ՔԵՆԹՐՎԻԼՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
1
Երբ ամերիկյան դեսպանորդ միստր Հայրամ Բ. Օթիսը որոշեց գնել Քենթրվիլների ամրոցը, բոլորը միաբերան հավատացնում էին նրան, թե հիմար գործ է բռնել, քանի որ ստույգ հայտնի էր, որ ամրոցում ուրվական է ապրում:
Առուծախը ձևակերպելիս լորդ Քենթրվիլը, վերին աստիճանի բծախնդիր ու պատվարժան մի անձնավորություն, իր պարտքը համարեց այդ մասին զգուշացնել միստր Օթիսին:
- Մենք էլ առանձնապես չենք ձգտել ապրել այս ամրոցում, - ասաց լորդ Քենթրվիլը, - այն ժամանակից ի վեր, ինչ - իմ ավագ մորաքույրը՝ այրի դքսուհի Բոլթոնը, սարսափից կաթվածահար եղավ, և այդպես էլ երբեք լիովին չբուժվեց. այդ կնոջ ուսերին երկու ոսկրոտ ձեռքեր էին ծանրացել այն պահին, երբ նա զգեստը փոխելիս էր եղել ճաշկերույթի գնալու համար: Այնուհետև, միստր Օթիս, ձեզ պարտավոր եմ հայտնել և այն, որ ուրվականին տեսել են իմ ընտանիքի մի քանի անդամներ ևս, որ դեռևս ողջ են: Տեսել է նաև տեղիս ծխական քահանա, Քեմբրիջի Արքայական քոլեջի մագիստր, պատվարժան Օգաստուս Դեմփիրը: Դքսուհու հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո մեր բոլոր երիտասարդ սպասավորները լքեցին մեզ, իսկ լեդի Քենթրվիլն իսպառ զրկվեց քնից, քանի որ ամեն գիշեր ինչ-որ խորհրդավոր ձայներ էին լսվում միջանցքից և գրադարանից:
- Ինչ արած, միլորդ, - պատասխանեց դեսպանորդը, - ամրոցի գնի մեջ մտցրեք նաև ուրվականին: Ես ժամանել եմ մի այնպիսի արդիական երկրից, ուր փողն ամենազոր է: Միևնույն ժամանակ մեր երիտասարդներն այնքան ձեռներեց են, որ Հին Աշխարհում մի լավ քեֆ քաշելուց հետո, իրենց հետ բերում են ձեր լավագույն դերասանուհիներին ու երգչուհիներին: Այնպես որ, հավատացած եմ, եթե Եվրոպայում ուրվականի պես մի բան լիներ, ապա վաղուց հայտնված կլիներ մեր շրջիկ կրկեսներից կամ թանգարաններից մեկում:
- Եվ, այնուամենայնիվ, այս ուրվականը երևակայության արգասիք չէ, - ժպտալով ասաց լորդ Քենթրվիլը։ - Հնարավոր է, որ նա պարզապես չի ընդունել ձեր համերգային եռանդուն կազմակերպիչների առաջարկները: Արդեն երեք դար է, ինչ ուրվականը գոյություն ունի, ավելի ստույգ՝ հազար հինգ հարյուր ութսունչորս թվականից, և միշտ հայտնվում է մեր տոհմի անդամներից որևէ մեկի մահվան նախօրեին:
- Նման դեպքերում սովորաբար բժիշկն է այցելության գալիս, լորդ Քենթրվիլ: Ոչ, սըր, ուրվականներ չկան և չեն կարող լինել, իսկ բնության օրենքները տարածվում են նույնիսկ անգլիական ազնվականության վրա:
- Դուք՝ ամերիկացիներդ, իհարկե, բնության զավակներն եք, - ասաց լորդ Քենթրվիլը՝ ըստ երևույթին լավ չհասկանալով միստր Օթիսի վերջին դատողությունը, - և եթե ձեզ չի հուզում ուրվականի գոյության հանգամանքը, ապա ամեն ինչ կարգին է: Միայն թե մի մոռացեք, որ ես ձեզ զգուշացրի նախապես:
Մի քանի շաբաթ անց, երբ առուծախն արդեն ավարտված էր, իսկ լոնդոնյան սեզոնն էլ մոտ էր ավարտին, դեսպանորդն ընտանյոք հանդերձ տեղափոխվեց Քենթրվիլների ամրոցը:
Միսիս Օթիսը, որ մի ժամանակ Նյու Յորքում գեղեցկուհու համարում ուներ՝ այն ժամանակ նա դեռևս 53-րդ փողոցի Լուկրեցիա Ռ. Թափանն էր, այժմ արդեն նուրբ դիմագծերով ու հիասքանչ աչքերով միջին տարիքի սիրունատես մի կին էր: Նա այն մեծաթիվ ամերիկուհիներից չէր, որոնք հայրենի եզերքը լքելով ընդունում են քրոնիկ հիվանդի տեսք, համարելով դա եվրոպական նրբագեղության մի յուրահատուկ արտահայտություն. ոչ, միսիս Օթիսը անսպառ եռանդի և հիանալի կազմվածքի տեր կին էր: Ճիշտ է, բազմաթիվ առումներով նրան համարյա անհնար էր տարբերել ճշմարիտ անգլուհուց, սակայն դա ևս մեկ ապացույց էր այն իրողության, որ մենք շատ և շատ ընդհանրություններ ունենք Ամերիկայի հետ, բացառությամբ, իհարկե, լեզվի: Ընտանիքի ավագ որդին, որին ծնողները հայրենասիրական զգացմունքների պոռթկման պահին Վաշինգտոն անունն էին տվել, և դա նրան շատ էր վշտացնում, շիկահեր, բավական գեղեցիկ մի երիտասարդ էր, որ ամերիկյան լավ դիվանագետ դառնալու հույսեր էր ներշնչում, քանի որ Նյուփորթի խաղատանը երեք տարի անընդմեջ հաջողությամբ առաջնորդել էր գերմանացիների կադրիլը և նույնիսկ Լոնդոնում լավ պարողի համարում ուներ: Այդ երիտասարդի միակ թուլությունը հարդենիաներն ու զինանշաններն էին: Մնացյալ բոլոր հարցերում Վաշինգտոնը կատարելապես ողջամիտ էր: Միսս Վիրջինիա Օթիսը տասնհինգամյա աղջիկ էր, եղնիկի պես գեղանի ու նազելի: Նրա խոշոր երկնագույն աչքերում հմայիչ ազատության փայլ կար: Այդ աղջիկը անզուգական ամազոնուհի էր. մի անգամ նա իր պոնիով մրցել էր ծեր լորդ Բիլթոնի հետ և երկու շրջան զբոսայգու շուրջ պտույտ գալուց հետո հաղթել՝ Աքիլեսի արձանի մոտ մի փոքր առաջ անցնելով իր հակառակորդից ու աներևակայելի հրճվանք պատճառելով Չեշիրի պատանի դքսին: Սա էլ տեղնուտեղը խնդրել էր Վիրջինիայի ձեռքը և հենց նույն երեկո արցունքն աչքերին իր հովանավորների հսկողությամբ ետ ուղարկվել Իտոն: Վիրջինիայից հետո գալիս էին երկվորյակները, որոնց սովորաբար կոչում էին «Աստղեր և Գուրիներ», քանի որ նրանց միշտ քոթակում էին: Դրանք հիանալի տղաներ էին, և ընտանիքի միակ ճշմարիտ հանրապետականները, եթե հաշվի չառնենք մեծարգո դեսպանորդին:
Քանի որ Քենթրվիլների ամրոցն ամենամոտ կայարանից՝ Ասկոտից, յոթ մղոն հեռու էր, միստր Օթիսը հեռագրել էր, որպեսզի իրենց մի կառք դիմավորի, և ընտանիքն ամենաբարձր տրամադրությամբ ուղևորվեց ամրոց:
Հուլիսյան հիանալի երեկո էր, օդը լի էր սոճիների ջերմ բույրով և ժամանակ առ ժամանակ լսվում էր սեփական ձայնից արբեցող անտառային տատրակի նուրբ ծլվլոցը կամ ձարխոտի սոսափող դալար ծիլերի միջից փայլատակում փասիանի երփներանգ կուրծքը: Պստլիկ սկյուռները մերթընդմերթ ծիկրակում էին բարձր հաճարենիների վրայից, իսկ ճագարները թաքնվում ցածրիկ թփուտներում կամ էլ ճերմակ պոչիկները տնկած ծլկում մամռապատ հողաթմբերի ետև: Սակայն ընտանիքը դեռ չէր էլ հասցրել մուտք գործել Քենթրվիլների ամրոց տանող ծառուղին, որ երկինքը անսպասելիորեն պարուրվեց ամպերով, իսկ մթնոլորտը քարացավ արտասովոր լռության մեջ: Նրանց գլխավերևով անաղմուկ թռչում էր ագռավների հսկայական մի երամ, և մինչ նրանք տուն կհասնեին, անձրևի մի քանի խոշոր կաթիլներ ընկան:
Նախամուտքում նրանց դիմավորեց կոկիկ հագնված մի ծեր կին, սև մետաքսե հագուստով, ճերմակ գոգնոցով ու գլխանոցով: Այդ կինը միսիս Էմնին էր՝ տան տնտեսուհին, որին միսիս Օթիսը, հարգելով լեդի Քենթրվիլի խնդրանքը, թույլ էր տվել մնալ նախկին պաշտոնում: Տնտեսուհին խոր ռևերանս էր անում ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի առջև և հնաոճ հանդիսավորությամբ ասում.
- Բարի եկաք Քենթրվիլների ամրոցը:
Ընտանիքը հետևեց միսիս Էմնիին և, անցնելով Թյուդորյան հոյակապ դահլիճով, հայտնվեց երկար, ցածր առաստաղով, սևաթույր կաղնեփայտով երեսպատված գրադարանում, որի հակառակ ծայրում մի մեծ ապակենախշ կար: Այստեղ արդեն ամեն ինչ պատրաստ էր թեյի համար: Նրանք հանեցին վերարկուները, նստեցին սեղանի շուրջ և, մինչ միսիս Էմնին կլցներ թեյը, սկսեցին զննել սենյակը:
Հանկարծ միսիս Օթիսը հատակին, ճիշտ բուխարիկի մոտ, նկատեց կարմիր, խունացած մի բիծ և, առանց հասկանալու թե դա ինչ է, հարցրեց.
- Հավանաբար այստեղ ինչ-որ բա՞ն է թափվել:
- Այո, տիկին, - պատասխանեց ծեր տնտեսուհին, - այստեղ արյուն է թափվել:
- Սարսափելի է, - գոչեց միսիս Օթիսը, - ես չեմ սիրում, երբ հյուրասենյակում արյան բծեր են լինում:
Ծեր կինը ժպտաց և պատասխանեց միևնույն ցածր, խորհրդավոր ձայնով.
