ԱՍՏՎԱԾՆԵՐ ԵՎ ՀԵՐՈՍՆԵՐ
ԱՍՏՎԱԾՆԵՐ
ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Աստվածների, ինչպես նաև գիգանտների ու տիտանների դեմ նրանց մղած պայքարի առասպելները շարադրված են հիմնականում ըստ Հեսիոդոսի «Թեոգոնիա» (Աստվածների ծագումը) պոեմի: Որոշ պատումներ առնված են նաև Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» և հռոմեական բանաստեղծ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» («Մետամորֆոզներ») պոեմից։
Ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը: Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը: Ամեն ինչ առաջացել է անսահման Քաոսից՝ ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները: Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին՝ Գեան: Լայնատարած է նա, ամենազոր, նա կյանք է տալիս այն ամենին, ինչ որ ապրում և աճում է նրա վրա։ Երկրի ընդերքում շատ խոր և հեռու, այնքան հեռու, որքան հեռու է մեզնից անսահման լուսավոր երկինքը, անչափելի խորության մեջ ծնվեց մռայլ Տարտարոսը՝ ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով: Քաոսից՝ կենսատու աղբյուրից, ծնվեց նաև հզոր ուժը՝ ամեն ինչին կենդանություն տվող Սերը՝ Էրոսը: Սկսվեց աշխարհի ստեղծումը: Անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը՝ Էրեբոսը և մութ Գիշերը՝ Նիքսը: Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը՝ Եթերը, հրճվալից ու պայծառ օրը՝ Հեմերան: Լույսը հորդեց աշխարհով մեկ, և գիշերն ու ցերեկն սկսեցին հաջորդել իրար:
Հզոր ու բազմաշնորհ Երկիրը ծնունդ տվեց անծայրածիր կապուտակ Երկնքին՝ Ուրանոսին, և տարածվեց Երկինքը Երկրի վրա: Հպարտությամբ դեպի Երկինք խոյացան Երկրի ծնած բարձրագագաթ Լեռները և տարածվեց հարատև աղմկող Ծովը: Մայր Երկրից են ծնունդ առել Երկինքը, Լեռները և Ծովը. նրանք հայր չունեն:
Ուրանոս - Երկինքը տիրակալ դարձավ աշխարհին: Նա իրեն կնության առավ բազմաշնորհ Երկրին: Վեց որդի և վեց դուստր՝ հզոր ու ահեղ տիտաններ ունեին Ուրանոսն ու Գեան: Նրանց որդին՝ տիտան Օվկիանոսը, որ անեզր գետի պես ողողում էր ամբողջ Երկիրը, և աստվածուհի Թետիսը լույս աշխարհ բերին բոլոր գետերը, որոնք ալիք տալով հոսում են դեպի ծով և դեպի ծովային աստվածուհիները՝ Օվկիանուհիները: Տիտան Հիպերիոնն ու Թեան աշխարհ բերեցին իրենց զավակներին՝ Արև - Հելիոսին, Լուսին Սելենեին և բոսորագույն Արշալույսին՝ Էոսին (Ավրորա): Աստրեայից և Էոսից ծնունդ առան գիշերվա խավար երկնքում վառվող բոլոր աստղերը և բոլոր քամիները. հյուսիսային մոլեգին քամին՝ Բորեասը, արևելյանը՝ Էվրոսը, հարավային խոնավ քամին՝ Նոտոսը և արևմտյան փաղաքուշ քամին՝ Զեփյուրոսը, որ անձրևաբեր ամպեր է կուտակում:
Տիտաններից բացի, ամենահզոր երկիրը առաջ բերեց երեք հսկաների՝ միակնանի կիկլոպներին և լեռան պես վիթխարի, հիսուն գլխանի, հարյուրաձեռք երեք հսկաներին (հեկատոնքեյրերին), որոնք այդպես են կոչվում` յուրաքանչյուրը հարյուր ձեռք ունենալու պատճառով: Նրանց ահեղ ուժին ոչինչ չի կարող դիմագրավել, նրանց տարերային ուժը սահման չի ճանաչում:
Ատեց Ուրանոսն իր հսկա - զավակներին. Երկրի աստվածուհու ընդերքում` կալանեց նրանց խորին խավարում և թույլ չտվեց լույս աշխարհ դուրս գալ: Տառապում էր նրանց մայր Երկիրը: Նրան ճնշում էր իր ընդերքում ամփոփված ահավոր բեռը: Նա իր մոտ կանչեց տիտան զավակներին ու համոզեց ըմբոստանալ հոր՝ Ուրանոսի դեմ, բայց նրանք վախեցան ձեռք բարձրացնել իրենց հոր վրա: Նրանցից միայն կրտսերը՝ նենգամիտ Քրոնոսը, խորամանկությամբ տապալեց հորը և խլեց նրա իշխանությունը:
Գիշեր աստվածուհին, իբրև պատիժ Քրոնոսին, ծնեց մի ամբողջ կույտ սոսկալի աստվածություններ. Թանատոսին - մահ, Էրիսին - պառակտություն, Ապատեին - խաբեություն, Կերերին - ոչնչացում, Հիպնոսին - քուն՝ բազում ծանր ու մռայլ երազներով, անողոք Նեմեսիսին - վրեժխնդրություն և շատ ուրիշների: Սոսկում, պառակտություն, խաբեություն, կռիվ ու դժբախտություն բերին այդ աստվածները աշխարհ, որտեղ հոր գահի վրա տիրակալ դարձավ Քրոնոսը:
ԶԵՎՍ (2)
ԶԵՎՍԻ ԾՆՈՒՆԴԸ
Քրոնոսը վստահ չէր, որ իշխանությունն ընդմիշտ կմնա իր ձեռքում: Նա երկյուղ ուներ, որ իր դեմ կապստամբեն զավակները և իրեն կդատապարտեն նույն ճակատագրին, որին ինքը արժանացրեց իր հորը՝ Ուրանոսին: Նա վախենում էր իր զավակներից: Եվ հրամայեց Քրոնոսն իր կնոջը՝ Հռեային, որ նա իր մոտ բերի ծնած երեխաներին, և անգթորեն կուլ տվեց նրանց: Սարսափեց Հռեան իր զավակներին վիճակված ճակատագիրը տեսնելով:
Հինգին Քրոնոսն արդեն կուլ տվեց. Հեստիային (3), Դեմետրային (4), Հերային, Հադեսին (Աիդ) և Պոսեյդոնին (5):
Հռեան չուզեց իր վերջին մանկանն էլ կորցնել: Իր ծնողների՝ Ուրանոս - Երկնքի և Գեա - Երկրի, խորհրդով նա հեռացավ, գնաց Կրետե կղզին, և խորունկ մի անձավում ծնվեց նրա կրտսեր որդին՝ Զևսը: Այդ անձավում նա թաքցրեց իր որդուն դաժան հորից, և որդու փոխարեն բարուրի մեջ փաթաթված մի երկարուկ քար տվեց նրան, որ կուլ տա: Քրոնոսը չկասկածեց, որ խաբված է կնոջից:
Իսկ Զևսը մեծանում էր Կրետեում: Հավերժահարսներ Ադրաստեան և Իդեան գուրգուրում էին փոքրիկ Զևսին, նրան սնում էին Ամալթեա աստվածային այծի կաթով: Մեղուները փոքրիկ Զևսի համար մեղր էին բերում Դիկտե բարձր լեռան լանջերից: Իսկ անձավի մուտքի մոտ հսկում էին պատանի կուրետները (6) և ամեն անգամ, երբ փոքրիկ Զևսը լաց էր լինում, նրանք սրերով խփում էին վահաններին, որպեսզի Քրոնոսը չլսի նրա լացի ձայնը, և Զևսին էլ չվիճակվի նրա եղբայրների ու քույրերի ճակատագիրը:
ԶԵՎՍԸ ՏԱՊԱԼՈՒՄ Է ՔՐՈՆՈՍԻՆ: ՕԼԻՄՊՈՍԻ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՏԻՏԱՆՆԵՐԻ ԴԵՄ
Աճեց ու առնացավ հզոր ու սքանչելի աստված Զևսը: Նա ըմբոստացավ հոր դեմ և նրան ստիպեց նորից լույս աշխարհ բերել կլանած երեխաներին: Քրոնոսը բերնից իրար հետևից դուրս թափեց իր գեղեցիկ և լուսավոր աստված - զավակներին: Նրանք պայքարի մեջ մտան Քրոնոսի տիտանների դեմ՝ աշխարհի տիրապետությունը նվաճելու համար:
Համառ ու ահավոր էր այդ պայքարը: Քրոնոսի զավակները հաստատվեցին բարձրաբերձ Օլիմպոսի վրա: Նրանց կողմն անցան նաև տիտաններից մի քանիսը և ամենից առաջ՝ տիտան Օվկիանոսը և նրա դուստր Ստիքսը՝ իր զավակների՝ Ձգտման, Հզորության Հաղթանակի հետ: Օլիմպոսցի աստվածների համար դա վտանգավոր պայքար էր: Հզոր ու ահեղ էին նրանց ոսոխները՝ տիտանները: Բայց կիկլոպները Զևսին օգնության հասան: Նրանք Զևսի համար որոտ և կայծակ էին կոփում, իսկ Զևսը դրանք նետում էր տիտանների վրա: Պայքարն արդեն տասը տարի էր ինչ շարունակվում էր, բայց հաղթանակը չէր թեքվում ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը: Վերջապես, Զևսը վճռեց երկրի ընդերքից ազատել հարյուրաձեռք հսկաներին, և նրանց օգնության կանչեց. Սոսկալի և լեռան պես վիթխարի՝ նրանք ելան երկրի ընդերքից ու նետվեցին կռվի մեջ: Նրանք լեռներից ահագին ապառաժներ էին պոկում ու շպրտում տիտանների վրա: Բյուրավոր ժայռեր էին թռչում տիտաններին ընդառաջ, երբ նրանք մոտենում էին Օլիմպոսին: Տնքում էր Երկիրը, թոհուբոհը հագեցրել էր օդը, շուրջբոլորն ամեն ինչ ցնցվում էր: Նույնիսկ Տարտարոսն էր ցնցվում այդ պայքարից: Զևսը իրար հետևից նետում էր բոցեղեն կայծակներ և խլացուցիչ դղրդացող որոտներ: Բոցը բռնեց ամբողջ երկիրը, ծովերը եռացին, ծուխն ու գարշահոտությունը թանձրությամբ պատեցին ամենայն ինչ:
Վերջապես հզոր տիտանները ցնցվեցին: Նրանց ուժը կոտրվել էր, նրանք պարտված էին: Օլիմպացիները կապկպեցին նրանց և նետեցին դշխեմ Տարտարոսը՝ հավերժական խավարի մեջ: Տարտարոսի պղնձակոփ անխորտակելի դարպասի մոտ պահապան կանգնեցին հարյուրաձեռք հսկաները. և հսկում են նրանք, որ հզոր տիտանները Տարտարոսից դուրս չգան: Աշխարհի վրա տիտանների իշխանության վերջը եկավ:
ԶԵՎՍԻ ՊԱՅՔԱՐԸ ՏԻՓՈՆԻ ԴԵՄ
Բայց դրանով պայքարը չավարտվեց: Գեա - Երկիրը շատ զայրացավ օլիմպացի Զևսի վրա, որ նա այդքան անողոք վարվեց պարտված տիտանների հետ, որոնք իր զավակներն էին: Նա ամուսնացավ դժնադեմ Տարտարոսի հետ և աշխարհ բերեց հարյուրգլխանի ահռելի հրեշ Տիփոնին: Վիթխարի, իր հրեշային հարյուր գլխով՝ ելավ Տիփոնը երկրի ընդերքից: Վայրենի ոռնոցով նա սասանեց օդը: Այդ ոռնոցի մեջ և՛ շների հաչոց էր լսվում, և՛ մարդկային ձայներ, և՛ կատաղի ցուլի բառաչ, և՛ առյուծի մռնչյուն Քուլա-քուլա բոց էր գալարվում Տիփոնի շուրջը, և հողը ճոճվում էր նրա ծանր քայլերի տակ: Աստվածները սոսկումից ցնցվեցին: Բայց շանթարձակ Զևսը խիզախությամբ նետվեց նրա վրա, և բռնկեց կռիվը: Նորից փայլատակեցին կայծակները Զևսի ձեռքում, ալիք տալով տարածվեցին որոտի ձայները: Երկինքն ու երկնակամարը ցնցվեցին հիմնիվեր: Վերստին երկիրը բռնկվեց վառվռուն բոցերով, ինչպես տիտանների դեմ կռվելու ժամանակ։ Տիփոնի մերձենալուն պես արդեն ծովերը եռ էին գալիս: Շանթարձակ Զևսի բոցեղեն կայծակները հարյուրներով ցած էին թափվում, թվում էր, թե նրանց կրակից օդն էլ է այրվում, և այրվում են մթամած ամպրոպային ամպերը: Զևսը մոխրացրեց Տիփոնի հարյուր գլուխները: Փուլ եկավ Տիփոնը երկրի վրա, նրա մարմնից մի այնպիսի տոթ էր բխում, որ չորսբոլորն ամեն ինչ հալվում էր: Զևսը վերցրեց Տիփոնի դին և նետեց խավար Տարտարոսը, որ ծնել էր նրան։ Բայց Տարտարոսում էլ Տիփոնը դեռ սպառնում է աստվածներին և ամենայն կենդանի արարածի: Փոթորիկներ ու հրաբուխներ է առաջ բերում: Նա, կես-կին կես-օձ Էքիդնայի հետ միասին, ծնել է ահռելի երկգլխանի շուն Օրթոսին, դժոխային շուն Կերբերին, Լերնեյան հիդրային և Քիմերային: Տիփոնը հաճախ ցնցում է երկիրը:
Հաղթեցին օլիմպացի աստվածներն իրենց ոսոխներին: Այլևս ոչ ոք չէր կարող ընդդիմանալ նրանց իշխանությանը: Այժմ արդեն նրանք կարող էին հանգիստ տիրել աշխարհին: Նրանցից հզորագույնը՝ շանթարձակ Զևսը, իրեն վերցրեց երկինքը, Պոսեյդոնը՝ ծովը, իսկ Հադեսը՝ մեռյալ հոգիների ստորերկրյա թագավորությունը: Իսկ երկիրը մնաց իբրև ընդհանուրի տիրապետություն: Թեև Քրոնոսի որդիները բաժանեցին իրար մեջ աշխարհի իշխանությունը, բայց և այնպես նրանց բոլորի վրա իշխում է երկնքի տիրակալ Զևսը. նա՛ է իշխում մարդկանց ու աստվածների վրա, ամենայն ինչ աշխարհում նրա՛ն է ենթակա։
ՕԼԻՄՊՈՍ
Լուսավոր ու բարձրաբերձ Օլիմպոս լեռան վրա, շրջապատված բազում աստվածներով, իշխում է Զևսը: Այստեղ են և՛ նրա ամուսին Հերան, (7) և՛ ոսկեգանգուր Ապոլոնը՝ իր քրոջ, Արտեմիսի (7) հետ, և՛ ոսկեշող Ափրոդիտեն, (7) և՛ Զևսի հզոր դուստր Աթենասը՝ (7) և շատ ուրիշ աստվածներ: Երեք սքանչելի օրեադներ հսկում էին բարձրաբերձ Օլիմպոսի մուտքը և բարձրացնում դարպասը փակող թանձր ամպը, երբ աստվածներն իջնում են երկիր կամ ելնում Զևսի լուսաշող պալատները:
Օլիմպոսից բարձր լայնորեն տարածվում է կապտավուն, անհուն երկինքը և նրանից ոսկեղեն լույս է հորդում: Զևսի թագավորության մեջ ո՛չ անձրև է գալիս, ո՛չ ձյուն, այնտեղ հավերժ պայծառ ու բերկրալի ամառ է: Իսկ ցածում քուլա-քուլա սահում են ամպերը, երբեմն-երբեմն ծածկելով հեռավոր երկիրը։ Այնտեղ, երկրի վրա, գարնանն ու ամռանը հաջորդում են աշունն ու ձմեռը: Հրճվանքին և ուրախությանը փոխարինելու են գալիս դժբախտությունն ու վիշտը: Ճիշտ է, աստվածներն էլ գիտեն, թե ինչ բան է վիշտը, բայց դա վաղանցուկ է. Օլիմպոսում կրկին տիրում է հրճվանքը:
Խրախճանք են անում աստվածներն իրենց ոսկեղեն պալատներում, որոնք Զևսի որդին՝ Հեփեստոսն (8) է կառուցել: Զևս արքան բազմած է իր բարձրադիր ոսկեհուռ գահին: Զևսի առնական, աստվածային հիասքանչ դեմքը շնչում է վսեմությամբ և իր իշխանության ու հզորության վեհափառ գիտակցությամբ: Նրա գահի մոտ են խաղաղության աստվածուհի Էյրենեն և Զևսի մշտական ուղեկից՝ հաղթանակի թևավոր աստվածուհի Նիկեն: Ահա ներս է մտնում գեղանի ու վսեմափայլ աստվածուհի Հերան՝ Զևսի կինը: Զևսը հարգալից վերաբերմունք ունի կնոջ հանդեպ: Հերային՝ ամուսնության հովանավորին, հարգանքով են են շրջապատում Օլիմպոսի բոլոր աստվածները: Երբ, շողալով իր գեղեցկությամբ, շքեղ զգեստների մեջ, մեծն Հերան մտնում է խրախճանքի դահլիճը, բոլոր աստվածները ոտքի են ելնում ու խոնարհվում ամպրոպային Զևսի կնոջ առաջ: Իսկ նա, հպա՛րտ իր հզորությամբ, քայլում է դեպի ոսկեհուռ գահը և բազմում աստվածների ու մարդկանց թագավորի՝ Զևսի կողքին: Հերայի գահի մոտ կանգնում է նրա սուրհանդակը, ծիածանի աստվածուհի՝ թեթևաթև Իրիսը՝ մշտապես պատրաստ սրընթաց սավառնելու ծիածանային թևերով և ի կատար ածելու Հերայի հրամանները երկրի ամենահեռավոր ծայրերում:
Խրախճանք են անում աստվածները: Զևսի դուստրը՝ դեռատի Հեբեն, և Տրոյայի արքայի որդի Գանիմեդեսը, Զևսի սիրելին, որ նրանից անմահություն է ստացել՝ նրանց ամբրոսիա ու նեկտար՝ աստվածային ուտեստ ու խմիչք է մատուցում: Գեղեցիկ քարիսները (9) ու մուսաները զվարճացնում են նրանց երգով ու պարով: Ձեռք ձեռքի տված նրանք շուրջպար են բռնում, իսկ աստվածները սքանչանում են սրանց թեթևասահ շարժումներով և հավերժ դեռատի հրաշք գեղեցկությամբ: Գնալով ավելի ուրախ է դառնում օլիմպացիների խրախճանքը: Այդ խրախճանքներում են վճռում աստվածներն իրենց գործերը, որոշում աշխարհի ու մարդկանց բախտը:
Զևսն Օլիմպոսի մարդկանց առաքում է իր շնորհները և երկրի վրա կարգ և օրենքներ հաստատում: Զևսի ձեռքին է մարդկանց ճակատագիրը. երջանկությունն ու դժբախտությունը, բարին ու չարը, կյանքն ու մահը, - ամեն ինչ նրա ձեռքին է: Երկու մեծ կարաս կա դրված Զևսի պալատի դարպասի մոտ: Մեկի մեջ բարին է, մյուսի մեջ՝ չարը: Զևսը նրանց միջից առնում է չարն ու բարին և ուղարկում մարդկանց: Վա՛յ նրան, ում շանթարձակը միայն չարիքի կարասից է բաժին հանում: Վա՛յ նրան, ով կխախտի Զևսի սահմանած կարգը երկրի վրա և չի հետևի նրա օրենքներին: Քրոնոսի որդին ահեղորեն կկիտի իր թավ հոնքերը, և այդ ժամանակ սև ամպերը կպատեն երկինքը: Կզայրանա մեծն Զևսը, և նրա գլխի մազերը ահեղորեն ցից-ցից կկանգնեն, աչքերը կշողան անզուսպ փայլով, ցասմնալից կմեկնի իր ամենազոր աջը և որոտը կգլորվի երկնքով մեկ, կփայլատակի բոցեղեն կայծակը, և կցնցվի բարձրաբերձ Օլիմպոսը:
Միայն Զևսը չէ, որ պահպանում է օրենքները: Նրա գահի մոտ կանգնած է օրենքների պահապան աստվածուհի Թեմիսը: Նա, շանթարձակի հրամանով, աստվածների հավաք է հրավիրում լուսաշող Օլիմպոսում և ժողովրդական հավաքներ՝ երկրի վրա, ու հետևում, որ կարգն ու օրենքը չխախտվեն: Օլիմպոսում է և Զևսի դուստրը՝ աստվածուհի Դիկեն, որ հետևում է արդարադատությանը: Խիստ պատիժ է տալիս Զևսը անարդար դատավորներին, երբ Դիկեն նրան իմաց է տալիս, թե նրանք չեն հետևում Զևսի սահմանած օրենքներին: Աստվածուհի Դիկեն ճշմարտության պաշտպանն է և խաբեության թշնամին:
Զևսը աշխարհում կարգ ու արդարություն է պահպանում և մարդկանց վրա երջանկություն ու վիշտ սփռում: Թեև մարդկանց երջանկությունն ու դժբախտությունը Զևսն է ուղարկում, այնուամենայնիվ, մարդկանց բախտը տնօրինում են ճակատագրի անողոք աստվածները՝ մոյրաները, (10) որոնք ապրում են լուսավոր Օլիմպոսում: Զևսի ճակատագիրն էլ է նրանց ձեռքին: Իշխում է ճակատագիրը և՛ մահկանացուների, և՛ աստվածների վրա: Եվ ոչ ոք չի կարող խուսափել անողոք ճակատագրից: Չկա այնպիսի ուժ, այնպիսի իշխանություն, որ կարողանա փոխել թեկուզ մի փոքր բան այն ամենի մեջ, ինչ նախատեսված է աստվածների ու մահկանացուների համար: Ճակատագրի առաջ պիտի միայն խոնարհվել հլու-հնազանդ ու ենթարկվել նրա կամքին: Միայն մոյրաներն են, որ գիտեն ճակատագրի կամքը: Մոյրա Կլոթոն մանում է մարդու կյանքի թելը՝ որոշելով նրա տևողությունը: Թելը կտրվում է, և կյանքի վերջը գալիս է: Մոյրա Լաքեսիսը, առանց նայելու, վիճակ է հանում մարդկանց կյանքի համար: Ոչ ոք չի կարող փոխել մոյրաների որոշած ճակատագրերը, քանի որ երրորդ մոյրան՝ Ատրոպոսը, երկար փաթեթի մեջ գրի է առնում այն ամենը, ինչ մարդու համար կյանքում կանխատեսել են նրա քույրերը, իսկ այն, ինչ մտնում է այդ փաթեթի մեջ, անխուսափելի է: Անողոք են մեծ ու դաժան մոյրաները:
Օլիմպոսում է և ճակատագրի աստվածուհին՝ Տիքեն, (11) երջանկության ու բարօրության աստվածուհին։ Առատության եղջյուրից, աստվածային այն այծի եղջյուրից, որի կաթով սնուցվել էր Զևսը, նա նվերներ է շռայլում մարդկանց. և երջանիկ է այն մարդը, որ իր կյանքի ճանապարհին կհանդիպի երջանկության աստվածուհի Տիքեին, բայց որքա՜ն հազվադեպ է պատահում այդ, և որքա՜ն դժբախտ է այն մարդը, որից, նվերները տալուն պես, աստվածուհի Տիքեն երես կդարձնի:
Եվ այսպես, լուսավոր աստվածների բազմությամբ շրջապատված, Օլիմպոսի վրա իշխում է մարդկանց ու աստվածների արքա Զևսը՝ կարգ ու արդարություն պահպանելով բովանդակ աշխարհում:
ՊՈՍԵՅԴՈՆԸ ԵՎ ԾՈՎԻ ԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ծովի հորձանուտի խորքում կանգնած է ամպրոպային Զևսի եղբոր, երկրասասան մեծ Պոսեյդոնի զարմանահրաշ պալատը։ Տիրում է Պոսեյդոնը ծովերին, և ծովի ալիքները ենթարկվում են ահեղ եռաժանիով զինված նրա ձեռքի մինչև իսկ ամենաթեթև շարժմանը: Այնտեղ, ծովի խորքում, ապրում է Պոսեյդոնը իր գեղանի ամուսին Ամփիտրիտեի՝ ծովային գուշակ ծիրանազարդ Ներևսի դստեր հետ, որին ծովային խորքերի մեծ տիրակալ Պոսեյդոնն առևանգել է հոր մոտից: Մի անգամ տեսել է, թե Ներևսի դուստրն ինչպես է իր քույրերի հետ շուրջպար բռնել Նաքսոս կղզու ափին: Գերվել է ծովի աստվածը սքանչելի Ամփիտրիտեով և կամեցել տանել նրան իր երկանվով: Բայց խուսափել է Ամփիտրիտեն իրեն հետապնդող աստծուց և ապաստան գտել տիտան Ատլասի մոտ, որն իր հզոր ուսերի վրա պահում է երկնակամարը: Երկար ժամանակ Պոսեյդոնը չէր կարողացել գտնել Ներևսի գեղանի դստերը: Ի վերջո, նրա ապաստարանի տեղը հայտնել է դելփինը. այդ ծառայության համար Պոսեյդոնը դելփինին դասել է երկնային համաստեղությունների մեջ: Պոսեյդոնը Ատլասի մոտից հափշտակել է Ներևսի գեղանի դստերը և ամուսնացել նրա հետ:
Այդ ժամանակից ի վեր Ամփիտրիտեն, իր ամուսին Պոսեյդոնի հետ, ապրում է ստորերկրյա պալատում: Պալատից վերև շառաչում են ծովային ալիքները: Ծովի աստվածությունների բազմությունը շրջապատում է Պոսեյդոնին՝ հլու-հնազանդ նրա կամքին: Նրանց մեջ է նաև Պոսեյդոնի որդին՝ Տրիտոնը, որ իր խեցեղեն փողի որոտալից հնչյուններով ահեղ փոթորիկներ է առաջ բերում: Աստվածների մեջ են նաև Ամփիտրիտեի գեղանի քույրերը՝ ներեիդները: Պոսեյդոնը տիրում է ծովերին: Երբ հրաշք նժույգներ լծած երկանվով Պոսեյդոնը սուրում է ծովի վրայով՝ հավերժ ծփացող ալիքները ետ են քաշվում և ճամփա բացում տիրակալ Պոսեյդոնի առաջ: Իր գեղեցկությամբ մինչև իսկ Զևսին չզիջող Պոսեյդոնը սրաթռիչ սուրում է անծայրածիր ծովի վրայով, իսկ նրա շուրջը խաղում են դելփինները. ձկները դուրս են լողում ծովի խորքից և խռնվում նրա երկանվի շուրջը: Երբ Պոսեյդոնը նշան է անում իր ահեղ եռաժանիով՝ լեռների պես բարձրանում են փրփրաբաշ ալիքները և ծովի վրա մոլեգնում է կատաղի փոթորիկը: Եվ այդ ժամանակ ծովային ալիքները դղրդոցով բախվում են առափնյա ժայռերին և ցնցում երկիրը: Բայց առաջ է մեկնում Պոսեյդոնն իր եռաժանին ալիքների վրա, և նրանք հանդարտվում են: Փոթորիկը մեղմանում է, ծովի վրա կրկին անդորր է տիրում, ծովը դառնում է հայելու նման ողորկ, և հազիվ է լսվում կոհակների ծփանքը ափերի մոտ:
Շատ աստվածություններ են շրջապատում Զևսի եղբորը՝ Պոսեյդոնին, նրանց մեջ է ծովային գուշակ ծերունի Ներևսը, որ գիտակ է ապագայի բոլոր նվիրական գաղտնիքներին: Սուտն ու խաբեությունը օտար են Ներևսին: Աստվածներին ու մահկանացուներին նա միայն ճշմարտությունն է հայտնում: Իմաստուն են գուշակ ծերունու տված խորհուրդները: Հիսուն գեղանի դուստր ունի Ներևսը։ Ուրախ-ուրախ խայտում են դեռատի ներեիդները ծովի ալիքների մեջ՝ շողալով իրենց աստվածային գեղեցկությամբ: են Ձեռք-ձեռքի տված նրանք շարեշար դուրս լողում ծովային հորձանուտի միջից և շուրջպար բռնում հանդարտված ծովի՝ մեղմորեն դեպի ափ գլորվող կոհակների շոյող ծփանքի տակ: Եվ առափնյա ժայռերի արձագանքը կրկնում է նրանց նրբահյուս երգի հնչյունները, որոնք նման են ծովի մեղմ շրշյունին: Ներևսի դուստրերը հովանավորում են ծովագնացին և նրան երջանիկ նավարկություն պարգևում:
Ծովի աստվածությունների մեջ է և ծերունի Պրոտևսը, որ ծովի նման փոխում է իր կերպարանքը, և, ըստ ցանկության, տարբեր կենդանիների ու հրեշների տեսք ընդունում: Նա ևս գուշակ աստված է, միայն թե նրան պիտի հանկարծակիի բերել, տիրել նրան և ստիպել, որ բաց անի ապագայի գաղտնիքը: Երկիրը ցնցող Պոսեյդոնի ուղեկիցների մեջ է նաև Գլավքոս աստվածը՝ ծովայինների ու ձկնորսների հովանավորը, նա ևս օժտված է գուշակության ձիրքով: Հաճախ, ծովի խորքից դուրս լողալով, նա կանխատեսել է գալիքը և իմաստուն խորհուրդներ տվել մահկանացուներին: Հզոր են ծովի աստվածները, մեծ է նրանց իշխանությունը, բայց նրանց բոլորի վրա էլ իշխում է Զևսի եղբայր մեծն Պոսեյդոնը:
Բոլոր ծովերն ու բոլոր երկրները ողողում է ալեհեր Օվկիանոսը՝ տիտան աստվածը (12), որ իր պատվով ու փառքով հավասար է մինչև իսկ Զևսին: Նա ապրում է հեռվում, աշխարհի սահմանագլխին, և նրան չեն հուզում երկրի գործերը: Օվկիանոսը երեք հազար որդի ունի՝ գետային աստվածները, և երեք հազար դուստր՝ առվակների ու աղբյուրների աստվածուհիները: Օվկիանոս մեծ աստծու որդիներն ու դուստրերը բարություն ու հրճվանք են բերում մահկանացուներին իրենց հավերժահոս կենսատու ջրերով, հագեցնում են ամբողջ երկիրը և ամենայն կենդանի արարածի:
ԴԺՆԴԱԿ ՀԱԴԵՍԻ (ՊԼՈՒՏՈՆԻ) ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ (13)
Երկրի ընդերքում թագավորում է Զևսի դժնադեմ եղբայրը՝ Հադեսը: Նրա թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Անհատակ անդունդները երկրի երեսից տանում են դեպի Հադեսի տխուր թագավորությունը: Մթամած գետեր են հոսում այնտեղ: Այնտեղ է հոսում նաև սառցի պես պաղ Ստիքս սրբազան գետը, որի ջրերով երդվում են աստվածները:
Այնտեղ ալիք են տալիս Կոկիտոսն ու Աքերոնը: Հանգուցյալների հոգիների հեծեծանքները՝ թախծալի ու վշտալի, հնչում են նրանց մռայլ ափերին: Ստորերկրյա թագավորության մեջ ցայտում են նաև ամենայն երկրայինը մոռացության մատնող Լեթե (14) աղբյուրի ջրերը: Հադեսի թագավորության մռայլ, և ասփոդելի (15) դժգույն ծաղիկներով պատած դաշտերով թափառում են մեռյալների անմարմին ու թեթևասահ ստվերները: Նրանք ողբում են իրենց անլույս, ցանկություններից զուրկ կյանքը: Հազիվ լսելի՝ կամացուկ են հնչում նրանց հեծեծանքները, որպես աշնանային քամուց քշվող թորշոմած տերևների շրշյուն: Դժոխային եռագլուխ շունը՝ Կերբերը, որի վզին գալարվում են սոսկումնալի սուլոցներ արձակող օձերը, հսկում է Հադեսի թագավորության մուտքը: Անողորմ, զառամյալ Քարոնը մեռածների հոգիներն է տեղափոխում. Աքերոնի մռայլ ջրերով նա ոչ մի հոգի վերստին ետ չի տանի այնտեղ, ուր պայծառ շողում է կյանքի արևը: Մեռածների հոգիները Հադեսի խավար թագավորության մեջ դատապարտված են մշտնջենական անուրախ գոյության:
Հենց այդ թագավորության մեջ, ուր չեն հասնում երկրային կյանքի ո՛չ լույսը, ո՛չ հրճվանքը, ո՛չ էլ թախիծը, թագավորում է Զևսի եղբայր Հադեսը: Նա իր կնոջ՝ Պերսեփոնեի հետ միասին նստում է ոսկեղեն գահին: Նրան ծառայում են վրեժխնդրության անողորմ աստվածուհիներ Էրինիները: Ահեղ են նրանք. խարազաններն ու օձերը ձեռքներին հետապնդում են մեղսագործին, ոչ մի պահ հանգիստ չեն տալիս նրան և հոգեմաշ են անում խղճի տառապանքներով: Ոչ մի տեղ չի կարելի ապաստանել նրանց հետապնդումներից, Էրինիներն ամենուրեք գտնում են իրենց զոհին: Հադեսի գահի մոտ նստում են մեռյալների թագավորության դատավորներ Մինոսը և Հռադամանթիսը: Հենց այստեղ, գահի մոտ է նաև մահվան աստված Թանատոսը՝ սուրը ձեռքին, թիկնոցով, լայնատարած սև թևերով: Անդրշիրիմյան պաղություն է փչում այդ թևերից, երբ Թանատոսը թռչում է մահամերձի մահճի մոտ, որպեսզի իր սրով մի փունջ մազ կտրի նրա գլխից ու հափշտակի հոգին: Թանատոսի կողքին են և մռայլատես Կերկերը: Նրանք մոլեգնորեն սավառնում են ճակատամարտի դաշտերով, հրճվում են՝ տեսնելով, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում հերոսները, ապա իրենց շառագույն շուրթերով հպվում են վերքերին, ագահաբար ըմպում ընկածների տաք արյունը և մարմինների միջից դուրս կորզում նրանց հոգիները:
Այստեղ, Հադես, գահի մոտ է նաև գեղեցկատես Հիպնոսը՝ քնի պատանի աստվածը: Նա անշշուկ թևածում է երկրի վրայով՝ կակաչի գլխիկները ձեռքին և եղջյուրի միջից քնաբեր հեղուկ է ցողում: Նա իր հրաշագործ ձողիկով քնքշաբար հպվում է մարդկանց աչքերին, կամացուկ փակում կոպերը և մահկանացուներին ընկղմում քաղցր քնի մեջ: Հզոր է Հիպնոս աստվածը նրան չեն կարող ընդդիմանալ ո՛չ մահկանացուները, ո՛չ աստվածները, ո՛չ էլ մինչև իսկ Զևսը. Հիպնոսը նրա ահեղնացայտ աչքերն էլ է փակում և ընկղմում խոր քնի մեջ:
Հադեսի խավարչտին թագավորության մեջ սավառնում են նաև երազների աստվածները: Նրանց մեջ կան իմաստուն և հրճվալից երազներ տվող աստվածներ, բայց կան նաև այնպիսիները, որոնք մարդկանց ահավոր, ճնշող, երկյուղով համակող ու տանջալից երազներ են բերում: Կան և կեղծ ու պատիր երազների աստվածներ, որոնք մարդկանց մոլորության մեջ են գցում, հաճախ էլ կորստյան մատնում:
Անողորմ Հադեսի թագավորությունը լի է խավարով ու սարսափներով: Այնտեղ, խավարի մեջ, թափառում է սոսկալի ուրվական Էմպուսան՝ ավանակի ոտքերով: Նա, գիշերային խավարում մարդուն խորամանկությամբ հմայելով մի թաքուն տեղ, խմում է նրա ամբողջ արյունը և խժռում նրա դեռևս թպրտացող մարմինը: Այնտեղ թափառում է և հրեշավոր Լամիան. նա գիշերը մտնում է երջանիկ մայրերի ննջարանը և գողանում նրանց երեխաներին՝ սրանց արյունը խմելու համար։ Բոլոր այդ ուրվականների և հրեշների վրա իշխում է Հեկատե մեծ աստվածուհին: Նա երեք մարմին ունի և երեք գլուխ: Անլուսին գիշերներին, թանձր խավարի մեջ, թափառում է նա ճանապարհների վրա ու գերեզմանների մոտ իր ամբողջ սոսկալի շքախմբով, ստիքսյան շներով (16) շրջապատված, սարսափներ ու տանջալից երազներ է ուղարկում երկիր և կորստյան մատնում մարդկանց: Հեկատեին հաճախ օգնության են կանչում կախարդելիս, բայց հենց ինքն էլ միակ օգնականն է՝ կախարդանքի դեմ բոլոր նրանց համար, ովքեր հարգում են նրան և ճամփաբաժանին, ուր բաժանվում են երեք ճանապարհներ, շներ զոհաբերում նրան:
Սոսկալի է Հադեսի թագավորությունը և ատելի է մարդկանց (17):
ՀԵՐԱ (18)
Մեծ դիցուհի Հերա, վահանակիր Զևսի կինը, Հովանավորում է ամուսնությունը և պահպանում ամուսնական կապերի սրբությունն ու անխախտությունը: Նա ամուսիններին բազմաքանակ ժառանգներ է ուղարկում և բարեմաղթում է մայրերին՝ երկունքի ժամանակ։
Մեծ աստվածուհի Հերային, հենց որ նրան, իր եղբայրների ու քույրերի հետ միասին, բերանից դուրս թափեց Զևսի կողմից պարտված Քրոնոսը, մայրը՝ Հռեան, տարավ երկրի ծայրը՝ ալեհեր Օվկիանոսի մոտ: Այնտեղ Հերային դաստիարակեց Թեմիսը: Երկար ապրեց Հերան Օլիմպոսից հեռու, անդորրության ու լռության մեջ: Շանթարձակ մեծն Զևսը տեսավ նրան, սիրեց և փախցրեց Թեմիսի մոտից:
Երկար ժամանակ Զևսը թաքցնում էր իր ամուսնությունը Հերայի հետ: Ի վերջո, նա աստվածներին հայտնեց, թե ո՛վ է իր կինը: Աստվածները ճոխ հարսանիք արեցին: Իրիսը և քարիսները Հերային շքեղազարդ հագցրին, և նա Օլիմպոսի բազում աստվածների մեջ շողում էր իր վսեմաշուք դեռատի գեղեցկությամբ: Նա բազմել էր ոսկեհուռ գահի վրա, աստվածների ու մարդկանց մեծ արքա Զևսի կողքին: Բոլոր աստվածները նվերներ էին բերում Հերային, իսկ Երկիր Գեան, իբրև նվեր Հերային, իր ընդերքից աճեցրեց մի հրաշք խնձորենի՝ ոսկե պտուղներով: Ամենայն ինչ բնության մեջ փառաբանում էր թագուհի Հերային և թագավոր Զևսին:
Հերան իշխում է բարձրաբերձ Օլիմպոսում: Նա էլ, ինչպես իր ամուսինը, տիրում է շանթերին ու որոտներին, նրա խոսքերով անձրևաբեր մթին ամպերը պատում են երկինքը, ձեռքի շարժումով նա ահեղ փոթորիկներ է բարձրացնում:
Գեղեցիկ է մեծն Հերան, խոշոր աչքերով, շուշանի պես ճերմակ ձեռքերով. նրա պսակի տակից ալիք-ալիք դուրս են թափվում գանգուրները, իշխանությամբ ու անդորր վսեմությամբ են փայլում աչքերը: Աստվածները հարգում են Հերային, նրան հարգում է և ամուսինը, ամպահալած Զևսը, և հաճախ խորհրդակցում է նրա հետ: Բայց քիչ չի պատահում նաև, որ Զևսն ու Հերան գժտվեն միմյանց հետ: Հերան հաճախ առարկում է Զևսին, վիճում հետը աստվածների խորհրդի ժամանակ: Եվ մոլեգնում է շանթարձակը ու կնոջն սպառնում պատիժներով: Այդ ժամանակ լռում է Հերան և զսպում զայրույթը: Նա հիշում է, թե ինչպես է Զևսն իրեն գանակոծման ենթարկել, ինչպես է կաշկանդել ոսկե շղթաներով ու կախել երկրի ու երկնքի միջև՝ ոտքերից երկու ծանր զնդան կախ տալով։
Ամենազոր է Հերան և չկա նրա իշխանությունն ունեցող մեկ ուրիշ աստվածուհի: Վսեմաշուք՝ իր երկար ու շքեղ զգեստի մեջ, որ Աթենասն է կարել նրա համար, նստած երկու անմահական ձիերով լծված երկանվի մեջ, նա իջնում է Օլիմպոսից: Ամբողջ երկանիվն արծաթից է շինված, անիվները՝ անխառն ոսկուց, անիվների ճաղերը պղնձափայլ են: Երկրի վրա բուրմունքով են լցվում բոլոր այն վայրերը, որտեղով անցնում է Հերան: Ամենայն կենդանի արարած խոնարհվում է նրա՝ Օլիմպոսի մեծ թագուհու առաջ։
ԻՈ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Հերան հաճախ է վիրավորանքներ կրում իր ամուսնուց՝ Զևսից: Այնպես պատահեց, որ Զևսը սիրեց գեղեցիկ Իոյին և, Հերայի աչքերից թաքցնելու համար, նրան կով դարձրեց: Բայց դրանով շանթարձակը չկարողացավ փրկել Իոյին: Հերան տեսավ ձյունաճերմակ Իո կովին և Զևսից պահանջեց, որ իրեն նվիրի այդ կովը: Զևսը չկարողացավ մերժել Հերային: Իսկ Հերան, դառնալով Իոյի տերը, նրան հանձնեց հարյուրակնյա Արգոսի (19) հսկողության: Տառապում էր դժբախտ Իոն, ոչ ոքի հետ չէր կարող խոսել իր տառապանքների մասին. կով դառնալով՝ նա զրկվել էր խոսելու ձիրքից: Անքուն Արգոսը հսկում էր Իոյին և սա չէր կարող թաքնվել որևէ տեղ: Զևսը տեսնում էր նրա տառապանքները: Եվ նա իր մոտ կանչեց որդուն՝ Հերմեսին, ու հրամայեց, որ նա փախցնի Իոյին:
Հերմեսը մի ակնթարթում սուրաց դեպի այն լեռան գագաթը, ուր հարյուրակնյա Արգոսը հսկում էր Իոյին: Նա իր խոսքերով քուն բերեց Արգոսի աչքերին, Ու հենց որ նրա հարյուր աչքերը փակվեցին՝ Հերմեսը դուրս քաշեց իր կեռ սուրը և մի հարվածով կտրեց Արգոսի գլուխը, Իոն ազատության մեջ էր: Բայց Զևսը դրանով էլ չփրկեց Իոյին Հերայի ցասումից: Աստվածուհին հիմա էլ հրեշային մի բոռ ուղարկեց նրա հետևից: Իր սոսկալի խայթով բոռը երկրից երկիր էր քշում տառապանքներից խելացնոր թշվառ Իոյին: Ոչ մի տեղ նա հանգիստ չէր գտնում: Մոլեգին վազքով փախչում էր, իսկ բոռը, ընկած հետևից, շարունակ նրա մարմնի մեջ էր խրում իր խայթը: Բոռի խայթը այրում էր Իոյին շիկացած երկաթի պես: Ո՞ւր ասես, որ չփախավ Իոն, ի՛նչ երկրներում ասես, որ չեղավ նա: Ի վերջո, երկար թափառումներից հետո, նա հասավ սկյութների երկիրը՝ հեռավոր հյուսիս, հասավ այն լեռներին, որոնց վրա գամված էր տիտան Պրոմեթևսը: Նա գուշակեց, որ դժբախտ Իոն միայն Եգիպտոսում կազատվի իր տառապանքներից: Բոռից հալածվող Իոն սլացավ ավելի հեռու: Նա շատ տառապանքներ կրեց, շատ վտանգներ տեսավ մինչև Եգիպտոս հասնելը: Այնտեղ, Նեղոսի բարեբեր ափերին, Զևսը նրան տվեց նախ կին կերպարանքը: Եվ նա մի որդի ունեցավ՝ Էպափոս անունով: Նա դարձավ Եգիպտոսի առաջին թագավորը և նախահայրը հերոսների այն մեծ սերնդի, որին պատկանում էր նաև Հունաստանի հերոսներից մեծագույնը՝ Հերակլեսը:
ԱՊՈԼՈՆ (20)
ԱՊՈԼՈՆԻ ԾՆՈՒՆԴԸ
Լույսի աստված ոսկեգանգուր Ապոլոնը ծնվել է Դելոս կղզում: Նրա մայրը՝ Լետոն, հալածվա՛ծ Հերայի ցասումից, ոչ մի տեղ չէր կարող ապաստան գտնել: Հետապնդվելով Հերայի ուղարկած Պիթոն հրեշից՝ նա թափառեց աշխարհով մեկ և, վերջապես, թաքնվեց Դելոս կղզում, որ այն ժամանակ լողում էր մոլեգնած ծովի ալիքների վրա: Լետոյի՝ Դելոս բարձրանալուն պես ծովի հորձանուտի միջից վեր խոյացան վիթխարի սյուները և կանգնեցրին այդ ամայի կղզին։ Եվ կղզին անսասան քարացավ այն տեղում, ուր կանգնած է մինչև օրս: Դելոսի շուրջբոլորը շառաչում է ծովը: Անձուկ տեսքով բարձրացել էին Դելոսի ժայռերը՝ մերկ ու ամայի, առանց նվազագույն բուսականության: Միայն ծովային ճայերն էին, որ ապաստան էին գտնում այդ ժայռերի վրա և իրենց տխուր կանչերով լցնում կղզին: Բայց ահա ծնվեց լույսի աստված Ապոլոնը, և ամենուրեք հորդաց պայծառ լույսի հեղեղը: Լույսը, որպես ոսկի, ողողեց Դելոսի ժայռերը. Շուրջբոլորն ամեն ինչ ծաղկեց ու շողշողաց. և՛ մոտակա ժայռերը, և Կինթոս սարը, հովիտը, և ծովը: Նորածին աստծուն բարձրագոչ փառաբանեցին Դելոս կղզում հավաքված աստվածները՝ նրան ամբրոսիա և նեկտար մատուցելով: Ամբողջ բնությունը, աստվածուհիների հետ մեկտեղ, ցնծության մեջ էր:
ԱՊՈԼՈՆԻ ԿՌԻՎԸ ՊԻԹՈՆԻ ՀԵՏ ԵՎ ԴԵԼՓԻՔՅԱՆ ԳՈՒՇԱԿԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
Լուսաշող պատանի Ապոլոնը ճախրում է լազուր երկնքում կիթառը (21) ձեռքին, արծաթաձույլ աղեղն ուսը գցած: Ոսկեղեն նետերը զրնգում են նրա կապարճի մեջ: Հպարտ ու ցնծագին՝ ճախրում է Ապոլոնը երկրից բարձր ու վեր՝ սպառնալով ամենայն չարի, այն ամենին, ինչ խավարի ծնունդ է: Նա ձգտում է այնտեղ, ուր ապրում էր իր մորը՝ Լետոյին հետապնդող դժխեմ Պիթոնը: Ապոլոնն ուզում է վրեժխնդիր լինել Պիթոնից՝ մորը պատճառած բոլոր չարիքների համար:
Ապոլոնը շուտ հասավ մթամած կիրճը՝ Պիթոնի կացարանը։ Չորսբոլորը վեր էին խոյանում ժայռերը՝ մխրճվելով բարձր երկնքի մեջ: Խավարն էր թագավորում կիրճում։ Կիրճի խորքով սրընթաց հոսում էր լեռնային հեղեղը՝ փրփուրից ճերմակած, իսկ հեղեղի վրա քուլա-քուլա կուտակվել էին ամպերը Դուրս սողաց իր որջից սոսկալի Պիթոնը: Նրա վիթխարի թեփուկապատ մարմինը ժայռերի միջև գալարվում էր անհամար օղակներով։ Ժայռերն ու սարերը ցնցվում էին նրա մարմնի ծանրությունից ու շարժվում էին իրենց տեղերից: Կատաղի Պիթոնը ամեն ինչ ամայացնում էր, մահ էր սփռում շուրջը: Նրանից սարսափահար փախչում էին հավերժահարսները և ամենայն կենդանի արարած: Ելավ Պիթոնը՝ հզոր ու կատաղի, բաց արեց իր սոսկալի երախը և արդեն ուզում էր կլանել ոսկեգանգուր Ապոլոնին: Այդ պահին լսվեց պրկվող աղեղնալարի զնգոցը, կայծակի պես փայլատակեց անվրեպ ոսկեղեն նետը, որին հաջորդեցին երկրորդը, երրորդը... Նետերն անձրևի պես թափվում էին Պիթոնի վրա, և նա անշնչացած գետին տապալվեց: Բարձրագոչ հնչեց Պիթոնին հաղթող ոսկեգանգուր Ապոլոնի ցնծագին հաղթական երգը (պեան) և այդ երգը կրկնեցին աստծո կիթառի ոսկեղեն լարերը: Ապոլոնը թաղեց Պիթոնի մարմինն այնտեղ, ուր սրբազան Դելփիքն էր և հենց Դելփիքում էլ հիմնադրեց սրբավայր ու գուշակավայր, որպեսզի այնտեղ կանխագուշակվի իր հոր՝ Զևսի կամքը մարդկանց համար:
Բարձրադիր ափից Ապոլոնը ծովի մեջ հեռու հեռվում նկատեց Կրետեի ծովագնացների նավը: Դելփինի կերպարանքով նա իրեն կապուտակ ծովը նետեց, հասավ նավին և լուսաշող աստղի պես ծովի ալիքներից թռավ նավախելի վրա: Ապոլոնը նավը բերեց հասցրեց Կրիսա (22) քաղաքի նավահանգիստը և Կրետեի ծովայիններին, արգավանդ հովտի միջով, ոսկե կիթառի վրա նվագելով, տարավ Դելփիք: Եվ նրանց դարձրեց իր սրբավայրի առաջին քուրմերը:
ԴԱՓՆԵ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Լուսավոր ու հրճվալից աստված Ապոլոնը տխրում է նաև Եվ նա մի օր վիշտ ունեցավ: Նա ճանաչեց վիշտը Պիթոնին հաղթելուց քիչ հետո: Երբ իր հաղթանակով հպարտ՝ Ապոլոնը կանգնել էր իր նետերով խոցված հրեշի վրա, նա իր կողքին կանգնած տեսավ սիրո պատանի աստված Էրոսին, որ լարում էր իր ոսկեղեն աղեղը Ապոլոնը, ծիծաղելով, այսպես ասաց նրան:
- Ինչի՞դ է պետք, փոքրիկ, այդ ահեղ զենքը: Ավելի լավ է քո, որ ես բանեցնեմ խոցող ոսկեղեն նետերը, որոնցով հենց նոր սպանեցի Պիթոնին: Դո՞ւ ես, որ ուզում ես հասնել նետաձիգի իմ փառքին, թե՞ ուզում ես ավելի մեծ փառքի արժանանալ, քան ես:
Այդ խոսքից վիրավորված Էրոսը հպարտ-հպարտ պատասխանեց Ապոլոնին.
- Քո նետերը, Ապոլո՛ն, անվրեպ են ու խոցում են բոլորին, բայց իմ նետը կխոցի քեզ:
Էրոսը թափահարեց իր ոսկե թևերը ու մի ակնթարթում թռավ բարձրաբերձ Պառնաս: Այնտեղ իր կապարճից երկու նետ հանեց. մեկը՝ սեր առաջ բերող, որով նա խոցեց Ապոլոնի սիրտը, մյուսը՝ սերը հանգցնող, որով խոցեց գետերի աստված Պենևսի դուստր՝ հավերժահարս Դափնեի սիրտը:
Այնպես պատահեց, որ Ապոլոնը հանդիպեց չքնաղ Դափնեին ու սիրեց նրան: Ապոլոնին գերեցին հավերժահարսի աստղերի պես վճիտ աչքերը, վարդագույն շուրթերը, մարմարի պես ճերմակ ձեռքերը և փարթամ գանգուրները: Բայց ոսկեգանգուր Ապոլոնին տեսնելուն պես Դափնեն քամու պես հեռու փախավ նրանից. չէ՞ որ Էրոսի արձակած՝ սերը հանգցնող նետը խոցել էր նրա սիրտը: Արծաթաղեղ աստվածը շտապեց նրա հետևից:
- Կա՛նգ առ, չքնա՜ղ հավերժահարս, - կանչեց Ապոլոնը, - ինչո՞ւ ես ինձնից փախչում՝ գայլից հետապնդվող գառնուկի պես: Արծվի ճանկերից ճողոպրող աղավնու նման սուրում ես դու։ ՉԷ՞ որ ես թշնամի չեմ: Կա՛նգ առ, հավերժահարս, սե՛րն է ինձ ստիպում, որ հետևեմ քեզ: Մի տե՛ս, դու ոտքերդ արյունոտել ես տատասկին ու սրածայր փշերին դիպցնելով։ Օ՜, սպասի՜ր, կա՛նգ առ: Ե՛ս եմ, Ապոլոնը, շանթարձակ Զևսի որդին և ոչ թե մի հասարակ մահկանացու հովիվ:
Բայց չքնաղ Դափնեն փախչում էր ավելի ու ավելի արագ: Ասես թևածելով, սուրում է Ապոլոնը նրա հետևից: Ավելի ու ավելի է մոտենում Դափնեին: Ահա, ուր որ է՝ կհասնի: Դափնեն զգում է նրա շնչառությունը: Ուժերը լքում են Դափնեին: Եվ նա աղերսում է իր հորը՝ Պենևսին,
- Հայր իմ Պենևս, օգնության հասիր ինձ: Բացվի՛ր, գետին, կլանի՛ր ինձ: Օ՜, խլեցեք ինձանից այս կերպարանքը, նա ինձ միայն տանջանքներ է պատճառում:
Այս խոսքն ասելուն պես նրա մարմնի անդամները թմրեցին: Կեղևապատվեց նրա քնքուշ մարմինը, վարսերը՝ տերևներ, իսկ ձեռքերը, որ կարկառված էին դեպի երկինք, ճյուղեր դարձան: Խորունկ վիշտը սրտում, գրկեց Ապոլոնը դափնեծառ դարձած Դափնեին, և ծառի կեղևի տակից նա լսում էր Դափնեի դեռևս բաբախող սրտի տրոփյունը:
Երկար ժամանակ Ապոլոնը տխուր-տրտում կանգնեց դափնու մոտ, և վերջապես ասաց.
- Թող այսուհետ միայն քո ճյուղերի պսակը զարդարի իմ գլուխը, թող սրանից հետո քո կանաչը զարդարանք լինի իմ կիթառին և կապարճին: Թող երբեք չթորշոմի, օ՜, դափնի, քո կանաչը: Հավերժ դալար եղիր:
Եվ դափնին կամացուկ սոսափեց իր սաղարթախիտ ճյուղերը և, իբրև համաձայնության նշան, խոնարհեց իր կանաչ կատարը:
ԱՊՈԼՈՆԸ ԱԴՄԵՏՈՍԻ ՄՈՏ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Ապոլոնը պետք է մաքրագործվեր Պիթոնի արյունը թափելու մեղքից: Չէ՞ որ հենց ինքն էլ մաքրագործում է սպանություն կատարած մարդկանց: Զևսի վճռի համաձայն, նա հեռացավ գնաց Թեսալիա՝ գեղանի ու ազնվաբարո թագավոր Ադմետոսի մոտ: Այնտեղ, թագավորի մոտ հովվություն էր անում և այդ ծառայությամբ քավում իր մեղքը: Երբ Ապոլոնը արոտավայրում նվագում էր իր եղեգնյա շվիով կամ ոսկեղեն կիթառով, վայրի գազանները, նրա նվագով հմայված, դուրս էին գալիս անտառի թավուտից: Հովազներն ու կատաղի առյուծները հաշտ ու խաղաղ ման էին գալիս հոտի մեջ: Եղջերուներն ու այծյամները գալիս հավաքվում էին շվիի ձայնի վրա: Խաղաղություն ու խնդություն էր տիրում չորս բոլորը:
Բարեբախտությունը բուն դրեց Ադմետոսի տանը: Ոչ ոք ավելի շատ բերք չէր ունենում, քան նա. նրա ձիերն ու հոտերը լավագույնն էին ամբողջ Թեսալիայում: Այդ ամենը ոսկեգանգուր աստվածն էր շնորհել։ Ապոլոնն օգնեց Ադմետոսին ստանալ Յոլքոսի արքա Պելևսի դստեր՝ Ալքեստեի ձեռքը: Սրա հայրը խոստացել է, դստերը կնության տալ նրան, ում ուժը կպատի իր երկանվին առյուծ և արջ լծել: Եվ Ապոլոնն իր սիրելի Ադմետոսին օժտեց անհաղթելի ուժով, ու նա ի կատար ածեց Պելևսի այդ խնդիրքը: Ապոլոնը Ադմետոսի մոտ ծառայեց ութ տարի և, սպառելով մեղքը քավելու իր ծառայության ժամկետը, վերադարձավ Դելփիք։
Գարնանն ու ամռանը Ապոլոնն ապրում է Դելփիքում: Երբ աշունը վրա է հասնում, ծաղիկները թոշնում են, ծառերի տերևները՝ դեղնում, երբ մոտենում է ցրտաշունչ ձմեռը, որ ձյունով պատում է Պառնասի գագաթը, այդ ժամանակ Ապոլոնը, ձյունասպիտակ կարապներ լծած իր երկանվով հեռանում է դեպի հիպերբորեոսների երկիրը, ուր ձմեռ չի լինում, դեպի հավերժական գարնան երկիրը: Այնտեղ է անցկացնում ամբողջ ձմեռը:
Երբ ամեն ինչ նորից կանաչում է Դելփիքում, երբ գարնան կենարար շնչով ծաղկում են ծաղիկները ու երփներանգ գորգով պատում Կրիսայի հովիտը, իր կարապներով վերադառնում է ոսկեգանգուրը Դելփիք՝ մարդկանց համար կանխագուշակելու շանթարձակ Զևսի կամքը: Եվ Դելփիքում տոնում են գուշակ աստված Ապոլոնի վերադարձը հիպերբորեոսների երկրից: Ամբողջ գարնանն ու ամռանը ապրում է նա Դելփիքում, այցելում է իր հայրենի Դելոսը, որտեղ հոյակապ սրբավայր ունի:
ԱՊՈԼՈՆՆ ՈՒ ՄՈՒՍԱՆԵՐԸ
Գարնանն ու ամռանը անտառապատ Հելիկոնի լանջերին, այնտեղ, ուր խորհրդավոր կարկաչում են սրբազան աղբյուր Հիպոկրենեի ջրերը, բարձրաբերձ Պառնասում, Կաստալյան աղբյուրի վճիտ ջրերի մոտ, Ապոլոնը խմբապար է բռնում ինը մուսաների հետ: Դեռատի, չքնաղ մուսաները՝ Զևսի և Մնեմոսինեի (23) դուստրերը, Ապոլոնի մշտական ուղեկիցներն են: Ապոլոնը առաջ է տանում մուսաների խմբապարը և իր ոսկեղեն կիթառով նվագակցում նրանց երգին: Վսեմաշուք գնում է Ապոլոնը մուսաների առջևից՝ դափնեպսակը գլխին. նրան հետևում են բոլոր ինը մուսաները. Կալիոպեն՝ էպիկական պոեզիայի մուսան, Էվտերպեն՝ լիրիկայի մուսան, Էրատոն՝ սիրային երգերի, Մելպոմենեն՝ ողբերգության, Թալիան կատակերգության, Տերպսիքորեն պարերի մուսան, Կլիոն՝ պատմության, Ուրանիան՝ աստղաբաշխության և Պոլիհիմնիան՝ սրբազան հիմների մուսան:
Հանդիսավոր հնչում է նրանց խմբերգը, և ամբողջ բնությունը հմայված ունկնդրում է նրանց աստվածային երգեցողությանը:
Իսկ երբ Ապոլոնը մուսաների ուղեկցությամբ երևում է լուսավոր Օլիմպոսում՝ բազում աստվածների մեջ, և հնչում են նրա կիթառի ձայնն ու մուսաների երգեցողությունը՝ ամեն ինչ պապանձվում է Օլիմպոսում: Մոռանում է Արեսը արյունահեղ ճակատամարտերի շռինդը, չեն փայլատակում կայծակները ամպահալած Զևսի ձեռքին, աստվածները մոռանում են երկպառակությունննրը: Օլիմպոսի վրա լռություն ու խաղաղություն է տիրում: Մինչև իսկ Զևսի արծիվը ծալում է իր հզոր թևերը, փակում իր սրատես աչքերը, չի լսվում նրա ահեղ արծվականչը, և նա հանդարտ ննջում է Զևսի գավազանի վրա։ Համատարած լռության մեջ հանդիսավոր հնչում է Ապոլոնի կիթառի լարերի ձայնը: Իսկ երբ Ապոլոնը հրճվանքով զարկում է իր կիթառի ոսկեղեն լարերին՝ լուսաշող խմբապարը սահում է աստվածների խնջույքի դահլիճով մեկ։ Մուսաները, խարիսները, հավերժ երիտասարդ Ափրոդիտեն, Արեսն ու Հերմեսը, բոլորը մասնակից են դառնում ուրախ շուրջպարին, իսկ բոլորի առջևից ընթանում է վսեմափայլ մի աղջիկ՝ Ապոլոնի քույր չքնաղ Արտեմիսը: Ոսկեղեն լույսի հեղեղով ողողված՝ պարում են պատանի աստվածները Ապոլոնի կիթառի հնչյունների տակ:
ԱԼՈԵՎՍԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Ահավոր է հեռահար Ապոլոնը մոլեգնելիս, և այդ պահին նրա ոսկեձույլ նետերը խնայել չգիտեն: Շատերին են խոցել այդ նետերը, որոնց զոհ գնացին նաև Ալոևսի զավակները՝ Օրուն ու Էփիալտեսը, որոնք հպարտ էին իրենց ուժով ու չէին կամենում ոչ ոքի ենթարկվել: Դեռ վաղ մանկությունից նրանք հռչակված էին իրենց անսովոր վիթխարի հասակով, իրենց ուժով և անսահման քաջությամբ: Դեռևս պատանի՝ նրանք սկսեցին սպառնալ օլիմպացի աստվածներին:
- Օ՜, թողեք միայն, որ առնանանք, լիուլի հասնենք մեր գերբնական ուժի ծաղկմանը: Այն ժամանակ մենք իրար վրա կդնենք Օլիմպոսը, Պելիոնն ու Օսսան (24) և նրանց վրայով կբարձրանանք երկինք: Եվ մենք ձեզնից, օլիմպացինե՛ր, կհափշտակենք Հերային ու Արտեմիսին:
Եվ այսպես, տիտանների նման, օլիմպացիներին սպառնում էին Ալոևսի անհնազանդ զավակները: Նրանք ի կատար կածեին իրենց սպառնալիքը: Չէ՞ որ նրանք շղթայակապ էին արել պատերազմի ահեղ աստված Արեսին. երեսուն ամիս տառապում էր նա պղնձակոփ զնդանում: Դեռ երկար կտանջվեր ռազմատենչ Արեսը գերության մեջ, եթե արագոտն Հերմեսը չփախցներ նրան՝ արդեն ուժասպառ եղած: Հզոր էին Օտոսն ու Էփիալտեսը: Բայց Ապոլոնն այլևս չտարավ նրանց սպառնալիքները: Եվ ձգեց հեռահար աստվածն իր արծաթ աղեղը. բոցի կայծերի պես օդի մեջ փայլատակեցին նրա ոսկեղեն նետերը, և տապալվեցին նետերով խոցոտված Օտոսն ու Էփիալտեսը:
ՄԱՐՍԻԱՍ
Դաժանորեն պատժեց Ապոլոնը նաև փռյուգիական սատիր Մարսիասին, որ հանդգնել էր մրցության դուրս գալ նրա հետ երաժշտության մեջ: Կիթառահար Ապոլոնը չկարողացավ տանել այդ հանդգնությունը: Մի անգամ, Փռյուգիայի դաշտերում թափառելիս, Մարսիասը մի եղեգնե շվի գտավ: Դա Աթենաս աստվածուհին էր գցել՝ նկատելով, որ իր իսկ հնարած շվիի վրա նվագելը աղավաղում է նրա աստվածային գեղեցիկ դեմքը: Աթենասը նզովեց իր հնարած շվին ու ասաց.
- Թող դաժանորեն պատժվի այս շվին վերցնողը: Աթենասի խոսքերին անգետ, Մարսիասը վերցրեց շվին և շուտով վարժվեց այնպես լավ նվագել, որ բոլորն ունկնդրում էին նրա անպաճույճ երաժշտությանը: Եվ Մարսիասը գոռոզացավ ու երաժշտության հովանավոր Ապոլոնին մրցության հրավեր արեց:
Ապոլոնը մրցության եկավ երկար ու շքեղ քղամիդ հագած, դափնեպսակը գլխին և ոսկե կիթառը ձեռքին:
Վսեմաշուք ու գեղեցիկ Ապոլոնի առաջ որքա՜ն չնչին էր թվում անտառների ու դաշտերի բնակիչ Մարսիասը՝ իր խղճուկ եղեգնյա շվիով: Կարո՞ղ էր արդյոք նա իր շվիով այնպիսի թովիչ ձայներ հնչեցնել, որ հնչում էին մուսաներին առաջնորդող Ապոլոնի կիթառի ոսկեղեն լարերից: Հաղթանակ տարավ Ապոլոնը։ Մոլեգնած, Մարսիասի հանդուգն հրավերից, նա հրամայեց ձեռքերից կախ տալ դժբախտ մրցակցին և դեռ կենդանի՝ մաշկազերծ անել նրան: Այդպես հատուցեց Մարսիասն իր հանդգնության համար: Իսկ Մարսիասի մաշկը կախ տվեցին Թրակիայում, Կելենեքի մոտ գտնվող անձավում: Հետագայում պատմում էին, որ Մարսիասի մաշկը սկսում էր շարժվել, ասես պարելիս լիներ, երբ անձավին էին հասնում թրակիական եղեգնյա շվիի ձայները և անշարժանում էր, երբ լսվում էին ոսկե կիթառի վեհաշուք հնչյունները:
ԱՍՔԼԵՊԻՈՍ (ԷՍՔՈՒԼԱՊՈՒՍ)
Բայց Ապոլոնը միայն վրիժառու չէ ու իր ոսկեղեն նետերով մահ սփռող, նա հիվանդություններ է դարմանում նաև: Իսկ Ապոլոնի որդին՝ Ասքլեպիոսը, բժիշկների ու բժշկական արվեստի աստվածն է:
Իմաստուն Կենտավրոս Քիրոնը Ասքլեպիոսին դաստիարակել է Պելիոնի լանջերին: Նրա ղեկավարությամբ Ասքլեպիոսն այնպիսի հմուտ բժիշկ դարձավ, որ գերազանցեց մինչև անգամ իր ուսուցիչ Քիրոնին: Ասքլեպիոսը ոչ միայն ապաքինում էր բոլոր հիվանդներին, այլև մինչև իսկ մեռածներին էր կենդանություն տալիս: Դրանով նա կատաղեցրեց մեռյալների թագավորությանը տիրող Հադեսին և շանթարձակ Զևսին, քանի որ խախտում էր երկրի վրա Զևսի սահմանած կարգն ու օրենքը: Մոլեգնած Զևսը նետեց շանթը և վիրավորեց Ասքլեպիոսին: Բայց մարդիկ աստվածացնում էին Ապոլոնի որդուն իբրև ապաքինող աստծու: Մարդիկ նրա պատվին բազում սրբավայրեր կանգնեցրին և դրանց մեջ՝ Ասքլեպիոսի հռչակավոր սրբավայրը Էպիդավրոսում:
Բովանդակ Հունաստանում մեծարում էին Ապոլոն աստծուն. իբրև լույսի անմահ աստծո, իբրև մարդուն զազրելի արյունահեղությունից մաքրագործող և հոր՝ Զևսի կամքը կանխագուշակող աստծո, իբրև պատժող, հիվանդություններ սփռող և դարմանող աստծո: Նրան մեծարում էին հույն պատանիները որպես իրենց հովանավորի: Ապոլոնը ծովագնացության հովանավորն է, նա օգնում է նոր գաղութներ ու քաղաքներ հիմնելուն: Կիթառահար Ապոլոնի, մուսաների խմբապարն առաջնորդողի, հատուկ հովանավորությունն են վայելում նկարիչները, երգիչներն ու երաժիշտները: Իր հանդեպ ունեցած մեծարանքներով Ապոլոնը հավասար է մինչև իսկ շանթարձակ Զևսին։
ԱՐՏԵՄԻՍ (25)
Հավերժ դեռատի, չքնաղ այս դիցուհին ծնվել է Դելոս կղզում, իր եղբոր՝ ոսկեգանգուր Ապոլոնի հետ միևնույն ժամանակ: Նրանք երկվորյակ են: Քրոջն ու եղբորը մտերմացնում են ամենաանկեղծ սերը, ամենասերտ բարեկամությունը: Նրանք խորապես սիրում են նաև իրենց մորը՝ Լետոյին:
Բոլորին կյանք է տալիս Արտեմիսը։ Նա հոգ է տանում այն ամենի համար, ինչ ապրում է երկրի վրա և այն ամենի, ինչ աճում է անտառում ու դաշտում: Նա հոգ է տանում նաև վայրի գազանների, ընտանի կենդանիների ու մարդկանց համար։ Նա է աճեցնում խոտը, ծաղիկներն ու ծառերը, նա է բարեմաղթում ծնունդը, հարսանիքն ու ամուսնությունը: Առատ զոհաբերություններ են անում Հույն կանայք Զևսի պանծալի դուստր Արտեմիսին, որ բարեմաղթում է ու երջանկություն տալիս ամուսնությանը, հիվանդություններ է սփռում ու դարմանում:
Հավերժ դեռատի, պայծառ օրվա պես չքնաղ Արտեմիս դիցուհին՝ աղեղն ու կապարճը ուսը գցած, որսորդի նիզակը ձեռքին, ցնծությամբ որս է անում սաղարթախիտ անտառներում և արևով ողողված դաշտերում: Հավերժահարսների աղմկոտ բազմությունը ուղեկցում է նրան, իսկ նա՝ վսեմաշուք գեղեցիկ, աղջկա կարճ՝ հազիվ մինչև ծնկները հասնող զգեստով, թեթևաքայլ սլանում է լեռների անտառապատ լանջերին: Եվ նրա անվրեպ նետերից չեն ճողոպրի ո՛չ երկյուղած եղջերուն ու երկչոտ վիթը, ո՛չ էլ եղեգնուտի մեջ թաքնվող գազազած վարազը: Արտեմիսին արագաքայլ հետևում են ուղեկից հավերժահարսները: Ցնծագին ծիծաղը, կանչերը, շների ոհմակի հաչոցները հեռու են տարածվում լեռներում, և լեռնային արձագանքը բարձրագոչ պատասխան` է տալիս:
Իսկ երբ հոգնում է դիցուհին որս անելիս՝ հավերժահարսների հետ շտապում է Դելփիքի սրբավայրը, սիրելի եղբոր՝ նետաձիգ Ապոլոնի մոտ: Այնտեղ հանգիստ է առնում Արտեմիսը: Ապոլոնի ոսկեղեն կիթառի աստվածային հնչյունների նվագակցությամբ նա խմբապար է բռնում մուսաների ու հավերժահարսների հետ: Խմբապարի առջևից ընթանում է Արտեմիսը՝ բարեկազմ ու գեղեցիկ: Նա գեղեցիկ է բոլոր հավերժահարսներից ու մուսաներից և բոլորից բարձր է մի գլխով: Արտեմիսը սիրում է հանգիստ առնել նաև զովությամբ հագեցած կանաչապատ անձավներում՝ հեռու մահկանացուների աչքերից: Վա՜յ նրան, ով կխանգարի նրա անդորրը: Այդպես զոհվեց և պատանի Ակտեոնը՝ Ավտոնոեի, Թեբեի թագավոր Կադմոսի դստեր որդին:
ԱԿՏԵՈՆ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Մի անգամ Ակտեոնը, ընկերների հետ միասին, որս էր անում Կիթերոնի անտառներում: Վրա հասավ շոգ կեսօրը: Հոգնատանջ որսորդները, հանգիստ առնելու համար, տեղավորվեցին սաղարթախիտ անտառի ստվերում, իսկ պատանի Ակտեոնը, առանձնանալով նրանցից, գնաց զովություն փնտրելու Կիթերոնի հովիտներում: Նա դուրս եկավ Գարգափիայի (26) կանաչապատ, ծաղկուն հովիտը, որ նվիրված էր Արտեմիս աստվածուհուն։ Հովտում փարթամորեն աճել էին սոճիներ, մրտենիներ ու եղևնիներ, սևաթույր նետերի պես երկինք էին խոյանում սլացիկ կիպարիսները, իսկ կանաչ խոտը պատած էր երփներանգ ծաղիկներով:
Վճիտ մի առվակ էր խոխոջում հովտում: Ամենուրեք տիրում էր լռություն, անդորր ու զովություն: Լեռան թեք լանջերին Ակտեոնը մի սքանչելի անձավ նկատեց՝ ամբողջովին պարուրված կանաչով: Գնաց դեպի այդ անձավը՝ չիմանալով, որ դա հաճախ հանգստավայր է ծառայում Զևսի դստեր՝ Արտեմիսի համար:
Երբ Ակտեոնը մոտեցավ անձավին՝ Արտեմիսը հենց նոր էր այդտեղ մտել: Նա ձեռքի աղեղն ու նետերը տվել էր հավերժահարսներից մեկին և ուզում էր լողանալ։ Հավերժահարսները հանել էին դիցուհու սանդալները, վարսերը հանգուցել էին գլխին և հենց այն է, ուզում էին մոտենալ գետակին սառնորակ ջուր վերցնելու, երբ անձավի մուտքի վրա երևաց Ակտեոնը: Ներս մտնող Ակտեոնին տեսնելով, բարձրաձայն ճչացին հավերժահարսները: Նրանք բոլորեցին Արտեմիսին՝ ուզենալով թաքցնել դիցուհուն մահկանացուի հայացքից:
Եվ ինչպես ծագող արևի ճառագայթներն էին բոսորագույն կրակով վառում ամպերը, այդպես շառագունեց դիցուհու դեմքը զայրույթից, ցասումով փայլատակեցին նրա աչքերը և է՛լ ավելի սքանչելի դարձավ նա իր ցասման մեջ: Զայրույթից մոլեգնեց Արտեմիսը, որ Ակտեոնը խանգարել է իր հանգիստը: Եվ ցասումնալից Արտեմիսը տարաբախտ Ակտեոնին բարեկազմ եղջերու դարձրեց:
Բազմաճյուղ եղջյուրներ աճեցին Ակտեոնի գլխին: Ոտքերն ու ձեռքերը դարձան եղջերուի ոտքեր: Ձգվեց, երկարեց պարանոցը, սրվեցին ականջները, պուտավոր մորթը պատեց ամբողջ մարմինը: Երկչոտ եղջերուն փութաց փախուստի դիմել: Տեսավ Ակտեոնն իր արտացոլումը գետակի մեջ: Կամեցավ գոչել «Վա՜յ ինձ», բայց այլևս զրկվել էր խոսելու ձիրքից: Արցունքները գլորվեցին նրա աչքերից, բայց՝ արդեն եղջերուական աչքերից: Միայն մարդկային գիտակցությունն էր պահպանվել: Ի՞նչ պիտի անի, ո՞ւր պիտի փախչի:
Ակտեոնի շներն ընկան եղջերուի հետքի վրա. չճանաչեցին իրենց տիրոջը և կատաղի հաչոցներով ընկան հետևից: Հովտի միջով ու Կիթերոնի կիրճերով, սարերի զառիթափներով, անտառներով ու դաշտերով հողմի պես սուրում էր գեղեցիկ եղջերուն՝ եղջյուրները ետ գցած, իսկ շները սլանում էին նրա հետևից: Ահա շներն ավելի ու ավելի էին մոտենում, ուր որ է կհասնեն` եղջերուին. և ահա նրանց սուր-սուր ժանիքները խրվեցին տարաբախտ Ակտեոն - եղջերուի մարմնի մեջ: Ակտեոնն ուզում է գոչել. «Օ՜, խնայեցեք ինձ, ե՛ս եմ, Ակտեոնը՝ ձեր տե՛րը», բայց միայն հեծկլտանք է դուրս թռչում եղջերուի կրծքից և այդ հեծկլտանքի մեջ՝ ինչ-որ մարդկային ձայն: Ընկավ ծնկաչոք Ակտեոն - եղջերուն: Վիշտ, սոսկում ու աղաչանք էին արտահայտում նրա աչքերը: Բայց մահն անխուսափելի է. գազազած շները պատառ-պատառ արեցին նրա մարմինը:
Վրա հասան Ակտեոնի ընկերները և ափսոսացին, որ այդպիսի երջանիկ որսին նա մասնակից չի լինում: Հրաշագեղ եղջերուին հալածել էին շները: Չգիտեին Ակտեոնի ընկերները, թե դա ինչ եղջերու է:
Այդպես զոհվեց Ակտեոնը, որ խանգարել էր Արտեմիսի անդորրը, միակը մահկանացուներից, որ տեսել էր շանթարձակ Զևսի ու Լետոյի դստեր` երկնային գեղեցկությունը:
ԱԹԵՆԱՍ-ՊԱԼԼԱՍ (27)
ԱԹԵՆԱՍԻ ԾՆՈՒՆԴԸ
Աթենաս - Պալլասին Զևսն է աշխարհ բերել: Շանթարձակ Զևսը գիտեր, որ բանականության աստվածը՝ Մետիսը, երկու երեխա է ունենալու. դուստրը՝ Աթենասը, և արտասովոր խելքի և զորության տեր մի տղա:
Մոյրաները՝ ճակատագրի աստվածուհիները, Զևսին հայտնեցին գաղտնիքը, որ Մետիս աստվածուհու որդին նրան գահընկեց կանի և կխլի աշխարհի տիրապետությունը: Վախեցավ մեծն Զևսը: Խուսափելու համար ահեղ ճակատագրից, որ կանխատեսում էին նրան մոյրաները, նա փաղաքուշ խոսքերով քնեցրեց Մետիս աստվածուհուն ու կլանեց, նախքան նա կծներ իր դստերը, Աթենաս աստվածուհուն:
Մի որոշ ժամանակ անց Զևսը սոսկալի գլխացավ ունեցավ: Եվ նա կանչեց իր որդի Հեփեստոսին ու հրամայեց ճեղքել իր գլուխը, որպեսզի ազատվի անտանելի գլխացավից ու գլխի միջի աղմուկից: Հեփեստոսը տարավ-բերեց կացինը թե հզոր մի հարվածով ճեղքեց Զևսի գլուխը՝ առանց նրան վնաս պատճառելու, և շանթարձակի գլխի միջից դուրս եկավ հզոր ռազմուհի Աթենաս - Պալլաս դիցուհին: Ոտից գլուխ զինավառ, շողշողուն սաղավարտով, նիզակն ու վահանը ձեռքին, կանգնեց նա օլիմպացի աստվածների ապշահար հայացքի առաջ: Ահեղորեն ճոճեց իր շողշողուն նիզակը, և նրա ռազմի կանչը որոտաց հեռու՝ երկինքն ի վեր և հիմն ի վեր ցնցեց Լուսակերտ Օլիմպոսը:
Հրաշագեղ ու վսեմափայլ՝ կանգնել էր նա աստվածների առաջ: Աթենասի կապուտակ աչքերը փայլում էին աստվածային իմաստությամբ. նա ոտքից գլուխ շողում էր հզոր, երկնային հրաշք գեղեցկությամբ: Փառաբանում էին աստվածները Զևսի գլխից ծնված նրա սիրելի դստերը՝ քաղաքների պաշտպանին, իմաստության ու գիտելիքների աստվածուհուն, անպարտելի ռազմիկ աստվածուհուն՝ Աթենաս-Պալլասին:
Աթենասը հովանավորում է Հունաստանի հերոսներին, նրանց իմաստուն խորհուրդներ է տալիս: Նա՝ անպարտելին, վտանգի ժամին օգնում է նրանց: Պահպանում է քաղաքները, բերդերն ու նրանց պարիսպները: Նա իմաստություն ու գիտություն է շնորհում, մարդկանց արվեստ ու արհեստ է սովորեցնում: Իսկ Հունաստանի աղջիկները մեծարում են Աթենասին, որովհետև իրենց ձեռագործ է սովորեցնում: Աստվածներից ու մահկանացուներից ոչ ոք չի կարող գերազանցել Աթենասին այդ արվեստի մեջ: Բոլորը գիտեն, թե որքան դժվար է մրցել նրա հետ այդ գործում, գիտեն նաև, թե ինչպես հատուցեց դրա համար Իդմոնոսի դուստրը՝ Արաքնեն, որ ուզում էր Աթենասից էլ բարձր լինել այդ արվեստով:
ԱՐԱՔՆԵ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Բովանդակ Լիդիայում (28) հռչակված էր Արաքնեն իր արվեստով: Հավերժահարսները հաճախ էին հավաքվում Տմոլոսի լանջերից ու ոսկեբեր Պակտոլոսի ափերից՝ սքանչանալու նրա աշխատանքով: Արաքնեն մշուշի պես կիտված թելերից օդի պես թափանցիկ գործվածքներ էր անում: Հպարտանում էր նա, որ աշխարհում չկա մեկը, որ հավասար լինի իրեն գործելու արվեստի մեջ: Եվ մի անգամ էլ գոչեց.
- Թող ինքը՝ Աթենաս - Պալլասը գա ինձ հետ մրցելու։ Նա ինձ չի կարող հաղթել. երկյուղ չունեմ ես նրանից:
Եվ ահա, ալեհեր, կորաքամակ պառավի կերպարանքով, մի ձեռնափայտի վրա հենվելով, Արաքնեի առջև հայտնվեց աստվածուհի Աթենասը և այսպես ասաց նրան.
- Ծերությունն իր հետ լոկ չարություն չէ, որ բերում է, Արաքնե։ Տարիներն իրենց հետ նաև փորձառություն են բերում: Ականջ դիր իմ խորհրդին. քո արվեստով ձգտիր գերազանցել միայն մահկանացուներին: Աստվածուհուն մրցության հրավեր մի՛ անի: Հլու հնազանդ աղերսիր, որ նա ների քեզ՝ ամբարտավան խոսքերիդ համար: Աղերսողին ներում է աստվածուհին:
Արաքնեն ձեռքից բաց թողեց նրբահյուս գործվածքը: Ցասումով փայլատակեցին նրա աչքերը: Վստահ իր արվեստին՝ նա համարձակ պատասխան տվեց.
- Անխոհեմ ես դու, պառա՛վ: Ծերությունդ զրկել է քեզ բանականությունից: Այդպիսի խրատներ տուր հարսներիդ ու աղջիկներիդ, իսկ ինձ՝ հանգիստ թող: Ես ինքս կարող եմ ինձ խորհուրդներ տալ։ Ինչ որ ասել եմ՝ թող այն էլ լինի: Ինչո՞ւ չի գալիս Աթենասը, ինչո՞ւ չի ուզում մրցման մեջ մտնել ինձ հետ:
- Ես այստեղ եմ, Արաքնե, - գոչեց աստվածուհին՝ ընդունելով իր իսկական կերպարանքը:
Հավերժահարսներն ու լիդիացի կանայք գետնատարած խոնարհվեցին Զևսի սիրելի դստեր առաջ և փառաբանեցին նրան։ Միայն Արաքնեն էր, որ լուռ էր մնում: Ինչպես երկնակամարն է վաղ առավոտյան ալ ներկվում, երբ իր շողշողուն թևերով երկինք է թռչում բոսորամատն Արշալույս-Էոսը, այսպես շառագունեց ցասումից Աթենասի դեմքը. Բայց անսասան է իր որոշման մեջ Արաքնեն, առաջվա պես կրքոտ ցանկություն ունի Աթենասի հետ մրցելու: Չի կանխազգում, որ իրեն կործանում է սպասում։
Մրցությունն սկսվեց: Մեծն դիցուհի Աթենասը իր ծածկոցի վրա, մեջտեղում, գործելով պատկերում էր աթենական վսեմաշուք Ակրոպոլիսը, իսկ նրա վրա՝ իր վեճը Պոսեյդոնի հետ՝ Ատտիկայի իշխանության համար: Օլիմպոսի տասներկու լուսավոր աստվածները և նրանց մեջ իր հայրը՝ շանթարձակ Զևսը, նստել են իբրև դատավորներ. բարձրացրեց իր եռաժանին երկրասասան Պոսեյդոնը, հարվածեց ժայռին և մի աղբյուր ժայթքեց չորացած ժայռի միջից: Իսկ Աթենասը՝ սաղավարտը գլխին, վահանը ձեռքին, թափով ճոճեց իր նիզակը և խորը մխրճեց երկրի մեջ: Գետնից դուրս եկավ սրբազան ձիթենին: Աստվածները հաղթանակը շնորհեցին Աթենասին՝ Ատտիկային տված նրա պարգևն առավել բարձրարժեք ճանաչելով (29): Իսկ ծածկոցի անկյուններում աստվածուհին պատկերեց, թե ինչպես են պատժում աստվածները մարդկանց՝ անհնազանդ լինելու համար, ապա այդ ամենի շուրջը ձիթենու տերևների պսակ արեց:
Իսկ Արաքնեն իր ծածկոցի վրա աստվածների կյանքից պատկերեց շատ տեսարաններ, որոնց մեջ աստվածները երևում էին թույլ ու մարդկային կրքերով համակված: Իսկ շուրջը Արաքնեն բաղեղագալար ծաղիկների պսակ գործեց: Կատարելության գագաթ էր Արաքնեի աշխատանքը, իր գեղեցկությամբ չէր զիջում Աթենասի աշխատանքին, բայց նրա պատկերումների մեջ ակնհայտ էր անհարգալից վերաբերմունքն աստվածների հանդեպ, մինչև անգամ՝ ատելությունը:
Ահեղորեն զայրացավ Աթենասը, պատառոտեց Արաքնեի աշխատանքը և հարվածեց նրան մաքոքով: Տարաբախտ Արաքնեն չկարողացավ տանել այդ ամոթանքը: Նա մի պարան հյուսեց, օղակ արեց և կախվեց: Բայց Աթենասն ազատեց Արաքնեին և ասաց նրան.
- Ապրի՛ր, անհնազա՛նդ: Բայց դու մշտապես կախված կմնաս ու մշտապես կգործես, և այս պատիժը կկրեն նաև քո հետնորդները:
Աթենասը ցողեց Արաքնեին կախարդական բույսի հյութով, և իսկույն նրա մարմինը կծկվեց, փարթամ մազերը թափվեցին գլխի վրայից, և նա սարդի կերպարանք առավ: Այդ ժամանակից ի վեր Արաքնե - սարդը կախ է ընկած ոստայնից և մշտապես գործում է այն, ինչպես գործում էր իր կենդանության օրոք:
ՀԵՐՄԵՍ (30)
Արկադիայում, Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում ծնվեց Զևսի և Մայայի որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը: Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով և ձողիկը ձեռքին: Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը (31) Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ: Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը: Իր կախարդական ձողիկով փակել է տալիս մարդկանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների ու ճանապարհորդների հովանավոր աստվածն է, և առևտրական հարաբերությունների ու առևտրի աստվածը: Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը, նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց: Նա ճարտասանության աստվածն է նաև ու դրա հետ միասին՝ հնարագիտության ու խաբեության: Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է: Նա է, որ մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, իսկ Արեսից՝ սուրը:
ՀԵՐՄԵՍԸ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ Է ԱՊՈԼՈՆԻ ԿՈՎԵՐԸ
Կիլենեի զովաշունչ անձավում ծնվեց Հերմեսը և ծնվելուն պես մտադրվեց խաղալ իր առաջին խաղը: Նա որոշեց հափշտակել արծաթաղեղ Ապոլոնի կովերը, երբ նա Մակեդոնիայում՝ Պիերիայի հովտում, արածեցնում էր աստվածների նախիրը:
Կամացուկ, որպեսզի մայրը չնկատի, Հերմեսը դուրս սողաց բարուրի միջից, ցած թռավ օրորոցից և գաղտագողի մոտեցավ անձավի ելքին: Հենց անձավի մոտ նա մի կրիա տեսավ, բռնեց և նրա վահանից ու երեք ճյուղերից պատրաստեց իր առաջին քնարը՝ վրան ձգելով ախորժալուր լարեր: Հերմեսը թաքուն վերադարձավ անձավ, քնարը թաքցրեց իր օրորոցի մեջ, իսկ ինքը կրկին դուրս եկավ և սրաթռիչ, որպես հողմ, սուրաց դեպի Պիերիա: Այնտեղ Ապոլոնի նախրի միջից տասնհինգ կով հափշտակեց, նրանց ոտքերին եղեգն ու ճյուղեր կապեց՝ հետքերը ջնջելու համար, և կովերը արագությամբ քշեց Պելոպոնեսի ուղղությամբ: Երբ ուշ գիշերին կովերը քշում էր Բեոտիայի միջով, նա պատահեց մի ծերունու, որ աշխատում էր իր խաղողի այգում:
- Վերցրու այս կովերից մեկը, - ասաց նրան Հերմեսը, միայն թե ոչ ոքի չասես, թե ինձ տեսել ես կովերը քշելիս: Ծերունին, ուրախացած շռայլ նվերով, խոսք տվեց Հերմեսին լռել և ոչ ոքի ցույց չտալ, թե նա ուր է քշել կովերը: Հերմեսը շարունակեց ճանապարհը. Դեռ շատ չհեռացած, նա կամեցավ փորձել ծերունուն՝ կպահի՞ արդյոք տված խոսքը: Կովերն անտառում թաքցնելով ու իր կերպարանքը փոխելով՝ ետ դարձավ ու հարցրեց ծերունուն.
- Ասա մի տեսնեմ, այստեղով մի տղա կովեր չի քշել: Եթե ասես՝ քեզ մի ցուլ ու մի կով կտամ:
Շատ էլ չերկմտեց ծերունին՝ ասի, թե ոչ, շատ էր ուզում դեռ մի ցուլ ու մի կով էլ ստանալ։ Եվ նա Հերմեսին ցույց տվեց, թե տղան կովերը ո՛ր կողմն է քշել։ Սոսկալի զայրացավ Հերմեսը ծերունու վրա, որ նա չպահեց խոսքը և, ցասումով լցված, նրան համր ժայռ դարձրեց, որպեսզի հավիտյան լռի ու մշտապես հիշի, որ պիտի պահել տված խոսքը:
Դրանից հետո Հերմեսը դարձավ կովերի մոտ և փութկոտ նրանց ավելի հեռու քշեց: Վերջապես հասցրեց Պիլոս։ Կովերից երկուսը զոհաբերեց աստվածներին, հետո ոչնչացրեց զոհաբերության բոլոր հետքերը, իսկ մնացած կովերին թաքցրեց քարանձավում: Կովերին անձավ մտցրեց ետ-ետ մղելով, որպեսզի հետքերը այնպես ցույց տային, թե կովերը ոչ թե մտել, այլ դուրս են եկել այնտեղից:
Կատարելով այդ ամենը, Հերմեսը հանգիստ վերադարձավ անձավ, իր մոր՝ Մայայի մոտ և, փաթաթվելով իր բարուրի մեջ, կամացուկ պառկեց օրորոցում:
Բայց Մայան նկատել էր որդու բացակայությունը և նախատինքով ասաց նրան.
