ՍՈԽԱԿՆ ՈՒ ՎԱՐԴԸ

     Աղջիկն ասաց, որ կպարի ինձ հետ, եթե կարմիր վարդ նվիրեմ, - բացականչեց երիտասարդ Ուսանողը, - սակայն իմ պարտեզում և ոչ մի կարմիր վարդ չկա:
     Կաղնու վրայի իր բնից Սոխակը լսեց նրան, նայեց սաղարթի միջից ու զարմացավ:
     - Եվ ոչ մի կարմիր վարդ, - կրկնեց տղան և նրա գեղեցիկ աչքերն արցունքոտվեցին, - օ՜, որպիսի չնչին բաներից է կախված երջանկությունը: Ես կարդացել եմ այն ամենը, ինչ գրել են իմաստուն մարդիկ, ինձ համար պարզ են փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, բայց ինչ օգուտ՝ մի հատիկ կարմիր վարդի պատճառով իմ կյանքը խորտակված է:
     - Ահա վերջապես մի ճշմարիտ սիրահար, - մտածեց Սոխակը, - ամեն գիշեր ես երգել եմ նրա մասին, բայց չեմ ճանաչել։ Մինչև լույս նրա մասին պատմել եմ աստղերին, սակայն նոր եմ միայն տեսնում: Նրա մազերը սև են հակինթի նման, իսկ շուրթերը՝ երազային վարդի պես կարմիր: Կիրքը փղոսկրի նման գունատել է նրա դեմքը, իսկ վիշտն իր կնիքն է դրել ճակատին:
     - Վաղն արքայազնը պարահանդես է հրավիրում, - շշնջում էր երիտասարդ Ուսանողը, - և իմ սերն այնտեղ է լինելու: Եթե ալ վարդ նվիրեմ՝ նա կպարի ինձ հետ մինչև արշալույս: Նվիրեմ ալ վարդ՝ նա իմ գրկում կլինի, գլուխը ուսիս կթեքի ու նրա ձեռքը սեղմված կլինի իմ ձեռքում: Բայց իմ այգում չկա և ոչ մի կարմիր վարդ, ուստի ես պիտի մնամ մենակ նստած, իսկ աղջիկը կանցնի իմ կողքով: Նա ինձ չի էլ նկատի և իմ սիրտն այդ վշտին չի դիմանա:
     - Այս տղան անշուշտ ճշմարիտ սիրահար է, - ասաց Սոխակը: - Այն, ինչի մասին ես միայն երգում եմ, նա ապրում է: Այն, ինչ հրճվանք է պատճառում ինձ, նրա համար տառապանք է: Սերն, իսկապես որ, հրաշք է: Նա զմրուխտից էլ թանկ է և ավելի թանկ, քան չնաշխարհիկ արևակնը: Սերը մարգարիտներով ու նռնաքարերով չես առնի և ոչ էլ կարող ես գնել շուկայում: Դա վաճառականների խելքի բանը չէ և անհնար է ոսկու հետ փոխանակել:
     - Երաժիշտները կնստեն վերնահարկում, - շարունակեց Ուսանողը, - և տավիղ ու ջութակ կնվագեն, իսկ իմ սերը կպարի նրանց նվագակցությամբ: Այնպես թեթևաքայլ կպարի, որ նրա ոտքերը հատակին չեն դիպչի, և շքեղ զգեստներ հագած պալատականները կխմբվեն նրա շուրջը: Իսկ ինձ հետ նա չի ցանկանա պարել, քանի որ ես կարմիր վարդ չունեմ իմ սիրո համար: 92
     Եվ տղան նետվեց խոտերի վրա, դեմքն ափերի մեջ առավ ու հեկեկաց:
     - Այս ինչո՞ւ է լալիս, - հարցրեց փոքրիկ կանաչ Մողեսը, որ այդ պահին պոչը տնկած վազում էր տղայի կողքով:
     - Իսկապես որ, ի՞նչն է պատճառը, - հետաքրքրվեց Թիթեռնիկը, որ ընկել էր արևի շողի ետևից:
     - Իրոք որ՝ ինչո՞ւ, - մեղմ շշուկով իր հարևանին դիմեց Մարգարտածաղիկը:
     - Նա կարմիր վարդի համար է լալիս, - պատասխանեց Սոխակը:
     - Կարմիր վարդի՞, - բացականչեցին նրանք: - Ա՛յ քեզ ծիծաղելի բան: Մողեսը, որ փոքր-ինչ անպատկառ էր, անզուսպ ծիծաղեց:
     Ու միայն Սոխակը հասկացավ Ուսանողի վիշտը, անշշուկ թառած մնաց կաղնու ճյուղին ու միտք արեց Սիրո խորհրդի մասին:
     Հետո Սոխակը հանկարծ բացեց իր գորշ թևերն ու վեր սլացավ: Նա ստվերի նման ճախրեց պուրակով ու ստվերի պես էլ անցավ` պարտեզի վրայով:
     Կանաչ մարգագետնի կենտրոնում մի չնաշխարհիկ վարդի թուփ էր աճում: Թուփը տեսնելուն պես Սոխակն իսկույն մոտ թռավ ու թառեց ճյուղին:
     - Ինձ մի կարմիր վարդ տուր, - կանչեց նա, - և ես քեզ համար իմ լավագույն երգը կերգեմ:
     Բայց Վարդենին թափահարեց գլուխը:
     - Իմ վարդերը սպիտակ են, - պատասխանեց նա, - սպիտակ, ինչպես ծովի փրփուրը և ավելի ճերմակ, քան լեռների ձյունը: Բայց դու թռիր եղբորս մոտ, որ աճում է արևի հնամյա ժամացույցի մոտ, գուցե նա կարողանա քեզ օգնել:
     Ու Սոխակը թռավ արևի հնամյա ժամացույցի կողքին աճող Վարդենու մոտ: Ինձ մի կարմիր վարդ տուր, - կանչեց նա, - և ես քեզ համար իմ ամենաախորժալուր երգը կերգեմ:
     Բայց Վարդենին թափահարեց գլուխը:
     - Իմ վարդերը դեղին են, - պատասխանեց նա, - դեղին՝ սաթե գահին բազմած Ծովինարի վարսերի նման, և ավելի դեղին, քան մարգագետինների Անթառամը, քանի դեռ խոտհարի գերանդին չի դիպել նրան: Բայց դու թռիր եղբորս մոտ, որ աճում է Ուսանողի պատուհանի տակ, գուցե նա կարողանա քեզ օգնել:
     Ու Սոխակը թռավ Ուսանողի պատուհանի տակ աճող Վարդենու մոտ:
     - Ինձ մի կարմիր վարդ տուր, - կանչեց նա, - և ես քեզ համար կերգեմ իմ երգերից ամենաքաղցրալուրը:
     Բայց Վարդենին գլուխը թափահարեց:
     - Իմ վարդերը կարմիր են, - պատասխանեց նա, - կարմիր՝ աղավնու տոտիկների պես և ավելի կարմիր, քան օվկիանոսի հատակին տարուբերվող մարջանե հսկայական հովհարները: Բայց ձմեռը ցրտահարել է երակներս, իսկ սառնամանիքը տարել բողբոջներս: Փոթորիկն էլ ճյուղերս է կոտրել, այնպես որ այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա:
     - Իմ ուզածն ընդամենը մի կարմիր վարդ է, - բացականչեց Սոխակը, - միայն մի կարմիր վարդ: Մի՞թե անհնար է գեթ մի վարդ տալ:
     - Ես մի ելք գիտեմ, - պատասխանեց Վարդենին, - բայց դա այնքան սարսափելի է, որ սիրտ չեմ անում նույնիսկ ասել:
     - Ասա, - աղերսեց Սոխակը, - ես չեմ վախենում:
