ԳԼՈՒԽ 9

     Սակայն արթմնի անցկացրած երկարատև, տառապալից ժամերին, այդ ամենից բացի, ես սովորեցի չափազանց կարևոր մի բան. սովորեցի մարմինս ենթարկեցնել ոգուս։ Ես սովորեցի պասսիվորեն տառապել, ինչպես որ այդ բանին, հավանաբար, վարժվում են բոլոր նրանք, ովքեր անցնում են զսպաշապիկի բարձրագույն կուրսեր։ Այնքան էլ դյուրին բան չէ ուղեղը թաղել մի այնպիսի թմբիրի մեջ, որ նա այլևս չընկալի տառապյալ նյարդերի տենդագին, տաժանելի բողոքները։
     Հենց այն պատճառով, որ ես սովորեցի մարմինս ենթարկեցնել ոգուս, ինձ հաջողվեց հեշտությամբ օգտագործել այն գաղտնիքը, որն ինձ համար բացահայտեց Էդ Մորելը։
     - Կարծում ես, թե վերջդ եկա՞վ, - մի գիշեր թրխկացրեց Էդը։
     Մինչ այդ ես զսպաշապիկով արդեն հարյուր ժամ պառկել էի և անասելի թուլացել։ Այնպես էի թուլացել, որ մարմինս չէի զգում, թեև այն դարձել էր կապտուցների և կտտանքի մի զանգված միայն։
     - Երևի վերջս մոտ է, - թակեցի ես որպես պատասխան։ -Եթե նրանք մի քիչ էլ ջանք թափեն՝ վերջ։
     - Իսկ դու մի զիջիր, - խորհուրդ տվեց նա։ - Մի այսպիսի միջոց կա։ Ինքս եմ սովորել մենախցում, երբ ինձ ու Մասսիին զսպաշապիկի մի փառահեղ բաժին տվեցին։ Ես դիմացա, իսկ Մասսին ոտքերը ձգեց։ Ես դիմացա լոկ այն պատճառով, որ միջոցը գտա։ Բայց դա պետք է փորձել այն ժամանակ, երբ բոլորովին թուլացել ես։ Եթե դեռ ուժ ունես, ամեն բան կփչացնես, իսկ հետո այլևս ոչինչ չի ստացվի։ Այդ մասին ես պատմեցի Ջեկին, երբ նա դեռ լրիվ ուժասպառ չէր եղել, իսկ հիմա տեսնում եմ, որ իզուր եմ պատմել։ Այն ժամանակ, իհարկե, արդյունք չտվեց, իսկ հետո, երբ արդեն անհրաժեշտ էր ու տեղին, պարզվեց, որ ուշ է, որովհետև առաջին անհաջողությունը ամեն բան փչացրել էր։ նա հիմա նույնիսկ չի էլ հավատում դրան։ Կարծում է, թե ձեռք եմ առնում։ Ճի՞շտ է, Ջեկ։
     Տասներեքերորդ խցիկից Ջեկը թրխկացնելով պատասխանեց.
     - Խելքդ դրան չտաս, Դարրել։ Հեքիաթներ է պատմում։
     - Բայց դու այնուամենայնիվ պատմիր, - թրխկացրի ես Մորելին։
     - Հենց դրա համար էլ սպասում էի, մինչև վերջնականապես ուժասպառվես։ Հիմա արդեն առանց դրան չես դիմանա, ուստի և կպատմեմ։ Ամեն բան կախված է միայն քեզանից։ Եթե սրտանց կամենաս՝ կսովորես։ Երեք անգամ այդպես եմ արել, լավ գիտեմ։
     - Իսկ ի՞նչ միջոց է դա,- անհամբերությամբ թրխկացրի ես։
     - Գաղտնիքն այն է, որ մեռնես զսպաշապիկի մեջ. դու պետք է քեզ ստիպես մեռնել։ Հիմա, իհարկե, չես հասկանում ինձ, բայց համբերիր։ Դու գիտես, չէ՞, թե ինչպես է մարմինը թմրում զսպաշապիկի մեջ. մերթ ձեռքն է թմրում, մերթ ոտքը։ Դրա դեմ ոչ մի ճար չկա, բայց փոխարենը կարող ես դրանից օգտվել։ Մի սպասիր մինչև ոտքերդ կամ մարմինդ թմրի։ Հնարավորին չափ հարմար տեղավորվիր և գործողության մեջ դիր կամքդ։ Եվ այդ ընթացքում դու պետք է միայն մի բանի մասին մտածես, և պետք է հավատաս այն բանին, ինչի մասին մտածում ես, Եթե չհավատաս, ոչինչ էլ չի ստացվի։ Իսկ մտածելու ես միայն մի բան. մարմինդ ուրիշ է, ոգիդ՝ ուրիշ։ Դու՝ այդ դու ես, իսկ մարմինդ դատարկ ու անպետք մի բան է։ Մարմինդ հաշվից դուրս է։ Դու ես քո գլխի տերը։ Ոչ մի մարմին քեզ պետք չէ։ Երբ դու այդ մասին մտածես ու հավատաս, որ այդպես է, ապա հարկ կլինի նաև ապացուցել այդ, գործողության մեջ դնելով քո կամքը։ Դու ստիպելու ես, որ մարմինդ մեռնի։ Պետք է սկսել ոտքի մատներից, այն էլ ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար։ կստիպես, որ մատներդ մեռնեն։ Դու կամենում ես, որ մատներդ մեռնեն։ Եթե բավարար հավատ ու կամք ունենաս, ոտքերիդ մատները կմեռնեն։ Ամենից դժվարը մեռնել սկսելն է։ Բայց բավական է, որ մեռնի ոտքիդ առաջին մատը, ապա հետո գործն ավելի դյուրին առաջ կգնա, որովհետև այլևս հարկ չի լինի ավելի հավատալու։ Դու արդեն համոզված կլինես։ Եվ հենց այդ ժամանակ էլ գործողության մեջ կդնես քո ամբողջ կամքը, որպեսզի մարմնիդ մյուս մասերն էլ մեռնեն։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում, Դարրել։ Երեք անգամ փորձել եմ։ Հենց որ մեռնել սկսես, գործն առաջ կգնա։ Իսկ ամենից տարօրինակն այն է, որ այդ ընթացքում դու մնում ես ողջ ու առողջ։ Ոտքերիդ մատները կմեռնեն, բայց դու բնավ էլ մեռած չես լինի։ Հետո ոտքերդ կմեռնեն մինչև ծնկները, հետո՝ ազդրը, իսկ դու կմնաս առաջվանը։ Մարմինդ կտոր-կտոր դուրս կգա այդ խաղից, և դու կմնաս ինքդ քեզ հետ, ճիշտ այնպես, ինչպես էիր, երբ սկսեցիր այդ պատմությունը։
     - Իսկ հետո՞, - հարցրեցի ես։
     - Երբ ամբողջ մարմինդ մեռնի, իսկ դու մնաս առաջվանը, ապա պարզապես դուրս կգաս և մի կողմ կնետես մարմինդ։ Իսկ եթե դուրս դաս քո մարմնից, ապա դուրս կգաս նաև խցից։ Քարաշեն պատերն ու երկաթակուռ դռները ազատություն չեն տա մարմնին։ Իսկ ոգին կաշկանդել չեն կարողանա։ Եվ դու այդ բանը կապացուցես։ Դու ախր քո մարմնից ազատագրված ոգի կլինես։ Եվ կարողանաս կողքից նայել քո մարմնին։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Ինքս էլ երեք անգամ փորձել եմ, երեք անգամ կողքից եմ նայել իմ մարմնին։
     - Հա՜-հա՜-հա՜, - այդ Ջեկ Օպենհեյմերը տասներեք խուց հեռավորությունից թրխկացրեց իր ծիծաղը։
     - Հասկանո՞ւմ ես, հենց դրանում էլ կայանում է Ջեկի դժբախտությունը, - շարունակեց Մորելը։ - Նա չի կարողանում հավատալ։ Երբ փորձեց այս միջոցը, դեռ շատ ուժեղ էր և ոչ մի արդյունքի չհասավ։ Իսկ հիմա էլ կարծում է, թե իրեն ձեռ եմ առնում։
     - Երբ մեռնես՝ կդառնաս հանգուցյալ, իսկ հանգուցյալները հարություն չեն առնում, - առարկեց Օպենհեյմերը։
     - Բայց քեզ ասում եմ, որ երեք անգամ մեռել եմ, - պնդեց Մորելը։
     - Բայց և այնպես այսքան ժամանակ ողջ ես մնացել, որպեսզի պատմես այդ մասին, - խայթեց Օպենհեյմերը։
     - Բայց մի բան հիշիր, Դարրել,- թրխկացրեց ինձ Մորելը, - շատ համարձակ գործ է դա։ Միշտ այնպիսի զգացողության մեջ ես լինում, որ չափից դուրս ինքնակամ ես։ Չեմ կարող դա բացատրել, բայց ինձ միշտ թվում է, որ եթե հեռու լինեմ, երբ նրանք մարմինս ազատեն զսպաշապիկից, ապա այլևս վերադառնալ չեմ կարողանա։ Այսինքն՝ մարմինս իրոք որ կմեռնի։ Իսկ ես չեմ ուզում, որ մարմինս մեռնի։ Ես չեմ ուզում այդպիսի հաճույք պատճառել կապիտան Ջեմիին և մյուս բոլոր սրիկաներին։ Բայց դրա փոխարեն, Դարրել, եթե քեզ հաջողվի, ապա Ազերթոնին հիմար վիճակի մեջ կթողնես։ Եթե քեզ հաջողվի այդ ձևով սպանել մարմինդ, ապա նրանք թեկուզ մի ամիս շարունակ քեզ զսպաշապիկի մեջ պահեն, դա այլևս ոչ մի նշանակություն չի ունենա։ Դու ցավ չես զգա, քո մարմինն ընդհանրապես ոչինչ չի զգա։ Դու լսած կլինես, որ կան մարդիկ, ովքեր ամբողջ տարին, նույնիսկ դեռ ավելի, քնով են անցկացրել։ Հենց այդպես էլ կլինի քո մարմնի հետ։ Մարմինդ իր համար հանգիստ պառկած կլինի զսպաշապիկի մեջ, սպասելով, թե դու երբ կվերադառնաս։ Փորձիր, քեզ լուրջ բան եմ ասում։
     - Իսկ եթե չվերադառնա՞, - հարցրեց Օպենհեյմերը։
     - Ուրեմն, Ջեկ, կնշանակի, որ նա կընկնի բավական հիմար վիճակի մեջ, - պատասխանեց Մորելը։ - Եվ գուցե նաև մենք, որովհետև իզուր տեղ փտում ենք այս ծակուռում այն ժամանակ, երբ այդքան հեշտությամբ կարող ենք դուրս պրծնել։
     Սրանով մեր զրույցն ավարտվեց, որովհետև Խծուծ Ջոնսը արթնանալով իր անօրինական քնից, բարկացկոտ սպառնաց, որ զեկուցագիր կներկայացնի Մորելի ու Օպենհեյմերի մասին, իսկ նրանց համար դա նշանակում էր զսպաշապիկ հագնել նաև հաջորդ օրը։ Ինձ նա չսպառնաց, որովհետև շատ լավ գիտեր, որ ես առանց այդ էլ զսպաշապիկ եմ հագնելու։
     Լռության մեջ մոռանալով ամբողջ մարմնովս մեկ նվվացող ցավը, սկսեցի մտորել այն ամենի մասին, ինչ հաղորդեց Մորելը։ Ինչպես քիչ առաջ ասացի, ես արդեն փորձել էի ինքնահիպնոսի օգնությամբ վերադառնալ իմ նախորդ գոյավիճակներին։ Ես գիտեի նաև, որ մասամբ դա ինձ հաջողվել է, թեև իմ տեսիլքները քմահաճորեն իրար են միահյուսվում առանց տրամաբանության և կապի։
     Սակայն Մորելի միջոցը այնքան ակնհայտորեն էր հակադիր ինքնահիպնոսի իմ փորձերին, որ հետաքրքրությունս շարժվեց։ Իմ մեթոդի դեպքում նախ և առաջ մարում էր գիտակցությունը, իսկ Մորելի մեթոդով գիտակցությունը պահպանվում էր մինչև վերջ, ու երբ մարմինը մեռնում էր, գիտակցությունը անցնում էր մի այնպիսի բարձրագույն մակարդակի, որ լքում էր մարմինը, լքում էր Սեն -Քվենտինի պատերն ու դուրս էր գալիս հեռավոր թափառումների, միշտ մնալով որպես գիտակցություն։
     «Համենայն դեպս արժե փորձել», - վճռեցի ես։ Հակառակ գիտնականի իմ կասկածամտությանը, ես չէի տարակուսում, որ ինձ էլ կհաջողվի կատարել այն, ինչ Մորելի խոսքերով, նրան հաջողվել էր արդեն երեք անգամ։ Հավանաբար իմ այդ դյուրահավատությունը բացատրվում էր ծայր աստիճան ուժասպառությամբ։ Հավանաբար, ես այլևս կասկածամիտ լինելու ուժ չունեի։ Այդ ենթադրությունն արդեն հայտնել էր Մորելը։ Նրա եզրակացությունները կրում էին զուտ փորձնական բնույթ, և ես էլ, ինչպես կտեսնեք, հաստատեցի դրանք զուտ փորձնական ճանապարհով։