ԳԼՈԻԽ 2
Ես Դարրել Սթենդինգն եմ։ Շուտով ինձ
կտանեն այս մենախցից ու կկախեն։ Իսկ առայժմ ես պատմում եմ այն մասին, ինչ կկամենայի
պատմել, և գրում եմ այլ ժամանակների ու աշխարհների
մասին։
Դատավճիռը կայացնելուց հետո ինձ ուղարկեցին
Սեն-Քվենտին բանտը, որտեղ և ապրելու էի կյանքիս մնացորդը։ Ինձ համարել էին
«անուղղելի»։ «Անուղղելին» մարդու կերպարանքով գազան է. գոնե այդպիսին է նա
բանտապանների համար։ Ես ընկա անուղղելիների կարգը, որովհետև հանդուրժել չէի
կարողանում աշխատանքի անարտադրողական ծախսումները։ Ինձ աշխատանքի ուղարկեցին
ջուլահակային արհեստանոց։ Այդ աշխատանքի հանցավոր անարտադրողականությունը դիվահար
էր անում ինձ։ Ուրիշ կերպ ինչպե՞ս կարող էր լինել։ Չէ՞ որ աշխատանքի անարտադրողական
ծախսումները նվազագույնին հասցնելը իմ մասնագիտությունն էր։ Դեռ շոգու
կիրառությունից և շոգիով աշխատող ջուլհակի հաստոցի գյուտից առաջ, սրանից երեք հազար
տարի էլ առաջ, ես փտում էի Հին Բաբելոնի զնդաններից մեկում և, հավատացնում եմ, այդ
վաղեմի ժամանակներում, մենք՝ շղթայվածներս, ձեռքի դազգահներով շատ ավելի
արդյունավետ էինք հյուսում, քան շոգեուժ հաստոցներով հյուսում են Սեն-Քվենտին բանտի
կալանավորները։
Աշխատանքի այդ հանցավոր, անիմաստ
մսխումը գարշելի բան էր։ Ես ըմբոստացա։ Փորձեցի վերակացուներին հուշել մոտ երկու
տասնյակից ավելի արդյունավետ միջոցներ։ Նրանք բողոքեցին ղեկավարությանը, որից հետո
ես հայտնվեցի մենախցում, ուր զրկված էի և' լույսից, և' սննդից։ Երբ մենախցից
ազատեցին, որոշեցի ինքս ինձ հարկադրել աշխատելու ջուլհակային արհեստանոցի անիմաստ,
անարտադրողական քաոսի մթնոլորտում։ Եվ ըմբոստացա։ Ինձ դարձյալ նետեցին մենախուց և
զսպաշապիկ հագցրին։ Ինձ գցեցին հատակին ու կախեցին բթամատերից։ Տխմար
վերակացուները, որոնց խելքը այնքան էր կտրում, որ նկատում էին իմ և իրենց
տարբերությունը, զգալով, որ շատ էլ հիմար չեմ, ծածուկ թակում էին
ինձ։
Այս անիմաստ խոշտանգումը տևեց երկու տարի։
Զարհուրելի բան է, երբ կապում են ձեռքերդ ու ոտքերդ, և առավել զարհուրելի, եթե դրան
ավելացրած, նաև առնետներն են քեզ փորձում հոշոտել։ Առնետները իմ բանտապաններն էին,
և նրանք հոշոտեցին իմ ուղեղը, հոշոտեցին իմ մեջ եղած լավագույնը, հոշոտեցին հոգիս։
Իսկ ես, ես, որ իմ նախորդ կյանքում խիզախ մարտիկ էի, այժմյան կյանքում պայքարի
համար ոչ մի բանի պետք չէի։ Ես ֆերմեր էի, հողագործ, կաբինետային գիտնական,
լաբորատորիայի ստրուկ, և մտածում էի միայն հողի ու մեկ էլ այն մասին, թե ինչպես
բազմապատկել հողի բերքատվությունը։
Ես մարտնչել եմ
Ֆիլիպիններում, քանի որ այդպիսին էր Սթենդինգների տոհմի ավանդությունը։ Ես ներքուստ
ռազմատենչության ոչ մի հակում չունեի։ Այդ ամենը բավականին անհեթեթ էր. ինչու էր
մեկը անհրաժեշտ համարել պայթուցիկ նյութերով թխամորթ, փոքրիկ օտարազգիների
մարմինները բզկտել։ Տարօրինակ էր ականատես լինել, թե ինչպես է գիտությունը իր
հայտնագործությունների և գյուտարարների ուղեղների ողջ հզորությունը պոռնկացնում`
պայթուցիկ նյութերը բռնությամբ մտցնելով թխամորթների մարմինների
մեջ։
Ինչպես արդեն ասացի, Սթենդինգների տոհմում
հաստատված ավանդությանը հետևելով, ես զինվորագրվեցի ու եկա այն եզրակացության, որ
նվազագույն հակումն իսկ չունեմ ռազմական արհեստի նկատմամբ. ըստ երևույթին նույնպիսի
եզրակացության հանգեցին նաև իմ պետերը, որովհետև շատ շուտով ինձ նշանակեցին
սպայակույտի գրագիր, և այդպես էլ, գրասեղանի առջև նստած, ես անցկացրի ամբողջ
իսպանո-ամերիկյան պատերազմը։
Ինչպես տեսնում եք,
ջուլհակային արհեստանոցում աշխատանքի անարտադրողականությունը ինձ այդպես դիվահար էր
անում բնավ էլ ոչ այն պատճառով, որ ես բնույթով ռազմատենչ էի, այլ այն պատճառով, որ
մտածող էի։ Ուստի և բանտապանների կողմից ենթարկվում էի հալածանքի, և
ընկա
«անուղղելիների» կարգը։ Մարդկային ուղեղն աշխատում է յուրովի, և ես պատժվեցի այդ
ուղեղի անկախության պատճառով։ Երբ իմ «անուղղելիությունը» այնքան ակնհայտ դարձավ,
որ բանտապետ Ազերթոնն ինձ կանչեց իր առանձնասենյակը քարոզ կարդալու նպատակով,
ահավասիկ, թե
ինչ ասացի նրան.
- Շեֆ, որքան անհեթեթ
է ենթադրել, որ ձեր առնետախեղդ վերակացուներն ընդունակ են իմ ուղեղից դուրս մղել
այն, ինչը դրոշմված է այդքան պարզ ու հստակ։ Այս բանտում անհեթեթ է գործի ամբողջ
դրվածքը։ Դուք քաղաքագետ եք։ Դուք կարողանում եք բանսարկությունների սարդոստայն
հյուսել, և Սան-Ֆրանցիսկոյի բարմենների ու նրանց ամեն տեսակի պնակալեզների
քաղաքական ազդեցությունները դարձնել մի այնպիսի տաք անկյուն, որպիսին այժմ դուք
զբաղեցնում եք։ Բայց դուք չեք կարողանում ջութ գործել, այդ գործում դուք տգետ եք։
Ձեր ջուլհակային արհեստանոցը հնացած է մոտ հիսուն տարով. .
.
Սակայն արժե՞ արդյոք կրկնել այդ ամբողջ ճառը. ախր ես
մի երկարաշունչ ճառ արտասանեցի։ Բացատրեցի, թե որպիսի հիմարն է նա, ու բանտապետն էլ
վերջնականապես համոզվեց, որ ես անհուսալի կերպով անուղղելի
եմ։
Շանը ասա, որ կատաղած է... դե, ձեզ հայտնի է այս
առածը։ Շատ գեղեցիկ։ Բանտապետ Ազերթոնը վերջնականապես վրաս հաստատեց իմ համբավը։ Ես
մի հոյակապ քավության նոխազ էի։ Շատ ու շատ անգամներ ինձ վրա բարդեցին մյուս
կալանավորների մեղանչումները, և ես, վարձահատույց լինելով նրանց փոխարեն, դարձյալ
հայտնվում էի մենախցում՝ հաց ու ջրի հույսով։ Կամ էլ բթամատերից կախում էին ինձ, և
այդ վիճակում թողնում ժամեր շարունակ, որոնցից յուրաքանչյուրը թվում էր ավելի
անսահման, քան նախկինում ապրած իմ կյանքերից
ցանկացածը։
Խելացի մարդիկ հաճախ դաժան են լինում։ Բայց
հիմարների դաժանությանը չափ ու սահման չկա։ Բոլոր նրանք, որոնց ես ենթարկվում էի,
բանտապետից մինչև վերջին վերակացուն, բթամիտ անասուններ էին։ Հիմա դուք կիմանաք, թե
նրանք ինչ բերեցին իմ գլխին։
Բանտում մի կալանավոր
կար, բանաստեղծ էր։ Նա թույլ ծնոտով ու նեղ ճակատով այլասերվածի մեկն էր։ Ե'վ
դրամանենգ։ Ե'վ վախկոտ։ Ե'վ մատնիչ։ Ե'վ խածնող։ Հողագիտության պրոֆեսորի համար դա
փոքր-ինչ անսովոր բառ է, կասեք դուք, բայց նույնիսկ հողագիտության պրոֆեսորն էլ
կարող է սովորել անսովոր բառեր, եթե նրան ցմահ բանտարկության
դատապարտեն։
Դրամանենգ բանաստեղծի անունը Սեսիլ
Ուինվուդ էր։ Առաջին անգամը չէր, որ նա դատապարտվել ու հայտնվել էր բանտի երկաթե
ճաղերի հետևում, բայց և այնպես, այս անգամ նրան յոթ տարվա բանտարկության էին
դատապարտել, քանի որ մատնիչ էր ու դավաճան։ Օրինակելի վարք դրսևորելու դեպքում նրա
այդ ժամկետը կարող էր կրճատվել։ Իսկ իմ ժամկետը ավարտվելու էր իմ մահվան հետ։
Սակայն այդ խղճուկ վիժվածքը, ջանալով ձեռք բերել ազատության մի քանի կարճ տարի,
կարողացավ ինչ-ինչ հնարներով իմ ցմահ բանտարկությանն ավելացնել հավիտենականության
հիմնավոր մի կտոր։
Դեպքերը, որոնք ես ձեզ կպատմեմ
հերթականությամբ, ինձ հայտնի դարձան բնավ էլ ոչ ժամանակագրական հետևողականությամբ
ու անմիջապես։ Այդ Սեսիլ Ուինվուդը կամենալով շահել բանտի ամբողջ ղեկավարության
հովանավորությունը՝ սկսած վերակացուից ու բանտապետից՝ վերջացրած բանտային
տեսչությամբ ու նահանգապետով, իբր կանխամտածված փախուստի ապացույցներ հերյուրեց։
Այժմ նկատի ունեցեք հետևյալ հանգամանքները, ա) բոլոր կալանավորները այնպես էին
ատում Սեսիլ Ուինվուդին, որ նրան թույլ չէին տալիս նույնիսկ մի պտղունց ծխախոտ դնել
փայտոջիլների մրցարշավի ժամանակ, իսկ փայտոջիլների մրցարշավները կալանավորների
ամենասիրած զվարճությունն էր. բ) ես մի շուն էի, որին կատաղած էին անվանում. գ)
Սեսիլ Ուինվուդի մտացածին փախուստի համար հենց այդպիսի շներ էին անհրաժեշտ. ցմահ
բանտարկյալներից, թրծվածներից, անուղղելիներից որևէ
մեկը։
Բայց ցմահ բանտարկյալները ատում էին Սեսիլ
Ուինվուդին, ու երբ նա առաջարկեց խմբակային փախուստի իր ծրագիրը, կալանավորները
ծանակեցին և լուտանքների տարափ տեղացին Ուինվուդի վրա. բոլորն էլ գիտեին, որ նա
մատնիչ է։ Սակայն, ի վերջո, Ուինվուդը կարողացավ նրանց հիմարացնել։ Հիմարացրեց
բանտի քառասուն ամենախելոք ու խորամանկ գլուխների։ Նորից ու նորից կպչում էր նրանց։
Պատմում էր այն ազդեցության մասին, որից ինքն օգտվում էր բանտում, քանի որ բանտային
գրասենյակում գրագիր էր, և բանտի դեղատունը ազատ ելումուտի իրավունք
ուներ։
- Ապացուցիր,- ասաց նրան Լողլող մականվամբ Բիլլ
Հոջը, որը գնացք կողոպտելու համար իր ցմահ բանտարկության տարիներն էր մաշում, հոգու
խորքում փայփայելով մի երանելի ցանկություն՝ որևէ կերպ դուրս պրծնել, վերստանալ
կորցրած ազատությունը, որպեսզի սպանի գնացքի կողոպտման ժամանակ իր մեղսակից
ընկերոջը, որը դատարանում ցուցմունք էր տվել Բիլլի
դեմ։
Սեսիլ Ուինվուդը ընդունեց առաջարկությունը։ Նա
հայտարարեց, թե փախուստի գիշերը կքնացնի պահակներին։
-
Խոսքից էժան բան չկա,- ասաց նրան Լողլող Բիլլ Հոջը։- Մեզ ապրանքն է պետք։ Այս գիշեր
քնացրու պահակին։ Բարնեմն է հերթապահում։ Սողունի մեկն է։ Երեկ իրիկնադեմին
խելագարների միջանցքում ծեծեց վերնահարկը խանգարված չինուկին։ Նա արդեն հանձնել էր
հերթապահությունը, երբ չինուկին ծեծում էր։ Այսօր նա հերթապահում է գիշերը։
Քնացրու, և թող նրան վռնդեն այստեղից։ Եթե կարողացար գլուխ բերել, նոր միայն
կխոսենք գործի մասին։
Այս ամենը հետագայում ինձ պատմեց
Լողլող Բիլլը։ Սեսիլ Ուինվուդը բողոքարկեց այսքան հապճեպ փորձության դեմ։ Իրեն
ժամանակ է պետք դեղատնից քնաբեր դեղ թռցնելու համար, բացատրեց նա։ Ժամանակ տվեցին և
մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ ամեն բան պատրաստ է։ Դառն փորձից իմաստնացած
հանցագործները, որոնք ցմահ բանտարկության էին դատապարտվել, նստեցին ու սպասեցին՝
կքնի՞ Բարնեմը, թե՞ ոչ։ Եվ Բարնեմը քնեց։ Նրան գտան քնած վիճակում և հեռացրին
աշխատանքից, որովհետև քնել էր հերթապահության ժամանակ։
Այս միջադեպը վստահություն նեշնչեց բանտարկյալներին։ Մնում էր ավագ վերակացուին
համոզելը։ Իսկ Սեսիլ Ուինվուդը ամեն օր ամենայն մանրամասնությամբ զեկուցում էր նրան
իր իսկ երևակայությամբ ձեռնարկվող փախուստի նախապատրաստական աշխատանքների մասին։
Այն մասին, թե դա ինչպես է տեղի ունեցել, ես իմացա արդեն մեկ տարի անց. ահավասիկ
որքան ուշ են բացահայտվում բանտային գաղտնի
բանսարկությունները։
Ուինվուդը հայտնեց, որ փախչելու
մտադրություն ունեցող և այդ գաղտնիքը իրեն վստահած քառասուն բանտարկյալները այնպիսի
ազդեցություն են ձեռք բերել բանտում, որ ամեն բան արդեն նախապատրաստված է կաշառված
պահակների օժանդակությամբ դրսից ատրճանակներ բերելու
համար։
- Ապացուցի'ր ,- հավանաբար պահանջել է
վերակացուն։
Եվ դրամանենգ բանաստեղծը ապացուցեց։ Որպես
կանոն, փռում աշխատանքը օր ու գիշեր չէր դադարում։ Բանտարկյալներից մեկը՝ հացթուխը,
որն աշխատում էր գիշերային առաջին հերթափոխում, լրտեսում էր ավագ վերակացուի օգտին,
և Ուինվուդին դա հայտնի էր։
- Այս գիշեր, -
վերակացուին ասաց Ուինվուդը, - Սամերֆեյսը քառասունչորս տրամաչափի մի դյուժին
ատրճանակ է բերելու դրսից։ Իր հաջորդ հերթափոխության ժամանակ նա բերելու է նաև
փամփուշտները։ Իսկ այս գիշեր փռում ինձ կհանձնի ատրճանակները։ Դուք փռում ձեր մարդն
ունեք։ Վաղը առավոտյան հենց ձեր մարդն էլ այդ մասին կզեկուցի
ձեզ։
Այդ Սամերֆեյսը Գումբոլդտ օկրուգի կողմերում
ծնված մի հաղթանդամ մարդ էր։ Լինելով բարեհոգի, մեղմ, սահմանափակ ուղեղի տեր՝ նա
դեմ չէր բանտարկյալների համար դրսից ծխախոտ բերելով մեկ-երկու դոլլար վաստակել։ Այդ
գիշեր նա վերադարձել էր Սան-Ֆրանցիսկո կատարած ուղևորությունից և իր հետ տասնհինգ
ֆունտ հրաշալի ծխախոտ էր բերել։ Նա այդպիսի բաներ առաջ էլ էր անում և ծխախոտը
հանձնում էր Սեսիլ Ուինվուդին։ Այս անգամ էլ նա ծխախոտը փռում հանձնեց Սեսիլ
Ուինվուղին։ Դա մի ծանր, սովորական թղթով փաթեթած ծրար էր, որի պարունակությունը ոչ
այլ ինչ էր, եթե ոչ բոլորովին անվնաս ծխախոտ։ Մատնիչ հացթուխը իր թաքստոցից տեսավ,
որ Ուինվուդին ծրար են հանձնում, և հետևյալ օրն այդ մասին զեկուցեց ավագ
վերակացուին։
Եվ հենց այստեղ էր, որ դրամանենգ
բանաստեղծը չկարողացավ սանձահարել իր ծայրահեղորեն խիզախ երևակայությունը։ Նա շեղեց
հարվածի ուղղությունը, և ես հինգ տարով հայտնվեցի նախ՝ մենախցում, և ապա՝
մահապարտների խցում, որտեղ և գրում եմ այս տողերը։ Բայց այն օրերին ես չէի էլ
կասկածում, թե ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ չգիտեի փախուստի նախապատրաստման մասին,
որի համար Սեսիլ Ուինվուդը ներգրավել էր քառասուն ցմահ բանտարկյալների։ Ոչինչ,
բացարձակապես ոչինչ չգիտեի։ Մյուսներն էլ ինձնից ավելի քիչ բան գիտեին։
Բանտարկյալները չգիտեին, որ Սեսիլ Ուինվուդը որոշել է նրանց դավաճանել։ Վերակացուն
չգիտեր, որ Սեսիլ Ուինվուդը քթից բռնած ման է ածում իրեն։ Առավել նվազ կասկածներ
ուներ Սամերֆեյսը։ Վատթարագույն դեպքում նրա խղճի վրա ծանրացած էր միայն
բանտարկյալների համար ծխախոտ բերելու հանցանքը։
Այժմ
լսեք, թե ինչ անհեթեթ, ինչ մելոդրամատիկ զառանցանք դուրս տվեց Սեսիլ Ուինվուդը.
Հետևյալ առավոտ նա ցնծությամբ հանդիպեց ավագ վերակացուին։ Եվ նրա երևակայությունը
սանձազերծ եղավ։
- Այո, դու չէիր ստում, նա իսկապես
ծրար է հանձնել,- ասաց վերակացուն։
-Եվ այդ ծրարի
պարունակությունը լիուլի բավական է, որպեսզի ամբողջ բանտը հօդս ցնդի,- հայտարարեց
Ուինվուդը։
- Ի՞նչ պարունակություն,- ահաբեկվեց
վերակացուն։
- Դինամիտն ու դետոնատորները,- դուրս տվեց
այդ տխմարը։ - Երեսունհինգ ֆունտ։ Ձեր մարդը տեսավ, թե ինչպես Սամերֆեյսը ինձ
հանձնեց այդ ամենը։
Այս խոսքի վրա, հավանաբար,
վերակացուն քիչ մնաց կաթված ստանար։ Նրան կարելի է միայն խղճալ։ Կատա՞կ եք կարծում
երեսունհինգ ֆունտ դինամիտը, այն էլ բանտի ներսում։
Ասում են, որ կապիտան Ջեմին (այդպես էր վերակացուի անունը) ընկել է աթոռին ու երկու
ձեռքով բռնել գլուխը։
- Իսկ որտե՞ղ է, որտե՞ղ է
դինամիտը,- բղավել է նա։ - Ես պետք է անմիջապես վերացնեմ մեջտեղից։ Հենց հիմա գնանք
այնտեղ։
Այստեղ Սեսիլ Ուինվուդը հասկացավ իր
սխալը։
- Դինամիտը թաքցրել եմ, - ստեց
նա։
Այժմ նա արդեն ստիպված էր շարունակել իր ստերի
շարանը, քանի որ ծրարում ծխախոտի փոքրիկ փաթեթներից բացի ոչինչ չէր եղել, և այդ
փաթեթներն էլ վաղուց արդեն սովորական ճանապարհով հասել էին
բանտարկյալներին։
- Շատ լավ,- ասաց կապիտան Ջեմին,
ինքզինքը հավաքելով։ - Անմիջապես ինձ ուղեկցիր այնտեղ։
Բայց ավագ վերակացուին որևէ տեղ ուղեկցելու առիթը չկար, քանի որ ոչ մի տեղ դինամիտ
չէր թաքցված։ Պարզապես, այդ դինամիտը գոյություն չէր ունեցել ոչ հիմա և ոչ էլ առաջ.
ոչ մի տեղ գոյություն չէր ունեցել, բացառությամբ այն սրիկա Ուինվուդի
երևակայությունից։
Այնպիսի վիթխարի բանտում, ինչպիսին
է Սեն-Քվենտինը, միշտ էլ կգտնվեն բազմաթիվ ծակուծուկեր։ Եվ մինչ Սեսիլ Ուինվուդը
քայլում էր կապիտան Ջեմիի հետ, միտքն էլ, պետք է ենթադրել, աշխատում էր կատաղի
արագությամբ ։
Ինչպես հետագայում կապիտան Ջեմին
զեկուցել է բանտի գլխավոր ղեկավարությանը (և դա հաստատել է նաև Ուինվուդը),
գաղտնարանի ճանապարհին Ուինվուդն ասում է, որ դինամիտը թաքցնելիս ես էլ եմ եղել նրա
հետ:
Իսկ ես հենց նոր էի դուրս եկել մենախցից, որտեղ
անց էի կացրել հինգ օր, ու դրանից յոթանասուն ժամը՝ զսպաշապիկով. և այնպես էի
ուժասպառվել, որ նույնիսկ բթամիտ բանտապանները այդքան բանը հասկացան ու որոշեցին
ինձ անմիջապես ջուլհականոց չուղարկել։ Եվ Ուինվուդը ինձ պատմության մեջ քաշեց այն
ժամանակ, երբ մեկ օր հանգստանալու թույլտվություն էի ստացել, որպեսզի չափազանց խիստ
պատժից հետո վերականգնեի ուժերս։ Այո, նա հատկապես իմ անունն էր տվել որպես իր
համախոհի, որն օգնել է երեսունհինգ ֆունտ գոյություն չունեցող դինամիտը թաքցնել
ապահով մի տեղում։
Ուինվուդը կապիտան Ջեմիին տանում է
ենթադրյալ գաղտնարանը։ Բնականաբար, նրանք այնտեղ դինամիտի հետք անգամ չեն
գտնում։
- Աստված իմ, - բռնազբոսիկ սոսկում է
Ուինվուդը։ - Սթենդինգը գլխիս խաղ է խաղացել։ նա ծրարն ուրիշ տեղ է
թաքցրել։
Ավագ վերակացուի բերանից դուրս է թռչում
ավելի արտահայտիչ մի խոսք, քան «աստված իմ»-ն է։ Իսկ հետո, կատաղությունից իրեն
կորցրած, սակայն արտաքնապես պահպանելով սառնասրտությունը, նա Ուինվուդին տանում և
փակում է իր առանձնասենյակում ու զարհուրելի կերպով ծեծում, որի լուրը
հետագայում ընկավ բանտային բարձրագույն տնօրինության ականջը։ Բայց դա, իհարկե,
բավականին ուշ տեղի ունեցավ։ Ուինվուդը նույնիսկ ծեծ ուտելիս է երդվում, որ ասել է
զուտ ճշմարտությունը։
Ի՞նչ կարող էր այլևս ձեռնարկել
կապիտան Ջեմին։ Նա անկեղծորեն հավատում է, որ բանտում ինչ-որ տեղ երեսունհինգ ֆունտ
դինամիտ են թաքցրել և ցմահ բանտարկության դատապարտված քառասուն հանցագործներ
պատրաստվում են փախուստի։ Բնականաբար, նա իհարկե հարցաքննեց Սամերֆեյսին, ու թեև
Սամերֆեյսը պնդում էր, որ ծրարում բացի ծխախոտից ուրիշ ոչինչ չի եղել, Ուինվուդը
դարձյալ երդվեց, որ ծրարում դինամիտ եղել է, ու նրան
հավատացին։
Հենց այդ իրադրության մեջ էլ ասպարեզում
հայտնվում եմ ես. ավելի ճիշտ՝ հակառակը, հեռանում եմ ասպարեզից, քանի որ ինձ զրկում
են աստծո տված լույսից ու արեգակնային ճառագայթների ճաճանչներից, և նետում են
մենախուց։ Եվ այս մենախցում մեն-մենակ նստած, լույսից ու արևի ճառագայթներից զուրկ,
հարկադրված եմ փտելու երկար ու ձիգ տարիների
ընթացքում։
Ես ի վիճակի չէի որևէ բան հասկանալու։ Ինձ
հենց նոր ազատել էին մեկուսացումից, և ես, տանջահար ու հոշոտված, պառկել էի իմ
խցում, մահճի վրա, երբ ինձ դարձյալ նետեցին մենախուց։
- Այժմ, - ասում է Ուինվուդը կապիտան Ջեմիին, - թեև մենք չգիտենք, թե որտեղ է
թաքցրած դինամիտը, սակայն որևէ վտանգ մեզ չի սպառնում։ Սթենդինգը միակ մարդն է,
որին հայտնի է գաղտնարանի տեղը, իսկ մենախցում նստած, նա ոչ ոքի ոչինչ չի կարող
հայտնել։ Բանտարկյալներն արդեն պատրաստ են փախուստի համար։ Մենք նրանց կկարողանանք
բռնացնել փախուստի փորձ կատարելիս։ Նրանք միայն իմ ազդանշանին են սպասում։ Ես
կհայտնեմ, որ այս գիշեր ժամը երկուսին պատրաստ լինեն, որ ես կքնացնեմ ժամապահին
քնաբեր դեղով, իսկ հետո կբացեմ խցերի դռներն ու կբաժանեմ ատրճանակները։ Վերակացու,
եթե այս գիշեր դուք նրանց չբռնեք հանցանքի վայրում, փախուստի համար կազմ ու
պատրաստ, հագնված ու արթուն բոլոր քառասուն հոգուն էլ, այդ դեպքում դուք ինձ կարող
եք նստեցնել մենախցում մինչև իմ ժամկետի լրանալը։ Իսկ երբ, բացի Սթենդինգից, մյուս
քառասուն հոգին էլ հուսալի կերպով փակված կլինեն մենախցերում, մենք լիուլի ժամանակ
կունենանք գտնելու այդ դինամիտը։
- Եթե նույնիսկ դրա
համար ստիպված լինենք ամբողջ բանտը աղյուս առ աղյուս զննելու,- խիզախորեն
հայտարարեց կապիտան Ջեմին։
Այս ամենը տեղի ունեցավ վեց
տարի առաջ։ Այդ ընթացքում, ինչ խոսք, նրանց այնպես էլ չհաջողվեց գտնել գոյություն
չունեցող դինամիտը, թեև հազար-հազար անգամ նրանք քչփորեցին ամբողջ բանտը դինամիտ
գտնելու հույսով։ Բայց և այնպես, բանտապետի իր պաշտոնն զբաղեցնելու ընթացքում մինչև
վերջին րոպեն Ազերթոնը հավատում էր դինամիտի գոյությանը։ Կապիտան Ջեմին, որն հիմա
էլ աշխատում է որպես ավագ վերակացու, մինչև այսօր էլ համոզված է, որ դինամիտը
գտնվում է բանտի ծակուծուկերից մեկնումեկում։ Հենց երեկ էլ նա կտրել անցել էր
Սեն-Քվենտինից մինչև Ֆոլսեմ ընկած ճանապարհը, մեկ անգամ ևս ինձ խոստովանեցնելու
համար, որպեսզի իմանա այդ գաղտնարանի տեղը։ Ես գիտեմ, նա հոգեպես չի հանգստանա
այնքան ժամանակ, քանի դեռ ինձ չեն կախել։