ԳԼՈՒԽ 12
Այժմ, երբ արդեն գաղտնիքն իմացա, օգտագործելն արդեն բոլորովին դժվար չէր։ Եվ ես հասկանում էի. որքան հաճախ օգտագործեմ, այնքան ավելի հեշտ կլինի։ Բավական էր մեկ անգամ շոշափել նվազագույն դիմադրության գիծը, և հաջորդ ամեն փորձի ընթացքում այդ դիմադրությունը կթուլանար: Եվ, իսկապես, ժամանակի ընթացքում, ինչպես կտեսնեք, Սեն - Քվենտին բանտից ուրիշ կյանքի մեջ վերաբնակեցումները սկսեցին իրագործվել գրեթե ինքնաբերաբար։
Հազիվ էին բանտապետ Ազերթոնն ու նրա հպատակները դուրս եկել, որ ես մի քանի րոպե անց իմ հարություն առած մարմնին դարձյալ ստիպեցի ընկղմվել «փոքր մահվան» մեջ։ Այո, դա մահ էր, սակայն ժամանակավոր, կյանքի այնպիսի դադարի նման, որպիսին առաջանում է քլորոֆորմի ազդեցության տակ։
Ուրեմն, կտրվելով այն ամենից, ինչ կեղտոտ է, ստոր և նողկալի, մենախցի բթացնող սարսափից ու զսպաշապիկի դժոխային տանջանքներից, ձեռնասուն ճանճերից, տոթից, խավարից և կենդանի ննջեցյալների թխկոցներից, ես դարձյալ սուրացի դեպի ժամանակի ու տարածության անեզրությունը:
Դարձյալ մի առ ժամանակ թաղվեցի խավարի գիրկը, իսկ հետո դանդաղ, աստիճանաբար նորից վերստացա շրջապատի ընկալունակությունը, սակայն այս անգամ արդեն բոլորովին ուրիշ էր դա։ Ես բոլորովին ուրիշ «ես»-ի մեջ էի։ Իմ գիտակցությանը հասած առաջին զգացողությունը փոշու զգացողությունն էր։ Չոր, կծու փոշին խուտուտ էր տալիս իմ ռունգները։ Նստում էր շուրթերիս։ Ծածկում էր դեմքս ու խշրտում մատներիս ծայրերին, երբ ես շփում էի իրար։
Հետո դրան գումարվեց անդադար շարժման զգացողությունը։ Շուրջս ամեն ինչ ճոճվում ու երերում էր։ Ես զգում էի ցնցումներ ու հրհրոց, լսում էի ճռինչ։ Եվ ես գիտեի, որ ճռնչում են սռնիները, քարերի և ավազի վրայով գլորվող երկաթապատ անիվները։ Հետո ականջիս հասան դանդաղորեն քայլող, տանջահար անասունների հասցեին դժգոհության բացականչություններ արձակող ու հայհոյանքներով քշող մարդկանց խռպոտ ու հոգնած ձայները։
Ես բացեցի փոշուց բորբոքված կոպերս, ու աչքերիս մեջ անմիջապես նորից ավազ լցվեց։ Կոպիտ վերմակները, որոնց վրա պառկած էի, ծածկվել էին փոշու հաստ շերտով։ Գլխավերևս, ավազափոշով հագեցած օդում օրորվում էր ֆուրգոնի առագաստալաթե տանիքը և ավազահատիկների պարսերը պար գալով՝ լաթի անցքերից թափանցող արևի շեղ ճառագայթների տակ, դանդաղորեն ցած էին իջնում։
Ես երեխա էի, ութ-ինը տարեկան մի տղա, չափազանց հոգնած ու տանջված, և նույնքան հոգնած ու տանջված էր թվում ուժասպառ, փոշեծածկ դեմքով կինը, որ մեղմ օրոր էր ասում լաց եղող ծծկեր երեխային։ Այդ կինն իմ մայրն էր: Ես գիտեի, որ նա իմ մայրն է ճիշտ այնպես, ինչպես և առագաստալաթե թունելի առջևում երևացող կառավարի ուսերին նայելով, գիտեի, որ նա էլ հայրս է։
Երբ ես ոտքի ելա ու սկսեցի անցնել ֆուրգոնի հատակին թափված կապոցների ու հակերի արանքով, մայրս հոգնած ու զայրացկոտ ձայնով ասաց.
- Ջեսսի, գոնե մեկ րոպե հանգիստ նստիր։
Ջեսսի. դա իմ անունն էր։ Ազգանունս չգիտեի ու լսել էի միայն, որ մայրս Ջոն է անվանում հորս։ Ու նաև աղոտ հիշում էի, որ հաճախ լսել եմ, թե ինչպես ուրիշ տղամարդիկ հորս «կապիտան» էին անվանում, և ես հասկանում էի որ նա այստեղ գլխավորն է ու նրա կարգադրությունները կատարում են բոլորը։
Ես սողացի կտավի բացվածքից և նստեցի հորս կողքին ՝ նստատեղին: Ֆուրգոնի անիվներն ու անասունների ոտքերը փոշու վիթխարի ամպեր էին բարձրացնում։ Փոշին այնքան թանձր էի, որ թուխպի էր նման, իսկ մայր մտնող արևը փոշու այդ վարագույրի միջով լուսավորում էր աղոտ, արնակարմիր լույսով։
Եվ ինչ-որ չարագուշակ բան կար ոչ միայն մայր մտնող արևի այդ լույսի մեջ. ինձ շրջապատող ամեն ինչի վրա թվում էր, չարագուշակ մի դրոշմ կա, ինչ-որ չարագուշակ բան կար իմ առջև փռված բնանկարում և իմ հոր դեմքին և ծծկերի լացի մեջ, որին մայրս ոչ մի կերպ չէր կարողանում հանգստացնել, և փոշու շերտի տակ իրենց գույնը կորցրած ձիերի մեջքին, և մեր ֆուրգոնին լծված վեցյակին անընդհատ բացականչություններով քշող հորս ձայնում։
Չորս կողմը տարածված էր անապատը, որի վրա նետած մի հայացքն իսկ ճմլում էր մարդու սիրտը։ Բոլոր կողմերից դեպի հեռուներն էին ձգվում լերկ բլուրները։ Երբեմն միայն, որևէ լեռնալանջի վրա կարելի էր նկատել չորացած, արևախանձ մի թուփ։ Ու դարձյալ՝ լերկ բլուրներ, ավազ, քարեր։ Մեր ճանապարհն անցնում էր երկու բլուրների միջև ընկած գոգավորությամբ։ Այստեղ միայն ավազ կար, մեկ-մեկ էլ երևում էին փշփշոտ թփեր ու թորշնած, չորացած խոտափնջեր։ Ջրի ոչ մի հետք, եթե չհաշվենք անհիշելի ժամանակներում անձրևի կատաղի հեղեղատներով ողողված ձորակները։
Միայն հորս ֆուրգոնին էին ձիեր լծված։ Ֆուրգոնները ընթանում էին իծաշարուկի և, նայելով ետ, մեր քարավանի երկար ու ոլորապտույտ ժապավենին, ես տեսա, որ մյուս ֆուրգոններին եզներ են լծված։ Երեք-չորս զույգ եզներ դանդաղորեն ու դժվարությամբ քաշում էին ֆուրգոնը, իսկ եզների կողքից ավազի մեջ խրվելով, երկար փայտերը ձեռքներին մարդիկ էին գալիս ու քշում էին հոգնած, սատկող անասուններին: Ճանապարհի շրջադարձերից մեկում ես բոլոր ֆուրգոնները համրեցի. համրեցի և' նրանք, որ գալիս էին հետևից և' նրանք, որ շարժվում էին առջևից։ Գիտեի, որ մերն էլ հետը պետք է քառասուն ֆուրգոն լինի, քանի որ պարապությունից ես շատ անգամներ էի հաշվել։ Եվ հիմա ինչպես սովորաբար իրենց ձանձրույթը ցրելու համար վարվում են երեխաները, դարձյալ հաշվեցի։ Բոլոր քառասուն ֆուրգոններն էլ իրենց տեղումն էին։ Մեծ, անշնորհք, կոպտատաշ, առագաստալաթե ծածկոցով, ճռռացող, երերող այդ ֆուրգոնները ճռինչով ու խշրտոցով օդ էին հանում ավազն ու չորացած օշինդրները։
