ԵՐԵՎԵԼԻ ՀՐԹԻՌԸ

     Թագավորի որդին որոշել էր ամուսնանալ, և այդ առիթով ամենուրեք խնդություն էր տիրում: Մի ամբողջ տարի Արքայազնը սպասել էր իր հարսնացուին, ու նա ժամանել էր վերջապես: Հարսնացուն ռուս Արքայադուստր էր, և ամբողջ ճանապարհը, Ֆինլանդիայից սկսած, անցել էր հյուսիսային վեց եղջերու լծած սահնակով: Այդ սահնակը կարծես մի հսկայական ոսկե կարապ լիներ, որի թևերի միջև բազմել էր ինքը՝ փոքրիկ Արքայադուստրը։ Սպիտակ կզաքիսի երկար պատմուճանը հասնում էր մինչև ոտքերի ծայրը, գլխին դրված էր մի պստիկ գլխարկ՝ արծաթե դիպակից, ու ինքն էլ ճերմակ էր, ինչպես Ձյունե Պալատը, ուր նա ապրել էր մշտապես: Նա այնքան ճերմակ էր, որ երբ անցնում էր փողոցներով, մարդիկ զարմանում էին:
     - Ասես ճերմակ վարդ լինի, - հիանում էին ամենքը և պատշգամբից ծաղիկներ էին նետում նրա վրա:
     Հարսնացուին դիմավորելու համար դղյակի դարպասների առաջ սպասում էր Արքայազնը: Երազուն մանուշակագույն աչքեր ուներ նա և ոսկեհուռ մազեր: Արքայադստերը տեսնելուն պես նա ծնկի իջավ ու համբուրեց ձեռքը:
     - Ձեր նկարն անչափ գեղեցիկ էր,- շշնջաց նա, - բայց դուք գեղեցիկ եք առավել:
     Եվ փոքրիկ Արքայադուստրը շառագունեց:
     - Առաջ նա նման էր ճերմակ վարդի, - ասաց Մանկլավիկը, - իսկ հիմա կարծես ալ վարդ լինի:
     Եվ ողջ արքունիքը համակվեց հրճվանքով:
     Երեք օր շարունակ բոլորն ասում էին.
     - Ճերմակ վարդ, Ալ վարդ, Ալ վարդ, Ճերմակ վարդ:
     Ու Թագավորը հրամայեց, որ Մանկլավիկի աշխատավարձը կրկնապատկեն: Քանի որ Մանկլավիկը ընդհանրապես ոչինչ չէր ստանում՝ դրանից նա ոչ մի օգուտ չքաղեց: Բայց և այնպես, դա մեծ շնորհ էր համարվում ու այդ մասին ժամանակին` գրվեց Պալատական Լրագրում:
     Երեք օր անց հարսանիք եղավ: Դա մի շքեղ հանդես էր. փեսացուն ու հարսնացուն թևանցուկ անցան մարգարիտներով ասեղնագործված բոսորագույն թավշե ամպհովանու տակով: Հարսանեկան խրախճանքը հինգ ժամ տևեց: Արքայազնը և Արքայադուստրը նստած էին Մեծ սրահում՝ սեղանի գլխին ու խմում էին մի չնաշխարհիկ բյուրեղյա գավաթից: Միայն ճշմարիտ սիրահարները կարող էին խմել այդ գավաթից, որովհետև, երբ դրանց կեղծ շուրթեր էին դիպչում, գավաթն իսկույն դառնում էր մուգ և անթափանց:
     - Միանգամայն պարզ է, որ նրանք սիրում են միմյանց, - ասաց փոքրիկ Մանկլավիկը, - դա նույնքան պարզ է, որքան բյուրեղը:
     Ու Թագավորը երկրորդ անգամ կրկնապատկեց նրա աշխատավարձը:
     - Ինչպիսի՜ շնորհ, - հիացան բոլոր պալատականները:
     Խրախճանքից հետո պարահանդես պիտի լիներ: Նորապսակները Վարդ-պարը պիտի պարեին, իսկ Թագավորը խոստացել էր անձամբ սրինգ նվագել: Նա չափազանց վատ էր նվագում, բայց ոչ ոք չէր հանդգնում ասել նրան այդ մասին, որովհետև նա Թագավոր էր: Նա ընդամենը երկու մեղեդի գիտեր և երբեք վստահ չէր, թե դրանցից որ մեկն է նվագում: Բայց դա նշանակություն չուներ, քանի որ ինչ էլ նա աներ, բոլորը բացականչում էին.
     - Սքանչելի՜ է, սքանչելի՜։
     Տոնական ծրագրի վերջում ճոխ հրավառություն պիտի լիներ՝ ճիշտ կեսգիշերին: Փոքրիկ Արքայադուստրը երբևէ հրավառություն չէր տեսել, այդ իսկ պատճառով Թագավորը հրամայել էր Արքայական Հրագետին, որ հարսանիքի ժամանակ անձամբ ղեկավարի հրավառությունը:
     - Հրավառությո՞ւն: Իսկ դա ինչի՞ է նման, - առավոտյան Արքայադուստրը հարցրեց Արքայազնին, երբ նրանք զբոսնում էին ծառուղում:
     - Դա նման է Հյուսիսափայլին, - ասաց Թագավորը, որ միշտ պատասխանում էր ուրիշներին տրված հարցերին: - Միայն թե՝ ավելի բնական: Հրավառությունը նույնքան սքանչելի է, որքան իմ նվագը: Անձամբ ես հրթիռները վեր եմ դասում աստղերից, քանի որ ստույգ գիտեմ, թե դրանք երբ կհայտնվեն: Դուք, անշուշտ, կտեսնեք հրավառությունը:
     Արքունի այգու վերջում մի տախտակամած սարքեցին: Ու հենց որ Արքայական Հրագետը հրթիռները շարեց այնտեղ, նրանք սկսեցին զրուցել:
     - Աշխարհն իսկապես որ հրաշալի է, - ասաց Զավեշտահրթիռը, - ապա մի նայեք այս դեղին կակաչներին: Եթե սրանք նույնիսկ իսկապես հրավառվեին՝ միևնույն է ավելի գեղեցիկ չէին լինի: Ես շատ ուրախ եմ, որ ճամփորդեցի: Դա մեծացնում է մարդուս մտահորիզոնը և ի չիք դարձնում բոլոր նախապաշարմունքները:
     - Արքայական այգով աշխարհս չի վերջանում, անմիտ Զավեշտահրթիռ, - պատասխանեց մեծ Հռոմեական Մոմը։ - Անչափելի ու անեզր է աշխարհը, և ամբողջ երեք օր է հարկավոր արար աշխարհը ծայրեծայր տեսնելու համար:
     - Այն վայրը, որ մարդ սիրում է, հենց աշխարհն է, որ կա, - բացականչեց մտասույզ Հրանիվը, որ մանկութ կապված էր եղևնու մի հին արկղի հետ և մեծապես հպարտանում էր իր կոտրված սրտով, - բայց սերը մեր օրերում այլևս հարգի չէ, բանաստեղծները սպանեցին նրան: Բանաստեղծներն այնքան գրեցին սիրո մասին, որ այժմ արդեն ոչ ոք չի հավատում նրանց, և դա ինձ ամենևին չի զարմացնում: Ճշմարիտ սերը տառապում է անխոս: Հիշում եմ, մի անգամ... Ինչևէ, այժմ դա անցած-գնացած պատմություն է: Երազները պատկանում են անցյալին:
     - Անհեթեթ միտք, - գոչեց Հռոմեական Մոմը: - Երազները երբեք չեն մեռնում: Նրանք նման են Լուսնին և ապրում են հավերժորեն: Նորապսակները, օրինակ, շատ են սիրում միմյանց: Ես այդ իմացա այսօր առավոտյան մի ստվարաթղթե փամփուշտից, որ պատահաբար ընկել էր այն արկղը, ուր ես էի: Նա տեղյակ էր պալատական բոլոր վերջին նորություններին:
     Սակայն Հրանիվը գլուխը թափահարեց.
     - Երազները մեռել են, Երազները մեռել են, Երազները մեռել են, - շշնջում էր նա: Նա այն մարդկանցից էր, որոնց կարծիքով եթե միևնույն բանը շարունակ կրկնես՝ ի վերջո իրականություն կդառնա:
     Հանկարծ մի ականջ ծակող չոր հազ լսվեց, ու բոլորը շրջվեցին:
     Հազում էր բարձրահասակ, գոռոզատես մի հրթիռ, որ ամրացված էր երկար ձողի ծայրին: Երբ նա ցանկանում էր որևէ ճառ ասել, նախապես հազում էր, որ ուշադրություն գրավի:
     - Հը՛մ, հը՛մ, - ասաց նա, և բոլորը լռեցին, բացի խեղճ Հրանիվից, որ շարունակում էր գլուխը ճոճել ու մրմնջալ.
     - Երազները մեռել են:
     - Ուշադրությո՛ւն, ուշադրությո՛ւն, - գոչեց մի Արկ: Նա որոշ չափով քաղաքագետ էր և տեղական ընտրություններին միշտ էլ գործնական մասնակցություն էր ունենում: Այդ պատճառով էլ տիրապետում էր պառլամենտական ձևականություններին:
     - Մեռել են անդառնալիորեն, - շշնջաց Հրանիվն ու քուն մտավ:
     Հենց որ կատարյալ լռություն տիրեց, Հրթիռը մի երրորդ անգամ հազաց ու սկսեց. նա խոսում էր դանդաղ ու հստակ, կարծես իր հուշերն էր թելադրում, և ուսի վրայով նայում էր նրան, ում դիմում էր: Նրա պահվածքն իրոք որ նրբագեղ էր:
     - Ա՛յ թե բանել է Թագավորի որդու բախտը, - նկատեց Հրթիռը, - նա ամուսնանում է հենց այն օրը, երբ ինձ պետք է արձակեն։ Իրոք, եթե նույնիսկ վաղօրոք ամեն ինչ կազմակերպվեր, միևնույն է, ավելի լավ չէր լինի նրա համար. Բայց դե, արքայազնները միշտ էլ հաջողակ են լինում:
     - Հետաքրքիր է, - ասաց Զավեշտահրթիռը, - իսկ ես ճիշտ հակառակ կարծիքի էի՝ ինձ թվում էր մեզ պետք է արձակեն Արքայազնի պատվին:
     - Ձեր խնդիրն այլ է, - պատասխանեց Հրթիռը, - ես վստահ եմ, որ ձեզ հետ հենց այդպես էլ կվարվեն, բայց ես՝ առանձնահատուկ երևույթ եմ: Ես երևելի Հրթիռ եմ, երևելի ծնողների զավակ: Մայրս իր ժամանակի ամենանշանավոր Հրանիվն էր և հռչակ էր վայելում իր գեղանի պարով: Հանդես գալով մեծ հասարակության առաջ՝ նա տասնինը պտույտ գործեց, մինչև որ հանգավ, և իր ամեն մի պտույտն ուղեկցեց յոթական վարդագույն աստղեր արձակելով: Նա երեքուկես ոտնաչափ տրամագիծ ուներ ու պատրաստված էր լավագույն վառոդից: Իսկ հայրս ինձ նման մի Հրթիռ էր, և ֆրանսիական ծագում ուներ: Նա թռավ այնքան բարձր, որ մարդիկ վախենում էին, թե այլևս ցած չի իջնի, բայց նա, այնուամենայնիվ, իջավ, քանի որ բարի էր ի բնե, և իր փայլուն վայրէջքն ավարտեց ոսկեփայլ անձրևի տեսքով: Թերթերը բազմաթիվ գովասանքներով ներկայացրին նրա ելույթը: Իսկ Պալատական Լրագիրը Հրարվեստի հաղթանակը նրան վերագրեց:
     - Ուզում եք ասել Հրագիտությա՞ն, - հարցրեց Բենգալյան Կրակը: - Ես իմ տուփի վրա կարդացել եմ և գիտեմ, որ դա կոչվում է Հրագիտություն:
     - Ես Հրարվե՛ստ ասացի, - պատասխանեց Հրթիռն այնքան խստորեն, որ Բենգալյան Կրակն իրեն նվաստացած զգաց ու սկսեց հոխորտալ փոքրիկ շրխկանների վրա՝ ապացուցելու համար, որ ինքն իրենից ինչ-որ բան է ներկայացնում:
     - Ես ասացի, - շարունակեց Հրթիռը, - ես ասացի... Իսկ ինչի՞ մասին էի խոսում:
     - Դուք խոսում էիք ձեր մասին, - պատասխանեց Հռոմեական Մոմը:
     - Հարկավ: Հիշում եմ, որ շա՛տ հետաքրքիր բաներ էի պատմում քանի դեռ ինձ այսպես կոպտորեն չէին ընդհատել: Ատում եմ կոպտությունն ու տգեղ վարմունքը, որովհետև ես արտակարգ զգայուն եմ: Ես միանգամայն վստահ եմ՝ արար աշխարհում չկա մեկը, որ ինձնից ավելի զգայուն լինի:
     - Ի՞նչ ասել է զգայուն անձ, - հարցրեց Զավեշտահրթիռը Հռոմեական Մոմին:
     - Դա այն անձնավորությունն է, որ կանգնում է ուրիշների ոտքերին, քանի որ ինքը տառապում է կոշտուկներից, - պատասխանեց Հռոմեական Մոմը շշուկով, իսկ Զավեշտահրթիռը քիչ մնաց պայթեր ծիծաղից:
     - Ասա, խնդրեմ, ինչո՞ւ ես ծիծաղում, - հետաքրքրվեց Հրթիռը, - չէ որ ես չեմ ծիծաղում:
     - Ես ծիծաղում եմ, որովհետև երջանիկ եմ, - պատասխանեց Զավեշտահրթիռը:
     - Դրդապատճառը եսամոլական է, - բարկացած ասաց Հրթիռը, - դու այդ ո՞ր իրավունքով ես երջանիկ: Պետք է նաև ուրիշների մասին մտածել: Ավելի ճիշտ, դու պետք է մտածեիր իմ մասին։ Ես մտածում եմ միայն իմ մասին և ուրիշներն էլ հարկ է, որ նույն կերպ վարվեն: Ա՛յ թե ինչն է կոչվում կարեկցանք: Կարեկցանքը մեծագույն առաքինություն է, որով ես առատորեն օժտված եմ: Ասենք, օրինակ, եթե երեկոյան ինձ մի բան պատահի՝ ի՞նչ դժբախտություն կլինի բոլորի համար: Արքայազնը և Արքայադուստրն անասելի կդժբախտանան ու նրանց ամուսնական կյանքն անվերադարձ կթունավորվի, իսկ Թագավորը, վստահ եմ, չի դիմանա այդ հարվածին: Իրավ, երբ ես եմ սկսում խորհել սեփական կարևորությանս մասին, ուղղակի լացս է գալիս:
     - Եթե դուք ցանկանում եք հաճույք պատճառել ուրիշներին, - ասաց Հռոմեական Մոմը, - ուրեմն պետք է զգուշանաք թրջվելուց:
     - Իհարկե, - բացականչեց Բենգալյան Կրակը, որ արդեն լավ տրամադրության մեջ էր, - այդ է պահանջում ողջախոհությունը:
     - Պարզամիտ ողջախոհությունը՝ անշուշտ, - ասաց Հրթիռը զայրագին, - բայց դուք մոռանում եք, որ ես արտակարգ երևելի եմ և անչափ ականավոր: Այո, ամեն ոք կարող է լինել ողջախոհ, եթե միայն զուրկ չէ երևակայությունից: Սակայն ես արտասովոր երևակայության տեր եմ, քանի որ այլ կերպ եմ տեսնում առարկաները, քան նրանք իրոք գոյություն ունեն: Նրանք ինձ պատկերանում են այլ լույսի ներքո, կարծես բոլորովին ուրիշ են: Իսկ ինչ վերաբերում է չոր մնալուն, ապա այստեղ դժվար թե գտնվի մեկը, որ ի վիճակի լինի ըստ արժանվույն գնահատել իմ զգայուն խառնվածքը: Բարեբախտաբար, դա ինձ չի հուզում: Միակ բանը, որ մարդուս ուժ է տալիս, այն գիտակցությունն է, որ մնացյալ բոլորն անսահմանորեն ստոր են իրենից: Ես այդ զգացումը հնարավորին չափ զարգացրել եմ իմ մեջ: Սակայն դուք բոլորդ էլ զուրկ եք սրտից: Դուք այնպես եք ծիծաղում ու հրճվում, ասես Արքայազնն ու Արքայադուստրը ամուսնանալու մտադրություն չեն էլ ունեցել:
     - Իսկ ի՞նչ վատ բան է ծիծաղը, - բացականչեց Հրագունդը, - և ինչո՞ւ պիտի չծիծաղենք: Ի՞նչ կա ավելի ուրախալի, քան այն, որ ես կարող եմ թռչել դեպի վեր ու աստղերին տանել այդ լուրը: Եվ կտեսնեք ինչպես նրանք աչքով կանեն, երբ ես պատմեմ նրանց հարսնացուի գեղեցկության մասին:
     - Օ՜, որպիսի՜ տափակ պատկերացում կյանքի մասին, - գոչեց Հրթիռը, - սակայն ես ձեզնից ուրիշ բան չէի էլ սպասում: Դուք պարզապես դատարկություն եք՝ ուրիշ ոչինչ: Իսկ ի՞նչ կպատահի, եթե, ասենք, Արքայազնը և Արքայադուստրը գնան ապրելու մի գյուղում, ուր խոր գետ է հոսում: Հետո, ասենք, մինուճար զավակ ունենան՝ մի փոքրիկ ոսկեհեր տղա, Արքայազնի պես մանուշակագույն աչքերով, ու օրերից մի օր էլ մանչուկը զբոսնելու գնա իր դայակի հետ, դայակը ննջի մի մեծ շամբուկենու տակ, իսկ փոքրիկ տղան գետն ընկնի ու խեղդվի: Ինչպիսի՜ սոսկալի ողբերգություն: Խե՛ղճ մարդիկ՝ կորցնել մինուճար զավակին: Մտածելն իսկ սոսկալի է: Ես չեմ դիմանա այդ հարվածին:
     - Բայց նրանք իրենց մինուճար զավակին դեռևս չեն կորցրել, - ասաց Հռոմեական Մոմը, - դեռ ոչ մի աղետ էլ չի պատահել:
     - Ես չասացի, թե պատահել է, - պատասխանեց Հրթիռը: - Ասում եմ՝ կարող է պատահել: Եթե նրանք կորցրած լինեին իրենց մինուճար զավակին՝ իմաստ կունենա՞ր խոսել այդ մասին: Ես ատում եմ այն մարդկանց, որ միայն դժբախտությունից հետո են խելքի գալիս: Բայց երբ մտքովս անցնում է, թե նրանք կարող են կորցնել իրենց մինուճար զավակին, բնականաբար, շատ եմ վշտանում:
     - Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, - գոչեց Բենգալյան Կրակը, - դուք, իրոք, իմ տեսած ամենադյուրազգաց էակն եք:
     - Իսկ դու ամենագռեհիկը, որին երբևէ հանդիպել եմ, - ասաց Հրթիռը, - և ի վիճակի չես հասկանալու իմ մտերմիկ զգացմունքները Արքայազնի հանդեպ:
     - Բայց չէ՞ որ դուք նրան չեք էլ ճանաչում, - մրթմրթաց Հռոմեական Մոմը:
     - Ինչ է, ասացի թե ճանաչո՞ւմ եմ, - առարկեց Հրթիռը։ Պետք է խոստովանեմ, որ եթե ճանաչեի անգամ՝ երբեք ընկերություն չէի անի հետը։ Ի՞նչ կա ավելի վտանգավոր, քան երբ ճանաչում ես ընկերոջդ:
     - Ավելի լավ է դուք զգուշանաք թրջվելուց, - ասաց Հրագունդը, - դա է կարևորը:
     - Քեզ համար, անկասկած, ավելի կարևոր բան չկա, - պատասխանեց Հրթիռը, - իսկ ես լաց եմ լինում, երբ քեֆս տալիս է:
     Ու նա, իսկապես, սկսեց աղի արտասուք թափել, և արցունքները, անձրևի կաթիլների պես գլորվեցին ցցի վրայով ու քիչ մնաց երկու փոքրիկ բզեզ խեղդեին, որոնք ուզում էին մի բույն սարքել և չոր ու հարմար տեղ էին որոնում:
     - Ըստ երևույթին, նա իսկապես ռոմանտիկ բնավորություն ունի, եթե հեկեկում է առանց պատճառի, - ասաց Հրանիվը:
     Եվ նա խոր հոգոց հանեց՝ մտածելով եղևնուց սարքած իր արկղի մասին:
     Սակայն Հռոմեական Մոմն ու Բենգալյան Կրակը շատ էին զայրացել և անընդհատ բարձրաձայն կրկնում էին. «Դատարկ բան է, դատարկ բան է»: Նրանք չափազանց գործնական էին և միշտ, երբ ինչ-որ բան նրանց սրտովը չէր լինում, ասում էին՝ դատարկ բան է:
     Հենց այդ պահին հայտնվեց Լուսինը՝ նման հրաշալի արծաթե վահանի, մեկը մյուսի ետևից վառվեցին աստղերը, և պալատից երաժշտության ձայներ լսվեցին:
     Պարերը վարում էին Արքայազնը և Արքայադուստրը: Նրանք պարում էին այնքան գեղանի, որ ճերմակ բարձրահասակ շուշանները բարձրանում էին ոտների ծայրերին ու ներս նայում լուսամուտից, իսկ կարմիր խոշոր կակաչները շարժում էին գլուխներն ու չափ տալիս:
     Հետո ժամացույցը զարկեց տասը, ապա տասնմեկ անգամ, իսկ երբ ժամը տասներկուսն եղավ, ճիշտ կեսգիշերին, բոլորը դուրս եկան սանդղափուլ, և Թագավորը կարգադրեց կանչել Արքայական Հրագետին:
     - Հրավառությունը սկսե՛ք, - հրամայեց Թագավորը: Արքայական Հրագետը խոր գլուխ տվեց և գնաց այգու հեռավոր ծայրը։ Նա վեց օգնական ուներ, որոնցից յուրաքանչյուրը մի-մի ջահ էր տանում փայտի երկար ցցերի վրա, ու դա, իսկապես որ, հոյակապ տեսարան էր:
     «Վը՜զզ, վը՜զզ»՝ սուլեց Հրանիվը, հենց որ սկսեց պտտվել սեփական առանցքի շուրջը:
     «Բո՛ւմ, բո՛ւմ»՝ նրան հետևեց Հռոմեական Մոմը:
     Այնուհետև զավեշտահրթիռները պար բռնեցին այգում, իսկ Բենգալյան Կրակն ամեն ինչ հրակարմիր ներկեց:
     - Բարո՛վ մնաք, - կանչեց Հրագունդն ու վեր սլանալուն պես կապույտ կայծեր շաղ տվեց:
     «Շրա՛խկ, շրա՛խկ»՝ պատասխանեցին շրխկանները, որոնք անսահման ցնծության մեջ էին: Եվ բոլորն էլ մեծ հաջողություն էին վայելում, բացի երևելի Հրթիռից: Նա իր արցունքներից այն պես էր թրջվել, որ ի վիճակի չէր վեր սլանալ: Նրա ամենակարևոր մասը՝ վառոդը, այնքան էր խոնավացել, որ այլևս ոչ մի բանի պիտանի չէր: Հրթիռի բոլոր խեղճ ազգականները, որոնց նա մի խոսքի անգամ չէր արժանացնի, բացի արհամարհական ժպիտից, վեր սլացան հրաշագեղ ոսկեկոկոն ծաղիկների պես:
     - Ուռա՜, ուռա՜, - գոչեցին պալատականները, իսկ փոքրիկ Արքայադուստրը հաճույքից քրքջաց:
     - Հավանաբար ինձ պահում են ավելի ճոխ մի հանդեսի համար, - մտածեց Հրթիռն ու առավել ինքնահավան տեսք ընդունեց:
     Հաջորդ օրը ծառաները եկան կարգի բերելու այգին:
     - Սա, ըստ երևույթին, պատգամավորություն է, - ասաց Հրթիռը: - Ես նրանց կընդունեմ պատշաճ արժանապատվությամբ:
     Եվ նա քիթը վեր տնկեց ու դեմքը խոժոռեց, ասես մտածում էր հույժ կարևոր բանի մասին: Բայց ծառաները նույնիսկ չնկատեցին նրան և հենց այն է պիտի հեռանային, երբ Հրթիռը նրանցից մեկի աչքովն ընկավ:
     - Պա՛հ, սա ինչ փչացած հրթիռ է, - բացականչեց նա ու Հրթիռը նետեց ցանկապատի հակառակ կողմը:
     - Փչացած հրթի՞ռ, փչացած հրթի՞ռ, - ասաց նա ցանկապատի վրայով թռչելիս։ - Անկարելի է։ Հրաշալի հրթիռ, ահա թե ինչ էր ուզում ասել նա: Փչացած և հրաշալի՝ համարյա նույն կերպ են հնչում, իսկ հաճախ էլ միևնույն իմաստն ունեն:
     Ու նա ընկավ տիղմի մեջ:
     Այնքան էլ հաճելի տեղ չէ, - նկատեց Հրթիռը, - բայց կասկած լինել չի կարող, որ սա նորաձև լողարան է և ինձ այստեղ են ուղարկել կազդուրվելու համար: Եվ իսկապես, ջղերս այնքան են քայքայվել, որ ես հանգստի կարիք ունեմ:
     Հենց այդ խոսքի վրա, ջրի տակից նրա առջև կանաչ բծավոր բաճկոն հագած մի փոքրիկ Գորտ հայտնվեց՝ փայլուն, գոհար աչքերով։
     - Օ՜, ո՞ւմ եմ տեսնում, դուք նորե՞կ եք, - հարցրեց Գորտը։ - Դե, իհարկե, աշխարհիս ամենալավ բանը ցեխն է: Տվեք ինձ մի փոս ու անձրև, և ես երջանիկ կլինեմ: Ի՞նչ եք կարծում, այսօր երեկոյան անձրև կգա՞: Ես լիահույս եմ, որ կգա, բայց երկինքը միանգամայն կապույտ է, անամպ:
     - Հը՛մ, հը՛մ, - արտասանեց Հրթիռն ու սկսեց հազալ:
     - Ի՜նչ ախորժալուր ձայն ունեք, - բացականչեց Գորտը, - կարծեք կռկռոց լինի, իսկ կռկռոցը, անշուշտ, աշխարհիս ամենաերաժշտական հնչյունն է: Դուք այսօր կունկնդրեք մեր բազմաձայն երգչախմբի ելույթը: Մենք նստում ենք ագարակատիրոջ տան մոտ գտնվող բադերի լճակում ու Լուսնի հայտնվելուն պես սկսում կռկռալ: Դա այնքան սքանչելի է հնչում, որ ոչ ոք չի կարողանում քուն մտնել՝ բոլորը մեզ են լսում: Օրինակ, հենց երեկ ես լսեցի, թե ինչպես էր ագարակատիրոջ կինն իր մորը պատմում, որ ամբողջ գիշեր աչքը չի կպցրել մեր պատճառով: Անչափ հաճելի էր լսել, թե ինչ մեծ ժողովրդականություն ենք վայելում:
     - Հը՛մ, հը՛մ, - զայրագին հազաց Հրթիռը: - Նա շատ վշտացած էր, որ իրեն խոսելու հերթ չեն տալիս:
     - Իրո՛ք, ի՜նչ հիասքանչ ձայն, - շարունակեց Գորտը, - հուսով եմ, այս երեկո դուք նույնպես կայցելեք բադերի լճակը: Իսկ այժմ ես գնում եմ աղջիկներիս որոնելու: Ես վեց գեղանի դուստր ունեմ և վախենում եմ, որ նրանք հանդիպեն Գայլաձկանը: Դե, ցտեսություն: Մեր զրույցն ինձ մեծ հաճույք պատճառեց, հավատացնում եմ ձեզ:
     - Զրո՞ւյցը, ինչպե՞ս չէ, - ասաց Հրթիռը։ - Դու շարունակ խոսում էիր ինքդ քեզ հետ, և դա կոչում ես զրո՞ւյց:
     - Երկուսից գոնե մեկը պետք է լսի, - պատասխանեց Գորտը: - Ես սիրում եմ զրույցն ամբողջ ժամանակ ինքս վարել: Դա խնայում է ժամանակը և կանխում վիճաբանությունը:
     - Իսկ ես սիրում եմ վիճել, - ասաց Հրթիռը:
     - Հուսով եմ, դուք կատակում եք, - նկատեց Գորտը քաղաքավարի: - Վեճերը միշտ էլ չափազանց գռեհիկ են, քանի որ լավ հասարակության մեջ ամենքն էլ միևնույն կարծիքին են լինում: Կրկին անգամ ցտեսություն: Հեռվում ես տեսնում եմ դստրիկներիս:
     Եվ փոքրիկ Գորտը լողալով հեռացավ:
     - Դու վերին աստիճանի անտանելի անձնավորություն ես, - ասաց Հրթիռը, - և չափազանց անկիրթ: Ես ատում եմ բոլոր նրանց, ովքեր շարունակ միայն իրենց մասին են խոսում, ինչպես դու, և թույլ չեն տալիս, որ ուրիշներն էլ իրենց մասին խոսեն, ինչպես ես: Ես դա կոչում եմ եսասիրություն, իսկ եսասիրությունը չափազանց արգահատելի երևույթ է, մանավանդ ինձ պես կարեկից մեկի համար: Չէ որ իմ կարեկից խառնվածքը բոլորին է հայտնի: Ճիշտն ասած, դու պետք է ինձնից օրինակ վերցնես: Դրա համար ավելի լավ նմուշ դու երբեք չես գտնի: Եվ քանի որ այժմ առիթը հայտնվել է, ավելի լավ է ձեռքիցդ բաց չթողնես, որովհետև շատ շուտով ես պետք է պալատ վերադառնամ: Արքունիքում ինձ շատ են սիրում: Երեկ, օրինակ, Արքայազնը և Արքայադուստրը ամուսնացան իմ պատվին: Իհարկե, նման բաներից դու գաղափար չունես, քանի որ գավառացի ես:
     - Անիմաստ է Գորտի հետ խոսելը, - ասաց մի ճպուռ, որ նստած էր դարչնագույն եղեգի ծայրին, - միանգամայն անիմաստ, որովհետև նա վաղուց թողել հեռացել է:
     - Ավելի վատ իր համար, - պատասխանեց Հրթիռը, - ես մտադիր չեմ լռել միայն այն պատճառով, որ նա ինձ վրա ուշադրություն չի դարձնում: Ես սիրում եմ ինքս ինձ լսել: Դա ինձ գերագույն հաճույք է պատճառում: Հաճախ, երբ ես զրուցում եմ ինքս ինձ հետ, այնքան խելացի եմ գտնվում, որ երբեմն ոչ մի բառ չեմ հասկանում իմ ասածներից:
     - Ուրեմն դուք պետք է անպայման Փիլիսոփայություն դասավանդեք, - ասաց Ճպուռը և, պարզելով իր զույգ շղարշանման չքնաղ թևերը, երկինք սլացավ:
     - Ի՜նչ հիմարություն արեց, որ չմնաց այստեղ, - ասաց Հրթիռը: - Վստահ եմ, որ նա իր միտքը զարգացնելու նման hնարավորություն այնքան էլ հաճախ չի ունենում: Ինչևէ, դա ինձ բացարձակապես չի հուզում: Ինձ պես հանճարին օրերից մի օր անպատճառ կգնահատեն:
     Ու նա ավելի խոր ընկղմվեց ցեխի մեջ:
     Որոշ ժամանակ անց մի Սպիտակ Բադ լողաց դեպի Հրթիռը: Բադի տոտիկները դեղին էին, թաթիկները՝ թաղանթապատ, ու նա գեղեցկուհու համբավ ուներ իր շորորուն քայլվածքի շնորհիվ:
     - Կվա՜, կվա՜, կվա՜, - ասաց նա, - ինչ տարօրինակ տեսք ունեք դուք: Ասացեք, խնդրեմ, դուք հենց այդպե՞ս եք ծնվել, թե դա դժբախտ պատահարի հետևանք է:
     - Իսկույն երևում է, որ դու ամբողջ կյանքդ գավառում ես անցկացրել, - պատասխանեց Հրթիռը, - այլապես կիմանայիր, թե ով եմ ես: Ինչևիցե, ես ներում եմ քո տգիտությունը: Անարդար կլիներ հուսալ, որ բոլորն ինձ պես երևելի լինեն: Դու երևի կապշես, եթե իմանաս, որ ես կարող եմ երկինք թռչել ու վայրէջք կատարել ոսկեշող անձրևի տեսքով:
     - Դա ինձ այնքան էլ չի զբաղեցնում, - ասաց Բադը, - քանի որ դրանից ոչ մի օգուտ չկա: Այ, եթե դու կարողանայիր եզան պես հերկել դաշտերը, ձիու պես սայլ քաշել կամ էլ շան նման ոչխարի հոտը հսկել, ուրիշ բան:
     - Հարգելիս, - գոչեց Հրթիռն ինքնագոհ, - ես տեսնում եմ, որ դու ստորին խավերից ես: Իմ դասին պատկանող անձինք երբեք օգտակար չեն լինում: Մենք կիրթ շարժուձև ունենք, իսկ դա լիուլի բավական է: Արտադրության և ոչ մի ճյուղ իմ սրտովը չէ, առավել ևս նրանք, որ դու ինձ առաջարկում ես: Եվ, իհարկե, ես մշտապես այն կարծիքին եմ, որ ծանր աշխատանքը պարզապես փրկություն է անգործների համար:
     - Դե լա՛վ, լա՛վ, - ասաց Բադը, որ բոլորովին տրամադիր չէր կռվելու: - Նախասիրությունները կարող են տարբեր լինել: Այսպես թե այնպես, ես ուրախ կլինեմ, եթե դուք այստեղ մշտական բնակություն հաստատեք:
     - Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում, - գոչեց Հրթիռը: - Ես այստեղ լոկ հյուր եմ՝ երևելի հյուր: Ճիշտն ասած, այս վայրը չափազանց տաղտկալի է: Այստեղ ոչ հասարակություն կա, ոչ էլ առանձնություն կարելի է գտնել: Հավանական է, ես պալատ վերադառնամ, որովհետև գիտեք՝ ինձ վիճակված է ցնցել աշխարհը:
     - Մի ժամանակ ես էլ մտադիր էի մուտք գործել հասարակական կյանք, - ասաց Բադը։ - Կան բազմաթիվ բաներ, որոնք կարոտ են բարեփոխման: Ոչ այնքան վաղուց ես նույնիսկ նախագահում էի մի ժողովում, և մենք կայացրինք որոշումներ, որոնցում քննադատում էինք այն ամենը, ինչ մեզ դուր չէր գալիս: Բայց դրանից ոչինչ դուրս չեկավ: Ահա ինչու ես դարձել եմ ավելի տնակյաց և իմ ընտանեկան կարիքներն եմ հոգում:
     - Իսկ ես ստեղծված եմ հասարակական կյանքի համար, - ասաց Հրթիռը, - ինչպես և իմ բոլոր ազգականները, մինչև իսկ ամենանվաստները: Որտեղ էլ հայտնվենք՝ ուշադրության կենտրոնը մենք ենք: Ես դեռևս ելույթ չեմ ունեցել, բայց երբ դա տեղի ունենա՝ հոյակապ կլինի: Ինչ վերաբերում է տնակյաց լինելուն, ապա դա միայն ծերացնում է մարդուս և զրկում նրա միտքը վեհ գաղափարներից:
     - Ա՜խ, վեհ գաղափարների՞ց, որքա՜ն գեղեցիկ են դրանք, - ասաց Բադը: - Դա ինձ հիշեցրեց, թե որքան քաղցած եմ:
     Եվ Բադը լողալով հեռացավ, ասելով. «Կվա՜, կվա՜, կվա՜»: Այդ ո՞ւր, ո՞ւր ես գնում, - ճչաց Հրթիռը: - Ես դեռ շատ բան ունեմ քեզ ասելու:
     Բայց Բադը ոչ մի ուշադրություն չդարձրեց նրա վրա: Շատ ուրախ եմ, որ նա ինձ մենակ թողեց, - ասաց Հրթիռն ինքն-իրեն, - իսկույն երևաց, որ քաղքենի է:
     Եվ նա մի փոքր էլ խրվելով ցեխի մեջ, սկսեց խորհել հանճարի միայնության մասին: Այդ ժամանակ երկու փոքրիկ տղաներ հայտնվեցին, ճերմակ գոգնոցներ կապած: Նրանց ձեռքներին մի խռիվ փայտ կար ու մի թեյաման:
     - Սա, ամենայն հավանականությամբ. պատգամավորությունն է, - ասաց Հրթիռն ու ջանաց հանդիսավոր կերպարանք ընդունել:
     - Տե՛ս, - գոչեց տղաներից մեկը, - այնտեղ մի կեղտոտ փայտ կա: Որտեղի՞ց է այստեղ հայտնվել:
     Եվ նա Հրթիռը հանեց տիղմի միջից:
     - Կեղտոտ փայտ, - ասաց Հրթիռը, - անկարելի է: Ոսկե փայտ, ա՛յ թե ինչ էր ուզում ասել նա: Դե ինչ, շատ հաճելի է լսել՝ ոսկե փայտ: Երևի նա ինձ շփոթում է արքունական որևէ ազնվազարմ անձի հետ:
     - Արի կրակը գցենք, - ասաց մյուս տղան: - Որքան շատ լինի փայտը, ջուրն այնքան շուտ կեռա։
     Ու նրանք փայտերն իրար վրա դարսեցին, իսկ ամենավերևը դրեցին Հրթիռն և կրակը վառեցին:
     - Ուղղակի հրաշալի է, - գոչեց Հրթիռը, - նրանք ինձ օրը ցերեկով են ուզում արձակել, որպեսզի բոլորը տեսնեն:
     - Իսկ հիմա գնանք մի փոքր ննջենք, - ասացին տղաները, – երբ արթնանանք ջուրն արդեն եռացած կլինի:
     Նրանք պառկեցին խոտերի վրա ու քուն մտան:
     Հրթիռը շատ էր թրջված, ուստի երկար ժամանակ չէր կարողանում բռնկվել։ Ի վերջո բռնկվեց:
     - Հիմա ես վեր կսլանամ, - գոչեց Հրթիռը, ձգվեց ու ուղղվեց։ - Ես գիտեմ, ես կթռչեմ աստղերից էլ վեր՝ լուսնից էլ՝ արևից էլ վեր: Այսինքն, այնքան վեր, որ...
     «Փը՜շշ, փը՜շշ, փը՜շշ», ու նա ուղիղ երկինք սլացավ:
     - Հոյակապ է, - ճչաց Հրթիռը, - ես այսպես կթռչեմ հավերժորեն: Պատկերացնում եմ, թե ինչպես են բոլորը հիանում ինձնով:
     Սակայն ոչ ոք նրան չէր նկատում:
     Քիչ անց, նրա ամբողջ մարմինը տարօրինակ կերպով խուտուտ եկավ:
     - Իսկ այժմ ես կպայթեմ, - գոչեց նա, - ամբողջ երկիրը կրակի կմատնեմ ու մի ամբողջ տարի բոլորը միայն իմ մասին կխոսեն:
     Ու նա իսկապես պայթեց՝ բո՛ւմ, բո՛ւմ, բո՛ւմ՝ վառոդը բռնկվել էր: Դա կասկածից վեր էր:
     Բայց ոչ ոք չլսեց նրան, նույնիսկ տղաները, որովհետև խոր քուն էին մտել:
     Հետո Հրթիռից մնաց միայն մի փայտի կտոր, այն էլ ընկավ Սագի մեջքին, որ ջրից դուրս էր եկել մի քիչ զբոսնելու:
     - Աստվա՜ծ իմ, - բացականչեց Սագը, - ինչպես երևում է փայտե անձրև է սկսվում:
     Եվ նա նորից ջուրը նետվեց:
     - Ասում էի, չէ՞, որ բոլորին կշշմեցնեմ, - շշնջաց Հրթիռն ու հանգավ: