ԳԼՈՒԽ 22
Իմ ժամանակը մոտենում է ավարտին։ Ձեռագիրս կարողացա բանտի պատերից դուրս ուղարկել։ Մարդը, որին ես վստահում եմ, կմտահոգվի տպագրության հարցով։ Այս տողերն արդեն գրում եմ ոչ թե Մարդասպանների Միջանցքում, այլ մահապարտների խցում, որտեղ գիշեր-ցերեկ հսկողության տակ եմ։ Հսկում են անդադրում և աչալուրջ, որպեսզի, ինչպիսի՜ պարադոքս, ես չմեռնեմ։ Ես պետք է ապրեմ, որպեսզի հնարավոր լինի ինձ կախելը, քանզի հակառակ դեպքում հասարակությունը խաբված կլինի, օրենքը՝ խայտառակված և ստվեր կգցի ջերմեռանդ ու պատրաստակամ ծառայի՝ այս բանտի պիտի հեղինակության վրա, որն իր մնացյալ պարտականությունների հետ պետք է հետևի նաև, որպեսզի մահվան դատապարտվածներին կախեն ժամանակին ու բոլոր կանոններով։ Հիրավի, ինչպիսի՜ ձևերով ասես մարդիկ իրենց գոյության համար միջոցներ չեն հայթայթում։
Սրանք իմ վերջին նոթերն են: Վաղն առավոտյան վրա կհասնի իմ մահը։ Նահանգապետը մերժեց ներում շնորհել ինձ, մերժեց նույնիսկ հետաձգել մահապատիժը, առանց ուշադրություն դարձնելու այն բանի վրա, որ Մահապատիժների Դեմ Պայքարի Դաշնադրությունը Կալիֆորնիայում ահագին աղմուկ բարձրացրեց։ Լրագրողները անգղների պես թռան այստեղ։ Ես բոլորին տեսա։ Ի՜նչ տարօրինակ երիտասարդներ են նրանք։ Եվ հատկապես ինձ տարօրինակ է թվում այն, որ նրանք իրենց հացը, իրենց քոկթեյլներն ու սիգարեթները, իրենց բնակարանները և, եթե ամուսնացած են, երեխաների համար կոշիկներն ու դասագրքերը վաստակելու են, դիտելով պրոֆեսոր Դարրել Սթենդինգի մահապատիժն ու թերթերում նկարագրելով, թե ինչպես մեռավ Դարրել Սթենդինգը օղակը վզին։ Ի՜նչ արած, եթե այս ամենը վերջանա, նրանց սիրտն ավելի կխառնի, քան իմը։
Ահավասիկ, ես նստել ու մտորում եմ այդ մասին, իսկ խցի պատերից դուրս կարգված վերակացուն անդադար ետ ու առաջ է քայլում դռան տակ, ինձնից չկտրելով իր անթարթ հայացքը, և ես սկսում եմ անասելի հոգնություն զգալ իմ անմահությունից։ Ես այսպես բազում կյանքեր եմ ապրել։ Ես հոգնել եմ անսահման պայքարից, տառապանքներից ու դժբախտություններից, որոնք անխուսափելի են նրա համար, ով շատ վեր է բարձրանում, ընտրում է փայլատակող ուղիներ և թափառում է աստղերի մեջ։
Եվ, ազնիվ խոսք, ես շատ կուզենայի, որ երբ դարձյալ մարմին ստանամ, լինեմ հասարակ, խաղաղ մի հողագործ։ Ես հիշում եմ իմ երազների ֆերման։ Կուզենայի գեթ մի անգամ ամբողջ մի կյանք այնտեղ ապրել։ Օ՜հ, երազներում ծնված այդ ֆերման։ Առվույտ ցանած իմ մարգագետինները, ջերսեյական ցեղական իմ կովերը, իմ լեռնային արոտավայրերը, հերկած դաշտեր դարձող մացառածածկ իմ բլուրները, իմ անգորական այծերը, որոնք լանջն ի վեր խժռում էին մացառները, որպեսզի նրանց տեղը ևս հերկած դաշտեր լինեն։
Բլուրների մեջ շատ բարձր մի գոգավորություն կա, որտեղ երեք կողմից գետակներ են հոսում։ Եթե գոգավորության ելքի վրա, որը շատ նեղ է, ամբարտակ կարողանայի կառուցել, ապա չնչին մի աշխատանք ծախսելով կստեղծեի քսան միլիոն գալլոն տարողությամբ մի ջրամբար։ Չէ՞ որ Կալիֆորնիայում ինտենսիվ հողագործությանը ամենից շատ խանգարում է մեր երկար, չոր ամառը։ Դա խոչընդոտում է պաշտպանական մշակույթ աճեցնելուն, և արևն անկաշկանդ այրում է լերկ ու անպաշտպան հողի հումուսը։ Իսկ այդպիսի մի ջրամբար կառուցելով, ես կկարողանայի ճիշտ ցանքաշրջաններ պահպանելով, որը ապահովում են նաև բնական հարուստ պարարտանյութերը, տարեկան երեք բերք հավաքել...
***
Ես հենց նոր կարողացա դիմանալ բանտապետի այցելությանը։ Գիտակցաբար օգտագործեցի «դիմանալ» բառը: Դիմացա'։ Այստեղի բանտապետը բոլորովին նման չէ Սեն-Քվենտինի բանտապետին։ Նա շատ էր հուզվում ու ես կամա-ակամա ստիպված էի զրույցով զբաղեցնել նրան։ Սա նրա կյանքում առաջին մահապատիժն է։ Այդպես ասաց ինձ։ Իսկ ես բնավ էլ չհանգստացրի նրան, երբ պատասխանեցի անշնորհք մի կատակով. «Իմ կյանքում ևս»։ Նրա համար դա ծիծաղելի չթվաց։ Նրա դուստրը սովորում է դպրոցում, իսկ որդին այս տարի ընդունվել է Սթենֆորդյան համալսարան։ Ընտանիքն ապրում է նրա աշխատավարձով։ Կինը միշտ հիվանդ է, և նրան շատ է անհանգստացնում այն հանգամանքը, որ ապահովագրական ընկերության բժիշկները կնոջ առողջական վիճակը համարել են անհույս և հրաժարվել են Պոլիս տալուց։ Ճիշտն ասած, նա ինձ պատմեց իր բոլոր տագնապների ու հոգսերի մասին և, եթե ես չկարողանայի դիվանագիտորեն ընդհատել մեր զրույցը, նա դեռ մինչև հիմա էլ կշարունակեր իր տխուր պատմությունը։
Վերջին երկու տարիները Սեն-Քվենտինդւմ շատ ծանր ու մռայլ էին։ Ճակատագրի անհավանական քմահաճույքով Էդ Մորելին ազատեցին մենախցից ու անմիջապես նշանակեցին ամբողջ բանտի գլխավոր վերակացու։ Առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Էլ Հեթչինսը, ու միայն կաշառքներից տարեկան ստանում էր միջին հաշվով մոտ երեք հազար դոլլար եկամուտ: Ի դժբախտություն ինձ, Ջեկ Օպենհեյմերը, որն աստված գիտե, քանի տարի էր նստել մենախցում, հանկարծ ատելությամբ լցվեց ամբողջ աշխարհի նկատմամբ։ Ութ ամիս շարունակ նա հրաժարվում էր խոսելուց և ցանկություն չուներ թրխկացնել նույնիսկ ինձ հետ։
Նորությունները կամաց-կամաց տարածվում էին նաև ամբողջ բանտով մեկ։ Ժամանակ տվեք միայն, և դրանք կթափանցեն նաև զնդաններն ու մենախցերը։ Այսպիսով, ես ի վերջո, իմացա, որ Սեսիլ Ուինվուդը, բանաստեղծը, դրամանենգը, մատնիչը, վախկոտն ու պրովոկատորը, դարձյալ բանտ է ընկել դրամանենգության մեջ բռնվելով։ Դուք ախր հիշում եք, այդ նույն Սեսիլ Ուինվուդն էր հորինել, որ ես գոյություն չունեցող դինամիտը թաքցրել եմ, և նրա ողորմածությամբ էր, որ արդեն հինգերորդ տարին տառապում եմ մենախցում։
Ես վճռեցի սպանել Սեսիլ Ուինվուդին։ Հիշեցեք, որ Մորելն այլևս կողքիս չէր, իսկ Օպենհեյմերը մինչև իր վերջին կատաղության պոռթկումը, որը և նրան կախելու պատճառ հանդիսացավ, համառորեն լռում էր։ Մենախուցն ինձ համար անտանելի դարձավ։ Ես պետք է որևէ բան ձեռնարկեի։ Եվ այստեղ հանկարծ հիշեցի, որ ես, երբ էդամ Սթրենգն էի, քառասուն տարի շարունակ վրեժխնդրության ծրագիր էի մշակում։ Այն, ինչ արեց Սթրենգը, կարող էի անել նաև ես, եթե իմ մատները կառչեին Սեսիլ Ուինվուդի պարանոցից։
Ես չեմ կարող բացահայտել այն գաղտնիքը, թե ինչպես ձեռքս ընկան չորս հատ ասեղ։ Դրանք բատիստե թաշկինակներ կարելու նուրբ ասեղներ էին։ Ես այնքան նիհար էի, որ հարկ եղավ սղոցել միայն չորս ձող (յուրաքանչյուրը երկու տեղից), որպեսզի բացվածքից կարողանամ դուրս սողալ։ Եվ ես հասա նպատակիս։ Յուրաքանչյուր ձողի վրա մաշեցի մի ասեղ։ Ձողերից ամեն մեկը երկու տեղից էր անհրաժեշտ կտրել, և ամեն կտրվածքի համար մեկ ամիս էր պետք։ Այսպիսով, սողանցք բացելու համար անհրաժեշտ կլիներ ութ ամիս։ Դժբախտաբար, իմ վերջին ասեղը կոտրվեց, երբ կտրում էի վերջին ձողը, իսկ նոր ասեղ ստանալու համար ստիպված էի երեք ամիս սպասել։ Բայց ես համբերությամբ սպասեցի ու կարողացա դուրս գալ մենախցից։
Շատ ափսոս, որ չկարողացա Սեսիլ Ուինվուդի հետ մաքրել հաշիվներս։ Ամեն բան հաշվել էի շատ ճիշտ, ամեն բան, բացառությամբ մեկից։ Գիտեի, որ Սեսիլ Ուինվուդին անպայման կգտնեմ ճաշարանում, ճաշելիս։ Դրա համար էլ սպասեցի մինչև այն օրը, երբ առավոտյան հերթափոխի անցավ քնելու սիրահար Խծուծ Ջոնսը։ Այդ օրերին ես մենախցում նստած միակ կալանավորն էի, և Խծուծ Ջոնսը քիչ անց սկսեց խաղաղ խռմփացնել։ Ես հանեցի սղոցած ձողերը, անցա բացվածքից, սահեցի պահակի մոտով, բացեցի դուռն ու հայտնվեցի ազատության մեջ... բանտի ներսում։
Այստեղ էլ պարզվեց, որ մի բան նկատի չեմ ունեցել, նկատի չեմ ունեցել ինքս ինձ... Հինգ տարի նստել էի մենախցում։ Թուլացել էի։ Քաշս ընդամենը ութսունյոթ ֆունտ էր։ Կիսով չափ կուրացած էի։ Եվ ինձ անմիջապես պարուրեց տարածության վախը։ Տարածությունը իմ մեջ սոսկում ներարկեց։ Նեղլիկ խցում ապրած հինգ տարիները ստիպեցին ինձ վախից թպրտալ ոտքերիս տակ բացվող աստիճանավանդակի անդունդից, բանտի բակի հրեշավոր ընդարձակությունից։
Այդ աստիճաններով իջնելը համարում եմ ամենամեծ հերոսությունը, որ երբևէ վիճակվել է իրագործել ինձ։ Մարդ չկար բանտի բակում, որը ողողված էր արևի կուրացուցիչ լույսով։ Երեք անգամ փորձեցի կտրել անցնել այդ բակը, բայց ինձ անմիջապես պարուրեց գլխապտույտը, ու ես դարձյալ տարածությունից վախեցած, սեղմվեցի պատին։ Հետո, սրտապնդվելով, ես մի նոր փորձ կատարեցի, բայց արևը կուրացրեց լույսից ետ վարժված իմ աչքերը, ու գործն ավարտվեց նրանով, որ ես, չղջիկի նման մի կողմ նետվեցի, վախենալով բակի քարե սալերին ընկած սեփական ստվերից։ Ես ուզեցի շրջանցել ստվերը, սայթաքեցի, ընկա ուղիղ վրան, և խեղդվողի պես, որն իր վերջին ճիգերով ջանում է ցամաք հասնել, չորեքթաթ սողացի դեպի փրկարար պատը։
Ես հենվեցի պատին ու լաց եղա։ Բազում տարիների մեջ առաջին անգամ իմ աչքերից արցունք էր թափվում։ Եվ, չնայած իմ հուսահատ վիճակին, ես ուշադրություն դարձրեցի այտերիս վրայի տաք խոնավությանն ու շուրթերիս աղահամի վաղուց ի վեր մոռացված զգացողությանը: Հետո սկսեցի դողացնել, և միառժամանակ դողում էի տենդահարի պես։ Ես հասկացա, որ բակն անցնելը իմ վիճակում գտնվող մարդու համար ուժերից վեր մի խնդիր է, ու թեև դեռևս դողացնում էի, սեղմվեցի փրկարար պատին ու կառչելով նրանից, փորձեցի շրջագայել բակում:
Հենց այդ շրջագայության ժամանակ էլ ինձ նկատեց վերակացու Սերսթոնը։ Ես էլ նրան տեսա, իմ կիսակույր աչքերին նա թվաց կուշտ կերած մի հրեշ, որը անսահման հեռուներից վրա էր գալիս ոչ մարդկային, անիրական արագությամբ: Հավանաբար, այդ րոպեին նա ինձնից քսան մետր հեռավորության վրա էր գտնվում: Նրա քաշը հարյուր յոթանասուն ֆունտ կլիներ։ Թե ինչպիսին պետք է լիներ մեր մենամարտը, դժվար չէ պատկերացնել, բայց պնդում են, որ այդ կարճ մենամարտի ժամանակ ես բռունցքով հարվածել եմ նրա քթին ու ստիպել, որ հոտոտելիքի այդ օրգանը արյունաշաղախ լինի։
Սակայն, այսպես, թե այնպես, ես ախր ցմահ բանտարկության հանցագործ էի, իսկ եթե այդպիսի հանցագործը որևէ մեկին վնասվածք է պատճառում, Կալիֆորնիայի նահանգի օրինաց համաձայն, նրան մահապատիժ է հասնում։ Եվ ահավասիկ երդվյալ ատենակալները, բնականաբար չէին կարող չհավատալ վերակացու Սերսթոնի և օրենքի մյուս պահապան շների վճռական պնդումներին, որոնք իրենց ցուցմունքները տալիս էին երդվելուց հետո, և ինձ մեղավոր ճանաչեցին, իսկ դատավորն էլ, որ բնականաբար, չէր կարող խախտել քրեական օրենսգրքում այդքան պարզ ու որոշակի շարադրված օրենքը, ինձ մահվան դատապարտեց։
Վերակացու Սերսթոնը ծեծեց ինձ, իսկ հետո, երբ քարշ էին տալիս ետ, դեպի խուցը այդ հրեշավոր աստիճաններով, ինձ ահագին աքացիների ու ծանր հարվածների արժանացրեց վերակացուների և բանտային ավագների մի վիթխարի ոհմակ, նրանք միայն խանգարում էին իրար, ջանալով օգնել Սերսթոնին, որ իմ հախից գա։ ճիշտն ասած, եթե Սերսթոնի քթից իսկապես արյուն է եկել, ապա շատ հավանական է, որ նրան հարվածած լինի հենց իր ընկերներից մեկն ու մեկը։ Ի դեպ, թեկուզև ես հարվածած լինեմ. բայց ինձ կատաղեցնում է այն, որ այդպիսի դատարկ բանի համար կարելի է կախել մարդու։
***
Ես հենց նոր զրուցեցի հերթապահ վերակացուի հետ։ Պարզվում է, որ գրեթե մեկ տարի առաջ Ջեկ Օպենհեյմերն է եղել այս նույն խցում, երբ դուրս էր եկել այն ճանապարհին, որով ես պետք է անցնեմ վաղը։ Եվ այդ վերակացուն էլ մեկն է եղել նրանցից, ովքեր հսկել են Ջեկին մահից առաջ։ Այդ վերակացուն հին զինվոր է։ Նա անդադար և ոչ այնքան խնամքով ծխախոտ է ծամում, որից դեղնել են ալեհեր մորուքն ու բեղերը։ Նա այրի է, ողջ մնացած տասնչորս որդիներն արդեն ամուսնացած են, և երեսուն թոռ ու չորս փոքրիկ թոռնորդիներ ունի։ Այս տեղեկությունները նրանից դուրս քաշելը ավելի դժվար էր, քան ատամ քաշելը։ Զվարճալի ու հազվագյուտ հիմար մի ծերուկ էր նա։ Ինձ թվում է, որ հատկապես այդ վերջին հատկության շնորհիվ է նա հասել խոր ծերության ու լույս աշխարհ բերել այդքան մեծ քանակությամբ սերունդ։ Նրա ուղեղը, հավանաբար, սառեցման կետում քարացել էր մոտ երեսուն տարի առաջ։ Այն ժամանակ էլ քարացել էին կյանքի մասին ունեցած նրա բոլոր պատկերացումները։ Հազվադեպ է ինձ հաջողվում նրանից որևէ այլ բան լսել, բացի «այո» կամ «ոչ»-ից։ Եվ ոչ թե այն պատճառով, որ մռայլ մարդ է, այլ ուղղակի չունի այնպիսի մտքեր, որոնք կարողանար արտահայտել։
Հավանաբար, եթե իմ հաջորդ կերպարավորման ժամանակ ես ապրեմ այդպիսի բուսական կյանքով, ապա դա հրաշալի հանգիստ կլինի դարձյալ աստղային թափառումների դուրս գալուց առաջ։
***
Բայց ես շեղվեցի։ Գոնե երկու խոսքով պետք է պատմեմ այն անսահման թեթևության մասին, որն ինձ պարուրեց, երբ Սերսթոնն ու բանտի մյուս շները, սարսափելի սանդուղքի վրայով քարշ տալով, դարձյալ ինձ փակեցին նեղլիկ մենախցում։ Խցի հուսալի, պատերի ներսում ինձ զգում էի մոլորված երեխա, որն ի վերջո, վերադարձել է հարազատ տանիքի տակ։ Ես սիրով էի զննում այդ պատերը, որոնք հինգ տարվա ընթացքում միայն ատելություն էին սերմանել իմ մեջ, Միայն դրանք, իմ բարի, ամուր պատերը, որոնց ես կարող էի միաժամանակ ձեռք տալ թե աջ և թե ձախ ձեռքերով, պաշտպանում էին ինձ տարածության անսահմանությունից, որը սարսափելի գազանի պես պատրաստ էր կլանելու ինձ։ Տարածության վախը սոսկալի հիվանդություն է։ Ես այդ հիվանդությամբ երկար չտառապեցի, բայց, դատելով նույնիսկ այդ կարճ պահերից, կարող եմ ասել, որ օղակն ինձ ավելի քիչ է վախեցնում...
***
Քիչ առաջ ես սրտանց ծիծաղեցի։ Բանտի բժիշկը, մի շատ համակրելի մարդ, եկավ մի փոքր զրուցելու ինձ հետ և ի միջի այլոց, առաջարկեց մորֆի ներարկել։ Բնականաբար, ես հրաժարվեցի ինձ այնպես «շշմեցնելու» առաջարկից, որպեսզի վաղը, դեպի կախաղան գնալիս, չհասկանայի, թե «ո'ր աշխարհումն եմ ես»։
Հա', ինչո՞ւ ծիծաղեցի։ Ի՞նչ նման է դա Ջեկ Օպենհեյմերին, Ես նույնքան որոշակի եմ տեսնում, թե ինչպիսի ծածուկ հաճույքով էր նա ծաղրում լրագրողներին, որոնք համոզված էին, թե նրա պատասխանը հիմար սխալմունք է։ Պարզվում է, մահապատժի օրվա առավոտյան, երբ արդեն առանց օձիքի շապիկ հագած Ջեկը ավարտում էր իր նախաճաշը, վերջին հարցազրույցի համար նրա խուցը լցված լրագրողները հարցրել են, թե ինչպիսի վերաբերմունք ունի մահապատժի նկատմամբ։
Փորձեցեք ժխտել, որ մենք այնուամենայնիվ քաղաքականության (1) շատ բարակ կեղևով պատված նախնադարյան վայրենիներ ենք, եթե այն մարդիկ, որոնք դեռ ապրելու են, կարող են նման հարց տալ այն մարդուն, որն այսօր կմեռնի և որի մահվանն ականատես լինելու համար էլ եկել են այստեղ։
Ջեկը մինչև վերջ մնացել էր նույն Ջեկը։
- Պարոնայք, - ասել էր նա, - ես հույս ունեմ ապրել մինչև այն օրը, երբ մահապատիժը կբեկանվի։
Ես տարբեր կյանքեր եմ ապրել ու ապրել եմ տարբեր ժամանակներում։ Որպես անհատականություն, մարդը բարոյական առումով շատ քիչ է փոխվել վերջին տասը հազարամյակների ընթացքում։ Ես դա վճռականորեն եմ պնդում։ Դեռևս հեծյալ չտեսած մտրուկի և համբերատար բեռնակիր ձիու տարբերությունը վարժեցման մեջ է: Վարժեցում, ահա այն միակ բանը, որ հոգևոր իմաստով ժամանակակից մարդուն զանազանում է տասը հազար տարի առաջ ապրած վայրենուց։ Բարոյական հասկացողությունների նուրբ թաղանթի տակ, որի օգնությամբ ժամանակակից մարդը ծածկել է իրեն, նա - այնուամենայնիվ այնպիսի վայրենի է, որպիսին եղել է տասը հազարամյակ առաջ։ Բարոյականությունը բազում դարերի ընթացքում տանջալից կերպով կուտակած հասարակական ֆոնդ է։ Նորածին երեխան կմեծանար որպես վայրենի, եթե նրան չվարժեցնեին, չհղկեին այն վերացական բարոյականության օգնությամբ, որը կուտակվել է երկար ու ձիգ հարյուրամյակների ընթացքում։
«Մի' սպանանիցես»։ Տխմարությո'ւն։ Նրանք վաղն առավոտյան պատրաստվում են սպանել ինձ։ «Մի' սպանանիցես»։ Տխմարությո'ւն։ Քաղաքակիրթ աշխարհի բոլոր նավաշինարաններում այսօր կառուցվում են զրահանավեր ու գերզրահանավեր։ Սիրելի իմ բարեկամներ, ես, դեպի մահը գնացողս, ողջունում եմ ձեզ «տխմարությո'ւն» բառով։
Ես հարցնում եմ ձեզ, որտե՞ղ է այն նոր, ժամանակակից, ավելի բարձր բարոյականությունը, քան Քրիստոսի կամ Բուդդայի, Սոկրատի կամ Պլատոնի, Կոնֆուցիուսի կամ «Մաքամբքարատի» անհայտ հեղինակի ուսմունքն է։ Ողորմա՜ծ աստված, հիսուն հազարամյակ առաջ, երբ մենք ապրում էինք տոտեմական տոհմերով, մեր կանայք անհամեմատ ավելի մաքուր էին, մեր ցեղային ու խմբային հարաբերություններն անհամեմատ ավելի բարոյական էին ու խիստ։
Պետք է ասեմ, որ այն հեռավոր ժամանակներում քարոզվող բարոյականությունը ավելի բարձր էր, քան ժամանակակից բարոյականությունն է։ Անփութորեն մի թափահարեք ձեռքը այս մտքի վրա։ Հիշեցեք մանկական այն աշխատանքը, որն այսօր օգտագործվում է, հիշեցեք քաղաքական կաշառվածությունը, ոստիկանության կաշառակերությունը, հիշեցեք սննդամթերքի կեղծումը, և հիշեցեք իրենց մարմինը վաճառող ընչաքաղց ընտանիքների դուստրերին։ Երբ ես Լեռների Որդին էի, երբ ես Ցուլի Որդին էի, պոռնկությունը անհայտ բան էր մեզ համար։ Ես ձեզ ասում եմ՝ մենք մաքուր էինք։ Արատի այդքան խորություն մեր մտքովն իսկ չէր անցնում։ Այժմ այդքան մաքուր են մարդուց զարգացման առավել ցածր աստիճանի վրա կանգնած մյուս կենդանիները։ Այո', միայն մարդը կարող էր իր երևակայությամբ ու նյութական աշխարհի վրա ունեցած իշխանությամբ ստեղծել յոթ մահացու մեղքերը։
Ես աճապարանքով դեպի ետ եմ նայում, նայում եմ իմ բազում կյանքերին, որոնք ապրել եմ այլ ժամանակներում և այլ աշխարհներում։ Ոչ մի տեղ ես երբեք ավելի սոսկալի դաժանության չեմ հանդիպել, քան ժամանակակից բանտային սիստեմի դաժանությունն է։ Ես ձեզ արդեն պատմել եմ այն մասին, թե ինչեր եմ կրել, երբ Քրիստոսի ծննդից հետո քսաներորդ դարի առաջին տասնամյակում բանտի մենախցում ինձ զսպաշապիկ հագցրին։ Հինավուրց ժամանակներում մենք շատ խիստ էինք պատժում և սպանում էինք շատ արագ։ Մենք այդպես էինք վարվում, քանզի այդպիսին էր մեր ցանկությունը կամ, եթե կուզեք՝ մեր քմահաճույքը։ Բայց մենք երբեք երեսպաշտություն չենք արել։ Մենք երբեք չենք կանչել մամուլը, եկեղեցուն կամ գիտությանը, որպեսզի նրանք իրենց հեղինակությամբ սրբագործեին մեր բարբարոսական քմահաճույքը։ Եթե մենք կամեցել ենք որևէ բան անել, արել ենք բացահայտորեն, և պարզ դեմքով լսել ենք կշտամբանքներն ու դատապարտությունները, և չենք թաքնվել տնտեսագետ գիտնականների ու բուրժուական փիլիսոփաների կամ մեր կողմից վարձատրվող քարոզիչների, պրոֆեսորների, հրատարակիչների մեջքի հետևը։
Այո', հարյուր տարի առաջ, հիսուն տարի առաջ, նույնիսկ հինգ տարի առաջ այստեղ, Միացյալ Նահանգներում, կռվի ժամանակ թեթև վնասվածքներ պատճառելու համար մահվան չէին դատապարտում։ Իսկ այս տարի, Քրիստոսի ծննդից հետո 1913 թվականին, Կալիֆորնիա նահանգում հատկապես այդօրինակ հանցանքի համար կախեցին Ջեկ Օպենհեյմերին, իսկ վաղը, ճիշտ նույնպիսի մահով պատժվող հանցանքի համար՝ բռունցքով մարդու քթին հարվածելու համար, ինձ դուրս կբերեն խցից ու կկախեն։ ճիշտ չէ՞ արդյոք, որ չի կարելի պնդել, թե մարդու հոգում մեռել են կապիկն ու վագրը, եթե նման օրենքները Կալիֆորնիա նահանգի
օրենսգրքում զետեղվում են Քրիստոսի ծննդից հետո 1913 թվականին։ Ողորմա՞ծ աստված, Քրիստոսին միայն խաչեցին։ Ջեկ Օպենհեյմերին ու ինձ ավելի սոսկալի են տանջել։
***
Մի անգամ էդ Մորելը թրխկացրեց ինձ.
- Մարդուն ավելի անիմաստ ձևով օգտագործելը, քան կախելն է, հնարավոր չէ։
Ո'չ, մահապատժի նկատմամբ ես հարգանք չունեմ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ դա նողկալի բան է, որ մահապատիժն ի կատար ածողները դառնում են գազաններ, դրա դիմաց աշխատավարձ ստանալով, այլ այն պատճառով, որ մահապատիժը գազան է դարձնում և ստորացնում նրանց, ովքեր թույլ են տալիս այդ, քվեարկում են նրա օգտին ու հարկ են վճարում, որպեսզի դա իրականանա։ Այդ պատիժն այնքան անիմաստ է, այնքան տխմար, այնքա՜ն հրեշավոր կերպով է հակագիտական։ « ...Կախել պարանոցից, մինչև որ մեռնի» - զվարճալի բանաձև է հորինել հասարակությունը ...
***
Վրա հասավ առավոտը, իմ կյանքի վերջին առավոտը։ Այդ գիշեր ես քնեցի նորածնի պես։ Ես այնքան խաղաղ ու խորն էի քնել, որ հերթապահ վերակացուն նույնիսկ վախեցել էր, մտածելով, թե ինքս ինձ խեղդել եմ վերմակով։ Նրան նայելիս ես խղճում էի։ Ո՜նց չէ, նա կարող էր զրկվել ապրուստի միջոցից։ Եթե ես իրականում խեղդված լինեի, դա կազդեր նրա պաշտոնական դիրքի վրա, կարող էին նույնիսկ հեռացնել աշխատանքից, իսկ մեր օրերում ծանր է գործազուրկների վիճակը։ Լսել եմ, որ արդեն երկու տարի է, ինչ Եվրոպայով մեկ գլորվում է սնանկացման ալիքը, իսկ հիմա ալիքը հասել է նաև Միացյալ Նահանգներ։ Դա նշանակում է, որ գործարար շրջաններում տիրում է ծածուկ մի խուճապ ու, կարող է պատահել, վրա է հասնում ճգնաժամը և, հետևաբար, գործազուրկների բանակը ձմռանը կաճի ու հացի հերթերը կերկարեն...
***
Քիչ առաջ ես նախաճաշեցի։ Թվում էր, դա բավականին հիմար զբաղմունք էր հիմա ինձ համար, բայց ես կերա մեծ ախորժակով։ Բանտապետը ինձ համար մի քվարտ վիսկի բերեց։ Ես Մարդասպանների Միջանցքին լավագույն ցանկություններս հայտնելով, խմեցի վիսկին։ Խեղճ բանտապետը շատ էր վախենում, որ եթե չհարբեմ, ապա որևէ բանով կփչացնեմ արարողությունը, իսկ դա նրա վրա կարող էր ստվեր նետել...
Նրանք ինձ առանց оձիքի շապիկ հագցրեցին...
***
Կարծես թե այսօր դարձել եմ արտակարգ կարևոր մի անձնավորություն։ Բոլորովին անսպասելի, բազմաթիվ մարդիկ իմ նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում։
***
Բժիշկը հենց նոր հեռացավ։ Նա շոշափեց զարկերակս։ Այդ ես խնդրեցի նրան։ Զարկերակս կանոնավոր էր բաբախում ...
***
Ես գրի եմ առնում մտքերիս ու տպավորություններիս այս պատառիկները, և գաղտնի ճանապարհով թերթիկները բանտի պատերից դուրս են գալիս ...
***
Ամբողջ բանտում չկա մի մարդ, որն այնքան անվրդով լիներ, որքան ես։ Ես նման էի հեռավոր ճամփորդության դուրս գալու պատրաստ երեխայի։ Չեմ համբերում, լի եմ հետաքրքրասիրությամբ, որովհետև շուտով տեսնելու եմ նորանոր աշխարհներ։ Մահվան նկատմամբ վախը շատ ծիծաղելի է նրա համար, ով ինձ նման հաճախ խորասուզվել է խավարի մեջ ու դարձյալ վերադարձել կյանք։
***
Բանտապետը մի քվարտ շամպայն բերեց։ Շամպայնի համար պարտական էի Մարդասպանների Միջանցքին։ Զվարճալի չէ՞, որ այս վերջին օրը ինձ այսպիսի ուշադրությամբ են շրջապատում։ Ըստ երևույթին մարդիկ, որոնք պետք է ինձ սպանեն, իրենք կարգին վախենում են մահից։ «Ես, մահի գնացողս, հավանաբար նրանց ներշնչում եմ աստվածավախության», - ինչպես մի անգամ ասաց Ջեկ Օպենհեյմերը։
***
Հենց նոր ինձ հանձնեցին էդ Մորելի երկտողը։ Ասում են, որ նա ամբողջ գիշեր ետ ու առաջ է քայլել բանտի դարպասի մոտ։ Բյուրոկրատական կանոնները արգելում են նրան, որպես նախկին կալանավորի, այցելել ու հրաժեշտ տալ ինձ։ Վայրենությո՞ւն է։ Չգիտեմ։ Գուցե միայն երեխանե՞ր են։ Գրազ կգամ, որ այս գիշեր, ինձ կախելուց հետո, նրանցից գրեթե յուրաքանչյուրը կվախենա մենակ մնալ մութ սենյակում։
Հա', Էդ Մորելի երկտողը. «Ձեռքդ սեղմում եմ, ծերուկ։ Գիտեմ, որ պատվով կկախվես»։
***
Քիչ առաջ հեռացան լրագրողները։ Եվ մի անգամ, վերջին անգամ, ես նրանց կտեսնեմ կառափնարանից, նախքան դահիճը սև կնգուղ կհագցնի իմ դեմքին։ Ծիծաղելու աստիճան խղճալի տեսք կունենան նրանք։ Շա՜տ տարօրինակ երիտասարդներ են։ Նկատելի է, որ նրանցից մի քանիսը խմել են մի քիչ պնդանալու համար, իսկ ոմանք արդեն սրտխառնուք են զգում լոկ այն մտքից, թե ինչի են ականատես լինելու քիչ հետո։ Թերևս կախվելն ավելի դյուրին է, քան թե մահապատժի ներկա լինելը ...
***
Սրանք արդեն իմ վերջին տողերն են։ Կարծես ես ուշացնում եմ արարողությունը։ Իմ խուցը լցվել է բազմաթիվ պաշտոնական ու բարձրաստիճան անձանցով։ Նրանք բոլորն էլ նյարդայնանում են։ Նրանք կամենում են, որպեսզի հնարավորին չափ շուտ ավարտվի այս պատմությունը։ Նրանցից շատերը, անկասկած, հրավիրված են ինչ-որ տեղ ճաշի, և նրանց, իհարկե, շատ է գրգռում այն հանգամանքը, որ ես հիմա գրում եմ այս մի քանի տողը։ Քահանան դարձյալ համառ ցանկություն հայտնեց, որպեսզի ինձ ուղեկցի դեպի վերջին ճամփորդություն։ Ինչո՞ւ խեղճին զրկեմ այդ մխիթարանքից։ Ես համաձայնեցի, ու նա անմիջապես ուրախացավ։ Որքա՜ն չնչին բանը կարող է ոմանց երջանկացնել։ Եթե նրանք այդքան չշտապեին, ես կարող էի մոտ հինգ րոպե լիաթոք ծիծաղել։
Ահավասիկ, ավարտում եմ: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ասացի։ Մահ գոյություն չունի։ Կյանքը հոգի է, իսկ հոգին մեռնել չի կարող։ Միայն մարմինն է մեռնում և քայքայվում քիմիական բաղկացուցիչ մասերի, որոնք հավիտենական անկայուն վիճակում են, հավիտյան եփվում են, հավիտյան բյուրեղանում են լոկ այն բանի համար, որպեսզի դարձյալ վերաձուլվեն ու տրոհվեն, իսկ հետո լցվեն ինչ-որ նոր, նախորդներից տարբերվող ձևերի մեջ, որոնք նույնքան անհարատև են և նույնքան դյուրաբեկ։ Հավիտենական է միայն հոգին և մի շարք հետևողական ու անվերջանալի կերպարավորումներից հետո ավելի ու ավելի է վեր խոյանում դեպի լույսը։ Ո՞վ կլինեմ ես, եթե դարձյալ վերածնվեմ։ Որտեղի՞ց իմանամ։ Ի՜նչ իմանամ...
1 - Քանի որ անգլերեն և ռուսերեն թարգմանությունը՝ «...we have more than the slightest veneer of civilization coated over our raw ...», «...что на нашей грубой дикости есть хотя бы малейший лак цивилизации...» կարծում ենք, որ հայերեն հնարավոր թարգմանություններից մեկը կարող է լինել «... որ մենք այնուամենայնիվ քաղաքակրթության շատ բարակ կեղևով պատված ...» - (թվայնացնողի կարծիք)