Գավաթը լի՛ց

     Արի այսօր հարցեր չտանք
     Ու չխոսենք բարուց, չարից...
     Արի այսօր մի քիչ կորչենք,
     Մի քիչ փախչենք այս աշխարհից
     Ու չհիշենք՝ ո՞վ է տերը,
     Ո՞վ է ստրուկ և ո՞վ՝ դահիճ...
     Ո՞վ է երկրի անկուշտ դևը,
     Ո՞վ է թաղել ամոթ ու խիղճ...
     Արի այսօր լուռ մենանանք
     Ու չհիշենք, որ աշխարհը
     Մի քիչ ծուռ է, մի քիչ՝ թեքված,
     Որ ականջն էլ մի քիչ խուլ է
     Ու չի լսում աղոթք ու լաց...
     Արի այսօր քիչ համրանանք
     Ու չհիշենք՝ ու՞մ երգն է սա,
     Ո՞վ մեզանից եղավ պոետ,
     Ո՞վ ընթերցող և ո՞վ մուսա ...
     Ցավը նույնն է, ի՛մ բախտակից,
     Էլ ի՜նչ խոսենք լավ ու վատից,
     Թող որ հորդի գինին արդար...
     Ի՞նչ ես սառել,
     Գավաթը լի՛ց...