Ծովը...
Ծովն էր, ես էի
Ու մենությունը իմ հազարամյա,
Ծովը խոհուն էր,
Ես՝ մտամոլոր…
Ու ալիքներից հառնում են ահա
Պատկերները հին…
Իսկ ժամանակը…
Իսկ ժամանակը ասես դեր չունի.
Ժպտում է ահա դարերի խորքից
Թաիս անունով մի աթենուհի,
Այդ նա՞ է խաղում ալիքների հետ,
Թե՞ ալիքներն են գուրգուրում նրան…
Ծովը այս ինչքա՜ն տեսիլքներ ունի…
Ինչ-որ տեղ, հեռվում, մշուշապատված
Ուրվագծվում է Աստղիկ դիցուհին.
-Սիրո, տարփանքի, ջրերի աստված,
Ծո՞վը արթնացրեց պատկերը քո հին,
Թե՞ մենությունը իմ մտամոլոր…
Ծղրտաց հանկարծ ընկնող մի որոր…
Որո՞ր էք ասում…
Իսկ գուցե ճչաց հանճարեղ Սաֆո՞ն…
Նա՝ ով որոշեց իր սերը խեղդել
Ալիքներում բիրտ…
Մի աստղ ցոլաց ջրերում անսիրտ…
Ծովն էր, ես էի
Ու մենությունը իմ հազարամյա…
Ծո՛վ, ինձ էլ գերիր
Ու մենությունն իմ
Վերցրու, լվա...