1

     Կածանը տանում էր դեպի բարձունքը, որը մի ժամանակ եղել էր երկաթուղային թումբ: Բայց արդեն տարիներ շարունակ այս կողմերով ոչ մի գնացք չէր անցնում: Երկու կողմից թմբին էր մոտենում անտառը, ծառերն ու թփերը ձգվում էին լանջերն ի վեր, և կանաչ ալիքը վրա տվեց գազանների արահետին։ Երբեմն երևում էին գետնից դուրս ցցված ժանգոտ երկաթի կտորներ, որոնք վկայում էին այն մասին, որ գետնին փռված տերևների ու մամուռի շերտի տակ դեռ մնացել են ռելսեր ու փայտակոճեր: Մի տեղ տասը դյույմ հաստություն ունեցող մի փոքրիկ ծառ ճեղքել էր փայտի կցվածքը և ռելսի ծայրը թեքել, բարձրացրել էր դեպի վեր: Ռելսի հետ, կախվելով երկար հենակի վրա, արտասովոր ցցվել էր կիսափտած փայտակոճը այնտեղ, ուր դրված էր եղել, վաղուց լցվել էր ավազով ու ծածկվել փտած տերևներով: Հասկացվում էր, որ մի գծանի երկաթուղի էր եղել, թեպետև լիովին քայքայվել էր:
     Կածանով բարձրանում էին երկու հոգի՝ մի ծերունի և մի տղա: Նրանք քայլում էին դանդաղ, որովհետև ծերուկը շատ զառամյալ էր. նա ծանրորեն հենվում էր ձեռնափայտին, ձեռներն ու ոտքերը դողում էին: Այծի մորթուց պատրաստված կոպիտ գլխարկը պաշտպանում էր նրա գլուխը արևից: Գլխարկի տակից կախ էին ընկել կեղտաճերմակ մազերի նոսր փնջերը: Մեծ տերևից հնարամիտ կերպով սարքած հովարը ծերուկը քաշել էր աչքերին և ուշադիր նայում էր, թե ոտքը որտեղ դնի: Նրա մորուքը, որ խճճված, մեծ փնջերով փռվել էր կրծքին, ձյան պես ճերմակ կլիներ, եթե չլինեին խարույկների ծուխն ու վատ եղանակը: Մազաթափ եղած այծի մորթին ծածկում էր նրա կուրծքն ու ուսերը: Բարակ, չորացած ձեռքերն ու ոտքերը վկայում էին նրա շատ ծեր լինելու մասին, ինչ պես և արևից սևացած մաշկը, սպիներն ու քերծվածքները խոսում էին այն մասին, որ երկար տարիներ նա հարկադրված է եղել անցկացնել բաց երկնքի տակ:
     Առջևից քայլող տղան, դժվարությամբ հարմարվելով ծերունու դանդաղ քայլերին, նույնպես հագել էր մաշված եզրերով մի մորթի, որի կենտրոնում գլխի համար անցք էր բացված. նա տասներկու տարեկանից ավելի չէր լինի: Մազերի մեջ կոկետորեն խրել էր վերջերս կտրած վայրի խոզի պոչ։ Ձեռքին բռնած ուներ մի փոքր աղեղ ու նետ: Մեջքից կախված՝ ճոճվում էր նետերով լի կապարճը: Ուսի վրայով գցած կաշեփոկից կախած պատյանից դուրս էր ցցվել որսորդական դանակի անողորկ երախակալը:
     Տղան արևախանձ էր հատապտղի պես և քայլում էր մեղմասահ, կատվի պես թեթև: Արևից վառված դեմքի հակա պատկերն էին կազմում նրա խոր ընկած կապույտ աչքերը, որոնք նայում էին պրպտող ու թափանցող հայացքով: Թվում էր, թե իր հայացքով նա ծածկում էր ճանապարհին պատահած յուրաքանչյուր առարկա։ Բացի այդ, նա զգում էր ամենաթեթև բուրմունքն անգամ, և լայնացող, ցնցվող ռունգները նրա ուղեղին տանում-հասցնում էին արտաքին աշխարհից եկող ազդանշանների անծայր հոսանքը։ Նա ուներ և սուր լսողություն, որն այնքան մարզված էր, որ գործում էր ավտոմատ կերպով: Առանց ջանք թափելու, թվացող լռության մեջ, նա որսում էր ամենաթեթև հնչյուններն անգամ, տարբերում և խմբավորում էր ամեն ձայն, լիներ դա տերևների խշխշոցը քամուց, մեղուների բզզոցը կամ մոծակի դզզոցը, հեռավոր փոթորկի թնդյունը, որ լսվում էր միայն լռության պահին, կամ բոլորովին մոտիկ կածանի վրա դեսուդեն վազվզող գետնասկյուռինը, որ հող էր քարշ տալիս դեպի իր որջը:
     Տղան հանկարծ ուշադրությունը լարեց: Լսողությունը, տեսողությունը և հոտառությունը նրան միաժամանակ նախազգուշացրին ինչ-որ վտանգի մասին: Առանց շուռ գալու, ձեռքի զգուշացնող շարժումով նա դիպավ ծերունուն, և նրանք երկուսն էլ անշարժ կանգ առան։ Առջևում, ճիշտ թմբի եզրին, ճթճթացին ճյուղերը. տղան հայացքը սևեռեց երերվող թփերի կատարներին: Այնտեղից դուրս ընկավ մի խոշոր գորշագույն արջ և, տեսնելով մարդկանց, նույնպես քարացավ տեղում: Այդ հանդիպումը նրան դուր չեկավ, և նա դժգոհությամբ գռմռաց։ Տղան նետը դանդաղորեն հարմարեցրեց աղեղին և նույնքան անշտապ ձգեց: Նա աչքը չէր հեռացնում արջից: Ծերուկն իր տեղում մնաց անշարժ և կանաչ տերևից սարքած հովարի տակից նույնպես շեշտակի նայում էր արջին: Այդ փոխադարձ զննումը շարունակվեց մի քանի վայրկյան. ապա արջը սկսեց անհանգստության նշաններ ցուցաբերել, իսկ տղան գլխի շարժումով ծերուկին հասկացրեց, որ կածանից դուրս գա և թմբից վար իջնի: Ինքն էլ սկսեց ետ-ետ գնալ՝ աղեղը պահելով պատրաստ վիճակում: Նրանք սպասեցին այնքան, մինչև թմբի հակառակ լանջից լսվող թփերի խշխշոցից հասկացվեց, որ գազանը հեռացավ: Երբ նրանք նորից բարձրացան թմբի վրա, տղան քմծիծաղ տալով՝ ասաց.
     - Շատ խոշոր էր։
     Ծերուկը օրորեց գլուխը:
     - Օրեցօր շատանում են, - բարակ, դողդոջուն ձայնով գանգատվեց նա։ - Ով կարող էր մտածել, որ ես կապրեմ ու կհասնեմ այնպիսի ժամանակների, երբ մարդիկ վախենան գալ այս կողմերը: Երբ ես փոքր էի, Էդվին, լավ եղանակին տղամարդիկ, կանայք և փոքր երեխաները Սան-Ֆրանցիսկոյից տասնյակ հազարներով գալիս էին այստեղ: Ոչ մի արջ չէր լինում: Այո, սըր: Այնքան հազվադեպ էին արջեր պատահում, որ մարդիկ փող էին վճարում, որպեսզի վանդակներում արջեր տեսնեն:
     - Իսկ ի՞նչ բան է փողը, պապ:
     Մինչև ծերունու պատասխանելը, տղան, հիշելով ինչ-որ բան, ձեռքը հանդիսավոր կերպով կոխեց մորթու տակից կախ ընկած պայուսակը և հանեց փայլը կորցրած, մաշված մի արծաթե դոլլար: Ծերունին դրամը պահեց քթի տակ, և նրա աչքերը շողացին:
     - Ոչինչ չեմ տեսնում, - փնթփնթաց նա։ - Նայիր, Էդվին, գուցե հասկանաս դրամի հատման տարեթիվը:
     Տղան ծիծաղեց:
     - Դու շատ հետաքրքիր պապիկ ես, - ուրախ բացականչեց նա: - Շարունակ հավատացնում ես, որ իբր թե այդ մանր գծիկները ինչ-որ բան են նշանակում:
     Ծերունու դեմքով անցավ արդեն սովորական մի թախիծ, երբ դրամը նորից մոտեցրեց աչքերին:
     - Երկու հազար տասներկու թվական, - ճիչ արձակեց նա և ծիծաղեց կիսախելագար ծիծաղով: - Հենց այդ տարին Մագնատների Վարչությունը Հինգերորդ Մորգանին նշանակեց Միացյալ Նահանգների պրեզիդենտ: Սա, երևի, վերջին դրամներից մեկն է, քանի որ Ալ Մահը վրա հասավ 2013 թվականին: Տեր աստված, տեր աստված, հապա մի մտածեք: Արդեն անցել է վաթսուն տարի, և ես միակ մարդն եմ, որ կենդանի է մնացել այն ժամանակներից: Էդվին, ո՞րտեղից գտար այս դրամը:
     Տղան, որը լսում էր ծերունուն այն հանդուրժող - ներողամիտ տեսքով, որով լսում են տկարամիտ մարդու շատախոսությունը, անմիջապես պատասխանեց.
     - Այդ դրամը ինձ տվեց Հոու-Հոուն, իսկ նա գտել էր անցյալ գարնանը, երբ այծեր էինք արածեցնում Սան-Ջոսեի մոտերքում: Հոու-Հուն ասաց, որ դա փող է: Պապ, իսկ դու քաղցած չե՞ս:
     Ծերունու աչքերը ագահաբար փայլեցին և, ավելի ամուր բռնելով ձեռնափայտը, դանդաղորեն առաջ գնաց կածանով:
     - Հույս ունեմ, որ Նապաստակի Շրթունքը բռնած կլինի մեկ կամ երկու խաչփառ... - փնթփնթաց նա։ - Խաչփառները համեղ միս ունեն, շատ համեղ, մանավանդ երբ ատամներ չունես, բայց ունես թոռնիկներ, որոնք սիրում են իրենց պապին և աշխատում են նրա համար խաչփառ բռնել: Երբ ես փոքր տղա էի...
     Էդվինը հանկարծ ինչ-որ բան նկատեց և կանգ առավ՝ ձգելով աղեղը: Նա ուղիղ կանգնած էր ձորակի եզրին: Մի ժամանակ այստեղ անցնում էր ցամքուրդային խողովակ, որը հետագայում քանդվել էր, իսկ ափերից դուրս եկած վտակը քշել-տարել էր թումբը: Ձորակի հակադիր եզրին, դարափին կախված, դուրս էր ցցվել մի ժանգոտ ռելս, որի վրա փաթաթվել էր վայրի խաղողի թուփը: Մի փոքր հեռու, թփի մոտ կծկվել էր մի ճագար, որը, վախից դողալով, նայում էր տղային։ Հեռավորությունը հիսուն ֆուտ էր, բայց սլացող նետը հասավ իր նպատակին. վիրավորված փոքրիկ ճագարը վախից ու ցավից ծվաց ու մեծ ջանքով ցատկեց թփերի մեջ: Անմիջապես երևացին արևակեզ եղած մարմինն ու փողփողացող մորթին. տղան ցատկեց զառիվայր լանջից ու մի շնչով բարձրացավ ձորակի դիմացի լանջը: Նրա երիտասարդ մկանները խաղում էին զսպանակների պես: Հարյուր ֆուտ հեռավորության վրա, մացառների թավուտում, նա բռնեց վիրավորված կենդանուն, ուժգին հարվածով նրա գլուխը խփեց մոտակա ծառի բնին և տվեց ծերունուն, որ տանի։
     - Ճագարի միսը շատ համեղ է, - ասաց ծերուկը դողդոջուն ձայնով, - բայց եթե խոսվի դելիկատեսների մասին, ապա ես գերադասում եմ խաչփառները: Երբ ես փոքր տղա էի...
     - Ի՞նչ ես անդադար այդ մասին խոսում, - հուսահատված ընդհատեց ծերունու շատախոսությունը Էդվինը:
     Տղան արտասանեց ոչ թե այդ բառերը, այլ ինչ-որ շատ հեռավոր կերպով բառեր հիշեցնող կոկորդային, պայթական հնչյուններ, որոնցից կազմվում էին իմաստի նրբերանգներից համարյա զուրկ կարճ, կցկտուր խոսքեր։ Նրա խոսելը հեռավոր նմանություն ուներ ծերունու խոսելու հետ, իսկ վերջինիս խոսելը անգլերեն էր մոտավոր կերպով, և աղավաղվել էր սխալ գործածելուց:
     - Կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես խաչփառի փոխարեն ասում «դելիկատես», - շարունակեց Էդվինը։ - Խաչփառը խաչփառ է, այնպես չէ՞: Երբեք այդպիսի ծիծաղելի բաներ չեմ լսել
     Ծերունին հառաչեց, բայց ոչինչ չպատասխանեց, և նրանք ճանապարհը շարունակեցին լուռ: Ալեբախության շառաչն ավելի լսելի դարձավ, երբ, անտառից դուրս գալով, նրանք հայտնվեցին ծովափին ձգվող ավազաթմբերի վրա: Ավազաթմբերի միջև տարածում էին մի քանի այծեր, իսկ այծերին 629'


1 Ուորդսվորթ Ուիլյամ (1770 - 1850) - անգլիացի նշանավոր պոետ, ռոմանտիկ։
2 Ջորջ Վաշինգտոն (1732—1799) քաղաքական գործիչ և ԱՄՆ-ի առաջին պրեզիդենտ։ Պատանեկան տարիներին Ջորջ Վաշինգտոնը շատ է ճանապարհորդել։
3 Նկատի ունի ԱՄՆ-ի` անկախության համար մղվող 1776-1783 թթ. պատերազմը։
4 Պատերազմ Անգլիայի դեմ։
5 Պատերազմ, որն սկսվեց 1901 թ.։ ԱՄՆ-ը նվաճեց Ֆիլիպինները, ջախջախելով Ֆիլիպինյան հանրապետությունը։