ԿԵԿՐՈՊՍ (1), ԷՐԻՔԹՈՆԻՈՍ ԵՎ ԷՐԵՔԹԵՎՍ(2)
Մեծ Աթենքի և նրա Ակրոպոլիսի հիմնադիրը երկրածին Կեկրոպսն է: Երկիրը նրան ծնել է իբրև կես մարդ ու կես օձ: Նրա մարմինն ավարտվում է օձային վիթխարի պոչով: Կեկրոպսը Աթենքը հիմնադրեց Ատտիկայում այն ժամանակ, երբ ամբողջ երկրի իշխանության համար վեճի մեջ էին ծովի աստված երկրասասան Պոսեյդոնը և ռազմաշունչ աստվածուհի Աթենասը՝ Զևսի սիրելի դուստրը: Այդ վեճը լուծելու համար բոլոր աստվածները, իրեն՝ մեծն շանթարձակ Զևսի գլխավորությամբ, հավաքվեցին աթենական Ակրոպոլիսում: Աստվածների և մարդկանց տիրակալը դատի կանչեց նաև Կեկրոպսին, որպեսզի նա վճռի, թե ո՛ւմ է պատկանելու Ատտիկայի իշխանությունը: Օձոտն Կեկրոպսը ներկայացավ դատի: Աստվածները վճռեցին Ատտիկայի իշխանությունը տալ նրան, ով երկրին առավել բարձրարժեք պարգև կտա։ Հարվածեց ապառաժին երկրասասան Պոսեյդոնն իր եռաժանիով և ապառաժից ծովային աղի ջրի աղբյուր հորդեց, իսկ Աթենասը երկրի մեջ մխրճեց իր շողշողուն նիզակը և հողից արգասաբեր ձիթենի բուսնեց: Եվ այդ ժամանակ խոսեց Կեկրոպսը.
- Օլիմպոսի լուսապայծառ աստվածնե՛ր, ամենուրեք ծփում են անծայրածիր ծովի աղի ջրերը, բայց ոչ մի տեղ առատ պտուղներ տվող ձիթենի չկա: Աթենասին է պատկանում ձիթենին, որ հարստություն կտա բովանդակ երկրին և բնակիչներին կմղի դեպի երկրագործի աշխատանքը, արգասաբեր հողի մշակումը: Մեծագույն բարիք է տալիս Աթենասն Ատտիկային, ուրեմն՝ թող նրա՛ն պատկանի ողջ երկրի իշխանությունը:
Օլիմպացի աստվածները Աթենաս-Պալլասին վերապահեցին Կեկրոպսի հիմնադրած քաղաքի և բովանդակ Ատտիկայի իշխանությունը Եվ այդ ժամանակից ի վեր Կեկրոպսի հիմնած քաղաքը, Զևսի սիրելի դստեր պատվին, սկսեց Աթենք կոչվել: Կեկրոպսը Աթենքում կանգնեցրեց առաջին սրբավայրը՝ նվիրված քաղաքի պաշտպան Աթենասին և նրա հորը՝ Զևսին, Կեկրոպսի դուստրերը եղան Աթենքի առաջին քրմուհիները: Կեկրոպսն աթենացիներին օրենքներ տվեց և հիմնեց ամբողջ պետությունը: Նա՛ եղավ Ատտիկայի առաջին արքան:
Կեկրոպսի փոխանորդը Էրիքթոնիոսը եղավ՝ կրակի աստված Հեփեստոսի որդին: Նա էլ, ինչպես Կեկրոպսը, երկրի ծնունդ էր: Գաղտնիքներով լի է նրա ծնունդը: Երբ ծնվեց, Աթենաս աստվածուհին նրան առավ իր հովանավորության ներքո, և նա աճեց ու հասունացավ աստվածուհու սրբավայրում: Նորածին Էրիքթոնիոսին Աթենասը դրեց հյուսած զամբյուղի մեջ, որ ամուր փակվող կափարիչ ուներ: Երկու օձ պիտի պահպանեին Էրիքթոնիոսին: Պահպանում էին նաև Կեկրոպսի դուստրերը: Աթենասը խիստ արգելել էր նրանց վեր առնել զամբյուղի կափարիչը. նրանք չպիտի տեսնեին երկրից խորհրդավոր կերպով ծնունդ առած նորածին մանկանը: Հետաքրքրությունը տանջում էր Կեկրոպսի աղջիկներին, նրանք ուզում էին գեթ մեկ անգամ նայել Էրիքթոնիոսին:
Մի անգամ Աթենասը հեռացել էր Ակրոպոլիսի իր սրբավայրից, որպեսզի Պալենեից բերի այն լեռը, որ նա վճռել էր Ակրոպոլիսի մոտ դնել նրա պաշտպանության համար: Երբ աստվածուհին լեռը բերում էր դեպի Աթենք՝ նրան ընդառաջ ճախրեց մի ագռավ և հայտնեց, որ Կեկրոպսի դուստրերը բաց են արել էրիքթոնիոսի զամբյուղը և նայել խորհրդավոր նորածնին: Ահեղորեն զայրացավ Աթենասը. դեն նետեց լեռը և մի ակնթարթում հայտնվեց Ակրոպոլիսի իր սրբավայրում: Աթենասը դաժանորեն պատժեց Կեկրոպսի դուստրերին. սրանք ցնորվեցին և, փախչելով սրբավայրից, ցած նետվեցին Ակրոպոլիսի ուղղադիր ժայռերից և ջարդ ու փշուր եղան: Այդ ժամանակից ի վեր Աթենասն ինքն էր հսկում Էրիքթոնիոսին, Իսկ այն լեռը, որ Աթենասը դեն էր նետել, այդպես էլ մնաց նույն այդ տեղում, ուր ագռավն աստվածուհուն իմաց էր արել Կեկրոպսի դուստրերի վատթար արարքի մասին. հետագայում այդ լեռը Լիկարետոս անունը ստացավ: Առնացավ Էրիքթոնիոսը, դարձավ Աթենքի արքան և իշխեց այնտեղ բազում 219
1 Կեկրոպս - Աթենական Ակրոպոլիսի հիմնադիրը, կես մարդ, կես օձ, մարմինը օձային է: Էրիքթոնիոս - երկրածին է, նույնպես օձակերպ: Աթենացիք իրենց կեկրոպիդներ են կոչել, այսինքն՝ Կեկրոպսի հետնորդներ: Այստեղից էլ պարզ է, որ մի ժամանակ աթենացիք հավատացել են, թե իրենք սերում են օձից կամ օձի նախահորից։ Դա առասպելի հնության վկայությունն է:
2 Էրեքթևս սկզբում եղել է Էրիքթոնիոսի հոմանիշը: Միայն նոր էրայից առաջ հինգերորդ դարի վերջում է, որ Էրեքթևսը Եվրիպիդեսի ստեղծագործություններում հիշատակվում է իբրև ինքնուրույն առասպելական հերոս։