ԳԼՈՒԽ 20
Ու վրա հասավ ժամը, երբ ես բանտապետ Ազերթոնին ստիպեցի ամոթալի կերպով հանձնվել, նրա «դինամիտ կամ դագաղ» վերջնագիրը դարձնելով պարապ շատախոսություն։ Նրան մնում էր միայն խոստովանել, որ զսպաշապիկով հնարավոր չէ ինձ սպանել։ Նրա զոհերը մեռնում էին երբեմն զսպաշապիկով անցկացրած մի քանի ժամից հետո, երբեմն էլ մի քանի օր անց, թեև, ճիշտն ասած, սովորաբար հասցնում էին դուրս բերել զսպաշապիկից ու տեղափոխել բանտային հիվանդանոց, որտեղ և նրանք փչում էին իրենց վերջին շունչը... Բժշկի եզրակացությամբ նրանք մեռնում էին կամ թոքաբորբից, կամ Բրայթի ախտից, կամ էլ սրտի արատից։
Բայց ինձ բանտապետն այնպես էլ չկարողացավ սպանել։ Ոչ մի անգամ հարկ չեղավ իմ տանջահար, մեռնող մարմինը հիվանդանոց քարշ տալ։ Թեև չեմ կարող ժխտել, որ Ազերթոնը ջանում էր ուժերի ներածին չափ և ոչ մի բանի առջև կանգ չէր առնում։ Պատահել է, որ նա կրկնակի զսպաշապիկ է քաշել վրաս։ Եվ այդ դեպքն այնքան հոյակապ է, որ ես չեմ կարող չպատմել։
Մի գեղեցիկ օր Սան-Ֆրանցիսկոյի լրագրերից մեկը (ինչպես և յուրաքանչյուր լրագիր, յուրաքանչյուր գործարար ձեռնարկություն շուկա որոնելով առավել բարձր շահույթի համար) առաջավոր բանվորներին բանտային ռեֆորմով հետաքրքրվելու փորձ կատարեց։ Այդ շրջանում արհմիություններն ունեին քաղաքական մեծ ազդեցություն, և նահանգի քաղաքական ղեկավարները սենատային հանձնաժողով կարգեցին, որն զբաղվելու էր բանտերի ուսումնասիրությամբ։
Այդ մեծապատիվ հանձնաժողովը ուսումնասիրեց (ներեցեք հեգնական շղատառի համար) նաև Սեն-Քվենտինը: Պարզվեց, որ աշխարհը առավել օրինակելի ուղղիչ հաստատություն դեռ չի տեսել։ Այսպես էին պնդում հենց իրենք՝ բանտարկյալները։ Սակայն չի կարելի նրանց հանդիմանել։ Նրանք առաջին անգամ չէ, որ տեսնում էին նմանօրինակ ուսումնասիրություններ, և շատ լավ գիտեին, թե ինչն ինչոց է։ Նրանց քաջ հայտնի էր, որ անմիջապես կվաստակեն բավականին ցավ պատճառող կապտուցներ՝ ցուցմունքներ տալն ավարտվելուն պես... եթե այդ ցուցմունքները բանտային իշխանությունների ճաշակին չհամապատասխանեն։ Հավատա ինձ, ընթերցող, այսպես է եղել անհիշելի ժամանակներից։ Նույնիսկ դեռ հին Բաբելոնում, հազարամյակներ առաջ, դա եղել է ալեհեր ճշմարտություն, ես գոնե լավ եմ հիշում, երբ այնտեղ փտում էի զնդաններից մեկում այն ժամանակ, երբ պալատում երկիրը ցնցող բանսարկություններ էին հյուսվում։
Ինչպես արդեն ասացի, բոլոր կալանավորները միաձայն փառաբանում էին բանտապետ Ազերթոնին ու նրա ենթականերին։ Նրանք այնքան հուզիչ էին նկարագրում բանտապետի բարեհոգությունը, սննդի որակն ու բազմազանությունը, վերակացուների մեղմությունը, իրենց խցերի հարմարավետությունն ու մաքրությունը, որ Սան-Ֆրանցիսկոյի ընդդիմադրական լրագրերը սկսեցին ոռնալով պահանջել բանտային առավել խիստ ռեժիմ, տագնապելով, թե հանկարծ ազնիվ, բայց ծույլ քաղաքացիները չգայթակղվեն այդքան խաղաղ գոյավիճակով ու չսկսեն հանցագործություններ անել լոկ այն նպատակով, որպեսզի բանտ ընկնեն։
Սենատային հանձնաժողովը բարեհաճեց լինել նաև մենախցերում։ Բայց մենք, մենախցերի բնակիչներս, ոչինչ չունեինք կորցնելու կամ գտնելու։ Ջեկ Օպենհեյմերը թքեց նրանց կերպարանքին և ուղարկեց գրողի ծոցը։ Էդ Մորելը նրանց բացատրեց, թե ինչ գարշելի տեղ է սա, բանտապետի երեսին լուտանքներ տեղաց, և հանձնաժողովի անդամները ստիպված եղան Ազերթոնին առաջարկել, որ Էդին ենթարկի այն հնացած ու վաղուց մոռացված պատիժներից մեկին, որպիսիք նրա նախորդները, հավանաբար, ճարահատյալ հորինել էին այսպիսի երդվյալ սրիկաներին դարձի բերելու համար։
Ես ջանացի բանտապետին չվիրավորել։ Ցուցմունքներս տալիս էի նրբորեն, որպես գիտնական, դատարկ բաներից սկսելով, հմտորեն զարգացնելով էքսպոզիցիան, որպեսզի, կամաց-կամաց հարգարժան սենատորների մոտ հետաքրքրասիրություն և ցանկություն արթնանար լսելու նաև հաջորդ մերկացուցիչ ցուցմունքը. իմ սարդոստայնը այնքան խորամանկորեն էի հյուսում, որ հնարավոր չէր ընդհատել կամ հարցով շեղել... ու ես կարողացա նրանց հաղորդել այն ամենը, ինչ կամենում էի։
Ավա՜ղ, իմ ասածներից և ոչ մի բառ դուրս չեկավ բանտի պատերից։ Սենատային հանձնաժողովը, որքան կարող էր, վառ գույներով ներկայացրեց բանտապետ Ազերթոնին ու Սեն-Քվենտինը։ Այդ խաչակրաց արշավանքը ձեռնարկած լրագիրը համոզում էր իր բանվոր ընթերցողներին, որ Սեն-Քվենտինը ձյունի պես ճերմակ է, ու թեև զսպաշապիկն հանդիսանում է միանգամայն օրինական պատժի միջոց մեղանչած կալանավորների համար, սակայն մեր օրերում մարդասեր ու ազնիվ բանտապետը երբեք չի օգտագործում այն։
Եվ մինչ միամիտ ընթերցողները կարդում էին հոդվածներն ու հավատում դրանց, մինչ սենատային հանձնաժողովը բանտապետի հետ քեֆ էր անում բանկետում, որի ծախսերն ընկնում էին նահանգի հարկատուների վրա, էդ Մորելը, Ջեկ Օպենհեյմերն ու ես պառկած էինք զսպաշապիկներ հագած, որոնք մի փոքր ավելի ձիգ ու չարությամբ էին կապված, քան առաջներում։
- Ծիծաղելի է, - կոշիկի ծայրով թրխկացրեց Էդ Մորելը։
- Չէ մի՜, - թրխկացրեց Ջեկը։
Իսկ ես... ես էլ թրխկացրի նրանց իմ դառը ծիծաղն ու հեգնանքը, հիշելով հին Բաբելոնի զնդանները, ինքս ինձ ժպտացի տիեզերական մի ժպիտով ու սուզվեցի փոքր մահվան ընդարձակ տարածությունների մեջ, որտեղ ես դառնում էի բոլոր դարերի ժառանգորդը, դառնում էի ժամանակը թամբող հպարտ հեծյալ։
Այո, բանտի պատերից դուրս գտնվող իմ սիրելի եղբայր, մինչ լրագրերը վառ գույներ չէին խնայում, մինչ ծանրակշիռ սենատորները ճաշից առաջ գինի էին խմում, մենք, երեք կենդանի մեռյալներս, արյուն-քրտինքի ծովում էինք՝ ձիգ կապած բրեզենտի մեջ։
Իսկ ճաշից հետո գինուց գլուխը տաքացրած բանտապետը եկավ տեսնելու, թե ինչպես ենք զգում մեզ։ Ինչպես միշտ, ինձ գտան լեթարգիայի մեջ։ Հավանաբար սկզբում դոկտոր Ջեկսոնը անհանգստացավ։ Համենայն դեպս, անուշադրի սպիրտի օգնությամբ խավարից ստիպեցին ինձ վերադառնալ։ Ես ժպտացի իմ վրա հակված մարդկանց դեմքին։
- Ձևացնում է, - փնթփնթաց բանտապետը, և նրա կարմրատակած դեմքից, անկապ խոսքերից հասկացա, որ հարբած է։
Ես լիզեցի շրթունքներս, հասկացնելով, որ ծարավ եմ. քանզի կամենում էի մի քանի խոսք ասել նրան։
- Դուք էշ եք, - պարզ ու անվրդով կարողացա ասել ես։ - Դուք էշ եք, վախկոտ, սրիկա, նողկալի ճիճու, որի վրա թքելն իսկ զզվելի է։ Ջեկ Օպենհեյմերը ձեր նկատմամբ ավելի մեծահոգի գտնվեց։ Իսկ ես, առանց ամաչելու ձեզ կասեմ, որ չեմ թքում ձեր վրա լոկ այն պատճառով, որ չեմ ուզում ստորանալ ու աղտոտել իմ թուքը։
- Համբերությունս հատել է, - բղավեց նա։ - Ես կսպանեմ քեզ, Սթենդինգ։
- Դուք հարբած եք, - պատասխանեցի ես, - և թույլ տվեք, որ մի լավ խորհուրդ տամ։ Եթե այլևս ուժ չունեք զսպելու նման խոսքերը, ապա գոնե դուրս ուղարկեցեք ձեր պոչուկներին։ Մի գեղեցիկ օր նրանք ձեզ կմատնեն և դուք կկորցնեք տաքուկ տեղը։
Բայց գինին խփել էր նրա գլխին։
- Մի զսպաշապիկ էլ հագցրեք սրան, - հրամայեց նա։ - Քեզ արդեն հանգուցյալ համարիր, Սթենդինգ։ Բայց դու զսպաշապիկի մեջ չես մեռնելու։ Քեզ թաղելու կտանենք հիվանդանոցից։
Երկրորդ շապիկը դրեցին մեջքիս տակ ու առջևից կապեցին։
- Օ՜, տեր աստված, ի՜նչ սոսկալի ցուրտ է, շեֆ, - խայթող երանգով ասացի ես։ - Սառնամանիքը գնալով սաստկանում է։ Ու ես երախտապարտ եմ ձեզ երկու ձեռք շապիկ հագնելուս համար։ Երևի մարմինս մի քիչ կտաքանա։
- Ձգիր, - գոչեց նա ինձ կապող էլ Հեթչինսին։ - Ոտքերով հենվիր այդ սրիկային։ Ջարդիր կողերը։
Պետք է ասեմ, որ Հեթչինսը շատ լավ տեսավ գործը։
- Հիմա կիմանաս, թե ինչ է նշանակում սուտ ցուցմունք տալ, - գինուց և կատաղությունից կապտած, բղավում էր Ազերթոնը։ - Հիմա դու դրա համար պատասխան կտաս։ Հրաժեշտ տուր կյանքիդ, Սթենդինգ։ Վերջդ եկել է։ Լսո՞ւմ ես, վերջդ եկել է։
- Խնդրում եմ, շնորհ արեք, շեֆ, - հազիվ լսելի շշնջացի ես, քանի որ բոլորովին ուժասպառ էի եղել և օդի պակասից գրեթե դարձել էի անզգա։ - Երրորդ շապիկն էլ հագցրեք, - հազիվ ասացի ես, իսկ խցի պատերը երերում ու պար էին գալիս շուրջս, և լարեցի ողջ կամքս, որպեսզի չզրկվեմ գիտակցությունից, որն ինձնից քամում էին շապիկները։ - Մի շապիկ էլ... շեֆ ... Ավելի... տաք... ը՜ - ը՜... կլինի...
Իմ շշնջոցը մարեց ու խորասուզվեցի փոքր մահվան մեջ։
Կրկնակի զսպաշապիկի այդ փայաբաժնից հետո իմ ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Մինչև այսօր էլ, օրինակ, ինչ էլ տան ուտելու, ես չեմ կարող հարկ եղածին պես ուտել։ Իմ փորոտիքն այնպես է այլանդակվել, որ այդ մասին նույնիսկ չեմ էլ ուզում մտածել։ Եվ մինչ գրում եմ այս տողերը, առաջվա պես ցավում են կողերս, ու ստամոքսս նվվում է։ Սակայն իմ տանջված, հաշմված մարմինը արդեն կատարել է իր ծառայությունը։ Նա հնարավորություն է տվել ապրելու մինչև այսօր ու կօգնի, որ մի քիչ էլ դիմանամ, մինչև այն առավոտ, երբ ինձ առանց օձիքի շապիկով դուրս կբերեն խցից ու լավ ձգած պարանով կհոդախախտեն պարանոցիս ողերը։
Սակայն այդ կրկնակի զսպաշապիկը դարձավ վերջին կաթիլը, որ ընկճեց բանտապետին։ Նա հանձնվեց, խոստովանելով, որ ինձ սպանելն անհնարին բան է։ Ես նրան մի անգամ հենց այդպես էլ ասացի.
- Ինձնից պրծնել դուք կարող եք մի կերպ միայն, շեֆ. հարկավոր է մի գիշեր կացինն առած այստեղ գալ։
Չեմ կարող ինձ զսպել ու չհիշել Ջեկ Օպենհեյմերի դիպուկ խոսքը, որն ասաց Ազերթոնին.
- Ինչպե՞ս է, որ ամեն առավոտ, շեֆ, անկողնում արթնանում եք ուրիշ մարդ չդարձած։
Իսկ Էդ Մորելը Ազերթոնին ահավասիկ ինչ ասաց.
- Որքա՜ն է ձեր մայրը սիրել երեխաների, եթե նա ձեզ չի խեղդել դեռևս օրորոցում։
Երբ այլևս դադարեցին ինձ զսպաշապիկ հագցնել, ես շատ վշտացա։ Ինձ պակասում էր երազներիս աշխարհը։ Ի դեպ, շատ շուտով ես մի ելք գտա։ Պարզվեց, որ կուրծքս ու որովայնս վերմակով ամուր փաթաթելու դեպքում ես կարող եմ կամքի ուժով մարել իմ կյանքը։ Այդ միջոցով ես ինձ համար ստեղծում էի ֆիզիոլոգիական ու հոգեբանական մի այնպիսի վիճակ, որպիսին ունենում էի զսպաշապիկի մեջ։ Ուստի, ես արդեն կարող էի ճամփորդել ժամանակի մեջ երբ ցանկանայի ու առանց տառապանքի։
Իմ բոլոր արկածներին էդ Մորելը հավատում էր, բայց Ջեկ Օպենհեյմերը մինչև վերջ էլ թերահավատությամբ էր վերաբերում դրանց։ Մենախցում անցկացրած երրորդ տարին ես այցելեցի Օպենհեյմերին։ Դա տեղի ունեցավ միայն մեկ անգամ, և պատահեց առանց որևէ նախազգուշացման ու միանգամայն անսպասելի։
Հենց որ ուշաթափությունն սկսվեց, ես հայտնվեցի նրա խցում։ Ես գիտեի, որ զսպաշապիկի մեջ գտնվող մարմինս պառկած է իմ խցում։ Ու թեև առաջներում երբեք չէի տեսել Ջեկ Օպենհեյմերին, բայց գիտեի, որ իմ դիմացինը նա է։ Այդ պատահեց ամռանը, և նա հանված պառկել էր վերմակի վրա։ Նրա նիհարած դեմքն ու տանջահար մարմինը տեսնելով, ես սոսկում զգացի։ Ճիշտն ասած, նա արդեն քիչ էր հիշեցնում մարդկային կերպարանքը։ Դա միայն ոսկրակույտ էր, մարդկային կմախքի դեռևս չքայքայված ոսկրակույտ, բայց զուրկ մարմնից ու պատած մագաղաթանման մաշկով։
Վերադառնալով իմ մենախուցն ու սթափվելով, երբ կշռադատեցի այդ պատահարը, հասկացա, որ ես ու էդ Մորելն էլ ճիշտ նույնպիսի տեսք ունենք, ինչպես Ջեկ Օպենհեյմերը։ Ու ես թրթռացող մի հպարտության զգացի մեր տառապյալ, մեռնող մարմիններում, մենախուց նետված երեք «անուղղելիների» մարմնում բնակվող ոգու անընկճելի ուժի առկայության մտքից։ Մարմինը ոչնչություն է։ Խոտը մարմին է, և մարմինը դառնում է խոտ, բայց հոգին ապրում է հավիտյան։ Ես ատում եմ մարմնի երկրպագուներին։ Եթե նրանք փորձեին սեն-քվենտինյան մենախցերը, ապա շատ արագ կսովորեին հոգուն երկրպագել։
Սակայն դառնանք Օպենհեյմերի խցում իմ հայտնվելուն։ Նրա մարմինը հիշեցնում էր անապատային տապի տակ չորացած դիակի։ Մաշկի գույնը չորացած ցեխի էր նման։ Կենդանի էին թվում միայն խելացի, դեղնա-մոխրագույն աչքերը։
Աչքերն անդադար շարժման մեջ էին։ Նա պառկած էր մեջքին, իսկ հայացքը կիսախավարում, առաստաղի տակ թռչող ճանճի հետևից պտտվում էր խցում։ Ես նրա աջ արմունկի տակ մի սպի նկատեցի, մյուսն էլ աջ կոճի վրա։
Մի քանի րոպե անց նա հորանջեց, շրջվեց կողքի ու սկսեց զննել ազդրի վրայի բորբոքված խոցը։ Հետո նա սկսեց փորփրել խոցն ու բուժել այն պարզունակ միջոցով, որն օգտագործում են աշխարհի բոլոր մենախցերում գտնվող կալանավորները իրենց վերքերը բուժելիս։ Առանց դժվարության կռահեցի, որ այդ խոցը զսպաշապիկի թողած հետքն է։ Այժմ, երբ գրում եմ, մարմինս ծածկված է զսպաշապիկի թողած հարյուր այդպիսի սպիներով։
Հետո Օպենհեյմերը գլորվեց դեպի պատը, զգուշորեն բռնեց վերին առջևի ատամներից մեկն ու թեթևակի շարժեց։ Հետո նա դարձյալ հորանջեց, ձգվեց ու շրջվելով մյուս կողքի վրա, թրխկացրեց Մորելին։ Ասես արթմնի, ես կարդացի ծածկագիրը։
- Մտածեցի, որ դու, թերևս, քնած չես, - թրխկացրեց Օպենհեյմերը։ - Ինչպե՞ս են պրոֆեսորի գործերը։
Հեռվից խուլ թրխկոցներ լսվեցինք Մորելը հայտնեց, որ մեկ ժամ առաջ ինձ զսպաշապիկ են հագցրել և, ինչպես սովորաբար լինում է, ես այլևս չեմ պատասխանում։
- Լավ տղա է, - թրխկացրեց Օպենհեյմերը։ - Ես երբեք չեմ վստահել այդ կրթվածներին, բայց տես, որ ուսումը նրան չի փչացրել։ Նա վստահելի մարդ է։ Կարողանում է լեզուն ատամների տակ պահել և թեկուզ միլիոն տարի փակեն այստեղ, ոչ կմատնի և ոչ էլ կծախի։
Այս ամենի հետ էդ Մորելը համաձայնեց, իր կողմից էլ մի քանի բան ավելացնելով։ Ես ուզում եմ հենց այստեղ ընդհատել իմ պատմությունն ու ասել, որ թեև շատ տարիներ եմ ապրել և ապրել եմ բազում կյանքեր, ու այդ կյանքերի ընթացքում շատ գովեստներ եմ լսել, սակայն դրանցից ոչ մեկն ինձ մոտ այդպիսի հպարտություն չի ծնել, որպիսին զգացի այն րոպեին, երբ մենախցի ընկերներս կարծիքներ փոխանակեցին իմ մասին։ Էդ Մորելն ու Ջեկ Օպենհեյմերը հոյակապ մարդիկ էին, և իմ բոլոր գոյավիճակների ընթացքում ավելի մեծ պատիվ չեմ ունեցել, քան նրանց ընկերը լինելը։ Արքաներն ինձ ասպետ են օծել, միապետները ինձ դարձրել են ազնվական, երբ ինքս էլ թագավոր էի, եղել եմ հպարտությունից շշմած, սակայն ամենից ավելի գնահատում եմ այս գովեստը, որն արտահայտեցին մենախուց նետված երկու ցմահ բանտարկյալներ, մարդիկ, որոնց աշխարհը համարում էր ամենավերջին տականք։
Զսպաշապիկի այդ փայաբաժնից հանգստանալիս, ես նրանց ասացի Ջեկի խուցն իմ կատարած այցելության մասին, դա համարելով անժխտելի ապացույց, որ հոգիս հիրավի հեռանում է մարմնիցս։ Սակայն Ջեկը մնաց իր կարծիքին։
- Այդ ամենը ենթադրություններ են, թեկուզև ոչ սովորական ենթադրություններ, - պատասխանեց նա, երբ ես թվարկեցի այն ամենը, ինչ նա անում էր խցում իմ եղած ժամանակ։ - Դա շատ ճիշտ հաշիվ է։ Դու ինքդ էլ արդեն երեք տարի նստած ես մենախցում, պրոֆեսոր, և քեզ համար դժվար չէ ենթադրել, թե ինչով են զբաղված մյուսները։ Այն ամենը, ինչ պատմեցիր, դու և Էդը արել եք հազարավոր անգամներ. շոգին մերկ էլ եք պառկել, ճանճերին էլ եք նայել, խոցեր էլ եք բուժել, թրխկացրել եք նաև։
Մորելը պաշտպանեց ինձ, բայց Ջեկին համոզելը դժվար էր։
- Միայն թե մի նեղացիր, պրոֆեսոր, - թրխկացրեց Ջեկը։ - Ես հո չեմ ասում թե ստում ես։ Ես ասում եմ միայն, որ դու, ինքդ էլ չիմանալով, զսպաշապիկ հագած ժամանակ երազներ ես տեսնում։ Ես գիտեմ, որ դու հավատում ես այն ամենին, ինչ պատմում ես։ Ըստ քեզ, հենց այդպես էլ եղել է։ Միայն թե ես չեմ հավատում։ Դու այդ ամենը պատկերացրել ես, ինքդ էլ չնկատելով, թե ինչպես։ Դու այդ ամենը ընդհանրապես գիտես, իսկ քո իմացածն սկսում ես հիշել այն ժամանակ միայն, երբ ուղեղդ պղտորվում է։
- Սպասիր, Ջեկ, - թրխկացրի ես։ - Դու հո հավատո՞ւմ ես, որ կյանքումս քեզ չեմ տեսել։ ճի՞շտ է։
- Ինչպե՞ս ասեմ, պրոֆեսոր։ Գուցե և տեսել ես, բայց չես իմացել, որ այդ ես եմ։
- Իսկ ինչպես կբացատրես, - շարունակեցի ես, - որ քեզ ոչ մի անգամ մերկ տեսած չլինելով, գիտեմ, որ աջ արմունկիդ տակ մի սպի ունես, իսկ մյուսն էլ աջ կոճիդ վրա է։
