ԼՈՐԴ ԱՐԹՈՒՐ ՍԵՎԻԼԻ ՈՃԻՐԸ
1
Լեդի Ուինդերմիրի վերջին հրավերքն էր սա Զատկի տոնի նախօրյակին, և Բենթինքում գտնվող նրա տունը սովորականից ավելի մարդաշատ էր: Այստեղ էին ժամանել մինիստրների խորհրդի վեց անդամ՝ Համայնքների պալատի նախագահի ընդունելությունից անմիջապես հետո: Իրենց լավագույն զգեստներն էին հագել բոլոր գեղեցիկ կանայք, իսկ պատկերասրահի ամենահեռավոր անկյունում կանգնած էր Քարլսրուի արքայադուստր Սոֆյան: Նա նման էր խոշորամարմին թաթարուհու և մանր սև աչքեր ու չքնաղ զմրուխտներ ուներ: Արքայադուստրը ֆրանսերեն էր խոսում չափազանց վատ և բարձրաձայն, ու ինչ էլ որ իրեն ասեին, անզուսպ քրքջում էր: Խայտաբղետ հասարակության, հիրավի, հոյակապ մի հավաքույթ: Պերերի՝ մեծաշուք կանայք սիրալիր շաղակրատում էին կատաղի ռադիկալների, ականավոր քարոզիչները՝ հռչակավոր սկեպտիկ ների հետ: Եպիսկոպոսների մի ամբողջ երամ սենյակից սենյակ հետևում էր մի հոյակազմ պրիմադոննայի, իսկ արքայական ակադեմիայի մի քանի անդամներ արվեստագետների պես կանգնել էին աստիճաններին: Ասում են, ժամանակին այդ հյուրասենյակում այնքան հանճարներ էին իրար գլխի կիտվում, որ ասեղ գցելու տեղ չէր լինում: Իրավ, սա լեդի Ուինդերմիրի հրավիրած լավագույն երեկույթներից էր, և արքայադուստրը մնաց համարյա մինչև տասնմեկն անց կես:
Արքայադստեր մեկնելուն պես լեդի Ուինդերմիրը վերադարձավ պատկերասրահ և զրույցի բռնվեց Փեյսլիի դքսուհու հետ, ուր քաղաքական հայտնի մի տնտեսագետ զայրացած հունգարացի վիրտուոզին բացատրում էր երաժշտության գիտական տեսությունը։ Լեդի Ուինդերմիրն անկասելի էր իր փղոսկրե պարանոցով, անմոռուկների պես երկնագույն խոշոր աչքերով և խիտ ոսկե գանգուրներով, որոնք, ասես, մաքուր ոսկուց էին: Ոչ թե ժամանակակից հարդագույն մետաղի նման, որ անօրինաբար ոսկի են կոչում, այլ իսկական ոսկուց՝ նման արևի հյուսված շողերի կամ չտեսնված սաթի: Վարսերը լուսապսակի մեջ էին առնում նրա դեմքը և, մեղսագործի որոշ հմայքի հետ միաժամանակ, սրբության արտահայտություն էին տալիս նրան: Այդ կինը հոգեբանական ուսումնասիրության առումով հետաքրքիր նմուշ էր: Դեռևս երիտասարդության տարիներին նա յուրացրել էր կարևոր մի ճշմարտություն՝ ոչինչ ավելի նման չէ անմեղության, քան անպարկեշտությունը, իսկ մի շարք խենթ արարքներով, որոնց կեսը միանգամայն անվնաս էին, ձեռք էր բերել վառ անհատականության արտոնություններ: Ամուսիններ նա փոխել էր բազմիցս, իր գրքում Դեբրեթը նրա առնվազն երեք ամուսնություն էր հիշատակում, բայց երբեք չէր փոխել իր սիրեկանին, այնպես որ մարդիկ վաղուց էին դադարել նրան բամբասելուց: Այժմ նա քառասնամյա կին էր, չուներ երեխաներ, բայց ուներ հաճույքներ վայելելու առանձնահատուկ կիրք, որը չծերանալու գաղտնիքն է:
Լեդի Ուինդերմիրը հանկարծ անհամբերությամբ շուրջը նայեց և իր մաքուր կոնտրալտոյով հարցրեց.
- Իսկ ո՞ւր է իմ ձեռնագետը:
- Քո ի՞նչը, Գլեդիս, - բացականչեց հերցոգուհին, ակամա ցնցվելով:
- Իմ ձեռնագետը, դքսուհի: Առանց նրա ես այժմ կյանք չունեմ:
- Սիրելի Գլեդիս, դու ինչպես միշտ չափազանց ինքնատիպ ես, - քրթմնջաց դքսուհին, աշխատելով մտաբերել, թե ինչով է զբաղվում ձեռնագետը և հուսալով, որ դա եղունգներ մաքրողն ներկողը չէ:
- Նա շաբաթական երկու անգամ նայում է ձեռքս, - շարունակեց լեդի Ուինդերմիրը, - և դա արտակարգ հետաքրքիր է:
- Աստված իմ, - ինքն իրեն խոսեց դքսուհին, - ուրեմն այդ մարդն, այնուամենայնիվ, եղունգների մասնագետ է: Որպիսի գարշանք: Հուսով եմ, նա գոնե օտարերկրացի է: Այդ դեպքում ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ: 161
1. Ազնվական կոչում Անգլիայում:
2 bla bla bla