ԱՇԽԱՐՀԻ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ
Ժամանակով մարդու մեկը լավ-վատ ապրել է այս աշխարհում և մի օր էլ մեռել, գնացել է մյուս աշխարհը։
Հրեշտակները մյուս աշխարհում դրել են արդար կշեռքի վրա նրա բարի և չար գործերը, հաշվել են նրա բարի ու չար մտքերը, - և տեսել են, որ նրա բարի գործերը շատ
առավել են նրա չար գործերից, որ նրա բարի մտքերը շատ առավել են նրա չար մտքերից։
Եվ աստված արդար է հռչակել նրան և արժանացրել է երանության դրախտին։
Արդար մարդը սրբերի հետ շրջում է դրախտում, ուտում է շատ համեղ և չքնաղ պտուղները, խմում է անմահական աղբյուրներից, բայց բնավ համ չի առնում։ Մեր աշխարհի դառնությամբ լցված է լինում նրա բերանը։
Սրբերը նրա համար ընտրում են ամենաքաղցր պտուղները. բայց նորից չի անցնում նրա բերանի դառնությունը։
- Այնքան դառն էր աշխարհը, որ ... - ասում է նա, - այնքան դառն էր, որ...
Գթառատ սրբերը իրենց նոր ընկերին մատուցում են աստծու՝ իրեն, վայելած պտուղները, որ ամենից քաղցրահամերն են, ամենից սքանչելիները։
Սակայն մինչև հիմա լուր չունենք, թե անցա՞վ նրա քիմքի դառնությունը, որ տվել էր նրան մարդկային աշխարհը։