Մ Ա Ս Ն Ե Ր Կ Ր Ո Ր Դ

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐ

Արգոնավորդների արշավանքի առասպելները հիմնականում շարադրված են ըստ Ապոլոն Հռոդոսցու «Արգոնավտիկա» պոեմի

ՓՐԻՔՍՈՍ ԵՎ ՀԵԼԼԱ

     Հինավուրց Մինիական Օրքոմենոսում, որ գտնվում էր Բեովտիայում (1), իշխում էր հողմերի աստված Էոլոսի որդին՝ Աթամասը: Ամպերի աստվածուհի Նեփելեից երկու զավակ ուներ նա. տղան՝ Փրիքսոսը, և դուստրը՝ Հելլան: Դավաճանեց Նեփելեին Աթամասը և ամուսնացավ Կադմոսի դստեր՝ Ինոյի հետ: Ատեց Ինոն իր ամուսնու առաջին կնոջ երեխաներին և մտադրվեց կործանել նրանց։ Նա համոզում էր օրքոմենուհիներին չորացնել ցանքսի սերմացուն: Ցանեցին օրքոմենցիները չորացած սերմերը իրենց դաշտերում, բայց ոչինչ չբուսնեց նրանց բարեբեր արտերում: Քաղցը սպառնում էր օրքոմենցիներին: Այդ ժամանակ Աթամասը վճռեց դեսպանություն ուղարկել սրբազան Դելփիք, նետաձիգ Ապոլոնի պատգամախոսից արտերի անբերրիության պատճառն իմանալու։ Կաշառեց նենգամիտ Ինոն դեսպաններին և նրանք, վերադառնալով Դելփիքից, բերին պատգամախոսի կեղծ ու պատիր պատասխանը։
     - Ահա թե ինչ պատասխան տվեց Պիթիա գուշակուհին, - ասացին կաշառված դեսպանները Աթամասին, - աստվածներին զոհիր քո որդի Փրիքսոսին, և նրանք կրկին արտերը բերրի կդարձնեն:
     Օրքոմենոսին սպառնացող սոսկալի աղետից խուսափելու համար Աթամասը վճռեց զոհաբերել իր սիրասուն որդուն: Ցնծում էր Ինոն. նրան հաջողվել էր Փրիքսոսին կործանելու ծրագիրը:
     Արդեն ամեն ինչ պատրաստ էր զոհաբերության համար: Քուրմի դանակի հարվածից պիտի ընկներ Փրիքսոսը, բայց հանկարծ հայտնվեց ոսկեգեղմ ոչխարը, Հերմես աստծո շնորհը: Ոչխարն ուղարկել էր Փրիքսոսի մայրը՝ Նեփելե աստվածուհին, որպեսզի փրկի իր զավակներին: Փրիքսոսն իր քրոջ՝ Հելլայի հետ նստեց ոսկեգեղմ ոչխարի վրա, և նա երեխաներին թռցրեց դեպի հյուսիս:
     Արագ սլանում էր ոչխարը: Հեռվում, ներքևում, փռվում էին դաշտերն ու անտառները, իսկ նրանց մեջ գալարվում էին արծաթափայլ գետերը: Լեռներից էլ բարձր էր սլանում ոչխարը: Ահա և ծովը: Ծովի վրայով է սլանում ոչխարը: Վախեցավ Հելլան, սարսափից չկարողացավ իրեն պահել ոչխարի վրա: Ծովն ընկավ Հելլան և ծովի շառաչուն ալիքները կլանեցին նրան: Չկարողացավ փրկել քրոջը Փրիքսոսը: Զոհվեց Հելլան: Այդ ժամանակից ի վեր ծովը, որին զոհ էր գնացել Հելլան, կոչվեց Հելեսպոնտոս (Հելլայի ծով, այժմյան Դարդանելի նեղուցը):
     Ավելի ու ավելի հեռուն էր սլանում ոչխարը Փրիքսոսի հետ և վերջապես իջավ հեռավոր Կողքիսի Փասիս(2) գետի ափերին, ուր իշխում էր Հելիոս աստծո որդին՝ կախարդ Էյետոսը: Դաստիարակեց Էյետոսը Փրիքսոսին, իսկ երբ նա հասակ առավ, ամուսնացրեց իր դստեր՝ Քալկիոպեի հետ: Իսկ Փրիքսոսին փրկող ոսկեգեղմ ոչխարը զոհաբերեցին ամպահալած մեծն Զևսին: Ոչխարի ոսկեգեղմը(3) Էյետոսը կախեց պատերազմի աստված Արեսի սրբազան անտառում: Գեղմը հսկեր պիտի սոսկալի, հուր ժայթքող վիշապը, որի աչքերը երբեք չէին փակվում քնից:
     Ոսկեգեղմի համբավը տարածվեց բովանդակ Հունաստանում: Փրիքսոսի հոր՝ Աթամասի սերունդները գիտեին, որ իրենց ցեղի փրկությունն ու բարգավաճումը կախված է գեղմին տիրելուց և ուզում էին ինչ գնով էլ լինի ձեռք բերել այն:

ՅԱՍՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

     Կապուտակ ծովախորշի ափին, Թեսալիայում (4) Աթամաս արքայի եղբայրը՝ Կրեթևսը, կառուցեց Յոլքոս քաղաքը: Բարգավաճեց Յոլքոսը, նրա բերրի դաշտերը, առևտուրն ու ծովագնացությունը հարստացրին քաղաքը: Երբ Կրեթևսը մեռավ, Յոլքոսում իշխել սկսեց նրա եղբայր Էսոնը, բայց նրա մոր կողմից հարազատ եղբայրը, Պոսեյդոնի որդին՝ Պելիասը, հափշտակեց նրա իշխանությունը և Էսոնն ստիպված եղավ ապրել քաղաքում, իբրև հասարակ քաղաքացի:
     Շուտով Էսոնը արու զավակ ունեցավ, սքանչելի մի տղա: Վախեցավ Էսոնը, որ ամբարտավան ու դաժան Պելիասը կսպանի իր զավակին, որ իրավունք ուներ Յոլքոս քաղաքի վրա իշխելու, և վճռեց թաքցնել նրան: Նա հայտարարեց, թե մանուկը մեռել է ծնվելուն պես և նույնիսկ առատ հոգեհաց տվեց. իսկ ինքը որդուն տարավ Պելիոն լեռան լանջերը, կենտավրոսներից ամենաիմաստունի՝ Քիրոնի մոտ: Այնտեղ, անտառում, քարանձավի մեջ, մեծացավ տղան, և դաստիարակեցին նրան Քիրոնը, սրա մայրը՝ Փիլիրեն և կինը՝ Քարիկլոն: Իմաստուն Քիրոնը տղայի անունը դրեց Յասոն: Ամեն ինչ սովորեցրեց Քիրոնը Յասոնին. սուր ու նիզակ բանեցնել, նետ արձակել պիրկ ձգված աղեղից, երաժշտություն սովորեցրեց և այն ամենը, ինչ ինքը գիտեր։ Ոչ ոք չէր կարող հավասարվել Յասոնին ճարպկությամբ, ուժով ու քաջությամբ, իսկ գեղեցկությամբ նա հավասարվում էր երկնի բնակիչներին:
     Քսան տարի ապրեց Յասոնը Քիրոնի մոտ: Վերջապես նա վճռեց թողնել Պելիոնի մեկուսացած լանջերը, գնալ Յոլքոս և Պելիասից պահանջել, որ իրեն տա Յոլքոսի իշխանությունը:

ՅԱՍՈՆԸ ՅՈԼՔՈՍՈՒՄ

Շարադրված է ըստ Պինդարոսի ոտանավորների (Պիթոնյան ձոն):

