ԳԼՈՒԽ 16
Բանտապետ Ազերթոնը ինձ հիշելիս հազիվ թե հպարտության զգացում ունենա։ Ես նրան ցույց տվեցի, թե ինչ է նշանակում մարդկային ոգու արիությունը, իմ ոգին հաղթանակեց։ Տանջանքների օգնությամբ նա ոչ մի կերպ չկարողացավ կոտրել իմ ոգին։ Ես նստած եմ այստեղ, ֆոլսեմյան բանտի Մարդասպանների Միջանցքի խցերից մեկում, և սպասում եմ մահապատժի։ Բանտապետ Ազերթոնը առաջվա պես զբաղեցնում է այն պաշտոնը, որն ստացել է նահանգի քաղաքագետ այրերին մատուցած ծառայությունների դիմաց, և առաջվա պես մնում է Սեն-Քվենտին բանտի և բոլոր այն թշվառների տնօրենը, որոնք տառապում են քարե տոպրակներում։ Այնուամենայնիվ, իր հոգու խորքում զգում է, որ ես հաղթել եմ իրեն։
Բանտապետ Ազերթոնին չհաջողվեց ընկճել իմ ոգին։ Չեմ կասկածում, որ նա շատ կուրախանար, եթե ես մեռած լինեի զսպաշապիկի մեջ։ Եվ շարունակում էր տանջել ինձ։ Ինչպես հենց սկզբից նա ինձ ասել էր և ինչպես հաճախ էր կրկնում հետագայում, ես պետք է ընտրություն կատարեի՝ դինամիտ կամ դագաղ։
Կապիտան Ջեմին վաղուց ի վեր վարժվել էր բանտային ամեն տեսակի սարսափներին, սակայն վրա հասավ այն օրը, երբ նա այլևս չդիմացավ լարված այն վիճակին, որ ես էի ստեղծել նրա և մյուս բոլոր տանջարարների համար։ Նա այն աստիճան կորցրեց հավասարակշռությունը, որ համարձակվեց առարկել բանտապետին ու հրաժարվեց հետագա գործողություններին մասնակցելուց։ Այդ օրվանից այլևս ոչ մի անգամ նա չերևաց իմ խցում։
Այո, իսկ հետո վրա հասավ այն ժամանակը, երբ բանտապետ Ազերթոնն էլ վախեցավ ինձնից, թեև գոյություն չունեցող դինամիտի գաղտնարանի տեղը ինձ տանջելով խոստովանեցնելու հույսը չէր կտրում։ Իսկ վերջում ջախջախիչ հարված հասցրեց Ջեկ Օպենհեյմերը։ Օպենհեյմերը ոչնչից չէր վախենում և ասում էր այն, ինչ կամենար։ Բանտային ամենազարհուրելի տանջանքներն իսկ նրան ընկճել չէին կարողանում. նա ծաղրում էր բանտապետներին, քանի որ իր կամքն ավելի զորեղ էր, քան նրանցը։ Մորելը մանրամասնորեն թրխկացրեց այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Իսկ ես այդ ժամանակ գիտակցությունս կորցրած պառկած էի զսպաշապիկս հագիս։
- Շեֆ, - Ազերթոնին ասել էր Օպենհեյմերը, - դուք ձեր ատամներին հարմար պատառ չեք ընտրել, տեսեք, որ հանկարծ կոկորդներիդ չմնա։ Եթե դուք Սթենդինգին սպանեք, գործը դրանով չի սահմանափակվի։ Ստիպված կլինեք սպանելու ևս երկու հոգու: Եթե դուք Սթենդինգին սպանեք, վաղ թե ուշ Մորելն ու ես այդ լուրը դուրս կհանենք, և ամբողջ Կալիֆորնիան իրազեկ կլինի, թե դուք ինչեր եք արել։ Ընտրություն կատարեցեք, կամ Սթենդինգին հանգիստ եք թողնելու, կամ երեքիս էլ սպանելու եք։ Սթենդինգը ձեր կոկորդն է դեմ առել, ես էլ, Մորելն էլ ... Բայց դուք ստորագույն, վախկոտ մի արարած եք և չեք կարողանա մինչև վերջ հասցնել այս գարշելի գործը, համարձակություն չեք ունենա, որքան էլ ցանկությունը մեծ լինի։
Այս ամենի համար Օպենհեյմերին պատժել էին հարյուր ժամ, բայց երբ հարյուր ժամ հետո սկսում են քանդել կապանքները, նա թքում է բանտապետի դեմքին և տեղնուտեղը հարյուր ժամ ևս վաստակում։ Հետո, երբ նորից գալիս են զսպաշապիկն արձակելու, բանտապետը չի համարձակվում մտնել նրա խուցը։ Պարզ էր, որ Օպենհեյմերի ասածները նրան կարգին վախեցրել են։
Իսկ դոկտոր Ջեկսոնի վրա ոչինչ չէր ազդում։ Ես նրա համար հետաքրքիր ու արտակարգ մի արարած էի, և նա շատ էր ուզում իմանալ, թե դեռ որքան կկարողանամ դիմանալ։
- Նա քսան օր էլ կդիմանա, նույնիսկ քսան օր, - իմ ներկայությամբ գրգռում էր նա բանտապետին։
- Դուք շատ հնաոճ եք, - միջամտեցի նրանց զրույցին։ - Ես կարող եմ քառասուն օր էլ դիմանալ։ Դա ինձ համար դատարկ բան է։ Կարող եմ հարյուր օր էլ դիմանալ այսքան ընդարձակ զսպաշապիկի մեջ։ - Եվ հիշելով, թե ես, աղքատ նավաստիս, ինչպես եմ քառասուն տարի համբերությամբ սպասել Չոն Մոն Դյուի կոկորդից կառչելու համար, ավելացրի. - Մի՞թե դուք, բանտային տականքներ, մի՞թե դուք գիտեք, թե ինչ է նշանակում իսկական մարդ։ Դուք կարծում եք, թե մարդն ստեղծված է ձեր վախկո՞տ կերպարանքով։ Բայց նայեք, մարդը ես եմ, իսկ դուք անողնաշար ճիճուներ եք։ Եվ դուք կնահանջեք իմ տոկունության առաջ։ Դուք ի վիճակի չեք թեկուզ մի հառաչ դուրս կորզելու ինձնից և զարմանում եք, որովհետև շատ լավ գիտեք, թե որքան շուտ եք սկսում ինքներդ հեծկլտալ։
Ուզածիս պես հայհոյում էի նրանց, կոչելով դոդոշի ծնունդներ, սատանայի պնակալեզներ և զզվելի տականքներ։ Քանզի ես նրանցից ավելի բարձր էի ու անհասանելի։ Նրանք ստրուկներ էին։ Ես ազատաշունչ ոգի էի։ Մեկուսարանում տանջվում էր միայն իմ մարմինը։ Իսկ ինձ համար պատնեշներ գոյություն չունեին։ Ես ազատագրվել էի մարմնիս իշխանությունից, իմ առջև բացվել էր ժամանակի անսահման տարածությունը, և ես վայելքով թափառում էի այնտեղ, իսկ զսպաշապիկի մեջ սեղմված իմ խեղճ Մարմինը խորասուզվում էր փոքր մահվան մեջ և նույնիսկ ցավեր չէր զգում։
Թրխկացնելով, իմ ընկերներին պատմեցի գրեթե այն ամենը, ինչ ես վերապրել էի։ Մորելը հավատաց իմ պատմածներին, քանզի ինքն էլ անցել էր փոքր մահվան շեմքը։ Բայց Օպենհեյմերը հետաքրքրությամբ լսելով իմ պատմությունները, այնուամենայնիվ չէր հավատում։ Սրտառուչ բարեհոգությամբ նա մորմոքվում էր, որ ես իմ կյանքը նվիրել եմ հողագիտությանը՝ գրող դառնալու փոխարեն։
- Լսիր, - փորձում էի համոզել նրան։ - Ես ի՞նչ գիտեի Չոսոնի մասին։ Հիմա այդ երկիրը կոչվում է Կորեա. այսքան մի բան էր հայտնի ինձ։ Ոչինչ չեմ կարդացել այդ մասին։ Օրինակ, որտեղի՞ց իմ այժմյան կյանքում կարող էի որևէ տեղեկություն ստացած լինել քիմչիի մասին, Սակայն ես գիտեմ, թե ինչ է քիմչին։ Դա հատուկ պատրաստած թթու կաղամբ է։ Փտած քիմչիի գարշահոտությունը հասնում է մինչև երկինք։ Երբ ես Էդամ Սթրենգն էի, հազարավոր անգամներ քիմչի եմ կերել։ Կերել եմ լավորակ քիմչի, վատորակ քիմչի, կերել եմ նաև հոտած քիմչի։ Ես գիտեմ, որ լավագույն քիմչին պատրաստում են վոսանցի կանայք։ Ասա տեսնեմ, որտեղի՞ց կարող էի իմանալ։ Այգ գիտելիքները իմ՝ Դարրել Սթենդինգի ուղեղում չեն եղել երբեք։ Դրանք պատկանում են էդամ Սթրենգի ուղեղին, որը բազմաթիվ ծնունդներից և մահերից հետո իր կենսափորձը հաղորդել է ինձ, Դարրել Սթենդինգին, բոլոր նրանց կենսափորձի հետ, որոնց մեջ ես ապրել, մեռել և վերածնվել եմ էդամ Սթրենգի և Դարրել Սթենդինգի միջև ընկած ժամանակամիջոցում: Մի՞թե այսքան պարզ բանը դու չես հասկանում, Ջեկ: Ախր հենց դրանից է ձևավորվում և զարգանում մարդը, հատկապես այդ ճանապարհով է հարստանում նրա ոգին:
- Է՜հ, վերջ տուր, - որպես պատասխան լսեցի ես նրա արագ, վճռական, ինձ շատ լավ ծանոթ թրխկոցները։ - Հիմա ականջ դիր խելացի մարդուն։ Ես Ջեկ Օպենհեյմերն եմ։ Ես միշտ եղել եմ Ջեկ Օպենհեյմերը։ Ես եղել եմ ես, ոչ թե մեկ ուրիշ մարդ։ Այն ամենը, ինչ գիտեմ, գիտեմ որպես Ջեկ Օպենհեյմեր։ Իսկ ի՞նչ գիտեմ ես։ Հապա, լսիր։ Ես գիտեմ, թե ինչ բան է քիմչին։ Քիմչին հատուկ պատրաստած թթու կաղամբ է, որն ուտում են երբեմնի Չոսոն կոչվող երկրում։ Լավագույն քիմչին պատրաստում են վոսանցի կանայք։ Փտած քիմչիի գարշահոտությունը մինչև երկինք է հասնում... Մի խանգարիր, էդ։ Սպասիր, մինչև պրոֆեսորին կարողանամ պատին դեմ տալ։ Իսկ հիմա, պրոֆեսոր, ասա խնդրեմ, թե որտեղից այդքան բան գիտեմ քիմչիի մասին։ Այդքան գիտելիքներ չկային իմ ուղեղում։
- Ոչ, կային, - հաղթականորեն բացականչեցի ես։ - Այդ գիտելիքները դու ինձնից ստացար։
- Շատ ճիշտ է։ Իսկ դո՞ւ ումից ես ստացել։
- Էդամ Սթրենգից։
- Ինչպե՜ս չէ... Էդամ Սթրենգը քո զառանցանքն է։ Իսկ քիմչիի մասին դու մի տեղ կարդացել ես անպայման։
- Անհնարին բան է,- փորձեցի ապացուցել ես։ - Կորեայի մասին ես կարդացել եմ ռուս-ճապոնական պատերազմի զինվորական թղթակցություններում։ Այն էլ այնքան քիչ բան, որ հաշիվ չէ:
- Իսկ դու հիշո՞ւմ ես այն ամենը, ինչ երբևէ քեզ առիթ է եղել կարդալու, - հարցրեց Օպենհեյմերը։
- Ոչ:
- Պատահե՞լ է, որ ինչ-որ բաներ էլ մոռացած լինես։
- Այո, բայց ...
- Բավական է, շնորհակալություն, - ընդհատեց ինձ այն փաստաբանի պես, որը կտրում է վկայի պատասխանը, բռնացնելով ճակատագրական հակասության վրա։
Օպենհեյմերին անհնարին էր համոզել իմ պատմությունների ճշմարտացիությունը։ Նա պնդում էր, որ ես այդ ամենը հորինում եմ գործողությունների ընթացքում։ Ի դեպ, նրան դուր էին գալիս այդ, ինչպես ինքն էր ասում` «շարունակելի»-ները, և ամեն անգամ, երբ ես հանգստանում էի զսպաշապիկի երկու բաժինների արանքում, նա սկսում էր խնդրել, որպեսզի թրխկացնելով պատմեմ ևս մի քանի գլուխ։
- Ձեռ քաշեք ձեր այդ բարձրագույն մատերիաներից, - խառնվում էր նա իմ ու էդ Մորելի զրույցին, հենց որ մենք սկսում էինք մետաֆիզիկական մեր զրույցը։ - Ավելի լավ է, թող պրոֆեսորը շարունակի պատմել այդ քիսանների ու նավաստիների մասին։ Հա, ի դեպ, քանի որ խոսք բացվեց, պատմիր տեսնենք, թե ինչ պատահեց տիկին Օմի հետ այն բանից հետո, երբ նրա խիզախ ամուսնյակը խեղդամահ արեց ստոր ծերուկին և ինքն էլ մեռավ։
Ես արդեն բազմիցս կրկնել եմ, որ ձևն անկայուն է։ Թույլ տվեք դա կրկնել ևս մեկ անգամ։ Ձևն անկայուն է։ Նյութը հիշողություն չունի։ Հիշում է միայն ոգին, և ահավասիկ այստեղ, բանտի խցում, տիկին Օմին և Չոն Մոն Դյուի մասին եղած հուշերը շարունակում էին ապրել իմ հոգում՝ կտրել-անցնելով հարյուրամյակները, և իմ կողմից հաղորդվել էին Ջեկ Օպենհեյմերին ու նրանից վերադառնում էին ինձ, արդեն բանտային ժարգոնով շաղախված։ Իսկ այժմ ես այդ պատմեցի քեզ, իմ ընթերցող։ Փորձիր դուրս մղել քո հիշողությունից։ Չես կարողանա։ Որքան էլ երկար ապրելիս լինես, այն, ինչ ես պատմեցի քեզ, մնալու է քո ուղեղում։ Ոգի'ն։ Անփոփոխ ոչինչ գոյություն չունի բացի ոգուց։ Նյութը հալվում է, բյուրեղանում և դարձյալ հալվում, և ոչ մի ձև չի կրկնվում։ Ձևն անէանում է հավիտենական ունայնության մեջ, որտեղից այլևս դարձ չկա։ Ձևը լոկ տեսանելիություն է, անցողակի, ինչպես անցողիկ էր տիկին Օմի և Չոն Մոն Դյուի ֆիզիկական թաղանթը։ Բայց նրանց մասին եղած հուշերը գոյություն կունենան ընդմիշտ, քանի դեռ գոյություն կունենա ոգին, իսկ ոգին հնարավոր չէ ոչնչացնել։
- Համենայն դեպս, մի բան պարզ է, - Էդամ Սթրենգի արկածների մասին իր քննադատական դիտողությունները եզրափակեց Օպենհեյմերը։ - Դու չինական թաղամասի հետնախորշերում և հաշիշի ծխարաններում շատ հաճախ ես եղել, քան պատշաճ էր համալսարանի պրոֆեսորին։ Վատ հասարակությունը լավ բանի չի հասցնում։ Հիմա արդեն հասկանալի է, թե դու ինչպես ես հայտնվել այստեղ։
Նախքան իմ մյուս արկածների նկարագրությանն անցնելը, ես պետք է մեր բանտում տեղի ունեցած մի դեպքի մասին հիշատակեմ... Դա հետաքրքիր է երկու պատճառով։ Նախ, այդ դեպքը ցույց է տալիս, թե ինչպիսի հազվագյուտ խելքի տեր մարդ էր ետնաբակերում մեծացած Ջեկ Օպենհեյմերը։ Եվ, հետո, այդ դեպքը ծառայում է որպես մի շատ համոզիչ ապացույց այն բանի, որ երբ զսպաշապիկ հագած խորասուզվել եմ լեթարգիայի մեջ, իմ բոլոր ապրումները բացարձակ ճշմարտություն են եղել։
- Գիտե՞ս ինչ, պրոֆեսոր, - մի անգամ թրխկացրեց ինձ Օպենհեյմերը։ - Երբ դու պատմում էիր քո այդ Էդամ Սթրենգի մասին, ասում էիր, որ շախմատ ես խաղացել այդ հարբեցողի՝ միապետի եղբոր հետ։ Հետաքրքիր է, ինչպիսի՞ն էր այդ շախմատը, Մերի նմա՞ն էր։
Ես, իհարկե, ստիպված էի պատասխանելու, որ չգիտեմ, որ վերադառնալով բնականոն վիճակի, մոռանում եմ նմանօրինակ մանրամասները։ Եվ, իհարկե, նա սկսեց բարեհոգաբար ծաղրել «իմ զառանցանքները», ինչպես ինքն էր արտահայտվում։ Սակայն ես բավականին որոշակի հիշում էի, որ Էդամ Սթրենգ եղած ժամանակ հաճախ եմ շախմատ խաղացել։ Բայց, դժբախտաբար, բավական էր, որ հայտնվեի միայնության մեջ, և բոլոր ոչ էական մանրամասները, հատկապես երբ առընչվում էին որևէ բարդ բանի հետ, ջնջվում էին իմ հիշողությունից։
Պետք է նկատի ունենալ, որ պատմության հարմարության նպատակով ես մի ամբողջության մեջ էի ընդգրկել իմ երբեմնի կյանքերի կցկտուր, խառնիխուռն, հաճախ կրկնվող հիշողությունները։ Ես նախօրոք երբեք չգիտեի, թե ժամանակի մեջ կատարվող իմ ճանապարհորդությունը ո՞ւր կհասցնի ինձ։ Այսպես, օրինակ, տասնյակ անգամներ տարբեր ժամանակներում ես վերադառնում էի Ջեսսի Ֆենչերին, Լեռնային Մարգագետիններում գտնվող ֆուրգոնների ճամբարը։ Առանց ընդմիջումների զսպաշապիկի մեջ անցկացրած տասն օրվա ընթացքում ես երբեմն գնում էի իմ նախկին գոյավիճակների երկայն շղթայով դեպի ավելի ու ավելի հեռուները (հաճախ բաց թողնելով բազմաթիվ այն կյանքերը, որոնց արդեն վերադարձել էի դրանից առաջ) և, ի վերջո, հայտնվում էի նախապատմական ժամանակներում, իսկ այնտեղից դարձյալ վերադառնում այն օրերին, երբ ծնվում էր քաղաքակրթությունը։
Ու ես վճռեցի, որ հաջորդ անդամ, հենց որ գիտակցության գամ Էդամ Սթրենգի կյանքում հերթական վերաբնակեցումից հետո, կջանամ ամեն բան հիշել չոսոնյան շախմատի մասին։ Բայց բախտս չէր բերում, և ես ամբողջ ամիսը լռելյայն տանում էի Օպենհեյմերի ծաղրը, մինչև որ պատահեց այն, ինչին սպասում էի։ Եվ հենց որ ինձ արձակեցին, սկսեցի թրխկացնել իմ նորությունները։
Ավելին, Օպենհեյմերին սովորեցրի շախմատի այն խաղը, որ մի քանի հարյուրամյակ առաջ Էդամ Սթրենգը խաղում էր Չոսոնում։ Դա բնավ էլ նման չէր արևմուտքի շախմատին, թեև իր հիմքում համընկնում էր, քանզի ծնունդ էր առել նույն սկզբնաղբյուրից, և որ բոլորից հավանականն է՝ հնդկական շախմատից։ Վաթսունչորս վանդակի փոխարեն տախտակն ուներ ութսունմեկ վանդակ։ Խաղացողները ութ զինվորի փոխարեն իրենց տրամադրության տակ ունեին իննական զինվոր, որոնք սակայն բոլորովին այլ կերպ էին քայլում, թեև ունեին նույն սահմանափակումները, որոնք ընդունված են մեզ մոտ։
Չոսոնյան շախմատը յուրաքանչյուր կողմից ուներ քսանական խաղաքար՝ ներառյալ նաև զինվորները, մեր տասնվեց խաղաքարերի փոխարեն, և դրանք դասավորում էին երեք, ո'չ թե երկու շարքով, ինչպես մեզ մոտ։ Ինը զինվոր զբաղեցնում էին ճակատային շարքը, միջին շարքում տեղավորվում էին երկու խաղաքար, որոնք հիշեցնում էին մեր նավակները, և երրորդ, վերջին շարքի կենտրոնում դրվում էր արքան, իսկ նրա երկու կողմերից հերթականությամբ տեղավորվում էին հետևյալ խաղաքարերը. «ոսկե դրամ», «արծաթ դրամ», «նժույգ» և «նիզակ»։ Նկատի ունեցեք, որ չոսոնյան շախմատում թագուհի չկար։ Մեր շախմատի հետ համեմատած մի արմատական տարբերությունն էլ այն էր, որ խփված խաղաքարը տախտակից չէին վերցնում. այն դառնում էր հակառակորդի խաղաքարը։
Այսպես, ուրեմն, ես Օպենհեյմերին սովորեցրի շախմատի այդ խաղը, մի բան, որ ինքնին փայլուն նվաճում էր, եթե նկատի ունենանք հետևյալը. ստիպված էինք, այդ ամենից բացի, հիշել, թե որ խաղաքարերն են անցել հակառակորդին և որոնք են հաջողվել ետ ստանալ։
Զնդանները չէին տաքացվում։ Չէր կարելի ձմռան ցրտերին բանտարկյալների վիճակը թեթևացնել բաղձալի ջերմությամբ։ Իսկ ես ու Օպենհեյմերը հաճախ մոռանում էինք դաժան, մինչև ուղնուծուծը թափանցող ցրտի մասին, երբ տարվում էինք չոսոնյան շախմատով։
Բայց և այնպես ինձ չհաջողվեց ապացուցել, որ այդ խաղը ես Սան-Քվենտին բանտն եմ բերել հարյուրամյակների խորքերից։ Նա համառորեն պնդում էր, որ խաղի բացատրությունը կարդացել եմ որևէ առիթով, հետո մոռացել եմ, բայց դա այնուամենայնիվ մնացել է իմ ուղեղում և դուրս է լողացել, երբ զսպաշապիկ հագած ժամանակ ընկել եմ զառանցանքների մեջ։
Նրա նոր հիպոթեզը հանգում էր հետևյալին.
- Գուցե դու այդ շախմատը հորինել ես այստե՞ղ, զնդանո՞ւմ։ Չէ՞ որ Էդն էլ թրխկացնելու միջոց է հորինել, որը մենք անդադար կատարելագործում ենք։ Այնպես որ, պրոֆեսոր, այդ խաղը դու ես հորինել։ Լավ կլինի այդ խաղի մենաշնորհն առնես։ իմ թղթատար եղած ժամանակ մի լավ տղա «Գոճիները դաշտում» կոչվող մի հիմարություն էր հորինել և դրա շնորհիվ մեկ միլիոն վաստակեց։
- Այդ խաղի մենաշնորհը ստանալ հնարավոր չէ,- պատասխանեցի ես։ - Անկասկած, Ասիայում դա հայտնի է արդեն մի հազար տարի։ Հավատա, բնավ էլ ինքս չեմ հորինել։
- Ուրեմն, դու մի տեղ երևի կարդացել ես կամ տեսել, թե ինչպես են խաղացել չինացիները հաշիշի ծխարաններում, որտեղ հաճախ ես քարշ եկել։ - Այսպիսին էր նրա վերջին խոսքը։
Ի դեպ, վերջին խոսքն, իհարկե, իմն էր։ Այստեղ, ֆոլսեմյան բանտում սպանության պատճառով դատապարտված մի ճապոնացի կա։ Ավելի ճիշտ՝ կար. նրան անցյալ շաբաթ մահապատժի ենթարկեցին։ Ես զրուցեցի նրա հետ շախմատի մասին և պարզվեց հետևյալը, այն խաղը, որ խաղում էր էդամ Աթրենգը, և որը ես սովորեցրել էի Օպենհեյմերին, շատ նման է ճապոնական շախմատին։ Նրանց միջև շատ ավելի ընդհանուր բան կա, քան դրանցից յուրաքանչյուրի և արևմուտքի շախմատի միջև։