ԳԼՈՒԽ 17

     Դու երևի հիշում ես, ընթերցող, որ իմ պատմության սկզբում ես հիշատակեցի, թե ինչպես Միննեսոթի ֆերմայում դեռ մանկության տարիներիս Սուրբ երկրի լուսանկարները դիտելիս, ճանաչել եմ մի շարք վայրեր և ցույց տվել, թե այժմ ինչպիսի փոփոխություններ են կատարված։ Նաև, հավանաբար, հիշում ես, թե ինչպես էի պատմում բորոտների ապաքինման մասին, որին ես վկա եմ եղել, ու ինչպես առաքելականին ասացի, թե այն ժամանակ մեծ մարդ եմ եղել, ունեցել եմ սուր և այդ ամենին նայել եմ ձիու վրայից։
     Իմ մանկության տարիների այդ փոքրիկ դիպվածը, Ուորդսվորթի բառերով ասած, եղել է լոկ հիշողության փայլատակում։ Երբ ես, Դարրել Սթենդինգս, դեռ մանուկ եմ եղել, աղոտ կերպով հիշել եմ այլ ժամանակներ և այլ երկրները։ Բայց իմ մանկական գիտակցության մեջ բռնկվող կերպարները աստիճանաբար մշուշապատվել են ու ջնջվել։ Եվ ունեցել եմ նույն ճակատագիրը, ինչպես մյուս բոլոր երեխաները. հետագայում ասես բանտի պատերը շրջապատել են ինձ չորս կողմից և ես մոռացել եմ իմ փառահեղ անցյալը։ Այդ անցյալն ունի ամեն մի մարդ։ Բայց շատ քչերն են արժանացել ինձ նման երկար տարիներ մենախցում և բազմաթիվ ժամեր զսպաշապիկի մեջ անցկացնելու բախտին։ Այո, իմ բախտը բերել է։ Ինձ հնարավորություն է ընձեռնվել վերստին հիշել ամեն բան, ընդորում նաև այն ժամանակները, երբ ես ձին հեծած դիտում էի բորոտների ապաքինումը։
     Իմ անունը Ռագնար Լոդբորգ էր, և ես, ճիշտն ասած, շատ մարմնեղ էի։ Ես մի գլխով բարձր էի իմ լեգիոնի բոլոր հռոմեացիներից։ Ի դեպ, ես լեգիոնի պետ դարձա շատ ավելի ուշ, Ալեքսանդրիայից Երուսաղեմ կատարած ճանապարհորդությունից հետո։ Իմ այս կյանքը լի էր արկածախնդրությամբ։ Եթե նույնիսկ տասնյակ գրքեր գրեի, դրանց վրա տարիներ շարունակ աշխատելով, դարձյալ ինձ չէր հաջողվի նկարագրել բոլոր դեպքերը։ Այդ իսկ պատճառով, ես շատ բաներ բաց կթողնեմ, իսկ այն մասին, թե իմ ճանապարհորդությանը ինչ է նախորդել, կասեմ միայն երկու խոսքով։
     Բացի ամենասկզբից, ես ամեն բան հիշում եմ շատ պարզ ու որոշակի։ Մորս երբեք չեմ տեսել։ Ինձ պատմել էին, որ Հյուսիսային ծովում, նավի տախտակամածին, սաստիկ փոթորիկի ժամանակ ծնվել եմ մի գերուհուց, որին առևանգել էին ծովային ճակատամարտից ու առափնյա ամրոցի կողոպուտից հետո։ Մորս անունը ես այնպես էլ չիմացա։ Նա մեռել էր փոթորիկի ամենամոլեգին պահին։ Նա սերված էր եղել հյուսիսային դանիացիներից, համենայն դեպս, այսպես ասաց ծերունի Լինհարդը։ Ես դեռ շատ ջահել էի հիշելու համար այն ամենը, ինչ նա պատմել էր ինձ, թեև այնքան էլ շատ բան պատմել նա չէր կարող։ Ծովային ճակատամարտը, ամրոցի գրավումն ու կողոպուտը, ապա՝ հրդեհը, առափնյա քարաժայռերից հապճեպորեն դեպի ծով դուրս գալը, որովհետև սրաքիթ նավին աղետով սպառնացող փոթորիկը վրա էր հասնում, իսկ հետո՝ խիզախ պայքարը մոլեգնած, սառնաշունչ ծովի դեմ... Եվ ո՞վ կարող էր հիշել օտարերկրացի գերուհուն, որի ժամը վրա էր հասել, իր հետ բերելով նաև վախճանը։ Այն ժամանակ շատերն են մեռել. չէ՞ որ տղամարդկանց հետաքրքրում են ողջ կանայք, ոչ թե մեռածները։
     Լինհարդի պատմությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել իմ ծնվելուց անմիջապես հետո, գրգռել էր իմ մանկական երևակայությունն ու մեկընդմիշտ մխրճվել հիշողությանս մեջ։ Լինհարդը չափազանց ծեր էր և թիավարելու, փոխարեն հետևում էր տախտակամածին դեսուդեն ծվարած գերիների խմբին, միաժամանակ հանդես գալով թե' որպես բժիշկ, և թե որպես գերեզմանափոր ու մանկաբարձ։ Ուրեմն, ես ծնվել եմ փոթորիկի ժամանակ և լողացել աղաջրի ցայտերով։
     Ես ընդամենը մի քանի ժամական եմ եղել, երբ Թոստիգ Լոդբրոգը առաջին անգամ նկատել է ինձ։ Նա տնօրենն էր այդ և մյուս յոթ նավերի, որոնք հարձակում էին գործել, ավար հավաքել և ճեղքում անցնում էին փոթորիկը։ Թոստիգ Լոդբրոգը «Մուսպել» մականունն ուներ, որը նշանակում էր Վառվող, քանզի նա անընդհատ վառվում էր կատաղությունից։ Նա խիզախ ու դաժան մարդ էր, և լայն կրծքի տակ տրոփում էր խղճմտանքից զուրկ մի սիրտ։ Ճակատամարտի քրտինքը դեռ չէր սառել նրա մարմնի վրա, երբ Հասֆարթի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, տապարին հենված, կերավ Նգրունի սիրտը։ Մոլեգին չարության նոպայի ժամանակ նա ստրկության վաճառեց իր որդուն՝ Հարլուֆին։ Եվ ես հիշում էի, թե ինչպես Բրուննանբուրի ծխակալած ձեղունակալների տակ թնդաց նրա արձագանքվող ձայնը, երբ պահանջում էր, որ բերեն գավը՝ Գութլաֆի գանգը։ Համեմունքներով գինին նա միայն այդ գավով էր խմում, միայն Գութլաֆի գանգով։
     Ահավասիկ հենց նրան էլ ինձ ներկայացրեց ծերուկ Լինհարդը ճոճվող տախտակամածի վրա, փոթորիկը հանդարտվելուց հետո։ Ես ընդամենը մի քանի ժամական էի, և փաթաթված էի ծովային աղից ճերմակած գայլամորթու մեջ։ Ես շատ փոքրիկ էի, որովհետև ծնվել էի ժամանակից շուտ։
     - Հա՜-հա՜։ Թզուկ է, - բացականչեց Թոստիգը, մեղրով լի գավաթը հեռացնելով շուրթերից, որպեսզի զննի ինձ։
     Զարհուրելի ցուրտ է եղել, բայց, ասում են, նա ինձ հանել է գայլամորթու միջից, երկու մատով միայն բռնելով ոտքիս ծայրից այնպես, որ մարմինս ճոճվել է կատաղի քամու տակ։
     - Իսկական մանրածածա՜ն, - ծիծաղել է նա։ - Ծովային ոջի՜լ։ - Եվ արդեն կամեցել է ճզմել ինձ վիթխարի մատներով, որոնցից յուրաքանչյուրը, Լինհարդի ասելով, իմ ոտքից հաստ էին։
     Բայց հանկարծ նրա խելքը մեկ ուրիշ բան է մտել։
     - Այս լակոտը ծարավ է։ Թող խմի։
     Եվ ինձ գլխիվայր իջեցրել է գավաթի մեջ, որը կիսով չափով լցված էր մեղրով։ Ու ես կխեղդվեի տղամարդկանց այդ խմիչքի մեջ, ես, որ իմ կյանքի ընթացքում չէի ծծել նույնիսկ մորս կաթը, եթե չլիներ Լինհարդը։ Բայց երբ Լինհարդը գավից դուրս է քաշում ինձ, Թոստիգ Լոդբրոգը կատաղելով, գետին է տապալում նրան։ Մենք թավալում ենք տախտակամածին, և հյուսիսային դանիացիների հետ ունեցած ճակատամարտից հետո զավթած վիթխարի շները հարձակվում են մեզ վրա։
     - Հո' - հո', - խռնչում է Թոստիգ Լոդբրոգը դիտելով, թե ինչպես են շները հոշոտում ծերունուն, ինձ և գայլամորթին։
     Սակայն Լինհարդը ոտքի է կանգնում և փրկում ինձ, շների երախում թողնելով գայլամորթին։
     Թոստիգ Լոդբրոգը խմում է իր մեղրը և հայացքը հառում վրաս, իսկ Լինհարդը լուռ էր, նա շատ լավ գիտեր, որ իզուր բան է ողորմածություն որոնել այնտեղ, ուր այն լինել չի կարող։
     - Մատնաչափի՜կ, - ասում է Թոստիգը։ - Երդվում եմ Օդինով (1), Հյուսիսային Դանիայի կանայք չնչին արարածներ են։ Նրանք լույս աշխարհ են բերում ոչ թե տղամարդկանց, այլ թզուկների։ Ո՞ւմ է պետք այս նվազը։ Սա երբեք իսկական մարդ չի դառնա։ Գիտե՞ս ինչ, Լինհարդ, պահիր, մեծացրու սրան, որ Բրուննանբուրում ինձ համար մատռվակ լինի։ Միայն թե աչքդ շներին պահիր, թե չէ, մեկ էլ տեսար, սխալմամբ կխժռեն սրան, կարծելով, թե մսի այն մնացորդներից է, որոնք նետում ենք իրենց։
     Ես մեծանում էի առանց մայրական խնամքի։ Ծերուկ Լինհարդը ընդունել էր ինձ ծնվելիս և նա էլ կերակրում էր ինձ, իսկ որպես մանկական սենյակ ծառայում էր ճոճվող տախտակամածը, և օրորոցային երգն էր տղամարդկանց ոտնաձայներն ու ծանր շնչառությունը՝ ճակատամարտերի ու փոթորիկի ժամանակ։ Աստված գիտե, թե ինչպես եմ կարողացել դիմանալ։ Հավանաբար, ես ի ծնե եղել եմ երկաթի պես ամուր և ծնվել եմ երկաթե ժամանակներում, քանզի այնուամենայնիվ դիմացել եմ ու հերքել Թոստիգի մարգարեությունը, որ ինձնից ընդամենը թզուկ է ստացվելու։ Ես շատ արագ էի մեծանում, ու Թոստիգն այլևս չէր կարող ինձ խեղդել մեղրով լի գավում։ Իսկ դա նրա սիրած զվարճությունն էր։ Այդ կատակը նրան թվում էր արտակարգ սրամիտ և նուրբ։
     Իմ մանկության առաջին հիշողությունները կապված են Թոստիգ Լոդբրոգի սրաքիթ նավերի, ծովային ճակատամարտերի և Բրուննանբուրի խրախճանքների հետ այն օրերին, երբ մեր նավախումբը հանգիստ էր առնում սառած ֆիորդի ափերին։ Ես ախր դարձել էի Թոստիգի մատռվակը, և ահավասիկ իմ մանկության ամենավաղ հուշերից մեկը. բերնեբերան գինով լիքը Գութլաֆի գանգը ձեռքիս ես գնում եմ դեպի սեղանի գլխին նստած Թոստիգը, և նրա հզոր ձայնից ցնցվում են ձեղունակալները։ Գինուց խելքները կորցրած, նրանք ոռնում և բռունցքներով հարվածում էին, իսկ ինձ թվում էր, թե հենց այդպես էլ պետք է լինի, քանզի մեկ ուրիշ կենցաղ ես չէի տեսել։ Բոլորն էլ շատ շուտ մոլեգնում և ձեռքերը պարզում էին զենքին։ Նրանց մտքերը կատաղի էին, և նրանք կատաղորեն խժռում, նույնքան կատաղորեն կոնծում էին մեղրն ու գինին։ Եվ ես մեծանում էի նրանց ընդօրինակելով։ Ուրիշ ի՞նչ պետք է ընդօրինակեի, երբ գավաթներ էի մատուցում, կոկորդով մեկ բղավող այդ քեֆ անողներին և նվագածու երգիչներին, որոնք երգում էին Հյալլեի, խիզախ Խոգնիի, Նիֆլունգների ոսկու և Գուդրունի վրեժի մասին, որն Աթլիին ստիպեց ուտել երեխաների սիրտը, իսկ այդ միջոցին կատաղի կռվի ժամանակ ջախջախվում էին նստարանները, պատառոտվում վարագույրները, որոնք զավթել էին հարավային ափերից, և սպանվածներն ընկնում էին խնջույքի սեղաններին։
     Օ՜հ, այո', ինձ ևս ծանոթ էր այդպիսի կատաղությունը, որը սովորեցրել էին այդ դպրոցում։ Ես ընդամենը ութ տարեկան էի, երբ մագիլներս ցույց տվեցի Բրուննանբուրում մեր հյուրերի՝ յութերի, պատվին կազմակերպված խնջույքում, որոնք երեք երկար նավերով Էրլ Ագարդի գլխավորությամբ բարեկամական այցով նավարկել էին մեզ մոտ։ Ես կանգնել էի Թոստիգ Լոդբրոգի թիկունքում, ձեռքիս Գութլաֆի գանգը, որից բարձրանում էին համեմված տաք գինու գոլորշիները։ Ես սպասում էի, թե Թոստիգը երբ պետք է վերջացնի հյուսիսային դանիացիների հասցեին տեղացող իր հայհոյանքների տարափը։ Բայց նա լռելու միտք չուներ, և ես համբերությամբ սպասում էի այնքան ժամանակ, մինչև նա շունչ առնելով, սկսեց հայհոյել Հյուսիսային Դանիայի կանանց։ Այստեղ ես հիշեցի մորս, ու կարմիր կատաղությունը մշուշապատեց աչքերս։ Գութլաֆի գանգով հարվածեցի նրան։ Գինին ոտքից գլուխ ողողելով, կուրացրեց և այրեց Թոստիգին։ Եվ երբ նա, առանց տեսնելու, պտտվում էր տեղում, ջանալով իր վիթխարի ձեռքերով որսալ ինձ, ես վրա պրծա և երեք անգամ դաշունահարեցի փորը, ազդրն ու հետույքը, որովհետև ավելի վեր հարվածելու համար հասակս չէր ներում։
     Եվ այստեղ էրլ Ագարդը մերկացրեց իր սուրը, նրան հետևեցին մյուս բոլոր յութերը, և Ագարդը գոչեց.
     - Խիզա՜խ քոթոթ։ Երդվում եմ Օդինով, որ նա արժանի է ազնիվ մենամարտի։
     Եվ Բրուննանբուրի խուլ ծածկի տակ կատաղությունից հևասպառ եղած հյուսիսային դանիացի պատանի - մատռվակը մենամարտի մեջ մտավ հզոր Լոդբրոգի հետ։ Մի հարված, և իմ անշունչ մարմինը թավալգլոր ընկավ սեղանին, ցրիվ տալով գավերն ու սափորները, իսկ Լոդբրոգը գոչեց.
     - Դո'ւրս նետեք դրան։ Նետե'ք շների առաջ։
     Սակայն Էրլը այդ բանը չէր ցանկանում, և Լոդբրոգի ուսին թփթփացնելով խնդրեց, որ ի նշան բարեկամության ինձ իրեն նվիրի։
     Ուստի, երբ ֆիորդների սառույցը հալվեց, ես էրլ Ագարդի նավով գնացի հարավ։ Նա ինձ դարձրեց իր մատռվակն ու զինակիրը, և անվանեց Ռագնար Լոդբրոգ։ Ագարդի տիրապետությունը սահմանակից էր ֆրիզների հողերի հետ։ Դրանք միշտ մառախլապատ, մռայլ ճահճային հարթավայրեր էին։ Ես Էրլի մոտ ապրեցի երեք տարի, ապրեցի մինչև նրա մահը, և միշտ նրա կողքին էի թե ճահճուտներում գայլ որսալու ժամանակ, թե մեծ սրահում խրախճանք անելիս, որտեղ հաճախ ներկա էր լինում նաև նրա երիտասարդ, նաժիշտներով շրջապատված կինը՝ Էլգիվան։ Ես Ագարդին ուղեկցում էի հարավային արշավանքի ժամանակ, երբ նրա նավերը հասնում էին մինչև ժամանակակից Ֆրանսիայի ափերին, որտեղ ես իմացա, թե որքան հարավ գնանք, այնքան տաք է կլիման, մեղմ է բնությունը և քնքուշ են կանայք։
     Սակայն այդ արշավի ժամանակ Ագարդը մահացու վիրավորվեց և շուտով մեռավ։ Մենք նրա մարմինն այրեցինք բարձր, հուղարկավորական խարույկի վրա։ Նրա կինը՝ էլգիվան ոսկե ցանցազրահ հագած, երգելով մտավ հուղարկավորական խարույկի մեջ և կանգնեց ամուսնու դիակի մոտ, կնոջ հետ այրեցին նաև ոսկե վզնոցներով բազմաթիվ սպասավորների, ինչպես նաև ինը ստրկուհիների և նշանավոր ծագում ունեցող ութ ստրուկ - անգլերի։ Այրեցին նաև բազմաթիվ բազեների՝ երկու պատանի բազեպանների հետ։
     Բայց ես, Ռագնար Լոդբրոգս, մատռվակս, չողջակիզվեցի։ Ես տասնմեկ տարեկան էի, վախ ասված բանն անծանոթ էր ինձ, և իմ մարմինը ուրիշ հագուստ չէր տեսել, բացի գազանի մորթիներից, Երբ կրակի լեզուները ձգվեցին դեպի վեր, ու Էլգիվան երգեց իր մահերգը, իսկ մեռնել չկամեցող ստրուկները, գերիներն ու ստրկուհիները սկսեցին հառաչել ու բղավել, ես քանդեցի կապանքներս, ցած թռա խարույկից և հենց ստրուկի ոսկե վզնոցով էլ նետվեցի դեպի ճահիճներն ու կարողացա թաքնվել այն պահին, երբ իմ հետևից բաց թողած կատաղի շներն արդեն հասնում էին ինձ։
     Ճահիճներում բնակվում էին վայրենացած մարդիկ փախստական ստրուկներ և հանցագործներ, որոնց երբեմն փորձում էին որսալ հանուն զվարճության, ասես գայլեր լինեին։
     Երեք տարի ես ապրեցի առանց գլխավերևս տանիք ունենալու, առանց կրակի ջերմության, և ամրացա սառցակալած օձի պես։ Ես կամենում էի յութերից ինձ համար մի կին առևանգել, բայց չհաջողվեց. ինձ սկսեցին հետապնդել ֆրիզները և երկու օր տևող հալածանքից հետո կարողացան բռնել։ Ոսկե վզնոցը նրանք պոկեցին և երկու գամփռի դիմաց ինձ վաճառեցին սաքս Էդվիին, որն ինձ երկաթե վզնոց հագցրեց, իսկ հետո հինգ ուրիշ ստրուկների հետ նվիրեց արևելյան անգլների երկրից եկած Էթելին։ Ես ստրուկ էի, իսկ հետո դարձա դրուժինայի զինվոր, հետո էլ արևելքի վրա, որտեղ վերջանում էին ճահիճները, կատարած անհաջող արշավանքի ժամանակ, ես գերի ընկա հոների ձեռքը։ Նրանց մոտ խոզարածություն էի անում, բայց հետո փախա հարավ, դեպի մեծ անտառները, որտեղ որպես ազատի՝ ինձ ընդունեցին տևտոնները։ Տևտոնները թվով շատ-շատ էին, բայց ապրում էին փոքրիկ խմբերով և անդադար դեպի հարավ էին նահանջում հոների ճնշման տակ։
     Բայց այդ ժամանակ հարավից դեպի մեծ անտառները եկան հռոմեական լեգիոնները և մեզ սեղմեցին հոների կողմը։ Մեզ այնպես սեղմեցին, որ այլևս նահանջելու տեղ չունեինք, և հռոմեացիներին ցույց տվեցինք, թե ինչպես կարող ենք ինքներս էլ մարտնչել, թեև մեր հակառակորդները մեզ բնավ չէին զիջում։
     Սակայն իմ հոգում անընդհատ ապրում էին հիշողությունները այն արևի մասին, որը շողում էր Ագարդի նավերի վրա, երբ մենք նավարկում էինք դեպի հարավային երկրներ, և ճակատագրի քմահաճույքով ես տևտոնների հետ հայտնվեցի հարավում, գերի ընկա հռոմեացիներին ու դարձյալ ծով հասա, որն արևելյան անգլների մոտից փախչելուց հետո այլևս չէի տեսել։ Ու ես նորից ստրուկ դարձա։ Թիանավի վրա ես թիավար էի, և ահավասիկ, հենց այդ նավով էլ առաջին անգամ ընկա Հռոմ։
     Եթե սկսեմ պատմել, թե ինչպես դարձա ազատ մարդ, հռոմեական քաղաքացի ու զինվոր և ինչո՞ւ, երբ լրացավ երեսուն տարիս, ստիպված էի մեկնել Ալեքսանդրիա, իսկ այնտեղից էլ Երուսաղեմ, շատ ժամանակ կպահանջվի։ Սակայն ես չէի կարող համառոտակի չպատմել իմ կյանքի առաջին տարիների մասին, այն բանից հետո, երբ Թոստիգ Լոդբրոգը ինձ՝ նորածնիս, ընկղմեց մեղրով լի թասը, որովհետև, հակառակ դեպքում, դուք կդժվարանայիք հասկանալ, թե ինչ էր ներկայացնում իրենից այն մարդը, որը ձի հեծած ներս էր մտնում Յոպպեի դարպասից, իր վրա հրավիրելով բոլորի ուշադրությունը։
     Ճիշտն ասած, նայելու բան, իհարկե, կար։ Բոլոր այդ հռոմեացիներն ու հրեաները ցածրահասակ ու մանրոսկոր մարդիկ էին, և ինձ նման վիթխարի ու շիկահեր հսկայի նրանց դեռ չէր վիճակվել տեսնել։ Եվ մինչ ես ընթանում էի նեղլիկ փողոցներով, նրանք ճանապարհ էին տալիս ինձ, և ապա կանգնում ու նայում շիկահեր հյուսիսաբնակի հետևից։ Ի դեպ, այս վերջին խնդրում նրանք այնքան էլ վստահ չէին, քանզի նրանց գիտելիքները հյուսիսաբնակների մասին բավականին խղճուկ էին։
     Վերջին հաշվով, Պիղատոսի տրամադրության տակ կային միայն գավառներից հավաքագրած օժանդակ զորախմբեր։ Հռոմեական լեգիոներների մի փոքրիկ խումբ պահպանում էր պալատը, իսկ ինձ հետ էլ եկել էին մոտ քսան հռոմեացի զինվոր։ Չեմ ժխտում, որ օժանդակ զորախմբերը բազմիցս աչքի են ընկել ճակատամարտերի ժամանակ, բայց իսկական և հուսալի զինվորներ էին միայն հռոմեական լեգիոներները։ Նրանք գերազանցում էին նույնիսկ մեզ հյուսիսաբնակներիս, քանի որ միշտ էլ կազմ ու պատրաստ էին ճակատամարտի համար։ Իսկ մենք լավ կռվողներ էինք միայն այն դեպքում, երբ տրամադրություն էինք ունենում, իսկ ուրիշ ժամանակ մռայլադեմ նստում էինք մեր հեռավոր գյուղակներում։ Իսկ հռոմեացիները միշտ ամրապինդ էին ու հուսալի։
     Իմ ժամանման հենց առաջին երեկոյան Պիղատոսի տանը հանդիպեցի նրա կնոջ ընկերուհուն, որը բավականին ազդեցություն ուներ Հերովդես Հանթեպի արքունիքում։ Ես այդ կնոջը կանվանեմ Միրիամ, քանզի երբ սիրեցի, այդպես էի ասում նրան։ Եթե կանացի հմայքները նկարագրելը դժվարին լիներ, բայց հնարավոր, ապա ես կկարողանայի նկարագրել Միրիամին։ Բայց նրա հմայքներն աննկարագրելի էին։ Եվ բառերն այստեղ անուժ են։ Ախր դա գիտակցությամբ ընկալելի տպավորություն չէր։ Կինը հմայում է մեր զգացմունքները և դրանից ծնվում է կիրքը, որն իր տեսակի մեջ հանդիսանում է գերագույն զգացմունք։
     Ընդհանուր առմամբ՝ յուրաքանչյուր կին ցանկալի է ամեն մի տղամարդու։ Իսկ երբ մեր մեջ ցանկություն է առաջացնում միայն եզակի մի կին, մենք դա սեր ենք կոչում։ Այդպես էլ պատահեց ինձ և Միրիամի հետ։ Նրա հմայքները իմ ներսում առանձնահատուկ արձագանք գտան, ասես նրան սպասում էի ողջ կյանքիս ընթացքում, և այժմ, առանց երկմտելու նրա առջև բացեցի իմ գիրկը, Հենց այդ արձագանքն էլ նրան դարձրեց այնքան ցանկալի, հենց դրանում էլ թաքնված էր Միրիամի հմայքը։
     Միրիամը աստվածային կին էր։ Ես դիտավորյալ եմ օգտագործում այդ բառը։ Նա բարձրահասակ էր, վեհատեսիլ և վայելչակազմ, որոնք հազվադեպ բաներ էին նրա ցեղակիցների համար։ Նա ազնվականուհի էր հոգով և ի ծնե։ Նրա բոլոր արարքներում զգալի էր շռայլ, մեծահոգի բնավորությունը։ Խելացի էր, սրամիտ և այդ ամենից առավել կանացի։ Ինչպես դուք կտեսնեք, նրա հենց այդ կանացիությունն էլ կործանեց մեզ։ Նա ուներ սև, սեփ-սև վարսեր, ձվածիր և նուրբ դեմք, ձիթենագույն, թուխ մաշկ և մուգ աչքեր, որոնք նման էին երկու անհատակ ջրհորների։ Հազիվ թե աշխարհում մեկն էլ լիներ, որի մոտ այդքան վառ արտահայտված լիներ թխահեր ու շիկահեր կնոջ ընդհանրությունը։
     Անմիջապես մենք գերեցինք իրար։ Մեզ պետք չէր ոչ ստուգում, ոչ ինքնաստուգում, ոչ էլ սպասում։ Նա դարձավ իմը մեր հայացքներն իրար հանդիպելուն պես։ Եվ նա էլ, ճիշտ այնպես, ինչպես ես, այդ պահին արդեն հասկացել էր, որ ես էլ իրեն եմ պատկանում։ Ես քայլեցի նրա կողմը, և նա ընդառաջ եկավ, ասես մի անհայտ ուժի ազդեցության տակ։ Եվ մենք անթարթ իրար նայեցինք, և երբ սև աչքերի հայացքը հանդիպեց կապույտ աչքերի հայացքին, նրանք այլևս ի վիճակի չէին իրարից շրջվելու, ու դա տևեց այնքան ժամանակ, մինչև որ Պիղատոսի նիհարիկ, հոգսերի տակ ծանրացած կինը նյարդայնորեն ծիծաղեց։ Ու երբ ես ողջունեցի Պիղատոսի կնոջը, թվաց, թե Պիղատոսը Միրիամի վրա բազմանշանակ մի հայացք նետեց, կարծես ասելիս լիներ. «Մի՞թե նա այնպիսին չէ, ինչպես պատմել էի»։ Բանն այն էր, որ Սիրիայի պատվիրակ Սուլպիցիոս Քվիրինիոսը նրան հայտնել էր իմ առաջիկա ժամանման մասին։ Բացի այդ, ես ու Պիղատոսը իրար ճանաչում էինք նրա՝ հրեական հրաշունչ հրաբխի կուսակալ նշանակվելուց և Երուսաղեմ մեկնելուց դեռ շատ առաջ։։
     Այդ երեկո մենք երկար զրուցեցինք։ Ամենից շատ խոսեց Պիղատոսը։ նա մանրամասնորեն ներկայացրեց երկրում տիրող դրությունը։ Ինձ թվաց, թե նա տանջվում է մենակությունից և որևէ մեկին կամենում է հաղորդակից անել իր տագնապները, իր երկյուղները, և նույնիսկ, թերևս, պատրաստ է խորհուրդներ խնդրելու։ Պիղատոսն իսկական, հավասարակշռված հռոմեացի էր։ Ի դեպ, նա ճկուն խելք ուներ, որը նրան հնարավորություն էր տալիս իրականացնելու Հռոմի երկաթյա քաղաքականությունը, առանց տեղի բնիկների հետ նկատելի հակադրությունների, և կարողանում էր ինքն իրեն տիրապետել ամենածանր իրադրությունների մեջ։
     Բայց այդ երեկո դժվար չէր նկատել, որ նա խիստ տագնապած է։ Հրեաներն ուղղակի զայրացնում էին նրան։ Նրանք չափազանց շուտ բռնկող, ինքնագլուխ, ոչ խելացի մարդիկ էին։ Եվ բացի այդ, կարողանում էին նուրբ դավադրություններ հյուսել։ Հռոմեացիները գործում էին ուղղամտորեն և բացահայտ։ Հրեաները գերադասում էին շրջանցող ճանապարհները, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ նահանջելու հարկ էր լինում։ Պիղատոսին, իր խոսքերով ասած, գրգռում էր այն, որ հրեաներն իրենց բոլոր միջոցներով փորձում էին նրան, ուստի և Հռոմը, գործիք դարձնել իրենց կրոնական հարցերը լուծելու համար։
     - Որքան ինձ հայտնի է, - ասաց նա, - Հռոմը չի միջամտում հպատակեցված ժողովուրդների կրոնական կյանքին, բայց հրեաներին հատուկ է ամեն ինչ խճողել ու բարդացնել, քաղաքական երանգ տալով այնպիսի երևույթների, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն քաղաքականության հետ։
     Պիղատոսը նույնիսկ տաքացավ, զանազան միաբանությունների և կրոնական մոլեռանդության անվերջանալի բռնկումների մասին պատմելիս։
     - Այս երկրում, Լոդբրոգ, - ասաց Պիղատոսը, - նախօրոք ոչինչ իմանալ հնարավոր չէ։ Հիմա դու երկնքում տեսնում ես միայն մի փոքրիկ ամառային ամպիկ, իսկ մեկ ժամ անց գլխիդ կարող է մի զարհուրելի փոթորիկ պայթել։ Ինձ այստեղ ուղարկել են անդորրություն և կարգուկանոն պահպանելու համար, սակայն հակառակ իմ ջանքերի, նրանք երկիրը դարձնում են իշամեղվի բույն։ Եվ ավելի շուտ կնախընտրեի կառավարել սկյութացիներին կամ վայրենի բրիտներին, քան սրանց, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ, թե ո՞ր աստծուն պետք է հավատալ։ Ահավասիկ, հիմա հյուսիսում մի ձկնորս է հայտնվել, որն ինչ-որ բաներ է քարոզում ու իբր հրաշքներ է գործում, և ես բնավ էլ չեմ զարմանա, եթե այսօր-վաղը նա իրար խառնի այս երկիրը, իսկ ինձ էլ ետ կանչեն Հռոմ։
     Առաջին անգամ այսպես լսեցի այն մարդու մասին, որի անունը Հիսուս էր, բայց և անմիջապես մոռացա։ Եվ վերհիշեցի այն ժամանակ միայն, երբ ամռան ամպիկը դարձավ փոթորկաբեր թուխպ։
     - Ես նրա մասին տեղեկություններ եմ հավաքել, - շարունակեց Պիղատոսը։ - Նա քաղաքականությամբ չի զբաղվում։ Այս կապակցությամբ կասկածներ լինել չեն կարող, բայց Կայիափան շատ է ուզում (իսկ Կայիափայի թիկունքում կանգնած է Աննան) այդ ձկնորսին քաղաքական փուշ դարձնել, որպեսզի դրանով խոցի Հռոմին և կործանի ինձ։
     - Կայիափայի մասին լսել եմ. նա, կարծեմ, քահանայապետն է, - ասացի ես։ - Սակայն ո՞վ է Աննան։
     - Հենց այդ խորամանկ աղվեսն է իսկական քահանայապետը, - պատասխանեց Պիղատոսը։ - Կայիափային նշանակել է Գրադիանոսը, բայց նա լոկ Աննայի ստվերն է, ձեռքի խաղալիքը։
     - Նրանք այնպես էլ քեզ չներեցին վահանների հետ կապված պատմության պատճառով, - Պիղատոսին հեգնեց Միրիամը։
     Այստեղ Պիղատոսն այնպես վարվեց, ինչպես կվարվեր ամեն ոք, երբ դիպչում են ցավոտ տեղին, սկսեց պատմել այդ դեպքը, որն սկզբում դատարկ բան էր թվացել, և, ի վերջո, քիչ էր մնացել կործաներ նրան։ Պալատի առջև նա պարզամտորեն երկու վահանակ էր կախել ներբողական մակագրություններով։ Դա մի իսկական փոթորիկ էր առաջացրել, և ֆանատիկոսները դեռ չէին հանդարտվել, երբ բողոք էր ուղարկվել Տիբերիոսին։ Սա պաշտպանել էր հրեաներին և իր դժգոհությունն էր հայտնել Պիղատոսին։
     Ես շատ ուրախացա, երբ քիչ անց, ի վերջո, Միրիամի հետ խոսելու հնարավորություն ընձեռնվեց։ Պիղատոսի կինը նրա մասին պատմելու հարմար մի առիթ գտավ։ Միրիամը սերում էր արքայական տոհմից։ Քույրն ամուսնացել էր Փիլիպոսի՝ Գաբղանեայի և Բեթանեայի չորրորդապետի հետ, իսկ Փիլիպոսն էլ Հերովդես Հանթեպի՝ Գալիլեայի ու Պերեոսի չորրորդապետի եղբայրն էր, և երկուսն էլ Հերովդեսի որդիներն էին, որին հրեաներն անվանում էին «Մեծ»։ Միրիամը, ինչպես գլխի գցեցին ինձ, երկու չորրորդապետերի արքունիքներումն էլ համարվում էր տանու մարդ, որովհետև երկուսին էլ ազգական էր։ Ես իմացա նաև, որ դեռ փոքր ժամանակ նա նշանված է եղել Արքեղայոսի՝ Երուսաղեմի երբեմնի ժողովրդապետի հետ։ Միրիամը շատ հարուստ էր, և ենթադրյալ ամուսնությունը հարկադրական չէր։ Միաժամանակ նա շատ ազատամիտ էր, և ամուսին ընտրելու այդքան կարևոր գործում, անկասկած, դժվար բան էր նրան գոհացնելը։
     Այո, ըստ երևույթին, այդ երկրում մթնոլորտն իսկ հագեցած էր կրոնով, քանզի Միրիամի հետ դեռ չէինք հասցրել զրույց սկսել, երբ մենք էլ սկսեցինք խոսել այդ մասին։ Հիրավի, հրեաներն այդ օրերին չէին կարող յոլա գնալ առանց կրոնի ճիշտ այնպես, ինչպես մենք` առանց ճակատամարտերի ու խնջույքների: Քանի ես գտնվում էի այդ երկրում, իմ գլխում տիրում էր կյանքի ու մահվան, օրենքների ու աստծո մասին անվերջանալի վիճաբանությունների զրնգոցը: Ինչ վերաբերում էր Պիղատոսին, ապա նա չէր հավատում ոչ աստվածներին, ոչ չար ոգիներին, ոչ էլ ուրիշ բանի ընդհանրապես։ Մահը նա համարում էր առանց երազների հավիտենական քուն, և միևնույն ժամանակ Երուսաղեմում անցկացրած տարիներին նա ամենից շատ, ի հեճուկս իրեն, զբաղված էր կրոնական կատաղի բռնադատությունները հարթելով։ Սա դեռ ի՜նչ է որ... Ձիապան տղան, որին մի անգամ ինձ հետ տարել էի Եդովմ և որը անպիտանի մեկն էր ու ձի թամբել նույնիսկ չգիտեր, լուսաբացից լուսաբաց, առանց շունչ առնելու և գործիմացությամբ զբաղված էր միայն Սեմեիից սկսած մինչև Գամաղիել րաբունիների ուսմունքներում գոյություն ունեցող ամենանուրբ տարբերությունների քննարկմամբ։
     Բայց դառնանք Միրիամին.
     - Դու հավատում ես, թե անմահ ես, - անմիջապես վեճի մեջ քաշեց նա ինձ։ - Այդ դեպքում ինչո՞ւ ես ուրեմն վախենում խոսել այդ մասին։
     - Իսկ հարկ կա՞ արդյոք մտածել այդ մասին, ինչն անվիճելի է, - առարկեցի ես։
     - Բայց ինչո՞ւ ես այդքան ինքնավստահ, - շարունակեց նա։ - Բացատրիր։ Պատմիր, թե ինչպե՞ս ես պատկերացնում քո անմահությունը։
     Ու երբ նրան պատմեցի Նիֆլհեյմի ու Մուսպելլեի մասին, պատմեցի Իմիրի, որը ծնվել էր ձյան փաթիլներից, և' Աուդումլե կովի, և' Թենրիրի ու Լոքայի, և սառցե Յոտունների մասին, այո, կրկնում եմ , երբ պատմեցի նրան այս ամենի, ինչպես նաև Թորի ու Օդինի, և մեր Վալգալլի մասին, նրա աչքերը փայլեցին ու նա ծափ տալով, բացականչեց.
     - Օ՜հ, դու բարբարոս ես։ Մեծ երեխա, ոսկեհեր հսկա հավերժական ցրտի երկրից։ Դու հավատում ես պառավ դայակների հեքիաթներին և ստամոքսային երջանկությանը։ Իսկ քո ոգի՞ն, ոգին, որը չի մեռնում, որտե՞ղ կհայտնվի այն, երբ մեռնի քո մարմինը։
     - Ինչպես արդեն ասացի՝ Վալգալլում, - պատասխանեցի ես։ - Իմ մարմինս էլ կլինի այնտեղ։
     - Եվ կուտի՞, կխմի՞, կմարտնչի՞։
     - Ու կսիրի, - ավելացրի ես։ - Երանելի այդ վայրում մեզ հետ կլինեն նաև մեր կանայք, հակառակ դեպքում ինչների՞ս է պետք։
     - Ձեր երանելի վայրը իմ սրտովը չէ, - ասաց Միրիամը։ - Դա մի վայրի տեղ է, որտեղ տիրում են հողմերը, սառնամանիքները, սանձարձակության խենթությունները։
     - Իսկ ձե՞ր երանելի վայրն ինչպիսին է։
     - Այնտեղ հավիտենական ամառ է, ծաղիկներ են ծաղկում և հասունանում են անուշաբույր պտուղները։
     Բայց ես գլուխս օրորելով, մրմնջացի.
     - Իսկ իմ սրտովը չէ այդպիսի երկինքը։ Դա տխուր և փափուկ մի վայր է, որը հարմար կլինի միայն վախկոտների, ճարպակալած անգործների և ներքինիների համար։
     Իմ խոսքը, ըստ երևույթին, նրան դուր եկավ, քանզի աչքերն ավելի պայծառ փայլատակեցին, և ես գրեթե վստահ էի, որ Միրիամը ջանում է ավելի գրգռել ինձ։
     - Իմ երանելի վայրը ընտրյալների համար է, - ասաց նա։
     - Ընտրյալների համար երանելի վայրը Վալգալլն է, - առարկեցի ես։ - Դատիր ինքդ, ո՞ւմ են պետք ամբողջ տարին ծաղկող ծաղիկները։ Իսկ իմ երկրում, երբ վերջանում է խստաշունչ ձմեռը և ձմռան երկարատև գիշերները նահանջում են արևի առաջ, կիսահալ ձյան տակից հայտնվող առաջին ծաղիկները մարդկանց իսկական բերկրանք են պատճառում։ Եվ բոլորն էլ հիանում են այդ ծաղիկներով ու երբեք չեն հագենում։
     - Հապա կրակը, - գոչեցի ես փոքր-ինչ լռելուց հետո։ - Կրակը, այդ մեծ բարեգործը։ Մի՞թե դա երկինք է, որտեղ մարդը չի կարող հասկանալ օջախում մոլեգնող կրակի հմայքը այն ժամանակ, երբ դրսում, ամուր պատերից այն կողմ ոռնում է քամին և գալարվում է ձնաբուքը։
     - Ի՜նչ բարեհոգի ժողովուրդ եք դուք, - չէր հանձնվում Միրիամը։ - Ձնաբքերի մեջ դուք ձեզ համար խրճիթներ եք կառուցում, օջախներում կրակ եք անում, և այդ կոչում եք երկինք։ Մեր երանելի վայրում ոչ մի հարկ չկա ձյունից և քամուց պատսպարվելու։
     - Այդպես չէ, - առարկեցի ես։ - Մենք խրճիթներ ենք կառուցում և կրակ վառում, որպեսզի ցրտի ու քամու տակ դուրս գալու մի տեղ լինի և տեղ լինի նաև, ուր պատսպարվենք այդ ցրտից ու քամուց... Տղամարդն ստեղծված է ցրտի ու քամու դեմ պայքարելու համար։ Իսկ խրճիթն ու կրակը նա պայքարով է ձեռք բերում։ Ես հո գիտեմ... Ժամանակին ես երեք տարի շարունակ գլխիս վրա տանիք չեմ ունեցել և ոչ մի անգամ ձեռքերս չեմ կարողացել տաքացնել խարույկի մոտ։ Ես տասնվեց տարեկան էի, արդեն հասուն տղամարդ, երբ առաջին անգամ գործվածքից հագուստ հագա։ Ես ծնվել եմ փոթորիկի ամենակատաղի պահին, և գայլամորթին տակաշոր է ծառայել ինձ համար։ Իսկ հիմա նայիր ինձ, և կհասկանաս, թե ինչպիսի տղամարդիկ են բնակեցնում Վալգալլը։
     Եվ նա իմ աչքերին նայեց, և նրա հայացքում կանչ կար, և նա բացականչեց.
     - Քո նման ոսկեհեր հսկանե՜ր։ - Իսկ հետո մտահոգ ավելացրեց, - Թերևս նույնիսկ մի քիչ տխուր բան է, որ իմ երկնքում այդպիսի տղամարդիկ չեն լինի։
     - Աշխարհը գեղեցիկ է, - մխիթարելու համար ասացի նրան։ - Աշխարհը մեծ է ու խելամտորեն է ստեղծված։ Աշխարհում շատ երկինքների տեղ կա։ Ինձ թվում է, յուրաքանչյուրին վերապահված է այն երանությունը, որին նա ձգտում է ... Գերեզմանից այն կողմ մեզ, իհարկե, հրաշալի մի երկիր է սպասում։ Կարծում եմ, որ ես կթողնեմ մեր խնջույքի դահլիճները, կարշավեմ ծաղիկների ու արևի քո երկրի վրա ու կառևանգեմ քեզ, ինչպես առևանգել են ժամանակին մորս։
     Այստեղ ես լռեցի ու նայեցի նրա դեմքին, և նա ընդունեց իմ հայացքն ու աչքերը չխոնարհեց։ Երակներովս մի կրակ վազեց։ Օդինով եմ երդվում, որ նա իսկական կին էր։
     Չգիտեմ, թե ինչ կլիներ հետո, եթե Պիղատոսը չլիներ։ Ամբիվիոսի հետ զրույցն ավարտելուց հետո, նա քմծիծաղ տալով, նստել էր մի քանի րոպե, և հանկարծ խախտեց տիրող լռությունը։
     - Տևտոբուրգցի ռաբունի՜, - հեգնանքով գոչեց նա։ - Մի քարոզիչ էլ հայտնվեց Երուսաղեմում, իր հետ մի ուսմունք ևս բերելով։ Հիմա կսկսվեն կրոնական նոր խժդժություններ ու մարգարեներին նորից կքարկոծեն։ Ողորմա՜ծ աստված... այստեղ բոլորն էլ խենթացել են։ Լոդբրոգ, ես քեզնից այդպիսի բան չէի սպասում։ Մի՞թե այդ դու ես փրփուրը բերանիդ, դիվահար ճգնավորի նման վիճում, թե քեզնից ինչ է մնալու մահից հետո։ Մարդուն մի կյանք է միայն տրված, Լոդբրոգ։ Եվ դա գործը պարզեցնում է։ Այո, պարզեցնում է գործը։
     - Դե՞, Միրիամ, շարունակիր, - բացականչեց Պիղատոսի կինը։
     Մեր վեճի ընթացքում մատներն ամուր սեղմած, հմայվածի պես նա նստել էր, ու իմ մտքովն անցավ, որ Երուսաղեմը պարուրած կրոնական մոլուցքով նա էլ է վարակվել։ Համենայն դեպս, ինչպես հետագայում համոզվեցի, այդ հարցերի նկատմամբ նա հիվանդագին հետաքրքրասիրություն էր հանդես բերում։ Նա այնպես նիհար էր, - որ ասես տենդով տառապելիս լիներ։ Թվում էր, որ եթե նրա ձեռքերը լույսի դիմաց պահենք, բոլորովին թափանցիկ են լինելու։ Նա լավ կին էր, սակայն չափազանց նյարդային էր, նախապաշարված և ամեն տեսակի նախանշաններից ու չար աչքերից մշտական սարսափի մեջ էր։ նրա աչքին հաճախ տեսիլքներ էին երևում ու երբեմն լսում էր ոչ երկրային ձայներ։ Ես չեմ կարողանում հանդուրժել այդպիսի թուլամորթությունը, բայց նա այնուամենայնիվ բարեսիրտ ու լավ կին էր։

***

     Ես այնտեղ էի մեկնել Տիբերիոսի հանձնարարությամբ և, դժբախտաբար, գրեթե չէի տեսնվում Միրիամի հետ։ Ստիպված պետք է գնայի Հանթեպի պալատը, իսկ երբ վերադարձա, Միրիամին այլևս չգտա։ Նա մեկնել էր Բեթանեա, Փիլիպոսի՝ քրոջ ամուսնու արքունիքը։ Երուսաղեմից ուղևորվեցի Բեթանեա, թեև Փիլիպոսի հետ հանդիպելու անհրաժեշտություն չունեի. որքան էլ նա կամազուրկ էր, բայց և այնպես հավատարիմ էր Հռոմին։ Սակայն ես կամենում էի հանդիպել միայն Միրիամին։
     Դրանից հետո ես եղա Եդովմում։ Ապա մեկնեցի Սիրիա՝ Սուլպիցիոս Քվիրինիոսի պահանջով. պատվիրակը Երուսաղեմում տիրող իրադրության մասին կամենում էր տեղեկություններ ստանալ հավաստի աղբյուրից։ Այսպես շրջագայելով երկրում, շուտով անձամբ համոզվեցի, որ հրեաները պարզապես խելքները թռցրել են կրոնական հողի վրա։ Դա նրանց բնորոշ գիծն էր։ Նրանք չէին կամենում այդ հարցերի լուծումը թողնել իրենց քարոզիչներին, յուրաքանչյուրն ինքն էր ջանում քարոզիչ դառնալ և քարոզում էր ամենուրեք, որտեղ միայն կարողանում էր ունկնդիրներ ունենալ։ Ի դեպ, ունկնդիրներ էլ շատ կային։
     Մարդիկ իրենց գործը թողած, մուրացիկի պես թափառում էին երկրում, վեճի բռնվելով ռաբունիների և դպիրների հետ սինագոգներում ու տաճարների աստիճանների վրա։ Գալիլեայում, որը վատ համբավ ուներ (բնակիչներին մի քիչ ցանցառ էին համարում) , ես դարձյալ Լսեցի Հիսուս անունով մարդու մասին։ Ըստ երևույթին, նա սկզբում հյուսն էր եղել, հետո դարձել էր ձկնորս, իսկ երբ սկսել էր թափառականի կյանքը, ձկնորս ընկերները ևս լքել էին իրենց ուռկանները և հետևել նրան։ Ոմանք նրան մարգարե էին համարում, բայց շատերը՝ խենթ։ Իմ անպիտան ձիապանը, որը պնդում էր, թե Թալմուդ իր չափ ոչ ոք չգիտե, ամբողջ հոգով ատում էր Հիսուսին, նրան անվանելով մուրացկանների արքա և ուսմունքը՝ էբիոնիզմ։ Այդ ուսմունքի իմաստը, ինչպես նա բացատրեց, այն է, որ միայն աղքատներին է վերապահված երկնային արքայությունը, իսկ հարուստներն ու իշխանավորները ընկնելու են ինչ-որ կրակե մի լիճ:
     Ես նկատեցի, որ այս երկրում մարդիկ բոլորն իրար խենթ էին անվանում, ըստ երևույթին, այդպիսին էր սովորույթը։ Ի դեպ, իմ կարծիքով, նրանք բոլորն էլ առանց բացառության խենթեր էին։ Եվ ամեն ոք՝ յուրովի։ Որը քշում էր չար ոգիներին ու հիվանդությունը ապաքինում էր ձեռքի հպումով միայն, որը առանց իրեն վտանգի ենթարկելու խմում էր մահացու թույնը և խաղում թունավոր օձերի հետ, համենայն դեպս, այդ ամենը հրաշագործներն անձամբ էին հաստատում։ Որը հեռանում էր անապատներն ու սովատանջ անում իրեն։ Իսկ հետո վերադառնում էր և շուրջը ամբոխ հավաքելով, սկսում էր մի նոր ուսմունք քարոզել։ Այսպես էին ստեղծվում նոր միաբանությունները, որտեղ անմիջապես վիճաբանություններ էին սկսվում վարդապետության նրբությունների շուրջ, որն իր հերթին միաբանությունը քայքայում էր երկու և ավելի նոր միաբանությունների։
     - Օդինով եմ երդվում, - ասացի ես Պիղատոսին, - եթե այստեղ մի քիչ մեր հյուսիսային ձյունից ու սառնամանիքից լիներ, փոքր-ինչ կպաղեցներ նրանց ուղեղը, Տեղի կլիման չափազանց մեղմ է։ Իրենց համար տաք կացարաններ կառուցելու և որսորդությամբ սնունդ հայթայթելու փոխարեն, նրանք անընդհատ նոր ուսմունքներ են հորինում։
     - Եվ փոխում են աստծո բնույթը, - մռայլադեմ ավելացրեց Պիղատոսը։ - Անիծված լինեն նրանց այդ ուսմունքները։
     - Ճիշտ է, - համաձայնեցի ես։ - Եթե միայն ինձ հաջողվի դուրս պրծնել այս խենթ երկրից առանց խելքս թռցնելու, ես երկու կես կանեմ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն իմ ներկայությամբ նույնիսկ ծպտուն հանել, թե ինչ է սպասվում ինձ այն աշխարհում։
     Ուրիշ ոչ մի տեղ այդպիսի խառնակիչների չէիք հանդիպի։ Աշխարհում բացարձակապես ամեն բան նրանց հանգեցնում էին բարեպաշտության կամ աստծուն հայհոյելու հարցերին։ Հավատի բոլոր նրբությունները վիճարկող այդ 267վարպետները անընդունակ էին ընկալելու հռոմեական գաղափարները՝ պետականության մասին։ Քաղաքականությունը նրանց համար դարձել էր կրոն, իսկ կրոնը՝ քաղաքականություն։ Արդյունքում՝ յուրաքանչյուր կուսակալի համար ահագին հոգսեր էին ծնվում։ Հռոմեական արծիվները, հռոմեական արձանները, և նույնիսկ Պիղատոսի վահանները համարվում էին կրոնական զգացմունքների նկատմամբ հարուցված միտումնավոր վիրավորանք։ Հռոմեացիների կողմից գույքի հաշվառումը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել։ Սակայն առանց այդ հաշվառման հնարավոր չէր սահմանել հարկերը։ Եվ դարձյալ ամեն բան սկսվում էր սկզբից։ Պետության կողմից սահմանված հարկերը հանցագործություն էին նրանց օրենքի ու աստծո նկատմամբ։ Օ՜հ, այդ օրենքը։ Դա ոչ մի ընդհանուր բան չուներ հռոմեական օրենքների հետ։ Դա նրանց սեփական օրենքն էր, որն աստված էր նվիրել։ Մոլեռանդներ էլ կային, որոնք սպառնում էին բոլոր նրանց, ովքեր խախտում էին այդ օրենքը։ Իսկ եթե կուսակալը որոշում էր պատմել հանցանքի վայրում բռնված այդպիսի ֆանատիկոսին, ապա անմիջապես խռովություն, կամ նույնիսկ ապստամբություն էր բռնկվում ։
     Այն ամենը, ինչ անում էին այդ տարօրինակ մարդիկ, անում էին հանուն աստծո։ Նրանք, որոնց մենք, հռոմեացիներս, «տավմատուրգներ» էինք անվանում, իրենց կրոնական ուսմունքի ճշմարտացիությունն ապացուցելու համար հրաշքներ էին գործում։ Ինձ համար միշտ էլ անմտություն էր թվում բազմապատկման աղյուսակի ճշմարտացիությունն 0ապացուցելու համար գավազանը օձ, կամ նույնիսկ երկու օձ դարձնելը, սակայն, հենց այդպես էլ վարվում էին տավմատուրգները, և դա անպայմանորեն հուզմունք էր առաջացնում ժողովրդի մեջ։
     Օ՜հ, քանի՜-քանի' միաբանություններ կային այնտեղ։ Փարիսեցիներ, եբուսացիներ, սադուկեցիներ՝ մի ամբողջ լեգիոն։ Ու հազիվ էր մի նոր միաբանություն ստեղծվում, որ արդեն ստանում էր քաղաքական երանգ։ Կուսակալ Ղեպիդոսը, Պիղատոսի նախորդներից մեկը, ստիպված էր բավականին ջանքեր թափել, որպեսզի կարողանա ճնշել ճիշտ այդ կերպ Գամալում սկսված խռովությունը։
     Երբ վերջին անգամ ես Երուսաղեմ գնացի, հրեաների մեջ նկատելի էր արտակարգ մի հուզմունք։ Նրանք խումբ-խումբ հավաքված, տաքացած քննարկում էին ինչ-որ հարց և կոկորդով մեկ բղավում։ Ոմանք կանխագուշակում էին աշխարհի վերջը, մյուսները բավարարվում էին ավելի քչով և կանխագուշակում էին միայն Երուսաղեմյան տաճարի կործանումը։ Իսկ մոլեգնած խռովարարները պնդում էին, թե վրա է հասել հռոմեական տիրապետության վերջն ու շուտով կծնվի հրեական թագավորությունը։
     Կարծես Պիղատոսն էլ խիստ տագնապած էր։ Ես տեսնում էի, որ նրա դրությունը ծանր էր։ Բայց պետք է ասել, որ նա իրեն դրսևորեց նույնքան նուրբ դիվանագետ, որքան և նրանք. Պիղատոսին շատ լավ ճանաչելով, ես կարող էի գրազ գալ, որ նա կարող է փակուղու առաջ կանգնեցնել սինագոգի ամենափորձված դպիրին նույնիսկ։
     - Եթե կես լեգիոն հռոմեացի զինվորներ ունենայի՜, - դժգոհում էր նա, - կբռնեի Երուսաղեմի կոկորդից... Ու երևի ինձ Հռոմ կկանչեին իմ ջանքերը պարգևատրելու համար։ - Նա էլ ինձ նման մեծ հույսեր չէր կապում օժանդակ զորախմբերի հետ, իսկ հռոմեացի զինվորներն այստեղ մի բուռ էին։
     Այս այցելության ժամանակ ես իջևանեցի պալատում, և հուրախություն ինձ, այնտեղ հանդիպեցի Միրիամին։ Ի դեպ, այդ հանդիպումը մեծ բերկրանք չպատճառեց ինձ. մենք զրուցում էինք միայն երկրում տիրող իրադրության մասին։ Դրա համար ծանրակշիռ պատճառներ կային. քաղաքը բվվում էր անհանգստացած իշամեղվի բույնի պես։ Ի դեպ, հենց իշամեղվի բույն էր դարձել քաղաքը։ Մոտենում էր զատիկը՝ նրանց կրոնական տոնը, և սովորույթի համաձայն, երկրի տարբեր ծայրերից մարդկային ամբոխը հոսում էր դեպի Երուսաղեմ։ Բոլոր եկվորներն էլ, իհարկե, ֆանատիկոսներ էին, հակառակ դեպքում այդպիսի ուխտագնացության դուրս չէին դա։ Քաղաքում ասեղ նետելու տեղ չկար, բայց շատերն էլ ստիպված տեղավորվել էին պարիսպներից դուրս, Ես չկարողացա որոշել, այդ հուզմունքի պատճառը թափառական ձկնորսի քարոզնե՞րն էին արդյոք, թե՞ հրեաների ատելությունը Հռոմի նկատմամբ։
     - Հիսուսն այստեղ ոչ մի գործ չունի, կամ գրեթե գործ չունի, - ասաց Պիղատոսը, պատասխանելով հարցիս։ - Այս անկարգությունների պատճառը Կայիափան ու Աննան են։ Նրանք գիտեն իրենց գործը, Բայց թե ինչ նպատակներով են պղտորում ժողովրդին, դժվար է կռահել։ Թերևս միայն ինձ անախորժություններ պատճառելու համար։
     - Այո, ինչ խոսք, որ գործը առանց Կայիափայի ու Աննայի գլուխ չէր գա, - ասաց Միրիամը։ - Բայց դու, Պոնտացի Պիղատոս, հռոմեացի ես ու շատ բաներ չես հասկանում։ Եթե հրեա լինեիր, ապա քեզ համար պարզ կլիներ, որ այս ամենը խոր արմատներ ունի, սրանք ոչ միայն առանձին միաբանությունների կրոնական մոլեռանդության հետևանքներ են կամ քեզ ու Հռոմին արհամարհելու փորձեր։ Քահանայապետերն ու փարիսեցիները, բոլոր քիչ թե շատ հարուստ և ազդեցություն ունեցող հրեաները, Փիլիպոսը, Հանթեպը, և ինքս նույնպես, պայքարում ենք սեփական կյանքներիս համար։ Հավանական է, որ այդ ձկնորսն իսկապես խենթ է, բայց շատ խորամանկ է այդ խենթը։ Նա քարոզում է աղքատություն։ Հանդես է գալիս մեր օրինաց դեմ, իսկ մեր օրենքները՝ մեր կյանքն են, ինչպես արդեն դուք պետք է հասկացած լինեք։ Մենք նախանձախնդիր կերպով պահպանում ենք մեր օրենքը, որ մեզ համար նույնն է, ինչ օդը՝ մարմնի համար, դուք ևս կջանայիք ձեր կոկորդից ետ մղել այն ձեռքերը, որոնք կամենում են խեղդել ձեզ։ Կամ Կայիափան ու Աննան և այն ամենը, ինչ նրանք պաշտպանում են, և կամ այդ ձկնորսը։ Նրանք պետք է ոչնչացնեն այդ ձկնորսին, այլապես ձկնորսը կոչնչացնի նրանց։
     - Ի՜նչ զարմանալի է։ Հասարակ, աղքատ, ինչ-որ ձկնորս ... - խոսակցության մեջ մտավ Պիղատոսի կինը։ - Որտեղի՞ց նրան այդքան ուժ, այդպիսի ազդեցություն։ Ես շատ կուզենայի նրան տեսնել։ Սեփական աչքերով տեսնել այդքան արտակարգ մարդուն։
     Այս խոսքերի վրա Պիղատոսը մռայլվեց, ու ես հասկացա, որ նրա բոլոր հոգսերին ավելացավ ևս մեկը՝ կնոջ հիվանդագին հոգեկան վիճակը։
     - Եթե դու կամենում ես տեսնել նրան, ապա ստիպված ես լինելու գնալ քաղաքի ամենաաղքատ որջերը, - արհամարհանքով ծիծաղեց Միրիամը։ - Դու նրան կտեսնես կամ գինի կոնծելիս կամ անառակ կանանց միջավայրում։ Երուսաղեմի պարիսպները դեռ երբեք այդպիսի մարգարե չեն տեսել։
     - Իսկ ի՞նչ վատ բան կա այդտեղ, - հարցրեցի ես, ակամայից ասես անցնելով ձկնորսի կողմը։ - Օրինակ, որ գավառում ասես, ես գինի չեմ խմել և զվարճալի գիշերներ չեմ անցկացրել։ Տղամարդը միշտ էլ տղամարդ է, և վարվում է այնպես, ինչպես վայել է տղամարդուն, եթե, իհարկե, նա խենթ չէ, որի դեմ ես վճռականորեն առարկում եմ։
     Միրիամը գլուխն օրորեց։
     - Նա խենթ չէ։ Բայց ավելի վատ. նա վտանգավոր է։ Էբիոնիզմն ընդհանրապես վտանգավոր բան է։ Այդ Հիսուսը ջանում է կործանել բոլոր դարավոր հիմքերը։ Նա խռովարար է։ Նա կամենում է կործանել երուսաղեմյան տաճարները և այն ամենը, ինչ մնացել է հրեական պետությունից։
     Բայց այստեղ Պիղատոսը գլուխը օրորեց։
     - Նա քաղաքականությամբ չի զբաղվում։ Ես նրա մասին տեղեկություններ եմ հավաքել։ Նա երազող է։ Ապստամբության կոչ նա չի անում։ Նույնիսկ պնդում է, որ անհրաժեշտ է վճարել Հռոմին տրվող հարկերը։
     - Դու դարձյալ չես հասկանում, - չնահանջեց Միրիամը։ - Բանն այն չէ, թե ինչպիսի մտադրություններ ունի նա, բանն այն է, թե ինչ կլինի, եթե իրականանան նրա մտադրությունները։ Սա է, որ նրան խռովարար է դարձնում։ Կարծում եմ , որ ինքն էլ չի հասկանում, թե այս ամենը ինչպես կարող է վերջանալ։ Բայց և այնպես նա ժանտախտի պես վտանգավոր է, այդ իսկ պատճառով նրան պետք է ոչնչացնել։
     - Դատելով իմ լսածից, նա պարզամիտ, բարեսիրտ մի մարդ է, որը ոչ ոքի չարիք չի կամենում, - նկատեցի ես։
     Ու ես պատմեցի տասը բորոտների ապաքինման մասին, որին ականատես էի եղել Երիքովի ճանապարհին, Սամարայում։
     Պիղատոսի կինը իմ պատմությունը լսում էր հմայվածի պես։ Հանկարծ մեր ականջով ընկան հեռավոր ճիչեր ու աղմուկ, և մենք կռահեցինք, որ զինվորները ցրում են փողոցում հավաքված բազմությունը։
     - Լոդբրոգ, դու էլ հավատացիր, թե նա հրա՞շք է գործել, - հարցրեց Պիղատոսը։ - Հավատացիր, թե բորոտների թարախակալած խոցերը մի ակնթարթում փակվեցի՞ն։
     - Ես ականատես եղա, որ բորոտներն ապաքինվեցին, - պատասխանեցի ես։ - Հետևներից գնացի, որպեսզի անձամբ համոզվեմ։ Բորից հետք անգամ չէր մնացել։
     - Բայց դու նրանց խոցերը տեսե՞լ էիր։ Տեսե՞լ էիր մինչև ապաքինվելը, - չէր հանձնվում Պիղատոսը։
     Գլուխս բացասաբար շարժեցի։
     - Ոչ, այդ մասին լսել էի ուրիշներից, - խոստովանեցի ես։ - Սակայն, երբ աչքովս տեսա նրանց ապաքինվելուց հետո, անմիջապես նկատելի էր, որ առաջ բորոտ են եղել։ Նրանք հարբածի պես էին։ Մեկը նստել էր կիզող արևի տակ ու շոշափում էր իր մարմինը, և զարմացած նայում առողջ մաշկին, ասես սեփական աչքերին չէր հավատում։ Երբ սկսեցի հարցուփորձ անել, նա ի վիճակի չէր ոչ մի բառ արտասանել, ու ոչ մի վայրկյան հայացքը չէր հեռացնում իր մարմնից։ Նա խենթացել էր։ Կիզող արևի տակ նստած, նայում էր իր մաշկին։
     Պիղատոսը արհամարհանքով ժպտաց, ու ես նկատեցի, որ նույնքան արհամարհական, թեթև մի ժպիտ սահեց նաև Միրիամի շուրթերով։ Իսկ Պիղատոսի կինը շունչը պահած, ասես քարացած, նստել էր, և լայն բացած աչքերի հայացքն ուղղված էր դեպի անորոշություն։
     Այստեղ խոսեց Ամբիվիոսը։
     - Կայիափան պնդում է, երեկ էի խոսում նրա հետ, որ ձկնորսը խոստանում է աստծուն երկնքից վար բերել ու երկրի վրա մի նոր թագավորություն ստեղծել, որը կկառավարի ինքը՝ աստված...
     - Իսկ դա նշանակում է հռոմեական տիրապետության վախճան, - ընդհատեցի ես նրան։
     - Այդ ամենը հորինել են Կայիափան ու Աննան, որպեսզի մեզ կռվացնեն Հռոմի հետ, - բացատրեց Միրամը։ - Այդ ամենը սուտ է։ Նրանց հորինած բաներն են։
     Պիղատոսը գլխով հաստատական նշան արեց ու հարցրեց.
     - Բայց չէ՞ որ ձեր հինավուրց գրքերում այդ մասին ինչ-որ մարգարեություններ կան։ Հենց այդ մարգարեություններն էլ քահանայապետերը ներկայացնում են որպես նրա նպատակները։
     Միրիամը համաձայնեց և տեղնուտեղը մեջ բերեց ամբողջ մարգարեությունը։ Ես այս ամենը պատմում եմ, որպեսզի տեսնեք, թե Պիղատոսը որքան խորն էր ուսումնասիրել այդ ժողովրդին, որին նա այդքան ջանասիրությամբ կամենում էր խելքի բերել։
     - Իսկ ես ուրիշ բան եմ լսել, - շարունակեց Միրիամը։ - Այդ Հիսուսը քարոզում է աշխարհի վերջն ու աստծո արքայություն, բայց ոչ թե երկրի վրա, այլ՝ երկնքում։
     - Այդ մասին ինձ հայտնել են, - ասաց Պիղատոսը։ - Դա ճշմարիտ է: Հիսուսը հռոմեական հարկերն արդարացի է համարում։ Նա պնդում է, որ Հռոմը կիշխի այնքան ժամանակ, մինչև որ հասնի աշխարհի վերջը, և դրա հետ մեկտեղ՝ երկրային բոլոր իշխանությունների վերջը։ Այժմ ինձ հասկա­նալի է, թե ինչ խաղ է սկսել Աննան։
     - Նրա աշակերտներից ոմանք նույնիսկ պնդում են, որ նա հենց աստվածն է, որ կա, - հայտնեց Ամբիվիոսը։
     - Ես չեմ լսել, թե ինքն այդպիսի բան ասած լինի, - ասաց Պիղատոսը։
     - Իսկ ինչո՞ւ ոչ, - հազիվ լսելի ձայնով խոսեց նրա կինը։ - Իսկ ինչո՞ւ ոչ։ Առաջներում էլ աստվածները երկիր են իջել։
     - Գիտես, - ասաց Պիղատոսը, - վստահելի մարդկանցից լսել եմ, որ երբ այդ Հիսուսը հրաշք գործեց և ժողովրդին կերակրեց ընդամենը մի քանի հացով ու ձկներով, տխմար գալիլեացիները կամենում էին նրան թագավոր դարձնել: Եվ նրա կամքից անկախ կդարձնեին, բայց նա, որպեսզի պրծնի գալիլեացիներից, փախավ դեպի սարերը։
     - Սակայն նույնպիսի մտադրություններ ունի նաև Աննան և պատրաստվում է ձեզ մատների վրա խաղացնել, - ասաց Միրիամը։ - Նրանք գոչում են, թե Հիսուսը կամենում է դառնալ Հրեից Թագավոր, իսկ դա հռոմեական օրենքների խախտում է ու, հետևապես, Հռոմն ինքը պետք է հաշիվ տեսնի Հիսուսի հետ։
     Պիղատոսն ուսերը վեր քաշեց։
     - Ոչ մի Թագավոր Հրեից, այլ ավելի շուտ՝ աղքատների կամ երազողների թագավոր։ Հիսուսը հիմար մարդ չէ։ Նա երազող է, բայց երազում է ոչ երկրային իշխանության մասին։ Նրան կամենում եմ ամենայն հաջողություն մյուս աշխարհում, քանզի Հռոմի իրավունքների ոլորտը այնտեղ սահմանափակվում է։
     - Նա պնդում է, որ ամեն տեսակի սեփականությունն էլ՝ մեղք է։ Ահավասիկ, թե ինչու են փարիսեցիներն էլ մոլեգնել, - դարձյալ խոսեց Ամբիվիոսը։
     Պիղատոսը սրտանց ծիծաղեց։
     Սակայն աղքատների այդ թագավորն ու նրա աղքատ հպատակները, համենայն դեպս, չեն հրաժարվում սեփականությունից, - ասաց նա։ - Դատեցեք ինքներդ, դեռ վերջերս նրանք ունեցել են իրենց հարստությունները պահպանող գանձապահ։ Անունն էլ Հուդա էր, և լուրեր կան, որ նա ոտնձգություն է արել իրեն վստահված ընդհանուր դրամա­պանակի նկատմամբ։
     - Բայց Հիսուսը չի՞ գողացել, - հարցրեց Պիղատոսի կինը։
     - Ոչ, - պատասխանեց Պիղատոսը։ - Գողացել է Հուդան, գանձապահը։
     - Իսկ ո՞վ է եղել Հովհաննեսը, - հարցրեցի ես։ - Նա Թապարիեում խժդժություններ է առաջացրել, և Հանթեպը նրան մահապատժի է ենթարկել։
     - Մի մարգարե էլ նա է եղել, - պատասխանեց Միրիամը։ - Ծնվել է Հեփրոնի մոտակայքում։ Եղել է դիվահար ու երկար ժամանակ ճգնավորի կյանք է վարել։ Չգիտեմ, նա՞, թե՞ նրա հետևորդները պնդում էին, որ նա մեռելներից հարություն առած Եղիան է։ Իսկ Եղիան մեր հինավուրց մարգարեներից մեկն է։
     - Նա ժողովրդին ապստամբությա՞ն է գրգռել, - հարցրեցի ես։
     Պիղատոսը քմծիծաղ տվեց ու գլուխն օրորեց։ Հետո ասաց.
     - Հերովդիադայի առիթով նա վիճել է Հանթեպի հետ։ Հովհաննեսը բարոյական մարդ էր ու այդ պատճառով էլ գլուխը տվեց։ Բայց դա բավականին երկար պատմություն է։ Քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունեցող պատմություն։
     - Իսկ ոմանք ասում են, թե Հիսուսը Դավիթի որդին է, - ասաց Միրիամը։ - Սակայն դա հիմարություն է։ Նազարեթում այս շշուկներին ոչ ոք չի հավատում։ Ախր այնտեղ է ապրում Հիսուսի ողջ ընտանիքը, ընդորում նաև ամուսնացած երկու քույրերը, որոնց բոլորն էլ ճանաչում են։ Հասարակ մարդկանց ամենասովորական մի ընտանիք է դա։
     - Շատ կուզենայի, որ նույնքան հասարակ բան լիներ Տիբերիոսին այս բոլոր խառնակությունների մասին հաշվետվություն գրելիս, - քրթմնջաց Պիղատոսը։ - Իսկ այժմ այդ ձկնորսն արդեն Երուսաղեմի մոտերքում է, քաղաքում վխտում են ուխտավորները, որոնք ընդունակ են ամեն րոպե անկարգություններ անելու, իսկ Աննան անդադար յուղ է լցնում կրակի վրա։
     - Եվ չի հանգստանա, մինչև որ ասածը չանի, - ասաց Միրիամը։ - Նա կամենում է քո ձեռքերով կրակից հանել բաղարջը, և հենց այդպես էլ կլինի։
     - Իսկ նրա ուզածն ի՞նչ է վերջապես, - հարցրեց Պիղատոսը։
     - Ձկնորսի մահապատիժը։
     Պիղատոսը բացասաբար շարժեց գլուխը, իսկ կինը գոչեց.
     - Ո'չ, Ո'չ , Դա ամոթալի անարդարություն կլինի։ Նա ոչ ոքի չարիք չի պատճառել: Նա Հռոմի նկատմամբ ոչ մի մեղք չի գործել:
     Նա աղերսանքով նայեց Պիղատոսին, և սա դարձյալ օրորեց գլուխը:
     - Թող նրանք իրենք գլխատեն, ինչպես վարվեց Հանթեպը, - քրթմնջաց նա։ - Այդ ձկնորսն իրենից ոչինչ չի ներկայացնում, բայց ես նրանց ձեռքին գործիք լինել չեմ կամենում։ Եթե ուզում են ոչնչացնել նրան, թող հենց իրենք էլ ոչնչացնեն։ Իրենց գործն է։
     - Բայց դու թույլ չես տա... - գոչեց Պիղատոսի կինը։
     - Եթե ես փորձեմ միջամտել, շատ դժվար կլինի հետո Տիբերիոսին բացատրել, որ ճիշտ եմ վարվել, - պատասխանեց Պիղատոսը։
     - Ինչպես էլ որ գործը շրջվի, - ասաց Միրիամը, - միևնույն է, ստիպված բացատրագիր ես ուղարկելու Հռոմ և, ընդորում, շատ արագ։ Չէ՞ որ Հիսուսն իր ձկնորսների հետ արդեն Երուսաղեմի պարիսպների տակ է։
     Պիղատոսը չկարողացավ թաքցնել այն սրտնեղությունը, որ ծնվեց Միրիամի խոսքերից։
     - Ինձ չի հետաքրքրում, թե հիմա նա որտեղ է և ուր կգնա հետո, - հայտարարեց նա։ - Հուսով եմ, որ նրան երբեք չեմ տեսնի։
     - Աննան կգտնի նրան ու կբերի քո դարպասի մոտ, կարող ես չկասկածել, - նկատեց Միրիամը։
     Պիղատոսը ուսերը վեր քաշեց, ու մեր զրույցը դրանով էլ ավարտվեց։ Պիղատոսի կինը գտնվելով նյարդային պրկված վիճակում, Միրիամին տարավ իր սենյակը, իսկ ինձ մնում էր միայն անկողին մտնել և քնել այդ խենթ քաղաքի փողոցներից լսվող բազմության բվվոցի ու աղմուկի տակ։

***

     Դեպքերը զարգացան արտակարգ արագությամբ։ Գիշերվա ընթացքում քաղաքը կրակն ընկավ իր իսկ կատաղության ձեռքին։ Կեսօրին, երբ ես իմ վեց զինվորներով դուրս եկա պալատից, բոլոր փողոցները լեցուն էին մարդկանցով, ու բազմությունը իմ առջև ճանապարհ էր բացում շատ ավելի դժկամությամբ, քան առաջ։ Եթե հայացքներն սպանելու կարողություն ունենային, ես այդ օրը մինչև երեկո ողջ չէի մնա։ Շատերը թքում էին, նայելով ուղիղ աչքերիս, և չորս կողմից լսվում էին սպառնալիքներ ու լուտանք։
     Այժմ արդեն ինձ նայում էին ոչ թե զարմանքով, որպես մի հրաշքի, այլ ատելությամբ, քանզի ես հանդերձավորված էի հռոմեացու զրահազգեստով։ Եթե այդպիսի բան մեկ ուրիշ քաղաքում հանդգնեին, ես իմ զինվորներին կհրամայեի չարակամ այդ ֆանատիկոսների բազմությունը ցրել սրերի տափակ կողմով հարվածելով։ Բայց ես Երուսաղեմում էի. մի քաղաքում, որը խենթության տենդով էր բռնված, և ինձ էլ շրջապատել էին այնպիսի մարդիկ, որոնք անընդունակ էին պետականության գաղափարը աստծո գաղափարներից զատել։
     Սադուկեցի Աննան շատ լավ էր բռնել իր գործը։ Ինչ էլ որ մտածելիս լինեին նա և սանհեդրինը տեղի ունեցող դեպքերի իրական շարժառիթների մասին, ռամիկներին կարողացել էին ներշնչել, որ այդ ամենի մեղավորը Հռոմն է։
     Բազմության մեջ ես տեսա Միրիամին։ նա քայլում էր մի նաժիշտի ուղեկցությամբ։ Այդ օրերին շատ վտանգավոր բան կլիներ, եթե դրսում հայտնվեր այնպիսի հագուստով, որպիսին պատշաճ է իր դիրքին։ Նա Հերովդես Հանթեպի քենին էր, իսկ Հերովդեսին չէին սիրում։ Ուստի Միրիամը հագնված էր շատ համեստ ու փակել էր դեմքը, որպեսզի ոչնչով չտարբերվի ստորին խավի կանանցից։ Սակայն ինձ խաբել նա չէր կարող. բավականին հաճախ էի երազումս տեսնում նրա բարեկազմ մարմինը ու քայլվածքը, որը յուրահատուկ էր միայն նրան։
     Հազիվ էինք արագ-արագ մի քանի խոսք փոխանակել, երբ սկսվեց մի զարհուրելի հրմշտոց, ու ես և իմ ուղեկից բոլոր հեծյալները հայտնվեցինք ամբոխի ամենախիտ մասում։ Միրիամը թաքնվեց պարսպի ելուստի հետևում։
     - Ձկնորսի՞ն են բռնել, - հարցրեցի ես։
     - Ոչ, բայց նա արդեն քաղաքի պարիսպների տակ է։ Նա Երուսաղեմ է եկել էշին հեծած, և նրան առջևից ու հետևից ուղեկցել է ամբոխը, ինչ-որ դժբախտ խենթերի մի բազմություն, ողջունելով նրան և անվանելով Հրեաստանի թագավոր։ Հիմա արդեն Աննան առիթ ունի Պիղատոսին ստիպել կատարելու իր ցանկությունը։ Ըստ էության այդ ձկնորսն արդեն դատապարտված է, թեև դատավճիռը դեռևս չի հայտարարված։ Նրա երգը երգված է։
     - Բայց Պիղատոսը նրան ձեռք չի տա, - առարկեցի ես։
     Միրիամը գլուխն օրորեց։
     - Այդ մասին կհոգա Աննան։ Նրանք ձկնորսին քարշ կտան սանհեդրին և մահապատժի կդատապարտեն։ Թերևս քարակոծ անեն։
     - Բայց սանհեդրինը իրավունք չունի որևէ մեկին դատապարտելու, - շարունակեցի առարկել ես։
     - Հիսուսը հռոմեացի չէ, - պատասխանեց Միրիամը։ - Նա հրեա է։ Թալմուդի օրինաց համաձայն նա հանցավոր է և պետք է մահապատժի ենթարկվի, քանզի սրբապղծորեն խախտել է օրենքը։
     Բայց ես համառորեն պնդում էի իմ կարծիքը։
     - Սանհեդրինը իրավունք չունի։
     - Պիղատոսը չի առարկի, եթե սանհեդրինը այդպիսի իրավունք իրեն վերապահի։
     - Բայց դա անօրինականություն է, - ընդհատեցի ես։ - Իսկ Հռոմը այդպիսի գործերում նրբանկատ է։
     - Այդ դեպքում Աննան մի այլ ելք կգտնի, - ժպտաց Միրիամը։ - Եվ Պիղատոսին կստիպի խաչել Հիսուսին։ Այսպես թե այնպես, դա կարելի է միայն ողջունել։
     Ամբոխը նետվեց առաջ, իր հոսանքի մեջ առնելով մեր նժույգները, և մեր ծնկները մերթ ընդ մերթ իրար էին դիպչում։ Մոլեռանդներից մեկը ընկավ, ու ես զգացի, թե ինչպես ձին սմբակի տակ առնելով նրան, փորձում է մի կողմի վրա նետվել ու ծառս լինել։ Ես լսեցի, թե ինչպես ճչաց ընկածը, և ամբոխի բվվոցը վերածվեց ահաբեկող ոռնոցի։ Բայց ես դարձա ու ձայն տվեցի Միրիամին.
     - Դու անողոք ես նրա նկատմամբ, իսկ նա, քո խոսքերով, ոչ ոքի չարիք չի պատճառել։
     - Ես անողոք եմ ոչ թե նրա, այլ այն չարիքի նկատմամբ, որ նա կարող է սերմանել, եթե ողջ մնա, - պատասխանեց Միրիամը:
     Ես հազիվ լսեցի նրա խոսքերը, որովհետև իմ առջև հանկարծ մի մարդ հայտնվեց, բռնեց ձիու սանձն ու քաշեց ոտքս, թամբից վար բերելու մտադրությամբ։ Թեքվելով դեպի առաջ, ես ապտակեցի նրան: Ափս ծածկեց նրա դեմքի կեսը, ու ես այդ հարվածի մեջ դրեցի իմ ողջ քաշը։ Երուսաղեմի բնակիչները չգիտեն, թե ինչ բան է իսկական ապտակը, Ես շատ եմ ափսոսում, որ այնպես էլ չիմացա, թե կոտրեցի՞ արդյոք նրա վիզը։

***

     Հաջորդ Օրը դարձյալ տեսա Միրիամին։ Ես նրան հանդիպեցի Պիղատոսի պալատի ներքին բակում։ Նրա տեսքն այնպիսին էր, ասես երազում էր արթմնի։ Աչքերը նայում էին ինձ և ոչինչ չէին տեսնում։ Նա ականջ էր դնում ինձ և ոչինչ չէր լսում։ Նա ասես ինչ-որ բանից արբած էր. անվստահ զարմանքով լի նրա մտասույզ հայացքը հանկարծ ինձ հիշեցրեց այն բորոտներին, որոնց տեսել էի Սամարայում՝ ապաքինումից հետո։
     Իր վրա ուժ գործադրելով, նա կարծես սթափվեց, այնուամենայնիվ մնալով բոլորովին ուրիշ մի մարդ։ Ես չէի կարող գուշակել նրա աչքերի արտահայտությունը։ Դեռ երբեք կանանց մոտ այդպիսի աչքեր չէի տեսել։
     Նա կանցներ կգնար նույնիսկ չնկատելով ինձ, եթե չկտրեի ճամփան։ Նա կանգ առավ և արտասանեց ողջույնի սովորական խոսքերը, բայց հայացքը սահեց-անցավ իմ կողքով, որոնելով իրեն զարմացնող շլացուցիչ տեսիլքը։
     - Ես նրան տեսա, Լոդբրոգ, - շշնջաց նա։ - Ես նրան տեսա։
     - Ով էլ եղած լինի նա, թող աստվածները լինեն օգնական, եթե ձեր հանդիպումը նրա գլուխն էլ պտտել է նույնքան, որքան քոնը, - ծիծաղեցի ես։
     Բայց նա ասես չլսեց իմ անպատեհ կատակը, հայացքի առաջ աննահանջ կանգնած էր տեսիլքը, և նա կհեռանար, եթե ես դարձյալ չկտրեի ճամփան։
     - Իսկ ո՞վ է ախր այդ «նա»-ն, - հարցրեցի ես։ - Գուցե գերեզմանից հարություն առած մեռելներիդ մե՞կն է քո աչքերում այդքան տարօրինակ կրակ վառել։
     - Դա նա է, ով ուրիշներին է հանում գերեզմաններից, - պատասխանեց Միրիամը։ - Ես հիրավի հավատում եմ, որ Հիսուսը հարություն է տալիս մեռելներին։ Նա Լուսո Իշխանն է, աստծո որդին։ Ես տեսա նրան։ Հիրավի հավատում եմ, որ նա աստծո որդին է։
     Նրա խոսքերից ես հասկացա միայն, որ հանդիպել է այդ թափառական ձկնորսին և վարակվել խենթությամբ։ Ախր իմ դիմաց բոլորովին ուրիշ մի Միրիամ էր, որը բնավ էլ նման չէր այն Միրիամին, որը Հիսուսին ժանտախտ անվանելով, պահանջում էր, որպեսզի ոչնչացնեն նրան։
     - Նա քեզ կախարդել է, - կատաղած գոչեցի ես։
     Միրիամի աչքերը խոնավացան, հայացքն ավելի խոր դարձավ, ու նա գլխով արեց։
     - Օ ՜ Լոդբրոգ, նա այնպիսի հմայքով է օժտված, որը բարձր է բոլոր կախարդանքներից և որոնց հնարավոր չէ ոչ հասնել, ոչ էլ արտահայտել բառերով։ Բայց բավական է նայել նրան, որպեսզի մարդը համոզվի, նա ինքը՝ բարությունն է, ինքը՝ կարեկցանքը։ Ես տեսել եմ նրան։ Ես լսել եմ նրան։ Ես կայքս կբաժանեմ աղքատներին ու խեղճերին, և կհետևեմ նրան։
     Նա այնպիսի խոր համոզումով էր խոսում, որ հավատացի, ինչպես առաջ հավատացել էր այն զարմանքին, որպիսին արտահայտել էին բորոտները իրենց առողջ մաշկը զննելիս։ Ես դառնացա այն մտքից, որ այս աստվածային կնոջը հունից այդքան հեշտությամբ կարող է հանել ինչ-որ թափառական հրաշագործ։
     - Ուրեմն, հետևիր նրան, - ծաղրանքով ասացի ես։ - Անկասկած, դու մի պսակ կստանաս, երբ նա մուտք գործի իր արքայությունը։
     Միրիամը հաստատական շարժում արեց գլխով, ու ես հազիվ զսպեցի ինձ, որպեսզի չապտակեմ նրան. այնքան ծանր էր ինձ համար նրա խենթությունը։ Ես մի կողմ քաշվեցի, ճանապարհ տալով Միրիամին, և դանդաղաքայլ անցնելով իմ կողքով, նա շշնջաց.
     - Նրա արքայությունը այստեղ չէ։ Նա Դավիթի որդին է։ Նա աստծո որդին է։ Նա այն է, ինչ ինքն է ասում, և այն է, ինչ ասում են նրա մասին, երբ բառերով են կամենում արտահայտել նրա անասելի բարությունն ու նրա իսկական մեծությունը:

***

     - Արևելքի իմաստո՜ւն, - ծիծաղելով ասաց Պիղատոսն ինձ: - Այդ տգետ ձկնորսն իմաստո՜ւն է, մտածո՜ղ։ Ես նրան մոտիկից նոր միայն ճանաչեցի։ Ես թարմ տեղեկություններ եմ ստացել։ Հրաշքներ գործելու ոչ մի անհրաժեշտություն նա չունի։ Վեճերում նա առավել փորձված է, քան ամենափորձված հակառակորդները։ Նրանք ծուղակներ էին պատրաստում Հիսուսի համար, իսկ նա ծիծաղում էր այդ ծուղակների վրա։ Լսիր, պատմեմ։
     Եվ ինձ պատմեց, թե ինչպես է Հիսուսը շփոթության մեջ գցել բոլոր նրանց, ովքեր կամենում էին իրեն շփոթեցնել, շնանալու մեղադրանքով մի կնոջ բերելով նրա դատին։
     - Եվ գիտե՞ս, թե նա ինչպես է պատասխանել հարկերի մասին տրված հարցին, - բացականչեց Պիղատոսը։ - «Կայսրինը կայսրին տվեք և աստծունը՝ աստծուն»։ Աննան մտադրվել է ծուղակի մեջ առնել նրան, բայց նա ամոթով է թողել Աննային։ Վերջապես հայտնվել է գեթ մի եբրայեցի, որը հասկանում է պետականության հռոմեական մեր գաղափարը։

***

     Հետո ես հանդիպեցի Պիղատոսի կնոջը։ Նայելով նրա աչքերին, ես մի ակնթարթում հասկացա (չէ՞ որ ես արդեն տեսել էի Միրիամի աչքերը), որ այդ տանջահար, նյարդային կինը ևս տեսել է ձկնորսին։
     - Նա աստվածությամբ է տոգորված, - շշնջաց նա։ - Նա գիտե և հավատում է, որ աստվածն իր մեջ է։
     - Թերևս, աստվածը հենց ի՞նքն է, - մեղմ հարցրեցի ես, որովհետև անհրաժեշտ էր մի բան ասել։
     Նա գլուխն օրորեց։
     - Չգիտեմ: Այդպիսի բան չի ասել։ Բայց ես մի բան գիտեմ, հենց այդպիսի մարդիկ են աստվածները։

***

     «Կանանց խելահան անող է», - մտածեցի ես, Պիղատոսի կնոջը թողնելով, որ շարունակի իր արթմնի անուրջները։
     Դուք, այս տողերն ընթերցողներդ, արդեն գիտեք, թե ինչեր տեղի ունեցան հետագա օրերի ընթացքում, իսկ ես ստիպված էի հենց այդ օրերին համոզվել, որ Հիսուսի հմայքները խելահան են անում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց։ Նա խելահան արեց Պիղատոսին։ Նա կախարդեց ինձ։
     Այն բանից հետո, երբ Աննան Հիսուսին ուղարկեց Կայիափայի մոտ և Կայիափայի տանը հավաքված սանհեդրինը Հիսուսին մահվան դատապարտեց, մոլեգնած ամբոխը Հիսուսին քարշ տվեց Պիղատոսի մոտ, որպեսզի նա մահա­պատժի ենթարկի դատապարտյալին։
     Պիղատոսը հանուն իր անձի, և հանուն Հռոմի չէր կամենում մահապատժի ենթարկել Հիսուսին։ Այդ ձկնորսը նրան քիչ էր հետաքրքրում, բայց Պիղատոսը խիստ մտահոգված էր, որպեսզի երկրում խաղաղություն և կարգուկանոն պահպանվի։ Ի՞նչ կարող էր արժենալ Պիղատոսի համար մեկ մարդու կյանքը։ Եվ նույնիսկ բազմաթիվ մարդկանց կյանքը։ Հռոմը երկաթյա պետություն էր, և այն կուսակալները, որոնց Հռոմն ուղարկում էր նվաճված երկրներ, երկաթի պես ամուր մարդիկ էին։ Պիղատոսը ղեկավարվում էր պարտքի ու պետականության մասին ունեցած վերացական 282հասկացողություններով։ Բայց և այնպես, երբ Պիղատոսը հոնքերը կիտած դուրս եկավ մոլեգնած ամբոխի առաջ, որը քարշ էր տվել այդ ձկնորսին, անմիջապես ընկավ այդ մարդու հմայքների ազդեցության տակ։
     Ես այնտեղ էի։ Եվ ես լավ գիտեմ։ Մինչև այդ րոպեն Պիղատոսը նրան երբևէ չէր տեսել։ Պիղատոսը բարկացած էր։ Մեր զինվորները միայն նշանի էին սպասում, որպեսզի պալատը մաքրեն աղմկարար այդ խաժամուժից։ Բայց հենց որ Պիղատոսը նայեց ձկնորսին, անմիջապես մեղմացավ և նույնիսկ ավելին՝ կարեկցանքով լցվեց նրա նկատմամբ։ Պիղատոսը հայտարարեց, որ ձկնորսին դատապարտելու իրավունք չունի, որ նրանք իրենք պետք է դատեն իրենց իսկ օրենքներով և պետք է վարվեն այնպես, ինչպես թելադրում է օրենքը, քանզի ձկնորսը հրեա է, և ոչ թե հռոմեացի։ Հրեաները երբևէ այդքան հնազանդ չէին եղել Հռոմի օրենքներին։ Նրանք սկսեցին բղավել, թե հռոմեական օրենքները իրենց արգելում են մահապատժի ենթարկել հանցագործներին, թերևս, բայց Հանթեպը գլխատեց Հովհաննեսին ու շատ հեշտ պրծավ։
     Ուստի Պիղատոսը նրանց բոլորին թողնելով բակում, բաց երկնքի տակ, միայն Հիսուսին տարավ դատարանի դահլիճ։ Թե ինչ տեղի ունեցավ այդ դահլիճում, ես չգիտեմ, բայց երբ Պիղատոսը վերադարձավ, նա արդեն բոլորովին ուրիշ մարդ էր դարձել։ Եթե առաջ նա չէր խրախուսում այդ մահապատիժը, քանի որ չէր կամենում գործիք դառնալ Աննայի ձեռքին, այժմ արդեն նա այդ բանը չէր ուզում հանուն ձկնորսի։ Այժմ նա ջանում էր փրկել Հիսուսին։ Իսկ ամբոխը անդադար բղավում էր.
     - Խաչի՜ր, խաչի՜ր դրան։
     Ընթերցող, դու գիտես, թե որքան անկեղծ էին Պիղատոսի ջանքերը։ Դու գիտես, թե նա ինչպես էր փորձում հանդարտեցնել ամբոխին, Հիսուսին ծաղրելով ու ներկայացնելով որպես անվնաս մի խենթ, թե ինչպես առաջարկեց ազատել նրան զատկի առիթով, քանի որ սովորույթը պահանջում էր այդ օրը զնդանից ազատ արձակել մի բանտարկյալի։ Դու գիտես նաև, թե ինչպես, քահանայապետերին ականջ դնելով, ամբոխը պահանջեց ներում շնորհել մարդասպան Բարաբբային։
     Պիղատոսը քահանայապետերի կամքին հակառակվելու ապարդյուն փորձեր կատարեց։ Փորձեց այդ ամենը կատակի վերածել, բայց դարձյալ իզուր։ Ծաղրելով, նա Հիսուսին հրեաների թագավոր անվանեց, և հրամայեց ձաղկել նրան։ Պիղատոսը դեռ հույս ուներ, որ ամեն ինչ կլուծվի ծիծաղով և ծիծաղի մեջ ամեն բան կմոռացվի։
     Ես ուրախությամբ պետք է ասեմ, որ ոչ մի հռոմեացի լեգիոներ դեպքերի հետագա զարգացմանը մասնակցություն չունեցավ։ Օժանդակ զորախմբերի զինվորներն էին, որ փշե պսակ դրեցին Հիսուսի գլխին, կարմիր քղամիդ հագցրեցին, գայիսոնի փոխարեն ձեռքին եղեգն տվեցին ու նրա առջև ծունր դնելով, ծաղրելով ասում էին. «Ողջ լեր, թագավոր Հրեից»։ Թեկուզև այս ամենը իզուր էին, սակայն կատարվում էին հանուն մի բանի միայն, որպեսզի ամբոխը խաղաղվի։ Եվ ես, ականատես լինելով այս ամենին, զգում էի Հիսուսի հմայքների ուժը։ Դաժան ծաղրուծանակի կարկուտի տակ էլ նա պահպանում էր իր վեհությունը։ Եվ մինչ նայում էի նրան, սրտիս մի խաղաղություն իջավ, Դա նրա սրտին տիրող խաղաղությունն էր։ Ես ամեն բան հասկացա ու հանգստացա։ Այն, ինչ տեղի էր ունեցել, պետք է տեղի ունենար։ Այսպես պետք է լիներ, և ամեն ինչ լավ է։ Հիսուսի անվրդով հեզությունը այդ կատաղորեն եփվող մոլեգնության միջով հաղորդվեց ինձ։ Ու ես նույնիսկ չէի էլ մտածում այն մասին, որ կկարողանայի փրկել նրան։
     Բացի այդ, իմ վայրի ու խայտաբղետ կյանքում ես չափազանց շատ էի հրաշքներ տեսել, որպեսզի այս նոր հրաշքը խելագարության մղեր ինձ։ Ես տոգորված էի անվրդովությամբ։ Ես մի բան գիտեի միայն, այն, ինչ տեղի էր ունենում, իմ հասկացողությունից վեր է, և պետք է տեղի ունենա։
     Պիղատոսը շարունակում էր դիմադրությունը։ Ամբոխը ավելի ու ավելի էր մոլեգնում։ Ամբոխն արյուն էր պահանջում, և ավելի բարձրաձայն ճչում. «Խաչիր դրան»։ Եվ Պիղատոսը դարձյալ գնաց դատարանի դահլիճը։ Այս ամենը կատակերգության վերածելու նրա փորձերն ապարդյուն անցան, և նա վճռեց մի անգամ էլ հրաժարվել Հիսուսին դատելուց, պատճառաբանելով, որ նա երուսաղեմցի չէ։ Հիսուսը Հերովդես Հանթեպի հպատակն էր, և Պիղատոսն էլ նրան կամենում էր ուղարկել Հանթեպի դատին։
     Բայց հիմա արդեն ոչ միայն պալատում հավաքված ամբոխն էր մոլեգնում, այլ մոլեգնում էր ամբողջ քաղաքը։ Ռամիկները քշեցին պալատը դրսից պահպանող մեր զինվորներին։ Սկսվեց մի ըմբոստություն, որ կարող էր վերածվել քաղաքացիական պատերազմի, և Հռոմի տիրապետության դեմ՝ ապստամբության։ Իմ քսան լեգիոներները մոտիկ կանգնած, սպասում էին հրամանի։ Նրանք այդ ֆանատիկոս հրեաներին ինձնից ավելի չէին սիրում, և հաճույքով իմ առաջին իսկ խոսքի վրա, կմերկացնեին սրերն ու կմաքրեին պալատը։
     Երբ Պիղատոսը դարձյալ դուրս եկավ, ամբոխի աղմուկ-աղաղակը խլացրեց նրա խոսքերն այն մասին, թե Հիսուսին կարող է դատել միայն Հերովդես Հանթեպը։ Ամբոխն սկսեց գոռալ, թե Պիղատոսը դավաճան է, որ եթե նա արձակի ձկնորսին, ուրեմն, Պիղատոսը թշնամի է Տիբերիոսին։ Ես պատին հենված կանգնել էի, իսկ իմ կողքին երկար մորուքով, երկար մազերով, մի քոսոտ ֆանատիկոս անդադար տեղում թռչկոտելով, ճչում էր.
     - Տիբերիոսը միապետ է։ Ուրիշ թագավոր չկա։ Տիբերիոսը միապետ է։ Ուրիշ թագավոր չկա։
     Համբերությունս հատավ։ նրա այդ ճիչը վիրավորեց իմ լսողությունը։ Իբրև թե անզգուշաբար շարժվելով, ես տրորեցի նրա ոտքն ու ամբողջ իմ ծանրությամբ ընկա վրան։ Այդ խենթը ոչինչ չնկատեց։ Այնպես էր խելքը կորցրել, որ նույնիսկ ցավ չէր զգում և առաջվա պես շարունակում էր բղավել.
     - Տիբերիոսը միապետ է։ Ուրիշ թագավոր չկա։
     Ես տեսա, որ Պիղատոսը տատանվում է։ Հռոմեական կուսակալ Պիղատոսը մի պահ դարձավ ուղղակի սովորական մարդ՝ Պիղատոս անվամբ, որն հազիվ էր խեղդում իր կատաղությունը, քանզի այդ ամբոխը պահանջում էր այնպիսի ազնիվ ու խիզախ, այնպիսի հեզ ու բարի, այնպիսի մաքուր հոգով մարդու արյունը, որպիսին էր Հիսուսը։
     Ես տեսա, որ Պիղատոսը տատանվում է։ Նրա հայացքն ինձ էր որոնում, ասես պատրաստ էր գործելու ազդանշան տալ, ու ես առաջ գնացի, ֆանատիկոսի ոտքի թաթն ազա­տելով իմ ծանրությունից։ Եվս մեկ պահ, և ես կնետվեի ի կատար ածելու Պիղատոսի կիսաբերան արտահայտած կամքը, և պալատը արյան մեջ ողողելով, կմաքրեի այդ կեղտոտ տականքներից, որոնք շարունակում էին բղավել կոկորդով մեկ։
     Ոչ թե Պիղատոսն ստիպեց ինձ վճիռ կայացնել։ Այդ Հիսուսն էր, որ վճռեց, թե ինչպես պետք է վարվենք Պիղատոսն ու ես։ Նա ինձ նայեց։ Ու հրամայեց։ Ես ձեզ բան եմ ասում, այդ թափառական ձկնորսը, այդ թափառական քարոզիչը, Գալիլեայից այստեղ հասած այդ հասարակ մարդը հրամայեց ինձ։ Նա ոչ մի խոսք չասաց։ Բայց և այնպես նրա հրամանը հնչեց որպես շեփորի ձայն։ Ու ես թռիչքի պատրաստվող ոտքս պահեցի, պահեցի նաև ձեռքս, քանզի ո՞վ էի ես, որ չենթարկվեի այդքան վեհ ու անվրդով, իր արդարության մեջ այդքան հեզորեն ինքնավստահ մարդու կամքին ու ցանկություններին։ Ու երբ ես մնացի կանգնած այնտեղ, որտեղ կանգնել էի, ըմբռնեցի այդ մարդու հմայքների ողջ ուժը. ինձ համար բացահայտվեցին այն ամենը, ինչ կախարդել էր Միրիամին և Պիղատոսի կնոջը, ինչ կախարդել էր հենց իրեն՝ Պիղատոսին։
     Շարունակությունը հայտնի է ձեզ։ Պիղատոսը ձեռքերը լվաց ի նշան այն բանի, որ մեղք չունի Հիսուսի մահվան մեջ, որ արյան մեղքը թափվելու է ըմբոստների գլխին։ Պիղատոսը Հիսուսին խաչելու հրաման արձակեց։ Ամբոխը գոհ մնաց, գոհ մնացին նաև ամբոխի մեջքին կանգնած Կայիափան, Աննան և սանհեդրինը։ Հիսուսին խաչեցին ոչ թե Պիղատոսը, ոչ թե Տիբերիոսը, և ոչ էլ հռոմեացի զինվորները: Դա Երուսաղեմի քահանայապետերի ձեռքի գործն էր։ Ես տեսել եմ։ Ես գիտեմ։ Պիղատոսը հակառակ իր շահերին, կփրկեր Հիսուսին, ճիշտ այնպես, ինչպես և կվարվեի նաև ես, եթե ինքը՝ Հիսուսը չհակառակվեր դրան։
     Իսկ Պիղատոսը իրեն թույլ տվեց վերջին անգամ ծաղրել այդ ռամիկներին, որոնց ատում էր։ Նա հրամայեց Հիսուսի խաչին մի տախտակ մեխել եբրայերեն, հունարեն ու լատիներեն «Այս է Հրեից Թագավորը» մակագրությամբ։ Քահանայապետերը իզուր դիմադրեցին դրան։ Չէ՞ որ նրանք հենց այդ պատրվակով Պիղատոսին ստիպեցին մահապատժի ենթարկել Հիսուսին, և հրեաների համար վիրավորական, ամոթալի հատկապես այդ պատրվակն էլ ընդգծեց Պիղատոսը։ Նա մահապատժի ենթարկեց վերացական գաղափարը, որը երբեք մարմնավորում չստացավ։ Այդ վերացական գաղափարը քահանայապետերի կողմից հորինված սուտն էր, մտացածին մի բան։ Ոչ քահանայապետերը, ոչ էլ Պիղատոսը չէին հավատում դրան։ Հիսուսն այն ժխտեց։ Վերացական այդ գաղափարը մարմնավորվեց «Այս է Հրեից Թագավորը» բառերում։

***

     Պալատի առջև մոլեգնած փոթորիկը հանդարտվեց։ Շիկացած հուզմունքն աստիճանաբար պաղեց։ Ապստամբությունը, կանխված էր։ Քահանայապետերը գոհ էին, ամբոխը խաղաղվել էր, իսկ Պիղատոսն ու ես չափազանց հոգնած էինք և զզվանք էինք տածում այն ամենի նկատմամբ, ինչ տեղի էր ունեցել։ Սակայն մեր գլխավերը դիզվում էին ամպրոպաբեր նորանոր թուխպեր։ Հիսուսին դեռ չէին տարել, երբ Միրիամի նաժիշտներից մեկը եկավ իմ հետևից։ Եվ ես նկատեցի, որ Պիղատոսն էլ ենթարկվելով ճիշտ նման պահանջի, գնաց իր կնոջ նաժիշտի հետևից։
     - Օ՜հ Լոդբրոգ, ես ամեն բան գիտեմ, - այսպիսի խոսքերով դիմավորեց ինձ Միրիամը։ Մենք մենակ էինք, և նա սեղմվեց ինձ, իմ գրկում որոնելով պաշտպանություն և զորավիգ։ - Պիղատոսը չկարողացավ դիմադրել։ Նա պատրաստվում է խաչել Հիսուսին։ Բայց դեռ ժամանակ կա։ Քո լեգիոներները պատրաստ սպասում են։ Վերցրու նրանց ու մեկնիր։ Նրան պահպանելու են ցենտուրիան ու մի քանի զինվորներ։ Նրանք, դեռ այստեղ են։ Հենց որ ճանապարհ ընկնեն` հետևիր նրանց։ Նրանք չպետք է Գողգոթա հասնեն։ Բայց թույլ տուր, որ քաղաքի պարիսպներից այն կողմ անցնեն։ Եվ հետո փոխիր Պիղատոսի հրամանը։ Թամբած մի ձի վերցրու Հիսուսի համար։ Մնացյալը դյուրին կլինի։ Նրա հետ թաքնվիր Սիրիայում կամ էլ Եդովմում, որտեղ որ կամենաս, միայն թե փրկիր նրան։
     Միրիամը լռեց։ Նրա ձեռքերը գրկել էին իմ պարանոցը, ետ գցած գլուխը գայթակղեցնելու չափ մոտիկ էր, աչքերում շողում էր խոստումը։
     Մի՞թե զարմանալի է, որ ես անմիջապես չպատասխանեցի։ Ինչ-որ մի պահ ինձ տիրեց եզակի մի միտք՝ սկզբում իմ աչքերի առաջ խաղացված տարօրինակ ներկայացումը, իսկ հիմա էլ՝ այս։ Ես չմոլորվեցի։ Ամեն բան չափազանց պարզ էր։ Աստվածային կինը իմը կլինի, եթե... եթե ես դավաճանեմ Հռոմին։ Քանզի Պիղատոսը կուսակալ էր, նա արդեն արձակել էր հրամանը, և նրա ձայնը Հռոմի ձայնն էր։
     Ինչպես արդեն ասացի, Միրիամը ամենից առաջ, մինչև ուղնուծուծը կին էր, և դա մեզ բաժանեց։ Նա միշտ էլ այնքան խելամիտ էր, այնքան լրջախոհ, այնքան ինքնավստահ և այնքան էր վստահում ինձ, որ ես մոռացել էի հինավուրց օրենքը, օրենք, որը ես պարտավոր էի միշտ հիշել. կինը միշտ էլ կին է մնում... Վճռական րոպեներին կինը չի դատում, այլ զգում է և ենթարկվում ոչ թե ուղեղին, այլ սրտին։
     Միրիամը սխալ մեկնաբանեց իմ լռությունը, քանի որ, ինձ գրկած, ասես ինչ-որ բան հիշելով, շշնջաց.
     - Երկու ձի վերցրու, Լոդբրոգ։ Երկրորդն էլ՝ ինձ համար... Ես կգամ... Կգամ քեզ հետ թեկուզև մինչև աշխարհի ծայրը, որտեղ էլ գնալու լինես։
     Օ՜հ, դա աստվածային կաշառք էր։ Իսկ փոխարենը ինձնից շատ չնչին բան էր պահանջվում։ Բայց ես շարունակում էի լռել։ Ոչ թե այն պատճառով, որ երկմտում էի կամ շփոթվել էի։ Պարզապես մի վիթխարի թախիծ պատեց ինձ այն մտքից, որ այլևս երբեք չի վիճակվի գրկել այդ կնոջը, որն հիմա հանգչում է կրծքիս։
     - Ամբողջ Երուսաղեմում մի մարդ միայն դեռ կարող է փրկել նրան, - համառորեն շարունակեց նա։ - Եվ այդ մարդը դու ես, Լոդբրոգ։
     Ու քանի որ ես դարձյալ չպատասխանեցի, նա թափահարեց ուսերս, կամենալով սթափեցնել ինձ քարացած վիճակից նա ինձ այնպես թափահարեց, որ զրահս դղրդաց։
     - Պատասխանի'ր, Լոդբրոգ, դե', պատասխանիր, - պահանջեց նա։ - Դու ուժեղ և անվախ մարդ ես։ Դու իսկական տղամարդ ես։ Ես գիտեմ, դու ատում ես այդ ամբոխը, որը նրա մահն է կամ են ում։ Դու, միայն դու կարող ես փրկել նրան։ Բավական է մի խոսք ասես և ամեն բան կկատարվի ուզածիդ պես, իսկ ես մինչև մահ-գերեզման ջերմորեն կսիրեմ քեզ։
     - Ես հռոմեացի եմ, - դանդաղ ասացի ես, շատ լավ հասկանալով, որ այս բառերն արտասանելով, նրան կորցնում եմ ընդմիշտ։
     - Դու Տիբերիոսի հավատարիմ ստրուկն ես, Հռոմի հավատարիմ շունը, - բռնկվեց նա, - բայց դու Հռոմի նկատմամբ ոչ մի պարտավորություն չունես, դու հռոմեացի չես։ Հյուսիսաբնակ հսկաներդ հռոմեացիներ չեք։
     - Հռոմեացիները մեր ավագ եղբայրներն են, իսկ մենք՝ հյուսիսաբնակներս՝ կրտսերները պատասխանեցի ես։ - Եվ բացի այդ, ես կրում եմ հռոմեական զենք ու զրահ, ուտում եմ Հռոմի հացը։ - Եվ, փոքր-ինչ լռելով, շողոքորթաբար հարցրեցի. - Բայց ի՞նչ կարիք կա այդպես հուզվել ու աղմուկ բարձրացնել եղած-չեղած մեկ հոգու կյանքի համար։ Մահը վիճակված է բոլորիս։ Ավելի դյուրին և հասարակ բան կարո՞ղ է լինել, քան մահը։ Այսօր կամ հարյուր տարի հետո՝ շա՞տ կարևոր է։ ՉԷ՞ որ մեզնից ամեն մեկին անխուսափելիորեն սպասում է միևնույն վախճանը։
     Նա գալարվեց իմ գրկում միայն մի կրքոտ ցանկությամբ՝ փրկել Հիսուսի կյանքը։
     - Դու չես հասկանում, Լոդբրոգ։ Նա սովորական մարդ չէ։ Ես քեզ բան եմ ասում, դա մի մարդ է, որը վեր է մյուս մարդկանցից, դա ինքնին՝ աստված է, նա մարդկանցից չէ, նա վեր է նրանցից։
     Ես նրան ամուր սեղմեցի ինձ և ասացի, հասկանալով, որ կորցնում եմ ամենաթանկագին կնոջը։
     - Դու կին ես, իսկ ես՝ տղամարդ։ Երկուսս էլ մահկանացու ենք. և մեր աշխարհն այստեղ է, երկրում։ Անդրշիրիմյան կյանքի մասին երազանքները խենթություն են։ Այդ երազողներն ու խենթերը թող ապրեն իրենց անուրջների աշխարհում։ Նրանց մի զրկիր այն բանից, ինչն այնքան թանկ է, թանկ է մսից ու գինուց, թանկ է երգից ու ճակատամարտից, և նույնիսկ կնոջ սիրուց։ Մի զրկիր ամենաերանելի ցանկությունից, որը հրապուրում է նրանց, շարժում դեպի առաջ, գերեզմանային խավարից այն կողմ, որտեղ նրանք կամենում են ստանալ մեկ այլ կյանք։ Մի խանգարիր նրանց։ Բայց ես և դու պատկանում ենք այս կյանքին, որտեղ գտել ենք մեր երանությունը միմյանց մեջ։ Ավա՜ղ, շատ շուտով վրա կհասնի խավարը, և դու կհայտնվես արևի ու ծաղիկների քո երկրում, իսկ ես Վալդալլի խնջույքների սեղանի առջև։
     - Ո՜չ, ո՜չ, - գոչեց նա, ետ քաշվելով ինձնից։ - Դու չես հասկանում։ Վեհություն, բարություն, աստվածություն. ահավասիկ, թե ինչ է այդ մարդը, որն ավելին է, քան մարդը, և որը դատապարտված է այդպիսի ամոթալի մահվան։ Խաչի վրա մեռնում են միայն ստրուկներն ու ավազակները։ Իսկ նա ոչ ստրուկ է, ոչ էլ ավազակ։ Նա անմահ է։ Նա աստված է։ Ես ճշմարիտ եմ ասում՝ նա աստված է։
     - Ասում ես՝ անմա՞հ է, - առարկեցի ես։ - Այդ դեպքում, եթե նա այսօր մեռնի Գողգոթայում, ապա դա ամենաչնչին չափով նույնիսկ չի պակսեցնի նրա անմահությունը, որովհետև անմահությունը հավիտենական է։ Ասում ես՝ աստվա՞ծ է։ Աստվածները չեն մեռնում։ Որքանով ինձ հայտնի է, աստվածները չեն կարող մեռնել։
     - Օ՜հ, - գոչեց նա։ - Դու չես հասկանում։ Դու մսի վիթխարի կտոր ես միայն և ուրիշ ոչինչ։
     - Մի՞թե այս դեպքերը չեն կանխագուշակվել հինավուրց մարգարեություններով, - հարցրեցի ես, քանզի, ինչպես թվում էր ինձ, ես արդեն հրեաներից սովորել էի վիճաբանության նուրբ արվեստը։
     - Այո', այո', - հաստատեց նա։ - Օծյալի ժամանման մասին եղել է մարգարեություն։ Նա էլ հենց Օծյալն է։
     - Բայց կսազի՞ արդյոք ինձ, - հարցրեցի ես, - եթե մարգարեներին ստախոսներ դարձնեմ, իսկ իսկական Օծյալին՝ խաբեբա։ Մի՞թե ձեր մարգարեություններն այնքան անհուսալի են, որ ես, հռոմեական զրահով հիմար օտարերկրացիս, հեռավոր հյուսիսից ժամանած շիկահեր ոչնչությունս, կարող եմ դրանք ժխտել, կարող եմ կանխել այն, ինչ պետք է լինի աստվածների կամքով, այն, ինչ մարգարեացել են ձեր իմաստունները։
     - Դու չես հասկանում, - կրկնեց նա։
     - Ոչ, հասկանում եմ, և նույնիսկ շատ լավ եմ հասկանում, - պատասխանեցի ես։ - Մի՞թե աստվածներից ավելի հզոր եմ, որպեսզի կարողանամ խանգարել նրանց կամքի իրականացմանը։ Այդ դեպքում աստվածները ոչինչ չարժեն, նրանք պարզապես խաղալիքներ են մարդկանց ձեռքին։ Ես մարդ եմ։ Ու ես խոնարհվում եմ աստվածներին, բոլոր աստվածներին, քանզի ես հավատում եմ բոլոր աստվածներին, այլապես՝ որտեղի՞ց կստեղծվեին նրանք։
     Միրիամը պոկվեց իմ գրկից, որն ագահորեն ծարավի էր նրան. և իրարից հեռանալով, մենք կանգնած ականջ դրեցինք փողոցից լսվող ամբոխի ոռնոցին, զինվորները Հիսուսին դուրս էին բերել պալատից և քայլում էին դեպի Գողգոթա։ Եվ իմ սրտին անսահման թախիծ պատեց այն մտքից, որ այսպիսի աստվածային կինը կարող է այսքան հիմար լինել։ Միրիամը կամենում էր փրկել աստծուն։ Միրիամը կամենում էր ավելի վեր անգնել աստծուց։
     - Դու չես սիրում ինձ, - դանդաղ ասաց նա և յուրաքանչյուր բառի հետ նրա աչքերում մեծանում ու մեծանում էր այնքան վիթխարի ու այնքան խոր խոստումը, որը հնարավոր չէ արտահայտել բառերով։
     - Քեզ այնքան շատ եմ սիրում, որ դու, երևի, չես կարողանում հասկանալ, - պատասխանեցի ես։ - Հպարտ եմ քեզ սիրելով, քանզի գիտեմ, որ արժանի եմ քեզ սիրելու և արժանի եմ այն սիրույն, որպիսին դու կարող ես նվիրաբերել ինձ։ Սակայն Հռոմն իմ երկրորդ հայրենիքն է, և եթե ես դավաճանեմ, ապա քո նկատմամբ տածած սերս կկորցնի իր արժեքը։
     Հիսուսի և զինվորների հետևից ձգվող ամբոխի աղմուկը աստիճանաբար մարեց հեռուներում։ Երբ ամեն բան լռեց, Միրիամը շրջվեց, որպեսզի հեռանա առանց բառ ասելու և նույնիսկ առանց վրաս նայելու։
     Վերջին անգամ խենթ, անհագ ցանկությունն այրեց ինձ և մղեց դեպի նրան։ Մի թռիչքով ես հասա ու բռնեցի, Ես ուզում էի նրան նստեցնել իմ առջև, թամբին և զինվորների հետ սլանալ դեպի Սիրիա, որքան կարելի է հեռու խենթերի այս անիծյալ քաղաքից։ Միրիամը դուրս էր ուզում պրծնել։ Ես ամուր սեղմեցի նրան գրկումս։ Նա ապտակեց ինձ, բայց ես շարունակում էի սեղմել նրան իմ գրկում, քանզի հաճելի էին նրա հարվածները։ Հանկարծ նա տեղի տվեց։ Մարմինն անշարժացավ, աչքերը պաղեցին, ու ես հասկացա, որ այդ կինն ինձ չի սիրում։ Ինձ համար նա մեռած էր։ Ես դանդաղ ետ քաշեցի ձեռքերս և նա ետ-ետ քայլեց։ Ասես առանց նկատելու ինձ, նա շրջվեց ու լիակատար լռության մեջ անցավ սենյակով, և առանց ետ նայելու քաշեց վարագույրն ու անհետացավ։
     Ես, Ռագնար Լոդբրոգս, երբևէ կարդալ ու գրել չեմ իմացել։ Ի դեպ, իր ժամանակին ես լսել եմ բազմաթիվ խելացի զրույցներ։ Հիմա հասկանում եմ, որ այնպես էլ չեմ հասել իմաստուն զրույցների բարձրությանը, որպիսիք վարում էին իրենց օրենքի էության մեջ խորացած հրեաները, կամ իրենց և հույն փիլիսոփայության մեջ խորացած հռոմեացիները բայց ես խոսում էի պարզ ու անմիջական, ինչպես կարող է խոսել այն մարդը, որը Թոստիգ Լոդբրոգի նավերից ու Բրունանբուրի սրահներից սկսած անցել է ամբողջ երկրով մեկ մինչև Երուսաղեմ ու վերադարձել։ Եվ հենց այդպես էլ պարզ ու անմիջականորեն, Սիրիա ժամանելուց հետո զեկուցեցի Սուլպիցիոս Քվիրնիոսին այն դեպքերի մասին, որոնք այդ օրերին տեղի էին ունենում Երուսաղեմում։


1 Օդին - հին սկանդինավցիների դիցաբանության մեջ բարձրագույն աստվածություն։