությունը:
     Վերջապես ծովի կապուտակ հեռվում երևաց կղզու սև շերտը, որ ավելի ու ավելի է մոտենում: Դա Գորգոնների կղզին է: Կղզու վրա, արևի ճառագայթներով ողողված, ինչ-որ բան է շողշողում անտանելի փայլով: Ավելի ցած է իջնում Պերսևսը: Արծվի պես սավառնում է կղզու վրա ու տեսնում, որ ժայռի վրա քուն են մտել երեք ահասարսուռ Գորգոններ: Քնել են ու տարածել իրենց պղնձակոփ թևերը, արևի տակ կրակի պես վառվում են նրանց պողպատե թեփուկները և ոսկեղեն թևերը: Նրանց գլուխների վրայի օձերը թեթևակի գալարվում են քնի մեջ: Շուտափույթ երեսը շուռ է տալիս Պերսևսը: Վախենում է նայել նրանց ահավոր դեմքերին. չէ՞ որ մի հայացքն էլ բավական է, որ նա քար դառնա: Նայեց Պերսևսը Աթենաս-Պալլասի վահանին և, ինչպես հայելու մեջ, արտացոլվեցին Գորգոնները: Նրանցից ո՞րն է Մեդուզան: Գորգոնները ջրի կաթիլների պես նման են իրար: Երեքից միայն Մեդուզան է մահկանացու, միայն նրան կարելի է սպանել: Մտքերի մեջ ընկավ Պերսևսը: Այստեղ նրան օգնության հասավ սրաթռիչ Հերմեսը: Նա Պերսևսին ցույց տվեց, թե որն է Մեդուզան և կամացուկ շշնջաց ականջին.
     - Մի դանդաղիր, Պերսևս: Համարձակ ցած իջիր: Նայիր, ծովի կողմից առաջինը Մեդուզան է: Գլխատի՛ր նրան: Հիշիր՝ չպետք է նայես նրան: Մի հայացք, և դու կորած ես: Շտապի՛ր, քանի դեռ չեն արթնացել:
     Ինչպես արծիվն է երկնքից սուրում իր որսի վրա, այդպես էլ Պերսևսն ահագնաթափ խոյացավ քնած Մեդուզայի վրա: Մեկ էլ նայեց իր շողացող վահանին, որ անվրեպ լինի հարվածը: Մեդուզայի գլխի օձերը զգացին թշնամու մոտենալը: Ահեղաշունչ շաչյունով ելան նրանք: Քնի մեջ շարժվեց Մեդուզան: Նա արդեն բաց էր արել աչքերը: Հենց այդ պահին կայծակի պես փայլատակեց Պերսևսի կտրուկ սուրը: Հերոսը մի հարվածով գլխատեց Մեդուզային: Նրա սև արյունը հեղեղի պես հորդեց ժայռն ի վար, իսկ արյան հեղեղի հետ Մեդուզայի մարմնի միջից երկինք խոյացավ թևավոր մի նժույգ՝ Պեգասը և հսկա Քրիսաորոսը:
     Առանց հապաղելու Պերսևսը հափշտակեց Մեդուզայի գլուխը և թաքցրեց կախարդական պայուսակի մեջ: Մահվան ջղաձգությունների մեջ գալարվելով՝ Մեդուզայի մարմինը ժայռի վրայից ծովը գահավիժեց: Նրա անկման աղմուկից արթնացան Մեդուզայի քույրերը՝ Ստեյնոն և Էվրիալեն: Իրենց հզոր թևերը թափահարելով՝ նրանք վեր ճախրեցին կղզու վրա և կատաղափայլ աչքերով դիտում էին չորսբոլորը: Գորգոնները շաչելով սավառնում են երկնքով, բայց նրանց քրոջը՝ Մեդուզային սպանողն անհետացել է արդեն: Ոչ մի շունչ արարած չի երևում ո՛չ կղզում, ո՛չ էլ ծովի հեռուներում:
     Իսկ Պերսևսը՝ Հադեսի սաղավարտի զորությամբ անտեսանելի դարձած, արագաթռիչ հեռու էր սավառնում ծփացող ծովի վրայով: Ահա նա արդեն ճախրում է Լիբիայի ավազուտների վրայով: Պայուսակի միջից Մեդուզայի գլխի արյունը ծանր կաթիլներով ընկնում է ավազների վրա: Այդ կաթիլներից ավազներն օձեր ծնեցին: Չորսբոլորն ամենուրեք վխտում են օձերը և ամենայն կենդանի շունչ փախուստի է դիմում. այդ օձերն են, որ Լիբիան անապատ են դարձրել:

ՊԵՐՍԵՎՍ ԵՎ ԱՏԼԱՍ


     Պերսևսն ավելի ու ավելի հեռու է սավառնում Գորգոնների կղզուց: Հողմահալած ամպի պես ճախրում է երկնքով, Վերջապես հասնում է այն երկիրը, ուր թագավորում է տիտան Յապետոսի որդին՝ Պրոմեթևսի եղբայր հսկա Ատլասը: Բազմահազար կովեր ու ցուլեր, նրբագեղմ ոչխարներ են արածում Ատլասի դաշտերում: Շքեղ այգիներ կան նրա տիրապետության սահմաններում, իսկ այգիների մեջ՝ ոսկեճյուղ ու ոսկետերև մի խնձորենի: Սրա պտուղները նույնպես ոսկեղեն են:
     Ատլասն աչքի լույսի պես պահպանում էր այդ ծառը, որ նրա մեծագույն գանձն էր: Թեմիս աստվածուհին հայտնել էր նրան իր գուշակությունը, որ կգա մի օր, երբ նրա երկրում կհայտնվի Զևսի որդին և կփախցնի նրա ոսկեղեն խնձորները: Ատլասը երկյուղ էր կրում դրանից: Այն այգին, ուր ոսկեպտուղ խնձորենին էր աճում, նա պատեց բարձր պարսպով, իսկ մուտքի մոտ պահակության կարգեց երախից բոց ժայթքող մի վիշապ: Ատլասն օտարերկրացիներին իր տիրակալության սահմաններից ներս չէր թողնում. վախենում էր, որ նրանց մեջ լինի և Զևսի որդին:
     Եվ ահա մի օր էլ, իր թևավոր սանդալներով նրա մոտ սավառնեց Պերսևսը ու դիմեց Ատլասին այսպիսի սիրալիր խոսքերով.
     - Օ՜, Ատլաս, քո տուն ընդունիր ինձ իբրև հյուր։ Ես Զևսի որդին եմ՝ Պերսևսը, Գորգոն Մեդուզային սպանողը: Թույլ տուր հանգիստ առնեմ քեզ մոտ մեծ սխրագործությունից հետո։
     Հենց որ Ատլասը լսեց, որ Պերսևսը Զևսի որդին է, իսկույն մտաբերեց Թեմիս աստվածուհու գուշակությունը և կոպիտ պատասխան տվեց Պերսևսին.
     - Հեռացի՛ր այստեղից: Քեզ չեն օգնի քո ստերը, թե դու մեծ սխրագործություն ես կատարել, թե դու Զևսի որդին ես:
     Ատլասն արդեն ուզում է հերոսին դռներից դուրս անել: Պերսևսը, տեսնելով, որ չի կարող կռվի բռնվել հսկայի հետ, ինքն է շտապում դուրս գալ նրա տանից: Ցասումը եռ է գալիս Պերսևսի սրտում. զայրացել էր հերոսը, որ Ատլասն իր հանդեպ հյուրընկալ չգտնվեց և դեռ ստախոս անվանեց:
     Եվ ցասումնալից Պերսևսն այսպես ասաց հսկային.
     - Դե լա՛վ, Ատլաս, դու ինձ դուրս ես անում: Գոնե մի նվեր ընդունիր ինձնից:
     Այս խոսքի վրա Պերսևսը մի ակնթարթում դուրս բերեց Մեդուզայի գլուխը և, ինքը շուռ գալով, ցույց տվեց Ատլասին: Իսկույն լեռան պես աճեց ու ահագնացավ հսկան։ Մորուքն ու վարսերը սաղարթախիտ անտառներ դարձան, ձեռքերը և ուսերը՝ բարձրաբերձ ժայռեր, գլուխը՝ երկինք մխրճված լեռան գագաթ: Այդ ժամանակից ի վեր Ատլաս լեռն իր վրա է պահում երկնակամարն իր բոլոր համաստեղություններով:
     Իսկ Պերսևսը, Լուսաստղի հայտնվելուն պես, ճախրեց առաջ։

ՊԵՐՍԵՎՍԸ ՓՐԿՈՒՄ Է ԱՆԴՐՈՄԵԴԱՅԻՆ


     Երկար ճանապարհ կտրելուց հետո Պերսևսը հասավ Կեփևսի թագավորությանը, որ ընկած է Եթովպիայում, (15) Օվկիանոսի ափերին: Այնտեղ, հենց ծովափին, նա ժայռի վրա գամված տեսավ գեղանի Անդրոմեդային՝ Կեփևս արքայի դստերը: Նա պետք է քավեր իր մոր՝ Կասիոպեի մեղքը:
     Կասիոպեն շարժել էր ծովային հավերժահարսների զայրույթը: Հպարտանալով իր գեղեցկությամբ, նա ասել էր, որ բոլորից գեղեցիկն ինքն է՝ Կասիոպե թագուհին: Ահեղորեն զայրացել էին հավերժահարսները և ծովերի աստված Պոսեյդոնին աղերսել, որ պատժի Կեփևսին ու Կասիոպեին: Պոսեյդոնը հավերժահարսների խնդրանքով մի հրեշ էր ուղարկել, որ նման էր վիթխարի ձկան: Հրեշը դուրս էր լողացել ծովի խորքերից ու ամայացրել Կեփևսի տիրապետությունը: Լացով ու հեծեծանքով լցվել էր Կեփևսի թագավորությունը: Ի վերջո, արքան դիմել էր Զևսի Ամմոն գուշակին (16) ու հարցրել, թե ինչպե՞ս պիտի ազատվի այդ աղետից: Եվ այսպիսի պատասխան էր ստացել.
     - Քո դստերը՝ Անդրոմեդային տուր հրեշին պատառոտելու, և վախճան կունենա Պոսեյդոնի տված պատիժը:
     Ժողովուրդը, իմանալով այս պատասխանը, թագավորին ստիպել էր Անդրոմեդային գամել ծովափնյա ժայռին: Սոսկումից գունատված, կանգնել էր Անդրոմեդան ժայռի ստորոտում, ծանր կապանքների մեջ: Աներևակայելի սոսկումով Անդրոմեդան նայում էր ծովին՝ սպասելով, որ ահա ուր որ է կերևա հրեշը և կպատառոտի իրեն: Արցունքները գլոր-գլոր հոսում էին աչքերից: Սոսկումնահար էր անում նրան այն միտքը, որ պիտի կորստյան մատնվի ծաղիկ հասակում, ուժերի փթթման ժամանակ, առանց կյանքի բերկրանքը ճաշակած լինելու:
     Եվ Պերսևսը տեսավ նրան: Պարոսյան (17) ձյունասպիտակ մարմարից կերտված զարմանահրաշ արձանի տեղ կդներ Պերսևսն Անդրոմեդային, եթե ծովային զեփյուռը չտատաներ նրա վարսերը, և գեղեցիկ աչքերից արցունքի խոշոր կաթիլներ չհոսեին: Խանդավառությամբ նրան է նայում պատանի հերոսը, և Անդրոմեդայի հանդեպ տածած սերը բորբոքվում է նրա սրտում: Պերսևսն իսկույն իջավ նրա մոտ ու քնքշությամբ հարցրեց.
     - Օ՜, ասա՛ ինձ, չքնաղ աղջիկ, ո՞ւմ է պատկանում այս երկիրը, ասա՛ ինձ քո անունը: Ասա՛, թե քեզ ինչո՞ւ են ժայռին գամել:
     Եվ Անդրոմեդան ասաց, թե ո՛ւմ մեղքի համար է իրեն տառապանք վիճակվել: Գեղանի աղջիկը չէր ուզում, որ հերոսը կարծի, թե իր սեփական մեղքն է քավում: Դեռ չէր ավարտել իր խոսքն Անդրոմեդան, երբ ալեկոծվեց ծովի հորձանուտը և լեռնակուտակ ալիքների մեջ երևաց հրեշը: Նա ալիքներից բարձր էր պահել իր գլուխը և բաց արել վիթխարի երախը: Անդրոմեդան սոսկումից ճչաց ուժգին: Վշտից խելակորույս՝ ծովափ վազեցին Կեփևսն ու Կասիոպեն: Դառնագին լալիս են նրանք՝ գրկելով իրենց դստերը: Փրկություն չունի Անդրոմեդան:
     Եվ այդ ժամանակ խոսեց Զևսի որդին՝ Պերսևսը.
     - Արցունք հեղելու դեռ շա՛տ ժամանակ կունենաք, ձեր դստերը փրկելու համար է, որ քիչ ժամանակ է մնում: Ես Զևսի որդի՛ն եմ, Պերսևսը, օձերով պարուրված Գորգոն Մեդուզային սպանողը: Ինձ կնության տվեք ձեր դուստր Անդրոմեդային, և ես կփրկեմ նրան:
     Բերկրանքով համաձայնություն տվին Կեփևսն ու Կասիոպեն: Նրանք ամեն ինչի պատրաստ էին՝ հանուն իրենց դստեր փրկության։ Կեփևսը խոստացավ մինչև անգամ իր ամբողջ թագավորությունը տալ իբրև օժիտ, միայն թե նա փրկեր Անդրոմեդային:
     Հրեշն արդեն մոտեցել է: Արագորեն լողում է դեպի ժայռը, լայն կրծքով ճեղքում է ծովի ալիքները` նման այն նավին, որ սլանում է ալիքների վրայով՝ զորեղ ու երիտասարդ թիավարների թափից թևեր առած: Նետի թռիչքից ավելի հեռու չէր լինի հրեշը, երբ Պերսևսը երկինք սավառնեց։ Հերոսի ստվերն ընկավ ծովի վրա, և հրեշը կատաղաբար հարձակվեց ստվերի վրա։ Պերսևսն ահագին բարձրությունից խիզախորեն նետվեց հրեշի վրա և իր կեռ սուրը խորը մխրճեց նրա թիկունքը: Ծանր վերք ստանալով, ալիքների մեջ ծառս եղավ հրեշը. մոլեգնաբար շուռումուռ է գալիս, նման այն վարազին, որին կատաղի հաչոցներով օղակել է շների ոհմակը: Մերթ խորանում է հրեշը ծովի մեջ, մերթ կրկին ծառանում ալիքների միջից: Խելահեղ կատաղությամբ ջրին է զարկում իր պոչը, և ջրի անհամար ցայտքերը թռչում են մինչև առափնյա ժայռերի կատարները: Փրփուրով պատվեց ծովը։ Երախը բաց արած, հրեշը նետվում է Պերսևսի վրա, բայց հերոսը ճայի արագությամբ սավառնում է իր թևավոր սանդալներով: Նրա մի հարվածը հետևում է մյուսին: Արյունն ու ջուրը հորդում են մահացու վիրավոր հրեշի երախից: Պերսևսի սանդալները թրջվել են ու հազիվ են պահում հերոսին օդի մեջ: Արագորեն սուրաց Դանայայի մեծազոր որդին դեպի ծովի միջից խոյացող ժայռը, գրկեց այն ձախ ձեռքով, իսկ աջով՝ երեք անգամ իր սուրը մխրճեց հրեշի վիթխարի կուրծքը:
     Ահասարսուռ կռիվը հասավ իր վախճանին: Ցնծալից աղաղակներ են լսվում ծովափից: Բոլորը փառաբանում են մեծազոր հերոսին: Չքնաղ Անդրոմեդայի վրայից արձակված են կապանքները և հաղթանակած Պերսևսն իր հարսնացուին հանդիսավորությամբ առաջնորդում է նրա հոր՝ Կեփևսի պալատը:

ՊԵՐՍԵՎՍԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ


     Առատ զոհեր մատուցեց Պերսևսն իր հորը՝ Զևսին, Աթենաս-Պալլասին և Հերմեսին: Խնդումնալից հարսանեկան խրախճանք սկսվեց` Կեփևսի պալատում։ Հիմենեոսն ու Էրոսը վառեցին իրենց բուրավետ ջահերը: Կեփևսի ամբողջ պալատը պարուրված է կանաչով ու ծաղիկներով։ Ուժգնորեն հնչեցին կիթառների ու քնարների ձայները, թնդացին Հարսանեկան երգերը: Պալատի դռները լայն բաց են արված: Խրախճանքի դահլիճը հուրհրատում է ոսկուց: Կեփևսն ու Կասիոպեն սեղան են նստել նորապսակների հետ. ամբողջ ժողովուրդն է սեղան նստել: Ամենուրեք խնդություն է տիրում ու բերկրանք: Խնջույքի սեղանի շուրջը Պերսևսը պատմում է իր մեծագործությունների մասին: Մեկ էլ հանկարծ զենքի ահեղ շառաչ է լսվում խրախճանքի դահլիճում: Պալատով մեկ հնչում է մարտակոչը՝ նման ծովի աղմուկին, երբ, ծառանալով, նա իր հողահալած ալիքներով զարկում է բարձրադիր ժայռեղեն ափին: Այդ Անդրոմեդայի առաջին փեսացուն՝ Փինևսն է, որ մի մեծ զորաբանակ առած պալատ է եկել:
     Պալատ խուժելով ու նիզակը ճոճելով, ահեղորեն գոչում է Փինևսը:
     - Վա՛յ քեզ, հարսներ առևանգողիդ: Քեզ չե՛ն փրկի ինձանից ո՛չ քո թևավոր սանդալները, ո՛չ էլ նույնիսկ ամպրոպային Զևսը:
     Փինևսը հենց այն է, ուզում էր նիզակը Պերսևսի վրա նետել, բայց Կեփևս արքան կասեցրեց նրան այս խոսքերով.
     - Ի՜նչ ես անում, ի՞նչն է քեզ մոլեգնության մղում: Այդպե՞ս ես ուզում պարգևատրել Պերսևսին նրա սխրանքի համար: Դա՞ պետք է լինի քո հարսանեկան պարգևը: Պերսևսն առևանգե՞լ է քո հարսնացուին, ի՞նչ է: Ո՛չ, նա առևանգված էր արդեն այն պահից ի վեր, երբ նրան ժայռին գամելու տարան, երբ նա կործանման էր գնում: Ինչո՞ւ դու այն ժամին չեկար օգնության: Դու ուզում ես հիմա՞ խլել հաղթողի պարգևը: Ինչո՞ւ ինքդ չեկար Անդրոմեդայի հետևից այն ժամանակ, երբ նա գամված էր ժայռին, ինչո՞ւ ա՛յն ժամանակ չեկար հարսնացուիդ խլելու հրեշից:
     Ոչինչ չպատասխանեց Փինևսն արքային մոլեգին հայացքը մերթ Կեփևսին էր դարձնում, մերթ՝ Զևսի գեղեցիկ որդուն: Եվ հանկարծ, լարելով իր բոլոր ուժերը, նիզակը Պերսևսի վրա ձգեց: Վրիպեց նիզակը, Պերսևսի կողքով սուրաց ու մխրճվեց հերոսի օթոցի մեջ: Իր զորեղ բազկով դուրս բերեց այն պատանի հերոսը, ելավ իր տեղից և ահեղորեն ճոճեց նիզակը: Նա մահացու վերք կհասցներ Փինևսին, բայց սա թաքնվել էր զոհասեղանի հետևը. նիզակը դիպավ հերոս Հռետոսի գլխին, և նա անշնչացած վայր ընկավ:
     Եռաց ահասարսուռ կռիվը: Եղբորն օգնելու համար Օլիմպոսից իսկույն սավառնեց եկավ ռազմաշունչ Աթենասը: Նա իր վահանով սատարեց եղբորը և նրան անպարտելի արիություն ներշնչեց: Կռվի մեջ նետվեց Պերսևսը: Նրա ձեռքում շանթի պես փայլատակում է մահաբեր սուրը, որով նա սպանել էր Մեդուզային: Իրար հետևից մահաբեր հարվածներ է տեղում Փինևսի հետ եկած հերոսների վրա: Արնաթաթավ մարմինների լեռ է կուտակվում պատանի հերոսի առաջ: Զույգ ձեռքերով Պերսևսը սեղանի վրայից խլեց ահագին բրոնզե մեծ գավաթը, որի մեջ խրախճանքի գինին էին խառնում, և նետեց հերոս Էվրիտոսի գլխին: Շանթահարվածի պես գետին տապալվեց նաև այս հերոսը, և նրա հոգին ճախրեց դեպի ստվերների թագավորությունը: Իրար հետևից գետին են տապալվում թշնամի հերոսները, բայց շատ են նրանք: Իսկ Պերսևսը օտարերկրացի է Կեփևսի թագավորության մեջ, քիչ ընկերներ ունի այդ կռվում, նրան վիճակված է գրեթե մեն-մենակ մարտնչել բազում ոսոխների դեմ:
     Պերսևսի զինակիցներից շատերն արդեն ընկել էին այդ մոլագար կռվում: Նիզակահար եղավ ու զոհ գնաց նաև երգիչը, որ իր ախորժալուր երգով ու ոսկելար կիթառի նվագով հաճույք էր պատճառում սեղանակիցներին: Ընկնելու պահին երգիչը ձեռքը դիպցրեց կիթառի լարերին, և տրտմաթախիծ, իբրև մահամերձի տնքոց, հնչեցին լարերը, բայց սրերի շառաչը և սպանվողների հառաչանքները խլացրին լարերի հնչյունները: Հողմահալած կարկուտի նման սուրում են անհամար նետերը: Հենվելով սյունաշարին ու պաշտպանվելով Աթենասի շողշողուն վահանով, կռիվ է տալիս Պերսևսը ոսոխի հետ: Իսկ թշնամիները բոլոր կողմերից օղակել են հերոսին, նրա շուրջը կռիվն ավելի ու ավելի կատաղի է դառնում: Տեսնելով, որ իրեն անխուսափելի կործանում է սպառնում, Դանայայի մեծազոր զավակը ահեղաձայն բացականչեց.
     - Ես օգնություն կստանամ պարտության մատնված իմ թշնամուց: Դո՛ւք ստիպեցիք, որ ես դիմեմ նրա պաշտպանությանը: Թող իսկույն շուռ գան բոլորը, ովքեր բարեկամ են ինձ:
     Եվ Պերսևսն իր զարմանահրաշ պայուսակից մի ակնթարթում Դուրս բերեց Գորգոն Մեդուզայի գլուխը և պահեց իր գլխից վեր: Իրար հետևից քարակոփ արձաններ դարձան Պերսևսի վրա հարձակվող հերոսները: Ոմանք քար կտրեցին հենց այն պահին, երբ ճոճում էին սուրը ոսոխի կուրծքը մխրճելու համար, մյուսները քար կտրեցին սրածայր նիզակները թափահարելիս, երրորդները՝ վահաններով պատսպարվելիս: Մեդուզայի գլխի վրա նետած մի հայացքը նրանց մարմարակերտ արձան էր դարձրել: Խրախճանքի ամբողջ դահլիճը լցվեց մարմարակերտ արձաններով: Երբ տեսավ, որ իր բոլոր ընկերները քարացել են, սոսկումը պատեց Փինևսին: Ծնկի իջավ և, ձեռքերն աղերսանքով դեպի Պերսևսը դարձնելով, գոչեց.
     - Դու հաղթանակեցի՛ր, Պերսևս: Օ՜, շուտ թաքցրու Մեդուզայի ահասարսուռ գլուխը, աղերսո՛ւմ եմ, թաքցրո՛ւ։ Օ՜, Զևսի մեծ զավակ, ա՛ռ ամենայն ինչ, եղիր ամեն ինչի տիրակալը, միայն կյանքս խնայիր:
     Հեգնանքով պատասխան տվեց Պերսևսը.
     - Մի՛ երկնչիր, ողորմելի վախկոտ: Քեզ իմ սո՛ւրը չի խոցի: Ես քեզ պարգև կտամ հավերժության: Դու հավիտյան պիտի կանգնես այստեղ, Կեփևսի պալատում, որպեսզի իմ կինը սփոփվի իր առաջին փեսացուի կերպարանքը տեսնելով:
     Ասաց ու Փինևսին մեկնեց Մեդուզայի գլուխը, և որքան էլ Փինևսը ջանում էր չնայել սոսկումնալի Գորգոնի գլխին, նրա հայացքն ընկավ վրան և նա մի ակնթարթում մարմարակերտ արձան դարձավ: Քար է կտրել Փինևսը Պերսևսի առաջ ստրուկի պես խոնարհված: Արձանացած Փինևսի հայացքում հավերժ պահպանվեց երկյուղի ու ստրկամիտ աղերսանքի արտահայտությունը:

ՊԵՐՍԵՎՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՄԵՐԻՓՈՍ


     Այդ արյունահեղ կռվից հետո Պերսևսը երկար չմնաց Կեփևսի թագավորության մեջ: Գեղանի Անդրոմեդային Հետն առած, նա վերադարձավ Սերիփոս՝ Պոլիդեկտես թագավորի մոտ: Իր մորը՝ Դանայային, Պերսևսը տեսավ մեծ վշտի մեջ: Փրկություն որոնելով Պոլիդեկտեսից, նա ստիպված էր եղել ապաստան գտնել Զևսի տաճարում: Եվ այդ ժամանակից ի վեր չի հանդգնել մի պահ անգամ լքել տաճարը: Ահավոր զայրույթի մեջ Պերսևսը գնաց Պոլիդեկտեսի պալատը և գտավ նրան ընկերների հետ խրախճանքի ճոխ սեղանը բոլորած: Պոլիդեկտեսը չէր սպասում, որ Պերսևսը կվերադառնա. վստահ էր, որ հերոսը զոհված կլինի Գորգոնների դեմ մղված կռվում: Զարմացավ Սերիփոսի արքան իր առջև տեսնելով Պերսևսին, իսկ սա հանգիստ ու անխռով այսպես ասաց թագավորին.
     - Հրամանդ կատարված է: Քեզ եմ բերել Մեդուզայի գլուխը: Պոլիդեկտեսը չհավատաց, որ Պերսևսն այդպիսի մեծ սխրանք է գործել: Եվ նա սկսեց ծաղրել աստվածազոր հերոսին ու նրան ստախոս անվանեց: Պերսևսին ծաղր ու ծանակի ենթարկեցին նաև Պոլիդեկտեսի ընկերակիցները: Ցասումը եռում էր Պերսևսի կրծքի տակ, նա չէր կարող ներել այդ անարգանքը: Ահեղորեն շողացնելով աչքերը, Պերսևսը դուրս բերեց Մեդուզայի գլուխը և գոչեց.
     - Չե՞ս հավատում, Պոլիդեկտես, ահա՛ քեզ ապացույցը:
     Պոլիդեկտեսը նայեց Գորգոնի գլխին և մի ակնթարթում քար կտրեց: Այդ ճակատագրից չխուսափեցին նաև թագավորի ընկերակիցները, որ սեղան էին նստել նրա հետ:

