Պատարագը Սուրբ Խաչ եկեղեցում.
     Վանա լիճ` Աղթամար կղզի

     Կղզին` Աղթամար,
     Սուրբ Խաչ եկեղեցին`
     խեցին բաց մարգարիտ,
     օրորվում է Վանա լճի ճոճքի մեջ`
     ինչպես Աստծու ոգին էր շրջում ջրերի վրա,
     երբ դեռ ոչինչը կար միայն:

     -Քրիստոս Որդի Աստծու,-
     պատարագը`
     Տիրոջ շունչն է բաց խորանից խոսում
     կամարների տակ,
     որմնանկար պատերից ներս միջնադարի.
     ու չխկացնում է առաջ, չխկացնում ետ`
     խնկի բուրվառը քահանան:

     Ափերը բացել աղոթքին`
     քրիստոնյա, մուսուլման ու արևապաշտ,
     մոտիկ Հայաստանից ու Թուրքիայից
     և Իրանից, Լիբանան ու Սիրիայից,
     Արևելքից մերձավոր և հեռավոր Արևմուտքից.
     Աստված մեկն է ու բացարձակ:

     Պատարագն է խոկում, ներբողում,
     որ թույլ են տալիս տարին մեկ անգամ
     թուրքական դրոշների տակ:
     Իսկ հաջորդիվ`
     թանգարան է Սուրբ Խաչը.
     Դռները` բաց, ու... փակ են Տիրոջ առաջ:

     Աստված ներսում է` ճերմակի մեջ,
     դրսում թուրք ժանդարմներ սևազգեստ:
     Տիրոջ մարմինն է նշխար
     լեզվիս վրա`
     Սուրբ հաղորդություն:

     Իսկ ներքևում քաղաքն է Վան`
     արևելյան աղմուկով
     ու մի քիչ փնթի:
     Վաճառում են մրգեր, քաղցր ու չամիչ`
     շարած սայլերին քառանիվ
     հենց փողոցում,
     և հագուստներ` դարսած իրար վրա,
     ու թեյ` սամովարը դրած մայթին:
     Սրճարաններ`
     խորշանման արանքներում շենքերի,
     ու նարգիլե,
     և ռոք ու փոփ` Արևմուտքից:

     Գունագեղ, ազատ ու պորտաբաց`
     էգեր պարզապես,
     և հիջաբ ու փարանջան հագած կանայք`
     երկարափեշ ու սև:

     Թուրք ու քուրդ
     ու քանի՞ ծպտված հայ`
     դավանափոխ ու վախվորած:
     Եվ իջնում է
     նամազը բարձր մինարեթից
     քաղաքի վրա
     խիստ կանոնիկ ու ժամ առ ժամ:

     Հետքերն եմ փնտրում իմ նախնիների
     այս քաղաքը հիմքից սարքած.
     հին, շատ հին,
     երբ խոսում էին սեպագիր լեզու,
     որ լսում եմ անբառ ձայնի մեջ Մհերի դռան`
     ժայռին փորված:

     -Հե~յ, ո՞վ կա,-
     կանչում եմ
     ավերակ Այգեստաններում...
     Լսում են մեռյալները, բայց չեն խոսում: