ԿԱՊՈՒՅՏ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ

     Գյուղացիները Ծառզարդարին Ծառծաթար էին ասում, իսկ Խունկիանոս քահանան չկար, որ ուղղեր, և հարսնացու աղջիկներն էլ Ծառծաթար ասելով շարունակում էին փաթուսխա կտորից թաշկինակներ ասեղնագործել, որ Ծառզարդարին երգ ու պարով իրենց տեսության եկած փեսացուների տան պստիկներին նվիրեն, որ սրանք հպարտ-հպարտ քթերը սրբեն ու ասեն՝ «Հարս-քուրիկն է նվիրել», իսկ այրի իրիցկինը Ծառզարդարի օրը մտնում էր մարագն ու աչք-ականջից հեռու ողբում անհայտությունում մնացած տեր հորը, ալրահամ գոգնոցով սրբում ջրակալած քիթ-բերանն ու գունդուկծիկ ընկնում մարագի հողե հատակին:
     Այդ օրը լույսը նոր էր բացվել, և տեր Խունկիանոս քահանային տանելու երեք հոգով էին եկել, գեղականներին հավաքել եկեղեցու բակում, քահանային ծունկի իջեցրել, մորուքը մասսայական խուզե՜լ, և ստիպել էին որ յոթ անգամ՝ բոլորին լսելի կրկնի. «Աստված չկա», հետո եկեղեցու դուռը կողպել, բանալին դրել գրպաններն ու գնացե՜լ էին, իրիցկինը վազել տուն, մարագի դռան սողնակը ներսից գցել, ամրությունը ստուգել և սկեսրայրի՝ Տեր Եղիշե քահանայի՝ Էրզրումից, գաղթին շալակով բերած ձեռագիր Նարեկն ու նկարազարդ Աստվածաշունչը չէր մոմապատել ու հողին պահ տվել: ՉԷՐ վստահել: Մարագի մի անկյունում կրակ արե՜լ, կրակին էր տվել և բոցկլտացող խարույկի դեմը նստել ու երկինք ձգվող և կես ճամփին մարող ամեն մի բոցի հետ երեսը խաչակնքել, մեղա էր եկել, իսկ Էրգրից բերած զանգը եկեղեցու գմբեթից իջեցրել, տարել էին դպրոց, և հիմա տարիներով, թե դարերով ժողովրդին պատարագի կանչող զանգի ղողանջները գյուղի դպրոցում դասերի սկիզբն ու ավարտն էին ավետում, իսկ հարկադրաբար Աստծուց ու Եկեղեցուց հրաժարված ու անարգված Խունկիանոս քահանան մարդկանցից խուսափել երկնամերձ սարերում ծաղկաբույր հովիկների, տավարի կոշտ շրթունքներով պռճոկվող կանաչ խոտի կռթոցից և ծաղիկ-ծաղկաստանի հովվերգական հմայքից արբեցած ավելուկի թփերի մեջ, մեջքի վրա աչքը իրար վազանցող ամպերին բարձրաձայն գոհություն էր հայտնել Աստծուն, որ եկեղեցու զանգը չէին տարել փամփուշտ ձուլելու, և քամին, թե մոտակայքում արածող կովերից մեկը հասցրել էր իր տիրոջը, տերն էլ իր տիրոջը, և հայրենիքի ռազմական հզորությանը հակա և ժողովրդի ուղեղը կրոնի հաշիշով ախտահարելու մեղադրանքով, այլ հակաների ու միջազգային ահաբեկիչների հետ մի ոտքի տեղով, հայտնվել է Սիբիր գնացող վագոնում, իսկ իրիցկինը ամեն առավոտ նայել եկեղեցու զանգազուրկ գմբեթին վախվորած մի քանի անգամ խաչակնքվել, Երկնավորից մեղքերի թողություն խնդրել, մտել մարագը, խոնարհվել խարույկի այրված հողին և բարձրաձայն ու արցունքառատ լաց էր եղել, իսկ կարգալույծ քահանա Խունկիանոս Ափոյանի, Տիրոջից օգնություն հայցող աղոթքները խճճվել էին աքսորավայրը երիզող փշալարերում, և հոգևոր ու մարմնական տառապանքից հյուծված, ու, աքսորականների գերեզմանատանը ավելացել էր ևս մի անանուն շիրմաթումբ, և անձրևն ու ձյունը ծեծել, հյուսիսային քամիները լիզել, անանուն շիրմաթումբը հավասարեցրել էին հողին, իսկ գյուղը շարունակում էր արթնանալ նախրապան տիրացու Վասակի «Հե՜յ-հե՜յ տավարը քշեք նախրքաշ» հրահանգով և հարսնացու աղջիկներն էլ Ծաղկազարդին Ծառծաթար ասելով շարունակել են նվեր թաշկինակների չորս անկյուններում կապույտ անմոռուկներ ասեղնագործել:

2024 Հուլիս