ԽԵԼԱՑՆՈՐ ԱՇԽԱՐՀ
Վեց լարերի վրա
Խաղացիր դու, աշխա՛րհ,
Վեց դիմակներ հագար՝
Մեկը մեկից շինծու,
Վեցնապատիկ անգամ
Չքմեղացար՝
Պատրաստ կրակի տալ
Վերջին քո սերմացուն։
Աղոթեցի քո տեղ
Աստվածներին,
Քո փոխարեն ինքս
Եկա մեղա.
Աշխա՛րհ, դու կանգ չառար,
Դու, քո ձեռքին գերի,
Ձյուն մաղեցիր անգամ
Ավերակաց վրա…
Խելացնո՛ր աշխարհ,
Մի օր ես չեմ լինի,
Մի օր լույս կդառնամ,
Ինչպես խոցված մի հավք,
Իսկ դու, գոնե մեկ-մեկ,
Լույսի կողմը նայիր,
Ուշքի՛ արի, աշխա՛րհ,
Ինձ հայրենիք ես պարտք։