ԳԼՈՒԽ 21

     Պասկալն ինչ-որ տեղ ասել է. «Մարդկության էվոլյուցիայի ընթացքին հետևելիս, փիլիսոփայական խելքը մարդկությանը պետք է դիտի որպես միաձույլ անձնավորություն և ոչ թե անհատականությունների կոնգլոմերատ»։
     Ես հիմա նստած եմ Ֆոլսեմ բանտի Մարդասպանների Միջանցքում, ականջ եմ դնում ճանճերի քնաբեր բզզոցին ու մտորում Պասկալի խոսքերի վրա։ Նա իրավացի է։ Ճիշտ այդպես է մարդկային սաղմը ինը կարճ ամիսների ընթացքում արտակարգ արագությամբ, անհամար տեսակներով, բազմապատկած անթի՜վ անգամ, կրկնում օրգանական կյանքի ամբողջ պատմությունը՝ բույսից մինչև մարդը, ճիշտ այդպես է երեխան մանկության մի քանի տարիների ընթացքում վայրենության արտահայտությամբ կրկնում նախնադարյան մարդու ամբողջ պատմությունը սկսած թույլերին տանջելու անիմաստ ցանկությունից մինչև խմբակցություններ կազմելու ձգտմամբ արտահայտվող ցեղային ինքնագիտակցությունը. ճիշտ այդպես էլ ես, Դարրել Սթենդինգս, կրկնել ու վերապրել եմ այն ամենը, ինչ եղել է նախնադարյան մարդը, ինչ զգացել է նա, ինչպիսի ձևափոխությունների է ենթարկվել նախքան դուք, կամ ես, կամ այն մարդկությունը դառնալը, որն իրականացրել է քսաներորդ դարի քաղաքականությունը։
     Այո, մենք բոլորս էլ, մինչև վերջին մարդը, որ այսօր ապրում է մեր մոլորակի վրա, մեր մեջ կրում ենք կյանքի անեղծանելի պատմությունը իր սկզբնաղբյուրից սկսած։ Այդ պատմությունը գրված է մեր հյուսվածքների ու ոսկորների վրա, մեր օրգաններում ու նրանց ֆունկցիաներում, մեր ուղեղի բջիջներում և մեր հոգում՝ ատավիզմի ֆիզիկական ու հոգեկան ամենաբազմազան արտահայտությամբ։ Երբեմնի մենք եղել ենք ձկներ, իմ ընթերցող, մենք՝ ես և դու, հետո դուրս ենք եկել ցամաք, սկզբնավորելով այն հրաշալի դարաշրջանը, որն ապրում ենք նաև հիմա։ Մենք դեռևս պահպանում ենք ծովի հետքերը այնպես, ինչպես մեզանում պահպանում ենք ինչ-որ բան օձից՝ այն օրերից ի վեր, երբ օձը դեռևս օձ չէր, իսկ մենք դեռ մենք չէինք, երբ նախաօձն ու նախամենքը միևնույն բանն էինք։ Երբեմնի մենք թռչում էինք, երբեմնի ապրում էինք ծառերի վրա ու վախենում գիշերային խավարից։ Եվ այդ ամենի հետքերը կրում ենք մեզ վրա, մեր սերմի մեջ, և այդպես կլինի հավիտյանս հավիտենից, քանի դեռ բնակվում ենք երկրի վրա։
     Այն, ինչ Պասկալը հայտնաբերել է որպես կանխատես, ես ստուգել եմ փորձով։ Իմ մեջ տեսել եմ այն միասնական անձնավորությունը, որը տեսել էր Պասկալի փիլիսոփայական հայացքը։ Այո', ես պատմելու բան ունեմ` զարմանալի և ինձ համար արտակարգ իրական ճշմարտությունը, բայց վախենում եմ դրա մասին պատմելու ընդունակությունը չբավի ինձ, իսկ քեզ, իմ ընթերցող, չբավի ընկալելու ընդունակությունը։ Ես պնդում եմ, որ իմ մեջ տեսել եմ այդ միասնական մարդուն, որի մասին խոսում է Պասկալը։ Զսպաշապիկը հագիս պառկած, ես ընկղմվել եմ երկարատև ինքնամոռացության մեջ և իմ մեջ տեսել եմ հազարավոր ողջ մարդկանց, որոնք ապրում են հազարավոր կյանքերով. և բոլոր նրանք եղել են այն մարդ-մարդկությունը, որն ավելի ու ավելի է բարձրանում դարերի ճանապարհով։
     Օ՜հ, արքայական ինչպիսի հիշողություններով եմ հարստանում ժամանակի անսահմանության մեջ սլանալուց հետո։ Զսպաշապիկով անցկացրած մեկ օրվա ընթացքում ես հասցնում էի ապրել բազմաթիվ կյանքեր, որոնք գումարվելով, դառնում էին առաջին վերաբնակությունների հազարամյա ոդիսականներ, չլսված պատմություններ։ Աստվա՜ծ իմ։ Նախքան Ասգարդում բնակվող շիկահեր էսիր կամ նույնիսկ Վանահեյմում բնակվող կարմրահեր վանիր դառնալս, դրանից էլ դեռ շատ առաջ, հիշողությունս (կենդանի հիշողությունս) ասում է, որ մենք քամու բերանն ընկած կաղամախու մալանչների պես, հյուսիսից շարժվող բևեռային սառույցների գրոհների տակ նահանջեցինք դեպի հարավ։
     Ես մեռնում էի ցրտից ու սովից, մեռնում էի ճակատամարտերի ժամանակ և ափերից դուրս եկած ալիքների մեջ։ Պտուղներ էի հավաքում մռայլ Աշխարհի Տանիքին և մարգագետինների հյութեղ հողից արմտիքներ էի հանում։ Ես եղջերվի ու մազոտ մամոնտի պատկերն էի քերծում իր իսկ ժանիքների վրա, որոնք ձեռք էի բերել մեծ որսի ժամանակ, իսկ ձմռանը, երբ քարանձավի երախում ոռնում էր ձյունաբուքը, ես այդ նույն պատկերները գծում էի մեր կացարանի քարե պատերին։ Ես ծծում էի ոսկրածուծը այնտեղ, ուր ինձնից շատ առաջ վեհատեսիլ քաղաքներ էին կանգնած, կամ այնտեղ, ուր հազարամյակներ անց միայն վիճակված էր կանգնել։ Եվ իմ ժամանակավոր թաղանթների մեջ պարունակվող ոսկորները հանգչում էին ջրամբարների հատակին, սառցադաշտերի ճեղքերում և կուպրե լճերում։
     Ես ապրել եմ այն դարաշրջանները, որոնք ժամանակակից գիտնականներն անվանում են պալեոլիթ, նեոլիթ և բրոնզե դար։ Ես հիշում եմ այն օրերը, երբ ձեռնասուն գայլերի օգնությամբ մեր եղջերուներին քշում էինք Միջերկրական ծովի հյուսիսային ափերի արոտավայրերը, որտեղ հիմա գտնվում են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան։ Այն ժամանակ սառցադաշտերը դեռ չէին նահանջել դեպի հյուսիս։ Ես տեսել եմ բազմաթիվ նոր գիշերահավասարներ ինչպես և դու, ընթերցող։ Միայն թե ես հիշում եմ, իսկ դու մոռացել ես։
     Ես եղել եմ Գութանի Որդի, Ձկան Որդի, Ծառի Որդի։ Իմ ներսում ապրում են բոլոր կրակները, սկսած հենց առաջինից։ Իսկ երբ այստեղ, Ֆոլսեմ բանտում, քահանան կիրակի օրերը պատարագ է անում իր ժամանակակից ձևով, ես գիտեմ, որ նրա մեջ, այդ քահանայի մեջ, այնուամենայնիվ ապրում է հավատը Գութանի, Ձկան, Ծառի նկատմամբ, ապրում են Աստարթի ու Գիշերային Աստվածուհու պաշտամունքները։
     Հին Եգիպտոսում ես եղել եմ արիական պայազատ և իմ զինվորները վաղուց մեռած ու մոռացված արքաների դամբարանների վրա փորագրել են հայհոյանքներ։ Եվ ես, Հին Եգիպտոսում արիական պայազատս, ինձ համար նախապատրաստել էի հավիտենական հանգստի երկու տեղ. մեկը՝ կեղծ էր, դա մի վիթխարի բուրգ էր, որի մասին կարող էր պատմել ստրուկների ամբողջ սերունդ, իսկ մյուսը՝ համեստ, ոչ մի բանով չզարդարված մի քարանձավ, որն ամայի հովտի վրա կախված ժայռի մեջ փորել էին աշխատանքները ավարտելուն պես մահապատժի ենթարկված ստրուկները...
     Եվ այժմ, այստեղ, Ֆոլսեմում, երբ դեմոկրատիան իր ստեղծած պատրանքներով պարուրել է քսաներորդ դարի աշխարհը, ես մտորում եմ այն մասին, թե անհայտ հովտի քարե դամբարանում մնացե՞լ են արդյոք այն ոսկորները, որոնք երբեմնի պատկանելիս են եղել ինձ և մարմինս կանգուն են պահել այն օրերին, երբ ես հզոր մի պայազատ էի։
     Իսկ երբ սկսվեց մեծ վերաբնակեցումը դեպի հարավ ու դեպի արևելք՝ արևի այրող ճառագայթների ներքո, որոնք կործանեցին Ասգարդի ու Վանահեյմի տոհմերի բոլոր շառավիղներին, ես արքա էի Ցեյլոնում, հին Ճավայում և հին Սումատրայում՝ արիական թագավորների արքունիքներում, արիական հուշարձանների շինարար։ Ու ես հարյուրավոր անգամներ Հարավային ծովերում մեծ սփռման ժամանակ զոհվել եմ, նախքան նորից հարություն առնելս, կառուցել եմ ճիշտ նույնպիսի հուշարձաններ արևադարձային հրաբխային կղզիներում, որոնց անունները ես՝ Դարրել Սթենդինգս, չեմ կարող տալ, քանի որ վատ գիտեմ հեռավոր ծովերի աշխարհագրությունը։
     Եթե՜ միայն կարողանայի նկարագրել այնպիսի անվստահելի միջոցի օգնությամբ, որպիսին բառերն են, այն ամենը, ինչ տեսել եմ ու գիտեմ, այն ամենը, ինչ իմ գիտակցությունը պահպանել է մարդկային ցեղերի համընդհանուր վերաբնակեցման մասին այն օրերին, երբ դեռ չէր սկզբնավորվել մատենագիր պատմությունը... Բայց այդ օրերին էլ մենք ունեինք մեր պատմությունը։ Մեր ավագանին, մեր քուրմերն ու իմաստունները դա մարմնավորում էին ասքերի մեջ և ասքերը գրի էին առնում աստղերի վրա, որպեսզի սերունդները հիշեին այդ։ Երկնքից գահավիժում էին էին արևի կենարար ճառագայթները և անձրևը, ու մենք ուսումնասիրում էինք երկինքը։ Աստղերի օգնությամբ հաշվարկում էինք ժամանակը և եղանակների հերթափոխը, ու աստղերը կոչում էինք ի պատիվ մեր հերոսների, ի պատիվ մեր ուտելիքի, ի պատիվ այն միջոցների, որոնց օգնությամբ հայթայթում էինք մեր սնունդը. աստղերը մենք անվանում էինք ի պատիվ մեր թափառումների ու գաղթերի, ի պատիվ մեր գործերի ու մեր ներսում մոլեգնող կրքերի։
     Ավա՜ղ ... Մենք կարծում էինք, թե երկինքն անփոփոխ է, և այնտեղ էինք գրի առնում մեր բոլոր համեստ ցանկությունները, արարքները, իղձերը: Երբ ես Ցլի Որդի էի, իմ կյանքերից մեկը նվիրեցի աստղահայացության: Բայց և' մինչ այդ, և' դրանից հետո իմ հետագա մարմնավորումների ժամանակ ես թուրմերի ու ցեղային երգիչների հետ մեկտեղ աստղերին ձոնված, արգելված հիմներ էի երգում, հավատալով, որ նրանք մեր պատմությունը շարադրող անջնջելի գրեր են։ Ահավասիկ, հիմա էլ, այս նոր վախճանին սպասելիս, ես ագահորեն կարդում եմ բանտի գրադարանից վերցրած գրքեր աստղաբաշխության մասին (այդպիսի գրքեր տրվում են մահապատժի ենթարկվածներին) և սովորում եմ, որ նույնիսկ երկինքն անցողիկ է ու աստղերն էլ թափառում են այնտեղ, ինչպես ժողովուրդները երկրով մեկ։
     Ժամանակակից այդ տեղեկություններով զինված, ես, երբ վերադառնում էի իմ փոքր մահվան շեմքից, համեմատում էի այն օրերի և ժամանակակից երկինքները։ Դա ճշմարիտ է. աստղերը փոփոխվում են։ Ես տեսա բևեռային աստղերի անվերջանալի մի հերթափոխ։ Ժամանակակից Բևեռային Աստղը գտնվում է Փոքր Արջ համաստեղությունում։ Իսկ այն հեռավոր օրերին ես Բևեռային Աստղը տեսել եմ Վիշապում, Հերկուլեսում, Քնարում, Կարապում և Ցեֆեոսում։ Նույնիսկ աստղերն են անցողիկ, բայց նրանց մասին հիշողությունները, գիտելիքները ապրում են իմ մեջ, այնտեղ, որը հոգին է ու հիշողությունը, այնտեղ, որը հավիտենական է։ Միայն հոգին է անփոփոխ։ Իսկ մնացյալը, սովորական նյութը, անցնում գնում է անհետ։
     Այո, ես ինձ հիմա տեսնում եմ որպես հին աշխարհում ապրած այդ միասնական մարդու, շիկահեր, կատաղի, սպանելու ընդունակ և ընդունակ՝ սիրելու, միս խժռող ու արմատիք հավաքող, թափառական ու ելուզակ, որը մահակը ձեռքին հազարամյակներով քարշ է եկել երկրի երեսին, որոնելով միս ու ապաստարան իր դեռևս չամրացած երեխաների համար։
     Ես` այդ մարդը, նրա հանրագումարը, նրա ամբողջականությունը, անմազ երկոտանի եմ, որը նախնադարյան տիղմից վեր է մագլցել, որպեսզի ջունգլիներում մոլեգնող անիշխանական կյանքից սեր և օրենք ստեղծի։ Ես այն ամենն եմ, ինչ եղել է այդ մարդը և ինչ դարձել է։ Ես տեսնում եմ հանուն կյանքի պայքարող սերունդների հերթափոխի միջով, որոնք ծուղակներ էին պատրաստում որսի ու ձկան համար, անտառներից մաքրում էին առաջին դաշտերը, քարից ու ոսկորից պարզունակ գործիքներ էին սարքում, գերաններից կացարաններ էին կառուցում, դրանք ծածկելով տերևներով ու հարդով, մշակում էին վայրի խոտերն ու տունկերը, և այնպես խնամում, որ դարերի ընթացքում դարձան բրինձ, կորեկ, ցորեն, գարի և այլ համեղ սննդամթերքներ, սովորում էին վարել հողը, ցանել, հնձել, պաշար հավաքել, բուսական հյուսվածքները թել ու հետո կտավ դարձնել, ստեղծում էին ոռոգիչ համակարգեր, մետաղ էին ձուլում, շուկաներ ու առևտրական ճանապարհներ էին գտնում, կառուցում էին նավեր ու նավարկում էին ծովերով, և բացի այս ամենը, կազմակերպում էին տարբեր բնակավայրերի կյանքը, միաձուլում էին այդ բնակավայրերը, մինչև որ ստեղծվեցին ցեղեր, միաձուլում էին ցեղերը, մինչև որ ստեղծվեցին ազգեր, մարդկանց համար շարունակ հնարում էին օրենքներ, որպեսզի նրանք կարողանան միասին հաշտ ու համերաշխ ապրել և միացյալ ուժերով հաղթել ու ոչնչացնել ամեն տեսակ սողացող, գաղտագողի մոտեցող, ճչացող արարածների, որոնք կարող էին մարդկանց ոչնչացնել։
     Ես այդ մարդն եմ եղել նրա բոլոր ծնունդներով, բոլոր նրա ձգտումներով։ Ես այդպիսին էլ մնում եմ այսօր, երբ սպասում եմ մահվան, որին դատապարտված եմ իմ կողմից հազարամյակներ առաջ ստեղծված ու արդեն հարյուրավոր անգամ նույն այդ մահվան դատապարտված օրենքով։ Եվ, հայելով իմ այդ անհուն-անսահման անցյալին, ես այնտեղ տեսնում եմ բազմաթիվ բարերար ազդեցությունների հետքեր, և դրանցից ամենագլխավորը՝ սերը դեպի կինը, տղամարդու սերը իր սրտի միակ ընտրյալի նկատմամբ։ Ես տեսնում եմ ինձ որպես այդ միասնական մարդու, սիրող, հավիտյան սիրող մարդու։ Այո, ես մեծ Ռազմիկ եմ եղել, բայց հիմա երբ նստած եմ այստեղ և ծանրութեթև եմ անում իմ ողջ անցյալը, թվում է, որ ամենավեհ բանը իմ մեջ եղել է սիրելու ընդունակությունը։ Հենց այն պատճառով, որ ես սիրել եմ մեծ սիրով, եղել եմ նաև մեծ Ռազմիկ։
     Երբեմն ինձ թվում է, որ տղամարդու պատմությունը կնոջը սիրելու պատմությունն է։ Եվ իմ ամբողջ անցյալը, որի մասին գրում եմ հիմա, եղել է կնոջ նկատմամբ իմ սիրո հիշողությունը։ Միշտ, տասնյակ հազարավոր իմ կյանքերի ընթացքում, իմ բոլոր կերպարավորումների մեջ ես սիրել եմ կնոջը։ Ես կնոջը հիմա էլ եմ սիրում։ Իմ երազները լի են նրանով, և արթմնի ինչի մասին էլ երազել եմ, իմ խոհերն ի վերջո միշտ ուղղվում են դեպի կինը։ Եվ ամեն տեղ նա է՝ հավիտենական, հիասքանչ, ոչ մի բանով չհամեմատվող կինը։
     Ինձ ճիշտ հասկացեք։ Ես տաքարյուն, դեղնակտուց պատանի չեմ, ես մի մարդ եմ, որի երիտասարդությունը վաղուց է անցել, որի մարմինը հաշմված է, մարդ, որին վիճակված է շուտով մեռնել։ Ես գիտնական եմ ու փիլիսոփա։ Ես, ինչպես և փիլիսոփաների բոլոր նախորդ սերունդները, կնոջը գիտեմ այնպես, ինչպիսին կա. գիտեմ նրա թուլությունը, նրա մանրությունը, անպատկառությունը, նենգությունը. գիտեմ, որ նրա ոտքերը գամված են հողին, իսկ աչքերը երբեք աստղեր չեն տեսել։ Բայց... հավիտյանս հավիտենից մնում է այն, որից չես փախչի երբեք, ոտքերը նրա գեղեցիկ են, աչքերը նրա գեղեցիկ են, ձեռքերն ու կուրծքը նրա՝ եդեմն է, կուրացած տղամարդկանց վրա իշխում են նրա հմայքները, և ինչպես բևեռն է կամա թե ակամա ձգում կողմնացույցի սլաքը, այնպես էլ կինն է դեպի իրեն ձգում տղամարդուն:
     Կինն ինձ ստիպել է ծիծաղել մահվան ու տարածության վրա, արհամարհել խոնջությունն ու քունը։ Ես սպանել եմ, հաճախ եմ սպանել հանուն կնոջ սիրույն, կամ տաք արյունով ամրացնելով մեր ամուսնական խնջույքը, կամ լվալով ուրիշի նկատմամբ նրա բարեհոգության բիծը։ Ես գնացել եմ մահվան հանդիման, անպատվության հանդիման, ծախել եմ բարեկամներիս ու ընդունել ամենաթշվառ ճակատագիրը. և այդ ամենը հանուն կնոջ, իսկ ավելի ճիշտ, հանուն ինքս ինձ՝ քանզի ամենից ավելի ծարավի եմ եղել նրան։ Պատահել է, հասկերի մեջ պառկած, տանջվելով սպասել եմ, թե երբ կանցնի նա մոտիկից, որպեսզի թեկուզ մի պահ տեսնեմ նրան, հագեցնեմ իմ հայացքը նրա սահուն քայլվածքի գեղեցկությամբ, գիշերվա պես սև, կամ շագանակագույն, կամ վուշի նման, կամ արևածուփ մազերի հմայքով։
     Քանզի կինը գեղեցիկ է... տղամարդու աչքի համար։ Կինը քաղցր է տղամարդու շուրթերի համար և բուրումնալից՝ տղամարդու գրկի համար, կինը կրակ է տղամարդու արյան համար և հաղթական շեփորների որոտ, ու տղամարդու ականջների համար առավել նուրբ երաժշտություն չկա, քան կնոջ ձայնը։ Եվ կնոջն իշխանություն է տրված տղամարդու հոգին ցնցելու համար, որը երբեք չեն կարող ցնցել նույնիսկ լույսի և խավարի տիտանները։ Եվ, աստղերին նայելով, տղամարդը միշտ էլ տեղ է գտել կնոջ համար իր հեռավոր, երևակայական դրախտում, քանզի առանց կնոջ, առանց հուրիների և փերիների, նրա համար դրախտ գոյություն չէր ունենա։ Եվ նույնիսկ տաք ճակատամարտի ժամանակ սրի երգը այնքան քաղցր չէ, քան այն երգը, որ կինն է երգում տղամարդու համար՝ խավարում սիրատոչոր հառաչելով միայն, լուսնյակ գիշերին լոկ ծիծաղելով, և կամ ուղղակի իր սահուն քայլվածքով անցնելով մոտիկից, երբ տղամարդը իր խոնջությամբ համակած, պառկած է լինում խոտերի վրա։
     Սիրո պատճառով ես մեռել եմ։ Ես մեռել եմ հանուն սիրո, ինչպես դուք հիմա կիմանաք։ Քիչ էլ, և ինձ դուրս կտանեն այստեղից, ինձ, Դարրել Սթենդինգիս, ու կսպանեն։ Ես կմեռնեմ սիրո պատճառով։ Շատ բան էր անհրաժեշտ, որպեսզի ես ձեռք բարձրացնեի պրոֆեսոր Հասքելլի վրա՝ Կալիֆորնիական համալսարանի լաբորատորիայում։ Նա տղամարդ էր, ես էլ տղամարդ էի։ Եվ մեր միջև կանգնած էր սքանչելի մի կին։ Հասկացե'ք։ նա կին էր, իսկ ես տղամարդ էի ու սիրո բոլոր հաճույքները ոռնացող մթին ջունգլիների ժամանակներից ապրած կրքոտ սիրահար, այն ժամանակների, երբ սերը դեռևս սեր չէր, իսկ մարդն էլ՝ մարդ։
     Հին պատմություն է։ Քանի՜-քանի՜ անգամ այս անսահման անցյալի ընթացքում ես զոհաբերել եմ կյանքս ու պատիվս, դիրքս ու իշխանությունս հանուն սիրո։ Տղամարդը տարբերվում է կնոջից։ Կինն ապրում է առօրյայով, և նրա համար անհասանելի է այն, ինչ գտնվում է ներկայի սահմանագծում։ Մեզ ծանոթ է պատիվը, որն անհամեմատելի է կնոջ պատվի հետ, և հպարտությունը, որի մասին կնոջ մտքովն իսկ չի անցնի։ Մեր հայացքները հառված են հեռաստաններին, քանզի նրանք նայում են աստղերին, իսկ կնոջ աչքերը տեսնում են միայն ոտքի տակի հողը, սիրած տղամարդու ձեռքերը, որոնք սեղմում են նրան կրծքին, ագահաբար կրծքին կպած մանկիկին։ Սակայն դարերը մեզ այնպես են դարձրել, որ կինն իշխում է մեր երազների վրա, կրակ է վառում մեր երակներում, և այդ պատճառով բոլոր պատրանքներից ու հեռավոր տեսիլներից ավելի թանկ, մեր կյանքից էլ ավելի թանկ է դարձել մեզ համար կինը, քանզի սիրահարները ճշմարիտ են ասում, միայն կինն ավելին է, քան ամբողջ աշխարհը։ Այդպես էլ պետք է լինի։ Այլապես մարդը մարդ չէր լինի, չէր լինի բնության բոլոր արարածներին իրեն ենթարկող, երկրի երեսին կարմիր շավիղով քայլող ռազմիկ ու հաղթող։ Քանզի, եթե մարդը սիրել չիմանար, չիմանար արքայաբար սիրել, ապա նա ռազմիկ չէր կարող լինել։ Մենք մարտնչում ենք, ինչպես որ հարկն է, և ապրում ենք, ինչպես որ հարկն է՝ հանուն այն բանի, որը սիրում ենք։
     Ես միասնական մարդն եմ։ Ես իմ մեջ տեսնում եմ այն բազմաթիվ «ես»-երը, որոնցից բաղկացած է իմ անհատականությունը։ Եվ միշտ էլ իմ կողքին կինն է, որն ինձ բերել է երջանկություն ու կործանում, որը սիրել է ինձ, և որին սիրել եմ ես։
     Հիշում եմ, երբ վաղուց, շատ վաղուց, երբ մարդկային ցեղը դեռ պատանի էր, ես փոս փորեցի ու կենտրոնում սրածայր փայտ խփեցի, որպեսզի որսամ թրատամին։
     Երկար ժանիքներով ու երկար բրդով Թրատամը գլխավոր թշնամին էր մեր ցեղի, որը գիշերները կծկվում էր խարույկների կողքին, իսկ ցերեկները մեր շուրջը գնալով աճում էին խեցիների կույտերը, որովհետև ճահիճների աղի ցեխից մենք հանում էինք փափկամորթներին ու խժռում։
     Իսկ երբ մեր հանգչող խարույկների մոտ արթնանում էինք Թրատամի ոռնոցից ու ինձ տիրաբար կանչում էր ծուղակի հեռավոր տեսիլքը, կինը ինձնից կառչելով, սկսում էր պայքարել ու թույլ չտալ, որ գնամ դեպի խավարը, որտեղ ինձ էր սպասում իղձերիս իրականացումը։ Կինը փաթաթվում էր թափված ու խանձված մազերով մորթիների մեջ, որոնք հագնում էինք միայն տաքանալու համար, բայց դրանք այն գազանների մորթիներն էին, որոնց ես էի սպանել։ Գարնանային անձրևներից ի վեր անլվա նրա դեմքը սևացել էր ծխից, եղունգներն արդեն ծռվել էին ու կոտրատվել, իսկ հաստ կոշտուկներով ծածկված ձեռքերն ավելի շուտ չանչերի էին նման, բայց աչքերը նրա կապույտ էին ամառային երկնքի պես, անվրդով ծովի նման, և այդ աչքերում, ինձ գրկող այդ ձեռքերում, կրծքիս մոտ բաբախող նրա սրտում մի այնպիսի բան կար, որը խանգարում էր ինձ հեռանալ... Եվ մինչև լուսաբաց, մինչ Թրատամը ոռնում էր ու ոռնում կատաղությունից և ցավից, ես լսում էի, թե ընկերներս խավարում ինչպես են զուսպ ծիծաղելով, շշնջում իրենց կանանց հետ, թե ինքս էլ չեմ հավատում իմ հորինած ծուղակին, ու վախենում եմ գիշերով գնալ դեպի փոսն ու դեպի այն սրածայր փայտը, որը ես տնկել էի այնտեղ Թրատամին սպանելու համար։ Սակայն իմ կինը, իմ վայրենի ընկերուհին թույլ չէր տալիս ինձ, չնայած իմ կատաղությանը, ու նրա աչքերը գամվում էին ինձ, ձեռքերը կառչում էին, ու կրծքիս մոտ բաբախող նրա սիրտն ինձ ստիպում էր մոռանալ ամեն տեսակի պատրանքներ, տղամարդկային հպարտությունս, որն ինձ կանչում էր դեպի խոստումնալից նպատակը՝ գնալ և սպանել փոսում սրածայր փայտին շամփրված Թրատամին։
     Երբեմնի ես եղել եմ աղեղնակիր Ուշու։ Ես լավ եմ հիշում այդ, քանի որ ետ մնացի իմ ցեղից խուլ անտառում, իսկ երբ այնտեղից դուրս եկա հյութեղ մարգագետիններ, ընդունվեցի օտար ցեղի կողմից, որոնք արյունակից էին ինձ. նրանց մորթը ճերմակ էր, մազերը` շիկավուն, խոսում էին գրեթե իմ լեզվով։ Իսկ կինը Իգարն էր։ Ես նվաճեցի նրան, երբ երգում էի իրիկնային աղջամուղջում, նրան վիճակված էր մի նոր ցեղի մայր լինել, քանզի ազդրերը լայն էին, իսկ կուրծքը` բարձր, և նա չէր կարող չնվաճվել այն տղամարդուց, որն ուներ հզոր մկանունք և լայն կուրծք, որը երգով փառաբանում էր ճակատամարտերում իր տարած հաղթանակներն ու հարուստ որսը, կնոջը խոստանալով պաշտպանություն և ուտելիք, մինչ նա զբաղված կլինի երեխաներին մեծացնելով, որպեսզի կնոջ մահից հետո մեկը լինի, որ կգնա որսի ու միս կհայթայթի։
     Նրա ցեղակիցներն անտեղյակ էին իմ ցեղի իմաստնությանը, և նրանք միսը հայթայթում էին ծուղակների օգնությամբ, իսկ կռվելիս օգտագործում էին մահակներն ու պարսատիկները, քանզի անտեղյակ էին արագասլաց նետերի կախարդանքին, որոնք ծայրին կտրվածք ունեին եղջերվի լավ ոլորած ջղերից պատրաստած աղեղին հպվելու համար. և բավական էր բաց թողնեիր նետը, որ լարը ձգվեր, ենթարկվելով հացենու ծռած փայտի զսպանակային ուժին։
     Եվ մինչ ես երգում էի, իմ շուրջը հավաքվեցին օտար ցեղի տղամարդիկ։ Ու միայն նա, Իգարը, հավատաց ինձ, հավատաց իմ խոսքերին։ Ես նրա հետ դուրս եկա որսի այնտեղ, ուր եղջերուները ջուր խմելու էին գալիս, և իմ աղեղը զրնգաց թփերի մեջ, և սրտից խոցված եղջերուն տապալվեց գետնին։ Շատ համեղ էր տաք միսը, որ մենք կերանք, և նա իմը դարձավ այնտեղ, որտեղ եղջերուները գալիս էին ջուր խմելու։
     Եվ հանուն Իգարի ես մնացի օտար ցեղախմբում։ Ես նրանց սովորեցրի կարմիր, նուրբ բուրմունք արձակող, եղևնիի նման փայտից աղեղ պատրաստել։ Ու ես նրանց սովորեցրի աչքերը չփակել, ու նշան բռնել ձախ աչքով, սովորեցրի բութ նետեր պատրաստել մանր գազանիկների համար, և ոսկրե երկժանի պատրաստել թափանցիկ ջրում ձկներ որսալու համար, և եղջերու, վայրի ձի, իշայծյամ ու Թրատամ որսալու համար սովորեցրի օբսիդաքարե սլաքներ տաշել։ Բայց նրանք ծիծաղեցին վրաս, որ ես քար եմ տաշում, և ծիծաղեցին այնքան ժամանակ, մինչև որ իմ նետը իշայծյամի մարմինը այնպես ծակեց անցավ, որ տաշված սայրը դուրս ցցվեց մյուս կողմից, իսկ նետը մնաց կենդանու ներսում։ Այս դեպքից հետո ամբողջ ցեղը սկսեց փառաբանել ինձ։
     Ես աղեղնակիր Ուշուն էի, իսկ Իգարն իմ կինն էր ու հավատարիմ ընկերուհին։ Առավոտները, արևի ճառագայթների տակ ծիծաղում էինք, նայելով, թե ինչպես մեր որդին ու դուստրը մեղր հավաքող մեղուների պես ոսկեգույն փոշով թաթախված խաղում են ծաղիկների մեջ։ Իսկ գիշերները նա պառկում էր իմ գրկում, փաղաքշում էր ինձ ու համոզում ձեռք քաշել որսից, թող ուրիշ տղամարդիկ իրենց կյանքը վտանգելով միս բերեն ինձ այն բանի փոխարեն, որ ես կարողանում եմ մշակել փայտն ու օբսիդաքարից նետերի սայրեր պատրաստել։ Ու ես լսեցի նրան, ու ճարպակալեցի, ու շնչահեղձությամբ տառապեցի, ու երկար գիշերներ անքուն անցկացրի, որովհետև իմ իմաստության դիմաց օտար ցեղի տղամարդիկ միս բերելով, ծիծաղում էին իմ գիրության և որսից ու պայքարից հրաժարվելուս վրա։ Երբ վրա հասավ ծերությունս ու մեր որդիները դարձան հասուն տղամարդիկ, իսկ մեր դուստրերը՝ մայրեր, հարավից ծովի ալիքների պես վրա տվեցին նեղ ճակատներով ու ձգված գանգերով թխամորթ մարդիկ, ու մենք նրանցից փախանք դեպի լեռների ստորոտները, և այդ ժամանակ Իգարը, ինչպես իմ բոլոր նախորդ ու ապագա ընկերուհիները, կախվեց իմ վզից, ջանալով արգելք լինել ճակատամարտի դուրս գալուս, քանզի նրա համար անհասանելի էին հեռավոր տեսիլքները։
     Ու ես պոկվեցի նրանից, թեև գեր էի ու տառապում էի շնչարգելությամբ։ Նա լաց եղավ, ասելով, թե դադարել եմ սիրելուց, իսկ ես կռվեցի ողջ գիշեր մինչև լուսաբաց, երբ մեր աղեղների երգի ու սրածայր նետերի սուլոցի տակ նեղ ճակատներին սովորեցրինք սպանելու արվեստն ու ցույց տվեցինք, թե ինչ է նշանակում մարտի վայելքը։
     Իսկ երբ ճակատամարտը վերջացավ ու ես շունչս փչեցի, իմ շուրջը թնդացին մահվան երգերը, և թվաց, որ դա պատմություն է այն մասին, թե ինչպես եմ ես եղել աղեղնակիր Ուշու, իսկ Իգարը, իմ ընկերուհին, կախվելով վզիցս, ջանում էր թույլ չտալ մարտի դուրս գալու։
     Մի ժամանակ, - աստված գիտե, թե երբ, համենայն դեպս, այն հեռավոր օրերին, երբ մարդը դեռ պատանի էր, - մենք ապրում էինք մեծ ճահիճների եզրին, որտեղ բլուրները ձգվում էին մինչև լայն, դանդաղահոս գետը, որտեղ մեր կանայք հավաքում էին հատապտուղներ ու արմատիք, և թափառում էին վայրի ձիերի երամակը, եղջերուների, անտիլոպների ու իշայծյամների հոտերը։ Մենք որսում էինք նրանց նետերով կամ քշում էինք ծուղակները, և կամ նեղ ծերպերը, որտեղից ուրիշ ելք չկար։ Գետում մենք ձուկ էինք որսում ցանցերով, որոնք հյուսում էին մեր կանայք ծառերի մատշաղ կեղևներից։
     Ես խիստ հետաքրքրասեր էի, ինչպես այն անտիլոպները, որոնց քշում էինք խոտածածկ ծուղակները, օդում թափահարելով խոտափնջերը։ Ճահճում աճում էր վայրի բրինձ, որը պատի պես բարձրանում էր վտակների ափերին։ Ամեն առավոտ կեռնեխները արթնացնում էին մեզ իրենց ճռվողյունով. նրանք դուրս էին գալիս իրենց բներից ու թռչում էին դեպի ճահիճը՝ ուտելիք գտնելու։ Եվ իրիկնային աղջամուղջին օդում լսվում էին նրանց ծլվլոցը, երբ վերադառնում էին դեպի իրենց բները։ Այսպես էր լինում բրինձ հավաքելու ժամանակ։ Եվ ճահճում ապրող բադերը ճարպակալում էին կեռնեխների պես, կտցելով հասած բրինձը, որի վրայից արևը կճպել էր պատիճը։ Ես մարդ էի, ու այդ իսկ պատճառով ինձ տանջում էր իմանալու ծարավը, թե ինչ է թաքնված բլուրներից ու ճահիճներից այն կողմ, գետի տիղմի մեջ, և ես հետևում էի վայրի բադերին ու կեռնեխներին, ջանում էի հասկանալ, մինչև որ համառությունս բացեց աչքերս ու ես տեսա իսկապես։ Ահա թե ի'նչ տեսա և. ինչպե'ս։
     Միսը լավ ուտելիք է։ Բայց ի վերջո, եթե հետևենք նրա ընթացքին, ավելի ճիշտ՝ ճանապարհի հենց սկզբին, միսը ստեղծվում է խոտից։ Բադի ու կեռնեխի միսը ծնվում է ճահճային բրնձի հատիկներից։ Բադին նետահարելու համար ստիպված պետք է հետամուտ լինել նրան և երկար ժամանակ նստել թաքստոցում։ Իսկ կեռնեխները այնքան փոքրիկ էին, որ միայն մանչուկներն էին նետահարում նրանց։ Իսկ բրնձի հասնելու շրջանում կեռնեխների ու բադերի միսը լինում է առավել հյութեղ ու յուղալի։ Նրանց ճարպը ծնվում է բրնձից։ Այդ դեպքում ինչո՞ւ ես ու իմ երեխաներն էլ ճարպ չկուտակենք բրնձից։
     Այս ամենը դադարքի ժամանակ ես խորհում էի լուռ, մռայլ, կենտրոնացած, չնկատելով չորս բոլորս պտտվող երեխաներին, և Արունգան, իմ ընկերուհին, անդադար հանդիմանում էր ինձ, հորդորելով, որ գնամ որսի ու միս բերեմ բոլորիս համար։
     Արունգան պատկանում էր Բլուրների Ցեղին, և ես փախցրել էի նրան։ Քսան լուսին մենք սովորում էինք իրար հասկանալ այն բանից հետո, երբ նրան փախցրեցի։ Ի՜նչ օր էր այն, երբ ես արահետի վրա կախված ճյուղից ցած թռա նրա վրա, երբ անխռով քայլում էր։ Ընկա նրա ուսերին, մարմնիս ծանրությամբ ճնշեցի նրան և ամուր կառչեցի, որպեսզի չփախչի։ Նա կատվի պես ճղճղաց։ Նա բռունցքներով հարվածում էր ինձ, ճանկռում էր լուսանի ճանկերի պես սրածայր եղունգներով։ Բայց ես նրան բաց չթողեցի ու ստիպեցի հնազանդվել. երկու օր շարունակ ծեծեցի նրան ու ստիպեցի Բլուրների Ցեղի կիրճերից ինձ հետ իջնել խոտածածկ հովիտը, որտեղ գետը հանդարտ հոսում էր բրնձի ճահճուտների միջով, իսկ բադերն ու կեռնեխները ճարպակալում էին ոչ թե օրերով, այլ ժամերով։
     Իմ աչքերը դարձյալ բացվեցին, երբ բրինձը հասունացավ։ Ես Արունգային նստեցրի կոպտատաշ նավակի քթին (նավակը միջուկը վառած ծառի բունն էր) ու հրամայեցի թիավարել։ Նավախելին փռեցի Արունգայի դաբաղած եղջերվամորթին։ Երկու հաստ փայտերով ես հասկերը թեքում էի մորթու վրա ու թափ տալիս հատիկները, որոնք հակառակ դեպքում կմնային կեռնեխներին։ Իսկ երբ ես վարժվեցի դրան, փայտերը տվեցի Արունգային, ինքս նստեցի նավակի քթին, թիավարեցի ու բացատրեցի, թե ինչ պետք է անել։
     Սկզբում մենք երբեմն հում բրինձ էինք ուտում, և դա մեզ դուր չէր գալիս։ Բայց հիմա բրինձը եփում էինք խարույկի վրա այնպես, որ հատիկները ուռչելով, դառնում էին ճերմակ գնդիկներ, և ամբողջ ցեղը շտապեց փորձելու դա։
     Հետո մեզ սկսեցին անվանել Բրնձակերներ և Բրնձի Որդիներ, իսկ շատ ու շատ տարիներ անց, երբ Գետի Որդիները ճահիճներից մեզ քշեցին դեպի սարերը, մենք բրնձի սերմեր տարանք հետներս ու ցանեցինք այնտեղ։ Մենք սովորեցինք սերմացու ընտրել ամենամեծ հատիկները, և եփելուց հետո բրնձի ճերմակ գնդիկները դառնում էին ավելի մեծ։
     Բայց ես պատմում էի Արունգայի մասին։ Ես արդեն պատմեցի, որ նա ճչում և ճանկռոտում էր կատվի պես, երբ փախցրեցի նրան։ Իսկ հետո Բլուրների Ցեղի նրա արյունակիցները բռնեցին ինձ ու տարան իրենց բլուրները։ Դրանք Արունգայի հայրը, եղբայրն ու արյունակից եղբայրներն էին։ Բայց նա պատկանում էր ինձ ու իմ կինն էր։ Եվ ահա գիշերը, երբ ես վայրի վարազի պես, որին պատրաստվում են մորթել, կապկպված պառկած էի, իսկ նրանք հոգնած ու թուլացած քնել էին խարույկի մոտ, Արունգան գաղտագողի մոտեցավ հորն ու եղբայրներին, և իմ ձեռքով պատրաստած մարտական մահակով ջախջախեց նրանց գլուխը։ Իսկ հետո լաց լինելով, նա արձակեց կապանքներս ու ինձ հետ ետ փախավ դեպի լայն, դանդաղահոս գետը, որտեղ կեռնեխներն ու վայրի բադերը կերակրվում էին բրնձի ճահիճներում, այս ամենը Գետի Որդիների ներխուժումից շատ առաջ էր։
     Ախր նա Արունգան էր, միակ կինը, հավիտենական կինը։ Նա ապրել է բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում և հավիտյան կապրի։ Նա անմահ է։ Երբեմնի, հեռավոր մի երկրում նա կոչվել է Հռութ, նրան անվանել են նաև Իզոլդա և Հելենա, Փոքահոնթաս և Ունգա (1): Եվ օտար ցեղի տղամարդը բազմիցս գտել է նրան ու միշտ կգտնի երկրի բոլոր ցեղերի մեջ։
     Ես հիշում եմ անթիվ-անսահման կանանց, որոնցից ստեղծվել է նա՝ եզակի կինը։ Ժամանակին ես ու եղբայրս՝ Արը, հերթով քնում էինք ու հերթով հալածում էինք վայրի մտրուկին. օր ու գիշեր մեզնից մեկը քշում էր նրան լայն շրջանով, որը փակվում էր այնտեղ, որտեղ քնած էր մյուսը։ Մենք նրան հանգիստ չէինք տալիս և քաղցի ու ծարավի շնորհիվ սանձահարեցինք մտրուկի հպարտությունը, այնպես որ, ի վերջո, հնազանդորեն կանգ առավ, մինչև նրան կապոտում էինք եղջերվի մորթից կտրված փոկերով։ Եվ այդպես, միայն մեր ոտքերի օգնությամբ, առանց հոգնելու, քանզի ղեկավարվում էինք բանականությամբ (ծրագիրը պատկանում էր ինձ), ես ու եղբայրս խելքի բերեցինք չսանձահարվող այդ արշավողին ու նա դարձավ մերը։
     Իսկ երբ պատրաստվում էի հեծնել, քանզի այդպիսին էր հեռուներից ինձ հմայող տեսիլքը, Սելպան, իմ կինը, նետվեց պարանոցիս ու սկսեց գոչել, որ դա պետք է անի Արը, և ոչ թե ես, որովհետև Արը ոչ կին ունի, ոչ էլ երեխաներ, և նրա մահը ոչ ոքի մենակ չի թողնի։ Իսկ հետո նա լաց եղավ. և իմ տեսիլքը անէացավ, երբ մտրուկը սլացավ դեպի հեռուները, ոտքերը նրա մարմնին սեղմած, ոչ թե ես, այլ Արն էր հեծել։
     Մայրամուտին սկսվեց ողբը. Արին բերում էին հեռավոր ժայռերից, որտեղ գտել էին նրա դիակը։ Գլուխը ջախջախվել էր, և ուղեղը մեղրի նման, որը ծորում է փոթորիկի տապալած փչակավոր ծառից, Որտեղ բուն են դրել մեղուները, կաթիլ-կաթիլ թափվում էր գետին։ Մայրը գլխին մոխիր ցանեց ու սև ներկեց դեմքը, Հայրը ի նշան վշտի կտրեց ձեռքի մատների կեսը։ Բոլոր կանայք, հատկապես երիտասարդները, որոնք դեռ չէին գտել իրենց ամուսիններին, չարախոսությունների տարափ տեղացին վրաս, իսկ ծերունիները օրորելով իրենց իմաստուն գլուխները ու ճպպացնելով, փնթփնթում էին, որ ոչ իրենց հայրերը, և ոչ էլ իրենց հայրերի հայրերը այդպիսի խենթություն մտքի ծայրովն իսկ չեն անց կացրել։ Ձիու միսը լավ ուտելիք է, մտրուկների միսը հեշտությամբ են կտրում նույնիսկ ծերերի ատամները, սակայն հիմարը միայն կմոտենա վայրի ձիուն, որը չի նետահարվել կամ չի շամփրվել փոսի մեջ ցցած սրածայր փայտին։ Իսկ Սելպան կշտամբում էր ինձ մինչև քնելս, և առավոտյան արթնացրեց իր շատախոսությամբ՝ հանդիմանելով իմ խենթությունը, հայտարարելով իմ վրա ունեցած իր և մեր երեխաների իրավունքների մասին, ու դա չկրկնեց այնքան ժամանակ, մինչև որ հալից գցեց ինձ։ Ես հրաժարվեցի իմ հեռավոր տեսիլքից ու ասացի, որ այլևս երբեք չեմ երազի վայրի ձի հեծնել և ավազուտի ու խոտածածկ հովտի վրայով քամուց էլ ավելի արագ սլանալ։
     Տարիներն անցնում էին, և մեր բնակավայրի խարույկների մոտ առաջվա պես կրկնում էին իմ խենթության մասին պատմությունները։ Բայց հենց դա էլ իմ վրեժխնդրությունն էր, քանզի երազանքս չէր մեռել, և պատանիները լսելով ծիծաղն ու ծաղրը, այնուամենայնիվ հմայվում էին այդ պատմությամբ, և ի վերջո, Օթարը, իմ առջնեկը, որը դեռ պատանի էր, հալածեց վայրի ձիուն, հեծավ ու մեր առջևով սլացավ քամուց էլ արագ։ Եվ այդ ժամանակ ցեղի բոլոր տղամարդիկ, չկամենալով ետ մնալ նրանից, սկսեցին որսալ ու սանձահարել վայրի ձիերին։ Շատ ձիեր սանձահարվեցին, և բազմաթիվ մարդիկ կյանքով հատուցեցին դրա համար։ Բայց ես, ի վերջո, ապրեցի մինչև այն օրը, երբ որսի քոչող հոտերի հետևից մեր բնակավայրը տեղափոխելիս, մանկիկներին դնում էինք ուռենու ճյուղերից հյուսած զամբյուղները, որոնք տեղավորված էին մեր խղճուկ ունեցվածքը կրող ձիերի մեջքին։
     Երբ երիտասարդ էի, ներհայեցողությամբ տեսել ու իմ հոգում մի իղձ էի կրում. Սելպան, կինը, կանգնեց այդ բարձրագույն ցանկության իրագործման ճանապարհին, բայց մեր որդին` Օթարը, որին վիճակված էր ապրել մեզանից հետո, դարձյալ տրվեց իմ տեսիլքներին ու անցավ դեպի նպատակը տանող երկար ճանապարհը, և մեր ցեղի որսը դարձավ առատ։
     Եվ մի կին էլ կար Եվրոպայից կատարվող մեծ վերաբնակեցման ժամանակ, որը տևեց մի քանի սերնդի կյանք, երբ Հնդկաստանում մենք հայտնաբերեցինք կարճեղջյուր անասուններ ու գարի։ Բայց այդ կինը ապրում էր շատ ավելի վաղ շրջանում, քան մենք կհասնեինք Հնդկաստան։ Այն ժամանակ դեռ չէր երևում բազմադարյան գաղթի ծայրը, և ամենագիտակ աշխարհագրագետը նույնիսկ չի կարող բացատրել, թե որտեղ է գտնվում այն հինավուրց հովիտը, որի մասին պատմելու եմ ես։
     Այդ կինը Նուքիլան էր։ Իսկ հովիտը նեղ էր, ոչ այնքան երկար, և ուղղաձիգ լանջերն ու հատակը կտրատված էին դարավանդներով, որտեղ աճում էր բրինձ ու կորեկ, առաջին բրինձն ու առաջին կորեկը, որոնք տեսանք մենք՝ Լեռների Որդիներս։ Այդ հովտում բնակվում էր հեզաբարո մի ժողովուրդ։ Դա փափկամորթ ժողովուրդ էր, որովհետև մշակում էր հարուստ հողը, որն ավելի էր հարստանում ջրի հոսքի տակ։ Առաջին անգամ մենք տեսանք դաշտերի արհեստական ոռոգումը, թեև ժամանակ չունեինք զննելու նրանց ջրանցքներն ու առվակները, որոնց միջով լեռնային աղբյուրների ջուրը հոսում էր դեպի այդ ցեղի մարդկանց ձեռքերով ստեղծված դաշտերը։ Մենք ժամանակ չունեինք այդ ամենը զննել, քանզի մենք, Լեռների Որդիներս փոքրաթիվ էինք ու փախչում էինք մեզնից ավելի շատ Քթազուրկի Որդիներից։ Մենք նրանց Քթազուրկ էինք անվանում, իսկ նրանք իրենց անվանում էին Արծվի Որդիներ։ Բայց նրանք թվով մեզնից շատ էին և մենք նրանց ճնշման տակ փախչում էինք մեր կարճեղջյուր անասունների, մեր այծերի, մեր գարու, մեր կանանց ու երեխաների հետ։
     Մինչ Քթազուրկները հետևում սպանում էին մեր պատանիներին, առջևում մենք սպանում էինք հովտի բնակիչներին, նրանք դիմադրություն ցույց տվեցին, բայց մեզնից շատ թույլ էին։ Նրանց հյուղակները կառուցված էին կավից և ունեին խոտածածկ տանիք, իսկ ամբողջ գյուղը շրջափակված էր կավաշեն պատով, որը շատ բարձր էր: Երբ մենք սպանեցինք նրանց, ովքեր կառուցել էին պատը և թաքնվեցինք նրա հետևը մեր հոտերով, մեր կանանցով ու երեխաներով, բարձրացանք պատի վրա ու սկսեցինք ծաղրել Քթազուրկներին, քանզի կավաշեն տնակները բերնեբերան լի էին բրնձով ու կորեկով, մեր անասունները կարող էին սնվել տանիքները ծածկող խոտով, իսկ անձրևների շրջանն էլ շատ մոտիկ էր ու ջրի մասին անհանգստանալու ոչ մի առիթ չունեինք։
     Պաշարումը երկարատև էր։ Սկզբում մենք հավաքեցինք օտար կանանց, ծերունիներին ու երեխաներին, որոնց դեռ չէինք սպանել, և քշեցինք իրենց կառուցած պատից դուրս: Քթազուրկները մինչև վերջին մարդը սպանեցին նրանց, այնպես որ գյուղում ահագին ուտելիք մնաց մեզ համար, իսկ հովտում ահագին ուտելիք՝ Քթազուրկների համար։
     Պաշարումը երկարատև էր ու ծանր։ Մենք հիվանդացանք, իսկ հետո սկսվեց ժանտախտը, որի վարակը տարածեցին մեր հանգուցյալները։ Կավաշեն տնակներում ոչ բրինձ մնաց, ոչ կորեկ, մեր այծերն ու կարճեղջյուր անասունները կերան բոլոր տների տանիքները, իսկ մենք, որպեսզի ձգձգենք վախճանը, կերանք այծերին ու կարճեղջյուր բոլոր անասուններին։
     Ու վրա հասավ այն ժամանակը, երբ պատի վրա, այնտեղ, ուր առաջ հինգ հոգի էին կանգնած, այժմ մեկ հոգի էր, իսկ այնտեղ, որտեղ հինգհարյուր երեխաներ կային, այլևս ոչ մի հոգի չմնաց։ Եվ Նուքիլան, իմ կինը, կտրեց մազերն ու աղեղիս համար սքանչելի մի լար հյուսեց։ Այդպես վարվեցին նաև մյուս կանայք։ Ու երբ թշնամիները անցան հարձակման, մեր կանայք կանգնած էին մեզ հետ միասին, կողք կողքի, տղամարդիկ նիզակներ ու նետեր էին արձակում, իսկ կանայք Քթազուրկների գլխին նետում էին կավե թաղարներ ու քարեր։ Մեր համառությունը քիչ էր մնում ստիպեր նահանջելու նույնիսկ համառ Քթազուրկներին։ Վրա հասավ այն ժամանակը, երբ մեր տղամարդկանցից պատին էր բարձրանում առաջվա տասը հոգու փոխարեն` մեկը միայն։ Իսկ մեր կանանցից շատ քչերն էին ողջ մնացել, և Քթազուրկները մեզ հաշտություն առաջարկեցին։ Նրանք ասացին, որ մենք տոկուն ցեղ ենք, որ մեր կանայք իսկական տղամարդիկ են ծնում, և որ, եթե մեր կանանց տանք իրենց, այլևս մեզ չեն անհանգստացնի ու հովիտը մեզ կթողնեն։ Իսկ մենք մեզ համար կարող ենք կին գտնել հարավային հովիտներում։
     Բայց Նուքիլան ասաց «ո'չ»։ Եվ մյուս բոլոր կանայք էլ ասացին «ո'չ»։ Եվ մենք Քթազուրկներին ծաղրեցինք ու հարցրեցինք, թե չլինի՞ նրանք վախենում են։ Իսկ ինքներս գրեթե մեռելներ էինք, ու երբ ծիծաղեցինք թշնամու վրա, այլևս մարտնչելու ուժ չմնաց։ Եվս մի գրոհ և ամեն բան կվերջանա։ Մենք դա գիտեինք։ Մեր կանայք ևս գիտեին։ Բայց Նուքիլան ասաց, որ մենք ավելի շուտ կվերջացնենք ու կխորամանկենք Քթազուրկներին։ Եվ մյուս կանայք համաձայնեցին։ Եվ մինչ Քթազուրկները նախապատրաստվում էին վերջին գրոհին, պատի վրա մենք սպանեցինք մեր կանանց։ Նուքիլան սիրում էր ինձ, և այնտեղ, պատի վրա առաջ թեքվեց, որ իմ սրի շեղբը ավելի շուտ մխրճվի մարմնի մեջ։ Իսկ մենք, տղամարդիկ, հանուն ցեղի և ցեղակիցների, սրախողխող արեցինք իրար, և արյունից կարմրած պատի վրա մնացինք ես ու Օրդան։ Օրդան իմ առջնեկն էր։ Ու ես թեքվեցի առաջ, որպեսզի ընդունեմ նրա սրի հարվածը։ Բայց անմիջապես չմեռա։ Լեռների Որդիներից վերջին ողջ մնացածը ես էի, քանզի տեսա, թե ինչպես Օրդան ընկավ իր սրի վրա ու անմիջապես մեռավ։ Իսկ երբ մեռնում էի ես ու մոտեցող Քթազուրկների աղաղակները մարեցին իմ ականջներում, ուրախանում էի, որ մեր կանայք ստիպված չեն լինի Քթազուրկների համար երեխաներ մեծացնել։
     Չգիտեմ, թե երբ էր այն ժամանակ, որ ես Լեռների Որդի էի ու մենք զոհվեցինք նեղլիկ հովտում, որտեղ դրանից առաջ կոտորեցինք Բրնձի ու Կորեկի Որդիներին։ Ես միայն գիտեմ, որ բազմաթիվ դարեր անցան, նախքան մեր՝ Լեռների Որդիներիս քոչող ցեղերը հասան Հնդկաստան, իսկ դա պատահեց շատ ավելի առաջ, ինչ ես Հին Եգիպտոսում արիական պայազատ դարձա ու պղծելով ինձնից առաջ ապրած արքաների դամբարանները, ինձ համար երկու դամբարան կառուցեցի։
     Ես կուզենայի ավելի շատ պատմել այդ հինավուրց ժամանակների մասին, սակայն կյանքս մոտենում է վախճանին։ Շուտով ես կհեռանամ կյանքից։ Շատ եմ ափսոսում, որ ավելի մանրամասն չեմ կարող պատմել այդ վաղնջական վերաբնակեցման մասին, երբ բազմաթիվ ժողովուրդներ այլ ցեղերի կամ սառցադաշտերի ճնշման տակ, կամ էլ անտիլոպների ու եղջերուների հոտերի հետևից քոչում էին տեղից տեղ։
     Ու նաև կուզենայի պատմել Առեղծվածի մասին, քանզի միշտ ձգտել ենք լուծել կյանքի, մահվան ու քայքայման հանելուկները։ Մարդը այլ կենդանիների նման չէ, որովհետև նրա հայացքը հառված է աստղերին։ Բազմաթիվ աստվածներ է ստեղծել իր պատկերով ու նմանությամբ, որոնք նրա երևակայության ծնունդն են եղել։ Այդ հեռավոր ժամանակներին ես խոնարհվում էի արևին ու խավարին։ Ես խոնարհվում էի հասկին, որպես կյանքի սկզբնաղբյուրի։ Ես խոնարհվում էի Սարրին՝ հացի աստվածուհուն։ Եվ ես խոնարհվում էի ծովերի աստվածներին, և գետերի աստվածներին, և' ձուկ-աստվածներին։
     Ես հիշում եմ և Իշտարին, նախքան բաբելացիները կգողանային նրան մեզնից, և' Էային, մեր աստծուն, որ թագավորում էր ստորերկրյա աշխարհում ու Իշտարին օգնում էր հաղթելու մահին։ Միթրան ևս բարեհոգի ու հին արիական աստված էր, նախքան նրան մեզնից գողանալը, կամ նախքան մեր հրաժարվելը նրանից։ Ու ես հիշում եմ մեր գաղթից բազում դարեր անց այն ժամանակը, երբ մենք գարի բերեցինք Հնդկաստան, այդ անգամ արդեն ես Հնդկաստան գնացի որպես ձիավաճառ, մեծ քարավանի գլուխն անցած, շրջապատված բազմաթիվ ծառաներով, ու երբ նրանք երկրպագում էին Բոդիսաթվին։
     Հիրավի, հավատի Առեղծվածը ժողովուրդների հետ թափառում էր, ու աստվածները, որոնց գողանում և վերցնում էին փոխարինաբար, այդ շրջանում նույնպիսի թափառաշրջիկներ էին, ինչպես մենք։ Եվ ինչպես շումերները փոխարինաբար մեզնից վերցրին Շամաշնապիշտինին, այնպես էլ Սեմի Որդիները շումերներից խլեցին նրան ու անվանեցին Նոյ։
     Եվ այժմ Դարրել Սթենդինգս, երբ գրում եմ այս տողերը Մարդասպանների Միջանցքում, ես ժպտում եմ այն բանի վրա, որ տասներկու հուսալի և ազնիվ երդվյալ ատենակալներ ինձ մեղավոր ճանաչեցին ու դատապարտեցին մահվան։ Տասներկուսը միշտ եղել է Առեղծվածի մոգական թիվը, և դրա հիմքը բնավ էլ Իսրայելի որդիների տասներկու սերունդները չեն դրել։ Նրանք, ովքեր մինչև այդ սերունդները նայում էին աստղերին, երկրի վրա տեղադրել էին կենդանակերպ տասներկու նշանները, և հիշում եմ, երբ ես էսիր ու վանիր էի, Օդինը մարդկանց դատում էր տասներկու աստվածներով շրջապատված, և այդ աստվածները կոչվում էին Թոր, Բալդուր, Նիարդ, Թրեյ, Թիր, Բրագի, Հեյմդալ, Գոդեր, Վիդար, Ուլլ, Թորսեթի և Լոքի։
     Նույնիսկ մեր վալկիրիաները գողացվեցին ու վերածվեցին հրեշտակների, իսկ նրանց նժույգների թևերն հայտնվեցին այդ հրեշտակների մեջքին։ Եվ սառույցի և սառնամանիքի այն օրերի Հելգեյմը դարձավ ժամանակակից դժոխք, որտեղ այնքան շոգ է, որ արյունը եռում է երակներում։ Իսկ մեզ մոտ, մեր Հելգեյմում թագավորում էր այնպիսի սառնամանիք, որ ծուծը սառչում էր ոսկորների մեջ։ Եվ նույնիսկ երկինքը, որ մեզ հավիտենական ու անփոփոխ է թվում, տեղաշարժվում ու պտտվում էր այնպես, որ մենք Կարիճը հիմա տեսնում ենք այնտեղ, որտեղ առաջ Այծեղջյուրն էր, իսկ Աղեղնակիրը՝ Խեցգետնի տեղում։
     Օ՜հ, այդ հավատները։ Առեղծվածը լուծելու հավիտենական մոլուցքը։ Ես հիշում եմ հույների կաղ աստծուն, դարբին-աստծուն։ Բայց նրանց Վուլկանը մեր գերմանական Վիլանդն էր, դարբին-աստվածը, որը վնասել էր ոտքն ու կաղում էր, երբ Նիդունգը, Նիդերի առաջնորդը, գերավարեց նրան ու կախեց մի ոտքից։ Բայց մինչ այդ էլ նա մեր դարբինն էր, որը շարունակ զարկում էր զնդանին, և մենք նրան Իլմարինեն էինք անվանում։ Իսկ նրան ստեղծել էինք մեր երևակայությամբ, մորուքավոր արևային աստծուն տվել էինք նրան հայր և կերակրել էինք Արջի աստղերով։ Քանզի նա, Վուլկանը, Վիլանդը, Իլմարինենը, ծնվել էր սոճու տակ, գայլի մազից և կոչվում էր նաև Հայր Արջ, նախքան գերմաններն ու հույները կգողանային ու կսկսեին երկրպագել նրան։ Այդ օրերին մենք Արջի Որդիներ ու Գայլի Որդիներ էինք անվանում մեզ, երբ արջն ու գայլը մեր տոտեմներն էին։ Դա դեպի հարավ կատարած մեր գաղթից շատ առաջ էր, երբ մերձեցանք Անտառակների Որդիների հետ և նրանց հաղորդեցինք մեր տոտեմներն ու ասքերը։
     Այո, նա, ով եղել է Քաշյափը, ով եղել է Պուրուրավասը, իրականում եղել է մեր կաղ դարբին-աստվածը, որը երկաթ էր կռում, որին գաղթի ժամանակ տարանք մեզ հետ, իսկ հարավի ու արևելքի բնակիչները, Ձողի Որդիները, Կրակե Աղեղի Որդիները, Հրատախտակի Որդիները տվեցին նոր անուններ ու երկրպագեցին նրան։
     Բայց այդ պատմությունը չափազանց երկար է, թեև ուրախ կլինեի պատմելով Կյանքի Երեքնուկի մասին, որի միջոցով Սիգմունդը հարություն տվեց Սինֆիոթլիին, քանզի այդ հնդկական սոման, Արթուր արքայի սրբազան Թասը, այդ... սակայն, բավական է, բավական է։
     Համենայն դեպս, երբ ես անվրդով կշռադատում եմ այն, ինչի մասին ձեզ պատմեցի, հանգում եմ այն եզրակացության, որ կյանքում, բոլոր կյանքերում լավագույնը ինձ համար, և բոլոր տղամարդկանց համար, եղել է կինը, մնում է կինը և կլինի կինը այնքան ժամանակ, քանի դեռ երկնքում վառվում են աստղերը և հերթափոխվում են համաստեղությունները։ Ավելի մեծ, քան մեր աշխատանքն ու մեր անվեհերությունը, մեր հնարամտությունից ու երևակայության թռիչքից ավելի մեծ, ավելի մեծ, քան ճակատամարտը, աստղերի փայլատակումն ու հավատի առեղծվածը, այս ամենից շատ ու շատ անգամ կինը միշտ էլ մեծ է եղել։
     Թեև կինն ինձ համար կեղծ երգեր է երգել ու ոտքերս, գամել է հողին, և աստղերից հեռացրել է իմ հայացքը, որպեսզի ես իրեն նայեմ, նա՝ կինը, կյանքի, պահապանը, հողի մայրը, նվիրել է ինձ իմ լավագույն օրերն ու գիշերները և երկար-երկար տարիներ։
     Նույնիսկ Առեղծվածին ես տվել եմ նրա կերպարանքն ու աստղային երկնքի քարտեզը գծելիս, տեղադրել եմ նրան աստղերի միջև։
     Բոլոր իմ աշխատանքներն ու գյուտերը տարել եմ դեպի նա։ Բոլոր իմ հեռավոր տեսիլքները ավարտել եմ նրանով։ Երբ ստեղծել եմ կրակե աղեղ և հրատախտակ, ես ստեղծել եմ նրա համար։ Հանուն նրա, թեև չեմ իմացել այդ, ես պատրաստել եմ սրածայր ձողով ծուղակ՝ Թրատամին որսալու համար։ Հանուն նրա ես սանձահարել եմ ձիերին, սպանել եմ մամոնտներին, և իմ եղջերուներին քշել եմ դեպի հարավ, վրա հասնող սառցադաշտից հեռանալիս։ Հանուն նրա հնձել եմ վայրի բրինձը, մշակել եմ գարին, ցորենը և եգիպտացորենը։
     Հանուն նրա և հանուն նրա ապագա երեխաների ես մեռել եմ ծառերի կատարներին, քարանձավի մուտքի մոտ եմ մղել թշնամիներին, կավաշեն պատի հետևում դիմացել եմ պաշարման։ Հանուն նրա ես տասներկու նշան եմ տեղավորել երկնքում։ Աղոթել եմ նրան, երբ խոնարհվել եմ տասը տապանաքարերի առջև, դրանցում տեսնելով պտղաբերության ամիսները։
     Եվ միշտ կինը կառչել է հողին այն մայր կաքավի նման, որը թաքցնում է իր ճտերին։ Ու միշտ թափառումների նկատմամբ իմ ունեցած ձգտումը հրապուրել է ինձ դեպի փայլող ուղիները։ Սակայն միշտ էլ աստղային իմ արահետները բերել են նրա մոտ, հավիտենական ու եզակի այն կնոջ մոտ, որի գիրկն այնպես է գրավել ինձ, որ ես մոռացել եմ աստղերի մասին։
     Հանուն նրա ես թափառել եմ ծովերով, մագլցել եմ լեռները, կտրել անցել եմ անապատները, հանուն նրա ես որսի մեջ եղել եմ առաջինը և առաջինն եմ եղել ճակատամարտում։ Եվ հանուն նրա ու նրա համար երգեր եմ երգել կատարածիս մասին։ Նրա շնորհիվ եմ ապրել կյանքի երջանկությունը, հիացմունքի ողջ երաժշտությունը։ Եվ այժմ, մոտենալով վախճանին, ես կարող եմ ասել, որ ավելի թրթռացնող ու քաղցր խենթություն չկա, քան նրա վարսերի անուշաբույր զմայլքն զգալը ու այդ վարսերի մեջ դեմքը թաղելով, մոռացության գիրկն ընկնելը։
     Եվս մի բան։ Ես Դորոթիին հիշում եմ այնպիսին, ինչպես տեսել եմ առաջին անգամ, երբ հողագիտության դասախոսություն էի կարդում ֆերմերների որդիների համար։ Նա տասնմեկ տարեկան կլիներ։ Նրա հայրը մեր ֆակուլտետի դեկանն էր։ Դորոթին դեռ երեխա էր, ու կին էր նա, և երևակայում էր, թե սիրում է ինձ։ Իսկ ես ժպտում էի յուրովի, քանզի սիրտս անխռով էր ու նվիրված ուրիշին։ Սակայն իմ ժպիտը քնքուշ էր, որովհետև այդ աղջնակի աչքերում ես տեսա հավիտենական կնոջը, բոլոր ժամանակների ու բոլոր կերպարավորումների կնոջը։ Նրա աչքերում ես տեսա ջունգլիներում ինձ հետ թափառող, ինձ հետ ծառերի վրա, քարանձավում և ճահիճներում պատսպարվող ընկերուհուս աչքերը։ Նրա աչքերում տեսա Իգարի աչքերը, երբ ես աղեղնակիր Ուշուն էի, Արունգայի աչքերը, երբ ես բրնձի հնձվոր էի, Սելպայի աչքերը, երբ երազում էի հնազանդեցնել մտրուկին, Նուքիլայի աչքերը, որը հակվեց իմ կողմը, ընկնելով սրիս վրա։ Այո, նրա աչքերում կար այն, ինչ կար Լեի-Լեիի աչքերում, որին թողեցի ծիծաղը շուրթերին, տիկին Օմի աչքերում, որ քառասուն տարի Չոսոնի ճանապարհներին ու արահետներին ինձ հետ բաժանել էր զրկանքները, Ֆիլիպպայի աչքերում, որի համար ես մեռած տապալվեցի խոտերին՝ հին Ֆրանսիայում։ Իմ մոր աչքերում, երբ ես փոքրիկ Ջեսսին էի Լեռնային Մարգագետնում մեր քառասուն ֆուրգոններից կազմած շրջանի մեջ։
     Նա աղջնակ էր, բայց նա դուստրն էր բոլոր կանանց, այնպես, ինչպես նրա մայրը, և նա մայրն էր բոլոր այն կանանց, որոնք դեռ կլինեն։ Նա Սարրն էր, հացի աստվածուհին։ Նա Իշտարն էր, մահին հաղթողը։ Նա Սաբայի թագուհին էր և Կլեոպատրան։ Նա Եսթերն էր ու Հերովդիագան։ Նա Մարիամ Աստվածածինն էր ու Մարիամ Մագդաղենացին, և Մարիամը՝ քույրն Մարթայի, և նա Մարթան էր։ Նա Բրունջիլդան էր և Ջինևրան, Իզոլդան ու Ջուլիետը, Էլոիզն ու Նիքոլեթը։ Եվ նա Եվան էր, նա Լիլիթն էր, նա Աստերդեն էր։ Նա տասնմեկ տարեկան էր, և նա անցյալի բոլոր կանայք էր, ապագայի բոլոր կանայք։
     Նստած եմ հիմա իմ մենախցում, ականջ եմ դնում ամառային քնաբեր օդում բզզացող ճանճերին ու գիտեմ, որ ժամանակն ավարտվում է։ Շուտով, շատ շուտով ինձ առանց օձիքի շապիկ կհագցնեն... Բայց հանգստացիր, սի'րտ իմ։ Հոգին անմահ է։ Խավարից հետո ես դարձյալ կապրեմ ու դարձյալ կհանդիպեմ կանանց։ Ապագան ինձ համար պահում է դեռևս չծնված կանանց, և ես կհանդիպեմ նրանց իմ այն կյանքերում, որոնք դեռևս վիճակված են ինձ, որ ապրեմ։ Եվ թող փոփոխվեն համաստեղությունները, և թող ստի երկինքը, բայց միշտ մնում է կինը, անզուգական, հավիտենական, եզակի կինը։ Եվ ես իմ բոլոր կերպարավորումների, իմ բոլոր ճակատագրերի մեջ մնում եմ եզակի տղամարդը՝ նրա ամուսինը։


1 Հռութ - Աստվածաշնչի հերոսուհիներից մեկը։ Իզոլդա - «Տրիստան և Իզոլդա» ասպետական վեպի հերոսուհին։ Հելենա - հին հունական դիցաբանության գեղեցկուհի Հելենան։ Փոքահոնթաս - իրականում գոյություն ունեցած հերոսուհի, Հնդկական Փոուքեթթեն առաջնորդի դուստրը, որն ամուսնացավ անգլիացու հետ։