- Վատթար գործ ես արել։ Ինչո՞ւ ես հափշտակել Ապոլոնի կովերը։ Նա շատ կզայրանա: Չէ՞ որ գիտես, թե որքան ահավոր է Ապոլոնը զայրույթի պահին: Դու երկյուղ չունե՞ս նրա անվրեպ նետերից:
- Ես Ապոլոնից երկյուղ չունեմ, - պատասխանեց Հերմեսն իր մորը։ - Թող մոլեգնի իր համար: Եթե նա փորձի նեղացնել քեզ կամ ինձ, ապա ես դրա տեղը կհանեմ. կթալանեմ` Դելփիքի նրա ամբողջ սրբավայրը, կգողանամ նրա բոլոր եռոտանիները, ոսկին, արծաթը և զգեստները:
Իսկ Ապոլոնն արդեն նկատել էր, որ կովերը չկան և դուրս էր եկել փնտրելու Փնտրեց, բայց ոչ մի տեղ չկարողացավ գտնել: Վերջապես իմաստուն թռչունը նրան բերեց Պիլոս, բայց ոսկեգանգուր Ապոլոնն այնտեղ էլ չկարողացավ գտնել իր կովերը: Իսկ այն անձավը, ուր թաքցված էին կովերը, նա չմտավ էլ. չէ՞ որ հետքերը ոչ թե դեպի ներս, այլ դուրս էին տանում,
Վերջապես, երկար ու ապարդյուն որոնումներից հետո նա եկավ Մայայի անձավը: Լսելով Ապոլոնի ոտնաձայները՝ Հերմեսն ավելի խորացավ օրորոցի մեջ, ավելի պինդ փաթաթվեց իր բարուրի մեջ: Զայրույթից մոլեգնած Ապոլոնը մտավ Մայայի անձավը և տեսավ, որ Հերմեսը անմեղ տեսքով պառկած է իր օրորոցում, Նա սկսեց կշտամբել Հերմեսին կովերի գողության համար և պահանջեց, որ նա ետ տա կովերը, բայց Հերմեսը ամեն ինչ ուրացավ: Նա հավատացնում էր Ապոլոնին, թե իր մտքովն էլ չի անցել Ապոլոնի կովերը գողանալ ու բնավ էլ տեղյակ չէ, թե որտեղ են նրանք:
- Լսի՛ր, տղա՛, - գոչեց ցասումով լցված Ապոլոնը, - եթե ետ չտաս իմ կովերը՝ ես քեզ խավար Տարտարոսը կնետեմ, և ո՛չ Հայրդ կարող է փրկել քեզ, ո՛չ մայրդ:
- Օ՜, Լետոյի որդի, - պատասխանեց Հերմեսը, - ես չեմ տեսել քո կովերը, չգիտեմ նրանց տեղը և ուրիշներից էլ չեմ իմացել: Մի՞թե դա է իմ գործը, ես ուրի՜շ գործեր ունեմ, ուրիշ հոգսեր: Ես հիմա հոգում եմ քնի, մորս կաթի ու մեկ էլ իմ բարուրի մասին: Չէ՛, երդվում եմ, ես քո կովերի գողին էլ չեմ տեսել:
Ինչքան էլ զայրացավ Ապոլոնը՝ ոչինչ չկարողացավ իմանալ խորամանկ ու հնարագետ Հերմեսից: Վերջապես, ոսկեգանգուր աստվածը Հերմեսին դուրս քշեց օրորոցի միջից և ստիպեց հենց բարուրի մեջ գնալ իրենց հոր՝ Զևսի մոտ, որ նա լուծի իրենց վեճը: Երկու աստվածներն էլ եկան Օլիմպոս: Որքան էլ ուզեց խույս տալ Հերմեսը, որքան էլ խորամանկություն բանեցրեց, այնուամենայնիվ Զևսը հրամայեց, որ նա Ապոլոնին վերադարձնի հափշտակած կովերը:
Օլիմպոսից Հերմեսն Ապոլոնին բերեց Պիլոս՝ ճանապարհին հետը վերցնելով կրիայի վահանից շինած քնարը: Պիլոսում ցույց տվեց կովերի թաքստոցը: Մինչ Ապոլոնն անձավից դուրս կքշեր կովերին՝ Հերմեսը նստեց մի քարի և նվագեց քնարի վրա: Զարմանահրաշ հնչյունները լցրին հովիտն ու ավազապատ ծովեզերքը: Զարմացած Ապոլոնը հիացմունքով էր ունկնդրում Հերմեսի նվագը: Նա այնքան գերվեց Հերմեսի քնարի հնչյուններով, որ նրա քնարի փոխարեն տվեց հափշտակած կովերը: Իսկ Հերմեսը, կովերն արածեցնելիս զվարճանալու համար, իրեն համար մի սրինգ (32) հնարեց, որ այնքան սիրում են նվազել Հունաստանի հովիվները:
Հնարագետ, ճարպիկ, մտքի նման արագասլաց, Մայայի ու Զևսի գեղեցկատես զավակ Հերմեսը, որ դեռ վաղ մանկության ժամանակ ապացուցեց իր խորամանկությունն ու ճարպկությունը, ծառայում էր նաև որպես պատանեկան ուժի մարմնացում։ Ամենուրեք պալեստրաներում (33) նրա արձաններն էին դրվում: Նա երիտասարդ ատլետների աստվածն է: Նրա՛ն էին կոչ անում մարզիկները ըմբշամարտի կամ վազքի մրցությունից առաջ:
Ո՛վ ասես, որ չէր մեծարում Հերմեսին Հին Հունաստանում. և՛ ճանապարհորդը, և՛ հռետորը, և՛ վաճառականը, և՛ ատլետը, և՛ մինչև իսկ գողը:
ԱՐԵՍ (34), ԱՓՐՈԴԻՏԵ, ԷՐՈՍ ԵՎ ՀԻՄԵՆԵՈՍ (35)
ԱՐԵՍ
Պատերազմի աստված մոլեգին Արեսը շանթարձակ Զևսի ու Հերայի որդին է: Չի սիրում նրան Զևսը: Եվ հաճախ է ասում որդուն, որ նա Օլիմպոսի աստվածների մեջ ամենից ատելին է իր համար: Զևսը որդուն չի սիրում, որովհետև նա արյունռուշտ է: Իր որդին չլիներ՝ Զևսը վաղուց էր նրան խավար Տարտարոսը գլորել, այնտեղ, ուր տառապում են տիտանները:
Մոլեգին Արեսի սրտին հրճվանք են բերում միայն դաժան մարտերը:
Ճակատամարտի զենքերի շռնդյունի, ճիչերի ու հեծեծանքների ժամին նա մոլեգնաբար սուրում է մարտնչողների միջև՝ շողացող զենքերով ու վիթխարի վահանով: Նրա հետևից սուրում են որդիները՝ Դեյմոսը և Փոբոսը, սարսափն ու վախը, իսկ սրանց հետ համընթաց՝ երկպառակության դիցուհի Էրիսը և սպանություն սփռող Էնիո դիցուհին: Եռում, շռնդում է մարտը, ցնծում է արնաթաթախ Արեսը, երբ իր ահավոր սրով խոցում է մարտիկներին և տաք արյունը հորդում է գետին: Առանց խտիր դնելու խոցում է նա ձախ ու աջ. դիակները կիտվում են անողորմ աստծու շուրջը:
Կատաղի, մոլեգին, ահեղ է Արեսը, բայց հաղթանակը միշտ չէ, որ ուղեկցում է նրան: Հաճախ նա ստիպված է լինում մարտադաշտը զիջել Զևսի ռազմաշունչ դստերը՝ Աթենաս - Պալլասին: Արեսին նա հաղթում է իմաստությամբ և իր ուժի անխռով գիտակցությամբ: Պատահում է, որ մահկանացու հերոսներն էլ հաղթում են Արեսին, մանավանդ, երբ պայծառակն Աթենաս - Պալլասն օգնում է նրանց: Տրոյայի պարիսպների տակ այդպես խոցեց Արեսին Դիոմեդեսն իր պղնձե նիզակով: Աթենասն էր ուղղություն տվել նիզակի հարվածին: Տրոյացիների ու հույների զորքերի վրայով հեռու տարածվեց վիրավորված աստծու ահավոր ճիչը: Պղնձակոփ զրահներով պատած Արեսն այնպես ճչաց ցավից, ասես տասը հազար զորական միանգամից ճիչ արձակեցին՝ մտնելով կատաղի մարտի մեջ: Ցնցվեցին սարսափահար հույներն ու տոյացիները, իսկ մոլեգնած Արեսը, մթամած ամպերով պարուրված, արնաթաթավ սուրաց իր հոր՝ Զևսի մոտ՝ գանգատվելու Աթենասից: Բայց հայր Զևսը ականջ չդրեց նրա գանգատներին: Նա չի սիրում իր այն որդուն, որին հաճելի են միայն գժտությունը, կռիվներն ու սպանությունները:
Եթե մինչև իսկ Արեսի կինը, գեղեցկագույնը աստվածուհիներից, Ափրոդիտեն է օգնության հասնում իր ամուսնուն՝ նրա և Աթենասի կռվի թեժ պահին, էլի շանթարձակ Զևսի սիրելի դուստր ռազմաշունչ Աթենասն է լինում հաղթանակողը։ Աթենասը մի հարվածով գետին է տապալում սիրո գեղանի աստվածուհի Ափրոդիտեին: Արցունքն աչքերին Օլիմպոս է սավառնում հավերժ դեռատի, հրաշք գեղեցկուհի Ափրոդիտեն, իսկ նրա հետևից հնչում է Աթենասի հաղթական ծիծաղն ու ծաղրը:
ԱՓՐՈԴԻՏԵ (36)
Փափկակյաց ու թեթևամիտ Ափրոդիտե աստվածուհու ի՞նչ բանն է արյունահեղ մարտերին խառնվելը: Նա աստվածների ու մահկանացուների սրտերում սեր է զարթեցնում: Այդ իշխանության շնորհիվ նա տիրում է ամբողջ աշխարհին:
Ոչ ոք չի կարող խուսափել նրա իշխանությունից՝ մինչև իսկ աստվածները: Միայն ռազմաշունչ Աթենասը, Հեստիան և Արտեմիսն են, որ չեն ենթարկվում նրա զորությանը:
Բարձրահասակ, բարեկազմ, քնքուշ դիմագծերով, մեղմ ալիք տվող ոսկեփայլ վարսերով, որ պսակի պես ծածկում է նրա գեղանի գլուխը, Ափրոդիտեն աստվածային գեղեցկության և անանց երիտասարդության մարմնացումն է: Երբ նա քայլում է՝ իր գեղեցկությամբ շողալով, բուրումնավետ զգեստների մեջ, այդ ժամանակ արևն ավելի պայծառ է շողում, ծաղիկները՝ ավելի փարթամորեն ծաղկում: Անտառի վայրի գազանները թավուտից դուրս են գալիս ու վազում նրա մոտ, երամ-երամ դեպի Ափրոդիտեն են թռչում հավքերը, երբ նա քայլում է անտառի միջով։ Առյուծները, հովազներն ու արջերը հեզորեն գգվում են նրան: Անայլայլ գնում է վայրենի գազանների միջով Ափրոդիտեն՝ հպարտ իր ճաճանչափայլ գեղեցկությամբ: Նրան ուղեկցող օրեադներն ու քարիսները՝ գեղեցկության ու նազանքի աստվածուհիները, ծառայում են նրան. շքեղազարդ զգեստներ են հագցնում, սանրում ոսկեփրփուր վարսերը, պսակում գլուխը շողշողուն ապարոշով:
Կիթերա կղզու մոտ, ծովի ալիքների ձյունասպիտակ փրփուրից է ծնվել Ափրոդիտեն՝ Ուրանոսի դուստրը: Թեթևասահ, փաղաքուշ զեփյուռը նրան բերեց Կիպրոս (37): Այնտեղ դեռատի օրեադները շրջապատեցին ծովային ալիքներից ելած սիրո աստվածուհուն, Նրան զուգեցին ոսկեհյուս զգեստներով և բուրումնավետ ծաղիկ ների պսակ դրին գլխին, Ուր էլ որ ոտքը դներ Ափրոդիտեն՝ այնտեղ փարթամորեն ծաղիկներ էին բացվում: Օդը լիուլի հագենում էր բուրմունքով: Էրոսն ու Հիմերոսը (38) հրաշագեղ աստվածուհուն բարձրացրին Օլիմպոս։ Բարձրագոչ ողջույն տվին նրան աստվածները: Այդ ժամանակից ի վեր մշտապես Օլիմպոսի աստվածների մեջ է ապրում ոսկեշող Ափրոդիտեի՝ հավերժ դեռատի, գեղեցկագույնը աստվածներից:
ՊԻԳՄԱԼԻՈՆ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Ափրոդիտեն երջանկություն է շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում է իրեն: Այդպես նա երջանկություն պարգևեց նաև Պիգմալիոնին՝ Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց և ապրում էր առանձնացած՝ խուսափելով ամուսնությունից։ Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր գեղեցկության տեր մի աղջկա արձան քանդակեց: Ասես կենդանություն առած՝ կանգնած էր այդ արձանը նրա արվեստանոցում: Թվում էր, թե նա շնչում է, թվում էր, թե ահա ուր որ է կշարժվի, կքայլի, կխոսի: Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր ստեղծագործությամբ և, ի վերջո, սիրահարվեց իր իսկ ստեղծած արձանի վրա: Նա արձանին ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց շքեղ զգեստներով, գլուխը զարդարեց ծաղկեպսակներով և նրա համար սիդոնյան ծիրանուց մահիճ սարքեց: Որքա՜ն հաճախ էր կրկնում Պիգմալիոնը,
- Օ՜, եթե դու կենդանի լինեիր, եթե կարողանայիր պատասխանել իմ խոսքերին, օ՜, ես որքան երջանիկ կլինեի այդ ժամանակ։
Բայց արձանը համր էր:
Եկան Ափրոդիտեի մեծարման տոնախմբությունների օրերը: Պիգմալիոնը` սիրո աստվածուհուն մի ոսկեղջյուր ճերմակ երինջ զոհաբերեց. աստվածուհուն կարկառեց ձեռքերն ու շշուկով աղոթեց.
- Օ՜, հավերժական աստվածներ, և դո՛ւ, ոսկեշող Ափրոդիտե, Եթե դու կարող եք ամեն ինչ շնորհել աղերսողին, տվեք ինձ մի կին այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է իմ ձեռքով քանդակած այս աղջկա արձանը:
Պիգմալիոնը սիրտ չէր անում աստվածներին խնդրել, որ կենդանություն պարգևեն իր արձանին, երկյուղ էր կրում, որ այդպիսի խնդրանքով կզայրացնի օլիմպացի աստվածներին: Պայծառ բոցկլտում էին զոհաբերության խարույկի բոցերը սիրո աստվածուհի Ափրոդիտեի պատկերի առջև, դրանով աստվածուհին ասես հասկացնում էր Պիգմալիոնին, որ աստվածները լսել են նրա պաղատանքը։
Արվեստագետը տուն վերադարձավ: Նա մոտեցավ արձանին և, օ՜, երջանկություն, օ՜, ուրախություն: Արձանը կենդանություն էր առել Տրոփում է նրա սիրտը, աչքերի մեջ փայլատակում է կյանքը: Փառաբանելով սիրո մեծ աստվածուհի Ափրոդիտեին և լեցուն երախտագիտությամբ այն երջանկության համար, որ նա շնորհել է իրեն, Պիգմալիոնը հրճվանքով փարվեց գեղանի աղջկան, որ պատվանդանի վրայից իջել և իր մոտ էր եկել: Եվ այդպես, աստվածուհի Ափրոդիտեն Պիգմալիոնին գեղեցկուհի կին պարգևեց։
ՆԱՐԳԻԶ (ՆԱՐԿԻՍՈՍ, ՆԱՐՑԻՍ)
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Բայց նա, ով չի մեծարում ոսկեշող Ափրոդիտեին, ով մերժում է նրա շնորհները, ընդդիմանում իշխանությանը՝ նրան անողորմաբար պատժում է սիրո աստվածուհին:
Այդպես նա պատժեց գետերի աստված Կեփիսոսի և հավերժահարս Լավրիոնեի որդուն, գեղեցիկ, բայց սառը ու գոռոզ Նարգիզին: Ոչ ոքի չէր սիրում նա, ոչ ոքի, բացի իրենից, միմիայն իրեն էր համարում սիրո արժանի:
Մի անգամ, երբ որս անելիս Նարգիզը մոլորվեց սաղարթախիտ անտառում, հավերժահարս Էքոն (39) տեսավ նրան: Հավերժահարսը չէր կարող խոսել նրա հետ: Նրան ճնշում էր Հերա աստվածուհու պատիժը. պարտավոր էր մշտապես լուռ մնալ Էքո հավերժահարսը, իսկ հարցերին պատասխանել կարող էր միայն նրանով, որ կրկնում էր հարցերի վերջին բառերը։ Նարգիզի հայացքից անտառի թավուտում թաքնված Էքոն հիացմունքով էր նայում բարեկազմ ու սիրունատես պատանուն։ Նարգիզը զննեց չորսբոլորը՝ չիմանալով ուր գնալ, և բարձր ձայնով գոչեց.
- Հե՜յ, ո՞վ կա այստեղ.
- Այստե՛ղ, - լսվեց Էքոյի բարձրաձայն պատասխանը:
- Այստեղ արի, - գոչեց Նարգիզը։
- Արի՜, - պատասխան տվեց Էքոն:
Զարմանքով շուրջն է նայում գեղեցիկ Նարգիզը: Ոչ ոք չկա։ Եվ զարմացած դրանից, նա բարձրաձայն բղավեց.
– Այստե՜ղ արի, ինձ մոտ։
Եվ հրճվանքով արձագանք տվեց Էքոն.
- Ինձ մո՜տ:
Անտառի միջից դեպի Նարգիզը շտապեց բազկատարած հավերժահարսը, բայց զայրույթով ետ մղեց նրան գեղեցիկ պատանին ու ասաց գոռոզաբար.
- Ե'տ տար ձեռքերդ: Ավելի լավ է մեռնել, քան մշտապես քեզ հետ լինել:
Եվ նա շտապով հեռացավ հավերժահարսից ու անհետացավ մութ անտառում: Տխուր-տրտում նրա հետևից հնչեց վշտով լեցուն խոսքը. «... քեզ հետ լինել»: Անտառի անանցանելի թավուտում թաքնվեց մերժված հավերժահարսը: Նա տառապում է Նարգիզի հանդեպ տածած սիրուց, ոչ ոքի աչքին չի երևում. և տարաբախտ Էքոն տխրությամբ արձագանք է տալիս ամեն մի կանչի:
Իսկ Նարգիզն առաջվա նման մնաց գոռոզ, ինքն իրեն սիրահարված: Նա մերժում էր բոլորի սերը: Շատ հավերժահարսների ապերջանիկ դարձրեց նրա գոռոզությունը: Եվ մի անգամ էլ մերժված հավերժահարսներից մեկը բացականչեց.
- Դո՛ւ էլ սիրահարվիր, Նարգիզ: Եվ թող քեզ փոխադարձաբար չպատասխանի նա, ում որ դու սիրահարվես:
Ի կատար ածվեց հավերժահարսի իղձը:
Զայրացավ սիրո աստվածուհի Ափրոդիտեն, որ Նարգիզը մերժում է նրա շնորհները, և պատժեց նրան: Մի անգամ, գարնանը որս անելիս, Նարգիզը մոտեցավ վտակին և կամեցավ ծարավը հագեցնել սառնորակ ջրով: Դեռ ոչ ոք իր շուրթերով չէր հպվել այդ վտակին, ո՛չ հովիվը, ո՛չ էլ լեռնային այծերը: Ոչ մի անգամ վտակի մեջ չէր ընկել որևէ կոտրված ճյուղ, մինչև անգամ քամին վտակի մեջ չէր քշել փարթամ ծաղիկների թերթերը. Վտակի ջուրը վճիտ է ու թափանցիկ: Ինչպես հայելու մեջ՝ շուրջը եղած ամեն ինչ արտացոլվում էր նրա մեջ. և՛ ափերին աճած թփերը, և՛ սլացիկ կիպարիսները, և՛ կապուտակ երկինքը: Կռացավ Նարգիզը վտակի վրա՝ ձեռքերը հենելով ջրից դուրս եկած քարին և արտացոլվեց վտակի մեջ իր ամբողջ գեղեցկությամբ: Հենց այստեղ էլ վրա հասավ Ափրոդիտեի պատիժը: Ապշահար նայում է Նարգիզն իր արտացոլմանը և համակվում բուռն սիրով իր սեփական արտացոլման հանդեպ: Սիրառատ աչքերով նայում է նա ջրի մեջ արտացոլված իր պատկերին, հմայվում, կանչում, բազկատարած ձգտում դեպի իր պատկերը: Կռանում է Նարգիզը ջրեղեն հայելուն, որպեսզի համբույր դրոշմի իր արտացոլմանը, բայց համբուրում է վտակի վճիտ ու սառնորակ ջուրը միայն: Ամեն ինչ մոռացավ Նարգիզը. չի կարողանում հեռանալ վտակից, անվերջ սքանչանում է իր արտացոլմամբ: Չի՛ ուտում, չի՛ խմում, չի՛ քնում: Վերջապես, հուսահատությամբ լեցուն, ձեռքերը մեկնելով դեպի իր արտացոլումը, բացականչում է Նարգիզը.
- Օ՜, ո՞վ է տառապել այսքան դաժանաբար: Մեզ լեռները չեն բաժանում, ոչ էլ ծովերը, այլ միայն ջրի բարակ շերտը, և էլի մենք չենք կարող միասին լինել։ Դո՛ւրս արի վտակի միջից: Ես տեսնում եմ՝ դու ձեռքերդ ինձ ես մեկնում, երբ ես բազկատարած մղվում եմ դեպի քեզ: Երբ ես կռանում եմ քեզ համբուրելու՝ դու էլ դեպի ի՛նձ ես գալիս, և քո շուրթերն էլ են համբույրի սպասում: Երբ ես ժպտում եմ՝ դու էլ ի՛նձ ես ժպտում: Իսկ երբ վշտահար արցունք եմ թափում՝ դո՛ւ էլ ես լալիս, արտասուքը դողում է նաև քո՛ սքանչելի աչքերում: Ես տեսնում եմ, թե դու ինչպե՞ս ես պատասխանում ինձ, տեսնում եմ, թե ինչպե՜ս են շարժվում քո վարդագույն շուրթերը, բայց ես չեմ լսում քո խոսքերը:
Մտքերի մեջ ընկավ Նարգիզը՝ նայելով իր արտացոլմանը ջրի մեջ: Հանկարծ մի ահավոր միտք ծագեց գլխում և, կռանալով ջրի վրա, կամացուկ շշնջաց իր արտացոլմանը.
- Օ՜, վա՜յ ինձ: Ես սարսափով եմ մտածում, թե արդյոք ինքս ինձ չե՞մ սիրահարվել: Չէ՞ որ դու՝ հենց ես եմ: Ես հենց ինձ եմ սիրում: Օ՜, եթե կարողանային երկու Նարգիզ լինել: Օ՜, եթե ես կարողանայի բաժանվել իմ մարմնից: Տառապանքներս ինձ զրկում են ուժից: Ես զգում եմ, ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել: Դեռ նոր միայն ծաղկած՝ ես կթորշոմեմ և կգնամ ստվերների խավար թագավորությունը: Մահն ինձ չի ահաբեկում, մահը վե՛րջ կտա իմ սիրո տառապանքներին:
- Նարգիզի ուժերը լքում են իրեն, նա գունատվում և արդեն զգում է վերահաս մահվան մոտենալը, բայց և այնպես անկարող է պոկվել իր արտացոլումից: Լալիս է Նարգիզը: Նրա արցունքները թափվում են վտակի վճիտ ջրի մեջ: Ջրի հայելանման մակերեսին օղակներ առաջացան, և մի պահ կորավ արտացոլումը: Նարգիզն ահաբեկված բացականչեց.
- Օ՜, որտե՞ղ ես դու Ե՛տ արի: Մի՛ գնա, մի՛ լքիր ինձ, չէ՞ որ դա անգթություն է: Օ՜, թույլ տուր գոնե նայեմ քեզ: Բայց ահա ջուրը կրկին հանդարտվեց, կրկին երևաց արտացոլումը, կրկին, առանց հեռանալու, նրան է նայում Նարգիզը։ Հալվում է նա, ինչպես ծաղիկների ցողը վառ արևի ճառագայթների տակ: Տարաբախտ հավերժահարս Էքոն էլ է տեսնում Նարգիզի տառապանքները: Նա առաջվա պես սիրում է Նարգիզին և նրա տառապանքները ցավով ճմլում են հավերժահարսի սիրտը:
- Վա՜յ ինձ, - բացականչում է Նարգիզը:
- Վա՜յ ինձ, - պատասխան է տալիս Էքոն։
- Վերջապես, տառապահար, նվաղուն ձայնով բացականչում է Նարգիզը՝ նայելով իր արտացոլմանը.
- Մնաս բարո՜վ:
- Է՛լ ավելի կամացուկ, հազիվ լսելի հնչեց հավերժահարս Էքոյի արձագանքը.
- Մնաս բարո՜վ:
- Եվ հակվեց Նարգիզի գլուխը առափնյա կանաչ խոտերին, մահվան դալկությունը բռնեց նրա աչքերը: Մեռավ Նարգիզը: Լաց եղան անտառում դեռատի հավերժահարսները, լաց եղավ և Էքոն: Դեռատի հավերժահարսները` պատանի Նարգիզի համար շիրիմ պատրաստեցին, բայց երբ եկան նրա դին տանելու՝ չգտան: Այնտեղ, ուր խոտի վրա հակվել էր Նարգիզի գլուխը, աճել էր մի բուրավետ ծաղիկ՝ մահվան ծաղիկը: Նարգիզ են կոչում նրան:
ԱԴՈՆԻՍ (40)
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Բայց Նարգիզին այդպես դաժանորեն պատժող սիրո աստվածուհին էլ գիտե, թե ի՛նչ է սիրո տառապանքը: Նրան վիճակվեց ողբալ իր սիրելի Ադոնիսին:
Ափրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն՝ Ադոնիսին: Մահկանացուներից ոչ ոք չէր կարող նրան հավասարվել գեղեցկությամբ, նա մինչև իսկ օլիմպացի աստվածներից էլ գեղեցիկ էր: Հանուն նրա՝ Ափրոդիտեն մոռացության տվեց և Պատմոսը, և՛ ծաղկուն Կիթերան: Ադոնիսը նրա սրտին ավելի մոտ էր, քան նույնիսկ լուսավոր Օլիմպոսը: Նա ամբողջ ժամանակ Ադոնիսի հետ էր: Ադոնիսի հետ միասին Կիպրոսի լեռներում ու անտառներում որս էր անում նա՝ Արտեմիս դիցուհու նման: Մոռացության մատնեց Ափրոդիտեն և՛ ոսկեղեն զարդարանքները, և՛ իր գեղեցկությունը: Այրող արևի տակ, թե ամպամած եղանակին՝ նա նապաստակներ, երկչոտ եղջերուներ ու այծյամներ էր որսում՝ խուսափելով ահեղ առյուծների ու վարազների որսից: Նա Ադոնիսին էլ խնդրում էր խուսափել առյուծի, արջի ու վարազի որսից, որպեսզի հանկարծ դժբախտություն չպատահի: Աստվածուհին հազվադեպ էր մենակ թողնում արքայազնին, իսկ մենակ թողնելիս էլ ամեն անգամ աղաչում էր, որ չմոռանա իր խնդրանքը:
Մի անգամ էլ, Ափրոդիտեի բացակայության ժամանակ, Ադոնիսի շները որսի ժամանակ ընկան մի վիթխարի վարազի հետքերի վրա: Նրանք քշեցին գազանին ու գազազած հաչոցներով հալածեցին նրան: Ադոնիսն ուրախացավ, որ այդքան հարուստ որս պիտի ունենա. չէր զգում, որ դա իր վերջին որսն է: Շների հաչոցը գնալով մոտենում էր, ահա երևաց ահագին վարազը թփերի արանքում: Ադոնիսը, հենց այն է, ուզում էր իր նիզակով խոցել կատաղած վարազին, երբ հանկարծ վարազը նետվեց նրա վրա և իր սուրսայր ժանիքներով մի ակնթարթի մեջ մահացու վիրավորեց Ափրոդիտեի սիրեցյալին: Եվ մեռավ Ադոնիսը այդ ահավոր վերքից:
Երբ Ափրոդիտեն առավ Ադոնիսի մահվան լուրը, լցված անասելի վշտով, ինքը եկավ Կիպրոսի լեռները՝ գտնելու սիրած պատանու դին: Լեռնային կտրուկ զառիվայրներով, մթամած կիրճերի միջով, խորունկ անդունդների եզրերով գնում էր Ափրոդիտեն։ Սրածայր քարերն ու տատասկների փշերը արյունոտում էին աստվածուհու քնքուշ ոտքերը: Արյան կաթիլները ցողվում էին գետնին՝ հետք թողնելով նրա անցած բոլոր վայրերում, Ի վերջո գտավ Ափրոդիտեն սիրեցյալի դին: Դառնագին լացեց նա այդքան վաղամեռ գեղեցիկ պատանու վրա:
Եվ որպեսզի մշտապես պահպանվի Ադոնիսի հիշատակը, աստվածուհին կամեցավ, որ նրա արյունից քնքուշ հողմածաղիկներ բուսնեն: Իսկ այն վայրերում, ուր արյուն է կաթել Ափրոդիտեի վիրավորված ոտքերից, փարթամ վարդեր բուսնեցին՝ շառագույն, ինչպես աստվածուհու արյունը: Գթաց ամպրոպային Զևսը սիրո աստվածուհուն: Հրաման արձակեց իր եղբայր Հադեսին ու նրա կնոջը՝ Պերսեփոնեին, որ ամեն տարի Ադոնիսին բաց թողնեն երկիր՝ մեռյալների ստվերների թախծալի թագավորությունից: Այդ ժամանակից ի վեր Ադոնիսը կես տարի մնում է Հադեսի թագավորության մեջ, իսկ կես տարի՝ ապրում երկրի երեսին՝ Ափրոդիտե աստվածուհու հետ: Ցնծում է բովանդակ բնությունը, երբ երկիր, դեպի արևի վառվռուն ճառագայթներն է վերադառնում ոսկեշող Ափրոդիտեի գեղեցիկ սիրեցյալը՝ պատանի Ադոնիսը:
ԷՐՈՍ
Գեղանի Ափրոդիտեն իշխում է աշխարհի վրա: Նա` ևս, շանթարձակ Զևսի նման, ունի իր սուրհանդակը: Նրա միջոցով է ի կատար ածում իր կամքը: Ափրոդիտեի սուրհանդակը նրա որդի Էրոսն է՝ հրճվանքով լի, արագոտն, չարաճճի, խարդախ, իսկ երբեմն էլ՝ նաև անողորմ մի տղա: Էրոսը իր շողշողուն ոսկե թևերով արագորեն, զեփյուռի պես թեթև սուրում է երկրների ու ծովերի վրայով: Ձեռքին փոքրիկ ոսկեղեն աղեղն է, իսկ նետերով լի կապարճը գցած է ուսին: Չկա մեկը, որ ապահով լինի այդ ոսկեղեն նետերից: Անվրեպ՝ նպատակին է խփում Էրոսը. իբրև նետաձիգ՝ նա չի զիջում մինչև իսկ ոսկեգանգուր Ապոլոնին: Նպատակին դիպցնելիս Էրոսի աչքերը փայլատակում են հրճվանքով, նա հաղթականորեն ետ է գցում իր գանգրահեր գլուխը և բարձր քրքջում:
Էրոսի նետերը իրենց հետ բերկրանք ու երջանկություն, բայց հաճախ էլ տառապանք, սիրո տանջանք և նույնիսկ կործանում են բերում, Մինչև իսկ ոսկեգանգուր Ապոլոնին, իրեն՝ ամպահալած Զևսին անգամ քիչ տառապանքներ չեն պատճառել այդ նետերը:
Զևսը գիտեր, թե որքա՜ն վիշտ ու չարիք պիտի բերի աշխարհ ոսկեշող Ափրոդիտեի տղան: Եվ ուզում էր, որ նրան մահացնեն դեռ ծնվելու ժամանակ: Բայց կարո՞ղ էր արդյոք մայրը թույլ տալ այդ։ Նա Էրոսին թաքցրեց անանցանելի անտառում, իսկ այնտեղ, անտառի խորքում, մանչուկին իրենց կաթով սնուցեցին երկու կատաղի առյուծներ: Հասակ առավ Էրոսը, և ահա գեղեցկատես պատանյակը թևածում է աշխարհով մեկ և իր նետերով մեկ երջանկություն սփռում, մեկ՝ վիշտ, մեկ՝ բարիք, մեկ՝ չարիք:
ՀԻՄԵՆԵՎՍ
Ափրոդիտեն մի օգնական ուղեկից էլ ունի. ամուսնության պատանի աստված Հիմենևսը: Նա իր ձյունասպիտակ թևերով թռչում է ամուսնական հանդեսի առջևից: Պայծառ վառվում են Հիմենևսի ամուսնական ջահի բոցերը: Աղջիկների երգչախմբերը հարսանիքի ժամանակ դիմում են Հիմենևսին, աղերսելով, որ նա բարեմաղթի երիտասարդներին և երջանկություն տա նրանց կյանքին.
ՀԵՓԵՍՏՈՍ (41)
Հեփեստոսը՝ Զևսի ու Հերայի որդին, կրակի աստվածը, դարբին-աստվածը, որին ոչ ոք չի կարող հավասարվել կռելու արվեստի մեջ, ծնվել է լուսավոր Օլիմպոսում: Նա ծնվեց իբրև թուլակազմ ու կաղլիկ երեխա: Ցասումով լցվեց մեծն Հերան, երբ աստվածուհուն ցույց տվին անբարետես ու տկարակազմ մանկանը. նա խլեց երեխային և Օլիմպոսից նետեց դեպի հեռավոր երկիրը` Դեռ երկար սուրաց օդի մեջ տարաբախտ մանուկը և, ի վերջո, ընկավ անծայրածիր ծովի ալիքների մեջ. Գթացին նրան ծովային աստվածները՝ մեծն Օվկիանոսի դուստրը Էվրինոմեն և ծովային պատգամախոս ծերունի Ներևսի դուստրը Թետիսը: Նրանք վերցրին ծովն ընկած փոքրիկ Հեփեստոսին և իրենց հետ տարան ալեհեր Օվկիանոսի ջրերի խորքերը: Այնտեղ, լազուրե անձավում, դաստիարակում էին նրանք Հեփեստոսին: Աճեց ու հասունացավ Հեփեստոսը՝ անբարետես ու կաղ, բայց հզոր ձեռքերով, հզոր կրծքով և մկանուտ պարանոցով։ Ի՜նչ հրաշագործ արվեստագետ էր նա իր դարբնության արհեստի մեջ: Ոսկուց ու արծաթից նա բազում հոյակապ զարդարանքներ կռեց իր դաստիարակչուհիների՝ Էվրինոմեի ու Թետիսի համար:
Երկար ժամանակ Հեփեստոսն իր սրտում անթեղած էր պահում իր մոր՝ Հերա աստվածուհու հանդեպ տածած ցասումը. ի վերջո, նա որոշեց վրեժխնդիր լինել մորից՝ իրեն Օլիմպոսից նետելու համար: Նա արտասովոր գեղեցիկ մի ոսկեղեն բազկաթոռ կռեց և ուղարկեց Օլիմպոս՝ իբրև նվեր իր մորը: Սքանչացավ շանթարձակ Զևսի կինը այդ հրաշալի նվերը տեսնելով: Եվ իրոք, միայն աստվածների ու մարդկանց թագուհին կարող էր բազմել այդպիսի արտասովոր գեղեցիկ բազկաթոռին: Բայց, օ՜ սարսափ: Հենց որ Հերան նստեց բազկաթոռին, պատվեց անքակտելի կապանքներով և գամված մնաց բազկաթոռին: Աստվածները վրա հասան օգնության: Իզուր. նրանցից ոչ մեկը թագուհի Հերային ազատ արձակելու կարողություն չունեցավ: Աստվածները կռահեցին, որ միայն այդ բազկաթոռը կռող Հեփեստոսը կարող է ազատ արձակել իր մորը:
Եվ իսկույն նրանք Հերմես աստծուն, աստվածների համբավաբերին, ուղարկեցին դարբին-աստծու հետևից: Հողմի պես սուրաց Հերմեսը աշխարհի ծայրը, Օվկիանոսի ափերը: Մի ակնթարթում սուրաց Հերմեսը երկրի ու ծովերի վրայով և հայտնվեց այն անձավում, ուր աշխատում էր Հեփեստոսը: Շատ խնդրեց Հերմեսը, որ նա իր հետ գնա բարձրաբերձ Օլիմպոս՝ թագուհուն ազատ արձակելու, բայց դարբին-աստվածը կտրուկ մերժումով պատասխանեց. նա չէր մոռացել այն չարիքը, որ մայրը պատճառել էր իրեն: Ո՛չ խնդրանքներն ազդեցին նրա վրա, ո՛չ պաղատանքները։ Օգնության հասավ Դիոնիսոսը՝ գինու ուրախ աստվածը։ Քահ-քահ ծիծաղելով, նա Հեփեստոսին մի գավաթ քաղցրաբույր գինի մատուցեց, դրան հաջորդեց մյուսը, հետո՝ էլի ու էլի: Գինովցավ Հեփեստոսը, հիմա արդեն նրա հետ ամեն ինչ կարելի է անել, տանել՝ ո՛ւր կամենան: Գինու աստված Դիոնիսոսը Հաղթեց Հեփեստոսին: Հերմեսն ու Դիոնիսոսը Հեփեստոսին նստեցրին ավանակի վրա ու տարան Օլիմպոս: Ճոճվում էր Հեփեստոսն ավանակի վրա: Հեփեստոսի չորսբոլորը ուրախ պար բռնած սուրում էին բաղեղով պարուրված մենասները (42), ձեռքներին թիրսոսներ (43): Անճոռնի ցատկոտում էին գինովցած սատիրները: Ծխում էին ջահերը, բարձր թնդում էին տիմպանները (44) և դափերը, զրնգում էր ծիծաղը: Իսկ առջևից ընթանում էր մեծ աստված Դիոնիսոսը՝ խաղողի պսակը գլխին, թիրսոսը՝ ձեռքին: Ցնծագին առաջ էր գնում երթը: Վերջապես հասան Օլիմպոս: Հեփեստոսը մի ակնթարթում ազատ արձակեց մորը. հիմա արդեն մոռացել էր իր կրած վիրավորանքը, որի վերքը բուժել էր գինին:
Հեփեստոսը այնուհետև բնակություն հաստատեց Օլիմպոսում: Աստվածների համար հոյակապ պալատներ կանգնեցրեց, իր համար էլ մի պալատ կառուցեց ոսկուց, արծաթից ու բրոնզից։ Այնտեղ է ապրում Հեփեստոսն իր կնոջ՝ գեղանի ու բարեհամբույր Քարիսի հետ, որ գեղեցկության ու նազանքի աստվածուհին է:
Այդ նույն պալատում է գտնվում և Հեփեստոսի դարբնոցը: Իր ժամանակի մեծ մասը Հեփեստոսն անց է կացնում հրաշալիքներով լի այդ դարբնոցում: Մեջտեղում դրված է վիթխարի զնդանը, անկյունում՝ բոցավառ հնոցն է իր փուքսերով։ Զարմանահրաշ փուքսեր են դրանք. գործի են ընկնում առանց ձեռքերի օգնության, Հեփեստոսի խոսքին են ենթարկվում: Մի խոսք կասի նա, և գործի կանցնեն փուքսերը՝ վառ բորբոքելով հնոցի կրակը: Քրտինքի մեջ կորած, փոշուց ու մրից ամբողջովին սևացած՝ աշխատում է դարբին-աստվածն իր դարբնոցում:
Ի՜նչ հրաշալիքներ ասես, որ չի կռում Հեփեստոսը. ամրակուռ զենքեր, ոսկե և արծաթե զարդարանքներ, թասեր ու գավաթներ, եռոտանիներ, որոնք, ասես կենդանություն առած, իրենք իրենց գլորվում են ոսկե անիվների վրա։
Գործն ավարտելով, քաղցրաբույր ավազանում մաքրվելով քրտինքից ու մրից, Հեփեստոսը, կաղալով ու իր թույլ ոտքերի վրա ճոճվելով, գնում է իր հոր՝ շանթարձակ Զևսի մոտ՝ աստվածն ների խրախճանքի: Բարեհամբույր ու բարեհոգի՝ նա հաճախ հաշտեցնում է վեճի պատրաստվող Զևսին ու Հերային: Աստվածներն անկարող են առանց ծիծաղի նայել Հեփեստոսին, երբ նա կաղալով շրջում է խնջույքի սեղանի շուրջը և անուշաբույր նեկտար լցնում նրանց համար: Ծիծաղն աստվածներին ստիպում է մոռացության տալ վեճն ու գժտությունը:
Բայց Հեփեստոս աստվածը կարող է և ահեղ լինել: Շատերն են ճաշակել նրա կրակի ուժն ու վիթխարի մուրճի հզոր ու ահավոր հարվածները։ Հեփեստոսն իր կրակով զսպել է մինչև անգամ Քսանթոս և Սիմոիս մոլեգնափրփուր գետերի ալիքները՝ Տրոյայի մոտ։ Ահեղ Հեփեստոսն իր մուրճով ջարդուփշուր արեց նաև հզոր տիտաններին:
Մեծ է կրակի աստվածը՝ աստվածային հմտագույն դարբին Հեփեստոսը. նա ջերմություն ու հրճվանք է տալիս, սիրալիր է ու բարեհամբույր, բայց և խստագույն պատիժներ տվող:
ԴԵՄԵՏՐԱ (45) ԵՎ ՊԵՐՍԵՓՈՆԵ
Մեծազոր է Դեմետրա աստվածուհին: Նա է հողն արգավանդ դարձնում, և առանց նրա բարեբեր զորությամբ ոչինչ չի աճում ո՛չ սաղարթախիտ անտառներում, ո՛չ մարգագետիններում, ո՛չ էլ արգասաբեր վարելահողում:
ՀԱԴԵՍԸ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ Է ՊԵՐՍԵՓՈՆԵԻՆ
Շարադրված է ըստ հոմերոսյան հիմնի:
Մեծն Դեմետրա դիցուհին Պերսեփոնե անունով մի գեղեցիկ դեռատի աղջիկ ուներ: Պերսեփոնեի հայրը Քրոնոսի որդին՝ շանթարձակ Զևսն էր: Մի անգամ գեղանի Պերսեփոնեն իր ընկերուհիների՝ Օվկիանուհիների հետ միասին խայտում էր Նիսեյան ծաղկուն հովտում (46): Թեթևաթև թիթեռի նման Դեմետրայի դուստրը ծաղիկից ծաղիկ էր վազում, Նա փարթամ վարդեր, բուրավետ մանուշակներ, ձյունասպիտակ շուշաններ ու բոսորագույն հիացինտներ էր քաղում: Անհոգ խայտում էր Պերսեփոնեն՝ անտեղյակ այն ճակատագրին, որ տնօրինել էր նրա համար հայրը՝ Զևսը: Չէր անցնում Պերսեփոնեի մտքով, որ հեռու է այն ժամանակը, երբ ինքը կրկին անգամ կտեսնի արևի լույսը, կսքանչանա ծաղիկներով ու կշնչի նրանց քաղցր բուրմունքը: Զևսը նրան կնության տվեց իր դժնահայաց եղբորը՝ Հադեսին, որ մեռյալների ստվերների թագավորության տիրակալն է: Պերսեփոնեն նրա հետ պետք է ապրեր ստորերկրյա թագավորության խավարում՝ զուրկ հարավային ջերմ արևի լույսից:
Հադեսը տեսնում էր, թե ինչպես է խայտում Պերսեփոնեն Նիսեյան հովտում և իսկույն վճռեց առևանգել նրան: Երկրի աստվածուհի Գեային խնդրեց, որ արտասովոր գեղեցկության ծաղիկ աճեցնի: Համաձայնեց Գեան, և մի զարմանահրաշ ծաղիկ աճեցրեց Նիսեյան հովտում. ծաղկի արբեցնող բույրը հեռու տարածվեց չորսբոլորը: Պերսեփոնեն տեսավ այդ ծաղիկը. ահա նա երկարեց ձեռքը ու բռնեց ցողունից, ահա արդեն պոկված է ծաղիկը: Հանկարծ անդնդախոր բացվեց երկիրը և, սևաթույր ձիեր լծած ոսկեղեն երկանվի վրա, երկրի ընդերքից հայտնվեց հանգուցյալների ստվերների թագավորության տիրակալ դժնադեմ Հադեսը: Նա հափշտակեց դեռատի Պերսեփոնեին, դրեց իր երկանվի վրա, և իր արագոտն ձիերով մի ակնթարթում վերստին անհետացավ երկրի ընդերքում: Պերսեփոնեն հազիվ հասցրեց մի ճիչ արձակել: Հեռու տարածվեց Դեմետրայի դստեր սոսկումի ճիչը. և ծովային հորձանուտները հասավ, և՛ բարձրաբերձ ու Լուսակերտ Օլիմպոս: Ոչ ոք չտեսավ, թե դժխեմ Հադեսն ինչպես առևանգեց Պերսեփոնեին. տեսավ միայն Հելիոս - Արև աստվածը:
Դեմետրա դիցուհին լսեց իր դստեր ճիչը: Եվ նա շտապեց Նիսեյան հովիտը, ամենուրեք փնտրեց աղջկան, հարցուփորձ արեց նրա ընկերուհիներին՝ Օվկիանուհիներին, բայց ոչ մի տեղ չգտավ իր սիրասուն դստերը: Օվկիանուհիները չէին տեսել, թե ուր է կորել Պերսեփոնեն:
Միակ սիրասուն դստեր կորստյան ծանր վիշտը համակեց Դեմետրայի սիրտը: Եվ խելակորույս, անկարող մտածելու որևէ բանի մասին, ինը օր թափառեց սևեր հագած Դեմետրան երկրի վրա՝ դառնագին արցունքներ թափելով: Նա ամենուրեք փնտրեց Պերսեփոնեին, բոլորին օգնության կանչեց, բայց ոչ ոք չկարողացավ սփոփել նրա վիշտը: Ի վերջո, արդեն տասներորդ օրը, նա գնաց Հելիոս - Արև աստծո մոտ և արցունքն աչքերին աղաչեց.
- Օ՜, ճաճանչափայլ Հելիոս: Դու, որ քո ոսկեհուռ երկանվի վրա բարձր երկնքով շրջում ես ամբողջ երկիրն ու բոլոր ծովերը, տեսնում ես ամենայն ինչ, ոչինչ չի կարող թաքնվել քեզնից. եթե գոնե մի փոքր գութ ունես տարաբախտ մոր հանդեպ, ապա ասա ինձ, թե որտե՞ղ է իմ դուստր Պերսեփոնեն, ասա, որտե՞ղ փնտրեմ նրան: Ես լսել եմ նրա ճիչը, նրան խլել են ինձնից: Ասա, ո՞վ է առևանգել նրան: Ես ամենուրեք փնտրել, բայց չե՛մ կարողացել գտնել նրան:
Պատասխան տվեց Դեմետրային ճաճանչափայլ Հելիոսը.
- Մեծն աստվածուհի, դու գիտես, թե ես ինչպես եմ պատվում քեզ, տեսնում ես, թե ինչպես եմ տխրում քո վիշտը տեսնելով: Իմացիր, ուրեմն, որ մեծն ամպահալած Զևսը քո դստերը կնության տվեց իր դժխեմ եղբորը՝ Հադես տիրակալին: Նա առևանգեց Պերսեփոնեին ու տարավ սոսկումներով լի իր թագավորությունը: Ամոքիր, ուրեմն, քո ծանր վիշտը, աստվածուհի, չէ՞ որ մեծահամբավ է քո դստեր ամուսինը, դուստրդ մեծն Զևսի հզորազոր եղբոր կինն է դարձել:
Այս լուրն առնելով, ավելի ևս վշտացավ Դեմետրան: Ահեղորեն զայրացավ շանթարձակ Զևսի վրա, որ առանց իր համաձայնությունն առնելու Պերսեփոնեին կնության է տվել Հադեսին: Եվ նա լքեց աստվածներին, լքեց լուսապայծառ Օլիմպոսը, հասարակ մահկանացուի կերպարանք առավ և, սևեր հագնելով, երկար թափառեց մահկանացուների մեջ՝ դառնաղի արցունք հեղելով:
Երկրի վրա բոլոր բույսերի աճը դադար առավ: Տերևները ծառերի վրա թոշնեցին, և ծառերը տերևաթափ եղան: Անտառները մերկացել էին: Խոտը թորշոմեց. ծաղիկները կախ գցեցին իրենց երփներանգ պսակները և չորացան: Այգիները պտուղ չէին տալիս. չորացան խաղողի կանաչ այգիները, այլևս նրանց մեջ հյութառատ ծանր ողկույզներ չէին հասունանում: Երբեմնի բերքառատ արտերը ամայացել էին, խոտ էլ չէր նշմարվում արտերում: Մեռավ կյանքը երկրի վրա: Սովն էր թագավորում ամենուրեք. ամեն տեղից լաց ու հեծեծանքներ էին լսվում: Կործանում էր սպառնում ամբողջ մարդկային ցեղին: Բայց ոչինչ չէր տեսնում ու չէր լսում վշտամորմոք Դեմետրան:
Վերջապես Դեմետրան հասավ Էլեվսին քաղաքին: Այնտեղ, քաղաքի պարիսպների մոտ, նստեց ձիթենու շուքի տակ, «վշտի քարի» վրա՝ «աղջիկների ջրհորին» շատ մոտիկ: Անշարժ նստել էր Դեմետրան իբրև քարարձան: Ուղիղ ծալքերով մինչև գետին էր հասնում նրա սև զգեստը: Գլուխը հակվել էր, իսկ արցունքներն աչքերից շիթ առ շիթ թափվում էին կրծքին: Երկար նստեց այդ դիրքով Դեմետրան, միայնակ ու անսփոփ:
Նկատեցին նրան Էլեվսինի արքա Կելեոսի դուստրերը: Նրանք զարմացան աղբյուրի մոտ տեսնելով սևեր հագած արտասվող կնոջը, մոտ եկան ու կարեկցանքով հարցրին, թե ո՞վ է նա: Բայց Դեմետրա աստվածուհին չմատնեց իրեն: Ասաց, որ իրեն կոչում են Դեո (47), որ ինքը ծնունդով Կրետեից է, ավազակները կալանել էին իրեն, բայց ինքը փախել է ու, երկար թափառումներից հետո, հասել էլեվսին: Դեմետրան Կելեոսի աղջիկներին խնդրեց, որ իրեն տանեն արքայի պալատը: Նա համաձայնեց դառնալ նրանց մոր աղախինը, դաստիարակել երեխաներին ու գործ անել Կելեոսի տանը: Կելեոսի աղջիկները Դեմետրային տարան իրենց մոր՝ Մետանեյրեի մոտ:
Կելեոսի դուստրերը չէին կարծում, թե մեծ աստվածուհուն են տանում հայրական տուն: Բայց երբ Դեմետրան մտավ թագավորի տուն՝ դիցուհու գլուխը դիպավ դռան վերնամասին և ամբողջ պալատը շողաց զարմանահրաշ լույսով: Մետանեյրեն ոտքի ելավ ու ընդառաջ գնաց դիցուհուն, կռահել էր, որ աղջիկները հասարակ մահկանացու չէ, որ տուն են բերել: Մինչև գետին խոնարհվեց Կելեոսի կինն անծանոթի առաջ և խնդրեց, որ նստի իր՝ թագուհու տեղում: Հրաժարվեց Դեմետրան. նա անխոս նստեց աղախնուն հատկացված տեղը՝ առաջվա պես անտարբեր այն ամենին, ինչ կատարվում էր շուրջը: Իսկ Մետանեյրեի սպասուհին՝ կենսուրախ Յամբան, տեսնելով անծանոթ կնոջ խորունկ վիշտը, աշխատում էր ուրախացնել նրան: Նա ուրախ-ուրախ սպասարկում էր անծանոթ կնոջը և իր տիկնոջը՝ Մետանեյրեին. բարձր հնչում էր նրա ծիծաղը, հորդում էին նրա կատակները։ Ժպտաց Դեմետրան առաջին անգամ այն օրից ի վեր, երբ առևանգեց դժնադեմ Հադեսը Պերսեփոնեին, և առաջին անգամ համաձայնեց ուտելիք ճաշակել:
Դեմետրան մնաց Կելեոսի մոտ: Նա սկսեց դաստիարակել նրա որդուն՝ Դեմոփոնին: Աստվածուհին վճռել էր նրան անմահություն պարգևել: Նա մանկանը պահում էր իր աստվածային կրծքի մոտ, իր ծնկներին, մանուկը շնչում էր դիցուհու անմահական շնչով: Դեմետրան շփում էր նրան ամբրոսիայով (48), իսկ գիշերը, երբ Կելեոսի տանը բոլորը քնած էին լինում, աստվածուհին Դեմափոնին փաթաթելով բարուրում, դնում էր բոցավառ վառարանի մեջ: Բայց Դեմոփոնն անմահություն չստացավ։ Տեսավ մի օր Մետանեյրեն իր որդուն վառարանի մեջ դրված, սոսկալի վախեցավ ու աղաչեց Դեմետրային՝ չանել այդ բանը: Զայրացավ Դեմետրան Մետանեյրեի վրա, հանեց Դեմոփոնին վառարանի միջից ու ասաց.
- Օ՛, անխոհեմ, ես ուզում էի անմահություն պարգևել տղայիդ, անխոցելի դարձնել նրան: Իմացիր, ուրեմն, ես Դեմետրան եմ, որ հրճվանք եմ տալիս մահկանացուներին ու անմահներին:
Դեմետրան ասաց Կելեոսին ու Մետանեյրեին, թե ով է ինքը, և կրկին առավ աստվածուհու սովորական իր կերպարանքը: Աստվածային լույսը ողողեց Կելեոսի պալատի սենյակները։ Կանգնել էր Դեմետրա աստվածուհին՝ վսեմաշուք ու գեղանի, նրա ոսկեշող վարսերը թափվել էին ուսերին, զգեստներից աստվածային բուրմունք էր հորդում: Ծնկի ընկան նրա առաջ Մետանեյրեն ու նրա ամուսինը:
Դեմետրա աստվածուհին հրաման արձակեց, տաճար կանգնեցնեն Էլեվսինում, Կալիքորա աղբյուրի մոտ, և ապրեց այնտեղ: Այդ տաճարի մոտ Դեմետրա աստվածուհին ինքը սկիզբ տվեց տոնախմբություններին:
Քնքշորեն սիրած իր դստեր վիշտը չէր մոռացել Դեմետրա
աստվածուհին, չէր մոռացել նաև իր զայրույթը Զևսի հանդեպ: Առաջվա պես ամուլ էր մնում հողը: Սովը գնալով սաստկանում էր, քանի որ երկրագործների դաշտերում մի հատիկ խոտ էլ չէր աճում: Հողագործի եզներն իզուր էին քաշում ծանր գութանը վարելահողում՝ պտուղ չէր տալիս նրանց աշխատանքը: Ամբողջ ցեղեր զոհ էին գնում: Սովահարների աղաղակները հասնում էին երկինք, բայց Դեմետրա աստվածուհին անտարբեր էր մնում դրանց հանդեպ: Ի վերջո, երկրի վրա դադարեցին ծխալուց անմահ աստվածների զոհաբերությունները: Կործանում էր սպառնում ամենայն կենդանի արարածի: Բայց մեծն ամպահալած Զևսը չէր ուզում մահկանացուների կործանումը: Եվ նա Դեմետրա դիցուհու մոտ առաքեց աստվածների սուրհանդակ Իրիսին: Սրաթռիչ սուրաց նա իր ծիածանի թևերով, հասավ Էլեվսին, Դեմետրա աստվածուհու տաճարը, կանչեց նրան, աղերսեց ետ գալ լուսապայծառ Օլիմպոս՝ աստվածների մոտ: Աստվածուհին չլսեց նրա աղերսանքները: Ուրիշ աստվածների առաքեց մեծն Զևսը Դեմետրայի մոտ, բայց դիցուհին չկամեցավ Օլիմպոս վերադառնալ, քանի դեռ Զևսը ետ չի տվել իր դուստր Պերսեփոնեին:
Եվ մեծն Զևսը դժնադեմ եղբոր՝ Հադեսի մոտ ուղարկեց մտքի պես արագասլաց Հերմեսին: Հերմեսն իջավ սոսկումներով լեցուն ստորերկրյա թագավորությունը, հայտնվեց մեռածների հոգիների տիրակալի առաջ, որ բազմել էր իր ոսկեհուռ գահին, և հայտնեց նրան Զևսի կամքը:
Հադեսը համաձայնեց Պերսեփոնեին ազատ արձակել, որ գնա մոր մոտ, բայց նախապես նրան կուլ տալու տվեց նռան հատիկներ՝ ամուսնության սիմվոլը: Պերսեփոնեն, Հերմեսի հետ միասին, բարձրացավ ամուսնու ոսկեղեն երկանիվը. սլացան Հադեսի անմահական ձիերը, ոչ մի խոչընդոտ չէր վախեցնում նրանց, և մի ակնթարթում հասան Էլեվսին:
Ուրախությունից ամեն ինչ մոռացած, Դեմետրա աստվածուհին ընդառաջ նետվեց դստերը և առավ նրան իր գրկի մեջ: Նորից նրա հետ էր սիրասուն դուստրը: Պերսեփոնեի հետ միասին դիցուհին վերադարձավ Օլիմպոս: Եվ այդ ժամանակ մեծն Զևսը վճռեց, որ Պերսեփոնեն տարվա երկու երրորդը մոր մոտ կապրի, իսկ մեկ երրորդը՝ իր ամուսին Հադեսի գետ, ստորերկրյա թագավորության մեջ:
Դեմետրա մեծ աստվածուհին կրկին արգավանդություն պարգևեց երկրին, ու ամեն ինչ դարձյալ ծաղկեց ու կանաչեց: Անտառները` ծածկվեցին գարնանային քնքուշ տերևներով, մարգագետինների դալար զմրուխտ կանաչի վրա երփներանգ վառվեցին ծաղիկները: Շատ չանցած հասկավորվեցին հացառատ արտերը, ծաղկեցին ու բուրմունքով լցվեցին այգիները, արևի տակ փայլեց խաղողի այգիների կանաչը: Արթնացավ բովանդակ բնությունը: Ցնծում էր ամենայն կենդանի արարած և փառաբանում Դեմետրա մեծ աստվածուհուն և նրա դստերը՝ Պերսեփոնեին:
Ամեն տարի լքում է Պերսեփոնեն մորը, և ամեն անգամ Դեմետրա դիցուհին համակվում է վշտով ու կրկին սևեր հագնում: Եվ ամբողջ բնությունը վշտանում է Պերսեփոնեի համար։ Դեղնում են ծառերի տերևները, ծառերը մերկանում են աշնանային քամուց։ Ծաղիկները թափվում են, արտերն ամայանում, վրա է հասնում ձմեռը: Քուն է մտնում բնությունը, որպեսզի հրճվանքի շողերով արթնանա գարնանը, այն ժամանակ, երբ կրկին մոր մոտ կգա Պերսեփոնեն՝ Հադեսի տրտմաթախիծ թագավորությունից։ Երբ դուստրը վերադառնում է Դեմետրայի մոտ՝ բարեբերության մեծ աստվածուհին շռայլ ձեռքով սփռում է իր պարգևները մարդկանց ու լիառատ բերք բարեմաղթում հողագործի աշխատանքին:
Հույները մեծարում էին Դեմետրա մեծ աստվածուհուն։ Բովանդակ հին աշխարհում հռչակված էր նրա տաճարը, որ ինքն էր հիմնել Էլեվսինում, Աթենքի մոտ: Ժողովրդի բազմություններ էին հավաքվում Աթենքում ու Էլեվսինում՝ Դեմետրայի պատվին կատարվող` տոնախմբություններին ու պաշտամունքի խորհրդավոր արարողություններին մասնակից լինելու համար։
ՏՐԻՊՏՈԼԵՄՈՍ
Հողին արգավանդություն տվող Դեմետրա մեծ աստվածուհին է մարդկանց սովորեցրել հացաբեր արտեր մշակել: Էլեվսինի արքայի պատանի որդուն՝ Տրիպտոլեմոսին, նա ցորենի սերմ է տվել և նա առաջինն էր, որ գութանով երեք անգամ վարեց Էլեվսինի մերձակա դաշտավայրն ու սերմեր գցեց սևացած հողի մեջ: Դաշտը, որին բարեբերություն էր մաղթել ինքը՝ Դեմետրա աստվածուհին, առատ բերք տվեց: Աստվածուհու կամքով Տրիպտոլեմոսը նստեց թևավոր օձեր լծած զարմանահրաշ երկանիվը, շրջեց բոլոր երկրները և ամենուրեք մարդկանց երկրագործություն սովորեցրեց:
Տրիպտոլեմոսը եղավ նաև հեռավոր Սկյութիայում, Լինքոս թագավորի մոտ: Նրան էլ երկրագործություն սովորեցրեց: Բայց սկյութական գոռոզ թագավորը կամեցավ Տրիպտոլեմոսից խլել երկրագործության ուսուցչի փառքը ու յուրացնել այդ փառքը: Լինքոսը վճռեց քնած ժամանակ սպանել մեծն Տրիպտոլեմոսին: Բայց Դեմետրա աստվածուհին թույլ չտվեց, որ չարագործությունը ի կատար ածվի, վճռեց պատժել Լինքոսին, քանի որ, խախտելով հյուրընկալության կարգը, նա ձեռք էր բարձրացրել աստվածուհու ընտրյալի վրա:
Երբ Լինքոսը գիշերը մտավ ննջարան, ուր անխռով քնած էր Տրիպտոլեմոսը, Դեմետրան վայրենի լուսան դարձրեց նրան հենց այն պահին, երբ նա դաշույնը բարձրացրել էր քուն մտած հյուրի վրա։
Լուսան դարձած Լինքոսը թաքնվեց մթամած անտառներում, իսկ Տրիպտոլեմոսը լքեց սկյութների երկիրը, որպեսզի իր զարմանահրաշ երկանվով երկրե-երկիր շրջի և մարդկանց սովորեցնի Դեմետրա աստվածուհու մեծ շնորհը՝ երկրագործությունը:
ԷՐԻՍԻՔԹՈՆ
Միայն սկյութների թագավորին՝ Լինքոսին չէ, որ պատժեց Դեմետրա աստվածուհին. նա պատժեց նաև Թեսալիայի թագավոր Էրիսիքթոնին: Նենգամիտ էր ու պղծահոգի Էրիսիքթոնը, աստվածներին երբեք չէր մեծարում զոհաբերություններով: Եվ նա համարձակություն ունեցավ հանդուգն վիրավորանք հասցնելու մեծն Դեմետրա աստվածուհուն: Նա վճռեց կտրել աստվածուհու սրբազան անտառի դարավոր կաղնին, որ Դեմետրայի սիրելի դրիադի կացարանն էր: Ոչինչ չէր կարող կասեցնել Էրիսիքթոնին:
- Եթե մինչև իսկ սա Դեմետրայի սիրելին չլինի, այլ ինքը՝ աստվածուհին, - գոչեց այդ անպատկառը, - միևնույն է, ես պիտի կտրեմ այս կաղնին:
Էրիսիքթոնը կացինը խլեց ծառայի ձեռքից և խորը մխրճեց ծառի մեջ: Ծանր մի հեծկլտանք հնչեց կաղնու ներսում, և հորդաց արյունը նրա կեղևից: Ապշահար կանգնել էին թագավորի ծառաները կաղնու առաջ: Նրանցից մեկը հանդգնեց ետ պահել թագավորին, բայց մոլեգնած Էրիսիքթոնը սպանեց ծառային՝ գոչելով.
- Ահա քեզ պարգև՝ աստվածներին հնազանդ լինելուդ համար։
Եվ Էրիսիքթոնը կտրեց դարավոր կաղնին: Լալահառաչ մի աղմուկով կաղնին գետին տապալվեց, և մեռավ այնտեղ ապրող դրիադը:
Սևեր հագնելով, սրբազան անտառի դրիադները գնացին Դեմետրա աստվածուհու մոտ և աղերսեցին պատժել իրենց թանկագին ընկերուհուն սպանող Էրիսիքթոնին: Զայրացավ Դեմետրա աստվածուհին: Նա կանչել տվեց սովի աստվածուհուն: Թևավոր օձեր լծած զարմանահրաշ երկանվով, որ Դեմետրա աստվածուհուն էր պատկանում, առաքված դրիադը սուրաց Սկյութիա, դեպի Կովկասյան լեռները: Այստեղ մի լերկ սարի վրա գտավ սովի աստվածուհուն, որ գիսախռիվ էր դալկացած, աչքերը՝ դուրս պրծած, չոր ոսկորները պատող մաշկը՝ կոշտացած: Առաքված դրիադը սովի աստվածուհուն հայտնեց Դեմետրա աստվածուհու կամքը և սա հնազանդվեց:
Սովի աստվածուհին հայտնվեց Էրիսիքթոնի տանը և նրան ներշնչեց այնպիսի մի անհագ քաղց, որ այրում էր նրա ողջ ներքինը: Որքան շատ էր ուտում Էրիսիքթոնը, այնքան ավելի էին սաստկանում քաղցի տառապանքները: Իր ամբողջ կարողությունը վատնեց բազմապիսի ուտեստեղենի վրա, որոնք սակայն Էրիսիքթոնի մեջ է՛լ ավելի էին բորբոքում անհագ ու տանջալի քաղցը: Վերջապես զրկվեց Էրիսիքթոնն ամեն ինչից. մնաց միմիայն աղջիկը: Փող ունենալու և քաղցը հագեցնելու համար նա վաճառեց դստերն իբրև ստրուկ: Բայց դուստրը Պոսեյդոն աստծուց իր կամեցած կերպարանքն առնելու շնորհ ստացավ և ամեն անգամ ազատվում էր գնորդների ձեռքից՝ մեկ թռչունի, մեկ ձիու կամ էլ կովի կերպարանք առած: Բազմիցս վաճառեց իր դստերն Էրիսիքթոնը, բայց նրա համար քիչ էր վաճառքից ստացված դրամը: Սովը տանջում էր նրան ավելի ու ավելի սաստկությամբ, գնալով անտանելի էին դառնում տառապանքները: Վերջապես, Էրիսիքթոնը սկսեց ատամներով պատառոտել իր մարմինը և մեռավ ահավոր տանջանքների մեջ:
ԳԻՇԵՐ, ԼՈՒՍԻՆ, ԱՐՇԱԼՈՒՅՍ ԵՎ ԱՐԵՎ
Սևաթույր ձիերը լծած իր երկանվով Գիշեր - Նյուկտեն հանդարտ սահում է երկնքով: Նա իր սև քողով պատել է ամբողջ երկիրը: Գիշեր աստվածուհու երկանվի շուրջը խռնվում են աստղերը և երկրի վրա սփռում իրենց վեհերոտ կայծկլտող լույսը. դրանք Արշալույս - Էոս դիցուհու և Աստրեոսի պատանի զավակներն են: Բազում աստղեր սփռված են գիշերային խավար երկնքով մեկ:
Ահա, ասես թեթև հրացոլք երևաց արևելքում: Հրացոլքը գնալով ավելի ու ավելի է շիկանում: Լուսին - Սելենե դիցուհին է դուրս գալիս: Կեռ եղջերավոր եզները հանդարտ տանում են նրա երկանիվը երկնքով։ Դանդաղասահ, վսեմաշուք՝ ընթանում է երկնքով Լուսին աստվածուհին իր երկար ու ճերմակ զգեստը հագին, լուսնի մանգաղը՝ գլխանոցի վրա։ Նա խաղաղ լուսավորում է քնած երկիրը՝ ամեն ինչ ողողելով արծաթավուն փայլով: Կտրելով ամբողջ երկնակամարը՝ Լուսին դիցուհին իջնում է Կարիայի Լատմոս լեռան խորունկ անձավը: Այնտեղ, ընկղմված հավերժական նիրհի մեջ, պառկած է գեղեցիկ Էնդիմիոնը (49): Սիրում է նրան Սելենեն. հակվում է նիրհող Էնդիմիոնի վրա, գուրգուրում ու սիրո խոսքեր շշնջում: Բայց ննջող Էնդիմիոնը նրան չի լսում. դրանից է, որ այդքան տրտում է Սելենեն. թախծոտ է նրա լույսը, որով գիշերը նա ողողում է երկիրը:
Գնալով մոտենում է առավոտը։ Լուսին աստվածուհին արդեն վաղուց է իջել երկնակամարից: Հազիվ նկատելի լուսավորվեց արևելքը: Ապա արևելքում վառ պայծառ դարձավ արշալույսի նախակարապետը՝ լուսաստղ Էոսփորոսը: Թեթև քամի փչեց: Գնալով բոսորանում է արևելքը: Եվ ահա, վարդամատն Արշալույս - Էոս դիցուհին բաց արեց դարպասները, որոնց միջից ուր որ է դուրս կգա ճաճանչափայլ Արև - Հելիոս աստվածը։ Կարմրավառ զգեստով, իր վարդագույն թևերով Արշալույս աստվածուհին ճախրում է դեպի լուսավորող երկինքը, որ ողողված է վարդագույն լույսով: Իր ոսկեղեն սափորից գետին է հեղում աստվածուհին այգացողը, որի կաթիլները կանաչի ու ծաղիկների փայլփլում են ադամանդների պես: Երկրի վրա ամենայն ինչ ախորժելի հոտ է արձակում, բուրմունք է ծխում ամենուրեք: Արթնացող երկիրը բերկրանքով է ողջունում ծագող Արև - Հելիոս աստծուն:
Չորս թևավոր ձիեր լծած իր ոսկեհուռ երկանվով, որ Հեփեստոս աստվածն է կռել, Օվկիանոսի ափերից երկինք է բարձրանում ճաճանչափայլ աստվածը: Սարերի կատարները բոսոր ներկում արևի ճաճանչները, և լեռները վեր են խոյանում ասես բոցով ողողված:
Արևի աստծուն տեսնելուն պես, աստղերը փախչում են երկնակամարներից, իրար հետևից թաքնվում խավար գիշերվա գրկում: Ավելի ու ավելի է բարձրանում Հելիոսի երկանիվը: Ճաճանչափայլ պսակը գլխին ու երկար շողշողուն զգեստը հագին՝ գնում է երկնքով ու իր կենսաբեր ճառագայթներով ողողում երկիրը, նրան լույս, ջերմություն ու կյանք տալիս:
Կտրելով իր ցերեկային ճանապարհը, արևի աստվածը իջնում է դեպի Օվկիանոսի սրբազան ջրերը: Այնտեղ նրան սպասում է իր ոսկեղեն մակույկը, որով նա լողում է դեպի արևելք, դեպի արևի երկիրը, որտեղ նրա զարմանահրաշ պալատն է գտնվում: Արևի աստվածը գիշերը հանգիստ է առնում այնտեղ, որպեսզի առաջվա փայլով ծագի հաջորդ օրը:
ՓԱԵՏՈՆ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի։
Միայն մի անգամ է խախտվել աշխարհում սահմանված կարգը և արևի աստվածը չի բարձրացել երկինք՝ մարդկանց լույս տալու համար: Դա այսպես պատահեց: Արև - Հելիոսն ու Կլիմենեն՝ ծովային աստվածուհի Թետիսի դուստրը, մի որդի ունեին Փաետոն անունով: Մի անգամ Փաետոնի ազգականը, շանթարձակ Զևսի որդի Էպափոսը, հեգնելով նրան՝ այսպես ասաց.
- Չեմ հավատում, թե դու ճաճանչափայլ Հելիոսի որդին ես: Մայրդ ճիշտ չի ասում: Դու հասարակ մահկանացուի զավակ ես:
Զայրացավ Փաետոնը, ամոթի կարմիրը խփեց երեսին. վազեց մոր մոտ, նետվեց նրա գիրկը և արցունք թափելով գանգատվեց, որ իրեն այդպիսի վիրավորանք են հասցրել: Բայց մայրը, ձեռքերը կառկառելով դեպի ճաճանչափայլ արևը, բացականչեց.
- Օ՛, որդիս: Երդվում եմ Հելիոսով, որ մեզ տեսնում է ու լսում, որին դու էլ հիմի տեսնում ես, երդվում եմ, որ նա քո հայրն է: Թող նա զրկի ինձ իր լույսից, եթե ես ճիշտ չեմ ասում։ Ի՛նքդ գնա նրա մոտ, պալատը հեռու չէ մեզանից: Նա կհաստատի իմ խոսքը:
Փաետոնն իսկույն գնաց իր հոր՝ Հելիոսի, մոտ: Շուտ հասավ Հելիոսի պալատը, որ շողում էր ոսկուց, արծաթից ու հազարագույն քարերից: Հեփեստոսն այնպիսի մի զարմանահրաշ ձևերով էր զարդարել պալատը, որ նա ասես հուրհրատում էր ծիածանի բոլոր երանգներով:
Փաետոնը մտավ պալատ և տեսավ ծիրանի հագած Հելիոսին գահի վրա բազմած: Բայց Փաետոնը չկարողացավ մոտենալ ճաճանչափայլ աստծուն. նրա աչքերը, - իբրև մահկանացուի աչքեր, - չէին կարող դիմանալ Հելիոսի պսակից հորդացող փայլին:
Արևի աստվածը տեսավ Փաետոնին ու հարցրեց.
- Ի՞նչն է քեզ իմ պալատը բերել, տղա՛ս:
- Օ՜, համայն աշխարհի լույս, օ՜, հայր Հելիոս: Արդյոք կհանդգնե՞մ քեզ հայր կոչել, - գոչեց Փաետոնը, - ապացույց տուր, որ դո՛ւ ես իմ հայրը: Փարատիր, աղերսում եմ, իմ կասկածը:
Հելիոսը հանեց իր ճաճանչափայլ պսակը, մոտ կանչեց Փաետոնին, գրկեց նրան ու ասաց. Այո, դու իմ որդին ես: Մայրդ՝ Կլիմենեն, ճիշտ է ասել. Եվ որպեսզի կասկած չունենաս այլևս, խնդրիր ինձնից ինչ որ կուզես, երդվում եմ Ստիքս գետի սրբազան ջրերով, որ ի կատար կածեմ քո խնդիրքը:
Հազիվ էր Հելիոսն ասել այս խոսքը, երբ Փաետոնը թույլտվություն խնդրեց ոսկեհուռ երկանվով ընթանալ երկնակամարով, նրա՝ Հելիոսի, փոխարեն: Զարհուրեց ճաճանչափայլ աստվածը:
- Խելակորույս պատանի, ի՜նչ ես խնդրում, - գոչեց Հելիոսը, - օ՜, եթե ես կարողանայի դրժել իմ երդումը: Դու անհնարինն ես խնդրում, Փաետոն: Չէ՞ որ դա քո ուժերից վեր բան է, Չէ՞ որ դու մահկանացու ես, իսկ մի՞թե դա մահկանացուի գործ է: Մինչև իսկ անմահ աստվածներն անկարող են դիմանալ իմ երկանվի մեջ: Ինքը՝ շանթարձակ մեծն Զևսն անգամ չի կարող վարել այն, իսկ ո՞վ է, որ ավելի մեծազոր է, քան նա: Հապա մի մտածիր. սկզբում ճանապարհն այնքան թեք է, որ մինչև անգամ իմ թևավոր ձիերը հազիվ են բարձրանում: Ճանապարհի միջնամասում երկանիվը երկրից այնքան բարձր է լինում, որ նույնիսկ ինձ էլ է համակում վախը, երբ նայում եմ ցած՝ ներքևում փռված - ծովերին ու երկրներին: Իսկ վերջում ճանապարհն այնպես շեշտակի է իջնում Օվկիանոսի սրբազան ափերի վրա, որ առանց իմ հմուտ կառավարման՝ երկանիվն ահագնաթափ ցած կնետվի ու ջարդուփշուր կլինի: Դու կարծում ես, թե ճանապարհին գեղեցիկ շա՞տ բան կհանդիպի: Ոչ, իմ ուղին անցնում է վտանգների, սոսկումների ու վայրի գազանների միջով։ Նեղ է ճանապարհը. եթե շեղվես, ապա քեզ կդիմավորեն ահեղ ցուլի եղջյուրները, այնտեղ քեզ կահաբեկեն կենտավրոսի աղեղը, կատաղի առյուծը, հրեշավոր կարիճն ու խեցգետինը (50): Բազում սարսափներ կան երկնակամարի ճանապարհին: Հավատա՛ ինձ, չե՛մ ուզում քո կործանման պատճառը դառնալ: Օ՜, եթե դու կարենայիր քո հայացքով թափանցել սիրտս և տեսնել, թե ես ինչպե՜ս եմ վախենում քո ճակատագրի համար: Մի նայի՛ր չորսբոլորդ, նայիր աշխարհին ու տես, թե սքանչանալու ինչքա՜ն բան կա այնտեղ։ Խնդրիր այն ամենը, ինչ կկամենաս, և ես ոչինչ չեմ մերժի քեզ. միայն այդ մեկը մի՛ խնդրիր: Չէ՞ որ խնդրածդ ոչ թե պարգև է, այլ ահավոր մի պատիժ:
Բայց Փաետոնը ոչինչ չէր ուզում լսել. փարված Հելիոսի պարանոցին՝ խնդրում էր ի կատար ածել իր խնդրանքը։
- Լա՛վ, ես ի կատար կածեմ խնդիրքդ: Մի՛ անհանգստանա, չէ՞ որ երդվել եմ Ստիքսի ջրերով: Կկատարվի քո խնդիրքը, բայց ես կարծում էի, թե դու ավելի խելամիտ կլինես, - տխրությամբ պատասխան տվեց Հելիոսը:
Եվ նա Փաետոնին տարավ այնտեղ, ուր կանգնած էր իր երկանիվը: Սքանչացավ Փաետոնը դրանով. ոսկեղեն էր երկանիվը և շողշողում էր հազարերանգ թանկագին քարերով: Բերեցին Հելիոսի նժույգները, որոնք սնված էին ամբրոսիայով ու նեկտարով։ Լծեցին նժույգները, Բոսորամատն Էոսը բաց արեց արևի դարպասները: Հելիոսը Փաետոնի դեմքը շփեց սրբազան օծանելիքով, որպեսզի չկիզվի արևի ճառագայթների բոցերից և գլխին դրեց շողշողուն պսակը: Տրտմագին հառաչանք արձակելով, Հելիոսը տվեց իր վերջին խրատները.
- Տղա՛ս, հիշիր իմ վերջին խրատները և իրագործիր, եթե կարող ես: Մի՛ քշիր ձիերը և որքան կարող ես ամուր պահիր երասանները: Իմ նժույգներն առանց քշելու էլ կսուրան: Դժվար է նրանց զսպել: Իսկ ճանապարհը պարզ կտեսնես անվահետքերով, որոնք ձգվում են ամբողջ երկնակամարով: Շատ չբարձրանաս, որպեսզի չայրես երկինքը, բայց ցած էլ չիջնես, այլապես կհրկիզես ամբողջ երկիրը: Լավ հիշիր՝ չշեղվես ճանապարհիցդ ոչ դեպի աջ, ո՛չ էլ դեպի ձախ, քո ուղին ընկած է ճիշտ և ճիշտ Օձի ու Զոհասեղանի (51) միջև: Մնացյալը ես ապավինում եմ ճակատագրին, միայն նրա՛ վրա է իմ հույսը: Բայց արդեն ժամն է ճանապարհվելու, գիշերն արդեն լքել է երկինքը, իսկ բոսորամատն Էոսը դուրս է եկել: Երասաններն ամո՛ւր բռնիր: Բայց գուցե դեռ կփոխե՞ս քո վճիռը, չէ՞ որ դա քեզ կործանում է սպառնում: Օ՜, թույլ տուր, որ ե՛ս լուսավորեմ երկիրը: Կորստյան մի՛ մատնիր քեզ:
Բայց Փաետոնը մի ակնթարթում ցատկեց երկանվի մեջ ու սանձերը ձեռքն առավ: Նա հրճվում է, ցնծում, երախտագիտություն հայտնում Հելիոսին և շտապում ճամփա ընկնել: Նժույգները դոփում են սմբակներով, բոց են ժայթքում ռունգներից, ապա թեթևությամբ փախցնում են երկանիվը ու մառախուղի միջով դեպի երկինք սուրում թեք ճանապարհով: Նժույգների համար անսովոր թեթև է երկանիվը: Նրանք արդեն սլանում են երկնքով, մի կողմ են թողել Հելիոսի սովորական ճանապարհը և սուրում են ուղին կորցրած: Իսկ Փաետոնը չգիտե ճանապարհը, Փաետոնն անկարող է վարել ձիերին: Երկնքի գագաթից նայեց երկրին, ու երկիրն այնքա՜ն հեռու երևաց, որ նա գունատվեց սոսկումից: Ծնկները դողացին, աչքերը մթնեցին: Նա արդեն զղջում է, որ հորից խնդրել է նրա երկանիվը կառավարել: Ի՞նչ պիտի անի հիմա: Արդեն շատ ճամփա է կտրել, բայց առջևում դեռ երկար ճանապարհ կա: Փաետոնը չի կարողանում զսպել նժույգներին, չգիտե նրանց անունները և այլևս սանձելու ուժ չունի: Չորս կողմը տեսնում է երկնային ահավոր գազաններին և է՛լ ավելի է վախենում:
Երկնքում մի տեղ կա, ուր փռվել է հրեշավոր, ահեղ կարիճը. ձիերը հենց այնտեղ են քաշում Փաետոնին: Տեսավ տարաբախտ պատանին սև թույնով պատած կարիճին, որ սպառնում էր նրան մահացու խայթոցով, և վախից խելակորույս, բաց թողեց սանձերը: Ազատություն զգալով, նժույգներն առավել արագ սուրացին, Մերթ օձագալար վեր էին խոյանում մինչև աստղերը, մերթ էլ, իջնելով, սլանում գրեթե երկրի երեսով:
Հելիոսի քույրը՝ լուսնի աստվածուհի Սելենեն, զարմանքով տեսավ, թե ինչպես են սլանում երկնքով եղբոր նժույգները՝ ճանապարհը կորցրած ու անկառավար: Ցած իջած երկանվի բոցերը լափում են երկիրը: Մեծ ու հարուստ քաղաքներ են հրո ճարակ դառնում, ամբողջ ցեղեր են կորստյան մատնվում: Հրկիզվում են անտառապատ լեռները. երկգլխանի Պառնասը, սաղարթախիտ Կիթերոնը, կանաչապատ Հելիկոնը, Կովկասի լեռները, Տմոլոսը, Իդան, Պելիոնը, Օսսան (52): Ծուխը պատել է չորսբոլորը, թանձր ծխի մեջ Փաետոնը չի իմանում, թե ուր է գնում: Գետերի ու գետակների ջուրը եռ է գալիս: Հավերժահարսները լալիս են ու սարսափահար թաքնվում խորունկ անձավներում: Եռում են Եփրատն ու Օրոնտեսը, Ալփեոսն ու Էվրոտասը (53) և մյուս գետերը: Ահավոր տապից ճաքճքում է երկիրը և արևի շողը թափանցում է Հադեսի խավարամած թագավորությունը: Ծովերը սկսեցին չորանալ: Տոթից տանջահար են լինում ծովային աստվածությունները: Եվ այդ ժամանակ ելավ մեծն Գեա - Երկիր աստվածուհին ու բարձրաձայն գոչեց.
- Օ՜, մեծագույնդ աստվածներից, ամպրոպային Զևս: Մի՞թե ես պիտի կործանվեմ, մի՞թե պիտի կործանվի քո եղբոր՝ Պոսեյդոնի թագավորությունը, մի՞թե ամենայն կենդանություն կորստյան պիտի մատնվի: Նայիր ու տես: Չէ՞ որ երկինքը և աստվածների պալատները կարող են փուլ գալ: Եվ մի՞թե ամեն ինչ պիտի վերադառնա նախնական Քաոսի վիճակին: Օ՜, փրկիր հրո ճարակից այն, ինչ դեռ մնացել է:
Զևսը լսեց Գեա աստվածուհու աղերսանքը, ահեղորեն ճոճեց բազուկը, նետեց իր շողշողուն կայծակը և նրա կրակով մարեց հրդեհը: Զևսը շանթով ջարդեց երկանիվը։ Հելիոսի ձիերը փախան տարբեր կողմերի վրա: Երկնքով մեկ ցաքուցրիվ եղան երկանվի բեկորները և Հելիոսի ձիերի լծասարքը:
Իսկ Փաետոնը, հրկիզվող գանգուրներով, վայր ընկնող աստղի նման սուրաց օդի մեջ և ընկավ իր հայրենիքից հեռու՝ Էրիդանոս գետի ալիքների մեջ: Այնտեղ Հեսպերիդյան հավերժահարսները վերցրին նրա դին ու հողին հանձնեցին:
Իսկ Փաետոնի Հայր Հելիոսը, խորին վշտի մեջ ընկած, ծածկեց իր դեմքը և ամբողջ օրը չերևաց կապուտակ երկնքում: Միայն հրդեհի բոցն էր լուսավորում երկիրը:
Փաետոնի տարաբախտ մայրը՝ Կլիմենեն, երկար փնտրեց կորստյան մատնված որդու դին: Ի վերջո, Էրիդանոսի ափերին գտավ որդու ոչ թե դիակը, այլ դամբարանը: Դառնորեն ողբաց անսփոփ մայրը որդու դամբարանի վրա, կործանված եղբորը ողբացին նաև Կլիմենեի դուստրերը՝ հելիադները: Նրանց վիշտը սահման չուներ: Լացող հելիադներին մեծ աստվածները բարդիներ դարձրին: Շարված են բարդի - հելիադները՝ հակված Էրիդանոսի վրա, և նրանց արցունքախեժը կաթում է սառնորակ ջրերի մեջ, խեժը սառչում ու թափանցիկ հակինթ է դառնում:
Փաետոնի կործանումը վշտահար արեց նաև նրա ընկերոջը՝ Կիկնոսին: Նրա ողբի ձայնը հեռու տարածվեց Էրիդանոսի ափերով: Տեսնելով Կիկնոսի անսփոփ տխրությունը՝ աստվածները նրան ձյունաճերմակ կարապ դարձրին: Այդ ժամանակից ի վեր Կիկնոս - կարապն ապրում է ջրերում, գետերում և լայնարձակ լուսավոր լճերում: Նա վախենում է կրակից, որ կործանեց իր ընկերոջը՝ Փաետոնին:
ԴԻՈՆԻՍՈՍ
ԴԻՈՆԻՍՈՍԻ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ամպրոպային Զևսը սիրում է գեղանի Սեմելեին՝ Թեբեի արքա Կադմոսի դստերը: Մի անգամ Զևսը խոստացավ կատարել նրա ցանկությունը, ինչ էլ որ դա լինի, և երդվեց աստվածների անխախտ երդումով՝ ստորերկրյա Ստիքս գետի ջրերով: Բայց Սեմելեին խորապես ատեց մեծն աստվածուհի Հերան և կամեցավ կորստյան մատնել նրան: Եվ նա ասաց Սեմելեին.
- Խնդրիր Զևսին, որ նա ներկայանա քեզ շանթարձակ աստծո, Օլիմպոսի արքայի իր ամբողջ վսեմությամբ: Եթե նա իրոք սիրում է քեզ, ապա չի մերժի քո խնդիրքը:
Համոզեց Հերան Սեմելեին, և սա Զևսին խնդրեց կատարել հենց ա՛յդ ցանկությունը: Զևսը չէր կարող մերժել Սեմելեին, չէ՞ որ Ստիքսի ջրերով էր երդվել: Եվ շանթարձակը ներկայացավ նրան աստվածների ու մարդկանց արքայի իր ամբողջ վսեմությամբ, իր փառքի ամբողջ փայլով: Վառվռուն կայծակը փայլատակում էր նրա ձեռքին: Կայծակի հարվածները ցնցեցին Կադմոսի պալատը: Ամեն ինչ բռնկվեց Զևսի շանթերից: Հուրը բռնեց պալատը, չորս բոլորն ամեն ինչ ցնցվում էր ու խորտակվում: Սարսափահար Սեմելեն վայր ընկավ գետին, կրակն այրում էր նրան: Նա տեսավ, որ այլևս փրկություն չունի, որ իրեն կորստյան մատնեց Հերայի ներշնչած խնդրանքը:
Եվ մահամերձ Սեմելեն մի տղա ունեցավ՝ Դիոնիսոսին, թուլակազմ և ապրելու անընդունակ մի մանուկ: Թվում էր, թե նա էլ կրակին զոհ գնալու է դատապարտված: Բայց կարո՞ղ էր արդյոք զոհ գնալ մեծն Զևսի զավակը: Բոլոր կողմերից, ասես կախարդական գայիսոնի նշանի համաձայն, գետնի տակից բուսնեցին դալար ու թանձրախիտ բաղեղները և իրենց կանաչով կրակից զերծ պահեցին տարաբախտ մանկանը և փրկեցին մահից:
Զևսը ձեռքն առավ փրկված երեխային, բայց քանի որ նա այնքան փոքր էր ու տկար, որ չէր կարող ապրել՝ Զևսը նրան կարեց իր ազդրի մեջ: Հոր՝ Զևսի մարմնի մեջ Դիոնիսոսը կազդուրվեց ու ամրացավ, և կազդուրվելով, երկրորդ անգամ ծնվեց շանթարձակ Զևսի ազդրից: Եվ այդ ժամանակ աստվածների մարդկանց արքան իր մոտ կանչեց աստվածների բանբեր Հերմեսին և հրամայեց նրան մանկահասակ - Դիոնիսոսին տանել Սեմելեի քրոջ՝ Ինոյի և նրա ամուսին Օրքոմենոսի (55) արքա Աթամասի մոտ. նրանք պիտի դաստիարակեին Դիոնիսոսին:
Հերա աստվածուհին խորին զայրույթով լցվեց Ինոյի ու Աթամասի հանդեպ, որ նրանք դաստիարակության են վերցրել իր համար այնքան ատելի Սեմելեի որդուն: Եվ Հերան վճռեց պատժել նրանց: Աթամասին խելացնոր դարձրեց: Խելացնորության մոլուցքի մեջ Աթամասը սպանեց իր որդի Լեարքոսին:
Ինոն և նրա մյուս որդին՝ Մելիկերտեսը, հազիվհազ ճողոպրեցին մահից: Ամուսինն ընկավ Ինոյի հետևից, ահա հասնում է կնոջը: Առջևում ծովափի ժայռեղեն զառիթափն է, ներքևում՝ աղմկահույզ ծովը, իսկ հետևից ահա ուր որ է կհասնի խելակորույս ամուսինը, փրկություն չունի Ինոն։ Հուսահատության մեջ, առափնյա ժայռերից նա իրեն ծովը նետեց որդու հետ միասին: Ծովում Ինոյին ու Մելիկերտեսին ընդունեցին ներեիդները: Դիոնիսոսի դաստիարակչուհին ու նրա որդին ծովային աստվածություններ դարձան և ժամանակից ի վեր ապրում են ծովային հորձանուտում:
Իսկ Դիոնիսոսին խելացնոր Աթամասից փրկեց Հերմեսը: Մի ակնթարթում նրան Նիսեյան հովիտը հասցրեց և դաստիարակության տվեց հավերժահարսներին: Դիոնիսոսն աճեց իբրև գինու գեղեցիկ ու մեծազոր աստված, որ մարդկանց ուժ ու հրճվանք է տալիս և արգասավորություն պարգևում: Իբրև շնորհ Զևսը Դիոնիսոսի դաստիարակ հավերժահարսներին երկինք տարավ. մութ ու աստղալից գիշերները, մյուս համաստեղությունների միջև շողշողում են նրանք երկնքում՝ Հիադներ (56) անվան տակ:
ԴԻՈՆԻՍՈՍՆ ՈՒ ՆՐԱ ՇՔԱԽՈՒՄԲԸ
Պսակազարդ մենադների ու սատիրների ցնծացող բազմությամբ շրջապատված՝ ընթանում է ուրախ Դիոնիսոսն աշխարհով մեկ, երկրե-երկիր: Նա առջևից է գնում՝ խաղողի ողկույզի պսակը գլխին, բաղեղազարդ թիրասոսը ձեռքին: Նրա շուրջը, երգելով ու ճիչեր արձակելով, արագաթափ պար բռնած, պտույտ են գալիս երիտասարդ մենադները, ցատկոտում են պոչավոր ու այծոտն սատիրները՝ գինուց արբեցած: Երթի հետևից ավանակի վրա բերում են ծերունի Սիլենոսին՝ Դիոնիսոսի իմաստուն ուսուցչին։ Նա թունդ հարբած է, հազիվ է իրեն պահում ավանակի վրա՝ հենվելով մոտը դրված գինու տկին: Նրա ճաղատ գլխի բաղեղապսակը թեքվել է մի կողքի: Գնում է նա ավանակի վրա ճոճվելով ու բարեհոգի ժպտալով: Երիտասարդ սատիրները ընթանում են զգուշորեն քայլող ավանակի մոտով և խնամքով պահում ծերուկին, որ վայր չընկնի: Շվիների, սրինգների ու տիմպանների նվագակցությամբ ցնծագին ընթանում է աղմկահույզ երթը սարերով, սաղարթախիտ անտառներով, կանաչապատ մարգագետիններով: Հրճվանքով գնում է Դիոնիսոս - Բաքոսը, բոլորը հնազանդ են նրա իշխանությանը: Նա մարդկանց սովորեցնում է խաղողագործություն և խաղողի հասուն ու ծանր ողկույզներից գինի պատրաստելու արվեստը:
ԼԻԿՈՒՐԳՈՍ
Բայց ամենուրեք չէ, որ ճանաչում են Դիոնիսոսի իշխանությունը: Հաճախ նա ընդդիմության է հանդիպում, հաճախ ստիպված է լինում ուժով նվաճել երկրներն ու քաղաքները: Բայց թե ո՞վ կարող է կռվել մեծ աստծո, Զևսի որդու հետ: Դաժան դատաստան է տեսնում նրանց հետ, ովքեր ընդդիմանում են իրեն, չեն ուզում ճանաչել ու մեծարել իրեն իբրև աստծո:
Առաջին անգամ նրան վիճակվեց հալածվել Թրակիայում, երբ նա զովաշունչ հովտում, իր ուղեկից մենադների հետ միասին, երգի ու երաժշտության տակ ցնծագին խնջույք էր անում ու պարում: Այդ ժամին նրա վրա հարձակվեց էդոնների (57) դաժան թագավոր Լիկուրգոսը: Սարսափահար դեսուդեն փախան մենադները՝ գետին գցելով Դիոնիսոսի սրբազան սափորները: Մինչև իսկ Դիոնիսոսը փախուստի դիմեց: Լիկուրգոսի հետապնդումից փրկվելու համար ծովը նետվեց. այնտեղ նրան թաքցրեց Թետիս աստվածուհին: Դիոնիսոսի հայրը՝ ամպրոպային Զևսը, դաժանորեն պատժեց Լիկուրգոսին, որ հանդգնել էր վիրավորանք հասցնել պատանի աստծուն. Զևսը կուրացրեց Լիկուրգոսին և նվազեցրեց նրա կյանքի տևողությունը:
ՄԻՆԻԱՍԻ ԴՈՒՍՏՐԵՐԸ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի:
Օրքոմենոսում ևս, Բեոտիայում, չկամեցան միանգամից ճանաչած լինել Դիոնիսոս աստծուն: Երբ Օրքոմենոս եկավ Դիոնիսոս- Բաքոսի քուրմը և բոլոր կանանց ու աղջիկներին կանչեց անտառներն ու սարերը ուրախ տոնախմբության՝ ի պատիվ գինու աստծո, Մինիասի երեք դուստրերը չգնացին տոնախմբությանը մասնակից լինելու. չէին կամենում Դիոնիսոսին ընդունել իբրև աստված: Օրքոմենոսի բոլոր կանայք քաղաքից գնացին սաղարթախիտ անտառները և այնտեղ, երգով ու պարով, մեծարում էին մեծ աստծուն: Բաղեղազարդ թիրսոսները ձեռքներին, բարձրաձայն գոչյուններով, մենադների նման նրանք սլանում էին սարերով ու փառաբանում Դիոնիսոսին: Իսկ Օրքոմենոսի թագավորի դուստրերը նստել էին տանը՝ իրենց սենյակներում, և անվրդով մանում էին ու գործում, չէին էլ ուզում լսած լինել Դիոնիսոս աստծո մասին: Արևը թեքվեց, իջավ երեկոն, իսկ թագավորի դուստրերը չէին լքում իրենց գործը, ուզում էին ինչ էլ որ լինի ավարտել այն:
Հանկարծ մի հրաշք տեղի ունեցավ նրանց աչքերի առաջ: Պալատում հնչեցին շվիների ու տիմպանների ձայներ, գործվածքի թելերը խաղողի վազեր դարձան, և ծանր ողկույզներ կախ ընկան նրանցից: Քարգահները պատվեցին կանաչով և թանձրորեն պարուրվեցին բաղեղներով: Ամենուրեք հորդեց մրտենու (58) ու ծաղիկների բուրմունքը: Ապշահար՝ այս հրաշքին էին նայում թագավորի դուստրերը: Հանկարծ, երեկոյան աղջամուղջով պարուրված պալատում, փայլատակեց ջահերի չարագուշակ լույսը: Լսվեցին վայրի գազանների մռնչյուններ: Պալատի բոլոր սենյակներում հայտնվեցին առյուծներ, հովազներ, լուսաններ ու արջեր: Ահեղադղորդ ոռնոցով վազում էին պալատով մեկ, կատաղորեն փայլեցնելով իրենց աչքերը: Արքայի սարսափահար դուստրերը ջանում էին թաքնվել պալատի ամենահեռավոր ու ամենամութ սենյակներում, որպեսզի չտեսնեն ջահերի փայլը, չլսեն գազանների մռնչյունը: Բայց զուր էր ամեն ջանք, ոչ մի տեղ չէին կարող թաքնվել։ Դիոնիսոս աստծո պատիժը դրանով չսպառվեց: Արքայադուստրերի մարմիններն սկսեցին կուչ գալ, ծածկվել մկան գորշավուն մորթով, ձեռքերի փոխարեն բարակ թաղանթավոր թևեր աճեցին. նրանք չղջիկներ դարձան: Այդ ժամանակից ի վեր նրանք ցերեկային լույսերից թաքնվում էին խավար ու խոնավ ավերակներում և անձավներում: Դիոնիսոսն այսպես պատժեց նրանց։
ՊԵՆԹԵՎՍ
Շարադրված է ըստ Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» (59) ողբերգության։
Բայց Դիոնիսոսին առավել համառ դիմադրություն ցույց տվեց Թեբեի արքան՝ որդին Էքիոնոսի, որ մեկն էր այն ռազմիկներից, որոնց երկիրը ծնել էր օձի ատամներից: Դա Պենթևսն էր՝ Կադմոսի թոռը, որ թագավորում էր զառամյալ պապի փոխարեն: Նա ժխտում էր, որ Դիոնիսոսն աստված էր և Զևսի զավակը: Պենթևսն ասում էր, որ եթե Դիոնիսոսն աստված լիներ, ապա Զևսն իր շանթով չէր մոխրացնի Սեմելեին ու նրա պալատը, կորստյան չէր մատնի իր զավակի մորը: Պենթևսը չէր ուզում խոնարհվել մահկանացու Սեմելեի մահկանացու որդու առաջ:
Մի անգամ, Պենթևսի բացակայության ժամանակ, Դիոնիսոսը սատիրների և մենադների հետ միասին հայտնվեց Թեբեում: Նա վճռել էր վրեժխնդիր լինել Պենթևսից և՛ իր, և՛ իր մոր համար: Թեբեի բոլոր կանանց Դիոնիսոսը տարավ իր հետևից։ Բոլոր կանայք, գործները թողած, գնացին դեպի Կիթերոնի լեռները և այնտեղ մասնակցեցին բաքոսային պարերին՝ Պենթևսի մոր՝ Ագավեի, և նրա երկու քույրերի՝ Ինոյի և Ավտոնոեի գլխավորությամբ: Մինչև անգամ ծերունի Կադմոսը և ծեր գուշակ, պատգամախոս Թիրեսիասը ճանաչեցին մեծ աստծուն: Նրանք էլ բաղեղապսակներ դրեցին գլխներին, զոհեր մատուցեցին ի պատիվ Դիոնիսոսի և փառաբանեցին նրան: Կադմոսն ու Թիրեսիասն էլ արդեն պատրաստ էին գնալու Կիթերոնի անտառները՝ Բաքոսի տոնախմբությանը մասնակից լինելու համար:
Հենց այդ ժամին Պենթևսը վերադարձավ: Ապշահար նայում էր նա ամայացած Թեբեին: Ահեղորեն զայրացավ նա՝ իմանալով, որ բոլոր կանայք գնացել են Դիոնիսոս - Բաքոսի տոնախմբությանը: Մոլեգնած Պենթևսը հրամայեց բռնել բոլոր բաքոսուհիներին ու զնդանը նետել: Տեսնելով, որ իր պապը՝ Կադմոսը և պատգամախոս Թիրեսիասն էլ են բաղեղապսակ դրել ու բաղեղազարդ թիրսոսներ առել ձեռքները, նա սկսեց ծաղրել նրանց ու ասաց, որ ծերությունը զրկել է նրանց բանականությունից:
Պենթևսը չլսեց Թիրեսիասի խորհուրդները: Նա հրամայեց գտնել այն օտարերկրացուն, որ թեբեուհիներին լեռներն է տարել, հրամայեց կապոտել նրան ու իր պալատը բերել: Պենթևսը չէր կարծում, թե այդ օտարերկրացին հենց ինքը՝ մեծ Դիոնիսոսն է: Իսկ խորհրդավոր օտարերկրացին Պենթևսի ծառաներից թաքնվելու միտք էլ չուներ. ինքն է իր ձեռքերը մեկնում ծառաներին, որ կապոտեն, չի գունատվում սոսկումից, հանգիստ է նրա լուսավոր հայացքը: Ապշել են ծառաները, տհաճությամբ են կատարում թագավորի հրամանը, բայց չեն հանդգնում խախտել այն, և կաշկանդված օտարերկրացուն բերում են Պենթևսի մոտ: Շողալով իր պատանեկան նրբին գեղեցկությամբ, փարթամ գանգուրներով, գինու պես հուրհրատին տվող սևորակ աչքերով, անխռով ժպիտը դեմքին, վսեմաշուք ու գեղեցիկ՝ կանգնել էր Դիոնիսոսը Պենթևսի առաջ: Նրան չէին ահաբեկում Պենթևսի սպառնալիքները, քանի որ մահկանացուի սպառնալիքը երկյուղալի չէ աստծու համար:
Իսկ Պենթևսն արդեն բոլորովին կորցրել է իրեն, ցնորվել։ Ծառաները հայտնում են, որ Դիոնիսոսը հրաշագործությամբ զնդանից ազատ է արձակել բաքոսուհիներին, բայց այդ հրաշքը ոչ մի տպավորություն չի գործում Պենթևսի վրա: Նա կամենում է Դիոնիսոսին կապոտել ու մթին գոմը նետել, սպառնում է քարկոծումով, բայց Դիոնիսոսը, առաջվա նման անվրդով ու հանգիստ, ժպտում է հեգնանքով։ Պենթևսն շտապում է իր ձեռքով շղթայակապ անել Դիոնիսոսին: Գինու աստվածը մի ցուլ է ուղարկում Շուրթերը կրծոտելով և ամբողջ ուժերը այնպես լարելով, որ քրտինքը հոսում էր մարմնով, Պենթևսը ջանում էր կապոտել ցուլին` Դիոնիսոսի համակած խելացնորությունից այնպես կարծելով, թե օտարերկրացուն է կապոտում: Իսկ Դիոնիսոսը անխռով նստել է կողքին ու ծիծաղում է նրա ճիգերի վրա:
Հանկարծ ամբողջ պալատը ցնցվեց, սյունաշարերը սասանվեցին, պատերը ճոճվեցին: Սեմելեի դամբարանի վրա մի վիթխարի հրեղեն սյուն բարձրացավ ու լուսավորեց ողջ պալատը: Սարսափահար Պենթևսը կարծեց, թե կրակը բռնել է ամբողջ պալատը, օգնության է կանչում ծառաներին, ջրի ուղարկում Աքելոոս գետը, որ մարեն հրդեհը: Սուրը դուրս քաշելով նետվում է պալատը՝ երկյուղ կրելով, որ հանկարծ գերին կփախչի: Պալատում հանդիպում է Դիոնիսոսին, սուրը ձեռքին նետվում է նրա վրա. Պենթևսին այնպես է թվում, թե խոցեց նրան, բայց դա այլ բան չէ, քան աստվածների ուղարկած ուրվականը: Պենթևսը հիմա էլ շտապում է ճողոպրել պալատից: Չորսբոլորն ամեն ինչ ճոճվում է և հանկարծ պալատն ահեղադղորդ փուլ է գալիս:
Սոսկումով բռնված Պենթևսն ընկնում է գետին, բայց մնում է անվնաս: Մեկ էլ սարսափահար Պենթևսը տեսնում է Դիոնիսոսին բաքոսուհիների մեջ, պալատի ավերակների առաջ կանգնած։ Հարցնում է, թե նա ինչպե՛ս է ազատվել:
Օտարերկրացին անվրդով պատասխան է տալիս, որ իրեն ազատել է նա՛, ում կամքով խաղողի վազերի վրա հյութառատ ողկույզներ են պտղավորվում: Պենթևսը դարձյալ սպառնում է նրան:
Այդ պահին Կիթերոնի լեռներից մի հովիվ է գալիս հևիհև վազելով, երկյուղածությամբ պատմում է, թե ինչի է ականատես եղել լեռներում: Բաքոսի տոնախմբությանը մասնակցող բոլոր կանայք, հովվի վկայությամբ, բաժանվել են երեք խմբի, որոնց առաջնորդում են Պենթևսի մայրը՝ Ագավեն ու սրա քույրերը: Երբ հովիվը նախիրը քշելիս է լինում դեպի Կիթերոն, բաքոսուհիները հանգստանալիս են լինում, բայց Ագավեի նշանի համաձայն վեր են թռչում տեղներից, ասես հոգնություն չզգալով: Մեջքները վայրենի գազանների մորթիներով պատած, իրենց օձերով պարուրած, գլխներին բաղեղապսակներ դրած՝ նրանք պար են բռնում ու երգում ի պատիվ Դիոնիսոսի: Բազում հրաշքներ էր տեսել հովիվը: Տեսել էր, թե ինչպես բաքոսուհիներից մեկը թիրսոսով հարվածել էր գետնին, և այնտեղից վճիտ աղբյուր է հորդել, մեկ ուրիշն է հարվածել՝ այս անգամ էլ գինու աղբյուր է բխել: Բավական էր, որ բաքոսուհին մատով մի թեթև քերծեր գետինը, որպեսզի գետնից հորդառատ կաթ բխեր: Բաքոսուհիների թիրսոսներից ախորժաբույր մեղր էր ծորում: Հովիվը լսել էր, թե ինչպես լեռները, հովիտներն ու դաշտերը, մինչև անգամ վայրենի գազաններն էին բարձրաձայն ցնծում բաքոսուհիների հետ՝ արձագանքելով նրանց հաղթական բացականչություններով:
Արքային հաճոյանալու համար հովիվն ուզեցել է իր ընկերների հետ գնալ ու բռնել Ագավեին և պալատ բերել: Բայց Ագավեն օգնության է կանչել բաքոսուհիներին, և նրանք փախուստի են մատնել հովիվներին: Իսկ հետո վրա են թափվել նախրի վրա, մոլեգնաբար պատառոտել բոլոր կովերին ու ցուլերին: Աստված տասնապատկել էր նրանց ուժը: Հետո ահագնաթափ հեղեղի նման Կիթերոնի բարձունքներից նետվել են հովիտը, հարձակում գործել Քիսիա և Էրիտիա քաղաքների վրա ու ավերել: Նրանք տներից հափշտակում էին մանուկներին և տանում իրենց ուսերի վրա ու, թեև ձեռքերով չէին պահում երեխաներին, նրանցից ոչ մեկը ցած չընկավ: Զինավառ տղամարդիկ փորձում էին ընդդիմանալ նրանց, բայց զենքը չէր վնասում բաքոսուհիներին, իսկ սրանք իրենց թիրսոսով այնպես էին խոցում տղամարդկանց, ասես դրանք ոչ թե թիրսոսներ, այլ սուրսայր սրեր ու նիզակներ լինեին: Վերջապես հոգնատանջ բաքոսուհիները վերադարձել են այնտեղ, ուր գինու աղբյուր էր բխում: Այնտեղ լվացվել, մաքրվել են արյունից և տեղավորվել հանգիստ առնելու՝ հիմներ երգելով ի փառս Դիոնիսոսի:
Հովիվը հավատացնում էր Պենթևսին, թե այդպիսի բաներ միայն աստծո օգնությամբ կարելի է անել, բայց նա ոչինչ չէր ուզում լսած լինել: Սպառնում էր, թե իր զորաբանակը կտանի ընդդեմ բաքոսուհիների. արդեն զենքի է կոչում իր ռազմիկներին ու այն քաղաքացիներին, ովքեր զենք բռնելու կարողություն ունեն: Մահ էր կանխորոշել բոլոր բաքոսուհիներին. թող նրանց արյունը հոսի իբրև զոհաբերությո՛ւն Դիոնիսոսին: Իսկ Դիոնիսոսը միայն ժպտում էր ի պատասխան Պենթևսի սպառնալիքների. մահկանացուների զորաբանակը չէր ահաբեկում նրան:
Դիոնիսոսը իսպառ պղտորեց Պենթևսի միտքը. համոզեց, որ կանացի զգեստներ հագնի ու գնա Կիթերոնի անտառները, որպեսզի ականատես լինի բաքոսուհիների մոլագարությանը և այն հրաշքներին, որ գործում էին նրանք: Պենթևսը հնազանդվեց նրան: Գնում է Դիոնիսոսի հետևից ու նրան թվում է, թե Դիոնիսոսը կեռաեղջյուր մի ցուլ է դարձել. Պենթևսի աչքին երկու արև է երևում, երկու Թեբե: Ավելի ու ավելի է ցնորվում։ Չի էլ հասկանում, թե ինչ է արածը: Զգուշությամբ, որպեսզի չնկատվեն, Դիոնիսոսն ու Պենթևսը եկան Կիթերոն: Բաքոսուհիները հանգիստ էին առնում։ Դիոնիսոսը թաքցրեց նրանց Պենթևսի հայացքից: Եվ բաքոսուհիներին տեսնելու համար Պենթևսը վճռեց բարձրանալ մի բարձր եղևնու վրա: Դալար ճյուղի նման կռացրեց դարավոր եղևնին Դիոնիսոս աստվածը, որպեսզի Պենթևսը կարողանա նստել նրա կատարին: Հետո զգուշորեն բաց թողեց եղևնին ու երբ ծառը շտկվեց, իսկ Պենթևսը հայտնվեց բարձր ծառի կատարին՝ բոլոր կողմերից տեսանելի, Դիոնիսոսն աներևույթ դարձավ ու գոչեց բարձրաձայն.
- Օ՜, կանայք, ահա՛ ձեզ մոտ եմ բերել նրան, ով ծաղրում էր ինձ ու իմ տոնախմբությունները: Պատժեցե՛ք նրան:
Եվ Դիոնիսոսը գետին նետեց իր հոր՝ Զևսի շանթը:
Տեղներից վեր թռան հանգստացող բաքոսուհիները, տեսան Պենթևսին և նետվեցին դեպի եղևնին։ Նրանք ուզում էին քարկոծել Պենթևսին, թիրսոսներ նետել նրա վրա, բայց եղևնին չափազանց բարձր էր: Այդ ժամանակ, Ագավեի կոչով, բաքոսուհիները խռնվեցին եղևնու շուրջը և ծառն արմատախիլ արեցին: Գետին տապալվեց Պենթևսը, իսկ բաքոսուհիները նետվեցին նրա վրա ու պատառ-պատառ արեցին, թեև նա աղերսում էր խնայել իրեն: Պենթևսի մայրը հափշտակեց նրա արնաթաթավ գլուխը և տնկեց իր թիրսոսի վրա: Մոլագարության մեջ նա այնպես էր կարծում, թե դա կորյունի գլուխ է:
Բաքոսուհիները հաղթական երթով մոտեցան Թեբեին: Ցնծալով, Ագավեն ցույց էր տալիս բնակիչներին, թե ի՜նչ որս են խփել առանց աղեղի, ինչ որս են բռնել առանց Կադմոսի աղջկա գործած ցանցերի: Բաքոսուհիները հանդիպեցին Կադմոսին ու Թիրեսիասին, որոնք ժողովում էին Պենթևսի պատառ-պատառ արված մարմնի մասերը և, ողբալով, Թեբե տանում։ Սոսկումնահար եղավ Կադմոսը՝ թոռան գլուխը տնկված տեսնելով Ագավեի թիրսոսի վրա: Ահա թե իր իսկ ձեռքով Ագավեն ի՜նչ զոհ է մատուցել Դիոնիսոսին։ Ագավեի խելքը գլուխը եկավ. ճանաչեց նա որդու գլուխը ու հասկացավ, թե ի՜նչ չարագործություն է արել:
Բարձր երկնքում հայտնվեց մեծն Դիոնիսոս աստվածը և գոչեց ի լուր բոլորի,
- Եթե դուք ինձ ավելի վաղ ճանաչեիք իբրև աստված և ամպրոպային Զևսի որդի, ապա երջանիկ կյանք կունենայիք իմ հովանու ներքո:
Թեբեում բոլորը կռահեցին, որ Դիոնիսոսը պատժել է բոլորին, քանի որ նրանք չէին կամեցել նրան իբրև աստված ճանաչել:
ՏԻՐԵՆՅԱՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ (60)
Շարադրված է ըստ հոմերոսյան հիմնի և Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի:
Դիոնիսոսը պատժեց նաև տիրենյան ծովահեններին, բայց ոչ այնքան այն պատճառով, որ իրեն իբրև աստված չէին ճանաչում, որքան ի հատուցումն այն չարիքի, որ նրանք ցանկանում էին հասցնել նրան որպես մի հասարակ մահկանացուի:
Մի անգամ պատանի Դիոնիսոսը կանգնած էր լազուր ծովի ափին: Ծովային զեփյուռը գուրգուրանքով խաղում էր նրա թուխ գանգուրների հետ և մեղմորեն տատանում ծիրանի թիկնոցի դարսերը, որ իջնում էր պատանի աստծո բարեկազմ ուսերից:
Ծովի մեջ՝ հեռվում մի նավ երևաց, որ արագորեն մոտենում էր ափին. երբ նավն արդեն մոտեցել էր, նավորդները, - նրանք հենց տիրենյան ծովահեններն էին, - ամայի ծովափին տեսան հրաշք պատանուն։ Նրանք շուտափույթ ափ ելան, հափշտակեցին Դիոնիսոսին ու տարան իրենց նավը։ Ավազակների մտքով չէր էլ անցնում, թե աստծո են գերել: Ցնծում էին ծովահենները, որ այդպիսի որս են ձեռք գցել: Վստահ էին, որ շատ ոսկի կվաստակեն, այդքան գեղեցիկ պատանուն ստրկության վաճառելով:
Նավ նստելով, ծովահենները կամեցան ծանր շղթաներով կապոտել Դիոնիսոսին, բայց շղթաները ցած էին թափվում պատանի աստծո ոտքերի ու ձեռքերի վրայից: Նա նստել ու անխռով ժպիտը դեմքին նայում էր ծովահեններին: Երբ նավավարը տեսավ, որ շղթաները թափվում են պատանու ձեռքերի վրայից, ահաբեկված ասաց ընկերներին.
- Տարաբախտնե՜ր: Այս ի՞նչ ենք անում: Արդյոք աստծուն չէ՞, որ մենք ուզում ենք շղթայակապ անել: Մի տեսեք, նավն էլ հազիվ է պահում նրան: Զև՞սն է արդյոք սա, արծաթաղեղ Ապոլո՞նը, թե՞ երկրասասան Պոսեյդոնը: Ոչ, սա նման չէ մահկանացուի Սա լուսապայծառ Օլիմպոսում ապրող աստվածներից է անշուշտ: Շուտափույթ բա՛ց թողեք նրան, ա՛փ իջեցրեք, ազա՛տ արձակեցեք, քանի դեռ ուժգին հողմեր առաջ չի բերել, ահեղ փոթորիկ չի բարձրացել ծովում:
Բայց նավապետը չարախնդությամբ պատասխան տվեց իմաստուն նավավարին.
- Ողորմելի: Տեսնո՛ւմ ես, բարեբախտ քամի է փչում: Մեր նավը սուրում է անեզր ծովի ալիքների վրայով: Պատանու մասին մենք հետո հոգ կտանենք: Մենք կնավենք Եգիպտոս կամ Կիպրոս, կամ էլ հիպերբորեոսների հեռավոր երկիրը և այնտեղ կվաճառենք սրան: Թող այս պատանին այնտե՛ղ փնտրի իր ընկերներին ու եղբայրներին: Ո՛չ, աստվածներն են սրան մեզ ուղարկել:
Ծովահենները հանգիստ բաց արեցին առագաստները, և նավը բաց ծով դուրս եկավ: Հանկարծ հրաշք տեղի ունեցավ. նավը ցողվեց անուշաբույր գինով և օդը հագեցավ նրա քաղցր բուրմունքով: Ծովահենները քար կտրեցին զարմանքից: Բայց ահա առագաստների վրա կանաչին տվեցին խաղողի վազերը՝ ծանր ու լիքը ողկույզներով. կայմը պարուրվեց կանաչ բաղեղով, ամենուրեք սքանչելի պտուղներ հայտնվեցին, նավեզրի թիակալները ծածկվեցին ծաղկե շղթաներով: Երբ այս ամենը տեսան ծովահենները՝ սկսեցին աղերսել իմաստուն նավավարին, որ շուտափույթ ափ հասցնի իրենց: Բայց արդեն ո՛ւշ է: Պատանին առյուծ դարձավ և ահավոր մռնչյունով, աչքերը կատաղորեն փայլեցնելով ցատկեց տախտակամած: Նավի միջնամասում հայտնվեց մի թավամազ արջ, որ ահեղորեն բացուխուփ էր անում երախը: Սոսկումնահար ծովահենները դեպի ղեկը` նետվեցին ու խռնվեցին նավավարի շուրջը: Առյուծը մի վիթխարի ոստյունով նետվեց նավապետի վրա ու պատառոտեց նրան: Փրկության հույսը կորցրած՝ ծովահեններն իրար հետևից նետվեցին ծովի ալիքների մեջ, իսկ Դիոնիսոսը նրանց դելփիններ դարձրեց: Նավավարին խնայեց Դիոնիսոսը: Ընդունեց իր աստվածային կերպարանքը և, սիրալիր ժպտալով, ասաց նրան.
- Մի՛ վախեցիր: Ես սիրեցի քեզ: Ես Դիոնիսոսն եմ, ամպրոպային Զևսի և Կադմոսի դստեր՝ Սեմելեի որդին:
ԻԿԱՐԻՈՍ
Պարգևներ էր տալիս Դիոնիսոսն իրեն իբրև աստծո մեծարող մարդկանց: Այդպես նա պարգև տվեց Իկարիոսին Ատտիկայում, երբ սա հյուրընկալ ընդունելություն ցույց տվեց իրեն: Դիոնիսոսը նրան խաղողի վազ նվիրեց, և Իկարիոսն առաջինն էր, որ Ատտիկայում խաղող աճեցրեց: Բայց տխուր եղավ Իկարիոսի ճակատագիրը:
Մի անգամ նա գինի տվեց հովիվներին, և սրանք, չիմանալով, թե ինչ բան է հարբելը, կարծեցին, թե Իկարիոսը թունավորել է իրենց: Սպանեցին Իկարիոսին ու դին թաղեցին լեռներում: Իկարիոսի դուստրը՝ Էրիգոնեն, երկար փնտրեց հորը: Ի վերջո իր շան՝ Մայրայի օգնությամբ գտավ հոր գերեզմանը: Հուսահատությունից տարաբախտ Էրիգոնեն կախվեց այն ծառից, որի ներքո հայրն էր թաղված: Իկարիոսին, Էրիգոնեին ու նրա շանը՝ Մայրային Դիոնիսոսը բարձրացրեց երկինք: Այդ ժամանակից ի վեր վառվում են նրանք մութ երկնակամարի վրա, պարզկա գիշերներին, իբրև Եզնարածի, Կույսի և Մեծ Շան համաստեղություններ:
ՄԻԴԱՍ
Շարադրված է ըստ Օվիդիոսի «Կերպարանափոխություններ» պոեմի:
Մի անգամ ուրախ Դիոնիսոսը մենադների ու սատիրների աղմկալի բազմության հետ թափառում էր Փռյուգիայում (61), Տմոլոսի անտառապատ ժայռերում: Միայն Սիլենոսն էր, որ նրա հետ չէր: Նա ետ ընկավ և, ամեն քայլափոխին սայթաքելով, թունդ հարբած, շրջում էր փռյուգիական դաշտերում, Տեսան նրան գյուղացիք, բռնեցին ու կապոտեցին ծաղկահյուս շղթաներով, և տարան Միդաս արքայի մոտ: Միդասն իսկույն ճանաչեց Դիոնիսոսի ուսուցչին, պատվով ընդունեց իր պալատում և ինը օր մեծարեց ճոխ խնջույքներով: Տասներորդ օրը Սիլենոսին Միդասն ինքը տարավ Դիոնիսոս աստծո մոտ։ Շատ ուրախացավ Դիոնիսոսը Սիլենոսին տեսնելով և թույլ տվեց, որ Միդասը, իր ուսուցչին մատուցած պատվի համար, ընտրի իր կամեցած շնորհը: Եվ Միդասը գոչեց.
- Օ՜, մեծ աստված Դիոնիսոս, հրամայիր, որ մաքուր, շողշողուն ոսկի դառնա այն ամենը, ինչին որ ես դիպչեմ:
Դիոնիսոսն ի կատար ածեց Միդասի իղձը, նա ափսոսաց միայն, որ Միդասն իր համար ավելի լավ շնորհ չընտրեց:
Հեռացավ Միդասը ցնծալով. Ուրախանալով իր ստացած շնորհի համար, նա մի կանաչ ճյուղ է պոկում կաղնուց. ոսկեղեն է դառնում ճյուղը նրա ձեռքին: Հասկեր է պոկում դաշտում՝ ոսկեղեն են դառնում հասկերը, ոսկի են դառնում նաև ցորենի հատիկները: Խնձոր է պոկում՝ ոսկի է դառնում խնձորը, Հեսպերիդների այգիների խնձորի պես: Այն ամենը, ինչին որ հպվում է Միդասը՝ իսկույն ոսկի է դառնում: Ձեռքերը լվանալիս՝ ջուրը ձեռքերից թափվում էր իբրև ոսկեղեն կաթիլներ: Ցնծում է Միդասը: Ահա նա իր պալատը եկավ: Սպասավորները նրա համար խնջույքի շքեղ սեղան են գցել, ահա և երջանիկ Միդասը թեք ընկավ (62) բազմոցին: Այստեղ է, որ նա կռահեց, թե ինքն ի՜նչ ահավոր շնորհ է խնդրել Դիոնիսոսից. Միդասի հպումից ամեն ինչ իսկույն ոսկի է դառնում. բերանի մեջ ոսկի էր դառնում և՛ հացը, և՛ գինին, և՛ խորտիկները: Ու հասկացավ Միդասը, որ իրեն սովամահություն է վիճակված: Ձեռքերը վեր կարկառեց ու գոչեց.
- Գթա՜, գթա՛ ինձ, ո՜վ Դիոնիսոս: Ների՜ր: Ներումն եք աղերսում: Ե՛տ առ այս շնորհը:
Դիոնիսոսը հայտնվեց ու այսպես ասաց Միդասին.
- Գնա Պակտոլոսի (63) ակունքները, նրա ջրերում մարմնիդ վրայից լվա այդ շնորհը և քո մեղքը: Դիոնիսոսի հրամանով Միդասը գնաց Պակտոլոսի ակունքները, ընկղմվեց նրա վճիտ ջրերի մեջ: Պակտոլոսի ոսկեշիթ դարձած ջրերը Միդասի մարմնի վրայից լվացին Դիոնիսոսի տված շնորհը: Այդ ժամանակից է, որ ոսկեբեր է դարձել Պակտալոսը:
ՊԱՆ (64)
Դիոնիսոսի շքախմբի մեջ հաճախ կարելի է տեսնել նաև Պան աստծուն։ Երբ ծնվեց մեծն Պանը, մայրը՝ Դրիոպե հավերժահարսը, որդուն տեսնելուն պես փախուստի դիմեց: Պանը ծնվել էր այծի ոտքերով ու եղջյուրներով և երկար մորուքով: Բայց նրա հայրը՝ Հերմեսը, ուրախ էր որդու ծնունդով, բռնեց որդու ձեռքից ու լուսապայծառ Օլիմպոս՝ աստվածների մոտ տարավ։ Բոլոր աստվածները՝ աղմկալի հրճվանքով ընդունեցին Պանի ծնունդը, ծիծաղում էին նրան նայելիս:
Պան աստվածը չմնաց Օլիմպոսում՝ աստվածների հետ ապրելու: Նա գնաց սաղարթախիտ անտառներն ու լեռները: Այնտեղ հովվություն է անում, նվագում իր հնչեղ սրինգը: Պանի սրինգի հրաշալի ձայնը լսելուն պես հավերժահարսները շտապում են նրա մոտ, շրջապատում նրան, և, շատ չանցած, ուրախ խմբապարը, Պանի սրինգի նվագակցությամբ, սահում է կանաչապատ հովիտով։ Պանն էլ է սիրում մասնակից լինել հավերժահարսների խմբապարին: Ու երբ ցնծում է Պանը, խնդության ժխորը բռնում է լեռնալանջերին ընկած անտառը: Ուրախ-ուրախ պարում են ցատկոտում հավերժահարսներն ու սատիրները՝ աղմկասեր այծոտն Պանի հետ միասին: Իսկ երբ վրա է հասնում կեսօրվա տապը, Պանը հեռանում է անտառի կուսական թավուտները կամ զովաշունչ անձավը՝ այնտեղ հանգիստ առնելու: Այդ ժամին վտանգավոր է նրա անդորրը խախտելը: Պոռթկացող խառնվածքի տեր է Պանը. ցասման մեջ նա կարող է ծանր ու տանջալից երազ առաքել, կարող է և անսպասելի հայտնվելով՝ վախեցնել իրեն անհանգիստ անող ճամփորդին։ Ի վերջո, կարող է պանական (65) վախ առաջացնել, այնպիսի մի սոսկում, որ մարդ գլխապատառ փախուստի դիմի ճանապարհը կորցրած, անտառներով ու լեռներով, անդունդների եզրերով՝ առանց կռահելու, որ փախուստի ամեն պահը կործանում է սպառնում:
Պատահել է, որ Պանը ամբողջ զորաբանակի է այդպիսի վախ ներշնչել և անզուսպ փախուստի մատնել: Չպիտի գրգռել Պանին. ահեղ է նա զայրույթի պոռթկման ժամին: Բայց եթե Պանը չի զայրանում, ապա սիրալիր է ու բարեհոգի: Նա շատ բարիքներ է անում հովիվներին։ Հույների հոտերն ու նախիրները պահպանում և գուրգուրում է մեծն Պանը՝ մոլեգին մենադների պարերի ուրախ մասնակիցը, գինու աստված Դիոնիսոսի գրեթե մշտական ուղեկիցը:
ՊԱՆ ԵՎ ՍԻՐԻՆԳՍ
Մեծն Պանն էլ չխուսափեց ոսկեթև Էրոսի նետերից: Սիրեց Պանը չքնաղ հավերժահարս Սիրինգսին: Բարձրամիտ էր հավերժահարսը և մերժում էր բոլորի սերը: Ինչպես Լետոյի դստեր՝ մեծն Արտեմիսի, Սիրինգսի համար ևս որսը սիրելի զբաղմունք էր: Հաճախ Սիրինգսին մինչև իսկ շփոթում էին Արտեմիսի հետ. այդքան գեղեցիկ էր դեռատի հավերժահարսը՝ իր կարճ զգեստով, ուսը գցած կապարճով, ձեռքին բռնած աղեղով: Ինչպես ջրի երկու կաթիլ, նա նման էր Արտեմիսին. միայն թե սրա աղեղը եղջյուրից էր և ոչ թե ոսկուց, ինչպես մեծ աստվածուհունը:
Պանը մի անգամ տեսավ Սիրինգսին և կամեցավ մոտ գնալ նրան: Նայեց հավերժահարսը Պանին ու ահաբեկված փախուստի դիմեց։ Պանը, որ ուզում էր մոտենալ նրան, հազիվ էր հասնում հետևից: Բայց ահա վազող հավերժահարսի ճանապարհը կտրում է մի գետ: Ո՞ւր պիտի փախչի նա: Ձեռքերը դեպի գետն է մեկնել Սիրինգսը և փրկություն է աղերսում գետի աստծուց: Գետի աստվածը լսեց հավերժահարսի աղերսանքը և նրան եղեգն դարձրեց: Մոտ վազեց Պանը և արդեն ուզում էր գրկել Սիրինգսին, բայց լոկ ճկուն, մեղմորեն սոսափող եղեգնը գրկեց: Կանգնած մնաց Պանը՝ տրտմաթախիծ հառաչելով: Եղեգնի նրբին սոսափյունի մեջ նա չքնաղ հավերժահարսի հրաժեշտի ողջույնն էր լսում: Մի քանի եղեգն կտրեց Պանը և դրանցից մի քաղցրահնչուն սրինգ սարքեց և եղեգնի անհավասար հանգուցակապերն ամրացրեց մեղրամոմով։ Հավերժահարսի հիշատակին, Պանը սիրինգս (66) կոչեց իր հնարած գործիքը: Այդ ժամանակից ի վեր մեծն Պանը սիրում է անտառի մենության մեջ նվագել իր սրինգ - սիրինգսը՝ շրջակա լեռները լցնելով նրա քնքուշ հնչյուններով:
ՊԱՆԻ ԵՎ ԱՊՈԼՈՆԻ ՄՐՑՈՒԹՅՈՒՆԸ (64)
Հպարտանում էր Պանը իր նվագով: Մի անգամ նա մրցման հրավիրեց մինչև իսկ Ապոլոնին: Դա պատահեց Տմոլոսի լեռնալանջերին: Դատավորն այդ լեռան աստվածն էր: Ծիրանի թիկնոցով, ոսկեղեն կիթառը ձեռքին, դափնեպսակով զարդարված՝ Ապոլոնը մրցության եկավ: Պանն առաջինը սկսեց նվագել: Հնչեց նրա Հովվական սրինգի պարզունակ ձայնը, քնքշորեն տարածվեց Տմոլոսի լանջերով: Ավարտեց Պանը: Երբ մարեց նրա սրինգի արձագանքը, զարկեց Ապոլոնն իր կիթառի ոսկեղեն լարերին: Հորդացին աստվածային երաժշտության վսեմ հնչյունները: Շուրջը կանգնած ամենայն ոք հմայվածի պես ունկնդրում էր Ապոլոնին: Հաղթաբար թնդում էին կիթառի ոսկեղեն լարերը, բովանդակ բնությունը քար էր կտրել և լռության մեջ, իբրև լայնատարած ալիք, հորդում էր հրաշք գեղեցկությամբ հագեցած մեղեդին: Ավարտեց Ապոլոնը: Մարեցին նրա կիթառի վերջին հնչյունները: Տմոլոս լեռան աստվածը հաղթանակը Ապոլոնին շնորհեց: Բոլորը փառաբանում էին մեծն կիթառահար աստծուն: Միայն Միդասն էր, որ չէր սքանչանում Ապոլոնի երաժշտությամբ և Պանի պարզունակ նվագն էր գովաբանում: Մեծապես զայրացավ Ապոլոնը. բռնեց ու քաշեց երկարացրեց Միդասի ականջները: Այդ ժամանակից ի վեր Միդասն ավանակի ականջներ ունի, որոնք նա ջանասիրաբար թաքցնում է իր ահագին տյուրբանի (67) տակ: Իսկ վշտահար Պանը, պարտություն կրելով Ապոլոնից, ավելի խորացավ անտառների թավուտներում, այնտեղ հաճախ լսվում է նրա սրինգի տրտմալից ու քնքուշ հնչյունները, և նրան սիրով են ունկնդրում դեռատի հավերժահարսները:
1 - Քրոնոս - ժամանակ, այստեղից էլ խրոնոլոգիա՝ ժամանակագրություն:
2 - Զևս - հռոմեական Յուպիտերը: Օլիմպոսի աստվածների կյանքի պատկերը տրված է ըստ Հոմերոսի ստեղծագործության՝ «Իլիականի» և «Ոդիսականի»: Այդ երկերում փառաբանված են տոհմատիրական արիստոկրատիան և նրա գլուխ կանգնած բասիլևսները՝ իբրև բոլորից լավ, մնացած ժողովրդից շատ ավելի բարձր կանգնած անձինք: Օլիմպոսի աստվածները արիստոկրատներից և բասիլևսներից տարբերվում են միայն անմահությամբ, ամենազորությամբ և հրաշքներ գործելու կարողությամբ: Զևսն էլ մի բասիլևս է, որ տիրում է ամբողջ երկրին ու երկնքին, հենվելով աստվածների արիստոկրատիայի վրա: Պոսեյդոնը ևս Զևսի նման իդեալականացված բասիլևս է: Նա իշխում է ծովի վրա՝ շրջապատված ծովային աստվածների արիստոկրատիայով: Ուրեմն, աստվածների մեջ ևս, ինչպես մարդկանց, մենք տեսնում ենք բասիլևսներ, որոնցից յուրաքանչյուրը իշխում է իր ասպարեզում: Զևսը տիրում է երկրին ու երկնքին, Պոսեյդոնը՝ ծովին, իսկ Հադեսը՝ ստորերկրյա թագավորությանը: Հունաստանի կրոնի մեջ ցայտուն կերպով արտահայտված է նրա դասակարգային բնույթը:
3 - Զոհաբերության կրակի և ընտանեկան օջախի աստվածուհին, քաղաքների ու պետության հովանավորը: Հետագայում Հռոմում Հեստիայի հետ նույնացվեց Վեստան՝ ընտանեկան օջախի աստվածուհին:
4 - Հողի արգավանդության մեծ աստվածուհին, որ աճեցնում է այն ամենը, ինչ բուսնում է երկրի վրա, որ բերք է տալիս արտերին, օրհնում երկրագործի աշխատանքը: Հռոմեացիները Դեմետրա աստվածուհուն կոչեցին արտերի արգավանդության իրենց հին աստվածուհու՝ Ցերերայի անունով: Դեմետրայի առասպելները տե՛ս ստորև
5 - Հռոմեացիների մեջ սրանց համապատասխանում են Յունոնան, Պլուտոնը և Նեպտունը:
6 - Կիսաստվածներ, Զևսի պահապաններն ու պաշտպանները: Հետագայում Կրետեում կուրետներ էին կոչում Զևսի և Հռեայի քուրմերին:
7 - Հռոմեական առասպելաբանության մեջ սրանց համապատասխանում են Յունոնան, Դիանան, Վեներան և Միներվան։
8 - Հռոմեացիների Վուլկանը:
9 - Ըստ հռոմեացիների՝ գրացիաներ:
10 - Ըստ հռոմեացիների՝ պարկաները:
11 - Ըստ հռոմեացիների՝ Ֆորտունան:
12 - Ըստ հույների պատկերացման ամբողջ երկիրը բոլոր կողմերից ողողում է ջրային հորձանքը:
13 - Հադեսի թագավորությունը՝ մեռյալների հոգիների թագավորությունը, հին հույները ահավոր ու խավարչտին են պատկերացրել, իսկ «անդրշիրիմյան կյանքը»՝ համարել դժբախտություն: Զուր չէ, որ ստորերկրյա աշխարհից՝ Ոդիսևսի կողմից կանչված Աքիլլեսի ստվերն ասում է, թե ավելի լավ է ստորագույն ծառա լինել երկրի վրա, քան արքա՝ Հադեսի թագավորության մեջ:
14 - Այստեղից էլ՝ լքվել է «Լեթեի մեջ», այսինքն՝ «ընդմիշտ մոռացվել է» արտահայտությունը:
15 - Ասփոդել - վայրի կակաչ:
16 - Հադեսի ստորերկրյա թագավորության հրեշավոր շները՝ Ստիքս ստորերկրյա գետի ափերից:
17 - Ստորերկրյա աստվածները գլխավորապես մարմնացրել են բնության ահեղ ուժերը. նրանք օլիմպացի աստվածներից շատ ավելի հին են: Ժողովրդական հավատալիքների մեջ նրանք ավելի նշանակալից դեր են խաղացել:
18 - Հերա ( ըստ հռոմեացիների՝ Յունոնա) - երկնքի դիցուհին, ամուսնության հովանավորը, մայրերի պահապանը՝ ծննդաբերության ժամանակ: Առանձնապես պաշտվել է Սպարտայում, Կորնթոսում, Օլիմպիայում և Արգոսում, որտեղ գտնվել է նրա հռչակավոր տաճարը: Հերայի առասպելի մեջ արտացոլվել է կնոջ վիճակը Հին Հունաստանում: Ինչպես հույն կինը տղամարդուն հավասար իրավունքներ չի ունեցել և նշանակալից չափով ենթակա է եղել ամուսնուն, այդպես էլ Հերան է ենթարկվել իր ամուսին Զևսին: Հերայի կուլտի մեջ պահպանվել են տոտեմիզմի հետքերը. մենք տեղեկություններ ունենք, որ նրան երբեմն պատկերել են, օրինակ, ձիու գլխով: Սա արդեն ցույց է տալիս, որ Հերան Հունաստանի հնագույն աստվածուհիներից է:
19 - Հարյուրակնյա Արգոս - աստղալից երկնքի մարմնավորումը:
20 - Ապոլոն - Հունաստանի հնագույն աստվածներից է: Նրա կուլտի մեջ պարզորոշ պահպանվել են տոտեմիզմի հետքերը: Այսպես, օրինակ, Արկադիայում երկրպագում էին Ապոլոնին, որ պատկերվում էր ոչխարի կերպարանքով: Սկզբում Ապոլոնը հոտերի պահապան աստվածն էր: Հետո աստիճանաբար դառնում է լույսի աստվածը: Ավելի ուշ, նրան սկսեցին համարել գաղթողների հովանավորը, հիմնադրվող հունական գաղութների հովանավորը, իսկ հետո՝ արվեստի, պոեզիայի ու երաժշտության հովանավորը: Ահա ինչու Մոսկվայի Ակադեմիական մեծ թատրոնի վրա կանգնեցված է Ապոլոնի արձանը՝ քնարը ձեռքին, քառաձի երկանվով սուրալիս: Բացի այդ, Ապոլոնը դարձավ ապագան կանխատեսող աստված: Հին աշխարհում հռչակված էր նրա սրբավայրը Դելփիքում, որտեղ քուրմը գուշակություններ էր անում: Անշուշտ, այդ գուշակությունները սարքում էին Հունաստանի անցուդարձին լավատեղյակ քուրմերը և այնպես էին անում, որ հնարավոր լիներ գուշակությունը մեկնաբանել և՛ մեկ և՛ մյուս ձևով: Հնում հայտնի էր Դելփիքում Լիդիայի արքային՝ Կրեսոսին, հայտնված գուշակությունը, երբ նա պատերազմում էր Պարսկաստանի դեմ: Նրան ասել էին. «Եթե դու անցնես Հալիս գետը, ապա կորստյան կմատնես մի մեծ թագավորություն», բայց թե ո՞ր թագավորությունը՝ իրենը, թե պարսկականը՝ այդ չէր ասված:
21 - Հին հունական երաժշտական գործիք, որ նման է քնարի:
22 - Քաղաք Կորնթոսյան ծոցի ափին: Դելփիքի համար իբրև նավահանգիստ է ծառայում:
23- Հիշողության աստվածուհին:
24 - Հունաստանի մեծագույն լեռները Էգեյան ծովի ափին, Թեսալիայում:
25 - Արտեմիս (ըստ հռոմեացիների՝ Դիանա) Հունաստանի հնագույն աստվածուհիներից է: Կարելի է ենթադրել, որ Արտեմիսը՝ որսորդ աստվածուհին, սկզբում եղել է ինչպես ընտանի, այնպես էլ վայրի կենդանիների հովանավորը: Հնագույն ժամանակներում Արտեմիսը երբեմն պատկերվել է կենդանու, օրինակ՝ էգ արջի կերպարանքով: Այդպես է պատկերվել Բրաուրոնյան Արտեմիսը Ատտիկայում՝ Աթենքի մոտ: Հետագայում Արտեմիսը դառնում է երեխա ունեցող մայրերի պահապան դիցուհին, որ բարեհաջող ծննդաբերություն է տալիս: Իբրև Ապոլոնի՝ լույսի աստծո քույր, նա համարվում էր նաև լուսնի աստվածուհին և նույնացվում էր Սելենե դիցուհու հետ: Արտեմիսի կուլտը ամենատարածված կուլտերից մեկն էր Հունաստանում: Հռչակ է վայելել նրա տաճարը Էփեսոս քաղաքում (Էփեսյան Արտեմիս):
26 - Հովիտ Բեովտիայում՝ համանուն աղբյուրով, որից մի գետակ է դուրս գալիս և հոսում հովտի ամբողջ երկարությամբ:
27 - Աթենաս (ըստ հռոմեացիների՝ Միներվա) - Հունաստանի առավել մեծարված աստվածուհիներից է: Մեծ դեր է խաղացել հունական ժողովրդական էպոսի մեջ: Աթենասը քաղաքների պահապան է: Հոմերոսյան Տրոյայում գտնվել է Աթենասի արձանը, այսպես կոչված՝ պալլադիոնը, որ իբր երկնքից է ընկել: Համարվում էր Տրոյայի պահապանը: Հունական կուլտուրայի զարգացման հետ Աթենասը դարձավ նաև գիտության հովանավորը:
28 - Պետություն Փոքր Ասիայում ջախջախված պարսիկների կողմից ն. թ. VI դարում:
29 - Աթենասի և Պոսեյդոնի վեճի տեսարանը պատկերված է եղել Աթենքի Պարթենոն տաճարի ճակատին՝ հույն հռչակավոր քանդակագործ Ֆիդիասի կողմից (ն. թ. ա. V դար): Մեծ վնասվածքներով՝ այդ ճակատը պահպանվել է մինչ մեր օրերը:
30 - Հերմես (ըստ հռոմեական առասպելաբանության՝ Մերկուրիուս) - Հունաստանի հնագույն աստվածներից մեկը: Սկզբում եղել է նախրի ու հոտի պահապան աստվածը, նրան երբեմն պատկերել են ոչխարը ձեռքին: Հոմերոսյան էպոսում Հերմեսը նախ և առաջ աստվածների բանբերն է և մեռածների հոգիների ուղեկիցը՝ դեպի Հադեսի ստորերկրյա թագավորությունը: Հերմեսը ճանապարհորդների հովանավորն է. առևտրի զարգացման հետ Հերմեսը դառնում է առևտրի, հետևապես նաև հնարագիտության, խաբեության ու մինչև անգամ գողության հովանավոր աստվածը: Բացի այդ, Հերմեսը պատանեկության, ատլետների հովանավորն է, մարմնամարզության աստվածը. նրա արձանները դրվում էին պալեստրաներում ու գիմնասիոններում՝ այն հաստատություններում, ուր սովորեցնում էին ըմբշամարտ, բռնցքամարտ, սկավառակի նետում, վազք, թռիչք և այլն: Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ամբողջ պարսկական տիրապետությունը նվաճվելուց հետո (ն. թ. ա. IV դարի վերջը) Հերմեսը նույնացվում է գիտության և կախարդության եգիպտական Տոտ աստծու հետ և դառնում է նաև կախարդության և աստղագուշակության աստվածը, նրան սկսում են կոչել երիցս մեծագույն աստված Հերմես:
31 - Քարե սյուներ, որոնց ծայրին քանդակվում էր Հերմեսի գլուխը:
32 - Հին հույների սրինգը բաղկացած էր իրար կապված յոթ տարբեր երկարության եղեգնյա փոքրիկ խողովակներից:
33 - Հին Հունաստանում, գլխավորապես դպրոցներին կից, կային հատուկ հրապարակներ, մեծ մասամբ սյունաշարերով շրջապատված, որոնց մեջ վարժեցնում էին ֆիզիկական մարզանքների, ըմբշամարտի, բռնցքամարտի և այլն: Այսպիսի հրապարակները կոչվում էին պալեստրաներ:
34 - Արես ( ըստ հռոմեացիների՝ Մարս) - պատերազմի աստվածը, որ ավեր ու կործանում է բերում, քաջակորով ռազմիկի հին հունական իդեալը։ Մյուս աստվածների համեմատ սա նվազ մեծարանքի է արժանացել, Դրա արտահայտությունն է և այն, որ մինչև իսկ Զևս աստվածը, ըստ հույների, այնքան էլ չէր սիրում իր որդի Արեսին, որ շարունակ երկպառակություններ էր սերմանում, կորստյան մատնում մարդկանց և հրճվում, երբ ճակատամարտի մեջ մարդկային արյունը հոսում էր գետի նման:
35 - Հռոմեական դիցաբանության մեջ Ափրոդիտեն Վեներան է, Էրոսը՝ Ամուրը կամ Կուպիդոնը: Հիմենեոսը ամուսնության աստվածն է:
36 - Ափրոդիտե, (ըստ հռոմեական դիցաբանության՝ Վեներա) - սկզբում եղել է անձրևաբեր երկնքի աստվածուհին, ինչպես և, ըստ երևույթին, ծովի աստվածուհին: Ափրոդիտեի և նրա կուլտի վրա զգացվում է արևելյան՝ գլխավորապես փյունիկյան աստվածուհի Աստարտեի ազդեցությունը: Աստիճանաբար Ափրոդիտեն դառնում է սիրո աստվածուհին: Սիրո աստված Էրոսը (Ամուր) սրա որդին է:
37 - Դրա համար էլ հաճախ նրան կիպրուհի են կոչում։
38 - Հիմերոս - կրքոտ սիրո աստվածը։
39 Էքո - արձագանք, այստեղից էլ ռուսերեն Эхо - արձագանք (Մ. Թ.)
40 - Ադոնիսի և Ափրոդիտեի առասպելը հույները փոխ էին առել փյունիկեցիներից: Ադոնիս անունը հունարեն չէ, այլ փյունիկերեն է և նշանակում է «պարոն»: Փյունիկցիներն էլ այս առասպելն իրենց հերթին առել են բաբելացիներից, որոնք ունեցել են առասպել սիրո աստվածուհի Իշտարի և գեղեցիկ Թամմուզի՝ մեռնող և ամեն գարնան հարություն առնող աստծո մասին:
41 - Հեփեստոս (հռոմեական դիցաբանության մեջ՝ Վուլկան) - սկզբում եղել է կրակի աստվածը` Արհեստների ու հատկապես դարբնության արհեստի զարգացման հետ դառնում է այն ժամանակվա մետաղագործության հովանավոր աստվածը: Հեփեստոսին հատկապես շատ էին մեծարում Աթենքում, որտեղ Հին Հունաստանի արհեստներն առավել բարձր զարգացման էին հասել:
42 - Դիոնիսոսի ուղեկիցները: Մենաս նշանակում է մոլեգնահար, նույնն են, ինչ որ բաքոսուհիները:
43 - Թիրսոս - բաղեղով կամ վազով պատած ձող՝ ծայրին եղևնու կոնիկ:
44 - Տիմպան - հարվածային երաժշտական գործիք, բրոնզե երկու թասեր են, որոնք խփում են միմյանց:
45 - Դեմետրա (հռոմեական դիցաբանության մեջ՝ Ցերերա) - Հունաստանի առավել մեծարված աստվածուհիներից մեկը: Բարեբերության ու երկրագործության դիցուհին է, որին առանձնապես պաշտել են հողագործները: Նրա պատվին Հունաստանում ամենուրեք տեղի էին ունենում բազմաթիվ տոնախմբություններ։ Բնորոշ է, որ Հոմերոսի պոեմներում Դեմետրան կարծես երկրորդ պլան է քաշված: Դա վկայում է, որ հույները, իբրև մեծ աստվածուհու, նրան պաշտել են այն ժամանակ, երբ հողագործությունը դարձել է նրանց գլխավոր զբաղմունքը, իսկ անասնապահությունը կորցրել է իր երբեմնի նշանակությունը:
46 - Մեգարիսի մարզում, Սարոնիկոսի ծովախորշի ափին:
47 - Դեո - որոնող (Ծ. Թ.)։
48 - Ամբրոսիա - աստվածային ուտեստ, որ անմահություն է տալիս:
49 - Սա երբեմն համարվել է Կարիայի արքա Էփիլիոսի, երբեմն էլ՝ Զևսի որդին: Հնարավոր է, որ Էնդիմիոնը հին կարիական քնի աստվածը լինի: Կարիան գտնվել է Փոքր Ասիայում, Միջերկրականի ափին:
50 - Ցուլի, Կենտավրոսի, Կարիճի և Խեցգետնի համաստեղությունները:
51 - Երկու համաստեղություն, որոնց հույները կոչում էին Օձ և Զոհասեղան:
52 - Կիթերոնը գտնվում է Ատտիկայի ու Բեովտիայի միջև, Հելիկոնը՝ Բեովտիայի հարավ-արևմուտքում Տմոլոսը` Լիդիայում, Իդան՝ Փռյուգիայում, Ասիայում, Պելիոնն ու Օսսան՝ Թեսալիայում՝ Էգեյան ծովի ափին:
53 - Օրոնտեսը գտնվում է Սիրիայում, Ալփեոսը՝ Պելոպոնեսի արևմուտքում, Էվրոտասը՝ Լակոնիայում, այս գետի ափին է գտնվել Սպարտան:
54 - Դիոնիսոս ( ըստ հռոմեական առասպելաբանության՝ Բաքոս) - խաղողագործության և գինու աստվածը, որ Հունաստան է բերվել Թրակիայից: Դիոնիսոսի տոնախմբությունները կարևոր են նրանով, որ Աթենքում դրանցից են սկիզբ առել թատերական ներկայացումները Աթենքում Դիոնիսոսի տոնախմբությունների (մեծ դիոնիսականք) ժամանակ ելույթ էին ունենում այծենի հագած երգիչների խմբերը և կատարում հատուկ հիմներ - դիփերամբոսներ. սկսում էր մենակատարը, իսկ երգչախումբը պատասխանում էր նրան: Երգն ուղեկցվում էր պարով: Այդ դիփերամբոսներից հետագայում առաջ եկավ տրագեդիան՝ ողբերգությունը: Տրագեդիա բառը կարելի է բացատրել իբրև «այծերի երգ»՝ «տրագոս» (այծ) և «օդե» (երգ) բառերից: Իսկ գյուղական տոնախմբություններում (գյուղական դիոնիսականք) Դիոնիսոսի պատվին կատարվում էին կատակի բնույթ կրող երգեր, որոնք նույնպես մենակատարն էր սկսում: Դրանք նույնպես ուղեկցվում էին պարերով։ Սրանից առաջ է եկել կոմեդիան՝ կատակերգությունը: Կոմեդիա բառը կարելի է բացատրել իբրև «գյուղական երգ»՝ «կոմե» (գյուղ) և «օդե» (երգ) բառերից:
55 - Քաղաք Բեսիայում, Կոպաաիսյան լճի ափին:
56 - Երկնակամարի ամենապայծառ համաստեղություններից մեկի՝ Օրիոնի համաստեղության մեջ աստղերի կուտակումները (աստղասփյուռներ) կոչվում են Հիադներ
57 - Թրակիական ցեղ, որ ապրում էր Ստրիմոն գետի ափերին:
58 - Մրտենի - հարավային մշտադալար թուփ՝ բուրումնավետ ճերմակ ծաղիկներով (Ծ.Թ.)։
59 - Սա հենց այն ողբերգությունն է, որ ըստ Պլուտարքոսի, ն թ. ա. 53 թվին Արտավազդ արքայի օրոք խաղացվել է հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքում (Ս, Թ.):
60 - Տիրենյան կամ տիրսենյան ծովահեններ, այսինքն՝ էտրուսկյան ծովահեններ։ Էտրուսկներ - ժողովուրդ, որ հնում ապրում էր Իտալիայի արևմուտքում, այժմյան Տոսկանայում:
61 - Երկիր Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում:
62 - Այդ դիրքով էին ուտում հին հույները (Ծ.Թ.):
63 - Գետ Լիդիայում, թափվում է Հերմոս (այժմյան Գեդիա) գետը:
64 - Պան աստվածը, թեև Հունաստանի հնագույն աստվածներից է, փոքր նշանակություն է ունեցել հոմերյան դարաշրջանում և ավելի ուշ ժամանակաշրջանում` ընդհուպ մինչև II դարը (ն. թ. ա.): Հենց այն, որ Պանը պատկերվել է իբրև կիսով չափ այծ (որ տոտեմիզմի մնացուկ է), վկայում է այս հնությունը։ Սկզբում Պանը անտառի աստվածն է եղել, հովիվների աստվածը, հոտերի ու նախիրների պահապանը, Մինչև անդամ Արկադիայում ու Արգոսում (ուր Պան աստվածն ավելի մեծ համարում ուներ) նրան օլիմպացի աստվածների շարքը չէին դասում: Աստիճանաբար Պան աստվածը կորցնում է իր սկզբնական բնույթը և դառնում ամբողջ բնության հովանավոր աստվածը:
65 - Այստեղից էլ՝ ռուսերեն панический страх, паника, паникер արտահայտությունները (Ծ.Թ.),
66 - Հայերեն՝ սրինգ (Ծ.Թ.):
67 - Տյուրբան - գլխի փաթաթան, չալմա։