ՃԳՆԱԺԱՄ

     Քաղաքի փողոցները լուսավորված չէին: Էներգետիկ ճգնաժամ էր: Տղայի դեմքի մկանները ջղաձիգ էին, շնչառությունն՝ անհամաչափ։ Փողոցը մութ էր։ Վեհերոտ մոտեցավ, հարցրեց.
     - Ծխախոտ չունե՞ք։
     Ես գրպանումս շոշափեցի, ձեռքիս մեջ ամուր սեղմեցի ծխախոտի տուփը, ասացի. «Ծխող չեմ»։ Տղայի դեմքի մկաններն անկանոն թրթռացին: Տամուկ աչքերում բիբերը լայնացան: Հուսահատ շրջվեց ու ճոճվելով հեռացավ: Փողոցը մութ էր ու զառիվեր: Փողոցի սկզբնամասում, մեզանից մոտ քսան քայլ ներքև ծխախոտի կրպակ կար` մինչև առաստաղը շարված ծխախոտի գույնզգույն տուփերով։ Շուրջբոլորը սփռված էր ծխախոտի գրգռիչ բուրմունքը։ Տղան ծխախոտ չուներ։ Ռունգերը լայնացել էին ծխելու անհագ ցանկությունից։ Տղան անպայման պիտի ծխեր։ Ես շրջվեցի ու վազեցի դեպի մութը, որին ձուլվել էր տղան: Պտտվեցի շենքի չորս կողմը, մտա շքամուտքը, վազքով բարձրացա մինչև վերին հարկն ու հևալով իջա ներքև, սանդղահարթակներում: ոչ ոք չկար: Ուժասպառ վազքով անցա շենքի բակն ու մտա զբոսայգին։ Սկսեցի տենդորեն շոշափել չլուսավորված նստարաններն ու գոռալ. «Հե՛յ»։ Վախից ու հուզմունքից սփրթնած վերադարձա մութ փողոցն ու սկսեցի ակնդետ զննել անցորդներին: Նրանք տարակուսած ու վախվորած խուսանավում էին։ Տղան չկար: Մութը կլանել էր տղային: Թիկունքից ծոծրակս շամփրում էր ինչ-որ մեկի հայացքը: Շրջվեցի ետ թիկունքս ամա էր։ Հայացքը դարձյալ շամփրում էր թիկունքից: Սկսեցի անընդհատ շրջվել աջ-ձախ, ետ-առաջ, ու միշտ թիկունքից շամփրում էր շիկացած հայացքը: Մի քանի անգամ դիպա հանգած լապտերով էլեկտրասյանը։ Հևասպառ ու գլխահակ նստեցի մայթին, ծխախոտ վառեցի։
     Հինգհարկանի շենքի տանիքին անկասկած տղան էր, կանգնել կտուրի պռնկին ու ճոճվում էր: Կանչեցի. «Է հեյ, տղա, իջիր, ես արդեն սկսել եմ ծխել»: Տանիքի եզրին տղան անէացած ու անտարբեր ճոճվում էր:
     Մինչև առաստաղը գույնզգույն տուփերով լցված ծխախոտի կրպակի վանդակավոր կողերից վանդակավոր թևեր էին դուրս եկել, ու ծխախոտի կրպակը թևաբախում էր հեռուստատեսային ալեհավաքներից վեր, քաղաքի վրա, շոշափում, շենքի կտուրին ճոճվող տղային ու ճախրում բարձր։ Օդում, համատարած մթան մեջ, կայծոռիկների նման փայլփլում էին գույնզգույն տուփերը: Ես խռպոտված ձայնով ճչում էի. «Է հեյ, տղա, ես արդեն ծխում եմ»։ Անցորդները զարմացած նայում էին ինձ, շենքի տանիքին, էլեկտրասյան տակ թերմացք լպստող շանը, ապա քիթ-բերանները ծռմռելով ու գլուխները տարակուսած թափահարելով` շարունակում գայթելով բարձրանալ և իջնել մութ ու զառիվեր փողոցով։ Ծխախոտի կրպակի վանդակազարդ կողերը պոկվել կրպակից, բաց երախներով սուրում էին դեպի տղան։ Հինգհարկանի շենքի կտուրը, զառիվեր փողոցն ու համայն քաղաքն ամայի էին։ Չորս կողմը ոչ ոք չկար: Խավար անորոշության մեջ դեմ հանդիման էինք մնացել ես ու էլեկտրասյան տակ թերմացք լպստող շունը:

1993