ԵՍԱՄՈԼ ՀՍԿԱՆ
Ամեն օր, դպրոցից տուն դառնալիս, երեխաները մտնում էին Հսկայի այգին խաղալու: Դա մեծ ու գեղեցիկ մի այգի էր՝ փափուկ կանաչ խոտով: Այս ու այնտեղ խոտերի միջից երևում էին աստղանման հիասքանչ ծաղիկներ, կային և տասներկու ծիրանենիներ, որոնք գարնանը մարգարտավարդագույն ծաղիկներով էին ծածկվում, իսկ աշնանը՝ հարուստ՛ բերք տալիս: Թռչնակները թառում էին ծառերին և երգում այնքան ախորժալուր, որ երեխաները խաղերը մոռացած նրանց էին լսում:
- Որքա՜ն ուրախ է այստեղ, - ձայն էին տալիս նրանք միմյանց:
Բայց մի օր Հսկան տուն վերադարձավ: Նա հյուր էր գնացել իր ընկերոջ՝ Կորնուելի մարդակերի մոտ ու յոթ տարի այնտեղ մնացել: Եվ, քանի որ խոսելիքը սահմանափակ էր եղել, նա յոթ տարում ասել էր այն ամենը, ինչ պիտի ասեր, իսկ հետո որոշել էր սեփական ամրոցը վերադառնալ:
Երբ նա տեղ հասավ, տեսավ իր այգում խաղացող մանուկներին:
- Ի՞նչ գործ ունեք այստեղ, - գոռաց նա զարհուրելի ձայնով, ու երեխաները փախան:
- Իմ այգին իմ սեփականությունն է, - գոչեց Հսկան, - և թող բոլորն իմանան, որ բացի ինձնից, ոչ ոքի թույլ չեմ տա այստեղ խաղալ:
- Եվ նա բարձր պարիսպ կանգնեցրեց այգու չորս կողմն ու ցուցանակ կախեց. 98
ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է։
ՕՐԻՆԱԶԱՆՑՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ:
Շատ եսամոլն էր այդ Հսկան:
Աղքատ երեխաները այլևս խաղալու տեղ չունեին: Նրանք փորձեցին խաղալ ճանապարհին, բայց այնտեղ չափազանց փոշոտ ու քարաշատ էր, և դա նրանց դուր չեկավ: Այժմ արդեն, դասերից հետո, նրանք թափառում էին բարձր պարսպի շուրջն ու զրուցում` հոյակապ այգու մասին, որը չէր երևում:
- Ինչքա՜ն ուրախ էինք մենք այգում, - ասում էին նրանք միմյանց:
Հետո եկավ գարունը, և ամենուրեք փոքրիկ բողբոջներ ու թռչնակներ հայտնվեցին: Միայն Եսամոլ Հսկայի այգում տնօրինում էր Ձմեռը: Թռչնակներն այնտեղ չէին ուզում երգել, քանի որ մանուկներ չկային, իսկ ծառերն էլ մոռացան ծաղկել: Օրերից մի օր խոտերի միջից մի գեղեցիկ ծաղիկ հանկարծ գլուխը հանեց, բայց հենց որ նկատեց ցուցանակը, այնքան վշտացավ երեխաների համար, որ իսկույն նորից թաքնվեց հողի տակ ու քուն մտավ: Միայն Ձյունն ու Սառնամանիքն էին իրենց լավ զգում:
- Գարունը մոռացել է գալ այս այգին, - գոչեցին նրանք, - ուստի մենք կլոր տարին այստեղ կապրենք:
Ձյունը խոտը ծածկեց իր հսկա ճերմակ թիկնոցով, իսկ Սառնամանիքն արծաթազօծեց բոլոր ծառերը: Հետո նրանք իրենց մոտ հրավիրեցին Հյուսիսային Քամուն, ու նա եկավ: Մորթիներով փաթաթված, նա ամբողջ օրը ոռնում էր այգում և տեղահան անում ծխնելույզների խողովակները:
- Ի՜նչ փառահեղ վայր է, - ասում էր Հյուսիսային Քամին, - պետք է այստեղ հրավիրել նաև Կարկուտին:
Ու Կարկուտը եկավ: Օրը երեք ժամ նա հարվածում էր ամրոցի տանիքին, մինչև որ կոտրատեց համարյա բոլոր կղմինդրները, իսկ հետո, հնարավորին չափ արագ, պտտվեց այգու շուրջբոլորը: Նրա զգեստը մոխրագույն էր, իսկ շունչը՝ սառույց:
- Չեմ հասկանում, ինչո՞ւ է այսքան ուշանում Գարունը, - ասաց պատուհանի գոգին նստած Եսամոլ Հսկան և նայեց իր սառած սպիտակ այգուն: - Հուսով եմ, եղանակը շուտով կփոխվի:
Բայց Գարունն այդպես էլ չեկավ: Չեկավ և Ամառը: Աշունը ոսկե մրգեր բերեց բոլոր այգիներին, իսկ Հսկայի այգուն՝ ոչինչ:
- Նա չափազանց եսամոլ է, - ասաց Աշունը:
Եվ այդպես, Հսկայի այգում մշտապես Ձմեռն էր թագավորում, իսկ Հյուսիսային Քամին, Կարկուտը, Ձյունն ու Սառնամանիքը պարում էին ծառերի միջին:
Մի առավոտ, երբ Հսկան արթուն պառկած էր անկողնում, նրա ականջին գեղեցիկ մեղեդի հասավ: Ու այնպես ախորժալուր, որ նա կարծեց, թե Արքայի երաժիշտներն են անցնում: Իրականում դա մի փոքրիկ կանեփահավ էր ճռվողում, բայց Հսկան այնքան վաղուց չէր լսել իր այգում երգող թռչնակի, որ նրան թվաց, թե աշխարհում երբեք ավելի սքանչելի բան չի լսել: Կարկուտը դադարեց ծեծել տանիքը, իսկ Հյուսիսային Քամին այլևս չոռնաց, ու դրա փոխարեն կիսաբաց պատուհանից անուշ բուրմունք թափանցեց ներս:
- Վերջապես գարունը եկավ, - ասաց Հսկան ու անկողնուց վեր թռավ:
Եվ ի՞նչ տեսավ։
Նրա առջև հրաշալի տեսարան բացվեց: Պարսպի մեջ բացված նեղ անցքից խուժած մանուկները թառել էին ծառերի ճյուղերին: Ամեն մի ծառի մի երեխա էր նստած: Ու ծառերն այնքան ուրախ էին մանուկների վերադարձի համար, որ ոտից գլուխ ծաղիկ էին հագել և ձեռքերն էին օրորում նրանց գլխավերևը: Շուրջբոլորը թռչուններ էին ճախրում և հրճվալից ծլվլում, իսկ ծաղիկները գլուխները կանաչ խոտերի միջից հանած, ծիծաղում էին: Իսկապես, չքնաղ տեսարան էր: Միայն մի անկյունում էր, որ դեռ իշխում էր Ձմեռը: Դա այգու ամենահեռավոր անկյունն էր, որտեղ մի մանչուկ էր կանգնած: Նա այնքան փոքր էր, որ չէր հասնում ծառի ճյուղերին և դառն արցունք էր թափում ու պտտվում ծառի շուրջը: Խեղճ ծառը եղյամով ձյունով էր պատած, իսկ Հյուսիսային Քամին շարունակում էր փչել ու ոռնալ նրա գլխավերևը:
- Մագլցի՛ր, մանչուկ, - ասում էր ծառը ու կքում ճյուղերը, որքան կարող էր: Բայց տղան շատ էր պստիկ:
Ու Հսկայի սիրտը հալվեց այս տեսարանից:
- Ի՜նչ եսամոլն եմ եղել, - մտածեց նա, - ա՛յ թե ինչու չէր գալիս Գարունը: Ես մանչուկին կնստեցնեմ ծառի կատարին և կքանդեմ պարիսպն ու իմ այգին խաղահրապարակ կդարձնեմ բոլոր, բոլոր երեխաների համար:
Նա իսկապես շատ էր զղջում իր` վարմունքի համար:
Եվ Հսկան մատների ծայրերի վրա իջավ ցած, բացեց դուռն ու այգի մտավ: Բայց երեխաները նրան տեսնելով այնպես ահաբեկվեցին, որ ամեն մեկը մի կողմ փախավ, ու կրկին եկավ Ձմեռը: Միայն մանչուկը չփախավ, քանի որ նրա աչքերն արտասուքով էին լցված և նա նույնիսկ չնկատեց Հսկայի մուտքը: Հսկան թիկունքից անշշուկ մոտեցավ տղային, քնքշորեն ափն առավ նրան նստեցրեց ծառին: Ծառն իսկույն ծաղկեց, և թռչնակները ետ դարձան ու ծլվլացին, իսկ մանչուկը ձեռքերը երկարեց, գրկեց Հսկայի վիզն ու համբուրեց նրան: Մյուս մանուկները, երբ տեսան, որ Հսկան բարի է դարձել, ետ վազեցին, և Գարունն էլ վերադարձավ նրանց հետ:
- Այսուհետև սա ձեր այգին է, փոքրիկներ, - ասաց Հսկան, մի մեծ կացին առավ ու խորտակեց պարիսպը: Կեսօրին, երբ մարդիկ շուկա էին գնում, Հսկային տեսան երեխաների հետ խաղալիս աշխարհիս ամենագեղեցիկ այգում:
Մանուկները խաղացին մինչև երեկո, իսկ հետո եկան բարի գիշեր մաղթելու Հսկային:
- Իսկ ո՞ւր է ձեր փոքրիկ ընկերը, որին ես ծառը բարձրացրի, - հարցրեց Հսկան:
Նա այդ տղային բոլորից շատ էր սիրում, քանի որ մանչուկը համբուրել էր նրան:
- Չգիտենք, - պատասխանեցին երեխաները, - նա գնացել է:
- Ասացեք նրան, որ վաղն անպայման գա, - խնդրեց Հսկան:
Բայց երեխաներն ասացին, որ չգիտեն, թե որտեղ է ապրում տղան, քանի որ նախկինում երբեք չեն տեսել նրան: Ու Հսկան շատ վշտացավ:
Ամեն օր, դասերից հետո, մանուկները գալիս ու խաղում էին Հսկայի հետ: Իսկ փոքրիկ տղան, որին Հսկան ամենից ավելի էր սիրում, այդպես էլ չէր երևում: Հսկան բոլոր երեխաներին էլ շատ լավ էր վերաբերվում, բայց և այնպես, շատ էր կարոտում իր առաջին փոքրիկ բարեկամին ու հաճախ հարցուփորձ էր անում նրա մասին:
- Որքա՜ն կուզենայի նրան կրկին տեսնել, - ասում էր Հսկան։
Տարիներն անցնում էին, և Հսկան ավելի ու ավելի էր ծերանում ու թուլանում: Նա այլևս մանուկների հետ խաղալու ուժ չուներ, այնպես որ նստում էր բազկաթոռում և նայում, թե ինչպես են խաղում երեխաներն ու հիանում էր իր այգով։
- Ես սքանչելի ծաղիկներ շատ ունեմ, - ասում էր նա, - բայց երեխաներն ամենասքանչելին են:
Ձմռան մի առավոտ, հագնվելիս, Հսկան դուրս նայեց պատուհանից: Այժմ արդեն նա չէր ատում Ձմեռը, քանի որ գիտեր, որ Գարունը պարզապես քուն է մտել, իսկ ծաղիկները՝ հանգստանում են:
Հանկարծ Հսկան աչքերը սկսեց տրորել, նայել ու նայել, կարծես հրաշք տեսած լիներ: Եվ, իսկապես, հրաշալի տեսարան էր բացվել: Այգու ամենահեռավոր անկյունում մի ծառ ամբողջովին ծաղկել էր ու ծածկվել չնաշխարհիկ սպիտակ ծաղիկներով։ Ծառի ճյուղերը ոսկուց էին և նրանցից կախված էին արծաթե մրգեր, իսկ նրանց տակ կանգնած էր տղան, ում Հսկան ամենից շատ էր սիրում:
Ուրախությունից իրեն կորցրած, Հսկան ցած վազեց աստիճաններով ու այգի մտավ: Նա ուղղակի խոտերի վրայով շտապեց դեպի տղան: Բայց երբ մոտեցավ, նրա դեմքը շառագունեց զայրույթից ու հարցրեց.
- Ո՞վ է հանդգնել քեզ վիրավորել:
Տղայի ափերի մեջ նա տեսել էր երկու մեխի հետք, երկու մեխի հետք էլ ոտքերին կար:
- Ո՞վ է հանդգնել վիրավորել քեզ, - գոչեց Հսկան, - ասա, որպեսզի առնեմ մեծ թուրս ու սպանեմ մեղավորին:
- Ոչ, - պատասխանեց մանուկը: - Չէ՞ որ սրանք Սիրո վերքեր են:
- Ո՞վ ես դու, - հարցրեց Հսկան ու մի խորհրդավոր երկյուղ պատեց նրան, և նա ծնկի իջավ մանկան առաջ:
Մանուկը ժպտաց Հսկային ու ասաց.
- Մի օր դու ինձ թույլ տվիր խաղալ քո այգում, իսկ այսօր ես քեզ կտանեմ իմ այգին, որ կոչվում է Դրախտ:
Ու այդ օրը, երբ երեխաները ներս վազեցին այգի, նրանք Հսկային անշնչացած գտան. նա պառկած էր սպիտակ ծաղիկներով ծածկված ծառի տակ։