ՄԵԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

     Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում։ Այդ հարուստը որոշում է մի մեծ շենք կառուցել։ Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վարձում ձեռնարկի համար։ Ինքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողից հետո միայն, գնում է հանգստանալու։
     Վարպետ ու բանվոր, յուրաքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանում է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվում է, թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատ կարճ - հազիվ լուսացած՝ կեսօր է դառնում, բանվորների ճաշվա հանգստաժամը, և հանկարծ եկեղեցու երեկոյի զանգերը հնչում են, արևն շտապ մայրամուտ է գլորվում։
     Սարսափելի է. գրեթե դեռ գործ չտեսած հասնում է օրավարձի դառն վայրկյանը։ Ի՞նչ է նշանակում այս։ Մի՜թե իր դեմ դավադրություն կա կազմած։ Չէ՞ որ եկեղեցին, կարծես, դիտմամբ, առավոտյան այնպես ուշ է զանգերը տալիս, իսկ երեկոյան այնպես կանուխ, չափազանց կանուխ։ Բայց արևը՞ - արևն անկաշառ է անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ այնպես շտապ կտրում է իր երկար ուղին՝ արևելքից արևմուտք։ Եվ սրտնեղում է հարուստ մարդը, խիստ հրամաններ է արձակում, որ եռանդուն աշխատեն, արագաշարժ լինեն, չդանդաղեն, չծուլանան։ Բարկանում - զայրանում է աջ ու ձախ ամեն բանվորի վրա, սպառնամ է զրկել օրավարձից, սպառնամ է հանել գործից։
     Անշեղ կատարվում է հրամանը, բայց կրկին նրա աչքին գործը թույլ է առաջանում, շենքը դանդաղ է աճում, մինչդեռ երեկոն իսկույն վրա է հասնում - և նա դժկամությամբ բանում է քսակի բերանը և սրտի ցավով վճարում է յուրաքանչյուրի օրավարձը՝ համարելով իր ձեռնարկն անմիտ գործ, ծախսված փողը՝ ջուրն ընկած։

***

     Եղավ, որ տարիներ հետո, թշնամին խուժեց այդ քաղաքը, ուր ապրում էր մեծահարուստ մարդը։
    Ավարի տվեց թշնամին նրա գույքը, կողոպտեց քաղաքացիներին մինչև վերջին թելը, ավերեց և հրդեհեց ամբողջ քաղաքը, բնակիչներից շատերին կոտորեց, շատերին գերի տարավ, ոմանք էլ փախան՝ հազիվ ազատված սրից ու հրից։
    Հին հարուստը՝ հիմա կողոպտված ու աղքատ, գնաց մի ուրիշ երկիր, շեն ու խաղաղ մի օտար քաղաք։
    Ընտանիքի օրվա հացը վաստակելու համար ստիպված եղավ մի մեծ շենքի կառուցման վրա բանելու։
    Արևի հետ ելնում էր աշխատանքի և արևի մայր մտնելու հետ, բանթող, գնամ էր հանգստանալու։ Բայց ինչքա՞ն, ինչքա՜ն երկար է օրը - ծանր, ծա՜նր, դժվարին։ Քարացել է ժամանակը և չի շարժվում։ Այդ ե՞րբ էր, որ լույսը ծագեց, շատ վաղուց էր այդ, բայց տակավին կեսօր չկա, իսկ արևն իր բոլոր կրակը թափում է նրա կռնակի վրա։ Ինչքա՜ն, ինչքա՜ն հոգնած է, քաղցած, ծարավ, ծնկները ծալվում են տակը, այնինչ օրը դեռ չի թեքվել, իսկ շենքն ի՞նչ շուտ է աճում, աճում է ժամեժամ։
    Ե՞րբ պիտի եկեղեցու երեկոյան զանգերը հնչեն, որ օրավարձն ստանա ու չարչարված ոտներին հանգստություն տա։
    Մի՞թե իր դեմ դավադրություն կա կազմած, որ եկեղեցու առավոտյան զանգերը այսպես կանուխ տան և այսպես ուշ ավետեն երեկոյի ժամը։ Բայց արևը՞ - արդեն անկաշառ է, անշուշտ, սակայն ինչո՞ւ նա էլ կրիայի պես հազիվ է տեղից շարժվում, ե՞րբ պիտի կտրի-անցնի նա այդ անվերջանալի ուղին - արևելքից արևմուտք։
    Եվ երբ մի օր ուժասպառ և հոգնած ընկավ գետին և երբ լսեց իր գլխի վերև կանգնած անսիրտ գործատիրոջ հայհոյանքն ու զայրույթը, – այն ժամանակ միայն տեսավ հրամայողների և վայելողների անխիղճ և գոռոզ հոգին, և աշխատավորների ու տանջվողների դառնագին վիճակը։ Այն ժամանակ միայն հասկացավ և զգաց արյան բոլոր կաթիլներով՝ կյանքի մեծ ճշմարտությունը՝ տերերի կողմից երբեք չհասկացված, հարուստների կողմից երբեք չզգացված։

1981, Երևան