Ծուռ հայելի

     Դուք այնքան չքնաղ եք,
     Ու այնպես իմաստուն,
     Երբ ծուռ հայելի է ձեր դիմաց,
     Գաճաճը նրա մեջ
     Աժդահա է թվում,
     Մտրուկը՝ նժույգ է մի անսանձ...

     Դուք գիտեք՝
     Ինչու է պապանձվել սֆինքսը,
     Ինչու են ծովերը շառաչում,
     Ինչու է ժպտում հմայիչ Ջոկոնդան,
     Ինչու է պոետը հառաչում…

     Դուք գիտեք,
     Թե ուր է գլորվում աշխարհը,
     Եվ նույնիսկ՝ խորհուրդը
     Բարձրյալի,
     Եվ... սակայն…
     Չեք տեսնում գերանը ձե՛ր աչքի,
     Երբ ծուռ է ընտրված
     Հայելին…

     Ես գնամ…
     Զբոսնեմ շանս հետ…
     Երևի…