ՊԵՐՍԵՎՍՆ ԱՐԳՈՍՈՒՄ


     Պերսևսը Սերիփոսի իշխանությունը հանձնեց Պոլիդեկտեսի եղբորը՝ Դիկտիսին, որ մի ժամանակ փրկել էր իրեն և մորը, իսկ ինքը, Դանայայի ու Անդրոմեդայի հետ, ուղևորվեց դեպի Արգոս:
     Պերսևսի պապը՝ Ակրիսիոսը, թոռան ժամանման լուրն առնելուն պես, մտաբերելով գուշակությունը, հեռու ճողոպրեց դեպի հյուսիս, Լարիսա քաղաքը: Իսկ Պերսևսը դարձավ հայրենի Արգոսի տիրակալը: Ետ տվեց Հադեսի սաղավարտը, թևավոր սանդալներն ու զարմանահրաշ պայուսակը վերադարձրեց հավերժահարսներին, իսկ կտրուկ սուրը՝ Հերմեսին: Մեդուզայի գլուխը նա Աթենաս-Պալլասին հանձնեց, իսկ աստվածուհին այն ամրացրեց կրծքին՝ իր շողշողուն զրահի վրա: Եվ երջանիկ էր Պերսևսի տիրապետությունը Արգոսում:
     Ակրիսիոսը չխուսափեց այն վիճակից, որ կանխատեսել էր նրա համար անողորմ ճակատագիրը: Մի անգամ Պերսևսը ճոխ մրցախաղեր հրավիրեց: Բազում հերոսներ հավաքվեցին: Հանդիսատեսների մեջ էր նաև զառամյալ Ակրիսիոսը: Ծանրագին սկավառակի նետման մրցության ժամանակ Պերսևսն իր հզոր բազկով նետեց բրոնզաձույլ սկավառակը: Բարձր, բարձր մինչև ամպերը հասավ ծանրագին սկավառակը և, գետին ընկնելով, ահավոր ուժգնությամբ դիպավ Ակրիսիոսի գլխին և սպանեց նրան: Այսպես ի կատար ածվեց գուշակի կանխատեսությունը: Վշտահար Պերսևսը թաղեց Ակրիսիոսին, թախծելով, որ ակամա դարձել է պապին սպանողը: Չկամեցավ այլևս իշխել Արգոսում, իր կողմից սպանված Ակրիսիոսի թագավորության մեջ: Նա ուղևորվեց Տիրինթոս (18) և թագավորեց այնտեղ բազում տարիներ: Իսկ Արգոսի իշխանությունը հանձնեց իր ազգական Մեգապենթեսին:

ՍԻԶԻՓՈՍ

Շարադրված է ըստ Հոմերոսի «Իլիական» և Օվիդիոսի «Հերոսուհիներ» պոեմների:։։


     Սիզիփոսը, բոլոր քամիների տիրակալ աստված Էոլոսի որդին, եղել է Կորնթոս քաղաքի հիմնադիրը, քաղաք, որ հնագույն ժամանակներում Էփիրե անունն է կրում:
     Բովանդակ Հունաստանում ոչ ոք չէր կարող չափվել Սիզիփոսի հետ խարդախությամբ, խորամանկությամբ ու հնարամտությամբ: Նա իր խորամանկության շնորհիվ անբավ հարստություն էր կուտակել Կորնթոսում և հեռուներն էր տարածվել նրա հարստության համբավը: Երբ մահվան աստված դժնադեմ Թանատոսը եկավ նրա մոտ՝ նրան Հադեսի տրտմալից թագավորությունն իջեցնելու համար, Սիզիփոսը, որ արդեն զգացել էր մահվան աստծո մոտենալը, նենգաբար խաբեց Թանատոս աստծուն և կաշկանդեց նրան կապանքներով: Եվ դրանից հետո մարդիկ այլևս չէին մեռնում: Այլևս ոչ մի տեղ շքեղ թաղումներ տեղի չէին ունենում: Մարդիկ այլևս զոհեր չէին մատուցում ստորերկրյա թագավորության աստվածներին: Երկրի վրա խախտվեց Զևսի սահմանած կարգը: Եվ այդ ժամանակ ամպրոպային Զևսը Սիզիփոսի մոտ առաքեց պատերազմի մեծազոր աստված Արեսին: Նա մահվան աստծուն ազատ արձակեց կապանքներից, և Թանատոսը դուրս կորզեց Սիզիփոսի հոգին և տարավ հանգուցյալների ստվերների թագավորությունը:
     Բայց այստեղ էլ խորամանկ Սիզիփոսը կարողացավ հնար գտնել իրեն օգնելու համար: Ասել էր կնոջը, որ նա չթաղի իր մարմինը և զոհեր չմատուցի ստորերկրյա աստվածներին: Սիզիփոսի կինը հնազանդ էր մնացել ամուսնու կամքին: Հադեսն ու Պերսեփոնեն շատ սպասեցին թաղման զոհաբերություններին: Բայց զոհաբերությունները չկան ու չկան: Ի վերջո, Սիզիփոսը մոտեցավ Հադեսի գահին և հանգուցյալների թագավորության տիրակալին այսպես ասաց.
     - Օ՜, մեռյալ հոգիների տիրակալ մեծն Հադես, որ հավասար ես հզորազոր Զևսին, արձակի՛ր ինձ դեպի լուսավոր երկիր: Կհրամայեմ կնոջս, որ քեզ առատ զոհեր մատուցի և կրկին ետ կգամ ստվերների թագավորությունը:
     Այսպես խաբեց Սիզիփոսը Հադես տիրակալին, և սա նրան բաց թողեց երկիր: Սիզիփոսն, իհարկե, ետ չեկավ Հադեսի տիրակալությունը: Մնաց իր շքեղազարդ պալատում ու խնդագին խրախճանք էր անում՝ ցնծալով, որ բոլոր մահկանացուներից միայն ինքն է կարողացել վերադառանալ ստվերների խավարամած թագավորությունից:
     Ահեղորեն զայրացավ Հադեսը, կրկին անգամ Թանատոսին ուղարկեց Սիզիփոսի հոգին առնելու: Հայտնվեց Թանատոսը մահկանացուներից ամենախորամանկի պալատում, և նրան գտավ ճոխ խրախճանք անելիս: Դուրս կորզեց Սիզիփոսի հոգին աստվածների ու մարդկանց ատելին՝ Թանատոսը: Հիմա արդեն Սիզիփոսի հոգին առմիշտ անցավ ստվերների թագավորությունը:
     Եվ Սիզիփոսը ծանրագույն պատիժ է կրում հանդերձյալ կյանքում՝ երկրի վրա կատարած իր բոլոր խարդախությունների ու խաբեությունների համար: Նա դատապարտված է վիթխարի մի քար գլորելու բարձրաբերձ լեռան թեք զառիվերով: Լարելով իր բոլոր ուժերը, Սիզիփոսը գլորում է ծանրագույն քարը սարնիվեր։ Տառապագին աշխատանքից քրտինքը անձրևի պես թափվում է վրայից: Լեռնագագաթն ավելի ու ավելի է մոտենում. ևս մի ճիգ, և իր ավարտին կհասնի Սիզիփոսի աշխատանքը: Բայց քարը դուրս է պրծնում նրա ձեռքից և դղրդյունով ցած գլորվում՝ հետևից փոշու ամպ բարձրացնելով: Եվ կրկին ու կրկին գործի է անցնում Սիզիփոսը:
     Այսպես հավերժաբար գլորում է այդ քարը Սիզիփոսը ու երբեք չի հասնում նպատակին՝ լեռան գագաթին:

ԲԵԼԵՐՈՓՈՆ (19)