     Երբ Յասոնը եկավ Յոլքոս, նա անմիջապես քայլեց դեպի հրապարակը, բոլոր բնակիչների հավաքատեղին: Զարմանքով էին նայում Յոլքոսի բնակիչները պերճ պատանուն: Նա այնքան գեղեցիկ էր, որ բոլորը կարծում էին, թե նա կամ Ապոլոնն է, կամ էլ Հերմեսը: Յասոնը հագնված էր ոչ այնպես, ինչպես Յոլքոսի բոլոր բնակիչները: Նրա ուսերին գցված էր հովազի խայտաբղետ մորթին և միայն աջ ոտքին էր հագել սանդալը (5): Յասոնի փարթամ գանգուրները թափված էին ուսերին, նա փայլում էր երիտասարդ աստծո գեղեցկությամբ և ուժով։ Երկու նիզակի վրա հենված, նա հանգիստ կանգնել էր իրենով միացող քաղաքացիների ամբոխի մեջ։
     Այդ ժամանակ իր շքեղ երկանվով հրապարակ եկավ նաև Պելիասը: Նայեց նա պատանուն և ցնցվեց՝ նկատելով, որ պատանու միայն մի ոտքին սանդալ կա: Վախեցավ Պելիասը. չէ՞ որ պատգամախոսը մի ժամանակ գուշակել էր, որ նրան մահ է սպառնում մի մարդուց, որ Յոլքոս կգա լեռներից և սանդալ կունենա միայն մի ոտքին. այդ մարդը, Էսոնի որդին, պիտի ուժով կամ խորամանկությամբ կործանի Պելիասին, և այդ կործանումն անխուսափելի է։
     Թաքցրեց Պելիասն իր երկյուղը և գոռոզաբար հարցրեց անծանոթ պատանուն.
     - Ո՞րտեղացի ևս, պատանի, և ո՞ր ցեղին ևս պատկանում: Միայն թե ճիշտ պատասխան տուր, քեզ մի՛ պղծիր ստով, ես արգահատելի խաբեության թշնամին եմ:
     Հանգիստ պատասխան տվեց Յասոնը Պելիասին.
     - Իմաստուն Քիրոնը միայն ճշմարտություն և ազնվություն է սովորեցրել ինձ, և ես միշտ հավատարիմ եմ` նրա խրատներին: Ամբողջ քսան տարի ապրել եմ Քիրոնի քարանձավում և ոչ մի անգամ չեմ խախտել ճշմարտությունը, և ոչ մի անգամ չեմ մեղանչել նրա դեմ: Ես այստեղ տուն՝ իմ հայրենի Յոլքոսն եմ վերադարձել, իմ հոր՝ Էսոնի մոտ։ Ես պահանջում եմ, որ ինձ տրվի Յոլքոսում իշխելու իմ իրավունքը: Այդ իշխանությունը ինչպես լսել եմ, իմ հորից խլել է նենգ Պելիասը: Քաղաքացինե՛ր, տարեք ինձ իմ մեծ նախնիների տունը: Օտար չեմ ես ձեզ: Ես ծնվել եմ այստեղ, Յոլքոսում։ Ես Յասոնն եմ. Էսոնի որդին:
     Յոլքոսի բնակիչները ցույց տվին Յասոնին նրա հոր տունը: Երբ Յասոնը տուն մտավ, հայրն իսկույն ճանաչեց որդուն: Ուրախության արցունքներ երևացին ձեր էսոնի աչքերին. նա ցնծում էր. տեսնելով, որ իր որդին դարձել է զորեղ ու չքնաղ պատանի: Արագ հասավ Յասոնի գալստյան լուրը Էսոնի եղբայրների՝ Փերեի թագավոր Փերեսի և Մեսենիացի Ամփաոնեսի մոտ: Շուտով նրանք էլ իրենց որդիների՝ Ադմետոսի և Մելամպոդոմեսի հետ հասան Էսոնի մոտ: Հինգ օր ու գիշեր Էսոնը և որդին նրա՝ Յասոնը, մեծարեցին նրանց խնջույքներով: Զրույցի ժամանակ Յասոնը հայտնեց նրանց` իր ցանկությունը՝ վերադարձնել Յոլքոսի իր իշխանությունը: Հավանություն տվին նրանք Յասոնի այդ ցանկությանը և նրա հետ միասին գնացին Պելիասի մոտ։ Յասոնը պահանջեց, որ Պելիասը վերադարձնի իշխանությունը և խոստացավ նրան թողնել այն ամբողջ հարստությունը, որ նա խլել էր Էսոնից: Պելիասը վախեցավ մերժել Յասոնին:
     - Լա՛վ, ես համաձայն եմ, - պատասխան տվեց Պելիասը, - միայն մի պայման կդնեմ քո առաջ. դու պարտավոր ես նախ ստորերկրյա աստվածների գութը շարժել: Հեռավոր Կողքիսում մեռած Փրիքսոսի ուրվականը աղերսում է, որ գնանք Կողքիս և տիրենք ոսկեգեղմին: Այդ գաղտնիքը բացեց ինձ Փրիքսոսի ուրվականը՝ երազիս մեջ: Ինքը նետաձիգ Ապոլոնը, Դելփիքում, պատվիրեց ճանապարհ ընկնել դեպի Կողքիս: Ես ծեր եմ և անկարող նման մեծ սխրագործության. դու երիտասարդ ես, լի ուժերով, արա՛ այդ սխրագործությունը, և քեզ կտամ Յոլքոսի քո իշխանությունը:
     Այդպես պատասխանեց Պելիասը Յասոնին՝ սրտի խորքում թաքցնելով ոխը: Նա համոզված էր, որ կկործանվի Յասոնը, եթե վճռի Կողքիս գնալ՝ ոսկեգեղմը բերելու։

ՅԱՍՈՆԸ ՈՒՂԵԿԻՑՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԿՈՂՔԻՍ ԱՐՇԱՎԵԼ