     - Եթե քո ուզածը կարմիր վարդ է, - ասաց Վարդենին, - լուսնի լույսով դու պետք է դայլայլես ու վարդը ներկես քո սրտի արյունով: Դու պետք է կուրծքդ սեղմես փշիս ու երգես ինձ համար: Մինչև լույս պետք է երգես ինձ համար, իսկ փուշը պիտի խրվի քո սիրտն ու կյանքիդ արյունն իմ ավիշները լցվի և իմը դառնա:
     - Մի վարդի դիմաց մի կյանք՝ չափազանց թանկ է, - բացականչեց Սոխակը, - չէ որ բոլորն էլ շատ են սիրում կյանքը: Այնքան հաճելի է թառել կանաչ անտառում ու նայել իր ոսկե կառքում բազմած Արևին, իսկ Լուսնին՝ մարգարտե կառքում: Անուշ է ալոճենու բուրմունքը և անուշիկ են հովիտներում թաքնված զանգակածաղիկներն ու հավամրգերը, որ ծաղկում են բլուրների վրա: Բայց Սերը կյանքից էլ թանկ է, և մարդու սրտի համեմատությամբ ի՞նչ է մի թռչնի սիրտը:
     Ու բացեց Սոխակն իր թևերն և սլացավ վեր: Նա ստվերի նման ճախրեց պուրակով ու ստվերի պես էլ անցավ պարտեզի վրայով:
     Ուսանողը դեռևս փռված էր խոտերի վրա, ինչպես որ Սոխակը նրան թողել էր, և գեղեցիկ աչքերի արցունքը դեռ չէր ցամաքել:
     - Ցնծա՛, ճշմարիտ սիրահար, - կանչեց Սոխակը, - ցնծա՛, դու կարմիր վարդ կունենաս: Լուսնի լույսով ես կստեղծեմ այդ վարդն իմ դայլայլներից և կներկեմ սրտիս արյունով: Միակ բանը, որ խնդրում եմ դրա դիմաց՝ այն է, որ լինես ճշմարիտ սիրահար, քանի որ Սերն ավելի իմաստուն է, քան Փիլիսոփայությունը և Իշխանությունից էլ առավել հզոր, որքան էլ որ Փիլիսոփայությունն իմաստուն լինի, իսկ Իշխանությունը՝ հզոր: Հրագույն են սիրո թևերը և հրավառ՝ մարմինը: Նրա շուրթերը մեղրի պես քաղցր են, իսկ շունչը՝ խնկաբույր:
     Ուսանողը գլուխը բարձրացրեց, նայեց վեր ու ականջ դրեց, բայց չըմբռնեց Սոխակի խոսքերի իմաստը, քանի որ գիտեր միայն այն, ինչ գրված էր գրքերում:
     Միայն կաղնին հասկացավ ու վշտացավ, որովհետև շատ էր սիրում փոքրիկ Սոխակին, որ բույն էր հյուսել իր ճյուղերին:
     - Երգիր ինձ համար մի վերջին անգամ, - շշնջաց նա։ - Ես ինձ մենակ կզգամ, երբ դու այլևս չես լինի:
     - Եվ Սոխակը երգեց կաղնու համար, ու նրա գեղգեղանքը նման էր արծաթե սափորից հոսող ջրի կարկաչի:
     Երբ լռեց նրա երգը, Ուսանողը մի մատիտ հանեց գրպանից նոթերի տետրը:
     - Որ Սոխակը ձևի վարպետ է՝ անհերքելի է, - ասաց նա ինքն իրեն, - բայց նա զգացմունք ունի՞ արդյոք: Հավանորեն՝ ոչ: Իրականում նա նման է արվեստագետների մեծամասնությանը. կա վարպետություն, բայց անկեղծություն չկա: Նա երբեք չի զոհի իրեն հանուն ուրիշ մեկի: Լոկ երաժշտության մասին է մտածում նա, բայց ո՞ւմ հայտնի չէ, թե որքան եսասեր է արվեստը: Բայց և այնպես ես պետք է խոստովանեմ, որ նրա գեղգեղանքը զուրկ չէ որոշ գեղեցկությունից: Ափսոս, որ դա անիմաստ է և որևէ գործնական օգուտ չի կարող բերել:
     Եվ նա դարձավ իր սենյակը, պառկեց նեղլիկ մահճակալին ու սկսեց մտածել Սիրո մասին:
     Իսկ մի փոքր անց քուն մտավ:
     Երբ լուսինը հայտնվեց երկնքում, Սոխակը թռավ Վարդենու մոտ ու կուրծքը սեղմեց փշին: Ամբողջ գիշեր նա երգեց սիրտը փշին սեղմած, և սառը բյուրեղյա Լուսինը գլուխը հակած լսում էր: Ամբողջ գիշեր նա երգեց, իսկ փուշն ավելի ու ավելի խորն էր մխրճվում նրա կուրծքն ու կաթիլ առ կաթիլ քամում` արյունը:
     Սկզբում նա դայլայլեց տղայի և աղջկա սրտերում ծնվող Սիրո մասին: Եվ Վարդենու կատարին չքնաղ մի վարդ ծաղկեց՝ թերթիկ առ թերթիկ, երգ առ երգ: Սկզբում վարդը գետի վրա կախված մշուշի պես գունատ էր, գունատ՝ ինչպես ծագող արշալույսը, և արծաթափայլ՝ ինչպես լուսաբացի թևերը: Վարդն ասես ցոլում էր արծաթե հայելու մեջ, ասես լճակի միջի արտացոլում լիներ, ահա թե ինչպիսին էր Վարդենու կատարին ծաղկած վարդը:
     Սակայն Վարդենին կոչ էր անում Սոխակին էլ ավելի ամուր սեղմվել` փշին:
     - Մի փոքր էլ սեղմվիր, փոքրիկ Սոխակ, թե չէ օրը կբացվի, իսկ վարդը դեռ ճերմակ է:
     Եվ Սոխակն ավելի ու ավելի էր սեղմվում փշին և նրա երգն ավելի ու ավելի բարձր էր հնչում, քանի որ նա երգում էր պատանու և պարմանուհու միջև ծնվող կրքի մասին:
     Ու վարդի թերթիկները մեղմ շառագունեցին, ինչպես փեսացուի այտերը, երբ նա հարսնացուի շուրթերն է համբուրում: Բայց փուշը դեռ չէր հասել նրա սրտին, ուստի սպիտակ էր Վարդենու սիրտը, քանի որ միայն Սոխակի սրտի արյունը կարող էր ներկել վարդի սիրտը:
     Եվ նորից Վարդենին պնդեց, որ Սոխակն ավելի ամուր սեղմվի փշին:
     - Ավելի մոտ եկ, փոքրիկ Սոխակ, ավելի մոտ, թե չէ օրը կբացվի, իսկ վարդը դեռ չի կարմրել:
     Սոխակն ավելի սեղմվեց փշին, ու փուշը ծակեց նրա սիրտը, և մի սուր ցավ շաղափեց նրան: Ցավն ավելի ու ավելի անտանելի էր դառնում, իսկ Սոխակի դայլայլն՝ ավելի ու ավելի կրակոտ, քանի որ այժմ նա երգում էր Սիրո մասին, որին Մահը կատարյալ է դարձնում, այն Սիրո, որը չի մեռնում գերեզմանում:
     Եվ հիասքանչ վարդը դարձավ ալ կարմիր, ինչպես արշալույսը: Ալ էին նրա թերթիկները և սուտակի պես ալ էր նրա սիրտը:
     Բայց Սոխակի ձայնը գնալով նվազում էր: Նրա թևիկները թպրտացին ու աչքերը շաղվեցին: Ավելի ու ավելի թուլացավ նրա ձայնը և ինչ-որ բան սեղմեց կոկորդը:
     Հետո նա մի վերջին անգամ գեղգեղաց. Սպիտակ Լուսինը լսեց նրա ձայնը ու, մոռանալով արևածագի մասին, քարացավ երկնակամարում: Կարմիր վարդն էլ լսեց, կրքից դողաց ու թևերը բաց արեց առավոտյան զով օդի առաջ: Իսկ արձագանքը երգի ելևէջները տարավ իր բոսորագույն քարանձավներն ու արթնացրեց քնած հովիվներին: Հետո սահեց եղեգների միջով ու սրանք էլ երգը ծովին հաղորդեցին:
     - Տե՛ս, տե՛ս, - գոչեց Վարդենին, - վարդը ալ կարմիր դարձավ:
     Բայց Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշունչ ընկած էր խոտերի մեջ՝ փուշը սրտում: Կեսօրին Ուսանողը բացեց պատուհանն ու պարտեզ նայեց:
     - Ա՜յ քեզ երջանկություն, - բացականչեց նա, - ահա և մի կարմիր վարդ: Ես երբևէ նման վարդ չեմ տեսել: Սա այնքան գեղեցիկ է, որ վստահ եմ՝ մի երկար լատինական անուն ունի:
     Նա կռացավ ու պոկեց վարդը:
     Ապա դրեց գլխարկն ու վարդը ձեռքին վազեց Պրոֆեսորի տուն:
     Պրոֆեսորի դուստրը նստել էր դռան շեմին ու կապույտ մետաքս էր մանում ճախարակի վրա: Պստլիկ շնիկը պառկած էր նրա ոտքերի մոտ:
     - Դուք խոստացաք ինձ հետ պարել, եթե ես կարմիր վարդ բերեմ ձեզ, - բացականչեց Ուսանողը: - Ահա աշխարհիս ամենակարմիր վարդը: Սա ամրացրեք ձեր սրտի մոտ, իսկ երբ պարենք այս երեկո, նա ձեզ կպատմի, թե որքան եմ սիրում ձեզ:
     Բայց աղջիկը խոժոռեց դեմքը:
     - Այս վարդը հազիվ թե սազի իմ զգեստին, - պատասխանեց նա: - Բացի այդ, սենեկապետի ազգականն ինձ թանկագին քարեր է ուղարկել: Իսկ ո՞վ չգիտե, որ թանկագին քարերն ավելին արժեն, քան ծաղիկները:
     - Որքա՜ն ապերախտն եք, - բարկացած գոչեց Ուսանողն ու վարդը փողոց նետեց: Վարդն ընկավ մի ջրափոս ու կառքի անիվը տրորեց-անցավ նրա վրայով:
     - Ապերա՞խտ, - զարմացավ աղջիկը, - դուք չափազանց կոպիտն եք: Եվ, վերջապես, ո՞վ եք դուք: Ընդամենը մի ուսանող Համոզված եմ, որ ձեր կոշիկները նույնիսկ արծաթե ճարմանդներ չունեն, ինչպես սենեկապետի ազգականինը:
     Ու աղջիկը վեր կացավ տեղից և տուն մտավ:
     Ինչ տխմար բան է այս Սեր կոչվածը, - խորհում էր Ուսանողը տուն դառնալիս: - Տրամաբանության կիսով անգամ օգտակար չէ, քանի որ ոչինչ չի ապացուցում: Նա մշտապես խոստանում է անհնարին բաներ և մարդուն ստիպում է հավատալ անհավատալիին: Փաստորեն Սերը միանգամայն անգործնական երևույթ է, իսկ մեր դարում գործնական լինելն ամեն ինչ է: Այնպես որ՝ ավելի լավ է զբաղվել Փիլիսոփայությամբ և ուսումնասիրել Մետաֆիզիկան:
     Եվ նա վերադարձավ իր սենյակը, գտավ փոշու մեջ կորած մի գիրք ու սկսեց կարդալ։