Խելառ մաճառ

     Տե՛ր, ինձ գինի մի՛ դարձրու,
     Թեկուզ օրհնված,
     Թող ես մնամ խելառ մաճառ՝
     Տաք ու փրփրած...

     Որ խառնվեմ ես աննկատ
     Հացին պոետի,
     Ու խուտուտ տամ նրան ներսից ՝
     Մի քիչ հերսոտի...

     Մի քիչ ծորամ բեղի վրա,
     Մի քիչ՝ տողերին,
     Խելք-խելքի տանք ու գլորվենք...
     Տե՜ր, դու մեզ ների՜ր...

     Տե՛ր, ինձ գինի մի՛ դարձրու,
     Օրհնանք չեմ ուզում,
     Թող ես մաճառ լինեմ հավետ
     Պոետի թասում...