ԵՐՋԱՆԻԿ ԱՐՔԱՅԱԶՆԸ
Քաղաքից վեր, շատ վեր, երկնասլաց սյան վրա, կանգնած էր Երջանիկ Արքայազնի արձանը՝ ոտքից գլուխ պատված ոսկեղեն թերթերով, աչքերի տեղ՝ փայլուն շափյուղաներ, իսկ սուսերի երախակալին՝ շողշողուն, խոշոր կարմիր սուտակ:
Իհարկե, Արքայազնով բոլորն էին հիանում:
- Նա հողմացույց - աքաղաղի պես գեղեցիկ է, - ասաց Քաղաքի Խորհրդականներից մեկը, որ ձգտում էր արվեստաբանի համբավ ձեռք բերել: - Միայն թե ոչ նույնքան օգտավետ, - ավելացրեց նա, վախենալով, որ մարդիկ կարող են իրեն անգործնական մարդու տեղ դնել, թեև դա բնավ էլ այդպես չէր:
- Օրինակ վերցրու Երջանիկ Արքայազնից, - խրատում էր ողջամիտ մայրն իր պստիկ տղային, որը լալիս էր ու լուսինն ուզում: - Նրա մտքովն իսկ չի անցնում որևէ բանի համար լաց լինել:
- Շատ ուրախ եմ, որ աշխարհիս երեսին գոնե մի երջանիկ մարդ կա, - աչքերը հիասքանչ արձանին հառած, մրթմրթաց հիասթափված մի մարդ:
- Նա ճիշտ և ճիշտ հրեշտակի է նման, - ասացին որբանոցի երեխաները, երբ դուրս եկան եկեղեցուց վառ բոսորագույն թիկնոցներով և ճերմակ գոգնոցներով:
- Ի՞նչ գիտեք, - հարցրեց Մաթեմատիկայի Ուսուցիչը: - Չէ՞ որ դուք երբևէ հրեշտակ չեք տեսել:
- Օ՜, նա մեզ այցելում է երազներո՜ւմ, - պատասխանեցին երեխաները և Մաթեմատիկայի Ուսուցիչը հոնքերը կիտեց ու խիստ կերպարանք առավ. նա չէր սիրում, երբ երեխաները երազներ էին տեսնում:
Գիշերը քաղաքի վրայով մի փոքրիկ Ծիծեռնակ թռավ: Նրա ընկերները վեց շաբաթ առաջ էին չվել Եգիպտոս, իսկ նա ետ էր մնացել, քանի որ սիրահարվել էր մի շատ գեղեցիկ Եղեգի: Նրանք հանդիպել էին վաղ գարնանը, երբ Ծիծեռնակը մի մեծ, դեղին թիթեռնիկի հետապնդելով հասել էր գետն ու այնպես էր հմայվել Եղեգի նրբին իրանով, որ կանգ էր առել զրուցելու:
- Կուզե՞ս գուրգուրեմ քեզ, - հարցրեց Ծիծեռնակը:
Նա չէր սիրում երկար-բարակ խոսել, և Եղեգն ի պատասխան խոր գլուխ տվեց: Եվ Ծիծեռնակը պտույտներ գործեց Եղեգի շուրջն ու թևերը դիպցնելով ջրին՝ արծաթե կոհակներ գոյացրեց: Դա նրա սիրո արտհայտությունն էր: Եվ այդպես շարունակվեց ամբողջ ամառը:
- Ա՛յ քեզ անհեթեթ սեր, - ճռվողացին մյուս ծիծեռնակները։ - Չէ որ Եղեգն ընչազուրկ է, թեև նրա ազգականներին թիվ ու հաշիվ չկա:
Իրոք որ գետը լիքն էր եղեգներով: Հետո աշունը եկավ ու ծիծեռնակները չվեցին:
Ծիծեռնակն իրեն միայնակ զգաց ու սկսեց ձանձրանալ սիրուհուց:
- Նա ամբողջ ժամանակ լուռ է, - ասաց Ծիծեռնակը, - վախենամ թե պչրուհի լինի, քանի որ միշտ քամու հետ է սիրաբանում:
Եվ իսկապես, հենց որ քամին փչում էր, Եղեգը խոնարհվում էր նազանքով:
- Խոսք չունեմ, նա տնակյաց է, բայց քանի որ ես սիրում եմ ճանապարհորդել՝ իմ կինն էլ պիտի սիրի:
- Կգա՞ս ինձ հետ, - վերջապես հարցրեց Ծիծեռնակը, բայց Եղեգը գլուխը ճոճեց՝ նա շատ էր կապված իր տանը:
- Ուրեմն այս ամբողջ ժամանակ դու խաղ ես արել իմ հոգու հետ, - գոչեց նա, - ես թռչում եմ դեպի բուրգերը: Մնաս բարո՜վ։
Ու թռավ գնաց:
Նա թռավ ամբողջ օրն ու գիշերը, Քաղաք հասավ:
- Որտե՞ղ իջևանեմ, - մտմտաց Ծիծեռնակը, - հուսով եմ Քաղաքը պատրաստ է ինձ ըստ արժանվույն ընդունելու:
- Այս խոսքի վրա նրա աչքովն ընկավ բարձրադիր սյան վրա կանգնած արձանը:
- Հենց այստեղ էլ կիջևանեմ, - բացականչեց նա, - օդասուն տեղ է և դիրքն էլ գեղեցիկ:
Ու նա թառեց Երջանիկ Արքայազնի ոտքերի մոտ:
- Ես ոսկեհուռ ննջարան ունեմ, - շուրջբոլորը նայելով շշնջաց Ծիծեռնակն ինքն իրեն ու կամեցավ քուն մտնել: Բայց հենց այն է գլուխը թևի տակ պիտի դներ, ջրի մի խոշոր կաթիլ ընկավ վրան:
- Ա՜յ քեզ բա՜ն, - ճռվողաց նա, - երկնքում ամպի կտոր անգամ չկա, աստղերն էլ պարզ են ու պայծառ, բայց արի ու տես, որ անձրևում է: Հյուսիսային Եվրոպայի կլիման իսկապես որ անտանելի է: Եղեգն անձրև սիրում էր, բայց դա պարզապես եսամոլություն էր:
Այս խոսքի վրա մի նոր կաթիլ ընկավ:
- Ինչի՞ է պետք արձանը, եթե նա անձրևից անգամ անկարող է պատսպարել: Ավելի լավ է գնամ մի ծխնելույզի մոտ բուն դնեմ, - ասաց Ծիծեռնակն ու որոշեց թռչել-հեռանալ:
Բայց մինչ նա կբացեր թևերը, մի երրորդ կաթիլ էլ ընկավ: Ծիծեռնակը վեր նայեց ու ինչ տեսավ...
Երջանիկ Արքայազնի աչքերը լի էին արտասուքով և արցունքի կաթիլները գլորվում էին ոսկե այտերն ի վար: Լուսնի լույսով նրա դեմքն այնքան գեղեցիկ էր, որ փոքրիկ Ծիծեռնակի գութը շարժվեց:
- Ո՞վ ես դու, - հարցրեց Ծիծեռնակը:
- Ես Երջանիկ Արքայազնն եմ:
- Հապա ինչո՞ւ ես լալիս: Ոտից գլուխ թրջեցիր ինձ:
- Երբ ես ապրում էի և մարդկային սիրտ ունեի, - պատասխանեց արձանը, - ես չգիտեի, թե ի՞նչ բան է արտասուքը, քանի որ ապրում էր Sans Souci (1) պալատում, ուր վշտի մուտքն արգելված էր: Ցերեկները ես խաղում էի պարտեզում, ընկերներիս հետ, իսկ երեկոյան Մեծ դահլիճում պարերն էի ղեկավարում: Պարտեզը բարձր պարիսպով էր շրջափակված և այդպես էլ իր մտքով չանցավ հարցնել, թե ի՞նչ կա պարսպից այն կողմ՝ շուրջս ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր: Պալատականներն ինձ կոչում էին Երջանիկ Արքայազն, և ես իսկապես որ երջանիկ էի, եթե միայն հաճույքն ու երջանկությունը միևնույն բանն են: Այդպես ապրեցի, այդպես էլ մեռա: Իսկ այժմ, երբ մեռած եմ, նրանք ինձ կանգնեցրել են այստեղ, բարձր, այնքան բարձր, որ տեսնում եմ իմ քաղաքի բոլոր այլանդակություններն ու թշվառությունը ու, թեև կապարե սիրտ ունեմ, էլի անկարող եմ զսպել արցունքներս:
- Ինչպես, մի՞թե դու ոտից գլուխ ոսկեձույլ չես, - մտածեց Ծիծեռնակը: Բայց նա այնքան նրբանկատ էր, որ բարձրաձայն չասաց։
- Այնտեղ, հեռվում, - շարունակեց արձանն ախորժալուր շշնջալով, - նեղլիկ փողոցում ես մի աղքատ տուն եմ տեսնում: Բաց պատուհանից երևում է սեղանի մոտ նստած մի կին: Նրա դեմքը մաշված է ու դալուկ, ձեռքերը կարմիր են ու կոշտացած, ամբողջովին ասեղներով ծակծկված, քանի որ այդ կինը դերձակուհի է: Նա ծաղիկներ է ասեղնագործում Թագուհու շքախմբի ամենաչքնաղ օրիորդներից մեկի կերպասե զգեստի վրա՝ առաջիկա պալատական պարահանդեսի համար: Սենյակի մի անկյունում պառկած է այդ կնոջ փոքրիկ հիվանդ տղան: Նա ջերմություն ունի և սիրտը նարինջ է ուզում: Բայց մայրը ջրից բացի ուրիշ ոչինչ չունի, և տղան լաց է լինում: Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ ծիծեռնակ, սուսերիս երախակալի սուտակը չե՞ս տանի նրանց: Իմ ոտքերը գամված են այս պատվանդանին և ես տեղիցս շարժվելու հնար չունեմ:
- Ինձ սպասում են Եգիպտոսում, - ասաց Ծիծեռնակը, - ընկերներս ճախրում են Նեղոսն ի վար ու վեր և զրուցում փարթամ լոտոսների հետ: Շուտով նրանք կթռչեն Մեծ Արքայի դամբարանը քուն մտնելու: Քանդակազարդ դագաղի մեջ ինքը՝ Արքան է պառկած: Նա պարուրված է դեղին քաթանով և զմռսված անուշաբույր օծանելիքով: Պարանոցի շուրջը բաց կանաչագույն նեֆրիտե շղթա ունի, իսկ ձեռքերը նման են թոշնած տերևների:
- Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց Արքայազնը, - գեթ մի գիշեր չե՞ս մնա ինձ հետ ու չե՞ս լինի իմ սուրհանդակը: Տղան այնքա՜ն ծարավ է և մայրն այնքա՜ն տխուր:
- Տղաների նկատմամբ ես առանձին համակրանք չունեմ, - պատասխանեց Ծիծեռնակը, - անցած ամառ, երբ ես գետի ափին էի ապրում, ջրաղացպանի որդիները՝ երկու չար տղա, շարունակ քարեր էին նետում իմ կողմը: ճիշտ է, նրանք երբեք ինձ չէին դիպչում. մենք՝ ծիծեռնակներս, արտակարգ լավ ենք թռչում և, բացի այդ, ես սերում եմ մի ընտանիքից, որը հայտնի է իր ճարպկությամբ: Եվ, այնուամենայնիվ, նրանց արարքն անվայելուչ էր:
Սակայն Երջանիկ Արքայազնն այնքան տխուր տեսք ուներ, որ փոքրիկ Ծիծեռնակը խղճահարվեց:
- Այստեղ սաստիկ ցուրտ է, - ասաց նա, - բայց և այնպես ես մի գիշեր կմնամ ու կլինեմ քո սուրհանդակը:
- Շնորհակալ եմ, փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց Արքայազնը:
Եվ Ծիծեռնակը հանեց Արքայազնի սուսերից խոշոր սուտակն ու կտուցն առած ճախրեց քաղաքի տանիքների վրայով:
Ծիծեռնակն անցավ մայր եկեղեցու գմբեթի կողքով, որի վրա ճերմակ մարմարե հրեշտակներ կային քանդակված: Նա թռավ պալատի կողքով ու լսեց պարահանդեսից եկող ձայները: Այդ պահին պատշգամբում հայտնվեցին մի գեղեցիկ օրիորդ ու իր սիրեցյալը:
- Որքան հրաշալի՜, են աստղերը, - ասաց սիրահարը, - և որքան հրաշագործ է սիրո ուժը:
- Հուսով եմ զգեստս մինչև պարահանդես պատրաստ կլինի, - ասաց օրիորդը։ - Ես պատվիրել եմ ծաղիկներ ասեղնագործել, սակայն դերձակուհիներն այնքան ծույլ են:
Ծիծեռնակը թռավ գետի վրայով ու տեսավ նավերի կայմերից կախված լապտերները: Նա անցավ Գետտոյի վրայով ու տեսավ, թե ինչպես են հրեաներն իրար հետ առևտրական գործարքներ կնքում և պղնձե նժարների վրա դրամ կշռում: Ի վերջո նա հասավ աղքատիկ տանն ու ներս նայեց: Տղան անկողնում տենդագին շուռումուռ էր գալիս, մայրը այնքան հոգնած էր, որ խոր քուն էր մտել: Ծիծեռնակը ներս ոստոստաց ու խոշոր սուտակը դրեց սեղանին, կնոջ մատնոցի կողքին: Հետո անշշուկ, ճախրեց մահճակալի շուրջն ու թևերով հովհարեց տղայի ճակատը:
- Ի՜նչ հաճելի զով է, երևի առողջանում եմ, - շշնջաց տղան և անուշ քուն եկավ նրա աչքերին:
Իսկ Ծիծեռնակը ետ թռավ Երջանիկ Արքայազնի մոտ ու պատմեց նրան ինչ տեսել էր:
- Շատ տարօրինակ է, որ այս ցրտին ես ամենևին չեմ մրսում, - նկատեց Ծիծեռնակը:
- Պատճառն այն է, որ բարի գործ ես արել, - ասաց Արքայազնը: Ու փոքրիկ Ծիծեռնակը խորասուզվեց մտքերի մեջ, իսկ հետո աննկատելիորեն քնեց: Մտորումները միշտ էլ քնկոտ էին դարձնում նրան:
Երբ օրը բացվեց, Ծիծեռնակը թռավ դեպի գետն ու լողաց:
- Ա՛յ քեզ արտառոց երևույթ, ասաց Թռչնաբանության Պրոֆեսորը, որ անցնում էր կամուրջով: - Ձմռանը՝ Ծիծեռնակ:
Ու նա տեղական թերթերում մի երկար նամակ գրեց այդ մասին: Բոլորը մեջբերում էին անում այդ նամակից, որ լի էր անհասկանալի բառերով:
«Այս գիշեր կթռչեմ Եգիպտոս», - խորհեց Ծիծեռնակն ու այդ մտքից նրա տրամադրությունը բացվեց: Նա մի առ մի այցելեց բոլոր հուշարձաններն ու երկար ժամանակ թառեց եկեղեցու զանգակատան գմբեթին: Եվ ուր էլ որ թռչում էր՝ ճնճղուկները ծլվլում էին ու ասում միմյանց. «Ա՛յ քեզ երևելի օտարերկրացի», ու Ծիծեռնակն իրեն մեծապես շոյված էր զգում:
Երբ լուսինը դուրս եկավ, Ծիծեռնակը վերադարձավ Երջանիկ Արքայազնի մոտ:
- Եգիպտոսի հետ կապված որևէ պատվեր չունե՞ս, - գոչեց նա, - ես հենց հիմա ճանապարհ եմ ընկնում:
- Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց Արքայազնը, - մի գիշեր էլ չէի՞ր մնա ինձ հետ:
- Ինձ սպասում են Եգիպտոսում, - պատասխանեց Ծիծեռնակը, - վաղն իմ ընկերները թռչելու են Նեղոսն ի վեր դեպի Երկրորդ Ջրվեժը: Այնտեղ, եղեգների մեջ, պառկած է մի գետաձի, իսկ հսկայական գրանիտե գահին բազմած է Մեմնոն Աստվածը: Ամբողջ գիշեր նա նայում է աստղերին, իսկ երբ լուսաստղը շողում է՝ բերկրանքի ճիչ է արձակում և ապա լռում: Կեսօրին առյուծները գալիս են գետափ ջուր խմելու: Նրանց աչքերը կանաչ բյուրեղների են նման, իսկ մռնչյունը ջրվեժից էլ որոտաձայն է:
- Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց Արքայազնը, - հեռու հեռվում, քաղաքի ծայրին, ձեղնահարկում ես մի երիտասարդ եմ տեսնում: Նա հակվել է թղթերով ծածկված սեղանին, իսկ կողքին, բաժակի մեջ, թառամած մանուշակների մի փունջ կա: Գունատ են նրա շիկավուն մազերը, շրթունքները կարմիր են նռան պես, իսկ աչքերը խոշոր են ու երազկոտ: Նա ջանում է ավարտել պիեսը Թատրոնի Դիրեկտորի համար, բայց այնքան է մրսում, որ այլևս ի վիճակի չէ գրել։ Բուխարիկում կրակը հանգել է, իսկ տղան էլ ուր որ է քաղցից վայր կընկնի ուշակորույս։
- Ես մի գիշեր էլ կմնամ քեզ հետ, - ասաց Ծիծեռնակը: Նա իսկապես բարի սիրտ ուներ: - Իսկ դու ուրիշ սուտակ չունե՞ս։
- Ավա՜ղ, ես այլևս սուտակ չունեմ, - ասաց Արքայազնը, - ինչ որ ունեմ՝ աչքերս են, որ շինված են հազվագյուտ շափյուղաներից և հազար տարի առաջ Հնդկաստանից են բերվել: Կտուցովդ հանիր դրանցից մեկն ու տար այդ երիտասարդին: Նա դա կտա Ակնավաճառին, վառելիք կառնի ու կավարտի պիեսը:
- Սիրելի Արքայազն, ես անկարող եմ նման բան անել, - շշնջաց Ծիծեռնակն ու սկսեց լալ:
- Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, կատարիր իմ կամքը, - գոչեց Արքայազնը:
Եվ Ծիծեռնակը հանեց Արքայազնի աչքն ու թռավ դեպի ուսանողի ձեղնահարկը: Ներս մտնելը բավական դյուրին էր, քանի որ տանիքի վրա անցք կար: Ծիծեռնակը այդտեղից ներս ընկավ ու հայտնվեց սենյակում: Երիտասարդը գլուխն առել էր ափերի մեջ, ուստի չլսեց թռչունի թևերի բախյունը, իսկ երբ գլուխը բարձրացրեց, թառամած մանուշակների փնջի մեջ մի գեղեցիկ շափյուղա տեսավ:
- Ինձ սկսում են գնահատել, - բացականչեց նա, - սա հավանաբար մի նշանավոր երկրպագու է ուղարկել: Այժմ արդեն ես կարող եմ ավարտել պիեսը: Ու նրա դեմքը ճառագեց երջանկությունից:
Հաջորդ օրը Ծիծեռնակը թռավ նավահանգիստ: Թառեց մի մեծ նավի կայմին ու սկսեց հետևել, թե ինչպես են նավաստիները պարաններով նավամբարից հսկայական հակեր հանում: Ամեն մի հակ բարձրացնելիս նրանք գոչում էին միաբերան. «Մեկ-երկուս, հանենք դուրս»:
- Ես թռչում եմ Եգիպտոս, - կանչեց Ծիծեռնակը, բայց ոչ ոք ուշք չդարձրեց նրա վրա, ու երբ լուսինը դուրս եկավ՝ վերադարձավ Երջանիկ Արքայազնի մոտ:
- Ես եկել եմ մնաս բարով ասելու, - բացականչեց նա:
- Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, մի գիշեր էլ չէի՞ր մնա ինձ հետ, - աղերսեց Երջանիկ Արքայազնը:
- Ձմեռն եկավ արդեն, - պատասխանեց Ծիծեռնակը, - և ուր որ է պաղ ձյուն կգա: Այնինչ Եգիպտոսում արևը տաքացնում է կանաչ արմավենիներին, իսկ կոկորդիլոսները ձգվել են տիղմի մեջ ու ծուլորեն նայում են իրենց շուրջը: Ընկերներս բուն են հյուսում Բաալբեկի Տաճարում, իսկ ճերմակ ու վարդագույն աղավնիները նրանց են նայում ու ղու-ղու անում: Սիրելի Արքայազն, ես այլևս անկարող եմ մնալ, սակայն երբեք չեմ մոռանա քեզ ու երբ գարունը բացվի, Եգիպտոսից երկու թանկագին քար կբերեմ ինձ հետ քո տվածների փոխարեն: Սուտակն ավելի կարմիր կլինի, քան ալ վարդը, իսկ շափյուղան՝ անհուն ծովից էլ կապույտ:
- Ներքևում, հրապարակում, - խոսեց Երջանիկ Արքայազնը, - մի փոքրիկ աղջիկ լուցկի է վաճառում: Նրա լուցկու տուփերն ընկել են առուն ու փչացել: Հայրը կծեծի նրան, եթե նա փող չտանի տուն, և աղջիկը լալիս է: Նա ոչ կոշիկ ունի, ոչ գուլպա և գլուխն էլ բաց է: Հանիր իմ մյուս աչքն ու տուր աղջկան, որպեսզի հայրը չծեծի նրան:
- Լավ, ես մի գիշեր էլ կմնամ քեզ հետ, - ասաց Ծիծեռնակը, - բայց քո աչքը չեմ հանի: Չէ որ դու բոլորովին կկուրանաս։
- Ծիծեռնակ, Ծիծեռնակ, փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց Արքայազնը, - կատարի՛ր իմ կամքը:
Եվ Ծիծեռնակը հանեց Արքայազնի մյուս աչքն ու սլացավ ներքև: Նա ճախրեց աղջկա կողքով ու թանկագին քարը նրա ափը գցեց:
- Ինչ գեղեցիկ ապակու կտոր է, - բացականչեց փոքրիկ աղջիկը և ուրախ-ուրախ տուն վազեց:
Ծիծեռնակը դարձավ Արքայազնի մոտ:
- Այժմ դու կույր ես, - ասաց նա, - և ես ընդմիշտ կմնամ քեզ հետ:
- Ո՛չ, փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց դժբախտ Արքայազնը, - դու պետք է թռչես Եգիպտոս:
- Ես հավետ կմնամ քեզ հետ, - պատասխանեց Ծիծեռնակն ու քնեց Արքայազնի ոտքերի տակ:
Հաջորդ օրը նա թառեց Արքայազնի ուսին ու պատմեց, թե ինչեր է տեսել օտար երկրներում: Պատմեց եգիպտական կարմիր արագիլների մասին, որոնք շարվում են Նեղոսի ափին ու կտուցներով ոսկե ձկնիկներ որսում. աշխարհի պես ծեր Սֆինքսի մասին, որն ապրում է անապատում և չկա ոչինչ, որ նա չիմանա. վաճառականների, որոնք սաթե տերողորմյան ձեռքներին հանդարտ քայլում են իրենց ուղտերի կողքով. Լուսնի Լեռների Արքայի մասին, որ աներևակայելի սև է ու մի խոշոր բյուրեղի է երկրպագում. Կանաչ Վիշապի, որը քնում է արմավենու վրա և քսան քուրմ նրան սնում են մեղրահացով. գաճաճների, որոնք հսկա հարթ տերևների վրա նավարկում են լճում ու անընդմեջ պատերազմ մղում թիթեռների հետ:
- Սիրելի փոքրիկ Ծիծեռնակ, - ասաց Արքայազնը, - այն ամենը, ինչ դու ինձ պատմում ես, զարմանալի է, Սակայն առավել զարմանալին մարդկային տառապանքն է: Չկա ոչինչ, որ ունենա ավելի մեծ Խորհուրդ, քան Թշվառությունը: Ճախրիր քաղաքի վրա, փոքրիկ Ծիծեռնակ, ու պատմիր ինձ, ինչ որ կտեսնես:
Ծիծեռնակը ճախրեց հսկայական քաղաքի վրայով ու տեսավ հարուստներին իրենց շքեղ ապարանքներում զվարճանալիս, մինչդեռ նրանց դարպասների մոտ մուրացիկներ էին նստած. նա թռավ մթին նրբանցքներն ու տեսավ սովահար երեխաների գունատ դեմքեր՝ անտարբեր հայացքներն անթափանց փողոցներին հառած: Չմրսելու համար միմյանց փաթաթված երկու փոքրիկ տղա տեսավ կամուրջի կամարի տակ:
- Որքան սովա՜ծ ենք, - նվում էին նրանք:
- Այստեղ չի՛ կարելի պառկել, - գոռաց Ոստիկանն ու նրանք փախան անձրևի տակ:
Եվ դարձավ Ծիծեռնակը Արքայազնի մոտ ու պատմեց, ինչ որ տեսել էր:
- Ես պատված եմ բարձրորակ ոսկով, - ասաց Արքայազնը, - թերթ առ թերթ պոկիր դրանք ու տուր աղքատներին. ապրողները կարծում են, թե ոսկին կարող է երջանկություն պարգևել:
Եվ Ծիծեռնակը թերթ առ թերթ պոկեց ոսկին, մինչև որ Երջանիկ Արքայազնը խամրած ու գորշ տեսք ստացավ: Թերթ առ թերթ Ծիծեռնակը բաժանեց ոսկին աղքատներին և երեխաների դեմքերն ավելի ու ավելի վարդագույն դարձան: Մանուկները սկսեցին ծիծաղել ու խաղալ փողոցներում:
- Հիմա մենք հա՜ց ունենք, - գոչում էին նրանք:
Հետո ձյուն եկավ, իսկ ձյանը հաջորդեց սառնամանիքը։ Փողոցներն այնքան պայծառ էին ու շողշողուն, ասես արծաթապատ լինեին: Երկար սառցե լեզվակները բյուրեղյա դաշույնների նման կախվել էին տանիքներից, և բոլորը մուշտակներով էին ման գալիս: Իսկ տղաները կարմրավուն գլխարկներ դրած սահում էին սառույցի վրա:
Խեղճ, փոքրիկ Ծիծեռնակը քանի գնում այնքան ավելի էր մրսում, բայց անկարող էր լքել Արքայազնին, քանի որ շատ էր սիրում նրան: Երբ հացթուխը չէր նայում, Ծիծեռնակը նրա դռանը փշրանքներ էր հավաքում, ու ջանում էր տաքանալ թևերը թափահարելով:
Բայց շուտով նա զգաց, որ մեռնելու է: Ծիծեռնակն իր մեջ հազիվ ուժ գտավ Արքայազնի ուսին մի անգամ ևս թառելու համար:
- Մնաս բարո՜վ, սիրելի՛ Արքայազն, - շշնջաց նա, - թույլ տուր, որ ձեռքդ համբուրեմ:
- Դու շատ երկար մնացիր այստեղ, փոքրիկ ծիծեռնակ և շատ ուրախ եմ, որ վերջապես թռչելու ես Եգիպտոս, - ասաց Արքայազնը, - բայց մեկնելուց առաջ համբուրիր շուրթերս, քանի որ ես քեզ սիրում եմ:
- Ես թռչում եմ ոչ թե Եգիպտոս, - ասաց Ծիծեռնակը, - այլ Մահվան Օթևանը: Մահն ու Քունը եղբայրներ են, այնպես չէ՞:
Եվ Ծիծեռնակը համբուրեց Երջանիկ Արքայազնի շուրթերն ու անշնչացած վայր ընկավ նրա ոտքերի մոտ: Այդ պահին արձանի ներսից արտասովոր մի ճարճատյուն լսվեց, կարծես ինչ-որ բան պայթեց: Արքայազնի կապարե սիրտը երկու կես եղավ: Իսկապես ահավոր սառնամանիք էր: Հաջորդ օրը, վաղ առավոտյան, Քաղաքի Խորհրդականներով շրջապատված Քաղաքագլուխը զբոսնում էր հրապարակում: Սյան կողքով անցնելիս նա գլուխը վեր բարձրացրեց ու ասաց.
- Աստված իմ, այս ի՜նչ անհրապույր տեսք ունի Երջանիկ Արքայազնը:
- Իսկապե՛ս որ անհրապույր, - գոչեցին Քաղաքի Խորհրդականները, որոնք ամեն ինչում համամիտ էին Քաղաքագլխի հետ։
Եվ արձանին մոտից նայելու համար նրանք վեր բարձրացան։
- Սուսերի վրայի սուտակն ընկել է, աչքերը չկան և ինքն էլ այլևս ոսկեզօծ չէ, - ասաց Քաղաքագլուխը, - փաստորեն նա ոչնչով չի տարբերվում որևէ աղքատից:
- Ոչնչո՛վ չի տարբերվում, - հաստատեցին Քաղաքի Խորհրդականները:
- Իսկ ոտքերի մոտ ինչ-որ սատկած թռչուն է ընկած, - շարունակեց Քաղաքագլուխը, - մենք պետք է հրովարտակով արգելենք թռչուններին այստեղ սատկել:
Ու Քաղաքային Խորհրդարանի Քարտուղարը գրի առավ այդ առաջարկը:
Եվ այսպես տապալեցին Երջանիկ Արքայազնի արձանը:
- Եթե նա գեղեցիկ չէ այլևս, ապա ուրեմն օգտակար էլ չէ, - ասաց Գեղագիտության Պրոֆեսորը համալսարանում:
Հետո արձանը հալեցին ձուլարանում և Քաղաքագլուխը խորհուրդ հրավիրեց վճռելու համար, թե ինչպես վարվեն մետաղի հետ։
- Մենք, անշուշտ, մի ուրիշ արձան պետք է կանգնեցնենք, - ասաց նա, - ես առաջարկում եմ, որ դա ի՛մը լինի:
- Ի՛մը, ի՜մը, - գոչեցին բոլոր Խորհրդականները ու վիճեցին: Ասում են, նրանց վեճը դեռևս շարունակվում է:
- Զարմանալի է, - ասաց Բանվորների Հսկիչը ձուլարանում այս կոտրված կապարե սիրտը հնոցում ոչ մի կերպ չի հալվում: Սա պետք է դեն նետել: Եվ կապարե սիրտը նետեցին աղբակույտ, ուր նաև մեռած Ծիծեռնակն էր ընկած:
- Բեր ինձ այս Քաղաքի երկու ամենաարժեքավոր բաները, - ասաց Աստված իր Հրեշտակներից մեկին: Եվ Հրեշտակը բերեց սիրտն անկենդան թռչունը:
- Արդա՛ր է քո ընտրությունը, - ասաց Աստված, - քանի որ դրախտի իմ պարտեզում այդ թռչունը կերգի հավերժաբար, իսկ Երջանիկ Արքայազնը կփառաբանի ինձ իմ ոսկեղեն քաղաքում:
1 Sans Souci - անհոգ (Ֆրանս.):