ԳԼՈՒԽ 15
Ես երբեմնի եղել եմ Էդամ Սթրենգ անունով անգլիացի։
Ապրել եմ, որքան կարողանում եմ հասկանալ, մոտավորապես 1550-ից 1650 թվականների միջև և մեռել եմ, ինչպես ինքներդ կտեսնեք, բավականին պատկառելի տարիքում։ Այն բանից հետո, երբ էդ Մորելն ինձ սովորեցրեց փոքր մահվան մեջ սուզվել, ես միշտ ափսոսել եմ, որ շատ քիչ եմ ուսումնասիրել պատմությունը։ Այդ դեպքում ես ավելի ճշգրիտ կկարողանայի որոշել բազում երևույթների ծավալման ժամանակն ու վայրը, իսկ այժմ այդ ամենի մասին ունեմ լոկ աղոտ պատկերացումներ և ստիպված եմ ենթադրաբար որոշել, թե որտեղ ու երբ եմ ապրել իմ նախկին մարմնավորումների ժամանակ։
Ինչ վերաբերում է Էդամ Սթրենգին, ապա ինձ առավել տարօրինակ է թվում այն հանգամանքը, որ ես շատ քիչ բան եմ հիշում նրա կյանքի առաջին երեսուն տարիներից։ Զսպաշապիկ հագած, ես շատ անգամ եմ մարմնավորվել Էդամ Սթրենգի մեջ, բայց միշտ էլ նա եղել է հաղթանդամ ու ամրակազմ երեսնամյա տղամարդ։
Դառնալով Էդամ Սթրենգը, ես միշտ էլ հայտնվում էի հասարակածից ոչ շատ հեռու, Խաղաղ օվկիանոսի արևմտյան կողմում գտնվող ավազուտ, տափարակ կղզիների արշիպելագում։ Ըստ երևույթին, ես վաղուց եմ այնտեղ ապրում, որովհետև ինձ զգում եմ շատ սովորական միջավայրում։ Կղզիներում բնակվում են մի քանի հազար մարդ, որոնց մեջ ես միակ սպիտակամորթն եմ։ Բնիկները պատկանում են շատ գեղեցիկ ցեղի, բարձրահասակ են, լայնաթիկունք և մկանուտ։ Վեց ֆուտ հասակ ունեցող տղամարդն
այստեղ սովորական երևույթ է։ Ռաա Քոոք թագավորի հասակը վեց ֆուտ և վեց դյույմից պակաս չի լինի, ու թեև նրա քաշը երեք հարյուր ֆունտ է, սակայն մարմինն այնքան համաչափ է, որ նրան ոչ մի դեպքում գեր անվանել չի կարելի։ Ցեղերի առաջնորդներից շատ-շատերն են նույնքան վիթխարի տղամարդիկ, որքան թագավորը, իսկ կանայք իրենց հասակով շատ քիչ են զիջում տղամարդկանց։
Ռաա Քոոքի տիրապետության տակ գտնվող արշիպելագը բաղկացած է բազմաթիվ կղզյակներից, ընդորում հարավային, առանձնացած կղզիախմբում տիրում են մշտական դժգոհություններ և հաճախակի ըմբոստություններ են բռնկում։ Այստեղի բնիկները պոլինեզիացիներ են. ես այդ գիտեմ, որովհետև ուղիղ, սև մազեր ունեն, իսկ մաշկը դարչնագույն է, տաք, ոսկեգույն երանգով։ Նրանց լեզուն, որը ես հրաշալի տիրապետում եմ, սահուն է, արտահայտիչ ու երաժշտական, բառերը հիմնականում բաղկացած են ձայնավոր հնչյուններից, բաղաձայները շատ քիչ են։ Բնիկները սիրում են ծաղիկներ, երաժշտություն, խաղեր ու պարեր։ Զվարճությունների ժամանակ երեխաների պես ուրախ են ու անկեղծ, բայց մարտնչելիս ու զայրույթի պահերին իսկական վայրենիների նման` դաժան։
Ես, Էդամ Սթրենգս, հիշում եմ իմ անցյալը, բայց, երևի, այնքան էլ չեմ մտահոգվում դրանով։ Ապրում եմ ներկայով։ Ես չեմ սիրում ոչ անցյալը հիշել, ո'չ էլ խորանալ ապագայի մեջ։ Ես անհոգ եմ, վստահող, աճապարող, իսկ դուրս ժայթքող կենսական ուժերս ու ամենասովորական ֆիզիկական բարենպաստ պայմանների զգացողությունը երջանկություն են պատճառում ինձ։ Ձուկը, մրգերը, բանջարեղենը, ջրիմուռները շատ առատ են. ես կուշտ եմ ու բավարարված։ Բարձր դիրք եմ գրավում, քանի որ Ռաա Քոոքի առաջին մերձավորն եմ և կանգնած եմ մյուսներից ավելի վեր, նույնիսկ Աբբա Թաակից՝ գլխավոր քուրմից էլ վեր։ Իմ վրա ոչ ոք չի համարձակվի ձեռք բարձրացնել։ Ես թաբու եմ, սրբություն, այնպիսի սրբություն, որպիսին մակույկատունն է, որի հատակի տակ թաղված են աստված գիտե քանի՜-քանի՜ բնիկ թագավորների՝ Ռաա Քոոքի նախնիների ոսկորները։
Ես հիշում եմ, թե ինչպես հայտնվեցի այստեղ, ինչպես միայն ես փրկվեցի խորտակված նավի անձնակազմից, փոթորիկ էր ու բոլորը խեղդվեցին։ Բայց ես այդ աղետը չեմ սիրում հիշել։ Եվ եթե մտքերս գնում են դեպի անցյալը, ապա ես գերադասում եմ վերհիշել հեռավոր մանկությունս և իմ սպիտակամորթ, բաց գույնի մազերով, լիքը կրծքով անգլուհի մորս։ Մենք ապրում էինք մի գյուղակում, որը բաղկացած էր հարդով ծածկված տանիքներ ունեցող մոտ տասը տնակից։ Ես դարձյալ լսում եմ, թե ինչպես են կեռնեխները երգում կանաչ ցանկապատին նստած, դարձյալ տեսնում եմ կաղնիների պուրակի եզրին, մարգագետնի թավշանման կանաչի մեջ դեսուդեն ցրված զանգակածաղիկների երկնագույն ցայտերը։ Բայց հիշողությանս մեջ հատկապես մեխվել է այն վիթխարի մտրուկը, որին հաճախ տանում էին մեր նեղլիկ փողոցով. մտրուկը վրնջում էր, քացի տալիս թավամազ ու սարսափելի ոտքերով և ծառս լինում։ Ես վախենում էի այդ վիթխարի կենդանուց և ճիչով նետվում դեպի մայրս, կառչում փեշից ու գլուխս թաղում նրա գոգը։
Ի դեպ, բավական է։ Ես բնավ էլ մտադիր չեմ պատմելու Էդամ Uթրենգի մանկության մասին։
Ես արդեն մի քանի տարի ապրում էի այդ կղզում, որի անունը չգիտեմ, և, ըստ երևույթին, առաջին սպիտակամորթն էի այդ վայրերում։ Ամուսնացած էի թագավորի քրոջ՝ Լեի-Լեիի հետ։ Նրա հասակը վեց ֆուտից մի քիչ էր բարձր և հենց այդ մի քչով էլ կինս բարձր էր ինձնից։ Իսկ ես գեղեցիկ տղամարդ էի, լայնաթիկունք, հզոր իրան, անթերի մարմին։ Տարբեր երկրների կանայք հաճախ էին ծածուկ նայում իմ հետևից։ Արևից պաշտպանված անթատակի մաշկս կաթնա-ճերմակ էր մորս մաշկի պես։ Երկնագույն աչքեր ունեի, իսկ մազերս, մորուքս ու բեղերս՝ ոսկեհեր էին, ինչպես նկարներում պատկերված վիկինգների մազերը։ Հա', ի դեպ, հավանաբար հենց նրանք էլ եղել են իմ նախնիները, նախապապս երևի եղել է Անգլիայում բնակություն հաստատած ծովային թափառաշրջիկներից մեկը։ Թեև ես ծնվել էի գյուղական խրճիթում, սակայն ծովի ալեբախությունը, ըստ երևույթին, երգում էր իմ արյան մեջ, քանի որ, փետրավորվելուն պես, կարողացա գտնել ծով տանող ուղին և նավերից մեկում նավաստի դառնալ։ Այո, ես ոչ սպա էի, ոչ ազնիվ ճանապարհորդ, այլ սովորական մի նավաստի, գազանի պես աշխատող, գազանաբար ծեծվող, գազանային զրկանքներ կրած նավաստի։
Ռաա Քոոքի համար ես բավականին արժեք էի ներկայացնում, այս էր պատճառը, որ նա ինձ շնորհել էր արքայական իր ողորմածությունը։ Ես գիտեի երկաթ կռել, իսկ փոթորկից ջախջախված մեր նավից Ռաա Քոոքի կղզու վրա հայտնվել էր առաջին երկաթը։ Մի անգամ մենք բնիկների մակույկներով գնացինք դեպի մեր նավը՝ երկաթ բերելու, նավը ջախջախվել էր գլխավոր կղզուց դեպի հարավ-արևմուտք մոտ տասը լիգ (1) հեռավորության վրա։ Նավի իրանը արդեն ցած էր սահել խութից և գտնվում էր տասնհինգ ծովային սաժեն խորության մեջ։ Եվ այդպիսի խորությունից մենք երկաթ հանեցինք։ Թե ինչպես էին կղզիաբնակները սուզվում և լողում, կարելի էր միայն զարմանալ։ Ես էլ սովորեցի ծովային տասնհինգ սաժեն խորությամբ սուզվել, բայց երբեք չէի կարող համեմատվել նրանց հետ. բնիկները ջրի տակ լողում էին ձկների պես։ Ցամաքում ես կարող էի նրանցից յուրաքանչյուրին գետնին տապալել. ես բավականաչափ ուժեղ էի և բացի այդ, անգլիական նավերի վրա լավ դասեր էի ստացել։ Բնիկներին ես սովորեցրի մահակակռիվ, և այդ զվարճությունն այնքան վարակիչ էր, որ ջարդված գանգերը դարձան սովորական երևույթ։
Խորտակված նավում գտա նավամատյանը։ Ծովի ջուրը մատյանը վերածել էր դոնդողի, թանաքը տարածվել էր և որևէ բան կարդալ գրեթե հնարավոր չէր։ Համենայն դեպս, հուսալով, որ պատմաբաններից որևէ մեկը գուցե կարողանա ավելի ճշգրիտ որոշել այդ դեպքերի ժամանակաշրջանը, որոնք ուզում եմ պատմել, ես այդ նավամատյանից մի փոքրիկ հատված կբերեմ։
«Քամին համընթաց է, և դա հնարավորություն տվեց ստուգել մեր պաշարներն ու չորացնել սննդամթերքի մի մասը, հիմնականում հնացած ձուկն ու խոզապուխտը։ Բացի այդ, տախտակամածին պատարագ արվեց։ Կեսօրից հետո քամին հարավից էր փչում, երբեմն վերածվելով մրրիկի, սակայն անձրև չտեղաց, այնպես որ հաջորդ առավոտ մենք կարողացանք մաքրությամբ զբաղվել և նույնիսկ վառոդով ծխահարել նավը»։
Ի դեպ, չեմ ուզում շեղվել. ես մտադիր եմ պատմել ոչ թե աղետի ենթարկված նավից կորալյան կղզում հայտնված սովորական նավաստի Էդամ Սթրենգի մասին, որը հետագայում հայտնի դարձավ Ու Յոն Իկ, այսինքն՝ Հզոր անվամբ, որը ժամանակին մեծ Յուն Սանի հովանավորյալն էր ու սիրելին, իսկ հետո Մին արքայական տան ազնիվ տիրուհի Օմի ամուսինը, և որը հետագայում տարիներ շարունակ որպես ամենահետին մուրացիկ ու թշվառական՝ ողորմություն խնդրելով թափառեց Չոսոնի գյուղերով ու ճանապարհներով։ (Օ՜հ, այո'. Չոսոնի։ Դա նշանակում է Վաղորդյան Թարմության Երկիր։ Ժամանակակից լեզվով կոչվում է Կորեա)։
Մի մոռացեք, որ դա տեղի է ունեցել երեք-չորս հարյուրամյակ առաջ, երբ ես` առաջին սպիտակամորթ մարդս, հայտնվել էի Ռաա Քոոքի կորալյան արշիպելագում և բնակություն էի հաստատել այնտեղ։ Այդ հինավուրց ժամանակներում եվրոպական նավերը հազվադեպ էին ակոսում արշիպելագի ջրերը։ Կարող էր պատահել նաև այնպես, որ իմ կյանքը ավարտեի այդ վայրերում, որտեղ երբեք չեն լինում սառնամանիքներ, ջերմ արևի տակ հանգստից ու բավականությունից գիրանալով, եթե չլիներ հոլանդական «Սփարվեր» առևտրանավը, որն ուղևորվել էր դեպի անհայտ ծովեր, իսկական Հնդկաստանից այն կողմ ընկած նոր Հնդկաստան որոնելու, բայց գտավ ինձ, ու ինձնից բացի՝ այլևս ոչինչ։
Մի՞թե չասացի, որ ես ուրախ, միամիտ, ոսկեգույն մորուք թողած մի մանչ էի հսկայի կերպարանքով, մանչ, որն այդպես էլ երբեք հասուն մարդ չդարձավ։ Երբ «Սփարվերն» իր տակառները լցնում էր քաղցրահամ ջրով, ես առանց ամենաչնչին ափսոսանքի լքեցի Ռաա Քոոքին ու նրա դրախտային կղզիները, լքեցի Լեի-Լեի կնոջս ու նրա ծաղկաշղթաներով զարդարված քույրերին. երջանիկ մի ժպիտով ներշնչեցի սրտիս այնքան հարազատ, ծանոթ ու սիրելի կուպրապատ փայտի ու ճոպանների բույրը, և դարձյալ, առաջվա պես, սովորական նավաստու պարտականություններով ծով դուրս եկա այն նավով, որը գտնվում էր նավապետ Յոհաննես Մարթենսի տնօրինության տակ։
Սքանչելի էին այն օրերը, երբ մետաքսի ու համեմունքների հետևից ընկած մենք ծերացած «Սփարվերով» ակոսում էինք օվկիանոսը: Բայց մենք որոնում էինք նոր երկրներ, և գտանք չարագուշակ տենդ, սպանություններ և ապականյալ դրախտային այգիներ, որտեղ գեղեցկությունն ու մահը քայլում են ձեռք-ձեռքի տված։ Իսկ ծերուկ Յոհաննես Մարթենսը (ահա թե ո՛ւմ չէր կարելի կասկածել ռոմանտիզմի մեջ, տեսնելով նրա կոպիտ դեմքն ու քառակուսի, արդեն ճերմակող գլուխը) որոնում էր Կոլքոնտայի (2) գանձերը, Սողոմոն թագավորի կղզիները... Դրանք դեռ ի՜նչ են որ... Նա որոնում էր կործանված Ատլանտիդան, հավատում էր, որ այդ աշխարհը չի կործանվել ու ինքն անպայման կգտնի, քանի դեռ ուրիշները չեն թալանել։ Բայց գտավ միայն ծառերի վրա ապրող մարդակերների մի ցեղ, որոնք նաև գանգերի որսորդներ էին։
Մենք մոտենում էինք անհայտ կղզիների, որոնց ափերին անդադար աղմկում էր ալեբախությունը, իսկ լեռների կատարներին ծխում էին հրաբուխները, և որտեղ կարճահասակ ու գանգրահեր տեղացի ցեղերը կապիկների նման ճչում էին մացառուտներում, իրենց բնակատեղիները տանող արահետների վրա ծուղակներ էին փորում, ճանապարհները ծածկում էին փշոտ մացառներով և լուռ ջունգլիների կիսախավարից մեզ վրա արձակում թունավոր նետեր։ Ում դիպչում էր մի այդպիսի նետ, նա ցավից ոռնալով մեռնում էր զարհուրելի ջղաձգության մեջ։ Ուրիշ ցեղերի ևս մենք հանդիպեցինք, որոնք հաղթանդամ էին ու առավել կատաղի. այդ ցեղերը , մեզ դիմավորեցին ծովափին և բացեիբաց հարձակման անցան։ Նրանց նիզակներն ու նետերը դեպի մեզ թռան բոլոր կողմերից, իսկ անտառածածկ ձորակներով տարածվեց վիթխարի թմբուկների ու փոքրիկ տամտամների որոտն ու ճռինչը, և բլուրների վրա դեպի երկինք խոյացան ազդանշանային ծխասյուները։
Մեր սուպերկարգոյի (3) անունը Հենդրիկ Հեմել էր. նա «Սփարվերի» տնօրեններից մեկն էր, և այն ամենը, ինչ նրանը չէր, պատկանում էր նավապետ Յոհաննես Մարթենսին։ Նավապետը բավականին վատ էր խոսում անգլերեն։ Հենդրիկ Հեմելը խոսում էր նրանից մի փոքր լավ։ Իմ նավաստի ընկերները խոսում էին միայն հոլանդերեն։ Բայց իսկական նավաստու համար այնքան էլ անհրաժեշտ չէ տիրապետել հոլանդերենին... ինչպես նաև՝ կորեական լեզվին, այդ բանում դու կհամոզվես, ընթերցող։
Վերջապես մենք հասանք այն կղզիներին, որոնք կային նաև քարտեզի վրա. ճապոնական կղզիներին։ Սակայն տեղի ազգաբնակչությունը չկամեցավ մեզ հետ առևտուր անել, և փողփողացող մետաքսե զգեստներով, որոնց տեսքից միայն նավապետ Յոհաննես Մարթենսի բերանի ջրերը վազեցին, գոտիներից սրեր կախած երկու սպա բարձրացան մեր նավն ու բավականին քաղաքավարի տոնով մեզ խնդրեցին կորչել գրողի ծոցը։ Նրանց սիրալիրության տակ թաքնված էր ռազմատենչ ազգի վճռականությունը։ Մենք դա շատ լավ հասկացանք ու շարունակեցինք նավարկությունը։
Կտրեցինք-անցանք ճապոնական նեղուցը, դուրս եկանք Դեղին ծով և ուղղվեցինք դեպի Չինաստան, հենց այդ ճանապարհորդության ժամանակ էլ մեր «Սփարվերը» զարնվեց ժայռերին։ Մեր խեղճ «Սփարվերը» շատ հին ու ծիծաղելի նավ էր, այնքան անշնորհք և ողնուցին՝ մորուքի պես աճած ջրիմուռների այնպիսի երկար ծոպերով, որ կորցրել էր խուսանավելու ընդունակությունը։ Եթե անհրաժեշտ էր լինում ընթանալ կտրուկ բեյդեվինդով, նավը չէր կարողանում քամու նկատմամբ վեց ռոմբից ավելի պահել իրեն, և այնպես էր ճոճվում ալիքների վրա, որ հիշեցնում էր ջրի մեջ ընկած փտած բազուկի։ Նրա համեմատությամբ ուզածդ գալիոնը կարող էր համարվել արագընթաց քլիպեր։ Այդ նավով օվերշտագ շրջադարձի համար անհրաժեշտ էր ամբողջ անձնակազմի մասնակցությունը։ Ահա թե ինչու, երբ քառասուն ութ ժամ շարունակ մեր հոգին հանող փոթորիկի ուղղությունը հանկարծ ութ ռոմբով փոխվեց, մենք ջախջախվեցինք, դիպչելով հողմածեծ ափի ժայռերին։
Վաղորդյան ցուրտ լույսի տակ սարերի պես վիթխարի ալիքները մեզ սեղմեցին ափի քարաժայռերին։ Ձմեռ էր, և ձյունամրրիկի պոռթկումների միջև կարճատև դադարների ընթացքում մեր առջև երևում էր ցամաքի կործանարար շերտը, եթե, իհարկե, կարելի է ցամաք անվանել լեռների այդ քաոսային կույտը։ Քարքարոտ անհամար կղզյակներից այն կողմ մառախուղից դուրս էին ցցվել ձյունածածկ լեռնաշղթաները, ճիշտ մեր դիմաց վեր էին խոյանում ուղղաձիգ ժայռերը, որոնց վրա ձյան հյուլե նույնիսկ չէր կարող նստել, իսկ փրփրադեզ ջրապտույտների միջից երևում էին խութերի սուր-սուր ատամները։
Անանուն էր այդ երկիրը, ուր մեզ քշում էին վիթխարի ալիքները։ Ցամաքի գիժը մեր քարտեզի վրա գրեթե աննկատելի էր, և ոչ մի ծանուցում չկար այն մասին, թե այս կողմերում նավազներ երբևէ եղել են։ Մենք միայն կարող էինք եզրակացնել, որ այս երկրի բնակիչները, հավանաբար, նույնքան անհյուրընկալ են, որքան և մեր առջև տարածված ցամաքի հատվածը։
«Սփարվերը» ժայռին դիպավ նավաքթով։ Քարաժայռը ուղղաձիգ, բավական խոր սուզվում էր ջրի մեջ, և օդ թռած բուշպրիտը ջարդվեց հենց հիմքից։ Ֆոք-կայմը ևս չդիմացավ ու զարհուրելի մի ճռինչով, իր հետևից քարշ տալով տարբեր սարքավորումներ, ընկավ նավակողին՝ մյուս ծայրով կախվելով ժայռի վրա։
Ծերուկ Յոհաննես Մարթենսը միշտ էլ ինձ հիացմունք էր պատճառում։ Ալիքը մեզ պոկեց նավախելից, քարշ տվեց տախտակամածով և նետեց միջնամասին, այստեղից մենք մագլցեցինք շրջված բաքի վրա։ Մյուսները ևս հետևեցին մեզ։ Մենք ամուր կապվեցինք միմյանց ու հաշվեցինք փրկվածներին։ Մնացել էինք տասնութ հոգի։ Մյուսները զոհվել էին։
Յոհաննես Մարթենսը ձեռքն ուսիս դրեց ու ցույց տվեց վեր, որտեղ ալիքների պատնեշի հետևից երևում էր քարաժայռի եզրը։ Ես նրան հասկացա։ Կայմի ծայրագավաթից մոտ քսան ֆուտ ցած, ֆոք-կայմը ճռինչով քսվում էր ժայռի ցցվածքին. Ցցվածքի վրա մի ծերպ կար։ Յոհաննես Մարթենսը կամենում էր իմանալ, թե կհամարձակվե՞մ արդյոք ֆոք-կայմի հարթակից ցատկել այդ ծերպի մեջ։ Կայմի և ծերպի միջև եղած տարածությունը մերթ չէր գերազանցում վեց ֆուտից, մերթ հասնում էր մինչև տասներկու ֆուտի։ Նավի իրանը անընդհատ շարժվում էր, և ճեղքված ծայրով կառչած ֆոք-կայմը ցնցվում և ճոճվում էր նավի հետ։
Ես մագլցեցի կայմի վրա։ Մյուսները չուզեցին համբերել։ Բոլորը, մեկը մյուսի հետևից արձակեցին իրենց կապող պարանները և հետևեցին ինձ այդ կասկածելի կամրջակի վրայով։ Նրանք շտապելու բոլոր հիմքերն ունեին. ամեն րոպե «Սփարվերը» կարող էր պոկվել խութից ու խորասուզվել։ Որսալով հարմար պահը, ես ցատկեցի ու կառչեցի ծերպի մեջ գտնվող ցցվածքից ու պատրաստվեցի օգնել հաջորդին։ Սակայն հաջորդը դանդաղում էր։ Բոլորս էլ մինչև ուղնուծուծը թրջվել էինք և սառը քամու տակ փայտացել։ Իսկ յուրաքանչյուր թռիչքը անհրաժեշտ էր համապատասխանեցնել նավի և կայմի ճոճքին։
Առաջինը զոհվեց խոհարարը։ Ալիքը նրան պոկեց կայմահարթակից, պտտեցրեց ու ծեփեց քարաժայռին։ Մոտ քսան տարեկան մորուքավոր փոքրավորը հավասարակշռությունը կորցնելով, սահեց կայմի տակ և սեղմվեց քարաժայռի ու նավիրանի միջև։ Սեղմվե'ց։ Մի վայրկյան էլ չդիմանալով, շունչը փչեց։ Երկու հոգի ևս զոհվեցին խոհարարի պես։ Յոհաննես Մարթենսը վերջում լքեց նավը, և նա տասնչորսերորդ փրկվածն էր, որը կայմից բարեհաջող ցատկեց ծերպի մեջ։ Մեկ ժամ անց «Սփարվերը» պոկվեց խութից և խորասուզվեց։
Երկու օր ու գիշեր այդ ծերպում նստած, սպասում էինք մահվան։ Ոչ դեպի ցած ճանապարհ կար, ոչ էլ դեպի վեր։ Երրորդ օրն առավոտյան ձկնորսական նավակից մեզ նկատեցին։ Ձկնորսները ճերմակ, բայց կեղտոտ հագուստով էին, երկար մազերով, որոնք փնջաձև կապված էին նրանց գագաթին։ Ինչպես հետագայում իմացա, դա ամուսնական սանրվածք էր, և, այդ էլ հետագայում իմացա, շատ հարմար է մի ձեռքով այդ փնջից բռնել, իսկ մյուսով հարվածներ տեղալ այն ժամանակ, երբ վիճաբանության մեջ խոսքով այլևս անհնարին է որևէ բան ապացուցել։
Ձկնորսները գնացին գյուղ՝ օգնություն կանչելու, որից հետո գյուղացիները իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով գրեթե ամբողջ օրվա ընթացքում մեզ ցած բերեցին քարաժայռից։ Դրանք աղքատ, ընչազուրկ մարդիկ էին. նրանց ուտելիքը դժվարամարս էր նույնիսկ հասարակ նավաստու ստամոքսի համար։ Նրանք սնվում էին շոկոլադի պես դարչնագույն բրնձով։ Այդ վռիկը բաղկացած էր կիսով չափ բրնձի թեփից՝ ամեն տեսակի աղբի խառնուրդով։ Ուտելիս երբեմն ստիպված էինք լինում երկու մատը բերաններս խոթել, որպեսզի կարողանանք դուրս քաշել կողմնակի առարկաները։ Այդ վռիկից բացի ձկնորսները սնվում էին կորեկով ու բազմատեսակ թթուներով, որոնք այրում էին մարդու լեզուն։
Գյուղի տները կավաշեն, հարդով ծածկված խրճիթներ էին։ Խրճիթների հատակի տակ ծխնելույզներ կային և օջախների ծուխը միաժամանակ ծառայում էր ննջարանները տաքացնելու համար։ Այդպիսի խրճիթներից մեկում էլ մենք մի քանի օր հանգստացանք. երկար ծխամորճերով ծխում էինք թույլ և գրեթե անբույր տեղական ծխախոտ։ Ծխախոտից բացի, մեզ հյուրասիրեցին թթվահամ ու պղտոր գոլ խմիչքով, որից կարելի էր հարբել վիթխարի քանակությամբ խմելուց հետո միայն։ Առանց հոգուս մեղք անելու ասեմ, որ մի քանի գալոն կոնծելուց հետո միայն երգելու ցանկություն ունեցա, մի հանգամանք, որն ամբողջ աշխարհի նավաստիների համար հարբածության նշան է։ Իմ հաջողությունից խրախուսված, մյուսները ևս գլուխներին քաշեցին այդ խմիչքը, և քիչ անց կոկորդներս պատռելով երգում էինք, առանց նվազագույն ուշադրություն իսկ դարձնելու կղզու վրա դարձյալ մոլեգնող ձնաբքին, և բնավ չանհանգստանալով, որ մենք հայտնվել ենք բոլորովին անհայտ, աստծո կողմից մոռացված մի երկրում։ Ծերուկ Յոհաննես Մարթենսը ծիծաղում էր, գոռալով երգում և մեզ նման հարվածում էր իր ազդրերին։ Հենդրիկ Հեմելը, ածուխի պես սև մազերով և փոքրիկ սև հուլունքի նման աչքերով այդ անվրդով ու ինքնամփոփ հոլանդացին ևս հանկարծ գլուխը կորցնելով, նավահանգստում հարբած նավաստու պես շաղ տվեց արծաթադրամները, նորից ու նորից կաթնանման խմիչք պահանջելով։ Մենք արդեն գժություններ էինք անում, բայց կանայք շարունակ բերում էին այդ խմիչքից, և ամբողջ գյուղն հավաքվել էր մեր խրճիթում, դիտելու համար, թե ինչեր ենք անում։
Սպիտակամորթը ոտատակ է տվել ամբողջ երկրագունդը և ամեն տեղ իրեն տեր ու տնօրեն է զգացել իր անհոգության շնորհիվ։ Ի դեպ, խոսքս վերաբերում է նրա կեցվածքին, քանի որ դրդապատճառները եղել են անհագությունն ու հարստանալու ծարավը, Ահա թե ինչու նավապետ Յոհաննես Մարթենսը, Հենդրիկ Հեմելը և տասներկու նավաստիներ ձկնորսական ավանում խենթություններ էին անում և կոկորդով մեկ երգում այն ժամանակ, երբ Դեղին ծովի վրա ոռնում էր ձմեռային հողմը։
Այն նվազագույնը, ինչ մենք հասցրինք տեսնել այս երկրում, Չոսոնում, մեզ վրա այնքան էլ բերկրալի տպավորություն չթողեց։ Եթե ամբողջ ժողովուրդն էլ նման է այս ձկնորսներին, ապա հարկ չկա զարմանալու, թե ինչու այս կողմերում եվրոպական նավեր չեն հայտնվում: Սակայն մենք սխալվում էինք։ Ձկնորսական ավանը գտնվում էր ծովեզրյա կղզու վրա, և տեղի ավագանին, ըստ երևույթին, մեր հայտնվելու լուրը հաղորդել էր մայրցամաք, որովհետև մի օր առավոտյան երեք վիթխարի երկկայմանի, բրնձի փսիաթից պատրաստած եռանկյունի առագաստներով ջոնկաներ խարիսխ նետեցին մեր ափերի մոտ։
Երբ նոր ժամանածները մտան գյուղ, նավապետ Յոհաննես Մարթենսը չափազանց առույգացավ, որովհետև դարձյալ նրա աչքերի առջև հայտնվեց փափագած մետաքսը։ Առջևից քայլող կորեացին պարուրված էր բազմատեսակ գունատ երանգներ ունեցող մետաքսով. նրան ուղեկցում էր ստորաքարշ, մետաքս հագած, հինգ-վեց հոգիանոց շքախումբը։ Կվոն Յուն Դինը (նրա անունը ես հետո իմացա) «յանբան» էր, այսինքն՝ ազնվազարմ։ Ընդորում նաև նահանգապետի կամ մարզերից մեկի կառավարիչի պես մի բան, և, հետևապես, կառավարական աստիճանավոր։ Նրա պարտականությունների մեջ հիմնականում մտնում էին գլխահարկ և տաճարահարկ հավաքելը։
Կառավարիչի և նրա շքախմբի հետ միաժամանակ կղզի եկան նաև մոտ հարյուր զինվոր, որոնք շարասյունով մտան ավան։ Նրանք զինված էին եռաժանիներով, տապարներով ու տեգերով, իսկ ոմանք էլ նույնիսկ այնպիսի վիթխարի մուշկեթներով, որ յուրաքանչյուր մուշկեթը կրում էին երկու զինվոր, նրանցից մեկը տանում և տեղադրում էր հենարանը, որի վրա պետք է դրվեր փողը, իսկ մյուսը կրում էր մուշկեթն ու հարկ եղած դեպքում կրակում։ Ինչպես հետագայում համոզվեցի, երբեմն մուշկեթը կրակում էր, երբեմն ոչ։ Ամեն ինչ կախված էր աբեթի ու վառոդի վիճակից։
Այսպես ժամանեց Կվոն Յուն Դինը։ Գյուղի ավագները դողդողում էին նրա առջև, և մենք շատ շուտով համոզվեցինք, որ դա իզուր չէր։ Ես մոտեցա ու առաջարկեցի իմ ծառայությունը որպես թարգմանչի, քանի որ կորեական լեզվից արդեն մի հարյուր բառ սովորել էի։ Սակայն Կվոն Յուն Դինը մռայլվեց ու ձեռքի շարժումով հասկացրեց, որ մի կողմ քաշվեմ։ Բայց ես ինչո՞ւ պետք է ենթարկվեի նրան։ Ես նույնքան բարձրահասակ էի, որքան և նա, մի երեսուն ֆունտով էլ իմ քաշը ավելի կլիներ, մաշկս էլ ճերմակ էր ու մազերս՝ ոսկեգույն։ Նա մեջքով դարձավ իմ կողմն ու դիմեց ավագներից մեկին, իսկ մետաքս հագած նրա վեց մերձավորները պատնեշեցին ինձ։ Այդ միջոցին մոտեցան նաև զինվորները. նրանք շալակներին դրած հաստ տախտակներ էին բերում։ Տախտակները մոտ վեց ֆուտ երկարություն, երկու ֆուտ լայնություն կունենային և կիսով չափ սղոցված էին երկայնքով։ Տախտակներից յուրաքանչյուրի ծայրին կլոր մի անցք կար, որը մարդու պարանոցից մի քիչ էր լայն։
Կվոն Յուն Դինը ինչ-որ կարգադրություն արեց։ Մի քանի զինվոր մոտեցան Թրամփին, որը գետնին նստած, եղնգախոցն էր զննում։ Թրամփը մի քիչ անխելք, անշնորհք, ուշ հասկացող տղա էր, և մինչ գլխի կընկներ, թե ինչ է կատարվում, տախտակներից մեկը մկրատի պես բացվեց ու նորից փակվեց՝ անցքի մեջ առնելով նրա պարանոցը։ Հասկանալով, թե ինչպիսի ծուղակն է ընկել, Թրամփը բղավեց և տեղում այնպես վեր ցատկեց, որ շրջապատողները վախից հեռու քաշվեցին, խուսափելով օդում պար եկող երկար տախտակից։
Եվ սկսվե՜ց։ Մենք հասկացանք, որ մեր բոլորիս պարանոցին Կվոն Յուն Դինը մտադիր է այդպիսի կաղապարներ հագցնել։ Ուժներիս ներածին չափ դիմադրում էինք մեր անզեն բռունցքներով մոտ հարյուր զինվորի ու նույնքան էլ ձկնորսների, իսկ մետաքսով պաճուճված Կվոն Յուն Դինը քիչ հեռու կանգնած դիտում էր հպարտությամբ և արհամարհանքով։ Այդ ժամանակ էլ ես ստացա Ու Յոն Իկ մականունը, որ նշանակում է՝ հզոր։ Իմ բոլոր ընկերներին արդեն կաղապար էին հագցրել, բայց ես դեռ շարունակում էի դիմադրել։ Իմ բռունցքները դարբնի մուրճեր էին, և ես էլ հնարավորին սահմաններում վճռել էի ավելի շահավետ օգտագործել։
Շուտով ես ուրախությամբ նկատեցի, որ կորեացիները նվազագույն պատկերացումն իսկ չունեն բռնցքամարտի մասին և պաշտպանության ոչ մի ձև չգիտեն։ Իմ հարվածներից կեգելների պես նրանք փռվում էին գետնին, և ես խումբ-խումբ տապալում էի նրանց։ Ես նետվեցի Կվոն Յուն Դինի կողմը, ուզում էի նրան էլ հասցնել, և խեղճի դրությունը չափազանց անմխիթարական կլիներ, եթե օգնության չհասներ շքախումբը։ Շատ թույլ ժողովուրդ էր դա, և մինչև մյուսները կթափվեին վրաս, ես մի փառահեղ շիլա եփեցի իմ հակառակորդներից ու նրանց մետաքսյա զգեստներից։ Նրանք շատ-շատ էին։ Բռունցքներս ուղղակի խրվեցին մնացին այդ ամբոխի մեջ, հետևից անդադար առաջ էին բոթում, իսկ առջևում կանգնածներն էլ նահանջելու տեղ չունեին։ Տեսնեիք, թե ինչպե՜ս եկա նրանց հախներից։ Ի վերջո երեք շերտով նրանք փռվեցին իմ ոտքերի տակ։ Բայց երբ երեք ջոնկաների անձնակազմի հետ գյուղի բոլոր բնակիչներն էլ վրա տվեցին, ես պարզապես չկարողացա այլևս կանգնած մնալ ու ընկա։ Դրանից հետո մեծ հնարամտություն չէր պահանջվում պարանոցիս կաղապար հագցնելը։
- Աստված իմ, վերջն ի՞նչ է լինելու, - բացականչեց Վանդերվութ անունով մի նավաստի, երբ բոլորիս տեղափոխեցին ջոնկա։
Մեզ նստեցրին բաց տախտակամածին այն հավերի պես, որոնց ոտքերն ու թևերը կապված են. նույն պահին քամին սաստիկ թեքեց ջոնկան և մենք բոլորս, դղրդացնելով կաղապարները և պարանոցներս քերծելով, գլորվեցինք ու դեմ առանք նավակողի հողմածեծ եզրին։ Իսկ բարձր նավախելին կանգնած Կվոն Յուն Դինը դիտում էր այս ամենը և, ասես, մեզ չէր էլ նկատում։ Հետագայում, տարիներ շարունակ խեղճ Վանդերվութին ոչ ոք այլ կերպ չէր անվանում, քան՝ «Վերջն ի՞նչ է լինել ու»։ Նրա բախտը չբերեց։ Մի անգամ գիշերով նա սառեց Կեյձյոյի փողոցներից մեկում, և նրա աղերսանքների դիմաց ոչ մի դուռ չբացվեց ու ոչ ոք նրան ներս չընդունեց տաքանալու։
Մեզ տարան մայրցամաք և նետեցին գարշահոտ, միջատներով լեցուն մի բանտ։ Այսպես մենք ծանոթացանք Չոսոն կոչվող երկրի իշխանությունների հետ։ Բայց, ինչպես դուք շուտով կհամոզվեք, ինձ վիճակվեց բոլորիս փոխարեն վրեժ լուծել Կվոն Յուն Դինից այն օրերին, երբ տիկին Օմը բարյացակամություն ցուցաբերեց իմ նկատմամբ ու ես դարձա հզոր, մի դեմք, որն իր ձեռքում բավականին մեծ իշխանություն ուներ։
Մենք երկար մնացինք բանտում։ Հետագայում իմացանք, թե ինչո՛ւ. Կվոն Յուն Դինը սուրհանդակ էր ուղարկել Կեյձյո, Չոսոնի մայրաքաղաքը, որպեսզի տեղեկանա, թե ինչպիսի վերաբերմունք ունի միապետը մեր նկատմամբ։ Իսկ առայժմ մարդիկ գալիս էին մեզ նայելու, որպես գազանանոցի գազանների։ Տեղի բնակիչները օր ու գիշեր պաշարում էին բանտը, պատուհանի վանդակների միջով նայում մեզ վրա, որովհետև մենք սպիտակամորթների առաջին ներկայացուցիչներն էինք այս կողմերում։ Եվ պետք է ասել, որ մեզ այցելում էր ոչ միայն ամբոխը։ Պատգարակներով, որոնք կրում էին կուլիները, գալիս էին բարձրաստիճան տիկնայք ծովի բերած զարմանահրաշ սատանաներին նայելու, և այն ընթացքում, մինչ ծառաները մտրակներով ժողովրդին քշում էին մոտակայքից, տիկնայք երկար, ուշադիր և լուռ զննում էին մեզ։ Իսկ մենք շատ քիչ բան կարող էինք տեսնել, քանի որ երկրի օրինաց համաձայն, նրանց դեմքը ծածկված էր։ Միայն պարուհիները, թեթևաբարո կանայք և պառավներն էին բաց դեմքով։
Իմ մտքով հաճախ էր անցնում, թե Կվոն Յուն Դինը տառապում է ստամոքսի անմարսողությամբ ու երբ այդ հիվանդությունը սկսում էր չափից դուրս տանջել, նա իր ոխը մեզնից էր հանում։ Ճիշտ է դա, թե սխալ՝ չգիտեմ, բայց առանց որևէ պատճառի, հենց որ խելքին փչում էր, մեգ դուրս էին բերում փողոց և բանտի առաջ, ամբոխի հիացական բացականչությունների տակ դաժանորեն մահակածեծ էին անում։ Ասիացին դաժան է, և մարդկային տառապանքներին ականատես լինելը նրան գերագույն հաճույք է պատճառում։
Դուք, իհարկե, կարող եք շատ լավ պատկերացնել մեր ուրախությունն ու բերկրանքը, երբ այդ ծեծերի վերջը եկավ։ Կիմի շնորհիվ։ Կի՜մ։ Ի՞նչ կարող եմ պատմել Կիմի մասին։ Այդ երկրում նրանից ավելի ազնիվ մարդու չեմ հանդիպել։ Եվ այս դեպքում խոսքերն էլ ավելորդ են։ Երբ առաջին անգամ Կիմին տեսա, նա հիսուն հոգուց բաղկացած զորախմբի պետ էր, բայց հետագայում, իմ շնորհիվ, նա դարձավ արքունական պահակախմբի պետը։ Իսկ հետո զոհաբերեց իր կյանքը տիկին Օմին և ինձ փրկելիս։ Կիմը... մի խոսքով՝ Կիմը: Կիմը՝ Կիմն էր։
Նրա ժամանելուն պես մեր կաղապարները տեղնուտեղը հանեցին և մեզ տեղափոխեցին քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկը։ Մենք, իհարկե, մնում էինք գերիներ, բայց արդեն հարգված գերիներ, որոնց պաշտպանում էր հիսուն հոգուց բաղկացած հեծելախումբը, և հենց հաջորդ օրը՝ բոլոր տասնչորս նավաստիներս չոսոնյան թզուկ ձիեր հեծած, Միապետական Մեծ ճանապարհով ուղևորվեցինք դեպի մայրաքաղաք։ Ինչպես հաղորդեց Կիմը, միապետը ցանկություն էր հայտնել տեսնելու զարմանալի ծովային սատանաներին։
Ճանապարհորդությունը երկարատև էր. մենք հարավից դեպի հյուսիս էինք գնում և անցանք այդ երկրի գրեթե կեսը։ Հենց առաջին օրը, դադարի ժամանակ, ես գնացի դիտելու, թե ինչպես են կերակրում այդ թզուկ ձիերին։ Այն, ինչ ես տեսա, ստիպեց ինձ կոկորդով մեկ բղավել. «Վերջն ի՞նչ է լինելու, Վանդերվութ»։ Ես գոռում էի այնքան ժամանակ, մինչև որ մերոնք վազելով մոտեցան: Տեղնուտեղը թող սատկեմ, եթե այդ տխմարները իրենց ձիերին բակլայի ապուրով, այն էլ տաք ապուրով չէին կերակրում։ Այո՛, այո', տաք ապուրով։ Եվ ամբողջ ճանապարհին միայն ապուրով էին կերակրում։ Ինչ արած, այդ երկիրն էլ այդպիսին էր։
Դրանք իսկապես թզուկ ձիեր էին։ Կիմի հետ գրազ գալով, ես ձիերից մեկին գրկեցի ու, թեև խեղճը վախեցած թպրտում էր ու վրնջում, շալակս առա։ Եվ Կիմի զինվորները, որոնք արդեն լսել էին իմ մականունը, գոչեցին՝ Ու Յոն Իկ - Հզոր։ Կորեացիները հաղթանդամ, մկանուտ ժողովուրդ են, իսկ Կիմը նույնիսկ կորեացու համար վիթխարի տղամարդ էր, և հիշում եմ, հպարտանում էր դրանով։ Բայց երբ ես ու նա արմունկը արմունկի հենելով, ձեռքի ափերով սեղմեցինք իրար, ես առանց դժվարության հաղթեցի նրան։ Իսկ նրա զինվորներն ու ավանից մեր շուրջը հավաքված ամբոխը տեսնելով մեր մրցման արդյունքը, ասացին. «Ու Յոն Իկ»։
Մեր ճանապարհորդությունը փոքր-ինչ թափառաշրջիկ գազանանոց էր հիշեցնում։ Մեր ժամանման լուրը մեզնից առաջ էր անցնում, և մարդիկ շրջակա գյուղերից դուրս էին հոսում դեպի ճանապարհի եզրերը՝ մեզ նայելու։ Այո, ճանապարհորդությունը անվերջանալի էր թվում, իսկ մենք նմանվում էինք թափառաշրջիկ կրկեսի։ Գիշերները քաղաքների այն հյուրանոցներում, որտեղ կանգ էինք առնում, մեզ պաշարում էր հետաքրքրասերների բազմությունը և մենք քուն ու դադար չէինք ունենում, քանի դեռ պահակախումբը տեգերով հեռու չէր քշում նրանց։ Բայց սկզբում Կիմը մենամարտի էր կանչում ինձ գյուղի ամենաուժեղ ըմբիշների դեմ և զվարճանում էր, տեսնելով, թե ինչպես եմ ես նրանց գետին տապալում մեկը մյուսի հետևից:
Այդ երկրում հաց չեն ուտում, և մեզ կերակրում էին սպիտակ բրնձով, որը երբեք չէր ամրացնում մարդու մկանները, մսով, որը ինչպես մենք շուտով նկատեցինք՝ շան միս էր (Չոսոնում շները պահում էին որպես մսացու) և զարհուրելի թթուներով, որոնց համը հետո ես սկսում զգալ։ Եվ այժմ արդեն մենք օղի էլ ունեինք, իսկական օղի, ոչ թե կաթնանման մի խմիչք, այլ զուլալ, կոկորդ այրող բրնձի օղի, որի մի պինտան թույլերին գետին էր տապալում, իսկ առողջ ու պնդակազմ տղամարդուն դարձնում էր ուրախ ու կատաղի։ Պարսպապատ Չոնխո քաղաքում այդ օղին խմելուց հետո ես ինձ շատ լավ էի զգում այն դեպքում, երբ Կիմն ու տեղական իշխանազունները փռվել էին սեղանի տակ, ավելի ճիշտ, ոչ թե տակը, այլ սեղանի վրա. ախր որպես սեղան մեզ ծառայում էր հատակը, որի վրա մենք ծնկաչոք էինք նստում և անսովորությունից ոտքերս հաճախակի թմրում էին։ Եվ ինձ նայելով, դարձյալ ասացին.
- Ու Յոն Իկ։
Եվ իմ անվեհերության համբավը հասավ մինչև Կեյձյո և մինչև միապետի պալատը։
Թվում էր, որ ես ոչ այնքան գերի եմ, որքան պատվավոր մի հյուր, և ամբողջ ճանապարհը կտրեցի ձիուն հեծած, Կիմի հետ կողք-կողքի։ Իմ երկայն ոտքերը գրեթե հասնում էին գետնին, իսկ երբ բարձրանում էինք լեռնալանջով, ոտքերս ուղղակի քարշ էին գալիս ճանապարհի փոշու միջով։ Կիմը երիտասարդ էր։ Կիմը ազնիվ ու բարի մարդ էր։ Նա ուներ մարդկային բոլոր արժանիքները։ Նա հարգված մարդ կլինի ուզածդ երկրում։ Ես ու նա շատախոսում, ծիծաղում և կատակում էինք իրար հետ ամբողջ օրն ու մինչև կեսգիշեր։ Եվ ես էլ սպունգի պես ներծծում էի նրա մայրենի լեզվի բառերը, նրա խոսքերը։ Ի դեպ, օտար լեզուները ես միշտ
էլ հեշտությամբ էի տիրապետում։ Նույնիսկ Կիմին հիացմունք էր պատճառում կորեական լեզվի նրբություններին տիրապետելու իմ ընդունակությունը։ Ու ես առանց մեծ դժվարության կարողացա ըմբռնել կորեացիների աշխարհայացքը, նրանց հումորը, նրանց հակումները, նրանց թուլությունները և նախապաշարումները։ Կիմը սիրային, խնջույքի, ծաղիկների մասին երգեր սովորեցրեց ինձ։ Խնջույքի երգերից մեկը նա էր հորինել։ Ես այստեղ կփորձեմ ձեզ ներկայացնել այդ երգի վերջին տան բավականին մոտավոր թարգմանությունը։ Բովանդակությունն այս է. Կիմն ու Պակը իրենց երիտասարդ հասակում պայման են կապել ու երդվել հեռու մնալ սպիրտային խմիչքներից։ Այդ երդումը շատ շուտ է զանց առնվում։ Ծերության տարիներին Կիմը և Պակը երգում են.
Դե', արա'գ, արա'գ։ Ուրախ գավաթում
Մեր հոգիները նեցուկ կգտնեն
Մեր անձերի դեմ։ Ինչո՞ւ սպասենք.
Որտե՞ղ են վաճառում կարմիր գինին։
Ծաղկող դեղձենու տա՞կ։
Մնաս բարով, բարեկամ, ես վազեմ այնտեղ։
Հենդրիկ Հեմելը, լինելով խորամանկ ու հնարամիտ մարդ, ամեն կերպ խրախուսում էր իմ ջանքերը, որոնք Կիմին ոչ միայն իմ անձի նկատմամբ էին բարյացակամորեն տրամադրում, այլև իմ միջոցով հենց իր՝ Հենդրիկ Հեմելի և մյուս մեր ընկերների նկատմամբ։ Ես այստեղ Հենդրիկ Հեմելին հիշատակում եմ որպես իմ անփոփոխ խորհրդականի, քանի որ այդ հանգամանքը բավականին դեր խաղաց այն ամենի մեջ, ինչ հետագայում տեղի ունեցավ Կեյձյոյում, որտեղ ես ձեռք բերեցի Յուն Սանի հովանավորությունը, միապետի ողորմածությունը և գրավեցի տիկին Օմի սիրտը։ Այն խաղի համար, որ սկսել էի ես, ունեի բավարար չափով զսպվածություն, խիզախություն և մասամբ էլ մտավոր կարողություններ, բայց, խոստովանում եմ, որ ամբողջ ինտրիգի իսկական հեղինակը Հենդրիկ Հեմելն էր։
Ուրեմն, մենք շարժվում էինք Կեյձյոյի ուղղությամբ մի պարսպապատ քաղաքից դեպի մյուս պարսպապատ քաղաքը, ձյունածածկ լեռնանցքներով, որոնց ստորոտներում և հովիտներում արգավանդ արոտավայրեր էին։ Եվ ամեն երեկո, արևամուտին, լեռների գագաթներին մեկը մյուսի հետևից վառվում էին ազդանշանային կրակները։ Եվ ամեն երեկո Կիմն ուշադրությամբ հետևում էր լուսային այդ ազդանշաններին։ Չոսոնի բոլոր ծովափերից, ասաց ինձ Կիմը, կրակների այդ շղթան ձգվում է դեպի Կեյձյո և իր կրակե լեզվով լուրեր տանում միապետին։ Երբ մի խարույկ է վառվում՝ անդորրի ու խաղաղության նշան է։ Երկու ազդանշանը՝ ապստամբության կամ թշնամու ներխուժման լուր է։ Ի դեպ մեզ ոչ մի անգամ չվիճակվեց երկու ազդանշան տեսնել։ Եվ ամբողջ ճանապարհորդության ընթացքում մեր թափորը եզրափակող Վանդերվութը բարձրաձայն զարմանում էր.
- Աստվա՜ծ, իմ, վերջն ի՞նչ է լինելու:
Պարզվեց, որ Կեյձյոն բավականին մեծ քաղաք է, որի ամբողջ ազգաբնակչությունը, բացառությամբ ազնվազարմ անձանցից` յանբաններից, միշտ սպիտակ հագուստով էր: Կիմի ասածի համաձայն, դրա շնորհիվ կարելի է անմիջապես կռահել, թե տվյալ մարդը ո՞ր խավին է պատկանում, բավական է միայն տեսնել, թե որքան կեղտոտ է նրա հագուստը։ Պարզ է, օրինակ, կուլին, որն իր վրայի հագուստից բացի ուրիշը չունի, միշտ էլ զարհուրելի աղտոտ է լինելու։ Եվ նույնքան ակներև է, որ այն մարդը, ում հագին ձյունաթյուր հագուստ կա, մի քանի ձեռք հագուստ ունի և օգտվում է լվացարարուհիների ծառայությունից՝ դրանք այդպես ճերմակ պահելու համար։ Ինչ վերաբերում է յանբաններին որոնք բազմագույն, բաց երանգներով հագուստներ են հագնում, ապա նրանց բարձր դիրքի պատճառով այդպիսի սովորական չափանիշերը կիրառելի չեն։
Պանդոկում մի քանի օր անցկացնելուց հետո, որի ընթացքում զբաղված էինք լվանալով ու կարկատելով նավաբեկության և մեր ճամփորդության ժամանակ կարգին մաշված հագուստները, մեզ հրավիրեցին միապետի մոտ։ Պալատի առջև գտնվող ընդարձակ հրապարակում վեր էին խոյանում շների վիթխարի քարե արձաններ, որոնք ավելի շուտ նման էին կրիաների։ Այդ շները պառկած էին քարակոփ պատվանդանների վրա, որոնք երկու մարդաբոյ բարձրություն ունեին։ Պալատի պատերը ևս չափազանց հաստաբեստ էին և շարված էին տաշած քարերով։ Պատերն այնքան հաստ էին, որ թվում էր, թե շատ հանգիստ մեկ տարի շարունակ կարող են դիմանալ ամենամեծ թնդանոթի գնդակոծությանը։ Դարպասները մի պալատի բարձրության էին և ձևով հիշեցնում էին մեհյանի. յուրաքանչյուր հերթական հարկը նախորդից ավելի փոքր էր և բոլորը ծածկված էին կղմինդրով։ Դարպասի մոտ պահակ էին կանգնել շքեղ հագնված ռազմիկներ։ Կիմն ինձ ասաց, որ դրանք փխենյանցի վագրորսներն են՝ Չոսոնի ամենաահեղ ու կատաղի ռազմիկները։
Բայց կարճ կապենք։ Միայն արքայական պալատի մանրամասն նկարագրությունը կարող է մոտ հազար էջ գրավել։ Սակայն պետք է ասեմ, որ մենք ականատես եղանք հզորության և իշխանության՝ իրենց նյութական մարմնավորմամբ։ Միայն հինավուրց և հզոր քաղաքակրթությունը կարող էր ստեղծել այդ պարսպապատ, անհամար գմբեթներով ծածկված տանիքներ ունեցող միապետական աթոռանիստը։
Մեզ, թշվառ նավազներիս, առաջնորդեցին ոչ թե այն ընդունարանը, որտեղ տեսակցություններ էին նշանակվում հյուպատոսների համար, այլ, ինչպես կռահեցինք, խրախճանքների դահլիճ։ Կերուխումն արդեն ավարտվելու էր, և բոլոր ներկաները բարձր տրամադրության մեջ էին։ Իսկ ներկաների բազմությունը շատ մեծ էր։ Եվ ովքե՜ր էին մասնակիցները։ Բարձրաստիճան ընտրյալներ, իշխանազուններ, քաջատոհմիկներ, գունատ կրոնապետեր, արևախանձ զորականներ, արքունիքի անշղարշ տիկնայք, շպարված պարուհիներ, որոնք իրենց պարերով հյուրերի հայացքները գոհացնելուց հետո հանգստանում էին, նաժիշտներ, ներքինիներ, ծառաներ ու ստրուկներ... տասնյակ ստրուկներ։
Բայց մեզ շրջապատող բազմությունը ցրվեց, բոլորը ետ քաշվեցին, և միապետն իր մերձավորների խմբով քայլեց մեր կողմը։ Դա մի ուրախ միապետ էր, իսկ ասիացի միապետի համար՝ նույնիսկ չափից դուրս ուրախ։ Թեև նա հազիվ քառասուն տարեկան լիներ, բայց արդեն վիթխարի որովայն ուներ, իսկ ոտքերը բարակ էին և ծուռտիկ։ Դեմքի գունատ, շատ հարթ մաշկը երբեք չէր զգացել արեգակի ճառագայթների քնքշանքը։ Սակայն ժամանակին նա բնավ էլ այնքան վատը չէր եղել։ Նրա լայն, ազնիվ ճակատը այդ մասին էր վկայում։ Բայց աչքերը պղտոր էին, ուռած կոպերով, իսկ շուրթերն էլ, անկախ նրա կամքից, դողում էին և ջղաձգվում. դա այն բազում շռայլությունների դիմաց ստացած նրա պատիժն էր, որոնցից միապետն իրեն զուրկ չէր պահել, և որոնց, ինչպես իմացա հետագայում, հատկապես օժանդակել էր Յուն Սանը, բուդդայական վանականը։ Բայց նրա մասին կպատմեմ իր ժամանակին։
Իրենց գլխով շատ բան անցկացրած, ծովայինի հագուստներով նավազներս, մեզնից բավականին արտառոց տեսարան էինք ներկայացնում, բայց մեր նկատմամբ ցուցաբերած ընդունելությունն էլ բավականին արտակարգ էր։ Զարմանքի բացականչությունները մեր հայտնվելուն պես դարձան քրքիջի պայթյուններ։ Պարուհի քիսանները նետվեցին մեզ վրա և սկսեցին քաշքշել ու գզուզ անել, մեզնից յուրաքանչյուրի վզից կախվելով երկուական և երեքական հոգով։ Նրանք սկսեցին մեզ քարշ տալ դահլիճով մեկ, ասես ձեռնասուն արջեր լինեինք, որոնք զվարճալի խաղեր գիտեն։ Այս ամենը մեզ համար բավականին ստորացուցիչ էր, բայց ի՞նչ կարող էինք անել մենք, թշվառ նավազներս։ Ի՞նչ կարող էր անել ծերուկ Յոհաննես Մարթենսը քրքջացող աղջիկների այդ երամի հետ, որոնք կսմթում էին, քթից էին քաշում և այնպես էին խուտուտ տալիս, որ ակամա ցատկոտում էր տեղում։ Այդ տանջանքներից խուսափելու համար Հանս Էմդենը մի կերպ դուրս պրծավ շրջապատումից և սկսեց մի անճոռնի ջիգ պարել, իսկ պալատականները ծիծաղից թուլացան։
Այս ամենը ստորացուցիչ էին հատկապես ինձ համար, քանի որ անցած օրերի ընթացքում ես Կիմի բաժակակիցն էի և նրա հետ ինձ պահում էի հավասարը հավասարի պես։ Ես այլևս ուշադրություն չդարձրեցի ծիծաղող քիսանների վրա։ Ոտքերս լայն դրած, ձեռքերս կրծքիս խաչած, ես ձիգ կանգնել էի և ոչ կսմթոցները, ոչ խուտուտները վրաս ոչ մի ազդեցություն չէին թողնում. այդ ամենը պարզապես չէի նկատում։ Եվ քիսաններն էլ ձեռք քաշեցին ինձնից, ընկնելով ավելի դյուրամատչելի որսի հետևից։
- Ի սեր աստծո, թե կարող ես, նրանց մի բանով զարմացրու,- ասաց Հենդրիկ Հեմելը, որը պարանոցից կախված երեք քիսանի մի կերպ քարշ տալով, մոտեցավ ինձ։ Նա խոսում էր ատամները սեղմած, քանի որ բավական էր բաց աներ բերանը, և քիսանները անմիջապես սկսում էին անուշեղեններ խոթել։
- Վերջ տուր այս խեղկատակությանը, - փնթփնթաց նա, խույս տալով իր կողմը պարզած անուշեղեններից։ - Մենք պետք է պահպանենք մեր արժանապատվությունը, հասկանո՞ւմ ես, արժանապատվությունը։ Այլապես՝ կկորչենք։ Նրանք ուզում են մեզ ձեռնասուն կենդանիներ, խեղկատակներ դարձնել։ Իսկ երբ ձանձրացնենք, փողոց կնետեն մեզ։ Դու քեզ լավ ես պահում։ Մինչև վերջ այդպես պահիր։ Հախներից եկ։ Ստիպիր, որ հարգեն քեզ, հարգեն մեզ բոլորիս։
Վերջին բառերը ես հազիվ կարողացա հասկանալ, որովհետև այդ պահին քիսանները կարողացան նրա բերանը այնպես լիքը լցնել անուշեղեններով, որ կոկորդային հնչյուններ միայն լսվեցին։
Ինչպես արդեն ասացի, այդ տարիներին ես բավականաչափ զուսպ էի և խիզախ, իսկ այստեղ ես զինվեցի նաև ծովայինի իմ աչքաբացությամբ։ Որոշեցի սկսել ներքինիից, որն իմ թիկունքում կանգնած, փետուրով խուտուտ էր տալիս պարանոցս։ Իմ ամբարտավանությամբ, անհողդողդ տեսքով և քիսանների կատակների նկատմամբ բացարձակ անզգայությամբ ես վրաս էի հրավիրել ներկաների ուշադրությունը, և այժմ շատերը հետաքրքրությամբ դիտում էին, թե ինչպես է ներքինին ծաղրում ինձ։ Ես չէի շարժվում, հայտնի չէի անում, թե ինչ-որ բան եմ մտմտում, մինչ հաստատապես իմանալս, թե որտեղ է նա կանգնած, և ինչպիսի հեռավորության վրա։ Հետո, նույնիսկ առանց գլուխս շրջելու, մի կայծակնային հարված հասցրի նրան ձեռքիս թարսով։ Մատներիս հոդերը ճռճռացին նրա ծնոտի ու այտի վրա։ Լսվեց մի այնպիսի ձայն, որը նման էր քամու ճնշման տակ կոտրվող կայմի ճայթյունի, և ներքինին մի տասը քայլ հեռու թռչելով, տապալվեց հատակին։
Ոչ ոք չծիծաղեց։ Միայն զարմանքի բացականչություններ, շշուկներ և փնթփնթոցներ լսվեցին. «Ու Յոն Իկ»։ Ես դարձյալ ձեռքերս խաչեցի կրծքիս և կանգնեցի այդ դիրքով, բավականին հաջողությամբ ամբարտավան մի կեցվածք ընդունելով։ Ճիշտն ասած, համոզված եմ, որ ես, այսինքն էդամ Սթրենգս, անկախ ամեն բանից, օժտված էի նաև դերասանական շնորհքով։ Ուրեմն, լսեք, թե ինչ պատահեց հետո։ Այժմ բոլորի հայացքները գամված էին վրաս, իսկ ես հպարտորեն ու ամբարտավանորեն որսում էի այդ հայացքներն ու ստիպում բոլորին աչքերը խոնարհել կամ փախցնել, ստիպում էի բոլորին, բացի... բացի մի երիտասարդ կնոջից, որը, դատելով զգեստների շքեղությունից և չորս բոլորը պտտվող նաժիշտներից, բարձրաստիճան արքունի տիկին էր։ Հիրավի, նա տիկին Օմն էր, արքայական Մեծ տոհմի արքայադուստրը։ Ես ասացի, որ նա երիտասարդ էր։ Նա իմ հասակակիցն էր, նույնպես լրացրել էր երեսուն տարին, բայց և այնպես, չնայած հասունությանն ու գեղեցկությանը, դեռ չէր ամուսնացել, այդ մասին ես իմացա հետո։
Միայն նա էր նայում ճիշտ իմ աչքերին և հայացքը չհեռացրեց այնքան ժամանակ, մինչև որ ինքս փախցրեցի հայացքս։ Բայց նա բնավ էլ չէր ջանում ինձ ստիպել, որ հայացքս փախցնեմ. նրա հայացքում ոչ մարտահրավեր կար, ոչ էլ չարակամություն, այլ միայն հիացմունք։ Ես չէի ուզում պարտված ճանաչվել ինչ-որ թույլ կնոջից, և հայացքս շրջեցի իմ ընկերների վրա, որոնց առաջվա պես տանջում էին քիսանները։ Դա ինձ համար միայն առիթ էր։ Ես ծափ զարկեցի այնպես, ինչպես վարվում են Արևելքում հրամաններ արձակելիս։
- Անմիջապես վերջ տվեք, - գոչեցի նրանց մայրենի լեզվով, օգտագործելով այն արտահայտությունը, որն ուղղում են սովորաբար ստորադասներին։
Օ՜հ, այո', ես ամուր կոկորդ ու լայն կրծքավանդակ ունեի, և կարող էի այնպես որոտալ, որ մարդկանց ականջները ցավեին։ Վստահ եմ, որ այդպիսի խլացուցիչ հրաման արքայական պալատի սրբազնագույն պատերի մեջ հնչում էր առաջին անգամ։
Մարդիկ քարացան։ Վախեցած կանայք հպվեցին իրար, ասես պաշտպանություն որոնելով։ Քիսանները ձեռ քաշեցին նավաստիներից և, շփոթված ծիծաղելով, մի կողմ գնացին։ Միայն տիկին Օմն էր, որ տեղից չշարժվեց, նույնիսկ աչքը չթարթեց, և լայն բացած աչքերով շարունակում էր նայել ինձ. մեր հայացքները դարձյալ հանդիպեցին իրար։
Դահլիճում քար լռություն տիրեց, ասես քիչ հետո մահապատժի հրաման էին ընթերցելու։ Բազում աչքեր գողունի նայում էին մերթ միապետի, մերթ իմ կողմը։ Ես այնքան խելք ունեի, որ չխախտեի այդ լռությունը։ Ես կանգնել էի անշարժ, ձեռքերս կրծքիս խաչած, վեհատեսիլ և ամբարտավան։
- Նա գիտե մեր լեզուն... - վերջապես բարեհաճեց միապետը և դահլիճով մեկ անցավ թեթևության մի հոգոց։
- Ես այդ լեզուն օրորոցից գիտեմ, - առանց երկար-բարակ մտածելու վրա տվեցի ես այդ վտանգավոր բառերը, որոնք ինձ հուշեց ծովայինի խորամանկությունս։ - Ես այդ լեզվով թոթովախոսել եմ մորս կրծքի վրա։ Իմ երկրում որպես հրաշքի էին նայում վրաս։ Հեռու-հեռուներից իմաստուններ էին գալիս ինձ տեսնելու և լսելու։ Բայց ոչ ոք չէր հասկանում իմ արտասանած բառերը։ Բազում տարիներ են անցել այդ օրերից, և ես արդեն սկսել էի մոռանալ այդ լեզուն, բայց այստեղ, Չոսոնում, դարձյալ բառերը վերադարձան ինձ մոտ, վաղուց ի վեր կորած ու նորից գտնված բարեկամների նման։
Այո, ես հիրավի նրանց ապշեցրի։ Միապետը հոգոց հանեց, շուրթերը ցնցվեցին, և դժվարությամբ կարողացավ խոսել.
- Դու ինչպե՞ս ես այդ բացատրում։
- Սխալմունք էր պատահել, - պատասխանեցի ես, շարունակելով քայլել այն վտանգավոր ճանապարհով, որի վրա ինձ դուրս էր բերել խորամանկությունս։ - Ծննդոցի աստվածները անփութության հետևանքով ինձ նետել էին մի օտար, հեռավոր երկիր, որտեղ և մեծացել եմ օտար ժողովրդի մոտ։ Բայց ես կորեացի եմ ու այժմ, վերջապես, վերադարձել եմ իմ հայրենիքը։
Լսվեցին զարմացական բացականչություններ, և մարդիկ սկսեցին շշուկով խորհրդակցել։ Իսկ միապետն անձամբ Կիմին դիմեց մի շարք հարցերով։
- Այո', այո', ծովից դուրս գալուն պես սկսեց խոսել մեր լեզվով, դա ճշմարիտ է, - բարեհոգությամբ ստեց Կիմը։
- Ինձ համար վայելուչ հագուստ բերեք, - ընդհատեցի նրան, - յանբանի հագուստ տվեք, և ինքներդ կհամոզվեք։
Երբ ինձ տանում էին զգեստներս փոխելու, ես, նախքան դահլիճից դուրս գալը, դիմեցի քիսաններին.
- Հանգիստ թողեք իմ ստրուկներին: Նրանք երկար ճանապարհ են անցել և հոգնած են: Դրանք իմ հավատարիմ ստրուկներն են։
Հարևան սրահում Կիմն ինձ օգնեց զգեստներս փոխել և բոլոր ծառաներին դուրս անելուց հետո, սկսեց աճապարանքով ու հիմնավորապես վարժեցնել ինձ։ Նա էլ ինձ նման չէր հասկանում, թե այս ամենն ինչով է վերջանալու, բայց բարի տղա էր։
Վերադառնալով խրախճանքների դահլիճ, ես դարձյալ սկսեցի շատախոսել կորեերեն, խնդրելով ներողամիտ լինել սխալներիս համար, որոնք ետ վարժվելուս հետևանքն են։ Հենդրիկ Հեմելը և իմ մյուս ընկերները, որոնց ուժից վեր բան էր նոր լեզու հաղթահարելը, ոչ մի բառ չէին հասկանում իմ խոսքերից, և դա բավականին զվարճալի էր։
- Իմ երակներով հոսում է Կորյո դինաստիայի արյունը,- ասացի միապետին։ - Սիլլիի անկումից հետո հաստատվելով գահին, այդ դինաստիան շատ ու շատ տարիներ առաջ իշխել է Սոնդոյում։
Կորեայի հին պատմության այս պատառիկները մեր ճանապարհորդության ընթացքում ես լսել էի Կիմից, և այժմ ամեն ջանք գործադրում էի լրջությունս պահպանելու համար, ականջ դնելով իմ սեփական բառերին, որոնք կրկնում էի թութակի նման։
- Իսկ սրանք, - ասացի ես, երբ միապետը հետաքրքրվեց իմ ընկերներով,- իսկ սրանք իմ ստրուկներն են. բոլորը, բացի այն ծերուկից (մատնացույց արեցի Յոհաննես Մարթենսին)։ Նա ազատ կնոջ զավակ է։ (Հետո մոտ կանչեցի Հենդրիկ Հեմելին)։ Իսկ սա, - շարունակեցի անզուսպ կերպով երևակայել, - սա ծնվել է իմ հոր տանը, մի ստրկուհուց, որը նույնպես ծնվել էր իմ հոր տանը։ Ես նրան դարձրել եմ իմ մերձավորը, որովհետև երկուսս էլ ծնվել ենք միևնույն օրը, և այդ նույն օրն էլ հայրս նրան ինձ է նվիրել։
Հետագայում, երբ Հենդրիկ Հեմելը հետաքրքրությունից վառված հարցուփորձ արեց ինձ, թե խնջույքի ժամանակ ինչ էինք խոսում, ես կրկնեցի իմ այս բառերը, և նա մոլեգնելով, սկսեց կշտամբել ու հանդիմանել։
- Եղածն անցած է, Հենդրիկ, - ասացի ես։ - Մի բան պետք է ասեի, ու դա ասացի. ուրիշ բաների մասին խոսելու համար երևակայություն էր պետք։ Բայց արված գործը շրջել չես կարողանա։ Ոչ դու, ոչ էլ ես որևէ բան փոխելու այլևս ընդունակ չենք։ Մնում է, որ շարունակենք մեր այս խաղը, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի։
Թայ Բունը, միապետի եղբայրը, նշանավոր գինեմոլ էր, և խնջույքի ամենաթեժ պահին մրցահրավեր ուղարկեց ինձ։ Միապետին շատ դուր եկավ այդ միտքը և կարգադրեց, որ մրցությանը մասնակցեն ևս մի տասը հոգի ազնվազարմ գինեմոլներ։ Կանանց հրամայեցին հեռանալ դահլիճից, և մենք գործի անցանք. բոլորս միասին խմում էինք գավաթը գավաթի հետևից, խստորեն հետևելով, որ մեկնումեկը հանկարծ հերթից դուրս չգա։ Կիմին պահեցի ինձ մոտ, իսկ երբ արդեն կեսգիշերը վրա հասավ, Հենդրիկ Հեմելին, ուշադրություն չդարձնելով նրա նախազգուշական նշանների վրա, հրամայեցի հավաքել մերոնց ու հեռանալ։ Ի դեպ, նախօրոք պահանջել էի, որ պալատում մեզ ննջարաններ հատկացնեն, որը և սիրահոժար կատարեցին։
Հետևյալ օրը խոսում էին միայն այդ մրցության մասին, որովհետև, ի վերջո, Թայ Բունը և իմ մյուս հակառակորդները մի լավ հարբելուց հետո ընկան խսիրներին ու տեղնուտեղը մեռելի պես քնեցին, իսկ ես առանց որևէ օգնության գնացի իմ ննջարանը։ Եվ հետագայում վրա հասած իմ սև օրերին էլ դեռևս Թայ Բունը շարունակում էր հավատալ, որ կորեական արյուն է հոսում իմ երակներով։ նա պնդում էր, որ միայն կորեացիների մեջ կարող են լինել այդպիսի դիմացկուն գլուխներ։
Ըստ էության այդ պալատը մի քաղաք էր։ Մեզ տեղավորեցին կենտրոնական շինությունից հեռու ամառային տաղավարում, որտեղ ամենաշքեղ սրահները, բնականաբար, ես զբաղեցրի, իսկ Մարթենսը, Հենդրիկ Հեմելը և մյուսները ստիպված եղան, թեկուզև դժգոհությամբ, բավարարվել այն ամենով, ինչ մնաց։
Ինձ կանչեցին Յուն Սանի՝ բուդդայական վանականի մոտ, որի մասին արդեն հիշատակել եմ։ Այսպիսով, մենք առաջին անգամ տեսանք իրար։ Նա բոլոր ծառաներին, և նույնիսկ Կիմին դուրս արեց, և մենք, աղոտ լուսավորությամբ սենյակում մնալով բոլորովին միայնակ, թիկնեցինք հաստ խսիրների վրա։ Ողորմած աստված, այդ ի՜նչ մարդ էր Յուն Սանը, ի՜նչ խելացի մարդ էր նա։ Յուն Սանը ջանում էր թափանցել հոգուս խորքերը։ Նա ուրիշ երկրների մասին շատ բան գիտեր, նա գիտեր այնպիսի բաներ, որոնք այստեղ մարդիկ չէին էլ կարող երևակայել։ Արդյո՞ք նա հավատում էր իմ ծագման առասպելին։ Կռահելը անհնարին էր, նրա դեմքը միշտ էլ անթափանց էր այնպես, կարծես բրոնզաձույլ լիներ։
Միայն Յուն Սանը գիտեր, թե ինչ է մտածում Յուն Սանը։ Բայց ի դեմս այդ աղքատիկ հագուստներով, ներս ընկած որովայնով նիհարիկ մարդու, ես տեսա ամբողջ պալատի և Չոսոն պետության իսկական տիրակալին։ Եվ նա, առանց խոսքերի, պարզապես հասկացրեց ինձ, որ ես կարող եմ իրեն օգտակար լինել։ Թերևս այդ բանը նրան հուշել էր տիկին Օ՞մը։ Ես այս հանելուկին պատասխանելու գործը թողեցի Հենդրիկ Հեմելին։ Իսկ ինքս ոչինչ չէի հասկանում, և հասկանալու ոչ մի ձգտում էլ չունեի, քանի որ միշտ ապրում էի միայն ներկայով, և ենթադրությունների ու ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությամբ տառապելու գործը թողնում էի ուրիշներին։
Տիկին Օմն էլ ինձ հրավիրեց. ճարպոտ, փայլուն դեմքով ու զգուշորեն, անձայն քայլող ներքինին պալատի խաղաղ, դատարկ դահլիճներով ինձ առաջնորդեց տիկնոջ սրահը։ Նա ապրում էր շքեղության մեջ, ինչպես վայել է արքայադստեր, ապրում էր սեփական ապարանքում, որը շրջափակված էր հարյուրամյա թզուկ ծառերով, որոնցից յուրաքանչյուրը հազիվ էր հասնում մինչև գոտկատեղս, և բակում ջրավազաններ կային, որոնց մեջ լողում էին լոտոսները։ Ջրավազանների վրա գցված էին այնքան թեթև ու գեղեցիկ բրոնզե կամրջակներ, որոնք ասես ոսկերչական աշխատանք լինեին, իսկ բամբուկի պուրակը արքայադստեր օթևանը բաժանում էր պալատից:
Գլուխս պտտվեց։ Ես հասարակ նավաստի էի, բայց կանանց շատ լավ էի ճանաչում, և տիկին Օմից հրավերը ստանալով, զգացի, որ դա մի սովորական հետաքրքրաշարժության հետևանք չէ։ Պատմություններ շատ էի լսել այն հասարակ մարդկանց մասին, որոնք արքայական տան սիրեկաններ են դառնում, և ինքս ինձ հարցնում էի, արդյոք ինձ էլ չի՞ վիճակվել ամբողջ աշխարհին ապացուցելու այդ պատմությունների ճշմարտացի լինելը։
Տիկին Օմը ժամանակն իզուր չվատնեց։ Նա շրջապատված էր նաժիշտներով, բայց սրանց ներկայությունը տիկնոջ համար նույնն էր, ինչ կառքի ձիերի ներկայությունը։ Ես նստեցի նրա կողքին, հաստ և փափուկ խսիրի վրա, որը սենյակին տալիս էր մի վիթխարի մահճի տպավորություն, ցածրիկ, մարգարտազարդ սեղաններով մեզ գինի և անուշեղեններ մատուցեցին։
Ողորմած աստված, բավական էր միայն նրա աչքերին նայելը... Բայց սպասեք։ ճիշտ հասկացեք ինձ։ Տիկին Օմը բնավ էլ հիմար չէր։ Ինչպես արդեն ասացի, մենք հասակակիցներ էինք։ Նրա երեսունն արդեն լրացել էր, և նա իրեն պահում էր այնպես, ինչպես պատշաճ էր իր տարիքին։ Նա գիտեր, թե ինչ է ուզում։ Եվ նա գիտեր, թե ինչ չի ուզում։ ...Ահավասիկ պատճառը, թե ինչու նա դեռ չէր ամուսնացել, չնայած պալատական խմբավորումը՝ գործադրել էր բոլոր միջոցները (իսկ արևելյան արքունիքներում այդ միջոցները շատ-շատ են լինում), որպեսզի նրան ստիպեն դառնալու Չոն Մոն Դյուի կինը։ Սա պատկանում էր Մոն Դյու դինաստիայի կրտսեր ճյուղին, այնքան էլ հիմար չէր և այնպիսի մոլուցքով էր ձգտում տիրակալության, որ տագնապ էր ներշնչում նույնիսկ անհողդողդ Յուն Սանին, իսկ Յուն Սանն էլ իր հերթին էր ջանում պահպանել լիակատար իշխանությունը և պալատն ու երկիրը պահել հավասարակշիռ վիճակում։ Յուն Սանն էր, որ գաղտնի դավադրություն կազմակերպեց տիկին Օմի հետ և նրան փրկեց կրկնապորտ եղբոր՝ Չոն Մոն Դյուի հետ ամուսնանալուց, այս հանգամանքը օգտագործելով իր հակառակորդի թևերը խուզելու համար։ Բայց բավ է այս բանսարկությունների մասին պատմելը: Ես բավականին ուշ իմացա այդ ամենը. մասամբ տեղեկացա Հենդրիկ Հեմելից, որն ինձ հաղորդակից էր դարձնում իր դիտարկումներին ու եզրակացություններին, իսկ գլխավորապես անձամբ տիկին Օմից։
Տիկին Օմը կանանց մեջ իսկական մի ծաղիկ էր։ Նրա նմանները հազվադեպ են ծնվում, երկու դարը մեկ անգամ։ Նա արհամարհում էր բոլոր օրենքներն ու բոլոր պայմանականությունները։ Ուներ սեփական կրոն, որ մասամբ որդեգրել էր Յուն Սանից, մասամբ էլ ստեղծել էր ինքը։ Նրա կարծիքով, ժողովրդի համար պաշտոնական կրոնը հանդիսանում է միլիոնավոր ստրուկներին իրենց մեջքը հնազանդորեն կռացնելու ստիպող անհրաժեշտ միջոց։ Սա ըմբոստ ոգի ուներ և ուժեղ կամք, միաժամանակ էլ կին էր մինչև ուղնուծուծը։ Եվ գեղեցկուհի էր։ Այո, գեղեցկուհի բառիս բուն իմաստով։ Նրա խոշոր սև աչքերը ոչ նեղ էին և ոչ էլ շեղ։ Ճիշտ է, փոքր-ինչ երկարուկ էին այդ աչքերը, բայց ուղիղ, և միայն ծայրերն էին ասես մի փոքր դեպի վեր ձգվում, որը սակայն, նրա դեմքին տալիս էր արտակարգ հմայք։
Ես արդեն ասացի, որ նա բնավ էլ հիմար չէր։ Պատմեմ, լսեք ։ Ես արդեն կորցրել էի գլուխս. հասարակ նավաստի, արքայադուստր, հանկարծահաս կիրք... Ես ջանում էի կռահել, թե ինչպես պետք է դրսևորեմ ինձ, որպեսզի պահպանեմ տղամարդկային արժանապատվությունս, և մեր զրույցի սկզբում ես դարձյալ հիշատակեցի այն մասին, ինչ արդեն հայտարարել էի բոլորին. որ ես իսկապես կորեացի եմ և Կորյո դինաստիայի շառավիղը։
- Բավական է, վերջ տուր, - ասաց տիկին Օմը, սիրամարգի փետուրներից պատրաստած հովհարը թեթևակի հարվածելով շուրթերիս։ - Այստեղ կարող ես հեքիաթներ չպատմել։ Ինձ համար դու, որպես այդպիսին, ավելի արժես, քան Կորյո ամբողջ դինաստիան։ Դու...
Մի պահ նա լռեց, և ես սպասում էի, թե ուրիշ ինչ, կասի, և տեսա, թե ինչպես է նրա աչքերում ուռճանում ցանկասիրությունը։
- Դու տղամարդ ես, - եզրափակեց նա։ - նույնիսկ երազումս էլ չեմ տեսել, որ լույս աշխարհում կարող է ապրելիս լինի այնպիսի տղամարդ, որպիսին դու ես։
Տե՜ր աստված։ Էլ ի՞նչ էր մնում անելու խեղճ նավաստուն։ Այն նավաստին, որի մասին ես պատմում եմ, խոստովանում եմ, որ ամենից առաջ ծովային արևախանձ դեմքի շառագույնը չկարողացավ ծածկել, իսկ տիկին Օմի սքանչելի աչքերը ճառագայթեցին խորիմաստ մի խորամանկությամբ, և ես քիչ էր մնում գրկեի նրան։ Իսկ նա ծիծաղեց, հրաշալի ու ծաղրաշատ մի ծիծաղով, ծափ զարկեց, կանչելով իր նաժիշտներին, և ես հասկացա, որ այս անգամ տեսակցությունն ավարտված է։ Բայց ես գիտեի, որ պետք է լինեն նոր տեսակցություններ։
Վերադարձա Հենդրիկ Հեմելի մոտ։ Գլուխս պտտվում էր։
- Կինը միշտ էլ կին է մնում, - երկար մտմտուքից հետո նկատեց նա։ Հետո նայեց ինձ ու հոգոց հանեց։ Կարող եմ երդվել, որ նախանձում էր ինձ։
- Պատճառը քո մկաններն են, էդամ Սթրենգ, - ասաց նա։ - Քո ցլային պարանոցը և հարդագույն մազերն են պատճառը։ Ինչ ասեմ, բախտդ բանել է, բարեկամս։ Երջանիկ առիթը մի փախցրու։ Դա կօգնի բոլորիս։ Իսկ ես կսովորեցնեմ, թե ինչ պետք է անես։
Ես կարգին բարկացա։ Թեև հասարակ նավաստի էի, բայց տղամարդ էի և կանանց հետ վարվելու ձևը շատ լավ գիտեի, ուստի որևէ մեկի խորհուրդներն ինձ բնավ հարկավոր չէին։ Հենդրիկ Հեմելը կարող էր «Սփարվեր» հին տաշտակի բաժնետեր լինել, կարող էր շատ լավ իմանալ ծովագնացության գործը և նույնիսկ աստղերի օգնությամբ նավարկել, կարող էր ամենաշատ կարդացած մարդը լինել, բայց ինչ վերաբերում էր կանանց, այս դեպքում արդեն ներեցեք, այս դեպքում որևէ մեկին զիջելու ցանկություն չունեի։
Նրա բարակ շուրթերը ձգվեցին, արտահայտելով իր սովորական խորամանկ ժպիտը, և նա հարցրեց.
- Հավանեցի՞ր տիկին Օմին։
- Այսպիսի դեպքերում հասարակ նավաստուն վայել չէ դժվարահաճ լինել,- խուսափողաբար պատասխանեցի ես։
- Հավանեցի՞ր նրան, - կրկնեց նա, հայացքով շաղափելով ինձ։
- Վատը չէ, և նույնիսկ, եթե բանն այդտեղ հասավ, նույնիսկ լավիկն է։
- Ուրեմն, նվաճիր, - հրամայեց նա։ - Իսկ հետո մենք մի նավ կճարենք ու կփախչենք այս անիծյալ երկրից։ Հնդկական ամբողջ մետաքսը կտայի թեկուզ մի ափսե մարդկային կերակուրի դիմաց։
Նա քննախույզ ինձ նայեց։
- Կարո՞ղ ես նվաճել նրան, հը՞, - հարցրեց նա։
Այդ անվստահությունն ինձ այնպես կատաղեցրեց, որ ես ուղղակի վեր թռա տեղից։ Հենդրիկ Հեմելը գոհունակությամբ ժպտաց։
- Միայն թե չշտապես, - խորհուրդ տվեց նա։ - Ուշ լինի, նուշ լինի։ Չնվաստանաս։ Քնքշանքներում ժլատ եղիր։ Թանկ գնահատիր քո ցլային պարանոցն ու հարդագույն մազերը, և շնորհակալություն հայտնիր աստծուն այդ ամենի համար, ախր կանայք ավելի շատ դրանք են գնահատում, քան թե տասնյակ իմաստունների խելքը։
Եվ ակնթարթի պես անցան տարօրինակ, դեպքերով հարուստ օրերը. ես մասնակցում էի միապետի ընդունելություններին, Թայ Բունի հետ կերուխումների մեջ էի, խորհրդակցում էի Յուն Սանի հետ։ Եվ բավականին ժամանակ էլ անց էի կացնում տիկին Օմի հետ։ Այս ամենից բացի, Հենդրիկ Հեմելի պահանջով մինչև ուշ գիշեր նստում և Կիմի օգնությամբ սերտում էի արքունի վարվելակերպը իր բոլոր մանրամասներով, ինչպես նաև Կորեայի պատմությունը և հին ու նոր աստվածներին, կորեացիների լեզուն իր բազմազանությամբ, պատշաճ դարձվածքները, վերնախավի և ստորին դասի լեզուն։ Հասարակ մի նավաստուց դեռ երբեք այսքան ջանասիրություն չէր պահանջվել։ Ես ընդամենը մի տիկնիկ էի, որին խաղացնում էր Յուն Սանը։ Նա կամենում էր ինձ օգտագործել իր նպատակների համար։ Տիկնիկ էի Հենդրիկ Հեմելի ձեռքին, որն իր հերթին մտմտում էր այնքան բարդ և հեռուները գնացող որոգայթներ, որ առանց նրա օգնության ես պարզապես կխճճվեի։ Միայն տիկին Օմի հետ էր, որ ինձ զգում էի ոչ թե տիկնիկ, այլ տղամարդ։ Բայց և այնպես. . . բայց և այնպես, երբ ես մտովի անդրադառնում եմ անցյալին, ինձ համար պարզվում է, որ գործի էությունը բոլորովին այլ է եղել։ Տիկին Օմը ևս իր նպատակների համար է խաղացրել ինձ, բայց դա եղել է իմ օգտի համար, որովհետև ես դարձել եմ նրա սրտի տիրակալը։ Ի դեպ, այս դեպքում, նրա ցանկություններն ու կամքը միայն ընդառաջում էին իմ ցանկություններին ու կամքին, որովհետև մինչ կհասցնեի սթափվել, նա արդեն դարձել էր իմ սրտի տիրուհին, ու այսուհետև արդեն ոչ ոքի կամքը. ոչ տիկնոջ, ոչ Հենդրիկ Հեմելի, ոչ էլ Յուն Սանի կամքը այլևս չէր կարող նրան կորզել իմ գրկից։
Իսկ մինչ այդ, ես արդեն պարուրված էի պալատական որոգայթներով, որոնց էությունը լավ չէի հասկանում։ Զգում էի միայն, որ տիկին Օմի կրկնապորտ եղբոր, արքայազն Չոն Մոն Դյուի դեմ դավադրություն է կազմակերպվում։ Ես նույնիսկ չէի էլ կասկածում, թե քանի խմբավորում, և իր հերթին այդ խմբավորումներից յուրաքանչյուրում քանի խմբավորում ևս գոյություն ունի պալատի պատերի ներսում. որոգայթների այդ ցանցը պարուրել էր ամբողջ պալատն ու հասնում էր մինչև Յոթ Ափերին։ Բայց այդ հարցերի վրա ես գլուխ չէի ցավեցնում։ Գլուխ ցավեցնելու գործը թողել էի Հենդրիկ Հեմելի վրա։ Ես նրան հայտնում էի այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ Հեմելի բացակայությամբ, և նա հոնքերը կիտած, ժամերով նստում էր աղոտ լույսի տակ որպես մի համբերատար սարդ, և հյուսում, անդադրում հյուսում իր սարդոստայնը։ Որպես իմ անձնական ստրուկը և թիկնապահը, նա ամենուրեք ուղեկցում էր ինձ, և միայն Յուն Սանն էր նրան երբեմն դուրս անում սենյակից։ Եվ, բնականաբար, ես նրան թույլ չէի տալիս մասնակցելու տիկին Օմի հետ ունեցած իմ տեսակցություններին։ Թեև հետո պատմում էի նրան ընդհանուր առմամբ ամեն բան, սակայն լռում էի այն ամենի մասին ինչ վերաբերում էր միայն ինձ ու տիկնոջը։
Իմ կարծիքով, Հենդրիկ Հեմելը նույնիսկ գերադասում էր մնալ ետին պլանում, ունենալով ճակատագրերի գաղտնի տնօրենի դերը։ Նա սառնասրտորեն հաշվել էր, որ այդ դեպքում վտանգի եմ ենթարկվում միայն ես։ Իսկ եթե հաջողություն ունենամ, ապա այդ հաջողությունը նաև նրանն է։ Զոհ գնալուս դեպքում, նա կկարողանա ճողոպրել ժանտաքիսի պես և ողջ մնալ։ Վստահ եմ, որ նա հենց այսպես էլ խորհում էր, սակայն, ինչպես քիչ հետո կտեսնեք, այդ էլ չփրկեց նրան։
- Դու եղիր իմ կողմնակիցը, - ասացի ես Կիմին, - և կստանաս այն ամենը, ինչ կամենում ես։ Ի՞նչ կուզենայիր։
- Կուզենայի Վագրորսների գլխավորը լինել, արքունական պահակախմբի գլխավորը, - պատասխանեց նա։
- Մի քիչ համբերիր, - ասացի ես, - և քո այդ ցանկությունը կկատարվի։ Խոստանում եմ։
Թե ինչպես պետք է կատարվեր, այդ մասին ես ամենաչնչին իսկ պատկերացումը չունեի։ Բայց ոչինչ չունեցող մարդն է, որ հեշտությամբ կարող է աջ ու ձախ թագավորություններ շռայլել։ Ես բացարձակապես ոչինչ չունեի, և Կիմին դարձրեցի պալատական պահակախմբի գլխավոր։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ ես կատարեցի իմ խոստումը։ Կիմը դարձավ Վագրորսների գլխավորը, թեև ի վերջո զոհվեց հենց այդ պատճառով։
Որոգայթներ լարելու հնարավորությունը ես տվել էի Հենդրիկ Հեմելին և Յուն Սանին, չէ՞ որ նրանց կիրքը քաղաքականությունն էր։ Իսկ ես պարզապես տղամարդ էի ու սիրեկան, և ժամանակն ավելի ուրախ էի անցկացնում, քան նրանք։ Ո՞վ էի ես։ Ձախորդություններով կոփված մի ուրախ նավաստի, որն անհոգությամբ ապրում է տվյալ օրը, առանց մտածելու ոչ անցյալի, ոչ էլ ապագայի մասին, միապետի բաժակակից, արքայադստեր հովանավորությունն ստացած սիրեցյալ, որի փոխարեն մտածում և գործում են այնպիսի խելացի մարդիկ, ինչպիսիք էին Յուն Սանը և Հենդրիկ Հեմելը։
Յուն Սանը մի քանի անգամ գրեթե կռահեց, թե ով է կանգնած իմ թիկունքում և ով է կառավարում ինձ։ Բայց երբ փորձեց շոշափել Հեմելին, սա պարզամիտ ձևացավ, քաղաքականությունն ու պետական գործերը իբր բնավ չեն հետաքրքրում իրեն, ինքը մտահոգված է միայն իմ առողջությամբ և բարեկեցությամբ։ Այս մասին խոսելիս նա դառնում էր չափազանց շատախոս ու անընդհատ վշտանում էր Թայ Բունի հետ իմ մրցակցության առիթով։ Տիկին Օմը, հավանաբար, կռահում էր իրերի իսկական դրությունը, բայց լռում էր։ Խելացի ուղեղը նրա համար բնավ էլ խայծ չէր կարող հանդիսանալ, և ինչպես ասում էր Հենդրիկ Հեմելը, տիկնոջը հետաքրքրում էր ցլային պարանոցն ու հարդագույն մազերի բաշը։
Մեր միջև եղած շատ բաների մասին ես չեմ պատմի, չնայած տիկին Օմը արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ հողին է հանձնված։ Բայց նա կարողանում էր հասնել այն ամենին, ինչին ձգտում էր։ Ես՝ նույնպես։ Իսկ երբ տղամարդն ու կինը ձգտում են իրար, շատերի գլուխները կարող են թռչել ուսերի վրայից և կարող են կործանվել նույնիսկ պետություններ, սակայն ոչ ոք նրանց խանգարել չի կարող։
Վրա հասավ և այն ժամանակը, երբ սկսեցին խոսել մեր հարսանիքի մասին։ Օ՜հ, այդ խոսակցություններն սկզբում շշուկներ էին։ Նաժիշտներն ու ներքինիները այդ մասին հանկարծ սկսեցին փսփսալ մութ անկյուններում։ Բայց պալատում լվացարարների ամեն մի բամբասանքը անպայման հասնում է մինչև գահը։ Եվ շուտով մի իսկական խայտառակություն սկսվեց։ Պալատը հանդիսանում էր Չոսոնի սիրտը, ու երբ պալատը ցնցվում էր, երկիրն սկսում էր թպրտալ։ Իսկ ցնցումների համար պալատում պատճառներ կային։ Մեր ամուսնությունը Չոն Մոն Դյուին ջախջախիչ հարված հասցրեց։ Նա սկսեց պայքարել, և պայքարում էր մոլեգնորեն, սակայն Յուն Սանը նախապատրաստվել էր այդ պայքարին։ Չոն Մոն Դյուն կարողացավ դժգոհություն սերմանել գավառական կրոնավորներից շատերի մեջ, և նրանք մի մղոնանոց հանդիսավոր թափորով հայտնվեցին պալատի դարպասների մոտ, իսկ միապետն էլ քիչ մնաց խելքը կորցներ վախից։
Բայց Յուն Սանի վիճակը չափազանց ամուր էր։ Գավառական կրոնավորների մյուս մասը զորավիգ էր նրան, զորավիգ էին նաև այնպիսի մեծ քաղաքների կրոնավորները, ինչպիսիք են Կեյձյոն, Փուսանը, Սոնդոն, Փխենյանը, Չեննամփխոն և Չեմուլպոն։ Տիկին Օմի օգնությամբ Յուն Սանին հաջողվեց ստանալ միապետի աջակցությունը։ Հետագայում տիկին Օմը ինձ խոստովանեց, որ ինքը միապետին կարգին վախեցրել է արցունքով, հիստերիայով և խայտառակ պատմություններ ստեղծելու սպառնալիքով, որոնց հետևանքով անպայման պետք է երերար գահը։ Եվ, ի լրումն այս ամենի, Յուն Սանը հարմար մի պահի միապետի ուշադրությունը
հրավիրեց նորագույն հաճույքների վրա, որոնք նախապատրաստել էր վաղօրոք։
- Հարսանյաց հանդեսի համար երկարացրու մազերդ, - մի գեղեցիկ օր էլ հայտնեց ինձ Յուն Սանը, և նրա աչքերում բռնկեցին խորամանկ կայծեր, մի ակնթարթ միայն այդ դաժան դեմքին տալով գրեթե մարդկային արտահայտություն. նրան առաջին անգամ էի այդպես տեսնում։
Սակայն, ինքնին հասկանալի է, որ արքայադուստրը չի կարող հասարակ նավաստու և նույնիսկ հինավուրց Կորյո դինաստիայից սերված լինելու հավակնություններ ունեցող մարդու կինը լինել, եթե այդ մարդը չունի դիրք, չունի իշխանություն և չի պատկանում բարձրաստիճան ոլորտներին։ Եվ ուստի հրապարակվեց միապետի հրամանը, որի հետևանքով ես համարվեցի Կորյոյի արքայազն։ Դրանից հետո Չոն Մոն Դյուի կուսակիցներից հինգ նահանգների մի կառավարիչի տանջեցին ու գլխատեցին, իսկ ինձ նշանակեցին յոթ նահանգների կառավարիչ, որոնք ժամանակին Կորյո դինաստիայի իշխանատան տիրապետություններն են եղել։ Քանի որ Չոսոնում յոթը համարվում էր սուրբ թիվ, ուստի այդ թիվն ապահովելու համար վերոհիշյալ հինգ նահանգներին ավելացրին Չոն Մոն Դյուի կուսակիցներից զավթած ևս երկու նահանգ։
Ողորմած աստվա՜ծ, հասարակ մի նավա՜զ... Ահավասիկ, Մանդարինների ճանապարհով ես մեկնում եմ դեպի հյուսիս` հինգ հարյուր զինվորների և ճոխ շքախմբի ուղեկցությամբ։ Ես յոթ նահանգների կառավարիչն եմ, և այդ նահանգներում իմ ժամանմանն է սպասում տասնհինգհազարանոց մի զորք։ Ես կարող եմ մարդկանց կյանք շնորհել և կարող եմ նրանց դատապարտել մահվան կամ տանջանքների։ Ես ունեմ իմ գանձարանը և իմ գանձապահը, էլ չեմ ասում գրագիրների վիթխարի բանակի մասին։ Եվ, ի վերջո, ինձ այնտեղ սպասում են հազար հարկահավաք, որոնք գյուղացիներից կարող են քամել վերջին գռոշները։
Իմ յոթ նահանգները գտնվում էին հյուսիսային սահմանների մոտ։ Ավելի հեռվում գտնվում էր այժմյան Մանջուրիան, բայց այն օրերին ասում էին Հոնդու, որը նշանակում է «Կարմիր Գլուխներ»։ Այնտեղ վայրենի քոչվորներն էին ապրում, որոնք անցնելով Յալը, մորեխի պես ամայացնում էին Չոսոնի հյուսիսային նահանգները։ Ասում էին, որ նրանք զբաղվում են մարդակերությամբ։ Իսկ ես, սեփական փորձով կարող եմ ասել, որ դրանք կատաղի զինվորներ էին և մահը գերադասում էին նահանջից։
Խիստ անհանգիստ տարի էր։ Մինչ Յուն Սանը և տիկին Օմը Կեյձյոյում ջանում էին վերջնականապես տապալել Չոն Մոն Դյուին, ես սկսեցի ինձ համար փառք ստեղծել։ Ըստ էության, ինչ խոսք, այդ ամենն անում էր Հենդրիկ Հեմելը, և ես միայն սքանչելի մի շիրմա էի։ Հեմելի ցուցմունքների համաձայն, ես իմ զինվորներին սովորեցրի զորաշար ու տակտիկա, և ծանոթացրի նրանց Կարմիր Գլուխների ռազմական հնարանքներին։ Մեծ պատերազմը մեկ տարի տևեց, և ի վերջո պետության հյուսիսային սահմանների վրա տիրեց խաղաղությունն ու անդորրությունը, և Յալից այս կողմ, բացի հանգուցյալներից, ուրիշ ոչ մի Կարմիր Գլուխ չմնաց։
Չգիտեմ, եվրոպացի պատմագիրների աշխատություններում կարելի՞ է արդյոք հիշատակություն գտնել Կարմիր Գլուխների այդ ներխուժման մասին, և եթե այդպիսի հիշատակություն լինի, ապա դա կօգնի որոշել այն դեպքերի տարեթիվը, որոնց մասին պատմում եմ։ Մի բան էլ կարող է օգնել։ Հիդեյոսին ե՞րբ է եղել Ճապոնիայի սեգունը։ Ես բազմաթիվ անգամներ եմ լսել երկու արյունահեղ ներխուժումների մասին, որոնք տեղի են ունեցել մոտ հիսուն տարի առաջ, երբ Հիդեյոսին անցել է Չոսոնի ճիշտ սրտով, հարավում` Փուսանից մինչև հյուսիս` Փխենյան։ Եվ Հիդեյոսին Ճապոնիա է ուղարկել ճակատամարտերի ժամանակ զոհված կորեացիների աղը դրած քթերով ու ականջներով լի հազարավոր
տակառներ։ Ես առիթ եմ ունեցել զրուցելու ծերունիների և պառավների հետ, որոնք այդ դեպքերին ականատես են եղել և որոնց քթերն ու ականջները պատահաբար միայն չեն հայտնվել աղաջրով լի տակառներում։
Ահավասիկ, վերադառնում եմ Կեյձյո, տիկին Օմի մոտ։ Տե՜ր աստված, ի՜նչ կին էր նա... Ես հո լավ գիտեմ։ Քառասուն տարի նա իմ կինն է եղել։ Մեր ամուսնության դեմ ոչ ոք չհամարձակվեց ծպտուն անգամ հանել։ Տարագրված Չոն Մոն Դյուն, զրկվելով իշխանությունից, քաշվեց հյուսիս-արևելյան ծովափի կողմերը, ինչ-որ խուլ մի անկյունում, մռայլ միայնության մեջ քարշ տալու իր գոյության մնացյալ օրերը։ Յուն Սանի հզորությունը հասավ իր գագաթնակետին։ Ամեն գիշեր խարույկների միայնակ կրակները լուրեր էին բերում երկրում տիրող խաղաղության և անդորրության մասին։ Միապետի հայացքը գնալով ավելի ու ավելի էր աղոտանում, իսկ մարմինը՝ ավելի տկարանում։ Յուն Սանը իզուր չէր նորանոր, չլսված ու չտեսնված զվարճություններ հորինում նրա համար: Տիկին Օմն ու ես հասանք մեր բոլոր ցանկությունների իրականացմանը։ Կիմը դարձավ պալատական պահակախմբի գլխավորը։ Քվոն Յուն Դինին, այն նահանգի կառավարիչին, որը ժամանակին մեր պարանոցներին կաղապարներ էր հագցրել և ծեծել, զրկեցի իրավունքներից և ցմահ արգելեցի հայտնվել Կեյձյոյի պարսպից ներս։
Հա, Յոհաննես Մարթենսի մասին... Նավաստիների գլուխը շատ լավ են կարողանում մտցնել իրենցից ավագներին ենթարկվելու օրենքը, ու չնայած իմ նորահայտ տիրակալությանը, ես երբեք չէի կարող մոռանալ, որ Յոհաննես Մարթենսը «Սփարվերի» վրա եղել է իմ նավապետը, երբ մենք որոնում էինք Նոր Հնդկաստանը։ Դեռևս առաջին անգամ, պալատականներին իմ զարմանալի ծագման մասին պատմելիս, ես հիշատակեցի, որ իմ շքախմբում միակ ազատը նա է։ Մյուս բոլոր նավաստիները համարվում էին իմ ստրուկները և այդ իսկ պատճառով պետական պաշտոններ ստանալու հույս ունենալ չէին կարող։ Բայց Յոհաննես Մարթենսը կարող էր պաշտոն ստանալ և ստացավ։ Խորամա՜նկ ծեր աղվես... Երբ նա խնդրեց, որ իրեն նշանակեմ Քյոնդյու փոքրիկ նահանգի կառավարիչ, մտքովս անգամ չէր անցնում, թե ինչպիսի ծրագրեր ունի։ Քյոնդյու նահանգը աչքի չէր ընկնում ոչ ձկնարդյունաբերությամբ և ոչ էլ արգավանդ հողերով։ Հարկերը հազիվ էին ծածկում հարկահավաքների ծախսերը, և կառավարիչի պաշտոնը լինելով պատվավոր, ոչ մի եկամուտ չէր բերում։ Այդ նահանգն, ըստ էության, մի գերեզմանատուն էր, սուրբ գերեզմանատուն, քանզի Թեբոն սարի դամբարաններում գտնվում էին հինավուրց Սիլա միապետերի աճյունները։ Ու ես կարծեցի, թե Մարթենսին պարզապես ավելի ձեռնտու է Քյոնդյու նահանգի կառավարիչը լինել, քան թե էդեմ Սթրենգի մերձավորը։ Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ նա մեր նավաստիներից չորս հոգու իր հետ տանելու ցանկություն հայտնեց, այդ դեպքում էլ մտքովս չանցավ, թե նրան սոսկ միայնության վախը չէ, որ առաջնորդում է։
Երկու տարի անցավ որպես մի սքանչելի երազ։ Իմ յոթ նահանգների կառավարման գործը ես հանձնեցի Յուն Սանի ընտրած յանբանների ձեռքը, որոնք կոտր էին ընկել, իսկ ես երբեմն, սովորության համաձայն, շրջագայության էի գնում իմ տիրապետություններում։ Ինձ միշտ ուղեկցում էր տիկին Օմը։ Նա ամառային մի ապարանք ուներ հարավային ծովափին, որտեղ մենք մշտապես բնակվում էինք։ Ես մասնակցում էի խիզախություն պահանջող ամեն տեսակի զվարճությունների, հովանավորում էի ըմբշամարտի արվեստը և յանբանների շրջանում վերականգնեցի նետ-աղեղի մրցությունները։ Ու վերջապես, հյուսիսային լեռներում վագրորսությամբ էի զբաղվում։
Մակընթացություններն ու տեղատվությունները զարմանահրաշ մի տեսարան էին ներկայացնում Չոսոնի ափերին։ Հյուսիս-արևելյան ծովափին մակընթացության բարձրությունը հազիվ մեկ ֆուտ լիներ։ Իսկ արևմտյան ծովափին ամենացածր մակընթացությունը հասնում էր 60 ֆուտի։ Չոսոն պետությունը մյուս երկրների հետ առևտուր չէր անում, և օտարերկրյա վաճառականներ երբեք չէին այցելում։ Չոսոնի նավերը առափնյա ջրերից չէին հեռանում, և օտար նավերն էլ իրենց հերթին չէին մոտենում Չոսոնի ափերին: Դարեր ի վեր այդ երկրի տիրակալները մեկուսացման քաղաքականություն
էին վարում։ Տասը, երբեմն էլ քսան տարին մեկ անգամ ժամանում էին չինական դեսպանները, բայց նրանք ճանապարհորդում էին ցամաքով. շրջանցում էին Դեղին ծովը, կտրում էին Կարմիր Գլուխների երկիրը և Մանդարինների ճանապարհով հասնում էին Կեյձյո։ Այդ ճանապարհորդությունը տևում էր մեկ տարի։ Դեսպանները ժամանում էին լոկ այն նպատակով, որպեսզի մեր միապետից Չինաստանին վասալական հավատարմության երդում ստանային, մի հանգամանք, որը վաղուց ի վեր սոսկ ձևական բնույթ ուներ։
Սակայն այստեղ Հենդրիկ Հեմելը վճռեց իրականացնել իր վաղեմի մտադրությունները, որոնք ավելի ու ավելի էին ծավալվում ոչ թե օրըստօրե, այլ ժամ առ ժամ։ Եթե նրան հաջողվեր իրականացնել այդ մտադրությունները, Չոսոնը միանգամայն կարող էր փոխարինել մեր կողմից չհայտնաբերված Հնդկաստանին։ Ես նրա ծրագրերին ծանոթ չէի, բայց երբ նա սկսեց որոգայթներ լարել ինձ չոսոնյան նավատորմի պետ նշանակելու նպատակով, և սկսեց հետաքրքրվել, թե որտեղ է գտնվում պետական գանձարանը, ես անմիջապես կռահեցի, թե ինչն ինչոց է։
Իսկ ես Չոսոնից հեռանալ կհամաձայնեի, եթե միայն ինձ հետ մեկներ նաև տիկին Օմը։ Երբ այդ մասին հայտնեցի նրան, տիկին Օմը իմ գրկում պառկած, պատասխանեց, որ ես իր տերն եմ և ուր էլ որ տանելու լինեմ, խոնարհաբար կգա ինձ հետ։ Եվ դա ճշմարտություն էր, սուրբ ճշմարտություն, ինչպես և դուք շուտով կհամոզվեք։
Այդ ամենի մեղավորը Յուն Սանն էր, որը կյանք էր շնորհել Չոն Մոն Դյուին։ Բայց Յուն Սանին չի կարելի մեղադրել։ Նա այլ կերպ վարվել չէր կարող։ Զրկվելով պալատի ողորմածությունից, Չոն Մոն Դյուն առաջվա պես ազդեցության մեծ ոլորտ ուներ գավառական կրոնավորների միջավայրում։ Յուն Սանը ստիպված էր հաշվի առնել այդ հանգամանքը, իսկ մռայլ ճգնավոր Չոն Մոն Դյուն բնավ էլ անգործ չէր նստած հյուսիս-արևելյան իր ծովեզերքում։ Նրա գաղտնի գործակալները, որոնք մեծ մասամբ բուդդայական կրոնավորներ էին, թափառում և թափանցում էին ամենուրեք, նրա համար կողմնակիցներ հավաքագրելով նույնիսկ ամենափոքր պետական աստիճանավորների խավերից։ Հիրավի արևելյան համբերատարությամբ էր Չոն Մոն Դյուն հյուսում իր լայնածավալ դավադրությունը։ Նրա գաղտնի գործակալների թիվը պալատում անդադար ավելանում էր, իսկ Յուն Սանը նույնիսկ չէր էլ կասկածում այդ մասին։ Չոն Մոն Դյուն կարողացել էր կաշառել նույնիսկ պալատական պահակախմբին, այն Վագրորսներին, որոնց գլխավորն էր Կիմը։ Եվ մինչ Յուն Սանը անվրդով ննջում էր, մինչ ես իմ ժամանակը վատնում էի խաղերի, մրցությունների և տիկին Օմի վրա, մինչ Հենդրիկ Հեմելը նախապատրաստվում էր պետական գանձարանը կողոպտելու, իսկ Յոհաննես Մարթենսն էլ իր սեփական խաղն էր զարգացնում Թեբոն սարի դամբարանների ներքո, Չոն Մոն Դյուի նախապատրաստած հրաբուխը ոչնչով հայտնի չէր անում իր մոտալուտ ժայթքման մասին։
Իսկ երբ սկսվե՜ց... աստված հեռու անի։ Մնում էր բոլորին վեր կանչել տախտակամած, և փրկվե'ք, ով կարող է։ Բայց քչերին հաջողվեց փրկվել։ Մեր դեմ կազմակերպվող դավադրությունը դեռևս չէր հասունացել, սակայն Յոհաննես Մարթենսը արագացրեց պայթյունը, քանզի այն, ինչ նա գլուխ բերեց, շատ ձեռնտու էր Չոն Մոն Դյուի համար, և սա էլ չուզեց առիթը փախցնել։
Լսեցեք շարունակությունը։ Չոսոնի բնակիչները ֆանատիկոսի պես պաշտում են իրենց նախնիների հիշատակը և աստվածացնում նրանց, իսկ ի՞նչ արեց այդ ծեր հոլանդացի ծովահենը իր անզուսպ ագահության հետևանքով։ Այնտեղ, այգ հեռավոր Քյոնդյու նահանգում, նա իր չորս նավաստիների հետ, ոչ ավելի, ոչ պակաս, դամբարաններից գողացավ Սիլայի հինավուրց իշխանների ոսկե դագաղները։ Կողոպուտը նրանք կատարել էին գիշերը, իսկ մինչև լուսաբաց կարողացել էին հասնել ծովափ։ Սակայն լուսադեմին այնպիսի մի մառախուղ էր իջել, որ նրանք մոլորվել ու չէին կարողացել գտնել իրենց սպասող ջոնկան, որը վաղօրոք գաղտնի նախապատրաստել էր Յոհաննես Մարթենսը։ Տեղական դատավոր Ու Սուն Սինի՝ Չոն Մոն Դյուի կուսակիցներից մեկի զինվորները բռնել էին Յոհաննես Մարթենսին
և մյուս նավաստիներին։ Նրանցից միայն Հերման Թրոմփին էր հաջողվել մառախուղից օգտվելով ճողոպրել։ Արդեն շատ հետո ես նրանից իմացա, թե ինչ է տեղի ունեցել։
Չնայած սրբապղծության մասին լուրը հենց նույն գիշեր տարածվեց ամբողջ երկրով մեկ ու հյուսիսային գավառների կեսն ըմբոստացան իրենց իշխանությունների դեմ, բայց Կեյձյոն և պալատը առանց որևէ բան կասկածելու, հանգիստ քնել էին։ Չոն Մոն Դյուի հրամանի համաձայն ազդանշանային խարույկները սովորականի պես ավետում էին երկրում տիրող խաղաղության և անդորրության մասին։ Եվ ամեն գիշեր վառվում էին ազդանշանային միայնակ խարույկները, իսկ Չոն Մոն Դյուի սուրհանդակները գիշեր-ցերեկ Չոսոնի բոլոր ճանապարհների վրա հալից գցում էին իրենց ձիերին։ Պատահաբար ես ականատես եղա, թե ինչպես սուրհանդակը ժամանեց Կեյձյո։ Աղջամուղջին քաղաքի գլխավոր դարպասից դուրս գալիս, ես տեսա, թե ինչպես քրտնաթոր ձին ընկավ հենց ճանապարհին, իսկ հոգնած ու տանջված հեծյալը շարունակեց ոտքով գնալ։ Բայց մտքովս չանցավ նույնիսկ, որ Կեյձյոյի դարպասի մոտ հանդիպած այդ մարդը իմ կործանման ավետաբերն էր։
Նրա բերած լուրը պալատական հեղաշրջման պատճառ դարձավ։ Ես պալատ վերադարձա, երբ արդեն կեսգիշերն անց էր, իսկ այդ ընթացքում գործն արդեն գլուխ էր եկել։ Երեկոյան ժամը իննին դավադիրները միապետին ձերբակալել էին ննջարանում։ Նրանք ստիպել էին միապետին անմիջապես հավաքել բոլոր նախարարներին, իսկ երբ սրանք հերթով ներս էին մտել ննջարան, մեկը մյուսի հետևից բոլորին սպանել էին միապետի աչքերի առաջ։ Այդ ընթացքում ապստամբել էին Վագրորսները։ Յուն Սանին և Հենդրիկ Հեմելին բռնել ու դաժանորեն ծեծել էին սրերի կոթերով։ Մեր նավաստիներից յոթ հոգի, տիկին Օմի հետ միասին փախել էին պալատից։ Նրանց փրկել էր Կիմը, սուրը ձեռքին կտրելով իր իսկ Վագրորսների ճանապարհը։ Ի վերջո, ծանր վիրավորվելով, նա ընկել էր, բայց դժբախտաբար ողջ էր մնացել։
Այդ հեղաշրջումը, իհարկե, պալատական հեղաշրջման մասին է խոսքը, փոթորիկի պես անսպասելի վրա էր տվել, և դրանից հետո անմիջապես տիրեց անդորրը։ Չոն Մոն Դյուն խլեց իշխանությունը։ Միապետն ստորագրում էր իրեն ներկայացված ամեն մի հրաման։ Չոսոնը զարհուրել էր սրբապղծությունից, փառաբանում էր Չոն Մոն Դյուին և բոլորովին անտարբեր էր մնացել ամեն բանի նկատմամբ։ Երկրով մեկ գլխատվում էին խոշոր աստիճանավորները, որոնց փոխարինում էին Մոն Դյուի կուսակիցներով, բայց դինաստիայի դեմ ոչ ոք ոտնձգություն չէր անում։
Իսկ հիմա լսեցեք, թե մեզ հետ ինչ պատահեց։ Յոհաննես Մարթենսին ու նրա երեք նավաստիներին սկզբում ման ածեցին երկրի գյուղերում ու քաղաքներում, և ամբոխը թքում էր նրանց վրա, հետո մինչև պարանոցը նրանց թաղեցին պալատի դարպասի առաջ։ Նրանց ջուր էին տալիս, որպեսզի ավելի երկար տառապեն քաղցից, տեսնելով համեղ ուտելիքները, որոնք դրված էին քիչ հեռու, և ժամը մեկ փոխարինվում էին նոր տեսակներով։ Ասում էին, որ ամենից երկար դիմացել է Ցոհաննես Մարթենսը. նա մեռել էր տասնհինգերորդ օրը։
Դանդաղ ու հերթով կոտրեցին Կիմի ոսկորները և փշրեցին հոդերը. նա մեռավ երկարատև տանջանքներից հետո։ Չոն Մոն Դյուն հանձին Հենդրիկ Հեմելի, ճիշտ կռահել էր իմ դրածոյին, և խեղճը մահապատժի ենթարկվեց թիակով, կարճ ասած՝ արագ և հմտորեն նրան ծեծամահ էին արել Կեյձյոյի բնակիչների հիացական բացականչությունների տակ։ Յուն Սանին ազնիվ մահով մեռնելու հնարավորություն էին տվել։ Նա իր բանտապահի հետ նստած շախմատ խաղալիս էր եղել, երբ հայտնվել էր միապետի, իրականում` Չոն Մոն Դյուի պատվիրակը` ձեռքին թույնի գավ բռնած:
- Սպասիր, - ասել էր Յուն Սանը։ - Միայն անկիրթ ու տգետ մարդը կարող է իրեն թույլ տալ կեսից ընդհատել ուրիշի խաղը։ Ես այդ գավը կխմեմ խաղն ավարտելուց հետո միայն։ - Եվ պատվիրակը սպասել էր, մինչև Յուն Սանն ավարտել էր խաղը։ Նա շահել էր խաղն ու թույնը խմել։
Միայն ասիացին է ընդունակ սանձահարել իր կատաղությունը, որպեսզի վրիժառության մոլուցքը ավելի երկար վայելելու համար, այն ձգի ամբողջ կյանքի ընթացքում։ Այդպես վարվեց Չոն Մոն Դյուն ինձ և տիկին Օմի հետ։ Նա մեզ չսպանեց։ Նույնիսկ զնդան չնետեց։ Տիկին Օմը զրկվել էր ազնվականական կոչումից ու կայքից, և Չոսոնի յուրաքանչյուր փոքրիկ գյուղակում էլ, աչքի ընկնող տեղում, կախված էր թագավորական հրամանը, որն ինձ հայտարարում էր անձեռնմխելի, որպես Կորյո դինաստիայի շառավղի։ Այդ նույն հրամանում նշված էր նաև, որ ողջ մնացած ութ նավաստիներին ևս չպետք է ձեռք տալ։ Սակայն ոչ ոք իրավունք չուներ նրանց օգնելու։ Լինելով բոլորի կողմից լքված, նրանք պետք է սնվեին մեծ ճանապարհների վրա ողորմություն խնդրելով։ Նույնը վիճակված էր նաև ինձ և տիկին Օմին. մենք ևս մեծ ճանապարհների վրա ողորմություն խնդրելու էինք դատապարտված։
Քառասուն երկար ու ձիգ տարիներ մեզ հալածում էր Չոն Մոն Դյուի վրեժխնդրությունը, քանզի նրա ատելության չափ ու սահման չկար։ Դժբախտաբար նա շատ երկար ապրեց ճիշտ այնպես, ինչպես և մենք։ Ես արդեն ասել եմ, որ տիկին Օմը աշխարհում իրեն հավասարը չուներ։ Ու ես կարող եմ անդադար կրկնել այդ, որովհետև ուրիշ բառեր չունեմ նրան փառաբանելու այնքան, որքան արժանի է նա։ Ես մի անգամ լսել եմ, որ մի նշանավոր տիկին իր սիրեցյալին այսպես է ասել, «Երբ քեզ հետ եմ, ինձ բավական է հյուղակն ու բորբոսնած հացի կտորը»։
Ըստ էության, նույն բանն ինձ ասաց նաև տիկին Օմը։ Եվ դրանք ոչ միայն դատարկ խոսքեր էին. նրա ամբողջ կյանքը հենց այդ խոսքերն էր հաստատում, որովհետև հաճախ (օ՜հ, շատ հաճախ) մենք չէինք ունենում նույնիսկ այդ բորբոսնած հացը, իսկ որպես խրճիթ մեզ ծառայում էր երկինքը։
Որքան էլ ջանում էինք խուսափել ճանապարհների վրա թափառելու և ողորմություն խնդրելու անհրաժեշտությունից, սակայն Չոն Մոն Դյուն կարողանում էր իրենն անել։ Սոնդոյում ես դարձա փայտահատ, և. մենք տեղավորվեցինք մի խրճիթում, որտեղ քնելն ավելի հարմար էր, քան ձմռան ցրտերին՝ մեծ ճանապարհի վրա։ Սակայն Չոն Մոն Դյուն իմացավ այդ մասին, և ինձ մի լավ ծեծելուց հետո, կաղապար էլ հագցրեցին, իսկ հետո դարձյալ վռնդեցին թափառելու մեծ ճանապարհների վրա։ Զարհուրելի ձմեռ էր և հենց այդ ձմռանն էլ խեղճ Վանդերվութը սառեց Կեյձյոյի փողոցներից մեկում։
Փխենյանում ես ջրկիր դարձա, քանի որ այդ հինավուրց քաղաքը, որի պարիսպները արդեն հին էին համարվում դեռևս Դավիթ թագավորի ժամանակներից, ավանդության համաձայն համարվում էր նավակ, և պարսպի ներսում ջրհոր փորելը նշանակում էր հեղեղել քաղաքը։ Ուստի և հազարավոր ջրկիրներ կժերն ուսներին առած ամբողջ օրը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր քայլում են գետից մինչև քաղաքի դարպասն ու ետ։ Ես այդ ջրկիրներից մեկն էի այնքան ժամանակ, մինչև Չոն Մոն Դյուն իմացավ ու ինձ մի լավ ծեծելուց, կաղապարի մեջ դնելուց հետո, դարձյալ վռնդեցին թափառելու մեծ ճանապարհի վրա։
Եվ այսպես շարունակ։ Հեռավոր Իձյուում դարձա մսագործ։ Հաճախորդների ներկայությամբ իմ կրպակի շեմքին ես մորթում էի շներին։ Կտրատում էի միսն ու կախում՝ վաճառելու համար, իսկ մորթիները դաբաղում և փռում էի գետնին՝ անցորդների ոտքերի տակ։ Բայց Չոն Մոն Դյուն իմացավ այդ։ Փխենյանում ես ներկարարի оգնական էի, Քանբունի հանքերում՝ հանքափոր, Չիքսանում պարաններ էի հյուսում, Փխեդոկում ծղոտե գլխարկներ էի պատրաստում, Խվանխեում՝ խոտ հավաքում, իսկ Մասանփխոյում բատրակ վարձվելով՝ օրեր շարունակ մեջքս կոտրում էի բրնձի հեղեղված դաշտերում, աշխատանքիս դիմաց ստանալով ամենավերջին կուլիից էլ քիչ։ Բայց երբեք ինձ չի հաջողվել մի այնպիսի տեղ գտնել, որտեղ չհասներ Չոն Մոն Դյուի երկայն բազուկը. նա բռնացնում էր ինձ, պատժում և շպրտում մեծ ճանապարհի վրա ողորմություն խնդրելու։
Տիկին Օմը և ես երկու տարի շարունակ լեռներում որոնում էինք ժենշենի բուժիչ արմատը, որը հազվագյուտ բան է և այնքան է գնահատվում, որ ամենափոքր արմատն իսկ գտնելու և վաճառելու դեպքում հնարավորություն կունենայինք գոնե մեկ տարի ապրել առանց կարիքի։ Բայց արմատը ինձնից խլեցին և պատժեցին սովորականից ավելի դաժան կերպով ու կաղապարի մեջ դրեցին ավելի երկար ժամանակ։
Որտեղ էլ ես ուղևորվեի, թափառական վաճառականների ընկերության ամենատես անդամները Կեյձյոյում նստած Չոն Մոն Դյուին մատնում էին իմ յուրաքանչյուր քայլը։ Բայց այդ տարիների ընթացքում ես երկու անգամ միայն երես առ երես հանդիպեցի Չոն Մոն Դյուին։ Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ Քանուոն լեռների բարձունքներում, ձմռանը, սառնամանիքի և բքի ժամանակ։ Ես և տիկին Օմը ապաստանել էինք պանդոկի ամենացուրտ և կեղտոտ անկյունում, որի համար վճարել էինք մեր վերջին խղճուկ գռոշները։ Մենք հենց նոր էինք ուզում ընթրել լեշի նման մի կտոր եզան միսը՝ եփած բակլայով ու վայրի սխտորով, երբ պատուհանի տակ լսվեցին սմբակների և բրոնզե զանգակների ձայները։ Դուռը կրնկի վրա բացվեց և Չոն Մոն Դյուն, հզորության, գոհունակության, բարեկեցության այդ կենդանի մարմնավորումը իր մոնղոլական թանկարժեք մուշտակից ձյունը թափ տալով մտավ ներս։ Ներկաները սեղմվեցին, տեղ տալով նրան, և մոտ տասը ծառաներին։ Անկյունում նստած, մենք ոչ ոքի չէինք խանգարում, բայց Չոն Մոն Դյուի հայացքն ընկավ տիկին Օմի և ինձ վրա։
- Դուրս արեք այդ թափառաշրջիկներին, - կարգադրեց նա։
Եվ նրա ձիապանները մտրակները ձեռքներին հարձակվեցին մեզ վրա, և նետեցին փողոց, որտեղ մոլեգնում էր ձնաբուքը։ Բայց, ինչպես քիչ հետո կիմանաք, տարիներ անց մենք դարձյալ հանդիպեցինք Չոն Մոն Դյուին։
Երկրից փախչելու հնարավորություն չունեինք։ Ինձ ոչ մի անգամ չհաջողվեց ծածուկ անցնել հյուսիսային սահմանը։ Ոչ մի անգամ չհաջողվեց նստել ծով դուրս եկող ջոնկան։ Թափառական վաճառականները Չոն Մոն Դյուի հրամանը հասցրել էին նույնիսկ ամենախուլ գյուղերը, այդ մասին հայտնել էին Չոսոնի ամեն մի բնակչի։ Ես հիրավի դատապարտված էի։
Օ՜հ, Չոսոն, Չոսո՜ն, ես գիտեմ քո ամեն մի ճանապարհը և ամեն մի լեռնային արահետը, գիտեմ քո բոլոր պարսպապատ քաղաքները և ամենափոքրիկ գյուղերը։ Որովհետև քառասուն տարի շարունակ ես թափառել եմ քո ճանապարհներով ու քաղցել, և տիկին Օմն էլ ինձ հետ միասին թափառել է ու քաղցել։ Ինչեր ասես հաճախ չենք կերել քաղցից չմեռնելու համար։ Շան մսի հոտած ու վաճառքի համար այլևս ոչ պիտանի մնացորդներ, որոնք մեր առջևն էին նետում մսավաճառները, մինարիներ՝ լոտոսի արմատները, որոնք հավաքում էինք հոտած ճահիճներում. փչացած քիմչի, որոնք չէին կարողանում ուտել նույնիսկ ամենաաղքատ գյուղացիները, քանզի այնպիսի հոտ էր արձակում, որը զգալի էր մեկ մղոն հեռավորությունից։ Ինչեր ասես չէինք ուտում... Քաղցած շներից ես ոսկորներ էի փախցնում, ճանապարհի փոշու միջից հատիկ-հատիկ բրինձ էի հավաքում, իսկ ցուրտ գիշերներին ձիերից գողանում էի բակլայի տաք խաշիլը։
Բայց և այնպես չմեռա, և դա ինձ չի զարմացնում։ Երկու հանգամանք ինձ օգնեցին դիմանալ. առաջինը, որ տիկին Օմը միշտ իմ կողքին էր, և երկրորդը՝ հավատում էի, որ վաղ թե ուշ գալու է այն պահը, երբ իմ մատները մխրճվելու են Չոն Մոն Դյուի կոկորդը։
Ջանալով ձեռքս գցել Չոն Մոն Դյուին, ես փորձում էի թափանցել Կեյձյո, բայց ամեն անգամ ինձ վռնդում էին քաղաքի դարպասի մոտից, և ես ու տիկին Օմը դարձյալ ու դարձյալ գնում էինք թափառելու Չոսոնի ճանապարհների վրա, որոնց յուրաքանչյուր դյույմը արդեն տրորված էր մեր կոշիկների տակ, թափառում էինք գարուն ու ամառ, աշուն ու ձմեռ։ Մեր պատմությունն արդեն հայտնի էր դարձել ամբողջ երկրով մեկ, և ամբողջ երկիրը դեմքով ճանաչում էր մեզ։ Մարդ չկար, որին անհայտ լիներ մեր դժբախտությունը և մեր ստացած պատիժը։ Երբեմն կուլիներն ու վաճառականները վիրավորական խոսքեր էին նետում տիկին Օմի երեսին, և ստանում ըստ արժանվույն, իմ կատաղի ձեռքն զգալով իրենց մազերի մեջ, զգալով իմ կատաղի բռունցքների հարվածները իրենց դեմքին։ Երբեմն լեռնային հեռավոր գյուղերում պառավները խղճահարությամբ նայում էին ինձ հետ քայլող մուրացիկ կնոջը, որը երբեմնի կոչվել էր տիկին Օմ, և գլուխներն օրորելով հառաչում էին ու արցունքով էին լցվում նրանց աչքերը։ Իսկ հաճախ էլ երիտասարդ կանանց դեմքը մշուշվում էր կարեկցանքով, երբ նայում էին իմ լայն ուսերին, երկար, ոսկեգույն մազերին և կապույտ աչքերին։ Ես էլ ախր երբեմնի Կորյո տոհմից սերված արքայազուն էի ու յոթ նահանգների կառավարիչ։ Հաճախ երեխաները վազում էին մեր հետևից, ծաղրում, հայհոյում էին մեզ, և ճանապարհի ցեխն էին նետում վրաներս։
Յալ գետից այն կողմ, ծովից ծով ձգվում էր անմարդաբնակ, քառասուն մղոն լայնությամբ մի հողաշերտ, որը պետության հյուսիսային սահմանն էր։ Այդ հողամասը անբերրի չէր, բայց գիտակցաբար վերածել էին անապատի, որովհետև Չոսոնը ջանում էր մեկուսի մնալ աշխարհից։ Այդ տարածության վրա գտնվող բոլոր քաղաքներն ու գյուղերը ոչնչացել էին։ Այժմ դա անտեր-անտիրական մի հողամաս էր, որը լիքն էր վայրի գազաններով և պարեկություն էին անում Վագրորսների ջոկատները, որոնք տեղնուտեղը սպանում էին բոլոր նրանց, ովքեր փորձում էին հայտնվել այդ կողմերում։ Այդ ճանապարհով ես ու տիկին Օմը փախչել չէինք կարող, չէինք կարող փախչել նաև ծովով։
Տարիներն անցնում էին և իմ յոթ նավաստի ընկերները տարեցտարի ավելի ու ավելի հաճախ էին պտտվում Փուսանում։ Այդ քաղաքը գտնվում է հարավ-արևելյան ծովափին, որն ունի առավել մեղմ կլիմա։ Բայց բանը միայն այդ չէր. այնտեղից Ճապոնիան շատ մոտիկ էր։ Փոքրիկ նեղուցի մյուս կողմում գրեթե հնարավոր էր սովորական աչքով զանազանել Ճապոնիան՝ փրկության մեր միակ հույսը, որովհետև այնտեղ մերթ ընդ մերթ, անկասկած, ելումուտ անելիս կլինեին եվրոպական նավերը։ Այսօրվա պես եմ հիշում. արդեն ծերացող յոթ մարդիկ Փուսանի քարափներում ծվարած, իրենց ամբողջ էությամբ դեպի այնտեղ, ծովից այն կողմ ձգտելիս, ծով, որտեղ այլևս նրանք երբեք չեն լողա։
Հաճախ հորիզոնի վրա հայտնվում էին ճապոնական ջոնկաներ, բայց ոչ մի անգամ ծովում չհայտնվեց մեր հին ծանոթը՝ եվրոպական նավի թոպսելը։ Տարիներն անցնում էին իրար հետևից, և ես, տիկին Օմն ու մեր յոթ նավաստի ընկերները հասուն մարդկանցից դարձանք ծերունիներ, և ավելի ու ավելի էր մեզ ձգում Փուսանը։ Եվ որքան անցնում էին տարիները, մեզանից մերթ մեկը, մերթ մյուսը այլևս չէր հայտնվում մեր հանդիպման սովորական վայրում։ Առաջինը մեռավ Հանս էմդենը։ Այդ լուրը մեզ հասցրեց Յակոբ Բրինքերը, որը նրա ուղեկիցն էր։ Ինքը՝ Յակոբ Բրինքերը յոթ հոգու մեջ վերջինն էր. նա Թրոմփից երկու տարի ավելի ապրեց և վախճանվեց առնվազն իննսուն տարեկան հասակում։ Այսօրվա պես տեսնում եմ իմ առջև այդ երկուսին, երբ մահից քիչ առաջ, տանջահար, թուլացած, մուրացիկի ցնցոտիներով, ողորմության թասերը ձեռքերին, առափնյա ժայռերին իրար կողքի արևի տակ նստոտած, շշուկով հիշում էին անցյալն ու երեխաների պես քրքջում։ Եվ Թրոմփն արդեն քանիերորդ անգամ իր ճռճռան ձայնով պատմում էր, թե ինչպես էին Յոհաննես Մարթենսն ու նավաստիները կողոպտել Թեբոն սարի թագավորական դամբարանները, որտեղ ոսկե դագաղներում հանգչում էին զմռսված, հինավուրց արքաները՝ կողքերին երկուական ստրկուհիներ. և այն մասին, թե ինչպես ընդամենը մեկ ժամվա ընթացքում այդ դիակները փոշիացել են, մինչ նավաստիները՝ քրտնաթոր ու հայհոյանքներով, դագաղները կտոր-կտոր էին անում։
Բայց ախր ծերուկ Յոհաննես Մարթենսը իր ավարով կփախչեր Դեղին ծովով, եթե միայն չլիներ մառախուղը, որի մեջ նա մոլորվել էր։ Անիծյալ մառախուղ։ Այդ մառախուղի մասին մի երգ էին հորինել, որը երգում էին ամբողջ երկրով մեկ, և որը ես ատելով ատում էի։ Ահավասիկ այդ երգից երկու տող.
Արևմուտքից եկածներին կործանող թանձր մառախուղը
Կախվել էր Վիինի գագաթներին։
Քառասուն տարի շարունակ ես մուրացկանություն արեցի Չոսոնի ճանապարհներին։ Այդ երկրի ափերին աղետի ենթարկված տասնչորս հոգուց միայն ես էի ողջ մնացել։ Տիկին Օմի ոգին էլ նույնքան անընկճելի էր, որքան և իմը, ու մենք միասին էինք ծերանում։ Նա դարձել էր փոքրամարմին, չորացած, անատամ մի պառավ, սակայն առաջվա պես նա մնում էր իրեն հավասարը չունեցող մի կին, և մինչև վերջ տիրում էր իմ սիրտը։ Իսկ ես յոթանասուն տարեկան հասակում էլ դեռ բավականին ուժ ունեի։ կնճիռներն ակոսել էին իմ դեմքը, հարդագույն մազերս ճերմակել էին, կռացել էր իմ լայն թիկունքը, բայց և այնպես երբեմնի նավաստիական ուժը դեռ ապրում էր իմ ցամաքած մկաններում։
Ահա թե ինչու ես ընդունակություն ունեցա կատարելու այն, ինչի մասին ուզում եմ պատմել։ Գարնանային մի առավոտ ես ու տիկին Օմը Փուսանի քարաժայռերին, մեծ ճանապարհի վրա նստած տաքանում էինք արևի տակ։ Երկուսիս հագին էլ միայն քուրձեր էին, ու մենք չէինք ամաչում դրանից. ես ամբողջ հոգով ծիծաղում էի այն ուրախ կատակի վրա, որ շշնջում էր տիկին Օմը, երբ հանկարծ մեզ վրա մի ստվեր ընկավ։ Դա Չոն Մոն Դյուի բարձր պատգարակի ստվերն էր, որ կրում էին ութ կուլիներ։ Պատգարակի առջևից ու հետևից ընթանում էր պահակախումբը, իսկ կողքերից վազում էին ստրուկ ծառաները։
Երկու միապետ գերեզման էին իջել, ավարտվել էր քաղաքացիական պատերազմը, սովն ավերել էր երկիրը, տեղի էին ունեցել բազմաթիվ պալատական հեղաշրջումներ, իսկ Չոն Մոն Դյուն առաջվա պես իշխում էր Կեյձյոյում։ Նա երևի արդեն ութսուն տարեկան կլիներ այդ ժամանակ, երբ դողացող ձեռքով նշան արեց, որպեսզի պատգարակը ցած դնեն քարաժայռի մոտ, որովհետև կամենում էր հաճույք ապրել նրանց տեսքով, ում այդպես հալածել էր իր ատելությամբ։
- Ժամանակն է, օ՜, տե'ր իմ, - հազիվ շշնջաց տիկին Օմը իմ ականջին և շրջվեց դեպի Չոն Մոն Դյուն, ողորմություն խնդրելու համար, և ասես չճանաչելով, թե ով է իր դիմացինը։
Բայց ես անմիջապես կռահեցի նրա մտադրությունը։ Մի՞թե մենք քառասուն տարի շարունակ միասին չենք փայփայել այդ հույսը։ Եվ ահա, վերջապես, վրա է հասել գործելու րոպեն։ Ես էլ ձևացրի, թե իբր չեմ ճանաչում իմ թշնամուն, և ծերունական անմիտ ժպիտով փոշածածկ ճանապարհով սողալով մոտեցա նրա պատգարակին և ողորմություն խնդրեցի։
Ծառաները կամենում էին վռնդել մեզ, բայց Չոն Մոն Դյուն զառամյալությունից գլուխը ցնցելով ու ծիծաղելով, զսպեց նրանց։ Վախվորած, արմունկին հենվելով, նա փոքր-ինչ բարձրացավ և դողացող ձեռքով ավելի բացեց մետաքսե վարագույրները։ Կնճռոտված դեմքը չարախնդությունից աղավաղվեց. նա հայացքով ուտում էր մեզ։
- Օ՜, տեր իմ, - տիկին Օմը երգեց մուրացիկի իր երգը, բայց նրա խնդիրքն ինձ էր ուղղված, և ես գիտեի, որ նա այդ աղերսի մեջ դրել էր իր մշտնջենական, բոլոր փորձություններին դիմացած սերն ու հավատը իմ վճռականության և խիզախության նկատմամբ։
Իմ ներսում ընդվզեց կարմիր կատաղությունը, կոտրելով կամքիս պատնեշը, ջանալով ազատություն ստանալ։ Զարմանալի չէ, որ ես ամեն կերպ աշխատում էի զսպել։ Սակայն իմ դողը թշնամիներս, բարեբախտաբար, մեկնաբանեցին որպես զառամյալության նշան։ Իսկ ես, մուրացկանի պղնձյա թասն առաջ պարզած, ավելի խղճալի դնդնացի՝ ողորմություն խնդրելով, և միևնույն ժամանակ, աչքերումս բռնկված կրակը թաքցնելու համար կոպերս կկոցելով, հաշվեցի մեզ բաժանող տարածությունը և թռիչքի համար հավաքեցի ուժերս։
Եվ այդ պահին կարմիր կատաղությունը մշուշապատեց աչքերս։ Վարագույրների մետաքսը պատառոտվեց, ջարդոտվեց փայտը, ախ ու վախ քաշեցին ծառաները, իսկ մատներս մխրճվեցին Չոն Մոն Դյուի կոկորդը։ Պատգարակը շրջվեց, և ես այլևս չգիտեի, թե որտեղ է իմ գլուխը, և որտեղ են ոտքերս. բայց մատներս նրա կոկորդի շուրջն էին օղակվել։
Բարձերի, ծածկոցների և վարագույրների քաոսի մեջ ծառաները չկարողացան անմիջապես հասնել ինձ։ Բայց հեծյալները վրա պրծան և հարվածների մի կարկուտ տեղաց գլխիս, տասնյակ ձեռքեր կառչեցին ինձ, աշխատելով ետ քաշել։ Ես շշմել էի, բայց գիտակցությունս չէի կորցրել, և անասելի մի հաճույք էի ապրում, զգալով, թե ինչպես են իմ ծերունական մատները խրվում լղարիկ, ոսկրոտ, զառամյալ պարանոցի մեջ, որին ես երազել էի այսքան երկար ու ձիգ տարիներ։ Մտրակների կոթերը շարունակում էին շրխկալ գլխիս, և աչքերիս դիմաց պտտվող կարմիր մրրկահողմի մեջ ինձ այնպես թվաց, թե ես կենաց ու մահու պայքարում ատամներս սեղմած մի բուլդոգ եմ։ Իմ ձեռքից ոչ ոք չէր կարողանում ազատել Չոն Մոն Դյուին, ես գիտեի, որ նա արդեն մեռած է, վաղուց է մեռած, ու մի խավար, որպես բոլոր տառապանքներից փրկարար միջոց, պարուրեց ինձ, Դեղին ծովի ափերին, Փուսանի ժայռերի վրա։
1 Լիգ - տարածության հինավուրց չափ։ Ծովային մեկ լիգը հավասար է 3 ծովային մղոնի կամ 5,5 կիլոմետրի։
2 Կոլքոնտա - հեքիաթային երկիր, միջին դարերում ստեղծված աշխարհագրական ֆանտաստիկ հասկացողություններից մեկը։
3 Սուպերկարգո - նավերի վրա բեռները հանձնող և ընդունող անձնավորություն։