ԳԼՈՒԽ 18
Կյանքի թալկացումը բնավ էլ նոր երևույթ չէ. դա յուրահատուկ է ոչ միայն բուսական աշխարհին և կենդանական աշխարհի ստորին տեսակներին, այլև հենց մարդու զարգացած ու բարդ օրգանիզմին։ Նյարդահարությունը միշտ էլ նյարդահարություն է. անկախ նրանից, թե որն է եղել առիթը։ Անհիշելի ժամանակներից հնդիկ ֆաքիրները կարողացել են իրենց իսկ ցանկությամբ նյարդահարության մեջ ընկնել։ Հնդիկ ֆաքիրները մի հինավուրց աճպարարություն ունեն. նրանց ողջ-ողջ թաղում են, և գերեզմանում էլ նրանք շարունակում են ապրել։ Եվ քանի-քանի անգամ բժիշկները սխալվել են լեթարգիան շփոթելով մահվան հետ, և հուղարկավորելու թույլտվություն են տվել այդպիսի կարծեցյալ ննջեցյալների։
Սան-Քվենտինում շարունակում էին զսպաշապիկով տանջել ինձ, իսկ ես ավելի ու ավելի էի խորհում այն երևույթի մասին, որ անվանում եմ կյանքի թալկացում։ Մի առիթով կարդացել եմ, որ Հյուսիսում մի տեղ կա, ուր գյուղացիները երկարատև ձմռան ընթացքում խոր քուն են մտնում, ինչպես արջերն ու այլ վայրի կենդանիները։ Այդ գյուղացիներին քննող գիտնականները պարզեցին, որ այդպիսի «երկարատև քնի» շրջանում շնչառությունն ու մարսողական պրոցեսները գրեթե բոլորովին ընդհատվում են, իսկ սրտի գործունեությունը այն աստիճան է դանդաղում, որ միայն փորձառու բժիշկներին է հաջողվում նկատել։
Երբ օրգանիզմը գտնվում է այդպիսի վիճակում, բոլոր պրոցեսները մարում են, և ոչ օդի, ոչ էլ սննդի պահանջ է զգացվում։ Ահա թե ինչու այդքան համարձակորեն ես մարտակոչ նետեցի բանտապետի ու դոկտոր Ջեկսոնի դեմքին։ Ես նույնիսկ գրգռում էի նրանց, որ ինձ զսպաշապիկ հագցնեն հարյուր օր ժամկետով։ Բայց նրանք չհամարձակվեցին։
Այժմ, երբ ինձ զսպաշապիկ հագցրեցին սովորական տասնօրյա ժամկետով, ես կարողացա յոլա գնալ ոչ միայն առանց սննդի, այլև առանց ջրի։ Ինչպիսի՜ տառապանք էր դա, երբ հանկարծակի արթնանում էի քնից, որն ինձ տեղափոխում էր այլ ժամանակներ ու աշխարհներ, հայտնվելու համար այս նողկալի ներկայում ու տեսնելու իմ շուրթերին ջրով լի գավաթը հպած բժշկի քստմնելի կերպարանքը։ Ահավասիկ, ես էլ դոկտոր Ջեկսոնին նախազգուշացրեցի, որ նախ՝ զսպաշապիկ հագած ժամանակ ես ջուր չեմ խմելու, և երկրորդ, որ համառ դիմադրություն կցուցաբերեմ ստիպողաբար խմեցնելու բոլոր փորձերին։
Իհարկե, առանց որոշակի պայքարի գործը գլուխ չեկավ, բայց ի վերջո, բժիշկը հանձնվեց։ Եվ դրանից հետո զսպաշապիկի մեջ Դարրել Սթենդինգի կյանքից գնում էր ընդամենը մի քանի վայրկյան։ Հենց նոր էին ավարտում ինձ կապկպելը, երբ ես արդեն թաղված էի լինում փոքր մահվան մեջ։ Այժմ, շնորհիվ իմ փորձառության, դա շատ պարզ ու հեշտ բան էր։ Ես կյանքն ու գիտակցությունը այնպես արագ էի անջատում, որ գրեթե չէի զգում արյան շրջանառության տանջալի դադարը։ Խավարը տիրում էր գրեթե նույն վայրկյանին։ Իսկ երբ հաջորդ պահին ես, Դարրել Սթենդինգս, սթափվում էի, խցիկում դարձյալ վառվելիս էր լինում լույսը, իմ վրա հակված էին լինում մարդիկ, որոնք արձակում էին զսպաշապիկի կապանքները, և ես հասկանում էի՝ տասն օրը դարձյալ անցել է մի ակնթարթում։
Իսկ որքա՜ն հրաշալի, որքա՜ն հոյակապ էին այն տասը օրերը, որոնք ես անց էի կացնում բանտի պատերից դուրս, մեր ժամանակի սահմաններից այն կողմ։ Գոյավիճակների երկար շղթայով կատարված ճանապարհորդություն, հավիտենական խավար, ավելի ու ավելի պայծառ վառվող անիրական լույս, և իմ նախորդ «ես»-երը, որոնք վերստանում էին շոշափելի գոյություն...
Ես շատ եմ մտորել իմ այդ մյուս և այժմյան «ես»-երի փոխադարձ կապի մասին և ջանացել եմ դրանց բոլորի փորձագումարը կապակցել աստիճանական զարգացման տեսության հետ։ Եվ ամենայն հիմնավորվածությամբ կարող եմ պնդել, որ իմ հայտնագործությունները գտնվում են աստիճանական զարգացման մեր պատկերացումների հետ լիակատար ներդաշնակության մեջ։
Ես, ինչպես և ամեն մի մարդ, ինձնից ներկայացնում եմ աճի անդադար պրոցեսը։ Ես սկսվել եմ մինչև իմ ծնվելը, նախքան իմ սաղմնավորվելը: Ես աճել ու զարդարել եմ անթիվ-անհամար հազարամյակների ընթացքում։ Եվ այդ կյանքերի և ուրիշ անսահման կյանքերի ձեռք բերած փորձառությունը հանրագումարի են բերվել այն հոգում, այն ոգու մեջ, որը և հանդիսանում է իմը։ Դուք հասկանո՞ւմ եք։ Հենց դրանցից էլ բաղկացած եմ ես։ Նյութը ոչինչ չի հիշում, քանզի հիշողությունը՝ ինքը ոգին է։ Եվ ես ծայր ու վախճան չունեցող իմ վերակերպարավորումների մասին եղած հիշողություններից գումարված այդ ոգին եմ։
Որտեղի՞ց են իմ՝ Դարրել Սթենդինգի մեջ հայտնվել կատաղության կարմիր զարկերը, որոնք աղավաղել են կյանքս, նետել ինձ մահապարտների խուցը։ Օ՜հ, իհարկե, այդ կարմիր կատաղությունը ի հայտ է եկել շատ ավելի վաղ այն ժամանակից, երբ ես սերմնավորվել եմ որպես ապագա Դարրել Սթենդինգ։ Այդ հինավուրց կարմիր կատաղությունը շատ ավելի մեծ է իմ մորից, շատ ավելի մեծ է մարդկության ամենաառաջին մորից։ Իմ մայրը չէ, որ իմ մեջ ներարկել է այդ արբեցնող անվախությունը։ Մարդկության աստիճանական զարգացման ամբողջ ընթացքում մայրերը չեն, որ իրենց զավակներին ներարկել են վախկոտություն կամ անվախություն։ Առաջին մարդուց էլ դեռ շատ առաջ արդեն գոյություն ունեին վախկոտությունն ու անվախությունը, կատաղությունն ու ատելությունը, բոլոր այն զգացումները, որոնք աճել, զարգացել ու դարձել են այն, ինչ հետո վերածվել է մարդու։
Ես իմ ողջ անցյալն եմ, ինչպես հեշտությամբ կհամաձայնի Մենդելի օրենքի յուրաքանչյուր կողմնակիցը։ Իմ մեջ արձագանքվում են իմ անցյալ բոլոր «ես»-երը։ Իմ ամեն մի արարքը, կրքի ամեն պոռթկումը, մտքի փայլատակումները երփներանգվում են և գունավորվում այդ անսահման ու զանազան ուրիշ «ես»-երի ամենաչնչին մասերով, «ես»-եր, որոնք նախորդել են ինձ ու օժանդակել իմ ստեղծմանը։
Կյանքն արձանագործ է։ Եվ միևնույն ժամանակ ոչինչ չի մոռանում։ Ինչպիսի ձև էլ նա ստանա, նախկին հիշողությունները չեն անհետանում։ Այն ժամանակից ի վեր, երթ նախամարդը վարժեցրեց առաջին վայրի ձիուն, ստեղծվեցին հարյուրավոր տարբեր ցեղեր՝ հսկա ծանրաքարշներից սկսած մինչև շոտլանդական փոքրիկ պոնիները։ Սակայն մինչև օրս էլ մարդուն չի հաջողվել ձիու մեջ ոչնչացնել աքացի տալու սովորույթը։ Այդպես էլ իմ մեջ, որտեղ կան նաև վայրի ձիերին առաջին անգամ վարժեցնողները, չի ոչնչացվել նրանց կարմիր կատաղությունը։
Ես տղամարդ եմ, որ ծնվել եմ կնոջից։ Իմ օրերը կարճ են, բայց իմ «ես»-ը անհնար է ոչնչացնել։ Ես եղել եմ կին, որ ծնվել եմ կնոջից։ Ես եղել եմ կին և ծնել եմ երեխաներ։ Եվ ես դարձյալ կծնվեմ։ Անհամար դարեր շարունակ ես նորից ու նորից կծնվեմ։ Իսկ ինձ շրջապատող այդ հիմարներն ու տգետները կարծում են, որ օղակը պարանոցիս նետելով, կոչնչացնեն ինձ։
Այո', ինձ կախելու են ... Եվ շուտով։ Հիմա հունիսի վերջն է: Մի քանի օր անց նրանք կփորձեն խաբել ինձ։ Կգան իմ հետևից, որպեսզի բաղնիք տանեն, որովհետև բանտային օրենքների համաձայն, կալանավորները պարտավոր են ամեն շաբաթ բաղնիք գնալ։ Բայց այլևս չեմ վերադառնա այս խուցը։ Ինձ մաքուր հագուստ կտան և կտանեն մահապարտների խուցը։ Այնտեղ արդեն աչալուրջ հսկողության տակ կլինեմ։ Գիշեր, թե ցերեկ, քնած կամ արթուն ժամանակ անթարթ կհսկեն ինձ։ Թույլ չեն տա նույնիսկ, որ գլուխս թաքցնեմ վերմակի տակ, որպեսզի հանկարծ Կալիֆորնիա նահանգի արդարադատությունից առաջ անցնելով, խեղդամահ չանեմ ինքս ինձ։
Իմ խցում գիշեր-ցերեկ կվառվի պայծառ լույսը։ Իսկ հետո, երբ այդ ամենն ինձ անտանելի ձանձրույթ կպատճառի, մի գեղեցիկ առավոտ կհագցնեն առանց օձիքի մի շապիկ, դուրս կտանեն այս վերջին իմ խցից ու կնետեն լյուքի մեջ։ Օ՜հ, ես շատ լավ գիտեմ։ Այն պարանը, որի օգնությամբ այդ ամենը կատարում են, շատ լավ ձգած կլինեն։ Ֆոլսեմ բանտի դահիճն արդեն մի քանի ամիս շարունակ ծանրություններ է կախում պարանից, որպեսզի լավ ձգվի ու չզսպանակվի։ Իսկ երբ ինձ Լյուքի մեջ նետեն, ստիպված կլինեմ ահագին տարածություն թռչել-անցնել։ Բանտային իշխանությունները հնարամտորեն կազմած աղյուսակներ ունեն, որոնք նման են տոկոսները հաշվելուն օգնող աղյուսակների, և դրանց օգնությամբ կարողանում են որոշել զոհի քաշի ու այն տարածության հարաբերությունը, որ նա պետք է ցած թռչի։ Ես այնպես եմ նիհարել, որ նրանք, իմ պարանոցի ողերը հոդախախտելու համար, ստիպված են լինելու բավականին երկար պարան ընտրել։ Հետո ներկաները կհանեն գլխարկները, իսկ բժիշկները բռնելով իմ ճոճվող մարմինը, ականջները կհպեն կրծքիս հաշվելով սրտիս մարող զարկերը, և կհայտարարեն, որ ես արդեն մեռած եմ։
Ի՜նչ տխմարություն։ Որքա՜ն ծիծաղելի է մարդկային կերպարանքով այդ ճիճուների հանդգնությունը, երբ կարծում են, թե կկարողանան սպանել ինձ։ Ես չեմ կարող մեռնել։ Ես անմահ եմ։ Ես անմահ եմ, ինչպես և նրանք են անմահ։ Բայց տարբերությունն այն է, որ ես դա գիտեմ, իսկ նրանք՝ ոչ։
Հիմարությո'ւն։ Ինքս էլ երբեմնի դահիճ եմ եղել ու դա շատ լավ եմ հիշում։ Սակայն իմ գործիքը սուրն էր, ոչ թե պարանը։ Սուրն ավելի ազնիվ է, թեև մահապատժի բոլոր գործիքներն էլ հավասարապես անզոր են։ Չէ՞ որ ոգին հնարավոր չէ խոցել պողպատով կամ խեղդել պարանով։
1