ԳԼՈՒԽ 14

     Երբ զսպաշապիկով պատժվելու տասնօրյա ժամկետն անցավ, դոկտոր Ջեկսոնը ինձ ուշքի բերեց, բթամատներով սեղմելով ակնախնձորներս։ Ես աչքերս բացեցի ու ժպտացի բանտապետ Ազերթոնի երեսին։
     - Ապրելու համար չափազանց համառ է, և չափազանց ստոր՝ որպեսզի մեռնի,- եզրակացրեց նա։
     - Տասն օրը անցավ, շեֆ, - շշնջացի ես։
     - Հիմա քեզ կարձակենք, - փնթփնթաց Ազերթոնը։
     - Խոսքս այդ մասին չէ, - ասացի ես։ - Ինքներդ տեսաք, որ ժպտացի։ Հիշո՞ւմ եք, կարծես գրազ էինք եկել։ Մի' շտապեք ինձ արձակել։ Նախ ծխախոտ և թուղթ տարեք Մորելին ու Օպենհեյմերին։ Եվ որպեսզի ժլատություն չանեք, ահավասիկ մի ժպիտ ևս։
     - Քո նմաններին շատ ենք տեսել, Սթենդինգ, - ասաց բանտապետը։ - Միայն թե, իմացիր, բան դուրս չի գա։ Եթե ես քո այդ խաղում չհաղթեմ, ապա դու կհաղթես բոլորին՝ զսպաշապիկ հագնելու ռեկորդ սահմանելով։
     - Նա արդեն սահմանել է այդ ռեկորդը, - ասաց դոկտոր Ջեկսոնը։ - Ո՞վ է տեսել, որ տասը օր զսպաշապիկ հագնելուց հետո էլ մարդը դեռ ժպտա։
     - Ձևանում է, - պատասխանեց բանտապետ Ազերթոնը։ - Արձակեցեք նրան, Հեթչինս։
     - Ինչո՞ւ եք այդպես շտապում, - հարցրեցի ես (բնականաբար, շշուկով, քանի որ կյանքն հազիվ էր առկայծում իմ ներսում, և ես պետք է լարեի իմ ողջ կամքը, հավաքեի ուժերիս վերջին փշրանքները, որպեսզի ձայնս լսելի լիներ)։ - Ինչո՞ւ եք այդպես շտապում։ Ես հո գնացքից չեմ ուշանում, և հիմա էլ այնքան հարմար ու լավ եմ զգում, որ կգերադասեի ինձ չխանգարեիք։
     Բայց նրանք այնուամենայնիվ արձակեցին ինձ և հրեշավոր զսպաշապկից հատակի վրա նետեցին այնպես, որ ասես ոսկորների մի կույտ լինեի։
     - Զարմանալի չէ, որ նա իրեն լավ է զգում, - ասաց կապիտան Ջեմին։ - Ախր ոչինչ չի զգում։ Կաթվածահար է եղել։
     - Տատիկդ է կաթվածահար, - բղավեց բանտապետը։ - Ոտքի կանգնեցրեք դրան, և կտեսնեք, թե կաթվածահա՞ր է արդյոք։
     Հեթչինսն ու դոկտորը գրկեցին ու կանգնեցրին ինձ։
     - Բաց թողեք, - հրամայեց բանտապետը։
     Կյանքը այնքան էլ հեշտ չի վերադառնում այն մարմնի մեջ, որը գործնականորեն տասը օր շարունակ մեռած է եղել, և այդ իսկ պատճառով ես զրկվել էի մկաններիս վրա ունեցած տիրապետությունից. ուստի ծնկներս ծալվեցին, ճոճվեցի ու փլվեցի հատակին, և գլուխս պատին առնելով, ճակատս քերծվեց։
     - Տեսնո՞ւմ եք, - ասաց կապիտան Ջեմին,
     - Լա՜վ է ձևանում, - առարկեց բանտապետը։ - Այս տիպը ինչի' ասես ընդունակ է։
     - Դուք իրավացի եք, շեֆ, - շշնջացի ես հատակին պառկած, - ես դիտավորյալ ընկա։ Ձևացրի։ Կարող եմ դարձյալ կրկնել։ Մի անգամ ևս կանգնեցրեք ինձ, և կջանամ մի լավ ծիծաղեցնել ձեզ։
     Ես չեմ նկարագրի այն տառապանքները, որոնք կրում ես արյան շրջանառության վերականգնման ընթացքում։ Ես մեկ-երկու անգամ չէ, որ ապրել եմ դա։ Այդ տառապանքները դեմքս կնճիռներով են ակոսել, որոնք և ինձ հետ կտանեմ կախաղան։
     Ի վերջո տառապանքներս վերջացան և օրվա մնացյալ մասը ես անց կացրի բութ անտարբերությամբ, ասես թմբիրի մեջ պառկած վիճակում։ Ցավի հետևանքով, անտանելի ցավի հետևանքով, զգայականության կորուստ է տեղի ունենում։ Ինձ վիճակված էր ապրել այդպիսի զգայականության մի կորուստ։
     Երեկոյան արդեն ի վիճակի էի սողալ հատակին, սակայն ոտքի կանգնել չէի կարողանում։ Ես շարունակ խմում էի և կեղտից մաքրում մարմինս՝ հնարավորության սահմաններում, բայց հաջորդ օրը միայն կարողացա մի կտոր հաց կուլ տալ, այն էլ կամքի մեծ ուժով։
     Բանտապետ Ազերթոնը ինձ պատմեց իր ծրագիրը։ Դրա էությունը հետևյալն էր. ես մի քանի օր պետք է հանգստանայի, հավաքեի ուժերս, որից հետո, եթե չհայտնեի դինամիտի տեղը, ինձ տասը օրով դարձյալ զսպաշապիկ էին հագցնելու։
     - Ցավում եմ, որ ձեզ այդքան հոգս եմ պատճառում, շեֆ, - ասացի նրան պատասխանի փոխարեն։ - Ափսոս, որ չմեռա զսպաշապիկի մեջ. դրանով վերջ կտրվեր ձեր տառապանքներին։
     Կասկածում եմ, որ այդ օրերին իմ քաշը գոնե իննսուն ֆունտ լիներ։ Իսկ երկու տարի առաջ, երբ Սեն-Քվենտին բանտի դռներն առաջին անգամ փակվեցին իմ հետևից, իմ քաշը ոչ ավելի, ոչ պակաս՝ հարյուր վաթսուն ֆունտ էր։ Անհավանական էր թվում, որ ես թեկուզ մեկ ունցիա կորցնելու դեպքում ողջ մնայի: Սակայն հետագա ամիսների ընթացքում ես անդադար կորցնում էի քաշս, մինչև որ հասավ ութսուն ֆունտի։ Համենայն դեպս, երբ ինձ լողացնում և սափրում էին Սան-Ռաֆայելում տեղի ունենալիք դատավարության ուղարկելուց առաջ, այն բանից հետո, երբ ես մեկուսարանից ազատվելով հասցրեցի վերակացու Սերսթոնի մռութին, իմ քաշը ութսունինը ֆունտ էր։
     Ոմանք չեն հասկանում, թե ինչից են մարդիկ դառնում դաժան։ Բանտապետ Ազերթոնը դաժան մարդ էր։ Եվ նա դաժան դարձրեց նաև ինձ, ու իմ դաժանությունը իր հերթին, ազդեց նրա վրա, և բանտապետի դաժանությունն ավելացավ: Բայց և այնպես նրան չհաջողվեց ինձ սպանել։ Վերակացուի, քթին բռունցքով հասցնելու պատճառով ինձ կախաղան հանելու համար անհրաժեշտ էին Կալիֆորնիայի նահանգի օրենսգրքի հատուկ մի հոդված, կախաղան հանող մի դատավոր և ներողամտությունից զուրկ նահանգապետ։ Բայց մինչև շունչս փչելն էլ ես կպնդեմ, որ այդ վերակացուն արյունահոսությամբ տառապող արտակարգ քիթ ուներ։ Այն ժամանակ ես կիսակույր, երերուն, ոտքերիս վրա հազիվ կանգնող մի կմախք էի։ Երբեմն սկսում եմ կասկածել. մի՞թե իմ բռունցքի հարվածից հնարավոր էր, որ այդ վերակացուի քթից արյուն գար։ Իհարկե, նա իր ցուցմունքը տվեց որպես վկա երդվելուց հետո։ Բայց ես բանտապանների եմ ճանաչում, որոնք երդվելուց հետո մարդկանց վրա ծանրաց­նում են էլ ավելի զարհուրելի մեղադրանքներ։
     Էդ Մորելն անհամբերությամբ ուզում էր իմանալ, թե արդյո՞ք հաջողվել է իմ փորձը։ Բայց հենց նոր էր նա սկսել թրխկացնել, երբ այդ օրը մեր միջանցքում հերթապահող վերակացու Սմիթը պահանջեց, որ վերջ տանք թրխկոցներին:
     - Ոչինչ, Էդ, - որպես պատասխան թրխկացրի ես։ - Դու և Ջեկը լուռ նստեք, իսկ ես կպատմեմ։ Սմիթը չի կարող ձեզ խանգարել, որ լսեք, իսկ ինձ, որ թրխկացնեմ։ Նրանք արդեն արել են այն ամենը, ինչ կարող էին, իսկ ես դեռ ողջ եմ։
     - Անմիջապես վերջ տուր, Սթենդինգ, - միջանցքից, որի վրա բացվում էին մեր խցիկների դռները, բղավեց Սմիթը։
     Սմիթը չափազանց մռայլ անձնավորություն էր, մեր բոլոր բանտապանների մեջ ամենադաժանն ու վրիժառուն։ Մենք հաճախ ենք փորձել գուշակել, թե ինչն է պատճառը. կռվարար կի՞նը, թե՞ ստամոքսի քրոնիկ անմարսողությունը։
     Ես շարունակեցի թրխկացնել, և նա մոտենալով ցանցապատ դռանը, սպանիչ հայացքով վրաս նայեց։
     - Քեզ ասացի՝ վերջ տուր, - բղավեց նա։
     - Շատ եմ ցավում, - պատասխանեցի ես ամենակիրթ տոնով, - բայց այնպիսի կանխազգացում ունեմ, որ պետք է թրխկացնեմ։ Եվ... ը՜ ը՜ ... եթե դա իմ կողմից չափազանց անհամեստ կթվա, ապա կուզենայի գիտենալ, թե այս կապակցությամբ դուք ի՞նչ եք մտադիր անել։
     - Կարծում եմ ... - ուզեց բղավել նա, բայց լռեց, ապացուցելով, որ գլխում մի մտքից ավելի ոչինչ չի տեղավորվում։
     - Այո', այո', - ջանացի խրախուսել նրան։ - Ի՞նչ եք մտադիր անելու։ Շատ կուզենայի գիտենալ։
     - Ես հիմա կհրավիրեմ շեֆին, - ասաց նա բավականին անվստահ երանգով։
     - Օ՜հ, աստծո սիրույն, հրավիրեցեք։ Մեր բանտապետ Ազերթոնը շատ համակրելի մարդ է։ Նա ազնվացնող ազդեցության պայծառ մի օրինակ է, որն աստիճանաբար ներթափանցում է մեր բանտը։ Հրավիրեցեք նրան հնարավորին չափ շուտ։ Ես ուզում եմ ձեր դեմ բողոքել։
     - Իմ դե՞մ։
     - Այո', հատկապես ձեր դեմ։ Դուք ձեզ թույլ եք տալիս բավականին անքաղաքավարի և նույնիսկ կոպիտ ձևով խանգարել իմ զրույցը այս տարօրինակ տան մյուս բնակիչների հետ։
     Եվ հայտնվեց բանտապետ Ազերթոնը։ Փականը դղրդաց և շեֆը խուժեց իմ խցիկը ... Բայց ես ինձ զգում էի լիակատար անվտանգության մեջ։ Նա արել էր այն ամենը, ինչ կարող էր։ Այժմ ես նրա իշխանությունից դուրս էի։
     - Ես քեզ սովահար կանեմ, - սպառնաց նա։
     - Ինչպես որ կամենաք, - պատասխանեցի ես։ - Արդեն վարժվել եմ դրան։ Տասը օր ես ոչինչ չեմ կերել, և խոստովանում եմ, չափազանց տխուր զբաղմունք է ուտելիքին դարձյալ վարժվելը։
     - Դու դեռ սպառնո՞ւմ ես։ Ուզում ես հացադո՞ւլ հայտարարել։
     - Ներեցեք, խնդրեմ, - չտեսնված բարեկրթությամբ պատասխանեցի ես։ - Այդ առաջարկությունը դուք արեցիք, ոչ թե ես։ Բարի եղեք, ձեր կյանքում գոնե մի անգամ դատել տրամաբանորեն։ Հավատացեք, տրամաբանության նկատմամբ ձեր արհամարհանքը ինձ առավել տառապանք է պատճառում, քան ձեր հորինած բոլոր տանջանքները։
     - Վերջ տալո՞ւ ես թրխկացնելուն, թե՞ ոչ, - հարցրեց բանտապետը։
     - Ո'չ։ Խնդրում եմ ներեք ձեզ պատճառած անհանգստության համար, բայց թրխկացնելու մի այնպիսի անհաղթահարելի ցանկություն ունեմ, որ ...
     - Ես քեզ անմիջապես զսպաշապիկ կհագցնեմ, - ընդհատեց նա ինձ։
     - Հագցրեք, խնդրում եմ։ Ես պաշտում եմ զսպաշապիկը։ Զսպաշապիկի մեջ ինձ զգում եմ օրորոցում պառկած մանկան պես։ Զսպաշապիկի մեջ ես գիրանում եմ։ Նայեցեք ձեռքիս։ - Ես թևքս վեր քաշեցի ու նրան ցույց տվեցի պարանի պես բարակ մկաններս։ - Դարբնի մկաններ են, չէ՞, շեֆ։ Խնդրում եմ, ձեր բարյացակամ հայացքը նետեք իմ լայն կրծքավանդակի վրա։ Սենդոուն պետք է շատ աչալուրջ լինի, այլապես ստիպված հրաժեշտ կտա չեմպիոնի իր կոչմանը։ Իսկ հապա որովա՜յնս ... Գիտե՞ք ինչ, բարեկամս, այստեղ ես այնպես եմ վրա եկել, որ ուղղակի անհարմար է։ Տեսեք, որ ձեզ չմեղադրեն բանտարկյալներին չափից դուրս կերակրելու հարցում։ Զգուշացեք, շեֆ, որ հանկարծ ձեր, անձի դեմ չգրգռեք հարկատուներին։
     - Թրխկացնելուն վերջ տալո՞ւ ես, թե՞ ոչ, - որոտաց նա։
     - Ո'չ։ Շնորհակալություն ձեր բարության և ցավակցության համար, սակայն խոհեմ մտորումներից հետո ես այնպիսի եզրակացության հանգեցի, որ զրույցս պետք է շարունակեմ թրխկացնելու միջոցով։
     Նա մոտ մեկ րոպե լուռ նայեց ինձ, և ապա անօգնական կատաղության մեջ քայլեց դեպի դուռը։
     - Ներեցեք, մի հարց ևս...
     - Ի՞նչ կա, - հարցրեց նա առանց շրջվելու։
     - Հիմա ի՞նչ եք մտադիր ձեռնարկել։
     Ազերթոնի դեմքն այնպես շառագունեց, որ ես մինչև այսօր չեմ դադարում զարմանալուց, թե ինչպես պատահեց, որ նա տեղնուտեղը կաթվածահար չեղավ։
     Բանտապետի խայտառակ նահանջից հետո ես ժամերով թրխկացրի և ընկերներիս պատմեցի իմ արկածների ողջ պատմությունը։ Բայց միայն գիշերը, երբ հերթապահությունն ստանձնեց Խծուծ Ջոնսը և ըստ իր սովորության ու հակառակ բոլոր կանոնների սկսեց ննջել, Մորելն ու Օպենհեյմերը ինձ պատասխանելու հնարավորություն ունեցան։
     - Զառանցանքի մեջ ես եղել, - թրխկացրեց Օպենհեյմերը իր առարկություն չընդունող եզրակացությունը։ .
     Այո, մտածեցի ես։ Մեր զառանցանքը, ինչպես և մեր երազները ստեղծվում են այն ամենից, ինչ մենք ապրում ենք արթուն վիճակում։
     - Տարիներ առաջ, իմ գիշերային թափառումների ժամանակ, մի անգամ ես մի քիչ ավելի խմեցի, - շարունակեց Օպենհեյմերը, - և այնպիսի բաներ տեսա, որ դու քո պատմություններով ինձ չես զարմացնի։ Կարծում եմ, որ բոլոր վեպ հորինողները հենց այդպես էլ վարվում են. փառավորապես խմում են ու երևակայությանն ազատություն տալիս։
     Բայց էդ Մորելը, որ ապրել էր նույնը, ինչ՝ ես, թեև այլ ճանապարհով, հավատաց իմ պատմությանը։ Նա ասաց, որ երբ իր մեռյալ մարմինը գտնվում էր զսպաշապիկի մեջ, իսկ ոգին անցել էր բանտի պատերից այն կողմ, թափառումների ժամանակ միշտ էլ մնացել է էդ Մորելը։ Նա երբեք չի վերապրել իր վաղեմի կերպարավորումները։ Մարմնական թաղանթից ազատագրված նրա ոգին թափառել է ներկայի շրջանակներում։ Մորելն ասաց, որ ճիշտ այնպես, ինչպես լքել է իր մարմինն ու, կողքից նայելով, տեսել է զսպաշապիկ հագած ու մեկուսարանի քարե հատակին ընկած մարմինը, այդպես էլ դուրս է եկել բանտից, տեղափոխվել ժամանակակից Սան-Ֆրանցիսկո և տեսել է, թե ինչ է այնտեղ կատարվում։ նա երկու անգամ այցելել է մորը, և երկու անգամ էլ տեսել է նրան քնած վիճակում։ Բայց այդ թափառումների ժամանակ, ասաց Մորելը, նա զրկված է եղել նյութական աշխարհի որևէ առարկայի վրա իշխանություն ունենալուց։ Նա չի կարողացել բացել կամ փակել դուռը, որևէ առարկա շարժել տեղից, աղմկել, մի խոսքով, այս կամ այն կերպ հայտնի դարձնել իր ներկայությունը։ Եվ մյուս կողմից էլ, նյութական աշխարհը իր հերթին իշխանություն չի ունեցել նրա վրա։ Նրա համար խոչընդոտ չեն հանդիսացել ոչ փակ դռները և ոչ էլ պատերը։ Այն էությունը, այն իրական գոյավիճակը, որ ունեցել է նա, իրենից ներկայացրել է ոգի, միտք, և ո'չ ավելին։
     - Մորս տնից մի թաղամաս այն կողմ, անկյունում գտնվող նպարավաճառի խանութը անցել էր մեկ ուրիշի ձեռքը, - հայտնեց նա մեզ։ - Ես գուշակեցի այդ, քանի որ ցուցանակը փոխված էր։ Միայն կես տարի անց ինձ հաջողվեց նամակ գրել մորս ու հարցնել կրպակի մասին։ Եվ մայրս պատասխանեց, որ այո, կրպակն անցել է ուրիշի ձեռքը։
     - Իսկ դու կարդացի՞ր, թե ինչ էր գրված ցուցանակի վրա, - հարցրեց Ջեկ Օպենհեյմերը։
     - Իհարկե, - պատասխանեց Մորելը։ - Այլապես որտեղի՞ց կարող էի իմանալ։
     - Լավ, - որպես պատասխան թրխկացրեց կասկածամիտ Օպենհեյմերը։ - Դու հեշտությամբ կարող ես ապացուցել, որ չես խաբում։ Երբ այստեղ հերթապահելիս լինի մարդավարի վերակացուներից մեկն ու մեկը, ով թույլ է տալիս գեթ մի հայացքով նայել լրագրին, դու ստիպիր, որ քեզ զսպաշապիկ հագցնեն, իսկ հետո դուրս եկ մարմնիցդ ու մեկնիր մեր հինավուրց Ֆրիսկոն։ Գիշերվա ժամը երկուսին կամ երեքին գնա շուկայի հրապարակի և Երրորդ փողոցի անկյունը։ Այդ ժամանակ ստացվում են առավոտյան լրագրերի առաջին մամուլները։ Կկարդաս վերջին լուրերը, իսկ հետո, առանց ժամանակ կորցնելու, կվերադառնաս այստեղ, Սեն-Քվենտին, քանի դեռ բուքսիրը թարմ լրագրերով չի անցել նեղուցը, և կպատմես այն ամենը, ինչ կարդացել ես։ Հետո մենք կսպասենք, մինչև որ մեր վերակացուն առավոտյան լրագրերը բերի։ Եվ եթե լրագրում իսկապես կկարդանք այն, ինչ դու մեզ պատմած կլինես, ես քո ամեն մի խոսքին կհավատամ։
     Դա այնքան էլ վատ ստուգում չէր։ Ես չէի կարող չհամաձայնել Օպենհեյմերի հետ, որ նմանօրինակ ապացույցը բոլորովին անհերքելի կլիներ։ Մորելը պատասխանեց, որ ինքը երբևէ անպայման այդ բանը կանի, բայց քանի որ մարմնից անջատվելու պրոցեսը ծայրահեղորեն ծանր է նրա համար, ապա կհամարձակվի այդ ուղևորությունը կատարել միայն այն դեպքում, երբ այլևս չկարողանա կրել զսպաշապիկի պատճառած տառապանքները։
     - Քո նմանների հետ միշտ այդպես է լինում, գործով որևէ բան չեք կարողանում ապացուցել, - պնդեց Օպենհեյմերը։ - Մայրս հավատում էր ոգիների։ Երբ երեխա էի, նա միշտ ոգիներ էր տեսնում, զրուցում էր նրանց հետ և նույնիսկ խորհուրդներ ստանում։ Իսկ գործնականում նրանք որևէ բան ապացուցել չէին կարողանում։ Ոգիները երբեք չէին հուշում, թե մեր ծերուկը որտեղ կարող էր մի աշխատանք ճարել, կամ ոսկեբեր ավազ գտնել, կամ չինական վիճակախաղի ամենամեծ խաղարկության ո'ր համարը կընկնի։ Ոչ, ամբողջ կյանքումս նման բան չի եղել։ Ոգիները մորս հայտնում էին ամեն տեսակի հիմարություններ, ասենք, որ մեր ծերուկի հորեղբայրը տառապում է խպիպով, կամ, որ նրանց պապիկը մեռել է թոքախտից, կամ, որ չորս ամիս անց մենք դուրս կգանք բնակարանից, իսկ այս վերջինը հուշելը շատ հասարակ բան էր, մենք ախր տարվա մեջ մոտ վեց անգամ բնակարանից բնակարան էինք տեղափոխվում։
     Եթե Օպենհեյմերը Լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեցած լիներ, ապա երևի կդառնար մի նոր Մարինետտի կամ Հեկկել։ Նա արտակարգ գործնական ու լրջախոհ մարդ էր, ընդունում էր միայն անհերքելի փաստերը և ուներ չափազանց խելամիտ, սակայն երկաթյա տրամաբանություն։ «Ապացուցեք», - այսպիսին էր նրա հիմնական պահանջը, որ նա ներկայացնում էր բոլորին։ Նա ոչնչի, բացարձակապես ոչնչի հավատ չէր ընծայում։ Հատկապես նրա բնավորության այս գիծը նկատի ուներ Մորելը, երբ առաջին անգամ հաղորդակից դարձրեց ինձ իր գաղտնիքին։ Որևէ բանի հավատ չընծայելու անընդունակությունն էր խանգարել Օպենհեյմերին զսպաշապիկի մեջ «փոքր մահվան» հասնելու համար։
     Ինչպես տեսնում ես, իմ ընթերցող, մենախցի կյանքը այնքան էլ անհուսալի կերպով տխուր չէ։ Երեք հոգի, որոնք օժտված են այնպիսի ինտելեկտով, ինչպես մենք, ժամանակը հետաքրքիր դարձնելու և կարճելու համար, կարող են զբաղմունք ունենալ։ Հավանաբար մեզանից յուրաքանչյուրը օգնում էր մյուսներին, որպեսզի չգժվեն, թեև պետք է ասեմ, որ նախքան հարևան խցում Մորելի հայտնվելը, Օպենհեյմերը մեկուսարանում հինգ տարի անցկացնելով, այնուամենայնիվ չի խենթացել։
     Բայց զգուշացեք մյուս ծայրահեղության մեջ ընկնելուց. սխալ կլիներ կարծել, որ մեկուսարանի մեր կյանքը իր տեսակի մեջ հոգեկան վայելքների խրախճան էր և բաղկացած էր վեհ մտքերի ու փիլիսոփայական հափշտակող հայտնագործումների փոխանակումներից։
     Մենք դաժանորեն ու անընդհատ ֆիզիկապես տանջվում էինք։ Մեր բանտապանները (քո հավատարիմ շները, սիրելի քաղքենի) կոպիտ անասուններ էին։ Ապրում էինք կեղտի ու գարշահոտության մեջ։ Ուտում էինք գարշելի, միատեսակ, բացարձակապես անսնունդ ուտելիքներ։ Միայն իրենց հոգեկան ուժի, կամքի ուժի շնորհիվ մարդիկ չեն կարող մեռնել այդպիսի սննդից։ Ես գոնե գիտեմ, որ Դևիսի համալսարանի օրինակելի - ցուցադրական ֆերմայի մրցանակներ շահած մեր խոշոր եղջերավոր անասունները, խոզերն ու ոչխարները շատ արագ կփչեին շունչները, եթե նրանց, գիտական առումով՝ անթույլատրելի, այնպիսի փայաբաժնով պահեին, որպիսին ստանում էինք մենք։
     Մենք զրկված էինք գրքերից։ Նույնիսկ թրխկացնելը համարվում էր բանտային կարգուկանոնի կոպիտ խախտում։ Շրջապատող աշխարհը փաստորեն գոյություն չուներ մեզ համար։ Դարձել էր խաբուսիկ ու անիրական։ Օրինակ, Օպենհեյմերը կյանքում դեռ ոչ մի անգամ չէր տեսել ոչ ավտոմեքենա, ոչ էլ մոտոցիկլետ։ Մերթ ընդ մերթ դրսից բանտ էին ներթափանցում ինչ-ինչ լուրեր, որոնք սակայն արդեն հնացած էին լինում, հակասական և հաճախ էլ՝ նորության իմաստը կորցրած։ Օպենհեյմերն ինձ ասաց, օրինակ, որ ինքը ռուս-ճապոնական պատերազմի մասին իմացել է ավարտից երկու տարի անց միայն։
     Մենք կենդանի մեռյալներ էինք։ Մենախուցը մեր շիրիմն էր, որտեղ իրար հետ հաճախ զրուցում էինք թրխկոցներով, ինչպես ոգիները՝ սփիրիտիստական սեանսի ժամանակ։
     Ասում եք՝ նորություննե՞ր։ Ամենաչնչին բանն անգամ նորություն էր մեզ համար։ Փռում փոխվել էր հացթուխը. և մենք այդ կռահեցինք հացի համը տեսնելուն պես։ Ինչո՞ւ Խծուծ Ջոնսը մոտ մեկ շաբաթ բացակայեց։ Արձակո՞ւրդ էր գնացել, թե՞ հիվանդացել էր։ Ինչո՞ւ Ուիլսոնին, որը մոտ տասը օր հերթապահում էր մեր միջանցքում, դարձյալ ինչ-որ տեղ փոխադրեցին։ Որտե՞ղ է Սմիթը աչքի տակ այնպիսի հարված ստացել, որ կապտել է։ Այսպիսի դատարկ բաների վրա մենք շաբաթներ շարունակ կարող էինք գլուխ կոտրել։
     Եթե մեկ ամսով մենախուց էին նստեցնում մի նոր բանտարկյալի, դա մեզ համար վիթխարի նշանակություն ունեցող երևույթ էր։ Ի դեպ, ժամանակավորապես դժոխք եկած այդ բթամիտ դանթեներից և ոչ ոք մեզ նորություններ չհաղորդեց, նրանց ժամկետը չափազանց կարճ էր և նախքան հաղորդակցման մեր միջոցը կհասցնեին սովորել, արդեն վերադառնում էին ողջերի ընդարձակ և լուսավոր աշխարհը։
     Բայց և այնպես, ստվերների մեր աշխարհում առավել առաջնակարգ զվարճություններ գոյություն ունեին։ Օրինակ, ես Օպենհեյմերին սովորեցրի շախմատ խաղալ։ Պատկերացրեք, թե որքան դժվար բան էր դա. տասներկու մենախուց այն կողմ գտնվող մարդուն թրխկոցներով սովորեցնել շախմատ խաղալ... Սովորեցնել նրան մտովի պատկերացնելու շախմատի խաղադաշտը, պատկերացնելու բոլոր խաղաքարերը, սովորեցնել խաղաքայլերը և խաղի կանոնները, ընդորում այնպես լավ սովորեցնել, որ ի վերջո սկսեցինք մտովի խաղալ իրար հետ։ Ես ասացի՝ ի վերջո՞։ Ահավասիկ ևս մի ապացույց Օպենհեյմերի փայլուն ընդունակությունների մասին. ի վերջո նա սկսեց խաղալ ինձնից էլ լավ, թեև կյանքում շախմատի ոչ մի խաղաքար չէր տեսել։
     Հետաքրքիր է, թե նա ինչ էր պատկերացնում, երբ ես թրխկացնելով, օրինակ, հաղորդում էի «նավակ» բառը։ Շատ անգամներ եմ ես նրան այս հարցը տվել։ Բայց ապարդյո'ւն։ Եվ նույնքան ապարդյուն նա փորձում էր բառերով նկարագրել այդ խաղաքարը, որը երբեք չէր տեսել, բայց որի օգնությամբ, այնուամենայնիվ, շատ հաճախ կարողանում էր վարպետորեն, խաղի ժամանակ, ինձ դնել չափազանց դժվարին կացության մեջ։
     Մտորելով մարդկային կամքի և ոգու այսպիսի դրսևորումների վրա, ես բազմիցս եկել եմ այն եզրակացության, որ հենց դրանում էլ արտահայտվում է ամենագլխավորը։ Մարմինը լոկ տեսանելիություն է, ֆանտասմագորիա։ Ես ձեզ հարցնում եմ. ինչպե՞ս, այո', կրկնում եմ, ինչպես կարող է մարմինը, ցանկացած ձևի մատերիան երևակայական խաղադաշտով, երևակայական խաղաքարերով շախմատ խաղալ մի մարդու հետ, որը տասներկու մենախուց այն կողմ է գտնվում, և այդ ամենն էլ ընդամենը մատներով թրխկացնելու օգնությամբ։