- Դատարկ բաներ են, - պատասխանեց նա։ - Այդ ամենի մասին գրված է իմ բանտային նկարագրում, մռութիս լուսանկարի կողքին։ Այդ մասին ոստիկանության հազարավոր շեֆեր ու լրտեսներ գիտեն։
- Բայց այդ մասին ես ոչինչ չեմ լսել, - հավատացրի նրան։
- Դու պարզապես մոռացել ես, որ լսել ես, - ճշտեց նա։ - Բայց ամենայն հավանականությամբ լսել ես։ Այդ տեղեկությունները տպավորվել են քո ուղեղում, թեկուզև մոռացել ես։ Բայց հենց որ ուղեղդ պղտորվել է, սկսել ես ամեն բան հիշել։ Երբեք չի՞ պատահել, որ մոռացած լինես այնպիսի մեկի անունը, որին ճանաչում ես հարազատ եղբորդ պես։ Ինձ հետ պատահել է։ Օրինակ, երբ Օքլենդում ինձ հիսուն տարի տվեցին, երդվյալ ատենակալների մեջ մեկը կար։ Ու հանկարծ պարզվեց, որ մոռացել եմ նրա անունը։ Ամբողջ ամիս գլուխ էի կոտրում, բայց ոչ մի կերպ հիշել չէի կարողանում։ Բայց եթե բոլորովին չկարողանայի իմ հիշողության մեջ պեղել նրա անունը, ապա դա դեռ չէր նշանակում, որ այդ մասին իմ ուղեղում ոչինչ չկա։ Պարզապես կորել էր անկյուններից մեկում։ Իսկ երբ դադարեցի նրա մասին նույնիսկ մտածելուց, այդ անունը ուղղակի թռավ իմ ուղեղից ու նստեց լեզվիս ծայրին։ «Սթեյսի՜, - բղավեցի ես կոկորդով մեկ։ - Ջոզեֆ Սթեյսի՜»։ Նրա անունը հենց այդպես էր։ Հասկացա՞ր, թե ինչ եմ ուզում ասել։ Դու ինձ պատմեցիր սպիի մասին, իսկ դա գիտեն հազարավոր մարդիկ։ Թե որտեղից է քեզ հայտնի, ես չգիտեմ։ Ասենք, հենց դու էլ, երևի, չգիտես։ Եվ դա ինձ չի վերաբերում։ Բայց որ այդպես է, չեմ կասկածում։ Եվ որքան էլ կրկնես այն, ինչ շատերին է հայտնի, դա իմ վրա ազդեցություն չի ունենա։ Եթե ուզում ես, որ հավատամ քո հեքիաթներին, ստիպված ես լինելու ավելի շատ ապացույցներ գտնել։
Ապացույցների գնահատման Համիլտոնյան տնտեսագիտական օրե՜նք։ Ետնաբակերի այդ բնակիչը, որին փակել են բանտի մենախցում, իր մտածելակերպով իսկական գիտնական էր. նա ինքնուրույն կերպով հայտնագործել էր Համիլտոնի օրենքն ու տեղին օգտագործեց այն։ Ընդորում (հենց այստեղ էլ թաքնված է ամբողջ միջադեպի հմայքը) Ջեկ Օպենհեյմերը ազնիվ էր իսկական գիտնականի պես։ Գիշերը, երբ ես արդեն քնել էի, նա պայմանական նշանով ձայն տվեց ինձ.
- Գիտե՞ս ինչ, պրոֆեսոր, դու ասացիր, թե տեսել ես ինչպես եմ շարժում ատամս։ Այստեղ արդեն ասելիք չունեմ։ Թեկուզ մորթես, չգիտեմ, թե ինչպես կռահեցիր։ Ատամս սկսել է շարժվել ընդամենը երեք օր առաջ, ու ես ոչ մի շնչավորի չեմ ասել այդ մասին։