ԳԼՈՒԽ 11

     Դուռը շրխկոցով փակվեց, խցում փռվեց մոխրագույն աղջամուղջը, և ես մնացի մենակ։ Զանազան հնարքներով, որոնց ինձ վաղուց արդեն վարժեցրել էր զսպաշապիկը, ես գալարվելով ու ցնցվելով, շարժվելով մերթ մի դյույմ, մերթ կես դյույմ, մոտեցա դռանը, այնքան, որ արդեն կարող էի աջ կոշիկիս քթով դիպչել վանդակին։ Դա արդեն վիթխարի երջանկություն էր։ Կատարյալ միայնությունը վերջացավ։ Ես հիմա կարող էի թրխկացնելով խոսել Մորելի հետ։
     Սակայն բանտապետը, ամենայն հավանականությամբ պահակախմբին խստիվ կարգադրություն էր արել, այնպես որ, թեև կարողացա ձայն տալ Մորելին ու հայտնել իմ մտադրությունը նրա մեթոդը փորձելու մասին, սակայն նրան թույլ չտվեցին պատասխանել։ Բայց վերակացուները ինձ ոչինչ անել չէին կարող և միայն հայհոյում էին. ես զսպաշապիկը կրելու էի տասը օր, և այժմ ինձ ոչ մի պատիժ չէր կարող վախեցնել։
     Հիշում եմ, այն ժամանակ ես նկատեցի, որ ներքուստ զարմանալիորեն հանգիստ եմ։ Մարմինս զգում էր զսպաշապիկի պատճառած սովորական ցավերը, բայց գիտակցությունս այնքան անգործունյա էր, որ ես չէի զգում ցավն այնպես, ինչպես չէի զգում հատակը և ինձ շրջապատող պատերը։ Առաջիկա փորձարկման համար դա ոգու իդեալական վիճակ էր։ Իհարկե, հիմնականում ես պարտական էի իմ մարմնական վիթխարի ուժասպառությանը։ Բայց ոչ միայն դրան։ Ես վաղուց արդեն ինձ վարժեցրել էի ուշադրություն չդարձնել ցավերին։ Ինձ ոչ սարսափն էր տանջում և ոչ էլ կասկածը։ Ես հագեցված էի բացարձակ հավատամքով մարմնի վրա ոգու անսահմանափակ իշխանության նկատմամբ։ Գիտակցության այդ անգործունյա վիճակում ինչ-որ բաներ կային երազներից, սակայն, համենայն դեպս, այն մնում էր իրականություն, որը իր ձևի մեջ շատ մոտիկ էր խելահեղության։
     Ես կենտրոնացրեցի իմ ողջ կամքը։ Մարմինս արդեն թմրում էր արյան խախտված շրջանառության հետևանքով։ Ուշադրությունս բևեռելով աջ ոտքիս ճկույթին, ես նրան հրամայեցի մեռնել իմ գիտակցության մեջ։ Ես այդ ճկույթին հրամայեցի մեռած լինել ինձ համար, իր տիրոջ համար, որ գոյություն ունի անկախ ճկույթից։ Սկսվեց մի համառ պայքար։ Մորելն ինձ նախազգուշացրել էր, որ այդպես էլ կլինի։ Սակայն իմ հավատամքը չէր մթագնում նույնիսկ կասկածանքի ստվերով։ Ես գիտեի, որ ճկույթս կմեռնի, ու կարողացա որսալ այն պահը, երբ նա մեռավ։ Հոդ առ հոդ նա մեռավ իմ կամքի ազդեցության ներքո։
     Մնացյալը շատ ավելի դյուրին էր, թեև չեմ ժխտում, որ ամբողջ այդ պրոցեսը չափազանց դանդաղ էր ընթանում։ Հոդ առ հոդ իմ մարմինը շարունակում էր մեռնել։ Վրա հասավ այն րոպեն, երբ անէացավ իմ թաթը։ Վրա հասավ այն րոպեն, երբ անէացան իմ երկու կոճերը։
     Իմ խելահեղությունը այն աստիճան խորն էր, որ ես այս փորձարկումից ամենաչնչին իսկ հպարտություն չէի զգում։ Ես միայն գիտակցում էի, որ ստիպում եմ մարմնիս մեռնել։ Իսկ այն ամենը, ինչ ունեի, իրեն ամբողջությամբ նվիրաբերել էր այդ խնդրին։ Ես իմ գործն անում էի քարտաշի բծախնդրությամբ, որը պատ է շարում աղյուսները մեկ-մեկ իրար վրա դնելով, և այդ գործն ինձ համար նույնքան առօրեական էր թվում, որքան առօրեական էր քարտաշի համար իր գործը։
     Մեկ ժամվա ընթացքում իմ մարմինը մեռած էր մինչև ազդրս, բայց ես շարունակում էի այդ գործը հոդ առ հոդ, և մահն աստիճանաբար բարձրանում էր վեր։
     Սակայն երբ հասա սրտիս, առաջին անգամ այս գործողության ընթացքում, իմ գիտակցությունը մթագնեց։ Ուշաթափությունից վախենալով, ես մարմնիս մեռած մասին հրամայեցի մեռած մնալ և ուշադրությունս բևեռեցի ձեռքերիս մատներին։ Գիտակցությունս անմիջապես պայծառացավ ու ես շատ արագ ձեռքերս մեռցրի մինչև ուսերս։
     Հիմա արդեն իմ ամբողջ մարմինը մեռած էր, եթե չհաշվենք գլուխս ու կրծքիս մի մասը։ Իմ սեղմված սրտի կատաղի զարկերը դադարեցին հաղորդվել գլխիս։ Սիրտս հիմա խփում էր թեև թույլ, բայց համաչափ։ Եթե այն ժամանակ ես համարձակվեի ուրախանալ, ապա այդ ուրախությունը ծնված կլիներ զգացողությունների բացակայությունից:
     Սակայն շարունակությունը ինձ հետ այնպես չընթացավ, ինչպես եղել էր Մորելի հետ։ Մեքենաբար շարունակելով լարել կամքս, ես աստիճանաբար ընկղմվեցի թմբիրի մեջ, որը գտնվում էր քնի ու արթմնի վիճակի սահմանագծում։ Ինձ այնպես թվաց, թե ուղեղս գանգատուփիս մեջ մեծանում է, իսկ գանգատուփս մնացել է առաջվանը։ Երբեմն պայծառ մի լույս էր բռնկում, ասես նույնիսկ ես, տիրակալ-ոգիս, մի պահ անհետանում, իսկ հետո դարձյալ վերադառնում էի իմ կողմից մեռցրած մարմնական բնակավայրի սահմանների շրջանակը։
     Հատկապես տարօրինակ էր ուղեղիս մեծանալը։ Թեև նա դուրս չէր թափանցում գանգիս պատերի միջով, բայց ինձ թվում էր, որ նրա մի մասն արդեն գտնվում է դրսում, շարունակելով անդադար մեծանալ։ Դրա հետ մեկտեղ մի զարմանալի զգացողություն ունեցա, որպիսին երբեք չեմ ունեցել։ Այն չափով, որ չափով ժամանակն ու տարածությունը իմ գիտակցության մասն էին կազմում, հանկարծ ստացան վիթխարի մի տարածականություն։ Այսպես, նույնիսկ առանց աչքերս բանալու ես գիտեի, որ իմ խցի պատերը հեռացել են իրարից, և խուցը դարձել է մի մեծ, թագավորական դահլիճ։ Եվ մինչ մտմտում էի այս փաստի վրա, պատերը շարունակում էին իրարից հեռանալ ու հեռանալ. Այստեղ մի զվարճալի միտք ծագեց գլխումս, եթե նույն ձևով աճում է նաև ամբողջ բանտը, ապա Սեն-Քվենտինի արտաքին պարիսպները մի կողմից արդեն պետք է հասած լինեն Խաղաղ օվկիանոսի ջրերին, իսկ մյուս կողմից Նևադայի անապատին։ Հետո մեկ ուրիշ զվարճալի միտք ծագեց իմ գլխում, քանի որ նյութը ի վիճակի է թափանցել մեկ ուրիշ նյութի միջով, ապա շատ հավանական է, որ իմ խցի պատերն արդեն հասել-անցել են բանտի պարիսպների միջով և, ուրեմն, իմ խուցը գտնվում է բանտից դուրս, իսկ ես ազատության մեջ եմ։ Բնականաբար այս բոլորը միայն երևակայություն էր, որի մասին ես ոչ մի վայրկյան չէի մոռանում։
     Ժամանակի ընդարձակվելը ևս նույնքան հետաքրքիր էր։ Սրտիս հարվածները լսվում էին բավականին մեծ դադարներով։ Դա ինձ զվարճալի թվաց, և ես սկսեցի դանդաղ ու համաչափ հաշվել երկու հարվածի մեջ ընկած վայրկյանները։ Սկզբում այդ միջանկյալ ժամանակը հարյուր վայրկյանից ավելի էր։ Բայց միջանկյալ դադարները շարունակում էին անընդհատ ավելանալ, և ես դադարեցի հաշվելը։
     Ժամանակի և տարածության պատրանքային այս ընդարձակումը շարունակվում էր, և ես ծուլորեն սկսեցի մտմտալ մի նոր ու չափազանց կարևոր հարցի մասին։ Մորելը պատմեց, որ ինքն ազատվել է իր մարմնից, սպանելով, ավելի ճիշտ, մարմնից զատելով գիտակցությունը, որն ի դեպ միևնույն բանն է։ Այնպես որ իմ մարմինն այնքան մոտիկ էր լիակատար մահվան, որ բավական էր արագորեն իմ կամքը կենտրոնացնել մնացած ողջ մասի վրա, որպեսզի դա ևս դադարեր գոյություն ունենալուց։ Դրանում ես բացարձակորեն համոզված էի։ Բայց հենց այստեղ էլ այն խոչընդոտն էր, որի մասին Մորելն ինձ ոչինչ չէր ասել, արդյոք ես գլուխս սպանելո՞ւ եմ։ Հանկարծ, եթե ես մի այդպիսի բան անեմ, գուցե Դարրել Սթենդինգի մարմինը հավիտյան մեռած էլ կմնա՞, անկախ այն բանից, թե ինչ տեղի կունենա Դարրել Սթենդինգի ոգու հետ։
     Եվ վճռեցի համարձակորեն սպանել կուրծքս ու սիրտս։ Կամքի լարումով ես մի ակնթարթում հասա բաղձալի արդյունքի։ Այլևս ոչ կուրծք ունեի, ոչ էլ սիրտ։ Ես միայն ոգի էի, գիտակցություն, - ինչպես ուզում եք անվանեցեք, - որը կաշկանդված էր գանգատուփիս մեջ մնացած մթագնած իմ ուղեղում, սակայն միևնույն ժամանակ արդեն դուրս էր եկել նրա սահմաններից ու շարունակում էր ընդարձակվել դրսում։
     Եվ հանկարծ, մի ակնթարթում ես հեռու սուրացի։ Մի թռիչքով բանտը թողեցի ցածում, կալիֆորնիական երկնքով դեպի վեր խոյացա ու հայտնվեցի աստղերի մեջ։ Միանգամայն գիտակցորեն եմ «աստղերի մեջ» ասում։ Ես զբոսնում էի աստղերի մեջ։ Ես մի մանուկ էի։ Ինձ պարուրել էր ամենանուրբ երանգներով, աստղերի անդորր ու զով լույսերի տակ առկայծող ու երփներանգվող մետաքսը։ Այդ հագուստը, անկասկած, ծնունդն էր կրկեսային մարզիկների ու հրեշտակների հագուստների մասին ունեցած իմ մանկական տպավորությունների։
     Բայց և այնպես, ես այդ հագուստով քայլում էի միջաստղային տարածություններում, հարբած այն գիտակցությամբ, որ ինձ մեծ հերոսություն է սպասում, մի հերոսություն, որը հնարավորություն կտա ճանաչելու տիեզերական բոլոր օրենքները և թափանցելու տիեզերքի խորհրդավոր գաղտնիքների մեջ։ Իմ ձեռքում ապակե մի գավազան կար։ Ես արդեն գիտեի, որ այդ գավազանի ծայրը հպելու եմ բոլոր այն աստղերին, որոնց կողքով կանցնեմ։ Եվ ես բացարձակ համոզվածությամբ գիտեի նաև, որ թեկուզ մի աստղի չհպելու դեպքում, ես կգահավիժեմ հավերժական պատժի ու հավերժական մեղսագործության անհատակ անդունդը։
     Երկարատև էր իմ աստղային ուղին։ Երբ ասում եմ «երկարատև», դուք չպետք է մոռանաք, թե իմ ուղեղում ինչպիսի վիթխարի չափերով էր ընդարձակված ժամանակը։ Դարեր շարունակ ես վստահորեն քայլում էի տարածության միջով և գավազանի ծայրն անվրեպ հպում էի ամեն մի հանդիպած աստղի։ Ավելի ու ավելի պայծառ վառվեց լույսը։ Ես ավելի ու ավելի էի մոտեցել անսահմանափակ իմաստության բացառիկ աղբյուրին։ Հատկապես՝ ինքս, և ոչ թե իմ «ես»-երից որևէ մեկը։ Եվ դա այն չէր, ինչ ես արդեն մի ժամանակ վերապրել էի։ Անդադար գիտակցում էի, որ հատկապես ես, Դարրել Սթենդինգս, ե'ս եմ քայլում աստղերի միջով ու ապակե գավազանը հպում նրանց։ Կարճ ասած, ես գիտեի, որ այս ամենի մեջ ոչինչ իրական չկար, որ դա իրականում չի եղել և չի էլ լինի։ Գիտեի, որ դա երևակայության լոկ կատաղի մի խրախճանք է, ինչպես պատահում է հաշիշ ծխած, սպիտակ տենդով տառապող կամ ուղղակի շատ խոր քնած մարդու հետ։
     Ու հանկարծ, երբ ես ինձ այդքան լավ էի զգում ու երջանիկ, իմ գավազանը բաց թողեց մի աստղ, ու ես անմիջապես հասկացա, որ մի ծանր հանցանք եմ գործել։ Անմիջապես մի որոտընդոստ, տիրակալ ու անողոք թրխկոց լսվեց, որը նման էր ճակատագրի երկաթե ոտնաձայներին, շշմեցրեց ինձ ու խուլ թնդյունով տարածվեց տիեզերքով մեկ։ Աստղային ողջ համակարգը կուրացուցիչ փայլ արձակեց, պտտվե՜ց, պտտվե՜ց ու անհետացավ բոցերի մեջ։
     Անասելի մի տառապանք պատեց ինձ։ Ես անմիջապես դարձա ցմահ բանտարկյալ, սպաշապիկն հագին, հատակին պառկած Դարրել Սթենդինգը։ Ու ես հասկացա, թե ով ցած բերեց ինձ երկնքից. հինգերորդ խցից էդ Մորելն ինչ-որ բան էր թրխկացրել ինձ։
     Այժմ ես կփորձեմ մի փոքր պատկերացում տալ ձեզ ժամանակի և տարածության անընդգրկելի տարածականության մասին, որը ես զգացի: Օրեր անց ես Մորելին հարցրեցի, թե ինչ էր թրխկացրել, պարզվեց, որ դա մի սովորական հարց է եղել. «Սթենդինգ, այդտե՞ղ ես»։ նա թրխկացրել էր շատ արագ, քանի դեռ վերակացուն գտնվելիս էր եղել միջանցքի մյուս ծայրում։ Կրկնում եմ. նա իր հարցը շատ արագ էր թրխկացրել։ Ուրեմն, հասկացեք ինձ. առաջին և երկրորդ հարվածների միջև ես դարձյալ սուրացի դեպի աստղային աշխարհը և դարձյալ մետաքսապարուր քայլեցի այնտեղ, կյանքի բոլոր գաղտնիքները գիտենալու ճանապարհին հպվելով ամեն մի հանդիպած աստղի։ Եվ առաջվա պես քայլում էի դարեր շարունակ։ Հետո դարձյալ թրխկոց լսվեց' ճակատագրի երկաթե քայլվածքի թնդյունը, և դարձյալ մի անասելի ցավ տիրեց ինձ ու ես դարձյալ հայտնվեցի Սեն-Քվենտինի իմ խցում։ Դա Էդ Մորելն էր թակել երկրորդ անգամ։ Առաջին և երկրորդ հարվածների միջև անցել էր վայրկյանի հինգերորդական մասը։ Բայց իմ ժամանակի անչափելի տարածականության շնորհիվ վայրկյանի հինգերորդական մասի ընթացքում ես բազմաթիվ հարյուրամյակներ քայլել էի աստղերի միջով։
     Ընթերցող, ես գիտեմ, որ վերը պատմածս անհեթեթություն է թվում։ Համաձայն եմ։ Դա անհեթեթություն է։ Բայց դա պատահել է ինձ հետ և եղել է այնքան իրական, որքան և իրական են սպիտակ տենդով բռնվելու աստիճան հարբած մարդու համար օձերն ու սարդերը։
     Ամենաշռայլ հաշվումներով Էդ Մորելին անհրաժեշտ էր առնվազն երկու րոպե, որպեսզի թրխկացնի իր հարցը։ Բայց և այնպես առաջին և վերջին հարվածների ընթացքում միլիոնավոր տարիներ անցան։ Ես այլևս չէի կարող քայլել աստղային արահետով իմ նախկին անվրդով բերկրանքով, քանի որ իմ մեջ բույն էր դրել անխուսափելի կանչի նկատմամբ ունեցած սարսափը, կանչ, որն իմ ողջ էությունը բզիկ-բզիկ անելով, նորից գահավիժելու է ինձ զսպաշապիկի դժոխքը։ Եվ աստղային տարածություններում իմ թափառումների միլիոնավոր տարիները վերածվեցին սարսափի միլիոնավոր տարիների։
     Եվ այդ ամբողջ ընթացքում գիտեի, որ էդ Մորելի մատն է ինձ դաժանաբար սեղմում երկրին։ Ես փորձեցի խոսել Էդի հետ, խնդրել, որ նա լռի։ Բայց այնպիսի կատարելությամբ էի մարմինս անջատել գիտակցությունից, որ այլևս չէի կարող նրան հարություն տալ։ Զսպաշապիկի մեջ սեղմված իմ մարմինը մեռած էր, թեև ես դեռ ապրում էի այդ մարմնին պատկանող գանգում։ Իզուր էին իմ ջանքերը ստիպելու ոտքիս որպեսզի թրխկացնի Մորելին։ Տեսականորեն ես գիտեի, որ ոտք ունեմ։ Բայց իմ փորձն այնքան հաջող էր անցել, որ այնուամենայնիվ ես ոտք չունեի։
     Հետո, - հիմա ես գիտեմ, որ դա Մորելն էր պարզապես ավարտել իր հարցը թրխկացնելը, - ես շարունակեցի իմ ուղին աստղային աշխարհում և ինձ այլևս ոչ ոք չէր կանչում։ Իսկ հետո, դեռևս այդ նույն ճանապարհին, ես թմբիրի միջից զգացի, որ քնում եմ և այդ քունը զարմանալի անուշ է։ Մերթ ընդ մերթ ես շարժվում էի քնիս մեջ. ընթերցող, ուշադրություն դարձրու այս բանին՝ շարժվում էի։ Ես շարժում էի ձեռքերս ու ոտքերս։ Զգում էի մաքուր ու փափուկ սավանների հպումը մարմնիս։ Ինձ զգում էի առողջ և ուժեղ։ Ինչ սքանչելի բան էր դա։ Ինչպես անապատում ծարավից մեռնող մարդիկ են իրենց պատրանքներում տեսնում քչքչացող շատրվաններ ու սառնորակ աղբյուրներ, այնպես էլ ես էի տեսնում, որ ազատվել եմ զսպաշապիկի կապանքներից, տեսնում էի մաքրություն՝ կեղտի փոխարեն, թավշանման առողջ մաշկ՝ կողերս պատող կոպիտ մագաղաթի փոխարեն։ Բայց այս ամենը իմ պատրանքներում, ինչպես դուք կհամոզվեք, բոլորովին այլ կերպ էին երևում, ոչ այնպես, ինչպես նրանց։
     Արթնացա։ Օ՜հ, ես բոլորովին արթնացա, բայց աչքերս չբացեցի։ Խնդրում եմ, մի բան հասկացեք միայն, մնացյալը ինձ բնավ չզարմացրեց։ Ես այն ընկալեցի որպես շատ սովորական ու բնական մի բան։ Ես՝ ես էի, հիշեցեք այս։ Բայց ես Դարրել Սթենդինգը չէի: Դարրել Սթենդինգը այնքան ընդհանուր բան ուներ այդ մարդու հետ, որքան ընդհանուր բան կարող էր ունենալ Դարրել Սթենդինգի մագաղաթանման մաշկը այդ նուրբ և առողջ մաշկի հետ։ Եվ ես գաղափար էլ չունեի ոչ մի Դարրել Սթենդինգի մասին, և դա զարմանալի չէ, քանի որ Դարրել Սթինդինգը դեռ չէր ծնվել, և մինչև նրա ծնվելը դեռ դարեր էին գալու և անցնելու։ Բայց դուք ինքներդ հասկացեք։
     Աչքերս փակ պառկել էի ու ծուլորեն ականջ դրել ինձ հասնող ձայներին։ Դրսում, քարե սալերին համաչափ չրխկում էին պայտերը։ Մարդկանց զենք ու զրահի մետաղը զրնգում էր, մետաղական զրնգոց էին արձակում ձիասարքերը, ու ես կռահեցի, որ դրսում, լուսամուտներիս տակով անցնում է հեծյալների խումբը։ Եվ անտարբերությամբ մտածեցի, թե ովքե՞ր են դրանք։ Ինչ-որ տեղից (ի դեպ, ես գիտեի, թե որտեղից. հյուրանոցի բակից) լսվում էին սմբակների զրնգացող ձայները և անհամբեր խրխնջոց, որը ես անմիջապես ճանաչեցի. դա իմ նժույգն էր եփ գալիս։
     Հետո՝ ոտնաձայներ ու շշուկներ. ոտնաձայները ասես պատկառանքով մեղմացված էին, իսկ իրականում միտումնավոր աղմկոտ, որպեսզի ես արթնանայի, եթե դեռ քնած եմ։ Ես քթիս տակ ժպտացի այդ ծեր խաբեբայի խորամանկության վրա։
     - Պոնս, - առանց աչքերս բանալու հրամայեցի ես,- ջուր տուր։ Սառը ջուր, միայն թե շուտ և շատ։ Երեկ իրիկնադեմին չափից դուրս կոնծեցի և հիմա կոկորդս չորացել է, ինչպես շիկացած անապատում։
     - Բայց այսօր դուք կարգին քնեցիք, - փնթփնթաց նա, մատուցելով նախօրոք պատրաստած ջրով լի գավը։
     Ես նստեցի անկողնում, աչքերս բացեցի և երկու ձեռքով գավը բռնած մոտեցրի շուրթերիս։ Ես խմում և միաժամանակ զննում էի Պոնսին։
     Այժմ երկու հանգամանք նկատի ունեցեք. ես խոսում էի ֆրանսերեն ու չէի գիտակցում, թե ֆրանսերեն եմ խոսում։ Միայն բավականին ժամանակ անցնելուց հետո, վերադառնալով իմ մենախուցը ես հիշեցի այդ դեպքերը, որոնց մասին հիմա պատմում եմ։ և հանկարծ կռահեցի, որ անընդհատ խոսել եմ ֆրանսերեն, ընդ որում, որպես իսկական ֆրանսիացի։ Իսկ ես, Դարրել Սթենդինգս, այն մարդը, որ գրում է այս տողերը Ֆոլսեմ բանտի մարդասպանների միջանցքի խցերից մեկում, ֆրանսերեն լեզվին տիրապետում եմ միայն դպրոցական դասընթացի սահմաններում, այսինքն՝ մի կերպ կարողանում եմ կարդալ ֆրանսերեն գրքեր ու հանդեսներ, իսկ խոսել բնավ չգիտեմ։ Նույնիսկ ռեստորանում կերակուր պատվիրելիս, ես ոչ միշտ էի ճշգրիտ արտասանում կերակրատեսակի անունը։
     Բայց բավական են այս շեղումները բուն նյութից։ Պոնսը կարճլիկ ու չորացած մի ծերուկ էր։ Նա ծնվել էր մեր տանը. այդ մասին հիշատակվեց նույն այն օրը, որի մասին ես պատմում եմ։ Վաթսուն տարեկանից ավելի կլիներ։ Արդեն կորցրել էր գրեթե բոլոր ատամները, բայց, չնայած իր կաղալուն (քայլելիս նա ծիծաղելի կերպով թռչկոտում էր) դեռևս առույգ էր ու շարժուն։ Ինձ հետ նա վերաբերում էր համարձակ, մտերմական տոնով։ Չէ՞ որ նա մեր տանն ապրել էր վաթսուն տարի։ Եղել էր հորս սպասավորը դեռ այն ժամանակ, երբ ես նոր էի սովորում քայլել, իսկ հորս մահից հետո (Պոնսի հետ այդ մասին էլ խոսեցինք նույն օրը) դարձավ իմ սպասավորը։ Ոտքը հաշմվել էր Իտալիայում, ճակատամարտի ժամանակ, երբ գրոհի էր անցել հեծելազորը։ նա հենց նոր էր կարողացել հորս մի կողմ քաշել, երբ նիզակով խոցել էին ազդրը, տապալել գետնին և տրորել ձիերի սմբակների տակ։ Թեև վերքերից ուժասպառ, բայց գիտակցությունը չկորցրած հայրս այդ ամենին ականատես էր եղել։ Այնպես որ Պոնսը վաստակել էր գոնե հորս որդու հետ մտերիմ լինելու իրավունքը։
     Գլուխը հանդիմանանքով ճոճելով, Պոնսը նայում էր, թե ես ինչպես եմ խմում ջուրը։
     - Նա անմիջապես տաքացավ, դու լսեցի՞ր, - ծիծաղելով հարցրեցի ես ու գավը պարզեցի, նրան։
     - Ճիշտ ձեր հոր նման եք, - վշտակեզ հառաչանքով ասաց նա։ - Միայն թե ձեր հայրն հետո լրջանում էր, իսկ ձեզնից այդ բանը չի կարելի սպասել։
     - Հորս ստամոքսը հիվանդ էր, - ծաղրեցի ես ծերունուն։ - Գինու մի ումպից նույնիսկ նրա հոգին բերանն էր գալիս: Իսկ այդ ո՞վ կշարունակի խմել, եթե դրանից ոչ մի հաճույք չի զգում։
     Մինչ մենք զրուցում էինք, Պոնսը մահճակալի մոտ գտնվող բազկաթոռին դրեց իմ հագուստը։
     - Խմեցեք, խմեցեք, տեր իմ, - ասաց նա, - Դա ձեզ չի վնասի։ Միևնույն է, դուք առողջ ստամոքսով էլ կմեռնեք։
     -Ուրեմն, քո կարծիքով, երկաթե ստամո՞քս ունեմ,- հարցրեցի ես, դիտավորյալ կերպով ձևացնելով, թե իբր չեմ հասկացել նրա ակնարկը:
     - Իմ կարծիքով... - բարկացկոտ տոնով սկսեց նա բայց և անմիջապես լռեց, կռահելով, որ ծաղրում եմ իրեն։ Սեղմելով կնճռապատ շրթունքները, նա բազկաթոռի թիկնակին կախեց իմ նոր, սրախողխող եղած թիկնոցը։
     - Ութ հարյուր դուկատ, խայթեց նա։ - Հազար գլուխ այծ ու հարյուր գլուխ գեր ցուլ մի թիկնոցի համար, որպեսզի չմրսեք։ Իմ տիրոջ ազնվազարմ ուսերին քսան ագարակ է ընկած։
     - Իսկ այնտեղ հարյուրավոր հարուստ ագարակներ են, երկու-երեք դղյակ էլ վերադիր, գուցե նաև պալատ, - պատասխանեցի ես պարզելով ձեռքս ու շոշափելով իմ սուսերը, որը հենց նոր նա դրեց բազկաթոռի նստատեղին։
     - Ձեր հայրն էլ իր բարիքները զավթեց ուժեղ ձեռքի շնորհիվ, - ընդհատեց ինձ Պոնսը։ - Բայց եթե ձեր հայրը կարողանում էր զավթել, ապա նա կարողանում էր նաև պահպանել ունեցածը:
     Այստեղ Պոնսը լռեց և քմծիծաղ տալով հարդարեց մորեգույն կերպասից իմ բաճկոնակը որը բավականին թանկ էր նստել։
     - Վաթսո՜ւն դուկատ այս փալասի համար, մարդ կխենթանա, - ավելի ու ավելի սկսեց տարածվել Պոնսը; - Ձեր հայրն ավելի շուտ գրողի ծոցը կուղարկեր բոլոր դերձակներին ու վաշխառուներին քան թե այդքան դրամ կվճարեր։
     Եվ մեր հագնվելու միջոցին այսինքն այն միջոցին մինչ Պոնսն ինձ օգնում էր, հագնվել ես շարունակ ծաղրում էի նրան։
     - Պոնս, բնավ էլ դժվար բան չէ գուշակելը, որ դու վերջին նորությունը չես լսել, - խորամանկորեն ասացի ես։
     Ծերունին անմիջապես սրեց ականջները։
     - Վերջին նորությո՞ւնը, - հարցրեց նա։ - Չլինի՞ թե մի բան է պատահել անգլիական արքունիքում։
     - Ոչ, - օրորեցի ես գլուխս։ - Ի դեպ, դա միայն քեզ համար երևի նորություն կլինի, իսկ մյուսներին վաղուց է հայտնի։ Ուրեմն, իրո՞ք, չես լսել։ Այդ մասին փսփսում էին հույն փիլիսոփաները դեռևս երկու հազար տարի առաջ։ Հենց այդ նորության պատճառով էլ ես քսան հատ հարուստ ագարակ եմ կրում ուսերիս. ապրում եմ արքունիքում և դարձել եմ քեֆչի ու պճնասեր մարդ։ Գիտե'ս, ինչ, Պոնս, մեր աշխարհը չափազանց նողկալի մի վայր է, կյանքը՝ շատ տխուր մի բան, բոլոր մարդիկ մահկանացուներ են, իսկ երբ դու մեռած ես, դու... կարճ ասած՝ մեռած ես։ Եվ ահավասիկ նողկանքից ու թախծից խուսափելու համար, մեր օրերում ինձ նման մարդիկ որոնում են նորություններ, կրքերի թմբիր և զվարճությունների մոլուցք։
     - Բայց դա ի՞նչ նորություն է, տեր իմ։ Ինչի՞ մասին էին փսփսում փիլիսոփաներն այդ անհիշելի ժամանակներում։
     - Այն մասին, որ աստված մեռել է, Պոնս, - հանդիսավորությամբ պատասխանեցի ես։ - Մի՞թե չգիտեիր այդ մասին։ Աստված մեռել է, ես ևս շուտով կմեռնեմ, և հենց դրա համար էլ ուսերիս քսան հատ հարուստ ագարակ եմ կրում;
     - Աստված ողջ է, - կրքոտությամբ բացականչեց Պոնսը։ - Աստված ողջ է և մոտիկ է նրա արքայությունը։ Մոտիկ է, լսո՞ւմ եք, տեր իմ։ Թերևս հենց վաղը լինի նրա արքայությունը և երկիրն էլ փոշի դառնա։
     - Այդպես Հին Հռոմի քրիստոնյաներն էին ասում, Պոնս, երբ Ներոնը իր զվարճության համար նրանցից ողջակեզ ջահեր էր սարքում։
     Պոնսը խղճահարությամբ լի մի հայացք նետեց վրաս.
     - Շատ բան իմանալը հիվանդությունից էլ վատ է, - հառաչեց նա։ - Ես ախր միշտ ասել եմ դա։ Բայց դուք իհարկե, պնդեցիք ձերը, և ինձ, ծերունուս, քարշ տվեցիք ձեզ հետ։ Ի՞նչ օգուտ, որ դուք աստղագիտություն և թվաբանություն եք սովորել Վենետիկում, պոեզիա և ուրիշ շատ հիմարություններ՝ Ֆլորենցիայում, աստղագուշակություն՝ Պիզայում և չգիտեմ, թե ուրիշ ինչ՝ խելահեղ Գերմանիայում։ Թքել եմ այդ փիլիսոփաների վրա։ Ես ձեզ բան եմ ասում, տեր իմ, ես՝ Պոնսս, ձեր ծառան, հաշմանդամ ծերունիս, որը տառերը չի տարբերում նիզակի պոչից, ես ձեզ ասում եմ, որ աստված ողջ է և շատ շուտով դուք կկանգնեք նրա առջև: Սթափվելով, նա հանկարծ լռեց ու ավելացրեց. - Այն քահանան, որի մասին ասում էիք, սպասում է, թե դուք երբ եք վեր կենալու։
     Ես հիշեցի, որ իսկապես, քահանային հանձնարարել էի այցելել այսօր։
     - Ինչո՞ւ շուտ չասացիր, - բարկացած հարցրեցի ես։
     - Իսկ ինչո՞ւ, - ուսերը թոթվեց Պոնսը։ - Միևնույն է, նա արդեն երկու ժամ է սպասում է ձեզ։
     - Ինչո՞ւ չարթնացրիր ինձ։
     Նա հանդիմանական հայացքով ինձ նայեց։
     - Ինչպե՞ս արթնացնեի, երբ դուք հազիվհազ հասաք ձեր մահճակալին ու անընդհատ կանչում էիք աքլորից էլ լավ. «Երգիր, կուկու, երգիր կուկու, կուկու, կուկու, կուկու, երգիր կուկու, երգիր կուկու, երգիր կուկու, երգիր կուկու»։
     Նա այս անիմաստ կրկներգը ձգեց ականջ ծակող, խռպոտ ֆալցետով, ծաղրալից նայելով վրաս։ Շատ հավանական է, որ պառկելիս ես երգել եմ այդ երգը։
     - Դու լավ հիշողություն ունես, - չորությամբ նկատեցի ես, ուսերիս առնելով սամույրե թիկնոցը, և նույն պահին դա նետեցի Պոնսի գիրկը»
     Պոնսը մռայլադեմ օրորեց գլուխը։
     - Արտակարգ հիշողություն հարկավոր չէ. դուք ախր այդ «կուկուն» առանց ձեր ձայնը խնայելու մի հազար անգամ երգած կլինեք, դրա համար էլ ամբողջ հյուրանոցի կենվորները նետվեցին դեպի ձեր դուռն ու սպառնացին սպանել ձեզ, որովհետև ոչ ոքի թույլ չէիք տալիս քնել։ Իսկ երբ ես, այնուամենայնիվ, պառկեցրի, մի՞թե դուք տեղնուտեղը ետ չկանչեցիք ինձ ու չկարգադրեցիք, որ եթե սատանան այս կողմերը երևա, հայտնեմ, թե նորին պայծառափայլությունը քնած է: Եվ մի՞թե դուք դարձյալ ետ չկանչեցիք ինձ և, արմունկիս մոտ ձեռքս այնպես սեղմելով, որ այսօր ամբողջովին կապտուցների մեջ է, չհրամայեցիք. «Եթե սիրում ես կյանքը, հյութեղ միսն ու տաքուկ օջախը, ոչ մի պատրվակով չհամարձակվես առավոտյան արթնացնել ինձ։ Կարող ես հանուն մի բանի միայն ինձ արթնացնել»։
     - Հանուն ինչի՞, - հարցրեցի ես, որովհետև ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե ինչի մասին եմ այն ժամանակ մտածել:
     - Միայն հանուն Մարինելլի անունով սև անգղի սրտի, - ասացիք դուք։ - Միայն հանուն Մարինելլիի դեռևս տաք և ոսկե սկուտեղի վրա դրված սրտի։ Սկուտեղն անպայման ոսկե պետք է լինի , - ասացիք դուք։ Իսկ ես պետք է ձեզ արթնացնեի «Երգիր կուկու, երգիր կուկու, երգիր կուկու» երգելով: Եվ դուք տեղնուտեղը ինձ սովորեցրիք «Երգիր կուկու, երգիր կուկու, երգիր կուկու» երգել։
     Եվ հենց որ Պոնսն արտասանեց այդ անունը, ես անմիջապես հասկացա, որ խոսքը նույն այն քահանա Մարինելլիի մասին է, որն արդեն երկու ժամ ձանձրանում է իմ ընդունարանում։
     Երբ Մարինելլին ներս մտավ ու, բարևելիս, ինձ կոչեց իմ լրիվ տիտղոսով, ես հասկացա նաև մնացյալը։ Ես կոմս Գիլ դը Սեն-Մորն (1) էի (բանը նրանումն է, որ ես այն ժամանակ գիտեի և հետագայում հիշում էի լոկ այն, ինչ անցնում էր իմ արթուն գիտակցությամբ) ։
     Քահանան իտալացի էր, բավականին թուխ, ոչ այնքան բարձրահասակ և չափազանց նիհարակազմ՝ ոչ այն է շարունակական ծոմից, ոչ այն է շարունակական անհագ, բայց ոչ մարմնական սովից։ Նրա ձեռքերը փոքրիկ էին և թույլ, ինչպես կանացի ձեռքեր։ Բայց աչքե՜րը։ Խորամանկ էին, կասկածամիտ, միշտ կկոցված, ծանր կոպերով, չար էին Ժանտաքիսի աչքերի պես, և միևնույն ժամանակ՝ արևի տակ տաքացող մողեսի աչքերի նման հոգնատանջ։
     - Դուք ստիպում եք մեզ սպասել, կոմս դը Սեն-Մոր,- ասաց նա, հենց որ Պոնսը, հնազանդելով հայացքիս, դուրս եկավ սենյակից։ - Նա, ում ես ծառայում եմ, արդեն կորցնում է իր համբերությունը։
     - Կամաց, կամաց, տերտեր,— բարկացած ընդհատեցի նրան։ - Հիշիր, որ դու հիմա Հռոմում չես գտնվում։
     - Իմ սրբազնագույն տերը... - սկսեց նա։
     - Հավանական է, որ քո սրբազնագույն տերը իշխում է Հռոմում, - դարձյալ ընդհատեցի ես։ - Սակայն մենք հիմա Ֆրանսիայում ենք։
     Մարինելլին խոնարհաբար հակեց գլուխը, բայց նրա աչքերում բոցկլտաց չարության կրակը։
     - Իմ սրբազնագույն տերը Ֆրանսիայի գործերով ևս մտահոգվում է, - ասաց նա անվրդով։ - Այդ դաման ձեզ համար չէ։ Իմ տերն այլ ծրագրեր ունի։ - Նա լեզվով լպստեց էր իր բարակ շրթունքները։ - Այլ ծրագրեր, թե նրա վերաբերյալ, և թե ձեր. . .
     Իհարկե, նա նկատի ուներ Ակվիտանյան վերջին հերցոգ Ժոֆրուայի այրիին, մեծ հերցոգուհի Ֆիլիպպային։ Բայց թեև Ֆիլիպպան մեծն հերցոգուհի էր և այրի, միևնույն ժամանակ նաև կին էր, երիտասարդ, կենսուրախ, գեղեցիկ և իմ կարծիքով, ինձ համար ստեղծված մի կին։
     - Իսկ ի՞նչ ծրագրեր են դրանք, - կոպտությամբ հարցրեցի ես։
     - Ծրագրերը խորն են ու ընդարձակ, կոմս դը Սեն-Մոր։ Այնքան խորը և ընդարձակ, որ ինձ վայել չի լինի մտմտալ դրանց վրա, առավել ևս քննարկել ձեզ հետ, կամ որևէ մեկ ուրիշի հետ։
     - Օ՜հ, ես գիտեմ, որ սպասվում են մեծ իրադարձություններ և հողի տակ արդեն շարժվում են լորձածածկ ճիճուները։
     - Ինձ նախազգուշացրել են, որ դուք համառ մարդ եք, բայց ես պետք է կատարեի հրամանը։
     Մարինելլին ոտքի ելավ, պատրաստվելով գնալու, և ես նույնպես ոտքի կանգնեցի։
     - Ես ասում էի, որ դա անօգուտ է, - շարունակեց նա։ - Սակայն ձեզ շնորհվել է ձեր վճիռը փոխելու վերջին մի հնարավորություն։ Իմ սրբազնագույն տերը արդարամիտ է նույնքան, որքան ինքը՝ արդարամտությունը։
     - Կմտածեմ, կմտածեմ, - անհոգ մի երանգով ասացի ես, նրան ուղեկցելով դեպի դուռը։
     Նա քարացածի պես կանգ առավ։
     - Մտածելու ժամանակն արդեն սպառվել է, - ասաց նա։ - Ես եկել եմ ձեր վճիռն իմանալու համար։
     - Ես կմտածեմ, - կրկնեցի ես, և փոքր-ինչ լռելուց հետո ավելացրի, - Եթե այդ դամայի ծրագրերը չհամընկնեն իմ ծրագրերի հետ, այդ դեպքում, հնարավոր է, ձեր տիրոջ ծրագրերը իրականան։ Որովհետև հիշիր, տերտեր, նա իմ տերը չէ։
     - Դուք չեք ճանաչում իմ տիրոջը, - ահեղ տոնով ասաց նա։
     - Եվ նրա հետ ծանոթանալու ամենաչնչին իսկ ցանկություն չունեմ, - կտրուկ վրա բերեցի ես։
     Կանգնած ականջ դրեցի ճռռացող աստիճաններով թեթևորեն իջնող բանսարկու քահանայի մեղմ ոտնաձայներին։
     Եթե ես փորձեի մանրամասնորեն նկարագրել այն ամենը, ինչ ինձ վիճակվեց տեսնել այդ օրվա ընթացքում և օրվան հաջորդող գիշերվա առաջին կեսին, քանի ես կոմս Գիլ դը Սեն-Մորն էի, ապա չէր բավականացնի տասը այսպիսի գիրք։ Բայց ես շատ բան բաց եմ թողնում, ավելի ճիշտ, բաց եմ թողնում գրեթե ամեն բան, քանի որ դեռևս ինձ չի վիճակվել լսել, որ մահապատիժն հետաձգեն այն պատճառով, որպեսզի դատապարտյալը հնարավորություն ունենա ավարտելու իր հուշերը, գոնե Կալիֆորնիայում այդպիսի բաներ չեն անում։
     Փարիզը, որ ես տեսա այդ օրը, հինավուրց Փարիզն էր: Նեղլիկ փողոցները լեցուն էին աղբով ու կեղտով, և սանիտարիայի ու հիգիենայի մեր դարում դրանք չտեսնված ու չլսված աղտոտ կթվային: Բայց այս ամենը ես պետք է բաց թողնեմ։ Ես պետք է բաց թողնեմ այդ օրվա բոլոր իրադարձությունները. քաղաքի պարիսպներից դուրս հեծյալ զբոսանքը, Գուգո դը Մենգի կազմակերպած սքանչելի տոնակատարությունը, այն խնջույքը, որի ժամանակ ես գրեթե ոչինչ չկերա ու չխմեցի։ Կնկարագրեմ միայն այդ արկածների ավարտը, ամեն բան սկսվեց այն ժամանակ, երբ ես կանգնած, կատակում էի նույն այն Ֆիլիպպայի հետ... Օ՜, տեր աստված, ինչ լավիկն էր նա։ Ոտքից գլուխ ազնվազարմ դամա, սակայն, դրան ավելացրած, և դրանից բացի, միշտ և ամեն ինչում՝ կին։
     Մենք անկեղծ կատակում ու ծիծաղում էինք, իսկ մեր շուրջը պտտվում էր ուրախ ամբոխը։ Բայց մեր կատակների տակ թաքնված էր այն տղամարդու և կնոջ լարված զգուշավորությունը, որոնք արդեն անցել են սիրո շեմքը, բայց դեռ վստահ չեն փոխադարձ զգացմունքներում։ Ես չեմ նկարագրի Ֆիլիպպային։ Մանրիկ, զարմանալիորեն բարեկազմ... Ոչ, այնուամենայնիվ, ես ինձ կզսպեմ։ Մի խոսքով, նա ինձ համար աշխարհի եզակի կինն էր, և ես բնավ չէի մտածում այն մասին, որ ալեհեր ծերունու երկար բազուկը Հռոմից կարող է պարզվել ամբողջ Եվրոպայով մեկ, որպեսզի բաժանի ինձ իմ սիրած կնոջից։
     Հանկարծ իտալացի Ֆորտինին շշնջաց ականջիս.
     - Ձեզ հետ մի մարդ է կամենում խոսել։
     - Թող սպասի, մինչև ժամանակ գտնեմ այդ մարդուն տրամադրելու,- կոպիտ պատասխանեցի ես։
     - Ես ոչ ոքի չեմ սպասում,- նույնքան կոպիտ պատասխանեց նա։
     Երակներումս արյունը եռաց, և ես հիշեցի քահանա Մարինելլիին ու Հռոմում նստած ալեհեր ծերունուն։ Ես հասկացա։ Ամեն բան սարքած էր։ Ահավասիկ երկար բազուկը, Ֆորտինին ալարկոտ ժպտում էր նայելով ուղիղ դեմքիս, մինչ ես մտմտում էի, թե ինչպես վարվեմ, և այդ ժպիտը ծաղրական էր ու հանդուգն։
     Հատկապես հիմա ես ինչ գնով էլ լիներ պետք է պահպանեի սառնարյունությունս։ Բայց ինձ արդեն տիրում էր բոսորագույն կատաղությունը։ Ուրեմն, ահա թե ինչ է սարքել այդ տերտերը, տոհմական իր ողջ հարստությունը քամուն տված և միայն բարձրագոչ անունը պահպանած Ֆորտինին վերջին վեց տարիներին մեզ մոտ ժամանած իտալացիների մեջ համարվում էր լավագույն սուսերամարտիկը։ Այսպես, ուրեմն, այսօր՝ Ֆորտինին է։ Եթե նա անհաջողության մատնվի, ապա ալեհեր ծերունու հրամանով վաղը կհայտնվի մի նոր կռվազան, իսկ վաղը չէ մյուս օրը` մեկ ուրիշը։ Իսկ եթե նրանք ոչինչ չկարողանան անել, ապա ռամիկ մարդասպանը մեջքիս մի դանակ կխրի կամ մեկ ուրիշը իմ գինուն կամ հացին թույն կխառնի։
     - Զբաղված եմ, - ասացի ես։ - Հեռացեք։
     - Ես ձեզ հետ անհետաձգելի գործ ունեմ, - պնդեց նա։
     Մեզ համար էլ աննկատելի, մենք ձայներս բարձրացրինք և Ֆիլիպպան լսեց։
     - Հեռացիր այստեղից, իտալացի շուն, - ասացի ես։ - Մի' վնգստա իմ շեմին։ Ես քիչ հետո հախիցդ կգամ։
     - Լուսինն արդեն դուրս եկավ, - պատասխանեց նա։ - Խոտը լավ է, չոր։ Ցողը դեռևս չի իջել։ Լճակից ձախ, նետի թռիչքի հեռավորության վրա, խաղաղ ու մեկուսի մի սքանչելի մարգագետին կա։
     - Շուտով ես կկատարեմ ձեր ցանկությունը,- ձայնս ցածրացնելով, սրտնեղությամբ ասացի ես։
     Բայց նա ինձնից պոկ չեկավ։
     Այդ պահին խոսեց Ֆիլիպպան, և այդ բառերը հագեցված էին հազվագյուտ խիզախությամբ ու երկաթե կամքով։
     - Կատարեցեք այդ պարոնի ցանկությունը, Սեն-Մոր։ Հիմա ևս մի լավ դաս տվեք նրան։ Եվ թող հաջողությունը հովանի լինի ձեզ։ - Նա լռեց, ապա ձայն տվեց իր քեռուն՝ Ժան դը Ժուանվիլին, անժույցի Ժուանվիլների տոհմի շառավիղներից մեկին, որն այդ պահին անցավ մեր մոտով։
     - Եվ թող հաջողությունը հովանի լինի ձեզ, - կրկնեց նա և, թեքվելով ականջիս, շշնջաց. - Իմ սիրտը ձեզ հետ է, Սեն-Մոր։ Շուտ վերադարձեք։ Ես ձեզ կսպասեմ մեծ դահլիճում։
     Ես յոթերորդ երկնքում էի։ Ես քայլում էի ամպերի վրայով։ Առաջին անգամ նա ուղղակիորեն ասաց իր սիրո մասին։ Եվ այս բերկրանքը ինձ այնպիսի ուժ տվեց, որ իմ առաջ ոչինչ էին թեկուզ մեկ դյուժին Ֆորտինիներ, թեկուզ մեկ դյուժին Հռոմում նստած ալեհեր ծերունիներ։
     Ժան դը Ժուանվիլը և Ֆիլիպպան կորան ամբոխի մեջ, իսկ ես ու Ֆորտինին հենց ոտքի վրա պայմանավորվեցինք ամեն բանի մասին և բաժանվեցինք, որպեսզի մարտավկաներ գտնելով, դարձյալ հանդիպենք լճակից այն կողմ ընկած մարգագետնում։
     Սկզբում ես որոնեցի Ռոբեր Լանֆրանկին, իսկ հետո Հանրի Բոհեմոնին։ Բայց մինչև նրանց գտնելս, ես հանդիպեցի ծղոտիկին, որն ինձ ցույց տվեց, թե դեպի ուր է փչում քամին և իսկական փոթորիկ կանխագուշակեց։ Ծղոտիկի անունը Գյուի դը Վիլլարդուեն էր. ես ճանաչում էի այդ անտաշ գավառացուն, նա վերջերս էր եկել պալատ, բայց դա նրան չէր խանգարում անբարիշտ աքաղաղ լինելու։ Նա կարմրահեր էր։ Իրար շատ մոտ տեղադրված երկնագույն աչքերի սպիտակուցները կարմրավուն երանգ ունեին, իսկ մաշկը, ինչպես բոլոր կարմրահերներինը, կարմիր էր ու պեպենոտ։ Ամենից շատ նա խաշած խեցգետին էր հիշեցնում։
     Երբ անցնում էի նրա մոտով, նա արագ շրջվեց ու հրեց ինձ։ Օ՜հ, բնականաբար նա այդ բանը միտումնավոր արեց։ Եվ անմիջապես չարանալով, ձեռքը սուսերին տարավ ու նետվեց վրաս։
     «Գրողը տանի,- մտածեցի ես։ - Այդ ծերունին բավականաչափ գործիքներ ունի և միևնույն ժամանակ՝ տարօրինակ գործիքներ», իսկ բարձրաձայն, բարեկիրթ կերպով խոնարհվելով, ասացի այդ աքաղաղին.
     - Ներեցեք իմ անշնորհքությունը։ Մեղավորը ես էի։ Խնդրում եմ ներեցեք ինձ, Վիլլարդուեն։
     Սակայն նրան խաղաղեցնելը այնքան էլ դյուրին բան չէր։ Եվ մինչ նա կատաղության մոլուցքի մեջ ծուղրուղու էր կանչում, ես նկատեցի Ռոբեր էանֆրանկին, մոտ կանչեցի նրան ու բացատրեցի բանի էությունը։
     - Սեն-Մորը ձեզ լրիվ գոհացում է տվել, - վճռեց Լանֆրանկը։ - Նա ձեզանից ներողություն է խնդրել։
     - Օ՜հ, այո, - դարձյալ սկսեցի ես սիրալիր տոնով,- դարձյալ խնդրում եմ ձեզ, Վիլլարդուեն, ներեցեք իմ անշնորհքությունը։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում։ Ես եմ մեղավորը, թեև իմ արարքը միտումնավոր չէր։ Ժամադրության շտապելիս, ես անշնորհք կերպով, չափազանց անշնորհք կերպով հրեցի ձեզ, սակայն դա բնավ էլ միտումնավոր չէր։
     Այդ գավառացուն մնում էր միայն տհաճությամբ ընդունել իմ ներողությունը, որի հարցում այդ աստիճան առատաձեռն էի։ Բայց երբ ես ու Լանֆրանկը շտապ-շտապ հեռանում էինք, մտածեցի, որ մի քանի օր, գուցե և մի քանի ժամ էլ չի անցնի, և շիկահեր գավառացին կհասնի այն բանին, որ մենք մարգագետնում խաչենք մեր սուսերները։
     Լանֆրանկին ես միայն ասացի, թե իր ծառայության կարիքն ունեմ, և նա մանրամասնությունների մասին ոչինչ չհարցրեց։ Նա քսան տարին հազիվ բոլորած, կենսուրախ մի պատանի էր, և չնայած այդ տարիքին, արդեն հմուտ սուսերամարտիկի համբավ ուներ, մարտնչել էր Իսպանիայում և բազում անգամներ աչքի էր ընկել մենամարտերի ժամանակ։ Տեղեկանալով, թե բանն ինչումն է, նրա աչքերը ուրախությունից փայլատակեցին և նա այնպիսի հիացմունք ապրեց, որ անձամբ գնաց Հանրի Բոհեմոնի հետևից ու նրան համոզեց միանալ իրեն։
     Երբ մենք երեքով հասանք Լճակից այն կողմ գտնվող մարգագետինը, Ֆորտինին և նրա երկու մարտավկաներն արդեն սպասում էին մեզ։ Մարտավկաներից մեկը Ֆելիքս Պասկինին էր, նույն ազգանունը կրող կարդինալի քրոջ որդին և քեռու հավատարմատարը, քեռու, որն էլ իր հերթին ալեհեր ծերունու հավատարմատարն էր, Մյուսը Ռաուլ դը Գոնկուրն էր, և ինձ զարմացրեց, որ այդքան ազնիվ մարդը հայտնվել է նմանօրինակ հասարակության մեջ։
     Մենք փոխադարձաբար ողջունեցինք իրար և գործի անցանք։ Մի գործ, որը բոլորիս էլ քաջ ծանոթ էր, Ցողը դեռ չէր իջել և մեր ոտքերը չէին սահում չոր խոտի վրա։ Լուսինը պայծառ լուսավորում էր. ես ու Ֆորտինին սուսերները խաչաձևեցինք, սկսելով մահացու մենամարտը։
     Գիտեի, որ Ֆորտինին գերազանցում է ինձ, թեև ես Ֆրանսիայում լավ սուսերամարտիկ էի համարվում։ Բայց գիտեի նաև մեկ ուրիշ բան. այս երեկո ինձ հետ է իմ դամայի սիրտը, և այդ իսկ պատճառով, իմ շնորհիվ աշխարհում մի իտալացի կպակասի: Կրկնում եմ, ես այդ գիտեի, չէի կասկածում մենամարտի ելքի մասին։ Եվ մինչ մենամարտում էինք, ես մտմտում էի, թե ինչպես ավելի լավ սպանեմ նրան։ Ես երկարատև մենամարտեր չէի սիրում, կարճ ու փայլուն մարտ այսպիսին էր իմ սովորական ոճը։ Եվ բացի այդ, եթե մենամարտը ձգձգվեր, պետք է արտահայտվեին նաև իմ անցկացրած խնջույքների այն անվերջանալի շարանը, երբ ուշ գիշերով երգում էի «Երգիր կուկու, երգիր կուկու, երգիր կուկու» երգը. ես այդ էլ գիտեի։ Մարտը պետք է կարճ ու փայլուն լինի, վճռեցի ես։
     Սակայն Ֆորտինիի պես հմուտ հակառակորդին տապալելն այնքան էլ հասարակ բան չէր։ Եվ բացի այդ, Ֆորտինին, որն, ըստ ինձ հասած լուրերի, միշտ սառնարյուն էր, ուներ երկաթե բազուկ և կարողանում էր մարտնչել երկար ժամանակ, ինքնավստահ և առանց հոգնելու, այդ երեկո նույնպես վճռեց, որ մարտը պետք է լինի կարճ ու փայլուն։
     Մենք մենամարտում էինք լարված ու նյարդայնորեն, եթե ես կարողացա գուշակել ինձ հնարավորին չափ շուտափույթ վերջ տալու նրա մտադրությունը, ապա նա ևս կռահել էր, թե ինչպիսի մտադրություն ունեմ ես։ Հավանաբար իմ հնարքը չէր հաջողվի, եթե մենք ոչ թե գիշերով, այլ ցերեկով մարտնչելիս լինեինք։ Սակայն լուսնի աղոտ լույսը իմ դաշնակիցն էր։ Եվ ես դարձյալ մի առավելություն ունեի, նախօրոք գուշակում էի, թե ինչ է պատրաստվում անելու իմ հակառակորդը։ Դա հանդիպակաց հարձակումն էր. շատ սովորական, բայց չափազանց համարձակ, յուրաքանչյուր սկսնակին հայտնի մի հնար, որը կործանել է այդ հնարին դիմելու համարձակություն ունեցող բազմաթիվ լավ սուսերամարտիկների, և այնքան վտանգավոր է հենց իր՝ օգտագործողի համար և սուսերամարտիկներից շատերը գերադասում են առանց դրա յոլա գնալ։
     Մեկ րոպե դեռ չկար, ինչ մենք մենամարտում էինք, բայց արդեն գիտեի, որ սրընթաց հարձակման նետվող Ֆորտինին, իսկապես կամենում է կիրառել այդ հնարը։ նա սպասում էր, թե ես երբ խորը հարձակում կգործեմ, որպեսզի առանց խույս տալու բազուկի սովորական մի թեթև շարժումով սուսերը շեղի մի կողմ, և իր սուսերի ծայրը ուղղի ճիշտ դեպի իր առջև ընկնող մարմնիս վրա։ Շատ համարձակ հնար է դա, համարձակ՝ նույնիսկ արևի պայծառ լույսի տակ։ Բավական է, որ նա գեթ մի ակնթարթ շուտ սկսի, ու ես կհասկանամ, թե ինչն ինչոց է, և ծուղակից կխուսափեմ։ Եվ բավական է, որ նա գեթ մի ակնթարթ ուշ սկսի, և իմ սուսերը կմխրճվի նրա սիրտը։
     «Ուրեմն, կարճատև ու փայլուն մա՞րտ, - մտածեցի ես։ - Շատ բարի, իմ սիրելի իտալացի։ Մարտը կարճատև ու փայլուն կլինի, բայց ամենագլխավորը կարճատև»։
     ճշմարիտն ասած, դա հանդիպակաց հարձակում էր հանդիպակաց հարձակման դեմ, բայց ես մտածեցի, որ Ֆորտինին կընկնի ծուղակը, որովհետև ես նրանից առաջ կանցնեմ։ Այդպես էլ եղավ։ Ինչպես ասացի, դեռ մեկ րոպե էլ չէր անցել, երբ դա տեղի ունեցավ։ Կարճատև՞ է։ Այո, իմ խոր հարձակումը արագ կատարվեց։ Դա կայծակնային արագություն էր. մտքի պես սրընթաց գործողության պայթյուն։ Աշխարհում ոչ ոք չի կարող ենթադրել, - ես պատրաստ եմ երդվելու, - որ խոր հարձակումը կարող է այդքան արագ լինել։ Ես շահեցի ակնթարթը։ Ուշանալով այդ ակնթարթից, Ֆորտինին փորձեց շեղել իմ սուսերի շեղբը, և խոցել ինձ։ Բայց շեղվեց նրա սուսերի շեղբը։ Փայլատակելով, նա սահեց կրծքիս մոտով. Ֆորտինիի սուսերը խոցեց հետևիս դատարկ օդը, իսկ իմ սուսերը մտավ նրա մարմնի մեջ, սրտի ուղղությամբ ծակեց անցավ աջ կողից դեպի ձախը, և դուրս եկավ թիկունքից։
     Տարօրինակ զգացողություն է ողջ մարդուն շամփրելը։ Իմ խցում նստած ես հիմա դադարեցի գրելը, մտածելով դրա մասին։ Ես շատ եմ մտորել, թե ինչ պատահեց Ֆրանսիայում լուսնյակ գիշերով, երբ իտալացի շանը ցույց տվեցի, թե ինչ բան է կարճատև ու փայլուն սուսերամարտը։ Ի՜նչ հեշտ է մարդու մարմինը շամփրելը։ Եթե սուսերս դեմ առներ ոսկորի, ես դիմադրություն կզգայի, սակայն սայրը ծակեց անցավ միայն մկանունքը։ Այնուամենայնիվ, դա չափազանց դյուրին էր։ Այժմ, այդ նկարագրելիս, ես դարձյալ վերապրում եմ միևնույն զգացողությունը իմ ձեռքում և ուղեղում։ Իտալացու մարմնով իմ սուսերը այնպիսի հեշտությամբ անցավ, որ ասես գլխարկի քորոցը խրեցի փուտինգի մեջ։ Օ՜հ, Գիյոմ դը Սեն-Մորը այդ գիշեր բնավ չէր զարմացել, բայց դա զարմացնում է ինձ, Դարրել Սթենդինգին, երբ այժմ, դարեր հետո, հիշում եմ այդ մենամարտը։ Դյուրին, շատ դյուրին է ուժեղ, կենդանի, շնչող մարդուն սպանելը մի այնպիսի պարզունակ զենքով, ինչպիսին է պողպատի շեղբը. Մարդիկ նման են փափուկ կեղևով խեցգետինների. մարդիկ նույնքան նուրբ են, դյուրաբեկ ու խոցելի։
     Բայց դառնանք այն լուսնյակ գիշերին, երբ իմ սուսերը խրվեց նրա մարմնի մեջ և տիրեց լիակատար անշարժության մի ակնթարթ։ Ֆորտինին միանգամից չտապալվեց։ Եվ ես միանգամից ետ չքաշեցի իմ սուսերը։ Մի վայրկյան շարունակ մենք անշարժ կանգնած էինք. ես՝ ոտքերս լայն դրած, հորիզոնական պարզած աջ ձեռքս ու մարմինս դեպի առաջ թեքած, և Ֆորտինին, որի սուսերն իմ հետևում էր, այնպես որ բռնակն ու սեղմված ձեռքը ընկած էին իմ ձախ ուսին, իսկ մարմինը քարացել էր ու փայլում էին լայն բացված աչքերը։ Եվ մինչ այդպես կանգնել էինք արձանների պես քարացած, մեր մարտավկաները, պատրաստ եմ երդվելու, չհասցրին նույնիսկ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Հետո Ֆորտինին խոր շունչ քաշեց ու խռխռաց, նրա մարմինը կակղեց, ուսիս հենված սուսերի բռնակը դողաց, ձեռքը կախվեց, և սուսերի սայրը խրվեց ճիմի մեջ։ Պասկինին և դը Գոնկուրը նետվեցին նրա կողմը, և Ֆորտինին ընկավ նրանց գիրկը։ Ազնիվ խոսք, ինձ համար ավելի դժվար էր սուսերս նրա մարմնից քաշելը, քան խրելը։ Նրա մարմինը կուչ էր եկել շեղբի շուրջը, ասես չկամենալով բաց թողնել այն։ Հավատացեք, ես ահագին ջանք թափեցի, որպեսզի կարողանամ հանել սուսերս։
     Սակայն իմ այդ շարժումից առաջացրած ցավը երևի նրան կյանքի կոչեց, որովհետև նա իր մտերիմներին հրելով, ուղղվեց ու ելման դիրք ընդունեց։ Ես ևս ելման դիրք ընդունեցի, տարակուսելով, թե ինչպես է, որ ինձ հաջողվեց խոցել նրա սրտի ուղղությամբ, բայց և այնպես չվնասելով կենսական անհրաժեշտ որևէ օրգան։ Բայց Ֆորտինիի ծնկները այդ նույն պահին ծալվեցին, և մինչ մտերիմները կհասցնեին գրկել, Ֆորտինին բերանքսիվար ընկավ խոտերին։ Մարտավկաները նրան շրջեցին մեջքի վրա, բայց նա արդեն մեռած էր։ Լուսնի լույսի տակ նրա դեմքը կապտաճերմակ երանգ ուներ, իսկ աջ ձեռքը առաջվա պես սեղմել էր սուսերը։
     Այո, մարդ սպանելը զարմանալի դյուրին բան է։
     Մենք գլուխ տվեցինք նրա մարտավկաներին և արդեն մտադիր էինք հեռանալ, երբ Ֆելիքս Պասկինին կանգնեցրեց ինձ։
     - Ներեցեք խնդրեմ, - ասացի ես, - Բայց դա թողնենք վաղվան։
     - Մենք միայն մի փոքր այն կողմ ենք քաշվելու, ուր խոտը դեռ չոր է, - պնդեց նա։
     - Թողեք, ձեր փոխարեն ես խոնավացնեմ նրան, - աղերսեց Լանֆրանկը, որը վաղուց ի վեր անհամբերությամբ սպասում էր մի որևէ իտալացու հետ իր ուժերը չափելուն։
     Ես գլուխս օրորեցի։
     - Պասկինին իմն է, - պատասխանեցի ես։ - Նա վաղը կլինի առաջինը։
     - Իսկ մյուսնե՞րը, - հետաքրքրվեց Լանֆրանկը։
     - Այդ մասին հարցրեք դը Գոնկուրին, - ծիծաղեցի ես։ - Եթե չեմ սխալվում, նա պատրաստվում է երրորդը լինելու պատվին արժանանալ։
     Այս խոսքերի վրա դը Գոնկուրը շփոթված գլխով արեց։ Լանֆրանկը հարցական հայացքով նայեց նրան, և դը Գոնկուրը մի անգամ էլ գլխով արեց։
     - Իսկ նրանից հետո, ինչ խոսք, որ աքաղաղը մեջտեղ կգա, - շարունակեցի ես։
     Եվ հենց լռեցի, կարմրահեր Գյուի դը Վիլլարդուենը հայտնվեց մարգագետնում և լուսնի լույսով ողողված խոտերը տրորելով մոտեցավ մեզ։
     - Դե գոնե սրան զիջեցեք ինձ, - բացականչեց Լանֆրանկը գրեթե լացակումած, որովհետև նա շատ էր ուզում մեկնումեկի հետ խաչաձևել իր սուսերը։
     - Այդ մասին հենց իրենից էլ հարցրեք, - ծիծաղեցի ես ու դարձա Պասկինիի կողմը։ - Մինչև վաղը, - ասացի ես։ - Ասացեք տեղն ու ժամը, և ինձ կգտնեք այնտեղ։
     - Հրաշալի խոտ է, - ծաղրաբար շարունակեց նա,- և սրանից լավ տեղ չենք ճարի, ու ես շատ եմ ուզում, որ դուք չուշանաք Ֆորտինիին ընկերակցելուց։
     - Շատ ավելի լավ կլինի, եթե նրան ուղեկցի իր իսկ մտերիմը, - խուսանավեցի ես։ - Իսկ հիմա, ձեր թույլտվությամբ, ես գնում եմ։
     Բայց նա կտրեց ճանապարհս։
     - Ով էլ որ Ֆորտինիի հետևից գնալու լինի,- ասաց նա, - թող հենց հիմա էլ ճանապարհ ընկնի։
     Առաջին անգամ մեր այս խոսակցության ընթացքում իմ ներսում սկսեց եփ գալ կատաղությունը։
     - Դուք ջանասիրաբար եք ծառայում ձեր տիրոջը, - ծաղրանքով ասացի ես։
     - Ես ծառայում եմ միայն իմ սեփական քմահաճույքին։ Ես տեր չունեմ։
     - Հանդգնություն մի' համարեք, բայց ես պատրաստվում եմ ձեզ ասելու ճշմարտությունը, - շարունակեցի ես։
     - Այդ ի՞նչ ճշմարտություն է, - մռլտաց նա։
     - Այսպիսի. դուք խաբեբա եք, Պասկինի, խաբեբա եք, ինչպես բոլոր իտալացիները։
     Նա անմիջապես դարձավ դեպի Լանֆրանկը և Բոհեմոնդը:
     - Լսեցի՞ք, - ասաց նա։ - Այժմ դուք նրան իմ ձեռքից չեք խլի։
     Նրանք շփոթված ինձ նայեցին, ջանալով հասկանալ, թե ուզածս ինչ է։ Բայց Պասկինին սպասել չէր կամենում։
     - Իսկ եթե դուք դեռևս կասկածում եք, ապա թույլ տվեք ցրել ձեր կասկածները... Այսպե'ս։
     Եվ նա թքեց իմ ոտքերի մոտ։ Եվ այստեղ իմ կատաղությունը դուրս պոռթկաց։ Բոսորագույն կատաղություն եմ ես դա անվանում. սպանելու և ոչնչացնելու ամենակուլ, ամեն բան մթագնող մի ցանկություն։ Ես մոռացա, որ Ֆիլիպպան ինձ սպասում է մեծ դահլիճում։ Հիշում էի միայն իմ հասցեին արված վիրավորանքը. այն մասին, որ ալեհեր ծերունին անթույլատրելի կերպով խառնվում է իմ գործերին, քահանայի պահանջի մասին, Ֆորտինիի հանդգնության մասին, Վիլլարդուենի լկտիության մասին, և հիմա էլ Պասկինին է կանգնել ճանապարհիս և թքեց ոտքերիս մոտ։ Իմ աչքերի առջև կարմրատակեց ամբողջ աշխարհը։ Ես բոսորագույն կատաղության ճիրանների մեջ էի։ Ինձ շրջապատել էին նողկալի, պիղծ արարածները, որոնց ես պետք է սրբեի աշխարհի երեսից։ Ինչպես վանդակն ընկած առյուծը կատաղորեն զարնվում է երկաթե ձողերին, այդպես էլ այդ պղծության նկատմամբ ունեցած իմ ատելությունը հափշտակեց ու տարավ ինձ։ Այո, նրանք չորս կողմից շրջապատել էին ինձ։ Ես ծուղակն էի ընկել։ Եվ մեկ ելք կար միայն, ոչնչացնել բոլորին, հողին հավասարացնել։
     - Շատ լավ,- ասացի ես գրեթե սառնարյուն, թեև կատաղությունից դողում էի։ - Դո՞ւք եք առաջինը, Պասկինի։ Իսկ հետո՝ դո՞ւք, դը Գոնկուր։ Եվ դուք մնում եք վերջո՞ւմ, դը Վիլլարդուեն։
     Նրանք ի նշան համաձայնության, գլխով արեցին. և ես ու Պասկինին պատրաստվեցինք մի կողմ քաշվելու։
     - Քանի որ դուք շտապում եք, - առաջարկեց ինձ Հանրի Բnհեմոնդը, - և քանի որ նրանք էլ երեք հոգի են, մենք էլ. ինչո՞ւ ուրեմն միանգամից չմաքրենք դրանց հաշիվը։
     - Այո, այո, - տաքացած հաստատեց Լանֆրանկը։ - Դուք վերցրեք Գոնկուրին, իսկ ես՝ դը Վիլլարդուենին։
     Բայց ես իմ բարեկամներին նշան արեցի, որպեսզի չմիջամտեն գործին։
     - Նրանք հրամանի համաձայն են այստեղ եկել, - բացատրեցի ես։ - Նրանք ծարավի են իմ մահվան այնքան սաստիկ, որ, երդվում եմ պատվովս, ես էլ վարակվեցի նրանց այդ ցանկությամբ ու այժմ կամենում եմ ինքս հաշվեհարդար տեսնել։
     Նկատեցի, որ Պասկինին զայրանում է մեր այս հապաղումի պատճառով, ու որոշեցի ավելի ծաղրել նրան։
     - Պասկինի, - հայտարարեցի ես, - ձեզ հետ շատ արագ կմաքրեմ հաշիվս։ Չէի կամենա, որ դուք դանդաղեիք այն դեպքում, երբ Ֆորտինին սպասում է ձեզ։ Ռաուլ դը Գոնկուր, ձեզ կհատուցեմ այն բանի համար, որ ընկել եք այսպիսի նողկալի հասարակության մեջ։ Դուք գիրացել եք, և հևասպառ եք լինում։ Ես այնքան կխաղամ ձեզ հետ, մինչև որ ձեր ճարպը հալվի և դուք սկսեք հևալ ու փսկել ծակ փուքսի նման։ Իսկ թե ձեզ ինչպես կսպանեմ, Վիլլարդուեն, ես դեռ չգիտեմ։
     Այս խոսքերի վրա ես ողջունեցի Պասկինիին և մեր սրերը խաչաձևվեցին։ Օ՜հ, այդ երեկո իմ մեջ զարթնել էր սատանան։ Կարճատև ու փայլուն մարտ. ահավասիկ, թե ինչ էի կամենում։ Բայց ես հիշում էի նաև անհավատարիմ լուսնի լույսի մասին։ Եթե իմ հակառակորդը համարձակություն ունենա կատարելու հանդիպակաց հարձակում, ես նրա վերջը կտամ ճիշտ այնպես, ինչպես Ֆորտինիին։ Իսկ եթե ոչ, ապա ինքս կնախաձեռնեմ այդ հնարը, և շատ շուտով։
     Սակայն Պասկինին զգույշ էր, թեև ինձ հաջողվել էր ծաղրել ու համբերությունից հանել նրան։ Բայց ես նրան ստիպեցի արագ տեմպի մեջ մտնել ու մեր սուսերները հաճախակի էին խաչաձևվում, որովհետև լուսնի խաբուսիկ լույսի տակ ավելի շատ էր հարկ լինում հույս ունենալ շոշափելիքի, քան տեսողության վրա։
     Մեկ րոպե դեռ չէր անցել, երբ ես օգտագործեցի իմ հնարանքը, ձևացնելով, թե սայթաքեցի, և ուղղվելուց հետո դարձյալ ձևացնելով, թե կորցրել եմ Պասկինիի սուսերը։ Նա փորձնական հարձակում գործեց, և ես դարձյալ ձևացրի, թե շփոթության մեջ եմ. մի ավելորդ ու լայն շարժում կատարելով, ես բոլորովին բացվեցի. դա մի խայծ էր, որի օգնությամբ որոշեցի որսալ նրան։ Եվ որսացի։ Նա չուշացրեց օգտագործել այն առավելությունը, որ նրան ընձեռնեց, ի'ր կարծիքով, իմ ակամա այդ շարժումը։ Նրա հարձակումը հանդիպակաց էր ու ճշգրիտ։ Եվ նա դրա մեջ ներդրել էր իր ողջ կամքն ու մարմնի ամբողջ ծանրությունը։ Իսկ ես միայն ձևացնում էի և պատրաստ էի կանխելու այդ հարձակումը։ Իմ սուսերը հազիվ շփվեց նրա սուսերին, և բազուկի թեթևակի մի շարժումով, որը չափավոր ուժգնություն ուներ, նրա սուսերը մի կողմ շեղեցի իմ սուսերի թասիկով։ Շեղեցի շատ քիչ, ընդամենը մի քանի դյույմ, և այնպես, որ նրա սուսերի սայրը սահեց իմ կրծքի մոտով, խոցելով միայն կերպասե բաճկոնակիս ծալքը։Իհարկե, այդ հարձակման ժամանակ նրա մարմինը առաջ էր գալիս սուսերի հետ միասին, և աջ կողով, սրտին հավասար, հանդիպեց իմ սուսերի սայրին։ Պարզած ձեռքս ամուր էր և ուղիղ, ինչպես և շարունակություն կազմող պողպատը, իսկ պողպատի և ձեռքի հետևում իմ զգոն ու պրկված մարմինն էր։
     Ինչպես արդեն ասացի, իմ սուսերը խրվեց Պասկինիի աջ կողը, սրտի բարձրության վրա, բայց ձախով դուրս չեկավ, որովհետև դեմ առավ կողոսկրին (չէ ՞ որ մարդ սպանելը ի վերջո մսագործի արհեստ է) ։ Հարվածն այնքան ուժգին էր, որ Պասկինին կորցրեց հավասարակշռությունը և կողքի վրա տապալվեց գետնին։ Մինչ նա ընկնում էր, քանի դեռ չէր հպվել խոտերին, ես նրա վերքից դուրս քաշեցի սուսերս։
     Դը Գոնկուրը նետվեց դեպի Պասկինին, բայց սա նշանացի հրամայեց հաշվեհարդար տեսնել ինձ հետ։ Հազալով ու արյուն թքելով, նա դը Վիլլարդուենի օգնությամբ հենվեց արմունկին, գլուխը ձեռքին հակեց, իսկ հետո դարձյալ սկսեց հազալ ու թքել։
     - Բարի ճանապարհ, Պասկինի, - ծիծաղելով ասացի նրան, որովհետև դեռևս բոսորագույն կատաղության ճիրանների մեջ էի։ - Խնդրում եմ, շտապեցեք, որովհետև խոտը, որի վրա պառկել եք, հանկարծ խոնավացել է, և դուք պաղից կմեռնեք, եթե չշտապեք։
     Ես ուզեցի անմիջապես զբաղվել դը Գոնկուրով, բայց միջամտեց Բոհեմոնը, ասելով, թե ես պետք է հանգստանամ։
     - Ոչ , - պատասխանեցի ես։ - Դեռ հարկ եղածին չափ չեմ տաքացել նույնիսկ։ - Եվ դարձա դը Գոնկուրի կողմը։ - Հիմա դուք իմ առջև հևալով կսկսեք պար գալ։ Կանգնեցեք ելման դիրքում։
     Դը Գոնկուրը ինձ հետ մենամարտելու ամենանվազ ցանկությունն իսկ չուներ։ Նկատելի էր, որ նա միայն հրամանի հլու կամակատար է։ Սուսերամարտելու նրա ոճը հին էր, ինչպես բոլոր հասակն առած մարդկանց մոտ, սակայն նա սուսերին լավ էր տիրապետում և կռվում էր սառնարյուն, վճռականորեն ու հաստատակամությամբ։ Բայց նա փայլուն սուսերամարտիկ չէր, և նրան հալածում էր պարտության նախազգացումը: Ես կարող էի մի տասը անգամ նրա վերջը տալ, բայց չէի անում։ Չէ՞ որ ասացի. սատանան բույն էր դրել իմ ներսում։ Եվ դա ճշմարիտ էր։ Ես տանջեցի իմ հակառակորդին։ Նեղեցի նրան, ստիպեցի դեմքով շրջվել դեպի լուսինը, այնպես որ նրա համար դժվարացավ ինձ տեսնելը, ախր ես կռվում էի իմ սեփական ստվերի տակ։ Իսկ մինչ ես նրա հետ խաղ էի անում, մինչ նա հևում էր ու շնչասպառ լինում, ինչպես արդեն խոստացել էի, Պասկինին գլուխը ձեռքին հենած հազալով ու արյուն թքելով նայում էր մեզ։
     - Հապա՞, դր Գոնկուր, - ասացի ես ի վերջո, - դուք գիտեք, որ իմ ձեռքում եք գտնվում։ Ես ձեզ կարող եմ տասը ձևով խոցել, այնպես որ պատրաստվեցեք, ես ընտրում եմ այս ձևը։
     Եվ, այս ասելով, ես ուղղակի քվարտայից անցա տերցիայի, ու երբ նա, իրեն կորցրած սկսեց դես ու դեն նետվել, վերադարձա քվարտայի, սպասեցի մինչև որ բացվի, և շամփրեցի նրան սրտի ուղղությամբ։ Եվ, մեր մենամարտի վախճանը տեսնելով, Պասկինին դադարեց կյանքից կառչել, բերանքսիվար փռվեց խոտերին, հառաչեց ու մարեց։
     - Ձեր տերն այս գիշեր իր չորս սպասավորներից էլ կզրկվի, - մենամարտն սկսելուն պես հաղորդեցի Վիլլարդուենին։
     Եվ ի՜նչ մենամարտ էր դա։ Այդ գավառացին անհեթեթություն էր։ Տեսնես ո՜ր գյուղական դպրոցում է նա սուսերամարտ սովորել։ նրա ամեն մի շարժումն անշնորհք էր ու ծիծաղելի։ «Ես հիմա հեշտությամբ սրա վերջը կտամ», - վճռեցի ես, իսկ նա գժվածի պես հարձակվեց վրաս, և կարմիր մազերն էլ կատաղությունից բիզ-բիզ կանգնեցին։
     Ավա՜ղ, հենց նրա անշնորհքությունն էլ կործանեց ինձ։ Մինչ ես խաղում էի նրա հետ ու ծիծաղում վրան, անվանելով կոպիտ գավառացի, կատաղությունից նա նույնիսկ մոռացավ այն մի քանի հնարանքները, որոնք գիտեր։ Սուսերն այնպես թափահարելով, որ ասես թուր լիներ, նա սուլոցով ճեղքեց օդը և հարվածեց գլխիս։ Զարմանքից քար կտրեցի. ավելի անհեթեթ բան կարո՞ղ էր արդյոք լինել։ Նա լրիվ բացվեց, ու ես կարող էի շամփրել նրան։ Բայց ես զարմանքից քար էի կտրել, և հաջորդ վայրկյանին զգացի պողպատյա սայրի ծակոցը. այդ անշնորհք գավառացին ցլի պես առաջ նետվելով այնպես շամփրեց ինձ, որ սուսերի բռնակը դիպավ իմ կողին ու ես ետ-ետ գնացի։
     Ընկնելիս տեսա Լանֆրանկի ու Բոհեմոնի շփոթված դեմքերը և վրաս հակված Վիլլարդուենի ինքնագոհ քմծիծաղը:
     Ես ընկա, բայց այնպես էլ չհասա խոտերին։ Թարթեց կուրացուցիչ մի լույս, լսվեց խլացուցիչ մի դղրդյուն, խավար տիրեց, մի աղոտ շող ծագեց, ինձ տիրեց կրծոտող, մասնահատող մի ցավ, ու ես լսեցի մեկի ձայնը.
     - Ես ոչինչ չեմ կարողանում շոշափել։
     Այդ ձայնը ես ճանաչեցի։ Դա բանտապետ Ազերթոնի ձայնն էր, ու հիշեցի, որ ես Դարրել Սթենդինգն եմ, որը դարերի խորքից վերադարձել է Սեն - Քվենտինի զսպաշապիկի մեջ։ Ես գիտեի, որ պարանոցս շոշափող ձեռքերը պատկանում են բժիշկ Ջեկսոնին, Եվ նույն պահին էլ լսվեց բժշկի ձայնը.
     - Դուք պարանոցի վրա զարկերակ շոշափել չեք կարողանում։ Այ, այստեղ, իմ մատների մոտ սեղմեցեք։ Հիմա զգո՞ւմ եք։ Ա՜հ, այդպես էլ համոզված էի։ Սիրտը խփում է թույլ, բայց համաչափ, քրոնոմետրի պես։
     - Մեկ օր է միայն անցել, - նկատեց կապիտան Ջեմին, - իսկ նա առաջներում երբեք այսպիսի վիճակի մեջ չի եղել։
     - Ձևացնում է, ուրիշ ոչինչ, կարող ենք գրազ գալ, - միջամտեց ավագների գլխավոր էլ Հեթչինսը։
     - Ինչ ասեմ, - շարունակեց կապիտան Ջեմին։ - Եթե զարկերակս այնքան թույլ է, որ միայն բժիշկն է կարողանում շոշափել...
     - Մեծ բան է։ Ես էլ եմ ախր զսպաշապիկի դպրոցն անցել, - ծաղրանքով ասաց էլ Հեթչինսը։ - Եվ դուք քանի՜ անգամ եք իմ կապանքները քանդել, կապիտան, կարծելով, թե հոգիս տված կլինեմ աստծուն։ Իսկ ես հազիվ էի ինձ զսպում, որպեսզի հանկարծ չծիծաղեմ ձեր երեսին։
     - Հապա, իսկ դո՞ւք ինչ կասեք, դոկտոր, - հարցրեց բանտապետը։
     - Ես ախր ձեզ ասում եմ, որ սիրտը հրաշալի է աշխատում, - լսվեց պատասխանը, - թեև, իհարկե, շատ թույլ, բայց դա սպասելի էր։ Հեթչինսը միանգամայն իրավացի է։ Նա ձևացնում է։
     Բթամատով նա ձգեց իմ կապը, և ես բացելով մի աչքս, նայեցի վրաս խոնարհված դեմքերին։
     - Ի՜նչ էի ասում հապա, - հաղթականորեն բացականչեց բժիշկ Ջեկսոնը։
     Ուստի ես լարելով ամբողջ կամքս, ու թեև թվում էր, թե ուր-որ է դեմքս կպայթի, այնուամենայնիվ կարողացա ժպտալ։
     Շուրթերիս մի գավաթ ջուր մոտեցրին, ու ես ագահորեն խմեցի։ Հարկ է հիշել, որ ես անօգնական պառկած էի մեջքիս ու ձեռքերս էլ զսպաշապիկի մեջ սեղմված էին կողերիս։ Հետո ինձ ուտելիք առաջարկեցին՝ բանտային բորբոսնած հացի մի կտոր, բայց ես գլուխս շարժեցի ու գոցեցի աչքերս, հասկացնելով, որ ինձ ձանձրացնում է նրանց ներկայությունը։ Հարության ցավերն անտանելի էին։ Զգում էի, թե ինչպես է կենդանանում մարմինս։ Թվում էր, թե պարանոցս ու կուրծքս հազարավոր ասեղներ ու գնդասեղներ են ծակոտում, իսկ ուղեղումս չէր մարում պայծառ հուշը այն մասին, որ Ֆիլիպպան ինձ է սպասում մեծ դահլիճում, և ես կամենում էի վերադառնալ այն օրվան ու գիշերվա կեսին, որ հենց նոր ես ապրեցի հին Ֆրանսիայում։
     Եվ մինչ իմ բոլոր բանտապանները դեռ կանգնած էին կողքիս, ես փորձեցի իմ մարմնի կենդանի մասն անջատել գիտակցությունից։ Ես կամենում էի շուտափույթ հեռանալ նրանցից, բայց ինձ պահեց բանտապետի ձայնը.
     - Որևէ բողոք ունե՞ս։
     Ես մի բանից էի միայն վախենում« վախենում էի, որ նրանք հանկարծ ինձ կհանեն զսպաշապիկից, և այդ իսկ պատճառով իմ պատասխանը բնավ էլ հուսահատությամբ լի հոխորտանք չէր. ես ուղղակի կամենում էի ինձ պաշտպանել այդպիսի հնարավորությունից։
     - Դուք կարող եք զսպաշապիկի կապերն ավելի ձգել, - շշնջացի ես, - թե չէ՝ այնքան տեղ կա, որ պառկելն անհարմար է. ես ուղղակի թաղվում եմ ծալքերի մեջ։ Հեթչինսը ապուշ է։ Անշնորհք մի ապուշ։ Նա նույնիսկ գաղափար չունի, թե ինչպես են կապում զսպաշապիկը։ Շեֆ, լավ կլիներ, որ դուք նրան նշանակեիք ջուլհականոցի ավագ։ նա կկարողանա արտադրողականությունը ավելի նվազեցնել, քան այժմյան ապիկարը, որը թեև նույնպես ապուշ է, բայց ոչ այսքան անշնորհք։ Իսկ հիմա կորեք այստեղից, եթե մի որևէ նոր բան չեք հորինել։ Բայց եթե հորինել եք, մի' հեռացեք։ Մնացեք, շատ եմ խնդրում, եթե ձեր այդ բութ գլխին փչել է, որ դուք ընդունակ եք ինձ համար տանջանքի մի թարմ միջոց հնարելու:
     - Նա աննորմալ է, իսկական, ամենաիսկական աննորմալ,- մասնագիտական հիացմունք ապրելով, ուրախացած ասաց բժիշկ Ջեկսոնր։
     - Սթենդինգ, դու իսկապես որ հրաշք ես, - նկատեց բանտապետը։ - Դու երկաթյա կամք ունես, բայց ես կփշրեմ քո այդ կամքը. կարող ես բոլորովին չկասկածել։
     - Իսկ դուք նապաստակի սիրտ ունեք, - ընդհատեցի ես։ - Եթե դուք ստանայիք տասներորդ մասն այն ամենի, ինչ վիճակվել է ինձ Սեն-Քվենտինում, զսպաշապիկը արդեն վաղուց դուրս մղած կլիներ նապաստակային սիրտը ձեր այդ երկար ականջներից։
     Հարվածս թիրախին դիպավ, որովհետև բանտապետի ականջներն իրականում իսկապես որ տարօրինակ էին։ Չեմ կասկածում, որ այդ ականջները կհետաքրքրեին Լոմբրոզոյին (2):
     - Ինչ վերաբերում է ինձ, - շարունակեցի. ես, - ապա ծիծաղում եմ ձեզ վրա և ամբողջ հոգով կամենում, որ դուք ինքներդ լինեք ջուլհականոցի ավագը։ Ախր դուք ձեր ուզածին պես տանջել եք ինձ, և ես, այնուամենայնիվ, ողջ եմ ու ծիծաղում եմ ձեր դեմքին։ Դա արդեն աշխատանքի ռեկորդային անարտադրողականություն է։ Դուք նույնիսկ ուժ չունեք ինձ սպանելու։ Դրանից ավելի անարտադրողական ի՞նչ կարող է լինել։ Ախր դուք չկարողացաք սպանել նույնիսկ դեպի անկյուն քշված առնետին, և այն էլ դինամիտի օգնությամբ, իսկական դինամիտի, և ոչ թե այնպիսի, ինչպիսին դուք երևակայում եք, թե ինչ-որ տեղ թաքցրել եմ ։
     - Դու կամենո՞ւմ ես դարձյալ որևէ բան ասել, - հարցրեց նա, երբ ևս ավարտեցի իմ թունոտ ճառը։
     Եվ ես հիշեցի այն, ինչ ասել էի այդ լպիրշ Ֆորտինիին:
     - Հեռացիր այստեղից, բանտի շուն, - պատասխանեցի ես։ - Գնա ուրիշների շեմքին վնգստա։
     Այնպիսի մարդու համար, ինչպիսին էր Ազերթոնը, անօգնական բանտարկյալի բերանից հնչող նման ծաղրը, իհարկե, անհանդուրժելի բան էր։ Նրա դեմքը կատաղությունից գունատվեց, և դողացող ձայնով սպառնաց ինձ.
     - Հիշիր, Սթենդինգ, ես քեզ հետ դեռ հաշիվս կմաքրեմ։
     - Ինչպե՜ս չէ, - պատասխանեցի ես ։ - Դուք ախր կարող եք միայն ավելի ամուր ձգել այս անասելի կերպով ընդարձակ զսպաշապիկը։ Իսկ եթե դա ձեր ուժերից վեր է, ուրեմն, հեռացեք այստեղից։ Եվ, խնդրում եմ, մի' վերադարձեք գոնե մեկ շաբաթ, բայց ավելի լավ կլինի՝ տասը օր։
     Բանտապետն ինչպիսի՞ պատիժ կարող է հորինել այն կալանավորի համար, որն առանց այն էլ ենթարկվել է ամենազարհուրելի պատժի։ Ըստ երևույթին, Ազերթոնն ինձ վախեցնելու համար մի բան կարողացավ գտնել, բայց հազիվ էր բերանը բացել, և ես, օգտվելով այն բանից, որ ձայնս փոքր-ինչ ամրացել էր, սկսեցի երգել. «Երգիր կուկու, երգիր կուկու, երգիր կուկու»։ Եվ ես երգում էի այնքան ժամանակ, մինչև որ իմ խցի դուռը շրխկոցով փակվեց, մինչև որ ճռնչացին կողպեքները, և մինչև որ ճռռալով իրենց բները մտան սողնակները։


1 Ֆրանսիայի միջնադարին բավարար չափով ծանոթ չլինելու հետևանքով, Ջեկ Լոնդոնը գործող անձանց տվել է ֆրանսիական գրականության պատմությունից հայտնի գրողների անուններ՝ դը Սեն-Մոր, Ժուանվիլ, Վիլլարդուեն, Գոնկուր:
2 Լոմրրոզո Ցեզար (1836 - 1909) - այսպես կոչվող «ի ծնե հանցագործության» տեսության հիմնադիր բժիշկ։ Մարդու այս կամ այն արտաքնին մի շարք նշանները, ըստ նրա կարծիքի, ստեղծում էին այս կամ այն «հանցագործ տիպին» ։