Թաշկինակ Տվեք
Թաշկինա՛կ տվեք՝
Ելնեմ, հավաքեմ դարավոր փոշին
Աշխարհի խղճից:
Թաշկինա՛կ տվեք՝
Հեռացնեմ փառը փուչ արքաների
Աչքերի միջից:
Թաշկինա՛կ տվեք՝
Սուտ աբեղայի ականջը մաքրեմ
Սեփական աղտից:
Թաշկինա՛կ տվեք՝
Կեղծ նվիրյալի բերանը փակեմ,
Ազգս խնայեմ դատարկ խոսքերից:
Թաշկինա՛կ տվեք,
Գրողը տանի...
Թաշկինակն ի՞նչ է, որ այն էլ չունեք:
Օ՜, ժամանակներ...
Օ՜, բարքեր մթին...
Թաշկինակն է՞լ եք աճուրդի հանել...