Սիրտ իմ

     Սի՛րտ իմ, խաղաղվի՛ր,
     Գարունն անցել է,
     Օրը վաղուց է աշունքացել,
     Ջրերի վրա խոնարհված ուռին
     Խո՜ւլ հառաչել է ու չորացել:

     Սի՛րտ իմ, հասկացի՛ր,
     Պահը տրվել է,
     Թաքուն եկել է կողքով անցել,
     Գինովցած շուրթին ինչ-որ մեկի
     Բառը ծնվել է ու քարացել։

     Հավատա՛, սի՛րտ իմ,
     Ցուրտ է ձմեռը,
     Բայց ծոցում գարուն ունի պահած,
     Իսկ երկունքի մեջ մութ գիշերը
     Պիտի արարի նոր այգաբաց…