- Սա լեդի Էլեանորա Քենթրվիլի արյունն է, նրան սպանեց յուր ամուսինը՝ սըր Սայմըն Քենթըվիլը հազար հինգ հարյուր յոթանասունհինգ թվականին: Սըր Սայմընը կնոջից ինը տարի ավելի ապրեց, իսկ հետո չափազանց առեղծվածային հանգամանքներում անսպասելիորեն անհետացավ: Նրա մարմինն այդպես էլ չգտան, սակայն իր մեղավոր հոգին դեռևս թափառում է ամրոցում: Զբոսաշրջիկներին ու այցելուներին միշտ էլ հիացրել է արյան այս բիծը, որ անհնար է մաքրել:
- Ի՜նչ անհեթեթություն, մենք ունենք դրա միջոցը, - բացականչեց Վաշինգտոն Օթիսը, - «Փինքերտոնի Օրինակելի Մաքրիչ և Չգերազանցված Բծահանիչը» մի վայրկյանում կմաքրի սա:
Սարսափահար տնտեսուհին չհասցրեց նույնիսկ միջամտել, երբ Վաշինգտոնը ծնկի եկավ ու սկսեց հատակին քսել շրթներկի նմանվող մի փոքրիկ սև փայտիկ: Մի քանի րոպե անց արյան բծից հետք անգամ չմնաց:
- Ես վստահ էի Փինքերտոնի վրա, - դառնալով հիացած ընտանիքի կողմը, հաղթական գոչեց Վաշինգտոնը, բայց նա չէր էլ հասցրել ավարտել իր խոսքը, երբ կայծակի կուրացուցիչ փայլատակումը լուսավորեց սենյակը, իսկ ամպրոպի խլացուցիչ ճայթյունը բոլորին ստիպեց վեր ցատկել տեղներից: Միսիս Էմնին ուշակորույս վայր ընկավ:
- Ինչ նողկալի եղանակ է, - սիգարը վառելով, հանգիստ ասաց ամերիկյան դեսպանորդը: - Այս ծեր երկիրն իմ կարծիքով այնքան գերբնակեցված է, որ լավ եղանակը չի կարող բոլորին բավականացնել: Ես միշտ էլ այն մտքին եմ եղել, որ Անգլիայի միակ փրկությունն արտագաղթն է:
- Սիրելի Հայրամ, - ասաց միսիս Օթիսը, - ի՞նչ անենք, որ մեր տնտեսուհին ամեն րոպե չուշաթափվի:
- Պետք է պահումներ անել նրա աշխատավարձից, ինչպես վարվում են ափսե կոտրելու դեպքում, և ուշաթափություններ այլևս չեն լինի, - պատասխանեց միստր Օթիսը:
Եվ, իսկապես, շատ շուտով միսիս Էմնին ոտքի վրա էր: Այսուհանդերձ, նա շատ տխուր էր և հանդիսավորապես զգուշացրեց միստր Օթիսին, թե նրա տանը մեծ դժբախտություն է սպասում:
- Անձամբ ես այնպիսի բաներ եմ տեսել, սըր, - ասաց միսիս Էմնին, - որ ամեն մի քրիստոնյայի մարմնով սարսուռ կանցներ: Եվ անհամար գիշերներ աչք չեմ կպցրել այստեղ կատարված ահավոր դիպվածների պատճառով:
Սակայն միստր Օթիսն ու իր կինը ջերմորեն հավատացրին հարգարժան տնտեսուհուն, որ իրենք ուրվականներից չեն վախենում և, միսիս Էմնին, աստծո օրհնությունը խնդրելով իր նոր տերերի համար, երերուն քայլերով գնաց իր սենյակը, միաժամանակ ակնարկելով, թե վատ չէր լինի, եթե իր աշխատավարձը բարձրացնեին:
2
Ամբողջ գիշեր փոթորիկը մոլեգնում էր, սակայն արտակարգ ոչինչ չպատահեց: Ինչևէ, առավոտյան, երբ ընտանիքն իջավ նախաճաշի, արյան սարսափելի բիծը կրկին հատակին էր:
- Չեմ կարծում, թե սա «Օրինակելի Մաքրիչի» մեղքն է, - ասաց Վաշինգտոնը, - այդ նյութով ես ինչ ասեք, որ չեմ մաքրել: Հավանաբար այստեղ ուրվականի մատն է խառը:
- Նա մի անգամ ևս մաքրեց հատակը, սակայն հաջորդ առավոտյան բիծը նորից իր նախկին տեղում էր: Մեկ օր Հետո պատմությունը կրկնվեց, չնայած նախորդ գիշեր, մինչև քուն մտնելը, միստր Օթիսն անձամբ կողպել էր գրադարանի դուռը և բանալին պահել իր մոտ: Այժմ արդեն ամբողջ ընտանիքն էր եռանդագին հետաքրքրվում ուրվականներով: Միստր Օթիսն արդեն տարակուսում էր, թե արդյո՞ք ինքը դոգմատիզմ հանդես չբերեց, հավատ չընծայելով ուրվականների գոյությանը: Միսիս Օթիսը ցանկություն հայտնեց անդամագրվել ոգեհմաների ընկերությանը, իսկ Վաշինգտոնը մի երկար նամակ գրեց պարոնայք Մեյերսին և Փոդմորին ոճրագործության արդյունք արյան բծերի հավիտենության մասին:
Բայց այդ գիշեր նրանց բոլոր կասկածներն ուրվականների գոյության վերաբերյալ ի դերև ելան մեկընդմիշտ:
Արևոտ ու շոգ օր էր, և, երբ իջավ երեկոն, ընտանիքը որոշեց զբոսանքի գնալ: Նրանք վերադարձան միայն իննի կողմը և նստեցին մի թեթև ընթրելու: Զրույցը հեռավոր առնչություն անգամ չուներ ուրվականների հետ և ոչ մի նախապայման չկար արտակարգ դյուրազգաց լինելու համար, որ այնքան հաճախ նախորդում է ոգու նյութականացմանը: Խոսում էին, ինչպես հետագայում ինձ պատմեց միստր Օթիսը, այնպիսի հարցերի շուրջ, որ սովորաբար շոշափում են վերին խավերին պատկանող լուսավորյալ ամերիկացիները՝ դերասանուհի միսս Ֆեննի Դավենփորթի անսահման գերազանցության մասին Սառա Բեռնարի նկատմամբ, այն մասին, որ նույնիսկ լավագույն անգլիական տներում եգիպտացորենի, հնդկացորենի բլիթներ և շիլա չեն մատուցում, Բոս տոնի նշանակության մասին՝ համաշխարհային ոգու ձևավորման առումով, երկաթուղով իրերի փոխադրման տոմսակային սիստեմի մի առավելության, Նյու Յորքի խոսվածքի փափկության մասին՝ լոնդոնյան ծորուն արտասանության համեմատ:
Ոչ մի վերերկրային հարց չէր շոշափվում, իսկ ինչ վերաբերում է սըր Սայմըն դը Քենթրվիլին, ապա նրա անունը հիշվեց անգամ: Ժամը տասնմեկին ընտանիքը գնաց քնելու, և կես ժամ հետո արդեն ոչ մի լույս չէր վառվում: Սակայն որոշ ժամանակ անց միստր Օթիսն արթնացավ միջանցքից եկող ինչ-որ անհասկանալի աղմուկից: Կարծես մետաղ էր ճռնչում և այդ անախորժ ձայնը` րոպե առ րոպե մոտենում էր: Միստր Օթիսն իսկույն վեր թռավ տեղից, վառեց լուցկին և նայեց ժամացույցին: Ուղիղ ժամը մեկն էր: Նա միանգամայն հանգիստ էր. բռնեց իր զարկերակը և տեսավ, որ տաքություն չունի: Տարօրինակ ճռնչոցը չէր դադարում, և միստր Օթիսն այժմ արդեն պարզորոշ լսում էր մոտեցող ոտնաձայնը: Նա հողաթափերը գցեց ոտքերը, զգեստապահարանից վերցրեց ինչ-որ մի երկարավուն սրվակ և դուռը բացեց: Ճիշտ իր դիմաց լուսնի աղոտ լույսով միստր Օթիսը տեսավ սահմռկեցուցիչ կերպարանքով մի ծերունու: Նրա աչքերը կարմրին էին տալիս շիկացած ածխակտորների նման, երկար ալեհեր մազերը օձագալար, խռիվ թափվում էին ուսերին, հնաոճ կեղտոտ շորերը քրքրված էին, իսկ կապանքների մեջ գամված ձեռքերից և ոտքերից ծանր, ժանգոտ շղթաներ էին կախված:
- Թանկագին սըր, - ասաց միստր Օթիսը, - ես պահանջում եմ, որ դուք յուղեք ձեր շղթաները, այդ նպատակով ես բերել եմ մի փոքրիկ սրվակ մեքենայի յուղ, որ կոչվում է «Դեմոկրատական կուսակցության բարձրացող արևը»: Առաջին իսկ օգտագործումը ցանկալի արդյունք կտա: Մեր նշանավորագույն հոգևոր գործիչներն են հաստատում դա: Եվ դուք կհամոզվեք դրանում պիտակն աչքի անցկացնելուց հետո: Սրվակը ես կթողնեմ մոմակալների մոտ և հետագայում էլ հաճույքով կապահովեմ ձեզ այս յուղով այնքան, որքան դրա կարիքը զգացվի:
Այս խոսքերի հետ Միացյալ Նահանգների դեսպանորդը սրվակը դրեց մարմարե սեղանին, դուռը ետևից ծածկեց և վերստին անկողին մտավ:
Քենթրվիլյան ուրվականը վրդովմունքից քարացավ: Հետո սրվակը կատաղությամբ հատակին նետեց և միջանցքով առաջ սուրաց՝ ետևից չարագուշակ կանաչ լույս արձակելով ու ծանր հառաչելով: Բայց նա հազիվ էր հասցրել ոտք դնել մեծ կաղնե սանդուղքի վերին աստիճանին, երբ դուռը ուժով բացվեց, և հայտնվեցին երկու փոքրիկ սպիտակ կերպարանքներ: Թափով նետված մի ահագին բարձ անցավ նրա գլխի մոտով: Ժամանակ կորցնել չէր կարելի, դա ակներև էր և, կյանքը չվտանգելու համար, ոգին տիեզերական չորրորդ արագություն միացրեց ու անհետացավ փայտե միջնորմի միջով: Տունը թաղվեց լռության մեջ:
Հասնելով ամրոցի ձախ թևում գտնվող փոքրիկ խցիկ - գաղտնարանին, ուրվականը հենվեց լուսնի լույսին և, շունչը տեղը բերելու համար մի փոքր հանգստանալուց հետո, սկսեց վերլուծել ստեղծված կացությունը: Երեք հարյուր տարվա փայլուն և փառավոր գործունեության ընթացքում նրան երբեք այսպես չէին վիրավորել: Ոգին հիշեց այրի դքսուհուն, որին մահու չափ վախեցրեց, երբ նա, ադամանդներով և ժանյակներով զուգված, հայելու մեջ էր նայում. մտաբերեց այն չորս աղախիններին, որոնք հիստերիայի մեջ ընկան, երբ ինքը պարզապես ժպտաց ննջասենյակի վարագույրի ետևից, նաև ծխական քահանային, որ մինչև օրս էլ բուժվում է սըր Ուիլյամ Գուլլի մոտ, ջղային ցնցումից, որովհետև մի անգամ, երբ նա մոմը ձեռքին դուրս էր գալիս գրադարանից, ինքը փչեց հանգցրեց մոմը. հիշեց նաև ծեր մադամ դը Թրեմուլլակին, որն առավոտյան արթնանալով ու տեսնելով բուխարիկի մոտ բազկաթոռին նստած կմախքին իր օրագիրը կարդալիս, վեց ամսով անկողին ընկավ ուղեղի բորբոքումով, հաշտվեց եկեղեցու հետ և վճռաբար խզեց կապերը հանրահայտ սկեպտիկ մսյո դը Վոլտերի հետ: Ոգին հիշեց այն սարսափելի գիշերը, երբ չարանենգ լորդ Քենթրվիլին գտան հանդերձասենյակում խեղդվելիս, խաղաթուղթը կոկորդում: Հոգին ավանդելիս ծերուկը խոստովանել էր, որ այդ խաղաթղթով հիսուն հազար ֆունտ դրամագլուխ է տարել Քրոքֆորդ Չարլզ - Ջեյմս Ֆոքսից, և որ այդ խաղաթուղթը Քենթրվիլյան ուրվականն է իր կոկորդը խցկել: Նա հիշեց իր բոլոր մեծագործությունների զոհերին, սկսած ծառայապետից, որ ինքնասպան եղավ՝ տեսնելով, որ իր կանաչ ձեռքը բախում է խոհանոցի պատուհանը, վերջացրած չքնաղ լեդի Սթաթֆիլդով, որ միշտ վզին սև թավիշ էր կրում՝ թաքցնելու համար ձյունասպիտակ մաշկին մնացած մատնահետքերը: Հետագայում այդ կինը խեղդվեց Արքայական ծառուղու վերջում գտնվող լճակում, որ հայտնի էր իր ծածաններով: Եվ այսպես, ճշմարիտ ստեղծագործողին հատուկ գոհունակությամբ ոգին մի առ մի մտաբերում էր իր լավագույն դերերը ու դառը ժպտում, հիշելով Կարմիր Ռուբենի իր վերջին անձնավորումը, իր անդրանիկ ելույթը Չորուկ Ջիբոնի կամ Հեքսեի որսատեղի Արնախումի դերերում: Հիշեց նաև այն, թե ինչպես էին ցնցված հանդիսատեսները, երբ հունիսյան մի հիանալի երեկո թենիսի խոտածածկ դաշտում ինքը կեգլի էր խաղում սեփական ոսկորներով:
Եվ այդ ամենից հետո, ամրոցում հայտնվում են ինչ-որ ժամանակակից զզվելի ամերիկացիներ, որ իրեն մեքենայի յուղ են առաջարկում և բարձեր նետում իր վրա: Անհանդուրժելի արարք: Պատմությանը հայտնի չէ գոնե մի դեպք, որ այդպես վարվեին ուրվականի հետ: Եվ նա վճռեց վրեժխնդիր լինել ու մտասույզ քարացավ մինչև արշալույս:
3
Հաջորդ առավոտյան Օթիսները բավական երկար խոսեցին ուրվականի մասին: Միացյալ Նահանգների դեսպանորդը, բնական է, մի փոքր նեղացած էր, որ իր նվերը մերժել էին.
- Ես մտադիր չեմ անձնական վիրավորանք հասցնել ուրվականին, - ասաց նա, - և անհրաժեշտ եմ համարում նշել, որ, նկատի ունենալով ոգու երկար տարիների կյանքն այս տանը, անքաղաքավարություն է նրա վրա բարձեր նետելը: (Ցավով պետք է խոստովանեմ, որ երկվորյակները քրքիջով դիմավորեցին միանգամայն արդարացի դիտողությունը):
- Սակայն, եթե նա շարունակի համառել և չօգտագործել իմ առաջարկած յուղը, ապա մենք ստիպված կլինենք նրա շղթաները հանել: Այլապես անհնար է աչք փակել, երբ ննջարանիդ մոտ այդպիսի ժխոր է տիրում:
Ինչևէ, մինչև շաբաթվա վերջը նրանց այլև չանհանգստացրին և միայն գրադարանում էր ամեն առավոտ նորից ու նորից հայտնվում արյան բիծը: Այդ երևույթը դժվար էր բացատրել, քանի որ պատուհանի փեղկերը սողնակներով էին փակվում, իսկ ամեն գիշեր դուռը անձամբ ինքը՝ միստր Օթիսն էր կողպում: Բծի քամելիոնային բնույթը ևս կարոտ էր լուսաբանման՝ մի առավոտ բիծը բաց կարմիր էր լինում, մյուս օրը՝ վարդագույն, հետո՝ շառագույն: Իսկ մի անգամ էլ, երբ ընտանիքն իջավ աղոթելու, համաձայն ամերիկյան Ազատ բարենորոգչական եպիսկոպոսական եկեղեցու պարզեցված ծիսակատարության, բիծը զմրուխտե կանաչ գույն էր ստացել: Այս գլխապտույտ փոփոխությունները, բնականաբար, շատ էին զվարճացնում ընտանիքին և ամեն երեկո նրանք գրազ էին բռնում, թե ինչ գույն կունենա բիծը հաջորդ առավոտյան: Միայն փոքրիկ Վիրջինիան չէր մասնակցում ընդհանուր ուրախությանը. նա, անհասկանալի պատճառով, շատ էր տխրում տեսնելով արյան բիծը, իսկ երբ այն դարձավ կանաչ՝ Վիրջինիան քիչ մնաց լաց լիներ:
Ուրվականի երկրորդ հայտնությունը կայացավ կիրակի գիշերը: Ընտանիքը նոր էր պառկել քնելու, երբ դահլիճից զարհուրելի որոտ լսվեց: Տան ահաբեկված բնակիչները ցած վազեցին և տեսան, որ հատակին թափված են պատվանդանից ընկած ասպետական զենքուզրահը, իսկ Քենթրվիլյան ուրվականը նստած է բարձրագլուխ բազկաթոռին և, ցավից կնճռոտված, ծնկներն է շփում: Երկվորյակներն իրենց պարսատիկներից իսկույն ևեթ մի-մի գնդակ արձակեցին և այնքան դիպուկ, որ հնարավոր է մաքրագրության ուսուցչի վրա երկար ու հետևողական վարժություններ կատարելուց հետո միայն, իսկ Միացյալ Նահանգների դեսպանորդը նշան բռնեց ատրճանակով և ըստ կալիֆորնիական վարվելաձևի՝ հրամայեց՝ «Ձեռքերդ վեր»: Ուրվականը կատաղության վայրենի ճիչով վեր թռավ տեղից և մշուշի պես սուրաց նրանց միջով, ճանապարհին հանգցնելով Վաշինգտոնի ձեռքի մոմը և բոլորին թողնելով խավարի թագավորության մեջ: Սանդուղքի վերջին աստիճանի վրա նա ուշքի եկավ և որոշեց արձակել իր հանրահայտ դժոխային քրքիջը, որ բազմիցս հաջողություն էր բերել իրեն: Այդ քրքիջի հետևանքով, ասում են, մի գիշերվա մեջ սպիտակեց լորդ Րեյքերի կեղծամը, և դա էր պատճառն անշուշտ, որ լեդի Քենթրվիլի երեք` ֆրանսուհի տնային դաստիարակչուհիները, դեռ մեկ ամիս էլ չծառայած, լքեցին տունը: Ոգին արձակեց իր սոսկալի քրքիջն այնպես, որ ամրոցի նույնիսկ հեռավոր կամարներն արձագանքեցին: Բայց արձագանքը դեռ չէր էլ մարել, երբ դուռը բացվեց և հայտնվեց միսիս Օթիսը՝ երկնագույն տնային զգեստով:
- Դուք, ինչպես երևում է, վատառողջ եք, - ասաց նա: - Ես ձեզ համար բերել եմ դոկտոր Դոբելի դեղափոշին: Եթե ձեր ստամոքսը լավ չի գործում՝ սա ձեզ անպայման կօգնի:
Ուրվականը կատաղի հայացք նետեց նրա վրա և մտադրվեց հսկայական սև շուն դառնալ՝ տաղանդ, որ արժանի համբավ էր բերել նրան և որի ազդեցությամբ էր բացատրում տան բժիշկը լորդ Քենթրվիլի քեռու՝ հարգարժան Թոմաս Հորթոնի թուլամտությունը: Սակայն մոտեցող ոտնաձայները ստիպեցին նրան հրաժարվել այդ մտադրությունից: Եվ ոգին բավարարվեց միայն նրանով, որ սկսեց աղոտ լույս արձակել և հենց այն պահին, երբ երկվորյակներն արդեն շատ մոտ էին, շտապեց անհետանալ՝ խոր գերեզմանային հոգոց հանելով:
Թաքստոց հասնելով, ոգին վերջնականապես կորցրեց հավասարակշռությունը և ծանր մտորումների մեջ ընկավ: Երկվորյակների անդաստիարակությունը և միսիս Օթիսի աներեր նյութապաշտությունը ցնցել էին նրան մինչև հոգու խորքը, բայց ամենից ավելի նրան վշտացրել էր այն, որ չկարողացավ հագնել ասպազենը: Ուրվականի ենթադրությամբ նույնիսկ այս ժամանակակից ամերիկացիները պետք է սարսռային, տեսնելով սպառազեն ուրվականին և, եթե ուրիշ ոչինչ չլիներ, գոնե հարգեին իրենց ազգային բանաստեղծ Լոնգֆելոյին, որի նրբագեղ ու հրապուրիչ պոեզիայի հատորները նա կլանել էր, երբ Քենթրվիլները քաղաքում էին լինում: Բացի այդ, ասպազենն իր սեփականությունն էր: Ոգին շատ գեղեցիկ տեսք ուներ այդ զենք ու զրահով և Քենիլֆորսթի մրցաշարում նույնիսկ արժանացել էր կույս թագուհու չափազանց շոյիչ գովասանքին:
Սակայն այժմ վիթխարի լանջապանակն ու պողպատե սաղավարտը չափազանց ծանր էին ոգու համար և դա էր պատճառը, որ զենքն ու զրահը հագնելուն պես նա փլվեց հատակին, ցավեցնելով աջ ձեռքի մատներն ու ծնկները:
Ուրվականը մի քանի օր ծանր հիվանդ էր և իր սենյակից համարյա դուրս չէր գալիս՝ միայն արյան բծին էր պատշաճ տեսք տալիս: Ինչևէ, ինքն իրեն բուժելով նա ապաքինվեց և որոշեց մի երրորդ անգամ Միացյալ Նահանգների դեսպանորդին և նրա ընտանիքին ահաբեկելու փորձ անել: Մտադրությունն ի կատար ածելու համար նա ընտրեց ուրբաթ օրը, օգոստոսի տասնյոթը, և այդ օրվա մեծ մասը վատնեց իր զգեստապահարանն աչքի անցկացնելով՝ համապատասխան զգեստ գտնելու համար: Վերջապես կանգ առավ կարմրափետուր լայնեզր գլխարկի, վզի և թևերի մոտ ծալքազարդեր ունեցող պատանքի ու ժանգոտ դաշույնի վրա: Երեկոյան դեմ փոթորկախառն անձրև շրմփաց, իսկ քամին այնպես էր ոռնում, որ հին տան դռներն ու պատուհանները քիչ էր մնում տեղներից դուրս թռչեին: Թեև, այն էլ ասենք, որ այդ եղանակը Հենց այն էր, ինչ հարկավոր էր: Ոգու գործողությունների ծրագիրը հետևյալն էր՝ նախ և առաջ անշշուկ թափանցել Վաշինգտոն Օթիսի սենյակը, կանգնել նրա ոտքերի մոտ և ինչ-որ խոսքեր քրթմնջալ, հետո, մելամաղձոտ երաժշտության ներքո, երեք անգամ դաշունահարել սեփական կոկորդը: Վաշինգտոնի նկատմամբ ուրվականը մի առանձին հակակրանք էր տածում, քանի որ հիանալի գիտեր՝ այդ նա էր ամեն օր մաքրում Քենթրվիլյան հռչակավոր Արյան Բիծը Փինքերտոնյան Օրինակելի Մաքրիչով: Այդ անպատկառ ազատամիտ երիտասարդին լիակատար հուսալքման մատնելուց հետո նա մտադիր էր այցելել Միացյալ Նահանգների դեսպանորդի ու նրա կնոջ ննջարանը և սառը քրտինքով պատված ձեռքը դնել միսիս Օթիսի ճակատին, միևնույն ժամանակ դողդողացող ամուսնուն շշնջալով տոհմական դամբարանի ահասարսուռ գաղտնիքները։ Ինչ վերաբերում է փոքրիկ Վիրջինիային, ապա նրա հետ ուրվականը, ճիշտն ասած, չգիտեր ինչպես վարվել: Այդ աղջիկը նրան երբեք չէր վիրավորել, գեղեցիկ էր ու նուրբ: Այստեղ ոգին պիտի գոհանար պահարանի միջից մի քանի խուլ հոգոց արձակելով, իսկ եթե աղջիկը չարթնանար, դողդողացող կծկված մատներով պիտի ձգեր վերմակի ծայրը: Իսկ երկվորյակներին նա լավ դաս պիտի տար: Սկզբում կնստեր նրանց կրծքին, որպեսզի նրանք գալարվեն մղձավանջային տեսիլներից, ապա, քանի որ նրանց անկողինները կողք-կողքի են, կկանգներ նրանց միջև ու կքարանար կանաչ, սառցակալած դիակի տեսքով այնքան ժամանակ, մինչև նրանք վախից կափկափեն և, ի վերջո, մի կողմ նետելով պատանքը, կսողար սենյակում, ցուցադրելով ճերմակ ոսկորներն ու պտտելով մի աչքը, ինչպես վայել էր անել Համր Դանիելի կամ Անձնասպան - կմախքի դերերում: Այդ վերջին` դերը բազմիցս մեծ հաջողություն էր ունեցել և ոչնչով չէր զիջում Խելագար Մարտինին կամ Դիմակավոր Գաղտնիքին:
Տասն անց կեսին ուրվականը լսեց, թե ինչպես ընտանիքը գնաց քնելու: Դրանից հետո դեռ մի որոշ ժամանակ չէր լռում երկվորյակների վայրի քրքիջը՝ հավանաբար նրանք աշակերտական անհոգ ուրախությամբ զվարճանում էին մինչև անկողին մտնելը: Բայց տասնմեկն անց քառորդ ամեն ինչ թաղվեց լռության մեջ և ճիշտ կեսգիշերին ուրվականը գործի անցավ: Բուն թևերով հարվածում էր պատուհանի փեղկերին, ագռավը կռռում էր ծեր կարմրածառի կատարից, իսկ քամին կորուսյալ հոգու նման հեծեծալով թափառում էր տան շուրջը: Սակայն Օթիսների ընտանիքն ամեն ինչից անտեղյակ քնած էր անխռով, և Միացյալ Նահանգների դեսպանորդի խռմփոցը խլացնում էր անձրևի ու փոթորկի ձայնը: Ոգին գողունի դուրս եկավ պատի միջից չարանենգ ժպիտը դաժան, խորշոմավոր շուրթերին, իսկ Լուսինն իր դեմքը թաքցրեց ամպի ետևում, մինչ ոգին կանցներ ներս ընկած հսկայական պատուհանի մոտով, որի վրա լազուրով ու ոսկով պատկերված էին իր և սպանված կնոջ զինանշանները: Չարագույժ ստվերի նման նա ավելի ու ավելի առաջ էր սահում և կարծես նույնիսկ գիշերային խավարն էր նողկանքով նայում նրա ետևից:
Հանկարծ ուրվականին թվաց, թե ինչ-որ մեկը ձայն տվեց և նա քարացավ տեղում, բայց դա լոկ Կարմիր ֆերմայի շան հաչոցն էր և, քթի տակ տասնվեցերորդ դարի արդեն անհասկանալի դարձած հայհոյանքներ մրթմրթալով, ժանգոտ դաշույնն օդում շարունակ թափահարելով, նա առաջ շարժվեց: Ի վերջո, ոգին հասավ Վաշինգտոնի սենյակը տանող միջանցքի անկյանը: Այստեղ նա մի փոքր շունչ առավ: Քամին ծածանում էր նրա երկար, ճերմակ, խռիվ մազերը և աննկարագրելիորեն զարհուրելի ծալերով հանգուցյալի պատանքը փաթաթում նրա շուրջը: Քիչ անց ժամացույցը զարկեց անց քառորդ և ոգին զգաց, որ ժամն է գործելու: Նա ինքնագոհ քրքջաց և թեքվեց միջանցք, բայց դեռ մի քայլ էլ չէր արել, որ աղեկտուր ճիչով ընկրկեց ու երկար ոսկրոտ ձեռքերով ծածկեց գունատված դեմքը: Ճիշտ նրա դիմաց սարսափելի մի ուրվական էր տնկված, քարե արձանի պես անշարժ, հրեշավոր, ինչպես խելագարի զառանցքը: Գլուխը ճաղատ էր, փայլուն, դեմքը՝ կլոր, լիքը և ճերմակ, իսկ նողկալի ծիծաղը հավիտենական ժպիտի տեսքով քարացել էր նրա աղավաղված դիմագծերին: Աչքերը բոսորագույն լույսի շողեր էին արձակում, բերանը կարծես բոցեղեն ջրհոր լիներ, իսկ անճոռնի զգեստը, որ այնքան նման էր իր իսկ հագուստին, ճերմակ ձյան պես պարուրում էր նրա հզոր կերպարանքը: Ուրվականի կրծքին տարօրինակ հնօրյա ձեռագրով մի տախտակ էր կախված, որը, հավանաբար, սարսափելի խայտառակ, կեղտոտ գործերի ու վայրի չարագործությունների մասին էր պատմում: Նրա վեր կարկառած աջ ձեռքում փայլատակում էր պողպատե փայլուն մի սուր: Մինչ այդ, երբևէ ուրվական տեսած չլինելով, Քենթրվիլյան ոգին, բնականաբար, սարսափելի վախեցավ և, հապճեպ մի հայացք էլ նետելով զարհուրելի արարածի վրա, նետվեց դեպի իր սենյակը: Միջանցքով փախչելիս սավանի ծալքերը նրա ոտքերի տակ էին ընկնում և խառնվում այնպես, որ ժանգոտ դաշույնն ի վերջո ընկավ դեսպանորդի կոշիկի մեջ, որտեղ և առավոտյան գտավ ծառայապետը: Տեղ հասնելուց և իրեն ապահով զգալուց հետո, ոգին նետվեց նեղ արշավային անկողնու վրա և գլուխը թաքցրեց վերմակի տակ: Սակայն որոշ ժամանակ անց նրա մեջ գլուխ բարձրացրեց Քենթրվիլներին հատուկ համարձակ ոգին և որոշեց լույսը բացվելուն պես գնալ ու խոսել այդ ուրվականի հետ: Եվ իսկապես, նոր էր արշալույսը արծաթազօծել շրջակա բլուրների գագաթները, որ նա վերադարձավ այնտեղ, ուր առաջին անգամ հանդիպել էր զարհուրելի ուրվականին: Ոգին հասկանում էր, որ մեկ ուրվականը լավ է, իսկ երկուսը՝ առավել, քանի որ այդ դեպքում նրանք երկվորյակների հախներից հեշտությամբ կգային։ Բայց երեկվա տեղում հայտնվելուն պես սարսափելի տեսարանի ականատես եղավ: Ակներևորեն ինչ-որ զարհուրելի բան էր տեղի ունեցել ուրվականի հետ՝ աչքի խոռոչների լույսը բոլորովին մարել էր, փայլատակող սուրը ձեռքից վայր ընկել, իսկ ինքն էլ շատ լարված ու անհարմար դիրքով հենված էր պատին: Քենթրվիլյան ոգին մոտ վազեց նրան, ամուր գրկեց, երբ հանկարծ, օ՜ սարսափ, ուրվականի գլուխն ընկավ հատակին ու գլորվեց, մարմինը մեջտեղից կես եղավ և ոգին տեսավ, որ իր գրկում ննջարանի վարագույրով փաթաթված ցախավել է, ոտքերի մոտ ընկածը՝ դատարկ դդում և խոհանոցային դանակ: Անկարող լինելով հասկանալ նման տարօրինակ կերպարանափոխությունը, նա տենդագին հապճեպությամբ ձեռքն առավ տախտակն ու վաղորդյան մոխրագույն լույսի ներքո կարդաց այս ահասարսուռ բառերը.
ՕԹԻՍ ՖԻՐՄԱՅԻ ՈՒՐՎԱԿԱՆԸ.
Միակ ճշմարիտ և իսկական ուրվականը, Զգուշացեք կեղծիքներից
Մնացած ամեն ինչ կեղծ է
Քենթրվիլյան ուրվականի համար ամեն ինչ պարզ դարձավ: Նրան խաբել էին, հիմարացրել էին, ձեռ առել: Նրա աչքերը բոցավառվեցին նախկին քենթրվիլյան փայլով. նա կրճտացրեց իր անատամ լնդերը, երկինք կարկառեց հոգնատանջ ձեռքերը և, հետևելով հնամենի ոճի լավագույն օրինակներին, երդվեց, որ շանտեկլերը չի հասցնի երկու անգամ էլ հնչեցնել իր ուրախ շեփորը, երբ մեջտեղ կգան արյունալի գործեր, և մահը համրաքայլ կճեմի այս տանը:
Հազիվ էր իր այս ահասարսուռ երդումն արտասանել, երբ հեռվում կարմիր կղմինդրե տանիքից աքլորը կանչեց: Ոգին ծիծաղեց երկար, խուլ և դաժան ու սպասեց: Նա սպասեց երկար, սակայն չգիտես ինչու աքաղաղն այլևս չկանչեց: Վերջապես, յոթն անց կեսին աղախինների ոտնաձայները ստիպեցին նրան հրաժարվել իր սարսափելի ծրագրից, վերադառնալ իր սենյակն ու սգալ իր ապարդյուն հույսերն ու անկատար մնացած նպատակը: Թաքստոցում նա թերթեց հնօրյա ասպետությանը վերաբերող մի քանի գիրք և համոզվեց, որ նման դեպքերում աքաղաղը միշտ էլ երկու անգամ է կանչել:
- Անիծյալ կամակոր թռչուն, - մրթմրթաց նա, - կգա ժամանակը, երբ իմ նիզակը կխրվի կոկորդդ ու կստիպի հոգեվարքի մի վերջին ծուղրուղու կանչել ինձ համար:
Այնուհետև ոգին պառկեց հարմարավետ արճիճե դագաղում և այնտեղ էլ մնաց մինչև երեկո:
4
Հաջորդ օրը նա իրեն շատ թույլ ու ջարդված էր զգում: Վերջին ամիսների հուզումներն անհետ չէին անցել: Նրա ջղերը բոլորովին քայքայվել էին և ամեն մի աննշան աղմուկ ստիպում էր նրան տեղից վեր թռչել: Հինգ օր նա սենյակից դուրս չեկավ և ի վերջո որոշեց ձեռք քաշել արյան բծից. եթե Օթիսները դրա կարիքը չունեին, ուրեմն նրանք արժանի էլ չէին դրան: Այդ մարդիկ բացահայտորեն չնչին նյութապաշտներ էին, միանգամայն անկարող գնահատել ոգեհմայության պես արտակարգ երևույթների խորհրդանշող իմաստը: Իհարկե, բոլորովին այլ էր երկնային նախանշանների և աստղային փուլերի հարցը, դրանք ոգու իրավասությունից դուրս էին և, այնուամենայնիվ, նա իր սրբազան պարտքն էր համարում ամեն շաբաթ հայտնվել միջանցքում, իսկ յուրաքանչյուր առաջին և երկրորդ չորեքշաբթի օրերին նստել լապտերով զբոսայգուն նայող պատուհանի գոգին և ամեն տեսակ անհեթեթ բաներ փնթփնթալ, Ոգին իր այդ պարտականություններից հրաժարվել չէր կարող, միևնույն ժամանակ առանց իր պատիվը գետնովը տալու: Եվ չնայած նա իր երկրային կյանքում եղել էր չափազանց անբարո՝ այնաշխարհային բոլոր հարցերում նա պատասխանատվության մեծ զգացում էր հանդես բերում: Այդ իսկ պատճառով երեքշաբթի օրերին ոգին, ըստ իր սովորության, կեսգիշերից մինչև ժամը երեքը ճեմում էր միջանցքում, բոլոր զգուշությունները բանեցնելով, որպեսզի ոչ ոք իրեն չնկատի կամ չլսի: Նա քայլում էր առանց երկարաճիտ կոշիկների, աշխատելով հնարավորին չափ թեթևորեն անցնել ճիճվակեր տախտակների վրայով: Ուսերին գցում էր սև թավիշե լայն թիկնոց ու չէր մոռանում ամեն անգամ խնամքով յուղել իր շղթաները «Դեմոկրատական կուսակցության ծագող արևը» կոչվող յուղով: Պետք է խոստովանել, որ ուրվականը դժվարությամբ դիմեց անվտանգության այս վերջին միջոցին: Ինչևէ, մի երեկո, երբ ընտանիքն իջել էր ընթրելու, նա թափանցեց միստր Օթիսի ննջարանն ու թռցրեց սրվակը: Սկզբում, իհարկե, նա իրեն մի փոքր ստորացած էր զգում, բայց հետո այնքան խելք ունեցավ, որ ընդունեց այդ գյուտի արժանիքներն ու մասամբ ծառայեցրեց յուր նպատակին: Եվ, այնուամենայնիվ, որքան էլ զգույշ էր ոգին, նրան հանգիստ չէին տալիս: Միջանցքում հաճախ պարաններ էին կապում, որոնց դիպչելով նա վայր էր ընկնում, իսկ մի անգամ էլ Սև Իսահակի կամ Հոգլեյան անտառների Որսորդի դերում սայթաքեց ու գետնատարած ընկավ, որովհետև երկվորյակները դահլիճից մինչև կաղնե սանդուղքները կարագ էին քսել հատակին: Այս վերջին վիրավորանքն այնքան զայրացրեց ոգուն, որ նա որոշեց իր ոտնահարված արժանապատվությունն ու իրավունքները մի վերջին անգամ էլ պաշտպանելու փորձ անել՝ հաջորդ գիշեր հանդուգն աշակերտներին հայտնվել Խիզախ Ռուպերտի կամ Անգլուխ Կոմսի հռչակավոր կերպարանքով:
Այս դերը ոգին յոթանասուն տարի էր, ինչ չէր խաղացել, ավելի ճիշտ այն օրվանից, ինչ հիասքանչ լեդի Բարբարա Մոդիշին այնպես վախեցրեց, որ նա մերժեց իր փեսացուին, ներկայիս լորդ Քենթրվիլի պապին և գեղեցկատես Ջեկոմ Քասլտոնի հետ փախավ Գրետնա Գրին, հայտարարելով, թե ինքը ոչ մի դեպքում չէր կարող ապրել այնպիսի մի տան մեջ, ուր սարսափելի ուրվականներին թույլ են տալիս մթնշաղին զբոսնել աստիճանների վրա: Հետագայում խեղճ Ջեկը սպանվեց Ուանդսֆորդի մարգագետնում լորդ Քենթրվիլի հետ մենամարտելիս, իսկ լեդի Բարբարան մեկ տարի էլ չանցած վշտից մեռավ Թենբրիջ Ուելսում՝ այնպես որ ուրվականի ելույթները, կարելի է ասել, ամենուրեք մեծ հռչակ էին վայելում: Սակայն այդ դերակատարումը շատ բարդ Գրիմ էր պահանջում և եթե ընդհանրապես կարելի է թատերական լեզվով խոսել գերբնական մեծագույն գաղտնիքների կամ, գիտականորեն ասած, «գերբնական աշխարհի վերին ոլորտների» մասին, նա երեք ժամ կորցրեց նախապատրաստական աշխատանքի վրա: Վերջապես ամեն ինչ պատրաստ էր, և ոգին շատ գոհ մնաց իր արտաքինից: Ճիշտ է, հեծյալի հսկայական կաշվե երկարաճիտ կոշիկները, որ շատ էին սազում իր հագուստին, մի փոքր մեծ էին և թամբի երկու ատրճանակներից էլ ոգին . միայն մեկը գտավ, սակայն, ընդհանուր առմամբ, նրա կերպարանքը փառավոր էր: Ուղիղ մեկն անց քառորդ ուրվականը դուրս սահեց միջնորմի միջով ու գողունի շարժվեց միջանցքն ի վար: Հասնելով երկվորյակների սենյակին (որն, ի դեպ, կոչվում էր «Երկնագույն ննջարան»՝ պաստառների գույնի պատճառով) նա նկատեց, որ դուռը կիսաբաց է: Ցանկանալով յուր մուտքը հնարավորին չափ տպավորիչ դարձնել, ոգին թափով շրխկացրեց դուռը և հենց նույն վայրկյանին ջրով լի մի սափոր շուռ եկավ ուղիղ նրա գլխին ու, մինչև ուղնուծուծը թրջելով նրան, թռավ ընկավ ձախ ուսից մի թիզ հեռավորության վրա: Միաժամանակ երկտեղանոց անկողնու վերմակի տակից քրքիջի պայթյուն լսվեց: Այդ նոր հարվածին ոգու ջղերն այլևս չդիմացան, և նա գլխապատառ վերադարձավ իր սենյակն ու հաջորդ օրն անկողին ընկավ ուժեղ դողէրոցքով: Այս ամբողջ պատմության մեջ նրա միակ մխիթարությունն այն էր, որ գլուխն իր հետ չէր վերցրել, այլապես հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել: Ամերիկյան այս անդաստիարակ ընտանիքին ահաբեկելու ոգու բոլոր հույսերն ի դերև ելան: Այժմ որպես կանոն նա բավարարվում էր թեթև մաշիկներով միջանցքներում թափառելով, վիզը հաստ կարմիր շարֆով փաթաթած՝ որպեսզի չմրսի, և ձեռքին մի փոքրիկ պատրույգավոր հրացան՝ երկվորյակներից պաշտպանվելու համար: Սեպտեմբերի տասնիննին ջախջախիչ հարված հասցվեց: Այդ օրը նա իջել էր դահլիճ՝ համոզված, որ գոնե այդտեղ իրեն հանգիստ կթողնեն, ու զվարճանում էր Միացյալ Նահանգների դեսպանորդի ու նրա կնոջ Սարոնիի մոտ արված մեծադիր լուսանկարներով, որոնք այժմ զբաղեցնում էին Քենթրվիլների ընտանեկան դիմանկարների տեղը: Ոգին հագնվել էր պարզ ու կոկիկ և փաթաթվել երկար պատանով, որը տեղ-տեղ կերել էր գերեզմանային բորբոսը: Ծնոտը նա կապել էր դեղին վզնոցով, իսկ ձեռքին բռնել մի փոքրիկ լապտեր ու գերեզմանափորի բահ: Փաստորեն նա հանդես էր գալիս Իոհան Անհաղթի կամ Չերթսեյան Մարագի Դիակներ Խժռողի՝ իր կերտած լավագույն դերերից մեկում: Զուր չէր, որ բոլոր Քենթրվիլները լավ էին հիշում այդ դերը, քանի որ դա էր եղել նրանց վեճի պատճառը հարևան լորդ Րաֆֆորդի հետ: Արդեն երկուսն անց էր քառորդ և, որքան էլ նա ականջ էր դնում, ամենուրեք լուռ էր: Բայց հենց որ փորձեց կամացուկ ներս սողոսկել գրադարան՝ տեսնելու համար, թե արյան բիծն ինչ վիճակում է, մթության միջից հանկարծ երկու տեսիլներ հայտնվեցին և, ձեռքները գլխներից վեր պարզած, խելահեղ թափահարելով սկսեցին գոռալ նրա ականջի տակ. «Բո՜ո՜»:
Խուճապի մատնված, որ միանգամայն բնական է նման հանգամանքներում, ոգին նետվեց աստիճանների կողմը, բայց այնտեղ արդեն Վաշինգտոնն էր դարանել՝ այգու սրսկիչը ձեռքին: Ամեն կողմից թշնամիներով շրջապատված և համարյա պատին սեղմված, նա անհետացավ երկաթե վառարանի մեջ, որը բարեբախտաբար վառված չէր ու խողովակների և ծխնելույզների միջով ճանապարհ ընկավ տուն՝ ամբողջովին կեղտոտված, տանջահար և հուսահատ:
Այս միջադեպից հետո նա իսպառ հրաժարվեց նորանոր արշավներից: Ժամանակ առ ժամանակ երկվորյակները նրա գալստյան սպասումով, հակառակ ծնողների ու սպասավորների դժգոհության, միջանցքների հատակը ծածկում էին ընկույզի կճեպներով, բայց իզուր: Այլևս ակներև էր՝ ոգու արժանապատվությունն այնքան էր վիրավորված, որ նա որոշել էր բնավ չայցելել ընտանիքին: Ուստի միստր Օթիսը կրկին խորասուզվեց դեմոկրատական կուսակցության պատմության մեջ, որով արդեն մի քանի տարի էր, ինչ կլանված էր: Իսկ միսիս Օթիսը ծովափին հրավիրեց մի չնաշխարհիկ, շշմեցուցիչ խրախճանք, ուր բոլոր ուտեստները կակղամորթերից էին պատրաստված: Տղաները հափշտակվեցին լակրոսսով, յուկրով, փոկերով և ամերիկյան ուրիշ ազգային խաղերով: Իսկ Վիրջինիան ծառուղիներում պոնիներ քշում Չեշիրյան երիտասարդ դուքսի ընկերակցությամբ, որն իր արձակուրդի վերջին շաբաթն անց էր կացնում Քենթրվիլների ամրոցում: Բոլորը հավատացած էին, թե ուրվականը հեռացել է, և միստր Օթիսն այդ մասին գրավոր տեղեկացրեց լորդ Քենթրվիլին, նա էլ պատասխան նամակում հայտնեց իր ուրախությունը այդ առիթով և շնորհավորեց դեսպանորդի պատվարժան կնոջը:
Եվ, այնուամենայնիվ, Օթիսները սխալվում էին, քանի որ ուրվականը տունը չէր լքել և, չնայած արդեն համարյա հաշմանդամ էր, մտադիր չէր նրանց հանգիստ թողնել: Մանավանդ, լսել էր, որ հյուրերի թվում է Չեշիրյան երիտասարդ դուքսը, ում քեռին՝ լորդ Ֆրենսիս Սթիլտոնը, մի անգամ հարյուր ոսկու վրա գրազ էր բռնել գնդապետ Քարբերիի հետ, թե Քենթրվիլյան ուրվականի հետ զառ կխաղա: Հաջորդ առավոտ լորդ Սթիլտոնին գտան թղթախաղի սենյակում, կաթվածահար հատակին ընկած, Ու թեև նա ապրեց մինչև խոր ծերություն, դեռ էլի ընդունակ էր երկու բառ արտասանել՝ «վեց ու վեց»: Ժամանակին այդ պատմությունը մեծ աղմուկ հանեց, հակառակ ամեն ինչ կոծկելու՝ երկու ազնվազարմ ընտանիքների ներդրած ջանքերին: Լորդ Րաթլի ստեղծագործությունների երրորդ հատորում՝ «Հիշողություններ լորդ - խնամակալի և նրա ընկերների մասին» գրքում կարելի է ծանոթանալ այդ անցքի մանրամասներին: Ոգին, բնականաբար, ցանկանում էր ապացուցել, որ չի կորցրել իր ազդեցությունը Սթիլտոնների վրա, որոնց հետ նա հեռավոր ազգակցական կապ ուներ՝ նրա մորաքրոջ աղջիկը en seconds noces (1) եղել էր մոնսենյոր դը Բալկլիի կինը, որից և, ինչպես հայտնի է, սերել են Չեշիրյան դուքսերը:
Ուրվականը սկսեց պատրաստություն տեսնել, որպեսզի Վիրջինիայի պատանի երկրպագուին ներկայանա Արնախում Վանականի կամ Անարյուն Բենեդիկտականի կերպարանքով: Այդ դերում նա մի ժամանակ այնքան սարսափելի տեսք ուներ, որ երբ 1764 թվականի Նոր տարվա ճակատագրական գիշերը պառավ լեդի Սթարթափը հանդիպեց նրան, մի քանի վայրի ճիչ արձակեց և երեք օր անց հոգին ավանդեց, նախապես ժառանգությունից զրկելով Քենթրվիլներին՝ իր ամենամոտ ազգականներին, և ամեն ինչ կտակելով իր լոնդոնյան դեղագործին:
Սակայն երկվորյակներից ունեցած վախը վերջին պահին ոգուն ստիպեց մնալ իր սենյակում, և պատանի դուքսն անխռով քնեց մինչև առավոտ՝ արքայական ննջարանի շքեղ հովանու փետրափնջերի ներքո ու երազում տեսավ Վիրջինիային:
5
Մի քանի օր անց Վիրջինիան և նրա ոսկեգանգուր երկրպագուն գնացին Բրոքլեի մարգագետինները ձի քշելու և այնտեղ, կանաչ ցանկապատի միջով անցնելիս, նա իր զգեստն այնպես պատռեց, որ տուն վերադառնալով մտադրվեց իր սենյակը բարձրանալ բոլորից աննկատ, ետնամուտքով: Պատկերազարդ դահլիճի մոտով անցնելիս նրան թվաց թե ինչ-որ մեկը նստած է այնտեղ և, կարծելով թե դա իր մոր աղախինն է, որը երբեմն դահլիճում աշխատելու սովորություն ուներ, ներս մտավ խնդրելու կարել պատռվածքը: Եվ որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ դա ինքը՝ Քենթրվիլյան ուրվականն է: Նստած պատուհանի մոտ, նա հետևում էր ծառերից թափվող ոսկեգույն տերևների թռիչքին և ծառուղում թափված կարմրավուն տերևների խելագար պարին: Ոգին գլուխը հենել էր ձեռքին և իր ողջ էությամբ խորին հուսահատություն էր արտահայտում: Իհարկե, փոքրիկ Վիրջինիան նախ մտածեց փախչել ու փակվել իր սենյակում, սակայն ոգին այնքան լքված ու զառամյալ տեսք ուներ, որ աղջիկը խղճահարվեց ու որոշեց սփոփել նրան: Վիրջինիայի քայլերն այնքան հուշիկ էին, իսկ ոգին՝ այնքան մելամաղձոտ, որ աղջկա ներկայությունը չնկատեց անգամ, մինչև Վիրջինիան չասաց.
- Ես շատ եմ ցավում ձեզ համար, բայց վաղն իմ եղբայրները վերադառնում են Իթոն, և եթե դուք այսուհետև ձեզ լավ պահեք, ապա ձեզ ոչ ոք այլևս չի նեղացնի:
- Անհեթեթություն է նման խնդրանքով ինձ դիմելը, - պատասխանեց ոգին, ապշահար նայելով սիրունատես աղջնակին, որ հանդգնել էր խոսել իր հետ։ - Պարզապես անհեթեթություն: Ես պարտավոր եմ շառաչել շղթաներով, հառաչել բանալու անցքերի միջով գիշերները թափառել: Դուք դա ի նկատի ունեք, այնպես չէ՞, Բայց չէ՞ որ դա է իմ գոյության միակ արդարացումը:
- Ոչ մի արդարացում էլ չէ, և դուք էլ լավ գիտեք, որ ձեզ շատ վատ եք պահել: Մեր գալստյան առաջին իսկ օրը միսիս Էմնին պատմեց, որ դուք սպանել եք ձեր կնոջը:
- Հետո ի՞նչ, - հանդգնորեն պատասխանեց ոգին, - դա զուտ ընտանեկան խնդիր է և ոչ ոքի չի վերաբերում:
- Սպանելն ընդհանրապես լավ բան չէ, - ասաց Վիրջինիան. նա երբեմն խոսում էր նոր Անգլիայի (2) իր ինչ-որ հեռավոր նախնիից ժառանգած անուշիկ մաքրակրոն լրջությամբ:
- Ատելով ատում եմ ձեր էժանագին, վերացական խստաբարո հայացքները: Իմ կինը շատ տգեղ էր, երբեք կարգին չէր օսլայում թևնոցներս, իսկ խոհարարական գործում ուղղակի տգետ էր: Այ, օրինակ, Հոդլեի անտառներում մի անգամ եղնիկ սպանեցի, մի հրաշալի արու և ի՞նչ եք կարծում, ի՞նչ մատուցեցին ճաշի ժամանակ... Ինչևէ, հիմա այլևս չարժե այդ մասին խոսել, քանի որ անցած գնացած պատմություն է և, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նրա եղբայրները լավ չվարվեցին ինձ սովամահ անելով: Ի՞նչ անենք, որ ես էի սպանել իրենց քրոջը:
- Նրանք ձեզ սովամա՞հ արին: Օ՜, պարոն ուրվական, ուզում էի ասել՝ սըր Սայմըն, դուք քաղցա՞ծ եք: Իմ պայուսակում մի սենդվիչ կա: Չէի՞ք կամենա ուտել:
- Ոչ, շնորհակալություն, ես այժմ ոչինչ չեմ ուզում: Բայց և այնպես դուք շատ բարի եք և ամենից լավը ձեր զզվելի, անդաստիարակ, գռեհիկ ու անազնիվ ընտանիքում:
- Վե՛րջ տվեք, - ճչաց Վիրջինիան, ոտքը գետնին խփելով: - Այդ դուք եք զզվելին, գռեհիկն ու անդաստիարակը, իսկ ինչ վերաբերում է անազնվությանը, ապա դուք էլ լավ գիտեք, թե ով էր գողացել իմ ներկերը, գրադարանի այդ տխմար բիծը նկարելու համար: Սկզբում դուք տարաք իմ բոլոր կարմիր ներկերը, այդ թվում և բոսորագույնը, ու ես այլևս չէի կարող մայրամուտներ պատկերել, հետո անհետացան զմրուխտե կանաչն ու դեղին քրոմը և, ի վերջո, թողեցիք միայն լեղակագույնն ու չինական սպիտակը, այնպես որ այժմ ես ստիպված եմ միայն լուսնի բնապատկերներ պատկերել, որոնք մշտապես թախիծ են ծնում, բացի այդ, նկարելն էլ շատ դժվար է: Ես ձեզ երբեք չեմ մատնել, բայց ինքս ինձ շատ եմ բարկացել: Եվ, ընդհանրապես, այդ ամենը պարզապես ծիծաղելի է՝ ո՞վ է լսել, որ արյունը զմրուխտի գույն ունենա:
- Իսկապես որ, - ասաց ուրվականը, արդեն հլու-հնազանդ, - բայց ես ի՞նչ կարող էի անել: Մեր օրերում բնական արյուն հայթայթելը շատ է դժվարացել: Իսկ երբ ձեր եղբայրը սկսեց օգտագործել Օրինակելի Մաքրիչը, ես էլ ձեր ներկերը գործի դրի: Ինչ վերաբերում է գույնին, ապա դա արդեն ճաշակի հարց է՝ օրինակ, Քենթրվիլների արյունը կապույտ (3) է, ամենակապույտն ամբողջ Անգլիայում. ասենք դուք՝ ամերիկացիներդ, դա այնքան էլ չեք գնահատում:
- Դուք ոչինչ չեք հասկանում: Ավելի լավ է մեկնեք Ամերիկա ու մի քիչ ուսում առեք այնտեղ: Հայրս ուրախությամբ կմիջնորդի, որ ձեզ ձրի անցկացնեն մաքսատնով, չնայած ամեն տեսակ ոգելից խմիչքների ու, հավանաբար, նաև ոգիների համար մեծ տուրք է պահանջվում: Բայց ոչինչ, մաքսատան բոլոր պաշտոնյաները դեմոկրատներ են: Հենց որ Նյու Յորք հասնեք, հաջողությունն ապահոված համարեք: Ես շատերին եմ ճանաչում, որ պատրաստ են հարյուր հազար դոլար տալ, միայն թե պապիկ ունենան, էլ չեմ ասում՝ ընտանեկան ուրվական:
- Վստահ չեմ, թե Ամերիկան ինձ դուր կգա:
- Այո, իհարկե, քանի որ այնտեղ ավերակներ ու տարօրինակություններ չկան, - հեգնեց Վիրջինիան:
- Ավերակնե՜ր չկան, տարօրինակություններ չկան, ապա ի՞նչ են ձեր նավատորմն ու շարժուձևը, - պատասխանեց ուրվականը:
- Մնաք բարով: Ես գնում եմ հորս խնդրելու, որ երկվորյակների արձակուրդը մի շաբաթով երկարաձգեն:
- Սպասեցեք, խնդրում եմ, միսս Վիրջինիա, - գոչեց ոգին, - ես այնքան միայնակ եմ ու դժբախտ: Նույնիսկ չգիտեմ, թե ինչ անեմ: Ուզում եմ գնալ քնելու, բայց անկարող եմ:
- Ի՜նչ անհեթեթություն: Ձեզնից պահանջվում է միայն անկողին մտնել ու հանգցնել մոմը: Երբեմն դժվարն արթուն մնալն է, մանավանդ եկեղեցում, սակայն քնելու մեջ դժվար բան չկա: Անգամ ծծկեր երեխաները, որ այնքան էլ խելացի չեն, գիտեն քնելու ձևը:
- Երեք հարյուր տարի է չեմ քնել, - տխուր տրտում ասաց ոգին և Վիրջինիայի գեղեցիկ երկնագույն աչքերը զարմանքից լայնացան, - երեք հարյուր տարի է, ինչ չեմ քնել և սարսափելի Հոգնած եմ:
Վիրջինիան իսկույն լրջացավ, և շուրթերը վարդի թերթերի պես դողացին: Նա մոտեցավ ոգուն, ծնկի իջավ և նայեց նրա ծես լացած կնճռոտ դեմքին:
- Խե՜ղճ, խե՜ղճ իմ ուրվական, - շշնջաց նա, - մի՞թե չկա մի այնպիսի տեղ, ուր կարող ես պառկել ու նիրհել:
- Հեռու, շա՜տ հեռու, սոճու անտառից էլ այն կողմ, - կամացուկ երազուն ձայնով պատասխանեց ոգին, - կա մի փոքրիկ պարտեզ: Խոտն այնտեղ բարձր է ու խիտ, ամենուրեք սպիտակ մեծ աստղածաղիկներ են աճում ու ամբողջ գիշեր սոխակը դայլայլում է: Մինչև լուսաբաց երգում է սոխակը, սառը, հախճապակե լուսինը նայում է վերևից, իսկ ուռենին հսկայական թևերը տարածում է քնածների վրա:
Վիրջինիայի աչքերը շաղվեցին արցունքից, և նա դեմքն առավ ափերի մեջ:
- Դու նկատի ունես Մահվան Այգի՞ն, - շշնջաց աղջիկը:
- Այո՝ Մահվան: Մահը, հավանաբար, շատ է գեղեցիկ: Պառկում ես փափուկ, գորշ հողի մեջ, խոտը սոսափում է գլխավերևդ, իսկ դու ունկնդրում ես լռությունը: Գոյություն չունի ոչ երեկ, ոչ վաղը: Մոռանում ես ժամանակը, ներում ես կյանքի ամեն ինչը և գտնում հավիտենական անդորր: Դուք կարող եք օգնել ինձ: Կարող եք բացել Մահվան դարպասները, քանի որ Սերը Մշտապես ուղեկցում է ձեզ, իսկ Սերն ավելի ուժեղ է, քան Մահը:
Վիրջինիան ցնցվեց, ասես սառը դող անցավ մարմնով մեկ. մի քանի րոպե քար լռություն տիրեց: Աղջկան թվաց, թե հրեշավոր երազ է տեսնում:
Հետո ուրվականն էլի խոսեց, և նրա ձայնը նման էր քամու հառաչի:
- Դուք կարդացե՞լ եք գրադարանի պատուհանին դրված հնօրյա մարգարեությունը:
- Օ՜, շատ հաճախ, - բացականչեց աղջիկը վեր նայելով, - ես դա անգիր գիտեմ: Գրված է այնքան տարօրինակ սև տառերով, որ կարդալն անգամ դժվար է: Ընդամենը վեց տող է.
Երբ ոսկեծամ աղջիկը լա,
Եվ մեղավոր շուրթերն աղոթեն,
Երբ չորացած թուփը ծաղկի,
Եվ արցունքները սրբի երեխան,
Այնժամ տունը կխաղաղվի
Ու քուն կգա Քենթրվիլին։
Բայց ես չգիտեմ, թե ի՞նչ են նշանակում այս տողերը:
- Դրանք նշանակում են, - տխուր ասաց ոգին, - որ դուք պետք է լաք իմ մեղքերը, քանի որ ես արցունք չունեմ և աղոթեք հոգուս համար, քանզի ես զուրկ եմ հավատից: Եվ եթե դուք մշտապես լինեք բարեսիրտ, մեղմ ու սիրալիր, այնժամ միայն Մահվան Հրեշտակը կգթա ինձ: Գիշերով ձեզ հրեշավոր կերպարանքներ կայցելեն ու չար խոսքեր կփսփսան, բայց նրանք չեն կարող ձեզ վնասել, որովհետև դժոխքի ուժերն անզոր են մանկան անաղարտության առջև:
- Վիրջինիան լռում էր, և ոգին տեսնելով, թե որքան տրտմորեն է հակված աղջկա ոսկեհեր գլուխը, հուսահատությունից սկսեց ձեռքերը կոտրատել: Հանկարծ աղջիկը ոտքի ելավ: Նա գունատ էր ու աչքերն արտասովոր փայլ էին ստացել:
- Ես չեմ վախենում,- ասաց նա վճռական, - և կխնդրեմ Հրեշտակին ներել ձեզ:
Ուրախության հազիվ լսելի մի ճիչ արձակելով, ուրվականը ոտքի ելավ, կռացավ ու հնաոճ նրբագեղությամբ համբուրեց աղջկա ձեռքը: Նրա մատները սառույցի պես սառն էին, իսկ շուրթերն այրում էին կրակի նման, բայց Վիրջինիան տեղի չտվեց և շարունակեց գնալ կիսամութ դահլիճով: Խունացած կանաչ գորգերի վրա պատկերված փոքրիկ որսորդները փչում էին իրենց շեփորներն ու ձեռքով անում, որպեսզի նա ետ դառնա: «Վերադարձիր, փոքրիկ Վիրջինիա, վերադարձիր», - կանչում էին նրանք, սակայն ոգին ավելի ու ավելի ուժեղ էր սեղմում նրա ձեռքը, ու աղջիկը փակեց աչքերը: Բուխարու վրա քանդակված մողեսների պոչերով, դուրս պրծած աչքերով զարհուրելի հրեշները աչքով էին անում ու շշնջում. «Զգուշացիր, փոքրիկ Վիրջինիա, զգուշացիր: Չէ՞ որ մենք կարող ենք քեզ այլևս չտեսնել»: Բայց ոգին ավելի ավելի արագ էր առաջ սահում, և Վիրջինիան նրանց չէր լսում:
Դահլիճի ծայրը հասնելով, ուրվականը կանգ առավ և մի քանի անհասկանալի բառեր արտասանեց: Աղջիկն աչքերը բացեց ու տեսավ, որ պատը հալչում է մշուշի նման և խոր, սև անդունդ է բացվում: Հետո սառը քամի բարձրացավ, և մեկը ձգեց աղջկա շրջազգեստը:
- Շո՛ւտ, շո՛ւտ, - գոչեց ոգին, - այլապես շատ ուշ կլինի: Մի վայրկյան անց միջնապատը փակվեց նրանց ետևից, և դահլիճը դատարկվեց:
6
Տասը րոպե անց հնչեց թեյի զանգը և, քանի որ Վիրջինիան չիջավ ներքև, միսիս Օթիսը ծառայապետին ուղարկեց նրա ետևից: Քիչ անց նա վերադարձավ ու ասաց, որ աղջիկը չկա: Եվ որովհետև Վիրջինիան սովորություն ուներ երեկոյան կողմ պարտեզ գնալ ճաշասեղանի համար ծաղիկներ քաղելու, միսիս Օթիսը սկզբում բոլորովին չհուզվեց, բայց երբ ժամը վեցը դարձավ Վիրջինիան այդպես էլ չհայտնվեց, նա իսկապես անհանգստացավ և եղբայրներին ուղարկեց իրենց քրոջը փնտրելու, իսկ մինչ այդ միստր Օթիսի հետ տակնուվրա արեց բոլոր սենյակները: Կես ժամ անց տղաները վերադարձան և հայտնեցին, որ Վիրջինիայի հետքն անգամ չեն գտել: Այժմ արդեն բոլորն էլ հուզված էին և չգիտեին, թե ինչ անեն, երբ միստր Օթիսը հանկարծ հիշեց, որ ինքը գնչուների մի թափառախմբի թույլ է տվել ճամբար խփել իր կալվածքում: Նա ավագ որդու և երկու ծառաների հետ միասին իսկույն ուղևորվեց Քլեքվիլի մարգագետին, ուր, ինչպես ասում էին, կանգ էր առել թափառախումբը: Փոքրիկ դուքսը, որ չափազանց հուզված էր, շատ խնդրեց, որ իրեն էլ տանեն, բայց միստր Օթիսն արգելեց, քանի որ վախենում էր, թե տուրուդմփոց կլինի: Գնչուներն արդեն մեկնել էին և, ինչպես երևում էր, շատ հապճեպ՝ ամանեղենը ցաքուցրիվ թափված էր խոտերի վրա, իսկ կրակը դեռևս բոցկլտում էր: Վաշինգտոնին և երկու ծառաներին ուղարկելով շրջակայքը` հետախուզելու, միստր Օթիսը տուն դարձավ և հեռագրեց կոմսության բոլոր ոստիկանական տեսուչներին, խնդրելով փնտրել գնչուների կամ թափառաշրջիկների կողմից առևանգված փոքրիկ աղջկան: Հետո հրամայեց ձին բերել, և կնոջն ու տղաներին ստիպելով ճաշի նստել, ծառայի հետ ճանապարհ ընկավ Ասկոտ: Բայց նրանք երկու մղոն էլ չէին անցել, երբ սմբակների դոփյուն լսեցին իրենց ետևում: Շրջվելով, միստր Օթիսը տեսավ, որ իրենց հետապնդողը փոքրիկ դուքսն է, իր պոնին հեծած, առանց գլխարկի ու կարմրատակած:
- Ներեցեք, միստր Օթիս, - հևալով ասաց տղան, - սակայն ես անկարող եմ ճաշել, քանի դեռ Վիրջինիան չկա: Մի զայրացեք, խնդրեմ, բայց եթե անցյալ տարի դուք համաձայնեիք մեր նշանդրեքին, ապա այս ամենը հիմա տեղի չէր ունենա: Դուք ինձ ետ չեք ուղարկի, այնպես չէ՞: Ես չեմ կարող և չեմ վերադառնա տուն:
Նայելով այդ գեղեցիկ, երիտասարդ թոկից փախածի վրա, դեսպանորդն անկարող էր զսպել ժպիտը: Նրան խորապես հուզեց տղայի նվիրվածությունը և, ձիու վրայից կռանալով, միստր Օթիսը թփթփացրեց տղայի ուսին:
- Դե լավ, Սեսիլ, - ասաց նա, - եթե դու մտադիր չես վերադառնալ, ուրեմն արի միասին գնանք, պայմանով, որ Ասկոտում ես մի գլխարկ կգնեմ քեզ համար:
- Ինձ գլխարկ հարկավոր չէ: Ինձ Վիրջինիան է հարկավոր, - ծիծաղեց փոքրիկ դուքսն ու նրանք միասին սլացան դեպի երկաթուղային կայարանը:
- Միստր Օթիսը կայարանի պետին հարցրեց, թե նա կառամատույցում չի՞ տեսել արդյոք Վիրջինիայի նման մի աղջկա, սակայն պատասխանն անորոշ էր: Բայց և այնպես նա հեռագրեց ամբողջ գծով մեկ և հավատացրեց միստր Օթիսին, որ բոլոր միջոցները ձեռք կառնվեն որոնումների համար: Փոքրիկ դքսի համար գլխարկ գնելով կրպակից, որի դուռն արդեն կողպում էր տերը, դեսպանորդը քշեց կայարանից չորս մղոն հեռավորության վրա գտնվող Բաքսիլ գյուղը: Նա լսել էր, որ այնտեղ մեծ արոտավայր՛ կա, ուր հաճախ հավաքվում են գնչուները: Բաքսիլում նրանք արթնացրին գյուղական ոստիկանին, բայց այդպես էլ որևէ արդյունքի չհասան և մարգագետնի միջով ճանապարհվեցին տուն: Տասնմեկի մոտ էր, երբ նրանք հասան ամրոց՝ հոգնած, ջարդված ու համարյա հուսահատ: Ամրոցի դարպասներից ոչ հեռու նրանց էին սպասում Վաշինգտոնն երկվորյակները՝ լապտերները ձեռքներին, որովհետև ծառուղիները թաղված էին մթության մեջ: Նրանք ասացին, որ Վիրջինիայից ոչ մի լուր չկա՝ գնչուներին տեսել էին Բրոքլեի մարգագետնի մոտ, բայց աղջիկը նրանց հետ չէր եղել: Իրենց անակնկալ մեկնումը գնչուները բացատրել էին նրանով, որ խառնել էին Չորթոնյան տոնավաճառի օրն ու վախեցել ուշանալուց: Իհարկե, գնչուներին էլ անհանգստացրել էր աղջկա անհետացումը, և նրանցից չորսը մնացել էին օգնելու որոնումներին. նրանք երախտապարտ էին միստր Օթիսին, որ թույլ էր տվել ճամբար խփել սեփական կալվածքում: Փնտրել էին ծածաններով հայտնի լճակում, նայել ամրոցի բոլոր ծակուծուկերը, սակայն ապարդյուն: Պարզ էր, որ, համենայն դեպս, այդ գիշեր, նրանք Վիրջինիային չէին տեսնի: Միստր Օթիսն ու տղաները տուն գնացին խորապես ընկճված: Ծառան նրանց ետևից տարավ երկու ձիերը և պոնին: Դահլիճում նրանք հանդիպեցին մի խումբ վախեցած ծառաների, իսկ գրադարանում, բազմոցի վրա, պառկած էր միսիս Օթիսը՝ սարսափից ու հուզմունքից համարյա խելակորույս. ծեր տնտեսուհին օդեկոլոն էր քսում նրա ճակատին:
Միստր Օթիսը համոզեց կնոջը մի կտոր բան ուտել, և հրամայեց ընթրիքը մատուցել: Ընթրիքն անցավ շատ տխուր, որովհետև բոլորը լուռ էին: Նույնիսկ երկվորյակներն էին լուռ ու ճնշված ՝ նրանք շատ էին սիրում իրենց քրոջը։
Ընթրիքից հետո միստր Օթիսը, հակառակ փոքրիկ դքսի բոլոր թախանձանքներին, բոլորին ուղարկեց քնելու, հայտարարելով, թե գիշերը, միևնույն է, ոչինչ հնարավոր չէ անել, իսկ առավոտյան ինքը հեռագրով շտապ մի քանի խուզարկուներ կհրավիրի Սքոթլանդ Յարդից: Աշտարակի վրայի ժամացույցը ազդարարեց կեսգիշերը և բոլորն արդեն դուրս էին գալիս ճաշասենյակից, երբ վերջին հարվածի հետ միաժամանակ հանկարծ ինչ-որ ճարճատյուն լսվեց ու բարձր ճիչ: Ամպրոպի խլացուցիչ որոտը ցնցեց տունը, օդը լցվեց վերերկրային երաժշտության հնչյուններով, և հենց այդ միջոցին միջնապատի մի կտոր ընկավ վերին աստիճանահարթակի վրա ու պատի միջից դուրս եկավ Վիրջինիան՝ ձեռքին մի տուփ, իսկ ինքը քաթանի պես գունատ:
Բոլորն իսկույն նետվեցին աղջկա կողմը։ Միսիս Օթիսն ամուր գրկեց դստերը, փոքրիկ դուքսը կրքոտ համբույրներ տեղաց, իսկ երկվորյակները ռազմատենչ վայրի պար բռնեցին նրանց շուրջը:
- Աստված իմ, ո՞ւր էիր կորել, - բարկացած հարցրեց միստր Օթիսը, կարծելով, թե աղջիկը չար կատակ է խաղացել։ Սեսիլի հետ միասին մենք Անգլիայի կեսը ոտքի տակ տվեցինք, իսկ մայրդ քիչ էր մնում վախից մեռներ: Այլևս երբեք նման կատակներ չանես:
- Ուրվականի հետ կարելի է, ուրվականի հետ կարելի է, - ճչում էին երկվորյակները խելագարի պես ցատկոտելով:
- Սիրելիս, հարազատս, փառք աստծո, գտնվեցիր, դու այլևս չպետք է հեռանաս կողքիցս, - մրմնջում էր միսիս Օթիսն համբուրում դողացող երեխային, հարդարում նրա խռնված ոսկեհուռ վարսերը:
- Հայրիկ, - ասաց Վիրջինիան հանգիստ, - ես ուրվականի հետ էի: Նա մեռավ, և դու պետք է տեսնես նրան: Նա շատ էր չար, բայց ցավում էր, որ այդպիսին է եղել ու ինձ թանկարժեք իրերով լի մի գեղեցիկ տուփ նվիրեց:
Ամբողջ ընտանիքը համր զարմանքով աղջկան էր նայում, բայց նա լուրջ էր ու անվրդով: Եվ միջնապատում բացված անցքի միջով բոլորին առաջնորդեց դեպի գաղտնի նեղ միջանցքը: Վաշինգտոնը, սեղանից վերցրած վառվող մոմը ձեռքին, գնաց բոլորի ետևից: Վերջապես նրանք հասան ժանգոտ մեխերով պատված մի հսկայական կաղնե դռան: Վիրջինիայի ձեռքի հպումը բավական էր, որ դուռը իսկույն բացվի կրնկի վրա, և նրանք հայտնվեցին վանդակապատ լուսամուտ և ցածր առաստաղ ունեցող փոքրիկ կամարակապ մի սենյակում:
Պատին ամրացված հսկայական երկաթե օղին շղթայված էր մի հակակրելի կմախք, որ ամբողջ հասակով մեկ ձգվել էր քարե հատակին: Թվում էր, նա իր երկար, չորուկ մատներով ջանում էր բռնել հնօրյա մեծ ափսեն ու սափորը, բայց անկարող էր ձեռքը դրանց հասցնել: Ակներև էր, որ սափորում ժամանակին ջուր է եղել, քանի որ ներսից բորբոսով էր պատված: Իսկ ափսեում մի կույտ փոշուց բացի ուրիշ ոչինչ չկար: Վիրջինիան ծնկի իջավ կմախքի կողքին և, փոքրիկ ձեռքերը միացնելով, սկսեց ցածրաձայն աղոթել, մինչ մյուսներին ` պատկերացավ սարսափելի մի ողբերգություն, որի գաղտնիքն այժմ բացահայտված էր:
- Տեսեք, - հանկարծ բացականչեց երկվորյակներից մեկը, որ լուսամուտից դուրս էր նայում՝ պարզելու համար, թե սենյակը տան որ թևում է գտնվում: - Տեսեք, չորացած նշենին ծաղկել է: Լուսնի լույսով պարզ երևում էին ծաղիկները:
- Աստված ներեց նրան, - լրջորեն ասաց Վիրջինիան ոտքի ելնելով, և նրա դեմքն ասես ճառագեց գեղեցիկ լույսով:
- Դուք հրեշտակ եք, - գոչեց երիտասարդ դուքսն ու գրկեց համբուրեց աղջկան:
7
Այս զարմանալի միջադեպերից չորս օր անց, գիշերվա ժամը տասնմեկին մոտ, Քենթրվիլների ամրոցից հուղարկավորության թափոր ծայր առավ: Ութ սև ձի էր լծված դիակառքին և նրանցից յուրաքանչյուրի գլխին ջայլամի մի-մի շքեղ փետուր էր օրորվում. արճիճե դագաղը ծածկող ծիրանու վրա ոսկեթել ասեղնագործված էր Քենթրվիլների զինանշանը: Ծառաները, բոցավառ ջահերը ձեռք ներին, քայլում էին կառքի երկու կողմից: Թափորը խիստ ազդեցիկ էր: Հանգուցյալի ամենամոտ ազգական լորդ Քենթրվիլը, որ հատկապես ժամանել էր Ուելսից հուղարկավորությանը մասնակցելու համար, փոքրիկ Վիրջինիայի հետ միասին գնում էր առաջին կառքով: Նրանց հետևում էին՝ Միացյալ Նահանգների դեսպանորդն ու նրա կինը, հետո գալիս էին Վաշինգտոնն ու երեք տղաները: Վերջին կառքը միսիս Էմնին էր զբաղեցնում: Բոլորը գիտակցում էին, որ հիսուն տարուց ավելի երկյուղ կրելով ուրվականից, այդ կինը իրավունք էր վաստակել մի վերջին ճանապարհ դնել նրան: Գերեզմանոցի ծայրում, ճիշտ թզենու տակ, խոր փոս էր փորված, և հայր Օգաստուս Դեմփիրը տպավորիչ ժամերգություն կարդաց: Արարողությունն ավարտվելուն պես, Քենթրվիլների ընտանիքին հատուկ սովորությամբ, ծառաները հանգցրին ջահերը, իսկ երբ դագաղը գերեզման իջեցրին, Վիրջինիան մոտ եկավ և նշենու սպիտակ ու վարդագույն ծաղիկներից միահյուսված մի մեծ խաչ տնկեց: Այդ պահին ամպի ետևից կամացուկ դուրս սահեց Լուսինը և իր արծաթով ողողեց փոքրիկ գերեզմանոցը, իսկ հեռավոր պուրակից լսվեց սոխակի դայլայլը: Վիրջինիան վերհիշեց ուրվականի նկարագրած Մահվան Պուրակը, նրա աչքերը լցվեցին արտասուքով, մինչև տուն չխոսեց այլևս:
Հաջորդ առավոտյան, մինչ լորդ Քենթրվիլը կմեկներ Լոնդոն, միստր Օթիսը նրա հետ քննեց` ուրվականի թանկարժեք իրերի հարցը: Դրանք շատ էին գեղեցիկ, մանավանդ հնօրյա Վենետիկյան շրջանակով ռուբինե այն մանյակը, որը XVI դարի իսկապես որ հազվագյուտ աշխատանք էր: Դրանց արժեքն այնքան մեծ էր, որ միստր Օթիսն անկարելի էր համարում թույլ տալ, որ դուստրն ընդունի այդ հարստությունը:
- Միլորդ, - ասաց նա, - ես գիտեմ, որ ձեր երկրում ավագ որդու բացառիկ ժառանգական իրավունքը վերաբերում է այն հողային սեփականությանը, այլև տոհմական թանկարժեք ոչ մի իրերին և ինձ համար միանգամայն պարզ է, որ այդ հարստությունն իրավամբ ձեր տոհմին է պատկանում, համենայն դեպս, պետք է որ պատկանի: Այնպես, որ, խնդրում եմ, այդ իրերը ձեզ հետ տարեք Լոնդոն և համարեք ձեր կարողության մի մասը, որ ձեզ է վերադարձվել փոքր-ինչ տարօրինակ հանգամանքներում: Իսկ ինչ վերաբերում է դստերս, ապա նա դեռ բոլորովին երեխա է և, փառք աստծո, քիչ է հրապուրվում ամեն տեսակ թանկարժեք իրերով: Բացի այդ, միսիս Օթիսը, որ, պետք է ասեմ, օրիորդ ժամանակ մի քանի ձմեռ անց է կացրել Բոստոնում և լավ է հասկանում արվեստից, հայտնեց ինձ, որ այդ քարերը կլորիկ դրամագլուխ արժեն: Այնպես, որ, ինչպես դուք էլ հասկանում եք, չեք կարող համաձայնել, որ դրանք իմ ընտանիքում մնան: Եվ, ընդհանրապես, այդ բոլոր անիմաստ խաղալիքները, որ այնքան անհրաժեշտ են բրիտանական ազնվականության արժանապատվությունը բարձր պահելու համար, բոլորովին ավելորդ են նրանց համար, ովքեր դաստիարակված են խստաբարո, ես կասեի՝ հանրապետական պարզության անսասան սկզբունքներով: Թերևս պետք է խոստովանեմ, որ Վիրջինիան շատ կուզենար պահպանել այդ տուփն ի հիշատակ ձեր դժբախտ մոլորյալ նախնու, եթե իհարկե թույլ տաք: Դուք, գուցե չմերժեք նրա խնդիրքը, քանի որ տուփը շատ է հին և անհնար է վերանորոգել: Ճիշտն ասած, ինձ զարմացնում է դստերս արտասովոր հետաքրքրասիրությունը միջնադարի հանդեպ: Դրա միակ բացատրությունը թերևս այն է, որ Վիրջինիան ծնվել է Լոնդոնի արվարձաններից մեկում, երբ միսիս Օթիսը վերադառնում էր Աթենք կատարած ճամփորդությունից:
Լորդ Քենթրվիլն ամենայն լրջությամբ էր լսում պատվարժան դեսպանորդին, մերթընդմերթ միայն սպիտակ բեղի ծայրը ձգելով, որպեսզի թաքցնի ակամա ժպիտը: Եվ երբ միստր Օթիսն ավարտեց իր խոսքը, նա ջերմորեն սեղմեց ընտանիքի հոր ձեռքը:
- Թանկագին սըր, - ասաց լորդ Քենթրվիլը, - ձեր չնաշխարհիկ դուստրն այնքան բան է արել իմ տարաբախտ նախնու՝ սըր Սայմընի համար, որ ես, ինչպես և իմ բոլոր ազգականները, մեծապես երախտապարտ ենք նրան հազվագյուտ քաջության և անձնազոհության համար: Թանկարժեք իրերը պատկանում են միայն ու միայն Վիրջինիային, և եթե ես այնքան քարսիրտ լինեի, որ վերցնեի դրանք աղջկանից, ապա երկու շաբաթ էլ չանցած մեղավոր ոգին դուրս կգար գերեզմանից և կթունավորեր իմ մնացյալ կյանքը: Իսկ ինչ վերաբերում է ավագ որդու բացառիկ ժառանգական իրավունքին, ապա դրա մեջ մտնում են միայն այն իրերը, որոնք նշված են կտակի կամ որևէ այլ իրավական փաստաթղթի մեջ, այնինչ թանկարժեք քարերի մասին ոչ մի տեղ և ոչ մի խոսք ասված չէ: Հավատացեք, այդ հարստությունը ժառանգելու իմ իրավունքն ավելին չէ, քան ձեր ծառայապետինը, իսկ երբ Վիրջինիան հասակ առնի, հուսով եմ, հաճույքով կկրի զարդերը: Բացի այդ, դուք մոռանում եք, միստր Օթիս, որ ամրոցը, կահույքն ու ուրվականը գնել եք միաժամանակ, հետևապես այն ամենը, ինչ պատկանել է ուրվականին, այժմ ձերն է: Ճիշտ է, սըր Սայմընը գիշերները հաճախ է երևացել միջանցքներում, սակայն իրավաբանորեն համարվել է մեռած, և դուք նրա ունեցվածքը ժառանգել եք ամենայն իրավամբ:
Միստր Օթիսին շատ վշտացրեց լորդ Քենթրվիլի մերժումը և նա խնդրեց նորից մի լավ միտք անել այդ հարցի շուրջ, բայց բարեհոգի պերը մնաց անդրդվելի և, ի վերջո, համոզեց դեսպանորդին զարդերը թողնել յուր դստերը:
Երբ 1890 թվականի գարնանը Չեշիրի երիտասարդ դքսուհուն իր ամուսնության առիթով ներկայացրին թագուհուն, նրա զարդերը համընդհանուր հիացմունքի առարկա էին: Եվ Վիրջինիան դքսուհու թագ ստացավ, մի բան, որ բոլոր երիտասարդ լավ ամերիկուհիների պարգևն է. նա ամուսնացավ իր երկրպագուի հետ, հենց որ փեսացուն չափահաս դարձավ: Երկուսն էլ այնքան հմայիչ էին ու այնքան էին սիրում միմյանց, որ ամենքը հրճվում էին նայելով այդ զույգին, բացի պառավ մարկիզուհի Դամբլտոնից, որ ցանկանում էր երիտասարդ դուքսին կնության տալ տանը մնացած իր յոթը դուստրերից մեկին և այդ նպատակով ամենաքիչը երեք մեծածախս ճաշկերույթ էր կազմակերպել: Որքան էլ տարօրինակ թվա, ինքը՝ միստր Օթիսն էլ, համաձայն չէր ամուսնությանը։ Ու թեև շատ էր սիրում երիտասարդ դուքսին, բայց տեսականորեն դեմ էր ամեն տեսակ տիտղոսների և, իր ասելով, «վախենում էր, թե միայն հաճույքներով ապրող ազնվականությունը կարող էր քայքայել հանրապետական պարզ ապրելակերպի անսասան սկզբունքները»: Սակայն նրա բոլոր փաստարկները շուտով հօդս ցնդեցին և, երբ նա իր դստերն առաջնորդում էր դեպի Հաննովերյան հրապարակում գտնվող սուրբ Գևորգ եկեղեցու զոհասեղանը, համայն Անգլիայում ավելի հպարտ մարդ չկար:
Մեղրամսից հետո դուքսն ու դքսուհին եղան Քենթրվիլների ամրոցում, իսկ հաջորդ օրն այցելեցին սոճուտի մոտ գտնվող լքված գերեզմանոցը: Երկար ժամանակ նրանք չգիտեին, թե ինչ գրեն սըր Սայմընի գերեզմանաքարի վրա: Ի վերջո որոշեցին փորագրել նրա անվան սկզբնատառերը և գրադարանի պատուհանին գրված ոտանավորը: Դքսուհին գերեզմանին սփռեց իր հետ բերած գեղեցիկ վարդերը, և նրանք մի քիչ էլ կանգնելուց հետո մտան մոտակա կիսավեր մատուռը: Դքսուհին նստեց մի տապալված սյան վրա, իսկ ամուսինը, տեղավորվելով կնոջ ոտքերի մոտ, ծխում էր ու նայում նրա գեղեցիկ աչքերին: Հանկարծ դուքսը դեն նետեց սիգարետը, բռնեց կնոջ ձեռքն ու ասաց.
- Վիրջինիա, կինը չպետք է գաղտնիքներ ունենա ամուսնուց։
- Թանկագին Սեսիլ, ես ոչ մի գաղտնիք չունեմ քեզանից:
- Ոչ, ունես, - պատասխանեց նա ժպտալով, - դու ինձ չես ասել, թե ինչ պատահեց, երբ ուրվականի հետ փակված էիք առանձին:
- Ես դա ոչ ոքի երբևէ չեմ պատմել, Սեսիլ, - ասաց Վիրջինիան մտախոհ:
- Գիտեմ, բայց գոնե ինձ կարող էիր ասել:
- Խնդրում եմ, մի հարցրու, Սեսիլ, ես ոչինչ չեմ կարող ասել: Խեղճ սըր Սայմըն: Ես այնքան եմ պարտական նրան: Այո, Սեսիլ, մի ծիծաղիր, դա իրոք այդպես է: Նա ինձ համար պարզեց, թե որն է Կյանքը, թե ինչ է նշանակում` Մահը և ինչու է Սերն ավելի ուժեղ քան Կյանքն ու Մահը:
Դուքսը ոտքի ելավ ու ջերմագին համբուրեց կնոջը:
- Թող քո գաղտնիքը քեզ մնա այնքան ժամանակ, որքան սիրտդ կպատկանի ինձ, - շշնջաց նա:
- Իմ սիրտը միշտ էլ քոնն է եղել, Սեսիլ:
- Բայց դու մի օր ամեն ինչ կպատմես մեր երեխաներին, այնպես չէ՞:
Վիրջինիան շառագունեց:
1. Երկրորդ ամուսնությամբ (Ֆրանս.):
2. Հնում երբեմն այդպես էին կոչում Ամերիկան (ծ. թ.):
3. Կապույտ արյունը դիտվել է իբրև ազնվական ծագման նշան (ծ. թ.):