Ինձ մի՛ որոնիր

     Ինձ մի՛ որոնիր իմ երգերի մեջ.
     Երգերը հաճախ պահեր են տրված,
     Որ կարող են գալ անկոչ հյուրի պես,
     Կարող են գնալ անհետ ու անդարձ։

     Իմ ասածներում բառեր մի՛ փնտրիր.
     Բառը երանգներ ունի ու շերտեր,
     Մե՛րթ սփոփանք է ու սպեղանի,
     Մե՛րթ էլ կանացի սադրանք է կոչվել։

     Մի՛ մեկնաբանիր արածները իմ.
     Ո՞վ է սահմանել ճիշտն ու սխալը.
     Ես ունկնդիր եմ խելառ իմ սրտին,
     Ու նա է վարում հաճախ իմ խաղը։

     Վերջապես, ջա՛նս,
     Ուր սիրտն է խոսում,
     Բառը լռում է,
     Լռում է լեզուն: