ԱՆՁՆԱԶՈՀ ԸՆԿԵՐԸ

     Մի առավոտ ծեր Ջրամուկը գլուխը բնից դուրս հանեց: Նրա աչքերը փայլուն էին ուլունքների պես, բեղերը մոխրագույն ու կոշտ էին, իսկ պոչը կարծես երկար սև ռետինե պարան լիներ: Լճակում լողացող փոքրիկ բադիկները նման էին դեղին դեղձանիկների, իսկ նրանց մայրը՝ ինքը բոլորովին ճերմակ ու տոտիկները ալ կարմիր, սովորեցնում էր ձագուկներին գլխիվայր կանգնել ջրում:
     - Ձեզ երբեք տեղ չեն տա լավագույն հասարակության մեջ, քանի դեռ գլխի վրա կանգնել չգիտեք, - անընդհատ կրկնում էր նա և ժամանակ առ ժամանակ ցույց տալիս, թե ինչպես է դա արվում :
     Բայց բադիկները ոչ մի ուշադրություն չէին դարձնում իրենց մոր վրա: Նրանք դեռ շատ էին փոքր ու չէին հասկանում, թե որքան կարևոր է մուտք գործել բարձրագույն հասարակություն:
     - Ի՜նչ անհնազանդ երեխաներ են, - գոչեց ծեր Ջրամուկը, - դրանց պետք է տեղնուտեղը խեղդել:
     - Ոչ մի դեպքում, - պատասխանեց Բադը։ - Ամեն ինչի սկիզբն է դժվար, և ծնողները պետք է համբերատար լինեն:
     - Ա՛հ, ինձ համար խորթ են ծնողական զգացմունքները, - ասաց Ջրամուկը, - ես ընտանիքի համար չեմ ստեղծված, ես երբեք ամուսնացած չեմ եղել և մտադիր էլ չեմ: Սերն, իհարկե, լավ է յուրովի, բայց ընկերությունը վեհ է առավել: Իրոք, աշխարհիս երեսին չկա ավելի ազնիվ ու հազվագյուտ բան, քան անձնազոհ ընկերությունը:
     - Իսկ որո՞նք են, ձեր կարծիքով, անձնազոհ ընկերոջ պարտականությունները, - հարցրեց կանաչ Կանեփահավը, որ մոտակա ուռենու վրա նստած ականջ էր դնում նրանց խոսակցությանը:
     - Այո, ես էլ հենց այդ էի ուզում հարցնել, - ասաց Բադն ու լողաց լճի մյուս ծայրը և գլխիվայր կանգնեց, որպեսզի երեխաները օրինակ վերցնեն:
     - Ինչպիսի՜ տխմար հարց, - բացականչեց Ջրամուկը: - Անձնազոհ ընկերն ամենից առաջ պետք է ինձ նվիրված լինի:
     - Իսկ դու ի՞նչ պիտի անես դրա դիմաց, - հարցրեց փոքրիկ Թռչնակը, արծաթե ճյուղի վրա ճոճվելով և թևիկները թափահարելով:
     - Ես քեզ չեմ հասկանում, - պատասխանեց Ջրամուկը:
     - Թույլ տվեք այդ առիթով մի պատմություն անեմ, - ասաց Կանեփահավը:
     - Իմ մասի՞ն, - հարցրեց Ջրամուկը, - եթե այո, հաճույքով կլսեմ, քանի որ շատ եմ սիրում հեքիաթներ:
     - Կարող է և քեզ վերաբերել, - ասաց Կանեփահավը, ապա ցած թռավ, նստեց - լճակի ափին և սկսեց Անձնազոհ Ընկերոջ պատմությունը:
     - Կար-չկար մի ազնիվ տղա կար, անունը՝ Հանս, - սկսեց Կանեփահավը:
     - Նա նշանավո՞ր տղա էր, - հարցրեց Ջրամուկը:
     - Ոչ, - պատասխանեց Կանեփահավը, - կարծեմ, նա ոչնչով հայտնի չէր, եթե հաշվի չառնենք իր բարի սիրտն ու կլորավուն զվարճալի դեմքը: Նա ապրում էր մեն-մենակ իր փոքրիկ խրճիթում և ամեն օր առավոտից իրիկուն աշխատում այգում: Ամբողջ շրջակայքում ավելի գեղեցիկ այգի հնարավոր չէր գտնել: Այնտեղ աճում էր և մեխակ, և հովվի պարկ, և զանգակածաղիկ, և ֆրանսիական բել-դե-ժուր: Աճում էր նաև կարմիր ու դեղին վարդ, մանուշակագույն ու ոսկեգույն զաֆրան, մուգ և բաց կապտավուն մանուշակ: Նունուֆարն ու երիցուկը, նարգիզն ու շուշանը բացվում ու ծաղկում էին, ամսեամիս ծաղիկները հաջորդում էին միմյանց, ուստի միշտ էլ հաճելի էր նայել նրա այգուն և շնչել ծաղիկների քաղցր բուրմունքը:
     Փոքրիկ Հանսը ընկերներ շատ ուներ, բայց նրանցից ամենանվիրվածը խոշորակազմ Ջրաղացպան Հյուն էր: Եվ իրավ, հարուստ Ջրաղացպանն այնքան նվիրված էր փոքրիկ Հանսին, որ մրգահասին ամեն անգամ այգու մոտով անցնելիս անպայման կախվում էր ցանկապատից ու մի փունջ ծաղիկ պոկում կամ էլ գրպանները լցնում սալորով ու բալով:
     - Ճշմարիտ ընկերների համար ամեն ինչը պիտի ընդհանուր լինի, - ասում էր Ջրաղացպանը, իսկ փոքրիկ Հանսը ժպտում էր ու գլխով անում: Նա շատ հպարտ էր, որ իր ընկերն այդպիսի ազնիվ գաղափարների տեր է:
     Երբեմն, ճիշտ է, հարևանները զարմանում էին, որ հարուստ Ջրաղացպանը երբեք ոչնչով չէր փոխհատուցում փոքրիկ Հանսին, թեև վեց կթու կով ուներ ու երկարաբուրդ ոչխարների մի ամբողջ հոտ, իսկ ջրաղացում՝ հարյուր տոպրակ ալյուր: Սակայն Հանսի մտքովն անգամ նման բաներ չէին անցնում և ոչինչ ավելի մեծ հաճույք չէր պատճառում նրան, քան Ջրաղացպանի խոսքերն անձնազոհ ընկերության մասին:
     Եվ այսպես, փոքրիկ Հանսը շարունակում էր աշխատել իր այգում: Գարնանը, աշնանը և ամռանը նա շատ երջանիկ էր լինում, բայց երբ գալիս էր ձմեռն ու նա այլևս ոչ ծաղիկ, ոչ էլ միրգ էր ունենում շուկա տանելու՝ սկսում էր տառապել քաղցից ու սառնամանիքից և հաճախ անոթի անկողին մտնում, բավարարվելով մի քանի ամուր ընկույզով և տանձի չրով: Ձմեռը Հանսը միայնակ էր լինում, քանի որ Ջրաղացպանը նրան երբեք չէր այցելում:
     - Չարժե այցի գնալ Հանսին, քանի դեռ ձյուն ձմեռ է, - ասում էր Ջրաղացպանն իր կնոջը, - որովհետև, երբ մարդ դժվարության մեջ է, կարիք չկա նրան անհանգստացնել, հակառակը՝ պետք է հանգիստ թողնել: Սա է, համենայն դեպս, իմ պատկերացումն ընկերության մասին և ես համոզված եմ, որ իրավացի եմ: Այնպես որ, ես կսպասեմ գարնան բացվելուն և հետո միայն կայցելեմ Հանսին, երբ նա առիթ կունենա մի մեծ կողով վարդ նվիրել ինձ և դրանով երջանկանալ մեծապես:
     - Դու, իսկապես որ շատ հոգատար ես ուրիշների հանդեպ, - պատասխանեց կինը, նստելով հարմարավետ բազկաթոռին, բուխարիկի առաջ, որտեղ սոճու փայտերը վառվում էին ճարճատելով, - իրոք որ՝ անչափ հոգատար ես: Ուղղակի հաճելի է լսել քո դատողություններն ընկերության մասին: Հավատացած եմ, որ նույնիսկ մեր քահանան չի կարող քեզ պես գեղեցիկ խոսել, թեև ճկույթին ոսկե մատանի է կրում և ապրում է եռահարկ տանը:
     - Իսկ մի՞թե չի կարելի Հանսին մեր տուն հրավիրել, - հարցրեց Ջրաղացպանի կրտսեր որդին: - Եթե խեղճ Հանսն այդքան վատ է ապրում, ես նրան կտամ իմ բաժին ապուրի կեսը և ցույց կտամ իմ սպիտակ ճագարները:
     - Ի՜նչ հիմարն ես, - բացականչեց Ջրաղացպանը: - Չեմ հասկանում, քեզ ի՞նչ են սովորեցնում դպրոցում: Ինչպես երևում է, դու ոչինչ չես սովորում այնտեղ: Չէ՞ որ, եթե փոքրիկ Հանսը գա այստեղ ու տեսնի մեր վառ կրակը, մեր ճոխ ընթրիքն ու կարմիր գինու մեծ տակառը, նրա մեջ նախանձ կարթնանա: Իսկ կա՞ արդյոք ավելի սոսկալի բան աշխարհիս երեսին, քան նախանձը, որ կարող է փչացնել ուզածդ մարդուն: Ես, իհարկե, թույլ չեմ տա, որ Հանսի բնավորությունը փչանա: Ես նրա լավագույն ընկերն եմ և իմ պարտքն է հետևել, որպեսզի նա որևէ գայթակղության զոհ չգնա: Բացի այդ, եթե Հանսն այստեղ գա, նա կարող է փոխարինաբար մի քիչ ալյուր խնդրել, իսկ ես չեմ տա: Ալյուրը մի բան է, ընկերությունը՝ այլ և դրանք իրար հետ շփոթել չի կարելի, մանավանդ, որ այդ բառերը միանգամայն տարբեր իմաստ ու արտասանություն ունեն: Ամենքի համար էլ դա պարզ է:
     - Ի՜նչ ճարտար ես խոսում, - ասաց Ջրաղացպանի կինը, իր համար մի մեծ գավաթ տաք էյլ լցնելով, - քիչ մնաց քնեի: Ճիշտ և ճիշտ ինչպես եկեղեցում:
     - Շատերն են կարողանում լավ աշխատել, բայց ճարտար խոսել՝ քչերը: Հետևապես, խոսքը ավելի մեծ ջանք է պահանջում, քան գործը, ուստի և ավելի կարևոր է, - պատասխանեց Ջրաղացպանն ու սեղանի վրայով խիստ հայացք նետեց կրտսեր որդու կողմը, որն ամոթից գլուխը կախեց, կասկարմիր կտրեց ու սկսեց արցունք թափել ուղիղ իր թեյի մեջ: Ոչինչ, նրան դեռևս կարելի էր ներել, քանի որ նա շատ էր պստիկ։
     - Եվ դրանով էլ պատմությունն ավարտվե՞ց, - հարցրեց Ջրամուկը:
     - Իհարկե, ոչ, - պատասխանեց Կանեփահավը, - սա դեռ սկիզբն է:
     - Ուրեմն դու ժամանակից շատ ես ետ մնացել, - ասաց Ջրամուկը: - Հիմա բոլորը սկսում են պատմել վերջից, հետո դառնում են սկզբին, իսկ վերջում, պատմում են միջին մասը: Սա է պատմելու ժամանակակից ձևը: Այդ մասին ես լսեցի մի քննադատից, որ մի երիտասարդի հետ զբոսնում էր լճակի ափին: Նա երկար խոսեց այդ հարցի շուրջ, և ես վստահ եմ, որ նա իրավացի էր, քանի որ նա կապույտ ակնոց ուներ և ճաղատ գլուխ, իսկ երիտասարդի ամեն մի դիտողությանը միայն «փո՛ւհով» էր պատասխանում: Սակայն, խնդրեմ, շարունակիր: Ջրաղացպանն ինձ անչափ դուր եկավ: Ես էլ շատ գեղեցիկ զգացմունքների տեր եմ, այնպես որ մենք շատ ընդհանրություններ ունենք:
     - Դե լավ, - ասաց Կանեփահավն ու ոստոստաց մի ոտքից մյուսը: - Հենց որ ձմեռն անցավ ու եկավ գարունը, և առաջին ծաղիկները սկսեցին բացել իրենց բաց դեղնավուն աստղիկները, Ջրաղացպանը կնոջը հայտնեց, որ այցի է գնում փոքրիկ Հանսին:
     - Ա՛յ թե բարի սիրտ ունես, հա՜, - բացականչեց Ջրաղացպանի կինը։ - Ուշքդ ու միտքդ ուրիշներն են: Բայց չմոռանաս հետդ մի մեծ զամբյուղ վերցնել ծաղիկների համար:
     Ու Ջրաղացպանը երկաթե ամուր շղթայով կապեց ջրաղացի քարերը և զամբյուղը ձեռքին իջավ բլրից:
     - Բարի լույս, փոքրիկ Հանս, - ասաց Ջրաղացպանը:
     - Բարի լույս, - պատասխանեց Հանսը, հենվելով բահին ու մինչև ականջների ծայրը ժպտալով:
     - Ասա տեսնեմ, ինչպե՞ս անցկացրիր ձմեռը, - հարցրեց Ջրաղացպանը:
     - Հիանալի, - բացականչեց Հանսը, - դուք շատ բարի եք, որ հետաքրքրվում եք ինձնով, իսկապես, որ անչափ բարի: Ճիշտն ասած, դժվար անցկացրի, բայց այժմ, երբ գարունը բացվել է՝ ես միանգամայն երջանիկ եմ: Եվ ծաղիկներս էլ իրենց հիանալի են զգում:
     - Մենք ձմռանը հաճախ էինք քեզ հիշում, - ասաց Ջրաղացպանը, - և մտածում էինք, թե ինչպես ես ապրում:
     - Դուք շատ բարի եք, - ասաց Հանսը, - իսկ ես վախենում էի, թե մոռացած կլինեք:
     - Հանս, դու զարմացնում ես ինձ, - ասաց Ջրաղացպանը, - ընկերությունը երբեք չի մոռացվում: Սակայն, կարծում եմ, որ դու կյանքի հմայքը լավ չես ըմբռնում: Ի դեպ, քո ծաղիկները շատ են գեղեցիկ:
     - Իրավ, անչափ գեղեցիկ են, - պատասխանեց Հանսը, - և մեծ բախտավորություն է, որ այսքան շատ են: Ուզում եմ ծաղիկները շուկա տանել վաճառել Քաղաքագլխի աղջկան ու ետ գնել իմ ձեռնասայլակը:
     - Ետ գնել ձեռնասայլա՞կը: Ուզում ես ասել, դու գրա՞վ էիր դրել ձեռնասայլակը: Նման հիմարություն քեզնից չէի սպասում:
     - Բայց ես ուրիշ ելք չունեի, - պատասխանեց Հանսը: - Գիտե՞ք, ձմեռը չափազանց դաժան էր, իսկ ես նույնիսկ հացի փող չունեի: Ուստի, սկզբում ես վաճառեցի կիրակնօրյա բաճկոնիս արծաթե կոճակները, հետո՝ արծաթե շղթաս ու մեծ ծխամորճս, իսկ վերջում՝ նաև ձեռնասայլակը: Այժմ ես ուզում եմ ետ գնել սայլակը:
     - Հա՛նս, - ասաց Ջրաղացպանը, - ես քեզ կտամ իմ սայլակը: Ճիշտ է, նա այնքան էլ լավ վիճակում չէ՝ կողերից մեկը չկա ու անիվներն էլ սարքին չեն և, այնուամենայնիվ, ես իմ սայլակը քեզ կամ: Գիտեմ, դա մեծահոգություն է իմ կողմից և շատերն ինձ հիմար կանվանեն, բայց ես ուրիշների նման չեմ: Ես կարծում եմ, որ մեծահոգությունն է ընկերության հիմքը: Եվ, բացի դրանից, ես մի նոր սայլակ եմ գնել ինձ համար: Այո, կարող ես վստահ լինել, որ սայլակը քեզ կտամ:
     - Իսկապես որ, շատ եք մեծահոգի, - ասաց փոքրիկ Հանսն ու նրա զվարճալի կլորիկ դեմքը հաճույքից ճառագեց: - Ես հեշտությամբ կնորոգեմ սայլակը, քանի որ տանը մի տախտակ ունեմ:
     - Մի տախտա՞կ, - բացականչեց Ջրաղացպանը, - դա հենց այն է, ինչ ես որոնում էի շտեմարանիս տանիքի համար: Այնտեղ մի մեծ անցք է բացվել և եթե իսկույն չնորոգեմ, ամբողջ ալյուրը կթրջվի: Ինչ լավ է, որ հիշեցրիր: Զարմանալի է, թե ինչպես է մի բարի արարքը ծնում մեկ ուրիշը: Ես քեզ սայլակ նվիրեցի, իսկ դու ինձ՝ տախտակ: Իհարկե, սայլակն ավելի թանկ արժե, քան տախտակը, բայց ճշմարիտ ընկերությունը նման բաներ հաշվի չի առնում: Խնդրում եմ, անմիջապես բեր տախտակը, որպեսզի ես այսօր ևեթ գործի կպչեմ:
     - Այս րոպեիս, - գոչեց Հանսն ու վազեց ցախատուն և քարշ տվեց տախտակը:
     - Այնքան էլ մեծ չէ, - տախտակը զննելով նկատեց Ջրաղացպանը: - Շտեմարանիս տանիքը նորոգելուց հետո քեզ, երևի, ոչինչ չմնա սայլակը նորոգելու համար: Բայց դա, անշուշտ, իմ մեղքը չէ: Իսկ այժմ, քանի որ ես քեզ նվիրեցի իմ սայլակը, Կարծում եմ, փոխարենը դու ինձ մի քանի ծաղիկ կտաս: Ահա զամբյուղը, միայն տես, որ լիքը լինի:
     - Բերնեբերա՞ն, - հարցրեց փոքրիկ Հանսը վշտացած, որովհետև զամբյուղը չափազանց մեծ էր լիքը լցնելուց հետո, շուկայի համար այլևս ծաղիկ չէր մնա, իսկ նա այնքան էր ուզում ետ գնել իր արծաթե կոճակները:
     - Անկեղծ ասած, - պատասխանեց Ջրաղացպանը, - երբ քեզ նվիրեցի իմ սայլակը, մտածեցի, որ մի քանի ծաղիկ խնդրելն այնքան էլ մեծ բան չէ: Գուցե ևս սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ ճշմարիտ ընկերությունը պետք է զերծ լինի ամեն տեսակ եսամոլությունից:
     - Թանկագի՛ն իմ ընկեր, իմ ամենամո՛տ բարեկամ, - բացականչեց փոքրիկ Հանսը, - իմ բոլոր ծաղիկները քոնն են: Ավելի լավ է քո բարի կարծիքն ունենամ, քան արծաթե կոճակներս:
     Ու Հանսը վազելով գնաց, քաղեց իր այգու բոլոր չքնաղ ծաղիկները և լցրեց Ջրաղացպանի զամբյուղը: Ցտեսություն, փոքրիկ Հանս, - ասաց Ջրաղացպանն և բարձրացավ բլուրն ի վեր՝ տախտակն ուսին և հսկայական զամբյուղը ձեռքին:
     - Ցտեսություն, - ասաց Փոքրիկ Հանսը և սկսեց ուրախ-ուրախ հողը փորել: Նա այնքան ուրախ էր, որ սայլակ պիտի ունենար։
     Հաջորդ օրը նա պատատուկներ էր ամրացնում իր տան մուտքի առաջ, երբ ճամփեզրից լսեց Ջրաղացպանի ձայնը: Հանսը վայր ցատկեց սանդուղքից, այգու միջով վազեց դեպի ցանկապատն ու դուրս նայեց:
     Ճամփին կանգնած էր Ջրաղացպանը՝ մի մեծ տոպրակ ալյուր մեջքին:
     - Սիրելի Փոքրիկ Հանս, - ասաց Ջրաղացպանը, - այս մի տոպրակ ալյուրը չէի՞ր տանի շուկա:
     - Ա՛խ, շա՜տ եմ ցավում, - պատասխանեց Հանսը, - բայց ես իսկապես որ շատ եմ զբաղված: Այսօր ես պետք է պատատուկները վեր հանեմ, ծաղիկներս ջրեմ ու խոտը հնձեմ:
     - Դու վատ ընկեր ես, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ես մտադիր եմ քեզ նվիրել իմ սայլակը, - ասաց Ջրաղացպանը: Օ՛, այդպիսի բաներ մի ասի, - բացականչեց Փոքրիկ Հանսը, - ես ոչ մի դեպքում վատ ընկեր չեմ լինի:
     Եվ նա տուն վազեց գլխարկի ետևից, ետ եկավ ու տոպրակը մեջքին բռնեց շուկայի ճամփան:
     Սոսկալի տոթ էր, ու ճանապարհն էլ սարսափելի փոշոտ, վեց մղոն էլ չանցած Հանսն այնքան հոգնեց, որ նստեց հանգստանալու: Ինչևէ, նա քաջաբար շարունակեց ճանապարհն ու ի վերջո շուկա հասավ: Միառժամանակ անց, ալյուրը լավ գնով վաճառելուց հետո, նա շտապեց տուն դառնալ, որովհետև ուշ ժամին կարող էր ավազակների հանդիպել ճանապարհին:
     - Ա՜յ քեզ ծանր օր, - մտածեց Հանսն անկողին մտնելով, - բայց և այնպես շատ ուրախ եմ, որ չմերժեցի Ջրաղացպանին։ Չէ որ նա իմ լավագույն ընկերն է և, բացի այդ, խոստացել է ինձ նվիրել իր սայլակը:
     Հաջորդ առավոտը ծեգին Ջրաղացպանը եկավ ալրի փողը ստանալու, բայց Հանսն այնքան հոգնած էր, որ դեռ անկողնում էր:
     - Ազնիվ խոսք դու շատ ծույլն ես, - ասաց Ջրաղացպանը։ - Ես մտադիր եմ քեզ նվիրել իմ սայլակը, և դու պետք է որ ավելի ժրաջան աշխատես: Պարապ մնալը մեծ մեղք է ու ես, իհարկե, չեմ կարող հանդուրժել, որ իմ ընկերներն անգործ կամ ծույլ լինեն: Մի նեղացիր, որ այդպես անկեղծ եմ խոսում քեզ հետ: Եթե ես քո ընկերը չլինեի այս խոսքերը, անշուշտ, չէի ասի: Բայց էլ ի՞նչ ընկերություն, եթե անկեղծ խոսել անգամ չես կարող: Ամեն ոք շողոքորթում ու հաճոյախոսում է, բայց դառը ճշմարտությունը՝ միայն ճշմարիտ ընկերներն են ասում: Եվ, իհարկե, եթե նա իսկապես ճշմարիտ ընկեր է, ապա պիտի գիտակցի, որ այդպիսով միայն լավություն է անում:
     - Շատ եմ ցավում, - ասաց Փոքրիկ Հանսը, աչքերը տրորելով ու գիշերային գլխարկը հանելով, - բայց ես այնքան հոգնած էի, որ ցանկացա մի փոքր պառկել անկողնում և թռչնակների երգը լսել: Գիտե՞ք, ամեն անգամ թռչնակների ծլվլոցը լսելուց հետո ես շատ ավելի լավ եմ աշխատում:
     - Դե ինչ, շատ ուրախ եմ, - ասաց Ջրաղացպանը, - Հանսի մեջքին թփթփացնելով, - որովհետև ուզում եմ, որ հագնվելուդ պես գաս ջրաղացս ու վերանորոգես շտեմարանիս տանիքը:
     Խեղճ Փոքրիկ Հանսը շատ էր ուզում գնալ ու աշխատել իր այգում, քանի որ նրա ծաղիկները երկու օր էր, ինչ ջրի երես չէին տեսել, բայց նա չէր կարող մերժել Ջրաղացպանին՝ լավագույն ընկերոջը:
     - Ի՞նչ եք կարծում, ես վա՞տ ընկեր կլինեմ, եթե ասեմ, որ շատ եմ զբաղված, - հարցրեց Հանսը՝ երկչոտ ու ամոթխած:
     - Ի՛նչ խոսք, - պատասխանեց Ջրաղացպանը, - կարծում եմ, խնդրածս մի մեծ բան չէ, մանավանդ եթե նկատի ունենանք, որ ես մտադիր եմ քեզ տալ իմ սայլակը: Բայց, իհարկե, եթե մերժես, իմ ձեռքով կանեմ այդ գործը:
     - Օ՜, ոչ մի դեպքում, - գոչեց Փոքրիկ Հանսը:
     Նա դուրս թռավ անկողնուց, հագնվեց ու շտապեց դեպի շտեմարան:
     Հանսն աշխատեց մինչև իրիկուն, իսկ մայրամուտին Ջրաղացպանը եկավ տեսնելու, թե ինչպես են գործերը:
     - Դու արդեն փակե՞լ ես տանիքի անցքը, - զվարթ ձայնով կանչեց Ջրաղացպանը:
     - Կատարելապես, - պատասխանեց Հանսն ու ցած իջավ սանդուղքից:
     - Ի՜նչ կա ավելի հաճելի, քան երբ աշխատում ես ուրիշի համար,- ասաց Ջրաղացպանը:
     - Ձեզ լսելն իսկ արդեն մեծ բախտավորություն է, - պատասխանեց Փոքրիկ Հանսը՝ նստելով ու ճակատի քրտինքը սրբելով, - մեծագո՞ւյն հաճույք: Բայց կարող է պատահել ես զո՞ւրկ իմ նման վեհ գաղափարներից:
     - Օ՜, ամեն ինչ իր ժամանակն ունի, - ասաց Ջրաղացպանը, - դրա համար պետք է պարզապես ավելի լավ աշխատել: Առայժմ դու ծանոթ ես ընկերության միայն գործնական կողմին, բայց կգա ժամանակը, երբ դու կիմանաս նաև տեսությունը:
     - Դուք կարծո՞ւմ եք, - հարցրեց Փոքրիկ Հանսը:
     - Վստահ եմ, - պատասխանեց Ջրաղացպանը։ - Իսկ այժմ, քանի որ գործդ վերջացրիր, ավելի լավ է գնաս տուն ու հանգստանաս։ Վաղը ես քեզ կտամ իմ ոչխարները, որպեսզի սարը տանես:
     Խեղճ Փոքրիկ Հանսը վախեցավ նույնիսկ առարկել և հաջորդ օրը, առավոտյան կանուխ, Ջրաղացպանն իր ոչխարները բերեց նրա խրճիթի մոտ: Հանսը ոչխարները քշեց սարը: Գնալ-գալը տևեց մի ամբողջ օր, իսկ վերադարձին այնքան հոգնած էր, որ քնեց ուղղակի աթոռի վրա և արթնացավ միայն կեսօրին:
     - Դե, այսօր արդեն ես մի լավ կաշխատեմ իմ այգում, - ասաց Հանսը և իսկույն գործի անցավ:
     Բայց նրան այդպես էլ չհաջողվեց զբաղվել իր ծաղիկներով, քանի որ նրա ընկերը՝ Ջրաղացպանը, ամեն անգամ որևէ գործով հեռու տեղ էր ուղարկում նրան կամ էլ ջրաղաց տանում, որ օգնի իրեն: Երբեմն Փոքրիկ Հանսն ուղղակի հուսահատվում էր, վախենում, որ ծաղիկները կարող են կարծել, թե ինքը մոռացել է նրանց: Բայց այն միտքը, որ Ջրաղացպանն իր ամենամոտ ընկերն է, մխիթարում էր նրան: «Բացի այդ, - մտածում էր Հանսը - նա խոստացել է ինձ նվիրել իր սայլակը, իսկ դա պարզապես վեհանձն արարք է»:
     Եվ այսպես Փոքրիկ Հանսն առավոտից իրիկուն աշխատում էր Ջրաղացպանի համար, իսկ նա պես-պես գեղեցիկ խոսքեր էր ասում ընկերության մասին, որոնք Հանսը գրանցում էր ծոցատետրում ու գիշերը սերտում:
     Մի երեկո, երբ Փոքրիկ Հանսը նստած էր բուխարիկի առաջ, դուռը բախեցին: Սոսկալի գիշեր էր, քամին այնպես ուժեղ էր փչում ու ոռնում շուրջբոլորը, որ սկզբում նրան թվաց, թե դա պարզապես փոթորիկն էր: Սակայն դուռը նորից բախեցին, իսկ հետո ավելի ուժգին, քան նախորդ երկուսը: «Երևի մի խեղճ ճամփորդ է», - միտք արեց Փոքրիկ Հանսն ու վազեց դեպի դուռը:
     Շեմին կանգնած էր Ջրաղացպանը: Նրա մի ձեռքին լապտեր կար, մյուսին՝ հաստ ձեռնափայտ:
     - Սիրելի Փոքրիկ Հանս, - գոչեց Ջրաղացպանը, - ես մեծ դժբախտության մեջ եմ: Կրտսեր որդիս սանդուղքից վայր է ընկել ու վիրավորվել, և ես գնում եմ բժշկի ետևից: Բայց նա այնքան հեռու է ապրում, և գիշերն էլ այնքան սարսափելի է, որ ես մտածեցի, թե ավելի լավ կլինի, եթե իմ փոխարեն դու գնաս։ Դու գիտես, որ ես մտադիր եմ իմ սայլակը քեզ նվիրել, այնպես որ, արդարացի կլիներ, եթե դու որևէ ձևով վարձահատույց լինեիր:
     - Անշուշտ, - բացականչեց Փոքրիկ Հանսը: - Ձեր այստեղ գալն արդեն իսկ մեծ շնորհ է: Ես իսկույն ճամփա կընկնեմ: Միայն թե տվեք ինձ ձեր լապտերը, որովհետև դուրսն այնքան մութ է, որ վախենում եմ փոսն ընկնել:
     - Շատ եմ ցավում, - ասաց Ջրաղացպանը, - բայց իմ լապտերը նոր է և ես շատ կտխրեմ, եթե դրան մի բան պատահի:
     - Է՛հ, ինչ արած, առանց լապտերի կգնամ, - համաձայնեց Փոքրիկ Հանսը, հագավ իր մեծ մուշտակն ու տաք կարմիր գլխարկը և, վիզը մի շարֆ գցելով, ճամփա ընկավ:
     Զարհուրելի փոթորիկ էր: Գիշերն այնքան մութ էր, որ Փոքրիկ Հանսը հազիվ էր տեսնում, իսկ քամին՝ այնքան ուժեղ, որ հազիվ էր ոտքի վրա մնում: Ինչևէ, նա շատ համարձակն էր և երեք ժամ շարունակ քայլելուց հետո հասավ բժշկի տուն ու դուռը բախեց:
     - Ո՞վ է, - հարցրեց բժիշկը, գլուխը ննջարանի պատուհանից դուրս հանելով:
     - Ես եմ, Փոքրիկ Հանսը, բժիշկ։
     - Ի՞նչ կա, Փոքրիկ Հանս, ի՞նչ ես ուզում:
     - Ջրաղացպանի տղան վայր է ընկել սանդուղքից և վիրավորվել, Ջրաղացպանը խնդրում է, որ անմիջապես գաք:
     - Լավ, - պատասխանեց բժիշկն ու պատվիրեց, որ բերեն ձին, կոշիկներն ու լապտերը:
     Շուտով նա ցած իջավ ու ձին քշեց Ջրաղացպանի տան կողմը, իսկ Փոքրիկ Հանսը վազեց նրա ետևից:
     Փոթորիկն ավելի ու ավելի էր մոլեգնում, անձրևը շրխկում էր, իսկ Փոքրիկ Հանսը չէր հասնում ձիու ետևից ու չգիտեր, թե ուր է վազում: Հետո ճանապարհից շեղվեց ու ճահիճն ընկավ, որը շատ վտանգավոր էր, քանի որ լիքն էր խոր փոսերով: Դրանցից մեկում էլ խեղդվեց խեղճ Փոքրիկ Հանսը: Հաջորդ օրը հովիվները նրա մարմինը գտան մի խոր ջրափոսի մեջ օրորվելիս ու բերին խրճիթ:
     Փոքրիկ Հանսի թաղմանը եկավ ամբողջ գյուղը, քանի որ բոլորն էլ շատ էին սիրում նրան: Բայց ամենից ավելի Ջրաղացպանն էր սգում:
     - Ես նրա լավագույն ընկերն էի, - ասում էր Ջրաղացպանը, - ուստի արդարությունը պահանջում է, որ սգո թափորը ես գլխավորեմ:
     Եվ նա առաջնորդեց թափորը երկար սև թիկնոցն ուսերին, ժամանակ առ ժամանակ մեծ թաշկինակով սրբելով աչքերը:
     - Փոքրիկ Հանսի մահը, անշուշտ, մեծ կորուստ է բոլորիս համար, - ասաց Դարբինը, երբ թաղումն ավարտվեց ու ամենքը նստեցին հարմարավետ պանդոկում՝ անուշ գինի խմելու և քաղցր թխվածքներ ուտելու:
     Մեծ կորուստ է, մանավանդ ինձ համար, - ասաց Ջրաղացպանը, - քանի որ ես արդեն համարյա նրան էի նվիրել իմ սայլակը, իսկ հիմա չգիտեմ էլ ինչպես վարվել դրա հետ: Տանը դա տեղ է զբաղեցնում ու խանգարում և այնքան վատ վիճակում է, որ վաճառել անգամ հնարավոր չէ: Այսուհետև ավելի զգույշ կլինեմ՝ ոչ ոքի ոչինչ չեմ տա այլևս: Մարդ միշտ էլ տուժում է իր մեծահոգության պատճառով:
     - Հետո՞, - հարցրեց Ջրամուկը, երկար լռելուց հետո։
     - Հետո՝ ոչինչ, - պատասխանեց Կանեփահավը:
     - Իսկ ինչպե՞ս դասավորվեց Ջրաղացպանի կյանքը:
     - Գաղափար անգամ չունեմ, - ասաց Կանեփահավը: - Ճիշտն ասած, դա ինձ չի էլ հետաքրքրում:
     - Միանգամայն ակներև է, որ դու անկարեկից էակ ես, նկատեց Ջրամուկը:
     - Ես կասկածում եմ, թե դու հասկացար իմ պատմության բարոյական իմաստը, - պատասխանեց Կանեփահավը:
     - Ի՞նչը:
     - Իմաստը:
     - Ուզում ես ասել, որ այդ պատմությունն իմա՞ստ էլ ուներ:
     - Հարկա՛վ, - պատասխանեց Կանեփահավը:
     - Ա՛յ քեզ բան, - զայրացած ասաց Ջրամուկը, - այդ մասին պետք էր զգուշացնել մինչև պատմության սկսելը: Այդ դեպքում ես պատմությունը չէի էլ լսի, այլ քննադատի պես կասեի՝ «փո՛ւհ»: Ասենք, հիմա էլ դեռ ուշ չէ:
     Եվ նա կոկորդով մեկ գոռաց «Փո՛ւհ», պոչը շարժեց ու թաքնվեց բնում:
     - Դե, ի՞նչ կարծիքի ես Ջրամկան մասին, - հետաքրքրվեց Բադը, որ այդ ժամանակ արդեն վերադարձել էր: - Նա բնավորության լավ գծեր շատ ունի: Իսկ ինձ մայրական զգացմունքներն են հուզում ու հենց որ մի ձեռքից գնացած պառաված օրիորդ եմ տեսնում, աչքերս խոնավանում են:
     - Ջրամուկը կարծես թե վիրավորվեց, - պատասխանեց Կանեփահավը, - չէ՞ որ իմ պատմությունը բարոյական իմաստ ուներ:
     - Օ՜, իմաստալից պատմությունները միշտ էլ մի որոշ վտանգ պարունակում են:
     Եվ ես նրա հետ լիովին համաձայն եմ: