ՏՐՈՅԱԿԱՆ ՇԱՐՔ

ԶԵՎՍԻ ԵՎ ԼԵԴԱՅԻ ԴՈՒՍՏՐ ՀԵՂԻՆԵՆ

Տրոյական շարքի առասպելները շարադրված են Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների, Սոֆոկլեսի «Այաքս Խարազանակիր», «Փիլոկտետես», Եվրիպիդեսի «Իփիգենիան Աուլիսում», «Անդրոմաքե», «Հեկաբե», Վերգիլիոսի «Էնեական», Օվիդիոսի «Հերոսուհիներ» պոեմների և մի շարք այլ ստեղծագործությունների հիման վրա:

     Մի ժամանակ Հիպոկոոնը իր թագավորությունից արտաքսել էր հռչակավոր հերոս Տինդարևսին։ Երկար թափառումներից հետո նա ապաստան գտավ Էտոլիայի (1) արքա՝ Թեստիասի մոտ. սիրեց Թեստիաս արքան հերոսին և նրան կնության տվեց իր դիցանման չքնաղ դստերը՝ Լեդային: Երբ Զևսի մեծազոր որդին՝ Հերակլեսը, հաղթեց Հիպոկոոնին և սպանեց նրան ու նրա բոլոր որդիներին, Տինդարևսն իր չքնաղ կնոջ հետ Սպարտա (2) վերադարձավ և սկսեց իշխել այնտեղ:
     Չորս զավակ ունեցավ Լեդան: Չքնաղագեղ Հեղինեն և Պոլիդևքեսը Լեդայի և ամպրոպային Զևսի զավակներն էին, իսկ Կլիթեմնեստրան և Կաստորը՝ Լեդայի և Տինդարևսի զավակները:
     Գեղեցիկ էր Հեղինեն: Մահկանացու կանանցից ոչ ոք չէր կարող հավասարվել նրան գեղեցկությամբ: Նույնիսկ դիցուհիներն էին նախանձում նրան: Բովանդակ Հունաստանում թնդում էր Հեղինեի փառքը: Լսելով նրա աստվածային գեղեցկության մասին, նրան Տինդարևսի մոտից փախցրեց Ատտիկայի մեծագույն հերոս Թեսևսը, բայց Հեղինեի եղբայրները՝ Պոլիդևքսն ու Կաստորը, ազատեցին և կրկին հոր տուն բերին նրան: Մեկը մյուսի հետևից Տինդարևսի պալատն էին գալիս փեսացուները` հարսնախոսելու չքնաղ Հեղինեին, յուրաքանչյուրի ցանկությունն էր նրան՝ կանանցից ամենաչքնաղին՝ իր կինը կոչել: Չէր հանդգնում Տինդարևսը իր մոտ եկող հերոսներից որևէ մեկին կնության տալ Հեղինեին, երկյուղ էր կրում, որ հերոսները, երջանիկ ընտրյալի հանդեպ ունեցած նախանձից, կռիվ կսկսեն և սոսկալի գժտություն կծագի նրանց մեջ։ Վերջապես, խորագետ հերոս Ոդիսևսն այսպիսի խորհուրդ տվեց Տինդարևսին.
     - Թող գեղագանգուր Հեղինեն ի՛նքը վճռի, թե ո՛ւմ կինն է ուզում դառնալ: Իսկ բոլոր փեսացուները թող երդվեն, որ երբե՛ք զենք չեն բարձրացնի նրա դեմ, ում ամուսին կընտրի Հեղինեն, այլ ամբողջ ուժով կօգնեն նրան, եթե դժբախտության դեպքում օգնության կանչի նրանց:
     Լսեց Տինդարևսը Ոդիսևսի խորհուրդը: Բոլոր փեսացուները երդում տվին, իսկ Հեղինեն ընտրեց նրանցից մեկին, և այդ ընտրյալը Ատրեոսի գեղեցիկ որդին` Մենելաոսն էր:
     Ամուսնացավ Մենելաոսը չքնաղագեղ Հեղինեի հետ: Տինդարևսի մահից հետո նա դարձավ Սպարտայի արքան: Խաղաղ ապրում էր նա Տինդարևսի պալատում, չկասկածելով, թե ի՜նչ աղետներ է բերելու իր ամուսնությունը չքնաղ Հեղինեի հետ:

ՊԵԼԵՎՍ ԵՎ ԹԵՏԻՍ

     Հռչակավոր հերոս Պելևսը որդին էր իմաստուն էաքոսի, որը Զևսի և գետերի աստված Ասոպոսի դստեր՝ Էգինեի զավակն էր: Պելևսի եղբայրն էր հերոս Տելամոնը, հերոսներից վսեմագույնի՝ Հերակլեսի ընկերը: Պելևսն ու Տելամոնը ստիպված էին փախչել հայրենիքից, որովհետև նախանձից սպանել էին իրենց խորթ եղբորը: Պելևսը հեռացավ դեպի մեծահարուստ Փտիոտիս (3) քաղաքը:
     Այնտեղ նրան ընդունեց հերոս Էվրիթիոնը, պարգևեց իր տիրապետության մեկ երրորդը և կնության տվեց իր դստերը՝ Անտիգոնեին: Բայց Պելևսը երկար չմնաց Փտիոտիսում։ Կալիդոնյան որսի ժամանակ նա ակամա սպանեց Էվրիթիոնին: Այդ փորձանքից վշտացած, լքեց Պելևսը Փտիոտիսը և գնաց Յոլքոս: Այստեղ ևս դժբախտություն էր սպասում Պելևսին։ Յոլքոսում նրանով հրապուրվեց Ակաստոս արքայի կինը և համոզեց՝ մոռանալ Ակաստոսի բարեկամությունը: Մերժեց Պելևսը իր ընկերոջ կնոջը, իսկ նա, իբրև վրեժխնդրություն, ամբաստանեց նրան ամուսնու առաջ: Հավատաց Ակոստոսը կնոջը և վճռեց կործանել Պելևսին: 321


1 - Մարզ Միջին Հունաստանի արևմուտքում։
2 - Պելոպոնեսի Լակոնիա մարզի գլխավոր քաղաքը:
3 - Քաղաք Թեսալիայում, Էգեյան ծովի Պեգասեյան ծովախորշի ափին։