ԳԼՈՒԽ 10
Իսկ ամենից կարևորն այն էր, որ հաջորդ առավոտ բանտապետը եկավ խուց՝ ինձ սպանելու հաստատ մտադրությամբ։ Նրա հետ ներս մտան կապիտան Ջեմին, բժիշկ Ջեկսոնը և էլ Հեթչինսը։ Էլ Հեթչինսը նստելու էր քառասուն տարի, բայց ներում ստանալու հույսեր ուներ։ Արդեն չորս տարի շարունակ նա Սեն - Քվենտինի ավագների գլխավորն էր։ Թե նրան ինչպիսի իրավունքներ էր տալիս այդ դիրքը, դուք կհասկանաք, եթե ասեմ, որ միայն կաշառքներից ավագների գլխավորը տարեկան կուտակում էր երեք հազար դոլլար։ Այդ իսկ պատճառով էլ տասներկու հազար դոլլար խնայած և ներման հույսեր ունեցող էլ Հեթչինսը պատրաստ էր կուրորեն կատարելու բանտապետի ամեն մի հրամանը։
Ես ձեզ ասացի, որ բանտապետը մտավ իմ խուցն ինձնից մեկընդմիշտ ազատվելու հաստատ մտադրությամբ։ Դա հայտնի էր նրա դեմքից։ Եվ այդ էին ապացուցում նրա կարգադրությունները։
- Քննեցեք սրան, - հրամայեց նա բժիշկ Ջեկսոնին։
Մարդու այդ թշվառ պարոդիան, այդ «բժիշկը» վրայիցս պոկեց կեղտից կոշտացած շապիկը, որը մեկուսարան ընկնելուս օրվանից հագիցս չէի հանել, և մերկացրեց իմ թշվառ, տանջահար մարմինը. կողերիս ձգված դարչնագույն մագաղաթի
պես մաշկս, զսպաշապիկի հետ ունեցած հաճախակի հանդիպումների հետևանքով, ծածկված էր բորբոքված խոցերով։ Նա ինձ քննեց անամոթ մի անփութությամբ։
- Հապա՞... Կդիմանա՞, - հարցրեց բանտապետը։
- Այո, - պատասխանեց բժիշկ Ջեկսոնը։
- Սիրտն ինչպե՞ս է աշխատում։
- Սքանչելի։
- Ձեր կարծիքով նա տասը օր կդիմանա՞։
- Իհարկե։
- Չեմ հավատում, - բարկացած ասաց Ազերթոնը, - բայց և այնպես, փորձենք... Պառկիր, Սթենդինգ։
Հրամանին ենթարկվելով, ես փորիս վրա պառկեցի հատակին փռած զսպաշապիկին։
Բանտապետը կարծես երկմտանքի մեջ ընկավ։
- Շրջվիր, - հրամայեց նա։
Ես փորձեցի շրջվել, բայց այնքան ուժասպառ էի, որ միայն ցնցվեցի ու գալարվեցի։
- Ձևացնում է, - նկատեց Ջեկսոնը։
- Երբ նրա հախիցը գամ, ձևացնելու կարիք այլևս չի ունենա, - պատասխանեց բանտապետը։ - Օգնեցեք նրան։ Ժամանակ չունեմ սրա հետ գլուխ դնելու։
Ինձ շրջեցին մեջքիս վրա ու ես հայացքս հառեցի Ազերթոնին։
- Սթենդինգ,- անշտապ ասաց նա։ - Ես այլևս մտադիր չեմ քեզ հետ տուն-տուն խաղալու։ Մինչև կոկորդս կշտացել եմ քո համառությունից։ Համբերությունս արդեն հատել է։ Բժիշկ Ջեկսոնն ասում է, որ դու տասը օր կկարողանաս դիմանալ զսպաշապիկին։ Ինքդ էլ հասկանում ես, թե որքան է այդ հավանականությունը։ Բայց ուզում եմ քեզ մի հնարավորություն էլ տալ։ Ասա, թե որտեղ է դինամիտը։ Հենց որ դինամիտը իմ ձեռքում լինի, քեզ այստեղից կազատեմ։ Դու կլվացվես, կսափրվես և մաքուր սպիտակեղեն կստանաս։ Ես թույլ կտամ, որ վեց ամիս, առանց որևէ բան, անելու, սնվես հիվանդանոցային օրապահիկով, իսկ հետո կնշանակեմ գրադարանի ավագ։ Ինքդ էլ հասկանում ես, որ ավելին առաջարկել չեմ կարող, Ես քեզ չեմ խնդրում, որ մատնիչ դառնաս։ Դու Սեն-Քվենտինում ախր միակ մարդն ես, որը գիտե դինամիտի գաղտնարանը։ Ոչ ոքի վնասած չես լինի, եթե համաձայնես, իսկ դա միայն քո օգտին կլինի, Բայց եթե չհամաձայնես... - Նա լռեց ու բազմանշանակալի վեր քաշեց ուսերը։ - Բայց եթե չհամաձայնես, քեզ անմիջապես տասը օրով զսպաշապիկ կհագցնեն։
Այս խոսքերի վրա սարսափը պատեց ինձ։ Ես այնքան ուժասպառ էի, որ զսպաշապիկով տասն օրը ինձ համար նշանակում էր անխուսափելի մահ։ Այդ բանը ես գիտեի բանտապետից ոչ վատ։ Ու ես հիշեցի Մորելի մեթոդի մասին։ Այժմ կամ երբեք։ Վրա հասավ այն ժամը, երբ դա ինձ արդեն անհրաժեշտ էր, վրա հասավ այն ժամը, երբ գործնականում անհրաժեշտ էր ապացուցել իմ հավատը դրա նկատմամբ։ Ես ժպտացի բանտապետ Ազերթոնի ուղիղ դեմքին և այդ ժպիտը հագեցված էր իմ վստահությամբ ճիշտ այնպես, ինչպես և նախադասությունը, որով դիմեցի նրան։
- Շեֆ, - ասացի ես, - տեսնո՞ւմ եք, թե ինչպես եմ ժպտում։ Իսկ եթե տասը օր հետո էլ, երբ ինձ ազատեք կապանքներից, ես ձեզ դարձյալ ճիշտ այսպես ժպտամ, դուք մի տուփ ծխախոտ ու թուղթ կտա՞ք Մորելին և Օպենհեյմերին։
- Այս մտավորականները առանց բացառության օրապակաս են,- ֆշշացրեց կապիտան Ջեմին։
Բանտապետը դյուրագրգիռ մարդ էր և իմ խնդիրքը համարեց լկտի մի ծաղր իր հասցեին։
- Այդ խոսքի համար քեզ ավելի ձիգ կկապեն, - խոստացավ նա։
- Ես առաջարկում եմ գրազ գալ, շեֆ,- անվրդով պատասխանեցի ես։ - Որքան հնարավոր է ձիգ կապեք ինձ, բայց եթե տասը օր հետո ձեզ ժպտամ, դուք ծխախոտ կտա՞ք, Մորելին և Օպենհեյմերին։
- Քո վրա շա՜տ ես վստահ, - նկատեց նա։
- Հենց դրա համար էլ գրազ եմ առաջարկում, - պատասխանեցի ես։
- Աստծո՞ւն ես ապավինել, - քմծիծաղով հարցրեց նա։
- Ոչ, - պատասխանեցի ես։ - Ուղղակի իմ մեջ այնքան կյանք կա, որ դուք երբեք չեք կարողանա սպասել մինչև վերջ։ Թեկուզ հարյուր օրով կապեք, միևնույն է, կժպտամ ձեզ։
- Սթենդինգ, մինչև տասնօրյա ժամկետը դու շունչդ, կփչես։
- Կարծո՞ւմ եք, - ասացի ես։ - Եվ ձեր ասածին հավատո՞ւմ եք արդյոք։ Եթե հավատայիք, չէիք վախենա երկու տուփ ծխախոտի համար տասը սենթ կորցնելուց։ Հետաքրքիր է, թե ձեզ ի՞նչն է այդպես վախեցնում։
- Երկու սենթի դիմաց ես կջնջխեի քո մռութը, - ատամների արանքից ասաց նա։
- Չեմ խանգարի ձեզ, - ասացի ես ընդգծված բարեկրթությամբ։ - Ուժեղ խփեք։ Բայց և այնպես ատամներս կմնան, որպեսզի կարողանամ ժպտալ։ Իսկ քանի դեռ դուք չեք վճռել, թե արժե՞ արդյոք ջարդել դեմքս, գուցե, այնուամենայնիվ, կընդունե՞ք իմ առաջարկը։
Մենախցում բանտապետին այդպես ծանակելու համար պետք է, որ մարդը սարսափելի կերպով ուժասպառ եղած լինի ու բոլորովին հուսահատված... կամ պետք է, որ նա հավատա։ Հիմա ես գիտեմ, որ հավատում էի և վարվում էի այդ հավատի թելադրանքով։ Ես հավատում էի այն բանին, ինչ ասել էր Մորելը, ես հավատում էի մարմնի վրա ոգու ունեցած իշխանությանը, հավատում էի, որ նույնիսկ զսպաշապիկով անցկացրած հարյուր օրն ինձ չի սպանի։ Կապիտան Ջեմին հավանաբար զգաց իմ այդ հավատը, որը զորավիգ էր դարձել ինձ, և ասաց.
- Հիշում եմ, սրանից քսան տարի առաջ այստեղ մի շվեդացի ցնորվեց։ Դա ձեզանից առաջ էր, միստր Ազերթոն։
- Նա մարդ էր սպանել ինչ֊որ քսանհինգ սենթի համար, վիճաբանության ժամանակ, և նստել էր։ Խոհարար էր։ Եվ հանկարծ գժվեց։ Ասաց, որ իր հետևից ոսկե մի կառք է գալու և իրեն տանելու է երկինք։ Իսկ հետո նստեց շիկացած սալօջախին և սկսեց շարականներ երգել ու «Ալելույա» գոչել, միևնույն ժամանակ նա ողջ-ողջ տապակվում էր։ Նրան հազիվ ցած բերեցին, բայց երկու օր անց հիվանդանոցում ոտքերը ձգեց։ Մինչև ոսկորները տապակվել էր։ Եվ նույնիսկ մահվանից առաջ էլ երդվում էր, որ այրուցքը չի զգացել։ Եվ ոչ մի անգամ ցավից ծպտուն չհանեց։
- Դե'հ, Սթենդինգ տեսնենք, թե ինչպես ես ժպտալու մեր ձեռքին, - ասաց բանտապետը։
- Քանի որ դուք այդպես վստահ եք, ապա ինչո՞ւ առաջարկս չեք ընդունում, - գրգռեցի ես։
Ազերթոնը այնպես կատաղեց, որ չնայած իմ հուսահատ վիճակին, հազիվ զսպեցի ծիծաղս։ Նրա դեմքը ծամածռվեց, նա սեղմեց բռունցքները և թվում էր, թե հիմա կհարձակվի վրաս ու մահու չափ կթակի։ Սակայն մեծ ջանքերով տիրապետեց իրեն։
- Դե լավ, Սթենդինգ, - մռնչաց նա։ - Համաձայն եմ։ Բայց հիշիր խոսքերս, որպեսզի տասը օր հետո ժպտաս ինձ, ստիպված ես լինելու մի քիչ քրտնել, Տղաներ, նրան շրջեքփորի վրա ու այնպես ձգեք փոկերը, որ կողերը ճռճռան։ Հապա', Հեթչինս, ցույց տուր, որ այդ գործում հիանալի վարպետ ես։
Եվ նրանք ինձ շրջելով փորիս, այնպես ձգեցին, որ դեռևս երբեք այդպես չէին ձգել։ Ավագների գլխավորը ցուցադրեց,իր ողջ հնարամտությունը։ Ես փորձեցի թեկուզ մի փոքր տարածություն ապահովել։ Ավելին ապահովել հնարավոր չէր, որովհետև ես վաղուց ի վեր նիհարել, դարձել էի ծղոտ, իսկ մկաններս վերածվել էին թոկերի։ Ես այլևս ուժ չունեի և ոչ էլ մկանունք, որպեսզի լարեի, և այն չնչին տարածությունը, որն ինձ հաջողվում էր ապահովել, ձեռք էի բերում հոդերս միայն ձգելով, Պատրաստ եմ երդվելու, որ դա այդպես էր։ Բայց այդ չնչին տարածությունից էլ Հեթչինսը զրկեց ինձ. մինչև ավագ դառնալը նա ուսումնասիրել էր զսպաշապիկի հետ կապված բոլոր հնարամտությունները, քանի որ ժամանակին նրան էլ էին զսպաշապիկ հագցրել։
Բանն այն էր, որ Հեթչինսը ստորագույն մի արարած էր։ Գուցե առաջներում նա մարդ եղել էր, բայց նրան փշրել էին անիվի վրա։ նա իր տրամադրության տակ տասներկու հազար դոլլար ուներ և, ստրկամտորեն կատարելով հրամանները, նա կարող էր ազատություն ստանալ։ Հետո ես իմացա, որ սիրած աղջիկ ունի, որը նրան հավատարիմ էր մնացել ու սպասում էր ազատվելուն։ Տղամարդու վարքագծում կինը շատ բան է բացահայտում։
Եվ այդ առավոտ, մեկուսարանում, բանտապետի հրամանով էլ Հեթչինսը ուժը պատածին չափ ջանում էր մարդասպանություն կատարել։ Նա ինձնից խլեց նույնիսկ այն չնչին տարածությունը, որ ես սկզբում գողացել էի։ Իսկ երբ զրկվեցի դրանից, մարմինս դարձավ անպաշտպան, և նա ոտքով մեջքիս հենվելով, այնպես ձգեց կապերը, ինչպես դեռ ոչ ոք չէր ձգել։ Մկանունքից զրկված իմ ոսկորները ճնշեցին սիրտս ու թոքերս, և թվում էր, թե մահը կարող է վրա հասնել ցանկացած պահին։ Բայց և այնպես հավատս զորավիգ եղավ ինձ համար։ Ես համոզված էի, որ չեմ մեռնի, Ես գիտեի, կրկնում եմ, գիտեի, որ չեմ մեռնի։ Գլուխս խելակորույս պտտվում էր, իսկ սրտիս կատաղի զարկերը տարածվում էին ամբողջ մարմնով մեկ, ոտքերիս մատներից մինչև ծոծրակիս մազարմատները։
- Շատ ձիգ է, - շփոթված նկատեց կապիտան Ջեմին։
- Բոլորովին, - ասաց բժիշկ Ջեկսոնը, - այ, կտեսնեք, նրան ոչինչ էլ չի պատահի։ Նա աննորմալ է. մեկ ուրիշը նրա փոխարեն վաղուց արդեն մեռած կլիներ։
Բանտապետը մեծ ճիգով կարողացավ ցուցամատը խոթել կապանքների և իմ մեջքի միջև։ Կանգնելով վրաս, մարմնի ամբողջ ծանրությամբ ինձ սեղմելով հատակին, քաշեց փոկը, բայց նրան չհաջողվեց ձգել թեկուզև դյույմի տասնորդական մասի չափով։
- Պետք է խոստովանեմ, Հեթչինս, - ասաց նա, - դու քո գործը գիտես։ Իսկ հիմա սրան շրջեք մեջքի վրա, որ նայեմ դեմքին։
Նրանք ինձ շրջեցին մեջքիս վրա։ Ես նրանց էի նայում դուրս ընկած ակնախնձորներով։ Ես մի բան գիտեմ. եթե այդպես
ձգեին այն ժամանակ, երբ առաջին անգամ վրաս զսպաշապիկ էին հագցնում, ես տասը րոպե անց մեռած կլինեի։ Բայց ես լավ դպրոց էի անցել։ Իմ հետևում էին մնացել զսպաշապիկով անցկացրած հազարավոր ժամերը և, բացի այդ, ես հավատում էի Մորելի մեթոդին։
- Ծիծաղիր, գրողը տանի, դե, ծիծաղիր, - ասաց բանտապետը։ - Հապա մի տեսնենք քո այդ ժպիտը, որով դու այդպես պարծենում ես։
Թոքերիս օդը չէր բավականացնում, գլուխս պայթում էր ցավից, գիտակցությունս մթագնում էր, և այնուամենայնիվ ես կարողացա ժպտալ ուղիղ բանտապետ Ազերթոնի դեմքին։