Ամբողջ քարավանի երկայնքով, աջից ու ձախից գնում էին մոտ մեկուկես տասնյակ հեծյալներ՝ տղամարդիկ ու պատանիներ: Յուրաքանչյուրի առջևում թամբից, երկայնափող մի հրացան էր կախված։ Եվ ամեն անգամ, երբ ձիավորներից մեկն ու մեկը մոտենում էր մեր ֆուրգոնին, ես տեսնում էի, որ նրա փոշեթաթախ դեմքն էլ, հորս դեմքի նման, մռայլ է ու տագնապած։ Եվ հայրս էլ, որ ձիերին էր վարում, նույնպես երկայնափող հրացան ուներ ձեռքի տակ պատրաստ։
Մի երկու տասնյակ կմախքացած, ջարդված ոտքերով ու լծի տակ հարված վզերով եզներ քարշ էին գալիս մեր քարավանի կողքից, և բավական էր նրանցից մեկնումեկը կանգ առներ ավազի միջից դուրս ցցված չոր խոտի փունջը պոկոտելու համար, որ անմիջապես հովիվները՝ նիհարած դեմքով երիտասարդ հովիվները, սկսեին նրանց առաջ քշել։ Երբեմն եզներից մեկնումեկը, կանգ առնելով, սկսում էր բառաչել, և այդ բառաչի մեջ էլ ինչ-որ չարագուշակ բան կար այնպես, ինչպես այն ամենի մեջ, որ շրջապատում էր մեզ։
Իմ ուղեղում պահպանվել է մի աղոտ հուշ այն մասին, որ ժամանակին, դեռևս մանուկ հասակում, ես ապրել եմ ծառերի շվաքի տակ հոսող գետի ափին։ Ու մինչ ֆուրգոնը ճոճվելով առաջ էր ընթանում, իսկ ես հորս կողքին նստած անդադար ցնցվում էի, իմ աչքերի առջև դարձյալ ու դարձյալ հառնում էր հիասքանչ պատկերը այն գետակի, որն հոսում էր ծառերի միջով։ Եվ թվում էր, թե ես արդեն անսահման երկար մի ժամանակ ապրում եմ այս ֆուրգոնում և գնում, անդադար գնում եմ առաջ, միշտ առաջ, և շուրջս միշտ միևնույն դեմքերն են։
Բայց բոլորիս տիրել էր (այդպես էր թվում ոչ միայն ինձ) մեզ սպառնացող դժբախտության, դեպի անխուսափելի կործանում գնալու զգացողությունը։ Մեր քարավանը նման էր հուղարկավորության թափորի։ Ոչ մի անգամ ոչ ոք չծիծաղեց։ Ոչ մի անգամ ես չլսեցի ուրախ, բերկրանքով լի մի ձայն։ Խաղաղությունն ու անդորրը մեզ ուղեկիցներ չէին։ Մեզ ուղեկցող հեծյալ տղամարդկանց ու պատանիների դեմքերը մռայլ էին, ինքնամփոփ ու հուսահատություն էին արտահայտում։ Ու ես իզուր նայում էի հորս դեմքին, սպասելով ժպիտի գեթ անցողիկ մի ստվերի։ Ի դեպ, հորս նիհար, փոշեթաթախ, վերջալույսի արնափոշե կրակով լուսավորված դեմքը հուսահատություն կամ վհատություն չէր արտահայտում։ Ոչ, նրա դեմքն արտահայտում էր վճռականություն, բայց մռայլ էր, օ՜հ, այնպե՜ս մռայլ ու մտահոգ էր, շա՜տ էր մտահոգ։
Հետո ասես ինչ-որ բան ալեկոծեց մեր քարավանը։ Հայրս գլուխը բարձրացրեց։ Ես՝ նույնպես։ Մեր ձիերը ևս բարձրացրին իրենց հոգնած գլուխները, ռունգներով օդ ներշնչելով փնչացրին, և առույգանալով, առանց բռնադատվելու, ձգեցին լծափոկերը։ Հեծյալների ձիերն էլ աշխուժացան։ Իսկ հալից ընկած եզները քիչ էր մնում քառատրոփ առաջ սուրային։ Այս ամենը մի քիչ ծիծաղելի էր։ Խեղճ անասունները թուլությունից հազիվ էին կանգնում ոտքերի վրա և քայլում էին դժվարությամբ ու անճոռնի։ Դրանք աղտոտ, քոսոտած կաշվով արշավող կմախքներ էին. նրանք իրենց հովիվներից նույնիսկ առաջ անցան, բայց շատ կարճ ժամանակով։ Հետո
դարձյալ սկսեցին քայլել, արագ-արագ, սայթաքելով, և չոր խոտափնջերն այլևս չէին հրապուրում, ճանապարհից չէին շեղում
նրանց։
- Ի՞նչ է պատահել,- ֆուրգոնի խորքից լսվեց մորս ձայնը:
- Ջրի ենք հասել,- պատասխանեց հայրս։ - Պետք է որ դա Նեֆին (1) լինի։
Եվ քիչ անց մեր անճոռնի ֆուրգոնները ճռնչալով ու դղրդոցով, ճոճվելով ու վեր-վեր թռչելով, արնակարմիր փոշու ամպերի միջով Նեֆի մտան։ Մոտ մեկ դյուժին ցանցառ, այս ու այն կողմ կառուցված տնակներ կամ ուղղակի հյուղակներ - ահավասիկ, թե իրենից ի'նչ էր ներկայացնում այդ գյուղը։ Իսկ շրջապատում նույն անապատն էր։ Ծառեր չկային,
միայն ավազ էր ու չոր թփուտներ։ Բայց տեղ-տեղ երևում էին երբեմն ցանկապատված, մշակված դաշտեր։ Սակայն այստեղ ջուր կար։ Ճիշտ է, որ ձորակի գետը ցամաքել էր, բայց հունն, այնուամենայնիվ, խոնավ էր, իսկ փոքրիկ փոսորակներում լճացած ջուր կար և մեր եզներն ու թամբած ձիերը իրենց դնչները մինչև ականջները սուզեցին ջրի մեջ։ Իսկ ափերին աճում էին մի քանի թզուկ ուռենիներ։
- Այնտեղ պետք է Բիլլ Բլեյքի ջրաղացը լինի, որի մասին ասացին, - ասաց հայրս, ցույց տալով դիմացի շինությունը և շրջվելով մորս կողմը, որն անհամբերությամբ գլուխը դուրս էր հանել ֆուրգոնից։
Արևից խունացած, երկար, վուշանման մազերով, եղջերվի մորթուց կարված բաճկոնակ հագած մի ծերունի մոտեցավ մեր ֆուրգոնին և խոսեց հորս հետ։ Նույն պահին ազդանշան տրվեց և մեր քարավանի առաջատար ֆուրգոնները սկսեցին շրջան կազմել։ Տեղը հարմար էր, իսկ մենք էլ արդեն բավականաչափ փորձ ունեինք, այդ իսկ պատճառով այդ ամենը կատարվեց արագ ու հմտությամբ։ Երբ քառասուն ֆուրգոններից ամեն մեկը կանգնեց իր տեղը, պարզվեց, որ ստեղծվել է մի կանոնավոր շրջան։ Հետո սկսվեց եռուզեռը, բայց այդ անհանգիստ շարժումն էլ բավականին գործարար բնույթ ուներ։ Ֆուրգոններից դուրս եկան կանայք, որոնք մորս պես հոգնած էին ու փոշոտված, և երեխաների մի մեծ հորդա։ Կանայք քսան հոգի կլինեին, իսկ երեխաները ամենաքիչը՝ հիսուն, և թվաց, թե նրանց շատ վաղուց եմ ճանաչում։ Կանայք անմիջապես սկսեցին ընթրիք պատրաստել։
Տղամարդիկ արձակեցին եզներին և տարան ջրելու, ոմանք օշինդր էին կոտրում, իսկ մենք, երեխաներս, կոտրատած փայտը քարշ էինք տալիս խարույկների մոտ, որոնք արդեն բոցկլտում էին դաշտում։ Իսկ հետո տղամարդիկ մի քանի մեծ խմբերի բաժանվելով, ֆուրգոնները կիպ մոտեցրին իրար, այնպես որ յուրաքանչյուր ֆուրգոնի առաջամասը դեմ առավ մյուսի ետնամասին, իսկ բոլոր լծափայտերը շրջեցին դեպի շրջանի ներսը։ Մեծ արգելակները հուսալի ամրացված էին, բայց դրանով չբավարարվելով, տղամարդիկ ֆուրգոնների անիվները շղթայով իրար կապեցին։ Այդ ամենը, մեզ, երեխաներիս համար նորություն չէր։ Դա վտանգի ազդանշան էր, նշանակում էր, որ մենք դադար ենք առել թշնամական երկրում։ Միայն մի ֆուրգոն էր շրջանից դուրս և ասես մեր բացօթյա փարախի դարպասը լիներ։ Մենք գիտեինք, որ հետո, երբ պառկելու ժամանակը գա, անասուններին կքշեն շրջանի ներսը, այդ միայնակ ֆուրգոնը քարշ կտան իր տեղը ու շղթայով կամրացնեն մյուսներին։ Իսկ առայժմ, դեռ մի քանի ժամ, անասունները տղամարդկանց ու երեխաների հսկողության տակ ազատության մեջ կարածեն, պոկոտելով խղճուկ խոտը։
Մինչ մեր քարավանը նախապատրաստվում էր դադարի, իմ հայրը մի քանի տղամարդկանց հետ, որոնց թվում նաև երկար, արևախանձ մազերով ծերունին, ոտքով գնացին ջրաղացի կողմը, իսկ մյուսները, լավ հիշում եմ, թե տղամարդիկ, թե կանայք, և թե նույնիսկ երեխաները, տեղում քարացած, հայացքներով ուղեկցում էին նրանց։ Պարզ էր, որ նրանք մի շատ կարևոր գործով գնացին։
Հետո, նրանց բացակայությամբ եկան ուրիշ, անծանոթ տղամարդիկ՝ Նեֆի անապատի բնակիչները, և սկսեցին թափառել մեր ճամբարի շուրջը։ Նրանք մեզ նման ճերմակամորթ էին, սակայն դեմքերը ինձ թվացին չափազանց մռայլ, դաժան, կոպիտ ու երևում էր, որ չարացած են բոլորիս վրա։ Նրանք դիտավորյալ խոսք էին նետում մեր տղամարդկանց, ջանալով վեճ ու կռիվ սարքել։ Բայց կանայք բոլորիս՝ թե՛ տղամարդկանց, թե՛ պատանիներին նախազգուշացնում և նշանացի հասկացնում էին, որ չպետք է վիճաբանության տեղիք տանք։
Օտարներից մեկը մոտեցավ մեր խարույկին, որի մոտ մայրս միայնակ կանգնած կերակուր էր եփում։ Այդ պահին ես էլ մոտեցա օշինդրի խուրձը գրկիս ու կանգնեցի, ականջ դնելով նրանց խոսակցությանը, և աչքերս լայն բացած նայելով այդ անծանոթին, որի նկատմամբ ես ատելություն էի տածում, որովհետև նույնիսկ շրջապատի օդը ներծծված էր այդ ատելությամբ, ես գիտեի, որ մեր ճամբարում բոլորը, առանց բացառության, ատում են այդ մարդկանց, մեզ նման ճերմակամորթ մարդկանց, որոնք ստիպել էին մեզ դադար առնելիս ֆուրգոնները շրջանաձև դասավորել։
Մեր խարույկի մոտ կանգնած մարդը սառը, դաժան, երկնագույն աչքեր ուներ և խորաթափանց հայացք: Մազերը կարմրագույն էին, այտերը՝ սափրած, բայց նրա պարանոցից ու ծնոտի տակից մինչև ականջները ձգվում էր կարմրահեր, տեղ-տեղ ճերմակ մորուքը։ Նա իմ մորը չբարևեց, մայրս էլ չբարևեց նրան։ Անծանոթն ուղղակի կանգնել ու հայացքը բևեռել էր մորս աչքերին, Հետո թեթևակի հազաց ու ծաղրանքով ասաց.
- Հը'մ, ամեն ինչ կտայիր, չէ՞, որպեսզի հիմա ձեր կողմերում, Միսսուրիի ափերին լինեիք, ճի՞շտ է։
Նկատեցի, թե ինչպես մայրս սեղմեց շուրթերը, ջանալով խեղդել իր բարկությունը։ Եվ պատասխանեց.
- Մենք արկանզասցի ենք։
- Հասկանալի է, թե դուք ինչու եք թաքցնում ձեր որտեղացի լինելը, - ասաց անծանոթը։ - Եթե ոչ դուք, ապա էլ ո՞վ Միսսուրիից վտարեց աստծո կողմից ընտրյալ ժողովրդին։
Մայրս չպատասխանեց։
Պատասխան չստանալով, անծանոթը շարունակեց.
- Իսկ հիմա մեզնից մի կտոր հաց եք մուրում, մեզնից, որոնց հալածում էիք ու վտարեցիք։
Եվ այդ պահին, թեև դեռ երեխա էի, իմ հեռավոր նախնիներից հասած ժառանգությունը՝ բոսորագույն կատաղությունը բռնկվեց իմ ներսում, արյունոտ մշուշով պատելով աչքերս:
- Ստում ես, - ճչացի ես։ - Մենք միսսուրեցի չենք։ Մենք մուրացկանություն չենք անում։ Մենք ուզում ենք մեր փողով բան գնել։
- Լռիր, Ջեսսի, - գոչեց մայրս և ափով փակեց բերանս։ Շրջվելով անծանոթի կողմը, նա ասաց.
- Հեռացիր, հանգիստ թող երեխային։
- Ես քեզ գնդակահար կանեմ, անիծյալ մորմոն, - լացակումած ասացի ես, և մինչ մայրս դարձյալ կփակեր բերանս, թռա խարույկի մյուս կողմը, խուսափելով նրա հարվածից։
Բայց օտար տղամարդը ոչ մի ուշադրություն չդարձրեց իմ ճիչերի վրա։ Ես սպասում էի, որ այդ սարսափելի մարդը կատաղած կհարձակվի վրաս և պատրաստ էի ամեն տեսակի դաժան հատուցման։ Ես մարտահրավեր նետողի տեսքով նայում էի նրան, իսկ նա լուռ և ուշադիր ինձ էր զննում։
Ի վերջո, նա խոսեց, ու նրա ձայնը հնչում էր հանդիսավորությամբ և ուղեկցվում էր գլխի դանդաղ շարժումներով։ Նա նման էր դատավճիռ կարդացող դատավորի։
- Ինչպիսին հայրերն են, այնպիսին էլ՝ որդիները, - ասաց նա։ - Երիտասարդները ծերունիներից պակաս չեն։ Ախր ձեր ցեղն անիծված է և դատապարտված կործանման։ Դուք փրկություն չունեք, ձեզնից ոչ ոք, ոչ երիտասարդները, ոչ էլ ծերունիները փրկություն չունեն։ Եվ թողություն էլ չունեք։ Նույնիսկ Քրիստոսի թափած արյունը չի կարող հատուցել ձեր անիրավությունները։
- Անիծյալ մորմոն, - խեղդվող ձայնով կարողացա միայն գոչել ես։ - Անիծյալ մորմոն։ Անիծյալ մորմոն։ Անիծյալ մորմոն։
Ես հայհոյում էի թռչկոտելով խարույկի շուրջն ու խուսափելով մորս պատժող ձեռքից այնքան ժամանակ, մինչև որ անծանոթը հեռացավ։
Երբ հայրս ու նրան ուղեկցող տղամարդիկ վերադարձան, բոլորը թողեցին իրենց գործերը ու տագնապալի սպասման մեջ խռնվեցին նրանց շուրջը։ Հայրս գլուխն օրորեց։
- Նրանք ոչինչ չե՞ն ուզում մեզ վաճառել, - հարցրեց կանանցից մեկը։
Հայրս դարձյալ գլուխն օրորեց։
Բարձրահասակ, շիկահեր մորուքով, բաց-երկնագույն աչքերով, մոտ երեսուն տարեկան տղամարդը վճռականորեն ճեղքելով ամբոխը, մոտեցավ հորս և գոչեց.
- Ասում են, որ նրանք երեք տարվա պահեստի ալյուր ու մթերք ունեն, կապիտան։ Առաջներում նրանք միշտ էլ մթերք են վաճառել գաղթականներին։ Իսկ հիմա չեն ուզում վաճառել։ Բայց մենք այստեղ ի՞նչ մեղք ունենք։ Կառավարության հետ ունեցած իրենց թշնամության համար մեզնից են վրեժ լուծում։ Այդպես չի կարելի, կապիտան։ Չի կարելի, ասում եմ։ Մեզ հետ կանայք ու երեխաներ կան, իսկ մինչև Կալիֆորնիա հասնելուն դեռ մի քանի ամիս կա։ Մեր առջևում չոր անապատն է։ Ձմեռն էլ՝ քթներիս տակ։ Ինչպե՞ս կկարողանանք առանց մթերքի կտրել-անցնել անապատը։
Նա ընդհատեց խոսքն ու դարձավ մեզ։
- Բայց չէ՞ որ ձեզնից դեռ ոչ ոք չգիտե, թե ինչ բան է իսկական անապատը: Այստեղ դեռ անապատ չէ։ Ձեզ ասում եմ, որ այստեղ իսկական դրախտ է, այո, այո, այստեղ դրախտային արոտավայրեր են, կաթի գետեր ու շաքարե ափեր այն ամենի համեմատությամբ, ինչ մեզ սպասվում է առջևում։ Այնպես որ, կապիտան, ամենից առաջ մենք պետք է ալյուրի պաշար տեսնենք։ Եթե նրանք չեն կամենում վաճառել, ուրեմն, ինքներս պետք է վերցնենք։
Այս խոսքերի վրա տղամարդկանցից ու կանանցից շատերը բարձրագոչ աղաղակներով արտահայտեցին իրենց հավանությունը, բայց իմ հայրը ձեռքը վեր պարզեց և բոլորը լռեցին։
- Ես համաձայն եմ այն ամենին, ինչ ասացիր, Համիլտոն, - սկսեց հայրս։
Բայց մարդիկ դարձյալ աղմկեցին, խլացնելով նրա ձայնը, և հայրս դարձյալ վեր պարզեց ձեռքը։
- Ես համաձայն եմ, բայց մի հանգամանք կա, որը դու մոռացել ես, Համիլտոն... իսկ այդ մասին ոչ դու, ոչ ես, ոչ ոք չպետք է մոռանա։ Բրիհեմ Յունգը (2) ռազմական դրություն է հայտարարել, իսկ Բրիհեմ Յունգը զորք ունի։ Երկրի երեսից մենք միանգամից կարող ենք սրբել Նեֆին, դա մեզ համար նույնն է, ինչ ոչխարի համար՝ պոչը թափահարելը։ Եվ կարող ենք բռնագրավել այնքան մթերք, որքան կկարողանանք տանել։ Բայց շատ հեռու չենք կարողանա տանել։ Բրիհեմյան «սրբերը» կհասնեն մեր ետևից ու երկրի երեսից կսրբեն մեզ, և դա նրանց համար նույնքան դյուրին կլինի, որքան ոչխարի համար պոչը թափահարելը։ Այդ մասին և դու գիտես, և ես գիտեմ, և մենք բոլորս գիտենք։
Նրա խոսքերը համոզիչ էին, բայց ամբոխին պետք էլ չէր համոզել։ Այն ամենը, ինչ ասաց նա, բնավ էլ նորություն չէր։ Մարդիկ դա ուղղակի հուզմունքից ու մեր թշվառ վիճակից մի պահ մոռացել էին։
- Ես ուրիշներից վատ չեմ կռվի արդար գործի համար, - շարունակեց հայրս։ - Բայց հիմա ախր մենք չենք կարող գլխներիս կռիվ փաթաթել։ Եթե անախորժություններ լինեն, մեր դրությունը նախանձելի չի լինի։ Իսկ մենք չպետք է մոռանանք մեր կանանց ու երեխաների մասին։ Պետք է մեզ հանգիստ պահենք, ինչ գնով էլ որ լինի, և պետք է համբերենք, որքան էլ մեր նկատմամբ անարդար լինեն։
- Իսկ ի՞նչ պետք է անենք անապատում, - բացականչեց երեխային կերակրող մի կին։
- Նախքան անապատ հասնելը, մեր ճանապարհին դեռ մի քանի գյուղակ էլ կա, - պատասխանեց հայրս։ - Վաթսուն մղոն դեպի հարավ Ֆիլմորն էլ Հետո, Քորն-Քրիքը։ Հիսուն մղոն ևս անցնելուց հետո՝ Բիվերը։ Հետո՝ Փարովանը: Այնտեղից մինչև Սիդար-Սիթի քսան մղոն է։ Եվ որքան հեռանանք Աղի լճից, այնքան ավելի հույս կարող ենք ունենալ, որ մեզ մթերք կվաճառեն։
- Իսկ եթե չվաճառե՞ն, - դարձյալ հարցրեց նույն կինը։
- Համենայն դեպս, մենք սրանցից հեռու կլինենք, - ասաց հայրս։ - Սիդար-Սիթին մեր ճանապարհի վերջին գյուղն է։ Մենք մի ելք ունենք միայն. շարունակել մեր ճանապարհը ու շնորհակալ լինել աստծուց, որ մեզ հաջողվեց հեռանալ սրանցից։ Երկու օրվա ճանապարհ էլ որ գնանք, կհասնենք լավ արոտավայրերի ու ջրի։ Այդ վայրը կոչվում է Լեռնային Մարգագետին։ Այնտեղ բնակավայրեր չկան և մենք կկարողանանք հանգիստ տալ ու կերակրել մեր եզներին ու ձիերին, նախքան անապատ մտնելը։ Գուցե մեզ հաջողվի որսորդությամբ զբաղվել։ Իսկ վատթարագույն դեպքում մենք կշարժվենք առաջ, քանի կարող ենք, հետո կթողնենք մեր ֆուրգոնները, ամենաանհրաժեշտ բաները կբեռնենք ձիերին ու ճանապարհը ոտքով կշարունակենք։ ճանապարհին եզները կմորթենք ու կսնվենք դրանց մսով։ Ավելի լավ է բոլորովին մերկ ու տկլոր Կալիֆորնիա հասնենք, քան թե այստեղ թողնենք մեր ոսկորները։ Իսկ մեր ոսկորները կթողնենք այստեղ, եթե կռիվ սարքենք։
Նախազգուշական ևս մի քանի խոսք լեզվակռվի մեջ չմտնել ու բռունցքներին ազատություն չտալ, և բոլորը ցրվեցին իրենց ֆուրգոնները։
Այդ գիշեր ես երկար ժամանակ չէի կարողանում քնել: Մորմոնի դեմ իմ մեջ բռնկված կատաղությունը այնպես էր ինձ վրդովեցրել, որ ես դեռ աչքերս բաց պառկած էի, երբ հայրս ֆուրգոն բարձրացավ՝ վերջին անգամ շրջելով ու ստուգելով գիշերային բոլոր պահակակետերը: Ծնողներս կարծում էին, թե քնած եմ, բայց ես արթուն էի ու լսեցի, թե ինչպես մայրս հորս հարցրեց՝ արդյո՞ք մորմոնները թույլ կտան, որ մենք խաղաղությամբ անցնենք իրենց տիրապետություններով։ Հայրս շրջվեց ոտքից կոշիկը հանելու համար, և առույգ, ինքնավստահ երանգով պատասխանեց, որ մորմոնները, իհարկե, մեզ ձեռք չեն տա, եթե մերոնցից որևէ մեկը կռիվ չսարքի։
Բայց ես լավ տեսնում էի ինքնաշեն ճարպամոմի աղոտ լույսով լուսավորված հորս դեմքը, և նրա դեմքի արտահայտությունը ոչ մի կերպ չէր համապատասխանում այն ինքնավստահությանը, որը հնչում էր նրա ձայնի մեջ։ Ես քնեցի մեր գլխին կախված զարհուրելի դժբախտության ծանր զգացողությամբ, և ամբողջ գիշեր ինձ հետամուտ էր Բրիհեմ Յունգը, որին իմ մանկական երևակայությունը դարձրել էր սարսափելի, նենգամիտ հրեշ՝ եղջյուրներով ու պոչով իսկական մի սատանա։
***
Արթնացա իմ մենախցի հատակին, զսպաշապիկի մամլակների մեջ: Իմ վրա թեքվել էին նույն չորս հոգին. բանտապետ Ազերթոնը, կապիտան Ջեմին, դոկտոր Ջեկսոնը ու էլ Հեթչինսը։ Ես ստիպեցի, որ իմ շուրթերը ձգվեն ու ժպտան, և լարեցի ողջ ուժերս, որպեսզի չկորցնեմ տիրապետումս, որովհետև արյան վերականգնված շրջանառությունը ինձ անտանելի ցավ էր պատճառում։ Ես խմեցի ջուրը, որ նրանք մոտեցրել էին շուրթերիս ու հրաժարվեցի ինձ առաջարկած հացից. և այս ամենը` լռությամբ։ Ես գոցեցի աչքերս ու ջանացի վերադառնալ դեպի ետ, դեպի Նեֆի, դեպի շղթայակապ ֆուրգոններով ստեղծված շրջանը։ Բայց քանի դեռ անկոչ այցելուները կանգնած էին իմ գլխավերևս ու խոսում էին, ես փրկություն չունեի։
Կամա թե ակամա ստիպված էի լսել նրանց խոսակցությունը։
- Նույնն է, ինչ որ երեկ,- նկատեց դոկտոր Ջեկսոնը։ - Ամենաչնչին իսկ փոփոխություն չկա դեպի այս կամ այն կողմը։
- Ուրեմն, նա դեռ էլի՞ կդիմանա, - հարցրեց բանտապետը։
- Նույնիսկ առանց ծպտուն հանելու։ Դեռ մի օր էլ կդիմանա նույնպիսի հաջողությամբ։ Նա աննորմալ է, բացարձակապես՝ աննորմալ։ Ես կասեի, որ գուցե մի որևէ նարկոտիկով թմրել է, բայց դա, իհարկե, անհնարին բան է։
- Չգիտեմ, թե ինչ նարկոտիկ է դա, - ասաց բանտապետը։ - Դա նրա անիծյալ կամքի ուժն է։ Ձեզ ասում եմ, որ բավական է միայն կամենա, ապա ոտաբոբիկ էլ կքայլի շիկացած քարերի վրայով, ինչպես հավայական քուրմերը, ընդորում աչքն էլ չի թարթի։
Հավանաբար, հենց այդ «քուրմեր» բառն էլ ես տարա ինձ հետ, երբ դարձյալ ընկղմվեցի չգոյության խավարի մեջ։
Հավանաբար, հենց դա էլ ծառայեց որպես մեկնման կետ։ Ինչպես էլ որ եղած լիներ, երբ ես սթափվեցի, պարզվեց, որ մեջքիս վրա պառկած եմ քարե կոպիտ հատակին, և ձեռքերս էլ կրծքիս են դրված այնպես, որ մի արմունկս հենվում է մյուս ձեռքիս ափին։ Այդպես, փակ աչքերով պառկած, ես դեռ կիսագիտակից վիճակում ափերով շփում էի արմունկներս և զգում էի բավականին մեծ կոշտուկներ։ Միևնույն ժամանակ ես չէի զարմանում։ Այդ կոշտուկները վաղուց արդեն գոյություն ունեին, և դա ինքնին բնական մի բան էր։
Աչքերս բացեցի։ Գտնվում էի ոչ այնքան մեծ մի անձավում, որը երեք ֆուտ բարձրություն ու տասներկու ֆուտ երկարություն ուներ։ Անձավում անտանելի շոգ էր։ Մարմնիս բոլոր ծակոտիներից խոշոր կաթիլներով արտաթորվում էր քրտինքը։ Երբեմն մի քանի կաթիլ միանալով, շիթով հոսում էին մարմնիս վրայով։ Վրաս հագուստ չունեի, եթե չհաշվեմ աղտոտ փալասը, որ գոտեկապված էր ազդրերիս։ Արևը խանձել էր ինձ ու մաշկս կարմրա-դարչնագույն էր դարձել։ Ես աներևակայելի նիհար էի և իմ նիհարությունն ապրում էի հպարտության մի տարօրինակ զգացումով, ասես այդ աստիճան նիհարելը հերոսություն լիներ։ Առանձնահատուկ հիացմունքով էի ես նայում իմ դուրս ցցված կողերին, որոնց տեսքը ինձ բերկրանքով էին հագեցնում, և կամ, ավելի ճիշտ՝ սեփական սրբության զգացողությամբ։
Ծնկներիս նույնպիսի կոշտուկներ կային, ինչպես արմունկներիս։ Կեղտն ինձ ծածկել էր քոսի նման։ Հավանաբար երբեմնի շիկահեր, իսկ այժմ կեղտից դարչնագույն դարձած, խիտ մորուքս տարածվել էր կրծքիս։ Նույնքան կեղտոտ ու գզգզված երկար մազերս թափվել էին ուսերիս ու աչքերիս, խանգարելով տեսնել շուրջս, այնպես որ երբեմն ստիպված էի լինում ձեռքով ճակատիցս ետ տանել դրանք, Ի դեպ, ես այդ բանն հազվադեպ էի անում, սովորաբար գերադասում էի նայել մազերիս արանքներից ինչպես վայրի գազանը՝ թավուտի միջով։
Անձավի մուտքի նեղլիկ ճեղքից այն կողմ կապույտ պատի պես փայլում էր կեսօրվա երկինքը։ Փոքր-ինչ պառկելուց հետո, ես դուրս եկա անձավից ու ավելի հարմար դիրքով թիկնեցի քարաժայռի նեղլիկ ցցվածքին, արևի կիզիչ ճառագայթների ներքո։ Նա, այդ զարհուրելի արևը, անողոքաբար այրում էր, և որքան սաստիկ էր այրում, այնքան ավելի էի հագենում նրանից։ Իսկ ավելի ճիշտ՝ հագենում էի ինքս ինձնով, որովհետև իմ մարմնի տնօրենն էի ու խուլ՝ մարմնիս բողոքի ու դժգոհությունների նկատմամբ։
Իմ տակ զգալով քարի սուր, բայց ոչ այնքան սուր ցցվածքը, ես սկսեցի սաստիկ գալարվել, խոշտանգելով մարմինս ինքնաչարչարման և ինքնամաքրման մոլուցքի մեջ ընկած։
Խեղդուկ տապ էր տիրում։ Գետահովտի վրա, ուր երբեմն հառում էի իմ հայացքը, չկար նույնիսկ զեփյուռի ամենաթեթև շունչը։ Հարյուրավոր ֆուտ ցածում, այն ժայռի ստորոտում, որի վրա ես պառկած էի, լայն գետը ծուլորեն հոսում էր առաջ։ Հանդիպակաց ափը լերկ էր ու աստիճանաբար դառնում էր ավազուտ մի հարթավայր, որը և ձգվում էր դեպի հեռավոր հորիզոնը։ Գետի վրա թեքվել էին արմավենիները։
Իմ ափին դեպի երկինք էին խոյանում հողմնահարված, հոյակապ լեռները, որոնց ստորոտին կիսաշրջանաձև մխրճվել էր գետը։ կիսաշրջանի խորքում կախված էին ժայռի վրա փորած վիթխարի կերպարանքներ, որոնք շատ լավ տեսանելի էին իմ պառկած տեղից, Դրանք տղամարդկանց արձաններ էին։ Չորս արձանները նստած էին փշրված ձեռքերի բազուկները ծնկներին դրած, և հայացքները հառել էին դեպի հեռուն, դեպի գետը։ Համենայն դեպս, արձաններից երեքը նայում էին այդ ուղղությամբ։ Նրանց ոտքերի մոտ պառկած էր սֆինքսը, որը ծիծաղելի կերպով փոքրիկ էր թվում։ Իսկ իրականում իմ գլուխը հազիվ թե հասներ նրա ուսերին։
Ես այդ քանդակներին նայում էի ատելությամբ, իսկ հետո թքեցի նրանց կողմը։ Ես չգիտեի, թե ում քանդակներն են դրանք, մոռացված աստվածների՞, թե՞ անհայտ արքաների, բայց ինձ համար դրանք մարմնավորում էին երկրային կյանքի և երկրային ցանկությունների ունայնությունը։
Իսկ դրանցից էլ այն կողմ, գետի ընդարձակ ճյուղավորման և դեպի հորիզոն ձգվող լայնատարած հարթավայրի վրա, կախված էր երկնքի կուրացուցիչ ոսկե գմբեթը, ուր ամպի նշույլ անգամ չկար։
Ժամերն անցնում էին։ Արևի տակ ես ինձ մոխրացրի։ Հաճախ ես դադարում էի զգալ շոգն ու ցավը, ընկնելով տեսիլքներից, պատրանքներից և հուշերից հյուսված կիսանիրհի մեջ։ Ես գիտեի, որ ինձ շրջապատող ամեն բան՝ թե հողմնահարված արձանները, թե գետը, թե ավազը, թե արևը, թե երկնքի կուրացուցիչ գմբեթը, ուր որ է կարող է անհետանալ։ Հրեշտակապետերի շեփորները կթնդան, երկնքից ցած կթափվեն աստղերը, երկնակամարը կշրջվի, և ամենակարող աստվածն էլ իր զորականության հետ երկիր կիջնի վերջին դատաստանը տեսնելու։
Բայց իմ հավատը խորն էր ու ես պատրաստ էի այդ ահեղ դատաստանին։ Իզուր չէր, որ ես պառկել էի այստեղ ցնցոտիների, փոշու, և տառապանքների մեջ։ Ես խոնարհ էի, թշվառ, ատելությամբ առլեցուն իմ անցողիկ մարմնի ցանկությունների ու կրքերի նկատմամբ։ Եվ ոչ պակաս ատելությամբ և որոշակի չարամտությամբ էի ես հիշում հարթավայրի հեռավոր քաղաքները, որտեղ երբեմնի ապրել էի ես, քաղաքներ, որոնք թաղված էին հարստության ու տռփանքի մեջ և չէին մտահոգված նույնիսկ աշխարհի վերջով, որն այդքան մոտիկ էր արդեն։ Ոչինչ, շուտով, շատ շուտով, նրանք կտեսնեն իրենց վերջին ժամը, և նրանց համար արդեն ուշ կլինի։ Կտեսնեմ նաև ես։ Բայց ես պատրաստ եմ: Եվ նրանց ողբի-հեծեծանքի տակ ես հարություն կառնեմ աճյունից, վերածնվելով նոր, հավիտենական կյանքի համար, և աստծու քաղաքում կգրավեմ իմ արժանի տեղը։
Տեսիլքների ու երազների ընդմիջումներին, երբ ինքս ինձ արդեն տեսնում էի աստծո քաղաքում, հիշողությանս մեջ վերանայում էի բոլոր հինավուրց տարաձայնություններն ու վեճերը։ Այո, Նովաթիանոսն իրավացի էր, երբ պնդում էր, թե զղջացող հավատուրացը չպետք է նորից ընդունվի եկեղեցու գիրկը։ Նույնպես և ոչ մի կասկած չէր կարող լինել, որ սաբելլիանիզմը (3) սատանայի ծնունդ է։ Իսկ Կոնստանդինը (4) սատանայի գլխավոր զինակիցն է։ Դարձյալ ու դարձյալ ես մտորում էի աստծո եռանձնության մասին, դարձյալ ու դարձյալ հիշում էի սիրիացի Նոեթի ուսմունքը։ Բայց առավել հաճույքով ես հիշում էի իմ սիրելի ուսուցիչ Արիայի դատողությունները։ Իսկապես, եթե միայն մարդկային բանականությունը ընդունակ է որևէ մի բան ընկալելու, ապա կասկածից վեր է, որ ժամանակ է եղել, երբ Որդին դեռ գոյություն չի ունեցել. չէ՞ որ դա ինքնին «որդի» հասկացողության մեջ է պարունակված։ Այո, հենց «որդի» հասկացողությունը պարունակում է ժամանակի այն իմաստը, որից առաջ որդին գոյություն չէր կարող ունենալ։ Չէ՞ որ հայրը պետք է որդուց մեծ լինի։ Հակառակն ապացուցելը սրբապղծություն է և աստծո նկատմամբ կասկածամտություն կլիներ։
Եվ ես հիշեցի իմ պատանեկան տարիները, երբ նստում էի Արիայի ոտքերի մոտ, որը Ալեքսանդրիայում եպիսկոպոս էր, մինչև հերետիկոս ու սրբապիղծ Ալեքսանդրը զրկեց նրան աստիճանից։ Ալեքսանդրը սաբելլիանական է, և նրա համար նախապատրաստված է գեհենի կրակը։
Այո, ես ներկա էի Նիքիայի (5) տիեզերական ժողովին և ականատես եղա, թե ինչպես այդ ժողովն իսկական ուսմունքին զորավիգ չկանգնեց։ Եվ հիշեցի, թե ինչպես Կոնստանդին կայսրը վտարեց Արիային, որը ճշմարիտ էր։ Ես հիշում եմ, թե ինչպես Կոնստանդինը պետության շահերից ելնելով զղջաց իր արարքն ու հրամայեց Ալեքսանդրին, - մեկ ուրիշ Ալեքսանդրի, կոստանդնուպոլիսցի երիցս անիծյալ եպիսկոպոսին, - հաջորդ օրն իսկ թողություն տալ Արիային։ Եվ նույն գիշեր չէ՞ր, որ Արիան անշունչ տապալվեց փողոցում։ Ասում էին, թե Ալեքսանդրի աղոթքներով անսպասելի մի մահացու հիվանդություն է ստացել։ Բայց ես ասում էի, և այդպես էինք ասում բոլոր արիանացիներս, որ այդ անսպասելի մահացու հիվանդությունը թունավորման հետևանք էր, իսկ թույնը նրան տվել էր Ալեքսանդրը, կոստանդնուպոլիսցի եպիսկոպոսը, այդ մարդասպանն ու սատանայի զինակիցը։
Եվ այդ հիշելով, ես խոշտանգում էի մարմինս, գալարվելով սուր-սուր քարերի վրա, և իմ հավատով արբած, բարձրաձայն մրմնջում էի.
Եվ թող հեթանոսներն ու հրեաները մեզ ծաղրի ենթարկեն։ Եվ թող նրանք ցնծան. կարճատև է նրանց ցնծությունը։ Եվ հավիտյանս հավիտենից փրկություն չի լինելու նրանց համար։
Այսպես, ժամերով ես խոսում էի ինքս ինձ հետ, գետի վրա կախված քարաժայռե հարթակին պառկած։ Ես տենդի մեջ էի, ու երբեմն մի կում ջուր էի խմում այծի հոտած տիկից։ Ես այդ տիկը կախել էի կիզիչ արևի տակ, որպեսզի մորթին ավելի հոտեր, իսկ գաղջ ջուրը ոչ ծարավս հագեցներ և ոչ էլ թարմացներ ինձ։ Հենց այստեղ էլ գտնվում էր մթերքը` ուղղակի քարանձավի կեղտոտ գետնին թափված. մի քանի արմտիք և բորբոսնած գարեհացի մի կտոր. սակայն ես ուտելիքին ձեռք չէի տալիս, թեև քաղցած էի:
Այդ փրկարար, կյանքի պես երկարատև ամբողջ օրը իմ գործը միայն այն էր, որ քրտնում էի, արևի տակ խանձում մաշկս, խոշտանգում մարմինս սուր-սուր քարերի վրա, նայում էի անապատային հեռաստաններին, քչփորում վաղեմի հուշերս, ննջում, արթմնի երազում և բարձրաձայն մրմնջում։
Իսկ երբ արևը մայր մտավ, արագորեն թանձրացող աղջամուղջում ես մի վերջին հայացք նետեցի այդ աշխարհի վրա, որը շուտով պիտի կործանվեր։ Քարե արձանների ոտքերի մոտ ես նկատեցի գողունի շրջող վայրի գազանների, որոնք իրենց որջերը ընտրել էին երբեմն մարդկային ձեռքերի հոյակապ ստեղծագործությունների միջև։ Գազանների ոռնոցի տակ ես սողացի դեպի իմ անձավը և, շարունակելով աղոթքներ մրմնջալ ու տենդագին պատրանքներում աշխարհի շուտափույթ կործանման կոչ անելով, աստիճանաբար խորասուզվեցի քնի ու խավարի մեջ։
***
Սթափվեցի իմ մենախցում։ Չորս տանջարարները կանգնած էին իմ կողքին։
- Օ՜հ, սրբապիղծ հերետիկոս, Սեն-Քվենտինի բանտապետ, քեզ գեհենի կրակն է սպասում, - ծաղրելով ասացի ես, մի կում ջուր խմելով, որ նրանք մոտեցրին իմ շուրթերին։ - Թող ցնծան բանտապանները, և բանտի ավագները իրենց պոչուկների հետ։ Նրանց ցնծությունը շատ կարճատև կլինի. և հավիտյանս հավիտենից փրկություն չի լինի նրանց։
- Ցնդել է, - համոզված ասաց բանտապետը։
- Նա ծաղրում է ձեզ։ - Բժիշկ Ջեկսոնի կարծիքն ավելի մոտիկ էր ճշմարտությանը։
- Բայց նա հրաժարվում է ուտելիքից, - առարկեց կապիտան Ջեմին։
- Մե՜ծ բան։ Նա քառասուն օր կարող է ծոմ պահել և դրանից ոչ մի վնաս չի լինի, - ասաց բժիշկը։
- Ես արդեն ծոմ եմ պահել, - ասացի ես։ - Ու քառասուն օր էլ ավելացրած։ Նեղություն կրեք, խնդրում եմ, ավելի ամուր ձգեցեք զսպաշապիկն ու հեռացեք այստեղից։
Ավագների գլխավոր Հեթչինսը փորձեց մատը մտցնել իմ զսպաշապիկի կապանքների տակ։
- Ճախարակով էլ քաշես, միևնույն է, մեկ դյույմ նույնիսկ չես կարողանա ձգել, - հայտարարեց նա։
- Որևէ բողոք ունե՞ս, Սթենդինգ, - հարցրեց բանտապետը։
- Այո, - պատասխանեցի ես։ - Երկու բողոք ունեմ:
- Հապա՞։
- Առաջին, - ասացի ես, - այս զսպաշապիկն ինձ համար շատ լայն է։ Հեթչինսը իսկական ավանակ է։ Նա կարող էր ևս մի ֆուտ ձգել, եթե հարկ եղածին չափ ջանասիրություն ցուցաբերեր։
- Իսկ երկրորդ բողո՞քը, - հարցրեց բանտապետ Ազերթոնը։
- Իմ երկրորդ բողոքը այն է, որ դուք սատանայի ծնունդ եք, շեֆ։
Կապիտան Ջեմին և բժիշկ Ջեկսոնը չկարողացան զսպել իրենց ծիծաղը, իսկ բանտապետը ինչ-որ բան փնթփնթալով, շրջվեց դեպի դուռը։
***
Մենակ մնալով, ես ջանացի դարձյալ ընկղմվել նախագո խավարի մեջ ու վերադառնալ Նեֆիում դադար առած քարավանը։ Ես շատ էի ուզում իմանալ դաժան, թշնամական երկրամասով ընթացող քառասուն ֆուրգոնների ողբերգական երթուղու արդյունքը: Իսկ թե ինչպիսին էր քարերի վրա խոշտանգված կողերով և գարշահոտ ջրի չնչին պաշար ունեցող ուժասպառ այդ ճգնավորի ճակատագիրը, ինձ բնավ չէր հետաքրքրում: Ու ես վերադարձա, բայց ոչ թև հայտնվեցի Նեղոսի ափերին կամ Նեֆիում դադար առած քարավանի մոտ, այլ...
Բայց այստեղ, ընթերցող, ես պետք է ընդհատեմ իմ պատմությունը, որպեսզի մի քանի բան բացատրեմ և դրանով իսկ հասկանալի դարձնեմ այն ամենը, ինչ ուզում եմ պատմել։ Դա անհրաժեշտ է, որովհետև «զսպաշապիկում ծնված հուշերիս» համար շատ քիչ ժամանակ է մնում։ Շուտով, շատ շուտով ինձ դուրս կտանեն այդ խցից ու կկախեն։ Բայց եթե ինձ վիճակված լիներ ապրելու ևս մի քանի հազարամյակ, այդ դեպքում էլ չէի կարողանա հաղորդել այն բոլոր մանրամասները, ինչ իմացա զսպաշապիկի մեջ։ Մի խոսքով ես պետք է կարճ կապեմ։
Նախ և առաջ, իրավացի էր Բերգսոնը (6): Զուտ ռացիոնալիստական հասկացողություններով անհնարին է բացատրել կյանքը։ Ժամանակին Կոնֆուցիուսն ասել է. «Եթե մենք այդքան քիչ բան գիտենք կյանքի մասին, ապա էլ ի՞նչ կարող ենք իմանալ մահվան մասին»: Եվ մենք, իսկապես, այնքան քիչ բան գիտենք կյանքի մասին, որ նույնիսկ ի վիճակի չենք տալու նրա սահմանումը։ Մենք կյանքն ընկալում ենք միայն արտաքին երևույթներով, որպես արտառոց մի բան. ճիշտ այդպես վայրենին կարող է ընկալել դինամոմեքենան։ Բայց կյանքը որպես նոումեն (7) մեզ համար իսպառ անհասանելի է, մենք ոչինչ չգիտենք կյանքի ներքին էության մասին։
Եվ ապա` Մարիոնետտին իրավացի չէ, երբ պնդում է, որ մատերիան եզակի գաղտնիքն է և եզակի իրականությունը: Ես պնդում եմ, և, ինչպես դու հասկանում ես, ընթերցող, պնդում եմ լիիրավ կերպով, որ մատերիան եզակի պատրանք է միայն։ Կոնտն աշխարհն անվանում է (ի դեպ, տվյալ դեպքում աշխարհն համարժեք է մատերիային) վիթխարի մի ֆետիշ, և ես համաձայն եմ Կոնտի հետ։ Կյանքը, ահավասիկ սա է թե՛ իրականությունը և թե՛ գաղտնիքը։ Կյանքն ավելի անսահմանափակ լայն է, քան ուղղակի մատերիայի տարբեր քիմիական միացությունները, որոնք ունենում են այս կամ այն ձևը։ Կյանքը չընդհատվող մի բան է։ Կյանքը մատերիայի մի ձևը մյուսի հետ կապող կրակե անմար մի թել է։ Ես դա գիտեմ։ Կյանքը՝ ես ինքս եմ։ Ես ապրել եմ տասնյակ հազարավոր սերունդներում։ Ես միլիոնավոր տարիներ եմ ապրել: Ունեցել եմ բազում և տարատեսակ մարմիններ։ Եվ ես, այդ մարմինների տնօրենս, շարունակել և շարունակում եմ գոյություն ունենալ։ Ես կյանքն եմ: Ժամանակի հոսքի մեջ հավիտյան փայլատակող, զարմացնող ու ապշեցնող, մատերիայի անցողիկ ֆորմաների վրա, որոնք կոչվում են մարմիններ, և որոնց մեջ ես միայն ժամանակավոր բնակություն եմ հաստատում, հավիտյան իմ կամքը ստեղծող անմար կայծն եմ ես։
Դատեցեք ինքներդ։ Այդքան ընկալունակ և այդքան զգայուն, նուրբ ու բազմատեսակ ճարտարություն ունեցող, այդքան ամուր, ուժեղ, լծակների՝ մկանների այդքան խորիմաստ համակարգի շնորհիվ ծալվել և ուղղվել կարողացող իմ այս մատը՝ ես չեմ։ Կտրեցեք մատս։ Ես ողջ եմ։ Մարմինս հաշմված է, բայց ես՝ ոչ։ Ես, այսինքն՝ ոգիս, առաջվա պես ողջ-առողջ եմ։
Շատ լավ։ Կտրեք իմ բոլոր մատները։ Ես առաջվա պես` ես եմ։ Ոգին ոչինչ չի կորցրել։ Կտրեք բազուկս։ Կտրեք ձեռքերս։ Կտրեք ոտքերս՝ ազդրերից։ Եվ ես լինելով անկործան ու կայուն, շարունակում եմ գոյություն ունենալ։ Մի՞թե ինձնից որևէ բան պակասել է այն պատճառով, որ խեղանդամ է դարձել մարմինս, որ նա կտոր-կտոր է արվել։ Իհարկե, ոչ։ Կտրեցեք մազերս։ Սուր ածելիով կտրեցեք քիթս, շուրթերս, ականջներս։ Ակնախոռոչներից փորեցեք աչքերս և այդ անդեմ գանգի մեջ, որը պարանոցով միացած է իրանի մնացորդի հետ, այդտեղ, քիմիական միացություններից ու բջիջներից բաղկացած այդ մարմնական խցում, առաջվա պես կլինեմ ես, միշտ, ողջ-առողջ։
Իսկ սիրտը դեռ աշխատո՞ւմ է։ Շատ լավ։ Կտրեք-հանեք սիրտս, կամ, ավելի լավ կլինի, մարմնիս մնացորդները նետեք հազարադանակ մսաղացի մեջ և աղացեք, ու այդ ժամանակ ես, դուք իհարկե հասկանում եք, ես՝ ոգին ու խորհուրդը, կենդանի կրակն ու կյանքը, կհեռանամ, բայց չեմ մեռնի։ Կմեռնի միայն մարմինը, իսկ մարմինը ես չեմ:
Ես հավատում եմ, որ գնդապետ Դերոշը ճիշտ էր ասում, երբ պնդում էր, թե Ժոզեֆինա անունով աղջկան հիպնոսացնելով, ուղարկել է նրան կյանքի տասնութ տարիներից այն կողմ, նրա ծննդին նախորդող խավարի ու լռության միջով, դեպի նախկին կյանքը, երբ աղջիկը անկողնին գամված, թոշակառու հրետանավոր, ծերունի Ժան Կլոդ Բուրդոնն էր: Եվ ես հավատում եմ, որ գնդապետ Դերոշը իսկապես հիպնոսացնելով դարձյալ կյանքի կոչված ծերունու ստվերը և իր կամքի ուժով ուղարկել է յոթանասուն տարիների վրայով դեպի անցյալը, դեպի խավարն ու լռությունը, և խավարից ու լռությունից դարձյալ դեպի ետ, դեպի այն օրերը, երբ նա գոյություն ուներ նենգամիտ պառավ Ֆիլոմենա Կարտերոնի կերպարով։
Ես քեզ արդեն խոստովանել եմ, ընթերցող, որ շատ վաղուց բնակվել եմ մատերիայի տարատեսակ համաձուլվածքներում և տարբեր ժամանակներ եղել եմ մերթ կոմս Գիլյոմ դը Սեն-Մոր, մերթ Եգիպտոսում մի անանուն, ուժասպառ և կեղտոտ ճգնավոր, մերթ Ջեսսի անունով մի մանչուկ, որի հայրը մեծ գաղթի ժամանակ դեպի Արևմուտք էր առաջնորդում քառասուն ֆուրգոնից բաղկացած քարավանը։ Ու մի՞թե հիմա, երբ գրում եմ այս տողերը, ես Դարրել Սթենդինգը չեմ, Կալիֆորնիայի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի հողագիտության երբեմնի պրոֆեսորը, իսկ այժմ մահվան դատապարտված գտնվում եմ Ֆոլսեմի բանտում։
Մատերիան մեծագույն մի պատրանք է։ Այլ կերպ ասած, մատերիան ինքն իրեն դրսևորում է այս կամ այն ձևով, իսկ ձևը լոկ երևութական է։ Որտե՞ղ են այժմ հին Եգիպտոսի հողմնահարված լեռներն ու ժայռերը, ուր շատ վաղուց ինչպես վայրի գազանը իր որջերում, ծվարել էի ես, երազելու համար աստծո քաղաքը։ Որտե՞ղ է հիմա լուսնի լույսով ողողված մարգագետնում հրակարմիր մազերով Գյուի դը Վիլլարգուենի սուսերով խոցված Գիլյոմ դը Սեն-Մորի մարմինը։ Որտե՞ղ են հիմա Նեֆի բնակավայրում խիտ օղակով կանգնած քառասուն խոշոր ֆուրգոնները և որտե՞ղ են այդ օղակի ներսում պատսպարված բոլոր տղամարդիկ, կանայք ու երեխաները, հալումաշ եղած անասունները։ Այդ ամենն այժմ չկան քանզի դրանք միայն ձևն էին։ որոնց մեջ լցված էր մատերիայի օշարակը, որը գոյություն ուներ այնքան ժամանակ, քանի դեռ չէին քայքայվել այդ ձևերը, և ահավասիկ, այդ բոլորն արդեն փտել են ու այլևս գոյություն չունեն։
Հիմա ինձ թվում է, որ պարզ է, թե ինչ եմ կամենում ասել։ Ոգին՝ ահավասիկ այդ իրականը, որը չի կործանվում։ Ես ոգի եմ, ու ես գոյություն ունեմ։ Ես՝ բազմաթիվ մարմնական թաղանթների բնակիչ Դարրել Սթենդինգս, այս հիշողություններին մի քանի տող ևս կավելացնեմ ու կանցնեմ առաջ։ Ձևը, այսինքն մարմինը, կքայքայվի այն բանից հետո, երբ ես բարեխղճորեն կախված կլինեմ պարանոցից, և շուտով մատերիայի աշխարհում այդ ձևից հետք անգամ չի մնա։ Բայց ոգու աշխարհում մի բան կմնա. կմնա իմ մասին եղած հուշը։ Մատերիան հիշողություն չունի, քանի որ ձևերը արագահոս են և այն ամենը, ինչ կրում է ձևը, մեռնում է նրա հետ միասին։
Մի քանի խոսք ևս, նախքան իմ պատմությանն անդրադառնալը։ Ժամանակի խավարի միջով դեպի այլ գոյաձևերին դառնալը, որոնք երբեմնի եղել են իմը, ինձ երբեք չի հաջողվել ճանապարհս ուղղել դեպի մի որոշակի նպատակ: Այսպես, օրինակ, նախքան Նեֆիի տղային վերադառնալու հնարավորություն ստանալս, ես ստիպված եղա ապրելու բազմաթիվ այլ ճակատագրեր, որոնք ժամանակին եղել են իմ ճակատագրերը։ Այն բանից հետո, երբ ես Նեֆիում լքեցի Ջեսսիին, երևի նրան վերադարձա տասնյակ անգամներ ևս, սկսած այն ժամանակներից, երբ նա դեռ շատ փոքրիկ էր ու ապրում էր արկանզասյան բնակատեղիում։ Եվ տասից ոչ պակաս անգամներ ես դարձյալ վերապրեցի այն, ինչ տեղի ունեցավ Նեֆիում կատարած դադարից հետո։ Այդ ամենը նկարագրելը ժամանակի իզուր վատնում կլիներ։ Եվ այդ իսկ պատճառով, առանց վնասելու իմ պատմության ճշմարտացիությանը, ես շատ բաներ բաց եմ թողնում, որոնք ինձ թվում են աղոտ, անորոշ և կրկնողություն։ ես կնկարագրեմ ժամանակի մեջ կտրատված փաստերն այնպես, ինչպես, ի մի եմ բերել իմ հիշողության մեջ։
1 Նեֆի - մորմոնների (կրոնական միաբանություն) ավաններից մեկը։ Մորմոնները հալածվում էին ԱՄՆ-ի պետական և եկեղեցական շրջանների կողմից: Վտարվելով դեպի անապատ, նրանք բնակեցնում էին այդ տարածություններն ու մշակում հողը։
2 Բրիհեմ Յունգ - մորմոնների առաջնորդը։
3 Սաբելլիանիզմ - վաղ քրիստոնեության ուսմունքներից մեկը, որը մերժված էր պաշտոնական եկեղեցու կողմից որպես հերետիկոսություն։
4 Կոնստանդին կայսրը անմիջականորեն մասնակցում էր եկեղեցական պայքարին, ջանալով իրեն ենթարկեցնել եկեղեցու առաջնորդներին։
5 Նիքիայի տիեզերական ժողով - քրիստոնեական տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների խորհրդակցություն (325 թ.), որի ընթացքում բացահայտվեցին անհաշտ հակասությունները քրիստոնեական համայնքների մեծամասնության և Արիայի միջև:
6 Բերգսոն Հանրի (1859 - 1941) - ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա։
7 Նոումեն - Կանտի փիլիսոփայության մեջ «ինքնին» անիմանալի աոարկան: