ԳԼՈՒԽ 19
Ես համարվում էի Սեն-Քվենտին բանտի ամենավտանգավոր կալանավորը, եթե չհաշվենք Օպենհեյմերին ու Մորելին, որոնք տարիների ընթացքում ինձ հետ միասին փտում էին խավարի մեջ։ Դրանից բացի ես համարվում էի ամենահամառը, ավելի համառ, քան նույնիսկ Օպենհեյմերն ու Մորելը։ Բնականաբար, համառության տակ ես նկատի ունեմ դիմացկունությունը։ Այն միջոցները, որոնցով ջանում էին ընկճել նրանց ոգին ու հաշմել մարմինը, սոսկալի էին, սակայն ինձ փորձում էին կոտրել ավելի սոսկալի միջոցներով։ Բայց ես տոկում էի այդ բոլորին։ Դինամիտ կամ դագաղ, այսպիսին էր բանտապետ Ազերթոնի վերջնագիրը։ Սակայն դրանք պարապ խոսքեր էին։ Ես չէի կարող ցույց տալ, թե որտեղ է թաքցրած դինամիտը, իսկ բանտապետը այնպես էլ չկարողացավ ինձ դագաղի մեջ պառկեցնել։
Սակայն տոկուն էր ոչ թե մարմինս, այլ իմ ոգին։ Իսկ ոգիս տոկուն էր այն պատճառով, որ իմ նախորդ գոյավիճակների ժամանակ կոփվել էր ծանրագույն փորձություններով։ Փորձություններից մեկը երկար ժամանակ մղձավանջի պես հետամուտ էր ինձ։ Դա ոչ սկիզբ ուներ, ոչ էլ վերջ։ Ամեն անգամ ես հայտնվում էի քարքարոտ կղզյակում, որն անդադար ցնցվում էր ալեբախության հարվածների տակ և այնքան ցածր էր, որ փոթորիկի ժամանակ աղաջրի ցայտերն անարգել անցնում էին նրա վրայով։ Այնտեղ միշտ անձրև էր գալիս։ Ես ապրում էի քարե հյուղակում, կարգին տառապում էի կրակ չունենալու պատճառով, և ստիպված էի ուտելիքը ճաշակել հում վիճակում։
Սակայն այդ տառապանքներից բացի, ուրիշ ոչինչ չկար։ Ես, իհարկե, հասկանում էի, որ ընկել եմ իմ կյանքերից ինչ-որ մեկի միջին շրջանը, և ինձ տանջում է այն, որ ես նվազագույն պատկերացում իսկ չունեմ, թե ինչ է եղել առաջ, և թե ինչ պետք է լինի հետագայում։ Եվ քանի որ փոքր մահվան մեջ խորասուզվելով, ես չէի կարող կառավարել ժամանակի մեջ իմ ճանապարհորդությունը, ստիպված էի դարձյալ ու դարձյալ վերապրել այդ ծանր տարիները։ Այդ գոյավիճակի միակ իմ երջանկությունը պարզ օրերն էին. ես տաքանում էի արևի տակ, ու մշտատև ցրտահարությունս անցնում էր։
Իմ միակ զբաղմունքը թիակն էր ու նավաստիական դանակը։ Ես ժամերով նստած, հակված այդ թիակի վրա, խնամքով փորագրում էի պստլիկ տառեր, յուրաքանչյուր ապրած շաբաթը նշելով լայն կտրվածքով։ Այդպիսի կտրվածքները շատ-շատ էին։ Դանակը սրում էի հարթ քարի վրա, և ոչ մի սափրիչ իր սիրելի ածելին այնպես չէր պահում, ինչպես ես՝ այդ դանակը։ Ոչ մի ժլատ մարդ իր գանձերի վրա այնպես չէր դողում, ինչպես ես՝ այդ դանակի։ Կյանքի չափ թանկ էր ինձ համար դանակը։ Այո, փաստորեն հենց դա էլ իմ կյանքն էր։
Այդ կղզին կատարած իմ բազմաթիվ այցելություններից հետո, հայտնվելով իմ մենախցում, ես մի անգամ կարողացա հիշել այն, ինչ փորագրված էր թիակի վրա։ Սկզբում հիշում էի լոկ պատառիկներ, բայց ի վերջո, կարողացա դրանցից կազմել ամբողջական տեքստը։ Ահավասիկ, թե ինչ էր փորագրված այդ թիակի վրա.
«Սա գրված է, որպեսզի նրան, ում ձեռքը կընկնի այս թիակը, հայտնի լինի, որ 1809 թվականին Ֆիլադելֆիա նավահանգստից Բարեկամության կղզիները մեկնող «Առևտրական» բրիգի վրա գտնվող Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիլենդ նահանգի էլքթոնի բնակիչ Դենիել Ֆոսսը, հայտնվել է այս անմարդաբնակ կղզում հաջորդ տարվա փետրվար ամսին, որտեղ նա կառուցել է հյուղակ ու ապրել բազում տարիներ, սնվելով փոկերով. վերոհիշյալ բրիգի անձնակազմից վերջին ողջ մնացած մարդն է նա, իսկ բրիգը զարնվելով լողացող սառցասարին, խորտակվեց 1809 թվականի նոյեմբերի 25-ին» ։
Աչքերիս առջև կարծես տեսնում էի այդ մակագրությունը, որն ինձ օգնեց շատ բան իմանալու իմ մասին։ Սակայն մի մանրամասնություն, որն ինձ բավականին տանջում էր, այնպես էլ չկարողացա պարզել։ Որտե՞ղ է գտնվում այդ կղզին. Խաղա՞ղ օվկիանոսի, թե՞ Ատլանտյան օվկիանոսի ծայրագույն հարավում։ Ես վատ գիտեմ առագաստանավերի երթուղիները և վստահ չեմ, թե «Առևտրականը» Բարեկամության կղզիներն էր նավարկում Հո՞րն հրվանդանի, թե՞ Բարեհուսո հրվանդանի մոտով։ Խոստովանում եմ, իմ տգիտությունն այնքան մեծ էր, որ Ֆոլսեմ բանտում հայտնվելուց հետո միայն ես ի վերջո իմացա, թե ո՞ր օվկիանոսում են գտնվում Բարեկամության կղզիները։ Մարդասպան ճապոնացին, որի մասին ես արդեն պատմել եմ, Արթուր Սյուվոլի մոտ աշխատել է որպես առագաստանավապետ, և նա ինձ ասաց, որ ամենայն հավանականությամբ մեր բրիգը շրջանցել է Բարեհուսո հրվանդանը։ Այս դեպքում, համեմատելով Ֆիլադելֆիայից նավարկելու և նավաբեկության ամսաթվերը, ես կարող էի պարզել այն հարցը, թե ո՞ր օվկիանոսում էի ես գտնվում։ Դժբախտաբար, ինձ հայտնի էր միայն նավարկության սկսելու տարեթիվը։ Նավաբեկությունը կարող էր տեղի ունենալ ինչպես Խաղաղ, այնպես էլ Ատլանտյան օվկիանոսում։
Լոկ մեկ անգամ ինձ վիճակվեց վերապրել կղզում անցկացրած տարիներին նախորդած շրջանի մի մասը։ Ես գիտակցեցի, որ Ֆոսսն եմ այն վայրկյանին, երբ բրիգը զարնվեց լողացող սառցասարի, և ես կպատմեմ, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը, որպեսզի գիտենաք, թե որքան սառնարյուն և գիտակցված էին իմ գործողությունները։ Հատկապես այդ սառնարյունությունն ինձ օգնեց, ինչպես կհամոզվեք, որ ի վերջո, բոլոր իմ ընկերներից միայն ես ողջ մնամ։
Իմ նավախցիկի մահճակալին պառկած քնած էի, երբ արթնացա զարհուրելի մի ճռինչից։ Այդ ձայնն արթնացրեց նաև իմ հերթափոխի մյուս վեց նավաստիներին, ու մենք միաժամանակ ցած թռանք։ Մենք լավ հասկանում էինք, թե ինչ տեղի ունեցավ։ Մյուսները շապկանց նետվեցին տախտակամած։ Բայց ես գիտեի, թե մեզ ինչ է սպասում և առանձնապես չշտապեցի։ Գիտեի, որ միայն վելբոտով կհաջողվի փրկվել։ Ոչ ոք չէր կարողանա այդքան երկար ժամանակ դիմանալ սառցաջրում։ Եվ թեթև հագնված ոչ մի հոգու չէր հաջողվի երկար ժամանակ դիմանալ բաց նավակում։ Բացի այդ, ես շատ լավ գիտեի, թե որքան ժամանակ կպահանջվի վելբոտը ջուրն իջեցնելու համար։
Ուստի կատաղորեն ճոճվող լապտերի աղոտ լույսի և տախտակամածի խառնաշփոթ աղմուկի ու «Խորտակվո՜ւմ ենք» բացականչությունների տակ իմ հին սնդուկից ես սկսեցի հանել տաք զգեստներս։ Գիտենալով նաև, որ ընկերներիս սնդուկներն այլևս նրանց պետք չեն գա, ես դրանք էլ բացեցի։ Աճապարանքով, սակայն առանց գլուխս կորցնելու, ես ընտրեցի ամենատաք զգեստները։ Իրար վրա չորս բրդյա ֆուֆայկա, երեք տաբաթ ու երեք զույգ բրդյա հաստ գուլպաներ քաշեցի վրաս։ Այդ պատճառով էլ սեփական կոշիկներս ոտքիս չեղան։ Ուստի ես հագա Նիքլաս Ուիլսոնի նոր կոշիկները, որոնք ավելի մեծ էին ու ամուր։ Բացի այդ, իմ կուրտկայի վրայից հագա Ջերեմի Նեյլերի կուրտկան, իսկ դրանց վրա նետեցի Սեթ Ռիչարդսի առագաստալաթե թիկնոցը, լավ հիշելով, որ դեռ վերջերս նա նորից ճարպ էր քսել վրան։
Բրդյա ձեռնոցի երկու զույգ, Ջոն Ռոբերտսի վզնոցը, որը նրա համար հյուսել էր մայրը, և իմ գլխարկի վրա Ջոզեֆ Դաուսի կուղբենու գլխարկը (երկուսն էլ ականջակալներով) լրացրին իմ հարդարանքը։ «Խորտակվում ենք» բացականչությունները սաստկացան, բայց ես մեկ րոպե ևս կորցրեցի գրպաններս ծխախոտի փաթեթներով լցնելու համար, որոնք ընկան իմ ձեռքը։ Հետո ես ճիշտ ժամանակին հայտնվեցի տախտակամածում։
Թուխպերի արանքներից երևացող լուսինը լուսավորում էր սոսկալի ու մռայլ մի պատկեր։ Չորս կողմում երևում էին ջախջախված նավասարքերն ու չորս կողմում միայն սառույց էր։ Առագաստները և դեռևս կանգուն մնացած գրոթ-կայմի վանթերը ծածկված էին սառցալուլաների փնջերով։ Այդ ամենը տեսնելով ինձ պարուրեց մի զգացում, որը նման էր թեթևության զգացումի. այլևս ստիպված չեմ լինի քաշել ու ձգել սառցակալած թալերն ու կոտրել սառույցը, որպեսզի եղյամակալած ճոպանները կարողանան անցնել եղյամակալած ճախարակներով։ Մրրկաքամին այրում էր մաշկս. ուրեմն մոտակայքում գտնվում էին լողացող սառցասարեր, իսկ վիթխարի ալիքները լուսնի լույսի տակ սառցալեռներ էին թվում։
Վելբոտը ջուրն իջեցրին ձախ եզրից, ու ես տեսա, թե սառցակալած տախտակամածի վրա պաշարով լի տակառներ գլորող նավաստիները ինչպես թողեցին ամեն գործ, շտապելով փախչել խորտակվող նավից։ Նավապետ Նիքոլը իզուր էր փորձում զսպել նրանց։ Վրա հասած ալիքը վերջ տվեց վիճաբանությանը, և նրանք բոլորը միասին նետվեցին դեպի նավակները։ Ես կառչեցի նավապետի ուսից և գոռացի նրա ականջին, որ պաշարի մասին ինքս հոգ կտանեմ, եթե նա իջնի նավակ ու խանգարի մյուսներին փախչելու։
Սակայն ժամանակը սուղ էր։ Երկրորդ օգնական էյրոն Նորթրապի օգնությամբ ես հազիվ հասցրի վելբոտ իջեցնել ջրով ու ապուխտով լի կես տասնյակ տակառիկներ, երբ նավակում գտնվողները գոռացին, թե իրենք հեռանում են: Ասենք, ժամանակ էլ չկար այլևս։ Հողմածեծ կողմից մեզ վրա էր գալիս վիթխարի մի սառցալեռ, իսկ հակառակ կողմից, շատ մոտիկ կախված էր մեկ ուրիշ սառցալեռ, և քամին մեզ քշում էր ուղիղ նրա վրա։
Էյրոն Նորթրապն առանց հապաղելու ցած թռավ, իսկ ես մի պահ կանգնեցի, թեև վելբոտն արդեն հեռանում էր, որպեսզի ընտրեմ մի այնպիսի տեղ, ուր մարդիկ խիտ էին նստել, ու նրանց մարմինները մեղմացնեին իմ անկումը։ Ինձ չէր հրապուրում այդպիսի վտանգավոր ճանապարհորդությունը կոտրված ձեռքով կամ ոտքով։ Ջանալով չխանգարել թիավարներին, ես արագ անցա դեպի նավախելը, որտեղ նստարաններ չկային։ Այդ առումով ես իմ տեսակետն ունեի։ նախ՝ այնտեղ ավելի հարմար կարելի էր տեղավորվել, քան նեղլիկ քթում։ Եվ ապա՝ գիտեի, որ նման իրադրության մեջ անպայմանորեն կսկսվեն ինչ-որ թյուրիմացություններ և կամենում էի տեղավորվել սպաների կողքին։
Նավախելում տեղավորվել էին ավագ օգնական Ուոլտեր Դեյքենը, նավի բժիշկ Առնոլդ Բենթամը, էյրոն Նորթրապն ու ղեկը բռնած նավապետ Նիքոլը։ Բժիշկն զբաղված էր Նորթրապով, որը նավակի հատակին պառկած տնքում էր։ Չմտածված թռիչքը նրա վրա թանկ էր նստել։ Նորթրապը կոտրել էր իր աջ ոտքը։
Սակայն նրանով զբաղվելու ժամանակ չկար, մենք գտնվում էինք իրար մոտեցող սառցալեռների արանքում մոլեգնող ալիքների մեջ։
Թիավար Նիքլաս Ուիլթոնը շարժվելու տեղ չուներ, և ես տակառիկները մի կողմ քշելով, ծնկի եկա նրա դիմաց ու մարմնիս ամբողջ ծանրությամբ ընկա նրա թիակին։ Առջևում Ջոն Ռոբերտսն էլ սեղմեց նավաքթի թիակը։ Արթուր Հասքինսը և յունգ Բեննի Հարդուոթերը տեղավորվելով նրա հետևում, օգնեցին թիավարելու։ ճիշտն ասած, ամբողջ անձնակազմը ջանում էր օգնել թիավարողներին և դրանով իսկ միայն խանգարում էր նրանց։
Քիչ էր մնում բոլորս էլ զոհվեինք, մեզ փրկեց ընդամենը հարյուր յարդը, բայց երբ բարեհաջող դուրս պրծանք, ես նայեցի ետ ու տեսա մեր «Առևտրականի» անժամանակ վախճանը։ Սառցասարերը երկու կողմից սեղմեցին ու ճզմեցին նավն այնպես, ինչպես փոքրիկ տղայի մատների արանքում ճզմվում է հատապտուղը։ Քամու և ալիքների ոռնոցը խլացրել էր բոլոր ձայները, թեև ջարդվող շպանգոութների և բիմսերի ճռինչը հավանաբար ոտքի կհաներ քնած մի քաղաք։
Եվ ահա, ասես անաղմուկ, առանց որևէ դիմադրության, բրիգի եզրերը մոտեցան իրար. տախտակամածը փչկեց, և բեկորները անհետացան իրար զարնվող սառցալեռների միջև։ Այդքան ժամանակ տարերքի կատաղությունից մեզ պատսպարող նավի կործանումը տխրեցրեց ինձ, բայց միևնույն ժամանակ ես հաճույքով էի զգում այն ջերմությունը, որ պարուրել էր մարմինս չորս ֆուֆայկայի և երեք կուրտկայի մեջ։
Սակայն նույնիսկ ես սառեցի այդ գիշեր, թեև մակույկում գտնվողներից ամենատաքը ես էի հագնված։ Չեմ ուզում գրել իմ մյուս ընկերների տառապանքների մասին։ Մենք վախենում էինք, որ խավարում դարձյալ կզարնվենք լողացող մի սառցասարի, և ամբողջ գիշեր վելբոտի քիթը պահելով ալիքներին հանդիման, դատարկում էինք հատակին կուտակված ջուրը։ Եվ գրեթե ամբողջ ժամանակ մերթ մի ձեռնոցով, մերթ՝ մյուս, ես շփում էի քիթս, վախենալով, թե հանկարծ կցրտահարվի։ Եվ բացի այդ, աղոթում էի, քանի որ դեռ չէի մոռացել այն տարիները, որոնք անց էի կացրել Էլքտոնում, հարազատներիս միջավայրում։
Առավոտյան մի քիչ ուշքի եկանք։ Չհաշված երկու-երեք հոգու, մյուսները բոլորն էլ ցրտահարվել էին։ Էյրոն Նորթրապը անշարժ պառկած էր. ոտքը սոսկալի վիճակում էր։ Բժշկի կարծիքով նրա երկու թաթերն էլ ցրտահարվել էին։
Ծանրաբեռնված վելբոտը ջրի մեջ շատ խորն էր նստած։ Նավակում տեղավորվել էր ամբողջ նավի անձնակազմը՝ քսանմեկ հոգի։ Երկուսը դեռ փոքրիկ տղաներ էին։ Բեննի Հարդուոթերի տասներեք տարին հազիվ էր լրացել, իսկ Լիշ Դիքերը, էլքթոնցի իմ հարևանը, տասնյոթ տարեկան էլ չէր լինի։ Մեր պաշարը բաղկացած էր երեք հարյուր ֆունտ աղ դրած մսից և երկու հարյուր ֆունտ խոզապուխտից։ Կես դյուժին ցորենի բոքոնները, որ վերցրել էր նավի խոհարարը, հաշվի մեջ չէին, որովհետև թրջվել էին ծովաջրից։ Բացի այդ, երեք տակառիկ ջուր և մի փոքրիկ տակառով էլ գարեջուր ունեինք։
Նավապետ Նիքոլը ազնվորեն խոստովանեց, որ օվկիանոսի այս չհետազոտված մասում, որքան հայտնի է իրեն, ոչ մի կղզի չկա։ Մեզ մնում էր միայն հասնել ավելի մեղմ կլիմա ունեցող լայնություններ։ Ուստի, փոքրիկ առագաստը բարձրացնելով, մենք վելբոտը շրջեցինք, ու օգտվելով համընթաց քամուց, նավարկեցինք դեպի հյուսիս-արևելք։
Սննդամթերքի բաժանման հարցը զուտ թվաբանական խնդիր էր. Էյրոն Նորթրապին մենք չհաշվեցինք, քանզի բոլորի համար էլ պարզ էր, որ նա երկար չի դիմանա։ Հետևաբար, եթե յուրաքանչյուրին մեկական ֆունտ օրապահիկ տրվի, ապա հինգ հարյուր ֆունտ ապուխտը կբավականացնի քսանհինգ օր։ Կես ֆունտ օրապահիկի դեպքում՝ հիսուն օր։ Որոշեցինք օրապահիկը բաժանել կեսական ֆունտով։ Նավապետի հսկողության տակ ես միսը կտրատեցի ու բաժանեցի բոլորին, և աստված է վկա, որ այդ գործը ազնվաբար կատարեցի, թեև նավաստիներից մեկը հենց սկզբից էլ սկսեց փնթփնթալ։ Բացի այդ, ես հաճախ մյուսներին բաժանում էի այն ծխախոտը, որը հասցրել էի տեղավորել իմ անհամար գրպաններում, թեև այդ բանն անում էի ափսոսանքով, հատկապես, երբ գիտեի, որ նա, ում տալիս էի հերթական բաժինը, միևնույն է, երկու-երեք օր հետո մեռնելու է։
Այո, մահն այցելում էր մեր բաց նավակը։ Մարդկանց սպանում էր ոչ թե քաղցը, այլ անտանելի ցուրտը, որից պաշտպանվելու տեղ չկար։ Դիմանալ կարողացան առավել ամրակազմներն ու հաջողակները։ Իմ առողջությունն ամուր էր, և ինձ կարող էի հաջողակ համարել. չէ՞ որ տաք էի հագնված ու Էյրոն Նորթրապի պես ոտքս չէի ջարդել։ Ի դեպ, նա այնքան ուժեղ էր, որ չնայած առաջին գիշերվա խիստ ցրտահարությանը, կարողացավ մի քանի օր դիմանալ։ Առաջինը մեռավ Վանս Հաթուեյը, լուսադեմին մենք տեսանք, որ նա երկտակված ու սառած ընկել է նավաքթին։ Հաջորդը մեռավ Յունգ Լիշ Դիքերը, մյուս Յունգը՝ Բեննի Հարգուոթերը կարծեմ դիմացավ տասը կամ տասներկու օր։
Սառնամանիքն այնքան սաստիկ էր, որ մեր ջուրն ու գարեջուրը սառել էին, և ես դժվարանում էի Նորթրապի ծալովի դանակով օրապահիկը բաժանել հավասար մասերի։ Այդ կտորները դնում էինք բերաններս ու ծծում։ Եվ, բացի այդ, երբ ձնաբուքն սկսվեց, մեր տրամադրության տակ որքան ասեք ձյուն կար։ Սակայն ինչ օգուտ դրանից, ձյուն ուտողների բերանը բորբոքվում և չորանում էր, ու նրանք ագահորեն ուզում էին ջուր խմել։ Իսկ այդպիսի ծարավը ոչնչով հագեցնել հնարավոր չէր։ Երբ մարդ սկսում էր ծծել սառույցը կամ ձյունը, բորբոքումը միայն սաստկանում էր։ Վստահ եմ, որ Լիշ Դիքերը հենց դրանից էլ մեռավ։ Նախքան մեռնելը, նա ամբողջ օրը զառանցում էր։ Մեռնելիս, նա ջուր էր խնդրում, թեև բնավ էլ ջրի պակասը չէր նրա մեռնելու պատճառը։ Որքան կարող էի, ես դիմադրում էի գայթակղությանը և սառույց ծծելու փոխարեն, ջանում էի ծխախոտ ծամել, ու այդ պատճառով էլ խուսափեցի բորբոքումից։
Դիակների վրայից մենք հանում էինք հագուստները։ Նրանք մերկ ծնվել էին այս աշխարհում և մերկ էլ գնում էին, վելբոտի եզրից ընկղմվելով օվկիանոսի մութ, սառը ալիքների մեջ։ Նրանց հագուստը վիճակ հանելով էինք իրար մեջ բաժանում։ Այդպես էր կարգադրել նավապետ Նիքոլը, հնարավոր վեճերը կանխելու նպատակով։
Այսպիսի իրադրության մեջ հիմա զգացմունքայնությունը բնավ էլ տեղին չէր. և մեր մեջ չկար մի այնպիսի մարդ, որը թաքուն հրճվանք չապրեր, երբ մեկնումեկը մեռնում էր։ Վիճակահանության ժամանակ ամենից շատ Այզրել Սթեքնիի բախտն էր բանում, այնպես որ, երբ նա էլ մեռավ, հագուստի մի վիթխարի կույտ մնաց, որը երկարացրեց նրանց կյանքը, ովքեր դեռ ողջ էին։
Մենք շարունակում էինք նավարկել դեպի հյուսիս-արևմուտք, օգտվելով արևմտյան համընթաց քամուց, սակայն եղանակը առաջվա պես ցուրտ էր. Նավակի հատակին ջրացայտերը սառչում էին, ու ես դեռ ստիպված էի լինում Նորթրապի դանակով կոտրատել ջուրն ու գարեջուրը։ Սեփական դանակս ջանում էի խնայել, դա պողպատե սուր սայրով հրաշալի մի դանակ էր, ես բնավ էլ չէի կամենում սայրը բթացնել սառույցը փշրելիս։
Այդ ընթացքում անձնակազմի կեսն արդեն հուղարկավորվել էր օվկիանոսում, վելբոտի վտանգավոր ծանրաբեռնվածությունը նվազել էր ու հանկարծահաս հողմերն այլևս չէին սպառնում խորասուզել մեզ։ Եվ բացի այդ, տեղ էլ բացվեց և այժմ կարելի էր հարմարավետ պառկել ու քնել։
Սակայն մեր խղճուկ օրապահիկը մշտական դժգոհությունների առիթ էր դառնում։ Նավապետը, ավագ օգնականը, բժիշկն ու ես այդ հարցը մեր մեջ քննարկելով, վճռեցինք պահպանել կեսֆունտանոց բաժինները։ Թոբիաս Սնոուի գլխավորությամբ յոթ նավաստի հայտարարեցին, թե քանի որ անձնակազմի կեսը ցրտահարվել է, ուրեմն, ողջերին կարելի է արդեն կրկնակի օրապահիկ տալ, յուրաքանչյուրին մեկական ֆունտ միս։ Այդ առաջարկին մենք, նավախելում գտնվողներս, առարկեցինք, ասելով, որ կես ֆունտով բավարարվելու դեպքում մենք կրկնապատկում ենք մեր փրկության հավանականությունը։
Ճիշտ է, տասը ունցիա ապուխտը քիչ էր հարատև սառնամանիքի պայմաններում ապրելու համար։ Մենք շատ էինք թուլացել ու հեշտությամբ էինք ցրտահարվում։ Մեր ցրտահարված քթերն ու այտերը բոլորովին սևացել էին, մեզ ոչ մի կերպ չէր հաջողվում տաքանալ, թեև հիմա մեզնից ամեն մեկը երկու անգամ ավելի տաք էր հագնված, քան սկզբում։
«Առևտրականի» նավաբեկությունից հինգ շաբաթ անց, պաշարի բաժանումից ստեղծված դժգոհությունները հանգեցրին բացահայտ ընդհարումի։ Երբ ես քնած էի (դա պատահեց գիշերը), նավապետ Նիքոլը Ջուդ Հեթչքինսին բռնել էր տակառից ապուխտ գողանալիս։ Ինչպես տեղնուտեղը պարզվեց, նրան հրահրել էին մյուս հինգ հոգին։ Հենց որ Ջուդ Հեթչքինսին նավապետը բռնեց, վեցն էլ դանակներով զինված հարձակվեցին մեզ վրա։ Տեղի ունեցավ կարճատև ու կատաղի մի գոտեմարտ աստղերի աղոտ ու դալուկ լույսի տակ, և միայն հրաշքով վելբոտը չշրջվեց։ Իմ ֆուֆայկաներն ու կուրտկաները դարձյալ փրկեցին ինձ, ծառայելով որպես զրահ։ Դանակները լռվում էին հագուստներիս մեջ և թեթևակիորեն միայն քերծում մաշկս, թեև հետո ես մոտ մեկ դյուժին այդպիսի քերծվածքներ հաշվեցի։
Մյուսների հագուստներն էլ էին ծառայում որպես պաշտպանական հուսալի զրահ, և պայքարը կավարտվեր ոչ-ոքի, եթե ավագ օգնական Ուոլտեր Դեյքենը, վիթխարի և ուժեղ այդ մարդը, չառաջարկեր գործը մեկընդմիշտ ավարտել, ըմբոստներին վելբոտից ծովը նետելով։ Նրան զորավիգ եղանք նավապետ Նիքոլը, բժիշկն ու ես, և մի ակնթարթում վեցից հինգն արդեն թփրտում էին ջրում, հուսահատորեն կառչելով վելբոտի եզրերից։ Նավապետ Նիքոլն ու բժիշկը բռնեցին վեցերորդ նավաստուն՝ Ջերեմի Մեյլերին, և արդեն պատրաստվում էին նրան էլ մյուսների հետևից նետել, իսկ ավագ օգնականը կարթաձողով հարվածում էր նավեզրին կառչած մատներին։ Ես մնացի առանց գործի ու այդ պատճառով ականատես եղա Դեյքենի սոսկալի մահվանը։ Երբ նա կարթաձողը բարձրացրեց, որպեսզի հարվածի Սեթ Ռիչարդսի մատներին, սա մինչև պարանոցը խորասուզվեց ջրի մեջ, իսկ հետո թափով վեր նետվեց, մինչև գոտկատեղը բարձրացավ նավեզրի վրա, գրկեց ավագ օգնականի ուսերն ու իր հետ քարշ տվեց դեպի օվկիանոս։ Կարծում եմ, որ նա այնպես էլ չթողեց Դեյքենին, և նրանք երկուսն էլ խեղդվեցին հավիտենական գրկախառնությամբ։
Այսպիսով, ամբողջ անձնակազմից ողջ մնացինք միայն երեքս. նավապետ Նիքոլը, Առնոլդ Բենթամը (բժիշկը) և ես։ Երկու-երեք րոպեի ընթացքում յոթ հոգի զոհվեցին այն պատճառով, որ Ջուդ Հեթչքինսի մտքով ապուխտ գողանալ էր անցել։ Իսկ ես ափսոսում էի, որ զուր տեղը ծովում այդքան լավ հագուստներ կորան։ Դրանք մեզնից յուրաքանչյուրին էլ շատ պետք կգային։
Նավապետ Նիքոլն ու բժիշկը Լավ և ազնիվ մարդիկ էին: Երբ մեզնից երկուսը քնած էին լինում, ղեկի առջև նստած երրորդը հեշտությամբ կկարողանար գողանալ ապուխտի մի մասը, բայց նման դեպք երբեք չպատահեց։ Մենք լիակատար վստահություն էինք տածում իրար նկատմամբ և պատրաստ էինք մեռնելու, միայն թե արդարացնեինք այդ վստահությունը։
Մենք շարունակում էինք սահմանափակվել օրական կես ֆունտ մսով և օգտվում էինք համընթաց քամու ամեն մի պոռթկումից, որպեսզի շարժվենք դեպի հյուսիս։ Բայց միայն հունվարի 14-ին, մեր բբիգի խորտակումից յոթ շաբաթ հետո, վերջապես եղանակը մի փոքր կոտրվեց։ Չի կարելի, իհարկե, ասել, թե իսկապես եղանակը տաքացավ. պարզապես սառնամանիքը դադարեց առաջվա նման կատաղի լինելուց։
Այստեղ արևմտյան չափավոր քամիները մեղմացան, և օրեր շարունակ մենք պտույտ էինք գալիս նույն տեղում: Մեծ մասամբ մեռյալ անհողմություն էր կամ էլ երբեմն հակառակ ուղղությամբ թեթև քամիներ էին փչում, որոնք հաճախ մի քանի ժամով սաստկանում և մեզ քշում էին ետ: Մենք շատ էինք ուժասպառվել և չէինք կարող թիավարելով այդքան մեծ վելբոտը առաջ շարժել։ Մեզ մնում էր միայն խնայել պաշարն ու սպասել աստծու ողորմածությանը։ Երեքս էլ հավատացյալներ էինք և ամեն օր ուտելիքը բաժանելուց առաջ միաձայն աղոթում էինք։ Բացի այդ, շատ հաճախ մենք աղոթում էինք նաև առանձին-առանձին։ Հունվարի վերջին մեր պաշարը գրեթե սպառվեց։ Խոզապուխտը շատ վաղուց էինք կերել-վերջացրել, իսկ ազատված տակառիկում անձրևաջուր էինք հավաքում։ Աղը դրած մսից էլ ընդամենը մի քանի ֆունտ էր մնացել։ Եվ բաց վելբոտում անցկացրած ինը երկար ու ձիգ շաբաթների ընթացքում մենք չտեսանք ոչ մի առագաստ, մեզ չհանդիպեց ցամաքի և ոչ մի նշույլ։ Նավապետ Նիքոլը առանց թաքցնելու խոստովանեց, որ վաթսուներեք օր տևող նավարկությունից հետո նա գաղափար նույնիսկ չունի, թե որտեղ ենք գտնվում։ Փետրվարի 12-ին մենք կերանք մսի վերջին պատառը։ Ես բաց կթողնեմ հետագա ութ օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքերի մեծ մասը, և կհիշատակեմ միայն այն մանրամասները, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի մարդիկ էին իմ ընկերները։ Մենք այնքան երկար էինք կիսաքաղց ապրել, որ հիմա, երբ ուտելիքը վերջացավ, այլևս ուժ չէր մնացել ու սկսեցինք շատ արագ թուլանալ։
Փետրվարի 24-ին մենք անվրդով քննարկեցինք ստեղծված դրությունը։ Երեքս էլ քաջակորով, համառ, կյանքը սիրող մարդիկ էինք և մեզնից ոչ ոք մեռնել չէր ուզում։ Մեզնից ոչ ոք չէր ուզում կամավոր զոհել իրեն հանուն մյուս երկուսի։ Բայց մենք համաձայնության եկանք հետևյալի վրա. մեզ ուտելիք է պետք։ Դրա համար վիճակ ենք գցելու, և վիճակը կգցենք հաջորդ օրը միայն, եթե համընթաց քամի չփչի։
Հետևյալ առավոտ փչեց համընթաց քամի. թույլ քամի էր, բայց համաչափ, և մեզ հաջողվեց, ճիշտ է, կրիայի քայլերով, շարժվել երկու հանգույց դեպի հյուսիս։ Փետրվարի 26-ին և 27-ին քամին շարունակվեց, ու թեև մենք սոսկալի ուժասպառ էինք եղել, բայց և այնպես նավարկությունը շարունակելու մեր որոշումից չնահանջեցինք։ Սակայն փետրվարի 28-ի առավոտյան մենք հասկացանք, որ ժամը վրա է հասել։ Վելբոտը թույլ տատանվում էր մեռյալ ջրի վրա, և կապարագույն երկինքը քամի չէր խոստանում։ Իմ կուրտկայից ես առագաստալաթի երեք հավասարաչափ շերտ կտրեցի, որոնցից մեկում դարչնագույն թելիկ կար։ Հենց դա էլ ճակատագրական վիճակն էր։ Հետո ես այդ երեք վիճակները դրեցի իմ գլխարկի մեջ և ծածկեցի նավապետ Նիքոլի գլխարկով։
Ամեն բան արդեն պատրաստ էր, բայց մենք դեռ դանդաղում էինք, լռելյայն աղոթելով, քանզի հավատում էինք, որ վճիռը կայացնելու է աստված։ Ես գիտեի, թե ինչ արժե իմ առաքինությունը, և չէի կարողանում կռահել, թե աստված ինչպես պետք է կատարի իր ընտրությունը այսքան կարևոր գործում և այսքան համահավասար հանգամանքներում։
Առաջինը վիճակ հանեց նավապետը. դա նրա օրինական իրավունքն էր։ Ձեռքը մտցնելով գլխարկի մեջ, նա մի փոքր հապաղեց, աչքերը փակ իր վերջին աղոթքը շշնջալով։ Նրա քաշած շերտիկում դարչնագույն թելը չկար, և դա արդարամիտ էր, ես չէի կարող յուրովի չխոստովանել, որ այդպիսի վճիռը ճշմարիտ է, քանզի շատ լավ գիտեի նավապետ Նիքոլի ապրած կյանքը և ճանաչում էի նրան որպես ազնիվ, արդարամիտ ու աստվածավախ մարդու։
Մնացինք բժիշկն ու ես։ Ուրեմն, վիճակը կընկնի կամ նրան, կամ ինձ։ Նավի օրենքների համաձայն երկրորդը նա էր վիճակը հանելու։ Մենք դարձյալ սկսեցինք աղոթել և աղոթելիս ես հիշողությանս մեջ սկսեցի քրքրել իմ ողջ կյանքը և այն ամենը, ինչ արժանավոր ու անարժան էր դարձնում ինձ աստծո ողորմածության առաջ։
Գլխարկը դրեցի ծնկներիս ու դարձյալ ծածկեցի նավապետ Նիքոլի գլխարկով։ Բժիշկը ձեռքը մտցրեց ու միառժամանակ խաղացնում էր մատները, իսկ ես մտածում էի, թե հնարավո՞ր է արդյոք շոշափելով զանազանել այդ դարչնագույն թելը ամբողջ շերտիկից։
Վերջապես, ձեռքը դուրս քաշեց։ Նա բռնել էր դարչնագույն թելով կտորի շերտը։ Ու ես խոնարհաբար շնորհակալություն հայտնեցի աստծուն իմ նկատմամբ նրա ցուցաբերած ողորմածության համար ու վճռեցի առավել հավատարմորեն հետևել նրա բոլոր պատվիրաններին։ Իսկ հաջորդ պահին ես մտածեցի, որ բժիշկն ու նավապետը իրենց դիրքով ավելի մոտիկ են կանգնած միմյանց, քան ինձ, և ըստ երևույթին հիմա որոշակի հիասթափություն են ապրում։ Բայց և անմիջապես վստահություն զգացի նրանց նկատմամբ։ Երկուսն էլ հիրավի լավ մարդիկ էին և ընդունված վճռից չեն նահանջի։
Ես իրավացի էի։ Բժիշկը մերկացրեց ձեռքը, դանակը վերցրեց ու պատրաստվեց զարկերակը բացելու։ Սակայն, սկզբից նա մեզ դիմեց հետևյալ խոսքերով.
- Ես Վիրջինիայի Նորֆոլք քաղաքի բնակիչ եմ, և այնտեղ ինձ են սպասում կինս ու երեք երեխաներս, Ձեզնից մի բան եմ խնդրում միայն։ Եթե աստված բարեհաճություն կցուցաբերի ձեր նկատմամբ, փրկելով կործանումից, և դուք կարողանաք հայրենիք վերադառնալ, ապա իմ դժբախտ ընտանիքին հայտնեցեք մահվանս մասին։
Հետո, նա խնդրեց մի քանի րոպե ժամանակ տալ իրեն, որպեսզի աղոթել կարողանա։ Ոչ նավապետ Նիքոլը և ոչ էլ ես խոսելու ուժ չունեինք և միայն արցունքի միջից ի նշան համաձայնության գլխով արեցինք։
Անկասկած, մեր երեքիս մեջ միայն Առնոլդ Բենթամն էր կարողանում տիրապետել իրեն։ Ես հոգեկան ծանր տառապանքներ էի ապրում և համոզված եմ, որ նավապետ Նիքոլը ինձնից պակաս չէր տառապում։ Բայց ուրիշ ի՞նչ էր մեզ մնում անելու։ Այլ ելք չկար, ամեն բան կատարված էր ազնվորեն ու արդար, և վճռված էր աստծո կողմից։
Բայց երբ Առնոլդ Բենթամն ավարտեց նախապատրաստական գործերն ու դարձյալ ձեռքն առավ դանակը, ես չկարողացա այլևս զսպել ինձ ու գոչեցի.
- Սպասեք։ Մենք այնքան ենք դիմացել, որ կկարողանանք մի քիչ էլ դիմանալ։ Հիմա առավոտ է։ Սպասենք մինչև երեկո։ Այն ժամանակ միայն, երբ մեր այս սոսկալի ճակատագրում ոչ մի փոփոխություն չլինի, կատարեցեք այն Առնոլդ Բենթամ, կատարեցեք այն, ինչ մենք պայմանավորվել ենք։
Նա հայացքը հառեց նավապետ Նիքոլին, սպասելով համաձայնության, բայց նավապետ Նիքոլը միայն գլխով արեց: Բենթամը ոչ մի բառ չարտասանեց, սակայն նրա սառը, արցունքով լի մոխրագույն աչքերում ես կարդացի անսահման երախտագիտություն։
Այն, որ ես ու նավապետ Նիքոլը օգտվելու էինք Առնոլդ Բենթամի վիճակահանությամբ վճռված մահից, ինձ հանցագործություն չէր թվում։ Ես հավատում էի, որ մեր արարքները ղեկավարող կյանքի սերը մեր հոգիների մեջ է ներարկված աստծո կողմից։ Այդպիսին է եղել աստծո կամքը, և մենք, նրա կողմից ստեղծվածներս, կարող էինք միայն հնազանդվել նրան և հեզությամբ կատարել այն։ Սակայն աստված ողորմած է և իր ողորմածությամբ մեզ փրկեց այդքան սոսկալի, թեև արդարամիտ արարմունքից։
Քառորդ ժամ չանցած մեր այտերը խայթեց արևմտյան սառը և խոնավ քամին։ Եվ հինգ րոպե անց մեր առագաստը փքվեց, ու Առնոլդ Բենթեմը նստեց ղեկի առաջ։
- Խնայեք դեռևս պահպանված ձեր ուժերը, - ասաց նա։ - Թույլ տվեք ես ծախսեմ իմ վերջին ուժերը, որպեսզի ավելանա ձեր փրկության հնարավորությունը։
Եվ նա ղեկավարում էր վելբոտը, քանի դեռ փչում էր քամին, իսկ ես ու նավապետ Նիքոլը նավակի հատակին պառկած և ընդարմացած, երազներ էինք տեսնում աշխարհում մեզ համար ամենաթանկ բաների մասին։
Քամին աստիճանաբար սաստկանում էր, և շուտով երկնքում սլացող ամպերից կռահեցինք, որ փոթորիկ է մոտենում։ Կեսօրին Առնոլդ Բենթեմը ուշաթափ ընկավ ղեկի վրա, բայց նախքան վելբոտը կհասցներ պտտվել մոլեգնած ալիքների մեջ, ես ու նավապետ Նիքոլը թուլացած ձեռքերով կառչեցինք ղեկից։ Աճապարանքով պայմանավորվեցինք հետագայի մասին, և ինչպես առաջինի իրավունքով նավապետ Նիքոլը վիճակ հանեց, այնպես էլ հիմա առաջին հերթին նա կանգնեց ղեկի առջև։ Հետո յուրաքանչյուր քառորդ ժամին երեքով փոխարինում էինք իրար։ Մենք այնպես էինք թուլացել, որ քառորդ ժամից ավելի այլևս չէինք դիմանում և ուժասպառվում էինք։
Իրիկնադեմին ծովն սկսեց սաստիկ հուզվել։ Եթե մեր դրությունը այսքան հուսահատական չլիներ, մենք պետք է վելբոտը շրջեինք քամուն համընթաց, նետեինք լողացող խարիսխը և անցնեինք դրեյֆի։ Բավական էր քամին կողքից փչեր, և վիթխարի, սպիտակափրփուր ալիքներն անպայման կշրջեին մեր տաշտակը։
Ամբողջ օրը Առնոլդ Բենթեմը հանուն մեր կյանքի փրկության աղերսում էր լողացող խարիսխ նետել։ Նա հասկանում էր, որ մենք շարունակում ենք առագաստը պարզած նավարկել, հուսալով, թե հանկարծ, պատահականությունը հնարավորություն կտա մոռանալ վիճակահանության մասին։ Բժիշկը ազնիվ մարդ էր։ Եվ նավապետ Նիքոլը, որի սառը, մոխրագույն աչքերը դարձել էին պողպատյա, նույնպես ազնիվ մարդ էր։ Եվ այդպիսի ազնիվ մարդկանց միջավայրում ես ինչպե՞ս կարող էի նվազ ազնիվ լինել։ Այդ օրը բազում անգամներ ես շնորհակալություն հայտնեցի աստծուն, որ նա հնարավորություն տվեց ինձ ճանաչելու այդպիսի երկու հոգու։ Նրանց վրա էր աստվածային շնորհը, և որպիսին էլ լիներ ճակատագիրս, ես նախօրոք վարձատրված էի նրանց ընկերակցությամբ։ Նրանց պես ես էլ չէի կամենում մեռնել, բայց և մահից էլ չէի վախենում։ Թռուցիկ կասկածներս անհետ շոգիացել էին։ Դաժան էր մեր կրած փորձությունը, դաժան էին այդ մարդիկ, սակայն հիրավի ազնիվ էին ու աստծո կողմից, հիրավի, ընտրյալներ։
Առաջինը ես տեսա։ Ես նստած էի ղեկի առջև, իսկ մոտալուտ մահվան հետ հաշտված Առնոլդ Բենթեմը և դրա հետ հաշտվելու պատրաստ նավապետ Նիքոլը պառկել էին վելբոտի հատակին և նրանց մարմինները գլորվում էին մի եզրից դեպի մյուսը, ասես իմ առաջ արդեն ննջեցյալներ էին ու ոչ թե ողջ մարդիկ, ու հանկարծ տեսա։ Քամու հոսանքի մեջ ընկած վելբոտը խոյացավ ալիքի փրփրոտ բաշի վրա, և հենց իմ դիմաց ես տեսա ժայռոտ մի կղզի, որը կարծես հիմքից ցնցվում էր կատաղի ալիքների հարվածների տակ։ Մինչև կղզին կես մղոնից պակաս տարածություն հազիվ թե լիներ։ Ես այնպես բղավեցի, որ իմ երկու ընկերները, դժվարությամբ կառչելով նավակի եզրերից, ծնկի ելան ու հայացքները հառեցին առջևում տարածված ցամաքի շերտին։
- Ղեկը պահիր ուղիղ դեպի կղզին, Դենիել, - ընդհատ շշուկով հրամայեց նավապետ Նիքոլը։ - Թերևս այնտեղ ծովախորշ լինի։ Դա մեր փրկության միակ հնարավորությունն է։
Հաջորդ անգամ ես նրա ձայնը լսեցի, երբ արդեն մոտեցել էինք սոսկալի, հողմածեծ ափին, որտեղ ոչ մի ծովախորշ չէր երևում։
- Ղեկը պահիր դեպի կղզին, Դենիել։ Մենք այնքան ենք ուժասպառվել, որ չենք կարողանա մոտենալ քամուն և ալիքներին հանդիման, եթե հանկարծ մեզ քշի տանի կղզու մոտով։
Նա իրավացի էր։ Ես ենթարկվեցի։ Նա հանեց իր ժամացույցն ու նայեց ժամը, և ես հարցրեցի, թե քանիսն է։ Ժամը հինգն էր։ Նավապետը ձեռքը պարզեց Առնոլդ Բենթեմին, որը շատ թույլ սեղմեց, միաժամանակ նրանք նայեցին իմ կողմը, ինձ ևս մասնակից դարձնելով իրենց ձեռքսեղմումին։ Եվ հասկացա, որ մենք իրար հրաժեշտ ենք տալիս, քանզի այսպես թուլացած ու տանջված, մենք չէինք կարող երազել նույնիսկ, թե կկարողանանք ողջ-առողջ անցնել խութերի արանքներով, որտեղ մոլեգնել էր ջուրը, ու մագլցել նրանցից այն կողմ գտնվող զառիթափ ժայռերը։
Ափից քսան ֆուտի վրա վելբոտը դադարեց ղեկին հնազանդվելուց։ Մի պահ ևս, ու վելբոտը շրջվեց, իսկ ես հայտնվեցի ալիքների մեջ։ Այլևս իմ ընկերներին չտեսա։ Բարեբախտաբար, ինձ ջրի վրա էր պահում նավախելի թիակը, որը դեռևս ամուր բռնել էի, և շնորհիվ չտեսնված ու չլսված հաջողության, ալիքը որսալով ինձ անհրաժեշտ րոպեին ու անհրաժեշտ վայրում, նետեց դեպի այդ սոսկալի ափի միակ լերկ ժայռի ամայի լանջին։ Ես վնասվածքներ չստացա։ Գլուխս էր միայն պտտվում թուլությունից, բայց և այնպես կարողացա առաջ սողալ դեպի այնտեղ, ուր չէին հասնում վիթխարի ալիքները։
Ես ոտքի կանգնեցի, գիտենալով, որ փրկված եմ, ու երերալով, փառք տվեցի աստծուն։ Վելբոտն արդեն փշուր-փշուր էր եղել ու, թեև ինձ չվիճակվեց տեսնել նավապետ Նիքոլի ու Առնոլդ Բենթեմի մարմինները, ես կռահեցի, թե որքան այլանդակված պետք է լինեն դրանք։ Ժայռի եզրին, որտեղ փրփրում էին ալիքները, ես տեսա թիակն ու կյանքս վտանգելով, մոտ քաշեցի։ Իսկ հետո ծնկի եկա, զգալով, որ գիտակցությունս կորցնում եմ։ Բայց և այնպես, նախքան լրիվ ինձ կորցնելս, նավաստու բնազդի թելադրանքով, ինքս ինձ ստիպեցի սողալ մարմինս ծվատող սուր-սուր քարերի վրայով դեպի վիթխարի ալիքների տիրապետությունից այն կողմ, և միայն այնտեղ գիտակցությունս վերջնականապես լքեց ինձ։
Քիչ մնաց, որ հենց այդ գիշեր մեռնեի, ինձ պատել էր մի անզգա վիճակ ու երբեմն միայն մարմինս ապրում էր սառցային ցուրտն ու մինչև ուղնուծուծը թափանցող խոնավությունը, որոնցից ոչինչ չէր պաշտպանում ինձ։ Առավոտն իր հետ բերեց անասելի մի սարսափ: Օվկիանոսի հատակից ելնող այդ լերկ ժայռի վրա ես ոչ թուփ տեսա և ոչ էլ խոտ: Իմ առջև քառորդ մղոն լայնքով ու կես մղոն երկարությամբ մի քարաստան էր ձգված: Տանջահար մարմինս պնդացնելու ոչինչ չկար այնտեղ։ Ինձ տանջում էր ծարավը, սակայն խմելու ջուր ոչ մի տեղ չկար: Ես իզուր, բերանս այրելով, փորձում էի քարերի արանքներում եղած փոսերի մեջ կուտակված ջուրը, որն աղի էր, քանզի փոթորիկը կղզին չորս կողմից պատել էր աղի ջրացայտերի թուխպերով:
Վելբոտից ոչինչ, նույնիսկ տաշեղ չէր մնացել: Վրաս միայն իմ հագուստն էր, ձեռքիս` հրաշալի դանակն ու այն թիակը, որ ես կարողացել էի ժամանակին դուրս քաշել ալեբախության սահմաններից այս կողմ: Փոթորիկն սկսեց մեղմանալ, և ամբողջ օրն ընկնելով ու ոտքի կանգնելով, սողալով չորեքթաթ, այնպես որ արմունկներս ու ծնկներս վերածվեցին արյունաշաղախ վերքերի, ես ապարդյուն խմելու ջուր էի որոնում։
Հաջորդ գիշեր, զգալով մոտալուտ մահս, ես քամուց պատսպարվեցի վիթխարի մի քարի հետևում։ Իմ տառապանքները լրացնելու համար սկսվեց սաստիկ մի անձրև։ Ես շտապեցի հանել իմ կուրտկաներն ու փռել գետնին, մի քիչ խմելու ջուր հավաքելու հույսով։ Սակայն ինձ սպասում էր հիասթափությունը, երբ ես սկսեցի բերանիս մեջ քամել խոնավ կտավը, պարզվեց, որ իմ հագուստներն արդեն ներծծված են աղով՝ օվկիանոսի ալիքների մեջ լինելուց հետո։ Ես պառկեցի մեջքիս ու բերանս բացելով, կարողացա անձրևի մի քանի կաթիլ որսալ: Դա տանջալից զբաղմունք էր, բայց ինձ հաջողվեց փոքր-ինչ թրջել բերանս, որն այլևս չբորբոքվեց ու դա ինձ փրկեց խենթանալուց:
Մյուս օրն ինձ զգում էի հիվանդի պես, Ես, որ արդեն մի քանի օր ոչինչ չէի կերել, հանկարծ սկսեցի ուռչել ու դարձա իսկական հաստլիկ. ուռեցին ոտքերս, ձեռքերս, ամբողջ մարմինս։ Բավական էր մատս սեղմեի ու մի դյույմ խրվում էր մարմնիս մեջ, իսկ փոսիկը երկար ժամանակ չէր անհետանում։ Բայց և այնպես, ուժերս ներածին չափ ես ջանում էի, որպեսզի կատարվի աստծո կամքը, որպեսզի ես 315ապրեմ։ Մերկ ձեռքերով ես խնամքով աղաջուրը դատարկեցի քարերի բոլոր խոռոչներից, հուսալով, որ անձրևը նորից կլցնի դրանք խմելու համար պիտանի ջրով։
Իմ տխուր ճակատագիրն ու Էլքթոնում մնացած իմ մտերիմների ու սիրելիների մասին հիշողությունները սիրտս լցնում էին այնպիսի թախիծով, որ հաճախ ժամերն անցնում էին ինչ-որ ինքնամոռացության մեջ։ Դա ևս նախախնամության ողորմածությունն էր. ես կմեռնեի անպայման, եթե ամեն րոպե հիշեի իմ տառապանքների մասին։
Գիշերը ես արթնացա անձրևի ձայնից ու սկսեցի խոռոչից խոռոչ սողալ, լակելով դրանց մեջ կուտակված ջուրն ու քարերից լիզելով կաթիլները։ Ջուրը մի փոքր աղահամ էր, բայց կարելի էր խմել։ Եվ այդ ջուրն ինձ փրկեց։ Երբ առավոտյան արթնացա, պարզվեց, որ մարմինս առատորեն քրտնել է ու գիտակցությունս լուսավորվեց։
Թուխպերի հետևից հայտնվեց արևը (առաջին անգամ իմ՝ կղզում հայտնվելուց հետո) և ես հագուստս փռեցի չորացնելու։ Ուզածիս չափ ջուր խմեցի ու հաշվեցի, որ այն կբավականացնի ևս տասը օր, եթե խնայողաբար օգտագործեմ։ Զարմանալի է, թե որքա՜ն հարուստ էի ինձ զգում, դառնալով այդքան թափանցիկ գանձի՝ փոքր-ինչ աղահամ ջրի տասնօրյա պաշարի տնօրեն։ Իսկ երբ գտա վաղուց ափ նետված փոկի մարմինը, այլևս չէի նախանձի նույնիսկ ամենահարուստ առևտրականին, որի նավերը թանկարժեք հակերով բեռնավորված բարեհաջող վերադառնում են հեռավոր նավարկությունից, որի պահեստները պայթում են ապրանքների առատությունից, որի սնդուկները բերնեբերան լիքն են ոսկով։ Բայց ամենից առաջ ես ծնկի իջա, որպեսզի փառաբանեմ աստծուն, նրա անսահման ողորմածության այս նոր ակնարկի համար։ Պարզ էր, որ տիրոջը ցանկալի չէ իմ մահը։ Նա ինձ պաշտպանել է հենց սկզբից։
Գիտենալով, որ ստամոքսս տկար է, ես փոկի մսի մի քանի կտոր միայն կերա։ Հավատում էի, որ միանգամայն բնական ագահությունն ինձ կսպանի, եթե նրան ազատություն տամ։ Ինձ երբեք չի վիճակվել ավելի համեղ բան ուտել, և չեմ թաքցնում, որ նորից ու նորից ես ուրախության արցունքներ թափեցի, հրճվելով այդ կիսով չափ փտած մսով։ Հույսը դարձյալ ուժ տվեց ինձ: Ժայռերի ծերպերում ես թաքցրեցի մնացած միսն ու քարերով ծածկեցի ջրով լի բոլոր խոռոչները, որպեսզի թանկագին հեղուկը չգոլորշիանա արևի ճառագայթների ներքո, որպեսզի աղաջրի ցայտեր չլցվեն այնտեղ, եթե հանկարծ գիշերը սաստիկ քամի բարձրանա։ Բացի այդ, ես հավաքեցի ջրիմուռների կտորտանքներ ու չորացրեցի արևի տակ, որպեսզի իմ խեղճ, տանջված մարմինը ոչ թե կոշտ քարերին, այլ փափուկ տեղ հանգչի։ Հետո, բազմաթիվ օրերի մեջ առաջին անգամ, ես չոր հագուստներ հագա և ընկղմվեցի անսահման խոնջության խոր քնի մեջ, որն ինձ ապաքինում բերեց։
Հաջորդ օրը ես արթնացա բոլորովին այլ մարդ դարձած։ Արևը դարձյալ թաքնվել էր ամպերի հետևը, բայց դա ինձ չվշտացրեց, և ես շուտով տեսա, որ ինձ մոռացության չտված Տերը, մինչ ես քնած եմ եղել, նախապատրաստել է նոր, հրաշալի բարիքներ։ Ես նույնիսկ փակեցի աչքերս ու տրորեցի, որովհետև որ կողմը նայում էի, շրջակա բոլոր ժայռերին ու խութերին փոկեր էին սփռված։ Հազարավոր փոկեր, իսկ ալիքների մեջ երևում էին ևս մի քանի հազար փոկ, և կարելի էր այդ բոլոր կոկորդներից դուրս եկող բարձր ոռնոցներից խլանալ։ Բավական էր միայն մի հայացք նետել նրանց։ Ափին ընկած էր այնքան միս, որի քանակությունը կբավականացներ մի քանի տասնյակ նավերի անձնակազմերի։
Առանց հապաղելու վերցրեցի թիակը (ուրիշ ծառ կամ փայտ կղզում չկար) ու գաղտագողի, զգուշորեն սկսեցի մոտենալ սննդի այդ անսահման պաշարին։ Շուտով ինձ համար պարզվեց, որ ծովի այդ բնակիչներին մարդ արարածն անծանոթ է։ Երբ մոտեցա, նրանք բոլորովին էլ չվախեցան և նույնիսկ երեխան կարող էր սպանել նրանց՝ գլխին հասցրած թիակի մի հարվածով։
Բայց երբ սպանեցի չորրորդ փոկին, ինձ հանկարծ տարօրինակ մի խենթություն բռնեց։ Ես իսկապես կորցրեցի բանականությունս և շարունակեցի սպանել, սպանել, սպանել... Երկու ժամ շարունակ ես գործի դրեցի թիակն ու բոլորովին ուժասպառ եղա: Չգիտեմ, թե ինչպիսի սպանդանոց էի ես սարքել, բայց, հենց որ այդ երկու ժամերն անցան, ողջ մնացած մյուս փոկերը, ասես ընդհանուր մի ազդանշանով նետվեցին ջուրն ու անհետացան:
Ես հաշվեցի իմ սպանած փոկերը։ Երկու հարյուրից ավելի էին, և ես սոսկացի արյունահեղ խենթության մտքից, խենթություն, որ քիչ առաջ տիրել էր ինձ։ Այսպիսի անմիտ շռայլությունը շատ ծանր մեղք էր, և այդ թարմ ուտելիքով ամրանալուց հետո, ես հնարավորության սահմաններում քավեցի մեղքս։ Բայց նախքան առաջիկա ծանր աշխատանքին անցնելս, ես երախտագիտության խոսքեր հղեցի նրան, ում ողորմածությունը ինձ փրկեց այսքան հրաշալի ձևով։ Իսկ հետո գործի անցա ու աշխատեցի մինչև ուշ գիշեր, քերթելով փոկերը, շերտ-շերտ կտրատելով մսերը, ու այդ շերտերը դարսեցի քարերի վրա, որպեսզի չորանան արևի տակ։ Բացի այդ, կղզու հողմածեծ ծերպերից ու խոռոչներից աղի նստվածքներ հավաքելով, ես սկսեցի աղով շփել միսը։
Չորս օր շարունակ ես աշխատեցի ու գործս ավարտելուց հետո աստծո առաջ ոչ խելամիտ հպարտություն զգացի. քանզի այդ վիթխարի պաշարից ոչ մի կտոր չէի փչացրել։ Անդադար աշխատանքը օգտակար եղավ իմ մարմնի համար, և ես արագորեն ամրացա սննդառատ ուտելիքի շնորհիվ, որի հարցում ինձ չէի սահմանափակում բնավ։ Ահավասիկ, աստծո ողորմածության ևս մի վկայություն, այդ լերկ կղզում անցկացրած ութ տարիների ընթացքում լավ եղանակը այնքան երկար չի տևել, որքան իմ փոկորսության հաջորդող օրերին։
Նախքան փոկերը դարձյալ կայցելեին իմ կղզին, բազմաթիվ ամիսներ անցան։ Բայց այդ ընթացքում ես պարապ չէի նստած։ Ես քարաշեն մի հյուղակ կառուցեցի, իսկ հյուղակի կողքին էլ՝ ուտելիքի պաշարի պահեստ։ Հյուղակը ծածկեցի փոկերի կաշիների մի քանի շերտով այնպես, որ անձրևի ոչ մի կաթիլ ներս չէր թափանցում։ Իսկ երբ իմ ծածկը թմբկահարում էին անձրևի շիթերը, ես շարունակ զարմանում էի, որ այն մորթիները, որոնք լոնդոնյան շուկայում իրենց տիրոջը անասելի մեծահարուստ կդարձնեին, այստեղ նավաբեկության ենթարկված թշվառ նավաստուն պաշտպանում են կատաղի տարերքից։
Ես շատ շուտ կռահեցի, որ անհրաժեշտ է օրերի հաշիվ կատարել, այլապես, լավ հասկանում էի, որ կկորցնեի շաբաթվա օրերի մասին իմ պատկերացումը, չէի կարողանա դրանք զանազանել իրարից և չէի իմանա, թե դրանցից որն է աստծո օրը։
Ջանացի հնարավորին չափ ճշգրտորեն հիշել օրերի այն հաշվարկը, որ կատարում էր նավապետ Նիքոլը վելբոտի վրա, և բազմիցս ամենայն ուշադրությամբ, որպեսզի բացառվի սխալվելու հնարավորությունը, վերհաշվեցի այն օրերը, որոնք անց էի կացրել կղզու վրա։ Հետո սկսեցի հաշվել շաբաթվա օրերը, հյուղակիս առջև յոթ քար շարելով։ Թիակի մի կողմում փոքրիկ կտրվածքով ես նշում էի յուրաքանչյուր անցած շաբաթը, իսկ մյուս կողմում՝ ամիսները, չմոռանալով ամեն չորս շաբաթից հետո անհրաժեշտ քանակությամբ օրեր ավելացնել։
Ուստի, ինչպես պատշաճ էր, ես պահպանում էի աստծո օրը։ Իհարկե, ես չէի կարող իսկական պատարագ անել, սակայն թիակի վրա փորագրելով իմ վիճակին շատ համապատասխան մի սաղմոս, ամեն կիրակի օր ես երգում էի։ Աստված իր ողորմածությամբ ինձ չէր մոռացել, և ես էլ այդ ութ տարիների ընթացքում հարկ եղած օրերին հիշում էի աստծուն։
Ուղղակի զարմանալի է, թե նման պայմաններում ինչպիսի աշխատանք պետք է ծախսել ամենահասարակ բանը՝ ուտելիք ու ծածկ ապահովելու համար։ Այո, առաջին տարին ես հազվադեպ էի ձեռքերս ծալած նստում։ Իրենից քարե շատ հասարակ որջ ներկայացնող հյուղակի կառուցումը պահանջեց վեց շաբաթ ժամանակ։ Իսկ քանի՜ ամիս շարունակ ես չորացնում և քերում էի փոկերի մորթիները, որպեսզի դրանք փափկեն ու պիտանի դաոնան հագուստի համար։
Դրանից բացի, ես անդադար ստիպված էի մտահոգվել ջրի հարցով։ Ամեն փոթորիկից հետո աղի ջրացայտերը փչացնում էին իմ պաշարները, ու ես ստիպված էի լինում մինչև նոր անձրև գալը ծանր տառապանքներ կրել։ Գիտենալով, որ կաթիլը քար կծակի, ես ժայռի վիթխարի, ամուր և միաձույլ մի կտոր ընտրեցի, և փոքրիկ քարակտորների օգնությամբ սկսեցի փորել։ Տառապալից աշխատանքի հինգ շաբաթներից հետո մեկուկես գալլոն տարողությամբ մի սափոր պատրաստեցի։ Հետագայում, ճիշտ նույնպիսի միջոցներով ես չորս գալլոնանոց մի սափոր էլ պատրաստեցի, որի վրա ծախսվեց ինը շաբաթ։ Բացի այդ, դեպքից դեպք ես ավելի փոքրիկ անոթներ էի պատրաստում։ Իսկ այն սափորը, որը ութ գալլոն տարողություն ուներ, հանկարծ ճաքեց, երբ արդեն յոթ շաբաթ տանջվել էի վրան։
Սակայն կղզում անցկացրած չորրորդ տարում միայն, երբ ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, թե մինչև կյանքիս վերջը ինձ վիճակված է մնալ այստեղ, ես ստեղծեցի իսկական մի գլուխգործոց։ Դրա վրա վատնեցի ութ ամիս, բայց անոթը շատ ամուր փակվում էր և տարողությունն էլ երեսուն գալլոն էր։
Քարե այդ անոթները ինձ մեծ ուրախություն էին պատճառում, այնպես որ երբեմն մոռանալով նույնիսկ քրիստոնեական հնազանդության մասին, ես դրանց նայում էի բացահայտ սնափառության զգացումով։ Ոչ մի թագուհի այնպիսի ոսկե սափոր չի ունեցել, որը գնահատեր ավելի, քան ես էի գնահատում իմ քարե անոթները։ Բացի այդ, մի քվարտա տարողությամբ շերեփ էլ պատրաստեցի, որպեսզի դրա օգնությամբ խոռոչներում կուտակված ջուրը լցնեմ մեծ անոթի մեջ։ Եթե ասեմ, որ այդ շերեփի քաշը գրեթե երեսուն ֆունտ կլիներ, ընթերցողը հեշտությամբ կպատկերացնի, թե որքան աշխատանք էր պահանջվում միայն անձրևաջուր հավաքելու համար։
Այսպիսով, ես որքան կարող էի, թեթևացնում էի իմ միայնակ կյանքը, ինձ համար մի հարմարավետ կացարան կառուցեցի և ապահովեցի չորացած ու աղը դրած մսի վեցամսյա պաշարով։ Ու ես շատ լավ հասկանում էի, որ պետք է աստծո նկատմամբ ցուցաբերեմ մեծագույն երախտագիտություն, քանզի այդ ամենը այնպիսի բարիքներ էին, որոնց մասին անմարդաբնակ կղզում դժվար էր նույնիսկ երազել։
Թեև զուրկ էի մարդկանց ընկերակցությունից և իմ միայնությունը ինձ հետ չէր բաժանում ոչ շուն, ոչ էլ գոնե կատու, ես իմ բախտից գոհ էի ավելի, քան ուրիշները, եթե լինեին իմ փոխարեն։ Այս մռայլ քարաստանում, որտեղ ճակատագիրը նետել էր ինձ, ես անհամեմատ ավելի երջանիկ էի զգում, քան նրանք, ովքեր ամոթալի հանցագործությունների համար դատապարտված էին իրենց կյանքը անցկացնել զնդաններում, որտեղ խիղճը նրանց տանջում է չապաքինված վերքի պես։
Ինչպիսի մռայլությամբ էլ պատկերանար ապագան ինձ համար, ես այնուամենայնիվ փայփայում էի այն հույսը, թե նախախնամությունը, որն այն պահին, երբ քաղցը սպառնում էր կործանմամբ ու հեշտությամբ կարող էր ինձ կլանել ծովը, ողջ-առողջ ինձ հասցրեց այս լերկ ժայռերին, ի վերջո, հանուն իմ փրկության այստեղ կուղարկի նաև մի նավ։
Թեկուզև զուրկ էի իմ նմանների ընկերակցությունից և այլ հարմարություններից, բայց, ինչպես շատ անգամներ եմ մտածել, միայնությունս ինչ-որ առավելություններ էր տալիս ինձ։ Խաղաղությամբ ես տիրում էի ամբողջ կղզին, թեկուզև շատ փոքրիկ կղզի էր դա, և իմ իրավունքների նկատմամբ կարող էր ոտնձգություն կատարել միայն որևէ ծովային հրեշ։ Այդ կղզին գրեթե անմատչելի էր, և գիշերները ես շատ հանգիստ էի քնում, չվախենալով ոչ մարդակերներից և ոչ էլ գիշատիչներից։ Դարձյալ ու դարձյալ ես ծնկաչոք շնորհակալություն էի հայտնում աստծուն այս և բազմաթիվ այլ ողորմածությունների համար։
Բայց մարդը տարօրինակ արարած է ու հազվադեպ է գոհ լինում։ Դեռ վերջերս աստծուց խնդրում էի մի քիչ հոտած միս ու ոչ այնքան աղի ջուր ուղարկել ինձ, բայց բավական էր, որ ստանայի այդքան չորացած միս ու սքանչելի քաղցրահամ ջուր, որպեսզի արդեն սկսեի դժգոհել բախտիցս:
Ես արդեն կրակի անհրաժեշտություն էի զգում, ես արդեն երազում էի խորոված միս ու ամեն առիթով թախիծով հիշում էի տարբեր ընտիր կերակրատեսակներ, որոնք ճաշակում էի տանը, Էլքթոնում։ Ես պայքարում էի ինքս իմ դեմ, բայց երևակայությունս ավելի ուժեղ էր, քան կամքս, ու ամեն օր ինձ պատկերանում էին այնպիսի համեղ ուտելիքներ, որպիսիք երբևէ կերել էի, և այնպիսի համեղ ուտելիքներ, որպիսիք կուտեմ, եթե ինձ վիճակվի հեռանալ այս լերկ կղզուց։
Հավանաբար իմ մեջ արթնացել էր նախահայր Ադամը, որն առաջինը ըմբոստացավ աստծո պատվիրանների դեմ։ Տարօրինակ արարած է մարդը, անհագուրդ, միշտ դժգոհ, երբեք հաշտ ու խաղաղ չի ապրում աստծու կամ ինքն իր հետ։ Նրա օրերը լեցուն են հոգսերով ու անօգուտ տառապանքներով, իսկ գիշերները՝ անիրավ ու մեղավոր ցանկությունների կատարման ունայն երազներով։ Ինձ տանջում էր նաև ծխախոտի պահանջը, և գիշերվա քունս դառնում էր իսկական տառապանք, որովհետև ցանկությունս սանձազերծվում էր և հազարավոր անգամներ երազներ էի տեսնում, որ ծխախոտով լի բազմաթիվ տակառներ, ոչ, ծխախոտի վիթխարի պահեստներ, ծխախոտով բեռնավորված նավատորմիղ ունեմ, որ իմն են աշխարհի բոլոր ցանքաստանները։
Բայց դրա համար ինքս ինձ պատժում էի։ Հաճախ էի աստծուն աղոթում իմ տառապյալ սրտի խորքից և անդադրում աշխատանքով խոնարհեցնում էի մարմինս։ Եթե ինձ չէր հաջողվում գեղեցկացնել հոգիս, ապա, վճռեցի, համենայն դեպս, գեղեցկացնել լերկ կղզին։ Չորս ամիս շարունակ ես կառուցում էի երեսուն ֆուտ երկարությամբ և տասներկու ֆուտ բարձրությամբ քարե մի պարիսպ, որն իմ հյուղակը պաշտպանելու էր փոթորկալի օրերին, երբ կղզին թվում էր հողմերի քմահաճույքին գերի դարձած փոքրիկ մի մրրկահավ։ Եվ իմ ջանքերն իզուր չանցան։ Այդ ժամանակից ի վեր ես միշտ մի խաղաղ անկյուն ունեի, չնայած մոտ հարյուր ֆուտ բարձրության վրա շռնդում էին փոթորիկի երախում հայտնված ջրի հոսքերը։
Երրորդ տարին սկսեցի քարե մի սյուն կանգնեցնել, ավելի ճիշտ, դա քառանկյունի բուրգ էր՝ հիմքի մոտ լայն, իսկ վերևում ավելի նեղ։ Այլ ձև տալ չէի կարող, որովհետև ձեռքիս տակ անտառանյութ չկար շինարարական տախտակամածներ պատրաստելու համար։ Իմ բուրգի շինարարությունն ավարտվեց միայն հինգերորդ տարվա վերջում։ Բուրգը կանգնած էր կղզու ամենաբարձր վայրում, ու եթե ասեմ, որ կղզու ամենաբարձր տեղը ծովի մակերևույթից քառասուն ֆուտ էր բարձր և բուրգի հիմքից մինչև գագաթն էլ ևս քառասուն ֆուտ էր, ապա դուք կհասկանաք, որ առանց գործիքի ես կարողացել եմ կրկնապատկել իմ կղզու բարձրությունը։ Ոչ այնքան խելացի մարդը կարող է հայտարարել, թե ես խախտել եմ աշխարհի ստեղծման աստվածային ծրագիրը, բայց ես պնդում եմ, որ դա ճիշտ չէ։ Չէ՞ որ ես էլ աստծո ստեղծածն եմ ճիշտ այնպես, ինչպես օվկիանոսի անծայրածիր հարթության վրա ընկած այդ քարաստանը։ Եվ մի՞թե աստված չի ստեղծել իմ ձեռքերը, որոնք կատարեցին այդ աշխատանքը, իմ մեջքը, որը քարերը վեր հանելիս անդադար ծռվում և ուղղվում էր, իմ մատները, որոնք բռնում ու սեղմում էին այդ քարերը։
Ես շատ եմ մտածել այս մասին, ու գիտեմ արդեն, որ արդարությունը իմ կողմն է։
Վեցերորդ տարին ես լայնացրի իմ բուրգի հիմքը և մեկուկես տարի անց արդեն հիսուն ֆուտ բարձրացել էր։ Բայց ես Բաբելոնյան աշտարակ չէի կառուցում։ Բուրգը ծառայում էր երկու որոշակի նպատակի. նախ՝ ինչպես դիտաշտարակից ես նայում էի հեռուները, հայացքով որևէ նավ գտնելու հույսով, և բուրգի շնորհիվ նավաստիներից մեկն ու մեկը կկարողանար շատ ավելի շուտ նկատել իմ կղզին։ Եվ ապա՝ բուրգի շինարարությունը օգնեց ինձ պահպանելու հոգեկան ու մարմնական առողջությունս։ Ձեռքերս պարապ չէին մնում և սատանան անելիք չուներ իմ կղզում։ Միայն երազներիս մեջ էր սատանան ինձ տանջում տեսակ-տեսակ համեղ ուտելիքներով ու ծխախոտ կոչվող նողկալի բուսաթույնի առատությամբ:
Կղզում գտնվելուս վեցերորդ տարվա հունիսի 18-ին հորիզոնի վրա մի առագաստ նկատեցի, բայց նավը հողմածեծ կողմից շատ հեռվով անցավ ու ոչ ոք չնկատեց ինձ։ Սակայն նավի հայտնվելը ոչ միայն չհուսահատեցրեց, այլև կենսական ուրախություն պատճառեց ինձ։ Ես համոզվեցի այն բանում, ինչ երբեմն կասկածելի էր թվում, այս կողմերում, այնուամենայնիվ, երբեմն նավեր են հայտնվում։
Այնտեղ, ուր փոկերը ծովից ցամաք էին դուրս գալիս, ես ձագարաձև, իրար հարող պատեր կանգնեցրի, որոնք ավարտվում էին փակ ծուղակով. այստեղ կարող էի սպանել փոկերին, առանց հուզմունք պատճառելու դրսում մնացած ցեղակիցներին։ Միևնույն ժամանակ այնտեղից ոչ մի վիրավոր կամ խրտնած փոկ դուրս պրծնել ու իր վախով մյուսներին վարակել չէր կարող։ Միայն այդ ծուղակը կառուցելը տևեց յոթ ամիս։
Ժամանակի ընթացքում ես ավելի վարժվեցի իմ այս վիճակին, ու սատանան էլ սկսեց հազվադեպ հայտնվել իմ երազներում, մեջս նստած նախապապ Ադամին ծխախոտի և համեղ ուտելիքների մեղավոր տեսիլքներով շփոթեցնելու համար։ Ես շարունակում էի փոկի միս ուտել ու համեղ անվանել այն, խմել քաղցրահամ անձրևաջուր, որի պաշարն անսպառ էր, և աստծուն հղել երախտագիտության աղոթքներ։ Ես գիտեմ, որ աստծուն հաճելի էին իմ աղոթքները, քանզի կղզում անցկացրած կյանքիս տարիներին ոչ մի անգամ չհիվանդացա, եթե չհաշվենք երկու դեպք, որոնց մասին հետո կպատմեմ, բայց դրանց պատճառն էլ իմ իսկ անզսպվածությունն էր։
Հինգերորդ տարին, նախքան համոզվելս, որ նավերը երբեմն ակոսում են այս ջրերը, ես սկսեցի թիակի վրա փորագրել առավել հետաքրքիր դեպքերի մասին, որոնց ականատես էի եղել Ամերիկայի խաղաղ ափերից հեռանալուց ի վեր։ Շատ փոքրիկ տառեր էի ես փորագրում, բայց ջանում էի, որ դրանք լինեն պարզորոշ ու դիմացկուն։ Այնքան մեծ էր իմ ջանասիրությունը, որ ես փորագրում էի օրական վեց, իսկ երբեմն էլ նույնիսկ հինգ տառից ոչ ավելի։ Այսպիսով, եթե դաժան ճակատագիրը թույլ չտար վերադառնալու Էլքթոնցի իմ բարեկամների ու ընտանիքիս մոտ, որի մասին ես անդադար երազում էի, նրանց համար թիակի վրա փորագրում, ավելի ճիշտ դրոշմում էի ձախորդություններիս պատմությունը, որոնց մասին հիշատակեցի սկզբում։
Ես խնամքով պահպանում էի այդ թիակը, որն այդքան հավատարմորեն ծառայել էր ինձ կղզում հայտնվելուս առաջին օրերին, իսկ հիմա պարունակում էր իմ և ընկերներիս ճակատագրերի պատմությունը։ Փոկեր որսալիս այլևս չէի օգտագործում։ Որսի համար պատրաստել էի երեք ֆուտ երկարությամբ ու համապատասխան հաստությամբ քարե մի մահակ. այդ գործը գլուխ եկավ մեկ ամսվա ընթացքում։ Բացի այդ, վախենալով, թե հանկարծ թիակը կվնասվի խոնավությունից ու քամուց (լավ եղանակին դրոշակաձողի փոխարեն ես այն դնում էի բուրգի գագաթին և վրան կապում էի իմ թանկագին շապիկներից պատրաստած դրոշը), փոկի լավ չորացրած մորթուց ես պատյան պատրաստեցի։ Այնտեղ գտնվելուս վեցերորդ տարվա մարտ ամսին կղզու վրա հարձակվեց մի այնպիսի փոթորիկ, որպիսին երևի դեռ ոչ ոք չէր տեսել ինձնից բացի։ Երեկոյան ժամը իննին երկինքը ծածկվեց սև թուխպերով, իսկ հարավ-արևմուտքից փչեց պաղ քամի, որը գնալով սաստկանում և ժամը տասնմեկին փոխվեց մրրկահողմի. որոտը ոչ մի վայրկյան չէր դադարում, իսկ այդքան պայծառ կայծակներ ես չէի տեսել ոչ մինչ այդ, և ոչ էլ դրանից հետո։
Ես վախենում էի, թե իմ փոքրիկ կղզին չի դիմանա։ Ալիքները ազատ գլորվում էին կղզու վրայով, չկարողանալով հասնել միայն բուրգի ծայրին։ Ես կծկվել էի բուրգի վրա, շնչահեղձ լինելով քամու հարվածների տակ, կուրանալով աղի ջրացայտերից։ Ես շատ լավ էի հասկանում, որ կյանքս պահպանեցի այն պատճառով միայն, որ ջանասիրաբար ժամանակին կառուցել էի բուրգն ու կրկնապատկել կղզու բարձրությունը։
Իսկ առավոտյան ես դարձյալ հոգուս խորքից երախտագիտությունս հայտնեցի աստծուն։ Անձրևաջրի ամբողջ պաշարս փչացել էր, սակայն բուրգի հողմածեծ կողմում թաքցրած ամենամեծ անոթի ջուրը մնացել էր։ Գիտեի, որ խնայողաբար օգտագործելու դեպքում այդ ջուրն ինձ կբավի մինչև հաջորդ անձրևը, եթե նույնիսկ անձրևն էլ շատ ուշանա։ Ալիքները սրբել էին հյուղակս, իսկ ուտելիքի իմ պաշարից մնացել էր ընդամենը մի քանի կտոր թրջված միս։ Բայց և այնպես գոհ էի այդ փոթորիկի համար, որովհետև ծովը ցամաք էր նետել ահագին քանակությամբ ձուկ, որոնք զարմանալի կերպով նման էին երկանաձկան։ Ես 1219 հատ այդպիսի ձուկ հավաքեցի։ Մաքրեցի, փրփրուկի պես չորացրեցի արևի տակ։ Սննդիս այս ցանկալի փոփոխությունը ունեցավ նաև իր տխուր հետևանքը, ես ընկա որկրամոլության մեղքի տակ ու ամբողջ գիշեր գտնվում էի կյանքի ու մահվան միջև։
Կղզում գտնվելուս յոթերորդ տարվա հենց նույն մարտ ամսին դարձյալ սոսկալի մի փոթորիկ սկսվեց։ Երբ փոթորիկը հանդարտվեց, ի մեծ զարմանս ինձ, կղզում սատկած կետ տեսա, որը դեռ թարմ էր, ալիքները կետին նետել էին ժայռի բարձունքի վրա։ Պատկերացրեք իմ ցնծությունը, երբ այդ վիթխարի հրեշի ստամոքսում կետորսական հարպուն և դրան կապած երկար մի պարան գտա։
Ու ես դարձյալ վստահություն զգացի, որ վաղ թե ուշ կազատվեմ այս անմարդաբնակ կղզուց։ Կասկած չկար, որ կետորսները հաճախ են գալիս այս կողմերը ու եթե միայն թույլ չտամ, որ հուսահատությունը կլանի ինձ, ապա վաղ թե ուշ անպայման կփրկվեմ։ Յոթ տարի ես սնվել էի միայն փոկի մսով, բոլորովին ուրիշ և հյութեղ սննդի առատությունից ես դարձյալ չկարողացա զսպել չարաբաստիկ որկրամոլությունս ու այնքան շատ կերա, որ դարձյալ հազիվ փրկվեցի մեռնելուց։ Ի դեպ այս անգամ էլ, ինչպես ձուկն ուտելիս, ես հիվանդացա լոկ այն պատճառով, որ յոթ տարիների ընթացքում ստամոքսս վարժվել էր փոկի մսին ու միայն փոկի մսին, դրա հետևանքով էլ այլ տեսակի ուտելիքները վատ էին ազդում վրաս։
Այդ կետն ինձ ապահովեց մեկ տարվա սննդամթերքով։ Բացի այդ, արևի ճառագայթների տակ ես ահագին ճարպ հալեցրի, որի մեջ, իհարկե նախապես աղելով, թաթախում էի փոկի մսի շերտերը, և միսը դառնում էր շատ ավելի համեղ։ Իմ շապիկի թանկագին պատառներից ես կարող էի պատրույգ հյուսել, և պողպատե հարպունի օգնությամբ կայծ հանելով, կարող էի ճրագ ունենալ։ Բայց դա անիմաստ մտահղացում էր, ու ես շուտով հրաժարվեցի դրանից։ Ինչիս էր պետք լույսն այն ժամերին, երբ աստծու խավարը պարուրում էր աշխարհը։ Չէ՞ որ ես սովորել էի ամառ թե ձմեռ քնել մայրամուտից մինչև լուսաբաց։
Այստեղ ես՝ Դարրել Սթենդինգս, չեմ կարող ինձ զսպել, որպեսզի իմ վաղեմի կյանքերից մեկի այս նկարագրության մեջ չզետեղեմ իմ նկատառումը։ Քանի որ մարդկային անհատականությունը գտնվում է հավիտենական զարգացման մեջ ու իրենից ներկայացնում է նախորդ բոլոր գոյավիճակների հանրագումարը, բանտապետ Ազերթոնը ոչ մի հավանականություն չուներ իմ ոգին մենախցում ընկճելու համար։(1) Չէ՞ որ ես հավիտենական գոյություն ունեցող կյանքն եմ, որը կոփվել է անցյալ անհամար դարերի և ինչպիսի՜ ներկայի ընթացքում։ Ինձ համար ի՞նչ էր տասն օր ու գիշեր զսպաշապիկի մեջ անցկացնելը։ Չէ՞ որ երբեմնի ես եղել եմ Դենիել Ֆոսս և յոթ տարի շարունակ համբերության եմ վարժվել հարավային հեռավոր ծովի քարքարոտ կղզյակում։
***
Երբ կղզում գտնվելուս ութերորդ տարին էլ մոտենում էր վախճանին ու ես էլ արդեն մտահոգված էի, թե ինչպես իմ բուրգը հասցնեմ վաթսուն ֆուտ բարձրության, սեպտեմբերյան մի առավոտ արթնանալով, իմ առջև իջեցրած սթաքսելներով մի նավ տեսա. նավն այնքան մոտիկ էր, որ ձայնս անպայման կհասներ։ Ջանալով, որ ինձ նկատեն, ես սկսեցի թափահարել թիակը, թռչկոտել քարերի վրա և ամենաաներևակայելի շարժումները կատարել, մինչև որ սպաները հեռադիտակներով սկսեցին ինձ նայել։ Նրանք մատնացույց արեցին կղզու արևմտյան ծայրը, ու շտապելով այնտեղ, ես վեց թիավարներով մի մակույկ տեսա։ Հետագայում իմացա, որ նավից նկատել են իմ բուրգը և փոխել երթուղին, ցանկանալով ավելի մոտիկից զննել այդ տարօրինակ կառույցը, որը գերազանցում էր կղզու բարձրությունը։
Սակայն սաստիկ ալեբախությունը հնարավորություն չտվեց մակույկին մոտենալու իմ կղզու անհյուրընկալ ափերին։ Բազմաթիվ ապարդյուն փորձերից հետո նրանք նշանացի հասկացրին, թե պետք է նավ վերադառնան։ Պատկերացրեք իմ հուսահատությունը, երբ պարզվեց, որ ինձ չի հաջողվի ազատվել այս մռայլ կղզուց։ Վերցնելով թիակը (ես վաղուց արդեն վճռել էի, որ եթե ինձ վիճակվի փրկվել, ապա նվիրելու եմ Ֆիլադելֆիայի թանգարանին) և ամուր կրծքիս սեղմելով, նետվեցի փրփրադեզ ալիքների մեջ։ Բախտի բերմամբ, ինչպես նաև ուժի ու շարժունակության շնորհիվ, ինձ հաջողվեց հասնել մակույկին։
Չեմ կարող ինձ զսպել այստեղ մի հետաքրքիր մանրամասն հիշելու համար։ Այդ ընթացքում ալիքները նավն այնքան էին հեռացրել կղզուց, որ մենք մեկ ժամ հետո միայն հասանք։ Ու ես, ութ տարի շարունակ ինձ տանջող ցանկությունը չկարողանալով զսպել, ղեկի առջև կանգնած երկրորդ օգնականից մի կտոր ծխախոտ խնդրեցի, որպեսզի ծամեմ։ Իսկ նա ինձ պարզեց Վիրջինյան լավագույն ծխախոտով լցրած ծխամորճը։ Չանցած տասը րոպե, սաստիկ սրտխառնուք սկսվեց։ Պատճառը միանգամայն հասկանալի էր։ Մարմինս լրիվ մաքրվել էր ծխախոտի նստվածքից, ու հիմա ես այն զգացումն ունեի, ինչ առաջին անգամ ծխելու փորձ կատարող պատանին։ Եվ դարձյալ ես երախտագետ էի աստծուն, ու մինչև կյանքիս վերջը այլևս բերանս չառա այդ գարշելի թույնը, ու երբեք ծխելու ցանկություն չունեցա։
***
Այժմ ես, Դարրել Սթենդինգս, մի քանի մանրամասնություններ կպատմեմ իմ այդ գոյավիճակի մասին, որ ես վերապրեցի Սեն-Քվենտին բանտում, առանց գիտակցության, զսպաշապիկով պառկած ժամանակ։ Ես հաճախ մտածում էի այն մասին, թե Դենիել Ֆոսսը արդյոք կատարե՞լ է փորագրված թիակը Ֆիլադելֆիայի թանգարանին նվիրելու իր վճիռը։
Մենախցում նստածի համար դժվար բան է արտաքին աշխարհի հետ հարաբերություն ունենալը։ Մի անգամ վերակացուին, մյուս անգամ մի կալանավորի, որը շուտով պետք է ազատվեր, խնդրեցի անգիր անել Ֆիլադելֆիայի թանգարանի տնօրենին ուղղված նամակը։ Սակայն երկուսն էլ, չնայած խոստացան անպայմանորեն կատարել խնդիրքս, նամակը թանգարան չուղարկեցին։ Եվ այն ժամանակ միայն, երբ Էդ Մորելը բախտի տարօրինակ քմահաճույքով ազատ արձակվեց մենախցից ու նշանակվեց ամբողջ բանտի գլխավոր վերակացու, ինձ վերջապես հաջողվեց նամակ ուղարկել թանգարան։ Ահավասիկ Ֆիլադելֆիայի թանգարանի տնօրենի պատասխանը, որն ինձ թաքուն հանձնեց Էդ Մորելը.
«Ձեր նկարագրած թիակն իսկապես գոյություն ունի, բայց գրեթե ոչ ոք չգիտե այդ մասին, որովհետև սրահներում չի ցուցադրված։ Նույնիսկ ես չգիտեի թիակի գոյության մասին, թեև տասնութ տարի է, ինչ ստանձնել եմ իմ պաշտոնը։
Սակայն, աչքի անցկացնելով մեր գույքագրքերը, պարզեցի, որ այդպիսի թիակ իսկապես նվիրել է թանգարանին Մերիլենդ նահանգի Էլքթոնի բնակիչ ոմն Դենիել Ֆոսս, 1821 թվականին։ Երկար որոնումներից հետո միայն մեզ հաջողվեց հայտնաբերել այդ թիակը ձեղնահարկի հնոտիքի մեջ։ Թիակի վրա իսկապես կտրվածքներ ու մակագրություններ կան, որոնց մասին հիշատակում եք դուք։
Բացի այդ, մեր արխիվում գտնվում է վերոհիշյալ Դենիել Ֆոսսի հեղինակությամբ 1836 թվականին Բոստոնում, Քովերլի ֆիրմայի հրատարակությամբ մի գրքույկ։ Այդ գրքույկում նկարագրված է նավաբեկյալի կյանքի ութ տարիները անմարդաբնակ կղզում։ Պետք է ենթադրել, որ այդ նավաստին ծերության տարիներին ընկնելով կարիքի մեջ, գրքույկը վաճառել է գթասիրտ մարդկանց։
Ես շատ կուզենայի իմանալ, թե ձեզ որտեղի՞ց է հայտնի այդ թիակը, որի գոյության մասին նույնիսկ թանգարանի աշխատակիցները գաղափար չունեին։ Ենթադրում եմ, որ թիակի մասին դուք կարդացած կլինեք Դենիել Ֆոսսի՝ հետագայում հրատարակած որևէ օրագրում։ Երախտապարտ կլինեմ, եթե այդ մասին հայտնեք ինձ, ու ես անմիջապես միջոցներ ձեռք կառնեմ, որպեսզի թիակն ու գրքույկները իրենց տեղն զբաղեցնեն մյուս ցուցանմուշների մեջ։
Անկեղծորեն
Ձեր՝ Քոզիա Սոլսբերթի»:
1 - Քանի որ անգլերեն և ռուսերեն թարգմանությունը՝ Since human personality is a growth, a sum of all previous existences added together, what possibility was there for Warden Atherton to break down my spirit in the inquisition of solitary?, Так как личность человека непрерывно растет и представляет собою сумму всех прежних существований, взятых в одно, то каким образом смотритель Этертон мог сломить мой дух в своем застенке? կարծում ենք, որ հայերեն հնարավոր թարգմանություններից մեկը կարող է լինել «... ի՞նչ հնարավորություն ուներ բանտապետ Ազերթոնը իմ ոգին մենախցում ընկճելու համար» - (թվայնացնողի կարծիք)