Շարադրված է ըստ Հոմերոսի «Իլիական» պոեմի և Պինդարոսի բանաստեղծությունների։։


     Սիզիփոսը մի որդի ուներ՝ հերոս Գլավքոսը, որ իշխում էր Կորնթոսում հոր մահից հետո: Իսկ Գլավքոսը մի զավակ ուներ Բելերոփոն անունով, որ Հունաստանի մեծազոր հերոսներից մեկն էր: Աստծո պես գեղեցիկ էր Բելերոփոնը, և անմահ աստվածներին հավասար էր արիությամբ: Բելերոփոնը, երբ դեռ պատանի էր, մի փորձանքի հանդիպեց. ակամայից սպանեց Կորնթոսի քաղաքացիներից մեկին և պետք է փախչեր հայրենի քաղաքից։ Եվ նա փախավ Տիրինթոսի թագավոր Պրոյտոսի մոտ: Մեծ պատվով ընդունեց Տիրինթոսի արքան հերոսին և մաքրագործեց նրան հեղած արյան պղծությունից: Բայց Բելերոփոնին վիճակված չէր երկար մնալ Տիրինթոսում: Գերվեց հերոսի գեղեցկությամբ Պրոյտասի կինը՝ դիցակերպ Անթեյան: Բայց Բելերոփոնը մերժեց նրա սերը: Եվ հերոսի հանդեպ ատելությամբ լցվեց Անթեյա թագուհին ու վճռեց կործանել նրան: Գնաց իր ամուսնու մոտ և այսպես ասաց.
     - Օ՜, արքա: Ծանր անարգանք է հասցրել քեզ Բելերոփոնը: Դու պետք է սպանե՛ս նրան: Նա իր սիրով հետամուտ է եղել ինձ՝ քո կնոջը: Ահա՛ թե ինչպե՜ս է երախտահատույց լինում հյուրընկալությանդ համար:
     Սաստիկ զայրացավ Պրոյտոսը. բայց չէր կարող ձեռք բարձրացնել իր հյուրի վրա, քանի որ երկյուղ էր կրում Զևսից՝ հյուրընկալության հովանավորից: Երկար միտք արեց Պրոյտոսը, թե ինչպե՛ս կորստյան մատնի Բելերոփոնին և վճռեց մի նամակով նրան ուղարկել Անթեյայի հոր՝ Լիկիայի արքա Իոբատեսի մոտ: Կրկնակի ծալած և կնքված, տախտակի վրա գրված այդ նամակով Պրոյտոսը Իոբատեսին հայտնում էր, թե ինչ ծանր անարգանք է հասցրել իրեն Բելերոփոնը, և խնդրում էր վրեժխնդիր լինել նրանից այդ անարգանքի համար: Նամակն առնելով, Բելերոփոնն ուղևորվեց Իոբատեսի մոտ, բնավ չկասկածելով, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրեն:
     Երկար ճանապարհորդությունից հետո Բելերոփոնը հասավ Լիկիա: Խանդավառությամբ ընդունեց Իոբատեսը պատանի հերոսին և ինն օր պատվեց նրան խրախճանքներով: Ի վերջո, հարցրեց Իոբատեսը նրա ժամանման նպատակը: Բելերոփոնը Պրոյտոսի նամակը հանգստությամբ մեկնեց Լիկիայի արքային: Իոբատեսը ձեռքն առավ կրկնակի կնիք ունեցող նամակը և բաց արեց այն: Սոսկումը պատեց նրան, երբ կարդաց, թե ի՛նչ է գրված նամակում: Նա պիտի սպաներ պատանի հերոսին, որ այդ ինն օրվա ընթացքում արդեն նվաճել էր իր սերը: Բայց Իոբատեսը ևս, Պրոյտոսի նման, չէր հանդգնում խախտել հյուրընկալության սրբազան սովորույթը: Բելերոփոնին կորստյան մատնելու համար նա որոշեց հերոսին ուղարկել անխուսափելի մահվամբ սպառնացող մի սխրանքի: Իոբատեսը հանձնարարեց Բելերոփոնին, որ սպանի ահասարսուռ հրեշ Քիմերային: Նրան ծնել են սոսկումնալի Տիփոնը և վիթխարահսկա Էքիդնան: Առջևի կողմից առյուծ էր Քիմերան, միջնամասում՝ լեռնային վայրենի այծ, իսկ հետևից՝ վիշապ: Հուր էր ժայթքում իր երեք երախներից: Ոչ ոք փրկություն չուներ ահավոր Քիմերայից: Հենց միայն նրա մերձեցումը անխուսափելի մահ էր բերում:
     Բելերոփոնին չէր կասեցնում այդ սխրանքի վտանգը. մեծազոր հերոսը խիզախորեն ձեռնամուխ եղավ այդ սխրագործությունն ի կատար ածելուն: Նա գիտեր, որ Քիմերային կհաղթի միայն նա, ով տիրում է թևավոր Պեգաս (20) նժույգին, որ Պերսևսի սպանած Գորգոն Մեդուզայի մարմնի միջից է ելել: Հերոսը գիտեր նաև, թե ինչպես պիտի գտնել այդ հրաշք ձիուն: Պեգասը հաճախ էր վայրէջք կատարում Ակրոկորնթոս (21) լեռան կատարին և այնտեղ ջուր խմում Պիրենեի աղբյուրից: Հենց այնտեղ էլ գնաց Բելերոփոնը: Նա հասավ աղբյուրին հենց այն պահին, երբ ամպերի հետևից իջած Պեգասը հագեցնում էր և ծարավը Պիրենեի աղբյուրի սառնորակ, բյուրեղի պես թափանցիկ ջրով: Բելերոփոնն ուզում էր իսկույն ևեթ բռնել Պեգասին: Օրեր ու գիշերներ հետևեց նժույգին, բայց ապարդյուն. ոչ մի խորամանկություն չօգնեց հերոսին: Պեգասը Բելերոփոնի ձեռքը չէր ընկնում: Հենց որ պատանի հերոսը մոտենում էր թևավոր նժույգին, սա իր հզոր թևերով ճախրում, հողմի արագությամբ սավառնում էր ամպերի հետևը և արծվի պես ճախրում ամպերի մեջ: Ի վերջո, պատգամախոս Պոլիիդասի խորհրդով, Բելերոփոնը պառկեց քնելու Պիրենեի աղբյուրի կողքին, Աթենաս-Պալլասի զոհարանի մոտ, այնտեղ, ուր առաջին անգամ տեսել էր Պեգասին: Հերոսն ուզում էր երազի մեջ ստանալ աստվածների հայտնությունը: Եվ իրոք, երազի մեջ հայտնվեց ամպրոպային Զևսի սիրելի դուստրը՝ Աթենասը, և սովորեցրեց, թե ինչպես պիտի բռնել Պեգասին: Մի ոսկեղեն սանձ տվեց և հրամայեց զոհ մատուցել ծովի աստված Պոսեյդոնին: Արթնացավ Բելերոփոնը: Զարմանքով տեսավ, որ ոսկեղեն սանձը ընկած է կողքին: Ջերմեռանդ աղոթքով իր երախտիքը հայտնեց մեծ աստվածուհուն: Գիտեր, որ այժմ արդեն պետք է Տիրի Պեգասին:
     Շատ չանցած, իր ձյունաճերմակ թևերով, աղբյուրի մոտ ճախրեց զարմանահրաշ նժույգը: Խիզախորեն նրա մեջքին ցատկեց Բելերոփոնը, և գլուխը գցեց ոսկեղեն սանձը: Երկար ժամանակ, հողմից էլ արագ Պեգասը թռցնում էր հերոսին երկնքով, բայց ի վերջո զսպվեց և այդ պահից ի վեր հավատարիմ ծառայեց Բելերոփոնին:
     Պեգասի թևերով հերոսը արագորեն սուրաց դեպի Լիկիայի լեռները, այնտեղ, ուր ապրում էր հրեշավոր Քիմերան: Սա զգաց թշնամու մոտենալը և, հզոր ու ահեղ, դուրս սողաց իր խավարչտին անձավից: Մոխրացնող հուր էր ժայթքում նրա երեք երախից, չորսբոլորը քուլա-քուլա ծուխ էր բարձրանում: Բա՜րձր- բա՜րձր սավառնեց Պեգասը Բելերոփոնի հետ, և բարձունքից հերոսը միմյանց հետևից նետեր արձակեց Քիմերայի վրա: Մոլեգին կատաղությամբ հրեշը ուժգնորեն զարկվում ու շուռ էր տալիս ժայռերը: Մոլեգնահար՝ սուրում էր նա լեռներով: Ամեն ինչ հրո ճարակ էր դառնում նրա բոցերից: Ամենուրեք հետապնդում էր նրան Բելերոփոնն իր թևավոր նժույգով: Քիմերան ոչ մի տեղ ապաստան չէր գտնում հերոսի անվրեպ նետերից: Մահաբեր նետերը ամեն տեղ հասնում էին նրան: Սպանեց Բելերոփոնն ահեղ հրեշին և մեծագույն փառքով վերադարձավ Իոբատես արքայի մոտ։
     Բայց Իորատեսը մի ուրիշ հանձնարարություն տվեց նրան։ Նա հերոսին ուղարկեց ընդդեմ ռազմաշունչ սոլիմների (22)։ Բազում հերոսներ էին իրենց գլուխը դրել սոլիմների դեմ մղած կռիվներում, բայց Բելերոփոնը հաղթեց նրանց: Այդ հաղթանակն էլ սակայն քիչ թվաց Իորատեսին, չէ՞ որ նա ձգտում էր կործանել հերոսին։ Ուստի և այս անգամ էլ նրան ուղարկեց անպարտելի ամազոնուհիների դեմ: Այս պատերազմից ևս Բելերոփոնը հաղթանակով դուրս եկավ: Եվ այս անգամ Իորատեսը հաղթանակի փառքով վերադարձող հերոսին ընդառաջ ուղարկեց Լիկիայի հզորագույն այրերին, որպեսզի սրանք անակնկալ հարձակումով սպանեին անպարտելի Բելերոփոնին:
     Լիկիացիները նրան ծուղակը քաշեցին, բայց այստեղ էլ չզոհվեց հերոսը: Լիկիայի բոլոր ուժեղագույն այրերն ընկան հզորազույն Բելերոփոնի ձեռքից: Եվ հասկացավ Իորատեսը, թե ի՜նչ մեծ հերոս է հյուրընկալել: Մեծագույն պատվով ընդունեց պանծալի հաղթանակողին: Իորատեսը նրան կնության տվեց իր դստերը և որպես օժիտ՝ թագավորության կեսը: Լիկիացիները, իբրև նվեր, Բելերոփոնի համար առանձնացրին իրենց ամենաարգավանդ հողերը և դրին նրա տիրակալության տակ։
     Այդ ժամանակից ի վեր Բելերոփոնը բնակություն հաստատեց Լիկիայում և ապրեց այնտեղ՝ փառքի ու պատվի մեջ: Բայց տարաբախտ վախճան ունեցավ Բելերոփոնի կյանքը: Գոռոզացավ մեծ հերոսը: Այնքան էր կուրացել իր մեծ փառքից, որ կամեցել էր հավասար լինել օլիմպացի աստվածներին։ Բելերոփոնը վճռեց իր թևավոր նժույգով՝ Պեգասով սավառնել Լուսակերտ Օլիմպոս՝ անմահ աստվածների մոտ: Այսօրինակ գոռոզամտության համար Զևսը պատժեց Բելերոփոնին: Շանթարձակը թևավոր Պեգասին համակեց մոլեգին կատաղությամբ: Եվ Պեգասը ցած նետեց Բելերոփոնին հենց այն պահին, երբ նա ուզում էր հեծնել նժույգը՝ Օլիմպոս սավառնելու համար: Այդ անկումից մեծազոր հերոսը ցնորվեց։ Եվ նա երկար թափառեց այդպես խելացնոր՝ «Թափառումի հովտում», մինչև որ իր սև թևերով թռավ եկավ մահվան դժնադեմ աստված Թանատոսը և առավ նրա հոգին: Այդպես ստվերների տխրամած թագավորություն իջավ մեծ հերոս Բելերոփոնը: 141

ՏԱՆՏԱԼՈՍ (23)

Շարադրված է ըստ Հոմերոսի «Ոդիսական» պոեմի:


     Լիդիայում, Սիպիլոս լեռան մոտ կար մի մեծահարուստ քաղաք, որ Սիպիլոս էր կոչվում այդ լեռան անունով: Այդ քաղաքում իշխում էր աստվածների սիրելի Տանտալոսը՝ Զևսի որդին: Ամեն ինչ լիառատ պարգևել էին նրան աստվածները: Հողագնդի վրա չկար մեկը, որ առավել հարուստ ու երջանիկ լիներ, քան Սիպիլոսի արքա Տանտալոսը: Նրան անբավ հարստություն էր բերում Սիպիլոս լեռան ոսկու մեծահարուստ հանքավայրը: Ոչ ոք այդքան արգասաբեր դաշտեր չուներ, ոչ ոքի այգիներն ու վազերը այդքան սքանչելի պտուղ չէին տալիս: Աստվածների սիրելի Տանտալոսի մարգագետիններում արածում էին նրբագեղմ ոչխարների անհամար հոտեր, կեռեղջյուր ցուլերի ու կովերի մեծաքանակ նախիրներ, քամու պես սուրացող նժույգների բազում երամակներ: Տանտալոսի թագավորության մեջ ամեն ինչ լիառատ էր: Նա կարող էր երջանկության ու լիության մեջ ապրել մինչև խորին ծերություն, բայց նրան կործանեցին անսահման հպարտությունն ու մեղսագործությունները:
     Աստվածները իրենց սիրելի Տանտալոսին դիտում էին իբրև իրենց հավասարի: Օլիմպացիները հաճախ էին գալիս Տանտալոսի ոսկեշող սրահները և ուրախ խնջույքի նստում նրա հետ: Մինչև իսկ լուսապայծառ Օլիմպոս, ուր չի հասել ոչ մի մահկանացու, աստվածների կանչով հաճախ է այցելել Տանտալոսը: Այնտեղ նա մասնակից է եղել աստվածների խորհրդին և իր հոր՝ ամպրոպային Զևսի պալատում, սեղան նստել աստվածների հետ միասին:
     Այդպիսի մեծ երջանկությունից Տանտալոսը գոռոզամիտ դարձավ: Մինչև իսկ ամպահալած Զևսին հավասար էր համարում իրեն: Եվ հաճախ, Օլիմպոսից վերադառնալով, Տանտալոսը իր հետ աստվածային ուտեստեղեն՝ ամբրոսիա էր բերում ու տալիս142


1 Բանաստեղծ Հեսիոդոսը պատմում է, թե իր ժամանակակից հույներն ինչ հայացքներ ունեին մարդու ծագման ու դարերի հաջորդականության մասին։ Հնում ամեն բան ավելի լավ էր, բայց ամեն ինչ երկրի վրա աստիճանաբար վատացավ, և կյանքն ամենից ավելի վատթար է դարձել Հեսիոդոսի ժամանակ: Դա հասկանալի էր Հեսիոդոսի՝ գյուղացիության, մանր հողատերերի ներկայացուցչի համար: Հեսիոդոսի ժամանակ ավելի ու ավելի էին խորանում դասակարգային շերտավորումները և ուժեղանում չքավորության շահագործումը ունևորների կողմից. դրա համար էլ ընչազուրկ գյուղացիությունն իրոք որ վատ էր ապրում հարուստ, խոշոր հողատերերի ճնշման տակ, հողատերեր, որոնց դաշտերը մշակվում էին ստրուկների և հարստահարվող գյուղացիների օգնությամբ: Իհարկե, Հեսիոդոսից հետո էլ Հունաստանում ընչազուրկ գյուղացիության կյանքը չբարելավվեց: առաջվա պես ունևորները հարստահարում էին նրան:
2 - Այս առասպելում պատմվում է համաշխարհային ջրհեղեղի և այն մասին, թե Դևկալիոնն ինչպես է կնոջ հետ փրկվել վիթխարի արկղի մեջ: Ջրհեղեղի առասպելը գոյություն է ունեցել նաև Հին Բաբելոնում, դա Ուտնապիշտիմի առասպելն է, որ փոխ են առել նաև հին հրեաները: Վերջիններիս մոտ դա աստվածաշնչի առասպելն է համաշխարհային ջրհեղեղի և Նոյի մասին:
3 - Մարզ Պելոպոնեսի կենտրոնում:
4 - Էգիս - Զևսի սոսկալի և անխորտակելի վահանը, որ կռել է Հեփեստոսը, Աստվածների հովանավորության ու ցասման սիմվոլն է (Ծ.Թ.):
5 - Էսքիլեսը պատմում էր, թե ի՛նչպիսի դաժան բռնակալի պես ամբողջ աշխարհին տիրող Զևսը պատժում է իր դեմ ըմբոստացող տիտան Պրոմեթևսին: Հզոր տիտանը, հակառակ Զևսի կամքի, Օլիմպոսից փախցրել էր կրակը և տվել մարդկանց. նա մարդկանց գիտելիքներ էր տվել, հողագործություն, արհեստ, նավաշինություն, կարդալ ու գրել էր սովորեցրեք: Դրանով Պրոմեթևսը մարդկանց կյանքն ավելի երջանիկ դարձրեց ու սասանեց Զևսի ու նրա օգնականների՝ օլիմպացի աստվածների իշխանությունը: Բայց Պրոմեթևսի գլխավոր մեղսագործությունն այն է, որ նա չի կամենում Զևսին հայտնել, թե նա ումից պիտի ունենա այն զավակը, որ Զևսից առավել զորեղ պիտի լինի ու գահընկեց անի նրան։ Պրոմեթևսն ասում է. «Իրավն ասած, ատում եմ ես բոլոր աստվածներին», իսկ Հերմեսին այսպես է պատասխանում. «Բայց իմացիր, որ քո քսու ճորտության հետ չեմ փոխի իմ տանջանքներն ու վիշտը: Լավ է ժայռին գամված մնալ, քան ժանտ Զևսի հավատարիմ ստրուկը լինել», - այս խոսքի համար Մարքսը Պրոմեթևսի մասին ասում է. «Պրոմեթևսը փիլիսոփայական օրացույցի ամենաազնիվ սուրբն է և նահատակը»:
6 - Գրիփներ - արծվի թևերով ու գլխով և առյուծի մարմնով հրեշներ, որոնք Ասիայի ծայրագույն հյուսիսում պահպանում էին ոսկեբեր հողաշերտերը:
7 - Արիմասպներ - դիցաբանական ժողովուրդ, որ ապրում էր գրիփների հարևանությամբ և նրանց հետ անընդմեջ կռիվ մղում։
8 Սրանով Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգությունն ավարտվում է:
9 - Պանդորա օժտված բոլոր շնորհներով:
10 - Էակոսի առասպելը հատկապես հետաքրքիր է նրանով, որ այստեղ պարզորոշ արտահայտված են տոտեմիզմի հետքերը։ Առասպելը պատմում է, թե ինչպես մրջյուններից առաջ է եկել միրմիդոնների ցեղը։ Այն հավատը թե կենդանիներից մարդիկ կարող են առաջ գալ, հատուկ է նախնադարյան կրոնին։
11 Միրմես նշանակում է մրջյուն:
12 Մարզ Պելոպոնեսի հյուսիս-արևելքում:
13 Պերսևս - Հունաստանի ամենաժողովրդական հերոսներից է: Նրա մասին շատ առասպելներ են պահպանվել: Բայց դրանք պատմվել են տարբեր ձևերով: Հետաքրքրական է, որ այդ առասպելների մի շարք գործող անձանց հին հույները երկինք են տեղափոխել: Հիմա էլ մենք գիտենք այնպիսի համաստեղություններ որոնք կրում են Պերսևսի, Անդրոմեդայի, Կասիոպեի (Անդրոմեդայի մայրը) և Կեփևսի (Անդրոմեդայի հայրը) անունները:
14 Էգեյան ծովի Կիկլադյան կղզիներից մեկը:
15 Եթովպիա - երկիր, որ հույների պատկերացմամբ գտնվում է երկրի ծայրագույն հարավում, Հույները, հետագայում նաև հռոմեացիները, այդպես էին կոչում Աֆրիկայում Եգիպտոսից հարավ ընկած ամբողջ երկիրը:
16 Այս պատգամատունը գտնվել է լիբիական անապատի օազիսում, Եգիպտոսից արևմուտք:
17 Պարոս - Կիկլադյան խոշոր կղզիներից մեկը, որ հռչակված էր իր առաջնակարգ ճերմակ մարմարով (Ծ.Թ.):
18 Տիրինթոս - Հունաստանի հնագույն քաղաքներից մեկը, գտնվել է Արգոլիսում:
19 Այս առասպելի մեջ շատ նշաններ կան, որոնք ցույց են տալիս, որ Բելերոփոնը արևի տեղական աստվածն է եղել, նա ճախրում է երկնքով իր թևավոր նժույգով, նետահար է անում Քիմերա հրեշին, որ մարմնացնում է փոթորիկը երկրաշարժը և երկրի հրաբխային ուժերը։ Բելերոփոնի նման հերոսների նվիրված առասպելներ կան նաև երկրագնդի շատ ուրիշ ժողովուրդների դիցաբանության մեջ:
20 Պեգասի անունով համաստեղություն կա երկնակամարում: Ավելի ուշ շրջանում Պեգասը դարձավ նաև բանաստեղծների նժույգը, այդ ձիով էին բանաստեղծները ճախրում դեպի Պառնաս՝ Ապոլոն աստծու և մուսաների մոտ:
21 Այն լեռը, որի վրա գտնվում էր Կորնթոսի միջնաբերդը (Ակրոպոլիս):
22 Ցեղ, որ ապրելիս է եղել Լիկիայի հյուսիսային սահմանում:
23 Տանտալոսի առասպելը մեզ զարմացնում է իր դաժանությամբ: Տանտալոսն սպանում է իր որդուն՝ օլիմպոսցի աստվածների ամենիմացությունը փորձած լինելու համար միայն: Տանտալոսի այդ արարքի մեջ պարզորոշ արտահայտվում է այն ժամանակների վերապրուկը, երբ հույների մեջ դեռևս գոյություն են ունեցել մարդկային զոհաբերությունները: