ԳԼՈՒԽ 8
Համար առաջին մեկուսարանում բանտապետ
Ազերթոնն ու կապիտան Ջեմին կրքոտությամբ սկսեցին հարցաքննել ինձ: Բանտապետը
հայտարարեց.
- Սթենդինգ, դու կամ խելքի կգաս ու
կասես, թե որտեղ է այդ դինամիտը, կամ կսատկես զսպաշապիկի մեջ։ Քեզանից ավելի ամուր
մարդիկ են խելքի եկել, երբ նրանց հետ խոսել ենք մեր լեզվով։ Ընտրի'ր. դինամիտ կամ
դագաղ։
- Ուրեմն, դագաղ, - պատասխանեցի ես, -
որովհետև դինամիտի մասին ինձ ոչինչ հայտնի չէ։
Դա
համբերությունից հանեց բանտապետին և նա որոշեց չձգձգել գործը։
- Պառկիր - հրամայեց նա։
Ես հպատակվեցի, քանի որ անձնական փորձով համոզվել էի,
թե ինչ է նշանակում կռվել երեք-չորս ուժեղ մարդկանց հետ։ Նրանք հնարավորին չափ
ամուր կապկպեցին ինձ և հարյուր ժամով նետեցին մենախուց։ Քսանչորս ժամը մեկ ինձ ջուր
էին տալիս։ Ուտելու ցանկություն չունեի, ասենք, ինձ ուտելիք չէին էլ տալիս։ Այդ
հարյուր ժամը սպառվելիս բանտային բժիշկ Ջեկսոնը մի քանի անգամ եկավ ստուգելու իմ
վիճակը։
Բայց իմ «անուղղելիության» ընթացքում ես
այնքան վարժվեցի զսպաշապիկին, որ մի բաժինն այլևս ինձ վրա տպավորություն թողնել չէր
կարող։ Ինչ խոսք, որ զսպաշապիկը թուլացնում էր ինձ, քամում էր կյանքս, բայց ես
սովորեցի մկաններս այնպես լարել, որ երբ կապկպում էին, մի փոքր տարածություն էի
ապահովում։ Առաջին հարյուր ժամվա վերջին ես միայն մի քիչ տանջվել էի։ Թողեցին, որ
հանգստանամ, և դարձյալ զսպաշապիկ հագցրին, այս անգամ արդեն հարյուր հիսուն ժամով։
Գրեթե ամբողջ այդ ժամանակամիջոցին ես կորցրել էի մարմնիս զգացողությունը և
զառանցում էի։ Իսկ երբեմն էլ, լարելով կամքիս ուժը՝ երկար քնում էի։
Հետո բանտապետը վճռեց մի այլ հնար փորձել։ Այժմ ինձ
նախօրոք այլևս հայտնի չէր, թե քանի ժամ եմ հանգստանալու, և քանի ժամ պետք է
զսպաշապիկ հագնեմ: Ես նույնիսկ չգիտեի, թե երբ են ինձ կապկպելու։ Այսպես, օրինակ,
եթե մի անգամ ես տասը ժամ էի հանգստանում, իսկ զսպաշապիկ հագցնում էին քսան ժամով,
մյուս անգամ միայն չորս ժամ հանգստանալու հնարավորություն էի ստանում։ Խոր գիշերով
մեկ էլ թնդում էր իմ խցի վանդակադուռը և հերթապահ վերակացուները սկսում էին ինձ
կապկպել։ Երբեմն ինչ-որ ռիթմ էր ստեղծվում։ Ասենք երեք օրվա ընթացքում ինձ
վիճակվում էր հաջորդաբար ութ ժամ անցկացնել զսպաշապիկով և ութ ժամ հանգստանալ։ Իսկ
երբ ես արդեն վարժվում էի դրան, հանկարծ ամեն բան փոխվում էր և ինձ զսպաշապիկ էին
հագցնում երկու օր ժամկետով։
Եվ անդադար ինձ տալիս
էին միևնույն հարցը, որտե՞ղ է դինամիտը։ Երբեմն բանտապետը կատաղում էր։ Հաճախ, երբ
ես դիմանում էի ծայրահեղորեն դաժան պատժին, նա սկսում էր ինձ համոզել մտերմական
երանգով։ Մի անգամ նա ինձ նույնիսկ խոստացավ բանտային հիվանդանոցում երեք ամսվա
փառահեղ հանգիստ և ընտիր կերակուրներ, իսկ ապաքինումից հետո՝ բանտային գրադարանում
թեթև մի աշխատանք։
Բժիշկ Ջեկսոնը, մակերեսային
գիտելիքներով, վախկոտ այդ մարդուկը՝ հանկարծ հավատաց իմ դիմացկողականությանը, որքան
էլ ինձ զսպաշապիկի մեջ պահեն, հայտարարեց նա, միևնույն է, ես կդիմանամ։ Դրանից հետո
Ազերթոնն զգաց, որ իր համար կատարյալ անհրաժեշտություն է հակառակն ապացուցելը։
- Այդ լղպոր մտավորականները սատանային էլ մատների վրա
կխաղացնեն, - բարկացած ասաց նա։ - Նրանք ավելի ամուր են, քան թաց փոկերը։ Բայց
միևնույն է, մենք նրա հախից կգանք։ Սթենդինգ, լսո՞ւմ ես։ Այս բոլորը դեռ ծաղիկներն
են, իսկ պտուղները նոր են հասունանալու։ Մի' ձգձգիր, խոստովանիր գոնե հիմա, դու էլ
կհանգստանաս, մենք էլ։ Ես իմ խոսքից ետ չեմ կանգնի։ Ասել եմ. կամ դինամիտ, կամ
դագաղ։ Եվ այդպես էլ կլինի։ Ընտրիր։ - Մի՞թե կարծում եք, թե
իմ հաճույքի համար եմ լռում, - հազիվ շունչս ետ բերելով, շշնջացի ես, որովհետև այդ
պահին Խծուծ Ջոնսը ոտքով մեջքիս հենված, ձգում էր կապերը, իսկ ես լարել էի իմ
վերջին ուժերը, ջանալով մի փոքր տարածություն ապահովել։ - Ես խոստովանելու ոչինչ
չունեմ։ Ուրախությամբ կտայի աջ ձեռքս, որպեսզի դինամիտ լիներ ու ես էլ ցույց տայի
տեղը։
- Ես այդպիսի ուսյալների շատ եմ տեսել,-
արհամարհանքով ֆշշացրեց նա։- Ձեր նմաններից ոմանք գանգերի մեջ այնպիսի անիվներ են
ունենում, որոնք ստիպում են մեզ անդադար կրկնել միևնույն բանը։ Խրտնած ձիու պես
կամակորություն մի' արա։ Ավելի ձգիր, Ջոնս, մի՞թե այդպես են կապկպում։ Եթե
չխոստովանես, Սթենդինգ, դագաղի մեջ կպառկես, իմացիր։ Իմ խոսքը՝ խոսք է։
Բայց չկա չարիք առանց բարիքի, Երբ մարդ թուլանում է,
սկսում է ավելի քիչ տառապանքներ կրել։ Ցավը նվազում է, որովհետև ցավի տեղ այլևս չի
մնում։ Իսկ բավականին թուլացած մարդը հետագայում սկսում է ավելի դանդաղորեն
թուլանալ։ Բոլորին հայտնի է, որ ուժեղ մարդիկ սովորական հիվանդությունները ավելի
ծանր են կրում, քան կանայք ու հաշմանդամները։ Երբ պահեստի ուժերն սպառվում են,
այլևս կորցնելու բան չի լինում։ Ավելորդ ավյունը վերանում է, իսկ այն, ինչ մնում է,
սկսում է դիմադրել, մինչև վերջ սեղմած զսպանակի պես։ ճիշտն ասած, ես դարձել էի
յուրօրինակ մի օրգանիզմ - զսպանակ, որը չէր կամենում մեռնել։
Մորելն ու Օպենհեյմերը խղճում էին ինձ և թրխկացնելով
արտահայտում իրենց ցավակցությունն ու ամեն տեսակի խորհուրդներ տալիս։ Օրինակ,
Օպենհեյմերը հայտնեց, որ ինքը այդ բովից էլ է անցել, ապրել է ավելի վատթար
վիճակներ, բայց և այնպես ողջ է մնացել։
- Մի զիջիր
դրանց, - մատով թրխկացնում էր պատին։ - Թույլ մի' տուր քեզ սպանեն, որովհետև նրանք
հենց դրան էլ ձգտում են։ Եվ գաղտնարանի տեղն էլ մի հայտնիր։
- Բայց ախր գաղտնարան չկա,- կոշիկիս քթով դռանը
թրխկացնելով պատասխանում էի ես (ինձ զսպաշապիկ էին հագցրել և ես կարողանում էի
միայն ոտքով խոսել)։ - Ես ոչինչ չգիտեմ այդ երիցս անիծյալ դինամիտի մասին։
- Ճիշտ է, - գովեց Օպենհեյմերը։ - նա պինդ տղա է,
չէ՞, Էդ։
Ինչպե՞ս կարող էի Ազերթոնին համոզել, որ ես
ոչինչ չգիտեմ դինամիտի մասին, եթե նույնիսկ իմ ընկերներն էլ չէին հավատում ինձ։
Բանտապետի համառությունն իսկ Ջեկ Օպենհեյմերի պես մարդու համար արդեն ապացուցում էր
հակառակը, և նա միայն հիանում էր ամեն բան ժխտելու իմ հաստատակամությամբ։
Այդ տանջանքները կրելուս սկզբնական շրջանում ես
գտնում էի բավականին երկար քնելու ճարն ու հոյակապ երազներ էի տեսնում։ Բանը ոչ թե
այն էր, որ այդ երազները վառ էին ու ճշմարտացի, որոնք մեծ մասամբ հատուկ են բոլոր
երազներին։ Իմ երազները հոյակապ էին իրենց կատարելությամբ և տրամաբանությամբ։ Հաճախ
ես զեկուցումով հանդես էի գալիս գիտական ժողովներում և բարձրաձայն կարդում էի իմ
սեփական փորձարկումների մանրամասն ու բծախնդիր նկարագրությունները կամ այն
եզրահանգումները, որոնք կատարել էի ուրիշների փորձարկումների հետ ծանոթանալով։ Երբ
արթնանում էի, ականջներումս դեռ հնչում էր իմ ձայնը, իսկ աչքերիս առջև դեռ երևում
էին ճերմակ թղթի վրա մեքենագրված նախադասություններն ու պարբերությունները, և ես,
ապշած, հասցնում էի կարդալ դրանք նախքան տեսիլքի անէանալը։ Ի դեպ, հիշատակեմ,
ինչպես ժամանակի ընթացքում նկատեցի, երազում կատարած իմ մտահանգումները
անպայմանորեն ստեղծում էի դեդուկտիվ մեթոդով։
Երբեմն
երազում տեսնում էի բարեխառն կլիմա ունեցող մի մարզ, հարյուրավոր մղոններով
հյուսիսից հարավ ձգվող իր վիթխարի ֆերմայով, որը բուսական և կենդանական աշխարհով
Կալիֆորնիան էր հիշեցնում։ Եվ ոչ թե մեկ կամ երկու, այլ հազարավոր անգամներ եմ
շրջագայել այդ երազ-ֆերմայում։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել այն փաստը, որ դա
միևնույն ֆերման էր։ Բոլորովին տարբեր երազներում ֆերմայի ամենաբնորոշ գծերը մնում
էին անփոփոխ։ Այսպես, օրինակ, միշտ էլ ութ ժամ էր անհրաժեշտ լինում, որպեսզի
լեռնային սայլակով առվույտածածկ մարգագետնից (որտեղ արածում էր ջերսեյական կովերի
իմ նախիրը) բարձրանայի մինչև մի մեծ, ցամաքած ձորակի մոտի ավանը, որտեղ գտնվում էր
կայարանը։ Եվ այդ ութժամյա ճանապարհին յուրաքանչյուր քայլափոխում հանդիպած
նշանները՝ ամեն մի ծառ, ամեն մի սար, ամեն մի գետ ու վրայի կամուրջը, հողմնահարված
լանջերով ամեն մի լեռնաշղթա իմ բոլոր երազներում մնում էին
անփոփոխ։
Զսպաշապիկի մեջ քնած ժամանակ երազում տեսած
այդ կատարյալ իրական ֆերման մասնակի փոփոխությունների էր ենթարկվում, և այդ
փոփոխությունները տեղի էին ունենում միայն տարվա եղանակից կամ մարդկային աշխատանքից
կախված։ Այսպես, օրինակ, լեռնային արոտավայրերում, որոնք գտնվում էին առվույտի
մարգագետիններից վեր, ես սկսեցի անգորական այծեր պահել։ Եվ ամեն անգամ, երբ իմ
երևակայության աշխարհում գալիս էի այդտեղ, նկատում էի այնպիսի փոփոխություններ,
որոնք լիովին համապատասխանում էին իմ այցելությունների միջև ընկած ժամանակամիջոցին։
Օ՜հ, թփերով ծածկված այդ լանջերը, Դրանք հիմա էլ իմ
աչքի առջև են, ինչպես այն օրերին, երբ առաջին անգամ այդ կողմերում այծեր
հայտնվեցին։ Ես այնքա՜ն պարզ եմ հիշում բոլոր հետագա փոփոխությունները։ Աստիճանաբար
հեռուները ձգվող արահետներ. այդ այծերն էին բառիս բուն իմաստով կրծել - բացել թավ
թփուտներում. ամբողջովին կեր դարձած մատղաշ թփերի անհետանալը... ծառուղիները, որոնք
տարածվում էին առավել ծեր, բարձր թփուտների բոլոր ուղղություններով և որտեղ հետևի
ոտքերին կանգնած, այծերը կրծոտում էին կեղևները, այծերի բացած արահետներում
մարգագետնի խոտաբույսերի գրոհը։ Այո, այդ երազների գլխավոր հմայքը կայանում էր
նրանց կապակցության և հաջորդականության մեջ։ Վրա հասավ այն օրը, երբ նտառահատները
կտրատեցին փարթամորեն աճած մացառուտները, որպեսզի այծերը կարողանան սնվել
տերևներով, բողբոջներով ու կեղևով։ Վրա հասավ ձմեռային այն օրը, երբ այդ
մացառուտների չոր, մերկացած կմախքները կույտ-կույտ հավաքեցին ու վառեցին։ Վրա հասավ
նաև այն օրը, երբ իմ այծերին տարա թփուտներով ծածկված ուրիշ լանջեր, իսկ կովերս
արդեն արածում էին մինչև ծնկները հասնող հյութեղ, խիտ խոտերի մեջ, որոնք աճել էին
այնտեղ, ուր մացառուտից բացի ուրիշ բան չկար։ Եվ վրա հասավ այն օրը, երբ ես կովերին
ավելի հեռուները տարա և մշակներս իրենց արորներով անցան այդ լեռնալանջերով, վարեցին
ճիմը, որպեսզի իմ ապագա բերքի սերմերի համար հարուստ բուսահող նախապատրաստվի։
Այո, իմ երազներում ես հաճախ էի գնացքից իջնում մեծ,
ցամաքած ձորակի մոտ գտնվող ավանի կայարանում, նստում էի լեռնային ձիեր լծած իմ
սայլակին և մի քանի ժամ գնում էի ծանոթ ճանապարհով, առվույտածածկ մարգագետիններով
դեպի հեռուն, դեպի իմ լեռնային արոտավայրերը, որտեղ արդեն հասունացել էր տարեկանը,
գարին և կորնգանը, որոնք երեք տարին մեկ փոխարինում էին իրար և որտեղ ես կանգնած
դիտում էի, թե ինչպես են մշակներս բերքը հավաքում, իսկ դրանից վեր, լեռնալանջերին,
իմ այծերը կրծոտում էին թփուտները, որպեսզի հետո այնտեղ էլ հայտնվեին նույնպիսի
մշակված դաշտեր։
Սրանք երազներ են, կապակցված
երազներ, իմ դեդուկտիվ ենթագիտակցության երևակայությունը, բայց, ինչպես դուք
կհամոզվեք, դրանք բնավ էլ նման չէին այն ամենին, ինչ ես ստիպված էի կրելու, երբ
անցա փոքր մահվան դարպասով և կրկին վերապրեցի այն կյանքերը, որոնք բաժին էին ընկել
ինձ վաղուց անցած-գնացած ժամանակներում։
Այն երկարատև
ժամերին, որ զգոն վիճակում անց էի կացնում զսպաշապիկ հագած, ես ավելի ու ավելի
հաճախ էի հիշում Սեսիլ Ուինվուդին, այդ դրամանենգ բանաստեղծին, որը հեշտությամբ իմ
վրա բարդեց այս բոլոր տառապանքները և այժմ, ազատություն ստանալով, վերադարձավ բանտի
պատերից այն կողմում գտնվող ընդարձակ աշխարհը։ Օ՜հ, ոչ, ես նրա նկատմամբ
ատելություն չէի տածում, դա չափազանց թույլ արտահայտություն կլիներ։ Մարդկային
լեզվում չկան բառեր, որոնք կարողանային արտահայտել իմ զգացմունքները։ Միայն կասեմ,
որ ինձ կրծոտում էր վրիժառության մի այնպիսի ծարավ, որը ոչ մի նկարագրության չի
ենթարկվում և ինքնին՝ աննկարագրելի մի տառապանք է։ Ես ձեզ չեմ պատմի ո'չ նրան
տանջելու զանազան միջոցներ մտորելուն նվիրված ժամերի, ոչ էլ իմ հնարած դժոխային
տառապանքների մասին։ Բավական է թեկուզ մեկ օրինակ։ Սկզբում ինձ հմայել էր պատժի այն
հինավուրց միջոցը, երբ մարդու որովայնին երկաթե մի կաթսա են կապում, որի մեջ
կենդանի առնետ կա։ Առնետը ազատվելու մի ճանապարհ ուներ միայն, մարդու մարմնի միջով։
Ինչպես արդեն ասացի, այդ տանջանքի ձևը ինձ հմայել էր։ Բայց հետո ես կռահեցի, որ այդ
դեպքում մահը չափազանց շուտ է վրա հասնում, և սկսեցի մտմտալ մավրիտանյան մի
հարմարանք, որպեսզի... բայց ոչ, ես ախր խոստացա, որ չեմ նկարագրի դա։ Բավական է
միայն ասել, որ արթուն վիճակում, ցավից խենթանալով, ես մտածում էի այն մասին, թե
ինչպես վրեժ կլուծեի Սեսիլ Ուինվուդից։