ԳԼՈՒԽ 1
Ամբողջ կյանքիս ընթացքում իմ հոգին
հուշեր է պահպանել այլ ժամանակների ու աշխարհների մասին։ Ու նաև այն մասին, որ
անցյալում ես արդեն ապրել եմ ինչ-որ ուրիշ մարդկանց կերպարանքով... Հավատա ինձ, իմ
ապագա ընթերցող, քանզի նույն բանը պատահել է նաև քեզ հետ։ Թերթիր քո մանկության
էջերը, և կվերհիշես այն զգացումը, որի մասին պատմում եմ. կյանքիդ արշալույսին դու
բազմիցս վերապրել ես այդ զգացումը։ Այդ շրջանում դեռ չէր կազմավորվել, չէր
բյուրեղացել քո անհատականությունը։ Դու կակուղ էիր մեղրամոմի նման, դեռ չէի ստացել
հաստատուն ձև, քո գիտակցությունը դեռևս գտնվում էր ձևավորման ընթացքում... Այո',
այո', դու դառնում էիր այն, ինչ պետք է լինեիր, և միևնույն ժամանակ, մոռանում
էիր։
Դու շատ բան ես մոռացել, իմ ընթերցող, բայց և
այնպես, երբ հայացքդ սահում է այս տողերի վրայով, քո առջև, ասես մշուշի միջից,
հառնում են այլ վայրերի ու այլ ժամանակների տեսիլքներ, որոնք երբեմնի հայտնվել են
քո մանկական աչքերին։ Այդ ամենն այսօր երազ է թվում։ Բայց եթե դրանք եղել են լոկ
երազներ, ապա ի՞նչն է ծնել նրանց, ո՞ր իրականությունը։ Մեր երազներում տարօրինակ
կերպով իրար են միահյուսվում այն բոլորը, ինչ երբեմնի ապրել ենք մենք։ Ամենից
անհեթեթ երազներն էլ ծնվել են իրական կենսափորձից։ Երբ մանուկ էիր, թոթովախոս մի
մանուկ, դո'ւ իմ ընթերցող, մի անգամ երազումդ գահավիժել ես գլխապտույտ մի
բարձունքից. երազում տեսել ես, թե ճախրում ես օդում այնպես, կարծես ճախրելը շատ
սովորական բան է քեզ համար, դու վախեցել ես զարհուրելի սարդերից ու ճահճատիղմում
ծնված հազարոտն էակներից. դու անորոշ ձայներ ես լսել ու տեսել ինչ-որ դեմքեր, որոնք
ահաբեկելու չափ ծանոթ են եղել քեզ. քո հայացքով պարուրել ես արշալույսն
ու
վերջալույսը, որոնց նմանը (անցյալը վերապրելով՝ դու հիմա գիտես այդ) երբեք չէիր
տեսել։
Շատ գեղեցիկ։ Մանկական հուշերի այդ պատառիկները
պատկանում են ուրիշ աշխարհի, ուրիշ կյանքի, դրանք մասն են այն ամենի, ինչին չի
վիճակվել հանդիպել քո այժմյան աշխարհում, քո այժմյան կյանքում։ Ուստի որտեղի՞ց են
ծնունդ առել դրանք։ Մի ա՞յլ աշխարհից։ Մեկ ուրի՞շ կյանքից։ Թերևս, երբ կարդաս այն
ամենը, ինչ գրելու եմ ես, ապա կգտնես պատասխանը տարակուսելի բոլոր հարցերի, որոնց
օգնությամբ հիմա քեզ փակուղու առջև կանգնեցրի, և որոնք, նախքան իմ գիրքը բացելը,
բազմիցս տվել ես ինքդ քեզ։
***
Ուորդսվորթը (1) դա գիտեր։ Նա ոչ մարգարե էր, ոչ էլ պայծառատես, նա շատ սովորական մի մարդ էր, ինչպես դու կամ մեկ ուրիշը։ Այն , ինչ նա գիտեր, գիտես նաև դու, և ամեն ոք գիտե այդ։ Բայց նա զարմանալի դիպուկ է ասել այդ մասին տողերում, որոնք սկսվում են այսպես.
«Եվ ոչ լրիվ մերկությամբ, ու մոռացմամբ լրիվ»...
Այո, զնդանի խավարն է մեզ պարուրում
լույս աշխարհ գալու պես, և շատ բաներ շուտով մոռանում ենք։ Այնուամենայնիվ,
ծնվելուց հետո, մենք դեռ հիշում ենք այլ վայրեր ու
ժամանակներ։ Դեռևս անօգնական
մանուկներ՝ նստած լինելով որևէ մեկի գրկին կամ հատակին չորեքթաթ սողալիս, մենք
տենչում ենք երկրից վեր, շատ վեր թռչելու մասին։
Այո', այո'։ Ու մեր
մղձավանջերում տանջվում ենք ու տառապում՝ հալումաշ լինելով հրեշավոր ու անհասկանալի
ինչ-որ բանի նկատմամբ ունեցած վախից։ Ծնվելուն պես, դեռևս ոչ մի փորձ ձեռք չբերած,
այնուամենայնիվ, աշխարհ գալու պահից ի վեր արդեն ունենում ենք վախի զգացումը, վախն
ապրում է մեր հիշողություններում. իսկ հիշողությունները ծնվում են
կենսափորձից:
Եթե խոսենք իմ անձի մասին, ապա այն
մատղաշ տարիներիս, երբ հազիվ էի սկսել բառեր թոթովել, իսկ քաղցի կամ քնելու պահանջի
զգացումը արտահայտում էի անկապ ճիչերով, այո', դեռ այդ օրերից ես գիտեի, որ երբեմնի
թափառել եմ միջաստղային տարածություններում։ Իմ լեզուն դեռ ոչ մի անգամ չէր
արտաբերել «արքա» բառը, իսկ ես հիշում էի, որ ժամանակին եղել եմ արքայազն։ Ու
հիշում եմ, որ մի ժամանակ ես եղել եմ նաև ստրուկ և ստրուկի որդի, ու պարանոցիս
երկաթե օղակ եմ կրել։
Ավելի'ն։ Երեք... չորս... հինգ
տարեկան հասակում ես դեռ ես չէի։ Դեռ նոր էի սկզբնավորվում, հոգիս դեռ չէր պաղել իմ
մարմնում, իմ ժամանակի մեջ, իմ շրջապատին հատուկ հաստատուն կաղապարում։ Այդ
շրջանում ամենը, ինչ եղել էի ես անցյալի տասնյակ հազարավոր իմ կյանքերում,
մարտնչում էին ներսումս, մարտնչում էին դեռ չձևավորված իմ հոգում՝ ջանալով
մարմնավորվել անձիս մեջ և դառնալ այն, ինչ ե'մ ։
Իսկապես, որ անհեթեթություն է, չէ՞։ Բայց հիշիր, իմ ընթերցող, դո'ւ, որը հուսով եմ,
կթափառես ինձ հետ ժամանակի ու տարածության մեջ, հիշիր, խնդրում եմ, իմ ընթերցող, որ
ես շատ-շատ եմ մտածել այդ մասին, որ երկա՜ր-երկա՜ր տարիներ, արյունով ու քրտինքով
ներծծված անսահման խավարում, ես մենակ եմ մնացել իմ մյուս «ես»-երի հետ` և' շփվել
եմ նրանց, և' ուսումնասիրել։ Դարձյալ վերապրել եմ վաղեմի գոյության վշտերն ու
տառապանքները, որպեսզի քեզ զիտելիքներ բերեմ, որոնք ինձ հետ կկիսես՝ ազատ ժամերիդ
անվրդով թերթելով գրքիս էջերը։
Ուրեմն, ինչպես արդեն
ասացի, երեք, չորս և հինգ տարեկան հասակում ես դեռ ե'ս չէի։ Դեռ նոր էի սկսել իմ
մարմնի անոթում ձևավորվելով բյուրեղանալ, երբ հզոր, անեղծանելի անցյալը
կանխորոշելով, թե ինչ եմ դառնալու, ներազդում էր այն խառնուրդին, որից բաղկանալու
էր իմ անձը։ Իմը չէր գիշերները հնչող այն ձայնը, որը սարսափով էր հագեցված քաջ
հայտնի մի այնպիսի բանի նկատմամբ, որն ինձ անկասկած հայտնի չէր և չէր կարող հայտնի
լինել։ Եվ հենց նույն բանը չե՞ն վկայում արդյոք մանկական իմ մոլությունները,
կատաղության բռնկումները կամ քրքիջի նոպաները։ Ստվերների՝ իմ նախնյաց օտար ձայներն
էին հնչում իմ ճիչում, անցյալում երբևէ ապրած տղամարդկանց ու կանանց ձայները։ Ու
երբ մռնչում էի կատաղության մոլուցքով, այդ մռնչոցում կար ոռնոցը գազանների, որ
ավելի հին էր, քան լեռները. և մանկական իմ մոլեգին, հիստերիկ, կատաղի ծղրտոցում
արձագանքվում էին Ադամի ստեղծվելուց էլ առաջ, նախնադարյան հինավուրց ժամանակներում
ամբողջ երկրով մեկ տարածված գազանների անիմաստ
մռնչոցները։
Տեսնո՞ւմ եք, ես արդեն բացահայտեցի իմ
գաղտնիքը։ Բոսորագույն կատաղությո'ւն։ Ահա թե ինչն է կործանել ինձ այժմեական, իմ
ա'յս կյանքում։ Ահավասիկ, թե ինչն է պատճառը, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո ինձ
դուրս կբերեն այս բանտախցից, քարշ կտան բարձր ու երերուն տախտակամածին, որի վրա
ճոճվում է ամուր ու ձիգ պարանը։ Եվ այդ պարանի օգնությամբ իմ իսկ պարանոցից կկախեն
ինձ, և ես կախված կմնամ մինչև մեռնելս։ Բոսորագույն կատաղությունը իմ կործանման
պատճառն է եղել բոլոր մարմնավորումներիս ժամանակ, քանզի բոսորագույն կատաղությունը
ճակատագրական, կործանարար մի ժառանգություն է, որն ինձ բաժին է ընկել լորձապարուր
էակների ժամանակներից, այն ժամանակներից, երբ մեր աշխարհը դեռ նոր էր
ստեղծվում։
***
Բայց կարծեմ ժամանակն է, որ ներկայացնեմ
իմ անձնավորությունը։ Ես ոչ տկարամիտ եմ, ոչ էլ խելագար։ Ուզում եմ, որ դուք
հասկանաք դա, այլապես չեք հավատա այն ամենին, ինչ կամենում եմ պատմել։ Իմ անունը
Դարրել Սթենդինգ է։ Ձեզնից ոմանք, այս տողերը կարդալով, անմիջապես կկռահեն, թե ում
մասին է խոսքը։ Բայց ընթերցողներից շատերը, անկասկած, ոչինչ չեն լսել, և այդ իսկ
պատճառով մի քանի խոսքով կպատմեմ իմ մասին։
Ութ տարի
առաջ Կալիֆորնիայի համալսարանի գյուղատնտեսության ֆակուլտետի հողագիտության
պրոֆեսորն էի ես։ Ութ տարի առաջ համալսարանական քնկոտ Բերքլի քաղաքը ցնցվեց՝ լսելով
այն լուրը։ թե երկրաբանական ֆակուլտետի լաբորատորիաներից մեկում սպանվել է պրոֆեսոր
Հասքելլը։ Մարդասպանը Դարրել Սթենդինգն էր։
Ես հենց
այդ նույն Դարրել Սթենդինգն եմ։ Ինձ բռնեցին հանցանքի վայրում։ Թե ով էր արդարացի
կամ մեղավոր այդ վեճում՝ նշանակություն չունի։ Դա հույժ անձնական խնդիր էր։ Կարևորը
միայն հետևյալն էր. զայրույթի նոպայի պահին, հայտնվելով բոսորագույն կատաղության
ճիրաններում, որն անեծք էր ինձ վրա հավիտյանս հավիտենից, ես սպանեցի իմ կոլեգային։
Այսպես էր արձանագրված դատական որոշման մեջ և, խոստովանում եմ, որ այս անգամ
դատարանն իրավացի էր։
Ո'չ, ինձ կախելու են ոչ թե
պրոֆեսոր Հասքելլի սպանության մեղադրանքով։ Այդ հանցագործության համար ես
դատապարտվեցի ցմահ բանտարկության։ Այն ժամանակ ես երեսունվեց տարեկան էի։ Հիմա՝
քառասունչորս տարեկան եմ։ Վերջին ութ տարիներս անց եմ կացրել Սեն-Քվենտինում,
Կալիֆորնիա նահանգի պետական բանտում։ Այդ ութ տարիներից հինգն ապրել եմ լիակատար
խավարում։ Դա կոչվում էր մեկուսացված բանտարկություն։ Իսկ նրանք, ովքեր արդեն համն
առել են, դա անվանում են ողջ-ողջ թաղվել։ Սակայն գերեզմանում ապրած այդ հինգ
տարիներին ինձ հաջողվեց հասնել այնպիսի ազատության, որպիսին մարդկանցից շատ քչերն
են վայելել։ Ինձ փակել էին մենախցում, աչալուրջ հսկողության տակ էի, սակայն ոչ
միայն շրջում էի աշխարհով մեկ, այլ թափառում ժամանակի մեջ։ Նրանք, ովքեր մի քանի
խղճուկ տարիներ ինձ նետել էին զնդան, իրենք էլ չիմանալով այդ մասին, նվիրաբերել էին
հարյուրամյակների ընդարձակ մի ասպարեզ, Այո, էդ Մորրելի շնորհիվ հինգ տարի շարունակ
ես միջաստղային տարածությունների թափառական էի։ Բայց Էդ Մորրելը մի առանձին
պատմություն է։ Նրա մասին՝ քիչ հետո։ Ես ախր այնքան բան ունեմ պատմելու, որ
դժվարանում եմ, թե որտեղից սկսեմ։
Սկսեմ թեկուզև
այսպես. ծնվել եմ Միննեսոթ ֆերմայում։ Մայրս շվեդացի վտարանդու դուստր էր։ Հիլդա
Թոննեսոն էր անունը։ Հորս անվանում էին Ջոնսի Սթենդինգ. նա բնիկ ամերիկացի էր։ Հորս
տոհմը սերվում էր Էլֆրիդ Սթենդինգից, վարձված մշակից, կամ, եթե կուզեք՝ ստրուկից,
որին Անգլիայից վիրջինիական ցանքաստաններ էին բերել այն հինավուրց շրջանում, երբ
դեռևս պատանի Վաշինգտոնը (2) նոր էր մեկնել աչքի անցկացնելու պենսիլվանյան
անտառները։
Էլֆրիդ Սթենդինգի որդին մարտնչել է
հեղափոխական բանակի (3) շարքերում, իսկ թոռը մասնակցել է 1812 թվականի պատերազմին
(4)։ Հետագայում չի եղել և ոչ մի պատերազմ, որին մասնակցած չլինի Սթենդինգների
տոհմից որևէ մեկը։ Ես` Սթենդինգների տոհմի վերջին շառավիղս, որին շուտով, վիճակված
է մեռնել առանց սերունդ թողնելու, վերջին պատերազմում կռվել եմ Ֆիլիպիններում (5)
որպես շարքային, որի համար գիտական կարիերայիս ծաղկման շրջանում հրաժարվեցի
Նեբրասսյան համալսարանի պրոֆեսորական ամբիոնից։ Աստվա՜ծ իմ։ Ախր երբ այդ ամենից
հրաժարվեցի, ինձ ցանկացան պահել նույն համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի
դեկան։ Ինձ՝ աստղային տարածությունների թափառականիս, կրքոտ արկածախնդրիս,
հարյուրամյակից հարյուրամյակ քոչող Կայենիս, մոռացված դարաշրջանների ռազմաշունչ
քուրմիս, վաղուց ի վեր անցյալի գիրկն անհետացած և նույնիսկ պատմության գրքում
չարձանագրված օրերի երազուն բանաստեղծիս։
Եվ ես հիմա
այստեղ եմ, Ֆոլսեմ պետական բանտի մարդասպանների միջանցքում, և բոսորագույն են իմ
ձեռքերը։ Ես այստեղ եմ, ես սպասում եմ նահանգի պետական մեքենայի կողմից որոշված այն
օրվան, երբ օրենքի սպասավորները ինձ կտանեն այնտեղ, որտեղ, նրանց անկեղծ համոզմամբ,
ես պետք է կորչեմ խավարում։ Խավար, որից նրանք
զարհուրում են. խավար, որը նրանց
նախապաշարված հոգիները բնակեցնում է սարսափեցնող տեսիլքներով. խավար, որն այդ
ահաբեկյալներին ու լալկաններին մղում է դեպի իրենց իսկ սեփական վախից ծնված, իրենց
իսկ սեփական կերպարանքն ունեցող աստվածների
զոհասեղանները։
Այո, ես այլևս երբեք չեմ նշանակվի
գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան։ Սակայն ես հողագործություն գիտեմ։ Դա իմ
մասնագիտությունն էր։ Ես ծնվել էի հողագործության համար, դաստիարակվել, սովորել էի
հողագործության համար, և տիրապետել էի այն։ Բոլոր հարցերում, ինչ վերաբերում էր
գյուղատնտեսությանը, ես հանճար էի։ Մի հայացքով ես կարող էի որոշել կովի
կաթնատվությունը, և ամեն տեսակի ստուգումներն էլ կհաստատեին իմ ճշգրիտ աչքաչափը։
Հարկ չկար, որ ուսումնասիրեի ընդերքը. բավական էր, որ մի անգամ նայեի բնանկարին ու
արդեն կիմանայի նրա բոլոր առավելություններն ու թերությունները։ Ընդերքի
ալկալիականությունն ու թթվուտությունը որոշելու համար լակմուսի թղթի կարիքը չէի
զգում։ Կրկնում եմ. հողագործություն՝ իր ամենաբարձր գիտական տեսանկյունից. այս
բնագավառում հանճարեղ էի ու մնում եմ այդպիսին։ Բայց և այնպես նահանգը, իր բոլոր
քաղաքացիներով հանդերձ, հավատում է, որ կկարողանա ինձանից խլել այդ իմաստությունը՝
վզիս գցած օղակի և երկրի ձգողական օրենքի օգնությամբ ինձ ընկղմելով վերջնական
խավարում, կկարողանա խլել այդ իմաստությունը, որ կուտակվել է իմ մեջ հազարամյակներ
շարունակ և գուրգուրանքով աճել է դեռևս այն օրերին, երբ Տրոյայի մարգագետիններում
դեռ չէին արածում քոչվոր անասնապահերի հոտերը։
Հապա
եգիպտացորե՞նը։ Կա՞ արդյոք մեկը, որն ավելի լավ ճանաչի եգիպտացորենը, քան ես։ Հապա
Ուիսթարում կատարած իմ փորձե՞րը, որոնց շնորհիվ եգիպտացորենի տարեկան շահույթը
Այովա նահանգի բոլոր օկրուգներում ավելացրեցի կես միլիոն դոլլարով... Դա պատմության
մեջ մտավ։ Սեփական մեքենաներով շրջող ֆերմերներից շատ-շատերը գիտեն, թե ով է իրենց
համար մատչելի դարձրել այդ ավտոմեքենան։ Համալսարանական դասագրքի վրա հակված
անուշիկ աղջիկներից ու ջինջ աչքերով պատանիներից շատ-շատերն են հիշում, որ այդ ես
եմ Ուիսթարում կատարած իմ փորձերով նրանց համար մատչելի դարձրել
ուսումնառությունը։
Հապա գյուղատնտեսության զարգացման
մեթոդնե՜րը։ Ես գիտեմ բոլոր կորուստների բոլոր պատճառները. հարկ չունեմ
կինոժապավեններ դիտել, նկատելու համար, թե որտեղ են թաքնված աշխատանքի
անարտադրողականության պատճառները, լինեն դրանք ամբողջ ֆերմայի աշխատանքում, թե
ֆերմայի մի բանողի աշխատանքում, լինեն դրանք գյուղատնտեսական շինությունների
նախագծման գործում, թե գյուղատնտեսական աշխատանքների ծրագրման մեջ։ Այս ամենը
կգտնեք իմ կազմած տեղեկագրքում, որտեղ դիագրամներ էլ կան։ Կարող եք չկասկածել, որ
այս նույն պահին հարյուր հազարավոր ֆերմերներ, խոժոռադեմ ու կենտրոնացած, թերթում
են այդ տեղեկագիրքը՝ իրենց վերջին ծխամորճից մոխիրը թափ տալուց և կողաշենք գնալուց
առաջ։ Սակայն ինձ արդեն վաղուց պետք չեն իմ դիագրամները, բավական է մի հայացք նետեմ
մարդու վրա, որպեսզի հասկանամ նրա հակումները, տեսնեմ, թե ինչի է նա ընդունակ, և
մաթեմատիկական ճշգրտությամբ որոշեմ, թե ինչպիսին կլինի նրա աշխատանքի
արտադրողականությունը։
Իսկ այժմ անհրաժեշտ է, որ
ավարտեմ այս պատմության առաջին գլուխը։ Արդեն ժամը ինն է, իսկ մարդասպանների
միջանցքում դա նշանակում է, որ արդեն լույսը մարելու ժամանակն է։ Ես արդեն լսում եմ
վերակացուի ռետինե ներբանների մեղմ շրշյունը, նա գալիս է դեպի իմ մենախուցը,
որպեսզի կշտամբի այն բանի համար, որ դեռ չեմ մարել նավթի լամպը։ Կարծես ապրողի
սպառնալիքները կարող են վախեցնել մի մարդու, որին մահվան են դատապարտել։
1 Ուորդսվորթ Ուիլյամ (1770 -
1850) - անգլիացի նշանավոր պոետ, ռոմանտիկ։
2 Ջորջ Վաշինգտոն (1732—1799)
քաղաքական գործիչ և ԱՄՆ-ի առաջին պրեզիդենտ։ Պատանեկան տարիներին Ջորջ Վաշինգտոնը
շատ է ճանապարհորդել։
3 Նկատի ունի ԱՄՆ-ի` անկախության համար մղվող 1776-1783
թթ. պատերազմը։
4 Պատերազմ Անգլիայի դեմ։
5 Պատերազմ, որն սկսվեց 1901 թ.։
ԱՄՆ-ը նվաճեց Ֆիլիպինները, ջախջախելով Ֆիլիպինյան
հանրապետությունը։