     Պելիասի հետ ունեցած խոսակցությունից անմիջապես հետո Յասոնն սկսեց Կողքիս արշավելու պատրաստություն տեսնել: Նա շրջեց ողջ Հունաստանը և ամենուրեք կոչ արեց իրենց սխրագործություններով հայտնի դարձած հերոսներին՝ Կողքիս արշավել՝ ոսկեգեղմը բերելու։ Բոլոր մեծահամբավ հերոսները արձագանքեցին նրա կոչին: Արշավանքին մասնակցելու համաձայնություն տվեց հերոսներից մեծագույնը՝ Հերակլեսը, Զևսի որդին: Բոլոր հերոսները հավաքվեցին Յոլքոս քաղաքում: Ո՛վ ասես, որ չկար նրանց մեջ, այստեղ էին և՛ Աթենքի հպարտությունը՝ Թեսևսը, և Զևսի ու Լեդայի որդիները՝ Կաստորն ու Պոլիդեքեսը իրենց ընկերների՝ Իդասի և Լինքեոսի հետ, և՛ Բորեասի ու Օրփեոսի որդիները՝ թևավոր Կալաիսն ու Զեթեսը, և՛ Մելեագրոսը՝ Կալիդոնից, և՛ հզոր Անքեոսն ու Ադմետոսը, և՛ Տելամոնը և շատ ուրիշները: Հերոսների մեջ էր նաև երգիչ Օրփեոսը: Դեռ չէր տեսել Հունաստանը հերոսների այդպիսի մի հավաք: Հզոր ու չքնաղ՝ աստվածների նման, նրանք իրենց վրա էին հրավիրել Յոլքոս քաղաքի ողջ բնակչության հիացմունքով լի հայացքները: Ի՞նչ խոչընդոտ կկանգնեցներ նրանց: Ո՞վ կարող էր դիմագրավել նրանց: Ի՞նչը կսարսափեցներ նրանց:
     Պատրաստ էր նաև հերոսների նավը: Այդ նավը շինել էր Արեստորասի որդին՝ Արգոսը, ինքը աստվածուհի Աթենասն էր օգնում նրան: Նա նավախելի մեջ էր ամրացրել Զևսի՝ Դոդոնեի պատգամախոսի անտառից սրբազան կաղնու մի կտոր: Սքանչելի էր «Արգո» անունով այդ նավը: Նա թեթև էր ու ճեպընթաց. ճայի նման սլանում էր ծովի ալիքների վրայով: «Արգո» նավի անունով կոչեցին նաև արշավանքին մասնակցող հերոսներին՝ արգոնավորդներ («Արգոյի» նավաստիներ): Միայն Աթենասը չէ, որ հովանավորում էր արգոնավորդներին. նրանց իր պաշտպանության տակ էր առել նաև Հերան: Նա այրող ատելությամբ էր լցված Պելիասի դեմ, որ իրեն զոհ չէր մատուցել: Յասոնը, սակայն, վայելում էր Հերայի հատուկ շնորհը։ Մի անգամ, պատանի հերոսին փորձելու համար, նա զառամյալ պառավի կերպարանքով հայտնվեց Յասոնին լեռնային գետակի ափին և արցունքն աչքերին խնդրեց մյուս ափն անցկացնել իրեն: Զգուշությամբ բարձրացրեց հերոսը նրան իր ուսերին և անցկացրեց կատաղի գետի միջով: Միայն ձախ ոտքի սանդալը կորցրեց Յասոնը, գետն անցնելիս: Այդ օրվանից սիրեց նրան Հերան և ամեն ինչով սկսեց օգնել նրան: Նետաձիգ Ապոլոնը ևս հովանավորում էր արգոնավորդներին. չէ՞ որ նա ինքն էր դրդել հերոսներին նախաձեռնել այդ արշավանքը և հենց ինքն էլ կանխագուշակել նրանց երջանկություն և հաջողություն:
     Յոլքոսում հավաքված հերոսներն ուզում էին իրենց առաջնորդ ընտրել Հերակլեսին, բայց նա հրաժարվեց և առաջարկեց ընտրել Յասոնին: «Արգոյի» ղեկապետ ընտրվեց Տիփիսը, իսկ նավաքթին կանգնեց Լինքեոսը, որի աչքից ոչինչ չէր վրիպում ոչ միայն երկրի երեսին, այլ նույնիսկ գետնի տակ:
     Ամեն ինչ պատրաստ էր ծով դուրս գալու: Ջուրն իջեցրած «Արգոն» հանդարտ օրորվում էր ալիքների վրա, արդեն բարձված էին սննդամթերքի և ջրի պաշարները, մատուցվել էին Ապոլոնի և մյուս աստվածների զոհերը: Զոհաբերությունը երջանիկ կանխագուշակություն էր ցույց տվել Երեկոյան ուրախ խնջույք էին արել: Արդեն ժամանակն էր հեռավոր, վտանգներով լի նավարկության:
     Հենց որ երկրի ծայրը բռնկվեց արշալույսի ծիրանի լույսով, ղեկապետ Տիփիսը արթնացրեց արգոնավորդներին: Արգոնավորդները մտան նավը և նստեցին թիակների մոտ՝ ամեն նստարանին Երկուական մարդ, Համերաշխ թափով սեղմեցին թիակները հզոր թիավարները: Հպարտորեն լողաց «Արգոն» նավահանգստից դեպի բաց ծով: Լողորդները պարզեցին ձյունաճերմակ առագաստը և թեթև նավը արագ սլացավ ախորժալուր աղմկող ալիքների վրայով: Ահա՛ ձյունաճերմակ ձիերը լծած երկանվով երկինք բարձրացավ արևի ճաճանչափայլ աստված Հելիոսը: Վարդագունեց «Արգոյի» առագաստը, և ծովի ալիքները փայլեցին արևի վաղորդյան ճառագայթներից:
     Զարկեց Օրփեոսը ոսկե կիթառի լարերին, և նրա սքանչելի երգը տարածվեց լայնածավալ ծովում: Հափշտակվեցին երգով հերոսները: Իսկ ծովի խորքից դուրս լողացին ձկներն ու արագաշարժ դելփինները. Օրփեոսի երգով գերված, լողում էին նրանք ալիքների վրայով արագ սլացող «Արգոյի» հետևից, նման այն հոտին, որ սրինգի ախորժալուր հնչյուններին ունկնդիր՝ հետևում է հովվին:

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԼԵՄՆՈՍՈՒՄ

     Կարճատև երջանիկ նավարկությունից հետո արգոնավորդները հասան ծաղկող Լեմնոս կղզին: Այնտեղ իշխում էր երիտասարդ թագուհի Հիպսիպիլեն: Ոչ մի տղամարդ չկար Լեմնոսում: Բոլոր ամուսիններին սպանել էին լեմնուհիները՝ նրանց դավաճանության համար: Միայն Հիպսիպիլեի հայրը՝ Փոանտես (6) արքան էր փրկվել մահից: Նրան փրկել էր իր դուստրը:
     Երբ արգոնավորդները մոտեցան Լեմնոսի ափին և լրաբեր ուղարկեցին քաղաք, լեմնուհիները խորհրդի հավաքվեցին քաղաքային հրապարակում և դեռատի Հիպսիպիլեն խորհուրդ տվեց քաղաք չթողնել արգոնավորդներին: Նա վախենում էր, որ հերոսները կիմանան այն չարագործության մասին, որ գործել էին լեմնուհիները: Բայց պառավ Պոլուքսոն առարկեց թագուհուն: Նա պնդում էր, որ հարկավոր է քաղաք թողնել արգոնավորդներին:
     - Ո՞վ պիտի պաշտպանի ձեզ, - ասում էր Պոլուքսոն, - եթե Լեմնոսի վրա հարձակվեն թշնամիները: Ո՞վ պիտի ձեր մասին հոգ տանի, երբ դուք ծերանաք, երբ մնաք մեն-մենակ: Ո՛չ, քաղաք թողեք այդ օտարերկրացիներին, թող նրանք մնան այստեղ:
     Լսեցին լեմնուհիները պառավ Պոլուքսոյին: Անմիջապես ուղարկեցին լեմնուհիներից մեկին «Արգոյից» եկած լրաբերի հետ, հերոսներին խնդրելու, որ քաղաք մտնեն:
     Հագավ Յասոնն իր ճոխ ծիրանի զգեստը, որ ինքը՝ Աթենաս-Պալլասն էր գործել նրա համար, և գնաց քաղաք: Պատվով ընդունեց նրան Հիպսիպիլեն և առաջարկեց ապաստանել իր պալատում: Քաղաք եկան մյուս արգոնավորդները ևս: Միայն մի քանի մարդ, Հերակլեսի հետ միասին, մնացին «Արգոյի» վրա:
     Զվարճություն ու բերկրանք էր տիրում կղզում: Ամենուրեք, խարույկների վրա, զոհեր էին մատուցվում աստվածներին, տոնախմբություններին հաջորդում էին տոնախմբությունները, խնջույքներին՝ խնջույքները: Կարծես թե հերոսները մոռացել էին այն մեծ սխրագործության մասին, որ սպասում էր նրանց: Անհոգ կերուխում էին անում նրանք հարուստ Լեմնոսում։ Վերջապես Հերակլեսը` արգոնավորդներին թաքուն ափ կանչեց, ուր կանգնած էր «Արգոն»: Զայրացած կշտամբեց նրանց հերոսներից վսեմագույնը, որ հանուն հաճույքների, ուրախ ու անհոգ կյանքի՝ մոռացել են մեծագործությունների մասին: Կանգնել էին ամոթահար հերոսները՝ լսելով տեղին արված այդ նախատինքները: Նրանք վճռեցին իսկույն ևեթ թողնել Լեմնոսը: Անմիջապես «Արգոն» պատրաստվեց ճանապարհ ընկնելու։ Արդեն պատրաստվում էին հերոսները նավը մտնելու և թիակներն առնելու, երբ խմբով եկան լեմնուհիները: Նրանք աղաչում էին հերոսներին չլքել, մնալ իրենց հետ: Բայց հերոսներն անդրդվելի էին: Արցունքն աչքերին հրաժեշտ տվին նրանց լեմնուհիները: Մտան հերոսները «Արգոն», համերաշխ թափով մղեցին թիակները, փրփրեցին ալիքները հզոր թիավարների հարվածներից, և թռչնի նման դեպի անծայրածիր ծովը սուրաց «Արգոն»:

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԿԻԶԻԿՈՍ ԹԵՐԱԿՂԶՈՒՄ

     Երբ արգոնավորդները նավում էին դեպի Պրոպոնտիս (7) ծովը՝ ճանապարհին դեմ առան Կիզիկոս թերակղզուն: Այստեղ դոլիոններն էին ապրում՝ Պոսեյդոնի հետնորդները: Նրանց վրա Կիզիկոս թագավորն էր իշխում: Կիզիկոս թերակղզուց ոչ հեռու գտնվում էր Արջասարը, որտեղ վեցբազկանի հսկաներ էին ապրում: Պոսեյդոնի պաշտպանության շնորհիվ էր, որ դոլիոնները կարողանում էին կողք-կողքի ապրել այդպիսի հարևանների հետ: Կիզիկոս թագավորը պատվով ընդունեց արգոնավորդներին, և ամբողջ օրը նրանց հետ անցկացրեց խնջույքի սեղանի շուրջը: Դեռ լույսը չէր բացվել, որ արգոնավորդները ճանապարհը շարունակելու պատրաստություն տեսան: Նոր էին բարձրացել «Արգոյի» վրա, երբ հանկարծ նեղուցի հանդիպակաց ափին երևացին վեցբազկանի հսկաները: Նրանք ծովն էին նետում վիթխարի քարաբեկորներ, ահագին ժայռեր էին պոկում ու դարսում իրար վրա, որպեսզի արգոնավորդներին խանգարեն ծովախորշից բաց ծով դուրս գալ։ Ձեռքն առավ Հերակլեսն իր պիրկ աղեղը և իրար հետևից մահաբեր նետեր արձակեց հսկաների վրա: Վահաններով պատսպարվելով, նիզակները ձեռքներին՝ արգոնավորդները նետվեցին դեպի հսկաները: Երկար չտևեց մարտը: Հսկաները մեկը մյուսի հետևից գետին ընկան կամ ծովը թափվեցին, բոլորը ջախջախվեցին. նրանցից և ոչ մեկը չփրկվեց:
     Ճամփա ընկան արգոնավորդները: Համընթաց քամին ուռեցնում էր առագաստը, և ամբողջ օրը «Արգոն» հանգիստ լողում էր ալիքների վրա: Իջավ երեկոն, արևի աստված Հելիոսն իջավ երկնքից, գիշերը խավարով պատեց երկինքն ու երկիրը: Քամին փոխեց ուղղությունը և արդեն «Արգոյին» ետ էր քշում դեպի այն ափերը, որ դեռ նոր էին լքել: Գիշերային խավարի մեջ արգոնավորդները դեմ առան Կիզիկոսին: Չճանաչեցին նրանց Կիզիկոսի բնակիչները, ծովահենների տեղ ընդունեցին և, իրենց պատանի թագավորի գլխավորությամբ, հարձակվեցին նրանց վրա։ Սկսվեց գիշերային մի ահավոր ճակատամարտ: Լիակատար խավարում հերոսները կռիվ էին մղում իրենց երեկվա բարեկամների դեմ։ Իր սրածայր նիզակով խոցեց հզոր Յասոնը պատանի արքա Կիզիկոսի կուրծքը և սա, հառաչանք արձակելով, գետին տապալվեց: Բայց արշալույսի աստվածուհի Էոսի ճառագայթները բոսորագույն ներկեցին արևելքը: Լույսը բացվում էր: Մարտիկները ճանաչեցին միմյանց և սարսափահար եղան։ Բարեկամները կռվելիս են եղել բարեկամների դեմ։ Երեք օր արգոնավորդները և Կիզիկոսի բնակիչները սպանվածների պատվին մահվան խնջույք (8) արեցին, երեք օր ողբացին պատանի արքայի մահը: Իսկ նրա կինը՝ գեղանի Կլեյտոն, Մերոպեի դուստրը, չդիմացավ ամուսնու մահվան վշտին և սուրսայր սրով խոցեց իր կուրծքը:

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ՄԻՍԻԱՅՈՒՄ

     Կարճատև նավարկումից հետո արգոնավորդները հասան Միսիայի (9) ափերը: Կանգ առան ափի մոտ ջրի և ուտելիքի պաշար վերցնելու: Հզոր Հերակլեսը գնաց առափնյա անտառը, որպեսզի իր ջարդված թիակի փոխարեն նորը պատրաստի: Նա մի բարձր եղևնի գտավ, իր հզոր բազուկներով բռնեց ու արմատախիլ արեց: Հզոր հերոսը եղևնին ուսին էր դրել ու գալիս էր դեպի ծովափ: Հանկարծ, նրան ընդառաջ վազեց նրա ընկեր Պոլիփեմոսը և պատ մեջ, թե հենց նոր լսել է պատանի Հիլասի ձայնը, որ կանչում էր իրենց: Հերակլեսը փութաց փնտրել Հիլասին, բայց ոչ մի տեղ չգտավ նրան: Տխրեց Հերակլեսը: Պոլիփեմոսի հետ միասին ամենուրեք փնտրեց Հիլասին, բայց ապարդյուն։
     Հենց որ երկնքում երևաց այգաբացը նախագուշակող ճաճանչափայլ լուսաստղը, ճանապարհ ընկան արգոնավորդները, լուսադեմի մթնշաղի մեջ չնկատելով, որ իրենց հետ չեն ո՛չ Հերակլեսը, ո՛չ Պոլիփեմոսը: Տրտմեցին հերոսները, երբ առավոտյան տեսան, որ չկան իրենց երկու պանծալի ընկերները: Գլխահակ նստել էր վշտահար Յասոնը: Նա կարծես չէր լսում իր ուղեկիցների տրտունջը, կարծես չէր նկատում Հերակլեսի և Պոլիփեմոսի բացակայությունը։ Հերակլեսի հավատարիմ ընկերը՝ Տելամոնը, մոտեցավ Յասոնին և, հանդիմանություններ թափելով նրա գլխին ասաց.
     - Միայն դո՛ւ ես նստել այդպես հանգիստ: Այժմ կարող ես ուրախանալ: Այլևս մեզ հետ չի Հերակլեսը, և չկա մեկը, որ ստվերի քո փառքը։ Ո՛չ, չեմ գա ես ձեզ հետ, եթե չվերադառնաք ու չփնտրեք Հերակլեսին ու Պոլիփեմոսին:
     Նետվեց Տելամոնը դեպի նավավար Տիփիսը, կամենալով, ստիպել, որ նա ետ դարձնի «Արգոն»: Զուր էին փորձում հանգստացնել նրան Բորեասի որդիները, ոչ ոքի չէր ուզում լսել մոլեգնած Տելամոնը, բոլորին մեղադրում էր նա, որ նրանք Հերակլեսին ու Պոլիփեմոսին դիտմամբ են թողել Միսիայում:
     Հանկարծ, ծովի ալիքների միջից երևաց ծովային գուշակ աստված Գլավքոսի ջրիմուռներով պատած գլուխը: Բռնեց նա «Արգոյի» ողնուցը, կանգնեցրեց նավը և ասաց.
     - Ամպրոպային մեծն Զևսի կամքով են Հերակլեսն ու Պոլիփեմոսը մնացել Միսիայում, Հունաստան պիտի վերադառնա Հերակլեսը և Էվրիսթևսին ծառայելիս տասներկու մեծ սխրագործություն պիտի անի: Իսկ Պոլիփեմոսը քալիբների երկրում պիտի հիմնադրի Քիոս փառավոր քաղաքը: Իսկ հերոսները Միսիայում են մնացել, քանի որ փնտրում են չքնաղ Հիլասին, որին հափշտակել էին հավերժահարսները:
     Ասաց ու նորից ծովը սուզվեց Գլավքոսը և անհետացավ արգոնավորդների աչքից:
     Հանգստացան հերոսները: Տելամոնը հաշտվեց Յասոնի հետ։ Թիակներն առան հերոսները, և «Արգոն» զորեղ թիավարների համերաշխ մղումով սուրաց ծովի հարթության վրա:

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԲԻԹԻՆԻԱՅՈՒՄ (10) (ԱՄԻԿՈՍ)

     Հաջորդ օրը առավոտյան արգոնավորդները մոտեցան Բիթինիայի ափին: Նրանց այնպես սիրալիր չընդունեցին, ինչպես Կիզիկոսում: Բիթինիայում, ծովի ափին, ապրում էին բեբրիկները, որոնց վրա իշխում էր Ամիկոս արքան: Նա հպարտանում էր իր ահռելի ուժով և անպարտելի բռնցքամարտիկի փառքով: Անողորմ արքան բոլոր օտարերկրացիներին ստիպում էր կռվել իր հետ և դաժանորեն սպանում էր նրանց բռունցքի զորեղ հարվածով: Ծաղր ու ծանակով դիմավորեց Ամիկոսը արգոնավորդներին, թափառաշրջիկներ անվանեց նա մեծ հերոսներին և մարտի հրավիրեց նրանցից ամենաուժեղին, եթե միայն նրանցից որևէ մեկը սիրտ կանի ուժով չափվել իր հետ: Զայրացան հերոսները: Նրանցից առաջ եկավ Զևսի ու Լեդայի որդին՝ պատանի Պոլիդևքեսը: Նա անվրդով ընդունեց բեբրիկների արքայի մարտահրավերը: Ահավոր Տիփոնի նման Պոլիդևքեսի առաջ կանգնել էր Ամիկոսը իր սև թիկնոցով և հսկայական մահակը ուսին, մռայլ հայացքով նայում էր նա Պոլիդևքեսին. իսկ նա կանգնել էր Ամիկոսի առաջ, աստղի նման շողալով իր գեղեցկությամբ: Մարտի պատրաստվեցին ռազմիկները: Հատակին նետեց Ամիկոսը բռունցքների փոկերը (11): Առանց ընտրության վերցրեց Պոլիդևքեսը ամենամոտիկ ընկած փոկերը և փաթաթեց ձեռքը: Սկսվեց մարտը: Կատաղած ցուլի նման հարձակվեց բեբրիկների արքան Պոլիդևքեսի վրա: Ճարպկորեն վերադարձնում էր նրա հարվածները Պոլիդևքեսը, ոչ մի քայլ չնահանջելով Ամիկոսի ճնշման տակ: Ընդհատվեց մարտը մի ակնթարթ, որպեսզի շունչ առնեն ռազմիկները: Ահա նորից են մենամարտում նրանք և մեկը մյուսի հետևից տեղում են հարվածները: Վրա բերեց Ամիկոսը բռունցքը և արդեն ուզում էր մի սոսկալի հարված հասցնել Պոլիդևքեսի գլխին, բայց մի կողմ թեքվեց պատանի հերոսը և այնպիսի մի հարված հասցրեց Ամիկոսի ականջին, որ փշրեց գանգոսկրը: Հոգեվարքի ցնցումներով գետին տապալվեց Ամիկոսը: Բարձրաձայն կանչերով ողջունեցին արգոնավորդները հաղթողին:
     Երբ բերրիկները տեսան, որ սպանված է իրենց արքան՝ հարձակվեցին Պոլիդևքեսի վրա: Առաջին երկուսին ինքը՝ Պոլիդևքեսը գետին տապալեց բռունցքի հարվածով: Զենքերն առան արգոնավորդները և կռվի նետվեցին բեբրիկների դեմ։ Հողմի նման սուլում էր Անքեոսի սակրը, մեկը մյուսի հետևից հարվածում էր նրանց Կաստորը՝ իր փայլուն սուսերով։ Առյուծների նման կռվում են հերոսները: Փախուստի դիմեցին բեբրիկները: Հերոսները երկար հետապնդում էին նրանց: Հարուստ ավարով նրանք ծովափ վերադարձան: Ամբողջ գիշերը կերուխում էին անում հաղթողները ծովափին, և բարձր հնչում էր Օրփեոսի հաղթական երգը: Իր ոսկե կիթառի հնչյուններով փառաբանում էր նա բեբրիկների արքա Ամիկոսին հաղթողին՝ ամպրոպային Զևսի չքնաղ որդուն՝ Պոլիդևքեսին:

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ՓԻՆԵՎՍԻ (12) ՄՈՏ

     Հաջորդ օրվա առավոտյան արգոնավորդները շարունակեցին իրենց ճանապարհը: Շուտով հասան Թրակիայի (13) ափերը: Հերոսները ափ դուրս եկան պաշարները լրացնելու Ծովափին նրանք մի տուն տեսան և գնացին դեպի այդ տունը: Տնից արգոնավորդներին ընդառաջ եկավ մի կույր ծերունի: Նա հազիվ էր կանգնում ոտքերի վրա և ուժահատությունից ցնցվում էր ամբողջ մարմնով: Հասնելով իր տան շեմին, ծերունին ուժասպառ վայր ընկավ։ Վեր առան արգոնավորդները նրան և կարեկցանքը համակեց նրանց։ Ծերունու խոսքերից նրանք իմացան, որ նա Փինևսն է՝ Ագենորի որդին, Թրակիայի նախկին թագավորը, բայց Ապոլոնը պատժել էր Փինևսին, որովհետև նա չարաշահել էր Ապոլոնից շնորհած գուշակելու ձիրքը և մարդկանց առաջ բաց արել Զևսի գաղտնիքները: Ապոլոնը կուրացնում է Փինևսին, իսկ աստվածները Փինևսի մոտ են ուղարկում Հարպիաներին՝ կեսդև-կեսթռչուններին, որոնք թռչում գալիս էին նրա տուն, խժռում ամբողջ ուտելիքը և գարշահոտությամբ լցնում ամբողջ տունը: Աստվածները իմաց էին տվել Փինևսին, որ այդ պատժից նա կազատվի այն ժամանակ միայն, երբ նրա մոտ գան արգոնավորդները, որոնց մեջ կլինեն Բորեասի երկու թևավոր որդիները՝ Զեթեսը և Կալադիեսը: Փինևսն սկսեց աղաչել հերոսներին, որ ազատեն իրեն այդ աղետից, Բորեասի որդիներին աղերսում էր արտաքսել հարպիաներին. չէ՞ որ օտար չէր նա Բորեասի որդիներին՝ նա ամուսնացել էր նրանց քրոջ Կլեոպատրայի հետ:
     Համաձայնեցին հերոսները օգնել Փինևսին, նրանց ճոխ սեղան բաց արին, բայց հենց որ Փինևսը թիկնեց (14) սեղանի մոտ, որ քաղցը հագեցնի, իսկույն թռան-եկան հարպիաները և, ուշադրություն չդարձնելով արգոնավորդների ճիչերին, խժռեցին ողջ ուտելիքը, սոսկալի գարշահոտություն տարածելով տանը, և հետ թռան-հեռացան Փինևսի տանից: Իրենց հզոր թևերով նրանց հետևից ճախրեցին Բորեասի որդիները: Երկար հետապնդեցին նրանք հարպիաներին և վերջապես հասան նրանց Պլոտիյան կղզիներում: Բորեասի որդիները մերկացրին իրենց սրերը, և արդեն ուզում էին հարվածել հարպիաներին, երբ հանկարծ բարձր Օլիմպոսից իր վարդագույն թևերով սլացավ աստվածների պատգամաբեր Իրիսը: նա կանգնեցրեց Բորեասի որդիներին և ասաց, որ աստվածները պատվիրել են հարպիաներին այլևս չվերադառնալ Փինևսի մոտ: Նորից դեպի Թրակիա թռան Բորեասի որդիները:
     Այդ օրվանից Պլոտիյան ժայռերը կոչվեցին Ստրոփադես (15) կղզիներ, այսինքն վերադարձի կղզիներ:
     Հենց որ Բորեասի որդիներից հետապնդվող հարպիաները թռան, արգոնավորդները Փինևսի համար նորից ճոխ սեղան բաց արին և ծերունին վերջապես կարողացավ հագեցնել իր սոսկալի քաղցը: Կերուխումի ժամանակ Փինևսը արգոնավորդներին հայտնեց, թե ինչ վտանգներ են սպասում նրանց Կողքիս տանող ճանապարհին և խորհուրդներ տվեց, թե ինչպես պիտի հաղթահարել դրանք: Փինևսը հերոսներին խորհուրդ տվեց նաև, որ Կողքիս հասնելուն պես օգնության կանչեն ոսկեշող Ափրոդիտեին, քանի որ նա միայն կարող է օգնել Յասոնին՝ ձեռք բերելու ոսկեգեղմը: Ուշադիր ականջ դրին արգոնավորդները իմաստուն ծերունուն, ջանալով լավ հիշել ծերունու խոսքերը։
     Շուտով վերադարձան նաև Բորեասները և պատմեցին, թե ինչպես էին հետապնդել հարպիաներին: Ուրախացավ զառամած Փինևսը, որ վերջնականապես ազատվել է հարպիաներից:

ՍԻՄՊԼԵԳԱԴՆԵՐ (16):

     Երկար չմնացին արգոնավորդները Փինևսի մոտ: Նրանք շտապում էին շարունակել ճամփան: Արագ սլանում էր «Արգոն» ծովի ալիքների վրայով: Հանկարծ, հեռավոր մի աղմուկ լսվեց առջևում, Ավելի ու ավելի հստակ և ուժգին էր ելնում աղմուկը, որ նման էր մոտեցող փոթորկի մռնչյունին, որ երբեմն-երբեմն խլանում էր որոտի դղրդյունից: Ահա և երևացին Սիմպլեգադյան ժայռերը: Հերոսները տեսան, թե ինչպես հեռանում և նորից, մի սոսկալի դղրդյունով իրար են բախվում ժայռերը: Ծովն ալեկոծվում էր նրանց շուրջը, ջրի շիթերը բարձր թռչում էին նրանց յուրաքանչյուր բախյունից: Իսկ երբ հեռանում էին ժայռերը, ալիքները նրանց միջև պտտվում էին խելահեղ շրջապտույտի մեջ:
     Մտաբերեցին հերոսները Փինևսի խորհուրդը՝ նախ մի աղավնի բաց թողնել ժայռերի միջով. եթե թռչի անցնի աղավնին, ապա «Արգոն» ևս անվնաս կանցնի Սիմպլեգադների մոտով: Մի նոր ուժով գործի դրին թիակները արգոնավորդները: Արդեն ժայռերի մոտ են նրանք: Դղրդոցով իրար բախվեցին ժայռերը և նորից հեռացան իրարից: Այդ ժամանակ Էվփեմոսը բաց թողեց աղավնին: Նետի նման սլանում է աղավնին երկու ժայռերի միջով: Ահա նորից բախվեցին ժայռերը, այնպիսի դղրդոցով, որ կարծես երկինքը ցնցվեց: Աղի ջրի ցայտքերը թրջեցին արգոնավորդներին, իսկ «Արգոն» հողմի բերանն ընկածի նման պտտվեց ալիքների մեջ: Անվնաս թռավ-անցավ աղավնին ժայռերի արանքից, միայն պոչի ծայրը պոկեցին իրար բախվող ժայռերը: Ուրախացած աղաղակեցին արգոնավորդները և բոլորը միասին ծովին տվին թիակները: Հեռացան ժայռերը: Հսկայական, փրփրաբաշ մի ալիք հափշտակեց «Արգոն» և նետեց նրան դեպի նեղուցը: Դեմ-հանդիման է վազում մի ուրիշ ալիք, որ ետ է շպրտում «Արգոն»: Ալիքները եռում են, փրփրում շուրջը: Կորանում են թիակները, «Արգոն» ճռճռում է, կարծես սուզվում է ալիքների ճնշումից: Ահա բարձրացավ ևս մի լեռնաչափ ալիք. նա փուլ եկավ «Արգոյի» վրա և նավը խարխուլ մակույկի նման պտտվեց տեղում: Արդեն մոտենում են ժայռերը, ուր որ է կբախվեն նրանք: Կործանումն անխուսափելի է: Այդ ժամանակ արգոնավորդներին օգնության հասավ Զևսի սիրելի դուստրը, ինքը Աթենաս-Պալլասը։ Հզոր ձեռքով նա պահեց ժայռերից մեկը, իսկ մյուսով այնպես ուժգին հրեց «Արգոն», որ նավը նետի պես դուրս նետվեց նեղուցից: Միայն ղեկի ծայրը փշրեցին բախվող ժայռերը: Նորից հեռացան ժայռերը և կանգ առան, ընդմիշտ անշարժացած նեղուցի երկու կողմերում, Կատարվեց ճակատագրի կամքը, որ Սիմպլեգադները կանշարժանան միայն այն ժամանակ, երբ նրանց միջով մի նավ կանցնի: Ուրախացան արգոնավորդները. նրանք խույս էին տվել ամենասոսկալի վտանգից: Այժմ արդեն կարող էին վստահ լինել, որ երջանիկ վախճան կունենա իրենց արշավանքը:

ԱՐԵՏԻԱՍ ԿՂԶՈՒ ԵՎ ԿՈՂՔԻՍ ԺԱՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Երկար նավում էին արգոնավորդները Էվքսինյան Պոնտոսի (17) ափերով: Վերջապես հեռվում երևաց մի կղզի: «Արգոն» արագորեն մոտենում էր կղզուն, արդեն հեռու չէր ափը: Հանկարծ, թևերը արևի շողերի մեջ փայլեցնելով, կղզուց վեր ճախրեց մի մեծ թռչուն. նա թռավ «Արգո» նավի գլխավերևը և իր փետուրներից մեկը գցեց հերոսներից մեկի` Օիլևսի վրա։ Փետուրը նետի նման խրվեց Օիլևսի ուսի մեջ, արյունը ժայթքեց վերքից, և թիակն ընկավ վիրավոր հերոսի ձեռքից: Օիլևսի ընկերները դուրս քաշեցին նետը վերքից: Զարմանքով նայում ու տեսնում են արգոնավորդները, որ փետուրը մետաղից է և նետի նման սուր: Ահա կղզուց վեր ճախրեց մի ուրիշ թռչուն և թռավ դեպի «Արգոն», բայց նրան արդեն աղեղը ձեռքին սպասում էր հերոս Կլիթիոսը. Հենց որ թռչունը մոտեցավ Արգոյին, Կլիթիոսը աղեղը ձգեց, նետն արձակեց և սպանված թռչունն ընկավ ծովը։ Մետաղյա փետուրներով այդ թռչուններին տեսնելուն պես արգոնավորդները հասկացան, որ դրանք Ստիմփալոսյան թռչուններն են, իսկ այն կղզին, ուր ապրում են նրանք, Արետիաս կղզին է: Ամփիդամանտոսը խորհուրդ տվեց հերոսներին հագնել զրահները և ծածկվել վահաններով։ Մինչև ափ հասնելը արգոնավորդները սկսեցին աղաղակել, նիզակներով ու սրերով խփել վահաններին։ Թռչունների մի հսկայական երամ սավառնեց կղզուց, թռավ «Արգոյից» շատ բարձր, և փետուր - նետերի անձրև տեղաց հերոսների վրա։ Այդ նետերից հերոսները պաշտպանվեցին վահաններով: Իսկ թռչունները, մի շրջան անելով «Արգոյի» վերևում, շուտով անհետացան հեռու հորիզոնի հետևը։
     Արգոնավորդները Արետիասի ափը դուրս եկան և արդեն ուզում էին հանգիստ առնել, երբ նրանց դեմ ելան չորս պատանի։ Պատանիները սոսկալի հյուծված էին, ցնցոտիները հազիվ էին ծածկում նրանց մարմինը: Դրանք Փրիքսոսի որդիներն էին։ Նրանք եկել էին Կողքիսից, որ վերադառնան Օրքոմենոս, բայց գիշերը փոթորիկը խորտակել էր նրանց նավը, միայն երջանիկ պատահականությամբ ալիքները նրանց նետել էին Արետիաս կղզին, որտեղ և գտան նրանց արգոնավորդները: Հերոսներին ուրախություն պատճառեց այդ հանդիպումը . հատկապես ուրախ էր Յասոնը. չէ՞ որ պատանիները նրա հարազատներն էին: Կերակրեցին արգոնավորդները պատանիներին, նոր հագուստներ տվին նրանց և պատմեցին, որ գնում են Էյեթոսի թագավորությունը ոսկեգեղմը բերելու: Պատանիներից ավագը՝ Արգոսը, խոստացավ օգնել արգոնավորդներին, բայց նախազգուշացրեց նրանց, որ Էյեթոս արքան՝ Հելիոսի որդին, հզոր ու դաժան է, և ոչ ոքի չի խնայում: Բայց ոչինչ չէր կարող ետ պահել արգոնավորդներին մեկ անգամ արդեն ընդունված՝ ոսկեգեղմը ձեռք բերելու վճռից։Հաջորդ առավոտյան արգոնավորդները շարունակեցին ճանապարհը: Երկար նավում էին նրանք: Վերջապես հեռվում, հորիզոնում հավաքված ամպերի նման, կապտին տվին Կովկասի բարձունքները: Այժմ արդեն հեռու չէր Կողքիսը։
     «Արգոն» արագ սլանում էր համաչափ թիավարումից, Արդեն ծածկվում էր արևը՝ իջնելով դեպի ծովը։ Մթնշաղի ստվերները սահեցին ալիքների վրայով: «Արգոյից» շատ բարձր, թևերի զորավոր բախյունի ձայն լսվեց: Մի հսկայական արծիվ էր ճախրում դեպի այն ժայռը, որին գամված էր տիտան Պրոմեթևսը: Քամի բարձրացավ ծովի վրա՝ արծվի հսկայական թևերի բախյունից։ Արծիվն անհետացավ հեռվում և արգոնավորդներին հասան Պրոմեթևսի ծանր հառաչանքները, որ երբեմն խլանում էին թիակների ճողփյունի ձայնից:
     Արդեն հեռու չէր ափը: Ահա և Փասիսի գետաբերանը: Արգոնավորդները թիավարելով բարձրացան հոսանքն ի վեր և խարիսխ ձգեցին եղեգնապատ գետախորշում: Յասոնը երախտագիտության մաղթանք արեց աստվածներին և դիմեց Կողքիսի աստվածներին և մեռած հերոսների որդիներին, որ օգնեն իրեն այդ վտանգավոր գործում։ Խաղաղ քնով քնեցին հերոսները` «Արգոյի» վրա: Նրանք հասել էին իրենց նպատակին, արդեն Կողքիսում էին, Էյեթոս արքայի մայրաքաղաքի մոտ, բայց դեռ շատ վտանգներ էին սպասում նրանց։

ՀԵՐԱՆ ԵՎ ԱԹԵՆԱՍԸ ԱՓՐՈԴԻՏԵԻ ՄՈՏ

     Երբ արգոնավորդները հասան Կողքիս, մեծ աստվածուհի Հերան և աստվածուհի Աթենասը խորհուրդ էին անում` բարձրաբերձ Օլիմպոսի վրա, թե ինչպես օգնեն Յասոնին՝ ձեռք բերելու ոսկեգեղմը: Վերջապես դիցուհիները վճռեցին գնալ սիրո աստվածուհու՝ Ափրոդիտեի մոտ և խնդրել, որ նա հրամայի իր որդուն՝ Էրոսին, ոսկե նետով խոցել Էյեթոսի դստեր՝ Մեդեայի սիրտը և սեր ներշնչել նրան դեպի Յասոնը: Գիտեին դիցուհիները, որ կախարդ Մեդեան միայն կարող է օգնել Յասոնին՝ վտանգներով լեցուն սխրանքի ժամին:
     Երբ երկու աստվածուհիները եկան Ափրոդիտեի մոտ, նա տանը մենակ էր. նստած էր իր փառահեղ ոսկե գահին և ոսկե սանրով սանրում էր իր փարթամ գանգուրները: Ափրոդիտեն` տեսավ ներս մտնող դիցուհիներին, նրանց ընդառաջ գնաց և սիրալիր ողջույն տվեց: Աստվածուհիներին նստեցնելով Հեփեստոսի շինած ոսկե նստարանին, սիրո աստվածուհին հարցրեց նրանց այցելության պատճառը: Դիցուհիները պատմեցին, թե ինչպես են ուզում օգնել Յասոնին և խնդրեցին Ափրոդիտեին, որ պատվիրի Էրոսին խոցել Մեդեայի սիրտը: Համաձայնեց Ափրոդիտեն: Հրաժեշտ տվին աստվածուհիները Ափրոդիտեին, և նա գնաց փնտրելու իր չարաճճի որդուն: Էրոսն այդ ժամանակ վեգ էր խաղում Գանիմեդեսի հետ։ Տարել էր խաղի մեջ Էրոսը պարզամիտ Գանիմեդեսին և բարձրաձայն ծիծաղում էր նրա վրա: Այդ պահին նրանց մոտեցավ Ափրոդիտեն: Նա գրկեց իր որդուն և ասաց.
     - Ականջ դիր, չարաճճի՛: Քեզ մի գործ եմ ուզում հանձնարարել: Շուտ վերցրո՛ւ քո աղեղն ու նետերը և թռիր երկիր: Այնտեղ, Կողքիսում, խոցիր Էյեթոսի դստեր՝ Մեդեայի սիրտը, թող նա սիրի հերոս Յասոնին: Եթե ի կատար ածես դա, ես քեզ կնվիրեմ այն խաղալիքը, որ Ադրաստեան շինել էր փոքրիկ Զևսի համար: Միայն թե իսկույն թռիր, դա հարկավոր է շո՛ւտ անել։
     Էրոսը մորը խնդրեց խաղալիքը տալ հենց հիմա, բայց մայրը ճանաչում էր խորամանկ որդուն, չհամաձայնեց տալ խաղալիքը, մինչև չկատարի հանձնարարությունը: Համոզվելով, որ ոչինչ չի ստանա մորից, մինչև որ չկատարի նրա հանձնարարությունը, Էրոսը վերցրեց աղեղն ու նետերը և արևի շողերի տակ փայլեցնելով իր ոսկեղեն թևերը, բարձրաբերձ Օլիմպոսից սլացավ դեպի Կողքիս:

ՅԱՍՈՆԸ ԷՅԵԹՈՍԻ ՄՈՏ

     Առավոտ վաղ արթնացան արգոնավորդները: Խորհուրդ արին նրանք ու վճռեցին, որ Յասոնը Փրիքսոսի որդիների հետ պիտի գնա Էյեթոսի մոտ և խնդրի, որ արգոնավորդներին տա ոսկեգեղմը, իսկ եթե մերժի գոռոզ արքան, այն ժամանակ միայն պիտի դիմել ուժի:
     Խաղաղության ցուպը ձեռքին Յասոնը ճանապարհվեց դեպի Էյեթոսի պալատը: Անթափանց ամպերով ծածկեց Յասոնին և նրա ուղեկիցներին Հերա դիցուհին, որ չվիրավորեն հերոսներին Կողքիսի բնակիչները: Երբ հերոսները մոտեցան պալատին, ամպերը ցրվեցին և նրանք տեսան Էյեթոսի պալատը: Փառահեղ մի ապարանք էր դա Բարձր պատեր և բազմաթիվ երկնասլաց աշտարակներ ուներ նա: Մարմարազարդ լայն դարպասները տանում էին պալատ: Ճերմակ սյունաշարերը փայլփլում էին արևի տակ՝ սյունազարդ մի նախասրահ կազմելով:
     Այն ամենը, ինչ կար Էյեթոսի պալատում, նրա ապարանքի շքեղ կահույքը շինել էր Հեփեստոսը իբրև երախտագիտություն Էյեթոսի հորը՝ արևի աստված Հելիոսին, որը իր ոսկեղեն կառքով Փլեգրեյան դաշտից փախցրել էր գիգանտների հետ ունեցած կռվում ուժասպառ եղած Հեփեստոսին: Արքունիքը շրջապատված էր բազմաթիվ ապարանքներով: Ամենափառահեղ ապարանքում ապրում էր Էլեթոսն իր կնոջ հետ, մյուսում՝ նրա որդին՝ Աբսիրտոսը: Կողքիսցիները Աբսիրտոսին գեղեցկության պատճառով կոչում էին Փաեթոն (շողշողուն): Մյուս ապարանքում ապրում էին Էյեթոսի աղջիկները՝ Քալկիոպեն, հանգուցյալ Փրիքսոսի կինը և Էյեթոսի կրտսեր դուստրը՝ Հեկատե աստվածուհուն սպասարկող ամենազոր կախարդ Մեդեան:
     Երբ Յասոնն իր ուղեկիցների հետ Էյեթոսի պալատի բակը մտավ, իր ապարանքից դուրս եկավ Մեդիան: Նա գնում էր Քալկիոպեին այցելության: Զարմանքից ճչաց Մեդեան, տեսնելով օտարերկրացիներին: Նրա ձայնի վրա դուրս եկավ Քալկիոպեին և տեսավ իր որդիներին: Նրանց վերադարձով ուրախացած՝ Քալկիոպեն մոտ վազեց տղաներին: Նա գրկում, համբուրում էր իր զավակներին, որոնց տեսնելու հույս չուներ այլևս Աղմուկի վրա դուրս եկավ Էյեթոսը: Նա պալատ հրավիրեց օտարերկրացիներին, և սպասավորներին կարգադրեց ճոխ խնջույքի պատրաստություն տեսնել: Երբ Յասոնը ողջույններ էր փոխանակում Էյեթոսի հետ, բարձրաբերձ Օլիմպոսից իր ոսկե թևերով ցած սուրաց Էրոսը Սյան հետևը թաքնված, պրկեց իր աղեղի լարը և հանեց ոսկեձույլ նետը: Հետո բոլորին անտեսանելի, կանգնեց Յասոնի հետևում և բաց թողեց նետը ուղիղ դեպի Մեդեայի սիրտը: Խոցեց նրա սիրտը նետը, և նա անմիջապես սիրեց Յասոնին:
     Յասոնն իր ուղեկիցների հետ մտավ Էյեթոսի պալատը: Այն. տեղ Կողքիսի արքան հրավիրեց նրանց թեք ընկնել խնջույքի սեղանի մոտ: Խնջույքի ժամանակ Արգոսը Էյեթոսին պատմեց, թե ինչպես են նավաբեկության մատնվել ինքն ու եղբայրները, ինչ-պես են կատաղի ալիքները Արետիաս կղզին գցել նրանց և թե ինչպես են արգոնավորդները գտել իրենց՝ սովամահ եղողներին: Արգոսն ասաց նաև, թե ինչու են Յասոնը և մյուս հերոսները եկել Կողքիս։ Հենց որ Էյեթոսն իմացավ, որ Յասոնն ուզում է ձեռք բերել ոսկեգեղմը, զայրույթից փայլատակեցին նրա աչքերը և նա ահեղորեն կիտեց հոնքերը: Չէր հավատում Էյեթոսը, թե ոսկեգեղմի համար են նավել ու այդտեղ հասել հերոսները։ - Արդյոք ողջ Կողքիսի իշխանությանը տիրելու չե՞ն եկել Փրիքսոսի որդիները, և դրա համար չե՞ն բերել հույն հերոսներին, - մտածում էր նա Էյեթոսը հանդիմանություններ է թափում Յասոնի վրա, նա ուզում է վռնդել նրան արքունիքից, սպառնում մահապատժով: Արդեն պատրաստվում էր ցասումնալից խոսքերով պատասխանել Տելամոնը արքայի սպառնալիքներին, բայց Յասոնը կասեցրեց նրան: Նա ջանում էր հանգստացնել Էյեթոսին, համոզում էր նրան, որ միայն ոսկեգեղմի համար են եկել Կողքիս, և խոստանում էր արքային ամեն տեսակի ծառայություն, ի կատար ածել կամեցած հանձնարարությունը, միայն թե իբրև պարգև արքան իրեն տա ոսկեգեղմը: Միտք արեց` Էյեթոսը: Վերջապես, վճռելով կործանել Յասոնին, ասաց.
     - Լա՛վ, դու կստանաս գեղմը, միայն թե նախ կատարիր հետևյալ հանձնարարությունը. վարիր Արեսին նվիրաբերած դաշտը իմ երկաթե գութանով, իսկ գութանին լծիր պղնձոտն, հրաշունչ ցուլերին. այդ դաշտում վիշապի ժանիքներ ցանիր, և երբ այդ վիշապի ժանիքներից դուրս կգան զրահակուռ ռազմիկներ, կռվիր և ջարդիր նրանց: Եթե կատարես այդ՝ քո՛նը կլինի գեղմը:
     Յասոնը հապաղեց պատասխան տալ Էյեթոսին. վերջապես այսպես խոսեց.
     - Համաձա՛յն եմ, Էյեթոս, բայց դո՛ւ էլ կատարիր տվածդ խոստումը: Գիտես, որ ես չեմ կարող հրաժարվել տվածդ գործը կատարելուց, քանի որ կամոքն ճակատագրի եկել եմ այստեղ, Կողքիս։
     Ասաց ու հեռացավ Յասոնը՝ իր ուղեկիցների հետ։

ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՄԵԴԵԱՅԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

     Երբ Յասոնը վերադարձավ «Արգո» նավը, պատմեց ընկերներին Էյեթոսի պալատում տեղի ունեցածի մասին և ասաց, թե ի՛նչ հանձնարարություն է տվել արքան: Մտքի մեջ ընկան արգոնավորդները: Ի՞նչ անել, ինչպե՞ս իրագործել Էյեթոսի հանձնարարությունը: Վերջապես Արգոսն ասաց.
     - Բարեկամնե՛ր, Էյեթոսի պալատում է ապրում նրա դուստրը՝ Մեդեան: Նա հզոր կախարդ է, և միայն նա կարող է օգնել մեզ: Ես կգնամ մորս խնդրելու, որ համոզի Մեդեային օգնել ձեզ: Եթե օգնի Մեդեան, ապա ոչ մի վտանգ սարսափելի չէ մեզ համար:
     Խոսեց Արգոսը թե չէ՝ «Արգոյի» վերևում սլացավ մի աղավնի, որին հետապնդում էր ուրուրը: Աղավնին թռավ Յասոնի մոտ և թաքնվեց նրա թիկնոցի ծալքերում, իսկ ուրուրն ընկավ «Արգոյի» վրա։
     - Սա երջանիկ վախճանի կանխանշանն է աստվածների, - բացականչեց իմաստուն Մոփսոսը, - իրենք աստվածներն են հրամայում դիմել Մեդեայի օգնությանը: Տեսե՛ք, Ափրոդիտեին 300


1 - Մարզ միջին Հունաստանում, որի գլխավոր քաղաքն է Թեբեն։
2 - Փասիս - այժմյան Ռիոնը՝ Կովկասում։ Հույները Կողքիս էին անվանում Անդրկովկասի սևծովյան ափերը:
3 - Գեղմ - բուրդ։
4 - Մարզ Հյուսիսային Հունաստանի արևելքում:
5 - Թե ինչու Յասոնի միայն աջ ոտքին սանդալ կար՝ տես հաջորդ բաժնում։
6 - Կարծում եմ այստեղ Կունը սխալվել է, Հիպսիպիլեի հոր անունը Թոաս (հուն. Θόας, լատ. Thoas) էր։ Տես Ապոլոնիոս Ռոդոսացի – «Արգոնավորդների արշավանքը» գիրք Ա։
7 - Այժմյան Մարմարա ծովը:
8 - Հոգեհաց և մարտական մրցություն՝ մեռածի պատվին։
9 - Մարզ Փոքր Ասիայի արևմուտքում, Պերգամոն գլխավոր քաղաքով:
10 - Մարզ Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում։
11 - Բռնցքամարտի ժամանակ հույները ձեռքերը մինչև արմունկը փաթաթում էին փոկով, որոնց վրա հաճախ ամրացնում էին պղնձե ուռուցիկ թիթեղիկներ: Այսպիսով, հարվածը կարող էր մահացու լինել:
12 - Փինևսի առասպելը մի ուրիշ վերսիայով, որ բերում է պատմաբան Դիոդորոսը, Էնգելսն օգտագործել է իբրև մայրիշխանության վերապրուկի օրինակ իր «Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումը» գրքում: Էնգելսը գրում է. «... արգոնավորդները Հերակլեսի առաջնորդությամբ ափ են իջնում Թրակիայում և այնտեղ տեսնում են, որ Փինևսը, իր նոր կնոջ դրդմամբ, սաստիկ տանջում է իր երկու որդիներին, որոնց նա ունեցել էր իր մերժված կնոջից՝ Բորեասի դուստր Կլեոպատրայից։ Բայց արգոնավորդների մեջ կային նաև Բորեասի որդիները, Կլեոպատրայի եղբայրները, ուրեմն՝ կեղեքվողների քեռիները: Սրանք իսկույն ևեթ պաշտպան են կանգնում իրենց քեռորդիներին: Սպանում են պահակներին և ազատում նրանց» (Կ. Մարքս և Ֆ. Էնգելս, «Ընտիր երկեր», Հայպետհրատ, 1950, էջ 367).
13 - Երկիր Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում:
14 - Հույները սովորաբար ոչ թե նստում էին սեղանի առաջ, այլ թիկն էին տալիս՝ մի ձեռքով հենված բարձին։
15 - Ստրոփադես - երեք փոքր կղզիներ, որոնք ընկած էին Հունաստանի հարավում, Մեսենիայի արևմտյան ծովափի հանդիման։
16 - Սիմպլեգադներ կամ Սիմպլեգադյան ժայռեր, հայերեն թարգմանվում է «իրար բախվող ժայռեր», հույների պատկերացմամբ գտնվում էին Սև ծովի մուտքի մոտ։
17 - Էվքսինյան Պոնտոս - այսինքն՝ հյուրընկալ ծով, այդպես անվանեցին հույները Սև ծովը, ծանոթանալով նրա բարեբեր, հյուրընկալ ափերի հետ, իսկ առաջ անվանում էին Աքսինյան՝ այսինքն անհյուրընկալ, որովհետև նրանց վախեցնում էին այդ ծովի փոթորիկները: