ԳԼՈՒԽ 13
Լուսաբացից դեռ շատ առաջ Նեֆիում գտնվող
ճամբարը արդեն ոտքի վրա էր։ Եզներին ու ձիերին քշեցին արոտի ու ջրելու։ Մինչ
տղամարդիկ շղթաներն էին անջատում և մի կողմի վրա էին քշում ֆուրգոնները, որպեսզի
լծելը հարմար լինի, կանայք քառասուն խարույկների վրա քառասուն նախաճաշ էին
պատրաստում։ Լուսաբացի ցրտից սրթսրթացող երեխաները ծվարել էին կրակների մոտ։ Նրանց
կողքին, այս ու այն կողմ նստոտած, մի գավաթ սուրճի սպասելով, ննջել էին
գիշերապահները։
Այնպիսի մի մեծ քարավան, ինչպիսին մերն
էր, ոտքի հանելու համար ժամանակ է հարկավոր և շտապողականությամբ գործին չես օգնի։
Արևն արդեն մեկ ժամ կլիներ, ինչ կախվել էր երկնակամարի վրա և անտանելի տապը վաղուց
տարածվել էր հարթավայրով մեկ, երբ մեր ֆուրգոնները դուրս գալով բնակատեղիից,
ընթացան անմարդաբնակ անապատով։ Ոչ մի կենդանի շունչ դուրս չեկավ մեզ ճանապարհելու։
Մարդիկ գերադասեցին մնալ իրենց հյուղակներում, և Նեֆիից մեր մեկնումի մեջ նույնքան
չարագուշակ մի բան կար, որքան և երեկ իրիկնադեմին մեր այնտեղ հայտնվելու
մեջ։
Եվ դարձյալ անվերջանալի ժամեր, շոգ, խեղդող փոշի,
ավազ, ցանցառ թփուտներ, աստծո կողմից անիծված երկրամաս։ Շրջապատում ոչ բնակավայրեր
կան, ոչ նախիրներ, ոչ էլ ցանկապատեր. մարդու ներկայության ո'չ մի նշան։ Գիշերը, մեր
ֆուրգոնները դարձյալ շրջանաձև դասավորելով ցամաքած գետակի հունի մոտ, մենք դադար
առանք։ Խոնավ հունի մեջ բազմաթիվ փոսեր փորեցինք, որտեղ աստիճանաբար մի քիչ ջուր
ամբարվեց։
Մեր ճանապարհորդության հետագա ընթացքի մասին
ինձ մոտ պահպանվել են բավականին կցկտուր հիշողություններ։ Մենք այնքա՜ն դադարներ
առանք ֆուրգոնները շրջանաձև դասավորելով, որ իմ մանկական ուղեղում Նեֆիում
գիշերելուց հետո մեր անցած ուղին տպավորվեց որպես անվերջ-անսահման մի բան։ Բայց
բոլորիս տիրում էր երբեք չլքող միայն մի զգացում, թե ընթանում ենք դեպի ճակատագրի
պես անխուսափելի մեր կործանումը։
Օրական մոտ տասնհինգ
մղոն ճանապարհ էինք անցնում: Ես դա գիտեմ, որովհետև հորս ասելով, մինչև մորմոնների
հաջորդ բնակավայրը, մինչև Ֆիլմոր, վաթսուն մղոն էր, իսկ մենք ճանապարհին երեք դադար
առանք ու, հետևապես, չորրորդ օրն արդեն տեղ էինք հասել։ Իսկ մինչև վերջին դադարը,
որ մնացել էր իմ հիշողության մեջ, Նեֆիից հասանք մոտ երկու շաբաթվա
ընթացքում։
Ինչպես Աղի լճից սկսած ճանապարհի ամեն
քայլափոխին, Ֆիլմորի բնակիչները ևս մեր նկատմամբ թշնամաբար էին տրամադրված։ Նրանք
ծաղրեցին, երբ խնդրեցինք մթերք վաճառել, և սկսեցին հայհոյել, միսսուրեցիներ
կոչելով։
Երբ մտանք տասներկու տնից բաղկացած այդ
բնակատեղին, նկատեցինք, որ ամենամեծ տան առջև կեղտոտ, փրփրած, ոտքի վրա հազիվ
կանգնող երկու թամբած ձիեր կան։ Արևախանձ մազերով, եղջերվի մորթից բաճկոնակ հագած
ծերունին, որի մասին ես արդեն հիշատակել եմ, և որը, ըստ երևույթին, հորս օգնականն
էր, մոտեցավ մեր ֆուրգոնին և գլխի շարժումով ցույց տվեց հոգնած
ձիերին։
- Ձիերին չեն խնայել, կապիտան, - կիսաձայն
ասաց նա։ - Եվ ասա, խնդրեմ, ինչո՞ւ պետք է նրանք այդպես սրարշավ գային, եթե ոչ մեզ
համար։
Բայց հայրս արդեն ուշադրություն դարձրել էր այդ
ձիերի վրա, մի բան, որ իմ սուր աչքերից չխուսափեց։ Ես տեսա, թե ինչպես կրակվեց նրա
հայացքը, ինչպես սեղմվեցին շրթունքները և փոշոտված դեմքին ինչպես ծալքավորվեցին
կնճիռները, Եվ միայն այսքանը։ Բայց ես մեկը մյուսի հետ համադրելով, հասկացա, որ այդ
երկու փրփրած ձիերը մեզ սպառնող դժբախտության ևս մի նախանշան է։
- Ըստ երևույթին վախենում, են մեզ աչքաթող անել,
Լաբան, - ասաց հայրս ու այլևս ոչինչ չավելացրեց։
Ֆիլմորում ես առաջին անգամ տեսա այն մարդուն, որին հետագայում վիճակվեց տեսնել շատ
անգամներ։ Նա բարձրահասակ, լայնաթիկունք, միջին տարիքի մի տղամարդ էր,
առողջության և արտակարգ ուժի մարմնացում, ոչ միայն մարմնական, այլև հոգեկան ուժի։ Ի
տարբերություն իմ շրջապատի տղամարդկանցից շատերի, նա մորուք չէր պահում, իսկ
երկու-երեք օր չսափրած դեմքի մազերը արդեն ճերմակած էին։ Նրա բերանն արտասովոր մեծ
էր և բարակ, ամուր սեղմած շուրթերն այնպիսի տպավորություն էին թողնում, որ ասես
առջևի ատամները չկան։ Քիթը մեծ էր, լայն ու մսոտ։ Դեմքը՝ քառակուսի, լցված
այտոսկրներով, ծանր ծնոտով ու լայն, խելացի ճակատով: Աչքերը փոքր էին, սակայն ինձ
երբեք չէր վիճակվել տեսնել այդքան վառ երկնագույն
աչքեր։
Առաջին անգամ այդ մարդուն նկատեցի Ֆիլմորի
ջրաղացում։ Հայրս մի քանի տղամարդկանց հետ ուղևորվեց այնտեղ՝ ալյուր գնելու, իսկ ես
հետաքրքրասիրությունից այրվելով, թեև մայրս արգելել էր, գողունի հետևեցի նրանց. շատ
էի ուզում մեր թշնամիներից մեկն ու մեկին տեսնել։ Ջրաղացում հինգ-վեց մարդ կար և նա
էլ, ում մասին ասում եմ, նրանց մեջ էր։ Քանի դեռ մերոնք խոսում էին ջրաղացպանի հետ,
այդ մարդիկ կանգնած էին նրա կողքին։
- Դու տեսա՞ր
անմորուք սրիկային, - հարցրեց Լաբանը հորս, երբ, ջրաղացից հեռանալով, նրանք
վերադարձան մեր կայանը։
Հայրս գլխով
արեց։
- Ուրեմն, հենց դա էլ Լին (1) է, - շարունակեց
Լաբանը։ - Ես նրան տեսել եմ Աղի լճի քաղաքում։ Նրանից ավելի ստոր մարդ տեսած
չունեմ։ Բոլորն էլ ասում են, որ նա տասնինը կին ունի և հիսուն երեխա։ Ու դրա հետ
մեկտեղ էլ ցնդել է կրոնական հողի վրա։ Դու ինձ ասա, թե նա ինչո՞ւ է մեր հետևից
ընկնում աստծուց մոռացված այս աշխարհում։
Հոգնած ու
տանջահար, մենք օրը օրին դանդաղ ընդառաջ էինք գնում մեր ճակատագրին։ Անապատով մեկ
ցրված փոքրիկ բնակավայրերը, որտեղ ջուր և մշակված հող կար, երբեմն իրարից քսան մղոն
հեռու էին, երբեմն էլ հիսուն։ Այդ բնակավայրերի միջև տարածված էին աղուտներն ու չոր
ավազուտները։ Եվ ամեն մի բնակավայրում սննդամթերք գնելու մեր խաղաղ փորձերն
անհաջողությամբ էին պսակվում։ Մեզ դիմավորում էին կոպիտ մերժումով։ - Իսկ ձեզնից
ո՞վ մթերք վաճառեց, երբ մեզ վտարեցին Միսսուրիից, - հարցնում էին մեզ։ Բոլորովին
անօգուտ բան էր նրանց բացատրելը, թե մենք ոչ թե միսսուրեցի ենք, այլ արկանզասցի։
Այո, մենք արկանզասցի էինք, բայց նրանք համառորեն պնդում էին, թե մենք միսսուրեցի
ենք։ Ֆիլմորից հարավ, հինգ օրվա հեռավորության վրա գտնվող Բիվեր գյուղակում մենք
դարձյալ տեսանք Լիին, Եվ դարձյալ տներից մեկի առջև կանգնած էին փրփրած ձիերը։ Բայց
Փերովանում Լին չհայտնվեց։
Մեր ճանապարհին ընկած
վերջին բնակավայրը կոչվում էր Սիդար-Սիթի։ Լաբանը, որին առաջ էին ուղարկել,
վերադարձավ ու հորս պատմեց հետախուզության արդյունքները: Նրա բերած
տեղեկությունները բազմանշանակ էին։
- Երբ ես բնակավայր
մտա, կապիտան, տեսա Լիին, նա կատաղածի պես արշավում էր այնտեղ։ Եվ այդ բնակավայրում
կասկածելի կերպով շատ էին հեծյալները։
Սակայն, երբ
մենք այնտեղ դադար առանք, ամեն բան խաղաղ վերջացավ։ Հրաժարվեցին միայն մթերք
վաճառելուց, բայց ոչ ոք մեզ չսպառնաց։ Կանայք ու երեխաները դուրս չէին գալիս
տներից, իսկ տղամարդիկ էլ, եթե նույնիսկ հայտնվում էին մոտակայքում, ապա մեր
կայանին չէին մոտենում ու չէին անհանգստացնում մեզ, ինչպես մյուս
բնակավայրերում։
Այդտեղ, Սիդար-Սիթիում, մեռավ
Ուայնռայթների երեխան, Հիշում եմ, թե ինչպես էր հեկեկում միսիս Ուայնռայթը, Լաբանին
աղաչելով, որ մի քիչ կովի կաթ ճարի։
- Կաթը կփրկի
երեխայիս կյանքը, - ասում էր նա։ - Իսկ նրանք կաթ ունեն։ Ես տեսել եմ, ինքս եմ
տեսել նրանց կովերը։ Խնդրում եմ, գնա նրանց մոտ, Լաբան։ Փորձիր, մի անգամ էլ
խնդրիր։ Քեզ համար դա դժվար չէ։ Շատ-շատ՝ չեն տալու։ Բայց կտան։ Ասա նրանց, որ
երեխայի համար ես խնդրում, փոքրիկ երեխայի համար։ Մորմոնուհի կանայք էլ մեզ նման
մայր են, նրանք էլ սիրտ ունեն։ Նրանք ծծկեր երեխայի համար մի թաս կաթը չեն
մերժի։
Եվ Լաբանը գնաց։ Բայց, ինչպես հետո պատմեց նա
հորս, չէր հաջողվել մորմոնուհիներից որևէ մեկին տեսնել։ Նա միայն տեսել էր
տղամարդկանց, որոնք քշել էին Լաբանին։
Դա մորմոնների
վերջին բնակավայրն էր։ Դրանից այն կողմ փռված էր վիթխարի անապատը, իսկ անապատից էլ
դենը գտնվում էր հեքիաթային աշխարհը, մեր պատրանքների աշխարհը՝ Կալիֆորնիան։
Լուսադեմին, երբ մեր ֆուրգոնները հեռանում էին բնակավայրից, ես հորս կողքին նստած,
լսեցի, թե ինչպես Լաբանը իր զգացմունքներին ազատություն տվեց։ Մենք մոտ կես մղոն
գնալուց հետո, անցանք ցածրադիր բլրակի վրայով, որի հետևում մեր տեսողությունից
անհետացավ Սիդեր-Սիթին, և այստեղ Լաբանը, իր ձին շրջելով, կանգնեց ասպանդակների
վրա։ Նա ձիուն պահեց թարմ շիրիմի մոտ, ու ես հասկացա, որ այդտեղ թաղված է
Ուայնռայթների երեխան։ Դա միակ շիրիմը չէր, որ մենք թողել էինք մեր անցած ճանապարհի
վրա այն օրից ի վեր, ինչ անցել էինք Ուոսաչ
լեռնաշղթան։
Ես Լաբանի մեջ ինչ-որ չարագուշակ բան
նկատեցի։ Լինելով ծեր, նիհարակազմ, փոս ընկած այտերով ու դուրս ցցված այտոսկրներով,
ուսերին թափված արևախանձ, գզգզված մազերով, իր անփոխարինելի եղջերվենի բաճկոնակն
հագած, նա անճանաչելի էր դարձել, այնքան որ աղավաղված էր նրա դեմքը ատելությունից
ու անօգնական կատաղությունից։ Երկայնափող հրացանը մի ձեռքին բռնած, մյուս ձեռքի
բռունցքով նա սպառնաց Սիդար-Սիթիին։
- Անիծյալ լինեք
դուք, աստծո կրակը թափվի ձեր գլխին, - բացականչեց նա։ - Ձեր բոլոր երեխաների ու
արգանդներում գտնվող մանուկների գլխին։ Եվ թող երաշտը ոչնչացնի ձեր ցանքսերը, և թող
ձեզ համար սնունդ լինի շաչող օձի թույնով շաղախված ավազը։ Եվ թող ձեր աղբյուրների
թարմ ջուրը դառն աղ դառնա։ Եվ թող...
Այստեղ անիվների
թրխկոցները խլացրեցին նրա ձայնը, բայց ծանրորեն հևացող կուրծքն ու դեպի երկինք
պարզած բռունցքը վկայում էին, որ նա դեռ շարունակում է անիծել։ Բայց նա ամբողջ
քարավանի սրտից էր խոսում, ու կանայք գլուխներն հանելով ֆուրգոններից, իրենց
ոսկրացած, ծանր աշխատանքի հետևանքով այլանդակված բռունցքներով սպառնացին մորմոնների
երկրամասի վերջին բնակավայրին։ Մեր ֆուրգոնի հետևից քայլող տղամարդը, եզներին
քշելով, ծիծաղեց ու թափահարեց ձեռքի փայտը։ Տարօրինակ հնչեց այդ ծիծաղը, քանի որ
բազում օրեր շարունակ մեր քարավանում ծիծաղ չէր լսվել։
- Դրանց մի լավ թափ տուր, Լաբան, - խրախուսաբար գոչեց նա։ - Իմ կողմից էլ մի քիչ
ավելացրու։
Մեր ֆուրգոնները առաջ անցան, իսկ ես դեռ
նայում էի երեխայի շիրիմի մոտ ասպանդակներին կանգնած Լաբանին։ Իսկապես, որ սոսկալի
էր նրա կերպարանքը. երկար մազեր, հնդկական մոքասիններ և ծոպավոր գուլպաներ... Նրա՝
եղջերվի մորթուց կարված բաճկոնակը այնքան հնամաշ էր, որ երբեմնի գեղեցիկ ծոպերի
փոխարեն այժմ կախված էին լոկ ողորմելի թելեր, և նա կանգնել էր փողփողացող
ցնցոտիների մեջ։ Հիշում եմ, որ նրա գոտկատեղից կախված էին կեղտոտ մազափնջեր, որոնք,
ինչպես վաղուց արդեն նկատել էի մեր ճամփորդության ընթացքում, յուրաքանչյուր
տեղատարափից հետո դառնում էին սև ու փայլուն։ Գիտեի, որ դրանք հնդկացիների
գանգամաշկերն են, և դրանց տեսքն ինձ հիացմունք ու սարսափ էր
պատճառում։
- Հիմա արդեն նա սիրտը դատարկեց, - նկատեց
հայրս, ոչ այնքան դիմելով ինձ, որքան ինքն իրեն։ - Արդեն քանիերորդ օրն է, ինչ
սպասում էի, որ կպայթի։
- Լավ կլինի, որ նա վերադառնա
ու երկու-երեք գանգամաշկ քերթի, - ես չզսպեցի իմ
ցանկությունը։
Հայրս խորամանկ քմծիծաղով նայեց
ինձ։
- Ինչ է, մորմոններին չե՞ս սիրում,
որդիս։
Ես գլուխս բացասաբար շարժեցի, զգալով, թե
ինչպես է իմ ներսում եռում այն ատելությունը, որը ես ուժ չունեմ բառերով
արտահայտելու։
- Երբ մեծանամ, - փոքր-ինչ լռելուց հետո
ասացի ես, - հրացան կվերցնեմ ու կգնդակահարեմ դրանց
բոլորին։
- Վերջ տուր Ջեսսի, - ֆուրգոնի խորքից լսվեց
մորս ձայնը։ - Վերջ տուր, անմիջապես։ Իսկ դու էլ ամաչիր, - շարունակեց նա, դառնալով
հորս, - երեխային թույլ ես տալիս, որ այդպիսի բաներ
խոսի։
Երկու օր հետո մենք հասանք Լեռնային
Մարգագետիններ, ու այնտեղ, բոլոր բնակավայրերից հեռու, առանձնապես հարկ չկար այլևս
մեր ֆուրգոնները իրար կապելու։ Շրջանաձև, իրարից բավականին հեռու դասավորեցին և
անիվներն էլ շղթայով չմիացրին։ Մենք ենթադրում էինք, որ մոտ մեկ շաբաթ կմնանք
այստեղ։ Ձիերին ու եզներին անհրաժեշտ էր մի լավ հանգիստ տալ իսկական անապատի
սահմաններից ներս մտնելուց առաջ։ Շուրջը միևնույն լերկ, ավազուտ բլուրներն էին,
տեղ-տեղ ծածկված օշինդրով։ Սակայն բլուրների միջև ընկած ավազուտ գոգավորությունում,
այնուամենայնիվ, խոտ էր հանդիպում։ Եվ այդ խոտն այստեղ ավելի շատ էր, քան մեր անցած
ճանապարհի որևէ տեղամասում։ Մեր կայանքից հարյուր ֆուտ հեռավորության վրա մի փոքրիկ
աղբյուր կար, որի ջուրը հազիվ էր բավականացնում մարդկանց։ Բայց մի փոքր ավելի
հեռվում, բլրալանջին մի քանի աղբյուրներ էլ կային, ուր մենք ջրում էինք
անասուններին։
Այդ օրը մենք ավելի վաղ խփեցինք մեր
ճամբարը, և քանի որ վճռված էր այստեղ մոտ մեկ շաբաթ մնալ, կանայք սկսեցին կարկատել
հագուստները, հաջորդ օրը մեծ լվացք սկսելու համար։ Ճամբարում բոլորը, մեծից մինչև
փոքրը աշխատում էին մինչև ուշ գիշեր։ Տղամարդկանցից ոմանք նորոգում էին լծասարքերը,
մյուսները՝ ֆուրգոնները։ Մեր ճամբարում ամբողջ օրը մուրճերով խփում էին երկաթին,
ինչ-որ բան էին կռում, ինչ-որ հեղյուսներ ու պնդօղակներ ամրացնում։ Եվ հիշում եմ
նաև, որ մինչև մութն ընկնելը Լաբանը ֆուրգոնի ստվերին նստած իր համար նոր
մոքասիններ էր կարում։ Տղամարդկանց մեջ նա միակն էր, որ մոքասին ու եղջերվի կաշվից
կտրած բաճկոնակ էր հագնում, և ինձ թվում էր, որ երբ Արկանզասից դուրս էինք գալիս,
նա մեզ հետ չէր։ Եվ նա ոչ կին ուներ, ոչ ազգականներ, ոչ էլ ֆուրգոն։ Բացարձակապես
ոչինչ, բացի ձիուց, հրացանից, վրայի հագուստից և Մեյսոնի ֆուրգոնում գտնվող
վերմակներից:
Հաջորդ օրն առավոտյան իրականացան մեր
բոլոր չարագուշակ կանխազգացումները: Մորմոնների վերջին բնակատեղիից երկու օրվա
ճանապարհ հեռանալով, գիտենալով, որ այս կողմերում հնդկացիներ չկան, և չենթադրելով
նույնիսկ, որ նրանց կողմից մեզ կարող է որևէ վտանգ սպառնալ, մենք առաջին անգամ
ֆուրգոնները խիտ շրջանով չէինք դասավորել, չէինք նշանակել գիշերապահներ ու առանց
հսկողության էինք թողել ձիերն ու եզները։
Իմ արթնանալը
նման էր մղձավանջի։ Ասես անամպ երկնքում մի ամպրոպ թնդաց։ Առաջին րոպեին, դեռ լրիվ
չարթնացած ու դժվարությամբ որևէ բան հասկանալով, ես փորձեցի պարզել անընդհատ բվվոցի
վերածվող այդ բոլոր տարատեսակ ձայների աղբյուրը։ Կրակոցների ձայնը լսվեց շատ
մոտիկից ու շատ հեռվից. ականջիս հասան տղամարդկանց ճիչերն ու հայհոյանքները, կանանց
ողբը, երեխաների լացը։ Հետո ես զանազանեցի ֆուրգոնների փայտյա մասերի մեջ խրվող
գնդակների խուլ կտկտոցն ու խլացուցիչ զրնգոցը, երբ զարնվում էին անիվների երկաթյա
օղագոտիներին. կրակողները շատ ցածր էին նշան բռնում։
Ուզեցի վեր կենալ, բայց մայրս, որ հենց նոր էր սկսել հագնվել, ինձ ստիպեց նորից
պառկել։ Այդ րոպեին ֆուրգոնի մոտ հայտնվեց հայրս, որն ըստ երևույթին վաղուց ոտքի
վրա էր։
- Շուտ դուրս եկեք, - գոչեց նա։ - Շուտ։
Պառկեք գետնին։
Նա որոշեց ժամանակն իզուր չվատնել, մի
ձեռքով գրկեց ինձ ու դուրս քաշեց, ավելի ճիշտ՝ դուրս շպրտեց (այնքա՜ն կտրուկ էին
նրա շարժումները) ֆուրգոնից։ Հազիվ էի մի կողմ սողացել, երբ ծծկեր երեխան գրկին
մայրս ու նրա հետևից էլ հայրս ֆուրգոնից թռան ճիշտ ինձ
վրա։
- Այս կողմ, Ջեսսի, - կանչեց հայրս, ու ես
անմիջապես թաքնվելով ֆուրգոնի ետևում, սկսեցի նրան օգնել ավազի մեջ փոս փորելու։
Ավազը փորում էինք ձեռքով ու աշխատում էինք խենթի պես։ Մայրս էլ սկսեց մեզ
օգնել։
- Փոսը մեծացրու և խորացրու, Ջեսսի, - հրամայեց
հայրս։
Նա ոտքի ելավ, վազեց ինչ-որ ուղղությամբ,
միաժամանակ կարգադրություններ անելով, և անէացավ լուսադեմի մոխրագույն աղջամուղջի
մեջ։ (Ի դեպ, ուզում եմ հիշատակել, որ այդ ընթացքում ես արդեն գիտեի իմ ազգանունը։
Ջեսսի Ֆենչեր։ Հայրս կապիտան Ֆենչերն էր)։
- Պառկեք, -
լսեցի նրա ձայնը։ - Թաքնվեք անիվների հետևն ու փորեք ավազը։ Այն ֆուրգոնում, որտեղ
կանայք ու երեխաներ կան, ցած իջեցրեք։ Խնայեք վառոդը։ Չկրակեք։ Խնայեք վառոդն ու
պատրաստ եղեք, նրանք հիմա կգրոհեն մեզ վրա։ Աջակողմյան բոլոր ամուր տղամարդիկ թող
գնան Լաբանի մոտ, ձախակողմյանները՝ Քոկրեյնի մոտ, իսկ մյուսները միանան ինձ։ Ոտքի
չկանգնեք։ Սողալո'վ։
Բայց հարձակում տեղի չունեցավ։
Մոտ տասնհինգ րոպե շարունակվեց անկանոն, հատուկենտ փոխհրաձգությունը։ Սակայն
գնդակները մեզ վնաս չպատճառեցին, միայն առաջին պահին մեզ հանկարծակիի բերած
հակառակորդը հասցրեց վիրավորել ու սպանել մութուլուսին ոտքի ելած այն տղամարդկանց,
որոնց լուսավորել էր իրենց իսկ վառած խարույկների լույսը։ Հնդկացիները (Լաբանը
պնդում էր, որ դրանք հնդկացիներն են) դիրքավորվել էին բլուրների միջև ու կրակ բացել
մեր ճամբարի վրա։ Արևը ծագեց, և հայրս դարձյալ ձայն տվեց, թե հակառակորդը հիմա
կհարձակվի մեզ վրա։ Նա մի փոքր հեռու էր գտնվում մեր ֆուրգոնից, որի հետևում, ավազի
մեջ փորած փոսի մեջ, պառկել էինք ես ու մայրս, և ես լսեցի, թե ինչպես հայրս
հրամայեց.
- Պատրաստվե՜լ։ Բոլորը միանգամից՝
կրա՛կ։
Մեր ճամբարի աջ ու ձախ կողմերից և կենտրոնից
թնդացին հրացանային համազարկերը։ Թաքստոցից ես մի փոքր դուրս հանեցի գլուխս և տեսա
երկու-երեք գետնատարած հնդկացիների։ Մյուսներն անմիջապես դադարեցրին կրակելն ու ետ
փախան, քարշ տալով իրենց սպանվածներին ու
վիրավորներին։
Այդ նույն պահին մերոնք գործի անցան։
Ֆուրգոնները դասավորեցին շրջանաձև, լծափայտերը դեպի ներս, անիվները շղթայով կապեցին
իրար։ Ես տեսա, թե ինչպես կանայք ու փոքրիկ երեխաները որքան ուժ ունեին ընկան
անիվների ճաղերի վրա, օգնելով ֆուրգոնները տեղափոխելու գործին։ Հետո մենք հաշվեցինք
մեր կորուստները։ Ամենից վատն այն էր, որ մենք զրկվել էինք ձիերից ու եզներից.
բոլորը փախցրել էին։ Եվ յոթ հոգի էլ ընկած էին խարույկների մոտ, որոնք նոր էին
սկսել բորբոքվել։ Չորս հոգի սպանվել էին, երեքը՝ մահացու վիրավորվել։ Ուրիշ
վիրավորներ էլ կային, և կանայք արդեն վիրակապում էին նրանց։ Գնդակը դիպել էր փոքրիկ
Ռիշ Հայդերքրի ձեռքին, ուսի մոտ։ Խեղճը դեռ վեց տարեկան էլ չկար, ու ես նայում էի,
թե ինչպես էր հայրը վիրակապում նրա ձեռքը, մինչ մայրը գրկել էր որդուն։ Փոքրիկը
դադարեց լաց լինելուց, բայց արցունքները դեռևս փայլում էին նրա այտերին, երբ նա,
հմայվածի պես, նայում էր վերքից դուրս ցցված ջարդված ոսկորի արծաթավուն
եզրին։
Ուայթ մայրիկին մեռած գտան Ֆոքսուելների
ֆուրգոնում։ Դա մի մարմնեղ, անօգնական պառավ էր, որը երբեք ոչինչ չէր անում, միայն
նստած ծխամորճ էր ծխում։ Նա Էբբի Ֆոքսուելի մայրն էր։
Միսիս Գրանտն էլ էր սպանվել։ Ամուսինը նստել էր նրա դիակի մոտ։ Նստել էր անշարժ ու
թվում էր շատ անվրդով։ Աչքերը չոր էին։ Նա ուղղակի նստել էր հրացանը ծնկներին դրած
և ոչ ոք չէր մոտենում, չէր անհանգստացնում նրան։
Հորս
ղեկավարությամբ բոլորն էլ կուղբերի պես անխոնջ աշխատում էին։ Տղամարդիկ մեր ճամբարի
կենտրոնում մի մեծ խրամատ փորեցին և եզրին էլ մի լայն թումբ պատրաստեցին։ Կանայք
ֆուրգոններից այստեղ բերեցին անկողինները, մթերքն ու ամենից անհրաժեշտ պիտույքները։
Երեխաները մեկ մարդու պես օգնում էին կանանց։ Ոչ ոք չէր դժգոհում և գրեթե ոչ ոք
իզուր չէր վհատվում։ Մեզնից պահանջվում էր աշխատանք, իսկ մենք դեռ բարուրից էինք
աշխատանքի վարժված։
Մեծ խրամատը նախատեսված էր
երեխաների և կանանց համար։ Ֆուրգոնների տակ, ամբողջ շրջագծով մեկ, ոչ շատ խոր մի
թմբավոր խրամատ փորեցին։ Այդ խրամատն էլ ճամբարը պաշտպանող տղամարդկանց համար
էր։
Լաբանը վերադարձավ հետախուզությունից։ նա հայտնեց,
որ հնդկացիները մոտ կես մղոն նահանջել են և այժմ խորհրդակցում են։ Նա տեսել էր, թե
ինչպես էին մեր թշնամիները ռազմադաշտից տարել վեց յուրայինների, որոնցից երեքը, նրա
կարծիքով, արդեն դիակներ էին։
Առաջին օրը առավոտյան
մենք երբեմնակի տեսնում էինք, թե ինչպես է հեռվում բարձրանում փոշու խիտ ամպը և
գիտեինք, որ հեծյալների ջոկատներն են շարժվում։ Փոշու այդ ամպերը անընդհատ մոտենում
էին, շրջապատելով մեզ չորս կողմից։ Բայց փոշու ծածկույթի միջով որևէ բան տեսնելն
անհնարին էր։ Միայն մի ամպ էր շարժվում հակառակ ուղղությամբ ու շուտով անհետացավ
մեր տեսադաշտից։ Դա մի խոշոր ամպ էր, և բոլորն էլ անմիջապես հասկացան, մեր ձիերն ու
եզներն են քշում։ Եվ մեր քառասուն խոշոր ֆուրգոնները, որոնք անցել էին ժայռոտ
լեռներով, կտրել մայրցամաքի կեսը, այժմ անօգնական, շրջանաձև դասավորված, կանգնած
էին այստեղ։ Այլևս ոչինչ չունեինք լծելու և ֆուրգոնների ճանապարհն այստեղ էլ
ընդհատվում էր։
Կեսօրին Լաբանը վերադարձավ երկրորդ
հետախուզությունից։ Հարավից հնդկացիների նոր խմբեր են գալիս, ասաց նա։ Մեզ
շրջապատում են: Եվ այդ պահին մենք հանկարծ տեսանք մոտ տասը հեծյալի, որոնք
հայտնվեցին մեզնից ձախ գտնվող ցածրիկ բլուրի գագաթին ու նայեցին մեր կողմը։ Դրանք
սպիտակամորթեր էին։
- Ահա թե ի՜նչ, - ասաց Լաբանը
հորս։ - Տեսնո՞ւմ ես, հնդկացիներին լարել են մեր դեմ։
- Բայց դրանք էլ մեզ նման սպիտակամորթեր են, - լսեցի ես Էբբի Ֆոքսուելի խեղճացած
ձայնը, որն ուղղված էր մորս։ - Ինչո՞ւ նրանք մեզ օգնության չեն
գալիս։
Երեկոյան, մութն ընկնելուց հետո, մեր
երիտասարդներից երեք հոգի զգուշորեն դուրս եկան ճամբարից։ Ես տեսա, թե նրանք ինչպես
հեռացան։ Ուիլ Էդենը, էյբլ Միլլիքենը և Թիմոթի Գրանտը։
- Նրանք մեկնեցին Սիդար-Սիթի՝ օգնություն կանչելու, - շտապ-շտապ ընթրելով, մորս
բացատրեց հայրս։
Մայրս շարժեց
գլուխը։
- Մի՞թե մեր ճամբարի շուրջը քիչ մորմոններ
կան, - ասաց նա։ - Եթե նրանք չեն ուզում օգնել, ինչպես տեսնում ես, ապա
Սիդար-Սիթիում էլ ցանկացողներ չեն լինի։
- Դե,
մորմոնների մեջ էլ են լինում և' լավերը, և' վատերը... - սկսեց
հայրս։
- Առայժմ մեզ չի հաջողվել լավերին տեսնել, -
ընդհատեց նրան մայրս։
Միայն առավոտյան ես իմացա էյբլ
Միլլիքենի և Թիմոթի Գրանտի վերադարձի մասին, բայց դա առաջին իսկ տեղեկությունն էր,
որ ես լսեցի աչքերս բանալուն պես։ Ճամբարում բոլորն էլ ընկճվեցին, իմանալով, թե
ինչպիսի լուրեր են նրանք բերել։ Երբ նրանք երկու-երեք մղոն հեռանում են ճամբարից,
լսվում են գիշերապահների ձայները. դրանք բոլորն էլ սպիտակամորթեր են լինում։ Եվ
Ուիլ Էդենը դեռ չի հասցնում ասել, որ իրենք կապիտան Ֆենչերի քարավանից են ու գնում
են դեպի Սիդար-Սիթի՝ օգնության հետևից, երբ նրան տեղնուտեղը փռում են հրացանի մի
համազարկով։ Միլլիքենին ու Գրանտին հաջողվում է փրկվել, ու նրանք ճամբար են
վերադառնում այդ տխուր լուրով, որը մեր սրտերում մարեց հույսի վերջին կրակը։
Հնդկացիների թիկունքում կանգնած էին սպիտակամորթերը, և մեզ այդքան վաղուց հետամուտ
եղող դժբախտությունը վրա հասավ։
Այդ առավոտ, երբ մեր տղամարդիկ
գնացին աղբյուրից ջուր բերելու, նրանց վրա կրակ բացեցին։ Աղբյուրը ֆուրգոններից
ընդամենը հարյուր քայլ էր հեռու, բայց այդ ճանապարհը կրակի տակ էին առել
հնդկացիները, որոնք այժմ դիրքավորվել էին ճամբարից արևելք գտնվող ցածրադիր բլրակի
վրա։ Կրակում էին շատ մոտիկից, քանի որ այդ բլուրը երկու քայլի վրա էր. բայց երևի
հնդկացիները այնքան էլ դիպուկ հրաձիգներ չէին, և մեր տղամարդիկ ողջ-առողջ
վերադարձան ճամբար ու ջուր էլ բերեցին։
Եթե չհաշվենք
մեր ճամբարի վրա մի քանի անկանոն կրակոցները, ապա առավոտը բավականին հանգիստ
սկսվեց։ Բոլորս տեղավորվեցինք մեծ խրամատում և, վաղուց ի վեր վարժված լինելով
դժվարությունների ու զրկանքների, բավականին տանելի էինք զգում մեզ։ Միայն
սպանվածների ընտանիքներն էին դեռևս վշտի մեջ, ողբալով իրենց կորուստը, և մեկ էլ
անհրաժեշտ էր խնամել վիրավորներին։ Ես հաճախակի փախչում էի մորս մոտից անզուսպ
հետաքրքրասիրությունից դրդված, ուզում էի իմանալ, թե ինչ է տեղի ունենում և, պետք է
ասեմ, որ կարողանում էի լինել ամենուրեք: Մեր ճամբարի ներսում, խրամատից դեպի
հարավ, տղամարդիկ փոս փորեցին ու թաղեցին սպանվածներին՝ յոթ տղամարդու և երկու
կնոջ. բոլորին էլ մի գերեզմանի մեջ։ Միայն միսիս Հասթինգսը, որը միանգամից կորցրել
էր թե՛ ամուսնուն, թե՛ հորը, բավականին հոգս պատճառեց բոլորին։ Ձայնը գլուխը գցած
նա լացուկոծ էր անում, և մեր կանայք մեծ դժվարությամբ կարողացան հանգստացնել
նրան։
Ճամբարից արևելք գտնվող բլրի վրա հնդկացիները
գոռում-գոչում էին, ինչ-որ բան խորհրդակցելով, բայց առայժմ չէին անհանգստացնում
մեզ, և միայն հազվադեպ թնդում էին անվնաս կրակոցները։
- Ի՞նչ է պատահել այդ գրողի տարածների հետ, - անհանգստանում էր Լաբանը։ - Ի վերջո,
նրանք կարողանալո՞ւ են վճռել, թե ի՞նչ են ուզում մեզնից, ու գործի
անցնել։
Կեսօրից հետո ճամբարում անտանելի շոգ սկսվեց։
Երկնքում ամպի նշույլ չկար, արևն անողոքաբար այրում էր. և քամու շունչն իսկ չէր
զգացվում: Ֆուրգոնների տակ, խրամատում, հրացաններով զինված տղամարդիկ կիսով չափ
ստվերի մեջ էին, բայց այն խրամատը, որտեղ պատսպարվել էին հարյուրից ավելի կանայք ու
տղամարդիկ, բաց էր արևի անողոք կատաղության դիմաց։ Հենց այդտեղ էլ գտնվում էին
վիրավորները, և նրանց վրա վերմակներով ծածկոց սարքեցինք։ Խրամատում նեղվածք էր ու
տոթ, և ես անընդհատ ջանում էի դուրս փախչել այնտեղից ու գնալ դեպի կրակագիծը, և
ամեն կերպ ուզում էի ձգձգել ու հապաղել, երբ որևէ հանձնարարությամբ ինձ ուղարկում
էին հորս մոտ։
Մենք ճակատագրական սխալ թույլ տվեցինք
մեր ճամբարը աղբյուրից հեռու խփելով։ Այդ մասին ոչ ոք չհասցրեց մտածել առաջին
անսպասելի հարձակման իրարանցումի մեջ։ Մենք շտապում էինք չիմանալով, թե առաջին
գրոհին ե՞րբ կհաջորդի երկրորդը։ Իսկ այժմ արդեն ուշ էր սխալն ուղղելը։ Հնդկացիների
դիրքավորված բլուրից մոտ հարյուր մետր հեռավորության վրա մենք չէինք համարձակվում
վերադասավորել մեր ֆուրգոնները։ Ճամբարի ներսում, գերեզմանից դեպի հարավ, մենք
արտաքնոց սարքեցինք, իսկ կենտրոնում, խրամատից դեպի հյուսիս, տղամարդիկ, հորս
կարգադրությամբ, սկսեցին ջրհոր փորել։
Երկրորդ օրն
իրիկնադեմին մենք դարձյալ տեսանք Լիին։ Նա քայլում էր հյուսիս-արևմտյան ուղղությամբ
և անկյունագծով կտրեց անցավ հարթավայրը այնպիսի հեռավորության վրա, որն անհասանելի
էր մեր գնդակների համար։ Հայրս երկու ձող կապեց իրար, մորիցս սավան վերցրեց ու
ամրացրեց վերին փայտի ծայրին։ Եվ մենք բարձրացրինք մեր սպիտակ դրոշակը։ Բայց Լին
դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց ու շարունակեց իր
ճանապարհը։
Լաբանն ուզում էր այնուամենայնիվ նրան
հրացանազարկ անելու փորձ կատարել, բայց հայրս թույլ չտվեց։ նա ասաց, որ
սպիտակամորթերը, երևի, դեռ չեն որոշել ինչպես վարվել մեզ հետ, և եթե կրակենք Լիի
վրա, դա կարող է նրանց հանգեցնել մեզ համար անբարենպաստ
որոշման։
- Մոտ եկ, Ջեսսի, - ասաց հայրս, սավանից մի
շերտ կտրելով ու ամրացնելով ձողին։ - Վերցրու սա, գնա ու փորձիր այդ մարդու հետ
խոսել։ Նրան ոչինչ մի պատմիր, թե մենք այստեղ ինչ ենք անում։ Աշխատիր միայն
համոզել, որ նա գա այստեղ ու խոսի մեզ հետ։
Հպարտությամբ առլեցուն, որ ինձ այդքան կարևոր հանձնարարություն տրվեց, ես արդեն
պատրաստվում էի ճանապարհ ընկնել, բայց Ջեդ Դենհեմը հանկարծ գոչեց, որ ինքն էլ է
ուզում ինձ հետ գալ։ Ջեդն իմ հասակակիցն էր։
- Թույլ
կտա՞ս, որ քո որդին գնա Ջեսսի հետ, Դենհեմ, - դիմեց հայրս Դենհեմի հորը։ - Երկուսով
ավելի լավ է, քան մենակ։ Նրանք իրար թույլ չեն տա չարաճճիություն անել։
Ես ու Ջեդը, ինը տարեկան մանչուկներս, վերցնելով սպիտակ դրոշակը, գնացինք մեր թշնամիների առաջնորդի հետ բանակցություններ սկսելու։ Բայց Լին չկամեցավ խոսել մեզ հետ։ Մեզ նկատելով, նա միայն արագացրեց քայլերը։ Մեզ այնպես էլ չհաջողվեց այնքան մոտենալ, որ մեր ձայնը հասներ նրան։ Իսկ քիչ անց նա, ըստ երևույթին, պարզապես թաքնվեց օշինդրների մեջ, որովհետև նրան այնպես էլ այլևս չտեսանք, թեև հասկանում էինք, որ ոչ մի տեղ անհետանալ չէր կարող։
Ես ու Ջեդը հարյուր յարդ տարածության վրա զննեցինք օշինդրների թփուտները։ Մեզ չէին ասել, թե որքան ժամանակով կարող ենք բացակայել, ու քանի որ հնդկացիները մեզ վրա չէին կրակում, շարունակեցինք առաջ գնալ։ Մենք մոտ երկու ժամ քայլեցինք, թեև մենակ լինելու դեպքում մեզանից յուրաքանչյուրը վաղուց ի վեր ետ դարձած կլիներ, բայց այժմ Ջեդը վճռեց ինչ գնով էլ լինի ապացուցել, որ ինքը ինձնից քաջ է, իսկ ես նույնքան վճռականորեն կամենում էի ապացուցել, որ ես եմ նրանից քաջը։
Սակայն մեր այդ երեխայությունը որոշակի օգուտ տվեց։ Սպիտակ դրոշակի հովանու տակ մենք համարձակ թափառում էինք Լեռնային Մարգագետնում, և դժվար չէր մեզ համար համոզվելը, թե պաշարողների ինչպիսի խիտ օղակով է շրջապատված մեր ճամբարը։ Մեր կայանից ընդամենը կես մղոն հարավ տեսանք հնդկացիների մի մեծ ճամբար։ Ճամբարի հետևում մարգագետին կար, որտեղ ձիերին հեծած արշավում էին հնդկացի փոքրիկ տղաները։
Հետո մենք հետախուզեցինք արևելյան բլրակի վրա զարնվող հնդկացիների կայանը։ Ես ու Ջեդը կարողացանք բարձրանալ մեկ ուրիշ բլրակի վրա, որտեղից հնարավոր էր զննել նրանց ճամբարը։ Մոտ կես ժամ վատնեցինք ջանալով հաշվել նրանց, և ի վերջո պարզեցինք, իհարկե, մոտավորապես, որ երկու հարյուրից պակաս չեն լինի։ Բացի այդ, նրանց մեջ սպիտակամորթերի էլ տեսանք, որոնք ինչ-որ բանի մասին տաք-տաք խոսում էին հնդկացիների հետ։
Մեր ճամբարից հյուսիս-արևելք, ցածրիկ բլրաշարից ընդամենը երեք հարյուր յարդ հեռավորության վրա, մենք տեսանք սպիտակամորթերի մի մեծ ճամբար, իսկ ճամբարից այն կողմ փռված դաշտավայրում արածում էին մոտ վաթսուն ձի։ Իսկ ավելի հյուսիս, մոտ մեկ մղոն հեռավորության վրա, նկատեցինք փոշու փոքրիկ մի ամպ, որը սողում էր մեր կողմը։ Ես ու Ջեդը սպասեցինք մի քիչ ու տեսանք դեպի սպիտակամորթերի ճամբարը քառատրոփ արշավող միայնակ հեծյալի։
Երբ վերադարձանք մերոնց մոտ, մայրս ինձ դիմավորեց մի փառահեղ ապտակով, որովհետև մենք այդքան երկար ժամանակ բացակայել էինք։ Բայց հայրս լսելով մեր բերած լուրերը՝ գովեց թե ինձ և թե Ջեդին։
- Ինչպես երևում է, շուտով հարձակումը կսկսեն, - ասաց Էրեն Քոկրեյնը հորս։ - Այդ հեծյալը, որի մասին պատմում են երեխաները, իզուր չի արշավել այնտեղ։ Սպիտակամորթերը ինչ-որ տեղից կարգադրություն են սպասում, որպեսզի մեր վրա քշեն հնդկացիներին։ Հավանաբար այդ հեծյալը նրանց հրաման է բերել։ Նրանք ձիերին իզուր տեղը չեն քշի, պարզ բան է։
Մեր վերադարձից կես ժամ հետո Լաբանը փորձեց հետախուզության գնալ սպիտակ դրոշակի հովանու տակ։ Բայց քսան քայլ էլ չհասցրեց ճամբարից հեռանալ, երբ հնդկացիները կրակ բացեցին, և նա վազքով ետ դարձավ դեպի խրամատ։
Երբ արևն արդեն դեպի մայրամուտ էր թեքվում, ես խրամատում նստած գրկել էի ծծկեր երեխային, իսկ մայրս անկողին էր պատրաստում։ Խրամատում ասեղ գցելու տեղ չկար։ Կանանցից ոմանք պառկելու տեղ նույնիսկ չունեին, և անցյալ գիշեր մինչև լուսաբաց անց էին կացրել նստած վիճակում, գլուխները ծնկներին հակած։ Իմ կողքին, այնքան մոտիկ, որ եթե ձեռքը շարժեր՝ կդիպչեր ուսիս, մեռնում էր Սայլես Դենլեփը։ Առաջին հարձակման ժամանակ նա գլխից վիրավորվել էր, և առանց ուշքի գալու ամբողջ օրը զառանցում էր, իսկ երբեմն էլ սկսում ինչ-որ հիմար երգ երգել։ Ահավասիկ այդ երգերից մեկը, որ նա շարունակ երգում էր, մորս հանելով համբերությունից.
Սատանայի ճուտն ասաց մյուսին.
«Ծխախոտ տուր ինձ, լիքն է քո քիսան»։
Իսկ երկրորդ ճուտը պատասխան տվեց.
«Փող մի շռայլիր, և դու շատ շուտով
Քիսադ կլցնես նույն ծխախոտով»։
Երբ թշնամիներն անցան հարձակման, ես ծծկեր երեխային գիրկս առած, նստած էի նրա կողքին։ Արևը մայր էր մտնում, և ես աչքերս լայն բաց արած նայում էի Սայլես Դենլեփին, որն արդեն հոգևարքի մեջ էր։ Կինը՝ Սառան, նստել էր մոտն ու ձեռքը դրել նրա ճակատին։ Ե'վ կինը, և' մորաքույրը՝ Մարթան, մեղմ լալիս էին։ Ու այդ պահին էլ սկսվեց հարյուրավոր հրացաններից թափվող գնդակների կարկուտը։ Մեզ վրա արճիճ էին տեղում արևմուտքից, հյուսիսից և արևելքից։ Խրամատում գտնվողները պառկեցին գետնին։ Փոքր երեխաները լացուկոծ սկսեցին, և կանայք փորձեցին հանգստացնել նրանց։ Կանանցից մի քանիսը ևս սկզբում ճչացին, բայց այդպիսիները շատ քիչ էին։
Երկու-երեք րոպեի ընթացքում նրանք մեր վրա արձակեցին իմ կարծիքով մոտ հազար գնդակ։ Օ՜հ, ինչպես էի կամենում դուրս սողալ խրամատից ու տեղավորվել ֆուրգոնների տակ, ուր տղամարդիկ պառկած, թեև անկանոն, բայց հաստատակամորեն պատասխան կրակ էին բացել։ Յուրաքանչյուրը կրակում էր իր հայեցողությամբ, հենց որ տեսադաշտում հայտնվում էր մեզ վրա նշան բռնող մի մարդ։ Բայց մայրս կռահեց մտադրությունս և ստիպեց ավելի կռանալ ու գրկից ցած չդնել ծծկերին։
Այն է, ուզում էի նայել Սայլես Դենլեփին, որը դեռ հոգին չէր տվել, երբ նույն պահին սպանվեց Քասլթոնների երեխան։ Դորոթի Քասլթոնը, որն ինքն էլ հազիվ տասը տարեկան լիներ, նստած էր երեխան գրկին. երեխան սպանվեց, իսկ Դորոթիին ոչինչ էլ չեղավ։ Ես լսեցի, թե հետո ինչ էին խոսում այդ մասին, ու բոլորը եկան այն եզրակացության, որ գնդակը, հավանաբար, դիպել է ֆուրգոններից մեկի վերնամասին և հետադարձ հարվածով ընկել մեր խրամատը։ Դա սոսկ դժբախտ մի պատահար է, ասում էին բոլորը, իսկ ընդհանրապես, մեր խրամատին ոչ մի վտանգ չէր սպառնում։
Երբ ես դարձյալ նայեցի Սայլես Դենլեփին, նա արդեն մեռած էր, ու ես այրող մի հիասթափություն ապրեցի, որովհետև ինձ խանգարել էին այդքան կարևոր մի երևույթի վկա լինել։ Ախր կյանքումս առաջին անգամն էր, որ առիթ էր ներկայացել տեսնելու, թե ինչպես են մարդիկ մեռնում:
Դորոթի Քասլթոնը հուսահատ լալիս էր և ոչ մի կերպ չէր հանգստանում, այնպես որ միսիս Հասթինգը նույնպես սկսեց իր ողբը։ Այնպիսի մի աղմուկ բարձրացավ, որ հայրս Ուոթ Քեմմինգին ուղարկեց իմանալու, թե այստեղ ինչ է տեղի ունենում, և Քեմմինգը սողալով հասավ մեր խրամատին։
Երբ մութն ընկավ, սաստիկ հրաձգությունը դադարեց, թեև հատուկենտ կրակոցները չլռեցին ամբողջ գիշերվա ընթացքում։ Երկրորդ հարձակման ժամանակ մեր տղամարդկանցից երկուսը վիրավորվեցին, և նրանց տեղափոխեցին մեր խրամատը։ Իսկ Բիլլ Թայլերն սպանվել էր տեղնուտեղը, ու երբ գիշերը վրա հասավ, նրան, Սայլես Դենլեփին ու Քասլթոնների երեխային թաղեցին նրանց կողքին, որոնց թաղել էին նախորդ օրը։
Ամբողջ գիշերվա ընթացքում, իրար փոխարինելով, տղամարդիկ ջրհոր էին փորում, բայց հասան միայն խոնավ ավազի շերտին, իսկ ջուր չկար ու չկար։ Տղամարդկանցից մի քանիսին հաջողվեց գնդակոծության տակ երեք-չորս դույլ ջուր բերել գետակից, բայց երբ Ջերեմի Հոփքինսի բազուկը վիրավորվեց, ստիպված եղան հրաժարվելու դրանից։
Պաշարման հաջորդ, երրորդ օրվա առավոտը սկսվեց առանձնահատուկ մի տապով, և մենք ավելի շատ սկսեցինք տանջվել ծարավից, քան առաջ։ Մենք արթնացանք չոր կոկորդով, և ոչ ոք նախաճաշ չպատրաստեց։ Բերաններս այնպես էր չորացել, որ մենք չէինք կարողանում կուլ տալ։ Ես փորձեցի կրծել բորբոսնած հացի կտորը, որը տվեց մայրս, բայց կուլ տալ չկարողացա։ Հրաձգությունը մերթ սկսվում էր, մերթ դադարում։ Երբեմն մեր ճամբարի վրա հարյուրավոր գնդակներ էին տեղում, իսկ հետո սկսվում էր դադարի շրջանը, որի ընթացքում ոչ մի կրակոց չէր լսվում։ Հայրս անընդհատ զգուշացնում էր մերոնց, որ իզուր չկրակեն, որովհետև վառոդի ու գնդակների մեր պաշարն արդեն սպառվելու վրա էր։
Այդ ընթացքում տղամարդիկ անդադար փորում էին ջրհորը։ Արդեն այնքան էին խորացել, որ ավազը դուրս էին հանում դույլերով։ Դույլերը դուրս քաշող տղամարդիկ ստիպված էին լինում կանգնել հասակով մեկ, և նրանցից մեկի ուսը վիրավորվեց։ Դա Պիտեր Բրոմլին էր, որը Բլեդգուդների ֆուրգոնին լծված եզներն էր քշում։ Նա նշանված էր Ջեյն Բլեդգուդի հետ, և աղջիկը, առանց ուշադրություն դարձնելու գնդակոծության վրա, դուրս թռավ խրամատից, նետվեց դեպի Պիտերն ու օգնեց նրան մեզ մոտ իջնելու։ Կեսօրին ջրհորը փլվեց, և հողափորները իրենց ուժերը չխնայելով, սկսեցին փորել փլվածքը, որպեսզի փրկեն երկու հոգու, որոնք ողջ-ողջ թաղվել էին ավազի շերտի տակ։ Փլվածքի տակ մնացածներից մեկը՝ Էմոս Ուենթվորթը ուշքի եկավ մեկ ժամ հետո միայն։ Դրանից հետո ջրհորի պատերն ամրացրին ֆուրգոններից պոկած տախտակներով ու լծափայտերով, և շարունակեցին փորել։ Բայց քսան ֆուտ խորության վրա էլ միայն խոնավ ավազ էր։ Ջուր չկար։
Իսկ այդ միջոցին մեր խրամատում ինչ-որ զարհուրելի բան սկսվեց։ Երեխաները լալիս ու ջուր էին ուզում, ծծկերներն արդեն խռպոտել էին անդադար ճչալուց, բայց շարունակում էին ճչալ։ Վիրավորներից մեկը, Ռոբերտ Քառը մեզանից մոտ տասը քայլ հեռավորության վրա էր պառկած։ Ձեռքերը շարժելով, նա զառանցում էր և անդադար ջուր խնդրում։ Կանանցից մի քանիսն էլ ասես խենթացան ու առանց լսելու գոռգոռում էին և ամեն տեսակի անեծքներ տեղում մորմոնների ու հնդկացիների գլխին։ Մյուսները շարունակ բարձրաձայն աղոթում էին, իսկ Դեմդայք երեք քույրերը, որոնք հասուն աղջիկներ էին, իրենց մոր հետ ավետարանական սաղմոսներ էին երգում։ Կանանցից ոմանք ջանալով հանգստացնել տապից ու ծարավից թուլացած մանկիկներին, նրանց ծածկում էին ջրհորից դուրս քաշած խոնավ ավազով։
Ֆերֆաքս եղբայրները այլևս չդիմանալով, վերցրին դույլերը, սողացին անցան ֆուրգոնների տակով ու վազեցին դեպի աղբյուր։ Դեռ ճամփակեսին գնդակը տապալեց Ջայլսին, իսկ Ռոջերսը կարողացավ հասնել մինչև գետակն ու վերադարձավ
ողջ-առողջ։ Սա երկու դույլ ջուր բերեց, որի կեսն էլ թափել էր ճանապարհին։ Ջայլսը ետ սողաց ու երբ նրան օգնեցին իջնել մեր խրամատը, նա հազաց ու բերանից արյան մի շիթ հոսեց։
Եթե նույնիսկ տղամարդկանց չհաշվենք, ապա մենք հարյուր հոգուց ավելի կլինեինք, և երկու կիսատ դույլերը ոչ մի կերպ չէին կարող բավականացնել բոլորիս։ Ջուրը բաժանեցին միայն մանկիկներին, երեք-չորս տարեկան երեխաներին ու մեկ էլ վիրավորներին։ Ինձ ոչ մի կում չհասավ, բայց մայրս , երբ մի քանի գդալ ջուր ստացավ ծծկերի համար, լաթի եզրը թրջեց ու դրանով շփեց բերանս։ Իսկ իրեն այդքանն էլ չհասավ, որովհետև նա խոնավ փալասը տվեց ինձ, որպեսզի ծամեմ։
Կեսօրից հետո դրությունն ավելի վատթարացավ։ Անամպ, պարզ երկնքում կուրացուցիչ փայլում էր արևը, և ավազի մեջ փորած փոսը դարձավ շիկացած մի վառարան։ Մեր շուրջը թնդում էին կրակոցներն ու լսվում էին հնդկացիների մարտական կանչերը։ Հայրս մերոնց հազվադեպ էր թույլատրում կրակել, այն էլ միայն լավագույն հրաձիգներին ինչպիսիք էին, օրինակ, Լաբանն ու Թիմոնի Գրանտը։ Իսկ մեզ վրա անդադար արճիճ էին տեղում։ Սակայն ոչ մի գնդակ ետադարձ հարվածով չընկավ մեր խրամատը, որպեսզի մի նոր դժբախտության առիթ դառնա, մեր տղամարդիկ էլ հիմա հազվադեպ էին կրակում, ավելի շատ պառկում էին խրամատի հատակին, որտեղ նրանց քիչ վտանգ էր սպառնում։ Վիրավորվել էին ընդամենը չորս հոգի, որոնցից միայն մեկի վիճակն էր ծանր։
Երբ հրաձգությունը ժամանակավորապես դադարեց, հայրս եկավ մեր խրամատը։ նա նստեց մորս և իմ կողքին ու միառժամանակ լռեց։ Թվում էր, թե նա ականջ է դնում ծարավից ուժասպառ եղած մարդկանց լացին, հառաչանքներին ու բողոքներին։ Հետո նա խրամատից դուրս եկավ ու գնաց զննելու ջրհորը։ Նա խոնավ ավազ բերեց ու հաստ շերտով ծածկեց Ռոբերտ Քառի կուրծքը և ուսերը։ Հետո ուղղվեց դեպի Ջեդ Դենհեմի ու նրա մոր կողմը և մարդ ուղարկեց Ջեդի հոր հետևից, որ ֆուրգոնի տակի խրամատում էր։ Մեր խրամատում այնպիսի նեղվածք էր, որ երբ մեկնումեկը փորձում էր դուրս գալ, ստիպված մի կերպ անցնում էր քնածների մարմինների վրայով ու արանքներով։
Մի քիչ անց հայրս նորից եկավ մեզ մոտ։
- Ջեսսի, դու հնդկացիներից չե՞ս վախենում, - հարցրեց նա։
Ես վճռականորեն գլուխս բացասաբար շարժեցի, նախազգալով, որ դարձյալ մի շատ կարևոր հանձնարարություն եմ ստանալու։
- Եվ այդ անիծյալ մորմոնների՞ց էլ չես վախենում։
- Անիծյալ մորմոններից չեմ վախենում, - պատասխանեցի ես, ուրախանալով, որ կարող եմ մեր թշնամիներին անիծյալ կոչել ու մորիցս ապտակ չստանալ։
Իմ այս պատասխանի վրա ես նկատեցի հորս մոխրագույն շուրթերին հայտնված թեթևակի ժպիտը։
- Ուրեմն, Ջեսսի, - ասաց նա։ - Ջեդի հետ կգնա՞ս գետակից ջուր բերելու։
Ես պատրաստ էի հենց նույն րոպեին էլ գնալ։
- Դուք աղջկա զգեստ կհագնեք, - շարունակեց հայրս։ - Այդ դեպքում, երևի, ձեզ վրա չեն կրակի։
Ես համառորեն պնդեցի, որ ջրի կգնամ իմ իսկական զգեստով՝ տաբաթ հագած, ինչպես վայել է տղամարդուն, բայց և անմիջապես դադարեցի վիճել, հենց որ հայրս ակնարկեց, թե ստիպված մի ուրիշ տղայի կընտրի, որին կարելի է աղջկա զգեստ հագցնել և ուղարկել Ջեդի հետ։
Չեթոքսների ֆուրգոնից մի սնդուկ հանեցին։ Չեթոքսների դուստրերը երկվորյակներ էին ու գրեթե նույն հասակն ունեին, ինչ որ ես ու Ջեդը։ Կանայք օգնեցին, որ մենք զգեստները փոխենք։ Նրանք հագցրեցին եկվորյակների տոնական շրջազգեստները, որոնք Արկանզասից մինչև այստեղ սնդուկից երբեք չէին հանել։
Մայրս ինձ համար այնպես էր անհանգստանում, որ Սառա Դենլեփին խնդրեց նայել ծծկերին, իսկ ինքը ուղեկցեց ինձ մինչև ճակատային խրամատը։ Այստեղ, ֆուրգոնների տակի խրամատում, ավազաթմբի հետև պատսպարված, ես ու Ջեդը ստացանք վերջին խրատները։ Դրանից հետո խրամատից դուրս սողացինք ու կանգնեցինք բաց դաշտում։ Մենք հագնված էինք միատեսակ, լայն, երկնագույն գոտիով ճերմակ շրջազգեստ, ճերմակ գուլպաներ, ճերմակ ու լայնեզր գլխարկներ։ Կանգնել էինք իրար ձեռք բռնած. Ջեդը իմ ձախ կողմն էր։ Մեր ձեռքին մեկական փոքրիկ դույլ կար։
- Հանգի՜ստ, - բացականչեց հայրս մեր հետևից, երբ քայլեցինք առաջ։ - Մի' շտապեք։ Քայլեցեք այնպես, ինչպես աղջիկները։
Ոչ մի կրակոց չթնդաց։ Մենք բարեհաջող հասանք աղբյուրին, դույլերը լցրինք ջրով, իսկ հետո պառկեցինք ջրի ափին ու մի լավ հագեցրինք մեր ծարավը։ Լիքը դույլերը ձեռքներիս մենք ետ վերադարձանք։ Ու առաջվա պես ոչ մի կրակոց չլսվեց։
Արդեն չեմ հիշում, թե քանի անգամ մենք գնացինք աղբյուր ու վերադարձանք, գուցե տասնհինգ անգամ, գուցե և քսան։ Ամեն անգամ գնալիս, քայլում էինք անշտապ, իրար ձեռք բռնած, և վերադառնում էինք դարձյալ առանց շտապելու, չորս լիքը դույլով։ Ուղղակի զարմանալի է, թե ինչպես էր մեզ տանջում ծարավը։ Մենք հաճախակի չոքում էինք աղբյուրի մոտ ու ագահորեն ջուր խմում։
Բայց մեր թշնամիներն ի վերջո կորցրեցին իրենց համբերությունը։ Դժվար էր պատկերացնել, որ հնդկացիները ինչ-որ աղջնակների պատճառով զսպեին կրակելու ցանկությունը, եթե նրանք ընդհանրապես գործում էին սեփական նախաձեռնությամբ, և ոչ թե նրանց մեջ գտնվող սպիտակամորթերի ցուցմունքներով։ Բայց և այնպես, հազիվ էինք ես ու Ջեդը նորից ուղղություն վերցրել դեպի աղբյուրը, երբ հնդկացիների դիրքավորված բլուրից թնդաց նախ մեկ, ապա երկրորդ կրակոցը։
- Ետ դարձեք, - լսեցի մորս ճիչը։
Նայեցի Ջեդին, Ջեդն էլ ինձ նայեց։ Գիտեի, որ նա համառ տղա է, և ոչ մի դեպքում առաջինը տեղի չի տա։ Ես առաջ քայլեցի, նա էլ անմիջապես հետևեց ինձ։
- Հե՜յ... Ջեսսի՜, - բացականչեց մայրս, և այդ կանչը հնչեց ամեն տեսակի ապտակից էլ վատ։
Ջեդն ուզում էր շարունակել ճանապարհը, բռնելով իմ ձեռքը, բայց ես շարժեցի գլուխս։
- Վազենք, - առաջարկեցի ես։
Ու երբ մենք ավազի մեջ խրվելով, վազեցինք դեպի աղբյուրը, ինձ թվաց, թե հնդկացիները իրենց ունեցած-չունեցած բոլոր հրացաններով գնդակոծում են մեզ։ Ես առաջինը աղբյուրին հասա, և Ջեդը ստիպված եղավ սպասել, մինչև որ դույլերս լցնեմ։
- Դե, հիմա վազիր, - ասաց նա ու սկսեց այնքան անշտապ լցնել իր դույլերը, որ ես հասկացա, նա վճռել էր ինչ գնով էլ լինի, վերադառնալ երկրորդը։
Ես կծկվեցի աղբյուրի մոտ ու սպասեցի, նայելով, թե ինչպես գնդակները խրվելով ավազի մեջ, փոշու փոքրիկ քուլաներ են բարձրացնում։ Հետո մենք ուս-ուսի, վազքով ետ դարձանք։
- Այդպես մի' վազիր, - զգուշացրեցի նրան։ - Ամբողջ ջուրը կթափես։
Իմ այս խոսքը նրա սրտին դիպավ ու նա նկատելիորեն դանդաղեցրեց ընթացքը։ ճանապարհի կեսին ես սայթաքեցի ու հասակով մեկ փռվեցի գետնին։ Գնդակը շրխկաց հենց գլխիս մոտ, ու աչքերս ավազով լցրեց։ Առաջին պահին այնպես թվաց, թե գնդակը դիպավ ինձ։
- Դիտավորյալ արեցիր, - նենգաբար ժպտալով ասաց Ջեդը, երբ ես ոտքի ելա։ Կողքիս կանգնած, նա սպասում էր իմ վեր կենալուն։
Հասկացա, թե ինչ է մտածում։ Նա կարծում էր, թե ես դիտավորյալ եմ ընկել, որպեսզի ջուրը թափվի ու նորից վերադառնամ դեպի աղբյուրը։ Իրար մոտ մենք այնպես էինք պարծենում մեր անվախությամբ, որ ես անմիջապես օգտագործեցի ինձ ընձեռնված այն հնարավորությունը, ինչ նա ակնարկում էր, ու ետ վազեցի դեպի աղբյուրը։ Իսկ Ջեդ Դենհեմը ցցվել էր բաց տեղանքում և, ասես չնկատելով շուրջը սուլող գնդակները, սպասում էր, ինձ։ Մենք միասին ետ վազեցինք ու ճամբար վերադարձանք փառքի իսկական լուսապսակով, չնայած տղայական մեր անմտություններին։ Ճիշտ է, Ջեդը, վերջին հաշվով, ընդամենը մեկ դույլ ջուր էր բերել։ Նրա երկրորդ դույլը, գրեթե հատակի մոտ, ծակել էր գնդակը։
Մայրս վերցրեց իմ դույլերն ու սահմանափակվեց այնքանով, որ հանդիմանեց իրեն չլսելուս համար։ Երևի նա զգում էր, որ հիմա հայրս թույլ չի տա ինձ պատժել. իզուր չէր, որ երբ մայրս հանդիմանում էր, հայրս նրանից թաքուն աչքով արեց ինձ։ Առաջներում երբեք նա ինձ այդպես աչքով չէր արել։
Մեր խրամատում ինձ ու Ջեդին դիմավորեցին որպես հերոսների։ կանայք լալիս ու համբուրում էին մեզ, խեղդում էին իրենց գրկում և անդադար օրհնում։ Խոստովանում եմ, ես չափազանց հպարտ էի ինձ զգում, թեև Ջեդի պես ես էլ էի ձևացնում, թե այդ ամենն ինձ դուր չի գալիս։ Իսկ Ջերեմի Հոփքինսը (նրա աջ ձեռքը բազուկի փոխարեն վերջանում էր տձև մի վիրակապով) հայտարարեց, որ ես ու Ջեդը լավ մերանից ենք ու իսկական տղամարդիկ կլինենք, այնպիսին, ինչպես Դենիել Բունը, կամ Քիտ Քարսոնը, կամ Դևի Քրոքետը։ Դե, այստեղ ես արդեն քիթս չափազանց վեր ցցեցի։
Մինչև երեկո ես տանջվեցի աջ աչքիս ցավից, որն ավազով էր լցվել այն ժամանակ, երբ գնդակը քիչ էր մնում դիպչեր գլխիս։ Մայրս ասաց, որ աչքս արյուն է լցվել, և ես ամեն րոպե մեկ փակում, մեկ բացում էի կոպերս, բայց ոչինչ չէր օգնում. միևնույն է՝ ցավում էր։
Մեր խրամատում բոլորը լռեցին ու հանգստացան ուզածին չափ ջուր խմելուց հետո, բայց թե ինչպես ենք դարձյալ ջուր ճարելու, առաջվա պես մտահոգում էր մեզ, և դեռ ավելին. բոլորն էլ գիտեին, որ մեր վառոդն արդեն սպառվում է։ Բոլոր ֆուրգոններն ուշադիր աչքի անցկացնելուց հետո հայրս ընդամենը հինգ ֆունտ վառոդ գտավ։ Մի քիչ էլ տղամարդկանց վառոդամաններում կար։
Ես հիշում էի, որ նախորդ օրը թշնամիները գրոհի փորձ կատարեցին արևամուտին, ու ենթադրելով, որ այսօր էլ նույն բանը կկրկնվի, նախապես սողացի ֆուրգոնների տակ և որոնեցի Լաբանին։ Նա մտքերի մեջ ընկած ծխախոտ էր ծամում և ինձ չնկատեց։ Միառժամանակ ես լուռ նրան էի նայում, վախենալով, թե նա անմիջապես ինձ ետ կուղարկի։ Ֆուրգոնի անիվների միջև եղած նեղ ճեղքից նա երկար ժամանակ նայում էր, կենտրոնացած ծամելով իր ծխախոտը, իսկ հետո խյուսը դուրս թքեց նախօրոք փորած փոքրիկ փոսի մեջ։
- Գործերն ինչպե՞ս են, հը՞, - ի վերջո չհամբերեցի ես։ Նա իր զրույցն ինձ հետ միշտ այս հարցով էր սկսում։
- Գերազանց, - պատասխանեց նա։ - Ավելի լավ հնարավոր էլ չէ պատկերացնել, Ջեսսի. ախր հիմա, երբ դու մեզ համար ջուր բերեցիր, ես դարձյալ ծխախոտ ծամելու հնարավորություն ունեմ։ Իմ բերանն այնպես էր չորացել, որ լուսաբացից մինչև հիմա չէի ծամել։
Այդ պահին հյուսիս-արևելյան բլրի գագաթին, որտեղ դիրքավորվել էին սպիտակամորթերը, երևաց ինչ-որ մեկի գլուխն ու ուսերը: Լաբանը մոտ մեկ րոպե շարունակ նշան բռնեց, իսկ հետո հրացանը վար իջեցրեց ու շարժեց գլուխը։
- Չորս հարյուր յարդ կլինի։ Ոչ, չի կարելի կրակել։ Գուցե կխփեմ, բայց գուցե ոչ, իսկ քո հայրը հրամայել է խնայել վառոդը։
- Ի՞նչ ես կարծում, ինչի՞ վրա կարող ենք հույս ունենալ,- հարցրեցի ես որպես տղամարդը՝ տղամարդուն, քանի որ ջուր բերելու իմ հերոսությունից հետո ես արդեն կարծում էի, որ տղամարդկանց հետ ինձ կարող եմ հավասարի պես պահել։
Լաբանը մի փոքր հապաղեց, նա, թվում էր, կշռադատում է բոլոր «թեր» և «դեմերը»։
- Ջեսսի, քեզնից չեմ թաքցնի, որ մենք ընկել ենք մի գարշելի պատմության մեջ։ Բայց մենք դուրս կպրծնենք, այո', այո' , դուրս կպրծնենք, կարող ես գրազ գալ քո վերջին դոլլարով։
- Դե, մեզնից ոմանք արդեն դուրս պրծնել չեն կարողանա, - նկատեցի ես։
- Ովքե՞ր, - հարցրեց Լաբանը։
- Ասենք, օրինակ, Բիլլ Թայլորը, և' միսիս Գրանտը, և' Սայլես Դենլեփը, և' մյուսները։
- Ա՜հ, հիմարություններ դուրս մի' տուր, Ջեսսի, նրանք արդեն գետնի տակ են։ Մի՞թե դու չգիտես, որ վաղ թե ուշ յուրաքանչյուր մարդու վիճակվում է թաղել իր մեռելներին։ Դարերի խորքից այդպես եկել է, այդպես էլ կգնա, սակայն դրանից ողջերի թիվը չի պակասում։ Գիտես, Ջեսսի, կյանքն ու մահը միշտ իրար ձեռք բռնած են գնում, և մարդիկ ծնվում են նույնքան արագ, որքան և մեռնում են, գուցե և շատ ավելի արագ ծնվում են. չէ՞ որ ողջերը բազմացել են, շատացել։ Օրինակի համար՝ դու. երբ վազում էիր ջրի հետևից, կարող էին քեզ գնդակահարել։ Իսկ դու հիմա նստած ես այստեղ, ճի՞շտ է։ Խոսում ես ինձ հետ, և ես կարծում եմ, որ դու դեռ կմեծանաս, կդառնաս հայր, այո՜. Կալիֆորնիայի որևէ վայրում մի մեծ ընտանիքի հայր կդառնաս։ Ասում են, որ այնտեղ, Կալիֆորնիայում, ամեն ինչ մեծ է լինում ։
Նրա այն համոզմունքը, որ ամեն բան լավ կլինի, ինձ արիություն ներշնչեց, և ես հանկարծ համարձակվեցի տալու մի հարց, որը ծնվել էր վաղուց ի վեր տանջող նախանձից։
- Լսիր, Լաբան, ենթադրենք, քեզ սպանեն...
- Ո՞ւմ։ Ի՞նձ, - բացականչեց նա։
- Ես ախր ասացի՝ «ենթադրենք», - բացատրեցի ես։
- Ա'հ, դե' լավ: Խոսքդ ասա։ Ենթադրենք, ինձ սպանեն...
- Գուցե, դու ինձ կտա՞ս քո գանգամաշկերը...
- Եթե մայրդ սրանք քո ձեռքին տեսնի, մի լավ կթակի, - խուսափողաբար ասաց նա։
- Ես նրա ներկայությամբ գոտիկիցս չեմ կախի, լա՞վ: Ախր, եթե քեզ սպանեն, Լաբան, միևնույն է, մեկնումեկը կվերցնի քո այդ գանգամաշկերը։ Այդ դեպքում, ինչո՞ւ սրանք իմը չլինեն։
- Իսկապես, ինչո՞ւ քոնը չլինեն, - կրկնեց նա։ - Ճիշտ է, ինչո՞ւ քոնը չլինեն։ Լավ, Ջեսսի։ Ես քեզ հավանեցի, քո հորը՝ նույնպես։ Հենց որ սպանեն ինձ, կվերցնես իմ գանգամաշկերը, գանգամաշկ քերթելու դանակն էլ հետը։ Թիմոթի Գրանտը թող վկա լինի։ Դու լսեցի՞ր, թե ես ինչ ասացի, Թիմոթի։
Թիմոթին հաստատեց, որ լսել է, իսկ ես խեղդուկ խրամատում նստած, անսպասելի երջանկությունից լեզուս կապված, ոչ մի բառով չկարողացա հայտնել իմ շնորհակալությունը:
Ես մեծ շրջահայացություն ցուցաբերեցի նախօրոք գալով ֆուրգոնների տակ փորված խրամատը և շահեցի: Մեր ճամբարի վրա հերթական գրոհը, իսկապես, որ սկսվեց մայրամուտից առաջ։ Մեզ դարձյալ գնդակոծեցին հարյուրավոր հրացաններից, բայց մերոնցից ոչ մեկը նույնիսկ մի քերծվածք չստացավ։ Իսկ մենք մեր հերթին կրակեցինք մոտ երեսուն անգամ, բայց ես աչքովս տեսա, որ թե Լաբանը և թե Թիմոթի Գրանտը մեկական հնդկացու փռեցին գետին։ Լաբանն ինձ ասաց, որ մեզ անընդհատ գնդակոծում են հնդկացիները։ Նա պնդում էր, որ սպիտակամորթերը ոչ մի անգամ չեն կրակել, և այս հանգամանքը Լաբանին փակուղու առաջ էր կանգնեցրել։ Սպիտակամորթերը չէին օգնում մեզ, բայց և չէին էլ հարձակվում մեզ վրա։ Սակայն նրանք մի քանի անգամ եկել էին մեզ վրա կրակ բացող հնդկացիների մոտ։
Հաջորդ առավոտյան մենք բոլորս դարձյալ սկսեցինք տանջվել ծարավից։ Հազիվ էր լույսը բացվել, որ ես խրամատից դուրս եկա։ Գիշերվա ընթացքում ցող էր իջել և բոլորը՝ տղամարդիկ, կանայք ու երեխաները լիզում էին անիվների ճաղերն ու ֆուրգոնների լծափայտերը, ջանալով հագեցնել իրենց ծարավը։
Ասում էին, թե գիշերով Լաբանը հետախուզության է գնացել։ Նա սողեսող մոտեցել էր սպիտակամորթերի ճամբարին և խարույկների լույսի տակ տեսել, որ նրանք արդեն արթնացել ու շրջան կազմած աղոթում են։
- Մեր համար են աղոթում, - ասաց Լաբանը։ - Աստծուց հարցնում են, թե ինչպե՞ս վարվեն մեզ հետ։
Համենայն դեպս, այսքան բան էր նա հասկացել այն սակավ բառերից, որոնք կարողացել էր լսել։
- Ուրեմն, աստված թող նրանց խելք տա, - լսեցի ես, թե ինչպես Դեմդայք քույրերից մեկը ասաց էբբի Ֆոքսուելին։
- Եվ որքան շուտ, այնքան լավ, - պատասխանեց էբբի Ֆոքսուելը։ - Որովհետև չգիտեմ, թե առանց ջրի ինչպես ենք մի ամբողջ օր ևս դիմանալու, վառոդն էլ արդեն վերջանում է։
Առավոտյան որևէ դեպք տեղի չունեցավ։ Ոչ մի կրակոց չլսվեց։ Անամպ երկնքից առաջվա պես կիզում էր արևը։ Ծարավը մեզ ավելի ու ավելի էր տանջում, և քիչ անց բոլոր ծծկեր երեխաները դարձյալ սկսեցին լաց լինել, իսկ մանուկները սկսեցին թնկթնկալ ու դժգոհել։ Կեսօրին Ուիլլ Համիլտոնը երկու մեծ դույլ վերցրեց աղբյուր գնալու համար։ Ֆուրգոնի տակից դեռ չէր հասցրել դուրս սողալ, երբ էնն Դեմդայքը նետվեց նրա հետևից, գրկեց ու ետ քաշեց։ Բայց Ուիլլը համոզեց նրան, համբուրեց ու գնաց: Նրա վրա չկրակեցին և նա շարունակեց քայլել դեպի աղբյուրը ու ետ դարձավ ողջ ու առողջ, լիքը դույլերը ձեռքին։
- Փառք աստծո, - բացականչեց միսսիս Դեմդայքը։ - Լավ նշան է Աստված փափկացրել է նրանց սրտերը։
Եվ կանանցից շատերը համաձայնեցին նրա հետ։
Կեսօրվա ժամը երկուսին, երբ մենք մի քիչ սրտապնդվել էինք, սպիտակ դրոշակով մի մարդ հայտնվեց։ Ուիլլ Համիլտոնը դուրս եկավ նրան դիմավորելու, նրանք ինչ-որ բանի մասին խոսեցին իրար հետ, որից հետո Ուիլլը վերադարձավ և խոսեց հորս ու մյուս տղամարդկանց հետ, և դարձյալ մոտեցավ դրոշակով մարդուն։ Եվ մենք նկատեցինք, որ փոքր-ինչ հեռու մի ուրիշ մարդ կանգնած, դիտում է այս ամենը. այդ մարդը Լին էր։
Բոլորիս զարհուրելի մի հուզմունք պատեց։ Կանայք արտասվելով, ուրախացած համբուրում էին իրար, իսկ միսսիս Դեմդայքն ու մյուս պառավները բարձրաձայն սաղմոսներ էին երգում ու փառաբանում աստծուն։ Մեզ առաջարկել էին սպիտակ դրոշակ բարձրացնել, իսկ դրա փոխարեն խոստացել էին պաշտպանել հնդկացիների հարձակումից, և մեր տղամարդիկ ընդունեցին այդ առաջարկը։
- Ուրիշ ելք չունենք, - լսեցի ես մորս ուղղված հորս խոսքերը։
Ընկճված ու վհատված, հոգնությունից կռացած, նա նստեց ֆուրգոնի լծափայտին։
- Իսկ եթե նրանք որոշել են խաբե՞լ մեզ, - հարցրեց մայրս։
Հայրս ուսերը վեր քաշեց։
- Ստիպված պետք է այդ քայլին դիմենք, - պատասխանեց նա։ - Մեր վառոդն արդեն սպառվել է։
Տղամարդիկ ֆուրգոններից մեկի անիվների շղթան արձակեցին ու մի կողմի վրա քաշեցին։ Ես վազեցի տեսնելու, թե ինչ է տեղի ունենում։ Ճամբար եկավ անձամբ ինքը՝ Լին, Նրա հետևից շարժվում էին երկու բոլորովին դատարկ, եթե միայն չհաշվենք կառապաններին, ֆուրգոն։ Բոլորը շրջապատեցին Լիին։ Նա ասաց, որ իրենց հազիվ է հաջողվել թույլ չտալ հնդկացիներին հաշվեհարդար տեսնել մեզ հետ, բայց հիմա մայոր Հիգբին, մորմոնների հիսուն հոգիանոց միլիցիայի խմբով պատրաստ է մեզ իր հովանավորության տակ վերցնելու։
Սակայն Լիի խոսքերում ինչ-որ բան անհանգստացրեց հորս, Լաբանին ու տղամարդկանցից մի քանիսին ևս։ Լին մեզ առաջարկեց բոլոր հրացանները դնել ֆուրգոններից մեկի մեջ, որպեսզի հնդկացիները մեր դեմ չգրգռվեն։ Եթե մենք այդպես վարվենք, ասաց նա, հնդկացիները կկարծեն, որ մորմոնների միլիցիան մեզ գերի է վերցրել։
Հայրս ուղղվեց ու, երևի, կամենում էր մերժողական պատասխան տալ, սակայն երբ մի հայացք փոխանակեց Լաբանի հետ, վերջինս կիսաձայն մրթմրթաց.
- Քանի որ այլևս վառոդ չունենք, ուրեմն, էլ ի՞նչ տարբերություն, թե որտեղ կդնենք հրացանները։
Երկու վիրավորներին, որոնք շարժվել չէին կարողանում, տեղափոխեցին ֆուրգոն, և բոլոր երեխաներին ևս տեղավորեցին ֆուրգոններում։ Լին երեխաներին բաժանեց երկու խմբի, մինչև ութ տարեկաններն ու դրանցից մեծերը։ Իմ և Ջեդի ինը տարին արդեն լրացել էր, և բացի այդ, մենք երկուսս էլ հաղթանդամ էինք, և Լին մեզ դնելով երկրորդ խմբում, ասաց, որ մենք կանանց հետ ոտքով կգնանք։
Երբ նա մորս գրկից վերցրեց երեխային և դրեց ֆուրգոն, մայրս այն է, ուզում էր դիմադրել, բայց հետո տեսա, թե ինչպես սեղմեց շուրթերն ու ինքն իրեն ստիպեց համակերպվել։ Մայրս մոխրագույն աչքերով և խոշոր, արտահայտիչ դիմագծերով, միջին տարիքի վայելչակազմ կին էր, սակայն երկար ու ծանր ճանապարհը և զրկանքները իրենց կնիքն էին թողել նրա վրա, նիհարել էր, այտերը փոս էին ընկել, ու դեմքին, ինչպես և մյուս կանանց մոտ, դրոշմված էին հարատև հոգսն ու տագնապը։
Երբ Լին սկսեց մեզ բացատրել, թե ինչպիսի կարգով է լինելու մեր տեղաշարժը, Լաբանը մոտեցավ ինձ, Լին ասաց, որ կանայք ու տարիքով մեծ երեխաները կքայլեն առջևից, հետևելով երկու ֆուրգոններին, իսկ կանանցից հետո, իրար հետևից կգնան տղամարդիկ։ Եվ Լաբանը, այս կարգադրությունը լսելով, մոտեցավ ինձ, արձակեց իր գանգամաշկերն, ու կապեց իմ գոտուն։
- Բայց դու դեռ չես սպանվել, - զարմացա ես։
- Ոչ, գրողը տանի, ոչ, ես դեռ չեմ սպանվել, - ուրախ պատասխանեց նա։ - Ուղղակի աստված լուսավորեց իմ ուղեղը։ Գանգամաշկեր կրելը դատարկ բան է, հեթանոսական ծես... - նա ասես ինչ-որ բան հիշելով, կմկմաց, հետո կտրուկ շրջվեց և քայլեց դեպի տղամարդկանց խումբը, ուսի վրայով ինձ ասելով. - Դե, ողջ եղիր, Ջեսսի։
Ես դեռ մտմտում էի, թե ինչու Լաբանն հանկարծ հրաժեշտ տվեց ինձ, երբ մեր ճամբար արշավեց մի ձիավոր։ Նա ասաց, որ մայոր Հիգբին մեզ հրամայում է շտապել, քանի որ հնդկացիներն ամեն րոպե կարող են հարձակման անցնել։
Ուստի և մենք ճամփա ընկանք։ Առջևից գնում էր երկու ֆուրգոն։ Ֆուրգոնների հետևից քայլում էինք մենք՝ կանայք ու երեխաները, Լիի ուղեկցությամբ։ Մեր հետևից, մոտ երկու հարյուր ֆուտ հեռավորությամբ, գալիս էին տղամարդիկ։ Դուրս գալով ֆուրգոնների հետևից, մենք տեսանք միլիցիային, որը կանգնած էր մի երկար շղթա կազմած. մորմոնները իրենց հրացաններին հենված կանգնել էին իրարից հինգ-վեց ֆուտ հեռավորությամբ։ Երբ անցնում էինք նրանց մոտով, ակամայից աչքովս ընկավ նրանց դեմքի մռայլ-հաղթական արտահայտությունը։ Նրանք ասես հավաքվել էին հուղարկավորության համար։ Ըստ երևույթին կանայք ևս նկատեցին այդ, որովհետև մի քանիսը լաց եղան։
Ես քայլում էի մորս հետևից։ Թաքնվել էի նրա թիկունքում, որպեսզի նա հանկարծ չտեսներ իմ զանգամաշկերը։ Ինձ հետևում էին Դեմդայք երեք քույրերը, որոնցից երկուսը թևերից բռնած, բերում էին իրենց պառաված մորը։ Լսում էի, թե ինչպես Լին մերթ ընդ մերթ ձայն էր տալիս ֆուրգոնների կառավարներին, որպեսզի դանդաղ գնան։ Հեռվում կանգնած մի ձիավոր դիտում էր մեր թափորի առաջընթացը, և Դեմդայք քույրերից մեկն ասաց, որ դա մայոր Հիգբին է։ Մոտակայքում ոչ մի հնդկացի չկար։
Ամեն բան տեղի ունեցավ այն պահին (ես շրջվել էի, որպեսզի տեսնեմ, թե ինչ եղավ Ջեդ Դենհեմը), երբ տղամարդիկ հավասարվեցին մորմոնների միլիցիային։ Ես լսեցի, թե ինչպես մայոր Հիգբին զրնգուն ձայնով գոչեց. «Կատարեցեք ձեր պարտքը», և բոլոր մորմոնները հրացանային կրակ բացեցին. տղամարդիկ հնձվածի պես տապալվեցին գետին։ Ընկան նաև պառավ Դեմդայքն ու նրա երեք դուստրերը։ Ես արագ շրջվեցի, հայացքով մորս որոնելով, բայց նա էլ արդեն փռվել էր ավազին։ Կողքի թփուտներից ուղիղ մեր վրա ցատկեցին հնդկացիները, մոտ հարյուր հոգի, և կրակ բացեցին։ Տեսա, թե ինչպես Դենլեփ երկու քույրերը սկսեցին փախչել մի կողմի վրա, ու վազեցի նրանց հետևից, որովհետև թե սպիտակամորթերը և թե հնդկացիները առանց խտրության սպանում էին բոլորիս։ Վազելիս հասցրի տեսնել, թե ինչպես ֆուրգոններից մեկի կառավարը գնդակահարեց երկու վիրավորի։ Երկրորդ ֆուրգոնի ձիերը խրտնեցին ու ծառս եղան, իսկ կառավարը ջանում էր զսպել նրանց...
***
Այն ակնթարթին, երբ ինը տարեկան տղան, որպիսին ես էի մի ժամանակ, սկսեց փախչել Դենլեփ քույրերի հետևից, խավարն իջավ ու կլանեց նրան։ Այսքանով ընդհատվում է այն ամենը, ինչ պահպանել էր Ջեսսի Ֆենչերի հիշողությունը, քանի որ այդ նույն ակնթարթին Ջեսսի Ֆենչերը որպես այդպիսին ընդմիշտ դադարեց գոյություն ունենալուց։ Այն, ինչ Ջեսսի Ֆենչերն էր, այն ձևը, որի մեջ ինչ-որ բան էր կաղապարված, Ջեսսի Ֆենչերի մարմինը, այսինքն նյութը, կամ տեսանելին անհետացավ, դադարեց գոյություն ունենալուց, ինչպես և բոլոր տեսանելիները։ Սակայն ոգին անցողական չէ, և այդ ոգին չանհետացավ։ Նա շարունակեց գոյություն ունենալ և իր հաջորդ կերպարավորմամբ ժամանակավոր մի թաղանթ գտավ ոմն Դարրել Սթենդինգի մարմնում, որը շուտով դուրս կտարվի այս խցից, կախաղան կբարձրացվի և կուղարկվի չգոյություն, որտեղ նա կանհետանա ճիշտ այնպես, ինչպես անհետանում են այն ամենը, ինչ ավելին չեն, քան տեսանելիությունը։
Այստեղ, Ֆոլսեմ բանտում, գտնվում է ցմահ բանտարկյալ Մեթյու Դևիսը։ Նա մահվան դատապարտվածների խցի ավագն է։ Շատ ծեր է արդեն, իսկ ծնողները այս կողմերի առաջին գաղթականներն են եղել։ Ես նրա հետ զրուցեցի, և նա հաստատեց, որ գաղթականների քարավանի կոտորածը, որի ժամանակ զոհվել է Ջեսսի Ֆենչերը, իրականում տեղի է ունեցել։ Երբ այդ ծերունին դեռ երեխա էր, նրանց ընտանիքում մի ժամանակ խոսելիս են եղել Լեռնային Մարգագետինների եղեռնի մասին։ Ողջ են մնացել միայն ֆուրգոնի միջի երեխաները, ասաց նա։ Նրանց խնայել են, որովհետև շատ փոքրիկ էին այդ երեխաները և կոտորածի մասին չէին կարող պատմել հետագայում։
Դատեցեք ինքներդ։ Դարրել Սթենդինգի իմ կյանքում դեռ ոչ մի անգամ ես նույնիսկ մի բառ չեմ լսել այն մասին, թե ինչպես է Լեռնային Մարգագետիններում ոչնչացվել կապիտան Ֆենչերի քարավանը, և այդ մասին մի տող անգամ չեմ կարդացել։ Սակայն այդ եղեռնի պատմությունը իմ առջև բոլոր մանրամասներով բացահայտվեց, երբ Սեն-Քվենտին բանտում զսպաշապիկ էին հագցրել ինձ։ Այդ ամենը ես չէի կարող ստեղծել չեղած տեղից, ինչպես և չեղած տեղից չէի կարող ստեղծել գոյություն չունեցող դինամիտը։ Սակայն
իմ նկարագրած բոլոր դեպքերը իրականում եղել են և այն, ինչ հայտնի դարձավ ինձ ու ես կարողացա այդ ամենի մասին իրազեկ լինել, ունի միայն մեկ բացատրություն. այդ դեպքերի վկան եղել է իմ ոգին, ոգին, որը ի տարբերություն նյութի, մշտնջենական է։
Որպես եզրակացություն այս էպիզոդի, ես կամենում եմ ձեզ հայտնել հետևյալը, Մեթյու Դևիսը ինձ պատմեց նաև, որ մեր քարավանը կոտորելուց մի քանի տարի անց, Լին ձերբակալվել է ամերիկյան իշխանությունների կողմից, տարվել Լեռնային Մարգագետիններ և մահապատժի ենթարկվել այն վայրում, ուր երբեմնի տեղավորված էր մեր ճամբարը։
1 Լի - մորմոնների առաջնորդը: